Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 6-ին, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել 1960 թ. ծնված Սաշա Ա.-ն և հանձնել ձեռքի հակատանկային նռնականետ` լիցքավորման սարքով ու վառոդային լիցքով և տարբեր տրամաչափի 54 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Հայտնաբերվել է անհայտ կորածի դիակը
Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը:
Ապրիլի 7-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղի ձորում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Գառնի գյուղի տարածքում գտնվող «Գյունա» կոչվող սարատեղում հայտնաբերել է Վրեժ Խաչատրյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի ճակատային մասում հայտնաբերվել է սալջարդ վերք, որը բնորոշ է վայր ընկնելուն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:
Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանության բաժնում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն ծեծել են
ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից քաղաքացի Ա. Ք.-ի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործով մեղադրյալ Ա. Ք.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. մարտի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկից գողություն կատարելու կասկածանքով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծեծել են` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
«Իրատես de facto».Չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն նորից վերադառնան կոալիցիա
«Իրատես de facto»-ն գրել է. «Նոր վարչապետացուների փնտրտուքին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է այսօրվա կոալիցիայի կազմը փոփոխությունների ենթարկվի և համալրումներ լինեն: Պորտֆելներ կարող են ստանալ նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Տեղեկություններ են շրջանառվում, որ ապագա կոալիցիոն կառավարությունը շատ ավելի բազմաշերտ է լինելու, և այսօրվա ընդդիմադիրներից ոմանք ևս կարող են պաշտոններ ստանալ: Չի բացառվում, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն նորից վերադառնան կոալիցիա «հին, բարի ժամանակների» հանգույն: Այս տարբերակը կարող է իրականանալ, եթե վերջիններիս համար, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, վարչապետի թեկնածուն «ընդունելի լինի»: Ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները, բացառվում է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իշխանության մաս կազմեն»:
Ծիծեռնավանքի հիմնադրումը նախքան զինադադարը խոսում է մեր հավատի մասին. վարչապետ
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ներկա գտնվեց Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի հիմնադրման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ համայնքում կազմակերպված միջոցառմանը:
Իր շնորհավորական խոսքում կառավարության ղեկավարն ընդգծեց այն հանգամանքը, որ մայիսին լրանում է զինադադարի կնքման քսաներորդ տարեդարձը, այնինչ այդ շրջանի գյուղերի վերաբնակեցումը սկսվել է նախքան զինադադարը: Դա նշանակում է, որ մենք ունեինք հույս ու հավատ, որ հաղթելու ենք պատերազմում և ի վիճակի ենք լինելու շենացնել մեր ազատագրված պատմական հայրենիքը: «Ինչ նշանակություն է ունեցել այս տարածքը հայոց պատմության ընթացքում, վկան է Ծիծեռնավանքը, որը երկարամյա գերության ժամանակաշրջանում ևս կարողացել է պահպանվել և այսօր ծառայել հայ ազգին ոչ միայն որպես եկեղեցի, այլ նաև որպես մեր պատմությունը վկայող հուշարձան»,- նշեց Ա. Հարությունյանը:
Վարչապետը շեշտադրեց, որ առկա են շատ խնդիրներ, որոնց մի մասը լուծում են ստացել, իսկ մնացածը տարիների ընթացքում կլուծվեն: Սակայն, ըստ նրա, ունեցել ենք նաև շատ մեծ ձեռքբերումներ, որոնցից ամենակարևորը համայնքում ծնված երեխաներն են: Նա գոհունակությամբ փաստեց ժողովրդագրական դրության բարելավումը՝ ընդգծելով, որ պետք է ստեղծվեն բոլոր նախադրյալները առաջիկայում ծնելիության ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու համար: Ա. Հարությունյանը այցելեց նաև Ծիծեռնավանքի վերականգնված վանական համալիր:
Միջոցառման ընթացքում Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի հիմնադրման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ համայնքի հիմնադրման ու զարգացման գործում ունեցած զգալի ներդրումների համար ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով ու պատվոգրերով պարգևատրվեցին մի շարք քաղաքացիներ:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն
Հիմք ընդունելով քաղաքացի Արման Գասպարյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումը, որը վերահասցեագրվել է ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժիններում: Միևնույն ժամանակ ծառայողական քննության ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը հետամուտ է լինելու գործի քննությանը, արդյունքում ձեռք բերված ապացույցների հիմնավորման դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ:
Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունը
32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին:
Արմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ:
Այս առիթով Պաշտպանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին:
Արման Գասպարյանի համաձայնությամբ հրապարակում ենք համապատախան ձայնագրությունը:
Անկախ
Փախչելով հարց չի լուծվի. ազատամարտիկի պատգամը երիտասարդներին
Ազատամարտիկ, ԼՂՀ մարտական ծառայության մեդալակիր Գևորգ Գևորգյանը թե՛ իր երեխաներին, թե՛ ներկայիս երիտասարդությանը մի կարևոր պատգամ է հղում` երկրից հեռանալով հարց չի լուծվում: «Էդքան վիզ ենք դրել: Եռաբլուրում էլ տեղ չկա: Արյան գնով վերցրած հողը թողնեք գնաք` վերջն ի՞նչ է լինելու: Փախչելով հարց չի լուծվի»,- ասում է նա:
Գևորգյանը 1989-ին մասնակցել է Նոյեմբերյանում ընթացող պաշտպանական մարտերին: Սակայն հետո Երևան է վերադարձել` կյանքի բնականոն հունին: «Մի մեքենա էի վերցրել, տաքսի էի քշում: Գործերս լավ էին, օրը մեջ էի աշխատում, ամիսը 100-150 ռուբլի գումար էի վաստակում»,- հիշում է նա:
1992-ին, սակայն, տեղեկանալով, որ իր ընկերներից Վոլոդյա Մաթևոսյանը մարդկանց է հավաքագրում «Հայր Վահան» ջոկատի համար, որոշում է թողնել աշխատանքն ու ընտանիքը և ռազմաճակատ մեկնել: «Որոշեցի, որ այլևս գործի չեմ գնա: Ասի` աշխատում եմ` էլ ի՞նչ անեմ: Մարդիկ էնտեղ մեռնում են, մենք եկել ենք էստեղ փող ենք աշխատում»,- հիշում է նա: Երբ ջոկատի համար 51 անդամ է հավաքագրվում, մեկնում են Ղարաբաղ` Չլդրան գյուղ:
Խորհրդային բանակում ծառայություն անցած երիտասարդը «Հայր Վահան» ջոկատում ստանձնում է հետախուզական ջոկատի ղեկավարի պարտականությունները ու սկսում իր արցախյան մարտական ուղին: «Հենց ավտոբուսով հասանք, բոլոր կողմերից կրակում էին: Մեր ավտոբուսի վարորդը գլուխը բռնեց ու թաքնվեց: Կոմանդոսը մեզ դիմավորեց, ասաց, որ Դրմբոնի վրա հարձակում է եղել, ու մեր ջոկատից 10 մարդ է պետք հակահարձակման համար»,- ասում է Գևորգյանը:
Հենց առաջին մարտում Գևորգյանն ու իր զինակիցները հաղթանակ են տանում` շարքից հանելով նաև ադրբեջանցիների տանկերից երկուսը: Պատմում է, որ աշխատում էին տանկի վերնամասը վնասել, որպեսզի հետո կարողանան տեխնիկան շտապ վերանորոգել ու օգտագործել: Հիշում է, որ պահ էր լինում, երբ անգամ ինքնաձիգի պահունակ չունեին: Բայց միևնույնն է, հաղթում էին: Գևորգյանը հիշում է, որ ադրբեջանցիներին հատկապես սկզբնական շրջանում շատերն էին օգնում. նրանց կողմից հայերի դեմ էին կռվում չեչենները, ռուսները, թուրքերը, ուկրաինացիները: Իհարկե, գումարի դիմաց: «Մենակով թուրքերը գլուխ չէին հանի: Տանկերով հիմնականում ռուսներն ու թուրք գորշ գայլերն էին, իսկ օդուժում ուկրաինացիներն էին»,- ասում է նա:
Հարցին, թե ուժերի նման անհավասարակշիռ բաշխվածության պայմաններում ինչպես հայերը հաղթեցին, Գևորգյանը պատասխանում է. «Իրենք փողով էին գալիս, 200 դոլար: Դրանով կռիվ էին գնում. կմեռնեն, սաղ կմնան, էլ կարևոր չէ: Իսկ մենք պայքարել ենք մեր հայության, մեր հողերի համար, անշահախնդիր: Եթե փողի համար գնացած լինեինք, բոլորս էլ կմեռնեինք, անշահախնդիր ձևով ենք գնացել, որևէ մեկը չի պարտադրել ու չի ասել` կռվի գնացեք»: Ասում է նաև, որ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց սկսել են իրենց վարձկաններին կեղծ փողեր վճարել, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել ադրբեջանական կողմի մարտական ոգու ամրության վրա:
Գևորգյանն ասում է` բարկանում է, երբ ոմանք ազատամարտիկներին ասում են` չգնայիր կռվի. «Ասում եմ, ո՞նց չգնայի, ես չգնայի, մյուսը, չգնար, էն մյուսը, բա ո՞վ պիտի գնար»:
Գևորգյանը 1992-93 թթ. մասնակցել է Դրմբոնի, Գետավանի, Մալիքլուի, Չափառի, Հաթերքի, Երրոդ սովխոզի, Կարմիրավանի, Լենինավանի և Քարվաճառի ազատագրման մարտական գործողություններին: Այդ ընթացքում երկու անգամ վիրավորվել է: 1993-ի դեկտեմբերին` զինադադարից մի քանի ամիս առաջ, երբ թեժ մարտեր այլևս չէին ընթանում, Գևորգյանը տուն է վերադառնում` ստանձնելու ընտանիքի հոգսը և երեխաների դաստիարակությունը:
2008-ին, երբ սահմանին լարված իրավիճակ էր, Գևորգյանն ու իր մի խումբ մարտական ընկերներ հավաքվում ու Արցախ են մեկնում` իրենց աջակցությունը հայտնելու արցախահայությանը: Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացնում են,որ առաջին իսկ կանչի դեպքում իրենք պատրաստ են նորից զենք վերցնել ու պայքարել հանուն հայրենիքի:
Չնայած մարտական տրամադրվածությանը` 55-ամյա, 3 երեխաների հայր ազատամարտիկն առողջական խնդիրներ ունի` աղեստամոքսային համակարգի և լյարդի բուժման կարիք ունի: Պատկան մարմինները, սակայն, ձգձգում են Գևորգյանին զինվորական հոսպիտալում բուժվելու հնարավորության ընձեռումը: Չնայած ներկայացրել է պահանջված բոլոր փաստաթղթերը, միևնույն է, որոշում դեռ չկա, նրան հայտնել են, որ մեկ ամիս անց միայն պետք է հանձնաժողովի նիստ տեղի ունենա, որտեղ էլ կքննարկեն Գևորգյանի հարցը:
Ազատամարտիկը սրտնեղած է իր նկատմամբ վերաբերմունքից. ասում է, որ ամիսներով հանձնաժողովի որոշմանն սպասելու փոխարեն ավելի հեշտ կլինի բուժման համար ինքնուրույն միջոցներ հայթայթել:
Մահվան ելքով ավտովթար Փարպի գյուղում
Ապրիլի 8-ին, ժամը 03.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Փարպի գյուղի գերեզմանատան մոտակայքում «Նիսսան» մակնիշի 34 LV 358 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչից խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից մոտ 50 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդ, նույն գյուղի բնակիչ` 1981 թ. ծնված Տ. Ս.-ի դին:
«1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:
Առաջիկայում սպասվում են տեղումներ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում“Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
· Օդի առավելագույն ջերմաստիճան 27.40C (1975թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -1.50C (1988թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 12.50C
Անկախ
Արգելափակվել են մի շարք ավտոմեքենաներ (լրացված)
Հայտնաբերվել է դի (լրացված)
Ապրիլի 7-ին, ժամը 14.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղին հարակից սարերում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 19.20-ին հրշեջ-փրկարարները սարից իջեցրել են Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 1944թ. ծնված Վ.Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
ՌԱԿ Հանրապետական վարչության հայտարարությունը ՀՀ վարչապետի հրաժարականի առիթով
Ռամկավար Ազատական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Տիգրան Սարգսյանի գործունեությունը որպես ՀՀ վարչապետ եւ հաստատում է, որ Հայաստանում սկսված մասշտաբային բարեփոխումները սկիզբ առան միայն վերջինիս կառավարության ժամանակաշրջանում: Այդ բարեփոխումները ազդեցին պետության սոցիալ–տնտեսական իրավիճակի եւ քաղաքական նոր մթնոլորտի ձեւավորման վրա:
Տիգրան Սարգսյան վարչապետը, ըստ մեր գնահատման, հանդիսանում էր միջազգային ատյաններում բարձր հեղինակություն վայելող ՀՀ կառավարության ղեկավարներից : Սա էր պատճառը, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի ամենածանր շրջանում ՀՀ կարողացավ ներգրավել վարկային նոր միջոցներ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:
Նախկին վարչապետը հսկայական աշխատանք կատարեց ստեղծելու համար տարածաշրջանի ամենակայուն ֆինանսական համակարգը: Միաժամանակ նրա վարչապետության օրոք ՀՀ-ի ՀՆԱ կառուցվածքում կատարվեց էական փոփոխություն եւ ՀՀ զարգացման մեջ կարեւոր դեր սկսեց կատարել արտադրությունը, որը մեր պետության տնտեսության զարգացման շարժիչ ուժն է:
Տիգրան Սարգսյանը առաջին վարչապետ էր, ով կարեւորեց արտահանմանն ուղղված եւ գիտելիքահեն տնտեսության ստեղծման առաջնահերթությունը պետության զարգացման հեռանկարի առումով: Նրա վարչապետության շրջանում ՀՀ-ի արտաքին առեւտրաշրջանառության մեջ սկսեց աճել արտահանման ծավալը՝ մոտ 2 անգամ գերազանցելով մինչ այդ եղած արդյունքը:
Նախկին վարչապետի գործունեությունը կարեւոր էր նաեւ որպես պետության ռազմավարական ապագայով մտահոգ մարդու, ով հասկանում էր, որ ՀՀ-ի զարգացման ու հզորացման համար կարեւոր է ոչ միայն այսրոպեական խնդիրների լուծումը, այլեւ հեռանկարային ծրագրերը եւ դրանց հիմնադրումը հենց այսօր, ինչը կամրացնի պետության հիմքերը տեսանելի հեռանկարում:
ՌԱԿ-ը շնորհակալ է նախկին վարչապետին ակտիվ համագործակցության համար եւ բարձր է գնահատում նրա ավանդը ՀՀ պետական համակարգի զարգացման գործում, միաժամանակ հաջողություն մաղթելով ՀՀ ապագա վարչապետին նրա հայրենաշեն եւ ազգաշեն բոլոր գործերում:
ՌԱԿ Հանրապետական վարչություն
Կարաոկե՝ «Նվիրում ենք մայրերին» խորագրով
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ մայրության և գեղեցկության օրվա տոնական շունչն առանձնահատուկ էր նաև երեկոյան Երևանում: Վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկած բազմաթիվ միջոցառումների շրջանակում էր նաև «Նվիրում ենք մայրերին» խորագրով կարաոկեն, որը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հյուսիսային պողոտայում: Մթնոլորտը ջերմ էր, հնչող երգերն էլ` նվիրված բացառապես մայրերին, կանանց ու աղջիկներին: Բեմահարթակը երևանցիներինն էր, ովքեր և դարձել էին տոնի անմիջական մասնակիցը: Իրենց կատարումներով ներկաներին ողջունել են նաև հայկական էստրադայի սիրված երգիչ երգչուհիները: Ինչպես տոնախմբող երևանցիներն էին խոստովանում՝ օրը հաջողվեց ու ամրագրվեց, որպես լիարժեք ապրած երևանյան ևս մեկ օր:
Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայց է կատարել հակաօդային պաշտպանության զորամասեր
Ապրիլի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության մի քանի զորամասեր։ Սեյրան Օհանյանին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հանդիպել է զորամասերի անձնակազմերի հետ, հետաքրքրվել զորամասերում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով, զինծառայողների առօրյայով և սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել զինծառայողների մարտական պատրաստականությունը, առկա զինտեխնիկայի վիճակը, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զորամասերի բարեկարգմանն ուղղված լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Առանձնակի ուշադրության են արժանացել ստորաբաժանումներում օժանդակ կառույցների` զորանոցների, լսարանների, ճաշարանների, աշխատասենյակների կապիտալ նորոգման և նմանաբնույթ նոր շինությունների կառուցման աշխատանքները: Կառուցվող նոր շինություններն իրենց հնարավորություններով ու համալրվածությամբ եզակի են ամբողջ աշխարհի զինված ուժերում: Այս առումով Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրները մշտապես գտնվում են պաշտպանական գերատեսչության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Կարևորելով հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների դերը երկրի խաղաղության պահպանման ու անվտանգության ապահովման գործում և պլանավորված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարական կազմին։
Ադրբեջանում` Սումգայիթում, բողոքի ակցիա է տեղի ունեցել
Ապրիլի 7-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Բաբեկ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Սումգայիթի քաղաքային գործադիր իշխանության շենքի դիմաց:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ըստ ցուցարարների`Բաբեկի փողոցում շինարարություն են սկսել` նոր շինություն կառուցելու համար: Արդյունքում լուրջ վնաս են կրել քաղաքային կոյուղիները: “Ապրիլի 6-ին 10-րդ թաղամասի բնակիչները շինարարական աշխատանքների դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք փակել են փոսերը և 120 ծառ տնկել: Մենք նույնպես ծառեր կտնկենք, սակայն կոյուղու վերանորոգման համար փող չունենք”,- հայտարարել են ցուցարարները:
Ցուցարարենը տեղեկացրել են, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները հրաժերվել են նրանց հետ հանդիպել, ոչ ոք չի ցանկանում լսել իրենց բողոքը: Նրանք բողոքել են նախագահի աշխատակազմին, որից հետո նրանց խոստացել են քննարկել այդ հարցը: Սակայն գիշերները շարունակվում են շինարարական աշխատանքները, ինչի հետևանքով բնակչները ստիպված անցել են գիշերային հերթապահության:
Ըստ կայքի`այդ տարածքում առևտրի կենտրոն է կառուցվում: Բնակիչները, ի նշան բողոքի, խոչընդոտում են շինարարությանը: Շինարարական ընկերության անունը գաղտնի է պահվում:
ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նպաստել կողմերի երկխոսությանը. ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ
Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ան Բրասերը, խոսելով ԼՂ հարցով աշխատող ենթահանձնաժողովի աշխատանքների մասին, նշել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նպաստել երկխոսության զարգացմանը և հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումների շարունակմանը: «Պետք է գնահատել բանակցության ցանկացած հնարավորություն: Ես աշխատելու եմ շարունակել նախորդ նախագահների ավանդույթները: Այժմ փորձում եմ կապ հաստատել երկու երկրների պատվիրակությունների հետ, որպեսզի քննարկենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են կողմերի միջև հանդիպումների անցկացման ձևաչափն ու քննարկումը շարունակելու հիմքերը»,-նշել է Բրասերը:
Հայաստանի պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է համարվել
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) 2014թ. Աշխատանքային պլանի համաձայն և տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ Պաշտպանության նախարարությունը ծրագրել էր ՀՀ ԶՈւ պատվիրակության գործուղումը Բաքու` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Պատվիրակության երթուղին դեպի միջոցառման անցկացման վայրը և հետ նախատեսում էր տարանցում Մոսկվայով, որտեղ և ժամանել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ս.թ. ապրիլի 7-ին:
Չնայած ԱՊՀ ՊՆԽ քարտուղարի կողմից հրավերի, նաև` Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ուղղված պաշտոնական ծանուցման առկայությանը, ընդունող կողմը չի հաստատել հայկական պատվիրակությունն ընդունելու իր պատրաստականությունը և շահագռգռվածությունը, ինչի հետևանքով պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է համարվել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի և «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ անդամների հանդիպման ժամանակ քննարկվեց Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողական համակարգերի ներդրման խնդիրը: Նախարարի պաշտոնակատարը նշեց,որ հարցի կանոնակարգման ուղղությամբ կառավարության ձեռնարկած համապատասխան քայլերը միտված են ոչ միայն ընդերքի ջրային պաշարների վերականգնմանը,այլև ջրի նվազագույն ծախսով ձկնաբուծական մթերքների առավելագույն ծավալների ապահովվմանը:
Այդ նպատակով նախապատրաստվող Ձկնաբուծական գործունեության լիցենզավորման կարգն ու ձևերը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով , ջրի խնայողական համակարգերի ներդրման համար , նախատեսվում է օժանդակություն ցուցաբերել ձկնաբուծական տնտեսություններին, մշակման փուլում է: Դրանով պետությունը ցանկանում է օժանդակել և ձեր բիզնեսին,և կանոնակարգել ջրային պաշարների նպատակային օգտագործումը Արարատյան դաշտում,-նշեց նա:
Հայ ձկնաբույծների միավորման նախագահ Արմեն Բունիաթյանը, խոսելով նոր համակարգի ներդրման վերաբերյալ իրենց նկատառումների մասին, նշեց, որ իրենք նույնպես համամիտ են ջրի խնայողական օգտագործմանը,սակայն կան տարակարծության մի շարք հարցեր,որոնց լուծման համար իրենք մշակել և առաջարկում են իրենց այլընտարանքային տարբերակը:
Շահագրգիռ քննարկման արդյունքում որոշվեց հանգամանորեն ուսումնասիրել միավորման առաջարկներն ու ներկայացված տարբերակը, հարցի վերաբերյալ լսել նաև ձկնաբուծական մյուս րնկերությունների կարծիքները,որից հետո, մասնագետների վերջնական եզրահանգումների հիման վրա , անդրադառնալ համապատասխան փոփոխություններով ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակման անհրաժեշտության հարցին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, որպես ապրիլյոթյան ևս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները: 2012թ. իրականացված համալիր ծրագրի շրջանակում ամբողջովին վերանորոգվեցին մայրաքաղաքում առկա շատրվանները, ու այսօր արդեն Երևանի հավերժության այս խորհրդանիշները երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայանում են բոլորովին նոր տեսքով ու գունային լուծումներով: Շնորհակալություն հայտնելով քաղաքի առօրյան լիարժեք տոնի վերածելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունների համար՝ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշել են, որ ցուցաբերվող մշտական հոգատարության ու սիրո արդյունքում հնամենի մայրաքաղաք Երևանը միշտ երիտասարդ է մնում:
Երգող շատրվանների գործարկումից, շնորհավորական բացիկներից ու վարդերից բացի, Հանրապետության հրապարակում հավաքված կանանց ու աղջիկներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Ինքնատիպ ֆլեշմոբի միջոցով կանանց ու աղջիկներին շնորհավորել են նաև փոքրիկ երևանցիները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



