ՌՈՍՏՈՄ

default«Եթէ Քրիստափորը եղաւ Հ.Յ.Դաշնացութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը՝ նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտք էր, ե՛ւ կամք ու խիղճ՝ Դաշնակցութիւնն ինքը իր բովանդակ էութեամբ»։ Սիմոն Վրացյան

Հովհաննես Թումանյանն իր հուշերում գրել է, որ «Հին կռիվը» պոեմը գրելու դրդումը ստացել է Զորյանից. «Հետագայում էլ մի քանի պատմություններ արավ ու առաջարկեց, որ բանաստեղծության նյութ առնեմ: Ես նրա պատմածներից միայն մեկից, որ պատմեց 1890 թվականին, մի տերտերի ու իր աղջկայ պատմությունից օգտվեցի ու նյութ առա մի պոեմի: Պոեմը թեև գրելիս բոլորովին փոխվեց և ուրիշ բան դուրս եկավ, բայց նվիրեցի Ստեփանին: Բավական տարիներ առաջ ռուս ժանդարմաները խուզարկեցին, տարան կորցրին էդ պոեմը և միայն մի երկու կտոր գտա պատահմունքով, որ տպվեցին «Տանը», «Երկրում» և «Հայոց լեռներում» վերնագրերով»:

Դժվար է պատկերացնել հայոց ազատամարտի պատմությունն առանց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության: Հիրավի, ՀՅԴ անվանումն այսօր բոլորը գիտեն. բայց արդյոք բոլո՞րը գիտեն նրա հիմնադիր եռյակի` Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ռոստոմի` Ստեփան Զորյանի մասին: Այո, քչերը գիտեն, քանզի նրանք գործի մարդիկ էին, այլ ոչ շոու բիզնեսի…

1867 թ. հունվարի 18-ին Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղում` նահապետական ու բարեկեցիկ հայ գեղջուկի ընտանիքում ծնվեց ՀՅԴ ապագա հիմնադիրներից Ստեփան Զորյանը, որ պատմությանն ավել շատ հայտնի է իր հեղափոխական կեղծանունով` Ռոստոմ:
Նախնական կրթությունը Ռոստոմը ստացել է Ցղնայի ծխական դպրոցում, որտեղ նրա ուսուցիչները ձևավորեցին սերն առ հայրենի պատմություն, գրականություն և հոգևոր երաժշտություն: Հետագայում որտեղ էլ որ գործում էր Ռոստոմը, միշտ բոլորին փորձում էր սովորեցնել հայ հոգևոր երաժշտություն և հեղափոխական երգեր: 1882 թ. Ստեփանը տեղափոխվում է Թիֆլիս ու ընդունվում նախ Բեգլարյան մասնավոր դպրոց, ապա պետական ռեալական վարժարան: Ժամանակակիցները վկայում են, որ Ստեփանը ուշիմ աշակերտ էր և հասակակիցների հետ ազատ ժամանակ խաղալու փոխարեն միայն կարդում էր: Դեռ պատանեկան տարիներից հսկայամարմին էր ու թիկնեղ, որի համար ընկերները Ստեփանին կնքեցին Քոթո մականվամբ:

Թիֆլիսյան ուսումը բավարար չէր Ռոստոմի թռիչքի ձգտող մտքի համար, և շուտով պատանին Եվրոպա է անցնում ու ուսումը շարունակում Լեհաստանում` Վարշավայի գյուղատնտեսական համալսարանում, որն ավարտելուց հետո ավարտում է նաև Մոսկվայի գյուղատնտեսական համալսարանը: Առհասարակ Ռոստոմը ողջ կյանքում ինքնակրթությամբ զբաղվելու առիթը բաց չէր թողնում: Նա հատկապես քաջատեղյակ էր հայոց պատմությանն ու գրականությանը, շատ բան անգիր գիտեր ռուս գրականությունից, սիրում էր հատկապես Գոգոլին և կարող էր անգիր արտասանել «Տարաս Բուլբան»:

Ռոստոմն անձամբ մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ, բավական երկար ժամանակ էր անցկացնում մեծ բանաստեղծի հետ, որը հենց Ռոստոմի ազդեցությամբ անդամագրվեց Հայ հեղափոխական դաշնակցությանը: Ահա թե ինչ է գրել ամենայն հայոց բանաստեղծը Ռոստոմի մասին. «…Տարբեր միջավայրերից եկած, տարբեր դպրոցներում սովորող երկու պատանիներ, հանդիպելով Բաղդի քեռու տանը, զրուցում են միմեանց հետ, կարծիքներ փոխանակում և ավելի շատ վիճում: Զրույցների և վեճերի նյութը գլխավորապես գրականությունն ու պատմությունն էին»: Մրցում էին իրենց իմացածով և իրար դեմ հանում. Թումանյանը` հայկականը, Զորյանը՝ ռուսականը: «Եվ մի քանի տարուց հետո մեր վեճերը շատ էին փոխվել,- գրում է Թումանյանը:- Քանի ես հակվում էի դեպի օտար գրականություններն ու ցրվում դեպի հեռուները, նա ուժեղ թափով կենտրոնանում էր հայության վրա»:

Դեռևս ուսանողության տարիներին Ռոստոմը հայտնվում է ցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում, Ռոստոմին ձերբակալում են միտինգներ կազմակերպելու և ուսանողական հուզումներ բորբոքելու մեղադրանքով: Սակայն Ստեփանն արդեն ընտրել էր իր հայ ազատամարտի ուղին: Հակացարական ցույցեր կազմակերպելուն զուգահեռ նա սովորում էր զենք գործածել` հմտանալով հատկապես ուժանակների` ռումբերի պատրաստման և կիրառման գործում:

Երբ առաջին անգամ ձերբակալվեց և աքսորվեց հայրենի գյուղ` տնային կալանքի, Ստեփանը կեղծ անձնագիր ճարեց Աբրահամյան ազգանունով և կրկին ուղևորվեց Թիֆլիս` հեղափոխության հորձանուտը: 1889 թ. Ռոստոմը Բաքվից անցավ Մոսկվա` սովորելու գյուղատնտեսական համալսարանում: Այնտեղ ծանոթացավ ու անմիջապես ընկերացավ Սիմոն Զավարյանի հետ, որը նույնպես համալսարանի ուսանողներից էր: Այս ընկերությունը մեծ պտուղ տվեց ընդամենը մեկ տարի անց:

Ռոստոմը 1890 թ. ՀՅԴ հիմնադիր ժողովին չի մասնակցել, 23-ամյա երիտասարդը Մոսկվայում ուսանողական ցույցեր կազմակերպելու համար աքսորվել էր իր ծննդավայրը` Գողթն: Բայց այնքան մեծ էր նրա ավանդը և գաղափարական ներդրումը ՀՅԴ կազմավորման գործում, որ բոլորը միահամուռ Ռոստոմի անունը մտցրեցին ՀՅԴ հիմնադիր երրորդության մեջ: Առհասարակ կուսակցությունն իր անվամբ նաև պարտական էր Ռոստոմին: 1890 թ. Թիֆլիսում հիմնադիր համագումարը ռուսական «Союз русских революционеров» կազմակերպության օրինակով հիմնադրել էր Հայ հեղափոխականների դաշնակցությունը: Եվ միայն երկու տարի անց Ռոստոմը սրբագրեց այն` դարձնելով Հայ հեղափոխական դաշնակցություն: Նա էր նաև ՀՅԴ առաջին ծրագրի` «Ընդհանուր տեսության» կազմողը, ինչը 1892 թ. առաջին ընդհանուր ժողովից առաջ հավանության արժանանալով նաև Քրիստափոր Միքայելյանի և Սիմոն Զավարյանի կողմից` կիրառության մեջ մտավ:
Ռոստոմին է պատկանում նաև ՀՅԴ զինանշանի ստեղծումը, ինչն անփոփոխ է մինչ օրս:
Կուսակցության ստեղծումից հետո Ռոստոմն ուսուցչի պաշտոնով հաստատվեց Թավրիզում` տեղում կազմակերպելու ՀՅԴ գործունեությունը: 1895 թ. նա հաստատվում է Կարինում: Աբդուլ-Համիդի կոտորածների դեմն առնելու համար նա ինքնապաշտպանական խմբեր է կազմակերպում քաղաքում և նահանգում: Սակայն շուտով ձերբակալվում է և աքսորվում Պարսկաստան: Ռոստոմը Կարինում հաստատվեց նաև 1910-1914 թթ.: Եվ նրա ներկայությունը Կարինում առանձնակի փոփոխություն էր առաջացրել ազգային կյանքում:

Սակայն Ռոստոմը, կուսակցական գործունեությունից զատ, կազմակերպչական մեծ գործունեություն ծավալեց ողջ Հայաստանում: Նրա շնորհիվ Սալմաստում հիմնվեց ՀՅԴ առաջին զինագործարանը, որ ուժանակներ էր պատրաստում և տեղափոխում Արևմտյան Հայաստան: Նա նաև առաջիններից էր, որ առաջ քաշեց հայ ժողովրդի բնական դաշնակիցների հետ համագործակցելու պլանը` գտնելով, որ միայնակ պայքարել Օսմանյան կայսրության դեմ գրեթե անհնար է, հարկավոր է ոտքի հանել բալկանյան ժողովուրդներին, ինչպես նաև քրդերին: Եվ դա անել քրդերի շրջանում` լուսավորություն տարածելով: Հենց Ռոստոմի անմիջական մասնակցությամբ Բուլղարիայում 1902 թ. հիմնվեց դաշնակցության ռազմական վարժարանը, որտեղ կրթվեցին ազատագրական շարժման շատ նվիրյալներ: Նա Ֆիլիպեում իր կնոջ` Եղիսաբեթ Շահնազարյանի հետ հայկական դպրոց հիմեց, որտեղ թևածում էր ազգային ոգին ու շունչը: Ռոստոմն ակտիվ էր նաև հետագայում` Բալկանյան պատերազմում, երբ Անդրանիկն ու Նժդեհն իրենց կամավորներով Բալկաններում պատերազմում էին թուրքերի դեմ:

1903 թ. նա կաթողիկոս Խրիմյան հայրիկի հետ ղեկավարեց ցարական կառավարության դեմ պայքարը հայկական դպրոցները փակելու դեմ, իսկ 1904-ից ստանձնեց հայ-թաթարական կռիվների ժամանակ հայոց ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարումը:

1907 թ. ՀՅԴ-ն դարձավ սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ, և այդ միջազգային կառույցում կուսակցությունը ներկայացնում էր Ռոստոմը:
Հենց Ռոստոմն էր, որ ՀՅԴ-ի մեջ մտցրեց ոչ միայն Արևմտյան Հայաստանի ազատագրման, այլև առհասարակ հայության սոցիալական ազատագրման գաղափարը և հեղափոխության միջոցով սոցիալիզմին հասնելու մտահղացումը:
Սակայն սոցիալիզմը Ռոստոմի համար սոսկ ներազգային գաղափար չէր: Երբ Պարսկաստանում սկսվեց հեղափոխությունը` Ռոստոմն իրեն նետեց նրա բոցերի մեջ: Պարսկական հեղափոխության առաջամարտիկները հենց հայերն էին, Ռոստոմը գաղափարական ճակատում, Նիկոլ Դումանն ու Եփրեմ խանը` ռազմի դաշտում:
Ապա նա ձեռնամուխ եղավ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» կանոնավոր հրատարակման գործին, ինչը կարևորագույն օղակ էր քարոզչության և ազատամարտի տարածման գործում: Առհասարակ Ռոստոմը մեծ տեղ էր տալիս գիտությանը և անընդհատ քարոզում էր Հայաստանը դպրոցների խիտ ցանցով պատելու գաղափարը: Նա հայոց պատմության սիրահար ու գիտակ էր և կարծում էր, որ ամեն հայ պիտի քաջատեղյակ լինի սեփական ժողովրդի պատմությանը:

Ռոստոմը երբեք կանոնավոր զինվորական կրթություն չի ստացել: Բայց գործի մեջ` հանձնարարություններր կատարելիս և ամենուր երկաթյա կարգապահություն էր պահպանում և պահանջում ուրիշներից: Ըստ նրա` այդ կարգապահությունը պետք է դառնա դաշնակցականի, առհասարակ հային բնորոշող գծերից մեկը: Գործի և պայքարի ժամանակ նա երբեմն անգամ դաժան էր, միաժամանակ զգայուն ու նուրբ հոգի ուներ ու անսահման բարություն:

1918 թ. ողբերգական օրերին Ռոստոմը զենքը ձեռքին Բաքվի պաշտպանների կողքին էր` խրամատում: Բաքվի անկումից հետո նա վերջինը հանձնեց իր դիրքն ու հեռացավ Թիֆլիս:

Նա կենցաղում պարզ էր, առանց որևէ պերճանքի, ցրտին, անձրևին ու ձյունին շարունակ վազվզում էր ծակ կոշիկներով ու քրքրված վերարկուով:
Շարունակական պայքարն ու թափառումներն ի վերջո արեցին իրենց գործը: Ռոստոմը թոքախտով հիվանդ էր, ինչը երկար տարիներ հյուծում էր նրա մարմինը: Նա երազում էր վերջապես հանգրվանել ու գործել նորանկախ Հայաստանում: Սակայն վրա հասավ պատուհասը` մոլեգնող բծավոր տիֆը, ինչն էլ նրան գամեց անկողնուն և խլեց նրա կյանքը: 1919 թ. հունվարի 18-ի գիշերը` իր երեսնամյակի օրը, նա մահացավ: Նրա մահվան ու հոգեվարքի ականատեսներն էին կինը` Եղիսաբեթն ու դուստրը` Թագուհին: Անկողնում գամված` նա շարունակ լսում էր Մակար Եկմալյանի մշակումները, հատկապես` նրա «Հայր մերը»: Եվ անգամ մահվան մահճում չմոռացավ Եկմալյանի գործերն ուղարկել սոցինտեռնի բյուրոյի քարտուղար Հյուսմանին, քանզի նա սիրում էր հայկական եկեղեցական երգերը:
Նրա կյանքի հավատամքն էր. «Հեղափոխությունը նախ գործ է, հետո` գաղափար, – ա՛յս է ճշմարտությունը։ Ավելի ճիշտ՝ հեղափոխությունը գործ է գաղափարի համար,:

 

 

Երկրաշարժ ՀՀ տարածքում

երկրաշարժՄարտի 31-ին տեղական ժամանակով 22.01-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Ամասիա քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.860:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Անկախ

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարների հանդիպումը

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարների հանդիպումը   Մարտի 31-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ:

 

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընգծելով այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցության կարևորությունը։

 

Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղիներին:

 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։

 

Նախարարների ուշադրության կենտրոնում էին միջազգային օրակարգի հարցերը՝ ուկրաինական ճգնաժամը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները, Սիրիայում վատթարացող հումանիտար իրավիճակը։

 

Էդվարդ Նալբանդյանը՝ բելգիացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

Անկախ

Բացահայտում. մտել են դպրոց, կոտրել դուռը, հրկիզել և գողություն կատարել

ձերբակալությունՄարտի 29-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը. նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, դպրոցի պատուհանի ապակին կոտրելով` մտել են դպրոցի տարածք, կոտրել հաշվապահի աշխատասենյակի դուռը, որը ծառայում է նաև որպես բուժկետ, հրկիզել սենյակի հաշվապահական արխիվը, պահարանը, աթոռը, կինոցուցադրության համար նախատեսված էկրանը և գողացել դեղորայք` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ` նույն օրը, ժամը 22.00-ին, Զոլաքար գյուղից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Միսակ Ս.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Միսակ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև բակային տարածքներում

մաքրման աշխատանքներԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 30-ին անսպասելիորեն տեղացած առատ ձյան հետևանքները մեղմելուն, ապա և վերացնելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի՝ կոմունալ տնտեսության, կանաչապատող ընկերությունների կատարած աշխատանքներին զուգահեռ, Երևանի բոլոր վարչական շրջաններում համատիրությունների աշխատակիցների ջանքերով և երևանցիների աջակցությամբ, վաղ առավոտից սկսած ձյունից մաքրվում են նաև բակային տարածքներն ու աստիճանահարթակները: Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև կանգառասրահների հարակից տարածքներում:

 

 Անկախ

ՙՙՄիշտ էլ որևէ տարիքային շեմ սահմանելը կարող է խտրական թվալ՚՚. պարզաբանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը

հակոբ հակոբյանՙՙԿուտակային կենսաթոշակների մասին՚՚ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականության վերաբերյալ դատաքննությանը պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ի պատասխան այդ օրենքում տարիքային խտրականության մասին դիմող կողմի պնդումներին, պարզաբանեց, թե օրենքը, որպես պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, նախատեսելով  միայն 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց, հիմք է ընդունում պետության կողմից կենսաթոշակային ապահովման փաստացի հնարավորությունը: Այս հանգամանքը նկատի ունենալով` ամրագրվել է տարիքային տարանջատման օբյեկտիվ չափանիշ՝ հիմնվելով իրական հնարավորության վրա: Միշտ էլ որևէ տարիքային շեմ սահմանելը կարող է խտրական թվալ:

ՙՙՄիշտ էլ կարելի է վիճարկել, թե, օրինակ, ինչո՞ւ անձը 63 տարեկանում է անցնում թոշակի, թե ինչու՞ է մինչև 18 տարեկանը համարվում երեխա, այլ ոչ 21-ը, ինչու՞ է դպրոցական տարիքը ներկայումս սկսվում վեց տարեկանից: Ինչո՞ւ է օրենքը սահմանում, որ ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայության պարտականություն ունեն միայն 18 տարին բոլորածները, ոչ թե 17 տարեկան 364 օրականները՚՚,-նկատեց Հակոբ Հակոբյանը:

Հակափաստարկ բերելով դիմող կողմի պնդումներին` ԱԺ պատգամավորը նշեց, որ պարտադիր բաղադրիչի կիրառումը սահմանափակում է սեփականության տնօրինման իրավունքը:

ՙՙԱյն հանգամանքը, որ պետությունը, Սահմանադրության մակարդակով պարտավորություն է կրում ճանաչել և պաշտպանել անձանց սեփականության իրավունքը, որևէ կերպ չի ենթադրում, որ օրենքի մակարդակով չի կարող որոշակի ժամկետով սահմանափակվել անձանց սեփականություն հանդիսացող կոնկրետ բաղադրիչի օգտագործման և տնօրինման իրավունքը՚՚,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Անկախ

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

ձյուն, մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 31-ին՝ ժամը  17:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և  Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը փակ են:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սևանի, Մարտունու, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին:
տեղ- տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ:

                   

                    ՀՀ տրանսպորտի և կապի 

                                                     նախարարության լրատվական ծառայություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. վնասների մասին խոսելը վաղաժամ է

գյուղնախԵրեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն  վնասի նախնական չափերի մասին:

Մանավանդ, որ առաջիկա երկու գիշերների ընթացքում   ցրտահարության վտանգը  դեռևս պահպանվում  է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները` հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն

 

