«Դեմ եմ»-ը պատասխանել է դատախազությանը
«Դեմ եմ» շարժումը պատասխանել է դատախազության տարածած հայտարարությանը:
«Դեմ եմ»-ի տարածած հայտարարությունում ասվում է. «Մեջբերում «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիտագործնական ժողովածուից /ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի-Երևան «Իրավունք», 2010/.
«Ճնշմանը և բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին և գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի և նպատակահարմար ձևը քաղաքացիական անհնազանդությունն է:
Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով…» (Գլուխ 1, էջ 60):
Սպառնալիքներով և բռնի ուժով չփորձեք սահմանափակել ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաք անցկացնելու մեր իրավունքները, որոնք երաշխավորված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նաև միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
Բացի այդ հիշեցնում ենք, որ օրինական հավաքների անցկացնելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է համարվում:
Հ.Գ. Վստահ ենք, որ ակնառու գործերի պակաս չկա Հանրապետությունում, որոնցով ՀՀ Գլխավոր դատախազությունն իսկապես պիտի զբաղվի՝ չինովնիկների գույքի հայտարարագրերի բովանդակությունները, նախարարների կանանց միլիոնատեր լինելու հանգամանքները, ՀՀ-ի կուտակած 300 մլն. ԱՄՆ դոլլար արժողությամբ գազի պարտքը, Որոտանի, Նաիրիտի թալանը և այլն (ցանկը կարելի է անվերջ թվարկել):
ՀՀ Գլխավոր դատախազությանը կոչ ենք անում մասնավորապես ուսումնասիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրական հոդվածների ուժով ապօրինի դրամահավաքի բուն նպատակները, փողերի շարժը ու բացահայտել իրական «շահառուներին», ինչպես նաև 10 տարվա ընթացքում մատնանշված օրենքի վրա պետական միջոցների անհարկի ու անադյունավետ վատման վտանգի հարցը»:
Խորհրդակցություն՝ ցրտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած համայնքների վնասը փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հարցը:
Ներկայացնելով որոշմամբ սահմանված միջոցառումները, օգնության ձևերն ու դրանց հատկացման կարգը, նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել սերմերով ապահովվածության գործընթացի արագացումը:
Հանձնարարվել է շուտափույթ ավարտել սերմերի գների հնարավոր իջեցման մասին պայմանավորվածությունները ներկրողների հետ, հստակեցնել սերմերի պահանջարկի վերջնական ծավալներն ու ապահովել դրանց ձեռքբերման աշխատանքները:
- Նշված բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ապրիլի 15-ը, երբ պարտադիր պետք է սկսվի բաշխման գործընթացը:
- Բաշխման գործընթացին ակտիվորեն ներգրավել ԳԱՄԿ-երի աշխատակիցներին:
- Գյուղացիական տնտեսություններին անհապաղ տեղեկացնել, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի:
- Ապահովել բաշխման գործընթացի թափանցիկությունը լրատվամիջոցների և շահառուների համար:
Օրակարգային երկրորդ հարցը կարտոֆիլի և լոլիկի ցեցի դեմ օգտագործվող ֆերոմոնային թակարդների ձեռքբերման և բաշխման, ինչպես նաև խաղողի ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի միջոցառումների իրականացման մասին էր: Նշված աշխատանքների արագացման համար, նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ տվեց պատասխանատուներին և ծառայությունների ղեկավարներին:
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ
Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը:
Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին:
Վարչական բոլոր շրջաններում ընթացքի մեջ են հենասյուների փոխարինման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ բոլոր վարչական շրջաններում շարունակում է իրականացնել գույքագրված վթարավտանգ և վնասված հենասյուների վերանորոգման ու նորերով փոխարինման աշխատանքները: Դրանք իրականացվում են ըստ առաջնահերթության՝ ապահովելու բնակիչների անվտանգությունը:
2014 թվականի ընթացքում նախատեսված է շուրջ 1000 հենասյուն փոխարինել փայտյա կամ երկաթբետոնե նոր հենասյուներով: Տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ փոխվել է ավելի քան 60 հենասյուն:
Անհրաժեշտության դեպքում, ծրագրով նախատեսված ծավալից բացի, կիրականացվի նաև լրացուցիչ աշխատանք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ցեղասպանության մասին բանաձև է ընդունել, Դավութօղլուն անհանգիստ է.Պանորամա,տեսանյութեր
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քառորդի դարի ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով սենատին՝ հիշատակել այս հանցագործությունը և նախագահին՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը: Այս մասին տեղեկացնում Panorama.am-ն վկայակոչելով Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվել է 12 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ քվեարկությունը տեղի է ունեցել Capitol Hill-ում՝ Հայոց ցեղասպանության քննարկմանը նվիրված ժողովում, որի ժամանակ վերջինս հայտարարել է. «Ինձ համար և կարծում եմ՝ բոլորի համար կա մի հստակ փաստ. ցեղասպանությունը ցեղասպանություն է, և հնարավոր չէ դրան մեկ այլ անուն տալ, պետք է ճանաչել այն»:
Նա նշել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, անհրաժեշտ է այս հարցին առավել գլոբալ մոտեցում ցուցաբերել:
Հաջորդ տարի, նշելով Օսմանյան կայսրության կազմակերպած Հայոց կոտորածի 100-ամյա տարելիցը, որը վերապրած մարդկանցից քչերն են ողջ մնացել, և որի հետևանքով 1.5 մլն մարդ է զոհվել, կարևոր է այս անգամ ավելի գլոբալ մտածել»:
«Այսօրվա քվեարկությունը հաստատել է Ամերիկայի ձգտումը դեպի ճշմարտության հաստատում, որը Թուրքիայի՝ ցեղասպանության ժխտմանն ուղղված քարոզարշավի լուրջ խափանում է և հստակ հաղորդագրություն է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ նա պետք է վերջ տա իր վարչակազմի հանցակցությունն Անկարային: Մենք շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, ինչպես նաև յուրաքանչյուր սենատորի, ովքեր քվեարկել են մարդու իրավունքի համար»,- նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Hurriyet Daily News»-ի փոխանցմամբ էլ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն արդեն հասցրել է զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին:
Հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագնի շուրջ կրքերը նորից սկսում են թեժանալ
Երևանի քաղաքապետարանում օրեր առաջ տեղի ունեցավ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը նշեց, որ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի սահմանման նպատակով դեկտեմբերի ընթացքում միջազգային խորհրդատուն կատարել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որի արդյունքներն արդեն պատրաստ են:
Ուսումնասիրություններն իրականացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և տեղական ու միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների կենտրոնի կողմից: Քաղաքապետարանի հրապարակած համապատասխան տեղեկատվությամբ նշվում է. «Ուղևորատրանսպորտային հետազոտությունների աշխատանքային խմբի ղեկավար Սերժի Տիոն, մանրամասնորեն ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշել է, որ դրանք իրականացվել են բոլոր ուղղություններով և կազմվել են օրվա, ամսվա ու տարվա կտրվածքով` հաշվի առնելով միջազգային փորձը և մեթոդաբանությունը, որոշակի չափանիշներ և առանձնահատկություններ, այդ թվում նաև աշխատանքային և հանգստյան օրերի ցուցանիշները, ինչպես նաև պիկային և երեկոյան ժամերը: Աշխատանքներում ներգրավվել են տասնյակ դիտարկողներ, որոնք տարբեր ժամերի երթևեկել են տարբեր երթուղիներով: Ուսումնասիրություններն իրականացվել են շահագործվող բոլոր 2200 տրանսպորտային միջոցներում: Ըստ այդմ, նշվել է, որ մեկ տարվա միջինացված կտրվածքով` մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքը կազմում է 167 միլիոն 957 հազար 518 քաղաքացի»:
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի նախնական քննարկված ամփոփ հաշվարկը, որը քննարկվել էր նաև հանձնաժողովի նախորդ նիստերում, Սերժի Տիոն նշել է, որ համադրելով ուղևորահոսքի և ծախսերի տվյալները` ձևավորվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների համար որոշակի սակագներ: Համաձայն կատարված հաշվարկի` գազով աշխատող միկրոավտոբուսների պարագայում այն կազմել է 207.2 դրամ, նույն վառելիքով աշխատող ավտոբուսների` 196.2 դրամ և դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսների` 252.3 դրամ:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն այդ ուսումնասիրությունն անվանում է «պարտիզանություն», քանի որ հանձնաժողովն աշխատել է հուլիսից մինչև ապրիլի 4-ը, բայց հանձնաժողովի անդամներն այդ տվյալների մասին իմանում են միայն ապրիլի 4-ին: Այնինչ, իրենք պետք է տեղյակ լինեին, թե որ կազմակերպությունն է հաշվարկներ կատարում, որ արժանիքների համար է այդ կազմակերպությունն ընտրվել, որ մեթոդիկայով են աշխատում և այլն:
Ով այդ հետազոտությունը պատվիրել ու վճարել է, նշեց ՀԿ-ի նախագահը, նա էլ հստակ պարամետրեր է տվել արդյունքների համար: Այդ զեկույցում քաղաքացիներին հետաքրքրող հիմնական պատասխանը չի երևում` որքա՞ն ուղևոր է փոխադրում մեկ միկրոավտոբուսը մեկ օրում: Որովհետև, պարզաբանեց Պողոսյանը, ուղեվարձերի սակագները գոյանում են` ծախսերը բաժանելով ուղևորների թվի վրա, ու այստեղ այլ մաթեմատիկա հնարելու կարիք չկա:
«Եթե այդ զեկույցի մեջ ոչ մի տեղ ուղևորների թիվը չի նշվում, էլ ինչների՞ս է պետք այդ հետազոտությունը: Մի թիվ էլ հրապարակեցին` 613 հազար մարդ է երթևեկում: Ես հազարավոր անգամ հայտարարել եմ, որ Երևանում երթևեկում է 600 հազարից ավելի ուղևոր, ու Իտալիայից կամ ինչ-որ երկրից կազմակերպություն հրավիրել պետք չէր այս թիվը ստանալու համար, մեզ այն հայտնի էր: Երեկ էլ մեզ ասում են` 613 հազար, ի՞նչը փոխվեց: Կամ ասում են, թե քանի վարորդ է առանց սափրվելու մեքենա վարում: Դա արհամարհանք է, նշանակում է, որ ովքեր պատվիրել են, իրենց գործը չեն հասկանում»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Ընդ որում, հետազոտության տվյալների հավաստիությանը Արմեն Պողոսյանը չի կասկածում, կասկածում է մեթոդիկային, համարում է, որ ճիշտ մեթոդիկա ընտրված չի եղել: Արդյունքն էլ այն է, որ սակագինը 200 դրամի շրջանակներում ստացվեց:
Ո՞վ է «հուշել» մեթոդաբանությունը
Այս ուսումնասիրության մեջ, վերջնական գին ստանալու համար, առանցքային նշանակություն է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների համար պահանջվող ծախսերի հաշվարկը: Որովհետև հասարակական տրանսպորտի գները հաշվարկելիս, ինչպես նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, ըստ էության, հաշվի են առնվել քաղաքապետարանի կողմից ընդունված նախորդ հաշվարկները: Իսկ նախորդ ծախսի մասով բազմաթիվ դիտարկումներ կան, որոնք մինչ օրս քաղաքապետարանի կողմից հրապարակավ չեն ժխտվել ու դեռ պետք է քննարկվեն:
Ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար կատարվող կամ անհրաժեշտ ծախսերը, որ ներկայացվում են քաղաքապետարանի կողմից, մեկ տրանսպորտային միավորի հաշվարկով, հետևյալն են `
1 միկրոավտոբուսի համար 1 մլն 45 հազար 90 դրամ, դիզելով աշխատող ավտոբուսների համար` 1 մլն 870 հազար 907 դրամ, իսկ գազով աշխատող ավտոբուսի համար` 1 մլն 454 հազար 209 դրամ:
«Երբ կապվեցինք «Այ Փի Էս Սի»-ի հետ, մեզ ասացին, որ մեթոդաբանությունն իրենցը չէ: Նախ` ինձ համար զարմանալի է, որ հետազոտությունն արած ընկերությունն իրեն պատասխանատու չի համարում այն հարցում, թե ինչ մեթոդաբանությամբ է իրականացվել աշխատանքը: Որովհետև ուսումնասիրության հիմքում առաջին հերթին ընկած է մեթոդաբանությունը, մասնավորապես` ընտրանքը: Կոնկրետ «Այ Փի Էս Սի»-ն ասաց, որ մեթոդաբանությունն իրենցը չէ, իրենք չգիտեն, թե ումն է, ընդհանուր լղոզված պատասխան եմ ստացել: Միգուցե պատվիրատուն ասել է, թե դա ճիշտ է, բայց մի քանի էական կետեր կան, որոնց մասին պետք է խոսել»,- ասաց Պիպոյանը:
Մասնավորապես, պարզաբանում է Բապկեն Պիպոյանը, 10 լավագույն երթուղիների ու իդեալական վիճակի համար պահանջվող ծախսերի ու առկա վիճակի համար ծախսերի հաշվարկների արդյունքների տարբերությունը: Դրանք անհամադրելի արժեքներ են, ինչը հետազոտություն անողը պետք է իրականացներ, հասկանար, թե լավ ու վատ վիճակների միջև շեղման տոկոսը որքան է:
Նա նշեց, որ խնդիր կա նաև ընդհանրացման առնչությամբ` հասարակական տրանսպորտի ուղևորահոսքի համեմատությունը մետրոյի ուղևորահոսքի հետ` համապատասխան դասիչով:
«Ավելի պարզ ասած` ենթադրենք` դեկտեմբերին մետրոյով տեղափոխվում է 1000 մարդ, դա պայմանական 1 միավոր է ընդունվում ու համեմատվում է մնացած ամիսների հետ: Ըստ այդմ` 1, 1.1 կամ 0.8 միավորների հետ բաշխում ենք մետրոն ու քաղաքային տրանսպորտը` փաստացի ստացված ուղևորահոսքը` համեմատելով մետրոյի համապատասխան դասիչի հետ: Այս կերպով են «Այ Փի Էս Սի»-ում հաշվարկը կատարել: Ես չգիտեմ, թե ով է այս մեթոդաբանության հեղինակը, բայց սա անգրագիտության գագաթնակետն է: Չեմ կարծում, թե միջազգային փորձում նման մեթոդաբանություն կա, բայց եթե անգամ այդպիսի բան կա, ապա այդ միջազգային փորձը կարող էր գործել, եթե հասարակական տրանսպորտի չվացուցակը պահպանված լիներ»,- պարզաբանեց Բաբկեն Պիպոյանը:
Հնարավոր է 100 դրամ սակագնով հասարակական տրանսպորտ ունենալ
Ուղեվարձի ստացված սակագնի վերաբերյալ էլ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ տարեկան հոսքի համադրությամբ ստացված գինը չի կարող իրատեսական լինել, և դա փաստում է նաև քաղաքապետարանը: Վահե Նիկոյանը հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է, որ, այդուամենայնիվ, անհրաժեշտ է վերլուծել ստացված արդյունքներն ու փորձել հնարավորինս նվազեցնել մեկ ուղևորի փոխադրման համար ստացված միջինացված արժեքը:
«Ուսումնասիրելով ամբողջ ուղևորահոսքը և ունենալով արդեն որոշակի հաշվարկներ` մենք պետք է քայլեր ձեռնարկենք նաև հնարավորինս օպտիմալացնելու ծախսերը: Սակայն սա կախված է մի շարք բաղադրիչներից և չափորոշիչներից: Այստեղ հատկապես կարևորում ենք սոցիալական որոշակի խմբերի համար այդ արժեքի փոփոխումը: Պետք է նշեմ, որ սա բնավ էլ չի նշանակում, թե կիրառման առումով վերլուծության արդյունքում ստացված միջինացված սակագինը մեզ համար ընդունելի է: Ըստ այդմ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի այդ արժեքը հնարավորինս նվազի: Պետք է փորձենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի ինչպես ծառայություններ մատուցողների, այնպես էլ մեր համաքաղաքացիների համար»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Տեսեք, թե խոսքը ուր է հասնում քաջ որսկանի գյուլլի պես: Տրամաբանությունը պարզ է, չէ՞, «միջազգային խորհրդատուն նշում է, որ ուղեվարձի սակագինը 207 դրամ է, իսկ «մարդասեր» քաղաքապետարանը նետվում է փրկելու սեփական ժողովրդին ու «մի կերպ հաջողում» հասարակական տրանսպորտի սակագինը պահել 150 դրամի սահմաններում:
Բաբկեն Պիպոյանը սեփական հաշվարկներն ունի, ու նշում է, որ անգամ քաղաքապետարանի միջազգային խորհրդատուի ուսումնասիրության արդյունքը` հանգեցնում է նրան, որ գրագետ կառավարման դեպքում մենք միանշանակ կարող ենք ունենալ շատ լավ հանրային տրանսպորտ. «Ուսումնասիրությունն էլ փաստեց, որ մենք ունենք անարդյունավետ գծեր, ունենք լրիվ նույն մարդատարությամբ երկու մեքենա, և եթե մեկի ծախսերը մյուսին գերազանցում է 50 տոկոսով, դա նշանակում է, որ պետությունն է սխալ քաղաքականություն իրականացնում: Այսինքն` պետք էր ի սկզբանե հասկանալ, թե որի ծախսն է ավելի ցածր, դա էլ ներկրեինք: Եվ եթե դա պետական մարմինները չեն արել, սխալվել են, ապա այդ սխալի հետևանքով քաղաքացի՞ն պետք է տուժի»:
Ներքաղաքային ուղեվարձերի նրա հաշվարկների արդյունքում ստացվում է, որ եթե ճիշտ մոդելով կառավարվի քաղաքային տրանսպորտը, ապա ոչ միայն հնարավոր է Երևանում ունենալ 100 դրամով ներքաղաքային հանրային տրանսպորտ, այլև, եթե ունենանք կենտրոնացված ավտոպարկ ու տրանսպորտից ստացված եկամուտները ծառայեն նաև քաղաքային բյուջեին, ապա ստացված միջոցներով հնարավոր կլինի ապահովել անգամ քաղաքի գիշերային լուսավորությունը:
Ավարտվել է ոստիկանի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Գևորգյանի կողմից հետիոտն Սուսաննա Բարսեղյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 14:40 սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով դեպի Սասունցի Դավթի հրապարակ երթևեկելիս նույն փողոցի թիվ 76 շենքի շրջակայքում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջները, Ա. Գևորգյանը, իր երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վրաերթը կանխելու նպատակով ժամանակին չի արգելակել, չի դանդաղեցրել իր վարած ավտոմեքենայի ընթացքը, այն լրիվ կանգնեցնելու միջոցով հնարավորություն չի տվել փողոցը անցնող հետիոտն Սուսաննա Բարսեղյանին դուրս գալ վտանգավոր գոտուց, դրանով իսկ ինքն իրեն զրկել է բախումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, արդյունքում` ավտոմեքենայի առջևի աջ մասով բախվել է Ս. Բարսեղյանին, ենթարկել վրաերթի` անզգուշությամբ մահ պատճառելով վերջինիս:
ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Դատախազությունը զգուշացնում է “Դեմ եմ “շարժմանը
2014 թվականի ապրիլի 9-ին, “Դեմ եմ” շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նստացույցի հետևանքով, տևական ժամանակով փակվել էր Երևան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան և հարակից փողոցների երթևեկությունը:
Ի գիտություն ավտոմեքենաների սեփականատերերի
Հիմք ընդունելով ««Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.11.2013թ. հ. ՀՕ-113-Ն ՀՀ օրենքը, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվող փաստաթղթերի հետ միասին տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) այսուհետ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի նաև տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին (0-ական) տեղեկանք:
Երևանի քաղաքապետարան
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 9-ից 10-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության` 10, յուրացման 1 և խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հին «մասնագիտություններից» մեկի նոր դրսևորումներից
Ապրիլի 9-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 31 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին և 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Վերջինս խոստովանել է, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 11.300 դրամ և 1 դոլար:
Ուղևորուհուց ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
Հետախուզվող կինը` Այրումի բնակարաններից մեկում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 9-ին, ժամը 11.00-ին, Այրում քաղաքի Թումանյան փողոցի 13 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1962 թ. ծնված Լիանա Ա.-ն, որը ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 345 հոդվածի /Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները/ 1-ին մասի մեղադրանքով:
ՈԱԱԿ-ն աջակցում է բուհում որակի ապահովման համակարգի կայացմանը
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) աշխատակիցներն աջակցում են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային որակի ներքին ապահովման համակարգի կայացման հարցում:
Բուհում ապրիլի 10-11-ին ընթանում է «Որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները» թեմայով երկօրյա սեմինարը`նախատեսված բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Սեմինարին որպես բանախոսներ մասնակցում են նաև ՈԱԱԿ աշխատակիցները:
Երեկ կայացած սեմինարին որպես բանախոս է հանդես եկել ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Հարություն Մարզպանյանը, ով ներկայացրել է, թե ինչ է որակի ապահովման համակարգը, ինչու է կարևոր որակի ներքին ապահովման մշակույթի ձևավորումը բուհում, ինչ մեխանիզմներ պետք է ներդրվեն, որպեսզի կայանան որակի ներքին ապահովման համակարգի առանձին տարրերը: Այնուհետև Մարզպանյանը պատասխանել է բուհի աշխատակիցների՝ կրթության որակի ապահովման ներբուհական համակարգի կայացմանն առնչվող բազմաբնույթ հարցերի:
Այսօր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում շարունակվող սեմինարին որակի ապահովման արտաքին համակարգը կներկայացնեն և հարցերին կպատասխանեն ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի պետ Անուշավան Մակարյանը և բաժնի մասնագետ Հարություն Մարզպանյանը:
Այսուհետ տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքն այսուհետև պարտադիր է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվող փաստաթղթերի հետ միասին տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի նաև տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք:
Ավելի քան քառորդ դար միայնակ՝ խոնավ և ցուրտ տնակներում
Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների վիճակն օր-օրի վատթարանում է, նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները:
Միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել կացարանները:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ամենօրյա այցելությունների ընթացքում փորձել են առավել ծանր վիճակում հայտնված մի շարք տարեցների հորդորել, որ նրանք համաձայնեն տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ, սակայն սովորաբար նրանց գերակշիռ մեծամասնությունը հրաժարվում է այդ մտքից՝ գերադասելով խոնավ և ցուրտ վագոն-տնակները: Անշուշտ, այս խնդրի լուծմանը պետք է մասնակցություն ունենան տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Գյումրու վագոն-տնակային ծանր պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
ՀՀ Նախագահը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի և կուսակցության տարբեր շերտերի հետ քննարկումներից հետո Հանրապետության Նախագահն այսօր ՀՀ կառավարության ձևավորմանը նախորդող ընթացակարգային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ներկա են եղել նաև խորհրդարանում ներկայացված այն քաղաքական ուժերի ղեկավարները, որոնց ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունից ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Հանրապետության Նախագահի հետ խորհրդակցությանը մասնակցել են ԲՀԿ ղեկավար, միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը:
«Օրինաց երկիր» կուսակցությունից հանդիպմանը մասնակցել են քաղաքական այդ ուժի նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Հայ հնատիպ գրքի ցուցահանդես Հնդկաստանում
Ապրիլի 8-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տեղի ունեցավ Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Հնդկաստանի ու Հայաստանի ազգային գրադարանների մասնակցությամբ կազմակերպված հայ հնատիպ գրքի ցուցահանդեսի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հնդկաստանի ազգային գրադարանի տնօրեն Ռաջենդրա Կումարը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ինչպես նաև հնդիկ պաշտոնյաներ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկան դեսպան Հակոբյանը, ազգային գրադարանների տնօրենները: ՀՀ դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Հնդկաստանն այս կարևոր ցուցահանդեսի համար պատահական ընտրություն չէր. հայկական առաջին՝ «Ազդարար» պարբերականը տպագրվել է 1794թ. Մադրասում՝ Հարություն Շմավոնյանի կողմից: Ցուցահանդեսում ներկայացված մի շարք գրքեր ևս տպագրված են Հնդկաստանում, մասնավորապես՝ Մադրասում և Կալկաթայում»: ՀՀ դեսպանն իր շնորհակալությունը հայտնեց հնդկական կողմին ցուցահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիսության ընթացքում Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները ներկայացրեցին հայկական երաժշտական ստեղծագործություններ:
Ցուցահանդեսում, որը տևելու է մինչև ապրիլի 12-ը, ներկայացված են Հայաստանի ազգային գրադարանից բերված և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի գրադարանի կողմից տրված գրքեր: Ներկայացված գրքերի թվում են 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից տպագրած «Ուրբաթագիրքը», 1666-68թթ. Ամստերդամում տպագրված «Աստվածաշունչը», 1794-96թթ. Մադրասում տպագրված «Ազդարարը» և այլ արժեքավոր գրքեր:
ՀՀ Նախագահին ներկայացվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է Հանրապետության Նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է և տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայեցակարգի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները:
Նկատի ունենալով, որ Հայեցակարգի նախագիծը նախնական է և պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, Գագիկ Հարությունյանը նշել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձևավորել միասնական և վերջնական դիրքորոշումներ: Դրանցից, մասնավորապես, ընդգծվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորմանը, դատական իշխանության գործառութային և ինստիտուցիոնալ արդյունավետությանը, ինչպես նաև պետության կառավարման ձևին և ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերը:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին և անդամներին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար և իր դիրքորոշումն է հայտնել որոշ առանցքային հարցերի վերաբերյալ:
***
ՀՀ Նախագահի խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ
Շնորհակալ եմ պարոն Հարությունյան, Ձեզ, շնորհակալ եմ հանձնաժողովի բոլոր անդամներին կատարված ծավալուն աշխատանքի համար: Համոզված եմ, որ հանձնաժողովի անդամների մասնագիտական բարձր որակները թույլ են տվել վեր հանել ու մշակել այսօր մեր հասարակությանը և պետությանը հուզող բոլոր կարևորագույն խնդիրները: Համոզված եմ նաև, որ զուտ իրավական բնույթ ունեցող հարցերի կապակցությամբ հանձնաժողովն ունի թե՛ գիտական, և թե՛ գործնական հիմնավորումներ: Ես այստեղ որևէ կասկած չունեմ:
Անդրադառնալով Ձեր կողմից հնչեցված առանձին հիմնահարցերին, կարծում եմ, որ դատական իշխանությանն առնչվող բոլոր կարևոր խնդիրները, բոլոր «դեմերը» ու «կողմերը» պետք է քննարկվեն հենց այդ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպիսի եզրակացության կգաք, այնպիսի որոշումներ էլ կկայացնենք:
Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս ես այդպես եմ կարծում:
Ինչևէ, գտնում եմ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված այս հարցը, ի թիվս այլնի, պետք է դառնա հանրային քննարկումների առարկա: Սակայն կարևոր է նաև նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները:
Այդ պատճառով հանրային քննարկումների կազմակերպումը, դրանց անցկացմանը մասնագետների, քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ մասնակցությունը կարևոր է հավասարակշռված որոշումներ ընդունելու համար: Այդ որոշումները պետք է միտված լինեն պետության կայուն զարգացման ապահովմանը, այլ ոչ թե առանձին խմբերի կամ նեղ շահերի սպասարկմանը:
Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու: Ես սա ասում եմ, քանի որ գիտակցում եմ Սահմանադրության դերն ու ժողովրդավարական ավանդույթների կարևորությունը մեր երկրի համար, դա շատ ավելի կարևոր է, քան հնարավոր բոլոր վայ-շահարկումները, որոնք պարզապես թեթևամտության ժանրից են: Եվ ես սա ասում եմ այսօր՝ որպես սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրականացման ազատության երաշխիք ու նաև ազատ գործելու երաշխիք ձեզ համար:
Եվ ես սկզբունքորեն, իհարկե, համաձայն եմ Հայեցակարգի հանրային քննարկումների ժամկետը երկարաձգելու Ձեր առաջարկի հետ և գտնում եմ, որ որպես այս փաստաթղթի հեղինակ, հենց հանձնաժողովը պետք է ստանձնի այդ քննարկումների պատշաճ անցկացման և դրանց արդյունքների ամփոփման բարդ ու պատասխանատու առաքելությունը:
Արսեն Խոջոյանը մի քանի օր կմնա Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
Իջևանում նախնական բուժզննումից հետո ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկակակ կենտրոն:
Բժշկական ստուգումից հետո Արսենի մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել: <<Ամեն ինչից էլ անալիզ են վերցրել, որ տեսնեն` հո լուրջ խնդիրներ չկան, միայն թե ինձ թվում ա՝ Արսենի աչքերը կարմրած են, դե սոված-ծարավ թշնամու մոտ ա եղել, դրանից կլինի, էլի>>,-Անկախ-ին պատմեց Արսենի մայրը:
Տիկին Սվետլանան և Արսեն Խոջոյանի հորեղբորորդին` Արմենը, գիշերել են Արսենի մոտ` Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Բժիշկ Գագիկ Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ Արսենի մարմնի վրա կապտուկներ, խոշտանգման երևույթներ չկան, գիտակցությունը պարզ է: Իսկ Արսենը պատմել է, թե ինչպես է հայտնվել սահմանից այն կողմ:
Մայրը վերահաստատեց. <<Պատճառը մառախուղն էր, էլի, անասունները կորցրել ա, գնացել-խորացել, հետո որ մարդ ա տեսել, հարցրել, կիսահայերեն, կիասառուսերեն, գլխի են ընկել, որ հայ ա, որ չխոսար, երևի գերի չընկներ>>:
Նա իր հետ գյուղից Երևան է բերել Արսենի ու նրա եղբայրների զինծառայության ընթացքում ստացած պատվոգրերը: <<Ասեցի` կարող ա պետք լինի, էլի, թող տեսեն, որ իմ էրեխեքը հայրենիքի պաշտպանության գործի մասնակիցն են եղել>>,-նշում է տիկին Սվետլանան:
Արսենի պատմելով` Ադրբեջանում իրեն առանձին մեկուսարանում են պահել, չեն ծեծել, ինքը սննդից հրաժարվել է` մտածելով, որ կարող է թունավորեն: <<Թովուզի շրջանում եմ մոլորվել, հետո տարել են Բաքու, մի հինգ ժամ ճանապարհ ենք գնացել, մինչև հասել ենք Բաքու>>,-հիշում է Արսենը:
Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը հիվանդանոցից դուրս կգրվի մի քանի օրից:

