Մայիսի 15-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի մոտ «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը` կամավոր
«Մերսեդես Բենց»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
«ՎԱԶ-2106»-ը ինքնաբերաբար շարժվել և վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա
Միայնակ տարեց կինը, հոգնելով փաստաթղթային քաշքշուկից, ստիպված ինքնուրույն է բուժում կոտրված ձեռքը
Նա զարմանալի համբերատար, համակերպվող ու անչափ բարի բնավորություն ունի: Նրանց ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով կորցրել է 3-սենյականոց բնակարան, սակայն ընտանիքի մյուս անդամները շատ տարիներ առաջ հեռացել են Հայաստանից, այդպես էլ բնակարան չստանալով, իսկ անժառանգ միայնակ կինը մնացել ու շարունակում է բնակվել տնակում:
Ցավոք, նա 2008 թվականին չի դիմել ու չի վերահաշվառվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, ինչի պատճառով կորցրել է բնակարան ստանալու իր իրավունքը: Այսօր մենք կրկին այցելեցինք անպաշտպան ու անօգնական վիճակում հայտնված տարեց կնոջը: Նա մի քանի ամիս առաջ՝ ձմռանը սայթաքել-ընկել ու ջարդել է ձեռքը: Դեպքից օրեր անց, երբ ցավերը չեն մեղմացել, թակել է մի շարք բուժհիմնարկների դռները: Բուժհիմնարկներում մշտապես մերժել են օգնություն ցուցաբերել՝ իրենց մոտ նրա գրանցված չլինելու պատճառով, բացառությամբ մի դեպքի, երբ Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը դեղորայք է նշանակել ու խորհուրդներ տվել, թե ինչպես ինքնուրույն խնամել կոտրվածքը: Ի վերջո՝ միայնակ տատիկը փաստաթղթային քաշքշուկներից հոգնած՝ ստիպված համակերպվել է կոտրված ձեռքը ինքնուրույն բուժելու մտքին: Այսօր Մարի տատիկը մեզ հայտնեց, որ թեև ցավերը մի փոքր մեղմացել են, սակայն կոտրված ձեռքը չի բուժվում:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Այսօր Երևանում կբացվի «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» խորագրով հայ և թուրք կանանց նկարների, լուսանկարների ցուցահանդեսը
«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ–ի նախաձեռնությամբ այսօր «Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնում տեղի կունենա «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է լուսաբանել հայ և թուրք կանանց դերը որպես խաղաղություն կառուցողներ, ինչպես նաև արվեստի ու երկխոսության միջոցով ամրապնդել երկու հասարակությունների միջև վստահությունն ու համագործակցությունը:
Ցուցահանդեսին ներկայացված են լինելու հայ և թուրք կանանց լուսանկարներ և նկարներ, որոնք արտահայտում են հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ մասնակիցների մեկնաբանությունը կտավի կամ լուսանկարչական ապարատի միջոցով:
Տասնօրյա ցուցահանդեսի ընթացքում այցելուների քվեարկությամբ կընտրվեն 2 լավագույն նկարները: Երեք մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ևս կգնահատի ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները՝ նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրելով դրանք: Վերջնական որոշումը կընդունվի երկու գնահատումների համադրման արդյունքում: Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան խրախուսիչ մրցանակներ:
Ցուցահանդեսից հետո մասնակից կանայք կհանդիպեն Վրաստանում և կքննարկեն խաղաղության մասին իրենց պատկերացումները: Նրանք կփորձեն երկու երկրների միջև առկա խնդիրները դիտարկել կանանց տեսանկյունից և հանդես կգան «խաղաղության կոչով»:
Երևանի բակերի նկարազարդման ծրագիրն արդեն մեկնարկել է
Հաշվի առնելով մայրաքաղաքի բակերի նկարազարդման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բակային տարածքներում յուրօրինակ լուծումներով նկարազարդումների ծրագիրն ընդգրկվեց նաև 2014 թվականի աշխատանքներում: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, բակերի համալիր բարեկարգմանը զուգահեռ, նկարազարդման աշխատանքները մեկնարկել են բոլոր վարչական շրջաններում: Թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում ոչ միայն բակային տարածքներում առկա բոլոր անշուք պատերը, այլև ավտոտնակները: Գորշ ու խամրած գույներին փոխարինում են երևանյան ջերմ, վառ, գունեղ երանգները: 2012թ-ին նկարազարդման աշխատանքեր են իրականացվել շուրջ 190 բակերում, 2013-ին՝ 240: Նախատեսվում է, որ ընթացիկ տարվա աշխատանքների ծավալը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 15-ից 16-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության` 7, յուրացման և մաքսանենգության 2-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 10, գողության` 6, խարդախության` 8, յուրացման և մաքսանենգության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ջոն Հեֆերնը կմեկնի ԱՄՆ
Մայիսի 17-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կմեկնի Միացյալ Նահանգներ մի շարք քաղաքներում հանդիպումներ ունենալու հնարավոր գործընկերների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպան Հեֆերնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին/մշակութային պահպանությանը, ինչպես նաև գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ: Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո դեսպանը խորհրդակցություններ կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում: Դեսպան Հեֆերնը Հայաստան կվերադառնա հունիսի 12-ին:
Կոտայքի երիտասարդները քարոզում են հետևել օրենքին ու չծխել
Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նոր Հաճն, Եղվարդ, Չարենցավան քաղաքներում ապրիլ-հունիս ամիսներին անցկացվում է «Համագործակցություն հանուն ծխից զատ միջավայրի» խորագրով ծրագիրը:
Այն իրականացնում է «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում» անվանակարգում:
Կոտայքի մարզի քաղաքներում արդեն իրականացվել են սեմինարներ, որոնց մասնակից 30-40 երիտասարդները ծանոթացել են պասիվ ծխելու վնասներին:
Ծրագրի հաջորդ փուլում ծրագրի մասնակիցները կշրջեն երթուղայիններով, կարձանագրեն երթուղայիններում ծխելու դեպքեր ու այդ մասին կտեղեկացնեն համապատասխան քաղաքապետարաններին: Երիտասարդները մարզի 5 քաղաքների երթուղային տրանսպորտային միջոցների վարորդներին կտեղեկացնեն գործող օրենսդրությանը` բաժանելով բուկլետներ, տրանսպորտային միջոցներում փակցնելով կպչող թերթիկներ՝ ՉԾԽԵԼ պիտակով և թեժ գծի հեռախոսահամարով: Կպատրաստվի նաև գովազդային ռադիոհոլովակ, որը մեկ ամիս շարունակ եթեր կհեռարձակվի չորս ռադիոկայանների եթերում:
Ծրագրի համակարգող Անահիտ Թովմասյանը կարևորեց և բարձր գնահատեց նման ծրագրերի իրականացումն ու արդյունավետությունը՝ նշելով. «Քաղաքապետարանների և երիտասարդների կողմից մեծ հետաքրքրություն կար ոչ միայն ծխելուն առնչվող խնդիրներում, այլև տրանսպորտային միջոցների և վարորդների հիգիենայի հետ կապված հարցերում: Այդ է պատճառը, որ մենք համագործակցում ենք նաև լիազոր մարմինների` տրանսպորտի վարչությունների, ճանապարհային ոստիկանության հետ»:
Անահիտ Թովմասյանը շեշտեց նաև ծրագրի իրականացման անհրաժեշտության մեկ այլ կարևոր հանգամանք. «Ծրագրի նպատակն է հասարակական դիտորդական խմբերի և համապատասխան լիազոր մարմինների համագործակցության շնորհիվ բարձրացնել հակածխախոտային օրենսդրության կիրարկման արդյունավետությունը հանրային տրանսպորտի ոլորտում: Այդ պատճառով քաղաքներում ստեղծվելու են հասարակական դիտորդական խմբեր, որոնք հնարավորություն կտան համապատասխան լիազոր խմբից ստանալ տեղեկատվություն կոնկրետ իրավախախման մասին»:
Ծրագրի շրջանականերում նախատեսվում է անցկացնել նաև «Հինգ օր՝ ճանապարհային ոստիկանության հետ ակցիա» պարետային վերահսկողություն, որի ընթացքում վարորդները և ուղևորները հասարակական դիտորդների կողմից կզգուշացվեն համապատասխան օրենսդրության մասին, նաև կիրականացվեն տեսանկարահանում-հարցազրույցներ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նոր վարչապետի առաջին նախագծերը
Վարչապետի պաշտոնում իր պաշտոնավարումը բավական ուշագրավ սկսեց Հովիկ Աբրահամյանը. վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթում նշեց, որ նոր կառավարության գերխնդիրը քաղաքացու բարեկեցության և արժանապատիվ կյանքի ապահովումն է. տնտեսության աճը, բյուջեի համալրումը կամ հարկերի հավաքումը, բոլորը պետք է ծառայեն մեկ խնդրի` ՀՀ քաղաքացու արժանապատիվ և բարեկեցիկ կյանքին:
Թե ինչ էր դա նշանակում, առաջին մեկնաբանությունները հրապարակ նետեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, թե դրան կարելի է հասնել և՚ փոքր ու միջին բիզնեսի արտոնությունների ու խրախուսման ռեժիմների սահմանման ուղիով, և՚ սոցիալական արդարության, տնտեսական արդարության:
Եվ վարչապետն անցավ գործի: Հենց առաջին նիստում քննարկվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ՀԴՄ-ների կիրառման և դրանց միջոցով հաշվարկների կանոնները չպահպանելու համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մոտեցումները, ինչպես նաև շեշտակի նվազեցնել սահմանված պատասխանատվության չափերը: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» համաձայն` ներդրումային ծրագրերով ներմուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014 թ. հունվարի 1-ից փոխարինվել է 200 մլն դրամով:
Գործադրի որոշմամբ` համապատասխան փոփոխություններ են կատարվել կառավարության նախկին` վերը նշված օրենքի կիրարկումն ապահովող որոշման մեջ: Քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցին: «Հարգելի՚ գործընկերներ, մենք սկսելու ենք մի գործընթաց և մեր ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է, որ փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ: … Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, և այդ հարցը, կառավարության կազմը ձևավորելուց հետո, մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որևէ կառույցից որևէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»,- ասաց կառավարության ղեկավարը:
Շրջանառության հարկը նույնը չի մնա
Թե ինչ քայլ է լինելու դա, օրերս արդեն բացահայտեց նույն Վարդան Այվազյանը, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թվարկեց այն քայլերը, որոնք պատրաստվում է իրագործել կառավարությունն առաջին հերթին: Առաջինը «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն է, որով բավականին «հեղափոխական» փոփոխություններ են նախատեսվում, և որը նորակազմ կառավարությունն արդեն շրջանառության մեջ է դրել:
Այդ նախաձեռնությամբ, ըստ Այվազյանի, կառավարությունն առաջարկում է, որ մինչև 10 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներն ազատվեն հարկից, իսկ մինչև 53 մլն ունեցողների համար հարկային դրույքաչափը իջեցվի մինչև 1 տոկոս, թեև դեռ քննարկվում է մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար այս հարկատեսակի դրույքաչափը զրոյացնելու հարցը:
Իրոք` տարեկան 10 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը ենթադրում է, որ ամսական շրջանառությունը 1 մլն դրամից էլ քիչ է, ընդ որում այդ 1 մլն-ի փոքր տոկոսն է որպես եկամուտ մնում բիզնես վարողին: Եթե անգամ ընդունենք, որ շրջանառության 20 տոկոսի չափով եկամուտ է մնում, ապա տնտեսվարողի շահույթն ամսական 200 հազար դրամից պակաս է, այսինքն` սրանք իրոք օրվա հացի խնդիր լուծող տնտեսվարողներն են: Ուստի, բոլորն են կարծում, որ այս հատվածին պետք է աջակցել և զարգանալու հնարավորություն տալ: Սակայն հարց է առաջանում` այդ չգանձվող հարկերի բացն ինչպե՞ս պետք է ծածկվի:
Այս նախաձեռնությունը, եթե ճիշտ կիրառվի, իհարկե, նման խնդիր չի առաջանա, հատկապես Հայաստանում, որտեղ ստվերը մեծ է համարվում: Օրինակ` շատ լավ գործիք կարող է լինել այն տնտեսվարողներից, որոնք պետք է օգտվեն այս արտոնությունից, սահմանված չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու պահանջը: Այս դեպքում այդ մանր բիզնեսների ներկայացուցիչները կարող են պահանջել խոշորներից, որ իրենց հետ գործարքները կատարեն փաստաթղթերով, ինչը ստվերի ռիսկը կկրճատի: Այսինքն` խոշորներից կսկսեն ավելի շատ հարկեր գանձվել հօգուտ պետբյուջեի: Կարծես հենց այդ էլ փորձելու է անել կառավարությունը:
Պարտադիր աուդիտն էլ արդեն պարտադիր չի լինի, գյուղում էլ կոոպերացիաներ կարող են ի հայտ գալ
Երկրորդ քայլը, որ ամենայն հավանականությամբ կձեռնարկի Հովիկ Աբրահամյանը և որի մասին դարձյալ առաջինը խոսեց Վարդան Այվազյանը, պարտադիր աուդիտի պահանջի վերացումն է բիզնեսի համար: Այս քաղաքականության ճարտարապետները կարծում են, որ պարտադիր աուդիտի պահանջի դեպքում տնտեսվարողն անիմաստ գումար է վճարում աուդիտորին: «Ենթադրենք` ես կոշիկ եմ արտադրում ու մի հատ 500 միլիոնանոց հաստոց ունեմ: Եթե պետական գնումներին չեմ մասնակցում, ինչո՞ւ պետք է ամեն տարի պարտադիր աուդիտ անցկացնեմ, որ աուդիտորը գա ու հաստատի, որ իմ ստանոկը 500 մլն արժի: Եթե պետական գնումներին եմ մասնակցում, ուրիշ հարց, բայց եթե չեմ մասնակցում, ինչո՞ւ աուդիտ անեմ, որ դեռ մի բան էլ աուդիտորը իմ ռիսկերը չկիսի ու պատասխան չտա իր կատարած աուդիտի համար, երբ ինձ, օրինակ, տուգանում են»,- նշեց Այվազյանը:
Երրորդ խոշոր նախագիծը, որ ամենայն հավանականությամբ, կիրականացնի նոր կառավարությունը, գյուղատնտեսության ոլորտում է: Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին, երբ այցելեց Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ, հայտարարեց. «Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին` փաստ է»:
Խոսելով կառավարության առաջիկա ծրագրերի մասին` վարչապետը նշել է, որ դրանք ուղղվելու են մարզերում կոոպերացիաների, ենթակառուցվածքների զարգացմանը: Քննարկվելու է գյուղացիներին երկար ժամկետայնությամբ և ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման ծրագրերի իրականացման հարցը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղացին ևս պետք է ընդունի, որ առկա խնդիրների լուծման համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ, և կառավարությունն ամեն ինչ անելու է, որ ֆինանսական ռեսուրսներ հայթայթի խնդիրներին լուծումներ տալու համար:
Ի դեպ, արդեն քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե վարչապետը դիմելու է բարձրաստիճան պետական գործիչներին, որպեսզի նրանք հրաժարվեն առաջիկայում իրենց աշխատավարձերի բարձրացումից:
Այս ամենն իրականացնելու համար, ինչ խոսք, անհրաժեշտ է նաև մի կարևոր հանգամանք` Հայաստանի, այսպես ասած «խոշոր խաղացողների» ոտքը տրորելու քաղաքական կամք: Որովհետև ժողովրդի բարեկեցությունը ենթադրում է հարված որոշակի շրջանակների շահերին: Հովիկ Աբրահամյանը նրանց շահերին դիպչելու համարձակություն կունենա՞ կամ քաղաքական մեծամասնության կողմից անհրաժեշտ աջակցություն կգտնի՞: Վերջինի համար ՀՀԿ խմբակցության արդեն նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հստակ պատասխանում է` այո՚, կգտնի:
Իսկ քաղաքական կամքի առումով ուշագրավ է հենց Հովիկ Աբրահամյանի պատասխանն այս հարցին: Կառավարության մայիսի 8-ի նիստը Հովիկ Աբրահամյանը սկսեց հիշեցումով, որ ըստ Սահմանադրության` նոր կառավարությունը 20 օրում պետք է ներկայացնի իր ծրագիրը: Նա հույս հայտնեց, որ այն պետք է լինի իրատեսական, և փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Շեշտեց, որ կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ծրագրի կատարման և արդյունքների համար: «Կառավարության այն անդամը, որը չի լինի պատասխանատու, նրա հետ մեր ճանապարհները կբաժանվեն, որքան էլ մենք իրար հետ երկար ճանապարհ անցած լինենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Այս կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Եթե մենք խոսում ենք օլիգարխիայի դեմ պայքարի մասին, և եթե նույն կառավարության այն անդամները, որոնք խոշոր բիզնեսի մեջ մասնակցություն ունեն, սկսեն իրենցից, նշանակում է` վստահություն էլ կձևավորվի ու ծրագիրն էլ կյանքի կկոչվի: Եթե դրանք լինեն զուտ խոսքեր, բնականաբար, վստահություն էլ չի լինի»:
Իսկ Հաղթանակի այգում մայիսի 9-ի տոնական միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Հավասար դաշտ է ստեղծվելու: Շատ, շատ մերձավորների ցավեցնելու ենք: Դա բոլորը պետք է հասկանան` իմ մերձավորները: Ես ինձնից եմ սկսելու: Հավասար դաշտի ստեղծումը իմ սկզբունքն է լինելու, և սա թող մեսիջ լինի իմ բոլոր մերձավորներին»:
Տեսնենք:
Սահմանամերձ գյուղի բնակչին անգամ տուն մտած հակառակորդի գնդակը չի ստիպի հեռանալ գյուղից
ՙՙԴոնար, էս պատը էս խի ա ծակ՚՚: Ներքին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վոլոդյա Պետրոսյանը անակնկալի է եկել, երբ հացի սեղանի շուրջ աչքը պատին է ընկել ու տեսել, որ պատի վրա մի մեծ ծակ է հայտնվել: ՙՙՆայեմ, տենամ, որ մի պենջակ ունեմ, արդեն կյոմը մտնելիս եմ հագնում, տենամ` ջիբս ծակել ա, ստիով մտել, ստիով տյուս եկել, մեջին ինչ ըլել ա` պասպորտ, սոցիալական քարտ, պյան, սաղ տվել-շաղ տվել: Ասկոլըչնի ա ըլել, վեր տրաքել ա՚՚,-պատմում է կարմիրաղբյուրցի Վոլոդյա Պետրոսյանը:
Հիմա իրենց տան ուղղությամբ հակառակորդի կրակած փամփուշտը ճղված պիջակի գրպանում է պահում, ինչպես ինքն է ասում` ՙՙերկուսն էլ որպես հուշ՚՚:
Կրակոցի ժամանակ ինքն ու կինը բազմոցին նստած հեռուստացույց դիտելիս են եղել, փամփուշը գրեթե իրենց քսվելով է անցել, մտել պատի մեջ: Տեղի ունեցած այս դեպքից մոտ մեկ տարի է անցել: ՙՙԻնչ անեմ, դյորը քյնամ, մեր տունն ա, հեսա տենում եք` փետ եմ դարսել, որ չերևան շանորդիք, առաջը նստում եմ, ինչքան ուզըմ են թող կրակեն, վախըմ չեմ: Բայց կինս` Դոնարը, վախըմ ա: Մի օր որ սկսեցին կրակիլը, Դոնարը հոնի ծառի տակին էր, կանչըմ եմ, ասըմ ա , սպասեմ կրակոցը կըտրի, նոր ծառի տակիցը տյուս կյամ: Ասըմ եմ ` այ քու տունը շինվի, ծառը հո քեզ փրկիլ չդի, արի տուն՚՚,-կես կատակ պատմում է Վոլոդյա Պետրոսյանը:
Նրանց խաղողի այգին ևս հակառակորդի նշանառության տակ է, մշակելը` ռիսկային: ՙՙԲայց դե ինչ անենք, որ չմշակենք, ոչ թոշակ ենք ստանում, ոչ նպաստ, եկամուտ չունենք: Մնացած հողերը թուրքի պատճառով բրախած ա՚՚,-ասում է տիկին Դոնարան, որն անընդմեջ հնչող կրակոցների պատճառով շաքար է ստացել, վատառողջ է, բայց էլի գործից չի կարողանում կտրվել, ձմռան ավելուկն արդեն հավաքել, հյուսել է, կախել, որ չորանա: ՙՙՀողերի մեծը մասը չենք կարում մշակենք, հենց քյընըմ ենք, կրակըմ են, չեն թողում, տրակտորի վրա էնա, որ կրակեցին, բրախեցինք էդ հողը, արդեն 2 տարի ` չենք մշակում: Գյուղի մեծ մասի հողերն ըտեղ ա, ամբողջը թողած, մի վախտ կեսը մշակում էին, կեսը չէ, հիմա սաղ թողել են, վախում են՚՚,-ասաց Վոլոդյա Պետրոսյանը:

Նա մատնացույց է անում դիմացի սարն ու նշում` այ այստեղից են Ներքին կարմիրը մաղում, Հայերի հանդ ենք ասում: ՙՙՊատուհանը փակել եմ, քարով պատել, որ գոնե մի քիչ ապահովություն զգանք՚՚:
Վոլոդյա Պետրոսյանը 1990-ականներին պահել է հայրենի գյուղի սահմանը, ասում է` առջին գիծ ենք, որպես սահմանապահի`կարմիր գրքույկ ունենք, ես էլ, Դոնարն էլ:
ՙՙԷն օրը մեկը զանգել ա, ասում ա` ապահովության համար դուրս եկեք տնից, գնացեք ավելի ապահով թաղամաս, մայիսի 9-ն էր, դե հաղթանակի օրն ա, Շուշիի օրն ա, մտածեցին`կարող ա առիթավորվեն, կրակեն, էլի: Ասեցի` չէ քեմատաղ, դուրս գալու տեղ չունեմ, մեր տանն եմ մնալու, հաղթանակի օրը մեր տանն եմ նշելու՚՚:
Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան- Միշել Հափին:
Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՀԲ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու ձեռքբերումները և արձանագրելու նոր հաջողություններ:
ՀԲ տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Հենրի Քերալին ընդգծել է, որ Համաշխարհային բանկը ՀՀ-ի հուսալի գործընկերն է, և Հայաստանը վարկային պորտֆելի կատարողականի առումով լավագույն երկրներից է: Պարոն Քերալին վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում և հասնել փոխգործակցության ավելի բարձր մակարդակի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն – Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի 2014-2017 թթ. երկրի գործընկերության ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին: Այս համատեքստում արծարծվել են պետական կառավարման համակարգում, տեսչական, քաղաքացիական ավիացիայի, հարկային և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող մանրամասներ:
Կլոր սեղան-քննարկում` նվիրված տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին
Մայիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել տեղեկատվատեխնիկական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը նվիրված կլոր սեղան-քննարկում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանրապետությունում գործող գիտական, մասնագիտական և գործնական աշխատանքներով զբաղվող հիմնարկ-ձեռնարկությունների մասնագետների մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, գիտահետազոտական կենտրոնների տնօրեններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարներ և մասնագետներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` ընդգծելով, որ միջոցառումը հրավիրվել է տեղեկատվական անվտանգության, այդ թվում նաև կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած սպառնալիքները, ռիսկերն ու մարտահրավերները գնահատելու, առկա թերացումները վերհանելու և դրանց լուծման ուղիները բացահայտելու նպատակով:
«Տեղեկատվական-տեխնիկական անվտանգության հարցերին մեծ կարևորություն է տրվում ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում, որի առաջին փուլի շրջանակներում գնահատել ենք Հայաստանի դեմ ծառացած այնպիսի սպառնալիքներ, ինչպիսին է, օրինակ, տեղեկատվական պատերազմը: Պետական կառավարման, գիտահետազոտական և ձեռնարկատիրական ոլորտների համատեղ ջանքերը պետք է ուղղենք այդ սպառնալիքների չեզոքացման եղանակների, ձևերի, մեթոդների ու անհրաժեշտ ռեսուրսների բացահայտմանը, տեղեկատվության հասանելիության, ամբողջականության ու անվտանգության երաշխավորմանը»,-նշեց Դ. Տոնոյանը:
Հիմնական զեկուցող` «Արմինկո» ընկերության ղեկավար Գրիգոր Սաղյանը ներկայացրեց համակարգչային անվտանգության ընդհանուր դրույթները: Զեկույցում ընդգծվեցին տեղեկատվական անվտանգություն հասկացության մեկնաբանությունները, տարբեր երկրներում տեղեկատվական անվտանգության ապահովման մեթոդները և մոտեցումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ ընդունված օրենսդրական ակտերը:
Քննարկմանը մասնակցող գիտահետազոտական և ձեռնարկատիրական ոլորտների մասնագետների ելույթներում հստակեցվել է Հայաստանի, մասնավորապես` պաշտպանական համակարգի դեմ կիրառվող տեղեկատվական ու կիբեր սպառնալիքների բնույթը: Հնչել են առաջարկություններ սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ուղիների, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև գիտական կենտրոնների և հատկապես երիտասարդության հետ մասնագիտական փորձի փոխանակման վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության ադյունքները, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտական, մասնագիտական և գործնական աշխատանքներով զբաղվող հիմնարկ-ձեռնարկությունների մասնագետների հետ նման քննարկումները: Վստահեցնելով, որ հանդիպման ընթացքում հնչած առաջարկները և տեսակետները մանրամասն կքննարկվեն պաշտպանական գերատեսչությունում, Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ ոլորտի ձեռնարկությունների և մասնագետների հետ առաջիկայում կծավալվի արդյունավետ համագործակցություն:
Քննարկվեցին բուհ-աշխատաշուկա կապի հիմնական խնդիրները
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում մեկնարկեց Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) 24-րդ տարեկան համաժողովը, որը կրում է «Աշխատանքային շուկայի որակավորումները» խորագիրը:
Հայաստանում համաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքները կազմակերպել և համակարգել են ՀՀ ԿԳ նախարարությունը, Երևանի պետական համալսարանը, Ռեկտորների խորհուրդը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ու Բոլոնյան ամփոփման խմբի (Bologna Follow-Up Group) քարտուղարությունը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ռուբեն Մարկոսյանը, հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ և ուրիշներ:
Համաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ից, Բելգիայից, Կիպրոսից, Նիդեռլանդներից, Չեխիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Հունաստանից, Լիտվիայից, Լատվիայից, Սլովենիայից ժամանած գիտնականներն ու հետազոտողները:
Համաժողովը նախագահում էր Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ստեֆան Դելփլեսը, ով ողջունեց մասնակիցներին և համաժողովի մեկնարկի համար բացման խոսքը տվեց «EURASHE»-ի նախագահ, Կիպրոսի եվրոպական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Անդրեաս Օրֆանիդեսին:
«Չնայած Հայաստանը Եվրամիության անդամ չէ, սակայն այն բավականին ակտիվ երկիր է և Բոլոնյան գործընթացում մեծ դեր ու նշանակություն ունի: Ուրախ և հպարտ ենք, որ այս տարվա մեր համաժողովը հենց Հայաստանում ենք անցկացնում, քանի որ «EURASHE»-ն Ռեկտորների խորհրդի օգնությամբ արդեն հիմնավորված է այստեղ»,- ասաց Կիպրոսի եվրոպական համալսարանի ռեկտորը և հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին աջակցության և ներկա գտնվելու համար:
Այնուհետև Անդրեաս Օրֆանիդեսը բարձրագույն կրթության ոլորտում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև համաժողովի կազմակերպման և անցկացման գործում աջակցություն ցուցաբերելու համար Հովիկ Աբրահամյանին հանձնեց Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո հուշամեդալը:
«Կարևորում եմ բարձրագույն կրթության եվրոպական տարածքում կրթական հարցերին նվիրված միջոցառման անցկացումը Հայաստանում, հատկապես, որ մենք միայն վերջերս ենք անդամակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիային: Այս միջոցառումը լավ հնարավորություն է բարձրագույն կրթական ոլորտում սերտացնելու մեր համագործակցությունը եվրոպական երկրների հետ՝ ի նպաստ կրթահետազոտական փոխանակման ծրագրերի և բուհական կրթության որակի ամրապնդմանը: ՀՀ Կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացվում գիտելիքահեն հասարակության կայացմանը: Դա մեծապես կարևորվում է երկրի բնական և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պայմաններում: Գիտելիքների հիման վրա կառուցված տնտեսության վառ ապացույցը կարելի է գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների և նորագույն ինժեներիայի բնագավառներում, որոնք այսօր հանդիսանում են մեր երկրի տնտեսության՝ օտարերկյա լայնածավալ ներդրումներ ներգրավող, ամենաարագ զարգացող ճյուղերը»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ համաժողովի խորագիրը ենթադրում է, որ քննարկումների ընթացքում վեր կհանվեն բուհ-աշխատաշուկա և ուսանող-գործատու բևեռների համագործակցության ոլորտում առկա խնդիրները և կմշակվեն կողմերի մերձեցմանն ուղղված ծրագրեր:
Ռեկտորների խորհրդի կողմից հանդես եկավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ով նույնպես կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը, ներկայացրեց «EURASHE»-ի հետ համագործակցության վերաբերյալ որոշ մանրամասներ, ինչպես նաև խոսեց Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման գործընթացում առկա խնդիրների մասին: Բացման խոսքով հանդես եկավ նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
Համաժողովի առաջին զեկույցը Նիդեռլանդների Մասթրիխտ համալսարանի կրթության և աշխատաշուկայի հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Ջիմ Ալլենին էր, ով իր հետազոտության արդյունքների հիման վրա ներկայացրեց 21-րդ դարում բարձրագույն կրթական աստիճանները, դրանց զարգացման միտումներն ու մարտահրավերները: Այնուհետև համաժողովի աշխատանքները շարունակվեցին պլենար նիստերում, որտեղ քննարկվեցին ոլորտի այլ հիմնահարցեր: Գիտաժողովը կշարունակվի նաև վաղը:
Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագրի գործնական առաջին փուլը՝ մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման հիպոթերապիայի ամիսը։ Ծրագրի շահառուները կազամակերպության ամենաթիրախային խմբի անդամներն են՝ հաշմանդամություն ունեցող 17 երեխաներ, ովքեր միայնակ մայրերի խնամքի ներքո են։
Մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր երեխա 12 պարապմունքի է մասնակցելու՝ 30-ական րոպե տևողությամբ։
«Ծրագիրն առաջարկել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը, և նման ծրագրերին աջակցությամբ արձագանքելը քաղաքապետարանի գործելաոճն է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ անմիջապես ստանձնեցինք այս երեխաների առողջության ու նրանց ընտանիքների համար անչափ կարևոր ծրագրի իրականացումը։ Ծրագիրը ներառում է երեք փուլ, և ծրագրի ողջ ընթացքում քաղաքապետարանը լինելու է այս երեխաների կողքին»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։
Ծրագրում ներառված այլընտրանքային վերականգնողական բուժման փուլերն են հիպոթերապիան, հիդրոթերապիան, արտթերապիան։ Յուրաքանչյուր թերապիայի ամիսը 12-ական պարապմունք է ներառում յուրաքանչյուր երեխայի համար։
«Հիպոթերապիան ամենաարդյունավետն է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ երեխաների վերականգնողական այլընտրանքային բուժման մեթոդներից։ Յուրաքանչյուր երեխայի դեպքում ակնկալում ենք յուրովի արդյունք, քանի որ մանկական ուղեղային կաթվածը շուրջ 50 տարատեսակ ունի, հետևաբար առողջության բարելավումը սպեցիֆիկ է։ Սակայն դրական փոփոխություն, վստահությամբ եմ ասում, յուրաքանչյուր երեխայի մոտ արձանագրելու ենք։ Այսպիսով, դեռևս ծրագրի մեկնարկին, թույլ տվեք բոլոր մայրերի անունից շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին՝ այս ծրագրին աջակցելու, ավելին՝ այսքան կարճ ժամանակում այն կյանքի կոչելու համար»,- նշել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։
Ծրագրի մասնակից երեխաներից շատերը հիպոթերապիայի կուրսի մասնակցում էին ոչ առաջին անգամ։ Նրանց ծնողների խոսքով՝ հիպոթերապիան չափազանց կարևոր մեթոդ է։ Մասնակից երեխաներից մի քանիսը անգամ սկսել են քայլել հիպոթերապիայի առաջին իսկ կուրսից հետո։ Այս ծրագրի ավարտին ևս մայրերը ակնկալում են արդեն ձեռքբերած արդյունքների բարելավում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԵՊՀ ռադիոֆիզիկոս ուսանողները կստանան լեյտենանտի կոչում
15 անվճար տեղ կհատկացվի ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտության համար:
ՀՀ Կառավարության 2014 թ-ի ապրիլի 30-ի թիվ 449/Ն որոշման համաձայն` 2014-2015 ուստարվա դիմորդները կարող են դիմել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ (011200)՝ օգտվելով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից:
«Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, որի համար դիմորդները ընդհանուր փաստաթղթերի հետ ԵՊՀ ընդունող հանձնաժողով են ներկայացնում նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված՝ նախարարության կենտրոնական պոլիկլինիկայում անցած բուժզննման արդյունքների մասին համապատասխան տեղեկանքը:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում սովորելու տարիներին «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ընդունված դիմորդները տվյալ մասնագիտության համար նախատեսված դասընթացներից բացի, III կուրսի առաջին և երկրորդ կիսամյակներում և IV կուրսի առաջին կիսամյակում միայն (ավարտական աշխատանքներին չխանգարելու պատճառով) լրացուցիչ անցնելու են զինվորական պատրաստականություն, և բուհն ավարտելիս ստանալու են լեյտենանտի կոչում:
Բուհ ընդունվելուց հետո ուսանողի և ՊՆ-ի միջև կկնքվի համապատասխան պայմանագիր, որի համաձայն՝ ԵՊՀ-ն ավարտելուց հետո շրջանավարտները որպես լեյտենանտներ անցնում են պայմանագրային զինվորական ծառայության (հինգ տարի ժամկետով) զինված ուժերի կապի միջոցների վերանորոգման ստորաբաժանումներում, ստանալով համապատասխան աշխատավարձ:
Պայմանագրային ժամկետն ավարտվելուց հետո նրանք կարող են իրենց հետագա աշխատանքը շարունակել ինչպես զինված ուժերում, այնպես էլ քաղաքացիական այլ ոլորտներում: «Ի դեմս Պաշպանության նախարարության՝ ԵՊՀ-ն շատ լավ բարեկամ ունի, քանի որ տարվա ընթացքում նախարարը կամ այլ բարձրաստիճան զինվորականներ հանդիպումներ են ունենում համալսարանականների հետ, զրուցում, խոսում բանակում առկա խնդիրներից, դրանց լուծումներից ու հետագա ծրագրերից: Այդ հանդիպումների ընթացքում գրեթե միշտ խոսվում է բուհ-բանակ համագործակցության ամրապնդման մասին, և այօսր արդեն քայլեր են արվում այդ ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը զինված է նորագույն էլեկտրոնային և ռադիոսարքավորումներով ու բարդ տեխնոլոգիաներով: Դրանց համար լուրջ մասնագետներ են հարկավոր, որոնց պատրաստման գործում ԵՊՀ-ն կարող է իր ներդրումն ունենալ»,- ասում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանը:
Եվ չնայած «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությունը նորույթ չէ, այնուամենայնիվ ԵՊՀ դասախոսները կրթական ծրագրերը նախարարության պահանջներին համապատասխանեցնելու համար կհամագործակցեն ՊՆ մասնագետների հետ:
Վերոնշյալ մասնագիտությամբ դիմորդները պետք է դիմեն տարածքային զինվորական կոմիսարիատ, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և կրթության վարչություն, որտեղ անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր (նաև պատճեն), կցագրման վկայական (նաև պատճեն), տեղեկանքներ նարկոդիսպանսերից և հոգեբուժարանից (նաև պատճեններ):
Ռադիոֆիզիկայի դեկանը նաև հավելեց, որ հետագայում նախատեսվում է ևս մեկ ծրագիր սկսել ՊՆ-ի հետ, որի շրջանակներում իրենց ֆակուլտետը կկրթի արդեն իսկ ծառայությունն ավարտած դիմորդներին, ովքեր նույնպես անվճար հիմունքներով կընդունվեն միանգամից 2-րդ կուրս: Բուհն ավարտելուց հետո վերջիններս պետք է աշխատեն ՊՆ-ի արտադրական ոլորտում:
Հայաստանի մանուկներ հիմնադրամն աջակցում է «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցի աշխատանքների ընդլայնմանը
Ս.թ. մայիսի 13-ից 14-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ և ՀՀ Առողջապահության նախարարության հովանու ներքո գործող «Դպրոցներն առողջության համար» ծրագրի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցի (Schools for Health in Europe) երրորդ սեմինարը ՀՀ-ում: Ծրագրի նպատակն է ընդլայնել ցանցի աշխատանքները Հայաստանում և խթանել առողջությունը խրախուսող դպրոցների թվի ավելացմանն ու գործունեության ակտիվացմանը:
Դպրոցներում զարգացնել կարողություններ և տրամադրել անհրաժեշտ գործիքներ իրավիճակը ճիշտ գնահատելու, արդյունավետ ծրագրեր մշակելու և ինքնուրույն իրականացնելու համար. սա է առողջ դպրոցի կարևորագույն գաղափարը, որը համահունչ է նաև COAF-ի զարգացման ծրագրերի ընդհանուր գաղափարախոսությանը:
Հայաստանում այս պահին գործում է ինը «Առողջ դպրոց», որից վեցը COAF-ի շահառու դպրոցներն են (ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգի, Սարդարապատի, Շենիկի, Մյասնիկյանի, Քարակերտի թիվ 1, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի դպրոցը): Սեմինարի ընթացքում հնչեցված ՀՀ Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ ներկայումս գործող ինը առողջ դպրոցներին ավելանում են ևս հինգը (ՀՀ Արմավիրի մարզի Հացիկի, Վանանդի, Գետաշենի, Քարակերտի թիվ 2, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի դպրոցը): Վերջինս թեև չի հանդիսանում COAF-ի շահառու համայնք, սակայն հայտնել է ցանկություն և պատրաստակամություն անդամակցելու Հայաստանի առողջ դպրոցների ցանցին:
Երկօրյա սեմինարի ընթացքում ուսումնասիրվեցին առողջությունը խրախուսող դպրոցների սկզբունքներն ու արժեքները, դիտարկվեցին «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցին անդամակցելու համար անհրաժեշտ նախնական հմտությունները, քայլ առ քայլ քննարկվեցին ապագա մասնակից դպրոցների քաղաքականության մշակման և աշխատանքների հետագա պլանավորման փուլերը:
Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ առողջ դպրոցներում աշակերտների շրջանում գրանցվում է ավելի բարձր առաջադիմություն: «Առողջ դպրոց»-ի ստեղծումը համագործակցային գործընթաց է, որին մասնակցող թիրախային խմբերն են դպրոցի ղեկավարությունը, ուսուցիչները, աշակերտները, ծնողները, դպրոցի բուժքույրը և համայնքն ամբողջությամբ: Համայնքում առողջ դպրոցի ներմուծմամբ բոլոր երեխաների և դպրոցի անձնակազմի համար ստեղծվում են հավասար հնարավորություններ՝ օգտվելու կրթական և առողջապահական ծառայություններից:
Առողջ դպրոցը խթանում է միջոցառումներ նախաձեռնելու, փոփոխություններ իրականացնելու և որոշումներ կայացնելու երեխաների հնարավորությունը: Առողջապահական կրթումը ինտեգրված է ուսումնական ամբողջ ծրագրում և դպրոցական առօրյայի բոլոր ոլորտներում: Առողջությունը խրախուսող դպրոցների կարևորագույն տարրերից են նաև առողջ սնուցումն ու ֆիզիկական ակտիվությունը:
2012թ. վերջից COAF-ի առողջապահական ծրագիրը սերտորեն համագործակցում է «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցի հետ: Այս գործընկերության շրջանակներում Հիմնադրամը զեկույցով հանդես եկավ 2013թ. հոկտեմբերին Դանիայի Օդենս քաղաքում կայացած «Դպրոցներն առողջության համար» 4-րդ միջազգային համաժողովին, որը հյուրընկալեր էր 250 մասնակից 30 երկրից: Զեկույցի ընթացքում ներկայացվեց առողջ դպրոցների խրախուսման Հիմնադրամի մոդելը, ներառյալ դպրոցներում ատամների մաքրման կայանների (Brushodrome) կառուցումը, ատամների խնամքի կրթությունն ու անվճար ատամնաբուժական ծառայությունների տրամադրումը, ատամնափուտի կանխարգելման նպատակով կատարվող ատամների ֆտորացումը, դպրոցական առողջ սննդի ծրագիրը, որի շրջանակներում վերանորոգվում են դպրոցական ճաշարանները, և ամենօրյա տաք սնունդ է տրամադրվում տարրական դպրոցի երեխաներին:
Նախագահը վավերացրել է կառավարության որոշումները՝ Տավուշի մարզպետի ազատման և նշանակման կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել պարոն Նամտվեդտին՝ Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ բարձր առաքելությունը դեսպանն ստանձնում է հաստատուն հանձնառությամբ՝ անելու հնարավորը երկկողմ միջպետական…



