Մայիսի 8-ին, ժամը 20.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1989 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը 2013 թ. մայիսի 22-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Գևորգ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին:
Դրամապանակի գողը հայտնաբերվել է
Ապրիլի 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացուհու դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` բերման է ենթարկվել 2 անձ: Պարզվել է, որ գողությունը կատարել է 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ն:
Կատարվում է նախաքննություն:
44-ամյա կինն ու 4-րդ դասարանի աշակերտուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 8-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ և 4-րդ դասարանի աշակերտուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ, ավանդույթի համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և կառավարության այլ անդամները, բարձրաստիճան սպաների ու պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել Անմար կրակին, նաև մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Հաղթանակի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման պաշտոնական մասն ավարտվել է զինվորական հանդիսավոր շքերթով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև այս օրը ավանդաբար կազմակերպվող զինվորական վրանային խոհանոց, որտեղ պատերազմի մասնակից վետերանների հետ կիսել է խորհրդանշական 100 գրամն ու զինվորական հացը: Այնուհետ Երևանի քաղաքապետը շրջել է «Հաղթանակ» զբոսայգում, շնորհավորել վետերաններին, ովքեր իրենց հերթին շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ հոգածության ու ցուցաբերվող մշտական աջակցության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Մերսեդես» մակնիշի բեռնատարը Արտենի-Քարակերտ ճանապարհին վթարի է ենթարկվել
Մայիսի 8-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վրաստանի քաղաքացի, 1966 թ. ծնված Ամիրան Ֆ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արտենի-Քարակերտ ճանապարհին կողաշրջվել է: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Անվանի արվեստագետ Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությունը կկայանա մայիսի 11-ին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:
Նիստում որոշվել է, որ մեծ արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը` նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում: Ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանն իր մահկանացուն կնքել է 2014 թ. ապրիլի 24-ին կյանքի 86-րդ տարում:
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին, վարորդն ու 2 ուղևորները մահացել են
Մայիսի 9-ին, ժամը 00.01-ի սահմաններում, 1980 թ. ծնված Արա Մրյանի վարած «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում` Մաստարա գյուղի տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները /տվյալները պարզվում են/ տեղում մահացել են, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցում է տոնական միջոցառումներին
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. որոնվում են 14-ամյա տղա և 25-ամյա աղջիկ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուխտագնացություն 20 տարի անց
1994 թ. ապրիլ 21-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում շրջափակման մեջ հայտնվեց մայրաքաղաքի Շենգավիթի շրջանի «Մուշ» ջոկատի 272 ազատամարտիկ: Թեև վիրավոր` շատերը դուրս եկան շրջափակումից: Իսկ 14-ն այդպես էլ մնացին մահվան ճիրաններում:
Իրականում ի՞նչ կատարվեց այդ չարաբաստիկ օրը, և որն էր զոհված տղաների հետքերով 20 տարի անց ուխտագնացության մեկնելու շարժառիթը, որը նախաձեռնել էին նրանց մարտական ընկերները` շրջանի թաղապետը, համայնքի երկրապահի նախագահը և հրամանատարը: Ուստի, վերջինիս հետ իմ հանդիպումը, կարծում եմ, միանգամայն արդարացված է:
Նպատակը մեկն էր. 20 տարին, նաև մարտական ընկերների հիշատակը հավերժացնող մի խաչքար դնել շրջկենտրոնի ֆիդայիների այգում, որի հարևանությամբ նաև Մարտակերտի ահեղ մարտերում նահատակվածների հիշատակին կառուցված հուշակոթողն ու թանգարանն են:
Շարժման առաջին օրից տարբեր մարտերի մասնակցած «Մուշ» ջոկատն իր 272 մարտիկներով 1994 թ. հունվարին կրկին Արցախում էր: Այս անգամ նրանց կցեցին Շուշիի բրիգադին, ու ջոկատն ինքնըստինքյան գումարտակ դարձավ, որն իր առջև դրված բոլոր խնդիրները միշտ էլ պատշաճ կատարեց` հրամանատար Մուշեղ Ղազարյանին հպարտանալու բազմաթիվ առիթներ տալով: «Գումարտակը եղել է Արցախի սիրտը, միշտ իր դիրքերում, նահանջ չի ունեցել, մի սանտիմետր հող չի տվել: Բայց 1994 թ. ապրիլի 10-ի մարտական գործողության ընթացքում առաջին վիրավորն ունեցանք: 11 օր ջոկատը պատերազմական թեժ գործողությունների մեջ եղավ, որի հետևանքով զոհերի թիվը 16-ի հասավ»,- խոստովանում է հրամանատարը:
Որպեսզի գնդապետ հրամանատարի պատմությունն առավել պատկերավոր լինի, մի պահ կտրվենք նրա խոսքից և վերհիշենք մինչ այդ Կարմիրավանի գլխով անցածը, քանզի մարտական թեժ գործողությունները հենց այստեղ են ընթացել:
ԿԱՐՄԻՐԱՎԱՆ
Մարտակերտից 14 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի դիրքը հարթավայրային էր, գյուղ, որ 1989 թ. ուներ 518 բնակիչ: Կոլտնտեսությունը կազմավորվել է 1930 թ.: 1950-ին միավորվել է Սեյսուլանի կոլտնտեսությանը, իսկ 1964 թ.` Մարտակերտի պետական տնտեսությանը: Մասնագիտացված էր խաղողագործության և անասնապահության ոլորտներում:
Կարմիրավանը, Լենինավանը, Մարաղան, Այգեստանը (Չայլու) հարևան գյուղեր էին, և, ցավոք, պատերազմի ժամանակ գրեթե նույն ճակատագրին արժանացան: Երբ 1992 թ. հունիսի 16-ին դատարկվեց Այգեստանը, մահվան օղակում կրկին հայտնվեց Մարաղան, իսկ հունիսի 28-29-ին արդեն ընկան Լենինավանն ու Կարմիրավանը:
Ուրեմն, գումարտակը պիտի հետ վերադարձներ կորցրածը… «Առաջադրանքն այն էր, որ մենք հնարավորինս վերցնենք մեր հողերից. խրամատավորվենք, դիրքավորվենք և պաշտպանության անցնենք: Իսկ մեր 14 զոհված ընկերները Շուշվա բրիգադի հետախուզական վաշտի մեջ էին, որի ղեկավարը նույն բրիգադի հրամանատարն էր: Նրանց 1994թ. ապրիլի 20-ին իրականացրած հետախուզությունը պարզել էր, որ մեր դիմացն ազատ է, թուրքեր չկան, հենց այդպես էլ զեկուցել էին, որ թուրքերը միայն պահակակետերում են: Այդպես ինձ զեկուցեց նաև իմ հետախույզ Վահագն Վարդևանյանը, թե իրականում առջևում դատարկություն է, ոչ ոք չկա: Բայց երեկոյան թուրք ասկյարները մոտավորապես 3 հազար մոջահեդ վարձկան դեսանտ իջեցրին»,- ասում է հրամանատարը` այսօր արդեն մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների վարչության պետը:
Դեսանտ իջեցրին, երբ միակ հարվածային ուժը Շենգավիթի տղաներն էին, որոնք, կռիվ տալով, դիրքավորվում էին, թեև նրանց էին կցել նաև Սովետական շրջանի գումարտակը, որը դեպի Մարտունի ձգվող թևն էր պահում: «Մենք միշտ խրամատավորվել ենք, որովհետև դա շատ ճիշտ է, հակառակ դեպքում մեր զոհերն ավելի շատ կլինեին»,- վստահեցնում է հրամանատարն ու հիշեցնում 1992 թ. «Արաբո» ջոկատի Կարմիրավանում տված 70 զոհերի մասին:
ԿՌԻՎԸ ԹԵԺԱՑԱՎ ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ
1994 թ.ապրիլի 21-ի առավոտյան ժամը 4-անց 20 րոպե սկսվեց հակառակորդի հարձակումը շենգավիթցիների կողմից պահվող 3 կմ ձգվող դիրքերի վրա: 25-30 մետրի վրա խրամատավորված պահակակետեր էին, որոնք տղաները փորել էին ընդամենը 4 ժամում: Դժվար է չհավատալ հրամանատարին, որ եթե խրամատավորված չլինեին` զոհերն ավելի շատ կլինեին, քանզի ուժային հարաբերակցությունն ակնհայտ էր: Այնուհանդերձ, գումարտակը չնահանջեց: Իսկ Կարմիրավանի «չանի բոչկաների» ուղղությամբ հետախուզման գնացած 14 տղաները հակառակորդի հարձակման ժամանակ ուղղակի չկարողացան հետադարձ ճանապարհն անցնել ու հասնել գումարտակին: Հետդարձի ճանապարհն արդեն փակ էր: Տղաներն իրենց վերջին մարտը տվեցին: Անձնվիրաբար կռվեցին, մինչև պարպվեց վերջին փամփուշտը:
Մինչ այդ հետախույզ տղաները տեղեկացրել էին, որ գումարտակը մոջահեդների շրջափակման մեջ է հայտնվել: Այդ մասին իր մոտ եղած ռադիոկապով նույնիսկ Վահագն Վարդևանյանն է հայտնել հրամանատարին: «Տանկերը եկան ու բարձրացան մեր պահակակետերի դիրքերի վրա: Նման բան միայն ֆաշիստական ֆիլմերում էինք տեսել, թե ինչպես է տանկը խրամատի վրա բարձրանում, պտտվում, խրամատը հողին հավասարեցնելով` առաջ շարժվում: Անգամ նման իրավիճակում մենք առանց խուճապի, նահանջի պահել ենք մեր դիրքերը»,- ոչ այն է հպարտությամբ, ոչ այն է ցավով նշում է գնդապետը, որովհետև վերջնարդյունքում 76 վիրավոր տվեցին, այդ թվում նաև հրամանատարը, և 14 զոհ, որոնց մեջ էին նաև հրամանատարի մանկության ընկերներն ու բարեկամը: Բայց գումարտակն էլ իր հերթին գերիներ, վիրավորներ և դիակներ վերցրեց փոխանակումների համար:
Այյս ամենից հետո չես կարող չհամաձայնել նախաձեռնության հեղինակների այն մտքին, որ Մարտակերտում խաչքար տեղադրելու նպատակը ոչ միայն մարտական ընկերների հիշատակի հավերժացումն է, այլև եկող սերունդներին զգոն պահելը: Իսկ արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Օրեր անց` ապրիլի 24-ին, խաչքարի մոտ հանդիսավոր մոմավառության եղավ:
Ի՞ՆՉ ՏԵՍԱՎ ՈՒ ԶԳԱՑ ՄՈՐ ՍԻՐՏԸ
Տիկին Լալան ուխտագնացության մեկնած միակ մայրն էր: Իհարկե, ոչ այն պատճառով, որ մյուսները չէին ցանկացել. արդեն կենդանի չէին: Ասենք, ի՞նչ մայր լիներ, որ առողջություն ունենար ու դիմանար: Փոխարենը` հայրերը, կանայք ու զավակներն էին գնացել: Իսկ Տիկին Լալան էլ, ինչպես ասում են, մեռնելով գնացել ու արդեն 10 օր է, ինչ գամվել է անկողնուն, խելքի չի գալիս: Թեև առաջին անգամ չէր Արցախում, բայց անչափ հուզված էր, այն աստիճան, որ երբ սահմանամերձ N զորամաս գնացին, որտեղ ժամանակին վրաններում մնացել էին տղաները, ուխտ էր արել մի բուռ հող բերել ու խառնել որդու շիրիմին: Նրանք երկար ու լուռ հեռվից դիտեցին տղաների «մարտադաշտը», զննեցին շրջապատը, հիշողությունների գիրկն ընկան: Տիկին Լալան ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ սահմանապահ 60 զինվորներին թաղապետի կողմից տրամադրված անհրաժեշտ պարագաներով նվերների փաթեթը հանձնելու պահը եկավ: Զորամասին էլ հեռուստացույց նվիրեցին:
Իսկ երբ էջմիածնեցի զինվորին մայրաբար համբուրելով, բարի ծառայություն մաղթելով հանձնեց փաթեթը, ասես որդու ջերմությունը զգաց, կրկին շփոթվեց` մոռանալով իր ուխտի մասին:
Թեև մոր վիշտը թարմացավ, կրկին վերապրեց 88-ից Արցախյան հողում կռիվ տվող Արմեն որդու կորստի վիշտը, բայց լավ էր,որ այստեղ շատերն իմացան ապրիլյան այս պատմության մասին: Պարզվեց, որ անտեղյակներն էլ քիչ չէին, այն էլ` Մարտակերտի զոհված ազատամարտիկների թանգարանում, որի հարևանությամբ տեղադրվեց խաչքարը: Ուխտագնացները թանգարանում 14 զոհերի լուսանկարները չտեսան, պատմությանն այստեղ տեղյակ չէին:
Կարևորը` խոստացան կարճ ժամանակում բացը լրացնել:
Իսկ ԼՂՀ ՊՆ նախարարը տիկին Լալային պատվոգիր, իսկ 13 զոհերի հայրերին, հարազատներին անվանական ժամացույցներ հանձնեց: Չմերժվեց նաև ուխտագնացների` N զորամասի մի քանի զինվորի արձակուրդ ուղարկելու խնդրանքը: Գուցե այդ երեք զինվորն արդեն կարճատև հանգստի են մեկնել:
1999 թ. Արմեն Հովհաննիսյանի և Վահագն Վարդևանյանի դպրոցները հերոս զինվորների անուններով են անվանակոչվել: Թաղապետ Արմեն Սարգսյանն էլ պատվախնդիր է առաջիկայում Արշակ Ղամբարյանի դպրոցն ազատամարտիկի անունով անվանակոչելուն:
1994 թ. ապրիլյան այս իրադարձությունից օրեր անց` մայիսի 12-ին, հրադադար կնքվեց, որով մեր Արցախ աշխարհի բազմաթիվ բեկորներ մնացին շան բերանում…
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Ուորլիքի հայտարարությունը հայանպա՞ստ քայլ է, թե՞ սադրանք
Սոցիալական ցանցերում շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ:
Ֆեյսբուքի օգտատեր Վազգեն Ղազարյանը հետևյալ վերլուծությունն է արել.
«Մայիսի 7-ին Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը և ոչ միայն: Կարելի է ասել` ներկայացնելով, այսպես ասած, ԱՄՆ-ի դիրքորոշումը, նա ներկայացրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը: Միևնույն ժամանակ պետք է ասել, որ նա մեծ հաշվով ոչ մի նոր բան չի ասել: Նա պարզապես ներկայացրել է հակամարտության կողմերի միջև պայմանականորեն հաստատված փոխզիջման հիմնական տարրերը, որոնք հանրայնացվել էին դեռ 2009թ-ին:
Այնպես որ, առաջին հայացքից, ինչպես որ քիչ առաջ նշվեց, նա ոչ մի նոր բան չի ասել, քան այն, որ վերահաստատել է մի բան, որին տեղյակ էին բոլոր կողմերը (խոսքը նաև հասարակությունների մասին է) դեռ տարիներ առաջ, սակայն դրա ներկայացնելու ձևը բավական ուշագրավ է և արժանի մեկնաբանության:
Ինչպես հիշում եք, այս վեց կետերը մշտապես շահարկման առիթ էին դառնում տարբեր փորձագետների, քաղաքագետների կողմից, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների և հատկապես ադրբեջանցի պաշտոնյաների կողմից: Մենք հիշում ենք, թե ինչպես էր ադրբեջանական կողմը բազմիցս մանիպուլյացիայի ենթարկում առկա կետերը և սահմանում էր իրեն հարմար առաջնահերթությունը` անտեսելով այն կետերը, որոնք պաշտոնական Բաքվի շահերից չէին (չեն) բխում: Ուորլիքը, սակայն այդ առումով իր ելույթում արել է շատ հստակ հայտարարություն, որը, այսուհետ ըստ էության, ի չիք է դարձնում Բաքվի նման քաղաքականության հետագա փորձերը:
Այսպիսով՝ ամերիկացի պաշտոնյան ասել է մասնավորապես հետևյալը. «Կա վեց կետ, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Այս կետերի (կամ էլ տարրերի) հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասները, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը»:
Կարճ ասած՝ այսուհետ, եթե նույնիսկ Ադրբեջանը փորձի էլ սեփական քաղաքականության համար իրեն նպաստավոր, ձեռնտու կերպով մեկնաբանել եղած սկզբունքները, ապա դրանք ոչ մի արժեք չպետք է ունենան նաև ադրբեջանական հասարակության համար, քանի որ ի դեմս Ուորլիքիմ մենք այժմ գիտենք միջազգային հանրության հստակ վերաբերմունքը նման ապակառուցողական քաղաքականության հանդեպ:
Ինձ համար երկրորդ ամենաուշագրավ պահը Ջեյմս Ուորլիքի ելույթում վերաբերում էր Արցախին և այդ երկրի ղեկավարության հետ իր հանդիպումներին: Նա իր ընդհանուր ելույթում, խոսելով Արցախի քաղաքական էլիտայի հետ հանդիպման մասին, ասել է հիմնականում հետևյալը. «Ես նաև Լեռնային Ղարաբաղում եմ եղել, որտեղ հանդիպել եմ դե ֆակտո իշխանությունների հետ, լսել նրանց դիրքորոշումները: Եկող շաբաթ կրկին նախատեսում եմ լինել այնտեղ՝ մյուս համանախագահների հետ միասին: Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները»:
Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչը փաստացի հակամարտության կողմ է ճանաչում նաև Արցախին, իսկ գուցե հենց միայն Արցախին: Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ուորլիքը իր թվիթերյան գրառումներից մեկում ասել էր, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Արցախի և Ադրբեջանի: Այս ելույթով կարելի է ասել, որ եթե անգամ ամերիկացի պաշտոնյան չի վերահաստատում իր ավելի վաղ արած պնդումը, ապա առնազն Արցախը ճանաչում է որպես հակամարտության կողմ, որն ինքն իրենով աննախադեպ է վերջին տարիներին ընթացող բանակցությունների շրջանակներում:
Այսքանից հետո հարց է առաջանում, թե ինչ դրդապատճառներ են ստիպել ԱՄՆ-ին նման կեցվածք ընդունել Արցախյան հակամարտության համատեքստում: Տեսեք, այն, որ ԱՄՆ-ի կողմից վերջին շրջանում նկատվում է ակտիվացում այս հարցում և այն էլ որոշ առումներով հայամետ կեցվածքով, ակնհայտ է, բայց նույնքան ակնհայտ չէ, թե որոնք են դրա հիմքում ընկած դրդապատճառները: Այնպես որ, ինչքան էլ առաջին հայացքից հայամետ թվա Ուորլիքի ելույթը, այն նաև մեծ վտանգներ է իր մեջ պարունակում: Չի բացառվում նաև, որ սա սադրանք լինի, բայց ամեն դեպքում շատ առաջ չանցնենք նման ենթադրություններով և սպասենք դեպքերի հետագա զարգացմանը»:
Դ!ԵՄ ԵՄ. պահանջի երթ,բախում ոստիկանների հետ,ուղիղ եթեր,լուսանկարներ
Քննարկվել է սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու հարցեր
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը, Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզպետարանների գյուղվարչության պետերն ու ԳԱՄԿ-երի տնօրենները, գյուղատնտեսության և ջրային տնտեսության ոլորտների լավագույն մասնագետներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկաների հետ քննարկել է սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու և համակարգված գործողություններ իրականացնելու հարցեր։
Նշվել է, որ հաշվի առնելով աննպաստ եղանակային պայմաններն ու ջրամբարներում կուտակված ջրի աննախադեպ նվազ պաշարները, ինչպես նաև ոչ պակաս անհանգստացնող օդերևութաբանական կանխատեսումները, Սևանա լճից լրացուցիչ ջրառ սահմանելը Արարատյան հարթավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրին լուծում տալու միակ այլընտրանքն է։
Նման իրավիճակը պահանջում է նաև միջգերատեսչական համակարգված գործողություններ, որի համար որոշվել է՝
- վերանայել ջրտուքի նորմաները,
- սահմանել մշակաբույսերի ոռոգման առաջնահերթությունները,
- սահմանել ոռոգման նոր կարգ,
- կազմակերպել մշակաբույսերի գիշերային ոռոգում,
- ջրի խնայողական ռեժիմների պահպանման վերահսկողության համար Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր՝ ընդգրկելով նրա կազմում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի և մարզպետարանների ներկայացուցիչներին։ Պահանջել աշխատանքային խմբերից ամենօրյա գործնական աշխատանք` առկա խնդիրներին ժամանակին լուծում տալու համար:
- Վիճակի լրջության ու նոր պայմաններում սպասվող սահմանափակումների մասին օպերատիվ կարգով տեղեկացնել բոլոր ջրօգտագործողներին։
- Մշակել մեթոդական ցուցումներ և խորհրդատվական թերթիկների տեսքով տրամադրել գյուղացիական տնտեսություններին:
Ամփոփելով քննարկումը, նախարար Սերգո Կարապետյանը նշեց. «Ինչքան էլ դժվար է տարին, ինչքան էլ ստիպված համազգային խնդիրների համար կրկին դիմում ենք Սևանին, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մեր համակարգված աշխատանքը դրական արդյունք է տալու, և մենք անպայման կարողանալու ենք ապահովել ընթացիկ տարում մեր առջև դրված խնդիրների իրականացումը»:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Հովհաննես Իսակովի և Համազասպ Բաբաջանյանի հիշատակին
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպումը
|
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:
Սկսեմ Ռուսաստանի Նախագահի հասցեին անկեղծ երախտագիտության խոսքերով՝ մեր կողմից հավասարապես պատվելի և բոլորիս միավորող տոնի՝ Հաղթանակի օրվա տոնակատարության նախօրեին Մոսկվա այցելելու հրավերի համար: Մենք ներկայացնում ենք պետություններ, որոնց ժողովուրդները Հայրենական մեծ պատերազմում ամենաշատ կորուստներն են կրել, վճռորոշ ներդրում ունեցել Մեծ հաղթանակի ձեռքբերման գործում: Եվ մեր ընդհանուր պարտքն է՝ խնամքով պահպանել նրա ժառանգությունը, անել ամեն հնարավորը, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը միավորեն երկրների և ժողովուրդների, ծառայեն նոր սպառնալիքների կանխմանը: Նաև շնորհակալ եմ ոչ պաշտոնական միջավայրում առավել սուր, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հնարավորության համար: Մեր երկրների պաշտպանունակության, հավաքական անվտանգության համակարգի մարտունակության և արդյունավետության բարձրացման խնդրին է ենթակա և՛ երկկողմ մակարդակով, և՛ տարածաշրջանային կազմակերպությունների ձևաչափով, բնականաբար, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող ամբողջ աշխատանքը: Այդ աշխատանքը տարվում է՝ հաշվի առնելով միջազգային իրադրության զարգացման ընթացքը: Վստահ եմ, որ դիտարկվող ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում արագ փոփոխությունների պայմաններում չափազանց կարևոր է դառնում անվտանգության, այդ թվում՝ արտաքին հարցերում, անդամ-պետությունների գործողությունների համակարգման բարելավման թեման: Դրա համար մենք ՀԱՊԿ-ում անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծեցինք: Ընդ որում, Հայաստանն առաջնորդվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների համար կարևորագույն հարցերում մեր դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում դրանց քննարկման ժամանակ: Այդ մոտեցումը եղել է մեր դիրքորոշման հիմքում 2008թ. օգոստոսի դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ: Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը մեր դաշնակցային հարաբերությունների, իսկ մյուս կողմից՝ մեր հարևան երկրի մասին է, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը: Այդպես է եղել և՛ ՄԱԿ-ում, և՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ: Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է ստացվում: Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում: Խորին ափսոսանքով ենք նշում, որ այդ իրադարձությունները հանգեցրել են մարդկային զոհերի: Առաջնորդվում ենք նրանով, որ ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով, լայն երկխոսության միջոցով, առաջին հերթին՝ հենց հասարակության մեջ, ինչպես նաև բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի, այդ թվում նաև ընթացիկ տարվա ապրիլի 17-ին Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա: Վլադիմիր Վլադիմիրի, հուսով եմ, որ այսօր ոչ պաշտոնական միջավայրում Դուք մեզ կներկայացնեք Ուկրաինայում իրադրության զարգացման Ձեր տեսլականը: Իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետևանքների: Մենք այսուհետ ևս պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ ուղղված անդամ-պետությունների համար ռիսկերի նվազեցմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը՝ հիմնվելով, առաջին հերթին, «Մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների» վրա: Պետք է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել արագ արձագանքման հավաքական ուժերի զարգացմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության համատեղ հնարավորությունների զարգացման հարցերը: Եվ այստեղ կարևոր են ինչպես պարբերաբար անցկացվող վարժանքները՝ «Նելեգալ», «Կանալ» և «Պրոկսի» գործողությունները, այնպես էլ զորքերի մարտունակության մակարդակի, դրանց համադրելիության և շարժունակության կարողությունների անակնկալ ստուգումները: Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ 2015թ. սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել ՀԱՊԿ խաղարար ուժերի զորավարժություն՝ «Անխախտ բարեկամություն-2015», որոնք, վստահեցնում եմ ձեզ, կանցկացվեն ամենաբարձր մակարդակով: Կարևոր եմ համարում ՀԱՊԿ արագ արձագանքման միացյալ ուժերը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու գործընթացի արագացումը և ռազմական տեխնիկայի ու բեռների տարանցիկության, ինչպես նաև երրորդ պետությունների տարածքներով անձնակազմի տեղափոխման հարցերի վերջնականապես կարգավորումը: Ընթացիկ տարվա հուլիսի 1-2-ին Երևանում ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ կանցկացվի անվտանգության հարցերով «ՄԱԿ սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղարար ներուժի ինտեգրում խաղաղ օպերացիաների գլոբալ համակարգում» թեմայով երևանյան միջազգային ռազմավարական համաժողով: Սա առաջին այսպիսի համաժողովն է, և ես գործընկերներին խնդրում եմ աջակցել նախաձեռնությանն ու հանձնարարել մասնակից-պետությունների համապատասխան կառույցներին՝ ապահովել մասնակցության բարձր մակարդակ: Հավաքական անվտանգության խորհրդի Սոչիի նստաշրջանում մենք հանգամանորեն խոսեցինք Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Քննարկեցինք Աֆղանստանում, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում իրադրության զարգացման հնարավոր սցենարները: Այժմ այդ ամենն ավելի ընդգծված բնույթ է կրում: Ես նկատի ունեմ նաև Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ դրսից նախապես ծրագրված օպերացիան: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ մասնակից-պետություններին՝ սիրիական հայաբնակ Քեսաբի հարցի կապակցությամբ դիրքորոշման համար, որն արտահայտվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների 2014թ. ապրիլի 3-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ: Վլադիմիր Վլադիմիրի, այստեղ պետք է ընդգծել Ռուսաստանի դիրքորոշումը, որը լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ՝ ամենատարբեր մակարդակներում ակտիվորեն աշխատում է սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հանդես է եկել քեսաբահայերին աջակցության հայտարարություններով: Շնորհակալ եմ Ձեզ: Շնորհակալ եմ ուշադրության համար: |
Դավիթ Հարությունյանի բաց նամակը ՌԴ Դեսպանին.Առավոտ
Հարգելի Իվան Վոլինկին «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված ձեր հարցազրույցում դուք ասել եք, որ պետք է զբաղվեք Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերությունների մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին նոր ընդունված օրենքը։ Կցանկանայի ձեր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ ՀԿ-ները չեն հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար նրանց գործողությունը չի կարող անմիջական ազդեցություն ունենալ դիվանագիտական հարաբերությունների վրա։ Ինչ վերաբերում է հայ – ռուսական բարեկամության դեմ ուղղված գործողություններին, ապա կարծում եմ, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցն է հավասարը հավասարին դիվանագիտական հարաբերություններ վարելը, և ոչ թե Հայաստանի Հանրապետությունը դիտարկել կամայական ցանկություններ իրականացնելու վայր։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մարդն իրավունք ունի արտահայտել իր ազատ խոսքը։ Հետագայում այսպիսի խնդիրներից զերծ մնալու նպատակով, կցանկանայի ձեր և Հայաստանում այլ արտակարգ և լիազոր դեսպանների ուշադրությունը գրավել 1961թ․ ապրիլի 18-ին կնքված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվեկցիայի 41-րդ․ հոդվածի 1-ին մասի վրա։ Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Անկախ
Մայիս-վայիս. Ինչու՞ մայիսին չեն ամուսնանում. սնահավատություն, թե՞ հիմնավոր տեսակետ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մայիս ամսվա ամուսնությունների վերաբերյալ ժողովրդի շրջանում տարածված համոզմունքները քննարկեցին Այրարատյան հայրապետական թեմի Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու և Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը և քուրմ Գեղամը:
“Ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցին որևէ ամսին ամուսնություն չի արգելում, բացի Մեծ պահքի վերջին` Ավագ շաբաթվա ամուսնություններից: Սա ընդամենը սնահավատություն է. ես ինքս էլ մայիս ամսին կատարել եմ պսակադրության արարողություններ և, փառք Աստծո, այդ ընտանքիներն ապրում են խաղաղ, երջանիկ: Իսկ այդ սնահավատությունը, կարծում եմ, կապված է նրա հետ, որ հնում մայիս ամիսը աղքատ ամիս է եղել. նախորդ բերքը վերջացել է, իսկ նորը դեռ չի եղել, այդ պատճառով ժողովուրդը կոչել է “մայիս-վայիս” և ուրախության արարողություններ չեն կատարել, բայց Հայ առաքելական եկեղեցու կողմից նման արգելքի խնդիր բնավ չկա”,- նշեց Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:
“Նախ շնորհավորում եմ մայիս ամսվա մեր հաղթանակների առիթով և թող Վահագն Աստված ձեզ զորավիգ լինի”,-լրագրողներին ողջունեց քուրմ Գեղամը և նշեց, որ պսակադրությունը ունի խորհուրդ. սա զուտ տղայի և աղջկա ամուսնություն չէ. մեր ավանդական հայ պատկերացումներում սա երկու տոհմերի դաշինքն է, և այն պսակադրությամբ հաստատելու խորհուրդը պետք է լիառատ սեղանով նշել: Քուրմ Գեղամը համաձայնեց Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանի այն մտքին, որ սա ժողովրդական սնահավատություն է և մեկնաբանեց, որ երբ հին պտուղը, ընդեղենը վերջացել է, այդ դաշինքը նշելու համար առատ սեղան պատրաստելու հնարավորությունը սուղ է եղել: “Սրանով է պայմանավորված այդ համոզմունքը, և մենք չենք խրախուսում մայիսին ամուսնություններ չկատարելը”,-ավելացրեց քուրմ Գեղամը:
“Անկախի” այն հարցին, թե ցեղակրոնները խրախուսու՞մ են հայի և այլազգիի ամուսնությունը, քուրմ Գեղամը պատասխանեց, որ արիական բոլոր ազգերի ամուսնությունը, որոնց նախահայրենիքը Հայաստանն է և կրում են արիական արյուն, խրախուսում են, իսկ ոչ արիական ազգի հետ հայերի ամուսնությունը գենախեղման է հանգեցնում. դա էլ ժամանակակից աշխարհի չարիքներից է:
“Չի կարող հայ տղամարդը ամուսնանալ այլ ռասսայի ներկայացուցչի հետ և ունենալ նորմալ երեխա”,-նշեց քուրմ Գեղամը:
Իսկ այն հարցին թե հայ եկեղեցին ընդունում է քրիստոնյայի և, օրինակ, մահմեդականի ամուսնությունը, քահանան պատասխանեց. “Մենք նման պսակը չենք ընդունում, չենք կատարում”:
Այս հարցի վերաբերյալ քուրմ Գեղամն այլ պատկերացում ունի. “Եթե նույնիսկ մահմեդական է, մեզ համար դա նշանակություն չունի, կարևորը, որ հայ է և արյունը մաքուր է”:
Աջակցություն է տրամադրվել Մկրտչյանների անօթևան ընտանիքին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից դրամական և պարենային աջակցություն է ցուցաբերվել Ա. Մյասնիկյանի արձանի հարևանությամբ բացօթյա բնակություն հաստատած Գյումրի քաղաքի նախկին բնակիչ Աշոտ Մկրտչյանի անօթևան ընտանիքին:
Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ընտանիքի անդամների հետ զրույցի ընթացքում, ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, կրկին քննարկել է նրանց ժամանակավոր կացարան տեղափոխելու հնարավորությունը, ինչը, սակայն, ընտանիքը մերժել է։ Ընտանիքի հայրը՝ Աշոտ Մկրտչյանը, իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության, հոգածության և ցուցաբերած աջակցության համար։
Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ ընտանիքի հետ աշխատանքը կլինի շարունակական, նրանց կընդգրկեն նաև սոցիալական հնարավոր ծրագրերում։
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 7-ին, ժամը 00.05-ին, Երևանի Տ.Պետրոսյան փողոցից Դավիթաշենի 2-րդ թաղամաս տանող փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մազդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 6-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 34 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 03.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 50 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու և թողնելով դեպքի վայրը` հեռացել:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 20.45-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Սեատ Տոլեդո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 18.30-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի կամրջի վրա «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, կողաշրջվել և կամրջից ընկել ցած, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 7-ին, ժամը 21.30-ին, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու և մարմնական վնասվածքով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






