Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են Միսաք Մանուշյանի անվամբ Երևանում անվանակոչված պուրակի բացման արարողությանը
Հանրային խորհուրդը ոչ կոռեկտ և անընդունելի է համարում ՌԴ դեսպանի հայտարարությունը
ՀՀ Հանրային խորհուրդն արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը: ՀԽ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ Հանրային Խորհուրդը, որի կառույցներում ընդգրկված են հազարից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իր տարակուսանքն ու անհամաձայնությունն է հայտնում ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի.Վոլինկինի՝ «Ноев ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում տեղ գտած այն հայտարարության կապակցությամբ, թե պետք է «նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար» (No8(238),2014):
Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման կարևոր ձեռքբերումներից ու երաշխիքներից է տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցի հզորացումը:
Կարևորելով Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական հարաբերությունները, խնդիրը դիտարկելով անգամ վերջին ժամանակներս Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում արձանագրվող լարվածության համատեքստում` այնուհանդերձ, ՌԴ դեսպանի հայտարարությունը համարում ենք ոչ կոռեկտ և անընդունելի:
Հանրային խորհուրդը շարունակելու է իր հետևողական գործունեությունը երկրում բազմակարծության, խոսքի ազատության պաշտպանության և ժողովրդավարական հաստատությունների զարգացման բնագավառում»:
Հայաստանում կներդրվի ոչ նյութական վնասի փոխհատուցման ինստիտուտը
ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը Ազգային ժողովին ներկայացրեց քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը, որով Հայաստանում ներդրվելու է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը՝ նախատեսելով վնասի փոխհատուցման չափը որոշելու սկզբունքները:
Առաջարկվող օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել հետևյալ դեպքերի վրա` իրավասու պետական մարմինների կողմից քաղաքացուն խոշտանգման ենթարկելը կամ անիրավաչափորեն կյանքից զրկելը, կյանքից զրկված անձի մահվան կամ ենթադրյալ խոշտանգման փաստի առթիվ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց որոշման, գործողության կամ անգործության արդյունքում պատշաճ քննություն չիրականացնելը, անձին ազատությունից անիրավաչափորեն զրկելը և նոր կամ նոր ի հայտ եկած հանգամանքներով դատապարտյալի արդարացումը:
Օրինագիծը հրատապ կարգով է բերվել խորհրդարան, քանի որ Հայաստանն այդ առումով ունի միջազգային պարտավորություններ: Փոխնախարարն ակնկալում է, որ օրենքի ընդունմամբ կնվազեն Հայաստանի կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրող Եվրոպական դատարանի վճիռները:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, միաժամանակ ցավով նշեց, որ մենք նման փոփոխություններն անում ենք միայն այն ժամանակ, երբ միջազգային կառույցներն են դա պարտադրում:
Պատգամավորը նաև բարձրացրեց Մարտի մեկի զոհերին իրավահաջորդներին և այդ ժամանակ վիրավորված կամ հաշմանդամ դարձած քաղաքացիներին փոխհատուցում տալու հարցը: «Փոխհատուցել ենք բոլոր խանութի տերերին, վառված ավտոմեքենաների տերերին, բայց ոչ մի հաշմվածի, ոչ մի խեղվածի չենք փոխհատուցում»:
Փոխնախարարի խոսքով՝ ինստիտուտի ներդրումը դեռ նոր է, և համակարգային ուսումնասիրության խնդիր կա: Նա խոստացավ, որ ամբողջական փոխհատուցման փաթեթը ներդնելու ժամանակ այս հարցը նույնպես կքննարկվի:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե մինչ օրս մեր երկիրը պետական բյուջեից որքա՞ն գունար է վճարել Եվրոպական դատարանում շահած քաղաքացիներին կողմից կայացված վճիռների արդյունքում:
Արման Թաթոյանը նախ նշեց, որ մեր երկրից Եվրոպական դատարանը 2007 թվականից է ընդունում հայցեր և մինչ օրս 2028 հայց է ընդունվել, որոնցից 148-ը ճանաչվել է անընդունելի և ցուցակից հանվել է: Իսկ գումարային առումով ընդհանուր առմամբ 16 միլիոն եվրո է կազմել բավարարված հայցերի տուգանքը, որից Հայաստանի պետական բյուջեից մոտ 576 000 եվրո է վճարվել:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծում է, որ նախագիծը ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ կիսաքայլ է, քանի որ սահմանվում է միայն կյանքի իրավունքի, խոշտանգումների, անձի անձեռնմխելիության և անարդարացի դատապարտումների մասով:
«Նախագծի հիմքում դրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը նվազագույն չափանիշներ է սահմանում, մինչդեռ մեր Սահմանադրությամբ ավելի բարձր չափանիշներ են սահմանված: Իրավունքների մի ողջ ցանկ, որ ամրագրված է մեր Սահմանադրությամբ, պետք է ունենա ոչ նյութական փոխհատուցման հնարավորություն»,-կարծում է Մարուքյանը:
Նա նաև գտնում է, որ օրենքին պետք է հետադարձ ուժ տալ:
«Աբովյան» Քրեակատարողական հիմնարկում 18-ից 20 կին դատապարտյալ է թունավորվել
2014 թվականի մայիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի անդամներն այցելություն կատարեցին «Աբովյան» Քրեակատարողական հիմնարկ։ Խումբը արձագանքել էր մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածած այն տեղեկատվությանը, ըստ որի ՀՀ ԱՆ «Աբովյան» Քրեակատարողական հիմնարկում 18-ից 20 կին դատապարտյալ է թունավորվել: Դիտորդական խմբի դիտորդներ Ժորժետա Մեսրոպյանը, Գոհար Ամիրխանյանը և Անի Վարդանյանը հրատապ այց կատարեցին Քրեակատարողական հիմնարկ: Այցելության մանրամասները կհրապարակվեն շուտով: Կայացել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունները,լուսանկարներ
|
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա
***
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարխսված հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները տարեցտարի զարգանալով հասել են կարևոր մի հանգրվանի՝ առանձնաշնորհյալ մակարդակի: Դինամիկ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, Հայաստանի և Ֆրանսիայի՝ շուրջ 35 շրջանների և քաղաքների միջև սերտ գործընկերություն, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական հագեցած օրակարգ, Ֆրանսիայի կողմից արդյունավետ կերպով իրականացվող աջակցության ծրագրեր, ինչպես նաև 35 իրավական փաստաթուղթ ներառող իրավապայմանագրային դաշտ, որն այս այցի ընթացքում համալրվում է ևս յոթով՝ միտված երկկողմ գործընկերության ընդլայնմանը և ամրապնդմանը. ահա այս տարիների մեր համատեղ աշխատանքի արդյունքը: Վերահաստատեցինք առկա ձեռքբերումները նորերով լրացնելու մեր երկուստեք հանձնառությունը: Նախագահ Օլանդի հետ երեկ մասնակցելով գործարար համաժողովի բացմանը` շեշտադրեցինք մեր համագործակցության տնտեսական բաղադրիչի կարևորությունը: Ողջունեցինք Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարված ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ընդհանուր ներդրումները, մոտ 180 ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, որոնց թվում են «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Մեզ համար պատիվ է, որ այս ցանկը համալրվում է ֆրանսիական մեկ այլ աշխարհահռչակ ընկերության՝ «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքով հայաստանյան շուկա: Անդրադարձանք մեր ժողովուրդների մշակութային կապերին, որոնք առանցքային են հայ-ֆրանսիական հարաբերություններում: Նշեցի, որ հայերը սիրում են Ֆրանսիան, ֆրանսիական մշակույթն ու լեզուն: Ուստի պատահական չէ, որ Հայաստանում առկա է ֆրանսերեն լեզվով կրթական ողջ ցիկլը՝ դպրոցից մինչև համալսարան, և գիտակցված ու չափազանց արդյունավետ է մեր ներգրավումը Ֆրանկոֆոնիայի միջազգային շարժման մեջ: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ մեկ անգամ ևս բարձր գնահատեցի Ֆրանսիայի դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում: Մտքեր փոխանակեցինք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի, այդ թվում` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ։ Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Հայտնեցի Հայաստանի վճռականությունը` զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով՝ հենց այն հենքի վրա, որը համատեղ աշխատանքի շնորհիվ կառուցել ենք վերջին տարիներին: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման գործում։
Հարգարժա՛ն պարոն Նախագահ, Ես մտադիր էի այս այցի ընթացքում Ձեզ հրավիրել Հայաստան՝ 2015 թվականին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումներին: Կարող եք պատկերացնել, թե որքան բարձր է գնահատվել, երբ Դուք ինքներդ այդ մասին հայտարարեցիք Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված Ձեր ելույթում: Մենք Ձեր այդ քայլն ընդունում ենք՝ որպես ամենախոսուն վկայություն հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ Ձեր լիակատար նվիրվածության ու բարեկամության: Շնորհակալ եմ մեկ անգամ ևս, պարո՛ն Նախագահ, Ձեր այդ արարքի համար: Սիրելի՛ գործընկերներ, Համոզված եմ, որ Նախագահ Օլանդի այցը մեծ ներուժ կհաղորդի հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսությանն ու բազմակողմ համագործակցությանը:
|
Պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գևորգ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` գողություն կատարելու կասկածանքով ձերբակալված լինելու ընթացքում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը ծեծել ու հայհոյել է իրեն, ինչի պատճառով ինքը խոստովանել է, որ գողություն է կատարել:
Կատարվում է նախաքննություն:
Նոր նշանակումներ հատուկ քննչական ծառայությունում
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի թափուր հաստիքների համար:
2014 թվականի մայիսի 12-ին կայացավ բաց մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին 1-ին դասի խորհրդականներ Ազատ Հարությունյանը, Գարեգին Բեգոյանը, Սամվել Սարգսյանը, Աշոտ Օհանյանը, 2-րդ դասի խորհրդականներ Զավեն Թադևոսյանը և Վահե Խաչատրյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով` հաղթող ճանաչվածները նշանակվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչներ:
ԲՌՆԻ ՈՒԺ քաղաքացիների դեմ Օլանդի այցի ժամանակ – Մաշտոցի պուրակ
Լարված իրավիճակը շարունակվում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Քիչ առաջ Մաշտոցի պուրակի տարածքից ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել ու ձերբակալել է մի քանի քաղաքացու, ովքեր ցանկանում էին ներկա գտնվել Մաշտոցի պուրակի անվանափոխության միջոցառմանը և իրենց դիրքորոշումն արտահայտել անվանափոխության վերաբերյալ: Նրանք ձերբակալվել են խաղաղ հավաքի ժամանակ՝ առանց օրինական հիմքերի: Այս պահին ձերբակալված են՝ Դվին Իսանյանս, Mika Trchkan Elizbaryan, Anna Shahnazaryan, Ani Seize Khachatryan, Արսեն Օհանյան, Ռոլանդ Թմոյան և Գևորգ Սաֆարյան: Նրանց տարել են Կենտրոնի բաժին:
Կից կրկին ներկայացնում ենք Մաշտոցի պուրակի անվանափոխության ապօրինության հիմքերը և սեփական հանրության կարծիքն արհամարհելու հանգամանքները։
ՙՙՄենք ենք այս քաղաքի տերը՚՚
Ներքին կարմիրաղբյուր գյուղի հին ավտոկանգառում մարդիկ այլևս ավտոբուսի կամ տաքսիի չեն սպասում
Տավուշի մարզի Ներքին կարմիրաղբյուր գյուղի հին ավտոկանգառում մարդիկ այլևս ավտոբուսի կամ տաքսիի չեն սպասում: Կանգառը, որտեղից շամշադինցիները Ադրբեջանի Թովուզ կայարանի շուկա էին ճանապարհվում կամ կտրում-անցնում Ղազախն ու դուրս գալիս Իջևան, հիմա ադրբեջանական դիպուկահարների գլխավոր թիրախն է, քարուքանդ են արել, գնդակոծել: Գյուղի պատանիներն էլ չգործող կայարանի պատերին ու գյուղի աղջիկների առաջ <<սրտներն են բացել>>` թողնելով սիրային բանաձևեր:
<<Ալիբեյլի, Հաջալու, Օքյուզլու, Թովուզ կայարան, Աղստավ, Ղազախ ու արդեն Իջևան: Էն ժամանակ Իջևանի ճամփան դեպի Երևան չկար, մենք էդպես էինք դուրս գալիս, գնում Երևան>>,-հիշում է Ներքին կարմիրաղբյուրի բնակիչ Սամվել Փարսյանը:
Կիսակայարանում ու նաև շրջակայքում այժմ մարդիկ աշխատում են քիչ լինել, զգուշանում են, այն մոտ է հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին պատմությունները հիշելիս Ամալյա Չոբանյանը ադրբեջանական հարսանիքին իր և ամուսնու` Սուրեն Չոբանյանի մասնակցությունն է մտաբերում: <<Դոստեր ունեիք, հաճախ էինք հյուր գնում, իրենք գալիս, անգամ հարսանիք էին հրավիրել: Ընդեղից սրբիչներ էինք հիմնականում առնում, գնում էինք մեշոկներով ապրանք առնում, բերում տունը լցնում: Հիմա վայրենացել են, մոռացել են հարևանությունը, էլ չեն հարցնում` ով ա ինչ ա` կրակում են, որտեղ կկպչի, կկպչի>>,-ասում է Ամալյա Չոբանյանը:
Ադրբեջանի Թովուզ կայարանի երբեմնի գնումներից Ամալյա տատը մի գորգ է պահել, չի հիշում` որքան արժեր, բայց հիշում է, որ էժան է գնել: Գյուղը գնդակոծելու ադրբեջանական գլխավոր հենակետը Հայերի յալում է տեղակայված, որը ժամանակին սահմանամերձ այս գյուղի խոտհարքն էր, հիմա հակառակորդն է այնտեղ դիրքավորված: Այդ բարձունքից է, որ գյուղի այս թաղամասը միշտ կրակի տակ է:
Ներքին կարմիրցիները կանգառը գյուղի տակից գյուղի սկիզբ են տեղափոխել: Վառ գույնի տանիքով կայարանից գյուղից դուրս եկող ճանապարհը շրջանցում է հակառակորդի տեսադաշտը: Այժմ ճանապարհը բարեկարգվում է: Գրեյդերով գրունտային ճանապարհի թումբ ու փոսերը հարթեցվում են: Կարո՞ղ է ասֆալտապատեն. այս հարցին գյուղացիներն արձագանքում են` Աստված ձայնդ լսի….
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. որոնվում են 14-ամյա տղա և 25-ամյա աղջիկ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Զվարթնոց օդանավակայանում երկրպագուները դիմավորեցին2014թ. Եվրատեսիլի մրցութում չորրոդ տեղը զբաղեցրած Արամ MP3-ին, լուսանկարներ
Բյուջեի եկամուտների աճը լա՞վ է, թե՞ վատ
Ըստ վիճակագրական տվյալների` 2013 թ. առաջին եռամսյակի համեմատ` 2014 թ. հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.7%-ով կամ շուրջ 8.7 մլրդ դրամով:
Սա լա՞վ է, թե՞ վատ: Դժվար է ասել: Իհարկե լավ է, որ այս հավելաճի պայմաններում, ՀՀ պետական բյուջեի 2014-ի առաջին եռամսյակի կատարողականի համաձայն, ապահովվել է նաև պետական բյուջեի ծախսային ծրագրերի ամբողջական կատարումը: Գումարային արտահայտությամբ` 2014 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 239.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 233.7 մլրդ դրամ, որոնք, համապատասխանաբար, 99.7%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը, ինչը, բնականաբար, լավ է:
Բայց հարցին նայենք այլ տեսանկյունից: Բյուջեի եկամուտների հավելաճը, ինչպես նշվում է համապատասխան փատաթղթերում, ապահովվել է այլ եկամուտների և որոշ հարկատեսակների գծով մուտքերի աճի հաշվին: 93.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 6.7%-ը` այլ եկամուտների հաշվին: Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
Այսինքն` պետբյուջեի եկամուտների գերակշիռ մասը բաժին է հասնում հարկերին. ավելի շատ հարկեր-տուրքեր են հավաքվել: Իսկ հարկեր-տուրքերը հավաքվում են տնտեսվարողներից և աշխատողներից: Ու որպեսզի հարկ ու տուրք հավաքելը հնարավոր լինի, հարկավոր է առնվազն մեկ պայման` հարկատուն ունենա այդ միջոցները: Այս առումով ուշագրավ է դառնում այն հանգամանքը, որ ապրիլի 30-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության անկումը շարունակվել է:
Ընդ որում, նվազում է արձանագրվել այնպիսի ապրանքատեսակների արտադրության ծավալներում, որոնք կարելի է առանձնապես մտահոգիչ համարել: Մասնավորապես 50- 75%-ով նվազել է շարժիչների, ռելեների, ավտոգենային սարքավորումների, տրանսֆորմատորների արտադրությունը: Սննդի արդյունաբերությունում 5-50% նվազում է արձանագրվել կաթնաշոռի, մածունի, թթվասերի, յոգուրտի, մայոնեզի արտադրությունում: (Թե ինչով է պայմանավորված առաջին անհրաժեշտության սննդամթերքի արտադրության ծավալների նվազումը, թերևս առանձին ուսումնասիրության կարիք ունի:) 1.3%-ով նվազել է անգամ հացի արտադրության ծավալը: Իհարկե, տնտեսությունը չի սահմանափակվում միայն արտադրությամբ, սակայն տնտեսությունից հարկերի հավաքման ամբողջ ծավալի մեջ հիմնական բաժինը հասնում է հենց արտադրությանը: Ու եթե այս ոլորտում ոչ միայն աճ չի արձանագրվել, այլև անկում է արձանագրվել, հարց է առաջանում, թե ինչի շնորհիվ է ՊԵԿ-ը ապահովել պետբյուջեի եկամուտների աճը:
Իսկ համատարած թանկացումնե՞րը
Նույն ԱՎԾ-ի հրապարակման համաձայն` ինչպես օրերս լրագրողներին ներկայացրեց ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, այս տարվա առաջին 4 ամիսների ընդհանուր գնաճը հանրապետությունում կազմել է 1,7%: Իսկ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների գնաճը, համեմատած 2013 թ. հունվար-ապրիլի գնաճի հետ, 4,6% հավելաճ է արձանագրել:
«12-ամսյա պարբերականությամբ, այսինքն՚ 2014 թ. ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4% գնաճ: Այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 2,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՚ 1,8%-ով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5%»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը
Այս տարվա առաջին 4 ամիսների սպառողական գների 1,7% հավելաճի պարագայում պարենային ապրանքները թանկացել են 3,3%-ով, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,7%-ով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով:
Հարկ է շեշտել, որ ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը 2,5 տոկոսային կետի չափով, այսինքն` 8,5% գնաճի միայն 2,5 տոկոսային կետն ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:
2014 թ. հունվար-մարտ ամիսներին ամենից շատ թանկացել են կարտոֆիլի և բանջարեղենի գները, 5,4% գնաճ է արձանագրվել այս ապրանքախմբում, միրգ ապրանքախմբում գնաճը կազմել է 1,8%, կաթնամթերքի ապրանքախմբում` 2,1%, հրուշակեղենի ու այլ ապրանքախմբերում` 0,3%, ոչ ոգելից խմիչքների գներն աճել են 0,3, իսկ ոգելից խմիչքների ու ծխախոտի գները 0,2%-ով:
Այս ժամանակահատվածում 4,8%-ով թանկացել է կաթնամթերքը, միրգը` 4,7%-ով, իսկ ամենաբարձր գնաճ գրանցած բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքախմբում գնաճը կազմել է 29,2%, ինչը, մասնավորապես, պայմանավորված է կարտոֆիլի, կաղամբի ու գազարի թանկացմամբ: Հունվար-ապրիլին 5,4% գների աճ է արձանագրվել նաև ոգելից խմիչքների ու ծխախոտի ապրանքախմբում, ինչը պայամանավորված է հունվարի 1-ից ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմամբ գրանցված թանկացմամբ:
Վերջին մեկ ամսում 470 անուն ապրանք-ծառայություններից թանկացում է արձանագրվել 248-ի համար, գնանկում՚ 179-ի համար, իսկ 43 ապրանք-ծառայությունների գներ մնացել են անփոփոխ:
Ըստ Մարտիրոսյանի` եթե հասկանալի է, թե ինչով է պայմանավորված, օրինակ, ծխախոտի թանկացումը՚ ակցիզային հարկի բարձրացմամբ, ապա ԱՎԾ-ն չի ուսումնասիրում, թե ինչ պատճառահետևանքային կապերով են պայմանավորված կարտոֆիլի ու բանջարեղենի թանկացումները:
Իսկ այս տարվա ցրտահարությունը, նրա կարծիքով, իր դերն ունեցել է բանջարեղենի ու կարտոֆիլի գների աճի վրա, թեև դեռ վաճառվում է անցյալ տարվա բերքը:
Այս ամենը նշեցինք այն պարզ նպատակով, որ հասկանալի լինի` ապրանքներն ու ծառայությունները թանկացել են, նշանակում է, որ զուտ գումարային արժեքի մեծությամբ ՊԵԿ-ն ավելի շատ փող է հարկել, քանի որ հարկումը հաստատագրված չէ, այլ եկամտի կամ շահույթի նկատմամաբ համապատասխան դրույքաչափով է կատարվում. հարկվում է ստացված գումարի այսինչ տոկոսը: Ու եթե, օրինակ, կարտոֆիլն անցյալ տարի այս ժամանակահատվածում արժեր 150 դրամ, ու կարտոֆիլ աճեցնողը կարողացել էր վաճառել 100 կգ կարտոֆիլ` ստանալով 15000 դրամ հասույթ, որի, ենթադրենք, կեսն է իր մաքուր շահույթը, ապա հարկերը կիրառվել են այդ 15 հազարի կեսի` 7.5 հազարի նկատմամբ (կհարկվի դրա 10%-ը): Ու եթե այս տարի կարտոֆիլն արժի 250 դրամ, նույն կարտոֆիլ աճեցնողը վաճառում է նույնքան կարտոֆիլ, արդեն կստանա ոչ թե անցյալ տարվա պես 15 հազար, այլ 25 հազար դրամ հասույթ, և եթե ընդունենք, որ այս դեպքում ևս այդ գումարի կեսն է իր շահույթը, ուրեմն արդն 12.5 հազարի 10%-ը կհարկվի: Փաստորեն ավելի թանկ ապրանքի վաճառքից ավելի շատ հարկ կհարկվի, քան անցյալ տարի: Նման դեպքերում, իհարկե, օգտագործվում է ինդեքսավորում` գնաճին համապատասխան: Սակայն երբ նայում ենք պետական բյուջեի եկամուտների աճի վերաբերյալ տվյալներին, ապա դրանք ներկայացված են գումարի տեսքով` անցյալ տարի եկամուտները կազմել են այսքան միլիարդ, այս տարի` այսքան միլիարդով ավելի, հետևաբար այդ եկամուտների աճը կազմում է այսքան տոկոս: Եթե եկամուտներն աճում են այս եղանակով, ապա այդ դեպքում արդեն չի կարելի ասել, թե դա լավ է:
Տեղացած առատ անձրևի հետևանքով Երևանում ավտոմեքենաներ են արգելափակվել
Մայիսի 13-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Թամանցիների փողոցում` մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
***
Մայիսի 13-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Շերամի փողոցում` «Քուրսի» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վեց ավտոմեքենա:
***
Մայիսի 12-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Բագրատունյաց պողոտայում` կամրջի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա:
Փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառը
Հակակարկտային կայաններն իրականացրել են կրակոցներ
Մայիսի 12-ին, ժամը 14.54-ից մինչև 23.50-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 84 կայաններից Լոռու մարզի Մեդովկա, Կուրթան, Դսեղ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ, Կողես գյուղերում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Նորամարգ, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Եղեգնավան, Ավշար, Նոյակերտ, Արարատ գյուղերում, Արագածոտնի մարզի Արտաշավան, Օհանավան, Կարբի գյուղերում իրականացվել է 15874 կրակոց:
Ժամը 23.20-ից մինչև 23.50-ը Արագած լեռան լանջին տեղացել է մանրակարկուտ:
Տավուշի մարզի Նավուր գյուղում, Գեղարքունիքի մարզի Զովաբերդ և Կաքավաձոր համայնքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և Աղիտու, Նորավան գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ:
Վերոնշյալ տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
Այրվել են էլ. հաշվիչներ
Մայիսի 13-ին, ժամը 01.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում` «Դուբայ» հյուրանոցի մոտակայքում, այրվում է էլ. վահանակ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցի թիվ 89 շենքի մոտակայքում գտնվող էլ. վահանակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.20-ին, մարվել՝ 02.30-ին: Այրվել է 14 էլ. հաշվիչ:
Ֆրանսուա Օլանդը երեկոյան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի հուշակոթողին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու պետական այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկոյան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ֆրանսիայի նախագահը եղևնի է տնկել Հիշողության պուրակում: Հայոց ցեղասպանության թանգարանի անունից նախագահ Օլանդին է հանձնվել Ոսկե հուշամեդալ: Թանգրան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ֆրանսուա Օլանդին է հանձնել նաև խորհրդանշական նվեր` Ֆրանսիայի կողմից 2001-ին ընդունած Ցեղասպանության ճանաչման մասին օրենքը` պատրաստված ապրիլի 24-ին
Ծիծեռնակաբերդում խոնարհված միլիոնավոր ծաղիկների թերթիկներից : Թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ Ֆրանսուա Օլանդը հետաքրքրվել է Մեծ եղեռնի 100-ամյակի նախապատրաստական աշխատանքներով և թանգարանի ընդարձակման ծրագրերով:
Հայկ Դեմոյանը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է, որ ինտենսիվ աշխատում են ֆրանսիացի գործընկերների հետ և սեպտեմբերին ծրագրվում է փարիզյան <<Շոա>> վավերագրության հոլոքոստի խոշորագույն կազմակերպության հետ գործակցության փաստաթուղթ ստորագրել, պայմանավորվել նաև ցուցադրությունների փոխանակման մասին:
Սպասվում է անձրև և ամպրոպ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում՝
Մայիսի 13-14-ը շրջանների զգալի մասում, 15-17-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 2-3 աստիճանով, իսկ 15-16-ը նույքան կբարձրանա:
Մայիսի 13-14-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 15-17-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
- • Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.50C (1969 թ.)
- • Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.90C (1981 թ.)
- • Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.90C
Կնոջը խեղդամահ արած սերժանտը դեռևս փախուստի մեջ է
Փախուստի դիմած իծաքարցի Մերուժան Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել: Նշեմ, որ մայիսի 12-ին, առավոտյան 09:00-ի սահմաններում Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 1978 թվականին ծնված Մերուժան Արշակի Հարությունյանը խեղդամահ է արել կնոջը` 1980 թվականին ծնված Հերմինե Ռեմիկի Չիլինգարյանին: Գյուղացիների խոսքով, սպանության պատճառը խանդն է եղել: Նրանց երեք անչափահաս երեխաները` մեկ տղա և երկու աղջիկ, այժմ տատիկ-պապիկների մոտ են: Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանը Անկախի հետ զրույցում նշել է, որ, Հերմինեն հարևան Նավուր գյուղից էր, և վերջին ամիսներին ամուսիններն անհաշտ են եղել:














