Օտարերկրացին ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով ԱՎՎ Մեղրիի բաժանմունքի ծառայողների հետ, ապրիլի 3-ին, ժամը 12.50-ին, Մեղրիի մաքսակետից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1971 թ. ծնված Հուսեյն Ս.-ին, որը 2006 թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով:

ԱՄՆ ՄԶԳ-ն և 32 գործընկեր կազմակերպությունները հայտարարեցին ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի մեկնարկը` մինչև 2030 թվականը ծայրահեղ աղքատության վերացման առաքելությամբ

ԱՄՆ, ՀայաստանՍ.թ. ապրիլի 4-ին  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) նախագահ Ռաջիվ Շահն այսօր Նյու Յորքում կայացած միջոցառմանը հայտարարեց ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի բացման մասին: Արարողությանը ելույթ ունեցավ ԱՄՆ նախքին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ԱՄՆ-ի զարգացման նպատակներն առաջ մղելու գործում գիտության, նորարարության և գործընկերությունների կիրառման ուժեղ կողմնակից է:  Լաբորատորիան և նրա 32 հիմնադիր գործընկերները կխթանեն գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումը` ստեղծելով նորարարությունների նոր գլոբալ շուկա և ընդարձակելով այն մինչ 2030 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու միտումով:

ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիան բեկումնային լուծումներ կսատարի ջրային ռեսուրսների, առողջապահության, սննդի անվտանգության և առողջ սնուցման, էներգետիկայի, կրթության և կլիմայի փոփոխության ոլորտներում` առաջիկա հինգ տարիներին աջակցելով 200 միլիոն մարդու: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն ավելացրել է իր ներդրումները` հիմնվելով գիտության և նորարարության ապացուցված ազդեցության վրա: 2008 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել էր մոտ $127 միլիոն օժանդակություն հետազոտությունների և զարգացման ուղղությամբ: Այժմ Գործակալությունը ծախսում է $611 միլիոն հօգուտ ոչ միայն հետազոտությունների, այլ նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում նորարարության և կիրառական լուծումների իրականացման:

«Լաբորատորիան գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կներգրավի համաշխարհային հանրությանը, այդ թվում` գյուտարարների, գիտնականների, հետազոտողների, ձեռներեցների, ներդրողների և կորպորատիվ առաջնորդների` ներդրումներ կատարելու, առավել խոստումնալից և շահավետ լուծումները փորձարկելու և ընդարձակելու համար` օգնելով վերջ դնել ծայրահեղ աղքատությանը», – ասել է Շահը:

Լաբորատորիայի հիմնադիր գործընկերների շարքում են բազմաոլորտ կորպորացիաներ, այդ թվում Cargill, Cisco, Citi, Coca-Cola, DuPont, GlaxoSmithKline, Intel, Johnson & Johnson, Microsoft, Nike, Syngenta, Unilever, և Walmart, հասարակականկազմակերպություններ և հիմնադրամներ, այդ թվում` Care, the Bill & Melinda Gates Foundation, Catholic Relief Services, Global Impact Investing Network, Plan, Save the Children, the Skoll Foundation, World Vision, Գիտությունների ազգային ակադեմիան, և Սմիթսոնյան ինստիտուտը, համալսարաններ, այդ թվում` Կալիֆորնիայի Բերքլի համալսարանը, Դյուքի համալսարանը, Ջոնս Հոփքինսի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը, Միչիգանի պետական համալսարանը, Սթենֆորդի համալսարանի Ֆրիման Սպոգլի ինստիտուտը, Տեխասի A&M համալսարանը, Ուիլյամի ու Մերիի Քոլեջը, ինչպես նաև երկկողմ դոնոր-պետություն` Շվեդիան:

Այս գործընկերները կներդնեն ժամանակակից տեխնոլոգիաներ, մեծ մասնագիտական փորձ, կատարելագործված հետազոտությունների և զարգացման մեթոդների կարողություններ, գնորդների, մատակարարների ու համայնքային կազմակերպությունների լայն ցանցեր, ինչպես նաև գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և գործընկերությունների միջոցով ավելի քան $30 միլիարդ անկախ ներդրումներ զարգացող շուկաներում:

Հայաստանն աշխարհում ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելություններից ընտրյալ քսան երկրներից մեկն է, որոնք առաջատար կհանդիսանան գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և գործընկերային (ԳՏՆԳ) նախաձեռնությունների ասպարեզում:

ԱՄՆ ՄԶԳ նախագահ Շահի` զարգացման ոլորտում գիտության ու տեխնոլոգիաների դերը կարևորելու ջանքերը համապատասխան հիմքեր ունեն Հայաստանում, որը նախկին Խորհրդային Միության երբեմնի հիմնական հանգույցն էր էլեկտրոնային ծրագրերի մշակման, արդյունաբերական հաշվարկման, էլեկտրոնիկայի, և կիսահաղորդիչների արտադրության բնագավառում: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն ներդրել է մոտ $45 միլիոն օժանդակություն ԳՏՆԳ-ին առնչվող հայաստանյան ծրագրերում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրի, կառավարման և առողջապահության ոլորտներում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն ասել է. «Գիտությունը, տեխնոլոգիաները, նորարարությունն ու գործընկերությունները Հայաստանի զարգացմանն ուղղված մեր մոտեցման անբաժանելի մասն են կազմում: Հիմնվելով երկրի համեմատական առավելության և մաթեմատիկայի ու գիտության ոլորտում աշխատուժի ուժեղ կարողությունների վրա, ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է հնարավորություններ փնտրել Հայաստանի զարգացման մարտահրավերներն առճակատելու համար նոր տեխնոլոգիաներ կիրառելու և Հայաստանի անցումը դեպի մրցունակ, գիտելիքահեն տնտեսության աջակցելու նպատակով: Մոտակա տարիներին մենք մտադիր ենք շեշտադրել ջրային ռեսուրսների կառավարման և մաքուր էներգիային առնչվող նախագծերը»:

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ն նաև սատարում է տեխնիկական գերազանցությունը` ստեղծելով համագործակցություններ ամերիկյան գիտական և ճարտարագիտական ընկերությունների հետ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, National Instruments-ի և  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը ստեղծել է Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL)` ճարտարագիտության ոլորտում սերտիֆիկացման դասընթացներ առաջարկելու, գիտական հետազոտություններն  արդիականացնելու և ոլորտին համապատասխան ինժեներական լուծումներ առաջարկելու նպատակով: Նորարարության ասպարեզում ևս մեկ կարևոր գործընկերություն է Microsoft-ի ինովացիոն կենտրոնը, որը տրամադրում է սերտիֆիկացման դասընթացներ և խթանում է տնտեսության հիմնական մարտահրավերներին ուղղված ուրույն ծրագրային լուծումների մշակումը:

ԵՊՀ-ն օգնության ձեռք է մեկնում քեսաբահայությանը

ԵՊՀԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բացած հատուկ հաշվեհամարին, որտեղ արված հանգանակություններն ուղղվելու են քեսաբահայերին օգնելու գործին: 500.000 դրամի չափով նվիրատվություն էլ կատարել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:

«Մեր խորին ցավակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի և մասնավորապես Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի և սիրիահայ ազգաբնակչությանը և պատրաստակամություն հայտնում բարոյական ու նյութական հնարավոր միջոցներով մեղմել նրանց վիշտն ու կորուստը: 21-րդ դարում էլ ժողովուրդների գոյապահպանումը հիմնվում է ինքնօգնության վրա: Կոչ ենք անում հայաստանյան հասարակությանը և համայն հայությանը միավորվել, անտեսել միջկուսակցական, միջխմբային տարաձայնությունները և համախմբվել քեսաբահայությանը, սիրիահայությանն ու սիրիացիներին օգնելու գաղափարի շուրջ»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ նվիրատվությունները կարող եք փոխանցել Արդշինինվեստբանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`

247010003090 (ՀՀ դրամ)
247010003090/0001 (ԱՄՆ դոլար)
SWIFT: ASHBAM22

Շիրակի մարզպետը վարչապետի հրաժարականի մասին

26 016Այսօր լրագրողները Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետի հանկարծակի հրաժարական տալու քայլին: «Ես էլ ձեր նման հեռուստատեսությամբ եմ իմացել», – նշեց մարզպետը:
Հարցին, թե արդյոք հիմա հրաժարականի ժամանակն էր, կամ տեղին էր այն, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Ոչ մեկը հավերժ չէ ոչ մի տեղ: Մարդը ճիշտ է գտել իր քայլը՝ արել է: Վարչապետն ինքն է որոշել, ես իր տեղը չեմ կարող պատասխանել»:
Իսկ թե ում է տեսնում այդ պաշտոնում կամ կուզենար տեսնել, Շիրակի մարզպետը անուններ չի նշում. «Որպես կառավարության ղեկավար կուզենայի տեսնել շատ լավ աշխատող, ջանասեր մարդու»: Մարզպետի խոսքով` ինքը   կդիմի նաև կառավարության նոր ղեկավարին, ով էլ որ նա լինի,  մարզին լավ նայելու համար:
Լրագրողի հարցին, թե հավանական համարում է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն  այս պահին, արձագանքեց. «Ոչ, շատ լավ է աշխատում: Եվ ամեն մարդ ինքն է որոշում»:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 10 դեպքից` 8-ը, գողության 19 դեպքից` 10-ը, յուրացման 3 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 6 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նոր վարչապետ` կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:

աժ Ի ՞ նչ է ենթադրում ՀՀ Սահմանադրությունը  վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն` հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

   Հանրապետության Նախագահի կողմից Կառավարության հրաժարականի ընդունումից հետո Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Նույն հոդվածով նաև սահմանվում է վարչապետի նշանակման կարգը. Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Անկախ

Օպերայի տնօրենի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու

օպերաՍ. թ. մարտի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետն էր ս. թ. մարտի 15-ը: ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյան, Արման Ծատուրյան, Անդրանիկ Արզումանյան, Տիգրան Դավթյան, Բարսեղ Թումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան: Մրցույթին չեն ներկայացել 2 թեկնածու՝ Գեղամ Մելիքսեթյան, Ռուբեն Տերտերյան:

 

ՃՏՊ-ների հետևանքով 5 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

վրաերթԱպրիլի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է ճամփեզրի եզրաքարերին և չշահագործվող բետոնե ճանապարհին, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 3-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Վարդանաշեն-Մարգարա գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՌԵՆՈ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՌԵՆՈ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Հրազդանի Զորավար Անդրանիկի պողոտայում «ԳԱԶ- 322132» մակնիշի միկրոավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 301-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Սուբարու ֆոռեստեռ 2.5 XT» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 3-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 121-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է

օպերա2014 թվականի ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հանձնաժողովի կազմը ձևավորվել է նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն:  Այս մասին «Անկախ»-ին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:

Մրցութային հանձնաժողովի կազմը հետևյալն է.

Դավիթ Ղազարյան-նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան,

Արտակ Գևորգյան-քարտուղար, նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ,

Հովհաննես Չեքիջյան-անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար,

Գեղամ Գրիգորյան-անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ռեժիսոր,

Կարեն Դուրգարյան-անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր,

Վարդան Աճեմյան-անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,

Շահեն Շահինյան-անդամ,  «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր,

Արթուր Ղուկասյան-անդամ, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ,

Էդգար Գևորգյան-անդամ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ,

Վահան Դավթյան-անդամ, ««Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ,

Վահան Եղիազարյան-անդամ, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական,

Արմինե Խաչատրյան-անդամ, նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ:

 

Ըստ դատապարտյալի` ոստիկաններն իրեն խոշտանգել են

հքծԴատապարտյալ Ավետիս Գասպարյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալի հաղորդման` թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով 2012 թվականի մարտի 5-ին ՀՀ ոստիկանության մարզային վարչություն բերման ենթարկվելուց հետո, ոստիկանության աշխատակիցների կողմից ինքը ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի ու բռնության ազդեցության տակ տվել է հանցագործության կատարման մեջ իր ընկեր Ա. Մ.-ին մերկացնող, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Սպիտակի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է

մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   ապրիլի 4-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, Սպիտակի, Սևանի ավտոճանապարհներին և   Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց  լեռնանցքներում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ:

                                                        ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

 

Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցները ներկայացնում են իրենց հիմնարկի չարաշահումները

Բյուրեղավանի երեխաների խնամքի Մենք`  Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության  աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:

Միայն սեփական գրպանի պարունակությամբ մտահոգ, իր պաշտոնը որպես խոպան դիտարկող տնօրենը ՝ Գայանե Մարգարյանը, իրավունք չունի աշխատելու մի հաստատությունում, որտեղ խնամվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ :

Գայանե Մարգարյանը երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսում երեխաներին կերակրելու համար, իսկ  ստուգումների ժամանակ երեխաները զարմանում են ուտելիքի առատությունից և բազմազանությունից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Գայանե  Մարգարյանը ներկայացնում է էքսկուրսիաների հաշվետվություններ, որոնցում  ցույց է տրվում զգալի գումարների ծախսեր, սակայն  երեխաները փոքրիկ քաղաքից այն կողմ ոչինչ չեն տեսել: Հաստատությունում չկան ոչ կոշկակար, ոչ վարսավիր և ոչ էլ այլ շատ անհրաժեշտ աշխատողներ, չնայած դրանց համար նախատեսված են  հաստիքներ:

Հաստատության տնօրենին ոչ հարիր բառերով անպատվելով երեխաներին` տիկին Մարգարյանը , չփայլելով բարոյական կերպարով , ամեն անգամ երեխաներին հիշեցնում է , որ նրանց ծնողները անբարոյական են: Հիշեցնում է նաև, որ ինքն է նրանց հաց տալիս ու կարող է նաև չտալ: Վերջերս նույնիսկ մի խումբ բարձր դասարանի տղաներ մի քանի օրով հացադուլ էին հայտարարել, քանի որ տիկին Մարգարյանը, ըստ երեխաների, ալկոհոլ ընդունած  եկել ու անպատվել էր իրենց`անվանելով “բոմժեր” և արգելել ճաշարանից օգտվել:      Մարգարյանը երեխաների նկատմամբ բռնության ամենակոպիտ ձևերն է կիրառում` նրանց խփելով ոտքերով : Երեխաների մոտ տարածված խոսակցություններից է, որ տողանի  օրը “ծեծի օր” է:

Գայանե Մարգարյանը իր պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում աշխատողների գերակշիռ մասի նկատմամբ մշտապես ցուցաբերել է վիրավորական, նվաստացուցիչ, արհամարհական և անհարգալից վերաբերմունք: Նույնիսկ հաշմանդամություն ունեցող աշխատողին անվանում է “չոլախ շուն”:

Իր և իր հարսի տնային գործերը(բրդեր լվանալը, մշակելը, կարելը, գորգեր լվանալը, պահածոներ պատրաստելը և այլն) աշխատանքի հաշվին անում են տնտեսական աշխատողները՝ իր աղախինները: Իսկ հերթական գնված բնակարաններում տղամարդիկ կատարում են շինարարական աշխատանքներ:
Մարգարյանի համախոհ – հանցակիցն է հաստատության տնտեսագետ Արթուր Ղալայանը, ով աշխատանքի ընդունված օրվանից վարպետորեն աշխատողների դեմ է տրամադրում տնօրենին: Նա հաստատությունում միաժամանակ զբաղեցնում է մի քանի հաստիք: Բոլոր հնարավոր ձևերով փորձում է օգուտ ստանալ ամեն ինչից՝ ընդհուպ երեխաների համար նախատեսվող հացից 3-4 հատ  ամեն օր տուն տանելը: Մարգարյանը իր հանցակից ընկերոջը ծիծաղելիորեն համարում է իր  պաշտոնի հաջորդ զբաղեցնողը, ինչի մասին հաճախ է հայտարարում:
Բացի երեխաների հետ դաժան ու անպատիվ վարմունքը, Մարգարյանը ամեն հնարավոր և անհնարին ձևերով բառացիորեն թալանում է հաստատությունը: Նա վերջին երեք տարվա ընթացքում  30 գոյություն չունեցող  աշխատող է գրանցել, որոնցից են՝

1.Բարայան Նաիրա-մանկական կոլեկտիվի կազմակերպիչ
2.Քոչարյան Մհեր-շենքը հսկող տեսուչ
3.Մանուկյան Մանվել-հնոցապան
4.Դադայան Դիանա-սպասուհի
5.Օսիպյան Աշոտ-պահակ
6. Պավլովա Մարինա-սոցիալական աշխատող(գտնվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս)
7. Քոչարյան Մերուժան-պահակ (գտնվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս)
8. Դաշտոյան Սուսաննա-հոգեբան
9.Մարգարյան Ջեմմա-բուժքույր և այսպես շարունակ:

Մարգարյանը նշված հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը գրպանել է:
Վերջին շրջանում մի քանի բողոքներից հետո, յուրացումների ոճը փոխել է: Նա մի շարք հաստիքներ բաշխում է մոտ 30 աշխատողների վրա՝որպես լրացուցիչ պարտականություն.

1. Հայրապետյան Գարիկ-31000դրամ
2. Օսիպյան Յուրա- 13000դրամ
3.Ութ սպասուհիներ- յուրաքանչյուրին 14000 ական դրամ
4. Բարսեղյան Արմինե-37000դրամ
5. Ստեփանյան Արևիկ-31000դրամ և այսպես շարունակ:

Մարգարյանը այդ աշխատողներին  տեղեկացնում է , որ իրենց աշխատավարձի հավելավճար կա, իսկ աշխատավարձ ստանալու օրը  հետ է պահանջում այդ հավելումները:
Գ. Մարգարյանը  նաև թոշակի անցած աշխատակիցներին վերջնահաշվարկ չի վճարել:

Բյուրեղավանը փոքր քաղաք է, աշխատատեղերը` քիչ: Հաշվի առնելով տնօրենին բնորոշ որոշ հատկանիշները՝ որոշել ենք դեռևս չհայտնել մեր  անձնական տվյալները: Բացի այդ Մարգարյանի դեմ արդեն մի քանի նամակ-բողոք է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն նախարարության աշխատակիցները նամակի հետքերով գալիս են հաստատություն և աչք փակելով իրականության վրա, հեռանում են:

Ի դեպ , նախարարությունում նամակ-բողոքները ստանալու հաջորդ օրը Մարգարյանը իմանում է դրանց բովանդակության մասին: Նամակ գրողի հետագա աշխատանքային առօրյան դժոխքի է վերածվում տնօրենի հետևողական սպառնալիքների, կրճատումների մասին հիշեցումների ու անպատվումների շնորհիվ: Մարգարյանը աջ ու ձախ հայտարարում է, որ նախարարի «դաբրոն ունի, հանրապետականը իր թիկունքին է, դատախազությունն էլ առել է» :Ամբողջ աշխատակազմը աշխատում է վախի մթնոլորտում:

Մենք հայտարարում ենք, որ Գայանե Մարգարյանը իր ագահությամբ, վարվեցողության կանոնների կատարյալ բացակայությամբ լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն մեր հաստատության , այլև առհասարակ երկրի համար: Նրա ճնշումների արդյունքում դաստիարակվում են ըմբոստության անընդունակ, խեղճ, տարրական կենցաղային պայմաններից զուրկ, կոտրված երազանքներով  ՀՀ քաղաքացիներ, ովքեր առաջիկայում կյանք են մտնելու:

Մենք կարծում ենք, որ հասարակական լայն զանգվածներին տեղյակ պահելով այս մասին` հանրային կարծիքի ճնշման ներքո միայն կարող ենք փոխել մեր հաստատությունում տիրող այս իրավիճակը:

 

 Անկախ

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդրի նիստին

126.Minister Nalbandian at the CSTO MInisterial 03.04.2014Ապրիլի 3-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։

 

Նախարարական հանդիպման օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրները, Կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական համադրման հարցերը։

Նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

 

Հանդիպման մասնակիցները Հայաստանի նախաձեռնությամբ համատեղ հայտարարություն ընդունեցին Սիրիայում շարունակվող ճգնաժամի և  երկրի հյուսիս-արևմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։

 

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները խորը մտահոգություն են հայտնել և խստորեն դատապարտել են Ալ-Քաիդայի հետ կապված ծայրահեղական խմբավորումների կողմից Քեսաբ քաղաքի գրավումը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի և մեծամասնություն կազմող հայ բնակչության հարկադրված տեղահանմանը։

“Խստորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները և խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը։

Հանդես ենք գալիս բռնությունների շուտափույթ դադարեցման և փախստականների անվտանգ վերադարձի ապահովման օգտին։ Համոզված ենք, որ իրավիճակի կայունացումը հնարավոր է դրսից միջամտության բացառման և բռնության դադարեցման ու անկախ ազգային և կրոնական պատկանելիությունից բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող լայն քաղաքական եխկխոսության միջոցով։

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել միջագզային իրավունքին խիստ համապատասխան՝ արյունահեղության շուտափույթ դադարեցման  և 2012թ. հունիսի 30-ի Ժնևյան կոմյունիկեի հիման վրա Սիրիայում խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու նպատակով”, ասված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի ընդունած հայտարարության մեջ։ 

 

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հաստատեցին արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով 2014թ. Երկրորդ կիսամյակի և 2015 թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների ծրագիրը, համատեղ հայտարարություն ընդունեցին Աֆղանստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ։

 

Նախարարները համաձայնեցրեցին Հավաքական անվտանգության խորհդրի առաջիկա նիստին ներկայացվելիք մի շարք որոշումների նախագծեր։

 

 

Բելառուսահայ Նինան հայրենիք է վերադարձել ազգային գաղափարախոսության իր տեսլականով

Nina-2Նինա Մեհրաբյանի հայրը 20 տարեկանից տեղափոխվել է Բելառուս, 15 տարի անց վերադարձել է հայրենիք, ամուսնացել ու արդեն ընտանիք կազմած մեկնել:
1987 թ. ծնվել է Նինան, մեկ տարի անց` եղբայրը: Չնայած բելառուսական միջավայրում բավականին հաջող հաստատվելուն` ընտանիքում հայկական ավանդույթներն ու մշակույթը խստորեն պահպանվել են: Եվ այն, որ այսօր 27-ամյա Նինան որոշել է մենակ վեր կենալ գալ Հայաստանում ապրելու, ինքն էլ է համարում այդ դաստիարակության արդյունք և երախտապարտ է իր ծնողներին. «Մեր տանը հնչել են հայկական երգեր, մեր ծնողները մեզ համար հայկական գրքեր են կարդացել, մեզ միշտ ասել են, որ Հայաստանն ամենալավն է: Մեր տանն արգելված է եղել օտար լեզվով խոսելը: Հայրս ասում էր` տանը թուրքերեն չլսեմ: Այսինքն` ինչ էլ որ լիներ` ռուսերեն, բելառուսերեն, եթե հայերեն չէր` ուրեմն թուրքերեն էր»:

Սակայն նրանք հաճախ չէին լինում Հայաստանում: Չորս տարեկանից հետո, օրինակ, Նինան առաջին անգամ Հայաստան է եկել 19 տարեկանում` մասնակցելու միջազգային մշակութային մի կոնֆերանսի, ներկայացնում էր Բելառուսը: Դա առաջին լուրջ ծանոթությունն էր հայրենիքի հետ: Հաջորդ այցն արդեն քաղաքական էր` 2008-ի նախագահական ընտրություններին, որպես միջազգային դիտորդ:

Այդ այցը նրա համար շատ կարևոր էր, որովհետև բացահայտում է իրական Հայաստանը. «Երևանից բացի, ես տեսա նաև Արարատի մարզի գյուղերը: Ընտրական հանձնաժողովները տեղակայված էին գյուղերի դպրոցներում: Տեսա դպրոցներ, որոնք այդ ցրտին պատուհան չունեին, հատակը բետոնից էր, գրատախտակն աթոռով հենված էր պատին, որ չընկնի, երեխաները վերարկուով ու ձեռնոցներով դաս էին գրում… Ես նման բաներ երբեք չէի տեսել, և դա ինձ համար մեծ շոկ էր»:

Վերադառնալով Բելառուս` սկսում է մտածել Հայաստանի հետ կապերն ամրապնդելու մասին, որպեսզի ինչ-որ կերպ կարողանա նաև օգտակար լինել: Սակայն Նինայի ծննդավայրում` Վիտեբսկ քաղաքում, շատ հայեր չէին ապրում, հայ համայնք` որպես այդպիսին, գոյություն չուներ:

Երբ ընդունվում է Բելառուսի մշակույթի համալսարան և տեղափոխվում մայրաքաղաք` Մինսկ, միանգամից միանում է տեղի հայ համայնքի կյանքին: Սակայն նկատում է, որ Մինսկում էլ համայնքը, մասնավորապես` երիտասարդությունը, համախմբված ու կազմակերպված չէ, չկա որևէ երիտասարդական կառույց: Նինան մի քանի ընկերների հետ հիմնում է երիտասարդական հայ համայնք: «Հինգ տարվա ընթացքում Բելառուսը դարձավ ԱՊՀ երկրների ամենաերիտասարդ և հզոր հայ համայնքներից մեկը»,- ասում է նա:

Այդ ժամանակ Նինան ավելի հաճախ է տարբեր ծրագրերով Հայաստան գալիս: «Եվ այդպես, մեկ, երկու, զգացի, որ ամեն անգամ Հայաստանից ավելի ծանր հոգով եմ գնում, չեմ ուզում գնալ: Ճիշտ է` Բելառուսում ինձ համար շատ լավ էր, այնտեղ բավականին կայացած էի, դասախոսում էի համալսարանում, ի դեպ, հիմա էլ դեռ ասպիրանտ եմ, ղեկավարում էի Բելառուսի երիտասարդ հայ համայնքը, և բոլորը Հայաստան տեղափոխվելու միտքս անլուրջ էին համարում: Բայց որոշեցի վերադառնալ»:

Այդ որոշումն ավելի գործնական բնույթ է ստանում, երբ անցյալ տարի Երևանում հանդիպում է «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հասարակական կառույցի հիմնադիր Վարդան Մարաշլյանին, որին` որպես նախկին մոսկվաբնակ ակտիվ երիտասարդի, վաղուց գիտեր: «Repat»-ը շատ ճիշտ է աշխատում, հայրենադարձին երազներ ու հույսեր չի տալիս, շատ ճշգրիտ ներկայացնում է և՛ Հայաստանի դժվարություններն ու խնդիրները, և՛ առավելությունները, տեղեկացնում, թե ինչ ռեսուրսներ են պետք այստեղ հաստատվելու համար, և եթե դու պատրաստ ես հաղթահարելու բոլոր խոչընդոտները, ապա բարի գալուստ»:

Ըստ Նինայի` հիմնադրամի շուրջ հավաքված հարյուրավոր հայրենադարձներն են, որոնք օգնում են նորեկներին ավելի հեշտ անցնել այն ճանապարհը, որ անցել են իրենք:

«Repat»-ի շուրջ հավաքված տարբեր երկրների հայերն այսօր կուռ համայքն են ձևավորել Հայաստանում, և այդ բազմերանգությունը կարող է լրջորեն վերափոխել ու հարստացնել Հայաստանի գունապնակը: «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում գտնվում են տարբեր մարդիկ, անգամ արտասահմանցիներ, որոնք նոր շունչ, նոր ժպիտներ են բերում: Հիմա, երբ դուրս ես գալիս փողոց, ավելի հաճախ ես տեսնում ժպտացող մարդկանց»,- նկատել է Նինան:

397385_10151717476979203_980184517_nՉնայած ահռելի փոփոխություններին, որ մեր հայրենադարձ զրուցակիցը տեսել է Հայաստանում 2007-ից ի վեր, լավ գիտի, որ այսօր Հայաստանի առջև ծառացած է լրջագույն մի մարտահրավեր` արտագաղթը: «Այո, կան մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներով են գնում, բայց կա նաև մարդու մի տեսակ, որի կյանքի նպատակը կենցաղն է, նման մարդիկ առաջնորդվում են «որտեղ հաց, էնտեղ կաց» կարգախոսով, և այդ տեսակի մարդկանց անիմաստ էլ է բացատրել բարձր գաղափարներ` ազգ, ժողովուրդ, պարտականություն: Մեկ է` քեզ չեն լսի: Պիտի գնան ու համոզվեն, որ ստամոքսի խնդիրը լուծվում է, բայց դրա փոխարեն կորցնում են շատ ավելի մեծ բան»:

Նինան հասկացել է, թե որն է այսօր Հայաստանի և ընդհանրապես, հայության ամենագլխավոր խնդիրը: Ասում է` չունենք ընդհանուր մի նպատակ, ռազմավարություն, գաղափարախոսություն` պետականորեն մշակված: «Այսօր որևէ պետական անձ կարո՞ղ է ասել, թե մենք ուր ենք գնում: Իմ կարծիքով` ոչ: Հայաստանն ու Սփյուռքն առանձին-առանձին են գործում: Միասնական են միայն Ցեղասպանության ճանաչման գաղափարի շուրջ, վերջին օրերին համախմբվեցին նաև Քեսաբի դեպքերի շուրջ, բայց եթե Ցեղասպանության խնդիրը լուծվի, ինչի՞ շուրջ ենք համախմբվելու»:
Երիտասարդ բելառուսահայն ունի իր պատասխանը. ողջ հայությանը համախմբել Անկախ Հայաստան պետության շուրջ:

Ի դեպ, նա նշում է, որ Սփյուռքում շատերն են ուզում հայրենադարձվել, սակայն ռիսկ չեն անում, քանի որ Հայաստանի մասին Սփյուռք հասնող լուրերը հիմնականում բացասական են: Նույն բացասական ֆոնն էլ` ավելի խիտ գույներով, Հայաստանում է: Նինան զարմանում է, որ տեղաբնակները, փոխանակ իրենց վերադարձով ուրախանան ու ոգևորվեն, հարցնում են, թե ինչու են եկել մի երկիր, որտեղից բոլորն ուզում են գնալ: «Սա նույնն է, որ երկար տարիներ հետո վերադառնաս քո տուն, դուռը բացես ուրախ սրտով, դրական էներգիայով, ոգևորությամբ, ու քեզ չասեն` ներս արի»:

1801349_10201491610446435_316227844_oՆինան ընդամենը չորս ամիս է, ինչ Հայաստանում է մշտական բնակություն հաստատելու նպատակով: Չնայած երեք բարձրագույն կրթություններին` առայժմ լուրջ աշխատանք գտնելու փուլում է և ընդունում է, որ այստեղ դա հեշտ բան չէ, քանի աշխատաշուկան փոքր է, լավ մասնագետները` շատ, մրցակցությունը` մեծ: Սակայն վստահ է, որ իր մասնագիտությամբ կկարողանա աշխատանք գտնել:
Համալսարանը միջազգային մշակութային կապերի մենեջերի որակավորմամբ ավարտած, զուգահեռ նաև պետական կառավարման խորհուրդն ավարտած ու դրանից բացի`քոուչինգի բնագավառում խորացած երիտասարդն այսօր Հայաստանում աշխատելու համար ընտրել է վերջինը: Ինչո՞ւ, որովհետև քոուչինգն այստեղ տարածված ու զարգացած չէ, մինչդեռ դա մի կարևոր ոլորտ է, որի նպատակն է մարդուն բերել այն համոզման, որ ինքն ի վիճակի է հասնելու իր առջև դրված նպատակներին, ճանաչելու ինքն իրեն, բացահայտելու իր հնարավորություններն ու կարողությունները: Արտերկրում այն տարածված է տարբեր բնագավառներում:

1488040_10201059424362053_1456644567_nՆինան բիզնես քոուչինգի մասնագետ է, ինչը, ցավոք, Հայաստանում դեռևս այնքան էլ տարածված չէ, և դրանից օգտվում են միայն որոշ խոշոր կազմակերպություններ:
«Եթե քայլում ես, պետք է ինչ-որ տեղ հասնես: Ես ջահել եմ, ճկուն, սա չլինի` մյուսը կփորձեմ, դա էլ չլինի` մեկ այլ բան կձեռնարկեմ, բայց գիտեմ, որ առանց աշխատանքի չեմ մնա: Միշտ կարելի է ինչ-որ բան անել, եթե ցանկություն ունես»:
Կարևոր է, որ հիմա նա այստեղ է` տանը, ինչպես ինքն է ասում: Ճիշտ է` նրան ի սրտե «ներս արի» չեն ասել, բայց դե դուռն էլ երեսին չեն շրխկացրել, այնպես որ ամենևին չի պատրաստվում իր տնից հեռանալ:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

տիգրան Սարգսյան«Սիրելի հայրենակիցներ,

Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված:
Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին՝ հանրապեության Նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:
Նոր Կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

 

Անկախ

Դ!ԵՄ ԵՄ – Ի պատասխան ՍԴ անդամի հակասական հայտարարություններին

դեմ եմՀետևելով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 02.04.2014թ. հրապարակված որոշման մեկնաբանություններին՝ նկատեցինք, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի կողմից հնչեցին իրարամերժ հայտարարություններ. նախ ՍԴ անդամը Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ըթացքում հայտարարեց, որ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող են չվճարել կուտակային վճարները, իսկ այն քաղաքացիները, ովքեր արդեն կատարել են վճարումներ մինչև ՍԴ որոշումը՝ կարող են պահանջել իրենց գումարները կառավարությունից։ Կառավարությունը իր հերթին պարտավոր է մինչև սեպտեմբերի 30-ը վերադարձնել այդ գումարները։

Մոտ մեկ ժամ անց Շանթ հեռուտաընկերության «Հորիզոն» հաղորդման ժամանակ ՍԴ նույն անդամը նշեց, որ վճարումները պարտադիր պետք է կատարվեն, և օրենսդիրի նոր օրենք մշակելու դեպքում, հնարավոր է, որ այդ գումարները վերահաշվարկվեն և քաղաքացիները շարունակեն վճարել կուտակային վճարները այդ նոր օրենքի համաձայն։

Նշենք նաև, որ Արմնյուզ հեռուստաընկերության տվյալ հաղորդումը հանվեց բոլոր աղբյուրներից, բայց կուտակային կենսաթոշակների օրենքին դեմ արտահայտվող ֆեյսբուքյան օգտատերերը կարողացան այն գտնել և տեղադրել համապատասխան ֆեյսբուքյան խմբում։

Մենք հայտնում ենք մեր մտահոգությունը ՍԴ անդամի հակասական հայտարարությունների վերաբերյալ։ Այս պահին զերծ մնալով գնահատականներ տալուց, այսպիսի իրարամերժ հայտարարությունների պատճառների վերաբերյալ, այնուամենայնիվ, կոչ ենք անում պատկառ մարմիններին հնարավորինս զերծ մնալ ՍԴ որոշման այնպիսի մեկնաբանություններից, որոնք կարող են խառնաշփոոային իրավիճակ և իրավաբանական անորոշություն առաջացնել հանության մեջ:

 

Կից ներկայացնում ենք վերը նշված հաղորդումների տեսանյութերը՝

 

Հարգանքներով՝

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Սոցիալական աջակցության ծրագրեր՝ կանանց միամսյակի կապակցությամբ

001 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հաղորդեցին, որ Երևանի քաղաքապետարանը կանանց միամսյակի  կապակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀԿ կանանց խորհրդի հետ համատեղ նախաձեռնել և իրականացնում է սոցիալական աջակցության 2 ծրագիր, որոնց շրջանակում այցելություններ են կազմակերպվում և համապատասխան աջակցություն ցուցաբերվում արցախյան ազատամարտի մասնակից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող երևանաբնակ ազատամարտիկների մայրերին և կանանց: Աջակցություն են ստանում նաև 4 և ավելի անչափահաս, նորածին երեխա ունեցող ընտանիքները: Ծրագրերի շրջանակում ընդհանուր առմամբ աջակցություն կստանա շուրջ 230 ընտանիք:

Ծրագրում ընդգրկված ընտանիքներ են այցելել և կանանց շնորհավորել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով  կանանց՝ Ռուզաննա Զաքարյանն ընդգծել է, որ բազմազավակ, ազատամարտիկների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերում ընդգրկված ընտանիքները եղել և շարունակելու են մշտապես մնալ  քաղաքապետի ուշադրության կենտրոնում:

Ծրագրի շահառուներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մշտական աջակցության և ուշադրության համար:

Անկախ

 

 

 

Սևանի իշխանի վերականգնման նպատակով կստեղծվեն ցանցավանդակային տնտեսություններ Ծրագրի իրականացման առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի 50 հազար տոննա ձուկ

կառավարությունՍևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհրդի ներկայացրած համալիր ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունել:

Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: 2004թ. սկսած պետական տարբեր ծրագրերով ձկան պոպուլացիան վերականգնելու նպատակով ամեն տարի որոշ քանակությամբ մանրաձուկ է բաց թողնվում Սևանա լիճ: Սակայն գեղարքունին և ամառային իշխանը որպես տեսակ պահպանելու համար դա բավարար չէ: Խնդրի արդյունավետ լուծում կարող է դառնալ կառավարության ընդունած որոշումը, ըստ որի անհրաժեշտ է մշակել և հաստատել նախատեսված քանակությամբ ցանցավանդակային տնտեսությունների տեղադրման տարածքները, այդ տնտեսությունների կողմից թույլատրելի արտանետումների նորմատիվները և դրանց մշտադիտարկման կարգը և այլն: Ակնկալվում է, որ ծրագրի առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի, կվերամշակվի և կարտահանվի մոտ 50 հազար տոննա ձուկ, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ: Ամեն տարի ցանցավանդակային տնտեսությունների ձևավորած հասույթի 1.5 տոկոսը պետք է տրամադրվի հիմնադրամին՝ Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար: Ենթադրվում է, որ Սևանի իշխանի արտադրության ոլորտում կստեղծվի 2.5-3 հազար, իսկ ընդհանուր արժեշղթայում՝ 5-6 հազար աշխատատեղ: Նախատեսվում է նաև ստեղծվող տնտեսությունների վճարների հաշվին միջոցներ ձևավորել լճի ավազանի խնդիրների լուծման նպատակով: Ծրագրի կառավարիչ է նշանակվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն:

Անկախ