Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև ի պաշտպանություն քեսաբահայության տեղի ունեցած հանրահավաքի մասին

10Այսօր՝ չորեքշաբթի, ապրիլի 16-ի առավոտյան թեհրանահայ համայնքը ի պաշտպանություն սիրիահայերի Թեհրանի ՄԱԿ-ի գրասենյակի առաջ դուրս էր եկել բողոքի ցույցի, որով կրկին եկավ իր ձայնը միացնելու  աշխարհասփյուռ հայության ցասումի ձայնին:

Պաստառներով եւ բարձրակոչ լոզունգներով ցուցարարների շարքում էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Նշան արքեպիսկոպոս Գարաքեհեյանը, Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտոր Կարեն Խանլարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը, «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Գեւիկ Մկրտչյանը, թեմի օրենսդիր եւ գործադիր մարմինների, ազգային իշխանությունների ու միությունների ներկայացուցիչներ:

Հանրահավաքը սկսվեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմնով, ապա իրավաբան Թալին Բանդարին պարսկերեն լեզվով ընթերցեց Քեսաբի հարձակման եւ դրան հաջորդող զարգացումների մասին պատմող հակիրճ հաղորդագրություն, որտեղ կոչ էր ուղղվում նաեւ դատապարտելու իրողությունը:

Թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն էլ իր ելույթ-կոչում  շեշտադրեց. «Թուրքիան սրանից 99 տարիներ առաջ նույն անմարդկային ոճրագործությունը իրագործեց երբ ավելի քան մեկուկես միլիոն հայերի սպանդի պատճառ եղավ:Եւ տակավին շարունակում է իր ցեղասպան կեցվածքը ցեղասպանության ուրացումով:Բայց թող ինքը եւ իր ժառանգորդները ու աշխարհի անարդար մարդիկ իմանան,որ հայ ժողովուրդը չէր ծնվել մեռնելու համար այլ ծնվել էր ապրելու համար եւ այսօր 99 տարին էր հետո Դեր Զորի անապատից ծնունդ առած մեր ժողովուրդը մեկ մարդու պես շարունակում է իր պայքարը:

Եւ այսօրվա մեր այս հավաքը սիրելիներ ուրիշ բան չէ եթե ոչ վկայությունը այն ճշմարտության,որ մենք իբրեւ քաղաքացիները Իրանի Իսլամական հանրապետության ամենինչ անում ենք,որպեսզի արդարությունը իր տեղը գտնի:Եւ այսօրվա այս հավաքը միջազգային հանգամանք ունեցող այս գրասենյակի դիմաց կոչ է նաեւ միջազգային կազմակերպությանը՝ՄԱԿ-ին,որպեսզի ինքը եւս հետամուտ լինի արդարության եւ ոչ թէ խամաճիկը դառնա Ամերիկայի եւ եւրոպական պետությունների:Մեր ակնկալիքն է, որ միջազգային ընտանիքը սթափվի եւ տեսնի պատմական ճշմարտությունները եւ ըստ այնմ կողմնորոշվի,որովհետեւ ժողովուրդների պատմությունը չի լինի կեղծիքի վրա հիմնել»:

Դոկտ. Կարեն Խանլարյանն էլ, որը ցուցարարների շարքում էր, իր խոսքում նշեց, որ.«Այսպիսով մենք ցանկանում ենք մեր բողոքը հայտնելՄԱԿ-ին եւ միջազգային ատյաններին այս ահաբեկչական խմբերի վայրագությունների հետ կապված:Միաժամանակ ցանկանում ենք մեր ժողովրդի,մեր համայնքի զորակցությունը հայտնել մեր սիրիահայ համայնքին եւ մեկ անգամ եւս հաստատագրել,որ եթե որեւէ մի վտանգ է սպառնում մեր ազգի որեւէ մի հատվածին, համայն հայությունը որպես մեկ ազգ,որպես մեկ կենդանի օրգանիզմ այս հարցերում լինում ենք պահանջատեր եւ միմիանց զորակցում ենք» :

Միանշանակորեն բոլոր ելույթ ունեցողները իրենց խոսքում դատապարտում էին Սիրիայում ծավալվող իրադարձությունները՝ հատկապես, երբ այն ուղղվում է հայ համայնքին

Քաղաքական փորձագետ Իսիկ Յունանեսյանը ընթերցեց վերջնագիրը եւ համահաւաքի ավարտին ցուցարարների անունից վերջնագիրը փոխանցվեց ՄԱԿ-ի ներկայացուցչություն:

Թեհրան՝«Ալիք»օրաթերթի լրագրող Արմինե Էլիազյան

Անկախ

Սերգո Կարապետյանը չի կիսում ՕԵԿ քաղաքական մտադրությունը եւ դուրս է եկել կուսակցությունից

սերգո կարապետյանՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը դուրս է եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից: Այս մասին Կարապետյանը հայտարարեց` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նախարարի պաշտոնակատարը որոշել է դուրս գալ կուսակցությունից` պայմանավորված կոալիցիոն համագործակցությունը դադարեցնելու ՕԵԿ որոշմամբ: «Երբ 2010 թվականի դեկտեմբերին առաջարկություն ստացա զբաղեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը և անդամագրվեցի «Օրինաց երկիր» կուսակցությանը , ՕԵԿ-ը դիտում էի որպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս և պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին: Սա է պատճառը, որ երբ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես չկիսելով այդ քաղաքական մտադրությունը և անկախ իմ հետագա պաշտոնավարումից, դուրս եմ եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից»,-ասաց Սերգո Կարապետյանը:

Անկախ

ՀՀԿ-ին հավատարիմ ՕԵԿ-ը լքեց կոալիցիան

4481511365241197Քիչ առաջ ավարտվել է “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որից հետո հայտնի է դարձել, որ ՕԵԿ-ն այլևս կոալիցիոն կառավարության մեջ նպատակահարմար չի գտնում իր գործունեությունը:

ՕԵԿ քվոտայով նախարարները՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը,  դուրս են եկել կուսակցության կազմից:

Ապրիլի 25-ին նախատեսվում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին: Հենց այդ ժամանակ էլ նա կպարզաբանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելու հարցը:

«Որոշում          

ք. Երևան, 16 ապրիլի 2014թ.

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի գնահատմամբ ՀՀ Նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը Հայաստանում ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ: Երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պահանջում են ունենալ ժողովրդի հեղինակությունը վայելող կիրթ, կենսունակ, ամուր, նորարարական, բարեփոխումները վճռական քայլերով առաջ մղող կառավարություն: Երկրի դժվարին սոցիալ տնտեսական իրավիճակը, ժողովրդին հուզող բազմաթիվ հիմնախնդիրները թելադրում են արդյունքին միտված, ժամանակակից միջազգային փորձով ամրապնդված մրցունակ կառավարության ծրագրի կենսագործում, որը հնարավորություն կտա կարճ ժամկետներում երաշխավորել տեսանելի արդյունքներ: Կուսակցությունը գնահատելով երկրի Նախագահի և ՀՀԿ-ի հետ կոալիցիայի շրջանակներում իրականացրած գործունեությունը, արձանագրում է, որ անցած 6 տարիների ընթացքում համատեղ ուժերով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Այդուհանդերձ ՕԵԿ-ը փաստում է, որ մեզ չի հաջողվում իրականացնել մեր բազմաթիվ նախընտրական ծրագրերը, որի վկայությունը, օրինակ, ավելի քան 2 տասնյակ օրինագծերն են, որոնք տարիներ շարունակ, գտնվելով Ազգային ժողովում, օրենքներ չեն դառնում, չնայած մեր բազմաթիվ քննարկումներին:

Արձանագրելով, որ դասական քաղաքական առումով քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն, ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ: Արդյունքում «իշխող քաղաքական կոալիցիա» հասկացության փոխարեն լայն շրջանառության մեջ է դրվել գերակա դարձած «իշխող քաղաքական ուժ» հասկացությունը: Կոալիցիոն գործընկերության ժամանակահատվածում նման ձևաչափը ՕԵԿ-ի համար երբևիցե հնարավորություն չի ստեղծել պետական կառավարման համակարգում երկրի զարգացմանն առնչվող շատ հիմնահարցերի լուծման և առանցքային պաշտոնների նշանակման հարցում ունենալ իր ազդեցությունը: Դրա վկայությունն են նախորդ ժամանակահատվածում 3 անգամ վարչապետ նշանակելու և 4 անգամ խորհրդարանի նախագահ առաջադրելու քաղաքական մեծամասնության միանձնյա որոշումները, ինչպես նաև ՀՀ Նախագահի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ օրերս տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունը, որի ժամանակ, չնայած ՀՀ Նախագահի բացառիկ իրավասությանը առաջադրելու վարչապետի թեկնածությունը, կոալիցիայի շրջանակներում չի քննարկվել ՕԵԿ-ի կողմից առաջադրած թեկնածուի հարցը՝ թերևս գուցեև այն հիմնավոր իրավական պատճառով, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, և դա բավարար է առանց կոալիցիոն գործընկերոջ համաձայնության առաջադրումներ կատարելու առանցքային քաղաքական պաշտոններում, ինչը հնարավորություն չի ընձեռում ՕԵԿ-ին՝ որպես կոալիցիոն կուսակցությանն, ունենալ որևէ ազդեցություն նման կարևոր որոշումների ընդունման գործընթացում:

ՕԵԿ-ը փաստում է, որ վերջին 6 տարիներին եղել է ՀՀ Նախագահի և ՀՀԿ-ի հուսալի գործընկերը բազմաթիվ դժվարին իրավիճակներում, փորձել է առավելագույնս ներգրավված լինել բարեփոխումների բարդ օրակարգի մեջ՝ մշտապես ցուցաբերելով սկզբունքային և շիտակ դիրքորոշում: Նույնը վերաբերում է նաև 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, երբ ՕԵԿ-ը վեր կանգնելով նեղ կուսակցական շահերից, իր վարկանիշի էական նվազման հաշվին թույլ չտվեց, որ երկրում մոլեգնի քաղաքացիական պատերազմը կամ երկիրը կանգնի արտաքին ագրեսիայի վտանգի առջև:

Կուսակցությունը գտնում է, որ նոր կառավարությունը պետք է ձևավորված լինի կիրթ, գրագետ, բարեփոխումների ունակ, երկրի արտաքին տնտեսական օրակարգը՝ Մաքսային Միությունից մինչև Եվրոպական Միություն, միջազգային ֆինանսական հաստատությունների և երկրի համար կարևոր գործընկերների հետ հավակնոտ օրակարգ ձևավորելու և կյանքի կոչելու ունակ թիմից:

ՕԵԿ-ը հրապարակային կերպով արտահայտել է իր մոտեցումը կառավարության ղեկավարի մեր թեկնածուի շուրջ: Մենք համոզված էինք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 4 տարի արդյունավետ կառավարել է Ազգային ժողովը, ունեցել է կարևոր դերակատարում Անվտանգության խորհրդի կայացման գործում՝ համակարգելով երկրի ներքին և արտաքին կարևորագույն ոլորտներում բարեփոխումներին ուղղված շուջ մեկ տասնյակ միջգերատեսչական, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության միջգերատեսչական հանձնաժողովների գործունեությունը, իրավունք ուներ հավակնելու երկիրը տնտեսական դժվարին իրավիճակից դուրս բերելու առանցքային դերակատարմանը՝ երկրի Նախագահի և կոալիցիոն դաշնակիցների հետ: Հաշվի առնելով 6-ամյա կոալիցիոն փորձառությունը, ՕԵԿ-ի՝ կոալիցիայի կազմում մնալու միակ հիմնավոր պատճառ կարող էր դիտարկվել իշխանության մեջ իրական դերակատարման ստանձնումը, ինչը չէր կարող դրսևորվել 3 նախարարական պորտֆելների շուրջ առաջարկությամբ: ՕԵԿ-ը գտնում է, որ երկրի առաջին դեմքերի կենտրոնացումը մեկ քաղաքական կուսակցության ձեռքում իրական հնարավորություն չի ստեղծում կոալիցիոն իշխանության գործունեության համար՝ ինչը վերջինիս տալիս է ոչ թե իրական, այլ ֆորմալ բնույթ:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ նախագահի հայտարարությունն առ այն, որ նա հրաժարվում է ապագայում այլևս զբաղեցնելու ՀՀ Նախագահի կամ վարչապետի պաշտոնները, ինչպես նաև գերակայություն է համարում ապագայում ևս Հայաստանի Հանրապետական կուսակցության  որոշիչ դերակատարությունը, ընդունելով, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն ունեցող կուսակցություն, ունի բավարար ներուժ միանձնյա ձևավորելու կառավարությունը և ստանձնելու լիարժեք քաղաքական պատասխանատվություն, ինչպես նաև, հաշվի առնելով ՕԵԿ-ի՝ ապագային միտված իր քաղաքական օրակարգը, ՕԵԿ-ը շնորհակալություն է հայտնում ՀՀ և ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը  համատեղ աշխատանքի համար, հաջողություն է մաղթում ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին իր գործունեության մեջ:

Ելնելով վերոշարադրյալից՝ ՕԵԿ քաղաքական խորհուրդը

Որոշում է

«Օրինաց երկիր» կուսակցության՝ քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար:

Հաշվի առնելով, որ կոալիցիայում ՕԵԿ-ը գործունեության հետագա շարունակումը դիտարկում է խնդրահարույց և ոչ նպատակահարմար՝  ՕԵԿ քաղաքական խորհուրդը բավարարեց ՕԵԿ նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի դիմումները կուսակցությունից դուրս գալու մասին և հաջողություն մաղթեց նրանց իրենց հետագա գործունեության մեջ:

ՕԵԿ Երևանի տարածքային և մարզային կուսակցական կազմակերպություններում քննարկել գործող քաղաքական կոալիցիայում ՕԵԿ անդամակցության նպատակահարմարության հարցը՝  ս.թ. ապրիլի 25-ին ՕԵԿ վարչության նիստում, կայացած քննարկումների արդյունքների հիման վրա քաղաքական խորհրդի որոշումը հաստատելու համար:

Հանձնարարել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Ա. Բաղդասարյանին հանրությանը պատշաճ իրազեկել կուսակցության ղեկավար մարմինների որոշումների մասին:

Քաղաքական խորհրդի որոշումն ընդունվեց միաձայն:

Անկախ

Երթ ի հիշատակ սիրիական պատերազմում նահատակվածների

Հայաստանում Սիրիայի դեսպանատանՔիչ առաջ Հայաստանում Սիրիայի դեսպանատան նախաձեռնությամբ Մատենադարանի դիմաց մեկնարկեց սիրիացի, արաբ, հալեպցի մի խումբ երիտասարդների երթը ի հիշատակ սիրիական պատերազմում զոհվածների: Երթի նախաձեռնության անդամները նախ երգեցին Սիրիայի, ապա Հայաստանի ազգային հիմները:

Նախաձեռնության անդամ Մանվել Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երթի նպատակն է հարգանքի տուքր մատուցել զոհվածների հիշատակին, ինչպես նաև իրենց աջակցությունը ցույց տալ ներկայումս Սիրիայում պատերազմական իրավիճակում գտնվող մարդկանց գտնվող մարդկան:

“Վաղը Սիրիայի անկախության տոնն է: Այս երթը նաև Սիրիայի անկախությանն է ուղղված: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Սիրիայում պատերազմը կավարտվի և դարձյալ խաղաղություն կտիրի”,- ասաց Մանվել Ոսկանյանը:

Երթի մասնակիցները սիրիական և հայկական դրոշներով, Բաշար ալ Ասադի լուսանկարներով և զանազան գրություններով պաստառներով Մատենադարանի դիմացից շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց՝ երթն ավարտելով Հայաստանում Սիրիայի դեսպանատան դիմաց:

 Անկախ

Ոչ իշխանական 4 ուժերը «հրաշալի քառյակը» պահպանելու ճիգեր են գործադրում

քառյակ2Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը կամ այսպես կոչված «հրաշալի քառյակը» քաղաքական նոր իրավիճակում նոր մարտավարություն և նոր համաձայնություն ձևավորելու փնտրտուքների մեջ են:

Վարչապետի հրաժարականը խառնեց առաջին հերթին նրանց խաղաքարտերը, և արդեն ակնհայտ է, որ ապրիլի 28-ին նախատեսված շուրջօրյա հանրահավաքները կարող են տեղի չունենալ:

Մինչև նոր կառավարության ձևավորումը, քառյակն էլ իր օրակարգը ձևավորած չի լինի` սպասելով կառավարության վերադասավարումներին: Այսօրվա դրությամբ ՀՅԴ-ն բանակցում է իշխանությունների հետ իր 7 կետերի շուրջ, ԲՀԿ-ն հայտնում է, որ կոալիցիա չի մտնի, բայց դեռ մտածում է, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն էլ ամբողջական իշխանափոխություն են պահանջում:

Պատահական չէ, որ ապրիլի 14-ին քառյակի երեք անդամներին ուղղված ՀԱԿ-ի հայտարարությանը, թե քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, առայժմ դրական արձագանք է հնչեցրել միայն «Ժառանգությունը»: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենք հենց սկզբից էլ համակարգային փոփոխությունների կողմնակից են եղել, ուստի լիովին աջակցում են Կոնգրեսի դիրքորոշումը:

big_516456a7fc5f2c19a777133908dec364Ապրիլի 16-ին քառյակի հերթական նիստից հետո ակնկալվում էր, որ ՀԱԿ-ի հայտարարության վերաբերյալ կողմերը դիրքորոշում կհայտնեն: Սակայն պարզվեց, որ նրանք հանրությանն ասելու ոչինչ չունեն` չնայած որ քննարկել են հարցը:

«Մամուլին ավելին չեմ կարող հայտնել, քան ձեռք բերված պայմանավորվածությունն է»,-շուրջ երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հայտնեց միայն, որ կողմերը քննարկել են կուտակայի վերաբերյալ ՍԴ որոշման երկիմաստ և թերի լինելու հարցը և դրա հետ կապված անելիքները, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակում՝ վարչապետի նշանակում, կառավարության ձևավորում, նոր ծրագրի առաջադրում, քառյակի գործունեությունը:

«Այս պահին առաջարկները, գնահատականներն ու հեռանկարի հետ կապված հույսերը տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ՀՅԴ կողմից առաջարկված 7 կետերից որոշներն ընդունվել են ՀՀԿ-ի կողմից, Արմեն Ռուստամյանն ասաց, որ իշխանությունները որոշ կետեր ընդունում են, բայց ոչ իրենց պատկերացրած ձևով: «Օրինակ, մենք այսօր հստակ չունենք այն տպավորությունը, որ իրենք գնում են մեր պատկերացրած խորհրդարանական համակարգին»,-ասաց նա:

Դաշնակցականներն այսօր տեսնում են, որ իշխանությունների կողմից վերապահումով է ընդունվում խորհրդարանական համակարգին անցնելու իրենց առաջարկը, անհասկանալի են մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունները, հարյուր տոկոս համամասնականի հետ կապված երաշխիքներ չեն տրվում և այլն:

Ուստի, եթե իրենց առաջարկները մասնակիորեն էլ ընդունվեն, միևնույն է` իրենք իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանելու են, մինչև յոթ կետերը լիարժեք չընդունվեն. «Կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ կառավարության մեջ չես: Հիմա մի նախարար կունենաս, թե տասներկու, մինույնն է, որովհետև այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, և Դաշնացության շատ տեսակետներ կհստակեցվեն հենց այդ ընթացքում:

Ի դեպ, քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու հարցը՝ ելնելով արդեն ՍԴ որոշումից: Փորձելու են հասնել նրան, որ օրենքում հստակեցվեն ՍԴ որոշման արդյունքում անորոշ մնացած դրույթները: Հնարավոր է, որ այդ հարցով առաջիկա քառօրյայում պահանջեն արտահերթ նիստ հրավիրել:

Քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ, իսկ այդ ժամանակ արդեն շատ հարցեր առավել հստակ կլինեն:

Այնուամենայնիվ, Ռուստամյանը, ի հեճուկս բոլոր «չար գուշակողների», հայտարարում է. «Քառյակը շարունակում է աշխատել արդյունավետ»:

203542ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, սակայն, այնքան էլ համամիտ չէ այդ կարծիքին: Նախ նա արձանագրում է, որ քառյակը` որպես քաղաքական միավոր, չի ձևավորվել: «Այն ձևավորվել է ընդամենը կառավարության հրաժարականի պահանջի շուրջ` ի դեմս Տիգրան Սարգսյանի: Հիմա նոր իրավիճակ է, և նմանատիպ խնդիր այս պահին չկա: Սահմանադրությունն էլ հուշում է, որ մինչև ապրիլի 28-ը կառավարության ծրագիրն էլ պարզ չի լինի, և ոչ իշխանական ուժերը քննարկելու ու քննադատելու բան էլ պետք է որ չունենան: Հետևաբար, քառյակի գործունեությունը, որոշումները, հավաքները, «աժիոտաժ սարքելը»  ընդամենը իրենց գործունեությունը թեժ պահելու միջոց է, մինչև հետագայում կողմնորոշվեն ինչ որ հարցեր լուծելու կամ չլուծելու առումով»:

Սահակյանը նշում է, որ եթե պետք է դեռ բան չարած սկսեն նոր կառավարությանը քննադատել, ժողովուրդն էլ կհասկանա, որ ուրեմն այն ժամանակ էլ ընդամենը հավաքվել էին ինչ որ ներքին խնդիրներ լուծելու համար: Իսկ եթե պետք է այսօրվանից իշխանությանն ընդդիմանան` պատրաստվելով 2017-18 թվականներին, ապա դա էլ մի փոքր շուտ են սկսել:

Ինչ վերաբերում է քառյակին ուղղված ՀԱԿ-ի կոչին` պահանջել Սերժ Սարգսյանի և նրա իշխանության հրաժարականը, ապա Հովհաննես Սահակյանը կարծում է, որ դրանով ՀԱԿ-ն ուզում է ղեկավարել «հրաշալի քառյակը», և պատահական չէ, որ նմանատիպ հայտարարություն արեց այն ժամանակ, երբ պայմանները հնարավորինս բարենպաստ էին: «Եթե մի քիչ էլ էսպես շարունակվի, ապա ՀԱԿ-ը դառնալու է «հրաշալի քառյակի» լոկոմոտիվը և ինքն է որոշելու ձևաչափը»,-ենթադրում է Սահակյանը:

Այնուամենայնիվ, նա պնդում է, որ իշխանությունները ռեալ պատկերացում ունեն իրականության մասին, և գիտեն, որ ընդդիմության օրակարգում այսօր որևէ լուրջ գործընթաց չկա: Երբ ինչ որ լուրջ, առանցքային շեշտադրումներ լինեն, այդ ժամանակ էլ իրենք հետևություններ և համապատասխան քայլեր կիրականացնեն:

Անի Գասպարյան

 

Անկախ

 

 

 

Կարմիր բլուր հնավայրում վերջերս հայտնաբերված գտածոները՝ ցուցահանդեսում

Կարմիր բլուր հնավայր, գտածոներ,ցուցահանդես

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի սրահում «Պատմության հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսում ներկայացված են Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրում հայտնաբերված գտածոները, որոնք թվագրվում են  Ուրարտուի ժամանակաշրջանից մինչև մ.թ. 1-ին դար։ 40 հա տարածքով այս հնավայրը բաղկացած է նախաուրարտական բնակավայրից, միջնաբերդ ունեցող ուրարտական քաղաքից։ Մ.թ.ա. 6-րդ դարից մ.թ. 1-ին դարը այն ծառայել է որպես դամբարանադաշտ։ Ցուցադրությունում ներկայացված են կենցաղային խեցեգործական ու ապակե առարկաներ, զարդեր, զենքի բրոզե մասեր և այլն։

Տարածքը հայտնաբերվել 1939թ., առաջին պեղումներն ավարտվել են 1968թ.. դրանց ընթացքում պարզվել է նաև քաղաքի անունը, որը արձանագրությունում նշվում է Թեյշեբաինի անվամբ։

Հնավայրում պեղումների երկրորդ շրջանը սկսվել է մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմամբ պայմանավորված ճանապարհաշինական ծրագրի արդյունքում։ Երևանի քաղաքապետարանի նախագծով այստեղ կառուցվելու է ասֆալտապատ ճանապարհ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը, ինչպես նաև կամուրջ՝ Հրազդանի կիրճի լայնությամբ:

«Մենք ունենք բավականին ճկուն նախագիծ՝ ամենատարբեր ճանապարհաշինական լուծումներով, ինչպես, օրինակ, որոշակի հատվածներում սյուներ կիրառելու տարբերակն է, որպեսզի հնավայրը չվնասվի։ Այստեղ ճանապարհի կառուցումը դեռևս խորհրդային տարիներին էր ծրագրված։ Ծրագիրը նախաձեռնելիս պարզ էր, որ որոշակի վիճահարույց կողմեր կան, քանի որ վայրը պատմահնագիտական հուշարձան է։ Հետևաբար ձևավորվեց աշխատանքային խումբը՝ մասնագետների, հասարակական կազմակերպությունների՝ շահագրգիռ բոլոր կողմերի  ներկայացուցիչների ներգրավմամբ, և բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվեց, որ նախևառաջ անհրաժեշտ է պեղումներ կազմակերպել, որպեսզի որևէ հնություն գետնի տակ չմնա։ Այդպիսով, ճանապարհի կառուցումը դարձավ պատճառ, որ հայտնաբերվի Կարմիր բլրի դամբարանադաշտը։ Նախագիծը փոխըմբռնման եղանակով է արվում, որպեսզի և՛ քաղաքը շահի, և՛ մեր պատմամշակութային արժեքները վերհանվեն ու ևս մեկ անգամ ներկայացվեն հանրությանը, աշխարհին»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հավելել, որ ճանապարհի կառուցումը նաև մեխանիկորեն կսահմանափակի Կարմիր բլրին հարակից գերեզմանի ընդլայնումը։

Անկախ

 

Հայաստանի եզդի համայնքը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետին` ազգային տոնը շնորհավորելու համար

Հայաստանի եզդի համայնքը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետին` ազգային տոնը շնորհավորելու համարԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Եզդիների ազգային տոնի`Տաուսի Մալակիի կապակցությամբ, քաղաքապետի խորհրդական  Արայիկ Քոթանջյանը փոխանցել է Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանին: Հայ-եզդիական դարավոր բարեկամությունը բազմաթիվ ծրագրերով կյանքի է կոչվում նաև Երևանում: Եզդի համայնքն իր ուրույն տեղն ունի  մայրաքաղաքային սոցիալ-տնտեսական ու մշակութային առօրյայում, իսկ համայնքի խնդիրները այսուհետ էլ մշտապես գտնվելու են Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո:

Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը շնորհակալություն է հայտնել  բարեմաղթանքների համար և խնդրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել  եզդի համայնքի երախտագիտությունը`մշտապես ցուցաբերվող աջակցության և կոնկրետ խնդիրների լուծմանը նպաստելու համար: Հասան Թամոյանն ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը Երևանի առաջին քաղաքապետն է, ով ամեն տարի շնորհավորում է եզդիների բոլոր ազգային տոները, պարբերաբար պարգևատրում և խրախուսում եզդի համայնքի ներկայացուցիչներին:

 Անկախ

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցչին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցչին   Ապրիլի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Անգելո Գնեյդինգերին:

Նախարար Նալբանդյանը և հատուկ ներկայացուցիչ Գնեյդինգերն անդրադարձան Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության շրջանակներում հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ։

Էդվարդ Նալբանդյանն ու Անգելո Գնեյդինգերը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Անգելո Գնեյդինգերը վերահաստատեց ԵԱՀԿ շվեյցարական նախագահության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների, հատկապես ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ։

Անկախ

Դոլարը իջնում է

դոլարԱպրիլի 16-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 8,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414 դրամ:

Անկախ

Անցկացվել են երկկողմ պաշտպանական քննարկումներ

   Ապրիլի 15-ից 16-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Ֆրանսիայի ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչների միջև ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի ռազմական կցորդի մասնակցությամբ անցկացվել են երկկողմ պաշտպանական քննարկումներ:

Քննարկումները հիմնականում վերաբերել են հայ-ֆրանսիական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերին:

Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է քննարկումների համար Երևանում գտնվող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը` մասնավորապես ռազմական կրթության, ռազմական առողջապահության և խաղաղապահ գործողությունների բնագավառներում:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանը և Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության պետ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Ա.Վիլլերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության լրամշակված պլանը:

 

Անկախ 

Դ!ԵՄ ԵՄ. ՀՀ նախագահին ուղղված նամակ-պահանջի ձևանմուշ

դեմ եմԱյսօր ՀՀ գործադիր իշխանությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ակնհայտորեն ոտնահարում է թե՛ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, և թե՛ ՍԴ որոշումը. անկախ անձի կամքից ու հայեցողությունից շարունակվում են ապօրինի ձևով գանձվել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:

Այս իրավիճակում, երբ կառավարությունը ոտնահարում է Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը, երկրի նախագահը պարտավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ օր առաջ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշման պահանջների անվերապահորեն կատարման ապահովման ուղղությամբ:

Սույն նամակ-ձևանմուշով (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC) մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից, որպես ՀՀ քաղաքացի, ում համար Սահմանադրությունն ու դրանով ամրագրված սկզբունքները բացարձակ արժեքներ են, պահանջում է երկրի նախագահից ապահովել Սահմանադրության պահպանումը՝ ստիպելով գործադիր իշխանությանը պատշաճ կատարել ՀՀ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշումը:

 

Հասցե՝

ՀՀ, ք. Երևան 0077, Մ. Բաղրամյան 26
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Պարոն Սերժ Սարգսյանին

 

Հարգանքներով`

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդՈստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս ձեզ, ունի կայացած և ամուր պետական կառույց: Դուք արժանապատվորեն և լիարժեք իրականացնում եք ձեր առաքելությունը:

Գաղտնիք չէ, որ ոստիկանության աշխատանքը որևէ երկրում և մանավանդ Հայաստանում միշտ գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում, և ոստիկանի վարքն ու դիմագիծը ուղղակիորեն կապվում են երկրի և պետության նկարագրի հետ: Այս առումով դուք լրացուցիչ պատասխանատվություն ունեք: Անհրաժեշտ է նշել, որ վերջին շրջանում մեր ոստիկանության աշխատանքում ակնհայտ է դրական տեղաշարժը: Սա արդյունք է բարեփոխումների մի տևական շղթայի, որ հաջողությամբ իրականացվել է ոստիկանության համակարգում, բայց դա նաև արդյունք է հոգեբանական փոփոխության, որ տեղի է ունենում մեր հասարակության մեջ: Դրականորեն փոխվում է ոչ միայն հասարակության վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, այլև ոստիկանի վերաբերմունքը հասարակության հանդեպ: Իհարկե, մենք դեռ հեռու ենք ցանկալի նշանակետից, բայց հուսադրող է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով և արձանագրում ձեռքբերումներ:

Հայաստանի քաղաքացին ձեզ է վստահել իր ունեցվածքի և հասարակական կարգի պաշտպանությունը: Դուք քայլ առ քայլ ձեր աշխատանքով ապացուցում եք, որ արժանի եք այդ վստահությանը: Ցավոք, դեռ կան այդ վստահությունը չարաշահողներ: Համոզված եմ, որ անողոք եք լինելու նման դրսևորումների հանդեպ և բացառելու եք ոստիկանի ուսադիրների արատավորումը: Նման վճռական կեցվածքը ձեր շարքերում մենք արդեն տեսնում ենք:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ. միշտ քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ, եղեք արդիական թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ:

Անկախ

Տնօրենն ու աշխատակիցները մեղադրում են միմյանց, իսկ արդյունքում տուժում են գիշերօթիկի սաները

Բյուրեղավանի-երեխաների-խնամքի (1)10250  բնակիչ ունեցող Բյուրեղավանը վերջին օրերի ընթացքում գտնվում է լրատվամիջոցների համակ ուշադրության կենտրոնում: Պատճառը Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում ծագած սկանդալն է:

Վերջերս «Անկախը» և հայաստանյան այլ լրատվամիջոցներ ստացել էին անանուն բաց նամակ, որում հաստատության մի քանի աշխատակիցներ հայտարարում են, որ կենտրոնի տնօրենը բազմիցս խախտել է թե աշխատակիցների, թե երեխաների իրավունքները: Ըստ նամակի` տնօրեն Գայանե Մարգարյանը երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսում երեխաներին կերակրելու համար, իսկ  ստուգումների ժամանակ երեխաները զարմանում են ուտելիքի առատությունից և բազմազանությունից: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն  անմիջապես հերքել է նամակում ներկայացված բոլոր մեղադրանքները:

«Անկախը» մի քանի անգամ Բյուրեղավան է այցելել: Բնակիչներն անտեղյակ են հաստատությունում տիրող իրավիճակին, իսկ աշխատակիցները խուսափում են որևէ հարցի պատասխանել և սահմանափակվում են «ոչ», «այո» և «ես միայն իմ գործն եմ անում ու ոչինչ չեմ նկատել» արտահայտություններով:

«Ամեն ինչ անհիմն է, ապատեղեկատվություն է», – հենց դռան շեմից հայտարարեց տնօրեն Գայանե Մարգարյանը:

Նա հրաժարվեց մանրամասնորեն բացատրել նամակում առկա մեղադրանքները` ասելով, որ «քննություն  է կատարվում և ամեն ինչ շուտով ջրի երես դուրս գալու»:

«Այսքան աշխատանք հիմա որ դուք տեսնում եք, իմ կատարած աշխատանքն է, ես եմ արել: Երեխաները սիրում էլ են ինձ , հարգում էլ են»,- ասում է Մարգարյանը` հավելելով, որ իր «դեմ են դուրս եկել»  ընդամենը երեք աշխատակիցներ:

Նամակում աշխատակիցները նշում են, որ  կան   իրականում գոյություն չունեցող հաստիքներ  և տնօրենը դրանց համար նախատեսված աշխատավարձերը գրպանում է: Ի պատասխան Մարգարյանն ասում է. « Ճիշտն ասեմ՝ կան հաստիքներ, որոնք իրենց նպատակին չեն ծառայում: Եթե ունենք փոխտնօրեն դաստիարակության գծով, ավագ դաստիարակի հաստիք այլևս անհրաժեշտ չէ: Ավագ դաստիարակի հաստիքը  կրճատվելուց հետո ես նրան տվել եմ հրահանգչի աշխատանքը, բայց էլի նույն պաշտոնն է կատարում: Գրադարանավարի կես դրույքը կրճատվեց, մինչև 150 երեխան 0,5 հաստիք է գալիս, դրանից ավել մեկ հաստիքային միավոր:  Հաստիքի միավորները լրացվում են գրքերի քանակով ու չնայած 0,5  էր, ես ավելացրի նրան  որպես դաստիարակ, և իր աշխատավարձի թիվը պահպանել եմ: Ահա թե ինչպես մեկ դրույքը դարձավ կես , բայց իրենց աշխատավարձերը չկրճատվեցին»,- հավելեց նա:

Ոչ երեխաները, ոչ էլ տնօրենը չեն հերքում, որ երբեմն-երբեմն Գայանե Մարգարյանը հարվածել է երեխաներին. «Եթե երեխաների վրա ջղայնացել եմ, ապա դա նրանց` իրենց գործառույթները լավ չկատարելու պատճառով է»:

«Ինքը որ մեզ տփում էր, ինքը մեր երկրորդ մերն ա: Ո՞ւմ մերը իրան չի տփել, ո՞ւմ մաման իրան չի խփել: Եթե մեկը ասի, որ իրա մաման իրան չի խփել, կարող ա խաբում ա»,-ասաց երեխաներից մեկը (Երեխաների արտաքին տեսքն անխնամ էր, հագուստը`  կեղտոտ, մինչդեռ դպրոցում կա և լվացք անողի և արդուկ անողի հաստիք):

Ծնողները ևս ամեն կերպ պաշտպանում են տնօրենին:

«Մեր երեխան վեց տարի ա հաճախում է դպրոցը, ես ապշած եմ մնացել, տենց բան չի եղել»,-ասում է  արդեն վեց տարի այդ դպրոց  հաճախող Վիրաբի մայրը:

Նամակի հեղինակներից մեկը , ով խնդրեց չնշել իր անունը,  այս ամենի իր բացատրությունն  ունի: Նա նշում է, որ բազմիցս հոգեբանական ճնշում է կիրառվում և երեխաների, և նրանց ծնողների վրա: Երեխաները շատ անբարյացկամ են վերաբերվում այն աշխատակիցներին, ումը  տնօրենը կասկածում է: «Քանի անգամ ավելորդ պատասխաններ են տվել, քանի անգամ ընբոստացել են դաստիարակին: Տնօրենը դրդում է նրանց այդպես վարվել: Եվ ոչ միայն տնօրենը, այլև տնտեսագետը, որի համախոհն է տնօրենը, վարորդը, որ իր տղան է:  Երեխաներին կաշառում են. փող են տվել, նվերներ են առել, վարորդը անգամ ծխախոտ է տվել` իրենց դեմ չխոսելու համար»:

Նրա խոսքով` ծնողներն էլ իրականությունը կոծկելու իրենց պատճառներն ունեն. տնօրենը սպառնում է, որ նրանց երեխաներին կհանի դպրոցից:

«Ծնողներն  այնքան խեղճ են, այնքան սոված են, որ վախենում են , որ իրենց  երեխաները կմնան դուրսը: Երեխաներն էլ, ծնողներն էլ պարզ է, թե ինչ պետք է ասեն»:

Մեր աղբյուրը նշում է, որ իրենց նպատակը պաշտոն ստանալը չէ, քանի որ իրենք բոլորն էլ մեկ-երկու տարուց հետո  անցնելու են թոշակի. «Թող ինքը դիմում տա, դուրս գա, մեր կոլեկտիվը նորմալ կաշխատի: Մենք հրաշալի փոխտնօրեն ունենք, որ ոչ մի ակնկալիք չունի այդ աթոռից»:

Նշենք, որ ոստիկանության  Կոտայքի բաժինը նյութեր է նախապատրաստում նամակի առթիվ:

Անկախ

«Մի նախարար կունենաս, թե տասներկու, միևնույն է, այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես լինի». Արմեն Ռուստամյան

Armen-Rustamyan48-e1354281632331Այսօր կրկին խորհրդարանական քառյակը հրավիրել էր նիստ: Այս անգամ հրավիրող կողմը Դաշնակցությունն էր: Նիստի ժամանակ կողմերը քննարկել են կուտակայի վերաբերյալ ՍԴ որոշման երկիմաստ և թերի լինելու հարցը և դրա հետ կապված անելիքները, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակում՝ վարչապետի նշանակում, կառավարության ձևավորում, նոր ծրագրի առաջադրում, քառյակի գործունեությունը:

«Այս պահին առաջարկները, գնահատականներն ու հեռանկարի հետ կապված հույսերը տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,-երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ՀՅԴ կողմից առաջարկված 7 կետերից որոշներն ընդունվել են ՀՀԿ-ի կողմից՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք ասել ենք, եթե ամբողջապես ընդունեն, սա բոլորովին այլ որակի աշխատանք է ենթադրում, բայց էդ ամբողջապես ընդունելը նշանակում է, որ ամբողջապես պետք է կատարի նա, ով դա առաջարկում է: Հիմա չունենք էդ վիճակը, մեր վարչապետը չի, ինչպես տեսնում եք: Բնականաբար, սա արդեն խոսում է այն մասին, որ այդ ամբողջականությունը չկա:  Իսկ եթե չկա, ապա հարց է առաջանում՝ ինչ որակի և չափի կլինի իշխանությունների կողմից այդ ընկալումը և հատկապես որ կետերը կընդունվեն»:

Նրա խոսքով, իշխանությունները որոշ կետեր ընդունում են, բայց ոչ իրենց պատկերացրած ձևով: «Օրինակ, Մենք այսօր հստակ չունենք այն տպավորությունը, որ իրենք գնում են մեր պատկերացրած խորհրդարանական համակարգին»,-ասաց Ռուստամյանը:

Մի խոսքով՝ Ռուստամյանը գտնում է, որ իշխանությունների կողմից վերապահումով է ընդունվում խորհրդարանական համակարգին անցնելու իրենց առաջարկը, անհասկանալի են մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունները, հարյուր տոկոս համամասնականի հետ կապված երաշխիքներ չեն տրվում և այլն:

«Մենք իհարկե ակնկալում էինք, որ մեր յոթ կետերը չէին կարող լիարժեք ընդունվել, քանի որ դա նշանակում է իշխանության ռեսուրսների թուլացում»,-ասաց Ռուստամյանը՝ հայտարարելով, որ իրենք էլ մասնակիորեն չեն կարող կառավարության մաս կազմել,-կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ կառավարության մեջ չես: Հիմա մի նախարար կունենաս, թե տասներկու, մինույնն է, որովհետև այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես»:

Ռուստամյանը նաև ասաց, որ եթե անգամ իրենց առաջարկները մասնակիորեն ընդունվեն, միևնույն է՝ իրենք իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանելու են, մինչև յոթ կետերը լիարժեք ընդունվեն:

Ռուստամյանը հիշեցրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, և Դաշնացության շատ տեսակետներ կհստակեցվեն հենց այդ ընթացքում:

Նա հայտնեց, որ քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ՝ արդեն ելնելով ՍԴ որոշումից և փորձելու է հասնել նրան, որ օրենքում հստակեցվեն ՍԴ որոշման արդյունքում անորոշ մնացած դրույթները:

Հնարավոր է, որ քառյակն այդ հարցով առաջիկա քառօրյայում պահանջի արտահերթ նիստ հրավիրել:

Նաև ավելացրեց, որ քառյակը գործում է՝ ի հեճուկս բոլոր չար գուշակողների: «Մենք շարունակում ենք աշխատել արդյունավետ»,-ասաց նա:

Քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, այդ ժամանակ արդեն շատ հարցեր առավել հստակ կլինեն:

Անկախ

Գյուղատնտեսության նախարարության պատասխանը «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանին

20.09.12-7417իշխան ձուկՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնում են, որ արձագանքելով «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանի օրերս արված հայտարարությանը՝ հանրապետությունում գործող ձկնաբուծարանները լիցենզավորելու պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար ձկնաբուծարանների կողմից 15,0 մլն դրամ պետական տուրքի վճար սահմանելու մասին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է՝

–          Արթուր Աթոյանի հայտարարության մեջ նշված վերոհիշյալ «փաստերը», մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Լիցենզավորման պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար 15,0 մլն դրամ պետական տուրք վճարելու մասին  հիշատակումները ընդհամենը պարոն Աթոյանի երևակայության արդյունքն են:

–          Արարատյան հարթավայրի ընդերքի ջրերի վտանգված պաշարներն այսօր հրամայական են դարձնում նշված ջրերի նպատակային  և  արդյունավետ օգտագործման նկատմամբ գործուն վերահսկողության սահմանումը:

Քանի որ Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերի գերակշիռ մասն օգտագործվում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարանների կողմից, բնականաբար, քննարկումներ են իրականացվում նաև ձկնաբուծարաններում խնայողության մի քանի տարբերակներ ներդնելու ուղղությամբ: Դրանցից մեկը ձկնաբուծարանների լիցենզավորումն է, որի շրջանակներում էլ նախատեսվում է ձկնաբուծարաններում կիրառել ջրի խնայողության փակ և կիսափակ շրջապտույտով համակարգեր: Ի դեպ, այս տարբերակի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական մոտեցում չի ցուցաբերվել:

Անկախ

Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը

պնՍ.թ. ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը և Վիեննայի 2011թ. փաստաթուղթը չեն հանդիսանում զսպող գործոններ, ինչը հանգեցնում է սպառազինությունների մրցավազքի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող մարդու իրավունքների, բարեվարքության, թափանցիկության, բանակ-հասարակություն կապի և այլ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Անկախ 

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին

տտՀայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին:
Ողջունելով ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին՝ կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար, քանի որ մենք շարունակելու ենք ավելի զարգացնել և ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ մեր համագործակցությունը: Ես համոզմունք ունեմ, որ դա շատ կարևոր է մեր երկրի, տնտեսության, քաղաքացիական հասարակության համար: Սա երրորդ աշխատանքային օրն է իմ նշանակվելուց հետո, և կարևորելով այս ոլորտի ապագան և կառավարության հետ համագործակցությունը՝ ես տրամադրված եմ ավելի ակտիվացնելու մեր հանդիպումներն ու քննարկումները, լսելու ձեր մտահոգությունները և առաջարկությունները: Իմ մոտեցումը լինելու է գործնական. ոչ միայն այս ոլորտի, այլև բոլոր ոլորտների հետ մեր բոլոր պայմանավորվածությունները լինելու են խոսք և պատասխանատվություն: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը և առաջարկությունները»:
Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը հակիրճ ներկայացրել է մինչ օրս կառավարության և ՏՏ ոլորտի միջև ծավալված համագործակցությունը և իրականացված ծրագրերը. ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր, գործում է ՀՀ վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, արդեն ավանդույթ են դարձել պարբերական հանդիպումները և քննարկումները տարբեր ձևաչափերով: Մասնավորապես նման համագործակցության վերջին արդյունքը ՏՏ ոլորտում նոր ստեղծվող ձեռնարկությունների արտոնությունների տրամադրման նախագիծն էր, որը կառավարությունն ուղարկել է ԱԺ՝ նպատակ ունենալով առանձնահատուկ պայմաններ ստեղծել տեխնոլոգիական ձեռնարկատիրության խթանման համար:
ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ ՀՀ վարչապետը ներկաների հետ քննարկել է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման արդյունքում ստեղծված իրավիճակը և կարևորել երկխոսության ձևաչափի շրջանակում հարցերի շարունակական քննարկումը: Վարչապետը կարևորել է կադրերի պատրաստման խնդիրը՝ այն համարելով առանցքային ոլորտի հետագա զարգացման համար:
Անդրադարձ է արվել նաև մարզերում ՏՏ բնագավառի զարգացմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել այս հանդիպումները՝ համագործակցության և երկխոսության ճանապարհով ցանկալի արդյունքների հասնելու համար:

ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակից Վ. Ծ.-ի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` Վ. Ծ.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, իր գործընկեր Մ. Մ.-ից 2014թ. մարտի 31-ին որպես կաշառք անձամբ ստացել է գումար` նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` 5 բջջային հեռախոս ՔԿՀ դատապարտյալին փոխանցելու համար:
2014թ. ապրիլի 1-ին Վ. Ծ.-ն բջջային հեռախոսները թաքցրել է իր համազգեստի բաճկոնի տակ և փորձել է այն անցկացնել ՔԿՀ-ի տարածք, սակայն ՔԿՀ-ի աշխատասենյակում ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ իր մոտից հայտնաբերվել և վերցվել է նշված 5 բջջային հեռախոսը:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

10 փոփոխություն ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում

գորիկ, կարենՕմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջարկով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ձերբակալված անձանց պահման վայրում առկա թերությունները շտկելու ուղղությամբ: Շուրջ 20 օրերի ընթացքում արվել են հետևյալ բարեփոխումները.

  1. Այսուհետ համապատասխան մատյանում պարտադիր կերպով կնշվի ձերբակալվածների ընդունման ժամը` բացառելով ձերբակալվածներին սահմանված ժամից ավել պահելու հավանականությունը:
  2. Խցում եղած անբարեկարգ վիճակը շտկելու համար կատարվել են համապատասխան վերանորոգման աշխատանքներ:
  3. Նախկինում կարգավորված չի եղել ձերբակալված անձանց զանգերի  իրավունքի ապահովման հարցը, այժմ արդեն տեղադրված հեռախոս-ավտոմատի միջոցով ձերբակալվածները կկարողանան զանգել:
  4. Ձերբակալվածների տեսակցությունները իրենց հարազատների հետ կկանոնակարգվեն և դրանց օրերն ու ժամերը ֆիքսելու համար կլինեն հաշվառման մատյաններ:
  5. Պաշտպանը մտահոգություն է հայտնել ձերբակալված անձանց՝ 72-ժամից ավել պահելու հավանականության վերաբերյալ, որի արդյունքում ԱԱԾ տնօրենի կողմից հանձնարարվել է, ԱԱԾ քննչական վարչության հետ համագործակցությամբ, խստագույնս բացառել դրա հնարավորությունը:
  6. Իրականացվել է խցերի սանհանգույցների ամբողջական մեկուսացումը խցի բնակելի մասից:
  7. Զբոսանքի վայրում տեղադրվել է նստարան:
  8. Նախկինում ձերբակալված անձանց համար չի նախատեսվել ճաշացանկ, այսուհետ այն կփակցվի համապատասխան վայրում:
  9. Խցում եղել է 2 մահճակալ, որից մեկը դուրս է բերվել՝ ապահովելու համար Օրենսդրությամբ սահմանված  մեկ անձի համար նախատեսված 4 քմ պահանջը:

10.  Բռնության հնարավոր դեպքերը բացահայտելու և կանխելու նպատակով այսուհետ կարձանագրվեն հարցաքննությունից հետո ձերբակալվածների մոտ մարմնական վնասվածքների առկայությունը կամ բացակայությունը:

 

Նշված խնդիրներն արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից: Օմբուդսմենը կարևորում և  բարձր է գնահատում Ազգային անվտանգության ծառայության հետ կառուցողական համագործակցությունը՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և համատեղ ուժերով դրանց արդյունավետ լուծումներ տալու գործում:

Ղազախստանի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Աբրահամյան հովիկՎարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Կարիմ Մասիմովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը:
Իր հերթին, վարչապետ Աբրահամյանը ևս շնորհավորել է Կարիմ Մասիմովին՝ Ղազախստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: