ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

SIP_1876 copyՄայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Ժակ Ֆորին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով ս.թ. փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաև լարվածության թուլացման և փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները: Կարևորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները, Սեյրան Օհանյանն ավելացրեց, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով:

SIP_1892 copyՀանդիպման ընթացքում դեսպան Ժակ Ֆորը, որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, ներկայացրեց Պիեռ Անդիոյին:

 

 

 

 

 

 

 

 

Կառավարությունն իր ողջ գործիքակազմով աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը. Հովիկ Աբրահամյան

11306_am_3Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման գործում, ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը, և իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը: Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին»: 
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ՝ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 մլն դոլարի ծրագիր իրականացնելու ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու՝ ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու և հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով: «Հետևողականորեն բարելավելու ենք բիզնես միջավայրը՝ կրճատելով բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, լիցենզիաները, թույլտվությունները: Ներդրվելու են էլեկտրոնային նոր համակարգեր, նվազելու է տեսչական ստուգումների քանակը»,- տեղեկացրել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է ՓՄՁ ներկայացուցիչներին, որ այս ոլորտին առնչվող յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, խնդիր և առաջարկ քննարկվելու է նրանց հետ:
Հանդիպման ընթացքում տնտեսվարողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդիրները, որոնց շուրջ ընթացել է անկաշկանդ քննարկում:
ՓՄՁ-ների ներկայացուցիչները ողջունել են Հովիկ Աբրահամյանի կողմից ներկայացված մոտեցումները և շնորհակալություն հայտնել խնդիրներին հետևողական լինելու պատրաստակամության համար:
Կողմերը պայմանավորվել են, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

Տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցությունը

հանրապետական զորակոչային հանձնաժողովի խորհրդակցություն  Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրներ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, հանրապետական զորակոչային հանձնաժողովի անդամները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի կարևորագույն գործընթացներից մեկը նրա համալրումն է: Վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել գործընթացի իրականացումը, մշակվել և իրագործվել են մի շարք բարեփոխումներ:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքների և 2014թ. ամառային զորակոչի խնդիրների մասին, Յուրի Խաչատուրովն ընդգծել է զորակոչի թե դրական դրսևորումները և թե որոշակի բացթողումները: Փաստելով, որ նախորդ զորակոչին առաջադրված խնդիրներն ընդհանուր առմամբ կատարվել են, Յուրի Խաչատուրովն անդրադարձել է զորակոչվածների թվաքանակի, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, ոչ շարային և շարային ծառայության զորակոչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին: ԶՈւ գլխավոր շտաբի պետը մատնանշել է զորակոչի ընթացքում առավել արդյունավետ աշխատած և աչքի ընկած, ինչպես նաև որոշ հարցերում թերացած զինկոմիսարիատները:

Խորհրդակցության ընթացքում հնչած այլ ելույթներում արծարծվել և քննարկվել են երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, ինչպես նաև զորակոչին առնչվող այլ հարցեր:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքներն ու շնորհակալություն հայտնելով կատարված համատեղ լայնածավալ ու արդյունավետ աշխատանքի համար` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով: Սեյրան Օհանյանը 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման առումով տվել է նաև մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Ձմեռային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ ու զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Անկախ

Հայաստանը և Եվրոպական միությունը կշարունակեն խորացնել համագործակցությունը

Հովիկ ԱբրահամյանՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային:

Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ նոր ձևավորված կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ և գործնական քայլեր իրականացնել այն խորացնելու ուղղությամբ:
Տրայան Հրիսթեան շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և բարձր գնահատել ԱԺ նախագահի պաշտոնում ծավալված կառուցողական համագործակցությունը: Դա, ըստ ԵՄ դեսպանի, լավ հիմք է հետագա համատեղ արդյունավետ աշխատանքի և առաջընթացի համար: Պարոն Հրիսթեան վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ գործակցությունը:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Տրայան Հրիսթեան քննարկել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է, որ փոխգործակցության զարգացումը պետք է բխի 2013 թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնա¬ժողովի շրջանակում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունից: Այն վերահաստատում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ակտիվ համագործակ¬ցություն շարունակելու վերաբերյալ կողմերի հանձնա¬ռությունը և ԵՄ-Հայաստան քաղաքականության գործողությունների ծրագրի արդիա¬կանացման անհրաժեշտությունը:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է թչնաբուծական ֆերմային խոսակցություների մակարդակից դուրս գալ

Նաիրա ԶոհրաբյանԱԺ-ում ԿԳ նախարարին հարց ուղղելիս ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ քիչ առաջ նրա և Արամ Մանուկյանի, ապա նաև՝ նրա ու Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճերին՝ առաջարկելով ՛՛թչնաբուծական ֆերմային խոսակցություների մակարդակից դուրս գալ և խոսել այն մասին, որ հանրակրթական մակարդակն այսօր ոչ մեկին չի բավարարում՛՛:

՛՛Ունե՞ք կրթական կոնկրետ ծրագիր, որպեսզի ինքնաբավ լինի և որակ ապահովի, թե՞ առաջնորդվում եք կոճակը գնեցինք, մնում է վերարկուի մասին մտածելը սկզբունքով՛՛, – հարցերց Նաիրա Զոհրաբյանը՝ մատնանշելով կրթական մի շարք խնդիրներ՝ դպրոցներում կրթական ցածր ցենզ, կրկնուսույցների կարիք և այլն:

Անդրադառնալով հարցին՝ Արմեն Աշոտյանն ասաց, թե իրականում բոլորն էլ, այդ թվում` ինքը միշտ դժգոհ են ամեն ինչից. ՛՛Երբեմն տեղի, երբեմն էլ անտեղի, երբեմն ճառում ենք, երբ անձնական պահն է գալիս՝ խուսափում ենք։ Գիտենք` խնդիրներ կան, բայց որևէ պատգամավոր, խնդրում եմ, այստեղ մի տնօրենի անուն տվեք, որ փողով ծնողին թույլ է տվել աշակերտին չբերել դպրոց, հայտնել են այդ մասին ու չեն պատժվել: Հասկանանք, որ, քանի դեռ կան մարդիկ, ում ձեռնտու է փողով երեխային դասի չտանելը, կամ քանի դեռ ուսանողը շահագրգիռ է, որ կոռուպցիա լինի բուհում, նախարարն էլ եթե փոխվի ու դառնա ՀԱԿ կամ այլ կուսակցության անդամ, նման իրավիճակը չի փոխվելու՛՛, – հայտարարեց ԿԳ նախարարը:

Անկախ

Վարչապետն այցելել է Կոշ համայնք

Վարչապետն այցելել է Կոշ համայնքՎարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Արմեն Մուրադյանի և Արտեմ Ասատրյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Կոշ համայնք:

Կառավարության ղեկավարը նախ եղել է համայնքի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում, որին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հովիկ Աբրահամյանը շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, նորագույն սարքավորումներին:
Կենտրոնը հագեցած է երեխաների ֆիզիկական ակտիվությանը նպաստող, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ֆիզիոթերապիայի և անձնական խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներով և դիդակտիկ նյութերով: Կենտրոնն ունի նաև գերժամանակակից ախտորոշման և ֆիզիոթերապիայի սարքավորւմներ, ժամանակակից շտապօգնության մեքենա:
Կառավարության ղեկավարը կարևորել է երկրում նման հաստատությունների առկայությունը և ողջունել կենտրոնի հիմնման գաղափարը: Հովիկ Աբրահամյանը կենտրոնի ղեկավարներին կոչ է արել ներկայացնել պետության հետ համագործակցության ծրագիր՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցությամբ իրականացնելու համար: Միաժամանակ, վարչապետը կարևորել է հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
Հաստատությունը, որի կառուցման համար ներդրվել է 4 մլն դոլար, հնարավորություն ունի միաժամանակ սպասարկել 50 երեխայի: Ցերեկային խնամքի կենտրոնում գտնվելու ընթացքում երեխաները ստանում են վերականգնողական (ֆիզիոթերապիա, ակվաթերապիա), լոգոպետի, հոգեբանի ծառայություններ, 2-անգամյա սնունդ: Երեխաները հնարավորություն ունեն նաև հանգստանալ իրենց համար հարմարեցված ննջասենյակներում:
Այնուհետև վարչապետն այցելել է Կոշի հիմնանորոգված մանկապարտեզ, որը նախատեսված է 92 երեխայի համար: Մանկապարտեզը հիմնանորոգվել, կահավորվել և բարեկարգվել է գերմանաբնակ բարերար Ռազմիկ Թադևոսյանի տրամադրած միջոցներով:
Նշված աշխատանքների իրականացման համար ներդրվել է 160 մլն դրամ:
Վարչապետը շրջայց է կատարել նաև մանկապարտեզով՝ ծանոթացել նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բարերարներին և մանկապարտեզի հիմնանորոգման նախաձեռնողներին՝ երեխաների համար նման բարձրակարգ պայմաններ ստեղծելու համար: «Սա մեծ բարեգործություն է և ազգանպաստ աշխատանք», – ասել է վարչապետը և նշել, որ նման մանկապարտեզներ պետք է բոլոր համայնքներն ունենան, և կառավարությունն ամեն ինչ անելու է նրանց այդ գործում աջակցելու համար:
Կառավարության ղեկավարը զրուցել է նաև Կոշի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել տարբեր հարցերի: «Կոշի բնակչությունը բավականին ակտիվ է և կարծես ըմբռնումով է մոտենում երկրում առկա խնդիրներին, ինչը շատ լավ է: Բոլորը պետք է հասկանան, որ դրանց լուծման համար ժամանակ է պետք: Մենք սկսել ենք այդ աշխատանքները և փորձելու ենք այցելություններով իշխանությունն ավելի մոտեցնել մեր ժողովրդին, ազգաբնակչությանը, համայնքներին: Փորձելու ենք ավելի մոտիկից ծանոթանալ առկա խնդիրներին և տալ համապատասխան լուծումներ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Կրթության խնդիրները թողած` իրար մի լավ «կուտ տվեցին»

ԱԺԱԺ-ում ընթանում են ՛՛Կրթության՛՛ և ՛՛Հանրակրթության՛՛ մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումները:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ մեղադրելով վերջինիս կրթական ոլորտը կուսակցականացնելու մեջ:

Նիկոլ Փաշինյանին մասնավորապես մտահոգել էր երեկ ԵՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ ահազանգ էր եղել, որ ուսխորհրդի նախագահ է ուզում դառնալ ՀՀԿ անդամը:

Արմեն Աշոտյանը նկատեց, որ հարցը չի առնչվում բուն թեմային, բայց ասաց, որ կպատասխանի թեմայից դուրս հարցին երկու պատճառով. քանի որ ընդգծված ջերմ վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղու նկատմամբ և որ նա առաջինն էր հերթագրվել. ՛՛Ուղղակի զավեշտ է այն, որ ինձ մեղադրում եք բուհերը հանրապետականացնելու մեջ, մյուս կողմից խնդրում եք կանխել պրոցեսը: Կողմնորոշվեք՝ ես ո՞ր դերում եմ: Ես չեմ կարծում, որ նախարարը պետք է խառնվի ինչ-որ բուհի մասնաճյուղի ներքին գործերին: Ի՞նչ է նշանակում՝ եթե ուսխորհրդի նախագահը ՀՀԿ-ական է, ուրեմն չպետք է մասնակցի ընտրության: Սրանից ավելի հակալիբերալիստական քայլ ու դիսկրիմինացիա էլ ո՞նց է լինում: Ուսանողներ են, ունեն տարբեր քաղաքական հայացքներ՛՛, -ասաց Արմեն Աշոտյանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. ՛՛Ես ձեզանից ու ձեր իշխանություններից ոչինչ չեմ ուզում: Կասեցրեք ձեր ուսանողական բանդաների քայլերը, հակառակ դեպքում քաղաքացիները դա կանեն իրենց հասու մեթոդներով: Ես դա ձեզ զգուշացնում եմ, հետո չասեք, թե չեմ զգուշացրել՛՛:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ինքը ոչ մեկի զգուշացումների կարիքը չունի, ավելին, որ արգելում է կրթական համակարգի մասին խոսել քողարկված սպառնալիքների լեզվով. ՛՛Մեր խոսակցության այս տոնը հարիր չէ ոչ ձեզ՝ որպես խոստումնալից քաղաքական գործչի, ոչ էլ ինձ՝ որպես նախարարի: Զարմանում եմ, որ դուք, լուրջ մարդ լինելով, ներողություն՛ փոքր բանից մեծ լրահոս եք դարձնում: Կրթության ոլորտում այնքան լուրջ խնդիրներ կան, որ այդ պոտենցիալը կարող եք ուղղել դրանց, քանի որ այդ ձեր նշած խնդիրներն ուսանողներն իրենք կլուծեն: Իսկ բանդաների մասին եկեք չխոսենք, քանի որ ամոթ է, նման բառամթերքով արտահայտված մտքերին չեմ արձագանքի՛՛, – եզրափակեց ԿԳ նախարարը:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն էլ, դիմելով Արմեն Աշոտյանին, ասաց. ՛՛Ձեր գործը կրթությունն է, ոչ թե ՀՀԿ-ի շահերն ու տեսակետները խորհրդարանում կամ Ֆեյսբուքում արտահայտելը: Դրանից կրթությունը տուժում է: Իսկ ես մտահոգ եմ կրթության համար, ոչ թե ՀՀԿ-ի՛՛:

Արմեն Աշոտյանն էլ, թե. ՛՛Չեմ կարող չպատասխանել, եթե չպատասխանեմ այստեղ, Ֆեյսբուքում կգրեմ: Հարգելի պարոն Մանուկյան,երբ ես գալիս եմ այստեղ հարց ներկայացնելու, չկա

գերակայություն, որ պետք է առաջնորդվեմ ՀՀԿ պոստոլատներով: Ես գալիս եմ այստեղ որպես կրթության նախարար: Այդ դուք եք ինձ հիշեցնում, որ ես ՀՀԿ-ական եմ, դուք եք հանրապետականացնում իմ ելույթները, գործունեությունը, դուք եք ամեն  ինչ անում, որ ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք քաղաքական դաշտ: Երևի կրթության խնդիրներն այնքան գրավիչ չեն, որքան քաղաքական խնդիրները, բայց մի մեղադրեք, որ ես եմ դա անում: Ես գալիս եմ այստեղ զտարյուն կրթական նախաձեռնություններով, ոչ մի օրենքի տակ չկա քաղաքականություն, դո՛ւք եք ինձ դրդում հանդես գալու քաղաքական տարբեր մեկնաբանություններով՛՛:

Արամ Մանուկյանը հակադարձեց. ՛՛Կառավարության մնացած բոլոր նախարարներն իրար հետ գումարած այնքան ՀՀԿ-ական չեն ներկայանում, ինչքան Դուք: Կրթության նախարարը չպիտի կուսակցական լինի: 500 հազար աշակերտների համակարգում ՀՀԿ նախարարի գործունեությունը հակացուցված է, օրինական է, օրենքը չի արգելում Ձեզ, բայց իմ ասածը մտահոգություն է, իրավունք չունեք կուսակցական գործունեությամբ զբաղվել ու Դուք կուլ եք տալիս այն կուտը, որը Ձեզ տալիս են և ողջ օրը դրա հետ եք կռիվ տալիս՛՛:

Աշոտյանն էլ խոստովանեց. ՛՛Այո, լինում են դեպքեր, երբ ես իմ քաղաքական գործունեության մեջ կուտ եմ ուտում, բայց եթե վերջնահաշվարկ անեմ, ապա կստացվի, որ ես ավելի հաճախ կուտ եմ տվել, քան կուտ եմ կերել՛՛:

 

Անկախ

ԳԴՀ նախագահ պարոն Յոախիմ Գաուքը պարգևատրել է պարոն Ալեքսան Տեր-Մինասյանին

Ռայներ ՄորելԳերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ պարոն Յոախիմ Գաուքը ի ճանաչումն Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի պարգևատրել է պարոն Ալեքսան Տեր-Մինասյանին ԳԴՀ Արժանյաց կարգի խաչ շքանշանով՝ ժապավենի վրա։

 

Պատվավոր պարգևը 2014 թվականի մայիսի 15-ին Գյումրիում պարոն Տեր-Մինասյանին հանձնեց Հայաստանում ԳԴՀ դեսպան պարոն Ռայներ Մորելը։

 

Պարոն Ալեքսան Տեր-Մինասյանը 1993 թվականից ի վեր ղեկավարում է Գերմանական կարմիր խաչի Գյումրու ներկայացուցչությունը, որտեղ «Մոր և մանկան կենտրոն» է ստեղծվել։ Կենտրոնի հետագա ֆինանսավորումն ապահովելու համար շենքի մի հատվածը հետագայում վերածվել է հյուրանոցի, որն այսօր հայտնի է  որպես «Բեռլին Արտ Հոթել»։ Պարոն Ալեքսան Տեր-Մինասյանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում նաև հայ-գերմանական մշակութային փոխգործակցության հարցում։ Նա արդեն միմյանց հետ շփվելու հնարավորություն է ընձեռել բազմաթիվ արվեստագետների, կազմակերպել բազմապիսի ցուցահանդեսներ և փառատոններ թե´ Գերմանիայում և թե´ Հայաստանում։ «Արթբոգեն» գերմանախոսների մշակութային կենտրոնի ստեղծմամբ նա կյանքի է կոչել մշակութային մի միություն, որը Գյումրիում գերմաներենն ու գերմանական մշակույթը ներկայացնելու առաքելություն ունի, ինչին ավանդաբար մեծ կարևորություն է տրվում այս տարածաշրջանում։

 

 

Երևանում Գերմանիայի Դաշնային
Հանրապետության դեսպանություն

Մամուլի բաժին

Հանրապետականները դարձյալ քվեարկեցին գործընկերների փոխարեն

ԱԺԱյսօր ԱԺ-ում կայացան հերթական քվեարկությունները: Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված ՛՛Զինապարտության մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում 

կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության 

քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով հայտարարեց, որ ներկայացվող խնդիրը բավականին բուռն քննարկվել է ԲՀԿ խմբակցության նիստում.  ՛՛Ներկա համակարգն, իհարկե, թերի է ու լայն դաշտ է 

բացում կոռուպցիոն ռիսկերի համար՛ հնարավորություն ստեղծելով, որ արտոնությունից օգտվեն մեծահարուստների երեխաները: Բայց, միաժամանակ, այս նախագիծն էլ է խնդիրներ հարուցում: Ըստ այդմ էլ՝ որոշել ենք, որԲՀԿ խմբակցության պատգամավորները քվեարկեն ազատ՛՛:

Քվեարկության արդյուքնում նախագիծն ընդունվեց ձայների 76 կողմ, 20 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ:

՛՛Պետական և ծառայողական գաղտնիքի մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց նախագիծը ևս ընդունվեց: 

Հիշեցնենք, որ դեռ երեկ՝ քննարկումների ժամանակ, ընդդիմադիր պատգամավորները 

տարակուսանք էին հայտնում, որ այս նախաձեռնությամբ կառավարությունը փորձում է 

օրենքի ուժ տալ կոռուպցիոն երևույթները թաքցնելուն:

Քվեարկության ժամանակ լրագրողների օթյակից երևաց, թե ինչպես ՀՀԿ-ական պատգամավորներ Արկադի Համբարձումյանն ու Մուրադ Մուրադյանը քվեարկեցին նիստին բացակա իրենց խմբակցության անդամների փոխարեն:

Արդյունքում, նախագիծն ընդունվեց ձայների 65 կողմ, 41 դեմ, 4 ձեռնապահ հարաբերակցությամբ:

 

Անկախ

«ՀԷՑ»-ը տուգանվեց 20 մլն դրամով.panorama.am

ՀԷՑՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում «ՀԷՑ»-ը տուգանվեց 20 մլն դրամով: Պատճառն այն է, որ ընկերության կամայական գործողությունների արդյունքում բնակիչները զրկվել են էլէկտրամատակարարումից,հաղորդում է  panorama.am-ն  :

Ինչպես նշեց հարցը զեկուցող ՏՄՊՊՀ վերլուծության վարչության մասնագետ Դավիթ Փինաչյանը, մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները դիմել են ՏՄՊՊՀ-ին, տեղեկացնելով, որ վերոնշյալ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են դեռևս 4 տարի առաջ և շենքը հանձնվել է շահագործման: Սակայն, էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում: Նրանք դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել:

Նրա խոսքերով` բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը հանդիսանում է «ՀԷՑ»-ը: Հետևապես, Հանձնաժողովի դիտարկմամբ, վերջինը իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը: Հանձնաժողովի պահանջով «ՀԷՑ»-ը ներկայացրել է պարզաբանումներ խնդրի վերաբերյալ` նշելով, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքի կառուցապատողի` «Միլլար» ՍՊԸ-ի հետ:

Ըստ «ՀԷՑ»-ի, վերջինիս հետ արդեն իսկ կնքվել է պայմանագիր, սակայն ՍՊԸ-ի կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով` գործն ավարտին չի հասել: Մասնավորապես, «ՀԷՑ»-ի գրավոր պարզաբանման մեջ նշված է, որ կառուցապատողը իրենց հանդեպ ունի չկատարված ֆինանսական պարտավորություններ:

Սակայն, ըստ Դ.Փինաչյանի, «ՀԷՑ»-ի գործողությունները և պահանջը անօրինական են:

Ստացված գրավոր տեղեկատվության, ինչպես նաև կողմերի հետ կազմակերպված քննարկումների և լսումների արդյունքում, Հանձնաժողովը հանգել է այն եզրակացությանը, որ «ՀԷՑ»-ի գործողությունները չեն բխում օրենքից: Եթե անգամ, շենքը կառուցապատող ընկերությունը թերացել է որոշակի պարտականությունների կատարման մեջ, դա ոչ մի առնչություն չունի բնակարանների սեփականատերերի հետ. նման բան իրավական որևէ ակտով ամրագրված չէ: Հարկ է նաև նշել, որ 2010-ին «Միլլար» ՍՊԸ-ի և «ՀԷՑ»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, շենքի էլեկտրամատակարարումը պետք է ավարտվեր դեռևս 2011թ.-ին, ինչը փաստացի չի կատարվել:

Այսպիսով, հանձնաժողովի որոշմամբ, «ՀԷՑ»-ը պարտավոր է 7 օրյա ժամկետում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր: Որոշման արդյունքում կկարգավորվի ոչ միայն այս խնդիրը, այլև կլուծվի ողջ շենքի ջրամատակարարման, ինչպես նաև վերելակների խնդիրը:

Նշվեց նաև` առաջին անգամ չէ, որ ՀԷՑ»-ը հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: Նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում` միաժամանակ տեղեկացնելով, որ իրավախախտման կրկնակիության դեպքում Հանձնաժողովը, օրենքի համաձայն, կցուցաբերի առավել խիստ մոտեցում:

Սեմինար Արցախի պետական համալսարանում

Արցախի պետական համալսարանՄայիսի 14-ին ԱրՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Քրեական դատավարության բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ, հայ-ռուսական և հայ-ֆրանսիական համալսարանների դասախոս, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանի և ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ, իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանի կողմից:

Միջոցառումը, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, ոստիկանության և ռազմական ոստիկանության քննիչներ, Ազգային ժողովի և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ, բաղկացած էր երկու մասից. «Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները» և «Ցուցմունքների դատական դեպոնացումն ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի»:
Բացելով միջոցառումը` ԱրՊՀ ՈւԳԸ նախագահ Ավետիք Հարությունյանը կարևորել է Արցախի մայր բուհում նման սեմինարի անցկացումը և նշել, որ հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց պետք է զարգանա նաև երկրի օրենսդրությունը և տեսաբան ու պրակտիկ իրավաբանների խնդիրը ոչ միայն դրանց հնարավորինս հետևելն է, այլև առավել առանցքային իրավական ակտերի վերաբերյալ գիտականորեն հիմնավորված մեկնաբանություններ ու վերլուծություններ ստանալը, իսկ քրեական դատավարության ոլորտն այն կարևորագույններից մեկն է, որը շոշոփում է անձի իրավունքներն ու օրինական շահերը: Հաշվի առնելով այս ու մի շարք այլ կարևոր հանգամանքներ, կազմակերպվել է սույն սեմինարը` նպատակ ունենալով քննարկման առարկա դարձնել քրեական դատավարության ու քրեական նոր օրենսգրքերի և առհասարակ տվյալ ոլորտների առավել խնդրահարույց հարցերը:
Արթուր Ղամբարյանի պնդմամբ` նոր օրենսգրքի դրույթներն ավելի առաջադեմ ու ժողովրդավար են, ինչի վկայությունն է այն, որ շատ եվրոպական երկրների ներկայացուցիչներ հետաքրքրված են հայաստանյան փորձով: Սեմինարի մասնակիցները հանդես եկան ակտիվ հարցադրումներով, որոնց պատասխանները հնչեցին սեմինարավարների կողմից և մատնանշվեցին լուծման ուղիները:
Ամեն դեպքում, դատական ոլորտի յուրաքանչյուր աշխատող պետք է ունենա մասնագիտական լուրջ գիտելիքներ, հարուստ փորձ, որպեսզի իր անփութությամբ կամ չիմացությամբ սխալ որոշումներ չկայացնի և մարդկային կյանքեր չկործանի:
Սեմինարի ընթացքում ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավագիտության թեկնածու Վարազդատ Տեր-Գևորգյանը, ով միաժամանակ հանդիսանում է հիշյալ օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ:
Միջոցառման կազմակերպիչները նախանշել են հետագա համագործակցության ուղիները և խոստացել, որ նմանատիպ միջոցառումները կունենան պարբերական բնույթ:
Մարիամ Սաֆարյան

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունները կնպաստեն գնաճի բարձրացմանը. Բաբկեն Պիպոյան

բաբկեն պիպոյան«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կնպաստի գնաճի բարձրացմանը»: , – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, նշելով, որ թվում է, թե տնտեսական ստվերից դուրս գալը պետք է դեպի բյուջե ֆինանսական հոսք ստեղծեր, սակայն առաջին հերթին հարվածեց սպառողին. «Տնտեսական ստվերից դուրս գալու գործընթացը եղել է ի վնաս ժողովրդի: Նոր կառավարությունը հայտարարում է, որ այս անգամ այդպես չի լինի, սակայն դեռևս ոչինչ չի կարող երաշխավորել դա»

Մասնավորապես, ըստ Բաբկեն Պիպոյանի, կարող է բարձրանալ կաթնամթերքի գինը. «Ըստ նախագծի` կաթնամթերքը պետք է դրոշմավորվի: Դա հղի է մեծ վնասներով: Մենք հազիվ ենք պահում կաթնամթերքի գինը: Արտադրողները անընդհատ փորձում են բարձրացնել գինը, սակայն մենք այլևս չենք կարող նրանց զսպել. նրանք դրոշմավորումը պատճառաբանելով 30-40 դրամով կբարձրացնեն գինը»,-նշեց Պիպոյանը:

Բաբկեն Պիպոյանի համար տարօրինակ է այն հանգամանքը, որ ներմուծվող ապրանքները նույնպես դրոշմավորվում են: Պարֆյումերիան և կոսմետիկ միջոցները նույնպես դրոշմավորվում են  այն դեպքում , երբ Հայաստանը նման արտադրանք չունի. «Ներմուծման փուլում դրոշմավորումը պարզապես աբսուրդ է: Աշխարհի տարբեր երկրներում ներդրվում են որակի կառավարման համակարգեր: Մենք դրա կարիքը շատ ունենք, քանի որ այդ համակարգը ունենալով` մեզ այլևս պետք չէր լինի դրոշմավորման գործընթացը»,- նշեց նա:

Պիպոյանը գտնում է, միակ ընդունելի ելքը այն է, որ տնտեսվարողի համար այնպիսի մեխանիզմ մշակվի, որի արդյունքում չեն տուժի ո´չ սպառողը, ո´չ էլ  բիզնես ոլորտը:

ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության հյուպատոսը ՀՀ ոստիկանությունում

հյուպատոսՄայիսի 15-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության հյուպատոս Շոռենա Ծիկլաուրիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը տրամադրելու, ինչպես և համագործակցության զարգացման ու արդյունավետության բարձրացման հետ կապված այլ հարցեր:

Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանում. Թևան Պողոսյան

թևան«Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանում: Պետք է այնպիսի օրիգինալ լուծում մշակել, որ մարդիկ, ստանալով թոշակը, չծիծաղեն: Փոփոխությունները պետք է անել տարբեր մեխանիզմներով և սցենարներով», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով  Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի լրամշակված նախագծին:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններին խմբակցության հավանություն չտալը նա բացատրեց նրանով, որ տրամաբանական կլիներ ծախսել ավելի քիչ ռեսուրսներ պարտադիր հիմնադրամներ ընտրելուց հրաժարվողների դիմումների գրման և ընդունման վրա: «Մարդիկ հոգնում են համակարգից հրաժարվելու հայտարարություններ գրելով, բանը կհասնի նրան, որ կառավարությունը կհայտարարի, թե բնակչությունն ուզում է մասնակցել դրան: Եթե մենք ուզում ենք խնդրի լուծում գտնել, չի կարելի ղեկավարվել ժամանակի կեղծ շահումով»,- ասաց նա, հավելելով. «Մենք պետք է հասկանանք, որ հարկեր ենք տալիս պետությանը` նրանից ակնկալելով համապատասխան ծառայություններ»:

Ըստ պատգամավորի` գլխավորն այն է, որ մարդիկ հասկանան այդ անհրաժեշտությունը: Մենք ինքներս պետք է գիտակցենք, որ «պարտադիրը» ձևավորում է վարքը. մարդիկ չեն սիրում դրան հետևելով կուտակել: Կուտակում են այն մարդիկ, ովքեր չգիտեն ինչ անել ավելորդ գումարի հետ:

Թևան Պողոսյանը նշեց, որ հին օրենքը ուներ բազում խնդիրներ. այն լուծում չէր տալիս հղի կանանց խնդրին, ովքեր ամեն ամիս գումար չեն ստանում. «Հարց է առաջանում` ինչպես պետք է նրանք կուտակեն: Կամ վտանգավոր աշխատանք կատարող մարդիկ, ովքեր ավելի վաղ են թոշակի անցնում: Այսպիսի խնդիրներ են, որ պետք է քննարկվեն և պետք չէ միայն մեկ սցենար մտածել. Դրանք կարող են լինել տարբեր, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումը և կյանքի իր ճանապարհը», -ասաց Պողոսյանը:

Անկախ

“Միջազգային բակալավրիատը”` ազգային համակարգի բաղադրիչ

arm-6730-IMG_0041ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի զարգացման և ճանաչման պատասխանատու Ակե Սորմանին, ով Հայաստանում է`  մասնակցելու Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքի հետ հարցեր, մասնավորապես, ՀՀ-ում “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայականի ճանաչման, հանրակրթական ուսումնական հաստատություններում միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ներդրման, ինչպես նաև հայաստանյան կրթական ծրագրերի հետ համադրման հարցեր:  “Միջազգային բակալավրիատի բրենդն ինքնին ենթադրում է կրթության բարձր որակ: Մեզ համար կարևոր է ներդնել այդ հաջողված փորձը մեր կրթական համակարգում, և որ այն դառնա մեր ազգային համակարգի բաղադրիչը”,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ընդհանուր առմամբ` կրթության որակի և ծրագրային խնդիրներ չկան: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարրական կրթության միջազգային բակալավրիատի ծրագրի` հայերենով ուսուցման հնարավորությանը, որը ըստ նախարարի, կարող է հանդիսանալ լավ մեկնարկ` ծրագրի համար: Խոսվել է նաև վերոնշյալ ծրագրերում մանկավարժական բուհերի  ներառման հնարավորության մասին: Նշենք, որ “Միջազգային բակալավրիատ” կազմակերպությունը կօժանդակի ՀՀ “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: ԿԳ նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը` “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագրին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը:

Գյումրու նախկին գործարանային հանրակացարանում ամեն պահ համաճարակ կարող է բռնկվել (Ֆոտոռեպորտաժ)

1505994_776747632335754_2220023849830337086_n«Շիրակ կենտրոնը» ամիսներ առաջ անդրադարձել էր Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում տիրող հագահիգենիկ վիճակին, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր:
Այդ մասին հնչեցրած ահազանգը http://shirakcentre.org/hy/news/20593-shirak-centre-org մեծ արձագանք գտավ հանրապետությունում: «Շիրակ կենտրոնի» հնչեցրած ահազանգի հետքերով հանրակացարան այցելեցին և տիրող իրավիճակը լուսաբանեցին բազմաթիվ ԶԼՄ-ներ: Բարձրացված աղմուկից հետո այն հայտնվեց ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում: Նշենք, որ Գյումրու կենտրոնական մասում գտնվող, կիսափլված ու կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ այդ հանրակացարանում, ամռան գալուն պես, առավել պայթունավտանգ է դառնում համաճարակների բռնկման վտանգը: Այսօր մեր հերթական այցելության ժամանակ տեղեկացանք, որ կրկին մաշկային հիվանդությամբ, իր երկու մանկահասակ երեխաների հետ միասին, հիվանդանոց էին տեղափոխվել բազմազավակ ընտանիքներից մեկի մայրը: Ստորև ներկայացնում ենք լուսանկարային ռեպորտաժ Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանից:

Շահումյան գյուղում մեքենաներ են բախվել

ավտովթարՄայիսի 15-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտռեկ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղի հատվածում բախվել է կայանված «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Միցուբիշի Աիրտռեկ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 10.00-ին, դեմքի և քթի շրջանի քերծվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի ժամանակ:
Կատարվում է քննություն:

 

Վրաերթ կատարած վարորդները տուժողներին տեղափոխել են հիվանդանոց

վրաերթՄայիսի 15-ին, ժամը 10.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 78-ամյա մի կին:
Պարզվել է, որ «Կիա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ժամը 08.45-ին Ավանի Խուդյակովի փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նրան և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 15-ին, ժամը 22.05-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Արարատյան և Կամոյի փողոցների հատման վայրում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի և շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Բակային տարածքների ասֆալտապատման մեկնարկած աշխատանքներն ավելի մեծ ծավալներ կընդգրկեն մայիսի 25-ից

ասֆալտապատումԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ին մայրաքաղաքի վարչական շրջաններում կմեկնարկի բակային տարածքների ասֆալտապատման 2014 թվականի ծրագիրը: Սակայն, հաշվի առնելով  աշխատանքի ծավալները, որոշ վարչական շրջաններում այս գործընթացն արդեն մեկնարկել է, թեև տեղումների օրերին ճանապարհաշինարարները ստիպված են լինում անհրաժեշտ որակն ապահովելու նպատակով ժամանակավոր դադար տալ: Ասֆալտապատման ենթակա բակերի ընտրության հարցում հաշվի են առնվել համապատասխան մասնագետների նախնական ուսումնասիրության արդյունքները, վարչական շրջանների կողմից ըստ առաջնահերթության ներկայացված նորոգման ենթակա փողոցների ցանկը, ինչպես նաև երևանցիների դիմում-խնդրանքները: Մինչև աշուն կասֆալտապատվեն  1000-ից ավելի բակեր ու միջբակային ճանապարհներ`385 հազար քմ  մակերեսով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն