Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը լայնածավալ ընտրախախտումների հիմնավոր փաստեր չէր ներկայացրել ՍԴ

քաղաքականՆախագահական ընտրություններից մեկ ամիս է արդեն անցել, սակայն կրքերը դեռևս չեն հանդարտվում: Նախագահի նախկին թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլի է նստել: Մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը  ՍԴ էին դիմել` վիճարկելով ԿԸՀ փետրվարի 25-ի որոշումը ՀՀ նախագահ ընտրվելու մասին:

Հովհաննիսյանը ՍԴ-ից պահանջում էր կա՛մ իրեն ճանաչել ընտրված նախագահ, կա՛մ էլ անվավեր ճանաչել փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները:

ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» որոշումը: Պատճառաբանությունների թվում նշվում էր, որ ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուները ՍԴ  բավարար ապացույցներ չեն ներկայացրել, անգամ կարծիք հնչեց, որ ներկայացված փաստերը  ՍԴ մակարդակով քննելու ենթակա չեն:

«Իմ տպավորությունն այն էր, որ այդ դիմումները փաստերից զուրկ էին և կառուցված զուտ գնահատականների, էմոցիաների և ինչ-որ մեջբերումների հիման վրա: Ես չտեսա փաստարկված ապացույցներ առ  այն, որ տեղի են ունեցել այնպիսի գործընթացներ, որոնք կարող էին ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Դատարանի անդամների հարցուպատասխանի արդյունքում էլ էր դա ակնհայտ: Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր ներկայացուցիչները 16- էջանոց դիմում են ներկայացրել, որտեղ մեծ մասը զուտ գնահատականներ են, մի մեծ հատված մեջբերումներ են այս կամ այն փաստաթղթից և միայն վերջին մի քանի էջում է, որ ինչ-որ փաստեր են ներկայացված: Սակայն դրանք այն փաստերը չեն, որ կարող են դատարանի համար հիմք հանդիսանալ վճիռ կայացելու հօգուտ դիմումատուների»,- «Առավոտի» հետ զրույցում դատական գործընթացը մեկնաբանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

ՍԴ եզրակացությունից տեղեկանում ենք, որ Հովհաննիսյանը ՍԴ է ներկայացրել 16- էջանոց դիմում` կից 24 նյութերով` մամուլի հրապարակումներ, տեսագրություններ, լուսանկարներ և այլ նյութեր:

Առաջին հինգ էջերում  ներկայացված  են  ընտրախախտումների վերաբերյալ վերլուծական դիտարկումներ: Երկրորդ մասում՝   3,5 էջերի շրջանակներում,  մեջբերումներ  են համապատասխան իրավական ակտերից՝ իրավական առումով հիմնավորելով դիմումը:

Հաջորդ 6 էջերում շարադրված են այն փաստարկները, որոնք ներկայացված են  եղել ՀՀ վարչական դատարան, և վերջինիս կողմից քննվելուց հետո հայցը ճանաչվել է անհիմն ու մերժման ենթակա:

«Դիմումին կից ներկայացված նյութերի 40 տոկոսը տարբեր ընտրական հանձնաժողովների որոշումներ են, 18 տոկոսը ընտրական հանձնաժողովներին հասցեագրված դիմումներ են, շուրջ 24 տոկոսը համացանցային տարբեր կայքերից վերցված տեղեկատվություն է, շուրջ 7 տոկոսն ընտրությունների ընթացքի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների զեկույցներ են, մնացած 11 տոկոսը` տարաբնույթ այլ նյութեր»,- ասված է ՍԴ եզրակացությունում:

Անդրիաս Ղուկասյանն էլ իր 7 էջանոց դիմումում ներկայացրել է ընտրությունների իր վերլուծությունները և դիտարկումները: Նա  չի  ներկայացրել առանձին ընտրատեղամասերի արդյունքների վիճարկման պահանջ, ոչ էլ որևէ փաստ կոնկրետ  տեղամասի արդյունքների ոչ հավաստի լինելու մասին:

Գուցե վերոնշյալ  հանգամանքը ևս ապացուցում է այն վարկածը, որ Հովհաննիսյանի համար քվեների նման քանակությունն անակնկալ է եղել, և նա իր թիմով պատրաստ չի եղել հետագա գործողություններին:

Ինչևէ, պարբերաբար ներկա ընտրությունները համեմատվում են մինչ այս եղած նախագահական ընտրությունների, հատկապես` 1996-ի հետ:

«Անկախը» ևս կփորձի համեմատության եզր անցկացնել հետընտրական գործընթացների, մասնավորապես ՍԴ ներկայացված դիմումների առումով:

Այսպես, 1996-ի հոկտեմբերի 25-ին Վազգեն Մանուկյանը, որ ըստ պաշտոնական տվյալների ստացել էր քվեների 41 տոկոսը,  դիմում ներկայացրեց ՍԴ` պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ որոշումը: Դիմումին կից Մանուկյանը ՍԴ էր ներկայացրել  նաև պահանջը հիմնավորող փաստաթղթեր. 85 թերթից բաղկացած հավելվածներ,  վստահված անձանց և հանձնաժողովների անդամների կողմից կազմված արձանագրություններն ու բողոքները և ընտրողների գանգատներն ու ահազանգերը` 243 թերթից, իրեղեն ապացույցներ:

Անքննելի է, որ դիմումին կից հարյուրավոր էջերով  ընտրախախտումների արձանագրությունները 24-ի հետ անհամեմատելի են:

Հավելվածներում ընտրախախտումները խմբագրված են ըստ ոլորտների և ամեն վերնագրի տակ ներկայացված են մի քանի տասնյակ ընտրատեղամասերում արձանագրված խախտումներ` կետ առ կետ:

Ընտրախախտումների մի քանի հարյուր- էջանոց ժողովածուից ներկայացնում ենք պատահականորեն ընտրված մի քանիսը .

Գյումրիի թիվ 37 դպրոցում հանձնաժողովի նախագահին ստիպել են և 216 քվեաթերթիկ լցնել քվեատուփի մեջ:

Գեղարքունիքի մարզի 45/1, 45/4, 45/6 տեղամասերում Վ. Մանուկյանի ձայները նվազեցվել են մոտ 1500-ով, իսկ Լ. Տեր–Պետրոսյանի օգտին տված ձայներն ավելացրել են 2500-ով:

Կոտայքի մարզի Կոտայք գյուղի  23/1 տեղամասում ընտրություններին չմասնակցած  մոտ 500 ընտրողների փոխարեն  ստորագրել են հանձնաժողովի անդամները: Ընդ որում, լրացվել են անձնագրերի սխալ համարներ:

Վայքի 3/1 տեղամասում ամփոփիչ արձանագրության տվյալները, ըստ որոնց Վ. Մանուկյանը ստացել է 918 ձայն, իսկ Լ. Տեր Պետրոսյանը` 671, կեղծվել են ու կազմված նոր արձանագրությամբ Վ. Մանուկյանի օգտին քվեարկած ձայները փոխվել են 500-ի, իսկ Լ. Տեր Պետրոսյանինը` 1164-ի:

Արմավիրի 1/9 տեղամասում ընտրությանը մասնակցել է մոտ 650 ընտրող, սակայն քվեատուփում հայտնաբերվել է 1050 քվեաթերթիկ: Ընդ որում, հայտնաբերվել են միասին ծալված Լ. Տեր Պետրոսյանի  օգտին բազմաթիվ քվեաթերթիկներ:

Արմավիրի մարզի թիվ 8 տեղամասում  քվեաթերթիկ ստացել է 1243 ընտրող, սակայն քվեատուփում առկա է եղել 1368-ը:

Երևանի 8/13 տեղամասում 22.09.96 թ. 10 րոպեով լույսն անջատվել է, իսկ քվեատուփի մոտ կանգնած ԱԺՄ–ի ներկայացուցչին բռնությամբ քվեատուփից հեռացրել են և քվեատուփը մթության մեջ մնացել է առանց հսկողության:

Մարալիկի 3/2 տեղամասում ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսան Ավետիսյանը և նրա եղբայր Գ. Ավետիսյանը, որոնք անօրինական կերպով ընտրության ամբողջ օրը գտնվել են ընտրական տեղամասում, ահաբեկել և ծեծել են Վ. Մանուկյանի վստահված անձ Աստղիկ Ներսիսյանին և Ս. Բադալյանի վստահված անձ Ազատ Բրուտյանին, որոնք փորձել են կանխել կեղծ քվեաթերթիկներ լցնելը քվեատուփ:

Գեղարքունիքի մարզի Սևանի 45/1, 45/2, 45/4, 45/6 տեղամասերում վստահված անձանց ստիպողաբար հեռացրել են տեղամասերից:

Օրինակ` Գյումրիի 1/7 տեղամասում լրացուցիչ ցուցակում քվեարկությանը մասնակցած 130 քաղաքացիների անունները եղել են նաև հիմնական ցուցակում:

Երևանի 8/21 տեղամասում ընտրողների ցուցակը համընդհանուր ծանոթացման չի ներկայացվել նույնիսկ ընտրության օրը:

Երևանի 4/4 տեղամասում քվեարկել են 4/8 և 4/5  տեղամասերի ցուցակներում ընդգրկված զինվորները:

Աղավնաձոր 6/1 տեղամասում 121 զինվոր ապօրինի է քվեարկել:

Դիմումին կից  փաստաթղթերում երեք մարզերի՝ Արմավիրի, Արագածոտնի և Արարատի օրինակով ցույց են տրված ԿԸՀ հրապարակած վերջնական տվյալների և  ընտրական հանձնաժողովների կազմած տվյալների թվային անհամապատասխանությունները: Բոլոր դեպքերում պաշտոնական տվյալներում  Վ. Մանուկյանի քվեները գրեթե կիսով չափ պակասեցված են, Լևոն Տեր Պետրոսյանինը` նույնքան ավելացված:

Օրինակ՝ Արմավիրի մարզում Մանուկյանի վստահված անձանց կողմից վերահսկվող 103 տեղամասերում Մանուկյանը ստացել էր 42940 ձայն` 65,1/30,8 տոկոս հարաբերակցությամբ հաղթելով Տեր-Պետրոսյանին: Սակայն  նշված տվյալներին գումարելով չվերահսկված 25 տեղամասերի արդյունքները` պաշտոնապես հայտարարվել է, որ Մանուկյանը Արմավիրի մարզից  հավաքել է 41386 ձայն:

Ներկայացված էր  նաև վկաների ցանկ, որոնք դատարանում կարող էին  վկայություն տալ խախտումների վերաբերյալ:

Չնայած ծանրակշիռ փաստարկներին` 1996-ին ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը և անգամ մերժվեց պատահականության սկզբունքով երեք ընտրատեղամասում վերահաշվարկ կատարելու պահանջը, երբ հանրությունը ոտքի էր կանգնել:

Հեռուստատեսությամբ էլ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը  հայտարարեց. «Եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոս ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու ու չեն ընդունել»:

Այս անգամ  նման հայտարարություններ չեն եղել, մարդկանց հավաքների ազատության իրավունքն էլ չի սահմանափակվել:

Նշենք, որ այս ընտրություններից հետո սահմանված ժամկետում   ներկայացվել է   ընդամենը 12 դիմում-բողոք, որոնցից, ըստ ԿԸՀ-ի, օրենքի տառին համահունչ կազմված է եղել միայն մեկը:

Հարց է առաջանում, թե ինչու նախագահի աթոռին հավակնող անձն իր համար չէր ստեղծել համապատասխան թիմ, որն ընտրատեղամասերում պատշաճ հսկողություն կիրականացներ և գրագետ դիմում-բողոք կկազմեր՝ ներկայացնելով ընտրախախտումների վերաբերյալ փաստեր: Ի վերջո,  մեր օրերում, տեխնիկայի այս առաջընթացի պայմաններում շատ ավելի հեշտ է արձանագրել տեսած ընտրախախտումը, քան դա հնարավոր էր 1996-ին:

Հ.Գ.

Չնայած երկու թիմերի գործելաոճի և իրավիճակի տարբերությանը, Մարգո Ղուկասյանի` 1996-ի սեպտեմբերի 27-ին գրած այս տողերն այսօր էլ արդիական են.

«Այսօր մեր ժողովուրդը  որքան երջանիկ կլիներ, եթե առավելագույն ձայներ հավաքած նախագահական երկու թեկնածուներից  որևէ մեկը, առանց  դույզն-իսկ կասկածանքի տեղիք տալու, հաղթանակած լիներ: Հավաքականությունը, ժողովուրդը բազմաթիվ հատկությունների կողքին ունի նաև  արդար մանկանը բնորոշ մի հատկություն` խաբվել չի սիրում: Իսկ երբ կասկածում է, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի ոչ թե սրել իրավիճակը, այլ հանդարտորեն, փաստերով համոզել` ճշմարտությունն այս է: …Մեզ մնում է պատկերացնել այն ժողովրդի վիճակը, որի կա՛մ կեսից մի քիչ ավելին, կա՛մ  կեսից մի քիչ պակասը կասկածում է ընտրությունների օրինականությանը, այ, այդ կասկածներն են, որ պետք է ամեն գնով փարատվեն: Հավատն է ապրեցնում մարդկանց: Միացյալ ուժերով անենք ամեն ինչ, որպեսզի մարդկանց հոգիներում ամրանա հավատն իր երկրի  իշխանությունների, իր ընդդիմության, իր նախագահի հանդեպ: Անենք ամեն ինչ, որ նախագահին շնորհավորողների թիվը եռապատկվի: Այդ դեպքում միայն ապրելը հեշտ կլինի»:

Աշխարհն ու գույները` մանուկների աչքերով. Բացվել է մարտունեցի փոքրիկ նկարիչների ցուցահանդեսը

ցուցահանդեսԱռաջիկա շաբաթվա ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնի այցելուները կկարողանան ծանոթանալ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 8-16 տարեկան երեխաների աշխատանքներին:  Ցուցահանդեսում ներկայացված է  գյուղի նկարչական խմբակի  սաների վերջին 9 տարվա աշխատանքների ընտրանին. ընդհանուր` 25 հեղինակների 150  աշխատանք:

Նկարչական խմբակը գործում է արդեն 15 տարի, նկարչուհի, մանկավարժ Նեկտար Սահակյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ:

«Երբ պատերազմը վերջացավ, էն ծանր թվերին երեխեքի մեջ ամեն ինչ մեռած էր: Ես էլ որոշեցի երեխեքին մի քիչ ոգևորել:  Սկզբում  մենք մեզ համար էինք նկարում: Մի բարի մարդ խորհուրդ տվեց նկարները բերել Գեղագիտական կենտրոն: Բերեցինք, Հենրիկ Իգիթյանը նայեց, ընտրեց ու ասաց, որ ցուցահանդես կբացվի: 2004-ին բացվեց իմ սաների առաջին ցուցահանդեսը»,- ասում է Նեկտար Սահակյանը:

Խոսելով ցուցահանդեսի մասին` Սահակյանն ասում է, որ այն մեծ գնահատանք է երեխաների աշխատանքին. «Թե՛ մեծահասակը, թե՛ երեխան, որ նկարում է, ուզում է, որ իր նկարը տեսնեն բոլորը, որ ինքը գնահատանքի արժանանա: Մանավանդ երեխաների դեպքում այդ գնահատականը կարևոր է:  Եթե  երեխայի սրտում չգնահատվելու զգացումը բույն դրեց, տարիքի հետ  նրա մեջ ինչ-որ բան կկոտրվի, նրան պետք է ուժ տաս, ուրախացնես»:

Խմբակը գործում է առանց որևէ  ֆինանսական օժանդակության: Պարապմունքները հիմնականում անցկացվում են Նեկտար Սահակյանի տանը, երբեմն էլ դպրոցում (հանրակրթական),  որտեղ Սահակյանն է աշխատում:

«Սկզբում, երբ նոր էինք, շատ դժվար էր: Փորձում էինք  փրփուրից կառչել, ելք գտնել: Հետո տեսա, որ որևէ մեկի վրա հույս դնել պետք չէ,  ամեն ինչ իմ ուժերով պիտի անեմ:  Նույնն էլ հիմա` ոչ մեկի օգնությանը չեմ սպասում: Մարդիկ տեսնում են չէ՞ մեր աշխատանքը, եթե ուզենան օգնել, կօգնեն, էլ ինչո՞ւ առաջարկեմ, խնդրեմ»:

Սահակյանն ասում է, որ իր համար  ոգևորության աղբյուր են երեխաները, նրանց ստեղծագործությունները. «Որ տեսնում ես` երեխան սիրուն նկարում է, սիրուն գույն է դնում, ինքդ էլ ես ոգևորվում»:

Սահակյանն ասում է, որ փողի մասին չի մտածում, սակայն մրցույթների մասնակցելիս ֆինանսական դժվարություններ են ունենում. հատկապես արտասահման նկար ուղարկելը մեծ ծախսերի հետ է կապված:  Տարվա մեջ մի քանի անգամ, այնուամենայնիվ, Սահակյանի սաները տարատեսակ նկարչական մրցույթների են մասնակցում: Վերջինը եղել է 5-րդ Համահայկական նկարչական փառատոնը, որտեղ Սահակյանի 11-ամյա սանը` Ահարոն Սիմոնյանը, առաջին մրցանակի է արժանացել:

Անհատական նախաձեռնությամբ ստեղծված խմբակի համբավն  այժմ մեծ է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Եթե Նեկտար Սահակյանի սաները որևէ մրցույթի նկարներ են ներկայացնում, ապա բոլորը վստահ են, որ եթե ոչ գլխավոր մրցանակը, ապա մրցանակներից մեկը Ներքին Գետաշեն է գնալու:

Նույնը փաստում է նաև Մարտունու պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը:

«Այս երեխաները հրաշք են ու հեքիաթով են լցրել այս դահլիճը, բայց մենք նրանց հեքիաթ չենք պարգևել, նրանց կյանքը գյուղում դժոխք է, ցեխերի միջով են հասնում դպրոց, կիսաքանդ սենյակում են աշխատում,- ասում է Գևորգյանը:- Այն երեխան, որը հոգում գույն ունեցավ, երբեք հանցագործ չի դառնա, երբեք այս հասարակության վատը չի ուզենա, կուզենա գոնե մի բան կառուցել: Տերն է խաչն անում զորավոր, Նեկտարը գյուղի երեխաներին դարձրել է զորավոր»:

Երևանի գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, ցուցահանդեսը բացելով, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ   «Հայաստանի ընդամենը մի գյուղում  են այս պատերին կախված հրաշքները  ծնվել»:

«Այսօր գործ ունենք Նեկտար Սահակյանի հետ, մանկավարժ, որն այն խենթուկներից է, որոնք հետք են թողնում իրենց կյանքի ընթացքում,  սերունդ են դաստիարակում և ապացուցում են աշխարհին, որ հայ ժողովուրդը արվեստի և գիտության ժողովուրդ է,- ասում է Իգիթյանը:- Այս երեխաները Գետաշենում իրենց ուսուցչի տանն են պարապում, այն դեպքում, երբ կան դպրոցներ, մշակույթի տուն, որոնց պարտականությունն է դա: Տիկին Նեկտարին ոչ ոք չի վճարում իր աշխատանքի դիմաց, նա ընդամենը այդ 50-60 երեխաների սերն է վայելում»:

Իգիթյանի կարծիքով` եվրոպական զարգացած երկրներում անգամ  ցուցահանդեսի մասնակից երեխաների հասակակիցները նման արդյունք ապահովել չէին կարողանա. «այստեղ հայի գենն է խոսում»:

Նկարչությունը` ներաշխարհը պատկերելու միջոց երեխաների համար

Ցուցահանդեսի մասնակիցներից է 16-ամյա Ինգա Հոռիկյանը. այս անգամ նրա աշխատանքներից միայն մեկն է ներկայացված ցուցասրահում, չնայած ասում է, որ այլ լավ ստացված աշխատանքներ էլ ունի:  Ինգան  խմբակ  հաճախում է սկսած 2-րդ դասարանից. «Դպրոցում նկարչությունը սիրեցի: Տեսնում էի, որ մեծերը նկարչական խմբակ են գնում, անընդհատ նկարում են, իմ մեջ էլ ցանկություն առաջացավ»: Այսօր արդեն նկարչությունը Ինգայի համար կյանքի կարևոր մաս է դարձել, առանց որի դժվար է պատկերացնել առօրյան:

Խմբակի նախկին սան, 16-ամյա Նաիրա Եղիազարյանն էլ ցուցասրահում բազմաթիվ աշխատանքներ ունի ներկայացված: Նաիրան խմբակը թողել է, քանի որ մասնագիտություն ընտրելու ժամանակն է: Բայց նկարելը չի թողել:

Երբ Նաիրան առաջին դասարանում էր, մայրիկը նրան նկարչական խմբակ տարավ: Նկարչությունը հետագայում Նաիրայի համար ինքնարտահայտման միջոց դարձավ. «Նկարչությունն ինձ համար իմ հոգեվիճակն ու պատկերացումներն արտահայտելու միջոց է: Փոքր ժամանակ հեքիաթներն էի նկարազարդում, հետո արդեն վերածվեց իմ ներաշխարհը պատկերելու միջոցի»:

12-ամյա նկարիչ Կարեն Գրիգորյանն էլ ասում է, որ նկարչությունը շատ-շատ է սիրում ու մեծ սիրով է հաճախում խմբակ: Ավելի շատ նախընտրում է բնապատկերներ նկարել: Կարենի մայրը` տիկին Լիաննան, հիշում է, որ 3 տարի առաջ մի օր  տղան տուն եկավ ու  հորն ասաց, որ իր համար մոլբերտ  պատրաստի, ու հայտարարեց, որ ուզում է նկարչական խմբակ հաճախել: «Մենք  հաճույքով համաձայնեցինք: Եթե երեխան սիրում է` թող գնա: Խմբակը երեխային կտրում է շրջապատի անթույլատրելի արարքներից, ազատ ժամերին գիտենք, որ այստեղ-այնտեղ չի թափառում, այլ հաստատ նկարչությամբ է զբաղվում»,- ասում է տիկին Լիաննան:

 

 

Պատմաբան. Անկախության տարիներին կարող էինք մեծ առաջընթաց ունենալ, եթե անցյալի դասերը քաղած լինեինք

Արտակ ՄովսիսյանՀարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանի հետ:

 

– Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս առաջացավ ,10 հայ ականավոր արքաներե աշխատությունը  գրելու մտահղացումը: Ո՞րն է գրքի հիմնական ասելիքը:

– Ցավոք,  հայագիտության քարոզչությունը մեզանում  բավարար մակարդակի վրա չէ: Հայագիտության քարոզչություն ասելով` նկատի ունեմ և՛ գիտահանրամատչելի հրատարակությունները,  և՛ հեռուստատեսային հաղորդումները,  և՛ փաստագրական ու  գեղարվեստական ֆիլմերը: Հայագիտության քարոզչության այս բացը նկատի ունենալով` 2009-ին  ,Զանգակե  հրատարակչության հետ նախաձեռնեցինք նման  մի շարքի հրատարակություն: 2009-ին լույս է տեսել  ,10 հայ ականավոր արքաներե գրքի առաջին  հրատարակությունը, 2012-ին արդեն 2-րդը՝ եռալեզու տարբերակով` հայերեն, անգլերեն և ռուսերեն: Նպատակը հայկական արժեքների   հանրամատչելի լեզվով ներկայացումն է ավելի լայն շրջանակներին: Հիմնական նպատակը սա է՝ հայագիտության քարոզչություն:  Նշված շարքի երկրորդ հրատարակությունը եղավ ,Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրերե գիրքը: Առաջիկա մեկ-երկու ամսում լույս կտեսնի ,10 հայ ականավոր թագուհիներե  աշխատությունը և հիմա պատրաստվում է ,Հայկական 10 արքայատոհմերե գիրքը:

– Ինչո՞ւ  հենց տասը, ոչ թե օրինակ, քսան կամ երեսուն:

– Տասը սիմվոլի կարգով է ընտրվել: Աշխարհի մակարդակով  վերցնելու դեպքում սովորաբար հարյուրն է ընտրվում, հայոց պատմության դեպքում մենք տասն ենք ընտրել: Դա իր դժվարությունն ունի: Օրինակ` տասը արքաներն ընտրելը բարդ էր:

– Ի՞նչ սկզբունքով եք ընտրել տասը արքաներին և երկընտրանքներ ունեցե՞լ եք:

– Ընտրվածները պետք է լինեին թագավորներ, որոնք և՛ մեծ հետք թողած լինեին մեր պատմության մեջ,  և՛ իրենց ամբողջության մեջ վերցրած` իրենց կերպարով օրինակելի լինեին այսօրվա մեր սերնդի դաստիարակության համար: Բնականաբար, բավականին բարդ էր տասն արքաներին ընտրելը: Մինչև տպագրության պահն այս հարցը կար:

Ընտրված արքաների դեպքում հաստատ համոզված էի, որ պետք է լինեն, այլ հարց  է, որ կան նաև ուրիշ արքաներ, որոնք ևս արժանի են, որ ներկայացված լինեն: Օրինակ` Բագրատունիներից ես ներկայացրել եմ Աշոտ Առաջինին, քանի որ ֆենոմենալ թագավոր է և մեզանում շատ քիչ ճանաչված: Մարդը 450 տարի առաջ անկում ապրած պետականությունը վերականգնեց առանց առանց պատերազմի: Նա դիվանագիտական հանճար է: Եթե նման կերպար այլ պետության պատմության մեջ լիներ, ամբողջ աշխարհով մեկ կներկայացնեին, դիվանագիտության պատմության դասագրքերի մեջ  որպես տաղանդ կմատուցեին, մինչդեռ մեր այդ արքային անգամ ժողովուրդը չի ճանաչում:

Աշոտ Երրորդ Ողորմածին , Գագիկ Առաջինին ևս կարելի էր ընդգրկել, բայց տասի մեջ պետք էր տեղավորվել:

Գրքում ընդգրկվածների համար չեմ զղջում, քանի որ իսկապես արժանավորագույն թագավորներ են: Նախաբանում էլ նշվել է, որ տասին առանձնացնելով` բնավ չենք նսեմացնում մյուսների ավանդը մեր պատմության մեջ:

– Իսկ գրքում պատմական անցքերի նորովի մեկնաբանություն կա՞:

– Նոր ասածը պայմանական է այստեղ, արժևորումը կարող է նոր լինել: Օրինակ` Աշոտ Առաջինի արժևորումն է այդպիսին, ցավոք, ներկայիս դասագրքերում էլ Աշոտ Առաջինն  ըստ պատշաճի չի  արժևորվում:

– Իսկ Ուրարտուի մասի՞ն…

– Ուրարտուի հետ կապված մոտեցումն էլ նորություն չէ, դա հնագույն հայկական թագավորություն է: Ինձ համար դա միանշանակ է, քանի որ ,ուրարտացիե  առանձին էթնոս գոյություն չի ունեցել: ,Ուրարտունե Հայաստանի անվանումն է ասուրաբաբելական աղբյուրներում:  Երբ  ասուրերենը և բաբելերենը  վերացան գործածությունից, Ուրարտու տերմինն էլ դուրս եկավ: Վերջին անգամ Ուրարտու տերմինը գործածվում է Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես  Երկրորդի բաբելերեն արձանագրություններում, որն իշխել է մինչև Ք.ա. 360 թվականը: Ընդ որում, դրանց պարսկերեն բաժիններում Հայաստանը ,Արմինաե է կոչվում:  Այսինքն` միանշանակ է, որ սա ընդամենը Հայաստանի անվանումներից մեկն է:

Կոպիտ օրինակ բերեմ. այսօր Հայաստանը միայն վրացիներն են կոչում ,Սոմխեթիե: Եթե վրաց ժողովուրդը  վերանա, էլ աշխարհում որևէ մեկը Հայաստանը ,Սոմխեթիե չի կոչի: Սա չի նշանակի, որ Սոմխեթին  առանձին երկրի անուն էր, և այդ երկիրը վերացավ: Կամ օրինակ` խեթական արձանագրություններում մեր երկիրը կոչվում է ,Հայասաե: Խեթական տերության անկումից հետո այլևս ոչ ոք ,Հայասաե տերմինը չի օգտագործում, այդ տերմինը մեռավ  նրանց հետ միասին, քանի որ նրանք էին այդպես կոչում: Նույնը և բաբելերենի դեպքում,  նրանցից հետո ո՞վ պետք է այդ տերմինն օգտագործեր:

– Պարոն Մովսիսյան, ընթերցողների արձագանքն աշխատությանն ինչպիսի՞ն է եղել, արձագանքներ ստանում ե՞ք:

– Արձագանքները դեռ 2009-ից կան: Բայց մեծագույն արձագանքը եղավ ,Զանգակե  հրատարակչության ,Նվիրիր գիրքե ֆեյսբուքյան ակցիայի ժամանակ: 2450 մարդ իր էջին դրել էր իմ գրքի հղումը՝ փորձելով համապատասխան քանակությամբ հավանություններ հավաքել, նրանցից 450-ը 150-ից ավելի հավանություններ էին  կարողացել հավաքել և նվեր ստացան գիրքը: Ընդ որում, հրատարակչության ներկայացուցիչներն ասացին, որ ամենաշատը հենց այս գրքի համար են պայքարել, սա արդեն բարձր գնահատական է:

Մարդիկ կան, որոնք  մոտենում ու հարցնում են, թե այս կամ այն արքան ինչու չկա գրքում: Ես երբեք չեմ  պնդում, որ այս տասն ամենաամենան է, սա իմ մոտեցումն է, մեկ այլ հեղինակ կարող է գիրք գրել և առանձնացնել տասը այլ արքաների:

Իսկ  ամենակարևորն այն է, որ գիրքը  մտորելու տեղիք է տալիս: Կարծում եմ, որ դա գրքի գնահատման կարևորագույն չափանիշներից:

– Գիրքը թարգմանվել է նաև ռուսերեն և անգլերեն: Միջազգային շուկայում հաջողություններ կա՞ն, թե՞ դեռ վաղ  է այդ մասին խոսելը:

– Եռալեզու հրատարակությունը եղել է հունվարի վերջին, փետրվարի սկզբին  գտնվում էի Միացյալ Նահանգներում, ինձ հետ տարել էի գրքի անգլերեն օրինակներ, շնորհանդեսն այնտեղ տեղի ունեցավ: Պետք է ասեմ, որ շատ մեծ ոգևորությամբ էր ընդունվում: Իսկ վաճառքի մասին չեմ կարող ասել, քանի որ այդ հարցերով զբաղվում է ,Զանգակե հրատարակչությունը:

– ,10 հայ ականավոր թագուհիներե գրքի մասին. արդյոք դժվարություններ ունեցե՞լ եք 10 ականավոր թագուհիներին ընտրելու հարցում:

– Թագուհիների հարցը մեզ մոտ քիչ ճանաչված և քիչ ուսումնասիրված է: Կարծում եմ, որ այս առումով տասը թագուհիների վերաբերյալ  գիրքն  ավելի մեծ հետաքրքրությամբ կընդունվի: Եթե փողոցում  մարդկանց հարցնեք, թե քանի հայ թագուհի գիտեն, հաստատ չորս-հինգ անունից ավելի չեն ասելու:

Մեզ հասել են  60-ից ավելի թագուհու մասին տվյալներ: Գրքի վերջում  որպես հավելված բերված  է անվանապես հայտնի բոլոր հայ թագուհիների ցուցակը և նշված է, թե ով որ թագավորի կինն է եղել:

60-ի մեջ, բնականաբար, պետք էր առանձնացնել տասին: Նույն սկզբունքով եմ ընտրել, ինչ թագավորների դեպքում. պետք է լինեին իր ժամանակաշրջանի համար առանձնացած, հայոց պատմության մեջ զգալի հետք թողած և օրինակելի կերպարներ: Մենք իսկապես բացառիկ  թագուհիներ ենք ունեցել, այնպիսիք, որ պատիվ կբերեին աշխարհի ցանկացած երկրի: Նրանք մեզանում մնում են  չճանաչված և չգնահատված:

Օրինակ`  Լևոն Մեծագործի դուստր Զաբելը   թագուհի հռչակվեց չորս տարեկանում, երբ հայրը մահացավ: Եզակի թագուհի է, ապրել է ընդամենը երեսունյոթ տարի:  Նրա արած գործերից միայն մեկը նշեմ. պետական ծախսով հիմնում է անվճար հիվանդանոց: XIII դարում անվճար հիվանդանոցը հազվագյուտ երևույթ է աշխարհի  պատմության մեջ: Եվ այնտեղ ոչ միայն պետական միջոցներով անվճար բուժում էր իրականացվում, այլև թագուհին ինքն էր խնամում անտեր հիվանդներին:  Աշխարհում քանի՞ նման թագուհի կա…

Մեր շատ թագուհիներ  բացառիկ մեծ շինարարական աշխատանքներ են կատարել:  Բագրատունյաց Հայաստանի խոշորագույն տաճարը՝ Կաթողիկե Մայր տաճարը, Կատրամիդե Երկրորդ թագուհին է կառուցել՝ Գագիկ Առաջին արքայի կինը: Կամ Հաղպատը և Սանահինը կառուցել է Խոսրովանույշ թագուհին, որը Աշոտ Երրորդ Ողորմածի կինն էր:

Ընդ որում,   թագուհիներն  իրենց  միջոցներով են  կառուցել: Օրենսդրորեն երկրի բոլոր ոսկու հանքերը արքայի սեփականությունն էին, իսկ արծաթինը՝ թագուհու: Թագուհին իր հայեցողությամբ էր տնօրինում այդ հանքերից ստացված շահույթը: Մեր թագուհիները, որպես օրինաչափություն, իրենց այդ հսկայական ֆոնդն օգտագործել են գլխավորապես բարեգործական նպատակներով:

,10 հայ ականավոր թագուհիներե գիրքը մինչև տարեվերջ նախատեսվում է հրատարակել նաև ռուսերեն և անգլերեն:

– ,10 հայ արքայատոհմերե  աշխատության նորովի մոտեցումը և ասելիքը  ո՞րն է լինելու:

– Գիտահանրամատչելի հրատարակությունների նպատակը նորությունները չեն, եղած նյութի քարոզչությունն է, հրապարակայնության ապահովումը: Նպատակը նախ և առաջ մեր ունեցած հարստությունը ճանաչելն է  մեզանում և դրա քարոզչությունը:

Թագավորներ, թագուհիներ, արքայատներ. սա շարք է: Ինչո՞ւ ձեռնամուխ եղա այս աշխատանքին, քանի որ շատ-շատ ուսանելի խնդիրներ ունենք.  պետականության վերականգնման փուլում ենք ապրում, և  ցավոք սրտի, շատ հարցերում մեր պետությունը շարունակում է մնալ անկատար, շատ հարցերում տեղում ենք դոփում: Անկախության 20-ամյակը նշեցինք, դա քիչ ժամանակ չէ,  տեսնում ենք, որ այդ ընթացքում  կարող էինք  մեծ առաջընթաց ունենալ, եթե անցյալի դասերը քաղած լինեինք և ճիշտ ուղենիշներ որդեգրեինք ապագայի համար: Այս առումով մեր ունեցած ժառանգությունը կարևոր է, և շատ կարևոր է, որ աճող սերունդն անցյալի ճիշտ արժեհամակարգով դաստիարակվի:

Պարադոքս. Լյուվենի համալսարանի գիտական կենտրոնի մեկամյա ֆինանսավորմամբ հայաստանյան գիտությունը կապրի 20 տարի

լյուվենՊատահում է, որ անհավանական երազ ես տեսնում: Գիտես որ երազ է, ամեն կերպ ուզում ես արթնանալ, բայց չի ստացվում, մղձավանջը շարունակվում է:

Արթմնի վիճակում նման զգացողություն ունեցա վերջերս բելգիացի գիտնականի դասախոսությունը լսելիս: Նեյրոհոգեֆիզիոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետ Մարկ Վան Հյուլեն  մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում հայ գիտնականներին ներկայացնում էր Լյուվենի կաթոլիկ համալսարանում գործող իր լաբորատորիայի գործունեությունը և ծրագրերը:

Գիտնականը պատին պրոյեկցված պատկերի վրա մանրակրկիտ ու հպարտությամբ ցույց էր տալիս` սա մեր համալսարանն է, սա մի մասնաշենքում իմ լաբորատորիան է, և այդպես շարունակ: Նրա ամեն մի խոսքից զգացվում էր, թե ինչքան հպարտ է իր ունեցածով:

Երբ գիտնականը սկսեց ներկայացնել իրենց համալսարանի գիտական կենտրոնի և իր լաբորատորիայի ֆինանսավորումը, թվաց, թե խոսքի միալար հնչերանգից ննջել եմ ու երազ եմ տեսնում: Սթափվեցի, մտքերս հավաքեցի ու սևեռվեցի պատի վրայի պատկերին: Պարզվեց, որ ո՛չ  քնած եմ, ո՛չ էլ սխալ եմ լսում, պարզապես հայ իրականության համար բելգիական համալսարանի գիտական կենտրոնի ֆինանսավորումն անհավանական ու աստղաբաշխական է թվում: Նրանց մեկ տարվա ֆինանսավորմամբ հայաստանյան գիտությունը քանի՜-քանի՜ տարի կապրի:

Պարզվում է, որ Մարկ Վան Հյուլեի գլխավորած լաբորատորիան, որն աշխատում է Mindspeller (Մայնդսփելեր) ծրագրի վրա, տարեկան ստանում է 2 մլն եվրո ֆինանսավորում. դա այն գումարն է, որ անհրաժեշտ է գիտնականների փոքր խմբին արդյունավետ հետազոտություններ անելու համար:

Լյուվենի համալսարանի գիտական կենտրոնի տարեկան բյուջեն գերազանցում է 500 մլն եվրոն: Սա այն պարագայում, երբ Հայաստանում ողջ գիտության տարեկան բյուջեն է կազմում 20 մլն եվրո (11 մլրդ ՀՀ դրամ): Այսինքն` Լյուվենի համալսարանի տարեկան բյուջերով հայաստանյան գիտությունը կգոյատևի  25 տարի:

Հաջորդ օրը զարմանալու հերթը բելգիացի գիտնականինն էր: Եթե մենք` հայերս, զարմանում էինք, թե ինչ մեծ ֆինանսավորում ունի գիտությունը Բելգիայում, ապա Մարկ Վան Հյուլեն ԳԱԱ նախագահի հետ հանդիպումից ու Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալն իմանալուց հետո էր երազում հայտնվել: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե նման ֆինանսավորմամբ ինչպե՞ս կարող է Հայաստանը գիտություն ու լավ գիտնականներ ունենալ, նաև տարածաշրջանում լինել առաջատարը միջազգային պարբերականներում տպագրվող հոդվածների քանակով:

Ու չնայած իր դասախոսությունը սկսելիս բելգիացի գիտնականը նշեց, որ Հայաստանը և Բելգիան շատ նմանություններ ունեն` փոքր երկրներ են, որոնց հիմնական ներուժը մարդկային ռեսուրսն է, այնուամենայնիվ տարբերություններն ավելի շատ են:

Բելգիա, երկիր Եվրոպայում:  Խորհրդարանական միապետություն է: Ունի երեք պետական լեզու` հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Մայրաքաղաքը` Բրյուսել:

Տարածքը` 30 հազար քկմ: Բնակչությունը` 11 մլն` ըստ  2012-ի մարդահամարի տվյալների:

Բելգիայում գիտությունը կենտրոնացած է համալսարաններում: Համալսարանների բյուջետային հատկացումների 40%-ն ուղղվում է գիտության զարգացմանը: Գիտական հետազոտությունները ֆինանսավորվում են ինչպես առանձին  նախարարությունների, այնպես  էլ պետական հատկացումներով, ինչպես նաև մասնավոր ֆոնդերից:

Գիտության զարգացմանն  է կոչված աջակցելու Բելգիայի գիտական հետազոտությունների ազգային հիմնադրամը: Պետությունն այս հիմնադրամի միջոցով է իրականացնում համալսարանների ֆինանսավորումը, որտեղ և կենտրոնացած  է գիտությունը:  Հիմնադրամը աջակցում է ինչպես անհատ հետազոտողների, այնպես էլ գիտնականների խմբերի` միավորված մեկ թեմայի շուրջ:

Գիտության ֆինանսավորմամբ զբաղվում են նաև համայնքները, ինչպես նաև տարբեր հիմնադրամներ: Օրինակ`  Բոդուէն թագավորի անվան հիմնադրամը ֆինանսավորում է  այն գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են Բելգիայի տնտեսության, դեմոգրաֆիայի բարելավմանը և իմիգրացիոն խնդիրների լուծմանը:

Լյուվենի կաթոլիկ համալսարանը, որի մասին այդքան մեծ հպարտությամբ խոսում էր Հյուլեն,  հիմնադրվել է 1425-ին և համարվում է աշխարհի հնագույն համալսարաններից մեկը: Ունի 14 ֆակուլտետ, որոնք ներառում են գիտության հումանիտար,  բնական և տեխնիկական ուղղությունները:  Բուհն ունի ավելի  քան 26 հազար ուսանող, որոնցից 2300-ն օտարերկրացիներ են աշխարհի 100 երկրներից, այդ թվում և Հայաստանից:

Ողջ աշխարհում հայտնի է նաև համալսարանի գրադարանը, որն ունի շուրջ 4 մլն գիրք և 15 հազար պարբերական: Համալսարանի գիտական կենտրոնին կից գործում է նաև հինգ հիվանդանոց` մոտ 2 հազար մահճակալներով:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ–ի  2010-ի գիտության մասին զեկույցի`  Բելգիայում գիտության առաջատար ճյուղեր են համարվում կենսաբանությունը, քիմիան, կլինիկական բժշկությունը: Երկրի ՀՆԱ–ի 1,87%-ը հատկացվում է գիտությանը:  Այստեղ մեկ միլիոն բնակչին բաժին է ընկնում  մոտ 2900 գիտաշխատող:

Տարվա ընթացքում տպագրված գիտական հոդվածքների քանակով Բելգիան ԵՄ երկրների շարքում, ըստ 2008-ի տվյալների, 9-րդն է` 13 773 հոդված:

Հայաստանի Հանրապետություն, երկիր Անդրկովկասում: Տարածքը` 29 հազար քկմ, բնակչությունը` 3,26 մլն` ըստ 2011-ի մարդահամարի տվյալների:

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ–ի մոտ 0,25%-ը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ–ի 2010-ի գիտության մասին զեկույցի` Հայաստանում գիտության առաջատար ճյուղերն են ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, կլինիկական բժշկությունը և այլն:

Մեկ մլն բնակչին բաժին է ընկնում մոտ 1200 գիտաշխատող: Ըստ նույն զեկույցի` Հայաստանը, հարևան երկրների համեմատությամբ, առաջատար է գիտության ոլորտում: 2008-ին Հայաստանն ունեցել է 544 գիտական հոդված, մինչդեռ, օրինակ, Ադրբեջանը` 292, Վրաստանը` 328: Ընդգծենք նաև, որ նշված երկու երկրները գիտությանն ավելի շատ են ֆինանսական միջոցներ հատկացնում:

Չնայած երկու երկրների միջև առկա տարբերություններին` բելգիացի գիտնականը վստահ է, որ ապագան Հայաստանինն է` երկիր, որ ունի ուղեղի, մտքի նման մեծ պոտենցիալ:

Օտարերկրացի գիտնականը բարձրաձայնում է ճշմարտությունը, որը չեն գիտակցում մեզանում ոլորտի պատասխանատու բազմաթիվ պետական այրեր: Դա են վկայում թե՛ գիտությանը հատկացվող ֆինանսավորման ծավալը, թե՛ վերաբերմունքն ուղեղների արտահոսք ասված երևույթին: Ոլորտի շատ պատասխանատուներ ասում են, որ դրա մեջ վատ բան չեն տեսնում. տեխնիկայի դարաշրջան է, և արտերկրում հաջողության հասած հայ գիտնականը կարող է դրսից էլ աշխատել իր հայրենիքի համար: Մինչդեռ, օրինակ, բելգիացի գիտնականը պարտադիր է համարում, որ դրսում կրթություն ստացած հայ երիտասարդները հայրենիք վերադառնան ու այստեղ աշխատեն:

Բավարարվեցինք թվացյալ քաղաքակիրթ ընտրություններով

Election 2013Հայաստանի երրորդ Հանրապետության նախագահական վեցերորդ ընտրություններն այլևս պատմություն են: Նախագահի աթոռի համար պայքարում էին յոթ թեկնածուներ, չնայած բուն պայքարը նրանցից երկուսի միջև էր:  Քվեների 58,67 տոկոսով վերընտրվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը քվեների 36,75 տոկոսով:

Միջազգային դիտորդներն ընտրություններում առաջընթաց նկատեցին և այն մեկ քայլ առաջ համարեցին` նշելով, որ նկատված մանր-մունր խախտումներն արդյունքների վրա ազդել չէին կարող:

Այն, որ այս նախագահական ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից տարբերվում էին, փաստ է: Ընդ որում, տարբերությունները մեկ-երկուսը չեն:

Գյուղապե՞տ  էինք ընտրում, թե՞ երկրի  նախագահ… Ո՞րն  էր անտարբերության պատճառը

Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, կարծես ընտրում էինք ոչ թե երկրի նախագահ, այլ ինչ-որ կորած-մոլորած գյուղի գյուղապետ: Վերաբերմունքն ընտրական գործընթացին նման տպավորություն է թողնում:

Նախ` նախագահական վեցերորդ ընտրությունները նշանավորվեցին վստահված անձանց բացակայությամբ: Տողերիս հեղինակն ընտրությունների օրն այցելել է Երևանի տարբեր համայնքների 14 ընտրատեղամաս: Տեղամասերից մեկում վստահված անձինք ընդհանրապես չեն եղել, 6-ում վստահված անձ ունեցել է միայն Սերժ Սարգսյանը, մնացած ընտրատեղամասերում վստահված անձ ունեցել է նաև թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վստահված անձանց բացակայությունը մի փոքր տարօրինակ է, մանավանդ որ մինչ ընտրությունները բոլոր յոթ թեկնածուները վստահաբար հայտարարում էին, թե իրենք են հաղթելու, ֆավորիտ թեկնածուն իրենք են: Այդ ինչպե՞ս պատահեց, որ «ֆավորիտ» թեկնածուները գեթ մեկ վստահված անձ չունեցան:

Իրավիճակն այնքան արտառոց էր, որ տարբեր ընտրատեղամասերում աշխատող լրագրողներս միմյանց հետ կապ էինք հաստատում`  ճշտելու` արդյոք ամեն տեղ նո՞ւյն վիճակն է: Պարզվեց, որ այո, ամենուրեք վստահված անձանց դեֆիցիտ էր:

2012-ի խորհրդարանական ընտրություններին ԱԺ մտնելու համար իսկապես պայքարող բոլոր քաղաքական ուժերը գրեթե բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք ունեին, երբեմն նույնիսկ երկուսն ունեին, եթե նաև մեծամասնական թեկնածու կար: Որոշ ընտրատեղամասերում վստահված անձինք ունեին անգամ Կոմունիստական և Դեմոկրատական կուսակցությունները:

Այս անգամ այդ ռեսուրսը կարծես հօդս էր ցնդել:

Այս ընտրությունների երկրորդ առանձնահատկությունը դիտորդների պակասն է: Վերջին խորհրդարանական ընտրություններին հետևում էին 16 հազար տեղական և մոտ 650 միջազգային դիտորդներ: Նախագահական ընտրություններին հետևող դիտորդների թիվն   առնվազն կրկնակի պակաս է` այս անգամ ԿԸՀ-ում գրանցվել էին 7000 տեղական և միջազգային դիտորդներ:

Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ անհնար էր որևէ ընտրատեղամաս մտնել և տեղում միակ դիտորդը լինել, ապա այս անգամ դա սովորական երևույթ էր: Գրանցամատյաններն այս ընտրություններին գրեթե դատարկ մնացին. օրվա վերջին գրանցամատյաններում էջի կեսն էլ չէր լրացել, մինչդեռ ԱԺ ընտրությունների ժամանակ օրվա երկրորդ կեսին գրանցամատյանում մի քանի էջ արդեն լրացված էր:

Նշված  երկու առանձնահատկություններով էլ պայմանավորված է ընտրությունների  երրորդ բնորոշ գիծը. չկան դիտորդներ և վստահված անձինք, չկան նաև ընտրախախտումներն արձանագրող և այլընտրանքային լրատվություն տրամադրող անձինք: Ընտրատեղամասերում ինչ ասես, կարող է պատահած լինել, բայց ոչ մեկս այդ մասին չգիտենք. չկա լրատվության աղբյուր:

Օրինակ` ընտրությունների օրն ահազանգ ստացանք, որ Մարտունիում բաց քվեարկություն է տեղի ունենում` քաղաքապետը ընտրողների հետ քվեախուց է մտնում ու «օգնում» նրանց ընտրություն կատարել, Զովունիում ընտրատուփերի մոտ մարդկանց պարտադրում են քվեաթերթիկը ցույց տալ, նոր միայն դնել ծրարը և գցել քվեատուփը, և նման բազմաթիվ այլ դեպքեր: Ամեն անգամ այն հարցին, թե տեղում դիտորդներ, վստահված անձինք  կամ լրագրողներ չկա՞ն, որ արձանագրեն, հնչում էր մեկ պատասխան` միայն հանձնաժողովի անդամներն են, իրենք էլ հանգիստ նայում են:

Երբ տեղում կան դիտորդներ և վստահված անձինք, նրանք ոչ միայն հետևում են, որ խախտումներ տեղի չունենան, այլև արձանագրում են կատարվածը, ներս մտած լրագրողի ուշադրությունն  էլ հրավիրում են իրենց նկատած խախտումների վրա: Մինչդեռ նրանց բացակայությամբ ինֆորմացիան միայն մեկ` պաշտոնական  տեսանկյունից է ներկայացվում. այն է` ամեն ինչ ընթանում է գերազանց, և վերջ:

Ստացվում է, որ այս ընտրությունները խորհրդային տարիների  իրադարձություն դարձան. ոչ թե ընտրակեղծիքներ տեղի չեն ունեցել, այլ դրանք արձանագրողներ և բարձրաձայնողներ չեն եղել:

Ընտրողները  պասիվ էին,  ոստիկաններն`  անտարբեր ու ագրեսիվ

Չորրորդ առանձնահատկությունը ընտրողների պասիվությունն էր: Եթե Աժ ընտրություններին ցանկացած տեղամասում ակտիվ շարժ էր, անգամ շատ տեղերում մեծ հերթեր էին, ապա այս անգամ նման տեսարանների ականատես չդարձանք: Պատահում էր, որ 30 րոպեի ընթացքում գեթ մեկ ընտրող չէր մտնում ընտրատեղամաս:

Չնայած դրան, նախագահական ընտրություններին արձանագրվել է 60,5 տոկոս մասնակցություն (ԱԺ ընտրություններին էլ արձանագրվել էր 62,26 տոկոս մասնակցություն):

Համատարած բնույթ էր կրում մարդկանց մեքենաներով ընտրատեղամաս բերելը: Օրենքը նման բան չի արգելում, մանավանդ որ մարդատար մեքենաների վրա ո՛չ քաղաքական ուժերի պաստառներ կային, ո՛չ դրոշներ: Բայց երևույթի ենթատեքստը ժխտել հնարավոր չէ: Ընտրողներին մեքենաներով բերելը զանգվածային բնույթ էր կրում, օրինակ` 9/27 և 9/28 ընտրատեղամասերում:

Նորագյուղում գտնվող ընտրատեղամասեր այցելության պատճառ դարձավ պատահաբար լսած խոսակցությունը, թե ինչպես են 2003-ին այստեղ ժամը 17-ի դրությամբ 100 տոկոս մասնակցություն ապահովել ու փակել ընտրատեղամասը: Պարզվեց, որ այս անգամ ընտրատեղամասում ակնկալում են ոչ թե 100 այլ 60-70 տոկոս մասնակցություն: Միմյանցից մեկ պատով բաժանված ընտրատեղամասերի նախասրահում սևահեր մի կին` Միրզոյան Իրինան,  դուրսուներս էր անում` ամեն անգամ 10-15 հոգանոց խումբ ներս բերելով: Արագ-արագ մարդկանց հուշում էր, թե ով որ ընտրատեղամաս մտնի: Մարդիկ էլ ընտրելուց հետո մոտենում ու կարծես զեկուցում էին` ընտրեցինք: Ապա ընտրածների խումբը դուրս էր գալիս նույն կնոջ ուղեկցությամբ, քիչ անց նորն էր ժամանում: Սևահեր կինը, որ որևէ վկայական չուներ փակցված (իսկ ընտրատեղամասում առանց վկայականի գտնվելու իրավունք չկա) ներկայացավ որպես ՀՀԿ դիտորդ:

Մյուս ուշագրավ երևույթը ոստիկանների ագրեսիվ տրամադրվածությունն էր ու անտարբերությունը: ԱԺ ընտրությունների ժամանակ, եթե ոստիկանը հանկարծ օբյեկտիվում էր հայտնվում առանց պատշաճ տեսքի, օրինակ` առանց գլխարկի, անմիջապես իրեն կարգի էր բերում ու խնդրում հնարավորության դեպքում լուսանկարը չհրապարակել, որ ինքն անախորժություն չունենա: Այս անգամ ոստիկաններին կարծես բոլորովին չէր հետաքրքրում, թե ինչ տեսքով են իրենք հայտնվում օբյեկտիվում, բացի այդ, ամեն հարց կամ նկատողություն ընդունում էին հարձակվողական տոնով: Օրինակ` 9/27 ընտրատեղամասում, որտեղ ոստիկանների մուտքը իրենց սենյակ ընտրասենյակի միջով էր, մինչդեռ ոստիկաններն ընտրասենյակում գտնվելու իրավունք չունեն, դիտորդը նկատեց փաստը: Ի պատասխան ոստիկանն այնպիսի տոնով ու շարժումներով վրա հասավ, որ եթե վկաներ չլինեին, գուցե հարձակվեր դիտորդի վրա:

Նաև տպավորություն կար, որ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներն ամեն կերպ խուսափում են որևէ խախտում փաստացի արձանագրելուց: Օրինակ` 8/16 ընտրատեղամասում ականատես դարձանք նման երևույթի: Ընտրության եկած քաղաքացին պարզեց, որ իր փոխարեն արդեն ընտրել են: Վերջինս բողոքելուց խուսափեց` պատճառաբանելով, որ քաշքշուկների ժամանակ չունի: Հանձնաժողովի նախագահը կնոջն առաջարկեց մեկ այլ վանդակում ստորագրել` պատճառաբանելով, թե տեղի ունեցածը տեխնիկական վրիպակ է, սխալմամբ են այլ ընտրողի տվյալները այդ քաղաքացու անվան դիմաց լրացրել:

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նազար Դովլաթյանը  մեկ ժամ շարունակ հանձնաժողովի նախագահից պահանջեց արձանագրություն կազմել կատարված վրիպակի մասին, վերջինս այդպես էլ արձանագրություն չկազմեց` պնդելով, որ որևէ սխալ տեղի չի ունեցել:

Ամփոփելով նախագահական ընտրությունները` պետք է նշել, որ այո, առաջընթաց այնուամենայնիվ կա. այս անգամ նախորդների պես ո՛չ ընտրողներին կաշառելու դեպքերն են զանգվածային բնույթ կրել, ո՛չ բռնությունների ու ճնշումների ալիքը: Ընդհանրապես, թե՛ քարոզարշավը, թե՛ ընտրությունները շատ տարբեր էին նախորդներից: Բայց որ կարող էինք շատ ավելի լավ ու քաղաքակիրթ ընտրություններ ունենալ, անվիճելի է: Մինչդեռ այս անգամ բավարարվեցինք թվացյալ քաղաքակիրթ ընտրություններով:

«Բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին»

hx«Արմսես» ՀԿ-ն և ՀԽ երիտասարդական թևը ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար կազմակերպել էին երկամսյա դասընթացներ: Դասընթացի ընթացքում բանախոսները ներկա և ապագա լրագրողներին հաղորդեցին գիտելիքներ, որոնք պետք է իմանա ոլորտը լուսաբանող լրագրողը. տարածաշրջանի երկրների ռազմական ներուժը, աշխարհաքաղաքական շահերը, հայոց բանակի կառուցվածքը և զարգացման միտումները, էջեր արցախյան ազատամարտից:

Դասընթացի շրջանակներում ռազմական լրագրողները հանդիպում ունեցան նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որը 1992-1993 թթ. եղել է պաշտպանության նախարար:

Վազգեն Մանուկյանի կարծիքով` ռազմական լրագրությունը բարդ բան է. շատ բան կարող ես իմանալ, բայց ամեն ինչ չէ, որ կարող ես գրել, որպես լրագրող` անընդհատ  երկընտրանքի առջևս ես. «Ռազմական լրագրող լինելու համար նախ և առաջ պետք է խիզախություն, իսկ դա պայմանավորված չէ վճարով, այլ` նվիրվածությամբ:  Երկրորդ` ինչքան էլ նվիրված լինես, պետք է նաև ինչ-որ բանի հասնելու անձնական ձգտում ունենաս:  Երրորդ` ինքնասահմանափակում: Ի տարբերություն մյուս ոլորտների լրագրողների` այստեղ երբեմն պետք է, որ ինքդ քեզ սահմանափակես` մտածելով` այս ինֆորմացիան քո երկրին օգո՞ւտ է, թե՞ վնաս:  Դա բավական դժվար գործ է, քանի որ այդ եզրն ամեն մեկի  համար տարբեր տեղում է  գտնվում»:

Մանուկյանի խոսքով`  տեղեկատվական գաղտնիությունը հատկապես կարևոր է պատերազմի ժամանակ: Արցախյան ազատամարտի տարիներին, սակայն, այդ առումով վիճակը թերի էր: «Մի գաղտնի օպերացիա իրականացրինք` մի օդաչուի միջոցով օդանավ փախցրինք Բաքվից:  Դրա մասին գիտեինք 3 հոգի:  Մեկ էլ տեղակալս հարցնում է` ինչ-որ ինքնաթիռ ե՞նք բերել, ավտոբուսում էին խոսում:  Այն ժամանակվա գաղտնապահությունն այդպիսին էր»:

Եղել է նաև, որ հայկական կողմը կարողացել է օգտվել տեղեկատվական արտահոսքից: Մանուկյանը պատմում է, որ Քարվաճառի օպերացիան սկսելու համար հարկավոր էր առնվազն 2000 սնարյադ (արկ), ինչը հայկական կողմը չուներ: «Ընկած ճարում էինք: Բայց դա այնքան էլ հեշտ չէր: Օրն անընդհատ նշանակվում էր, ապա հետաձգվում: Ամեն անգամ Ադրբեջանը պատրաստվում էր մեր հարձակմանը, բայց հարձակում այդպես էլ տեղի չէր ունենում:  Մտածում էր, որ դիտմամբ ենք անում: Ու երբ Քելբաջարի (Քարվաճառի) օպերացիան սկսվեց, չնայած բոլորը գիտեին, որ սկսվելու է, նրանց համար անսպասելի էր»,- հիշում է Մանուկյանը:

Անդրադառնալով բանակը լուսաբանել-չլուսաբանելու խնդրին` Մանուկյանն ասում է, որ բանակն անպայման պետք է լուսաբանել, այլապես համակարգը կփտի ներսից:  «Բանակի մասին չես գրում, չես գրում, հանկարծ բանակը պատուհաս է դառնում քո ժողովրդի գլխին: Ինչ- որ բան կա, որ չպետք է գրել, որ քո հակառակորդին չոգևորես, բայց եթե ոչ մի բան չգրես, ապա ներսում կաշառակերություն կլինի և այլն: Կարծում եմ, որ բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին, առանց  դրա այն կփտեր,- ասում է Մանուկյանը և հավելում ,-ռազմական ոլորտի ամեն լրագրող իր համար ինչ-որ եզր պիտի սահմանի. մինչև այս եզրը ինչ էլ լինի ու ինչքան էլ վտանգավոր լինի, միևնույն է, գրելու եմ»:

Խոսելով բանակային կարգապահության մասին` Վազգեն Մանուկյանն ասում է, որ այն այժմ շատ ավելի բարձր վիճակում է, քան տարիներ առաջ: Պատմում է, որ  պատերազմի տարիներին հրամանատարներն  անընդհատ դիմում էին հարձակման անցնելու, գործողություններ սկսելու խնդրանքով` բացատրելով, որ խաղաղ օրերին արդեն զինվորները ներսում են սկսում հարաբերություններ պարզել:

Մանուկյանի կարծիքով, սակայն,  բանակային միջադեպերը լիովին բացառելն անհնար է. «Անհնար է, որ կոնֆլիկտներ չառաջանան մի վայրում, որտեղ հավաքված են հազարավոր զինված երիտասարդ ու տաքարյուն տղաներ»:

Իսկ բանակային միջադեպերի պատճառաբանությամբ բանակից խուսափելը, ըստ Մանուկյանի, պարզապես պատրվակ է. դրանք չլինեին` այլ պատրվակ կգտնվեր,  ուղղակի որոշ մայրեր ցանկանում են, որ իրենց երեխան ամեն գնով իրենց կողքին մնա և հեռու լինի ամեն հնարավոր վտանգից: Իրավիճակը շտկելու համար պետք է մարդկանց մտածողությունը փոխվի:

Բելգիացի գիտնականը հիացած է հայերի մտավոր կարողություններով և պատրաստվում է Հայաստանում գիտական կենտրոն հիմնել

gitnakannerԱռաջիկայում Հայաստանում կստեղծվի Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի գիտական կենտրոնի մասնաճյուղ:

Գիտական կենտրոնի պրոֆեսորներ  Մարկ Վան Հյուլեն  և Տիգրան Մահտեսյանը փետրվարի սկզբին ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի հրավերով Հայաստանում էին`  հանդիպելու հայաստանյան գիտական աշխարհի ներկայացուցիչների հետ ու քննարկելու գիտական կենտրոնի մասնաճյուղի հիմնման մանրամասները: Սա Լյուվենի Կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի լիիրավ պրոֆեսոր և Լոնդոնի իմպերիալ քոլեջի էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագիտության բաժնի  հրավիրվող պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեի թվով 7-րդ այցելությունն էր Հայաստան:

Ապրիլին փոխադարձ այցով ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի մի քանի ներկայացուցիչներ կգնան Բելգիա` Լյուվենի համալսարան, ուր կկնքվեն համագործակցության համաձայնագրեր  ինչպես երկու երկրների  գիտական կենտրոնների, այնպես էլ երիտասարդական գիտական կառույցների  միջև:

ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհդի նախագահ Գևորգ Վարդանյանի խոսքով` արդեն իսկ որոշված է լաբորատորիայի գտնվելու վայրը, հայկական կողմն էլ պատրաստակամություն է հայտնել հնարավոր ամեն բանով աջակցել ծրագրի իրականացմանը:

Չնայած նախնական պայմանավորվածություններին` Մարկ Վան Հյուլեն ասում է, որ  լաբորատորիայի ստեղծման ժամկետները դեռևս հստակեցված չեն, քանի որ նախ և առաջ պետք է կադրային խնդիրը լուծել: Հայաստանում լաբորատորիայի աշխատանքները սկսելու համար հարկավոր է առնվազն 10 աշխատակից: Բելգիացի պրոֆեսորն իր լաբորատորիայի ֆինանսական միջոցներից արդեն իսկ ֆինանսավորում է երկու հայ ասպիրանտների կրթությունը Լյուվենի կաթոլիկ համալսարանում: Նաև քայլեր են ձեռնարկվում մյուս մասնագետների ասպիրանտական կրթության  համար կրթաթոշակներ ապահովելու ուղղությամբ:

«Այստեղ մասնաճյուղ չենք կարող ունենալ, քանի դեռ համապատասխան մասնագետներ չունենք: Այս պահին մասնագետներ շատ չունենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, արդեն իսկ կես մլն եվրոյի ներդրում է կատարվել և դեռ կշարունակվի,- ասում է Հյուլեն` հավելելով, որ ուսումը ֆինանսավորելիս հայաստանցի երիտասարդների հետ պայմանագիր են կնքում, ըստ որի` նրանք պարտավորվում են կրթություն ստանալուց հետո վերադառնալ Հայաստան:- Նրանք, ովքեր ուզում են աշխատել մեզ հետ, պետք է անպայման վերադառնան Հայաստան, այլընտրանք չկա:  Կարևորը մարդկային ներուժն է, ներդրումները նրանց են ուղղված»:

Համատեղ կրթական ծրագիր իրականացնելու գործում խոչընդոտ է եղել միասնական դիպլոմի հարցը. ասպիրանտը պետք է գիտական ղեկավար ունենա թե՛ Հայաստանում, թե՛ Բելգիայում, երկու երկրներում էլ կրթություն ստանա, սակայն վերջում ստանա մեկ ընդհանուր դիպլոմ, որը ճանաչելի կլինի ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելգիայում: Հյուլեն ասում է, որ այս խնդիրն էլ արդեն լուծվել է, և առաջիկայում, օրինակ, Էլվիրա Խաչատրյանը կստանա ընդհանուր դիպլոմ:

«Պետք է կարողանանք ավելի շատ գումարներ հայթայթել, որ կազմը համալրենք նոր մասնագետներով: Հիմա նեղ նեյրոհոգեֆիզիոլոգիայի մասին է խոսքը, բայց այնտեղ շատ մասնագիտություններ կան, պրոյեկտները ևս շատ են: Բանակցում ենք մեկենասների հետ ֆինանսավորման հարցը լուծելու համար»,- ասում է Հյուլեն` հավելելով, որ ֆինանսական խնդիրները երկրորդական են, որոնք անպայման կլուծվեն, առաջնայինը տաղանդավոր կադրերին մեկ տեղում հավաքելն է:

Պրոֆեսորն ասում է, որ Հայաստանում մարդկային ռեսուրսի մեծ պոտենցիալ է տեսնում և հիացած է հայ երիտասարդների թե՛ մտավոր ունակություններով, թե՛ աշխատասիրությամբ. «Հայաստանում էլ կարող է լինել աշխարհի առաջադեմ համալսարաններից մեկը: Ունենալով այսպիսի ուղեղներ, պարզ է, որ ապագան Հայաստանինն է լինելու, ուստի մեծ ցանկություն կա  այստեղ էլ ուսումնասիրություններ անել»:

«Անկախի» հարցին, թե ինչու է Հյուլեն ցանկանում, որ արտերկրում կրթվելուց հետո հայ երիտասարդներն անպայման Հայաստան վերադառնան, պատասխանում է, որ նման ցանկության հեղինակը իր ընկեր, Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Տիգրան Մահտեսյանինն է:

«Իմ երազանքներից մեկն է, որ մեր երկրի ունեցած պոտենցիալը ռեալիզացվի»,- ասում է Մահտեսյանը` հավելելով, որ իր քայլով փորձում է ինչ-որ բանով օգնել իր հայրենիքին:

Հյուլեի հիմնադրած գիտական կենտրոնը Հայաստանում շարունակելու է աշխատել Mindspeller  ծրագրի վրա` փնտրելով այն կատարելագործելու ուղիներ: Mindspeller-ը նաև հայաֆիկացվելու է:

Հյուլեի ստեղծած սարքի շնորհիվ խոսելու և շարժվելու ունակությունից զրկված, բայց ուղեղի ակտիվությունը պահպանած  մարդիկ կարողանում են հաղորդակցվել:  Դրա համար հիվանդն ընդամենը հագնում է գլխարկը և ուշադրությունը սևեռում մոնիտորի վրա գրված այբուբենին` հայացքով ընտրելով իր ուզած տառերը: Մտքի ուժով հիվանդը րոպեում կարող է գրել մի քանի նախադասություն:

«Գլխարկ-սարքն ունի էլեկտրոդներ, որոնք ամրանում են գլխին և հեռակառավարմամբ ուղեղում առկա ակտիվությունը վերածելով ինֆորմացիայի` տեղափոխում են համակարգիչ: Նախկինում գլխարկը պետք է լարերով միանար համակարգչին, այսօր այդ լարերից ազատվել ենք, նախկինում գլխարկի մեջ նաև հատուկ նյութ էր լցվում, որպեսզի էլեկտրոդներն աշխատեին, այսօր այդ նյութն էլ չենք օգտագործում, և գլխարկն օգտագործելուց հետո գլուխը լվանալու կարիք չկա: Արագացել է նաև գլխարկի աշխատանքը. առաջ մի բառ գրելը 20 վայրկյան էր տևում, այժմ նույն ժամանակահատվածում կարելի է մեկ կամ մի քանի նախադասություն կազմել»,- ասում է Հյուլեն:

Համակարգիչ 1-ին դասարանցիներին, ՀՆԱ-ի 1-3 %` գիտությանը, բարձր աշխատավարձ` ուսուցիչներին Նախագահի թեկնածուների խոստումները կրթության և գիտության ոլորտում

ՀՀ նախագահի ութ թեկնածուները, ամեն մեկը յուրովի, շարունակում են  քարոզարշավը` ընտրողներին հատվածաբար ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը և ապագայի Հայաստանի տեսլականը:

«Անկախը» կներկայացնի, թե նախագահի թեկնածուներից ամեն մեկն ինչպիսին է պատկերացնում ապագայի Հայաստանի գիտակրթական ոլորտը:

ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն աչքի է ընկնում բյուրեղացված վիճակով. լավ մշակված է, անտեղի որևէ միտք կամ բառ չկա:

«XXI դարում մրցունակ պետություն նշանակում է մրցունակ կրթական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու, գիտելիք ստեղծելու ունակությունը»,- ասված է ծրագրում:

Այնուհետև կետ առ կետ շարադրված են խոստումները, ըստ որոնց` անցում կկատարվի երաշխավորված 12-ամյա կրթության,  ամեն 1-ին դասարանցու կհատկացվի համակարգիչ, մարզերում կկառուցվեն մանկապարտեզներ, սոցիալապես անապահով խավի համար կապահովվի անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, կհեշտացվի բուհական ընդունելությունը:

Նախընտրական ծրագրով նախատեսվում է բուհերում ուժեղացնել գիտահետազոտական բաղադրիչը, ներդրվելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ,  առաջնային ուշադրություն կհատկացվի հայագիտությանը:

«Բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը՝ միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը: Հետևողականորեն աջակցելու ենք վերջին տարիներին մեր գիտնականների գրանցած հաջողությունների հետագա խորացմանը»,- ամրագրված է ծրագրում:

Վերընտրվելու դեպքում  Սարգսյանը խոստանում է նաև իրավական ամուր հիմք  ստեղծել ակադեմիական գիտության զարգացման համար, աշխատանքներ տանել գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ:

«Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները: Գիտական հիմնարկները ստանալու են գործունեության առավել մեծ ազատություն: Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները: Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ գիտական հիմնարկների և մասնավոր հատվածի առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար»:

Նախընտրական այս դրույթերն առաջին հայացքից գրավիչ են, իրագործման դեպքում կարծես թե խնդիրներ էլ չենք ունենա: Բայց… Ծրագրում չկան «ինչպե՞ս» և «ե՞րբ» հարցերի  պատասխանները, չկան թվերով ու հստակ ժամկետներով արտահայտված խոստումներ ու ծրագրեր: Օրինակ` նվազագույնը քանի՞ համայնք է նոր նախակրթարան ունենալու, ի՞նչ պետք է հասկանալ «գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ» ասելով, գուցե ներկայիս մեթո՞դն էլ է ժամանակակից: «Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները» արտահայտությունը ևս պաթետիկ է, երբ չկա նշված կոնկրետ թիվ: Այլ բան է, եթե  նշվեր, որ այսքան տարի հետո  գիտությանը կհատկացվի, օրինակ, ՀՆԱ-ի 1%-ը:

2013-ին, նախորդ տարվա համեմատությամբ, գիտությանը հատկացվող ֆինանսավորումն ավելացվեց, ամեն տեղ բարձրաձայնվեց այդ մասին, բայց չնշվեց, որ դա օրենքի պահանջն էր և գիտությանը օրենքով սահմանված նվազագույնից մեկ լումա ավելի անգամ չի հատկացվել: Նույնը կարող է կրկնվել: Թվերի ու ժամանակացույցի բացակայությունը ծրագրում կարծես ապահովագրում է ՀՀԿ-ին, որպեսզի հնարավոր չլինի հետագայում ինչ-ինչ դրույթներ չկատարելու մեղադրանքներ հնչեցնել:

Ավելի պրակտիկ է Հրանտ Բագրատյանի ծրագիրն այս ոլորտում. նա  հարյուր քայլերից հինգը հատկացրել է կրթությանը և գիտությանը:

Նա նախատեսում է կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացում մինչև ՀՆԱ-ի 3,2%-ի չափով ներկայիս 2,8-ի փոխարեն, ինչպես նաև բարձրագույն կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցների ավելացում ՀՆԱ-ի 0,8%-ի չափով:

Նախատեսվում է նաև իրականացնել կրթության հավաստագրային ֆինանսավորում. այսինքն` աշակերտի կրթության համար գումարը հատկացվում է ոչ թե դպրոցին, այլ ծնողին, իսկ վերջինս էլ որոշում է, թե որ դպրոց ուղարկի իր երեխային:

Իսկ գիտությանը Բագրատյանը խոստանում է հատկացնել ՀՆԱ-ի 1%-ը ներկայիս 0.24%-ի փոխարեն. «Գիտությունն ամբողջությամբ պետք է տեղափոխել համալսարաններ. գիտությամբ պետք է զբաղվել ուսանողական տարիներից։ Բյուջեի միջոցների հաշվին պետք է ստեղծվի գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման պետական գրանտային համակարգ` թեմատիկ ֆինանսավորման հիմքերով: … Թեմաների ընտրությունը կարվի անկախ տեղական և արտասահմանյան փորձաքննության, հիմնադրամների, պետության կողմից ֆինանսավորվող գիտական խորհուրդների միջոցով»։

Թեկնածուների գիտակրթական ոլորտի ծրագրերից ամենածավալունը Րաֆֆի Հովհաննիսյանինն է. գիտությանը և կրթությանն առանձին-առանձին է անդրադարձ կատարվում: Նա ոչ միայն թվերով ներկայացնում է ներկա իրավիճակը, այլև նշում, թե որոշակի ժամանակ հետո ինչպիսին է ինքը տեսնում ոլորտը և ինչ քայլեր է նախատեսում իրականացնել:

«Համաձայն միջազգային հեղինակավոր հետազոտությունների` ցանկացած երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ այնտեղ գիտությանը հատկացվի ՀՆԱ-ի 2-3%-ը: ՀՆԱ-ի 1%-ն այն շեմն է, որն անհրաժեշտ է, որպեսզի գոնե պահպանվի առկա մակարդակը, դրանից ցածր ֆինանսավորում ունենալու դեպքում երկրին անխուսափելի հետընթաց է սպասում: Գիտությունը պետության ամենաարդյունավետ ռազմավարական ներդրումն է, որը թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ կտրվածքով իր նպաստն է բերում մյուս բոլոր ճյուղերի առաջընթացին ու ներդաշնակ զարգացմանը: Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակն անընդունելի է: Այն սպառնում է մեր երկրի երբեմնի հզոր գիտական ներուժի ոչնչացմանը, բազմաթիվ փայլուն գիտնականների արտագաղթին` «ուղեղների արտահոսքին»,- ասված է ծրագրում:

Հովհաննիսյանը նախատեսում է.  «Արմատական բարեփոխումներ իրականացնել ՀՀ գիտության կառավարման ու համակարգման բնագավառում և գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարևորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին: Այն իրականացնել հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2014 թ. պետական բյուջեում ապահովելով ֆինանսական հատկացումներ` ՀՆԱ-ի 1%-ի չափով, իսկ մինչև 2020-ը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի և տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի: Որպես գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանման միջոց` կիրառել գիտությունում կատարված ներդրումների կրկնապատիկի չափով շահութահարկի նվազեցում»:

Հովհաննիսյանը խոստանում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությամբ ազատել գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից, ապահովել 2000 թ. ընդունված «Թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը, ընդունել անկախ գիտական փորձաքննության մասին օրենք, խթանել գիտություն-արտադրություն կապը և այլն:

Նա նաև խոստանում է գրահրատարակչության ոլորտը լիովին ազատել ավելացված արժեքի հարկից և շահութահարկից, ինչպես նաև բուհերից երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական, գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար ստեղծել լրացուցիչ հաստիքներ` բարձր աշխատավարձով:

Կրթության ոլորտում անհրաժեշտ քայլեր է համարում արդի պահանջները բավարարող մանկավարժական կազմի ձևավորումը, կրթական մասնագիտությունների ցանկի և  կրթության որակի մակարդակի համապատասխանեցումը շուկայական տնտեսության ժամանակակից պահանջներին, հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանը միտված կրթության նոր մեխանիզմների ներդրումը, դպրոցների կառավարման համակարգի շարունակական բարեփոխումը, հաշմանդամ և անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերի հատուցումը, բոլոր մակարդակներում կոռուպցիոն երևույթներ ծնող պատճառների դեմ պայքարը և այլն:

Մատնանշված քայլերն իրականացնելու համար, ըստ ծրագրի, հարկավոր է ՀՀ պետական բյուջեում կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 5,5%-ի: Ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության 18-ժամյա չափանիշը, որն ուսուցչին հնարավորություն կտա զբաղվելու ինքնակրթությամբ, ինչպես նաև բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, ինչպես նաև մանկավարժական բուհերում բարեփոխել կրթության որակն ու մակարդակը` դպրոցը որակյալ ուսուցիչներով ապահովելու համար:

Նախատեսվում է նաև պակասեցնել կրթության ոլորտում հարկային բեռը` միաժամանակ խստացնելով բոլոր բուհերի  նկատմամբ կիրառվող այն չափորոշիչները, որոնք վերաբերում են արդիական նյութատեխնիկական բազայով ապահովվածությանը, նորագույն արտասահմանյան գիտակրթական մեթոդաբանության ձեռքբերմանն ու ներդրմանը, դասախոսների վերապատրաստմանը, կրթության որակի ապահովմանն ուղղված այլ ցուցանիշներին:

Հովհաննիսյանը նախատեսում է նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ:

Մյուս թեկնածուների ծրագրերում կրթությանը և գիտությանը կա՛մ անդրադարձ չկա, կա՛մ մեկ-երկու տող է հատկացված:

Այսպես, առայժմ հրապարակված է Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրի հենքը, որտեղ նշված ոլորտների մասին ոչինչ չի ասվում:

Արման Մելիքյանի նախընտրական ծրագրի նպատակներից է «ապահովել գիտակրթական ոլորտի նպատակային ու հետևողական զարգացումը պետության կողմից ընդունված չափանիշներին համապատասխան»:

Անդրեաս Ղուկասյանը նախատեսում է մշակել ու իրականացնել «2014-2020 թթ. ազգային զարգացման յոթնամյա ծրագիր», որի նպատակներից կլինի նաև «երաշխավորել բարձրագույն կրթության հասանելիությունը,  ստեղծել գիտատեխնիկական բազա ազգային նորարարական տնտեսության  զարգացման համար»:

Վարդան Սեդրակյանի` էպոսի վրա  հիմնված ծրագիրը դեռևս ամբողջական տեսքով հասանելի չէ. թեկնածուն ակտիվ քարոզարշավը կսկսի փետրվարի 1-ից:  Արամ Հարությունյանն էլ, որ նախատեսում է դուրս գալ ընտրապայքարից,  ծրագիր չի հրապարակել:

Ինչո՞ւ են 16 բանասերները միասին ստեղծել «դիվային» շտեմարան

շտեմարանԿրքերը հայոց լեզվի և գրականության շտեմարանի շուրջ թեժացել են

 

2013-ի պետական ավարտական և միասնական քննությունների հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանի առաջին հատորի հրապարակումից հետո կրքերը չեն հանդարտվում. աշակերտներն ու բանասերները դժգոհում են շտեմարանի արհեստական բարդությունից և պահանջում վերանայել այն:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Կարապետյանն ասում է, որ նոր շտեմարանն ավելի շատ ուսուցիչների, քան թե աշակերտների համար է. «Դիվային շտեմարան է: Իրավիճակ է ստեղծվել, երբ անգամ կրկնուսույցին է կրկնուսույց հարկավոր»: Կարապետյանն ասում է, որ շտեմարանում ընդգրկված են հազվադեպ կիրառվող բարբառային բառեր և հնաբառեր, որոնց աշակերտը դպրոցական ուսումնառության ընթացքում երբևէ չի առնչվում: Որպես օրինակ նշում է հետևյալ բառերը` դեդևել, հեթեթալ, այսահար, օրրերգ:

Դժգոհում է նաև գնահատման մեխանիզմներից: Օրինակ` «Ուղղագրություն» բաժնում պահանջվում է տրված բառերով բաղադրյալ հատուկ անուններ կազմել: Եթե աշակերտը պատասխանում նշված թվից գեթ մեկ բառ պակաս կազմի, միավոր չի վաստակի, մինչդեռ աշխատանք է կատարել:

Կարապետյանն ասում է, որ շտեմարանի առաջադրանքները ճիշտ գրելու համար բավարար գիտելիք ունեցող երեխան կունենա բանասիրության ֆակուլտետի շրջանավարտի գիտելիքներ. «Էլ  բուհում ի՞նչ պիտի նրան սովորեցնեն, մանավանդ եթե բանասիրության ֆակուլտետի դիմորդ չէ»:

Մասնագետի կարծիքով` առաջադրանքների բարդացման պատճառն անցած տարվա բարձր գնահատականներն են:  Այս տարվա շտեմարանը որևէ մեկը չի կարող անգիր անել. «Երեխան ոչ միայն առանց կրկնուսույցի, ինքուրույն չի կարող պարապել ու բուհ ընդունվել, այլև այնքան է բարդացել, որ նախկին երկու տարվա փոխարեն հիմա պետք է երեք տարի պարապի»:

Առանց կրկնուսույցի բուհ ընդունվելու անհնարինությունը փաստում է նաև  Մ. Խորենացու անվան թիվ 143 դպրոցի ուսուցչուհի Գայանե Սարգսյանը. «Ո՞ւմ օգնությամբ աշակերտը պետք է պեղի բառարանները»: Նրա կարծիքով`  շտեմարանային առաջադրանքները կոչված են շփոթեցնելու աշակերտին, դժվարացնելու նրա գործը. եթե նախկինում պատասխաններից երկուսը սխալ էին, մեկը ճիշտ և մեկն էլ` ճշմարտանման, ապա ներկայիս շտեմարանում հարցերի զգալի մասը ճշմարտանման է:

Վրիպակներ ու սխալներ կան ոչ միայն շտեմարանում, այլև անգամ կազմին, որտեղ «1-ին մաս» կամ «I մաս» գրության փոխարեն նշված է «1 մաս»:

«Շտեմարանը նահանջել  է իր բուն նպատակից: Մենք պետք է երեխաներին սովորեցնենք սիրել մայրենին, գրագետ լինել, ճիշտ արտահայտել իրենց մտքերը, գեղեցիկ խոսել,- ասում է Սարգսյանը: – Արդյոք շտեմարանն օգնո՞ւմ է աշակերտին: Շտեմարանը երեխայի մեջ տագնապ է առաջացնում, ավելորդ լարում, հուզում: Բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխաները սիրեն մայրենին, բայց հակառակ երևույթն է առաջանում»:

«Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց  դեդևելու: Մենք քերովբեներ չենք»

Հայոց լեզվի և գրականության շտեմարանից իրենց դժգոհությունն արտահայտեցին նաև աշակերտները:

12-րդ դասարանցի Գրիշա Էձգերիձեի կարծիքով` շտեմարանն ավելի շատ բթացնելու համար է ստեղծված, քան կրթելու:

12-րդ դասարանցի Աննա Մուրադյանն էլ ասում է, որ մինչ շտեմարանի հրապարակումը, թեստերից կարողանում էր 17-18 միավոր հավաքել, բայց այժմ խուճապի մեջ է և միակ հույսն այն է, որ գոնե անգլերենից բարձր գնահատական ստանա:

Որպես անհեթեթ  հարցի օրինակ` աշակերտները մատնանշում են հետևյալ հարցը. «Ո՞ր շարքում են պատմավեպերի միայն դայակների և աղախինների անունները»: Եվ հարցնում են. «Եթե չենք հիշում Սամվելի դայակի անունը, նշանակում է պատմավեպին ծանոթ չե՞նք»:

Շտեմարանում կան նաև օտարաբանություններ, օրինակ` «Ուղղագրություն» բաժնի բառերից է «մասսա» բառը, որի հայերեն համարժեքն է «զանգված»-ը:

Գրիշան իր դժգոհությունը  նամակի միջոցով ուղարկել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` կից շարադրելով նաև շտեմարանային բառերից կազմված հետևյալ նախադասությունը. «Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց դեդևելու: Մենք քերովբեներ չենք»:

Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այդ նախադասությունը շտեմարանի հետ կապ չունի, բայց  խոստացավ, որ քննական առաջադրանքներում անորակ և սխալ թեստեր չեն լինելու: Շտեմարաննները, սակայն, կմնան անփոփոխ:

ԳԹԿ–ն դժգոհությունները չափազանցված է համարում

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի կարծիքով` դժգոհությունները հայոց լեզվի և գրականության նոր շտեմարանից չափազանցված են: Ասում է, որ ԳԹԿ-ում հեղինակային խմբի և մասնագետների ներկայությամբ շտեմարանը քննարկվել է, և առանձնացվել  է 21 առաջադրանք, որոնք ենթադրաբար տեղ չեն գտնի քննական թեստում: Որոշումն առաջիկայում կհրապարակվի:

Ասում է, որ մեծ խնդիր չէ, եթե 7 հազար առաջադրանք պարունակող շտեմարանում 50-100 հարց խոտան լինի կամ մասնագետների կողմից ոչ պիտանի ճանաչվի: «Կարևորն այն է, որ շտեմարանը  դեռ քննական թեստ չէ,  և նման հարցերը չեն ընդգրկվի թեստի մեջ»:

Նոր շտեմարանի բարդությունը, ըստ Իսպիրյանի, նույնպես արհեստական չէ: «Շտեմարանի առկայության դեպքում, բնականաբար, գնահատականները բարձրացան, քանի որ բազան բաց է, երեխաները ծանոթ են առաջադրանքներին, պարապում են, անցած տարվա բարձր գնահատականները տրամաբանական էին: Բայց բարդացումն արհեստական  չէ: Այն, որ մի քիչ ավելացել են առաջադրանքները, և  դրանց տեսակն է փոխվել, դա թեստաբանության զարգացման միտումների մեջ է,- ասում է Իսպիրյանը:- Համաշխարհային պրակտիկայում թեստը 3 մասից է բաղկացած. ընտրովի պատասխաններով առաջադրանքներ, կարճ պատասխանով առաջադրանքներ, ինչը ենթադրում է նոր շտեմարանը, և  ընդարձակ պատասխանով առաջադրանքներ: Վերջինս  մեզ մոտ դեռ չի կիրառվում»:

ԳԹԿ ներկայացուցչի կարծիքով` պարզապես դժվարացել է պատահական պատասխան ընտրելու տարբերակը, իսկ իմացող երեխայի համար ձևակերպումը կարևոր չէ:

Իսպիրյանը նշում է, որ նոր տիպի առաջադրանքները կազմելու են 80 հարցանոց թեստի միայն մեկ հինգերորդը և ունենալու են 4 միավորի արժեք, այնպես որ անցած տարվա շտեմարանը լավ յուրացրած դիմորդները կկարողանան վաստակել առավելագույնը 16 միավոր:

Շտեմարանի կողմնակիցների և հակառակորդների «բանակները» օն–լայն պայքար են մղում

Շտեմարանների դեմ պայքարն անցել է նաև օն-լայն հարթակ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջ: Նախաձեռնության ներկայացուցիչները պահանջում են քննություններն անցկացնել անցած տարվա կարգով` չեղյալ հայտարարելով 2013-ի պետական ավարտական և միասնական քննությունների շտեմարանի նոր հրապարակված հատորները և ուղեցույցը:

Որպես հակակշիռ նշված էջին` ստեղծվել է նաև «Այո շտեմարաններին» էջը, որն էլ կոչ է անում «պայքարել շտեմարաններից անտեղի դժգոհողների դեմ»:

Մինչ հանրությունը  իրական ու վիրտուալ աշխարհներում դժգոհում է ու պահանջում փոփոխել շտեմարանային առաջադրանքները, լույս տեսավ նաև երկրորդ հատորը, որն առաջադրանքների բնույթով նման է առաջինին: Շուտով կհրապարակվի նաև 5-րդ հատորը, որը կամփոփի 2011-ի շտեմարանի առաջին և երկրորդ հատորները: Իսկ նախորդ տարվա շտեմարանի 3-րդ և 4-րդ հատորներն ուժի մեջ են: Ընդհանուր առմամբ շտեմարանի 5 հատորներում զետեղված կլինի 7 հազար առաջադրանք` նախորդ տարվանից 2 հազարով ավելի:

Շտեմարանի  հեղինակներն են Փառանձեմ Մեյթիխանյանը, Աշխեն Ջրբաշյանը, Ալբերտ Մակարյանը, Ռիտա Սաղաթելյանը, Մարիամ Կուլախսզյանը, Պետրոս Կարեյանը, Անիչկա Ղազարյանը, Միրցա Հալաջյանը, Աննա Աբաջյանը, Լեոնիդ Թելյանը, Սամվել Մուրադյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Գայանե Խալաթյանը, Գայանե Մկրտչյանը, Արշալույս Գալստյանը, Վաչագան Ավագյանը:

Հ.Գ.

Նյութն արդեն պատրաստ էր, երբ հրապարակվեց ԳԹԿ որոշումը շտեմարանի վերաբերյալ: Ըստ այդմ` «Հայոց լեզու և հայ գրականություն»  առարկայի շտեմարանի 5-րդ հատորում կզետեղվեն բոլոր շտեմարաններում տեղ գտած վրիպակների, պատասխանների սխալների ու առաջադրանքների սխալ ձևակերպումների ուղղումները: Ինչպես նաև շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից կհանվեն առաջադրանքները, որոնցում առկա են  զօրհանապազ, տարրույթ, մրտիմ, դաստառակ, փսփսուկ/ք, քսուկ/ք, ազազուն, պարեխ, կայլակ, տմույն, բարեմույն, գուլ, գուբ, հույլ, հեղ, պարտասուն, մուշկ, պարիկ, մաշտոց, անդրենածին, կնդրուկ, արհավրալի բառերը:

Սիրային նամակներ Մորզեի այբուբենով…

«Մորզեի այբուբենը մի անգամ սովորեցիր` էլ մոռանալ չկա. մինչև կյանքի վերջը կհիշես: 20 տարվա ընդմիջումից հետո էլ ականջս անմիջապես որսում է ազդանշանները»,- ասում է 62-ամյա Ելենա Միկոյանը:

Երբ պատահաբար ֆիլմերում Մորզեի այբուբենով հաղորդագրություն են փոխանցում, այլոց ականջի համար անիմաստ ճտպտոցից տիկին Ելենան անմիջապես զգաստանում է, ու մինչ ֆիլմում հաղորդագրությունը կբարձրաձայնեն, Մորզեի այբուբենի մասնագետն ինքն է ապակոդավորում հաղորդագրությունը:

«Սա միջազգային լեզու է, հաղորդագրությունը նույնությամբ հասկանում եմ թե՛ ես, թե՛ անգլիացին, թե՛ որևէ այլ ազգի ներկայացուցիչը, պետք է ընդամենը Մորզեի այբուբենն իմանալ,- ասում է տիկին Ելենան:- Հիմա մեկին որ տեսնում ենք, թե ինչպես է սահուն օտար լեզվով խոսում, ինչպես ենք հիանում, նա էլ հպարտանում է, նույնը և իմ պարագայում. շրջապատի մարդիկ հիանում էին, որ ես իրենց համար անիմաստ ճտպտոցն իմաստավորում եմ, ես էլ հպարտանում էի, որ գիտեմ լեզու, որին մյուսները չեն տիրապետում»:

Դպրոցն ավարտելուց հետո ուսումնարան է ընդունվում, սակայն հաշվապահի մասնագիտությունը կիսատ է յուրացնում. հայրը դեմ էր դստեր ընտրած մասնագիտությանը: Հենց այդ ժամանակ էլ Մարտունիում պետք է օդանավակայան բացվեր, սակայն մասնագետ աշխատակիցներ չկային: Ելենային Երևան են գործուղում` ռադիստի մասնագիտությունը սովորելու: Նախատեսված 6 ամսվա փոխարեն Ելենան 3 ամսում յուրացնում է Մորզեի այբուբենը և Մարտունի վերադառնում:

Ասում է, որ Մորզեի այբուբենին տիրապետելու համար մարդ պետք է դիմացկուն լինի ու մինչև վերջ գնալու կամքի ուժ ունենա. «Կան չէ, մարդիկ, որ օտար լեզու են ուզում սովորել, բայց համբերությունը չի հերիքում մինչև վերջ հասնելու: Նման մի օտար լեզու էլ Մորզեի այբուբենն է»:

Երբ սիրած տղային բանակ են զորակոչում, վերջինս Ելենային խնդրում է իրեն նամակներ գրել: Սիրահար զույգը միմյանց հետ կապ պահպանելու յուրօրինակ լուծում է գտնում: Ծառայության առաջին ամիսներին Ելենան իր սիրեցյալին սովորեցնում է Մորզեի այբուբենը, ապա միմյանց նամակներ են գրում այդ այբուբենով` իրենց համար իմաստավորված, այլոց համար անիմաստ կետեր ու գծեր:

Ամուսնանալուց հետո, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, Ելենան ցանկանում է թողնել աշխատանքը օդանավակայանում, սակայն ղեկավարությունը չի ցանկանում կորցնել  իր լավագույն աշխատակցին: Ամուսնուն էլ են աշխատանքի ընդունում օդանավակայանում, Մարտունիում էլ ամուսիններին բնակարան են հատկացնում, որպեսզի Ելենան շարունակի աշխատել որպես ռադիստ:

«Միշտ զգոն եմ եղել, որ հանկարծ սխալ բան չհաղորդեմ, անգամ մի փոքր սխալը կարող էր ողբերգության պատճառ դառնալ: Գիտակցությունը, որ քեզանից այլոց կյանքերն են կախված, պարտավորեցնում է»,- ասում է նա:

Եվ նույն զգոնությամբ ու պատրաստակամությամբ տիկին Ելենան 12 տարի շարունակ օրական 10-12 չվերթ է սպասարկել:

«Անփորձանք ծառայություն ենք իրականացրել, բայց մի անգամ դեպք պատահեց,- հիշում է տիկին Ելենան:- Երեկոյան վերջին թռիչքն էր, ինքնաթիռը բարձրացավ, ես էլ հաղորդեցի Երևանին «Всем, всем, следите…» ու կանգ առա. ինքնաթիռը մի քանի մետր բարձրանալուց հետո վայր ընկավ: Անմիջապես SOS հաղորդեցի, մի քանի րոպեից Երևանից 3 ինքնաթիռ ժամանեց: Բարեբախտաբար զոհեր չկային, մի քանի ուղևորներ թեթև վնասվածքներ էին ստացել: Բայց ինքնաթիռը շարքից դուրս էր եկել, 12 տեղանոց թեթև ինքնաթիռ էր: Օդաչուին մեկ տարի հարկադիր աշխատանքի դատապարտեցին, երկրորդ օդաչուին էլ երկու տարով զրկեցին թռչելու իրավունքից»:

Խորհրդային տարիներին աշխատակիցներին խրախուսելու համար պարբերաբար մրցույթներ էին կազմակերպվում` պարզելու, թե ով կարող է րոպեում ավելի շատ թվեր ու տառեր որսալ և հաղորդել:

Տիկին Ելենան բոլոր մրցույթներից մրցանակներով է վերադարձել: «Եթե մրցույթին ես մասնակցում էի, ուրեմն մրցանակային տեղերից մեկն անպայման իմն էր,- հիշում է նա` հավելելով, որ մոտ տասը տարի առաջ` հիասթափության պահին, այրել է բոլոր պատվոգրերն ու շնորհակալագրերը:- Մտածեցի, թե էլ ում է պետք, մասնագիտությունս էլ, աշխատանքս էլ անցյալում են մնացել: Բայց հիմա շատ եմ զղջում»:

80-ականների կեսերին տիկին Ելենային հրավիրում են  դասավանդելու ԴՈՍԱԱՖ-ում: Աշխատանքի 5 տարիների ընթացքում հասցնում է 100 աշակերտի սովորեցնել Մորզեի այբուբենը: Հիշում է, որ շատ էին հատկապես տղաները. վերջիններս բանակում կապավոր էին դառնում, մասնագիտությունը պահանջված էր այն ժամանակ:

«Երեխաների հետ աշխատանքն ավելի հետաքրքիր էր: Հաճույքով էի սովորեցնում. օրական մի քանի հերթ էի պարապում: Հիմա էլ աշակերտներիս հետ ջերմ հարաբերություններ ունեմ, ճանապարհին հանդիպելիս խոսում ենք, հիշում այն օրերը»:

«Միշտ սիրել եմ իմ գործը ու հպարտացել դրանով: Հիմա էլ, եթե հնարավորություն լիներ, մեծ հաճույքով կաշխատեի որպես ռադիստ կամ կդասավանդեի,- ասում է տիկին Ելենան` ափսոսելով, որ իր սարքավորումները չի պահել մինչև մեր օրեր, գոնե թոռներին կսովորեցներ, ինչպես ժամանակին իր 3 երեխաներին է սովորեցրել:- Մասնագիտությունս, ցավոք,  կյանքիցս դուրս մնաց, էլ հետաքրքրվող չկա»:

Վերակառուցումը փոփոխություններ է մտցնում նաև օդանավակայանի աշխատանքում: Նոր օդանավակայան է բացվում Կամոյում (ներկայիս Գավառում), օդային հնարավոր բախումներից խուսափելու համար Մարտունոց իրականացվող չվերթների ուղին փոխվում է, երկարում, ինչի պատճառով տոմսն է թանկանում մինչև 5 ռուբլի, հետևաբար, ուղևորներն էլ քչանում են:

«Այն ժամանակ թե՛ ավտոբուսի, թե՛ ինքնաթիռի տոմսը 2 ռուբլի 50  կոպեկ էր, ուստի մարդիկ նախընտրում էին ինքնաթիռով Երևան գնալ, իրենց գործն ու առևտուրն անել, երեկոյան վերադառնալ: Բայց տոմսի արժեքի թանկանալուց հետո չվերթները նվազեցին կիսով չափ, օրական հազիվ 6 թռիչք էր կատարվում»,- հիշում է տիկին Ելենան: 90-ականներին արդեն օդանավակայանը դադարեցնում է գործունեությունը, մասնավորեցվում, ապա մաս-մաս քանդվում:

ԽՍՀՄ փլուզումից հետո տիկին Ելենան նոր աշխատանքի է անցնում, այժմ ավիատոմսերի վաճառքով է զբաղվում:  Ասում է, որ ռադիստի մասնագիտությունն իրեն համբերատարություն է սովորեցրել, ինչի շնորհիվ էլ հիմա կարողանում է իր գործը հաջողությամբ կատարել:

 

Նորակոչիկները` ծառայության դժվարությունների, լավ ու վատ կողմերի մասին

զինվորներՊաշտպանության նախարարությունը մի խումբ լրագրողների հնարավորություն էր ընձեռել այցելելու զորամասերից մեկը և հետևելու նորակոչիկ զինվորների ծառայությանը:

18-ամյա Արթուր Սաֆարյանն արդեն բանակում ծառայելու մեկշաբաթյա փորձ ունի, 7 օր առաջ է բանակ է զորակոչվել: «Տղան պետք է ծառայի, մենք էլ եկել ենք բանակ ծառայելու»,- ասում է Արթուրը և հավելում, որ բանակ ճանապարհելիս ծնողներն ասել են. «Գնա, լավ ծառայի ու հետ արի տուն»: «Ու ես այդպես էլ կանեմ»,- ասում է մարտունեցի Արթուրը:

Արթուրն ու իր նորակոչիկ ծառայակիցները ՊՆ N զորամասում մեկամսյա նախապատրաստություն են անցնում, այսպես կոչված կարանտինում են, որից հետո արդեն կուղարկվեն տարբեր զորամասեր ծառայության:

Արթուրը պատմում է, որ ծառայության 7 օրերի ընթացքում արդեն  իսկ հասցրել է որոշ դժվարություններ հաղթահարել և նոր բաներ սովորել .«Առաջին երկու օրը դժվար էր շուտ արթնանալը, բայց սովորում եմ: Շարային ենք սովորել: Սկզբում չէինք  կարողանում ճիշտ քայլել, բայց հիմա քիչ-քիչ ստացվում է: Սովորել ենք նաև երդման տեքստը, օրհներգը, հերոսների գործունեությունը»:

Հարցին, թե զինվորական կոշիկներին կարողացե՞լ է հարմարվել, պատասխանում է, որ կոշտուկներից խուսափելու համար մեկ չափս մեծ կոշիկ է վերցրել և խնդիրներ չի ունեցել:

Արթուրը չի դժգոհում նաև ճաշարանից, ասում է, որ սիրում է հատկապես մակարոնով փլավը և աղցանները. «Էստեղի ճաշերն էլ տան ճաշերի նման են, էնպես չէ, որ վատն են»:

Վստահեցնում է, որ ծառայության մի քանի օրերի ընթացքում որևէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել, սպաների հեռախոսներով էլ 4-5 անգամ տուն է զանգել:

7-օրվա զինվոր Արթուր Հովհաննիսյանն էլ ասում է, որ վաղ վերկացներից ու ֆիզպատրաստության պարապմունքներից չի դժվարանում. մինչ բանակ  զորակոչվելը տարիներ շարունակ կարատեով է զբաղվել: Խոստովանում է, որ քաղաքացիական ազատ կյանքից հետո մի քիչ բարդ  է կանոնակարգված գործելը, հրամաններ կատարելը, բայց «ոնց էլ լինի, կհարմարվենք, քանի որ երկու տարի այստեղ ենք»: Պլանավորում է, որ զորացրվելուց հետո ֆիզկուլտինստիտուտ ընդունվի:

N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Ազիբեկյանն ասում է, որ 90-ականներին նորակոչիկները լավ պատրաստված էին զորակոչվում բանակ, հետո աստիճանաբար անկում տեղի ունեցավ. «Հիմա էլի զգացվում է դպրոցների աշխատանքը, ռազմագիտություն են անցնում, այլ առարկաներ, ընտանիքներում էլ համեմատաբար դաստիարակություն են տալիս: Բայց ընտանիքն ու դպրոցը դեռ շատ անելիք ունեն: Պետք է երեխային ֆիզիկապես կոփեն, ընտանիքն էլ խրախուսի երեխայի մարզված լինելը: Հետո արդեն` գաղափարական դաստիարակությունը»:

Փոխգնդապետն ասում է, որ ունենում են նաև անտառաճանաչ  կամ հայերեն գրել-կարդալ չիմացող զինվորներ, բայց քիչ` 500-ից 10-12-ը, որոնք հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են կամ սփյուռքահայեր: Նման զինվորներին լրացուցիչ պարապմունքներով գրել-կարդալ են սովորեցնում:

Նորակոչիկների կրթական մակարդակից դժգոհում է նաև N զորամասի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, փոխգնդապետ Խաչիկ Պետրոսյանը: Նա նշում է, որ նորակոչիկները ոչ միայն ռազմագիտությունից են կաղում, այլև հայրենասիրական դաստիարակությունից. «ՊՆ-ն օժանդակում է դպրոցներին, բայց դա դեռ բավարար չէ, որ բարձրդասարանցի աշակերտը կարողանա զենքը, օրինակ, քանդել-հավաքել: Դպրոց դե ֆակտո ունենք, բայց դե յուրե չի տալիս այն իմացաբանական մինիմումը, որ պետք է երիտասարդին պատրաստ բանակ ծառայության ներկայանալու համար»:

Պետրոսյանն ասում է, որ ամեն ինչ գալիս է ընտանիքի և դպրոցի բացթողումից: 18 տարի երեխայի դաստիարակությունը բարձիթողի մատնած ծնողը պահանջում է, որ երկու տարվա ընթացքում իր տղայից անթերի դաստիարակությամբ մարդ կերտեն, ինչն անհնար է:

«Բանակն այն կառույցն է, որտեղ զինվորը պարտավոր է ծառայել հանուն հայրենիքի: Այս գիտակցությունը, սակայն, դեռ բավարար մակարդակի վրա չէ: Այդ գիտակցությունը եթե լիներ, վստահ եմ` մեր բանակը շատ ավելի  գիտակցված մակարդակի վրա իր ծառայությունը կկազմակերպեր:  Կան զինվորներ, որ  փայլուն են գիտակցում իրենց ծառայության կարևորությունը: Կա նաև հակառակը»,- ասում է Պետրոսյանը` հավելելով, որ բացատրական, անհատական ու կոլեկտիվ  աշխատանքներով փորձում են նման զինվորների մեջ սերմանել այդ գիտակցությունը:

Այցելում ենք նաև զորամասի ճաշարան, որտեղ ընթանում են ընթրիքի նախապատրաստական աշխատանքները: Ճաշարանի պետ, ավագ ենթասպա Թևոս Ռաֆայելյանն ասում է, որ նորակոչիկներին հատուկ ուշադրություն է դարձնում. «Ուտում են, նորակոչիկներն էլ, բոլորն էլ: Առաջին օրն են խնդիրներ առաջանում, տնից եկել են, սովոր չեն: Հաջորդ օրն ասում են` էլի կտա՞ք»:

Հարցին, թե ինչ են հիմնականում ուտում զինվորները, Ռաֆայելյանն  ասում է, որ ճաշացանկը տարբեր է` կախված ժամանակից:  Իսկ սնունդի չափն ամեն զինվորի համար սահմանված է ու պահպանվում է: Օրինակ` ամեն զինվորի օրական հատկացվում է 70 գրամ շաքարավազ, օրը մեջ` 100 գրամ ձուկ և այլն:

Ցույց է տալիս խոհանոցի սենյակները, որտեղ կաղամբ են կտրում, ձուկ մաքրում, ճաշ եփում: Աշխատողները քաղաքացիական անձինք են: Վերակարգի զինծառայողները պատրաստի սնունդը խոհանոցից սեղաններ են հասցնում:

Երեք շաբաթից նորակոչիկները հանդիսավոր կերդվեն ծառայել հայրենիքին ու ամեն մեկն իր ծառայությունը կշարունակի որևէ զորամասում` արդեն ծանոթ ու պատրաստ բանակային ծառայությանը:

Հ.Գ.

Ակամա մտովի համեմատեցի ԼՂՀ զորամասերից մեկը, ուր գարնանն էինք այցելել,  տվյալ զորամասի հետ: ԼՂՀ զորամասում կարգուկանոնը աչքի էր զարնում հենց մուտքից: Քայլքն  ու խոսքը` մեկ մարդու  պես հավասար, ցանկության դեպքում նույնիսկ հնարավոր չէր արտաքուստ որևէ թերություն նկատել.  անգամ քարերն էին փայլում, այնպիսի տպավորություն էր, որ ծառի տերևներն էլ իրենց դիրքն ընդունել էին  հրամանով: ՊՆ ենթակայության զորամասում ևս մաքրություն էր, արտաքուստ կարգ ու կանոն, սակայն չկար արցախյան զորամասից ստացված «հիստերիկ» մաքրության և կարգ ու կանոնի տպավորությունը:

Ի դեպ, Արցախի մի քանի զորամասերի հրամանատարները դժգոհում էին զինվորների` մեծ ծավալների հասնող անգրագիտությունից` նշելով, որ եթե գումարում-հանում իմացող, մաթեմատիկայից գլուխ հանող զինվոր են նկատում, անմիջապես համապատասխան ծառայության են ուղարկում: Որպես կանոն, դպրոց չեն հաճախում կամ վատ են սովորում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Եզրակացությունը մնում է ընթերցողին:

 

Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարները վտանգված են

ջավադյանՆոյեմբերի 3-ին Հանրային խորհուրդը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց առաջարկությունների փաթեթ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ  համակարգերի անցման մասին: Թեմայի մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել ՀԽ  գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի հետ:

– Պարոն Ջավադյան, ի՞նչն առիթ դարձավ, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ համակարգերի անցման հարցը քննարկվի Հանրային խորհրդում:

– Արարատյան արտեզյան ավազանը ջուր է մատակարարում և՛ ոռոգման, և՛ խմելու նպատակով, ինչպես նաև ձկնային տնտեսություններին ու արտադրական նպատակներով, այսինքն` բոլոր նպատակներով: Արտեզյան ավազանի երկարությունը 120 կմ է, լայնությունը` 10-30 կմ, սնվում է Մասիս, Հայկական պար, Արագած և Գեղամա լեռներից:

Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների ուսումնասիրությամբ հաստատվել է, որ պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է: Սա այն պաշարն է, որից ավելի ջուր վերցնելու իրավունք չունենք: Եթե վերցնենք, սկսվելու է պաշարների սպառում: Հենց այդ երևույթն էլ սկսվել է:

Քանի որ ջրառի թույլտվությունները 1990-ից հետո ավելի շատ են, քան ջրային պաշարները, բավական ծանր վիճակ է ստեղծվել: Եվ մինչև հիմա ինչքան ցանկացել ենք, որ պաշարների նոր ուսումնասիրություն լինի, թեկուզ` հաշվարկային կարգով, չի եղել, սակայն ջրառի թույլտվությունները շարունակվում են: Միայն ձկնային տնտեսություններն օգտագործում են տարեկան ջրառի թույլատրելի պաշարների չափ ջուր, այսինքն` ոռոգման, խմելու, արտադրական և այլ նպատակների համար հավելյալ ջրային պաշարներն են օգտագործվում, ինչի պատճառով պաշարները նվազում են:

Ջրառը թույլ տվող կազմակերպություններն այդ բոլորը պետք է գոնե հետագայում հաշվի առնեն, որպեսզի դադարեցնենք պաշարների սպառումը և ստորերկրյա ջրավազանին կամաց-կամաց վերականգնվելու հնարավորություն տանք:

– Ջրային պաշարների վերաբերյալ արդյոք նոր ուսումնասիրություններ կա՞ն: Ինչպիսի՞ն է պաշարների օգտագործման ներկա վիճակը:

– Ուսումնասիրություններ 1984-ից հետո չեն կատարվել: Մի 2-3 տարի առաջ առաջարկել ենք նման ուսումնասիրություն կատարել, սակայն նախարարությանն այդքան գումար չի հատկացվել: Ուսումնասիրության արժեքը գնահատվել է 250 մլն դրամ:

2008-ին բնապահպանության նախարարությունը, ըստ «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի պահանջների, կատարել է գույքագրում: 2010-ին, զգալով պաշարների նվազումը ,փոխվարչապետ պարոն Գևորգյանի կողմից կազմվել է հանձնաժողով, որին մասնակցել են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները, ջրպետկոմի ներկայացուցիչը և Արարատի ու Արմավիրի մարզպետարանների ներկայացուցիչներ: Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ երկու մարզերի համայնքները փականային ռեժիմ չունեն, և ջուրն անխնա հոսում է: Տարեկան 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը: 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային տնտեսություններն են ծախսում: Ընդհանուր, բոլոր ոլորտները հաշվարկած, տարեկան ՀՀ-ից 1 մլրդ 770 մլն ջուր ենք թափում Արաքս գետը և սահմաններից դուրս ուղարկում:

– Թույլատրելիից ավելի ջրի օգտագործումը տեսանելի խնդիրների հանգեցրե՞լ է:

– Այո: Ջրպետկոմն ուսումնասիրել է Մեծամոր գետի ավազանի վիճակը: Ավազանը ժամանակին սնվում էր ստորերկրյա աղբյուրներից և 303 շատրվանող հորերից: Դրանցից 122-ն իսպառ չորացել են: 1990-ին գետի ավազանում ունեցել ենք 18 խմ/վրկ ջուր: Ստուգման ժամանակ պարզվել է, որ հասել է 604 լիտր/վրկ-ի: Այսինքն` առնվազն 10 անգամ պակասել է: Այժմ և՛ Ակնա լճում, և՛ Մեծամոր գետի վերին հոսանքներում ջուր չունենք, դրա հետևանքով 6000 հա հողեր զրկվել են ջրի աղբյուրից:

Ստիպված ենք արդեն հաջորդ տարվանից (այս տարի էլ ենք բաց թողել, բայց հաջորդ տարվանից ավելի շատ) մոտ 70 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել Սևանա լճից: Ստացվում է, որ Սևանից պիտի հավելյալ ջուր բերենք, բայց տեղի պաշարներն էլ` 1,770 մլրդ խմ, առանց նպատակին ծառայեցնելու, լցնենք Արաքսը: Սա է մեր անհանգստության պատճառը:

Կան նաև ձկնաբուծարաններ, որոնց հատակները ջրամեկուսացված չեն, ջուրը ներծծվում է ու գնում դեպի բանավաններ և վարելահողեր: Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել և՛ բնակելի տների կայունության առումով, և՛ հողային ֆոնդի համար: Ներկայումս 21 հազար հա հողատարածք բարձր խոնավության վիճակում է և կրկնակի աղակալման վտանգի առջև:

-Խնդրին ի՞նչ լուծում է առաջարկում ՀԽ-ն:

– Առաջարկում ենք համայնքային բոլոր շատրվանող հորերը բերել փականային ռեժիմի: Խորքային հորերն ունեն փականային ռեժիմ, քանի որ ջուրը պոմպի միջոցով է հանվում, էլեկտրականություն է ծախսվում, և այդ պատճառով շռայլումներ չեն կարող լինել: Մենք առաջարկում ենք նաև, որ ձկնային տնտեսությունները երկու փուլով անցնեն նոր համակարգի: Առաջին փուլով նախատեսվում է անցնել կիսափակ համակարգի, որով ջրի 70 տոկոսը պիտի պտտվի, 30 տոկոսը` շարունակի հոսել:

Երկրորդ փուլով արդեն պետք է անցում կատարվի փակ համակարգերի, որի դեպքում կօգտագործենք միայն 3,5-5 տոկոս ջուր` գոլորշիացման և ֆիլտրացիոն կորուստները լրացնելու համար: Փակ համակարգը շատ ավելի խնայող է, բայց ավելի շատ միջոցներ է պահանջում: Ուստի չենք ցանկանում տնտեսություններին միանգամից ծանրաբեռնել: Եթե գոնե կիսափակ համակարգի անցնենք և 70 տոկոսը խնայենք, նաև հորերի փականային ռեժիմ կիրառենք, տարեկան 990 մլն խմ ջուր կխնայենք: Դա արդեն իսկ մեծ օգնություն կլինի ավազանի պաշարների վերականգնման համար:

– Ձկնաբուծական տնտեսությունների համար անցումը նոր համակարգին տանելի՞ ֆինանսական բեռ է:

– Մեր կարծիքով սա թույլատրելի ֆինանսական բեռ է տնտեսվարողների համար: Տնտեսվարողներին բաժանել ենք 3 խմբի. ջուր քիչ օգտագործողներ` մինչև 50 լ/վրկ, միջին օգտագործողներ` մինչև 150 լ/վրկ և շատ օգտագործողներ` ավելի քան 150 լ/վրկ:

Խոշոր տնտեսությունները 30-ն են, միջինները` 145: 93 փոքր տնտեսություններին առաջին փուլում չենք նախատեսում ընդգրկել:

Առաջին փուլով նախատեսվում է, որ միջին և խոշոր տնտեսությունները մեկ տարվա ընթացքում պետք է անցում կատարեն կիսափակ համակարգին: Միջին տնտեսությունների համար դա կարժենա 17 մլն դրամ, խոշոր տնտեսությունների` 68 մլն դրամ: Կիսափակ համակարգին անցնելու պարագայում տարեկան 25 տոննա միջինների դեպքում և 100 տոննա խոշորների դեպքում արտադրության պայմաններում ձկան մեկ կիլոգրամի ինքնարժեքը կբարձրանա 115 դրամով:

Բացի այդ, մի շարք եվրոպական երկրներ, եթե իրենց սարքավորումներն են գնում, վարկ են տալիս: Օրինակ` Դանիան նման պարագայում հատկացնում է 5 տոկոսով վարկ` 7 տարի ժամկետով: Մենք էլ առաջարկում ենք, որ տնտեսություններն այդ վարկերից օգտվեն:

Առաջարկել ենք նաև ավտոմատ հեռակառավարման համակարգ ստեղծել: Հեռակառավարման շնորհիվ համապատասխան պաշտոնյան ցանկացած պահի կկարողանա ստուգել իր աշխատասենյակից, թե որ հորը երբ ինչքան ջուր է տվել, և արդյոք դա թույլատրելիի՞ սահմաններում է:

Հարցը մանրակրկիտ քննարկվել է Հանրային խորհրդում, առաջարկությունները ներկայացրել ենք նախագահին, որպեսզի կառավարության հետ միասին այդ հարցերը նորից քննարկենք և լուծենք:

– Իսկ այս առումով ինչպիսի՞ն է միջազգային փորձը:

– Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, բելգիացիների օրինակով ու տվյալներով ենք հաշվարկները կատարել: Ընդհանրապես որևէ տեղ խմելու ջրի նկատմամբ նման բարբարոս վերաբերմունք չունեն: Ամեն տեղ փակ համակարգ են կիրառում:

– Ստեղծված իրավիճակն ի՞նչ վտանգներ է պարունակում:

– Վտանգն առաջին հերթին այն է, որ խախտվում է դաշտավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, երկրորդ` իջնում է գյուղացիական նշանակության հողերի բերքատվությունը, երրորդ` սոցիալական լարվածություն է առաջանում, չորրորդ` վտանգված է ատոմակայանի նորմալ շահագործումը, քանի որ Մեծամորի ջրային պաշարներից է օգտվում:

Եվ ամենակարևորը, որ մենք ունենք 6 մլրդ 300 մլն մակերեսային ջրեր, որից օգտագործում ենք միայն 2,5 մլրդ-ը, մնացածը սահմաններից դուրս է գնում: Այսինքն` այդ 3,7 մլրդ-ին, որի համար ջրամբարներ պիտի կառուցենք ու մի մասը պահենք, դեռ մի բան էլ ավելացնում ենք հոսքեր` ստորգետնյա պաշարներից 1 մլրդ 700 մլն: Դա մեր կողմից ամենամեծ սխալ քայլն է:

– Ի՞նչ ժամանակահատվածում է ցանկալի, որ ՀԽ առաջարկությունները կյանքի կոչվեն:

– Մենք առաջարկել ենք մեկ տարում անցնել խնայող ռեժիմի: Ուշացնել այլևս չենք կարող: Այլապես հետևանքներն անկանխատեսելի են: Այլևս վերականգնելու հնարավորություն չենք ունենա: Ստորգետնյա ավազանը, որը ոռոգման և խմելու ջուր է ապահովում Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու տարածաշրջանների համայնքներին, վտանգում ենք:

5 հարևան, 6 հակամարտություն. Ադրբեջանը աջուձախ պահանջներ է ներկայացնում

azerbaijan-vector-map-600x393Վերջերս միջազգային մամուլը պարբերաբար անդրադառնում է Ադրբեջանի խնդիրներին` կապված իր հարևանների հետ. այդ երկիրը կոնֆլիկտային հարցեր ունի բոլոր հարևանների հետ:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` Ադրբեջանի նկատմամբ ճնշման որոշակի քաղաքականություն է վարվում, «դա անգամ կարող է կապված լինել նավթի գների հետ»: Քաղաքագետը նշում է, որ Արևմուտքը նաև լավ տեսնում ու հասկանում է, որ Ադրբեջանը վերածվում է ռազմականացված հետամնաց ասիական երկրի, որը ցեղասպանության դարավոր ավանդույթներ ունի. «Արևմուտք ասածը, որ ձայն չի հանում, չի նշանակում, թե չգիտի: Կան բաներ, որոնք դրան զսպելու քաղաքականության  մեջ են  մտնում»:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշում է, որ հայերը պետք է ստեղծված իրավիճակն օգտագործեն աշխարհին ցույց տալու համար, թե ով է իրական խնդիրներ ստեղծողը:

«Անքննելի է, որ Ադրբեջանը բոլոր հարևանների հետ հակամարտություններ ունի, ուղղակի այդ հակամարտությունները շատ դեպքերում աշխարհի ուժեղագույն երկրների ճնշման տակ դեռ զարգացման  տարբեր փուլերում են: Որ այդ բոլոր հակամարտությունները պոտենցիալ պատերազմի սպառնալիք են, անկասկած է»,- ասում է  ռազմական փորձագետը ` հավելելով, որ  Վրաստանի, Թուրքմենստանի և Իրանի հետ հակամարտությունը փոքր զարգացման դեպքում անգամ կարող է վերածվել պատերազմի:  Ադրբեջանն է  ստեղծել  նման լարված իրավիճակ:

«Չկայացած, ներքին և արտաքին խնդիրներ ունեցող արհեստական պետություն է: Միշտ էլ այդպես է եղել,  արհեստական պետությունները միշտ էլ մաքսիմալիստ, չկշռադատված ձգտումներ ունեն, որոնք պիտի խնդիրներ առաջացնեն հարևանների համար»,- ասում է Հովհաննիսյանը:

Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրների մասին խոսելն ավելորդ է. բոլորին են  հայտնի Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ:

Իրականում Հայաստանը բացառություն չէ. տարածքային պահանջներ Ադրբեջանն ունի գրեթե բոլոր հարևաններից:

Ադրբեջան–Իրան

Այս տարվա փետրվարին Բաքուն Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելու պաշտոնական փորձ արեց. իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության  մի խումբ պատգամավորներ  հանդես եկան երկիրը Հյուսիսային Ադրբեջան վերանվանելու նախաձեռնությամբ ` պնդելով,  որ իրենց երկիրը մասնատված է, և տարածքի 2/3-ը Իրանին է պատկանում:

Փորձագետներն Ադրբեջանի այս քայլը դիտարկեցին որպես Իրանին փորձելու միջոց. Ադրբեջանը տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակում հարևանի ամրությունն ու արձագանքն էր ստուգում: Ոմանք էլ նշեցին, թե այդպիսով ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանին հիշեցնում են, որ հարևանների առումով էլ խոցելի տեղեր ունի:

Ավելի ուշ երկու երկրները դիվանագիտական նոտաներ փոխանակեցին. Իրանը Ադրբեջանին մեղադրեց իրանցի գիտնականների սպանության հարցում իսրայելցիներին աջակցելու մեջ:  Ադրբեջանն իր հերթին թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալեց իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչների: Մարտին էլ Ադրբեջանում ձերբակալվեց 22 մարդ, որոնց մեղադրում էին Իրանի օգտին լրտեսություն անելու մեջ:

Մայիսին երկու երկրների հարաբերություններն ավելի սրվեցին, երբ Իրանը հետ կանչեց իր դեսպանին Ադրբեջանից Բաքվում տեղի ունեցած հակաիրանական ցույցերից հետո, որոնք էլ պատասխան էին Իրանի քննադատությանը Ադրբեջանի հասցեին «Եվրատեսիլն» անցկացնելու համար:

Որոշ փորձագետներ նշեցին, որ տարաձայնությունների իրական պատճառը Ադրբեջանի զարգացող հարաբերություններն են Իսրայելի ու արևմտյան երկրների հետ, որոնց Իրանը թշնամի է համարում:

Ադրբեջան-Իրան հարաբերությունները, թե՛ ըստ Հովհաննիսյանի, թե՛ ըստ Շիրինյանի, առաջիկայում լուրջ հակամարտության չեն վերածվի:

Ադրբեջան–Թուրքմենստան

Այս երկու երկրները  ցամաքային սահման չունեն, սակայն տարածքային  վեճ ունեն. համաձայնության չեն գալիս, թե ում են պատկանում Կասպից ծովի չեզոք գոտու  նավթի ու գազի մի քանի հանքավայրերը: Ադրբեջանը պնդում է, որ իրեն են պատկանում, Թուրքմենստանն էլ` իրեն: Անգամ 2009-ին Թուրքմենստանը հայտարարեց, որ դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան` հարցին վերջնական իրավական լուծում տալու համար: Մինչ Թուրքմենստանը փորձում է ապացուցել, որ հանքերն իրենն են, Ադրբեջանը սկսել է շահագործելդրանք:

Երկու երկրների կոնֆլիկտը Արծրուն Հովհաննիսյանը լուրջ է համարում, քանի որ դա պայքար է սնուցման աղբյուրների համար: Ադրբեջանը գոյատևում է նավթից ու գազից ստացվող եկամուտների հաշվին: «Քանի  որ սնուցման աղբյուրի հետ  կապված խնդիր կա, մեխանիկորեն այն դառնում է առաջնահերթ: Ինչքան ուզում է քողարկի, մի օր պիտի  խոստովանի, որ այդ խնդրի լուծումն է առաջնահերթ, հետագա սնուցման հարցը պիտի լուծվի, և հետո նոր մտածեն մյուս կոնֆլիկտների մասին: Թուրքմենստանի հետ խնդիրը կարող է շատ լուրջ զարգացումներ ստանալ»,- ասում է Հովհաննիսյանը և նշում, որ Ադրբեջանի ռազմական սպառազինությունը նաև Կասպյան թատերաբեմի համար է:

Ադրբեջան–Վրաստան

Ադրբեջանը տարածքային վեճ ունի նաև Վրաստանի հետ. 15 տարի շարունակ երկու երկրները համաձայնության չեն գալիս սահմանային Դավիդ Գարեջի վանքի պատկանելության շուրջ:

Վերջերս խնդիրը նորից թեժացավ, երբ ադրբեջանցիները չթողեցին վրացի հավատացյալներին վանք մտնել, ի պատասխան Թբիլիսիում բողոքի ցույցեր եղան:

Երկու երկրների նախագահների հանդիպումից հետո զբոսաշրջիկների  մուտքը վանք նորից թույլատրվեց մինչև երկու երկրների միջև հստակ սահմանագծումը: Բայց փորձագետները  տարաձայնության սառեցումը ժամանակավոր են համարում: Երկու երկրները սահմանների հստակեցման շուրջ բանակցություններ են վարում ավելի քան 15 տարի, այդ ընթացքում համաձայնեցրել են ընդհանուր սահմանի 66 տոկոսը, տարաձայնություններ կան 10 գոտիների շուրջ, որոնցից մեկն էլ վանքի տարածքն է:

Չնայած ներկայումս վիճելի սահմանը գծվել է խորհրդային տարիներին, ադրբեջանցի պատմաբանները պնդում են, որ վանական համալիրն իրենցն է, մինչդեռ վրացի մասնագետներն էլ փաստում են, որ հուշարձանը վրացական ծագում ունի և նախկինում եղել է Վրաստանինը:

Ադրբեջան–Ռուսաստան

Վերջին ամիսներին սառել են նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Դրա դրսևորումը դարձավ Գաբալինսկի ռադիոլոկացիոն կայանի շուրջ ստեղծված իրավիճակը. Ադրբեջանը 2011-ին կայանի համար որպես վարձակալության վճար պահանջեց 15 մլն դոլար նախկին 7-ի փոխարեն: 2012-ին արդեն Ադրբեջանը 300 մլն դոլար էր պահանջում կայանի համար: Մարտի սկզբին ռուսական կողմը հայտարարեց, թե գնի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, մինչդեռ, ըստ  ադրբեջանական կողմի, բանակցությունները փակուղի են մտել: Սկսեցին լուրեր շրջանառվել, թե ՌԴ-ն կհրաժարվի կայանից, ինչը փորձագետները քիչ հավանական են համարում, քանի որ ՌԴ-ին կարող է փոխարինելու գալ ՆԱՏՕ-ն:

Երկու երկրների բարդ հարաբերությունների վկայություն է նաև այն, որ Ադրբեջանը վերջերս արգելեց երկրում ցուցադրել Հարավային Օսիայում  2008-ի օգոստոսյան իրադարձությունների մասին պատմող ռուսական ֆիլմը:  Ադրբեջանը դժգոհ է նաև, որ ՌԴ-ն ձգձգում է Կասպից ծովի բաժանման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչի պատճառով Բաքուն մեծ գումարներ է կորցնում:

Ադրբեջանցիները դժգոհ են նաև ՌԴ-ի դիրքորոշումից Ղարաբաղի հարցում:

Ադրբեջան–Թուրքիա

Հարթ չեն նաև Ադրբեջանի հարաբերությունները մեծ եղբայր Թուրքիայի հետ. երկու երկրների շահերը երբեմն հակասում են միմյանց` լարվածություն ստեղծելով հարաբերություններում: Այսպես, Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները հետզհետե խորանում են, միմյանց են կապվում առևտրային բազմաթիվ պայմանագրերով, մինչդեռ թուրք-իսրայելական հարաբերությունները հակառակ ուղղությամբ են ընթանում:

Հարկ է նշել, որ բոլոր դեպքերում վեճերի նախաձեռնողը Ադրբեջանն է:

Ամենակարևոր և բարձր պաշտոնը

Haykuhi-Barseghyan1Հայրենիք, հայրենասիրություն, հայրենի հող. սրանք շաբլոն դարձած բառեր են, որ ամեն օր օգտագործում ենք, հասարակական դիրք ձեռք բերել ցանկացող ամեն մեկն էլ իրեն հայրենասերի մակդիր է կպցնում` հետագայում իր ապազգային քայլերով արժեզրկելով վեհ հասկացությունների էությունը:

Գեղեցիկ բառերն  օգտագործում ենք, բայց հազիվ թե լիովին հասկանում ենք այդ բառերի էությունը: Խոսքս այն մասին չէ, թե մեզ հայրենասեր համարողներս չենք հասկանում հայրենասիրություն ասվածի իմաստը, բնավ ոչ: Պարզապես ավելի հեշտ է լինել «անձնուրաց» հայրենասեր, երբ ապրում ես խաղաղության ու հարմարավետության մեջ` հեռու սահմանից, հեշտ է բոցաշունչ ֆեյսբուքյան ստատուսներ գրել, երբ համակարգչի առջև հանգիստ  նստած ես ու վայելում ես տաք սուրճը կամ թեյը, առավել հեշտ է քննադատել այս կամ այն մարդու գործը, որևէ մեկին հայրենիքի դավաճան հանել կամ խոսել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման շրջանառվող տարբերակների մասին, երբ միայն խոսում ես, բայց ոչ գործում: Բոլորին է հայտնի` խոսելը հեշտ է, գործելը` դժվար: Մոլի քննադատ ու խոսքով հայրենասերների թիվը կկրճատվեր կամ էլ գոնե լեզուն կկարճանար, եթե նրանք գոնե մի օր սահմանին կանգնեին ու հայրենի հողը թշնամուց պահեին: Այդ ժամանակ միայն մարդ կհասկանա  նախնիների արյունով պահված ու իր իսկ  քրտինքով ջրված հայրենի հողի արժեքը:

Երբ սահմանին ես կանգնած, հայրենիքը ո՛չ պատուհանիցդ երևացող գեղեցիկ համայնապատկերն է, ո՛չ էլ ինչ-որ վերացական անորոշ տարածություն, այլ հողը և խրամատը, որում  հայ զինվորը օրնիբուն զենքը ձեռքին դիմակայում է թշնամուն:  Իրականությունն այլ է.  ո՛չ պոետներին ու նկարիչներին ոգևորող տեսարաններ կան, ո՛չ էլ հարմարավետության սիրահարների համար պայմաններ. հող, փոշի, ցուրտ կամ շոգ, միջատներ ու ամբողջ էությամբ քեզ ատող ու մինչև ատամները զինված թշնամի: Այստեղ ես միայն հասկանում, որ «երկիրը լավ էլ երկիր է», և երկրի նախագահից ու գոյություն ունեցող բոլոր պաշտոններից, իրենց «լավ տղա» համարող, բայց մեկի վրա հազարով հարձակվող  սուտ «գողականներից»  առավել կարևոր ու բարձր է սահմանին կանգնած հայ զինվորը:

Իհարկե, հայրենասիրությունը միայն սահմանին կանգնելը չէ:  Ի վերջո, եթե երկրիդ լավ քաղաքացի ես, լավ ու բարեխիղճ մասնագետ ես, դրանով իսկ արդեն ծառայում ես հայրենիքիդ: Անվիճելի է,   ուսուցիչը, բժիշկը, գիտնականը, լրագրողը, հացթուխը, բոլորը  հայրենիքի զինվորներ ու նվիրյալներ են, եթե իրենց գործը ճիշտ ու ժամանակին են անում: Բայց հայրենիքի իսկական նվիրյալները, բացի մասնագիտությամբ ու գիտելիքով  երկրին ծառայելուց, երկու տարի էլ զենքը ձեռքին են ծառայում: Այլ կերպ` որքան էլ քեզ հայրենասեր համարես, կիսատ կլինես:

Նախկինում, երբ երեխաներին հարցնում էիր, թե ինչ է ուզում դառնալ, պատասխանում էր` տիեզերագնաց, ուսուցիչ, մամա կամ պապա: Այսօր նման պատասխան երևի չեք լսի, ներկայիս երեխաները, հասարակական բարքերով  պայմանավորված, ուզում են դառնալ նախագահ, վարչապետ, տնօրեն, գող ու այսպես շարունակ: Աչքաթող է արված երկրի ամենակարևոր պաշտոնը… Հասարակական բարքերն ու ընտանեկան դաստիարակությունը հանգեցրել են նրան, որ շատ քիչ երեխաներ են մանկուց երազում ամենակարևոր պաշտոնի` հայրենիքի պաշտպանի` զինվորականի ծառայության մասին: Դեռ մի բան էլ ավելին, հաստատ կգտնվեն բազմաթիվ մանկիկներ, որոնք, տպավորված իրենց ծնողների քննարկումներից, կհայտարարեն. «Ես բանակում չեմ ծառայելու, պապան ինձ կազատի ծառայությունից»:

Բայց ամենամեծ աբսուրդն այն է, որ սահման չտեսած ու ծառայությունից խուսափած մարդիկ կկանգնեն ու լուրջ-լուրջ հայտարարություններ կանեն բանակի ու մեր երկրի հզորության մասին, կխոսեն տարածքներ հանձնելու մասին` առանց մտածելու  հայրենի հողի արժեքի ու այդ հողը պաշտպանելու համար թափված արյան մասին: Էլ չասեմ նման հայտարարություններ անելու բարոյական իրավունքի մասին:

Առավել վատ է, երբ նման մարդիկ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում` դառնալով օրինակ աճող սերնդի համար. «Կարելի է չծառայել հայրենիքին, բայց փողոտ ու բարձր պաշտոն ունենալ»:

Կա մարդկային ավելի վատ տեսակ` երիտասարդներ, որոնք սահման են պահել, ծառայել, բայց վերադառնալուց հետո էլի խոսում են հող հանձնելու մասին, թե «իմ տունն ինձ հերիք ա, ինչիս են պետք էդ հողերը»:

Հաճախ կգտնվեն մարդիկ, ովքեր քննադատում են իրենց երեխաներից հրաժարված մայրերին` նրանց համարելով անմարդկային էակներ: Բայց ոչ ոք չի քննադատում վերը նշված մարդկային տիպը: Երբ երկու տարի սահման ես պահում, հայրենի հողն էլ վերածվում է հոգեզավակի, ու եթե հրաժարվում ես դրանից, երեխային մանկատանը ձգող մորից ոչնչով լավը չես, դեռ ավելին, շատ ավելի վատն ես:

Ուզում ենք Եվրոպա լինել, ապրել բարեկեցիկ, բայց չունենք պետական մտածողություն, ամեն մեկի հայրենիքն ավարտվում է իր տան բակով կամ դարպասով, սիրում ենք խոսել, բայց ոչ գործել, գաղտագողի դժգոհել, բայց ոչ պայքարել, մի գլուխ գոռում ենք. « Ի՞նչ է արել էս երկիրն ինձ համար»` մոռանալով մեզ հարցնել, թե «ես ի՞նչ եմ արել էս երկրի համար»: Ժամանակն է, որ մտածողությունը փոխվի, որ սկսենք գործել, պայքարել ու նախ և առաջ հայրենիքի, ոչ թե մեր շահի համար: Երբ այդպիսին լինենք, ոչ միայն կունենանք  բարեկեցիկ ու զարգացած երկիր, այլև կկարողանանք իրականացնել այսօր անիրականանալի թվացողը. վերադարձնել կորսված հայրենիքը և լինել հայրենատեր:

Մի օր առաջնագծում` զինվորների հետ և զինվորների պես

սահմանԼՂՀ ՊԲ-ն և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն լրագրողներին հնարավորություն էին ընձեռել մի օր ապրելու զինվորի կյանքով` բանակն ավելի լավ հասկանալու և լուսաբանելու համար:

Արևելյան ուղղության պաշտպանական շրջան մեկնելու համար Ստեփանակերտից առավոտյան 9-ին դուրս ենք գալիս: Ոլորապտույտ հյուսիս-հարավ ճանապարհով երկու ժամ անց արդեն Հադրութում ենք, որտեղ մեզ է սպասում զինվորական մեքենան` պաշտպանական շրջան ուղեկցելու համար: Այստեղ հանդիպում ենք N միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Խորեն Հովսեփյանին, որը դժգոհում է նորակոչիկների կրթական մակարդակից: Զարմանում ենք, երբ լսում ենք, որ շատ զինվորներ անգամ իրենց անուն-ազգանունը գրել չեն կարողանում, և զինվորական ծառայությանը պատրաստելու փոխարեն նրանց գրագիտություն են սովորեցնում:

Զինվորական մեքենայով շարունակում ենք ճանապարհը, որն այս անգամ արդեն տեղ-տեղ քանդված է: Մեզ ուղեկցող զինվորականը նշում է, որ ճանապարհը 25 տարվա պատմություն ունի, ժամանակին բազմաթիվ տանկեր են վրայով անցել, այնպես որ լավ է պահպանվել: Կեսօրն անց արդեն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում ենք. առաջինը, որ աչքի է զարնում, կատարյալ մաքրությունն է, անգամ քարերն են փայլում: Երկրորդը զինվորական կարգապահությունն է. ամեն ինչ ասվում և արվում է միաժամանակ, հավասար ու համահունչ:

Ծառայությունն ընթանում է բնականոն հունով. շարային պատրաստության դասաժամ է: Լրագրողներիս դիմավորում է ժպտերես մայոր Ռաիսան, որը, սակայն, իր մասին խոսելուց հրաժարվում է. «Ձևականություններ չեմ սիրում, իմ գործն է, անում եմ»:

«Հիվանդությունները ո՛չ զորամաս, ո՛չ ազգություն չեն հարցնում»

Լրագրողներիս զորամասում ամեն ինչ հետաքրքրում է, ուզում ենք ամեն ինչ տեսնել, իմանալ: Շրջայցը սկսում ենք բուժկետից, որտեղ տվյալ պահին բժիշկ-մասնագետ, ավագ լեյտենանտ Սևան Իրիցյանը սանհրահանգիչների հետ դաս է անցկացնում: Սանհրահագիչները զինվորներից ընտրված մասնագետներ են, որոնք Մուրացան հոսպիտալում հատուկ պատրաստվել են և ամեն օր էլ բժշկի մոտ դասերի են հաճախում ըստ դասացուցակի. նրանք զորամասում բժշկական ծառայության նախավերջին օղակն են:
Բժիշկ, ավագ լեյտենանտ Սևան Իրիցյանը ներկայացնում է բուժկետի աշխատանքը
Ավագ լեյտենանտը, որ տվյալ զորամասում մոտ երկու տարի է, ինչ ծառայում է, նշում է, որ զինվորների դժգոհությունները սեզոնային բնույթ ունեն. ձմռանը շատ են շնչառական վարակները և դրանցով պայմանավորված թոքաբորբերը: «Հիվանդությունները ո՛չ զորամաս, ո՛չ ազգություն չեն հարցնում, նույն հաջողությամբ թշնամին էլ է հիվանդանում»,- ասում է Իրիցյանը` հավելելով, որ հետևում է նաև ջրծաղիկի սեզոնը. ընդամենը մի հիվանդ կա:

Իսկ եղանակի տաքանալուն զուգահեռ սկսվում են վերքերի հետ կապված խնդիրները և միջատների խայթոցները:

Մտնում ենք դեղերի պահեստ, ուսումնասիրում դեղորայքի ժամկետը. ամեն ինչ կարգին է:

«Դեղորայքային ապահովությունը իդեալական չէ, բայց բավարարում է աշխատանքի համար, դեպքեր չեն եղել, որ հիվանդ լինի և անհրաժեշտ դեղորայք չլինի, միշտ ունենք դեղորայքի անհրաժեշտ պաշարը»,- ասում է բժիշկը և ցույց տալիս դեղորայքը` նախատեսված երակների լայնացման, սրտանոթային խնդիրների և այլ հիվանդությունների համար, որոնք զինվորների մոտ շատ քիչ են հանդիպում: Համապատասխան տեղում պահվում է նաև հակագյուրզինը. տեղանքում օձերը շատ են, տարեկան օձի խայթոցի 3-4 դեպք է գրանցվում:

Բժիշկն անդրադառնում է նաև վստահության պակասի խնդրին, որն առկա է նաև քաղաքացիական կյանքում. «Շատ դեպքերում երեխան որևէ խնդիր է ներկայացնում, ծնողը նույնը նկարագրում է դեղատան աշխատողին, և վերջինս էլ ինչ-որ դեղ է տալիս, դեղորայքը չգիտես, թե ինչպես հասնում է զորամաս, երեխան օգտագործում է, տեսնում է, որ չի օգնում, նոր գալիս է բժշկի: Հաճախ տեղյակ չեն պահում, որ այլ դեղորայք են օգտագործել, և փաստորեն կարող է ծանր հետևանք լինել»:

Ճաշարան. ամեն ինչ բավարարից էլ լավ է

Մայոր Աշոտ Մանասյանը ներկայացնում է ճաշարանի աշխատանքը և զինվորի ճաշացանկը
Հաջորդը ճաշարանն է, մինչև ճաշը դեռ մեկ ժամ կա, և ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Այցելության օրը զինվորների առաջին ճաշատեսակը մակարոնով և մսի պահածոյով սուպ է, երկրորդը` բրնձով և ոսպով կոմբինացված շիլա, թթու կաղամբով աղցան և կետչուպ: Իսկ երեկոյան ճաշացուցակով նախատեսված է հնդկաձավարով շիլա, պանիր և թթվասեր (երբեմն էլ` թթվասերի փոխարեն ձկան պահածո) և քաղցր թեյ. ամեն ինչ հաշվարկված է այնպես, որ զինվորը անհրաժեշտ քանակությամբ կալորիաներ ստանա:

Զորամասի պարենային ծառայության պետ մայոր Աշոտ Մանասյանը նշում է, որ տոնական օրերին զինվորներին հատկացվում են նաև միրգ և քաղցրեղեն:

Իսկ առաջնային գծում զինվորների ճաշացանկում ընդգրկված է նաև երշիկեղեն, խտացրած կաթ, բնական հյութ, մարինադ: «Էնպիսի սնունդ է, որ ամեն մարդ իր ընտանիքին կարողանա ապահովել, լավ կլինի, ամեն ինչ բավարարից էլ լավ է»,- ասում է Մանասյանը:

«Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի»
Սոս Գասպարյանի անվան մահճակալը զորամասում
Այցելում ենք նաև բաղնիք, որտեղ սպիտակ սալիկները փայլում են մաքրությունից. արդեն տարուց ավելի է` զինվորները շաբաթը մեկ անգամ լողանում են այսպես ասած եվրովերանորոգված բաղնիքում:

Կատարյալ մաքրություն է նաև կացարանում: Օրապահը «Վաշտ, զգաստ» է կանչում, իսկ հերթապահ սերժանտը զեկուցում է, որ արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել:

Ննջասենյակում պատերից կախված են տարբեր մրցանակների մասին վկայող կարմիր դրոշակներ: Անկյուններից մեկում սպիտակ մահճակալ է դրված, վերևում` «Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի». Սոս Գասպարյան» գրություն: Ամեն զորամասում որևէ ազատամարտիկի անունով մահճակալ կա, որը հոգևոր նշանակություն ունի զինվորների համար:

«Բանակ նշանակում է տղամարդու տեղ»

Լրագրողներիս զորամասի տարածքում ուղեկցում է փոխգնդապետ Յուրա Ավշարյանը, որ արդեն 20 տարվա սպայական փորձ ունի. վստահեցնում է, որ կազմավորման շրջանի և ներկայիս բանակի միջև փոփոխությունները հսկայական են և դրական:

«Բանակ նշանակում է տղամարդու տեղ,- ասում է Ավշարյանը:- Միայն կամքից թույլ մարդը կարող է հրաժարվել բանակում ծառայելուց: Եթե մարդ հրաժարվում է իր հայրենիքը պաշտպանելուց, վաղը հեշտությամբ կհրաժարվի նաև իր ընտանիքին տեր կանգնելուց: Կյանքի այս դպրոցի դժվարությանը եթե չի հարմարվում, հրաժարվում է հայրենիքը պաշտպանելուց, հեշտությամբ մյուս դժվարություններից էլ կհրաժարվի»:

Փոխգնդապետը վստահեցնում է, որ բանակում իսպառ վերացված է ծեծ հասկացությունը, իսկ ներկայիս ամենամեծ խնդիրներից է փողոցային բարքերի թափանցումը բանակ. «Մարդիկ տարբեր շրջաններից են գալիս, մեկը` գյուղից, մեկը` քաղաքից, մեկի շրջապատը այլ է եղել: Փողոցային բարքերի, զրույցների զորամաս թափանցումն է խնդիրների հիմքը»:

Հնարավոր խնդիրներից խուսափելու, ստորաբաժանումներում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ և կայուն միջանձնային հարաբերություններ ստեղծելու համար աշխատանքներ են տարվում, զինվորներին ընդունելիս անձնական տվյալների հաշվառում է կատարվում և հետագայում բոլորի հետ անհատապես աշխատանք է տարվում:

«Մեր զորամասում սպա-զինվոր, զինվոր-զինվոր ծեծի դեպքեր չկան, չէի ուզենա, որ ընդհանրապես լիներ, բայց ցավոք մանկապարտեզում էլ, դպրոցում էլ երեխաները միմյանց ծեծում են, անգամ տարիքն առած մարդիկ են իրար ծեծում, բայց որ վերցնենք, թե դա մասայական է, այդպիսի բան չկա»,- ասում է Ավշարյանը:

Զորամասերում ներդրվել է նաև հոգեբանի հաստիքը, որն աշխատում է թե՛ զորամասում, թե՛ դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ: Առաջնագծի զորամասերում կա նաև հոգևորական, որը դիրքեր մեկնելուց առաջ օրհնում է զինվորներին և աղոթում նրանց համար:

Օրակարգն այնպիսին է, որ զինվորը պարապ ժամանակ չունենա, քանի որ հենց պարապությունից են նաև միջանձնային հարաբերություններում խնդիրներ առաջանում: Իսկ զինվորի օրակարգը հետևյալն է. առավոտյան վերկաց, մարմնամարզություն, առավոտյան ստուգատես, նախաճաշ, որից հետո պարապմունքներն են սկսվում մինչև ժամը 13:50, ժամը 2-ին ճաշն է, հետո հետճաշյա հանգիստ, որ զինվորը կերածը մարսի, ապա հետճաշյա պարապմունքներն են, հետո վերակարգի պատրաստում, զենքի մաքրում, զենքի խնամք, սպորտ-մասայական միջոցառումներ, դաստիարակչական աշխատանքներ, լուրերի և զինուժի դիտում, հետո արդեն երեկոյան զբոսանք և քուն:

Այսօրվա Հայոց պատմությունը զինվորի զենքով է գրվում
Ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանն ու իր 2 եղբայրներն ընտրել են զինվորական ծառայությունը. «Հայրենիքի սահմանը պետք է պահվի»
Զորամասում մեզ հետաքրքրող շատ բաներ դեռ կան, սակայն ունենք միայն մեկ օր, ուստի շտապում ենք դեպի պաշտպանական դիրքեր: Բլուրի ստորոտին հագնում ենք մոտ 7 կգ-ոց զրահաբաճկոնը և 2 կգ-ոց սաղավարտը և ծանրացած մտնում խրամատ: Հրամանատարը զգուշացնում է, որ հանկարծ խրամատից գլուխը դուրս չհանենք. հակառակորդը քնած չէ, իսկ դիպուկահարի համար անզգույշ դիտորդին վերացնելը 1-2 վայրկյանի գործ է. մեզ և թշնամուն ընդամենը 80 մետր հեռավորություն է բաժանում:

Խրամատով լուռ ու հևիհև առաջ ենք գնում, մի քանի րոպերից այլևս ուսերս և վիզս ծանրությունից անզգայացել են: Դիրքում մեզ դիմավորում են հերթապահ զինվորները` ժպիտը դեմքին, կարծես ո՛չ զենքուզրահի ծանրությունն են զգում, ո՛չ էլ թշնամին է մի քանի մետր այն կողմ:

Հերթապահը զեկուցում է, որ մեր այցելությունից 2 ժամ առաջ կրակոցներ են հնչել, բայց ոչ տվյալ դիրքի ուղղությամբ: Մենք էլ ենք դիտարկում իրականացնում, սակայն 1-2 վայրկյանի ընթացքում հասցնում եմ միայն առջևում փռված հարթավայրը տեսնել ու զարմանալ, թե ինչ սուր աչք ունեն մեր զինվորները, որ հասցնում են վայրկյանների ընթացքում նկատել հակառակորդի դիրքերում տեղի ունեցող ամեն մի շարժը:

Հերթապահություն իրականացնողներից է դիրքի ավագ սերժանտ Ալիկ Պապոյանը, որ
Ավագ սերժանտ Ալիկ Պապոյան. «Որ մտածում ես հայրենիքդ ես պահում, հետևումդ Հայաստանն ա, հայ ժողովուրդը, օրդ ուրախանում ա»
արդեն 22 ամսվա ծառայող է: Ծնողների միակ արու զավակն է, ապագա տնտեսագետ, չնայած չի բացառում, որ կարող է զինվորականի գործը շարունակել:

Կրակոցների ու թշնամու մասին խոսում է շատ հանգիստ: «Չենք էլ հիշում, թե երբ են վերջին անգամ մեզ վրա կրակել, բայց դե կրակոցի ձայներ լսվում են,- ասում է Պապոյանը:- Կարանտինում ավելի թեթև էինք մտածում, բայց երբ եկանք դիրքեր, թուրքը դիմացդ է, առաջինը մտածում ես զգոնության մասին, հետո էնպես անես, որ ամեն ինչ բոլոր դեպքերում նորմալ լինի»: Նշում է, որ դրա համար պետք է պահպանել անվտանգության բոլոր 16 կանոնները, այն է` առջևի եզրի խրամատից առաջ չանցնել, հերթապահությունը տանել սաղավարտով և զրահաբաճկոնով, հենակետի դիրքի ավագի կողմից ուղեկցվող անձանցից բացի որևէ մեկին թույլ չտալ անցնել նշված արգելված սահմանը, տեղաշարժը կատարել միայն խրամատներով և խրամուղիներով, զենքը լիցքավորել և լիցքաթափել դրա համար սահմանված տեղերում, զերծ մնալ օձերից, կարիճներից, թունավոր նյութերից, դրանց խայթման դեպքում ցույց տալ առաջին բուժօգնություն և զեկուցել վերադաս հրամանատարությանը և այլն:

Ասում է, որ ծառայության երկու տարիները կորած չի համարում, շատ բան է սովորել, մյուսներին էլ խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չխուսափել ծառայությունից. «Կարևորը` սովորել ենք դժվարությանը դիմանալ, ամեն հարցում իրար կողքի լինենք, իրար օգնենք, սովորել ենք ընկածին վեր բարձրացնել, այս երկու տարին շատ բան ա տվել»:

Սուրենը երկու ամսից կզորացրվի: Ասում է, որ երղբորը խորհուրդ կտա անպայման լավ ծառայել` ծառայությունը պետք է
Հարցին, թե ինչպես է անցնում օրը, պատասխանում է. «Օրը ոնց ուզում ա` անցնի, բայց որ մտածում ես հայրենիքդ ես պահում, հետևումդ Հայաստանն ա, հայ ժողովուրդը, օրդ ուրախանում ա»:

Պարզվում է, որ զինվորները քչախոս են, բոլոր հարցերին պատասխանում են` այո, ոչ կամ ճիշտ այդպես:

20-ամյա Արտակ Զաքարյանին 8 ամիս է մնացել ծառայելու, հերթապահություն է իրականացնում ու ընթացքում մեր հարցերին «ճիշտ այդպես» պատասխանում: Իսկ այն հարցին, թե ծառայության երկու տարիները կորա՞ծ է արդյոք համարում, զարմացած պատասխանում է. «Չէ, ի՞նչ կորցնել»:

Արմենն էլ արդեն 10 ամսվա ծառայող է: Պատմում է, որ մինչ բանակ զորակոչվելը շուտ էր բռնկվում, բայց հիմա բնավորությունը փոխվել է, ավելի հանգիստ է դարձել. «Որ նոր էի եկել, դեպքեր պատահում էին, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ հարթվել է»: Նշում է, որ առաջին գծում ծառայությունը ո՛չ դժվար է, ո՛չ էլ վախենալու. «Պարզապես պետք է զգուշանաս, որ կարողանաս պոստ պահել»:

Եֆրեյտոր Գևորգ Ղազարյանն էլ ասում է, որ մեկ ամսից բանակ կզորակոչվի իր կրտսեր եղբայրը, որին կտա նույն խորհուրդը, ինչ ժամանակին իրեն են տվել. «Հրամանատարներին լսիր, հրամանները կատարիր»:

Զորամասի հրամանատարն ասում է, որ սովորաբար զորացրվելուց հետո բոլորն ասում են, թե բանակում սարեր են շուռ տվել, բայց նորակոչիկները գալիս են բանակ ու տեսնում, որ

20-ամյա Արտակը լուրջ հերթապահությունն է տանում ու բոլոր հարցերին պատասխանում` ճիշտ այդպես
սարեր շուռ տվողներ չկան, բոլորն էլ հավասար ծառայում են:

Հրամանատարը նշում է, որ մեծ խնդիր է նորակոչիկների ոչ բավարար գրագիտությունը. «Նորակոչիկների անգրագիտությունը լրացուցիչ աշխատանք ու ծանրաբեռնվածություն է: Օրինակ` այս տարի 25 հոգու գրել-կարդալ ենք սովորեցրել: Նախարարի հրամանով զինավանում դպրոց է ստեղծվել, գրել-կարդալ չիմացող նորակոչիկներին այդ դպրոց ենք ուղարկում, կարճ ժամանակամիջոցում սովորում են»: Նշում է, որ ֆիզիկական պատրաստվածությամբ էլ չեն փայլում, եթե դպրոցում ֆիզկուլտուրայի դասերից կարող են փախչել, բանակում մարզվելուց չեն կարող խուսափել:

Անդրադառնալով միջանձնային հարաբերությունների խնդրին` գնդապետը նշում է, որ սպայական կազմն ունի համապատասխան կրություն, զինվոր-սպա հարաբերություններում խնդիրներ չկան. «Միջանձնային խնդիրներ հիմնականում զինվորների միջև են առաջանում, որ ուսումնասիրում ես, ամենաչնչին բանից կարող է խնդիր առաջանալ, բայց հանձնաժողովներն աշխատում են, դիրքեր գալուց առաջ բոլորի հետ բացատրական աշխատանքներ են տարվում, խնդրի առկայության դեպքում սերժանտները զեկուցում են, այսինքն` կարևոր է, որ հավատան իրենց հրամանատարին»:

«Ծառայությունն ընդամենը հայրենիքի պաշտպանություն է, իսկ հայրենիքի պաշտպանության համար զինվորը պետք է պատրաստ լինի»:

Ավագ Լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանն էլ նշում է, որ զինվորների մեջ չպետք է տարբերություն դրվի, պետք է արդարությունը պահպանվի: Իսկ զինվորական դառնալն իմաստավորված է, «հայրենիքի սահմանը պետք է պահվի»: Այդ մտայնությամբ Գրիգորյանը և երկու եղբայրներն ընտրել են զինվորականի ծառայությունը:

Շրջում ենք մի քանի դիրքերում, ամեն տեղ զինվորները զգոն ծառայությունն են տանում: Սննդի պահարաններում համապատասխան քանակությամբ երշիկեղեն է, պահածոյացված սնունդ, հաց, խտացրած կաթ, քաղցրաբլիթներ, բնական հյութ:

Լրագրողներս էլ զինվորների ճաշատեսակներից ենք համտեսում` մակարոնով և մսով փլավ: Վախեցած համտեսում ու մնում ենք զարմացած. շատ համեղ է:

Ամեն դիրքում վազվզում են նաև շներ` հայկական գամփռներ, որոնք կհոշոտեն դիրքի անդորրը խանգարել փորձող ամեն օտարին: Մեզ վրա էլ չեն հարձակվում զինվորների շնորհիվ, որոնք մի քանի անգամ հանգստացնում են շներին ու կրկնում` մերոնքական են:

Արդեն երեկո է ու պետք է նորից քաղաքացիական կյանք վերադառնանք` սահմանի պաշտպանությունը թողնելով 18-20-ամյա երիտասարդներին, որոնց առօրյայում երեխաներ ենք համարում, բայց նրանք, սահմանին կանգնած, մեր խաղաղությունն ու անդորրն են ապահովում:

Զրահաբաճկոնը հանելուց հետո ինձ շատ թեթև եմ զգում, ու թեթևությունից սկսում եմ ժպտալ: Ակամա հիշում եմ զինվորներին, որոնք զրահաբաճկոնով էլ էին ժպտում, իսկ «ինչպես ես» հարցին պարտադիր «լավ եմ» պատասխանում և մեր լեռների պես հպարտ նայում թշնամուն:

Վերադարձին անցնում ենք Մարտունիով. այստեղ կյանքն ընթանում է իր բնականոն հունով. մարդիկ հող են մշակում, երեխաները փողոցում վազվզում են, խաղում, քիչ է մնում մոռանանք, որ ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ զինված թշնամին է, որի առաջխաղացումը կասեցնում է սահմանին կանգնած հայ զինվորը` 18-ամյա երիտասարդը:

 

Ամուսնական գործակալությունները Հայաստանում պահանջված են. շուրջ 6 հազար մարդ իր կեսին է փնտրում գործակալության միջոցով

գործակալությունՏեղեկատվական տեխնոլոգիաներն աստիճանաբար գալիս են փոխարինելու մարդկային անմիջական շփումներին: Հարազատների, ընկերների որպիսությունն իմանալու համար այլևս այցելություններ ու հանդիպումներ պետք չեն, բավական է  մեկ զանգը կամ տեսակապը:

Տիկին Աիդան իր դստեր վրա հաճախ է բարկանում ամբողջ օրը համակարգչի առաջ անցկացնելու համար: «Ամբողջ օրն աշխատանքի վայրում է այդ արկղի դեմը, երեկոյան էլ հասնում է տուն, համակարգիչը գրկում ու նստում: Դուրս չի գալիս, մարդու հետ չի շփվում, ո՞նց պիտի իր ընտրյալին գտնի»,- ասում է նա` հավելելով, որ իր երիտասարդության տարիներին օրը օր չէր, եթե փողոցում մեկը չմոտենար,  հաճոյախոսություն ու խոսակցություն բացելու փորձեր աներ, ինչը հիմա չկա:

Փողոցային ծանոթություններին փոխարինելու է եկել վիրտուալ ծանոթությունը: Այժմ սովորական երևույթ է սոցցանցերի միջոցով ծանոթությունն ու ամուսնությունը: Թեև նույնը ամուսնական գործակալությունների մասին ասել դեռ չենք կարող, սակայն պարզվում է` Հայաստանում այս ծառայությունն էլ պահանջված է և մեծ հաջողություն ունի:

Ինտերնետում փնտրտուքների միջոցով կարելի է գտնել երկու ամուսնական գործակալության տվյալներ. «Հանդիպում» և «Երջանկության գաղտնիքը»:

«Հանդիպում» ամուսնության և ընտանիքի կենտրոնը գործում է արդեն 9 տարի, այս ընթացքում հասցրել է միավորել 500-600 զույգերի և ունեցել է ընդամենը մեկ ամուսնալուծության դեպք: Կենտրոնում կարող է գրանցվել ամուսնանալ ցանկացող յուրաքանչյուր անձ` վճարելով 12500 դրամ անժամկետ պայմանագրի համար: Կենտրոնի կարգախոսն է` «Հանուն հայրենիքի կազմենք ընտանիք»:

Կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը, որ մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է,  պատմում է, որ տարիներ առաջ դպրոցում աշխատելիս հասկացավ, որ չամուսնացած ուսուցիչները աշակերտների նկատմամբ պակաս ներողամիտ են, քան երեխա ունեցողները:  «Հայրս  էլ զինվորական էր և  շատ միայնակ տղամարդ աշխատակիցներ ուներ: Որոշեցի ցերեկույթներ կազմակերպել, որտեղ ուսուցիչներն ու սպաները ծանոթանում էին, հետո շատերն ամուսնացան»,- պատմում է Նարե Մարտոյանը: Այդպես էլ առաջացել է ամուսնական գործակալություն ստեղծելու և միայնակ մարդկանց օգնելու գաղափարը:

Նարե Մարտոյանը պատմում է, որ սկզբնական շրջանում մարդիկ գաղտագողի էին գալիս, միայնակ, որ հանկարծ ոչ ոք չիմանա: Բայց հիմա մտածելակերպը փոխվել է: Պատահում է, որ զավակները գալիս են ծնողներին են գրանցում, կամ ծնողներն են երեխաների համար գալիս. «Հիմա մարդիկ, հատկապես` կանայք  հասկացել են, որ իրենք են  ընտրություն կատարողը և որոշողը: Ամեն մարդ ընտրելու և ընտրվելու հնարավորություն ունի այստեղ»:

Գործակալությանը դիմում են թե՛ Երևանից, թե՛ մարզերից և թե՛ արտերկրից, ընդհանուր առմամբ գրանցված են 3000 կին և 1500 տղամարդ: Ամենաերիտասարդ այցելուները 17 տարեկան են, իսկ ամենատարեցը` 85, որը այժմ հանդիպումների փուլում է:

Տնօրենի խոսքով` իրենց այցելուները կայացած մարդիկ են, հաճախ` մի քանի բարձրագույն կրթությամբ,  և խիստ զբաղվածության պատճառով պարզապես չեն կարողացել գտնել իրենց կեսին:

Այս գործակալության այցելու կանայք  ուզում են երջանիկ ամուսնություն, հավատարիմ ամուսին, ամուր հենարան, որ իրենց վստահ ու պաշտպանված զգան: Տղամարդու արտաքինը կանայք չեն կարևորում: Նյութականն էլ քչերն են առաջնային համարում:

Իսկ տղամարդիկ կարևորում են արտաքինը, փնտրում են գեղեցիկ ու քնքուշ կանանց, այստեղ էլ է գործում այն խոսքը, թե ընդունում են հագուստով, ճանապարհում  խելքով:

«Քիչ է պատահում, որ պարտադիր պայման համարեն ամուսնացած չլինելը: Նախկինում այդպես չէր, դռնեդուռ էին ընկնում, պատմական էքսկուրս կատարում աղջկա անցած ճանապարհը պարզելու համար: Հիմա կարևորում են ներկան ու ապագան»,- ասում է Մարտոյանը:

Պոտենցիալ զույգերին միմյանց ծանոթացնելու և դրսևորվելու հնարավորություն տալու համար երկու ամիսը մեկ կազմակերպվում են ռեստորանային հանդիպումներ, նաև այլ միջոցառումներ:

Մարտոյանը պատմում է, որ բազմաթիվ օրինակներ ունեն, երբ արտերկրից Հայաստան են տեղափոխվել` կենտրոնի միջոցով այստեղ իրենց զույգին գտնելով: Նման օրինակ է նաև ԱՄՆ-ի բնակիչ 62-ամյա կնոջ և Սանկտ Պետերբուրգի բնակիչ տղամարդու պատմությունը, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում էր գտնել իր կեսին ու իր հետ իր բնակության երկիր տանել: Վերջում զույգը ո՛չ ԱՄՆ, ո՛չ էլ ՌԴ մեկնեց, հաստատվեց Հայաստանում:

Մի փոքր այլ են կանոնները «Երջանության գաղտնիք» ամուսնական գործակալությունում, որը գործում է արդեն 4-րդ տարին: Անցած տարի այս գործակալության միջոցով ստեղծվել է շուրջ 60 ընտանիք:  Գործակալության այցելուների թիվը հազարից ավելի է: Տնօրեն Իլոնա Բաղիշյանի խոսքով` իրենց դիմում են «կիրթ, գեղեցկուհի աղջիկներ, գրագետ տղամարդիկ, որոնք սովորում են, մի քանի տեղում աշխատում, և անձնական կյանքի համար ժամանակ պարզապես չի մնում»:

Այստեղ գրանցման և 1 տարվա պայմանագիր կնքելու համար հարկավոր է վճարել 5 հազար դրամ, իսկ առաջին ծանոթության ժամանակ վճարվում է սահմանված գումարի 2-րդ մասը: Տնօրենը, սակայն, չցանկացավ բացահայտել  այդ սահմանված գումարի չափը:

Գործակալության տնօրենը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է իր միայնակ ընկերուհիներին և ամուսնու միայնակ ընկերներին ծանոթացնելուց: Երբ ծանոթությունները երջանիկ ավարտ են ունենում, ամուսիններով որոշում են ամուսնական գործակալություն ստեղծել. «Բավականին լավ հաջողությունների ենք հասել, քանի որ աշխատանքի մեջ հաշվի ենք առնում հայկական մենթալիտետը, խիստ պահպանում ենք կոնֆիդենցիալությունը»:

Կենտրոնում տղամարդկանց գրանցում են 28 տարեկանից սկսած, իսկ աղջիկներին` 18 տարեկանից: Իսկ այցելուների առավելագույն տարիքային շեմը 65-70 տարեկանն է:

«25 տարեկան տղան դեռ պատրաստ չէ լուրջ ամուսնության: Իսկ 27-28 տարեկան տղան արդեն գիտի` ինչ է ուզում, ինչ աղջկա հետ է ուզում ամուսնանալ»,- բացատրում է Բաղիշյանը:

Այցելուների մեջ գերակշռում են 30-40 տարեկան անձինք, իսկ սեռային հարաբերակցությամբ այցելուների 60 տոկոսը կանայք են և միայն 40-ը` տղամարդիկ: Կենտրոնում զույգերին հանդիպեցնելու համար հատուկ միջոցառումներ չեն կազմակերպվում. «Երևանը փոքր քաղաք է, և բոլորը միմյանց ճանաչում են: Անգամ ընդունելության համար յուաքանչյուրին հատուկ ժամի ենք կանչում, որ միմյանց չհանդիպեն: Ամեն ինչ անում ենք, որ այստեղ մտնողն իրեն վատ չզգա»:

Միմյանց ընտրում են նախ լուսանկարների միջոցով, հետո փոխադարձ համաձայնությամբ միմյանց հետ հեռախոսազանգով են ծանոթանում, ապա հանդիպում:

«Միանշանակ կարող ենք ասել, որ շատ մարդկանց երջանկացրել ենք, ու դա է մեզ ստիմուլ է տալիս, որ շարունակենք աշխատանքը»,- ասում է Բաղիշյանը:

Տնօրենի խոսքով` թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ փնտրում են ավելի երիտասարդ կողակցի:

«40 տարեկան կինը, օրինակ, փնտրում է 39-41 տարեկան տղամարդու, մինչդեռ այդ նույն տարիքի տղամարդը գալիս է և ուզում է ծանոթանալ 25 տարեկան աղջկա հետ: Ցավալին այն է, որ այդ 25 տարեկան աղջիկը երբեմն ուզում է այդ տղամարդուն»:

Տղամարդիկ կարևորում են կնոջ կազմվածքը, նախընտրում են նիհարներին, մինչդեռ կանայք տղամարդու արտաքինին ուշադրություն չեն դարձնում, նախընտրում են, որ տղամարդն ունենա տուն և աշխատանք: «Այն աստիճանի ենք հասել, որ գեր աղջիկներին չենք գրանցում»,- ասում է Բաղիշյանը:

Գործակալության միջոցով տեղի ունեցած ամուսնությունների 70 տոկոսը Հայաստանում է եղել, մնացածը` արտերկրում:

Բաղիշյանը պատմում է, որ ամեն կերպ փորձում են օգնել այցելուներին. «Մի տղամարդ այցելու ունեինք` 42 տարեկան, ում հետ հանդիպում էր, չէր ստացվում: Ի վերջո որոշեցի ես ընտրել նրա համար թեկնածու, լուսանկարը ցույց տվեցի, չհավանեց: Բայց հետո նորից զանգահարեցի, թե մի լավ աղջիկ կա, ուղղակի նկարը չկա, պետք է հանդիպի, որ տեսնի: Նույն աղջկա հետ հանդիպում կազմակերպեցի, հիմա արդեն ամուսնացած են ու բալիկի են սպասում»:

Ամուսնական գործակալության հեռուստատեսային տարբերակ էլ է ստեղծվել. ԱՏՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվում է «Արի ամուսնանանք» հաղորդաշարը: Ռուսական նույնանուն հաղորդման նմանակը,  սակայն, սոցիալական ցանցերում հաճախ է քննադատվում:

Մեր ագրեսիվ, նյութապաշտ և արժեհամակարգից զուրկ հեռուստաեթերը

սերիալՈ՞րն է քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:  Ինձ անակնկալի բերած ու անպատասխան մնացած հարցը առիթ դարձավ խորհելու, որ լավ, սիրելի հաղորդում չունեմ, բայց կա՞ն արդյոք հաղորդումներ, որոնք արժե դիտել:

Երեկոյան միացրեցի հեռուստացույցը և սկսեցի «թերթել» ալիքները. սերիալից բացի ոչինչ չգտա: Ընդ որում, անկախ ալիքից և սերիալի անվանումից, բովանդակությունը կարծես նույնն է` զենք, շքեղ մեքենաներ, մեծ ու ճոխ առանձնատներ, լպիրշ, բայց հարուստ երիտասարդներ, որոնց ամեն ինչ կարելի է հոր փողերի  շնորհիվ, դժբախտ ու բոլոր առումներով ոտնահարված աղքատներ, որոնք կարող են միայն լացել իրենց սև բախտը և լավ ապագայի հույս չունեն, դժբախտ ու օրնիբուն լացող կանայք, որոնք պարբերաբար ծեծ են ուտում ամուսիններից, կնոջը «շան տեղ չդնող», հազար հատ սիրուհի և ապօրինի զավակ ունեցող տղամարդիկ:

Սերիալներում էլ առաջնայինը ոչ թե մարդիկ են, այլ մանրակրկիտ ցուցադրվող շքեղ ու թանկարժեք մեքենաները, ճոխ կահավորված տները, ֆիրմային խանութների նոր տեսականին, հյուրանոցների ու ռեստորանների մատուցած ծառայությունները:

Պետք է նաև նշել, որ սերիալների կրկնությունները միմյանց հերթ չեն տալիս: Արմենիա հեռուստաալիքով, օրինակ, սերիալները մինչև 4-5 անգամ կրկնվում են, այնպես որ ուզես թե չուզես, եթե հեռուստացույց միացնելու հանդգնություն ես ունեցել, ուրեմն պետք է սերիալ դիտես:

Նշված հեռուստատեսության սերիալներից  ներկայումս մեծ մասսայականություն են վայելում երկուսը` «Դժվար ապրուստը» և «Ոստիկանները»: Առաջինում իսկական խառնաշփոթ է. ով ում հասնում ծեծում ու անպատվում է. ամուսինը կնոջը, որդին մորը, եղբայրը քրոջը, սիրեկանը սիրուհուն ու նաև ընթացքում` ով ում հանդիպի: Ընդ որում, սերիալում դրական ու բացասական հերոսներին  միմյանցից տարբերակելը դժվար է. բոլորն էլ հարբելու աստիճան խմում են, հարկ եղած դեպքում թմրանյութ օգտագործում, ծեծում շրջապատի կանանց և նաև ում վրա  ուժը պատի ու այդպես շարունակ:

«Ոստիկանները» սերիալն էլ նույն հաջողությամբ կարող էր անվանվել, ասենք, «Հանցագործները», որովհետև ֆիլմի հանցագործ հերոսները ոստիկաններից շատ են, իրենց սև փողերի հաշվին շքեղ կյանք են վարում, աջ ու ձախ անպատիժ սպանում ու համարյա միշտ ջրից չոր դուրս գալիս: Ո՞ւմ են պետք ոստիկանը և օրենքը, եթե հարկ եղած դեպքում փողը երկուսից էլ ուժեղ է:

Երեկոյան «Շանթով» էլ մեկը մյուսին հաջորդում են հեռուստաընկերության արտադրանք սերիալները` «Եդեմի գաղտնիքները», «Անուրջներ», «Բանակում», «Ջեմիկը»:  Բարեբախտաբար, այս սերիալներում քրեականը, զենքերը, «լավ տղաների ռազբորկաները», արյունոտ տեսարանները  քիչ են, բայց դժվար է այս սերիալներն օրինակելի համարել: Առաջինում ֆիլմի հերոսուհին ջանք ու եռանդ չի խնայում իր սիրեցյալի ընտանիքը քանդելու համար, թքած թե վերջինս երեխաներ ունի, սիրում է իր կնոջը: Ինքնասիրություն ասվածն էլ խորթ հասկացություն է հերոսուհու համար (ինչպես և հայկական սերիալների կին հերոսների մեծ մասի համար):

Սերիալներից ուշագրավ է Ջեմիկը, որը հումորի է վերածել  ընտանեկան արժեքները ու չգիտես, թե ինչ նպատակ է հետապնդում: «Օրինակելի» հերոսուհին ինքնակոչ արվեստագետ ու նյութապաշտ մայր է, որն իր երեխաներից առավել սիրում է փողը, չի զլանում որդու փողերը գողանալ, լրտեսում է  որդուն ու նրա կնոջը, ամեն կերպ միջամտում նրանց կյանքին: Գագաթնակետը, սակայն, հարս-սկեսուր հարաբերություններն են:

Դեկտեմբերին,  երբ հանրությունը դատապարտում էր 20-ամյա Մարիամի հետ տեղի ունեցածը (վերջինիս ամուսինն ու սկսեուրը ամիսներ շարունակ Ռուսաստանում խոշտանգումների էին ենթարկել, նվաստացրել ու փակի տակ պահել) և պահանջում սկսերոջը ձերբակալել ու արդար դատաքննություն իրականացնել, հենց նույն ժամանակ  Ջեմիկը ճիշտ հակառակն էր քարոզում. հերոսուհին երևակայել էր, թե հարսը թուղթ ու գիր է արել, ու վերջինիս աթոռին կապած` կտտանքների էր ենթարկում` խոստովանություն կորզելու համար:

Առավել բարդ է Հանրայինը դիտելու հարցը: Երկու տարի տևած «Աննայի» ամենօրյա լաց ու կոծից, ողբից ու պատճառած սթրեսից հետո, երբ միացնում ես Հանրայինը ու էլի նույն դերասաններին տեսնում` գրեթե նույն կերպարով, ակամա սարսափում ես, որ հիմա էլի կսկսեն ողբալ: Փորձությունը հաղթահարել չկարողացա:

Այլ հարթություն է Հ2-ը, որը, որ ժամին ուզում ես միացրու` ռաբիզ երաժշտություն է հեռարձակում:

Ընդհանուր առմամբ հեռուստաեթերը բաղկացած է սերիալներից, գովազդներից և լրատվական ծրագրերից: Վերջիններս էլ լրացնում են սերիալների ստեղծած ագրեսիվ-ողբերգական ֆոնը. երբեմն ողջ լրահոսի ընթացքում անգամ մեկ դրական լուր չի հաղորդվում` սպանություն, պայթյուն, ահաբեկչություն, պատերազմ, զոհեր, վիրավորներ, աղետներ, համաճարակ, մի խոսքով, ըստ լրատվականների, աշխարհի վերջը եկել է:  Մի առիթով տատիս  արտահայտությունը տեղին է ամենօրյա լրահոսի համար. «Քա, սևավոր, խո բայղուշ չե՞ս, սաղ աշխարհում մի հատ լավ բան չի՞ եղել»:

Հեռուստաընկերությունները, փաստորեն,  ոտնահարում են բոլոր նրանց իրավունքները, ովքեր չեն ուզում սերիալ դիտել: Առավել վատ վիճակում են երեխաները.  նրանց համար օրվա ընթացքում գեթ մեկ մուլտ  կամ մանկական հաղորդում չի ցուցադրվում: Ծնողներին մնում է արգելել երեխաներին հեռուստացույց դիտել կամ թույլ տալ, որ սերիալ դիտեն:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Վահրամ Միրաքյանը, որ հայաստանյան հեռուստաեթերի բովանդակության ուսումնասիրություն է կատարել, նշում է, որ գիտական միջավայրում հեռուստատեսությունը դիտարկվում է որպես սոցիալականացման միջոց: Իսկ 3-4 տարեկաններից մինչև դեռահասների համար այն ունի նաև կրթադաստիարակչական նշանակություն, քանի որ վերջիններս ընդօրինակում են հեռուստատեսությամբ տեսածը` այն համարելով  կյանքի իրողություն:

Ամփոփելով հեռուստաեթերի առյուծի բաժինը զբաղեցնող սերիալների բովանդակությունը` Միրաքյանը նշում է,  որ դրանք մի քանի բան են քարոզում, բայց գլխավորը ագրեսիվ սոցիալական դիրքորոշումն է: Այսինքն` հեռուստացույց դիտող երեխան սովորում է, որ շրջապատում հարց լուծելու միակ և լավագույն եղանակը ագրեսիան է: Երկրորդը, ըստ Միրաքյանի, նյութապաշտության քարոզչությունն է, շքեղ կյանքի իդեալականացումը: Երրորդը լեզվամտածողության խեղումն է, քանի որ սերիալների  լեզուն, բառապաշարը, մաքուր հայերենից բացի, ամեն ինչ պարունակում է` փողոցային, կրիմինալ ժարգոն և այլն:

Այս ամենի  հետևանքով աճող սերունդը հեռուստատեսությունից սովորում է ագրեսիայի նոր մեթոդներ, կարող է վերանայել իր նկատմամբ կիրառվող սահմանափակումները (մայրիկն ասում է, որ ուրիշին հարվածելը, ծեծելը վատ բան է, չի կարելի, իսկ հեռուստատեսությամբ «լավ տղան» այլոց ծեծելով ու սպանելով է հաջողության հասնում),  նվազում է  ուրիշի նկատմամբ կարեկցանքը, զգայական բթացում է տեղի ունենում, նաև շրջապատի նկատմամբ կասկածամտություն է առաջանում: «Մեր հասարակության մեջ լարվածությունը բարձր մակարդակի վրա է»,- ամփոփում է Միրաքյանը:

Հայրենական արտադրության սերիալների ինդուստրիայի զարգացմանը զուգահեռ  տարեցտարի ավելանում է հանցագործությունների թիվը. օրինակ` 2010-ին, 2005-ի համեմատ, հանցագործությունների թիվը կրկնապատկվել է: Միրաքյանը նշում է, որ չբացառելով տնտեսական ճգնաժամի գործոնը` մեծ է նաև հեռուստատեսության դերը` սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ հանցագործությունների 30 տոկոսի դրդապատճառը սոցիալական գործոնը չէ, այլ մտածողությունը, գաղափարները:

Միրաքյանը նշում է, որ մեր հեռուստաեթերում ներկայումս ամենակարևորը սերիալներն են, դրանց մասին է շատ խոսվում, քանի որ ցուցադրվում են փրայմ-թայմին և օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնվում են:

Սերիալների կամ հեռուստաեթերի ցանկացած քննադատություն, սակայն, դեմ է առնում հեռուստատեսության ներկայացուցիչների նույն պատասխանին. մարդկանց պահանջմունքն է այդպիսին: Սա պատասխանատվությունից խուսափելու և որակյալ արտադրանքի մասին չմտածելու լավագույն պատրվակն  է:

Միրաքյանը նշում է, որ ազդեցության մեթոդները ստանդարտ են, մարդիկ զգայական մակարդակով կախվածության մեջ են հեռուստատեսությունից, սերիալներից: Այսինքն` սերիալ դիտողների թիվը հաստատ չի պակասի, եթե սերիալի բովանդակությունը փոխվի, ասենք` հանցավոր կյանքը քարոզելու փոխարեն մի քիչ հայրենասիրություն ցուցադրեն:

ԱՄՆ-ում, օրինակ, դեռ 60-ականներին են խնդրին լուծում տվել. սերիալներում հերոսը երկրի ճիշտ քաղաքացին է, արդար մարդը, բանիմաց ու գործին նվիրված ոստիկանը և այլն:

Հնարավո՞ր է արդյոք, որ մեզ մոտ էլ քննադատությունը և դժգոհությունները արդյունք ունենան, և ի վերջո ունենանք որակյալ հեռուստաեթեր կամ գոնե որակյալ սերիալներ: Դժվար թե: Ներկայիս սցենարիստների երևակայությունն արդեն սպառվել է, այլապես բոլոր սերիալները նույն տաղտուկ բովանդակությունը չէին ունենա: Իսկ ավելի բարձրարժեք գործերի համար պետք են համապատասխան արժեհամակարգ ունեցող մասնագետներ, որոնք չկան կամ եթե լինեն էլ, դժվար թե նրանց ձայնը հասանելի լինի. ոլորտում բոլոր աթոռները  «ցմահ» զբաղեցրած են: