Բաց նամակ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին
Մեծարգո պարոն Դեսպան,
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր 90 օր պայքարել են Երևանի լքված զբոսայգիներից մեկը որպես հանրային տարածք պահպանելու համար, խորին մտահոգությամբ հայտնում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը հերթական կեղծ և հակաժողովրդավարական քայլն է փորձում անել՝ Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ անվանափոխելով Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով։ Այս մտադրությունը լայն հանրությանը հայտնի է դարձել այցից ընդամենը մեկ օր առաջ, չնայած որ Երևանի ավագանին որոշումը ընդունել է ապրիլի 30-ին: Որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների՝ նույնիսկ արգելելով լրագրողների մուտքը ավագանու նիստին: Նախկինում ևս ավագանու բաց նիստերին մասնակցելու մեր բոլոր փորձերը բռնությամբ տապալվել են:
Մաշտոցի պուրակը, կազմելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Գլխավոր պողոտայի մի մասը, հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշ. այն փրկվել է Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ նախատեսված առևտրայնացումից հանրության անդադրում պայքարի շնորհիվ: «Մաշտոցի պուրակ» անվանումը շրջանառության մեջ է դրվել քաղաքացիների կողմից և տարածում է գտել հենց քաղաքացիական պայքարի ընթացքում: Հետագայում այդ անվանումն օգտագործվել է նույնիսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական հաղորդագրություններում: Երևանի քաղաքապետարանը, ավագանին, ՀՀ այլ պետական մարմինները, Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի հարցում բազմիցս խախտել են ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենսդրությունը, և այդ կապակցությամբ դեռևս որևէ մեկը չի ենթարկվել համարժեք պատասխանատվության, հետևաբար՝ բոլոր այդ մարմինները չունեն որևէ լեգիտիմ ու սահմանադրական իրավունք ընդունելու Մաշտոցի պուրակի հետ կապված որոշումներ. վերանվանման այս որոշումը հակաիրավական է և հակասահմանադրական: Եթե որևէ մեկը մասնակցում է այդ որոշման իրականացմանը, ապա մաս է դառնում անօրինական գործողությունների կատարմանը, և եթե վաղը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը մասնակցի նախատեսված միջոցառմանը, ապա նա մասնակից կլինի ՀՀ սահմանադրական կարգի խախտման գործընթացին և ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմանը:
Հայտարարում ենք, որ մեզ համար անընդունելի է Հայաստանի քաղաքացիների համար խորհրդանշական և գործառական նշանակություն ունեցող պուրակի վերանվանումը, այնտեղ քաղաքացիների կողմից տեղադրված խորհրդանշական ցուցանակի անտեսումը և նսեմացումը: Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները։ Հատկապես անընդունելի է այն, որ Մաշտոցի պուրակի անունը ցանկանում են ջնջել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի այցի առիթով՝ Ֆրանսիայի անունն օգտագործելով Հայաստանի ժողովրդավարական հանրությանը սանձելու համար: Մաշտոցի պուրակը կա և կմնա «Մաշտոցի պուրակ»` Հայաստանի քաղաքացիների սահմանադրական պայքարի խորհրդանիշ, խոսքի ու մտքի արտահայտման բաց հարթակ։
Հպարտ լինելով հայ-ֆրանսիական ընդհանուր մեծ ժառանգությամբ և հարգելով Միսաք Մանուշյանի մեծ ու անուրանալի դերն ու սխրանքը Երկրորդ Համաշխարհային պատերազմի դիմադրության շարժման մեջ` դատապարտում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան չառարկող համաձայնությունն ու մասնակցությունը ժողովրդավարական պայքարը նսեմացնող միջոցառմանը: Վստահ ենք, որ որպես ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, կհրաժարվեք մասնակցել Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը: Դրա փոխարեն առաջարկում ենք քաղաքային իշխանությունների հետ քննարկել Միսաք Մանուշյանի անվամբ Երևանի անանուն զբոսայգիներից ցանկացածը անվանելու կամ նոր զբոսայգի ստեղծելու հարցը, ինչը մեծապես կողջունվի մեր կողմից։
Հարգանքով,
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը
Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևոր Արտյոմը փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն
Մայիսի 12-ին, ժամը 04.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1977 թ. ծնված Արտյոմ Մ.-ն ինքնաթիռի վայրէջքից մոտ 40 րոպե առաջ իրեն դրսևորել է ագրեսիվ, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի պահանջներին, հարվածներ է հասցրել բորտուղեկցորդին, փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն, և մոտ 40 րոպե տևողությամբ տվել է հայհոյանքներ` դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք օդանավի ամբողջ անձնակազմի նկատմամբ:
Արտյոմ Մ.-ն ժամը 05.25-ին «Զվարթնոց» օդանավակայանի 14-րդ կանգառի շարժական կամրջակի միջից բերման է ենթարկվել գծային բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:
Այսօր բորսայում դոլարով գործարք չի կնքվել
Ավտոմեքենայի սրահում կատարված սպանությունը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 հասցեում գործող խանութի մոտ բաժանվել է կնոջից` 1964 թ. ծնված Վարդուհի Գրիգորյանից, և նրանից այլևս որևէ տեղեկություն չունի:
Մայիսի 10-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, սպանություն կատարելու կասկածանքով, Երևանի Աթոյան փողոցի թիվ 26 շենքի մոտից իր «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով բերման ենթարկեցին 1958 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին:
Ավտոմեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` փամփշտատուփով, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ՉԺ» տիպի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ, «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Պարզվել է, որ Սերգեյ Գրիգորյանը մայիսի 7-ին իր ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Վարդուհի Գրիգորյանի հետ, «Բրաունինգ»-ով սպանելու դիտավորությամբ, երկու անգամ կրակել նրա վրա, այնուհետև դին թաղել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքում:
Ոստիկանները Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքի մոտակայքում հայտնաբերել են Վարդուհի Գրիգորյանի դին:
Արտաքին զննությամբ դիակի կրծքավանդակին և թիկունքին հայտնաբերվել են հրազենային 2 վնասվածքների հետքեր:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանցագործության գործիք ատրճանակն առգրավված է:
Սերգեյ Գրիգորյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանությանը արձագանքը Վահե Սարգսյանի բաց նամակին
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, որ քաղաքացին մայիսի 12-ի առավոտյան զանգահարել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու, թե այլ մարզերում գրանցված անձը կարո՞ղ է ելքի վիզան երկարացնել գլխամասային հաստատությունում, սակայն զանգին, իբր, կոպիտ են պատասխանել:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացին զանգահարել է անձնագրային և վիզաների վարչության հերթապահ մասի 37-02-63 հեռախոսահամարով` տեղեկանալու, թե անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար ո±ր ստորաբաժանում կարող է դիմել: Հերթապահ մասում ծառայություն կատարող աշխատակիցը պատասխանել է, որ քաղաքացին կարող է դիմել կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ, հաշվառում չունենալու դեպքում` անձնագրային և վիզաների վարչություն: Այնուհետև, մոտ 5 րոպեից կրկին զանգահարելով` հարցրել են, թե արդյոք ճշտե՞լ են` որ աշխատասենյակ պետք է դիմի քաղաքացին: Հերթապահ մասից պատասխանել են, որ անձնագրային և վիզաների վարչություն այցելելուց հետո քաղաքացուն կտրվի մանրամասն պարզաբանում:
Հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 20 տարի է անցել
Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:
Ընտրողների թիվը, ի հեճուկս արտագաթի, գնալով ավելի ու ավելի աճելու է. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված ՝՛՛Բնակչության պետական ռեգիստրի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ փոփոխություններն իրականացվում են երեք սկզբունքով՝ հաշվառումը պետք է լինի կամավոր՝ ոչ պարտադիր, երկրորդ՝ այն անվճար պիտի լինի, երրորդ՝ հեռակա հասանելի:
Փոխնախարարը նշեց, որ իրական կյանքում հաճախ անհնար է պարտադիր հյուպատոսական հաշվառումը, բազում երկրներում չունենք հյուպատոսական ներկայացուցիչներ, ուստի քաղաքացին ի վիճակի չէ երկրներ հատել: Փոխնախարարը նշեց, որ հանվել են հաշվառման համար նախատեսված վճարումները, ուստի փոփոխությունների այս փաթեթը կամավորության սկզբունքի և հեռակա հասանելիության սկզբունքի իրականացմանն է միտված:
Մաքսային օրենսգիրքը, Քոչարյանի խոսքով, խրախուսում է հայրենադարձությունը, քանի որ ՀՀ քաղաքացիները, ովքեր բնակվում են արտերկրում հինգ տարուց ավելի, վերադառնալով Հայաստան, իրենց գույքն առանց որևէ վճարումների կարող են մտցնել երկիր:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Շավարշ Քոչարյանի ելույթից հետո հարց ուղղեց վերջինիս. ՛՛Երրորդ հանրապետության պատմության մեջ մի տարօրինակ փաստի ենք ականատես լինում, Հայաստանից մարդիկ արտագաղթում են, բայց ընտրողների ցուցակներում մարդիկ ավելանում են: 2013-ին ընտրողները համարյա 400 000 հոգով ավելի են, քան Անկախության հանրաքվեի մասնակիցները: Հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիները համապատասխան ընթացակարգերով պետք է հանվեն գրանցումից, այդպիսով նաև հաշվառումից հանվեն և ընտրացուցակներից նույնպես դուրս գան, որովհետև Հայաստանում չեն: Սրա դեմ որևէ դրույթ չեք առաջարկում՝ չնայած ընտրողների թիվը, ի հեճուկս արտագաթի, գնալով ավելի ու ավելի աճելու է՛՛, – ասաց պատգամավորը:
Շավարշ Քոչարյանը խոստացավ մինչև երկրորդ ընթերցումը խորքային ուսումնասիրել և պատասխանել Նիկոլ Փաշինյանի հարցին, սակայն, միևնույն ժամանակ, մատնանշեց, որ Նիկոլ Փաշինյանի նշած խնդիրն իր ներկայացրած հարցի բովանդակությունից դուրս է:
Ուորլիքի հայտարարության մեջ առկա շեշտադրումները չափազանց մտահոգիչ են
Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ զարգացումների մասին լրագրողների հետ խոսելիս քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, անդրադառնալով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, նշեց. «Ուորլիքի հայտարարության մեջ առաջին հայացքից որևէ նոր բան չկա. այն կրկնում է մադրիդյան սկզբունքերի 6 հիմնական կետերը, սակայն մտահոգիչը նոր շեշտադրումներն են. Ուորլիքի և ԱՄՆ-ի դեսպանի հայտարարություններից անմիջապես հետո նրանք նշեցին, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկում են որպես երկու սուբյեկտ՝ մեկը նախկին ԼՂԻՄ տարածքն է, մյուսը՝ «օկուպացված» տարածքները: Ինքնին Մադրիդյան սկբունքների հիմքում ևս դրված էր Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման հարցը, ինչպես նաև փախստականների՝ իրենց բնակավայրերը վերադարձի հարցը, սակայն 2008թ.-ին Մինսկի խմբի համանախագահ Բրայզան հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղում պետք է անպայման անցկացվի հանրաքվե. ժողովուրդը իր կամքը պետք է հայտնի: Ադրբեջանական կողմը պնդում էր հանրաքվեն անցկացնել 15-20 տարի անց, իսկ հայկական կողմը փորձում էր բանակցել ավելի շուտ՝ 3-5 տարի հետո անցկացնելու շուրջ: Նախ, հայտարարության մեջ «պլեբիսցիտ»-ով էր փոխարինված «հանրաքվե» բառը և նշված, որ քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ է, հանրաքվեն պետք է անցկացվի ապագայում, իսկ ապագան անորոշ հասկացություն է: Այս խնդրի շուրջ շեշտում չեն անում, փոխարենը՝ զորքերի դուրսբերման խնդիրը հատուկ շեշտադրում է ստացել հայտարարություն մեջ, ինչը խիստ մտահոգիչ է, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ ագրեսիվ ու ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս Ադրբեջանի իշխանությունները»:
Քաղաքագետը նշեց, որ, ըստ էության, Ուորլիքի առաջարկությունը կարող ենք մեկնաբանել որպես «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման և դրանք միջազգային ուժերով փոխարինելու առաջարկ: Այնուհետ Երվանդ Բոզոյանը նշեց.
«Կուզեմ մի քանի հարց ուղղել պարոն Ուորլիքին և մյուս ամերիկացիներին : Ձեր հայտարարության 6-րդ կետում նշում եք բոլոր կողմերի միջև համընդհանուր վստահության անհրաժեշտության մասին. Նախ, դուք ունե՞ք փոխվստահություն Ռուսաստանի հետ. կարծում եմ` Ուկրաինայի դեպքերը դրա առկայության մասին չեն վկայում, այսինքն՝ հակամարտության կարգավորման միջնորդ կողմերի միջև անգամ չկա փոխվստահություն: Ի՞նչ երաշխիք կա, որ այդ սրված հարաբերությունները չեն ներթափանցի մեր տարածաշրջան: Եթե հիպոթետիկ ներկայացնենք հայկական զորքերի դուրսբերումը, ապա ի՞նչ ձևաչափով պիտի կազմվեին այդ խաղաղարար ուժերը, ի՞նչ ուժեր պետք է լինեն, որ համապատասխանեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի շահերին, ցու՛յց տվեք ինձ նման ձևաչափ. այն գոյություն չունի:
Դուք նաև իրավացիորեն նշում եք, որ պետք է փոխվստահություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև. ակնհայտ է ատելությունը, ագրեսիվությունը հայերի նկատմամբ, որը երևում է ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև ներգրավում ակադեմիական շրջանակներն ու բոլոր ոլորտները: Այս մթնոլորտւմ, երբ այս ամենը չի դատապարտվում, ի՞նչ փոխվստահության մասին կարելի է խոսել: Եվ երրորդ՝ առաջին անգամ արդեն պաշտոնական մակարդակով Արդբեջանի նախագահը և նրա շրջապատը ոչ միայն հայտարարում են Լեռնային Ղարաբաղի «գրավման մասին», այլ նաև հայտարարում, որ Հայաստանը ընդհանրապես գոյություն չի ունեցել և այն ընդամենը «Արևմտյան Ադրբեջանն է». սա ակադեմիական մակարդակից վերաճել է պետական մակարդակի. այս ամենը չի նկատվում, փոխարենը՝ պահանջում եք հայկական զորքերի դուրսբերում, սա ի՞նչ է, եթե ոչ պատերազմի հրահրում: Եթե Ձեր առաջ քաշած դրույթներով հայկական ուժերը դուրս բերվեին՝ հիպոթետիկ փոխարինվելով միջազգային ուժերով, ապա ես, որպես քաղաքագետ, պնդում եմ, որ ռազմական գործողությունները անխուսափելիորեն կվերսկսվեին, իսկ Ադրբեջանը ոչ մի բանի առջև կանգ չէր առնի. սա կվերածվեր գլոբալ պատերազմի: Այստեղ գործ ունի Թուրքիան, Ռուսաստանը ևս անմասն չի մնա: Սա՞ են ուզում: Եթե իսկապես ցանկանում եք խաղաղություն, ապա խորհուրդ կտամ այս տարածաշրջանը հանգիստ թողնել առժամանակ, լուծել խնդիրները Ուկրաինայում, Վրաստանում և այլուր, ապա նոր պետք է փորձել վստահության մթնոլորտ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Երվանդ Բոզոյանը նշեց. «Առաջին հերթին պիտի հորդորեն երկու երկրներում ազգամոլության, ագրեսիվության դրսևորումները դադարեցնել, հատկապես Ադրբեջանում. Հայաստանում գոնե պետական մակարդակով ազգայնամոլության իմաստով հակաադրբեջանական ոչ մի դրսևորում չի նկատվել, մինչդեռ Ադրբեջանի դեպքում հակառակն է: Հայաստանում երբեք ադրբեջանցի լրագրողների մուտքի վիզայի արգելք չի եղել, Հայաստանը երբեք չի արգելել գնալ Ադրբեջան: Հասկանում եմ, որ ամերիկացիները լավ չեն հասկանում տարածաշրջանը, սակայն միաժամանակ պետք է չիմացությամբ ձեռնպահ մնալ ծայրահեղ քայլերից. դրանք կարող են մեծ սպառնալիք դառնալ»:
Իսկ «Անկախ»-ի այն հարցին, թե տարածաշրջանում Ռուսաստանի գրանցած հաջողությունները Հայաստանին՝ որպես գործընկերոջ թույլ չե՞ն տալիս ավելի ամուր դիրքերից հանդես գալ, քաղաքագետը պատասխանեց, որ Հայասատանում այսօր տիրում տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական մեծ ճգնաժամ, իսկ երկիրը կարող է վստահ հանդես գալ միայն այն դեպքում, երբ ներքին դաշտը կայուն է նշված բոլոր տեսանկյուններով:
Շ.Քոչարյանը` համանախագահների հայտարարության մասին.panorama.am
«Կա մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են: Որպեսզի այդ բանակցություններում լինի առաջընթաց անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:
Շարունակելով` Շ.Քոչարյանն ասաց, ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից ցանկանում է հրաժարվել Ադրբեջանը, այն պարզ պատճառով, որ այդ ձևաչափը զսպաշապիկ է, ոչ միայն մասնագիտացված է ու շատ լավ գիտի հակամարտության նախապատմությունը: Բացի այս, ձևաչափում ընգրկված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք պետություններ` ՌԴ , ԱՄՆ, Ֆրանսիա և բոլոր հայտարարությունները հստակ ասում են մեկ բանի մասին` խաղաղ կարգավորում. «Հայտարարություններից մեկում միանշանակ, որը հասցեագրված էր Ադրբեջանին ասվել է, որ այլ հետևանքներ, որոնք այսօր կան` մարդկային զոհեր, ավերածություններ և այլն ուժային կարգավորման արդյունք են և նոր ուժի կիրառումը կբերի նոր ավերածությունների ու զրկանքների: Հետևաբար, այդ ձևաչափն ունի երկու առաքելություն` նպաստելու, որ կողմերը կարողանան հասնել փոխզիջումների վրա համաձայնության և թույլ չտալ, որ այն փխրուն զինադադարը, որի 20-ամյակն է և որի կապակցությամբ էլ համանախագահները հայտարարություն են արել ընդհատվի և վերածվի ռազմական գործողությունների»,- նշեց նա:
Փոխարտգործնախարարը նաև հավելեց` այնպես, որ միանշանակ է, թե ով է ձգտում ազատվել այդ ձևաչափից: Նաև հիշեցրեց Ադրբեջանի բազմաթիվ հայտարարությունները, որոնք վկայում են, որ այդ պետությունը մեկ ՌԴ-ից է դժգոհ, մեկ Ֆրանսիայից, մեկ էլ ԱՄՆ-ից կամ բարձրաձայնում են ձևաչափում անդամներ ավելացնելու և այլնի մասին:
Դրամահավաքի հնարավոր դեպքերը բացառելու նպատակով գրավոր շրջաբերականներ են ուղարկվել բոլոր դպրոցների տնօրեններին
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 23-ին դպրոցների Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:
Նշվել է նաև, որ դրամահավաքի հնարավոր դեպքերը բացառելու նպատակով գրավոր շրջաբերականներ են ուղարկվել բոլոր դպրոցների տնօրեններին, զուգահեռ կազմակերպվում են նաև հանդիպումներ ուսուցչական անձնակազմերի և ծնողների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տարոն Մարգարյան. քաղաքային տնտեսության հետ կապված աշխատանքները երբեք չեն ավարտվում, դրանք շարունակական են
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների մասնակցությամբ շաբաթ օրը կազմակերպվել են նաև լրացուցիչ սանմաքրման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են հանրային օգտագործման տարածքներում առկա աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, տվյալ տարածքները համալրվել են նոր աղբամաններով: Քաղաքապետը հանձնարարել է նշված աշխատանքները պահել մշտական ուշադրության կենտրոնում և աղբամաններով կահավորել նաև երկրորդական, երրորդական փողոցները, ինչպես նաև համալրումներ կատարել զբոսայգիներում և բակային տարածքներում:
«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն մշտական հսկողության տակ և համալրումներն էլ, բնականաբար, պետք է արվեն առաջին իսկ անհրաժեշտության դեպքում, անմիջապես: Եվ ընդհանրապես, պետք չէ կարծել, որ եթե արդեն տեղադրել եք անհրաժեշտ աղբամանները, ապա այլևս ավարտել եք ձեր աշխատանքներն ու տվյալ հատվածում էլ անելիք չկա: Միշտ հիշեք, որ քաղաքային տնտեսության հետ կապված աշխատանքները երբեք չեն ավարտվում, դրանք շարունակական են: Ուստի հորդորում եմ բոլորիդ զերծ մնալ իրականացվող աշխատանքներն ամբողջությամբ ավարտված համարելու մտայնությունից և առաջնորդվել շարունակականության սկզբունքով, ինչն արդյունավետ աշխատանքի կազմակերպման ամենակարևոր պայմանն է»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կրապատվել է 35 հազար ծառ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների ընթացքը զեկուցել է, որ քաղաքային ջերմատնից ծաղկապատման տարածքներ է տեղափոխվել 225 հազար ծաղկասածիլ:
Ծառերի բուժման նպատակով արդեն կրապատվել է 35 հազար ծառ: Ընթացքի մեջ են նաև խոտհնձի աշխատանքները: Ոռոգման ցանցերի գործարկման մասով էլ զեկուցվել է, որ 10 վարչական շրջաններում դրանք արդեն իսկ գործարկվել են, ևս 2 վարչական շրջաներում կվերագործարկվեն մայիսի 15-ից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այնքա~ն հեշտ եք քառյակն ամեն րոպե ջարդում. Լևոն Զուրաբյան
ԱԺ-ում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագծի քննարկումը: Քննարկման ընթացքում «քառյակից» ՀԱԿ խմբակցությունը հայտնեց, որ դեմ է նախագծին, ԲՀԿ-ն՝ թե կքվեարկի՝ կախված իր հարցերին հնչելիք պատասխաններից, իսկ ՀՅԴ-ն՝ թե պատրաստվում է կողմ քվեարկել:
Այս տարակարծության շուրջ լրագրողների հարցերին պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Քառյակի նիստում քննարկել ենք նախագիծը, որոշում ենք ունեցել, որ եթե Կառավարության բերած առաջարկները չբավարարեն մեզ, չհամընկնեն նույն բանի հետ, ինչ մենք ենք առաջարկում, ուրեմն դա մերժելու ենք ու արտահերթ նիստ հրավիրենք: Թե ինչու է ՀՅԴ-ն հիմա կողմ արտահայտվում, այս հարցը ուղղեք հենց ՀՅԴ-ին», – ասաց Լևոն Զուրաբյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե կարելի է ասել, որ քառյակը կազմաքանդվել է, նա այսպես արձագանքեց. «Այնքան հեշտ եք քառյակը ամեն րոպե ջարդում: Ամեն մի հարցում կարող է անհամաձայնություն լինել, եթե դուք ամեն մի անհամաձայնության դրսևորում համարելու եք քառյակի գերեզման, շատ սխալ դիրքորոշում եք որդեգրել»:
ՀԿ-ների արձագանքը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությանը
Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար իշխանությունների կողմից հայտարարվեց անցանկալի անձ (pesona-non-grata եւ վտարվեց երկրից, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն, զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերեւս հարկ է օգտագործելով նաեւ այլ մեթոդներ: Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Վերջնարդյունքում միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուղղում են իրենք գործունեությունը հայ-ռուսական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում թե Ռուսաստանին, թե Հայաստանին»: Ավելի վաղ` 2014 թ. ապրիլի 12-ին Երեւանում նույն Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին։
Այս գնահատականները առայժմ, պատշաճ պատասխան չեն ստացել ՀՀ իշխանությունների կողմից:
Մենք այսօրինակ հայտարարությունները գնահատում ենք ինչպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, այնպես էլ` կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ Հայաստանի հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ:
Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն եւ աչալուրջ լինել, հասկանալ եւ հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:
ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից:
Միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, դեսպան Վոլինկինին խորհուրդ ենք տալիս այդպիսի վհուկների դեմ որսը կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
- «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
- «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
- «Կրթության ասպարեզ» ՀԿ
- «Գոեֆոն» ՀԿ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ
- «Մարդու իրավունքների եւ կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ
- Հայկ Նազարեան
- Հասմիկ Կնյազյան
- «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
- Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն ՀԿ
- Դավիթ Շահնազարյան
- «Շիրակ կենտրոն» ՀԿ
- Հանրային լրագրության ակումբ
- Գեւորգ Տեր-Գաբրիելյան
- «Վանաձոր եւ քույր քաղաքներ» ՀԲԿ
- «Ազատ քաղաքացի» Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
- «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
- Արա Նեդոլյան
- «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
- Վահանգ Անտոնյան
- Կանանց ռեսուրսային կենտրոն
- Գորիսի մամուլի ակումբ
- Կանանց աջակցման կենտրոն
- Հայաստանի հելսիկյան կոմիտե
- Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն
- Քաղաքացիական Ֆորում ՀԿ
- ՍՄԻԼ
- Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
- «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոն
- Քաղաքացիական ազգային նախաձեռնություն
- Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
- Ուրբան հիմնադրամ
- «Տրտու» ՀԿ
- Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
- Նաիրա Առաքելյան
- “Հայ Ձմեռ պապ” բարեգործական հիմնադրամ
- Աշոտ Հովհաննիսյան
- Իրական աշխարհ, իրական մարդիկ
- Մարդու իրավունքների եվ ժողովրդավարության ինստիտուտ
- Արփինե Գինոսյան
- Ռուբեն Մեհրաբյան
- Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա
- Զառա Հովհաննիսյան
- Արտակ Եղիազարյան
- Մենուա Բրուտյան
- Աննա Շահնազարյան
Հայտարարությունը բաց է, անհատները, քաղաքացիական խմբերը եւ կազմակերպությունները կարող են միանալ դրան, այդ մասին հայտարարելով:
Նախագահն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին
Հայ-ադրբեջանական հասարակական դաշտի մերձեցման մասին այժմ խոսելը՝ տխուր կատակ. Սերգեյ Մինասյան
«Պիտի հասկանանք, որ այն իրավիճակը, որն արդեն երկու տասնամյակ պահպանվում է Արցախյան հակամարտության գոտում, ի թիվս այլ գործոնների՝ բացատրվում է երկու կարևոր հանգամանքով: Նախ, չնայած վերջին մի քանի տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի արագացմանը, հայկական կողմը տարբեր մեխանիզմներով շփման գծում կարողանում է պահպանել ռազմատեխնիկական հավասարակշռությունը, որն ապահովում է հրադադարի ռեժիմը, բայց կա նաև երկրորդ հարթությունը՝ միջազգային մեխանիզմների և առաջին հերթին՝ տարածաշրջանային խնդիրներում երեք համանախագահ երկրների ներգրավվածությամբ պայմանավորված , որը ևս փխրուն հրադադարի պահպանման բաղադրիչ է”,- տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին լրագրողների հետ խոսելիս նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Իրավիճակը, կարծում եմ, դեռ երկար կպահպանվի՝ մի իրավիճակ, որը շատ դիվանագետներ, փորձագետներ կոչում են, թվում է, անհասկանալի «ստատուս քվո» անվամբ, սակայն սա մի իրավիճակ է, որից ոչ մի կողմ չի կարող խուսափել, քանի որ ոչ ոք պատերազմ չի ցանկանում, բայց տեսանելի ապագայում նկատելի չէ, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կհասնեն որևէ փոխզիջումային կոմպրոմիսի»,-նշեց Սերգեյ Մինասյանը:
Ըստ քաղաքագետի՝ Ուորլինգի հայտարարության դրույթներից մեկը ենթադրում էր հայ և ադրբեջանական հասարակական դաշտի մերձեցման համար ուղիների որոնում և առկա մոտեցումների հիման վրա կոմպրոմիսների դաշտի ստեղծում, որը թվում է տխուր կատակ, քանի որ այն գործընկերները, որ վերջին 10 տարում աշխատել են Ադրբեջանում այս ուղղությամբ, գտնվում են կամ բանտերում կամ ճնշումների են ենթարկվում: Ըստ քաղաքագետի՝ ստեղծվում է իրավիճակ, որը թեև շատ թանկ է արժենում, նաև վտանգավոր է, սակայն ստատուս քվոյից հնարավոր չէ խուսափել, եթե կողմերից մեկը պատրաստ չէ փոխզիջման:
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների` համանախագահ երկրի ներկայացուցչի ելույթին, ապա ըստ քաղաքագետի՝ բոլորին պարզ է, թե ինչ պատճառներով էր այդ գաղափարը հայտնվել. դա մի կողմից կապված էր հրադադարի 20ամյակի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության լարվածության հետ. ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում նոր գործընթացներ սկսելու ցանկությունը չի կարող կատարվել առանց մյուս երկու համանախագահների` առաջին հերթին Ռուսաստանի համաձայնության:
«Դրան ականատես եղանք երեկ, երբ երեք համանախագահները կրկին հայտարարությամբ հանդես եկան` կրկնելով այն մոտեցումները, որ ձևավորվել էին վերջին տասնամյակում և հայտնի են «մադրիդյան սկզբունքներ» անվամբ: Չնայած բանակցային գործընթացը բացի ամեն-ինչից հրադադարի պահպանման անհրաժեշտ պայման է, կասկած չունեմ, որ այս պահին ոչ մադրիդյան սկզբունքերը, ոչ էլ ձևավորված մյուս մոտեցումները իրագործելի չեն: Առկա քաղաքական մթնոլորտում գործող մեխանիզմների կենսունակությունը կասկածելի է»,-նշեց Սերգեյ Մինասյանը:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 9-ից 12-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 23-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը:
Բացահայտվել է գողության 9 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության 3 և խարդախության 4 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 3 մարդ զոհվել է, 46-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:








