Շարունակվում է ՀՀ ՊՆ պատվիրակության պաշտոնական այցն ԱՄՆ

ՀՀ ՊՆԱՄՆ Կանզաս նահանգից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն, այնուհետև՝ Նյու Յորք:

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ս.թ. օգոստոսի 7-ին կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի, պետքարտուղարի փոխտեղակալներ Գրեգ Կաուսների և Էրիկ Ռուբինի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Կողմերը կարևորել են իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը և վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:

Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ-ում գործող ամերիկահայ լոբբիստական առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարների հետ:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ամերիկահայ համայնքին հուզող մի շարք հարցերի:

Վաշինգտոնից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը մեկնել է Նյու Յորք, որտեղ ս.թ. օգոտոսի 8-ին նախատեսվում են հանդիպումներ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Էդմոնդ Մուլետի և ռազմական հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մախսուդ Ահմեդի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահ զորախմբի առաջիկա ներգրավմանը, Աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի առաքելություններին հայկական կողմի հնարավոր մասնակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Վարորդը և ուղևորը մահացել են

ավտովթարՕգոստոսի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Օնիկ Եսայանը, և ուղևորը` 1957 թ. ծնված Լորիկ Կարապետյանը, տեղում մահացել են: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Տեղի է ունեցել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսը

011Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսին:

«Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով, ապա շարունակվել երաժշտական և պարային կատարումներով: Ի տարբերություն նախորդ տարվա ծրագրի, այս տարի վարչական շրջանների թիմերը, որոնցում ընդգրկված էին 13-15 տարեկան երեխաներ, 10-ական անդամով, նաև մրցել են միմյանց հետ փոխանցումավազք, թիավարում փրկօղակի մեջ,  պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի մրցախաղերում:  Երեխաների անվտանգությունն ապահովել են համալիրի փրկարարները:

Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է ակտիվացնել մայրաքաղաքում մարզական կյանքն ու նպաստել երեխաների առողջ ապրելակերպին:

008 (1)«Երևանյան մարզական ամառ 2014» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Մալաթիա Սեբաստիան: Երկրորդ և երրորդ հորիզոնակնները համապատասխանաբար զբաղեցրել են Շենգավիթ և Նորք Մարաշ  վարչական շրջանները: Գավաթներն ու պատվոգրերը թիմերին է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշագավաթներով են պարգևատրվել բոլոր թիմերը:  Շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետը վստահեցրել է, որ համաքաղաքային մարզական միջոցառումները կլինեն շարունակական:

Կիսվելով միջոցառման մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ իրենց համար կարևորը ոչ միայն հաղթանակն է եղել, այլև Երևան քաղաքի միասնությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«6 օր Սևանի շուրջ». կքննարկվեն Սևանա լճի հիմնախնդիրները

загруженноеOգոստոսի 8-13-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն կիրականացնի «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Ծրագիրն իրականացվում է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի ու «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան տարածաշրջանների հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի 35 մարզաբնակ ուսանող-երիտասարդ:

Ինչպես նշում է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, «6 օր Սևանի շուրջ» խորագիրը կրող ծրագրի նպատակն է տեղական բնական և մշակութային ժառանգության գնահատումը,  կայուն տուրիզմը տեղական և ազգային  մշակույթի մաս դարձնելը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթությունը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը։

Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով։ Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Կինոփառատոները միացնում են աշխարհի մարդկանց . Ռիչարդ Պենյա

Ռիչարդ ՊենիաԻսպանական ընտանիքում հասակ առած կինոքննադատ Ռիչարդ Պենյայի վրա մեծ ազդեցություն է ունեցել սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը` Լուիս Բունյուելը, նրան ոգեշնչել և հավատ է ներշնչել, որ արվեստը փոփոխության հասնելու համար հզոր գործիք է: 1988 թ. Ռ. Պենյան դարձավ «Լինքոլն» կենտրոնի կինոընկերության ծրագրերի մշակման տնօրենը:

«Անկախը» ներկայացնում է Ռիչարդ Պենյայի հետ հարցազրույցը:
– Պարոն Պենյա, այսօր ի՞նչ է փոխվել կինոարտադրության ոլորտում:
– Շատ բան, սակայն ամենամեծ փոփոխությունը թերևս այն է, որ տեխնոլոգիապես կինոն առաջ անհասանելի արվեստ էր, դժվար էր ֆիլմ նկարահանել, մինչդեռ այսօր յուրաքանչյուր հասուն մարդ կարող է կինո նկարել, որովհետև տեխնիկան մարդկանց համար դարձել է մատչելի և բավականին էժան:

– Հաճախ ծնողներն են որոշում, թե իրենց երեխան ինչ մասնագիտություն կընտրի: Ձեր մասնագիտության ընտրության հարցում է՞լ են ծնողները դեր ունեցել:
– Ոչ, նրանք հարգել են իմ ընտրությունը և երբեք չեն պարտադրել, օրինակ, իրավաբանի, բժշկի կամ տնտեսագետի մասնագիտություն ընտրել: Երջանիկ եմ, որ կարողացել եմ շարունակել ընտրածս ուղին: Իրականում կինոքննադատ լինելն ինձ համար աշխատանք չէ, այլ հաճույք:

– Ի՞նչ դրույթների, սկզբունքների հիման վրա եք որոշում` այս կամ այն ֆիլմը լավն է, թե վատը:
– Շատ բարդ է բացատրել, թե ինչ չափանիշներով եմ առաջնորդվում ֆիլմերը որակելու հարցում: Երբ մարդիկ ֆիլմ են դիտում, առաջին արձագանքը ավելի շատ ներքին է և արագ, այնուհետև, հաշվի առնելով ֆիլմի պատմության և այլ գիտելիքներ, ինքներս մեզ փորձում ենք բացատրել, թե ինչու է այս կամ այն ֆիլմը մեզ դուր գալիս կամ ոչ, իսկ վերջում փաստարկ ենք բերում, թե ինչու ենք այն այդ կերպ որակել: Կինոն որակելիս փառատոնի որոշ պատասխանատուներ պետք է վստահ լինեն` արդյոք քեզ վրա ոչ մի ազդեցություն չկա՞, և ֆիլմը դիտում ես բացառապես արվեստի ընկալման քո չափանիշներո՞վ:

– Ի՞նչ են առհասարակ կինոփառատոները բերում մարդկանց, կինոարտադրողներին ու աշխարհին:
– Կարող եմ խոսել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրինակով: Այն մի քանի գործառույթ ունի, որոնցից մեկն ինձ նման արտերկրից եկած մարդկանց համար այս տարածաշրջանի` Կովկասի կինոնկարներ դիտելու հրաշալի հնարավորություն է: Այս տարածաշրջանի մարդկանց համար նույնպես լավ առիթ է, օրինակ` Կիմ Կի Դուկի, Ամոս Գիտայի, Ցզյա Չժանկեի նման աշխարհահռչակ կինոգործիչների աշխատանքները տեսնելու համար: Այսինքն` կարելի է ասել, որ սա մի վայր է, որտեղ աշխարհը հանդիպում է Կովկասին, Կովկասը` աշխարհին:

– Բավականին երկար ժամանակ` 1988-2012 թթ. եղել եք Նյու Յորքի կինոփառատոնի տնօրենը: Այն ի՞նչ առավելություն ունի մյուս կինոփառատոների համեմատ:
– Ամեն տարի նոր կինոփառատոներ են ծնվում, սակայն Նյու Յորքի կինոփառատոնում կարծես ընդգրկվում է լավագույն ընտրանին, և այն հեռու է ավելորդ գլամուրից: Ի դեպ, այնտեղ մի քանի անգամ քննարկվել է հայկական կինեմատոգրաֆի ցուցադրություն կազմակերպելու հարցը: Հուսամ` մի օր այն կիրականացվի, քանզի հայ ռեժիսորները մեծ ավանդ են ունեցել համաշխարհային կինոյում:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական վառ երևակայության արդյունքը

N_K_A_R_1Օգոստոսի 7-ին ադրբեջանական “vesti.az” էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքն է:

Ավելին՝ նրանք մեզ օգնում են փաստացի ճշտել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հակառակորդի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը:

2. PB_zinvorՀավելենք, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որը կրում էին լուսանկար 1-ում պատկերված անձինք:

—
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

 

Անկախ

Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի դեմ ձեռնարկվող միջոցառումները

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության  ու մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները 2014թ. առաջին կիսամյակում կազմակերպել են ամեօրյա շրջայցեր. բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման  աշխատանքներ են  իրականացվել Երևանի վարչական բոլոր շրջաններում: Ըստ այդմ, սահմանվել է մշտական հսկողություն բացօթյա ապօրինի  առևտրի վերսկսումը բացառելու նպատակով։ Դրան զուգահեռ, կանոնակարգվել է նաև օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա առևտուրը։ Մայրաքաղաքի  կենտրոնական փողոցներում և հրապարակներում սահմանվել է հերթապահություն: Շրջայցերի ընթացքում փողոցների և պողոտաների մայթերից տեղահանվել են առանց թույլտվության տեղադրված պաղպաղակի և զովացուցիչ ջրերի վաճառքի համար նախատեսված մեծ թվով սառնարաններ և ծաղիկների վաճառքի համար նախատեսված բաց տաղավարներ։ 2014թ. 1-ին կիսամյակում բացօթյա ապօրինի առևտրի մասով ոլորտում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 166 արձանագրություններ: Առևտուրը կանոնակարգվել է նաև գետնանցումներում: Առևտրի և սպասարկումների վարչության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական արտադրանքի և գյուղմթերքի փոքրածավալ բոլոր 34 շուկաները և համապատասխան միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման, սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում, վերսկսել է գործունեությունը գյուղմթերքի բացօթյա տոնավաճառը, որտեղ առևտուր են անում միայն գյուղմթերք արտադրողները: Նկատի ունենալով նաև ամառային շոգ եղանակը՝  Երևանի քաղաքապետարանը երևանցիներին հորդորում է  զերծ մնալ բացօթյա ապօրինի առևտուր կատարելուց, որի ժամանակ, սովորաբար, չեն պահպանվում սանիտարահիգիենիկ անգամ տարրական պայմանները: Այդպիսի փաստ արձանագրելիս քաղաքացիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և  հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի

սերժ սարգսյանՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:

 

Անկախ

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Լավագույն մարզական ընտանիք 2014»-ի հաղթող ճանաչված Երևանի թիմին

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի 19 ընտանիքներին, այդ թվում այս տարի առաջին անգամ Երևանը ներկայացրած հաշմանդամություն ունեցող մարզիկներին:

Ողջունելով ներկաներին ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հաղթական գավաթը Երևան բերելու համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ որդեգրած իր քաղաքականությունը:

«Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթն իսկապես սպասված ստուգատես է, որի շրջանակում մեր թիմը հատկապես վերջին տարիներին իրոք տպավորիչ մասնակցություն է ունենում: Ձեր շնորհիվ այսօր, ըստ էության, նաև առողջ ապրելակերպի և սպորտի նկատմամբ հետաքրքրությունն է մեծանում մայրաքաղաքում, ինչն իր հերթին լավ օրինակ է ծառայում երևանցի այլ ընտանիքների համար: Բայցև չպետք է բավարարվենք ձեռբերածով և համոզված եմ, որ հաջորդ տարիներին ևս մեր թիմը լավագույնս կներկանա այս ստուգատեսին, նաև անհատապես հաղթանակներ գրանցելով մարզաձևերից յուրաքանչյուրում: Վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին մշտապես կլինեի մարզական ընտանիքների կողքին և հնարավորին կաջակցի՝ նոր հաղթանակների սպասումով»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգրատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և հուշանվերներով:

Թիմի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի պատվոգրերի են արժանացել նաև մարզիչներն ու թիմի պատասխանատուները:

002Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին սպորտի զարգացման գործում հստակ քաղաքականության և իրականացվող ծրագրերի, ինչպես նաև մշտական ուշադրության և գնահատանքի համար, մարզիկներն ու մարզիչները նշել են, որ հաջորդ տարի ևս անելու են հնարավորը հաղթական գավաթը կրկին Երևան բերելու համար:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի մրցանակ գավաթն ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները հանդիպել են Վիգեն Սարգսյանի հետ

eng138660577047Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը հանդիպում ունեցան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Դեսպաններն իրենց ցավակցությունը հայտնեցին վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ Աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց ներկայիս իրադրությունը: Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ արեցին կողմերին, հորդորեցին խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը և հույս հայտնեցին, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի գործելաոճը

timthumbՄենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի արկածախնդիր, անպատասխանատու գործելաոճը, որը հանգեցնում է մարդկային կորուստների, սահմանի ողջ երկայնքով լարվածության աճի: Նման քայլերը հղի են լուրջ վտանգով` վերաճելու լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որը հակասում է հիմնահարցերը լուծելու` ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի ընկալումներին և մոտեցումներին: Մշտապես հայտարարվել է, որ Հայաստանը ի վիճակի է պաշտպանելու իր և Արցախի սահմանները, ինչը հիմնավոր ապացուցվեց վերջին շրջանում հայ դիրքապահների իրականացրած գործողություններով: Ցավոք, մենք կորուստներ էլ ունեցանք: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված հերոս զինվորների ընտանիքներին և հարազատներին:

Վերջին օրերին ականատեսը եղանք նաև արցախյան պատերազմի ազատամարտիկների` առաջնագիծ մեկնելու դեպքերին, շատերն էլ դիմել են պաշտպանության նախարարին` սպասելով թույլտվության` նույնպես կանգնելու երիտասարդ զինվորի կողքին: Գտնում եմ, որ, թեև հայկական բանակը լիովին վերահսկում է իրավիճակը առաջին գծում, այնուամենայնիվ, սա մեր զինվորների մարտական ոգին ավելի բարձրացնելուն ուղղված քայլ էր, և որ նման քայլերն ուղղակիորեն չեն նշանակում պատերազմի վերսկսում:

ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՉՄԱՏՆՎԵԼ, ՉՀԻՄՆՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԵՎ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:

 

ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդ

Երիտասարդության ենթահանձնաժողովի նախագահ

Հռիփսիմե Մարգարյան

 

Անկախ

 

 

Չինարեցի 31-ամյա երիտասարդը գերի է ընկել (լրացված)

չինարիՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը գերի է ընկել ադրբեջանական կողմին: Այս մասին տեղեկությունը, որն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, քիչ առաջ Անկախ-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Չինարիի բնակիչ, գյուղատնտես Վանիկ Ոսկանյանը: Ըստ նրա, դեռևս որևէ բան պարզ չէ, ամբողջ գյուղը շոկի մեջ է: Դեպքը տեղի է ունեցել 3-4 ժամ առաջ , միայն հայտնի է, որ Կարեն Պետրոսյանը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանագոտում, նա մենակ է եղել, բայց թե ինչ հանգամանքներում է նա գերեվարվել, դեռևս հայտնի չէ: Կարենը 31 տարեկան է, բանակից զորացրվելուց հետո հայրենի գյուղում զբաղվում էր շինարարությամբ: Նա ունի հայր, մայր, մեկ եղբայր, որն արտագնա աշխատանքի է Ռուսաստանում և քույր, որն ամուսնացած է:

***

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին քիչ առաջ ասաց, որ առավոտյան Կարենը ավանակով գնացել է անտառ փայտի: Ավելի ուշ ադրբեջանական լրատվական կայքերը լուրեր են տարածել, որ Աղբուլաղ գյուղում գերի է ընկել ՀՀ քաղաքացի: Տեղեկությունն իմանալուց հետո գյուղացիները գնացել են, տեսել, որ ավանակը կա, իսկ Կարենը` ոչ: Նա մոլորվել է և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Սամվել Սաղոյանն ասաց, որ արդեն իսկ դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպություն` որոնման հայտ ներկայացնելու:

Անկախ

Դպրոցական պարագաները շուտով կթանկանան. Կարեն Չիլինգարյան

Կարեն Չիլինգարյան«Ըստ հայկական տարբերակի` երբ պահանջարկը մեծանում է, աճում են նաև գները: Սա տեղի է ունենում Ամանորին ընդառաջ, ինչպես նաև` սեպտեմբերի 1-ին նախորդող օրերին: Այս ամենի պատճառով սպառողները դժվարանում են գնումներ անել, քանի որ սոցիալապես անապահովները շատ են », – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ըստ նրա` առաջին դասարանի աշակերտին դպրոցական պարագաներով ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 30.000 դրամ, իսկ եթե երեխան ավելի մեծ է, այդ գումարը նույնպես աճում է:

«Այս պահին դեռևս թանկացումներ չկան: Դա կլինի 7-10 օր հետո: Սակայն սովորաբար ծնողները վերջին օրերին են դպրոցական  պարագաները և գրենական պիտույքները գնում, այդ պատճառով էլ ստիպված են լինում ավելի թանկ գներով ձեռբերել դրանք: Խորհուրդ կտամ արդեն հիմա սկսել առևտուր անել», – ասաց Կարեն Չիլինգարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերահսկվում ոլորտը, մասնագետը նշեց, որ այս դեպքում մենաշնորհ չկա, այդ պատճառով պետությունը չի կարող վերահսկել այն:  «Տնտեսական հանձնաժողովը կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե գների կտրուկ փոփոխություն լինի: Սակայն գների մեծ թռիչք, սովորաբար, չի լինում», -ասաց նա:

Հայկական շուկայում անորակ, բայց միևնույն ժամանակ հասանելի գին ունեցող ապրանքը ներկրվում է Չինաստանից: Որակյալ` եվրոպական կամ ամերիկյան արտադրության, ապրանքները շատ թանկ են: Կարեն Չիլինգարյանի բնորոշմամբ` մեզ մոտ միջին գին չկա. կա՛մ շատ էժան է, կա՛մ շատ թանկ:

Շուկայում շատ են թուրքական գրենական պիտույքները, որոնց միակ առավելությունը կրկին հասանելի գին ունենալն է. «Ես հորդորում եմ, որ մեր սպառողները գնեն հայկական արտադրողի ապրանքները: Մոտավորապես նույն գինն է,  սակայն ավելի որակյալ: Դա կխթանի մեր արտադրանքը, կխոչընդոտի մեր երկրից մեծ գումարների հոսքը դեպի  Թուրքիա: Օրինակ, տետրերը որակյալ են. ճիշտ կլինի մերը գնել, հատկապես, որ դրանց վրա պատկերված են մեր պատմությունը և մեր մեծերը », – ասաց Կարեն Չիլինգարյանը:

 

Անկախ

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը

պնՕգոստոսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 56 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7175 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 28 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 5025 կրակոց:

Անցած 6-7-ն ընկած ժամանակահատվածում և այսօր առավոտյան հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 39 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 546 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 8 դեպքում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 232 կրակոց:

Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակոմ են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Անկախ 

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` 07.08.2014 թ. դրությամբ

կանեփ«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 7-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 11 տոննա 107 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 15 դեպք:
Տնամերձ 73 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 702.5 կգ կանեփի բույս:
Նշված փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:

Անկախ

Իրադրությունն առաջնագծում

հրադադարՊաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

—
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Անկախ

Վրաերթեր Երևանի Մարգարյան, Կիևյան, Օհանովի փողոցներում և Արշակունյաց պողոտայում

ավտոպատահարՕգոստոսի 6-ին, ժամը 11.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 22/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 12.45-ին, «Համեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը պարզվել է, որ վրաերթի ենթարկված տղամարդը 1955 թ. ծնված Արմիկ Ս.-ն է:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 14.00-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի փողոցի թիվ 28 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուօգնության է դիմել թիվ 19 պոլիկլինիկա:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 13.45-ին, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հրազդանի կիրճում շարունակվում են փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

002 (2)Մայիսի 21-ին փլուզվել էր մայրաքաղաքի Հրազդանի կիրճի` Երևանի ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում նախ  մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեցին, որոնց արդյունքում պարզվեց,  որ փլուզումը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման հետևանք էր: Սա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման և այլ հետազոտություններ են անցկացրել «Հայջուրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետները: Մինչ ճանապարհային բուն հատվածի վերականգնման աշխատանքները՝ անցկացվել է ջրահեռացման խողովակ, ուր լցվում են ճանապարհին հարակից ջրավազանից հոսող ջրերը և թափվում Հրազդան գետ: Կառուցվել է նաև դրենաժային համակարգ`ստորգետնյա ջրերի հոսքը կարգավորելու համար: Ներկայում, կոմունիկացիոն աշխատանքներին  զուգահեռ, ընթանում են նաև փլուզված ճանապարհահատվածի վերականգնման նախնական աշխատանքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Կառավարության ղեկավարն այսօր Լոռու մարզում էր

g_imageՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզկենտրոն Վանաձորից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման և «911» ծառայության Լոռու ահազանգման կենտրոնների բացման արարողությանը: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել կենտրոններում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և հնարավորություններին:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի մոտակայքում հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանի ճակատագիրն անհայտ է: Գործադիրի ղեկավարը լսել է անհատապես բոլոր աշխատակիցներին և խոստացել հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին:
Վանաձորից երկրի վարչապետն ուղևորվել է Հաղպատ համայնք՝ մասնակցելու հիմնանորոգված միջնակարգ դպրոցի շենքի բացմանը: 192 աշակերտի համար նախատեսված այս կրթօջախում այսօր սովորում է 88 աշակերտ: Ծանոթանալով դպրոցի բարեկարգման ծրագրի արդյունքներին՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել կատարված շինաշխատանքներից:
Հաղպատի դպրոցը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 116.773.943 ՀՀ դրամ: Այն իրականացվել է 2013 թ. հուլիս-2014 թ. հունիս ժամանակահատվածում: Դպրոցի երրորդ հարկի ներքին հարդարման աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետարանը՝ ՀՀ կառավարության տրամադրած 4-րդ հրատապ ծրագրով՝ 18.997.923 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Կրթօջախին հատկացվել է 4.038.000 դրամին համարժեք դպրոցական գույք: Հիմնանորոգվել է դպրոցի տանիքը, վերակառուցվել է սանհանգույցային համակարգը, կատարվել են երեսպատման, ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, փոխարինվել են էլեկտրահաղորդալարերը և պատուհանները, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության համակարգեր, անցկացվել են հակահրդեհային ազդարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և կոյուղու արտաքին ու ներքին ցանցեր, վերակառուցվել է մարզադահլիճը և այլն:
Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Լոռու մարզի Ախթալա համայնքն էր: Վարչապետը նախ շրջայց է կատարել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ապա ներկա գտնվել համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացմանը: Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել նաև Ախթալա համայնքի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:
Լոռու մարզ Հայաստանի վարչապետի աշխատանքային այցն ավարտվել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում շրջայցով, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ընթացիկ և առաջիկա ներդրումային ծրագրերին:

 

Անկախ