«Կուտակայինի մասին օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ մեր հիմնավորումներին հակափաստարկ, ըստ էության, չնշվեց». Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյան,Այսօր Սահմանադրական Դատարանում «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության հայցի քննության ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ իրենց բոլոր հիմնավորումներին հակափաստարկ, ըստ էության, չնշվեց, որևէ փաստարկ, որը կառարկեր թե’ սեփականության իրավունքին, թե’ խտրականության նորմերին, թե’ սերունդների համերաշխության սահմանադրական սկզբունքներին և արժեհամակարգին:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ սոցիալական ապահովության, ապահովագրության և աջակցության համակարգերին, որոնք սերտորեն առնչվում են կուտակային համակարգի հետ: Վերջինիս խոսքով` բացարձակ ընդունելի փաստարկ չէ այն, որ քանի որ տեղի է ունեցել սոցիալական ապահովության համակարգի հիմնարար փոփոխություն, սոցիալական ապահովության վճարն այլևս պետք է մուտք լիներ միայն պետական բյուջե, և այն այլևս ապահովագրման համակարգ չէ:

«Սա բացարձակապես ընդունելի փաստարկ չէ պարզ պատճառով. ապահովագրությունը սոցիալական պահովության այլ սխեմաներից տարբերվում է գերազանցապես նրանով, որ ապահովագրության ժամանակ կա մասնակցային ընթացակարգ, ինչ-որ բանով է պայմանավորված ապահովագրության համակարգը: Այս դեպքում անձի աշխատանքով ապահովելն է այդ անհրաժեշտ պայմանը, որի հիման վրա կձևավորվի սոցիալական ապահովության վճարը կամ ապահովագրության վճարը:

Տարբերությունն այն է, որ այս դեպքում, եթե այդ գումարները մուտք են լինում պետբյուջե, պատասխանատուն դառնում է պետությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ սոցիալական վճարի և եկամտային հարկի միավորումը ներկայացնել որպես տեխնիկական միավորում, իրենց համար ևս ընդունելի չէ այն պարզ պատճառով, որ դրանց հարկման կամ գանձման բազաները տարբեր են և 2013-ին գործողության մեջ մտած եկամտային հարկի միասնական դրույքաչափի բազան նայելիս` պարզ է դառնում, որ սա էականորեն տարբերվում է սոցիալական ապահովագրության վճարներց:

«Ներկայացնել, որ այդ երկուսը տեխնիկական հարց են լուծում, այդպես չէ, որվհետև եկամտային հարկը նվազագույնը 24.4 %-ով այժմ գանձվում է բոլոր տիպի եկամուտներից, բացառությամբ օրենքով նախատեսված առանձին եկամուտների, որոնք նվազեցվող հարկադրույքով են գանձվում: Այս տեսանկյունից պետք է փաստել, որ միասնական եկամտային հարկի գաղափարը փաստացի կանգնեցրել է երկիրը սոցիալական պետության փաստի առաջ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Որակավորվել է 10 հաշվապահ

ֆիննախՍ. թ. մարտի 27-ին և 28-ին անց են կացվել հաշվապահների որակավորման քննություններ: Մարտի 27-ին հրավիրված 20 դիմորդներից քննությանը մասնակցել են թվով 8 դիմորդ, որոնցից 6-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական: Մարտի 28-ին Հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են թվով 11-ը, որոնցից 4-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2014 թվականի ընթացքում տեղի է ունեցել հաշվապահների որակավորման 3 քննություն: Քննությանը մասնակցել են 30 դիմորդ, որոնցից 16-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 31.03.2014թ. դրությամբ թվով 628 հաշվապահ ունի որակավորման վկայական:

Հայկական փորձը Թուրքմենստանի համար կարող է լինել օգտակար

Արմեն-ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի  Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-թուքմենական կրթական համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները՝ նշելով, որ այս ոլորտում բարեփոխումների  հետևողական քաղաքականություն է իրականացվում: Ընդգծելով, որ Հայաստանի կառավարության համար կրթությունը համարվում է գերակա ուղղություն՝ Ա. Աշոտյանը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության  ոլորտի համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնելու Հայաստան-Թուրքմենստան միջպետական հարաբերություններում: Նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրել է դեսպանին, որ Հայաստանում կարելի է ստանալ բարձրագույն մասնագիտական որակյալ կրթություն՝ համեմատաբար ավելի մատչելի գներով: Դեսպան Գուրբաննազար Նազարովն իր հերթին շեշտել է, որ տպավորված է Հայաստանի կրթական համակարգի զարգացման տեմպերով, ուստի Թուրքմենստանը շահագրգռված է, որ Հայաստանի բուհերում ավելանան թուրքմեն ուսանողների թիվը, իսկ  հայկական փորձը Թուրքմենստանի համար կարող է լինել օգտակար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջբուհական հորիզոնական կապերի զարգացմանը, համատեղ ուսանողական ու կրթաթոշակային ծրագրերի իրականացմանը:

Ուշադրություն.սպասվում է ջերմաստիճանի անկում

եղանակՈւշադրություն

Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասավում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում միչև 6 աստճիան ցուրտ, հողի մակերևույթին`7 աստիճան ցուրտ

Ապրիլի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-5-ին կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում`

Ապրիլի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանի անկում` գիշերը  օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին`  7 աստիճան ցուրտ:

Անկախ

ՍԴ նախագահի համար պարզ է` կառավարությունն այնպես է արել, որ պարտադիր կուտակայինի վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը

Const.-court2-450x300Այսօր Սահմանադրական Դատարանում «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության հայցի քննության ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց` նվազագույն աշխատավարձ ստացողն ինքը պետք է վճարի՞ պարտադիր կուտակայինի վճարները, թե՞ գործատուն, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ պարտադիր կուտակային վճարը հարկ չէ, այն ուշացած աշխատավարձ է:

Այդ պատասխանից հետո ՍԴ նախագահը նշեց, որ իր համար արդեն պարզ է` կառավարությունն օրենսդրական այդ լուծումն արել է այնպես, որ պարտադիր կուտակայինի դեպքում վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը։
Իր հերթին ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ են 40 տարով «պարտադիրը» կիրառում, թող վերջին 10-15 տարվա ընթացքում կիրառեն, կամ, միգուցե, տոկոսների հարցն այլ կերպ լիներ, տարբեր տոկոսներ սահմանվեին: Ֆելիքս Թոխյանը նաև օրենքի կիրառումը հետաձգելու հնարավորություններից հետաքրքրվեց:
Արտեմ Ասատրյանն էլ պատասխանեց, որ այս օրենքով երկրի սոցիալական պաշտպանության համակարգ է ստեղծվում: «Ես կարծում եմ, որ մենք արդեն ուշացրել ենք օրենքի ընդունումը, և նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կհանգեցնի: Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 20-25 տարի 10 տոկոս վճարներ պետք է արվեն, որ բարեփոխումը կատարվի, այլ դեպքում համակարգը չի աշխատի և իր ֆունկցիան չի կատարի»,-ասաց Արտեմ Ասատրյանը պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
Ֆելքս Թոխյանի այն հարցին, թե ինքը կարո՞ղ է հրաժարվել կենսաթոշակի իր իրավունքից, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Կարող եք, այո»:
Ֆելիքս Թոխյանի այն դիտարկմանը` թե ինքը ցանկանում է կենսաթոշակ ստանալու իր իրավունքն իրագործել շատ ավելի ուշ, քան որոշել է պետությունը, բայց պետությունը 40 տարի առաջ իրեն ասում է՝ ոչ, պետք է ստանաս, հիմա պետք է վճարես, իսկ 40 տարի հետո նոր կարող ես հրաժարվել, նախարարը պատասխանեց. «Քաղաքացիները ունեն իրավունքներ և պարտականություններ, պետությունն ունի պարտականություններ քաղաքացիների հանդեպ, որոնք իրագործելու համար գործիքներ է ստեղծում: Տվյալ դեպքում մենք գործ ունենք կենսաթոշակային ապահովագրության հետ, որի մեխանիզմներն այն են, ինչ շարադրված են օրենքում»:
 

Մեր զատությունն այն ազատությունը չէ, որ թույլ տա ՄԱԿ-ում կամ որևէ նման տեղ ինքնուրույն որոշումներ կայացնել. Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր-ԻսկանդարյանՔաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ Ղրիմի հարցում Հայաստանի դիրքորոշումը մեծապես կախված էր ռուս-հայկական հարաբերություններից:

ՙՙՀայաստանը գրեթե միայն այդպես կարող էր  քվեարկել: Ես հիմքեր ունեմ կարծելու, որ վերջին պահին մեր հայտարարության տեքստը փոխվեց, բայց այլ կերպ չէր էլ կարող լինել: Սեպտեմբերի երեքից հետո Հայաստանը զրկվել է ինքնուրույն նման որոշումներ կայացնելու հնարավորությունից` արտաքին հարցերում կախված դառնալով գերտերութունների կամքից: Այսօր մեզ մեր տեղն են ցույց տալիս՝ ասելով, որ մեր զատությունն այն ազատությունը չէ, որ թույլ տա ՄԱԿ-ում կամ որևէ նման  տեղ ինքնուրույն որոշումներ կայացնել՚՚, – այսօր լրագրողներին նման  կարծիք հայտնեց քաղաքագետը:

Անկախ

Անգամ թելադրված քվեարկությունը պետք է գին ունենա. Ազատ Արշակյան

ազատ արշակյանՔաղաքական գործիչ Ազատ Արշակյանը մտահոգված է. նա չի հասկանում, թե ինչու  են Հայաստանի ներկայիս իշխանությունները այսքան էժան վաճառում սեփական ձայնը: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Սեպտեմբերի երեքից հետո մենք սկսեցինք և մինչև հիմա շատ էժան տալիս ենք ամեն ինչ, մինչդեռ կարող էինք սակարկել:  Իհարկե, Ղրիմի հարցում մեր երկրի քվեարկությունը թելադրված էր Ռուսաստանից: Սա էլի կարող էր այսպես լինել: Օրինակ` խորհրդային տարիներին էլի Ռուսաստանն էր որոշում, թե ով` ինչ պետք է ասի, բայց անգամ թելադրված քվեարկությունը պետք է  գին ունենա: Ես հիշում եմ, որ ժամանակին Քոչարյանին, օրինակ, վճարում էին: Այսօր մենք նույն պահանջը կարող ենք դնել: Մեզ պետք է վճարի և’ արևմուտքը մեզ զոհաբերելու համար, և’ արևելքը՝ ստրկացնելու»:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում սահմանադրական նորմերի հետ կապված խնդիրներ չեմ տեսնում». Արտեմ Ասատրյան

արտեմ ասատրյան«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում սահմանադրական նորմերի հետ կապված խնդիրներ չեմ տեսնում: Միաժամանակ համակարգի ներդրումն ապահովող օրենքներում կան բովանդակային խնդիրներ, որոնք լուծելն ավելի ընդունելի կդարձնի այն հասարակության համար»: Այսօր Սահմանադրական Դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Որքանո՞վ կտուժի համակարգը, եթե բարեփոխումների կիրառումը հետաձգվի 1-2 տարով հարցին Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ներկայում, յուրաքանչյուր տարի շատ ավելի մեծ թվով անձինք են մուտք գործում կենսաթոշակային տարիք: Այդ ցուցանիշներն առաջիկա 20-30 տարիներին գնալով խորացնելու են աշխատաշուկա մուտք գործողների և կենսաթոշակի անցնողների դիսբալանսը: Օրենքի ընդունումն ուշացնելու դեպքում ներկա սերունդն ավելի մեծ գին է վճարելու այդ անցման համար»:

ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր շարունակում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի  դատաքննությունը: Այսօր որպես պատասխանող կողմ հանդես են գալիս ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչները: Դիմող կողմի ներկայացուցիչներն են ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, փաստաբան Մերի Խաչատրյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: