Վերնիսաժի մոտ կրակոցներից 5 մարդ է վիրավորվել

MHM87878Մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
MHM87884 copyՆշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Էրեբունի միջնաբերդը կվերականգնվի առաջիկա 3 տարիների ընթացքում. Գագիկ Գյուրջյան

ԳյուրջյանԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ այսօր երեկոյան կսկվի ՛՛Թանգարանային գիշեր՛՛  միջոցառումների շարքը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ոլորտում  առկա խնիրներից և բացահայտեց իրենց նախատեսած ծրագրերը:

Քանի որ այս տարի ՛՛Թանգարանների գիշեր՛՛ նախաձեռնությունը 10-րդ անգամ է անցկացվում, իրենք որոշել են ավելի յուրահատուկ կերպով նշել այն.  ՛՛Սա համաեվրոպական միջոցառում է, ուստի մենք միացել են եվրոպական թանգարանների կազմակերպած մի հետաքրքիր ծրագրի: Թանգարանի այցելուները եվրոպական ցանցին միանալու պարագայում իրենց կողմից արված լուսանկարները կարող են ներկայացնել եվրոպական երկրների թանգարանների այցելուներին, իրենք էլ կարող են տեսնել այդ երկրների թանգարանների լուսանկարներն առցանց, այսինքն՝ միասնական ալբոմ կստեղծվի՛՛:

Այս տարի Թանգարանային գիշերվա կարգախոսն է՝ «Ցուցանմուշները ստեղծում են կապեր». այդ կապակցությամբ «Էրեբունի»-ում այսօր կցուցադրվի Բրիտանական թանգարանի պատմությունը ներկայացնող ֆիլմ: Սա հատկապես հետաքրքիր է հայերի համար, քանի որ Բրիտանական թանգարանում են պահվում բազմաթիվ հայկական և ուրարտական ցուցանմուշներ: Ֆիլմի ցուցադրությունները ընդմիջվելու են «Վան» ազգագրական համույթի կենդանի երգերով և պարերով:

՛՛Մենք ունենք Պատանի հնագետի դպրոց, որի երեխաները ուսումնական պեղումներ են իրականացնելու: Մենք համագործակցել ենք նաև Կարեն Դեմիրճյանի թանգարանի հետ. առանձնացրել ենք մեր թանգարանից 6 որմնանկարի պատճեներ, որոնք ցուցադրվելու են Դեմիրճյանի թանգարանում: Այդ միջոցառման կարգախոսն է՝ ՛՛Անակնկալ գիշերով՛՛, քանի որ այցելուների համար անակնկալ կլինի Դեմիրճյանի թանգարանում տեսնել ուրարտական որմնանկարներ»,- ասաց արգելոց- թանգարանի տնօրենը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը թանգարանին կտրամադրի ավտոբուսներ, որոնց մեկնակետը կլինի Հանրապետության հրապարակից:  Անցյալ տարի ավտոբուսներ տրամադրելու արդյունքում եռակի ավելացել էր այցելուների քանակը:

Անդրադառնալով թանգարանի խնդիրներին` Գագիկ Գյուրջյանը նշեց, որ իրենց թանգարանը նման չէ սովորական թանգարաններին, քանի որ նաև արգելոց է, սակայն ունի մի շարք խնդիրներ, որոնք հատուկ են մեր երկրում առկա այլ թանգարաններին: Նա տեղեկացրեց, որ մինչև անցյալ տարի թանգարանը չուներ ջեռուցում, բայց քաղաքապետարանի ջանքերով այդ հարցն արդեն լուծված է: ՛՛Խնդիրները քիչ-քիչ վերանում են: Ներկայումս մենք շեշտը դրել ենք միջնաբերդի վերականգնման վրա: Մենք ֆրանսիացի մասնագետների հետ արդեն 6 տարի է, ինչ պեղումներ են կատարում և առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագրում ենք ավարտել վերականգնման աշխատանքները՛՛,-ասաց նա:

Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի ստրուկներն են, ճորտերն ու հարճերը. Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյան

“Վաղը ժամը 2-ին  ԱԻՄ-ը որոշեց միանալ քաղաքացիական նախաձեռնությամբ սկիզբ առած  գործընթացին, որը սկսվելու է Ազատության հրապարակից, կավարտվի կամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց կամ իրազեկման երթ տեղի ունենա մինչև Պռոշյան փողոց”.-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

 

Պարույր Հայրիկյանը նշեց, որ Ռուսաստանի դեմոկրատական ուժերը, որոնք համաձայն չեն այսօրվա ղեկավարության վարած քաղաքականության հետ, “Ոչ Պուտինին” , “Պուտինին հեռացնել Կրեմլից”  կոչերով վաղը ասպարեզ են իջնելու ռուսական տարբեր քաղաքներում “և քանի որ նրանց պահվածքը համահունչ է մերի հետ, վաղվա միջոցառումը կոչում ենք նաև ռուս դեմոկրատների հետ համերաշխության միջոցառում”,-նշեց ԱԻՄ առաջնորդը:

 

Ըստ Պարույր Հայրիկյանի` նրանք, ովքեր ռուսական բացասականի դեմ դրսևորումները համարում են հակառուսականության դրսևորումներ, մոլորության մեջ են, քանի որ ռուսական բացասականը, հայկական բացասականը պիտի կոչենք բացասական, դրականը` դրական: Ըստ նրա` Ռուսական իմպերիալիզմի պահանջն այն է, որ իրենք ինչ ուզեն` կանեն, իսկ վաղվա հավաք-երթի նպատակն է ոչ ասել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանին, որը Հայաստանում իրեն պահում է որպես փոխարքա: “Արդեն լրջորեն խոսվում է այն մասին, որ Սաուդիան Արաբիան, որը նավթի մեկ բարելը վաճառում էր մոտ 110 դոլլարով, պատրաստ է իջեցնել գինը մինչև 100 դոլլարի, իսկ Ռուսաստանի համար նվազագույն գինը 102 դոլլար է, որից հետո սկսվում է Ռուսաստանի համար տնտեսական ճգնաժամ. սա համարում եմ  ուրախալի, քանի Պուտինյան Ռուսաստանը պիտի պատժվեր թեկուզ միայն Հայաստանի հանդեպ վեջին տարիներին իր արած ստորությունների համար, բայց հավատում եմ, որ այդ հարվածը միայն այսօրվա Պուտինյան ռեժիմին կհասնի”,-նշեց Պարույր Հայրիկյանը:

 

Ըստ Հայրիկյանի` ոչ մի դիկտատոր կամովին չի զիջել իր դիրքերը դեմոկրատական ուժերին և Պուտինը և նրա նմանները մինչև վերջ են գնալու, քանի որ դիկտատոր լինելուց զատ նաև կադրային չեկիստներ են:“Երբ Ռուսաստանը  եկամուտների իր հիմնական աղբյուրներից զրկվի, կմտածի դրանք փոխարինել այլ աղբյուրներով` մասնավորապես զենքի վաճառքով, իսկ Ռուսաստանն այս հարցում ոչ մի սկզբունք չունի. Ադրբեջանին արդեն հսկայական քանակով զենք է վաճառել և եթե սա շարունակվի, կկանգնենք լուրջ դրության առջև”,-նշեց Հայրիկյանը` ավելացնելով` “Երկու բան կա. մեկը` ՀՀ իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որը չի լինի, պատրաստ չեն դրան, Ռուսաստանի ստրուկներն են, ճորտերն ու հարճերը: Երկրորդն այն է, որ պետք է որքան կարելի է սահմանազատվենք մեր  իշխանություններից. նա, ով մտածում է իր երեխայի, ընտանիքի մասին, պետք է մասն դառնա իշխանություններից սահմանազատվելու այս գործընթացին: Այս երթը նման մի քայլ է”,-նշեց Պարույր Հայրիկյանը:

 

Քառյակի մասին խոսելով` Պարույր Հայրիկյանն ասաց. “Ո՞ր “Քառյակը”, այն քառյա՞կը, որ միասնաբար Գալուստ Սահակյանին ընտրեց Աժ նախագա՞հ, նրա՞նք են իշխանափոխություն պահանջում. եկեք չխաբենք մեզ, և հետո չգիտեմ ինչ “Քառյակի” մասին է խոսքը. այն ինձ համար չկա”:

 

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում քաղաքացիական “Դեմ եմ” շարժմանը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. “Դեմ եմ”-ը զրո շարժում է, եթե Ձեր ”դեմ”-ը չլինի դուք կլինե՞ք: Առողջ շարժումը պայքարում է ինչ-որ բանին կողմ ու պնդում այն, այսինքն` Հայրիկյանը ասում է. “…ցուլը դեմ է կարմիր լաթին, եթե լաթը չկա` նրանք էլ չկան”:

 

Փլվածքի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի մի քանի օր

լարսՎրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք:

Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ  կլինի ևս մի քանի օր:

Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել  նշված ճանապարհից:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

 

Լեզուն այնքան զգացմունքային չէ, որքան ժեստերը

10268302_634542316638213_1507110370_nՄայիսի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ հաշմանդամության խնդրիրներին նվիրված «Աղջիկը լուսնի վրա» պարային  ներկայացման մասին պատմող ֆիլմի պրեմիերան:

Փետրվարի 26-ին ցուցադրված «Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը յուրահատուկ էր նրանով, որ դրա մեջ միասին կողք կողքի հանդես էին գալիս հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողներ:
Ներկայացումը կայացել էր ԱՄՆ դեսպանատան և «Կյանքը առանց սահմանների» ծրագրի նախաձեռնությամբ, այն ինքնատիպ էր նրանով, որ ցուցադրվում էր այն երկխոսությունը, որն առաջանում է ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց եւ առօրյա կյանքով ապրողների միջեւ:

Հաշմանդամությունը դատավճիռ չէ, ընդունիր քեզ այնպես, ինչպես  որ կաս: Ապրել է պետք, այլ ոչ թե գոյատևել: Դու կարող ես ողջ աշխարհին ասել, որ դու էլ ես անհատ, դու էլ ունես հարգանքի և սիրո կարիք: Մի՛ կարծիր, թե դա անհնար է, և պատճառներ մի՛ փնտրիր:

«Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Արեն Մալաքյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ նկարահանումները տեւել են 5 ամիս, նրանք ապրել եւ փորձել են ցույց տալ, թե ինչ է կատարվում հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ, ովքեր պարում են: Նրանք հերոսներ էին, խոսքերն ավելորդ են. «Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, նրանք ի վերջո պարեցին բեմում, եւ դա իդեալական էր: Պրոֆեսիոնալ պարողները ջանք չէին խնայում եւ ամեն կերպ փորձում էին հաշմանդամներին ներգրավել ու դառնալ հավասար, դա իրենց մոտ ստացվեց եւ ֆիլմում հստակ երեւում է»:

Ռեժիսորի խոսքով ֆիզիկական արատ չունեցող մարդիկ չեն կարող պատկերացնել, թե ինչքան ուժեղ ու անբացատրելի է հաշմանդամների ցավը, մենք պետք է պարզապես ծիծաղենք մեր փոքրիկ դժվարությունների վրա. «Ֆիլմում նկարահանված երիտասարդները երազկոտ, խելացի, բարի եւ ուժեղ էին, նայելով նրանց միայն հպարտություն էի զգում: Մեր լեզուն այնքան ուժեղ ու զգացմունքային չէ, որքան իրենց ժեստերը, ֆիլմում նրանք անկեղծ էին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Փորձագետները կամփոփեն բուհեր այցելության արդյունքները

երևանի գյուղատնտեսական համալսարանԱվարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերի այցելությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան: Ավելի վաղ փորձագետներն այցելել էին նաև Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ

Փորձագետները մայիսի 5-14-ը ուսումնասիրություն են կատարել ՀՊՏՀ-ում և Գյումրու ու Եղեգնաձորի մասնաճյուղերում, իսկ մայիսի 12-16-ը`ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի գյուղատնտեսական համալսարանում: Այցելության ընթացքում  փորձագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել բուհերի ռեկտորների, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողական ինքնակառավարման մարմինների, ուսանողների, բուհերի շրջանավարտնեևրի, պոտենցիալ գործատուների հետ:

Մինչ այցելությունը բուհերը ներկայացրել էին ինքնավերլուծություն` հավատարմագրման կարգի պահանջների համաձայն: Այցելության ընթացքում հարց ու պատասխանի միջոցով փորձագետները պարզեցին նաև առանձին խմբերի կարծիքը առաջադրված հարցերի շուրջ:

Փորձագիտական խմբերում ընդգրկված են երեք  հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող:  Հավատարմագրումը կազմակերպում և իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը  (ՈԱԱԿ)

Այսքանով ավարտվում են փորձագետների այցելությունները ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում  անցնող հինգ բուհեր:

Այցից հետո փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկման արդյունքները: Յուրաքանչյուր խմբի ղեկավարը  կամփոփի  դրանք ու  կներկայացնի  զեկույց, որն էլ կուղարկվի բուհին:  Ուսումնական հաստատությունը  կարող է ներկայացնել իր դիտարկումները, որից հետո զեկույցն  ավարտական տեսքի կբերվի:

Բուհը, վերջնական  զեկույցի և կից խորհրդատվության հիման վրա, պետք է մշակի իր հետագա բարելավման պլանը, որի իրագործումը սահմանված ժամկետում  կնպաստի կրթության որակի բարձրացմանը:

Գործընթացի ավարտական փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշման  հրապարակումը:

Հետախուզվողը պատսպարվել էր հողատարածքում

ձերբակալվել էՄայիսի 16-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Չարբախի թիվ 249 հողատարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Ա.-ին, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118 (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:

 

Վարչապետն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին

11308_am_1ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Կառավարության ղեկավարն ընդունել է ուսանողներին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով: Ուսխորհրդի անդամները տեղեկացրել են վարչապետին, որ ընդհանուր առմամբ գոհ են բուհի աշխատանքից, սակայն ընտրության կարգի հետ կապված որոշակի առարկություններ ունեն: Մասնավորապես, դժգոհությունը պայմանավորված է մասնաճյուղի տնօրինության կողմից կանոնադրությունում ընտրության ընթացակարգի փոփոխությամբ, ինչի արդյունքում ուսխորհրդի նախագահի ընտրության իրավունքը վերապահվում է պրոֆեսորադասախոսական կազմին, այլ ոչ թե ուսանողներին (ինչպես նախկինում է եղել): Այդ պատճառով ուսանողները երկու օր առաջ բոյկոտել են ուսխորհրդի նախագահի ընտրությունը, և տնօրինությունը համաձայնվել է այն կազմակերպել ուսանողների նախընտրած կարգին համապատասխան: Լսելով ուսանողներին՝ վարչապետը հանձնարարել է Կորյուն Աթոյանին բացատրություն պահանջել բուհի տնօրինությունից նման մոտեցման համար և անհրաժեշտ համարել ուսխորհրդի նախագահի ընտրության անցկացումն ուսանողների նախընտրած կարգով:
Ուսանողական խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին իրենց ընդունելու, բուհի բոլոր խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և դրանց արձագանքելու համար: Վարչապետը խոստացել է ուսանողներին առաջիկայում այցելել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ և տեղում մանրամասն ծանոթանալ նրանց հուզող հարցերին:

 

Ադրբեջանցիները շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

ՀՀ-ոստիկանություն2Մայիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Իսահակյան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց Գրիգոր Ս.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է 1978 թ. ծնված Աննա Խ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 19.30-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

 

Խանութից և փոստային բաժանմունքից կատարված գողությունների հետքերով

ձերբակալությունՄայիսի 10-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել մի խանութից և նույն շինությունում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ Ջրաշենի փոստային բաժանմունքից կատարված գողության մասին:
Մայիսի 16-ին, ժամը 13.45-ին, մեղայականով բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Հրայր Ղ.-ն և հայտնել, որ գողությունները կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Հրայր Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

14-ամյա տղան հայտնաբերվել է

տղաԻնչպես տեղեկացրել էինք` մայիսի 3-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, Գավառի մանկատան սան Արևշատ Զախարյանի անհայտ կորելու մասին:
Մայիսի 16-ին, ժամը 21.35-ին, Գավառի մանկատան տնօրենը ոստիկանություն է հայտնել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, տղան հայտնաբերվել է Երևան քաղաքի Ջրվեժ թաղամաս տանող ճանապարհին, Բագրևանդ փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ:
Ա. Զախարյանը տեղափոխվել է «ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոն:

 

ՄԱՅԻՍ-ՎԱՅԻՍ. ՆԱԽԱՊԱՇԱՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Nyut 2 AՀոգևորականները լռում են, երիտասարդները՝ շարժվում ավանդույթի համաձայն

Հայ Առաքելական եկեղեցու հեգևորականը մայիսին չամուսնանալը կապում է սնահավատության հետ, իսկ սնահավատությունը կարող է առաջացած լինել կենցաղային ցանկացած մանրուքից: Մենք՝ հայերս, սովորություն ունենք ընդհանրացնել ամեն ինչ, ապրել ուրիշի դժվարություններով ու ուրախություններով:
Պատմությունն էլ այս հարցում իր պնդումներն ունի. վաղ անցյալում սիրահարները մայիսին չէին ամուսնանում: Ասում են` դա հաջորդել է Պահքի շրջանին և Սուրբ Զատկին. մարդկանց պահուստները դատարկ են եղել և հարսանիք անելու միջոցներ չեն ունեցել: Որքան էլ բազմազան և անհեթեթ լինեն մայիսին չամուսնանալու վերաբերյալ բացատրությունները, այնուամենայնիվ, փաստ է, որ հենց այս ամսին են ամենաքիչ թվով ամուսնություններ գրանցվում:

Փորձենք ամեն ինչ, այսպես ասած, ներսից ուսումնասիրել:

ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ
Ամուսինների պարտականությունների մասին խոսում է Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղած նամակում. «Հնազանդվեցե՛ք միմյանց Քրիստոսի երկյուղով, կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն տիրոջը»: Նամակում Պողոս Առաքյալը Աստծուն և տղամարդուն միևնույն նժարի վրա է դնում, բայց, այնուամենայնիվ, կնոջն էլ չի անտեսում. «Եվ ինչպես որ եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում: Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի ավազանի մաքրությամբ, խոսքով, որպեսզի նա իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, այլ լինի սուրբ ու անարատ»:

Կինը, ճիշտ է, պետք է հնազանդվի տղամարդուն, բայց տղամարդու վրա առավել մեծ պարտականություն է դրված՝ անձը զոհել կնոջ համար: Այսօր իզուր չէ, որ մեր բանակում տղամարդիկ են ծառայում, որովհետև պարտավոր են պաշտպանել: Աստված ուժով է օժտել տղամարդուն, որ կարողանա պաշտպանել, և կինը զգա իրեն ապահով նրա ներկայությամբ: Մեր եկեղեցին, երբ տղամարդուն հարցնում է «տե՞ր ես» և կնոջը «հնազա՞նդ ես» , հենց այդ հարաբերությունն է հաստատում:
Արման սարկավագ Պալյանն ասում է, որ եթե ամուսինները ֆիզիոլոգիապես հավասար չեն, չեն կարող հոգեբանորեն հավասար լինել, անհնար բան է:

– Մի տղամարդ, որի ձեռքը կտրված է, շատ տարբեր ապրումներ ունի, քան այն մարդը, որ ամբողջապես առողջ է: Ուր մնաց կին արարածը, որի ֆիզիոլոգիան տարբեր է, մտածելակերպը` ևս: Նրանց մի նժարին դնել չես կարող, ամեն մեկն իր գործն ու դերն ունի: Ընտանիքում խնդիրներից չես խուսափի, և որպեսզի այն ամուր լինի, Աստված պատվիրեց տեր և հնազանդ լինել,- ասում է հոգևորականը:

«Երգ երգոց» գրքում նկարագրվում է փեսայի ու հարսի առաջին գիշերվա հանդիպումը: Այն դրված է Աստվածաշնչի կենտրոնում՝ խորհրդանշելով Աստծո և մարդու հանդիպումը:
– Ինչպես տղամարդն ու կինը նմանեցված են Քրիստոսին ու եկեղեցուն, այնպես էլ նրանց առաջին հանդիպումը Աստծո և մարդու համեմատությամբ է: Թե Աստված ինչպես է մեզ սպասում, այդ նույն զգացումներով պետք է ամուսինը սպասի իր կնոջը, և կինը կարոտի նրան: Գրքում հարսն ասում է. «Թող ինձ համբուրի իր բերանի համբույրներով»: Փեսան պատասխանում է. «Քո ստինքներն ավելի լավ են գինուց և քո օծման յուղերի հոտը բոլոր խնկերից»,- պատմում է հոգևորականը:- Սա նախկինում թույլ էին տալիս կարդալ, երբ մարդ հասունանում էր: Սուրբ են այդ հարաբերությունները, ինչպես Աստծո և մարդու դեպքում: Այս սպասումը նաև ընտանիքն է ամրացնում. եթե ինչ-որ մեկը թերանա, մի կողմի կարոտը չի լինի, մյուսի սերը շատ կլինի, ու կծագեն ընտանեկան գժտություններ:

ԽՈՍՔԸ ՄԵԾԻՆՆ ԷՐ

– Եթե խոսում էր տան մեծ տղամարդը` բոլորը լռում էին, այսինքն՝ ավագության սկզբունքը, որ հատուկ է ավանդական հասարակությանը, հստակ գործում էր: Տարիքն առած կանանց խոսքը ևս հարգվում էր, բայց վճռական խոսքը տղամարդունն էր,- ասում է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը:

Նա պատմում է, որ մեր հասարակությունն ավանդական հայրիշխանական էր, և կանայք, նույնիսկ` տարեցները, ոտքի էին կանգնում, երբ ներս էր մտնում տղամարդը, կամ եթե տղամարդն անցնում էր, նրան տեսնելիս ոտքի էին կանգնում: Դա հարգանքի, ակնածանքի դրսևորում էր:

– Սեղանապետն էլ անպայման տղամարդն էր, չէ՞,- հարցնում եմ:

– Գիտեք, սեղանը որոշակի մշակութային, սոցիալական տարածք է. սեղանի գլխին՝ ամենագլխավոր տեղում, նստում է ամենապատվավոր մարդը, այսինքն՝ տան տերը: Սեղանի շուրջ որոշակի սոցիալական շերտավորում կա. որքան մոտ են նստում սեղանի գլխին բազմած նահապետին, այնքան հարգված են, և որքան հեռանում են կենտրոնից, նստում դռան մոտ, այնքան նվազում է սոցիալական կարգավիճակը:
Հացկերույթի ժամանակ էլ որոշակի կարգ է գործել: Առաջինը սեղան նստել են տղամարդիկ, հետո նոր միայն կանայք, ընդ որում՝ նստել են առանձին՝ երեխաների հետ: Ամենակարևորը՝ հացկերույթը գլխավորել են տղամարդիկ, խոսքի, ելույթի, այսինքն՝ կենացի իրավունք ունեցել են միայն նրանք:

Ազգագրագետը նշում է նաև, որ հնում մարդիկ իրար չէին սիրահետում, սերն, այսպես ասած` գաղտնի էին պահում:

– Ավանդական հասարակությունում ամուսինները երբեք միմյանց նկատմամբ տածած սերը մյուսին ցույց չէին տալիս, սիրո ցույցերը չէին խրախուսվում, և որևէ մեկը դա իրեն թույլ չէր տալիս: Փաղաքշական բառեր էլ միմյանց չէին շռայլում, ինչպես՝ սիրելիս, իրար անունով էլ չէին դիմում: Դիմելաձևը տարբեր էր` այնինչի տղա, այսինքն՝ հոր անունն էին տալիս: Սրանք չգրված օրենքներ էին, որ սերնդեսերունդ փոխանցվում էին:

ԵՐԲ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացիական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Ղազարյանն ասում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը դեռևս 1998-ից սահմանում է «ամուսնական պայմանագիր» հասկացությունը:

– Այսօր շատ երիտասարդներ կան, որոնք մտադիր են պայմանագրով կարգավորել իրենց ամուսնական հարաբերությունը: Դա նաև հստակեցնում է գույքային իրավունքները, եթե ամուսինները պայմանագիր չեն կնքում, ապա ինչ գույք, որ ձեռք են բերում համատեղ ամուսնության ընթացքում, համարվում է երկուսի համատեղ սեփականությունը, այսինքն՝ հավասարապես պատկանում է նրանց,- ասում է իրավաբանը,- իսկ մինչ ամուսնությունը ձեռք բերված գույքը, համատեղության սկզբունքով չի կիսվում: Այս ամենը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

– Որո՞նք են ամուսնական պայմանագրերի ամենակարևոր կետերը,- հետաքրքրվեցինք:

– Մեզ մոտ ամուսնական պայմանագրերում սովորաբար շեշտը դրվում է գույքային հարցերի վրա, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վեճի գլխավոր պատճառը գույքի իրավունքն է: Հետաքրքիր է, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում պայմանագրում ներառում են նաև կենցաղային պարտավորություններ՝ ըստ պայմանագիրը կնքողների հայեցողության: Նման հարցեր նախապես կարող են պարզաբանել նաև հայ ամուսինները, սակայն հային հատուկ բնավորությամբ` այդքան չեն մանրամասնում,- նշում է իրավաբանը:

– Իսկ ամուսնալուծությո՞ւնը:

– Ամուսնությունը լուծվում է դատական կարգով, կամ եթե կողմերի միջև համաձայնություն կա, նաև ԶԱԳՍ-ը կարող է ամուսնալուծել: Բայց այս հարցի շուրջ մի քանի բացառություններ կան: Օրինակ՝ եթե կինը հղի է, առանց նրա համաձայնության ամուսինը իրավունք չունի ամուսնալուծության հայցով դիմել դատարան:
Ամուսնալուծությունից հետո հայրը որոշակի պարտականություններ է կրում, այդ թվում՝ ալիմենտի, որն ուժի մեջ է մինչև երեխայի չափահաս դառնալը: Բայց և այնպես, հայրը նաև իրավունքներ ունի: Եթե նախկին կինը փորձի թույլ չտալ, որ նա շփվի երեխայի հետ, նա դատական կարգով կարող է տեսակցության ժամեր սահմանել,- ասում է իրավաբանը:- Ամուսնությունը լուծել` չի նշանակում երեխայի հանդեպ իրավունքները կորցնել: Ամուսնալուծությունը միմիայն վերաբերում է ամուսիններին: Ընդ որում, այնպես չէ, որ երեխաները պետք է միայն մոր խնամքին մնան: Այս հարցում ծնողները հավասար իրավունքներ ունեն: Կարող են լինել հայրեր, որոնք երեխայի դաստիարակությամբ շատ ավելի լավ կզբաղվեն, կամ մայրեր, որոնք ընդհանրապես ուշադրություն չեն դարձնի երեխաներին: Մեր դատական պրակտիկայում այդպիսի շատ դեպքեր կան. մայրն անբարո կյանք էր վարել, երեխային երեք թե չորս օր թողել, գնացել էր, և փոքրիկը բարուրի մեջ սովից մահացել էր: Երբ նրա նախկին ամուսինը ցուցմունք էր տալիս, պետք է տեսնեիք, թե ինչպես էր դողում: Այնպես որ, դատարանում նախապատվություն չի տրվում որևէ մեկին, և վճիռը կայացվում է` միմիայն երեխայի շահը հաշվի առնելով:

Այն հարցին էլ, թե դատարանը չի՞ հաշտեցնում զույգերին, նման պրակտիկա չկա՞, իրավաբանը պատասխանում է.

– Եթե հաշտեցման եզրեր լինում են, դատարանն ընտանիքը պահելու կողմնակից է: Օրինակ՝ մեր դատավորներից մեկը հաշտեցնելու մեծ փորձ ունի, ասես վարպետացել է այդ ոլորտում, կարողանում է համոզել, տարբեր մարդկանց կյանքից օրինակներ է բերում, որ չշտապեն, գնան ծանրութեթև անեն և գուցե մտափոխվեն: Եթե դատավորը տեսնում է, որ կողմերը կարող են հաշտվել, երեք ամսով ժամանակ է տալիս: Փորձը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում զույգերը հանդարտվում են, բարկությունն անցնում է, ու կարողանում են ավելի սթափ մտածել, շատ դեպքերում` իսկապես հաշտվում են:

 

Գյումրու քաղաքապետն ընդունեց Եվրամիության երկրների դեսպաններին

IMG_4050Այսօր՝ մայիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում ընդունեց  Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային, Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան  ՋովաննիՌիչուլլիին,  Շվեդիայի Թագավորության դեսպանության  գործերի ժամանակավոր հավատարմատար  Մարտինա Քուիկին,  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզին, Գերմանիայի  Դաշնային Հանրապետության  Արտակարգ և լիազոր դեսպան  Ռայներ Մորելին,  Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Հանդիպման  մեկնարկին  քաղաքապետը նախ շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան  հյուրերին  «Եվրոպայի օր»  ծրագրի մեկնարկը Գյումրիից տալու համար, ապա հակիրճ  ներկայացրեց  քաղաքի  սոցիալական,  քաղաքաշինական, մշակութային և մարզական ընդհանուր վիճակը, կատարված և նախանշված աշխատանքները: Քաղաքապետը կարևորեց  նաև եվրոպական տարբեր երկրների քաղաքների և Գյումրու միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը՝ փաստելով, որ հանրապետության երկրորդ քաղաքն արդեն ունի նման փորձ Ֆրանսիայի, Լեհաստանի և Հունաստանի քաղաքների հետ:

Իրենց հերթին դեսպանները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետից  «Եվրոպայի օր»  ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար, ապա կողմերը մտքեր փոխանակեցին հետաքրքրություն  ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Մարզերում պայքարում են պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ

DSC_1570Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումները: Մեր երկրում, 1990-ական թվականներից սկսած, շեղվել է նորածինների հարաբերակցությունը` կազմելով 110-120 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա` 100 աղջիկ հարաբերակցությունը: Հետազոտությունները փաստում են, որ եթե սելեկտիվ աբորտների ներկայիս տեմպերը Հայաստանում շարունակվեն, ապա 20 տարի անց 28000 պոտենցիալ մայրեր ուղղակի չեն լինի, ինչը ժողովրդագրական լուրջ պրոբլեմներ կառող է առաջացնել։

Ի թիվս այլ խնդիրների, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը մտել է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի թեմաների ցանկի մեջ: Մի շարք հասարակական կազմակերպություններ ծրագրեր են իրականացնում հանրության շրջանում՝ փորձելով իրազեկել սելեկտիվ աբորտների հետևանքների մասին, տրամադրել համապատասխան գիտելիքներ։

«Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում և Գետափ, Մալիշկա, Խաչիկ, Արենի, Քարագլուխ գյուղերում իրականացնում է «Մի´ սպանիր» խորագրով ծրագիրը։ Հասարակական կազմակերպության ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը նկատում է, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրության տվյալներով՝ Եղեգնաձորի ծննդատանը 2012թ. ծնվել է 153 տղա, 127 աղջիկ: Ըստ տիկին Մարկոսյանի՝ խնդիրը հատկապես սուր է գյուղական համայնքներում, ուստի իրենց ծրագրի թիրախ խումբը հիմնականում գյուղաբնակներն են։

Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոնը հանդիպումներ է ունենում երիտասարդ ընտանիքների, երիտասարդ կանանց, մայրերի, ուսանողների, ավարտական դասարանի աշակերտների հետ։ Հանդիպումներիը վարում են հոգեբանը, բժիշկը, հոգևորականը, ովքեր զրույցներ են ունենում նշված թեմայի շուրջ։ «Մեր նպատակն է կրթել, բացատրել, որ երեխայի սեռի նկատմամբ նման տարբերակված վերաբերմունքը հասարակության մեջ արդարածված չէ»,- ասում է ՀԿ ղեկավարը։ Հանդիպումների ընթացքում ցուցադրվում են նաև թեմային առնչվող փաստավավերագրական ֆիլմեր, բացատրվում սելեկտիվ աբորտների հետևանքները, բաժանվում են տեղեկատվական թերթիկներ։

Խնկանուշ Մարկոսյանը նշում է նաև, որ հանդիպումների արդյունքում տեղերում իրենք ստեղծելու են երիտասարդներից, երիտասարդ մայրերից, ընտանիքներից կազմված ակումբներ, որոնք հետագայում, պահպանելով կապը ՀԿ-ի հետ, գործունեություն կծավալեն համայնքներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կազմակերպվել է շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողների այցը սահմանամերձ զորամասեր

002 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին: Այս տարի Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղևորվեն շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ:

Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ է մաղթել Երևանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանն անձամբ շրջել է ավտոբուսներում, ծանոթացել ապահովված պայմաններին: Զրուցելով ծնողների հետ՝ քաղաքապետը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է օգնելու և աջակցելու երևանաբնակ զինծառայողներին՝ իրենց ծառայությունը պատվով անցկացնելու հարցում:

Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝ ժամկետային զինծառայողների ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին` ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այցի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացված են: Նշվել է նաև, որ ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները և ավտոբուսներում էլ ուղեկցողների կազմում կլինեն բժիշկներ: Հաշվի առնելով նախորդ այցելություններից հետո ծնողներից ստացած շնորհակալական խոսքերն ու, ընդհանրապես, այս նախաձեռնության դրական արձագանքը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ  դա նաև պարտավորեցնում է, որ այսպիսի միջոցառումները լինեն շարունակական, ավելի հաճախակի ու բազմամարդ. «Արդեն բարի ավանդույթ է դարձել սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների համար իրենց որդիների զորամասեր այցերի կազմակերպումը: Մտահղացումն առաջացել է հենց զինծառայողների ծնողների հետ իմ ունեցած տարբեր հանդիպումների ժամանակ: Նրանք առաջարկում էին նման հնարավորություն ընձեռել, և մենք մշակեցինք հստակ ծրագիր, համաձայն որի, ցանկացողները հնարավորություն ստացան տարին, առնվազն, երկու անգամ տեսակցելու իրենց որդիներին: Մենք ամեն անգամ աշխատում ենք ավելի մեծ թվով ծնողների համար ստեղծել այդ հնարավորությունը, և այս անգամ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից շուրջ 1000 ծնողներ կայցելեն իրենց զավակներին, հենց տեղում կծանոթանան այն պայմաններին, որոնցում իրենց ծառայությունն են անցկացնում մեր զինվորները: Մի խոսքով՝ տեղում կհամոզվեն, որ մեր բանակում ստեղծված են բոլոր պայմանները ծառայությունը նորմալ անցկացնելու համար: Ընդհանրապես, մեզանից յուրաքանչյուրի համար բանակի դերն ու նշանակությունը անչափ կարևոր է ու նաև այսպիսի նախաձեռնություններով է, որ մենք մեր հատուկ վերաբերմունքն ենք արտահայտում թե՛ մեր բանակի, թե՛ մեր զինվորների և թե՛ նաև նրանց ծնողների հանդեպ: Վստահ եմ, որ մեր այս նախաձեռնությունն առանձնակի գնահատվում է հենց մեր զինվորների կողմից, ովքեր ամեն անգամ համոզվում են, որ իրենց հարազատ քաղաքի իշխանությունները ևս իրենց հետ են ու պատրաստ մշտապես աջակցելու նրանց»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ծրագրին աջակցելու և զորամասերում հանդիպումները կազմակերպելու համար: Հայաստանի հարավարևելյան սահմաններ ուղևորվող ավտոբուսները մեկնել են մայիսի 16-ի ուշ երեկոյան, քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքից, իսկ Տավուշի և Սյունիքի մարզեր ուղևորվող ավտոբուսները մայիսի 17-ի վաղ առավոտյան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջիկայում տեղումները կշարունակվեն

եղանակը հայստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ
Հանրապետության տարածքում՝
մայիսի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-21-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևանում`
Մայիսի 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
18-21-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Երևանի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ .
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան 31.40C (1988թ)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան        6.70C (1970թ)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան   17.40C