Ապրիլի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.5 դրամ:
NASDAQ OMX Armenia
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը համամիտ չէ կարծիքին, թե Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել առաջին հերթին ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը» կապելու համար: Նա չի կարծում, որ ինչ-որ մեկը որևէ ձևով կարող է կապել ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը»:
«Մեր ձեռքն ու ոտքը հնարավոր կլինի կապել միայն լավ աշխատանքի և դրա արդյունքները տեսանելի դարձնելու դեպքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լյովա Խաչատրյանը` նշելով, որ միակ բանը, որ իրենք ցանկանում են, կառավարության կողմից արդունավետ աշխատանք տեսնելն է: Մյուս կողմից էլ ԲՀԿ-ական պատգամավորը չի կարծում, որ լավ աշխատանքով էլ հնարավոր կլինի իրենց ձեռքերը կապել, քանի որ այդ դեպքում էլ իրենք ակտիվ կմասնակցեն այդ աշխատանքներին:
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով` Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ունի բոլոր հնարավորություններն իր առջև դրված խնդիրներն իրագործելու համար:
«Հովիկ Աբրահամյանն ունի կազմակերպչական հմտություններ: Մենք միասին աշխատել ենք Արարատի մարզում, ես շատ լավ ծանոթ եմ նրա աշխատաոճին»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով` Հովիկ Աբրահամյանն իր կենսագրության, աշխատանքային փորձի, հեռատեսության և կազմակերպչական ընդունակությունների շնորհիվ լիովին կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն իր առջև: ՀՀԿ-ական պատգամավորը նոր վարչապետի ընտրությունը ճիշտ է համարում: Ըստ նրա` շուտով բոլորը կզգան այդ ընտրության դրական արդյունքները:
Ապրիլի 15-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 140 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 80 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 115 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 276 263 458 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6851 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8200 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկու հրամանագրեր է ստորագրել, որոնցով Էդվարդ Նալբանդյանին նշանակել է ՀՀ ԱԳ նախարար, իսկ Սեյրան Օհանյանին` ՀՀ պաշտպանության նախարար:
Հրամանագրերում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:
Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»:
«Ակնհայտ է` նոր վարչապետի նշանակումը ցույց տվեց, որ հաղթեց Հանրապետական կուսակցության օլիգարխիկ թևը, այսինքն` կուսակցությանը մի քանի տարի առաջ անդամագրված տեխնոկրատների խմբին փոխարինեցին նրանք, ովքեր հենց այդ կուսակցության հիմքն են: Նախագահը հայտարարարեց, որ նոր կառավարությունը շարունակելու է նախկին կառավարության ծրագիրը, և, ըստ իս` գլոբալ առումով ծրագրային լուրջ փոփոխություններ դժվար լինեն, սակայն համոզված եմ, որ օպերատիվ կառավարման մեթոդները կփոխվեն»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում վարչապետի հրաժարականին և ներքաղաքական զարգացումներին նվիրված հանդիպման ընթացքում նշեց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Պարզաբանելով «օպերատիվ կառավարման մեթոդների փոփոխման» մասին իր տեսակետը` վերլուծաբանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը լինելով ազդեցիկ, հարուստ մարդկանցից մեկը, իրեն պետք չէ, որ իր որոշումները կայացվեն միջնորդված, այսինքն` եթե Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ շատ խոսքեր պարզապես օդում էին, մնում, ապա Հովիկ Աբրահամյանի կողմից, եթե այդ որոշումներն ընդունվեն, ապա կիրականան վաչարարական ու այլ ազդեցության լծակների կիրառմամբ. այս առումով Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ այս մեթոդների կիրառումը կարող է և արդյունավետ լինել, բայց գլոբալ առումով լուրջ փոփոխություններ մեզ չեն սպասվում:
Ըստ քաղաքական տեխնոլոգի` Տիգրան Սարգսյանի, նրա կառավարության նկատմամբ դժգողությունն արդեն վաղուց առկա էր գլխավոր տնտեսական ազդեցության խմբավորումների և հենց օլիգարխների շրջանում. “Մեր տիպի երկրներում, որտեղ ամեն-ինչ հիմնված է օլիգարխների, խմբավորումների շահերի վրա, շատ կարևոր է բալանսը, որը վաղուց խախտվել էր երկրում և իշանության ներսում` հոգոնել էին կառավարությունից, վարչապետից»:
Իսկ «քառյակի» ճակատագրի մասին խոսելով, նա նշեց, որ ՀՅԴ-ն ինչ-որ ձևաչափով, այնուամենայնիվ, մտադրություններ ունի համագործակցելու իշխանության հետ, իսկ մյուս երեք ուժերի հանդիպումը վկայեց, որ ապագայի հանդեպ ինչ-որ պայմանավովածություններ եղել են: «ԲՀԿ-ն հայտարարում է, որ չի կազմելու կոալիցիա, սա հնարավոր է, բայց պարզ է, որ Հովիկ Աբրահամյանի անձը, այնուամենայնիվ, զսպաշապիկ կլինի ԲՀԿ-ի համար. առանց այն էլ ԲՀԿ-ն խուսափում էր ընդդիմադիրի կարգավիճակից, իսկ ՀԱԿ-ի հետ համագործակցելու պարագայում հաջորդ քայլը ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի դեմ, ուստի, ծայրահեղ քայլեր չեն լինի ԲՀԿ-ի կողմից, բայց ինչ-որ պայմանավորվածություններ առկա են»,- կարծում է Հակոբյանը:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ ինքը պատրաստվում է դիմել նորընտիր վարչապետին մի քանի շատ կարևոր հարցերով: Մասնավորապես, նրան անհանգստացնում են մեր երկրում էլեկտրաներգիայի օգտագործման սխալները: Ըստ նրա՝ Հայաստանը եզակի երկիր է, որ ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ:
«Աշխարհում շատ պատերազմներ են պայթում էներգիայի պաշարների համար: Այս տեսանկյունից մենք շատ շահեկան դիրքում ենք, բայց ինչպե՞ս ենք օգտագործում այդ վիճակը, շատ վատ», – նշեց Արմեն Պողոսյանը և հավելեց, որ սնունդ ու գյուղմթերք արտադրելն ու արտահանելը նվաճում չէ:
«Սնունդ արտադրում ու արտահանում են բոլոր երկրները, նվաճում կլիներ կոնկրետ որևէ մթերքի մենաշնորհը, որ չունենք, Նաիրիտ ունենք, բայց չունենք, ստացվում է, որ ծիծաղելի վիճակում ենք»:
Նոր վարչապետին է ներկայացվելու տրանսպորտի խնդիրը: «Երևան քաղաքի տրանսպորտի վիճակը կարելի է բնութագրել մեկ բառով ՝ ավերակ, ո՞ւր է մեր տրամվայը, տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է, իսկ մետրոն մեռած վիճակում է: Երկու վագոնով մետրո չեն շահագործում: Դա ոչ միայն անիմաստ է տնտեսապես, այլ վտանգավոր է»,- ահազանգեց Արմեն Պողոսյանը:
Հայերն Օսմանյան կայսրությունում հմուտ առևտրականների, արհեստավորների համբավ են վայելել: Կայսրությունում հայերը հատկապես առևտրի, սեղանավորական ասպարեզում են գերիշխող դիրք գրավել: Հարյուրից ավելի արհեստներում հայերը մրցակիցներ չեն ունեցել շնորհիվ իրենց ստեղծագործ մտքի, աշխատասիրության, տաղանդի ու հայ արհեստավորներին բնորոշող ազնիվ ու բարոյական վարքագծի:
Նրանց ծառայություններից ու տաղանդից սկսեցին օգտվել օսմանյան սուլթանները, սկզբում՝ որպես պալատական արհեստավոր-ծառայողների, իսկ հետո արդեն որպես պալատական բարձրաստիճան պաշտոնյաների, իրենց բնագավառների տնօրինողների, երկրի ներքին ու արտաքին կյանքի կարևորագույն դեմքերի: Այդպիսով ստեղծվեց ամիրայական՝ արևմտահայության համար ազնվականական մի խավ, որի որոշ գերդաստաններ իրապես շարունակությունն են հանդիսացել հայ արքայական, ազնվականական տոհմերի, եղել «բանկային իշխաններ»:
Իր առանձնակի դիրքով, ազդեցությամբ ու հնարավորություններով, որ մինչ այդ փակ ու անհասանելի էր քրիստոնյա հպատակներին, նրանք մի նոր մակարդակ ձևավորեցին Օսմանյան կայսրությունում ու պալատում: Նրանք, ի տարբերություն քրիստոնյա հպատակների, բազմաթիվ առավելություններից էին օգտվում։ Իսկ այն ամիրաները, որոնք ուրանում էին սեփական հավատքն ու մահմեդականություն ընդունում, էլ ավելի էին մերձենում թուրքական պալատին, անձեռնմխելի դառնում, սուլթանից ստանում իրենց ուզած պաշտոնը և չափազանց արագ բազմապատկում իրենց հարստությունը։ Այդպիսի օրինակներն արևմտահայության պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել։ Իսկ դրդապատճառները տարբեր են եղել:
Ամիրայական խավի մի մասը, ցավոք, տուրք տալով եվրոպամոլությանը և գերվելով նրա լուսավորյալ, առաջադիմական գաղափարներով, հուսալով այս առավելությունները վերածել ազատության, անկախության, բարեկեցության, եվրոպական հովանավորության տակ գտնվելու մենաշնորհի, դարձել էր կաթոլիկ եկեղեցու հետևորդ: Ազգի միասնության մեջ սեպ խրելով` այնուամենայնիվ նրանք, որպես կանոն, լավագույն ազգասերներ ու բարերարներ էին, արևմտահայության առաջադիմությամբ ու ապագայով մտահոգ ազգային այրեր։
Այս հանգամանքն ընդհանուր առմամբ մեծապես փոխեց կայսրությունում արևմտահայության դեմքը և հետագա XVIII-XIX դարերն արևմտահայ իրականության մեջ հայտնի դարձան որպես ամիրայական իշխանության շրջան՝ իրենց բացառիկ դրական ու որոշ բացասական կողմերով: Ամիրայական դասը, որի մեծ մասը դեմոկրատական հայացքների կրող էր, որքան էլ ազգային մեծ գործունեություն է ունեցել, բավականին «փակ» խավ էր։
«Գլուխդ շատ մի բարձրացրու, որ չկտրեն, բայց շատ էլ մի ծռիր, որ վրան չկոխեն»: Զգուշության, չափավորության, խելամտության, համեստության այս գիծը հիմնականում պահպանել են բոլորը` ամիրաները, փաշաները, անվանի ու հարուստ հայերը: Կյանքը Օսմանյան կայսրությունում նրանց բազմիցս ապացուցել էր այս սկզբունքին հավատարիմ լինելու իմաստությունը:
Մեր պատմությունն առնչվում է արքունի ոսկերչապետերի, նկարիչների, սերնդեսերունդ որպես ոսկերիչներ ու փողերանոցի տնօրեններ, դրամահատարանն իրենց ձեռքում պահած Տյուզյան հայտնի գերդաստանի բացառիկ դաժան ճակատագրին:
Այս գերդաստանի նահապետներից Հարություն անունով անձը 1600 թ. Տիվրիկից գաղթել է Պոլիս և այնքան մեծ հաջողություններ ունեցել ոսկերչության մեջ, որ Արքունի ոսկերիչ է անվանվել ու իր խանութը բացել կայսերական գանձատան մոտ: Նրա որդին՝ Մահտեսի Սարգիսը, հենց հոր մահվան օրը Սուլթան Սելիմ Գ-ից ստացել է Արքունի ոսկերչի պաշտոնն ու տիտղոսը: Վալիդե (մայր) թագուհու համար ոսկերչական դժվարագույն մի պատվերի համար որպես վարձատրություն չնչին մի գումար է խնդրել, որի համար ստացել է «Տիւզ» (շիտակ) մականունը: Իրավամբ այս գերդաստանն աչքի է ընկել իր բացառիկ տաղանդով, ազնվությամբ ու նվիրվածությամբ։
Նրանց է վստահվել փողերանոցը, դրամահատարանը, որ Տյուզյան ամիրայական ընտանիքը մեծ հավատարմությամբ էր աշխատացնում: Սակայն նրա դիրքը շատ բանսարկությունների, խանդի ու նախանձի առիթ է տվել մրցակիցներին։ Իսկ փողերանոցը՝ խարդախությունների, գողության, զեղծարարության բացառիկ հնարավորություններ էր ներառում։ Սուլթանական Յըլդզ պալատը չէր հանդուրժում գողությունը։
Եվ ահա Եագո Պոնֆիլ անունով մի հրեա ոսկերիչ խաբեության համար հեռացվում է պալատից և կախաղան պիտի հանվեր փողերանոցի առջև։ Դրամահատարանի տնօրեն է կարգվում Միքայել Տյուզյանը: Նա խնդրում է սուլթանին խնայել հրեայի կյանքը և մինչև նրա մահն իր նախորդին սեփական գումարներից ամսական է տալիս: Փոխադարձ վերաբերմունքը խարդավանքն էր Տյուզյանի նկատմամբ։
Նա ստիպված հեռանում է պալատից, վախից հիվանդանում: Սակայն Մուստաֆա Գ-ն իմանալով, որ Միքայելը զոհ է դարձել նրան փոխարինած Պալթի անունով մի այլ հրեայի բանսարկության, հետ է կանչում նրան: Սուլթանն անգամ իր բժիշկներին է ուղարկում նրա մոտ: Լավանալով, ամիրան գնում է սուլթանի մոտ, պատմում ամեն ինչ, խոստանում հրեաների գողացածն իր միջոցներից տեղը դնել: Նա ազատ ելումուտ ուներ պալատում: Սուլթանն ասում էր. «Եթե տերությանս մեջ երկու Միքայել ունենայի, ինձ կբավեր»։
Ոչ ոք չէր կարողանում փոխարինել Տյուզյաններին, որոնք շնորհիվ բազմաթիվ հայտնագործությունների, կատարելության էին հասցրել փողերանոցի աշխատանքը, իրենց գործը, գանձերի մանրամասն հաշվապահություն ապահովել։ Նրանք էին հեղինակը մինչ օրս հարգի «Ֆընտըգ ալթըն» կոչվող ոսկե դրամների, եվրոպական թագավորական տների համար պատվիրվող սուլթանական զարդերի: Տյուզյանները տերության ու սուլթանի բարձրագույն շքանշաններին էին արժանանում։ Իսկ հրեա աշխատողները նախանձից գողանում էին դրամահատարանի ոսկին ու արծաթը:
Սուլթանի և քրիստոնյայի մտերմությունը դուր չէր գալիս հրեաներին ու մոլեռանդ մահմեդականներին: Նրանց դրդումով, հավաստիանալու համար Տյուզյանի «շվայտ վիճակին», Սուլթանն իր քրոջը ծպտյալ ուղարկում է Միքայել Տյուզյանի Գուրու-Չեշմեի նորակառույց տունը: Վերադառնալով քույրը հավաստում է, որ պարզ զարդարված և ոչ թե շքեղ ու շռայլ տուն է տեսել: Ամիրան շատ լավ դիվանագետ էր: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հունական խնդիրների նկատմամբ նրա մտքերը հավանության են արժանանում կառավարող ավագանու կողմից: Շատ հայերի, հույների է ազատել բանտերից, գլխատվելուց:
Հոճա Միքայելի ավագ որդին ու նրան փոխարինողը Սուլթան Սելիմի սիրելի ու վստահելի պալատականներից էր: Մանկությունից մեծացել էր սուլթան Սելիմի հետ, պալատում, միասին մանկական խաղեր էին խաղացել:
Իրենց անձնվեր ծառայությունների շնորհիվ Ենի գյուղի ապարանքը կառուցելու համար սուլթան Մահմուդ Բ-ից նվեր են ստանում 30 հազար ղռուշ: Սուլթանը նրանց սամույրներ է հագցնում, որ արքայական սիրո ամենամեծ նշանն էր։
Սակայն թշնամիները չէին հանգստանում։ Մի բանսարկությունը հաջորդում էր մյուսին։ Իսկ ստուգումներն ապացուցում էին ամիրայական այս ընտանիքի անմեղությունը։ Սակայն մի անգամ հրեաների գողացած գումարն այնքան մեծ էր, իսկ հրեա ու թուրք միացյալ դավադրությունն այնքան խորամակ վարպետությամբ կազմակերպված, որ Սուլթանի զայրույթն է շարժում, ու առանց հետաքննելու՝ Տյուզյանները բանտարկվում են` չկարողանալով անմիջապես գտնել անհրաժեշտ գումարը։
Նրանց գերդաստանի ողջ ունեցվածքը պիտի պետականացվեր ու աճուրդի հանվեր: Տյուզյան երեք եղբայրները և հորեղբայրը՝ Մկրտիչ Չելեպին, անմեղ տեղը գլխատվում են: Ունեցվածքը աճուրդի է հանվում: Նրանց գլուխները կախում են Ենիքեոյի իրենց ծովեզրյա տան պատուհաններից: Երբ Տյուզյանների գլխատումից մեկ ժամ չանցած կեղծիքը բացվում է և պարզվում է Տյուզյանների անմեղությունը, սուլթանը խորապես ափսոսում է եղածի համար, սակայն ուշ էր :
Սուլթան Մահմուդ Բ-ի ժամանակաշրջանի մասին մի փորագրանկար պատկերում է զրպարտության զոհ դարձած Տյուզյան ամիրաներից Գրիգոր Չելեպի Տյուզի տանջալից մահը կրակի վրա դրած եռացած յուղի կաթսայում:
Եվ ահա, անմեղ տեղը մահապատժի ենթարկված Տյուզյանների ունեցվածքը աճուրդի է հանվել։ Այն ղեկավարում էր մատնիչ հրեա սեղանավոր Եհեսխել Գաբայն իր թուրք համախոհ Հալեթ էֆենդիի հետ, որը շատ թուրք փաշաների, վեզիրների դավաճանելով` մահվան էր դատապարտել` սեփականացնելով նրանց ունեցվածքը։
Հայ որոշ ամիրաներ ներկա էին ձմեռային այդ տխուր աճուրդին որպես հարգանքի տուրք հայրենակից անմեղ զոհերի հիշատակին։
Տյուզյանները, ինչպես և ամիրայական գերդաստանների մի հիմնական մասը, կաթոլիկություն էին դավանում։ Նրանցից շատերը չէին հաճախում հայկական եկեղեցիներ և գաղտնի մատուռներ ունեին իրենց տանը։ Իսկ առանց հատուկ կառավարական արտոնության եկեղեցի կամ մատուռ կանգնեցնելը մահվամբ էր պատժվում։ Ուստի, աճուրդի ժամանակ սրիկա մատնիչներից հրեա Իսխելն անհամբերությամբ սպասում էր այդ գաղտնի մատուռի դռների բացմանը, որ ըմբոշխներ իր ատելության ու մատնության արդյունքի մահաբեր հաճույքը։ Երբ բոլորը կանգնում են մատուռի սրբապատկերներով, խաչով ու մոմերով խորանի առջև, Տյուզյանների դահիճը, քմծիծաղով խորանից վերցնելով հաղորդության սկիհը, «թքաման» է անվանում այն։ Սրբապիղծ խոսքերը հազիվ արտասանած՝ շառաչուն ապտակ է ստանում Երկանյան Հովհաննես Հաջի Չելեպի Ամիրայից, որը մի կողմ գլորելով սրիկային, ճմլելով ձեռքը, խլում է սկիհը, սուրբ անոթը տանում շրթներին ու երկյուղածորեն դնում խորանին ասելով՝ «Ջհուդ, քո պիղծ ձեռքերը անարժան են սրբության հպվելու»։
Տյուզյանների մոխրացած տան մեջ ամիրայի հարվածից գետին գլորված ու խայտառակված սրիկայի հայացքը մահ էր ավետում, որ առերես հանդարտությամբ տանում է Ամիրան։ Դեպքից քիչ անց, Հալեթ էֆենդին շուտով իր հերթական հայ զոհին՝ Չերազյան Գասպար ամիրային ևս անմեղ տեղը գլխատել է տալիս (1821 թ.)։ Ազնավուրօղլու Կարապետը, որ սեղանավորների գլխավոր էր, աքսորվում է Սաքըզ կղզի, և մի այլ սեղանավոր` Մկրտիչ օղլու Իլյանը՝ Իսթանքոյ կղզին։ Ճարտարապետ Գրիգոր ամիրա Պալյանը աքսորվում է Կեսարիա։ Հերթը Երկանյան ամիրայինն էր, որ իր ընտանիքի կյանքը փրկելու համար ճարահատյալ դիմում է Շեյխ-ուլ-իսլամին ու մահմեդականություն ընդունում։ Այլևս փրկված էր նրա ունեցվածքը, իր և ընտանիքի կյանքը։
Ուրացող ամիրան դուրս է գալիս տնից ու այդ օրվանից չի հանդիպում իր ընտանիքին։ Սուլթանը տալիս է նրան իր ուզած մաքսային տեսչության ղեկավարի պաշտոնը` ամուսնացնելով մահմեդական մանկամարդ մի կնոջ հետ։ Վերջինս շաբաթը մեկ այցելում էր ամիրայի հայ կնոջն ու ծնկաչոք նրա առջև պատմում ամիրայի՝ օտար բնում, ընտանիքից զրկված դժբախտ մարդու անխոս տառապանքների մասին։
Ստոր դավադիրներն արդեն անկարող էին վրեժ լուծել նրանից։
Ազգային գործերից հեռացած ու միայն իր նոր պաշտոնով զբաղվող հայ ուրացողը գաղտնի ու երկար, խորհրդավոր թղթակցություն էր վարում արտասահմանի հետ, ու մի օր էլ բռնել է տալիս Իսխելի անունով եկած սնդուկներն ու թղթակցությունը, դրանք սուլթանական պալատ փոխադրել տալիս, ինքն էլ ունկնդրություն խնդրելով սուլթանից՝ բացահայտում իրողությունը։ Սուլթանական պետության կեղծ դրամները և թղթակցությունը կայսրության դեմ հրեայի ու թուրք պաշտոնյայի դավադրության ահավոր ապացույցներ էին։ Սուլթանը սոսկալի բարկացած էր։ 1823 թ. Հալեթին տանում են Կոնիա, գլխատում ու գլուխը բերում Պոլիս։ Հրեային տանում են Թեքէ, գլխատում ու գլուխը բերում Ստամբուլ։
Հաջի Չելեպի Երկանյան ամիրան, որ սարսափելի ու անճանաչելիորեն ծերացած, փոխված էր, գնում է դիտելու դավաճանների գլուխները, այդ սրբապիղծ շրթունքները։
Նա ճանաչում է հայատյաց ու կործանիչ սրիկաների գլուխները, որոնց անշարժության դատապարտողն ինքն էր եղել ու… ժպտում է։ Տարիներ անց առաջին ժպիտը նրա սեղմված շրթունքների ծայրին։
Իր անարգված հավատքի վրեժը լուծել էր։
Ի՞նչ բուռն հավատք էր, որի դեմ եղած անարգանքը սրբելու համար դիմել էր ամենավերջին անընդունելի քայլին՝ նույն սուրբ հավատքն ուրանալուն։
«ՀԱՅԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» գրքից
Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց Քաղաքական և գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով հանդիպմանը, որը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը: Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները, քննարկվեցին և համաձայնեցվեցին Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի 2014թ. Գործընկերության նպատակները: Բարձր գնահատվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, պաշտպանական կրթության, կառավարման, թափանցիկության ընդլայնման, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, ժողովրդավարական վերահսկողության և այլ բնագավառներում արձանագրված առաջընթացը, կարևորվեց պաշտպանական բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:
Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվեցին կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության շուրջ:
Ապրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա:
Ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ռաֆիկ Մուղդուսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով ՊՆ-ն կոչ է անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել և հետևել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը:
2014 թվականի առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում համապատասխան օժանդակություն է ցուցաբերվել հարյուրավոր սիրիահայերի:
Մասնավորապես կենցաղային իրեր, հագուստեղեն, գրենական պիտույքներ են տրամադրվել 228 ընտանիքի: Պարենային աջակցություն է ստացել 64 ընտանիք, ևս 47-ին տրամադրվել է դրամական աջակցություն:
Զուգահեռ շարունակվում է անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառումը, նպաստների տրամադրումը: Քաղաքապետարանի և վարչական շրջանների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաև վերջինների զբաղվածության հարցը: Երևանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել է 24 սիրիահայ, կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել 25-ը: Ըստ անհրաժեշտության տրամադրվում են նաև հրատապ օգնություններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
հասարակայնության հետ կապերի վարչություն
Ապրիլի 3-ը, հիրավի, բեկումնային օր էր Հայաստանի համար: Անսպասելի հրաժարական տվեց վարչապետ Տիրան Սարգսյանը, որ վերջին շրջանում դարձել էր հանրության թիրախը, մարդ, որին էին վերագրվում Հայաստանի բոլոր դժբախտություններն ու անհաջողությունները, և որի հրաժարականն էին պահանջում չորս կողմից:
Եվ ահա այդ անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ, բայց հանկարծ քաղաքական ու հասարակական ընդդիմադիր դաշտը լցվեց դատարկությամբ, անորոշությամբ ու աննպատակ դեգերումներով, ինչպես լինում է ցանկացած երկար սպասված երազանքի հասնելուց հետո:
Այդ դատարկությունը քաղաքական կուսակցությունները փորձեցին լցնել քաղաքական համաձայնության նոր մարտավարության սցենարով, որը, սակայն, մինչ օրս, մաքրագրված չէ: Իսկ հանրությունը սկսեց զբաղվել ապագա վարչապետի անվան շուրջ գուշակություններ ու վերլուծություններ անելով՝ բացառելով ու հանդուրժելով որոշ անուններ:
Եվ այսպես, ապրիլի 13-ին հայտարարվեց ՀՀ 13-րդ վարչապետի անունը: Հովիկ Աբրահամյան՝ ոմանց համար սպասելի, ոմանց համար երկար սպասված, ոմանց համար էլ անսպասելի ու միանգամայն անցանկալի անուն:
Հենց նույն օրը ֆեյսբուքյան հանրությունն իր գրառումներում խոր հիասթափություն ու տագնապ արտահայտեց: Այն նույն ֆեյսբուքահայությունը, որ օրեր առաջ դաժանորեն գնդակոծում էր Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությունը, մեկ մարդու պես սկսեց քննադատել դեռևս կառավարության մեջ ոչինչ չարած Հովիկ Աբրահամյանին: Ֆեյսբուքում մոտավորապես տիրում էր ՙՄրից ելանք, մրջուրն ընկանք՚ կամ ՙԱնձրևի տակից դուրս եկանք, կարկուտի տակ ընկանք՚ մտայնությունը:
ՙՉեմ ուզում ուշացած մարգարեի տպավորություն թողնել, բայց միշտ մտածել եմ, որ Տիգրան Սարգսյանը մի տեսակ աններդաշնակ էր մեր իշխանական համակարգի հոգեբանության հետ, և գտնում էի, որ Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որը եթե լինի վարչապետ, ապա իշխանական համակարկը կգտնի ինքն իրեն: Ու այս նոր նշանակումով երկար սպասված ներդաշնակությունը կարծես թե հաստատվում է: Բայց մեկ է, այս քայլով վերջնական ներդաշնակություն դեռ չի լինի. մեկ-երկու նախարարներ էլ կան, որոնք պահանջվածից շատ են կարդացած ու մտածած. նրանց էլ եթե պաշտոնազրկեն, ամեն ինչ կընկնի իր տեղը՚,- գրել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:
ՙԴեմ եմ՚ շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր վարչապետի հետ առանձնապես հույսեր չի կապում. ՙԵս հույսեր բացառապես կապում եմ հանրության պահանջատիրության, սեփական իրավունքների պաշտպանության հետ և ոչ որևէ անձի հետ, այն էլ այն պարագայում, երբ այդ անձը ներկայացնում է այն նույն ուժը, որն այս հակասահամանադրական օրենքի ջատագովն է ու որդեգրել է ամեն գնով, թեկուզ հակասահմանադրական նորմեր կիրառելով, զբաղվել գրպանահատությամբ՚:
Երիտասարդ ակտիվիստը նոր վարչապետին խորհուրդ տվեց դասեր քաղել նախորդների սխալներից և փորձել մոտ լինել հանրությանը, ձեռքը պահել հանրության զարկերակի վրա ու առաջնորդվել ոչ թե նեղ խմբակային, այլ ՀՀ քաղաքացիների շահերով: ՙԱստված լուսավորի նրա միտքը՚,- մաղթեց նա՝ հույսը դնելով Աստծո վրա:
ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նոր վարչապետի նշանակմամբ կանխատեսեց, որ այն բացասական գործընթացները, որոնք կային երկրում, ավելի խորացված կընթանան, քանի որ Հովիկ Աբրահամյանը հայտնի է իր ստվերային կապերով, ընտրություններ կեղծելու մեծ կազմակերպչական ջիղով և որպես օլիգարխիայի ներկայացուցիչ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ ունենալով, հստակ հայտարարեց. ՙՀովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը՚:
Նախագահը նաև նշեց, որ Աբրահամյանին անկեղծորեն ներկայացրել է բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ իրենց թիմակիցների շրջանում՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ իրենց հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ, ինչին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել ՀՀԿ-ի շարքերում առկա հնարավոր մտահոգություններն իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և որ ամենակարևորն է՝ աշխատանքի շոշափելի արդյունքներով:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը, գովաբանելով հանդերձ նորանշանակ վարչապետին, նաև ակնարկեց, որ նրա նկատմամբ անգամ թիմի ներսում վերաբերմունքը միանշանակ չէ:
ՙԱյնուամենայնիվ, ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրան և անձամբ ամեն ինչ անելու եմ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը՚,- հայտարարեց նախագահը:
Քաղաքական մեծամասնությունը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հովիկ Աբրահամյանին նաև կադրային քաղաքականություն վարելու լայն ազատություն շնորհեց:
Իսկ նոր կառավարության կազմն այսօր ամենաքննարկվող թեմաներից է: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի այս քայլը շատերը համարում են խորամանկ կոմբինացիա, որի նպատակներից մեկն էլ ԲՀԿ-ի չեզոքացումն էր՝ որպես ընդդիմադիր դաշտում քաղաքական լուրջ գործոնի: Սակայն, ինչպես ցույց տվեցին ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները, այս կուսակցությունը կոալիցիայի մաս կազմելու մտադրություն չունի: Իսկ գուցե մասնակիորե՞ն մասնակից լինի երկրի կառավարմանը, ինչը, թերևս, նույն կոալիցիան է՝ ձևական ալիբիով: Ոչ և դարձյալ ոչ: Սա արդեն ասում է ԲՀԿ-ի ՙծանր հրետանի՚ Նաիրա Զոհրաբյանը, որը ստալինյան ոճով հայտարարեց. ՙՆույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից, կդադարեն լինել մեր թիմակիցը՚։
Նոր կառավարության կազմում ՀՅԴ-ի մասնակցության հարցն էլ դեռևս հստակ չէ: Ճիշտ է, այս կուսակցությունն ամենից շատ է հակված ներգրավվելու իշխանական համակարգում և պորտֆելներ ձեռք բերելու, սակայն դաշնակցականներն էլ են հայտարարել, որ կոալիցիայի մեջ մտնելու հարց իրենց օրակարկում չկա:
Դե իսկ ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունն՚ ի սկզբանե էին հայտարարել, որ իշխող կուսակցության հետ որևէ ձևաչափով չեն համագործակցի:
Այս դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են ընդդիմադիրներն այսքան ոգևորված Տիգրան Սարգսյանի հրաժարականից և ի՞նչ շահեցին դրանից, եթե միևնույն է՝ իշխող համակարգում որևէ լուրջ տեղաշարժ չեղավ, այլ ընդամենը հանրապետականի թիմից մեկը փոխարինվեց մյուսով: Պակաս հետաքրքիր չէ նաև, թե ինչ շահեցին Սերժ Սարգսյանն ու հանրապետականը այս փոփոխությունից, եթե միևնույն է՝ ԲՀԿ-ն ցանկություն չունի ներգրավվելու կոալիցիայի կազմում, իսկ հակատիգրանսարգսյանական հանրույթը է՛լ ավելի դժգոհ է նոր նշանակումից:
Իրավիճակն իսկապես անհասկանալի ու անհեթեթ է: Եվ եթե նոր վարչապետը չկարողանա արդարացնել իշխանության ու ընդդիմության հաշվարկները, մյուս կողմից էլ՝ ավելանա հանրության դժգոհությունը, ինչն ըստ ամենայնի հնարավոր է, ապա այս իրավիճակը կարող է հանգեցնել իրադարձությունների զարգացման բոլորովին նոր սցենարի, որտեղ արդեն բաց տեքստով հանդես կգան իրական խաղացողները:
Անի Գասպարյան
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցում ունկնդրել են Երևանում ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգը։ Դպրոցի սաները հանդիսատեսին են ներկայացրել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև Քամիլ Սեն-Սանսի «Կենդանիների շքահանդես» սյուիտի հիման վրա բեմադրված երաժշտական-խորեոգրաֆիկ ներկայացումը։ Համերգին մասնակցել են նաև ժողգործիքների դասարանների աշակերտները՝ յուրովի ներկայացնելով ֆրանսիացի ժամանակակից երգահանների ստեղծագործություններ։
Համերգին ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
Ղ. Սարյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցի նախասրահում բացված ցուցահանդեսում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հյուրերի հետ միասին ծանոթացել է նաև գեղարվեստի բաժնի սաների աշխատանքներին, որոնք ևս ֆրանսիական մոտիվներով էին։
Վարչապետի և կառավարության փոփոխությունն ուռճացվել է, քանի որ իրականում կառավարության լուրջ փոփոխություն չի լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շրինյանը: Քաղաքագետի կարծիքով՝ վարչապետը, ըստ էության, մենեջեր է, որն իրագործում է նախագահի ծրագիրը: Լևոն Շիրինյանի խոսքով, սակայն, այս անգամ այնպիսի իրարանցում բարձրացվեց, կարծես թե, Տիգրան Սարգսյանը գնալու էր և նրանից հետո գալու էր մեկը, ում անցյալը բոլորովին անհայտ է:
Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, սխալ է այն, որ նորանշանակ վարչապետի աշխատանքը դեռ չտեսած, բացասական գնահատականներ են տալիս: Իհարկե, շատ դրական գնահատականներն էլ արհեստական են, պետք է ոսկե միջինը լինի:
“Եթե ժողովուրդը քաղաքական ակտիվություն չդրսևորի, ոչինչ չի փոխվի: Քաղաքական սուբյեկտների մեջ մենախոսություն չպետք է լինի: Մեր քաղաքական կյանքի ողբերգությունը նրանում է, որ անկախ արհմիություններ չեն ձևավորվում: Պետք է սպասել, երբ վարչապետն իր ծրագիրը կներկայացնի”,- ասաց Լևոն Շիրինյանը:
Անդրադառնալով նորանշանակ վարչապետի անելիքներին՝ քաղաքագետը նշեց, որ վարչապետը պետք է քաղաքական վստահության հարցը լուծի: Նոր վարչապետի խնդիրը պետք է լինի իշխանության նկատմամբ հավատը վերահաստատելը:
“Պետք է խնդիրը գտնել և լուծում տալ, այլապես ոչինչ էլ չի փոխվի, քանի որ անձերով ոչինչ պայմանավորված չէ”,- նկատեց քաղաքագետը:
Ապրիլի 13-ին, ժամը 12.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կտրած ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Հրայր Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի մոտ, վիճաբանության ժամանակ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1967 թ. ծնված Լևոն Ա.-ն և խոստովանել, որ Հրայր Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը, և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ներկայացված դանակը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 13-ին, ժամը 07.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Էդգար Վ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով:
Ապրիլի 13-ին, ժամը 23.50-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 23.30-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 4/1 հասցեի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲՄՎ X 5» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Մերսեդես Բենց ML» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց ML»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ջրաշեն-Նոր Արտագերս խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ապրիլի 13-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոցում հրդեհ է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 1953 թ. ծնված Հարություն Բ.-ի տան բակում լցված պոլիէթիլենի հումքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.49-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով պատճառված նյութական վնասը գերազանցում է 100.000 դրամը:
ՀՀ ԱԻՆ Հրդեհային տեսչությունում կատարվում է հետաքննություն:
Ապրիլի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 73-րդ կմ-ին` Տիգրանաշեն գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1978 թ. ծնված Անդրանիկ Սեդրակյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ապրիլի 13-ին, ժամը 15.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 9-րդ փողոցի թիվ 26 տան հարևանությամբ, կիսակառույց շենքի մոտ, տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է 1958 թ. ծնված Հակոբ
Ղազանչյանի դիակը` «քթի արյունահոսություն, կրծքավանդակի աջ մասում քերծվածքներ» մարմնական վնասվածքների հետքերով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.55-ի սահմաններում, 1974 թ. ծնված Արմեն Ս.-ն վարելով «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, 9-րդ փողոցի թիվ 26 տան բակում, քար բեռնաթափելու նպատակով ավտոմեքենայով հետ ընթանալիս վրաերթի է ենթարկել Հ. Ղազանչյանին, որը տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք: