Զատիկի ակունքները

զատիկի սեղան Զատիկի ակունքները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից: Այն գարնան զարթոնքի, բնության կենարար ուժերի տոնն էր` նվիրված մեռնող-հառնող բնությանը, որ մարմնավորել է Արա Գեղեցիկի պաշտամունքը: Բուն «զատիկ» բառը ծագում է զատել, առանձնացնել բայից: Զատիկը նաև Մայր Անահիտին նվիրված տոն էր: Այն բնության բեղմնավորման խորհուրդն ունի:

Հնում Զատիկի խորհրդանիշներն էին համարվում խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները: Պաս պապի ձեռքին 40 թել կար, ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատիկի մոտենալու հետ ամեն օր քանդում էին քարերից մեկը:

Զատկի տոնական սեղանին հայերը ձվերը դնում են փոքր ափսեների մեջ աճեցրած ցորենի մեջ, որն անվանում են «ածիկ»:

Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը համայնական մատաղն էր: Համայնքի բոլոր անդամները մասնակցում էին դրամահավաքին կամ հանգանակությանը, որի արդյունքում արջառներ ու գառներ էին գնում մատաղի համար: Զոհաբերությունը կատարվում էր շաբաթ երեկոյան եկեղեցու բակում, և ողջ գիշեր տեղում եփվում էր մատաղի միսը: Մատաղի եփման արարողությունը ուղեկցվում էր զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն էր համարվում, եթե այդ գիշեր տանը տղա ծնվեր:

 Զատիկի ծիսական երգեր.

Օր պար, ճոր պար,

Օսկուն թոքուն բարաբար,

Մեծ պապ էկո, գողցի տար,

Շատ պզտիկ է, չեմ ի տար,

Ճոր անինք, ճոր պար անինք,

Օսկուն, թոփուն պար անինք,

Կապան կտրինք, շոր անինք,

Զատիկը գա, նոր անինք,

Ան կտրտի, ալ անինք…

Գիշեր կծիկ գլորե,

Լուսնակ լրիվ բոլորե,

Մեջ սև ամպի մոլորե,

Լուսնակն անուշ, հովն անուշ,

Ռանչպարի քունն անուշ…

Քամին սարին զղզղաց,

Բարակ անձրև շղշղաց,

Լուսնակն անուշ, հովն անուշ,

Անձրևի հոտն է անուշ…

Երկար գոմը սալեցին,

Սև ձին մեջը նալեցին,

Սպիտակ ճակատ նշնեցին,

Լուսնակն անուշ, հովն անուշ,

Աղոթրանի լուսն անուշ…

Դռան առաջ հերկեցին,

Զատկի ձվեր ներկեցին,

Դրկցին ողջույն տվեցին,

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ…

Քրիստոնեական Զատիկը սկիզբ է առնում հրեաների Պասեք տոնից, որ խորհրդանշում է հրեա ժողովրդի ազատագրումը եգիպտական գերությունից:

Քրիստոնեության ավելի ուշ շրջանում Զատիկը նշվում է որպես Հիսուսի հարության օր: Ավետարանի համաձայն` Հիսուսը խաչվելուց հետո հարություն է առնում մեռելներից ու համբարձվում երկինք: Զատիկի օրը հավատացյալները բարևի փոխարեն միմյանց ավետիս են հայտնում. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Պատասխանը հետևյալն է` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»

Այդ օրը վաղ առավոտյան եկեղեցիներում պատարագ է մատուցվում, ապա մատաղ բաժանվում: Ձվախաղն ու ձու ներկելու սովորությունը գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից:

Զատկի խորհրդանիշը Հազարան հավքի (Հազարան բլբուլ) ածած գույնզգույն ձվերն են: Ձուն խորհրդանիշն է կյանքի սկզբնավորության, սաղմի և սիրո: Հայկական զատկական ծառի զարդերը փնջած ձվերն էին, ինչը հմայական հատկություններ ուներ, հետագայում նաև` մանրանկարչական նախշերով նկարազարդված ձուն, որը, իհարկե, ավելի ազնվական դասին հատուկ պետք է եղած լինի: Նշանված կամ սիրահարված աղջիկները ոստայնաձև հյուսվածք են արել ձվի վրա` զանազան խայտաբղետ գույներով ու ճաշակով, և նվիրել իրենց սիրած տղամարդկանց` արտահայտելով իրենց համակրանքը: Սա յուրօրինակ ինքնարտահայտման ձև է, սիրո գեղեցիկ խոստովանություն:

Քրիստոնեության ընդունումից հետո Զատիկը ևս, ի թիվս այլ տոների, հարմարեցվեց նոր հավատքին, պահպանվեցին նաև ձվախաղերն ու ձու ներկելը, մի տարբերությամբ միայն. համաձայն եկեղեցու` ձուն պետք է ներկել միայն կարմիր գույնով: Միջնադարյան հայ մտածողներ Գրիգոր Տաթևացին ու Հովհաննես Երզնկացին մեկնել են Զատիկի ձվերի իմաստը. ըստ նրանց` ձուն  բովանդակ տիեզերքն է, կեղևը` երկինքը, սպիտակուցը` ջուրը, իսկ դեղնուցը երկիրն է: Ձուն կարմիրով ներկելը խորհրդանշում է այն, որ աշխարհը Հիսուսի արյամբ է պատվել:

Զատիկն ամփոփում է սիրո և պտղաբերության խորհուրդը:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Գյումրի. Ավերակների վերածվող ամրոցներ

Գյումրի,տնակներ1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո գյումրեցիները, ահավոր աղետից քաղաքին հասած ավերածությունները բնութագրելով, ասում էին, թե երկրաշարժը Լենինականը տարավ, Գումրին մնաց: Այս խոսքերի ենթատեքստում խորհրդային հատկապես վերջին տասնամյակում քաղաքում կառուցված բարձրահարկերի անորակության արձանագրումն էր: Իրոք, Գյումրու ավելի քան հայուր տարի առաջ կառուցված շենք-շինությունները թեև վնասվեցին, սակայն գրեթե ամբողջվին կանգուն մնացին՝ այն դեպքում, երբ դրանք երկրորդ անգամ էին դիմագրավում ուժեղ երկրաշարժի: Իսկ Գյումրին գեթ մեկ անգամ տեսած յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ հին քաղաքն իրոք մի մեծ թանգարն էր բաց երկնքի տակ՝ իր հարյուրավոր շենք-կոթողներով: Սակայն հետերկրաշարժյան տարիներին ահավոր աղետին դիմագրաված կառույցները մատնվեցին անուշադրության և կամաց-կամաց քանդվեցին ու շարունակում են քանդվել, իհարկե՝ ոչ առանց մարդկային միջամտության:
Հին Գյումրու կործանվող ու աղբանոցի վերածված շենք-հուշարձաննեից են դեռ 1800-ականներին Ռուսական կայսրության կողմից կառուցված տասնյակ կարևորագույն պատմական պաշտպանական կառույցները՝ բերդերը: Եթե Ախուրյանի ափից ոչ հեռու գտնվող ամրոցախմբի կառույցներից մեծը՝ գյումրեցիների լեզվով ասած՝ Սև ղուլը, նախորդ տարիներին մասնավորեցվեց ու աղբանոցի վերածվելու դառը ճակատագիրն այլևս չի սպառնում դրան, ապա փոքրիկ Սև բերդը կամ Պայտաձեւ ամրոցը, իրեն կից երկու փոքրիկ բերդաձև կառույցներով հանդերձ, կործանման վտանգի առջև է հայտնվել: Ամրոցներն օր-օրի քայքայվում են, քանդվում են պատերը, շուրջբոլորն ավելանում են շինաղբի հսկայածավալ կույտերը, և ամրոցների ներսն աղբով է լցվում:Ու եթե շուտափույթ ՀՀ կառավարության կողմից որոշումներ չկայացվեն դրանք պահպանելու և վերականգնելու մասին, ապա հարյուրավոր այլ շքեղ հուշարձանների նման դրանք ևս կկորցնենք անվերադարձ:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը Գյումրու անտերության մատնված Պայտաձեւ ամրոցի և դրան կից երկու փոքրիկ ամրոցների անմխիթար վիճակի մասին է:

Հոբելյանական միջոցառումներ նվիրված Համո Սահյանի 100-ամյակին

համո սահյանՀայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ համաձայն հաստատված ժամանակացույցի` հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրմին ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով:
Ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Պետական պատվերով կհրատարակվեն Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը  և կթողարկվի բանաստեղծությունների խտասկավառակը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Շողակաթ» հեռուստատեսությունը կնկարահանի «Համո Սահյան. Քարափներից` երկինք» երկմասանի հեռուստաֆիլմը, իսկ «Սյունաց երկիր» թերթը կթողարկի հատուկ համար` նվիրված Համո Սահյանին:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական  ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվել է  Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի տան վերանորոգման աշխատանքները: Տուն- թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը:  Տուն- թանգարանի բակում նախատեսվում է տեղադրել քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած մեծանուն բանաստեղծի կիսանդրին:
2014 թվականի ընթացքում Երևանի, Սյունիքի և հանրապետության այլ մարզերի գրադարաններում, մշակույթի տներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում տեղի կունենան պոզիայի երեկոներ, Սահյանական ընթեցումներ, գիտաժողովներ, թեմատիկ ցուցահանդեսներ, շարադրությունների և ասմունքի մրցույթներ և այլ միջոցառումներ` նվիրված մեծ բանաստեղծի 100-ամյա հոբելյանին:

Կառավարական հանձնաժողով

 

Դրամական օգնությունը փոխանցվեց քեսաբահայությանը

  քեսաբ2       Ապրիլի 13-ին Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով «Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 (վաթսուներեք հազար վաթսուն) ԱՄՆ դոլար, փոխանցվել է Լաթակիայի շտապօգնության մարմնին:

Ծանր կացության մեջ հայտնված քեսաբահայությունն իր խոր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Նախագահին, «Համահայկական հիմնադրամ»-ին, հայրենիքի ժողովրդին և համայն հայությանը` օրհասական այս պահին զորակցության, բարոյական և նյութական աջակցության համար:

Անկախ

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ. Ծուղակն ընկածների գործերը ՀՀ տարբեր դատական վարույթներում

portrait of caucasian hacker with balaclavaԿիբեռհանցագործություն` ներկայումս աշխարհում ամենավտանգավոր ու բազմադրվագ հանցագործության տեսակներից մեկը: Հարուցված քրեական գործերը շատ հաճախ կարող են կարճվել, գործով մեղադրյալները կարող են կալանքից ազատվել միմիայն նրա համար, որ հանցակազմն ապացուցելը, այսպես ասած, 7 սարերի հետևում է:

Մեր երկրում էլ համակարգչային հանցագործությունները քիչ չեն: Սակայն, վիճակագրությունն այս մասով հստակ թիվ չի արձանագրում:
Սոցիալական ցանցերում ինչ-որ մեկի հետ ծանոթությունը, բարեկամությունը հաճախ հանգեցնում է ծանր հետևանքների: Շատ անգամ «վիրտուալ» բարեկամները չեն էլ կասկածում, որ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը կարող է անձին քրեական պատասխանատվության հանգեցնել:
Սոցիալական ցանցերում ամենատարածված հանցագործության տեսակը թերևս շորթումն է: Մեր հերոսներն արդեն անցել են փորձությունների միջով ու դառնորեն գլուխն օրորելով՝ կա՛մ հիացնում են, կա՛մ զարմացնում…

ՄԵՂԱԴՐԱՆՔ
28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում հեռախոսով ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել մի կնոջ հետ, ապա օdnoklassnik.ru սոցիալական կայքում ստեղծել է «Նունե ջան» անվամբ անձնական էջ: Համարձակ երիտասարդը սոցիալական ցանցում տեղադրել է կնոջ բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնոգրաֆիական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ:
Ըստ մեղադրանքի՝ երիտասարդը պարբերաբար զանգահարել է կնոջը և իրենց ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով նրանից պահանջել է խոշոր չափի՝ 3000 ԱՄՆ դոլար գումար, սակայն նշված գումարի փոխարեն կինը տղամարդու ծանոթուհու անվամբ փոխանցել է 400 դրամ:
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետի հատկանիշներով` խոշոր չափերով շորթում կատարելու համար:

ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ…
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննության է առնվում Մխիթար Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Մխիթար Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա odnoklassniki.ru սոցիալական կայքում Հեղինե Ս.-ի և Վարդուհի Ո.-ի անհատական էջերին ապօրինի տիրանալով՝ զրկել է նրանց իրենց անհատական էջ մուտք գործելու հնարավորությունից` պատճառելով նրանց բարոյական վնաս:
Մխիթար Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ի մասի և 256-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով, ըստ որի`
համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Մեր հերոսուհի Արմինե Գ.-ն (հերոսուհու խնդրանքով չենք հրապարակում նրա անուն-ազգանունը) 32 տարեկան է, աշխատում է երևանյան գովազդային ընկերություններից մեկում:
Սիրում է երեկոյան ժամերն անցկացնել համակարգչի առջև: Արմինե Գ.-ի հիմնական հետաքրքրությունը նոր ծանոթություններն են տարբեր սոցիալական ցանցերում:
– Տարիներ առաջ, երբ իմացա, որ ստեղծվել է odnoklassniki.ru կայքը, շատ ուրախացա: Կարծես շփման պակաս ունեի, ու այդ քաղցը փորձում էի հագեցնել դրա միջոցով: Այն տարիներն էին, երբ Երևանում ինտերնետն այնքան էլ տարածված չէր, իսկ երիտասարդությունը հիմնականում շփվում էր «Մայ Հայաստան» սոցիալական կայքի միջոցով,-ասում է Արմինե Գ.-ն:- Այդ սոցիալական կայքը սկզբնական շրջանում շատ հրապուրեց, հետո եկավ ժամանակ, որ անընդհատ այդ կայքի միջոցով էի շփվում ընկերներիս հետ: Անգամ մի քանի անգամ այդ թեմայով վիճել եմ տնօրենիս հետ, քանի որ գործի ժամանակ հաճախ էր ստացվում, որ շեղվեի ու զբաղվեի սոցիալական ցանցով:
Արմինե Գ.-ն փաստորեն սոցիալական ցանցերի հնաբնակներից է, բայց հիմա odnoklassniki.ru կայք չի այցելում: Ինչո՞ւ:
– Շատ երկար ժամանակ՝ մոտ երկուսուկես տարի շփվում էի մի երիտասարդի հետ, նա շատ համակրելի էր: Մենք խոսում էինք տարբեր թեմաներից, նա իմ մասին գրեթե ամեն ինչ գիտեր, ես` իր: Երկուսուկես տարվա ընթացքում մենք գեթ մեկ անգամ չենք հանդիպել. կա՛մ չէր ստացվում, կա՛մ էլ առեղծվածային «ընկերոջս»՝ Վարդանի խորամանկությունն էր պատճառը: Մի անգամ ասաց. «Կարո՞ղ ես պարտքով գումար տալ»: Ասացի՝ ինչքա՞ն, բա՝ 500 ԱՄՆ դոլար, ասացի՝ կարող եմ: Ասաց. «Հաշվեհամար տամ, ուղարկիր, հետ տալիս էլ կհանդիպենք»: Համաձայնեցի:

Արմինե Գ.-ն ասում է՝ մի անգամ չէ, որ վիրտուալ ընկերոջը՝ Վարդանին, պարտքով գումար է տվել: Մոտ վեց ամսվա ընթացքում պարտքի գումարը հասել է 1000 ԱՄՆ դոլարի:
– Մենք սկսեցինք շատ ուշ-ուշ խոսել, նա չէր պատասխանում զանգերիս, ես շատ էի նեղվել, բայց մերոնց ոչինչ չէի ասում, անգամ ամենամոտ ընկերուհիներիս չէի պատմում, որովհետև մտածում էի՝ խաբված եմ,- ասում է Արմինե Գ.-ն:
Վերջապես` ութ ամիս անց, զարմացել ու անակնկալի է եկել:
– Արդեն պատրաստվում էի ընդմիջման գնալ, մի երիտասադ եկավ գրասենյակ ու ինձ հարցրեց: Ես մոտեցա, ու առաջինը, որ աչքս ընկավ, աննկարագրելի գեղեցիկ ծաղիկներն էին: Երիտասարդը հարցրեց իմ անունը ու փոխանցեց ծաղիկները, որի արանքում մի ծրար էր դրված,- ասում է Արմինե Գ.-ն,- ծրարի մեջ դրված էր 1000 ԱՄՆ դոլար գումար ու մի գրություն՝ ներիր:
Այս դեպքից հետո Արմինե Գ.-ն ցանկացել է գտնել իր վաղեմի ընկերոջը, բայց ապարդյուն: Արմինեն, բացի նրա հեռախոսահամարից ու կայքից, այլ տեղեկություններ չի կարողացել իմանալ:
– Հիմա եմ հասկանում, որ այդ երիտասարդը միգուցե հենց Վարդանն էր,- ավելացնում է Արմինե Գ.-ն:

ԱՇԽԱՐՀԻ ՊՐԻԶՄԱՅՈՎ
Կիբեռհանցագործությունների կենտրոններ են համարվում Մեքսիկան, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Սինգապուրը և Հարավաֆրիկյան հանրապետությունը: «Փաբլիք ստատիստիկ ինտերնեյշընլ» ընկերության անցկացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցյալ տարի աշխարհում 431 մլն մարդ կամ օրական ավելի քան մեկ մլն կամ վայրկյանը մեկ 14 հոգի կիբեռհանցագործությունների զոհ է դարձել: 18-31 տարեկան չափահաս կանանց ու տղամարդկանց 69 տոկոսը տուժել է կիբեռհարձակման հետևանքով: Օգտատերերի 54 տոկոսը տուժել է վիրուսների ու վնասակար ծրագրերի պատճառով:
Ասենք, որ անցած տարի «Բի-Բի-Սի ինտերնեյշընլին» տված հարցազրույցի ժամանակ, քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (ԻՆՏԵՐՊՈԼ) նախագահն ասել է. «Տարեկան 400 մլրդ դոլարի ինտերնետային հանցագործությունների ծախսերը գերազանցում են սև շուկայում մարիխուանայի ու կոկաինի համաշխահային վաճառքի ընդհանուր գումարը: Հետևաբար, այդ սպառանալիքների դեմ հաջողված պայքարի համար, աշխարհի բոլոր երկրներում պետական ու մասնավոր բաժինների հավաքական համագործակցություն է անհրաժեշտ»:

 

Մահվան ելքով ավտովթար Թուխ Մանուկի լեռնանցքում

ԱվտովթարԱպրիլի 13-ին, ժամը 17.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Թուխ Մանուկի լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. “Ֆորդ տրանզիտ”մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ “Ֆորդ տրանզիտ” մակնիշի 636ՕT61 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչից տեղում զոհվել է անձը չպարզված քաղաքացի:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր Ս. Թ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել զոհված քաղաքացու դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Անկախ

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում

հհկԲարև ձեզ,

Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու մասին:

Այս օրերի ընթացքում ես հանդիպել և զրուցել եմ շատ-շատերի հետ, մեր գործադիր մարմնի յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին եմ խոսել, խոսել եմ խորհրդի բազմաթիվ անդամների հետ, խոսել եմ մեր համակիրներից շատ-շատերի հետ և լսել, բնականաբար, հավաքագրել եմ շատ-շատերի կարծիքներն ու ակնկալիքները, համադրել եմ դրանք, իհարկե, հանդիպել և խոսել եմ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Եվ այսօր ձեզ պետք է ասեմ հետևյալը.

1. Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը:

2. Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով: Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրանում և անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը:

3. Մենք պայմանավորվել ենք նաև մի շարք աշխատանքային առաջնահերթությունների ու ոճի մասին: Թվարկեմ մի քանիսը:

ա. Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով:

բ. Մաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու և ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին է հասցվելու այս կարևորագույն աշխատանքը:

գ. Իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են.

– նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը,

– նկատի ունեմ կրթական բարեփոխումների շարունակությունը,

– նկատի ունեմ հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը. ես նկատի ունեմ շրջանառությունների փաստաթղթավորումը, պարտադիր պիտակավորումը, կանխիկ շրջանառության սահմանափակումը և հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտը բոլոր ոլորտներում,

– նկատի ունեմ, իհարկե, նաև տեսչական բարեփոխումների ավարտը:

Անշուշտ, ես մի քանի հարցեր թվարկեցի, մենք պայմանավորվել ենք բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

դ. Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից:

ե. Վերաամրագրել ենք կարևորագույն առաջնահերթություն բոլորի համար. «պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»:

Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունները պահպանվելու են հստակ, աշխատելու ենք «անսահման աջակցություն փոխադարձ շիտակության պայմաններում» բանաձևով:

Այսքանը, իհարկե, բազմաթիվ առիթներ լինելու են, որպեսզի մենք խոսենք կառավարության հետագա գործունեության մասին:

***

Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին՝ տարիների հավատարիմ ու նվիրված աշխատանքի համար, բոլոր այն էական ձեռքբերումների համար, որոնք արձանագրվել են այս տարիներին նրա գլխավորած կառավարության կողմից, և նորանոր հաջողություններ եմ մաղթում նրան մեր հայրենիքին ծառայելու նրա ապագա բոլոր նախաձեռնություններում: Տիգրա՛ն ջան, շատ-շատ շնորհակալ եմ և մեկ անգամ ևս պետք է կրկնեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը տաժանակիր աշխատանք է, և բոլոր նրանք, ովքեր նվիրվում են աշխատում, անկախ նրա նկատմամբ վերաբերմունքից, բոլոր ժամանակների համար միշտ այդպիսի մարդը լինելու է ընկալելի, ընդունելի և հարգանքի արժանի: Իհարկե, մեր իրականության մեջ գրեթե բոլոր նրանք, ովքեր աշխատել են, այնուհետև կա՛մ անկախ իրենց կամքից, կա՛մ օրենքի պարտադրությամբ հեռացել են իրենց պաշտոններից, ցավոք սրտի, մշտապես իրենց հաջողությունները փնտրում են ներկաների ձախողման մեջ: Սա շատ վատ հանգամանք է, և կա նաև մի այլ, իմ կարծիքով, շատ պախարակելի միտում. նրանք, ովքեր տարիների ընթացքում կարող էին հասնել լուրջ հաջողությունների, բայց չհասան, տարիներ անց սովորեցնում են ուրիշներին, թե այդ նույն պայմաններում, այդ նույն պաշտոնում ինչպես պետք է աշխատել: Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության արդեն նախկին կառավարությունը և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետն այդպես չեն վարվելու: Մենք մեկ թիմ ենք, միասնական թիմ ենք և բոլորիս համար անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, շատ էական է այդ թիմի հաջողությունը: Շատ-շատ շնորհակալ եմ, Տիգրան:

Ի դեպ տեղեկացնեմ, որ Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի, չափազանց կարևոր աշխատանքի, այնպես որ մենք համատեղ աշխատանքը շարունակելու ենք:

Ես շնորհավորում եմ Հովիկ Աբրահամյանին այս կարևոր փուլում Հայաստանի կառավարության ղեկն ստանձնելու կապակցությամբ, բոլորիս անվերապահ և լուրջ սատարումն եմ խոստանում նրան և ցանկանում եմ շոշափելի հաջողություններ մեր երկրի, մեր տնտեսության հետագա զարգացման գործում:

Պարո՛ն վարչապետ, շնորհավորում եմ:

 Անկախ

Գյումրին վերածնվեց 6-րդ անգամ

գյումրիԳյումրիում կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը: Այն այս անգամ նվիրված է Արմեն Տիգրանյանի 135, Սերգեյ Ռախմանինովի 140 և Արցախյան գոյամարտի 20 ամյակներին: Փառատոնի կազմկոմիտեն ստացել է մասնակցության մոտ 3000 հայտ՝ աշխարհի 33 երկրներից: Մրցույթն անցկացվելու է 14 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով: Բոլոր անվանակարգերում 14 հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի և 1000 ԱՄՆ դոլար պարգևավճարի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները կստանան 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մեդալներ, դիպլոմներ, «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչում:
26 045Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին կազմակերպիչ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը, Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետը: Միջոցառմանն իր ամենամյա օրհնությունն էր հղել նաև Ամենայն Հայոց Կաթողկիոս Գարեգին Բ-ն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը. «Տարեցտարի հասունանալով, ձեռք բերելով միջազգային ճանաչում և հեղինակություն, «Վերածնունդ» փառատոնը դարձել է շնորհաշատ անունների հայտնաբերման, երիտասարդ երաժիշտ-կատարողների վարպետության բարձրացման դպրոց, և անշուշտ, անուրանալի ավանդ ունի հանրապետությունում դասական երաժշտական արվեստի մասսայականացման ու զարգացման գործում»:
Շիրակի մարզպետի հատուկ որոշմամբ՝ ՀՀ-ում կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում ծավալած ազգօգուտ և բեղմնավոր գործունեության համար Շիրակի մարզպետարանի հուշամեդալով պարգևատրվեցին Լևոն Սարգսյանն ու Գաբրիել Ջամբարջին: «Այս երկու անհատականությունների շնորհիվ է, որ «Վերածնունդ» փառատոնն ամեն տարի անցկացվում է Գյումրիում: Ես կուզենամ, որ այս պարգևատրումն այլ կերպ չհաստակացվի և միշտ Գյումրիում անցկացվի», – պարգևատրումից հետո նշեց Ֆ.Ցոլակյանը:
Խոսելով փառատոնի մասին՝ Լևոն Սարգսյանը նշեց. «Փառատոնի գրանցած հիմնական հաջողությունը մասնակիցների թվի անընդհատ աճն է»: Իսկ հարցին, թե արդյո՞ք միջոցները չեն բավարարում, որ քաղաքային բյուջեից ֆինանսական աջակցություն է տրամադրվել, նախագահի եղբայրը շարունակեց. «Անկեղծ ասած, ես էս հարցին սպասում էի: Ես անձամբ չեմ դիմել քաղաքապետին գումարային խնդրանքով, դիմել է «Փյունիկ» հիմնադրամը: Բացի դրանից, ամբողջ աշխարհում ընդունված պարկտիկա է. փառատոնը դա քաղաքինն է, քաղաքն էլ պիտի իր մասնակցությունն ունենա: Դուք հարցրեք քաղաքապետին, մարդկանց, անցած տարի եկան, շնորհակալություն էին հայտնում, նույնիսկ կրպակ ունեցողներն ասում էին ամբողջ տարին այդքան առևտուր չեն անում, ինչքան մեր փառատոնի օրերին: Այսինքն, դա նշանակում է, քաղաքին հարկ է գնում, չէ՞: Իսկ փառատոնը քաղաքինն է, քաղաքն էլ իր մասնակցությունը պիտի ունենա: Չգիտեմ ինչու ամեն տարի մասնակցություն չէին ունենում, այս տարի ունեն, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այս տարի քաղաքային իշխանություններն իրենք են ցանկություն հայտնել մասնակցելու, դրա համար էլ մենք օրինականացրել ենք: Այս տարի 100-120 մլն դրամ է կազմում փառատոնի բյուջեն»:
Փառատոնի բացմանը ելույթներով հանդես եկան  Զուրապ Սոտկիլավան, Յուրի Մարգուլիսը և այլք: Վերջում հավելենք, որ փառատոնի մրցույթները մեկնարկել են ապրիլի 10-ից:

Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀ 13-րդ վարչապետ

eng136151498933Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետ է նշանակվել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո ՀՀԿ մամլո խոսնակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց նոր վարչապետի անունը։

Հիշեցնենք, որ ապրիլի երեքին հրաժարականի դիմում էր ներկայացրել Տիգրան Սարգսյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրեց 6 տարի:

 

Անկախ 

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`

Ապրիլի 13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝
Ապրիլի 13-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Անկախ

Տեղի ունեցավ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի բարեգործական ցուցահանդես-վաճառքը

 «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի բարեգործական ցուցահանդես-վաճառքը   Ապրիլի 12-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ պատգամավորների, Երևանում հավատարմագրված դեսպանների  ներկայությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Ցուցահանդես-վաճառքն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 

Ելույթ ունենալով միջոցառման բացմանը` «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի ղեկավար Նատալիա Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝  ցուցահանդեսի կազմակերպմանը օժանդակության համար, բոլոր մասնակիցներին և աջակիցներին և նշեց, որ հիմնական հասույթը կնվիրաբերվի Երևանի թիվ 130 և 71 մանկապարտեզների վերանորոգմանը, իսկ հասույթի մի մասը՝ քեսաբահայերին:

 

Բացման արարողությունից հետո առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված տեսականուն, վարպետների աշխատանքներին, համտեսեցին տարբեր երկրների ազգային կերակրատեսակները:

Ցուցահանդես-վաճառքի հինգ տասնյակից ավելի մասնակիցների թվում էին Հայաստանում հավատարմագրված քսան դիվանագիտական ներկայացուցչություն, ինչպես նաև մի շարք հայ արտադրողներ և արվեստի վարպետներ:
Միջոցառումն ունեցավ շուրջ չորս հազար այցելու:

Անկախ

Բնակարանների հանձնում սիրիահայ ընտանիքներին՝ Կովսականում

Կովսական2014 թվականի ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը: Բազմաբնակարան շենքում բնակարաններ են ստացել նաև տասը սիրիահայ ընտանքիներ, որոնք այս տարիների ընթացքում տեղափոխվել և վերաբնակեցվել են Կովսականում:

ԿովսականՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը նույնպես իր ներդրումն է ունեցել  բազմաբնակարան շենքի կառուցման գործում՝ այդպիսով նպաստելով Ազատ և Անկախ Արցախի վերաբնակեցման քաղաքականությանը և զարգացմանը:

ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը ներկա գտնվելով բնակարանամուտի արարողությանը, հանդիպել է նաև Կովսականում վերաբնակեցված սիրիահայ ընտանքիների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրների հետ: Հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Քաշաթաղի շրջանի աշխատակազմի, ՙՙՔաշաթաղ՚՚ հիմնադրամի հետ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա ծրագրերի իրագործման ուղղությամբ:

ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը շնորհավորում է Արցախում իրենց տունը կառուցած սիրիահայ ընտանքիներին և մաղթում բարեբեր և արդյունավետ աշխատանք հետագա գործունեության մեջ: ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը վերահաստատում է իր հանձնառությունը աջակցելու հայրենիք տեղափոխված սիրիրահայությանը և ևս մեկ անգամ հայտարարում, որ տվյալ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները շարունակական են և սիրիահայությունը դեռևս կարող է ցանակագրվել Կովսականում վերաբնակեցվելու նպատակով:

Անկախ

ԱՄՆ-ը չի ընդունի ցեղասպանությունը. Սարգիս Հացպանյան

հացպանյանԱպացույցները բազմաթիվ են, որ Թուրքիան անմիջական ռազմական օգնություն է ցուցաբերում զինյալներին Սիրիայում : Այս մասին բազմիցս հայտարարել են բազմաթիվ մասնագետներ: Դրա պատճառը պարզ է. զինյալների օգնությամբ Թուրքիան ցանկանում է տապալել Ասադին, որպեսզի իր ազդեցությունը էլ ավելի ամրապնդի Սիրիայում:

Սիրիայում Թուրքիայի համար մյուս թիրախը հայկական հզոր համայնքն է. նրա օգտին չէ հարևան երկրում ունենալ այդքան ուժեղ հայկական համայնք: Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Ըստ թուրքագետի `պատահական չէր այն, որ Քեսաբից մի քանի հայ տարեց մարդիկ տեղափոխվեցին Թուրքիա.  Թուրքիայի դեմ մեծ արշավ է սկսվում,և  նա պետք է ցույց տա, թե իբր տեսեք, դուք ասում եք` մենք հայերի հետ վատ ենք , վարվում , իսկ մենք, ահա , տարեց հայերին տեղափոխել ենք անվտանգ գոտի: Ինչը իրականությանը չի համապատասխանում, որովհետև դա տեղի է ունեցել այդ մարդկանց կամքին հակառակ¦,-ասաց նա: Թուրքագետը այնուամենայնիվ նշեց, որ ինչ-որ առումով դա բարեբախտություն է, որ այդ մարդիկ տեղափոխվել են Թուրքիա , այլ ոչ թե մնացել զինյալների ձեռքում, քանի որ հակառակ դեպքում ամենայն հավանականությամբ նրանք կսպանվեին: Այժմ նրանք դարձել են գործիք Թուրքիայի համար, որը  նա օգտագործելու քարոզչական նպատակներով:

 

Հանդիպմանը ներկա հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը նշեց, որ շատ կարևոր ամեն ինչ իր անունով կոչել և բացեիբաց ընդունել, որ տեղի ունեցող իրադարձությունները կատարվում են ժողովրդավարության դիմակի տակ թաքնվող ԱՄՆ-ի  թույլտվությամբ:  ՙՙԴա անում է ԱՄՆ-ը: Թուրքիայում ոչ մի ծիտիկ մի ծառից մյուսը չի թռչում առանց ԱՄՆ-ի թույլտվության: Թուրիքայում են գտնվում երեք ամերիկյան ռազմական բազաներ, որոնց դիմաց մեծ գումար են տալիս: Այնպես, որ այդ երկրին ձեռնտու չէ որևէ բան պարտադրել Թուրքիային: ԱՄՆ-ը չի ընդունի ցեղասպանությունը, քանի որ Թուրքիան նրա ամենահավատարիմ դաշնակիցն է տարածաշրջանում՚՚,- ասաց նա:

Հրապարակախոսը հորդորեց շատ չոգևորվել այն փաստից, որ երեկ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև: ՙՙԴա ընդամենը մեկ հանձնաժողովի որոշումն է: Դրա հաջորդ քայլեր, որ ավելի կարևոր են, երբեք չեն լինում: Սա ամերիկայում հայկական լոբբիի հզորության սահմանն է: հայոց ցեղասպանության հարցը ամերիկացիների համար ընդամենը գործիք է. որ օգտագործվում է ընտրություններին և Թուրքիային ճնշելու համար՚՚,-եզրափակեց նա:

 Անկախ

Շաբաթօրյակը` վարչական շրջաններում

unnamed (11)Ինչպես տեղեկացնում են «Անկախին» Երևանի քաղաքապետարանից, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից կանաչապատ տարածքում շաբաթօրյակ էր թանգարանի աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի, Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի, «Երևաննախագծի» աշխատակիցների ու դպրոցականների մասնակցությամբ։

Էրեբունի վարչական շրջանի մի շարք պուրակներում, բակային ու կանաչ տարածքներում, այդ թվում և դպրոցների ու բուժհաստատությունների բակերում, շաբաթօրյակից բացի, նաև ծառատունկ էր։ Ընդորում, մասնակցել են ինչպես համայնքային, պետական, այնպես էլ մասնավոր հիմնարկները։

Էրեբունի վարչական շրջանում՝ Մանկական զբոսայգում, Ազատամարտիկների 5-րդ նրբանցքի պուրակում, Տիգրան Մեծի պողոտայում և այլուր, ապրիլի 12-ի ծառատունկին 800 ծառ է տնկվել, որից 100-ը՝ պտղատու և 300 թուփ։

«Հաղթանակ»» զբոսայգու ու ծառատունկին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին օգնել են բժշկական քոլեջի ուսանողները և այլ երիտասարդներ, լվացել են նաև զբոսայգու արձանները։ Այստեղ կանաչ տարածքները մաքրելուց և աղբը հավաքելուց հետո շաբաթօրյակի մասնակիցները ձեռնամուխ են եղել ծառատունկին։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին շաբաթօրյակի ու ծառատունկի ժամանակ օգնել են նաև զինծառայողները։

Թե՛ Էրեբունի վարչական շրջանում և թե՛ Քանաքեռ-Զեյթունում, ինչպես և բոլոր վարչական շրջաններում, շաբաթօրյակին ու ծառատունկին մասնակցել ու աշխատանքներին հետևել են վարչական շրջանների ղեկավարները։

ՌԴ Թմրամիջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայության պաշտոնատար անձինք ՀՀ ոստիկանությունում

H.Pogosyan_03Ապրիլի 11-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունեց Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու և այդ ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ նախաձեռնելու նպատակով ապրիլի 9-ին Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայության պաշտոնատար անձանց` ոստիկանության գնդապետներ Ալեքսեյ Նոսովին և Ալեքսանդր Պոստոյուկին:
Ընդունելության ընթացքում ռուս գործընկերները ներկայացրին համագործակցության իրենց դիտարկումներն ու առաջարկությունները` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարբեր ուղղություններով, ինչպես և Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայության փորձն ու ձեռքբերումները միջազգային համագործակցության ոլորտում:
Հունան Պողոսյանը Ալեքսեյ Նոսովին և Ալեքսանդր Պոստոյուկին հանձնեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներ, որոնցով նրանք պարգևատրվել են ՀՀ ոստիկանության պետի հրամանով` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության հետ ակտիվ համագործակցություն իրականացնելու համար:
Աշխատանքային այցի ընթացքում ռուս գործընկերները մի շարք կարևոր հարցեր են քննարկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում և համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ ներկայացրել կոնկրետ առաջարկություններ:

Դեսպան Մելիքյանն իր հավատարմագրերը հանձնեց Պարագվայի նախագահին

unnamed (9)Ապրիլի 10-ին Պարագվայի նախագահի «Լոպես» պալատում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսին։

Պաշտոնական արարողությունից հետո` 11 օտարերկրյա դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ, Օրասիո Կարտեսը ներկայացրեց երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և խոստացավ իր աջակցությունը բերել նորանշանակ դեսպաններին իրենց առաքելության իրականացման ընթացքում։ Առանձնակի կարևորելով առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ծավալումը` նա նշեց, որ փոխադարձ ճանաչման և հնարավորությունների ուսումնասիրման համար մեծ խթան կարող են հանդիսանալ տարբեր մակարդակներով փոխայցելությունները, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչների միջև կապերի հաստատումը։ Պարագվայի նախագահը հույս հայտնեց, որ նոր դեսպանների հավատարմագրումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը միտված գործնական քայլեր ձեռնարկելուն։

Հանդիպման ավարտից հետ Պարագվայի ազգային հերոսների պանթեոնում տեղի ունեցավ նորանշանակ դեպանների կողմից ծաղկեպսակի զետեղման հանդիսավոր արարողությունը։

ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին

KONICA MINOLTA DIGITAL CAMERA«Երևանը մեր տունն է, և այն բոլորս պետք է բարեկարգենք ու մաքուր պահենք» կարգախոսի ներքո ապրիլի 12-ին անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն ու մի շարք զորամասերի զինծառայողներ:

ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին      Երևանի փողոցների ու թաղամասերի, ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներից անմասն չեն մնացել զինծառայողները, ովքեր վաղ առավոտից քաղաքը մաքրում էին կենցաղային ու շինարարական աղբից, չորացած տերևներից ու ճյուղերից:

Մաքուր, բարեկարգ ու կանաչ Երևան ունենալու ցանկությունը բազմաթիվ քաղաքացիների և զինծառայողների համախմբել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հուշահամալիրի հարակից տարածքների, հուշարձանների բարեկարգման աշխատանքերին և ծառատունկին  մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին      Կարևորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը՝ Սեյրան Օհանյանը բնավ պատահական չի համարել այն, որ բարեկարգման աշխատանքների մեկնարկը տրվել է հենց «Եռաբլուր» պանթեոնից:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը շրջել է պանթեոնում, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք ցուցումներ և հանձնարարականներ տվել գերեզմանաքարերի շրջակա տարածքներն ընդլայնելու, քաղաքացիների այցերի համար դրանք առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

Սեյրան Օհանյանը զրուցել է նաև «Եռաբլուր» պանթեոն այցելած զոհված ազատամարտիկների հարազատների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մասնակցել է նաև մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում իրականացվող բարեկարգման աշխատանքներին և ծառատունկին:

Ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ զորամասերի զինծառայողները մասնակցել են Հրազդանի կիրճում  իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքներին: Զինծառայողները մասնավորապես բարեկարգել են ԽՍՀՄ հերոս Օլեգ Կոշևոյի հիշատակին նվիրված հուշարձանի, «Հրազդան» մարզադաշտի, «Ծիծեռնակաբերդ» հուշարձան թանգարանի  հարակից տարածքները:

 Անկախ

 

Ծխախոտագործության ոլորտում կբարձրացվեն աշխատավարձերը. ԼՂՀ վարչապետ

imagesԱպրիլի 11-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Վազգենաշեն, Նոր շեն և Բերդաշեն գյուղեր՝ համայնքապետերի տարեկան հաշվետվություններին ներկա գտնվելու և տեղերի բնակչությանը հանդիպելու նպատակով:

Վազգենաշենի համայնքապետը ներկայացրեց, որ նախորդ տարի բարեկարգվել և լուսավորվել են գյուղի փողոցները, վերանորոգվել են գյուղապետարանի և բուժկետի շենքերը: Խնդիրներից նա առանձնացրեց խմելու և ոռոգման ջրի սղությունը: Վարչապետն առաջարկեց կառավարության աջակցությամբ և տեղի ուժերով խմելու ջրի նոր ցանց կառուցել: Ոռոգման ջրի խնդրի լուծման համար նա խոստացավ աջակցել արտեզյան հորեր փորել դաշտերում, իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքում՝ նաև պոմպակայաններ տեղադրել: Կառավարության ղեկավարը կարևորեց ծխախոտագործության դերը նոր աշխատատեղեր ստեղծելու գործում և կոչ արեց ներկաներին օգտվել այդ տարածքում «Մասիս տոբակո» ընկերության ընձեռած հնարավորություններից և զբաղվել ծխախոտագործությամբ:

Նոր շենի համայնքապետը, ի թիվս այլ աշխատանքների, առանձնացրեց հանդիսությունների սրահի, ակումբի և եկեղեցու նորոգման, ինչպես նաև ճանապարհների խճապատման աշխատանքները: Նրա տեղեկացմամբ՝ դպրոցի նոր շենքի կառուցումն ընթացքում է: Գյուղատնտեսական աշխատանքների վարման կոլեկտիվ մեթոդի կիրառման առաջարկին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը ողջունեց այն՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այն համայնքներին, որտեղ կոլեկտիվ կերպով են լուծում գյուղատնտեսական և այլ խնդիրները: Վարչապետի խոսքով՝ եթե տարիներ առաջ մեր խնդիրները կենցաղային ու սոցիալական բնույթի էին, այժմ համարյա բոլոր համայնքներն ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ հիմնական խնդիրը դարձել է տնտեսական զարգացման ու ակտիվության ապահովումը: Կառավարության ղեկավարը շեշտադրեց, որ գյուղացին սոցիալական լավ պայմաններ է ունենալու, եթե ունենա եկամտի երաշխավորված աղբյուր: Իսկ վերջինս հնարավոր է գրագետ և սրտացավ կերպով գյուղատնտեսությամբ զբաղվելու դեպքում:

Բերդաշենի համայնքապետը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ մատնանշելով բարերարների միջոցներով կառուցված հանդիսությունների սրահը և համայնքի կողմից ճանապարհների բարեկարգումը: Վարչապետը ողջունեց այն հանգամանքը, որ Բերդաշենը պետական դոտացիա չստացող եզակի համայնքներից է: Ոռոգման ջրի խնդիրը, ըստ Ա. Հարությունյանի, պետք է լուծել արտեզյան ջրհորների փորման և ինքնահոս աղբյուրների վերականգնման միջոցով, որոնց իրագործման ուղղությամբ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ կառավարությունը պլանավորում է այդ տարածքում զարկ տալ ծխախոտագործությանը, ինչը ստեղծելու է զգալի քանակի նոր աշխատատեղեր: Հանդիպումից հետո ծխախոտագործների և «Մասիս տոբակո» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Ա. Հարությունյանը հանձնարարեց համապատասխան պաշտոնյաներին լուծել ծխախոտի դաշտերի ոռոգման խնդիրը: Նա տեղեկացրեց, որ գործարանի ներկայացուցիչների հետ կառավարությունը համաձայնության է եկել ողջ հանրապետությունում բարձրացնել այդ ոլորտում աշխատողների աշխատավարձերը, ինչը սոցիալական շոշափելի նշանակություն կունենա: «Մասիս տոբակո»-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Արցախում ծխախոտի մշակման ամենամեծ ծավալը Բերդաշենում է՝ հավելելով, որ այս տարի այն կհասնի շուրջ 150 հեկտարի:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի բաժին

Սոցիալական հարցում. հասարակություն-ոստիկանություն

1397298192,048Հանրային կարծիքի հետազոտության նպատակով ՀՀ ոստիկանության կայքէջում զետեղվել է սոցհարցում, որը կանցկացվի ապրիլի 12-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ: Այն նպատակ ունի տեղեկանալու քաղաքացիների գնահատականներին` վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանությունում (հիմնականում քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումներում) տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ:

Հարցման արդյունքները ոստիկանությունում առկա տեղաշարժերի հանդեպ հանրային վերաբերմունքի իրական պատկերը ներկայացնելուց զատ, ՀՀ ոստիկանության ղեկավարությանը նաև հնարավորություն կտան պատկերացում կազմելու ոստիկանության հանդեպ հասարակական հետաքրքրության, պահանջկոտության ու վերահսկողության վիճակի մասին, ինչը շատ կարևոր է հասարակություն-ոստիկանություն համագործակցության ամրապնդման առումով:
Հարցման արդյունքների մասին հանրությանը կիրազեկվի ՀՀ ոստիկանության կայքէջով:

Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են նաև Երևանի ավագանու անդամները

unnamed (7)Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանիից, Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին արձագանքելով՝ միջոցառումների ներգրավվել են նաև Երևանի քաղաքի  ավագանու անդամները: Մասնավորապես, Ծիծեռնակաբերդի հարակից անտառային  տարածքը մաքրվել և ծառատունկն իրականացրել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունների անդամները: Վերոնշյալ աշխատանքներում ներգրավված ավագանու անդամներից  յուրաքանչյուրը շեշտել է, որ համաքաղաքային նմանատիպ միիջոցառումներին  մասնակցում է նախ որպես երևանցի, ով սիրելի քաղաքի հանդեպ վերաբերմունքը նաև այս կերպ  պետք է ապացուցի, ընդ որում, ոչ թե միայն մեկ օրով, այլ՝ յուրաքանչյուր օր: Խմբակցության անդամների հետ իրականացվող աշխատանքներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի ավագանու անդամ Կամո Արեյանը, ով շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ակտիվության և մայրաքաղաքի նկատմամբ ցուցաբերած սրտացավության համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն էլ մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան հարակից հատվածում կազմակերպված ծառատունկին:

Անկախ