Նորակառույց դպրոց Չափար գյուղում

Chapar School _03«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայաստանյան գործարար, «Փեթակ» առեւտրի կենտրոնի սեփականատեր Վարուժան Գրիգորյանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում դպրոց է կառուցում:

Երկհարկանի դպրոցը նախատեսված է 84 աշակերտի համար: Ամռանն այն շահագործման կհանձնվի, եւ համայնքի շուրջ 40 աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն նորակառույց հաստատությունում:

Դպրոցի տնօրեն Իրինա Սեւումյանի խոսքով՝ աշակերտները պարբերաբար մասնակցում են Հայաստանում եւ Արցախում անցկացվող տարբեր օլիմպիադաների եւ, որպես կանոն, բարձր ցուցանիշներով են տուն վերադառնում: «Նոր դպրոցն, ինչ խոսք, կնպաստի, որ երեխաները դպրոց հաճախեն լավ տրամադրությամբ եւ ունենան բարձր առաջադիմություն: Հույս ունենք, որ մեկ-երկու տարի անց կավելանա նաեւ դպրոցում ուսանող աշակերտների թիվը»,- ասում է տնօրենը:

Ընթացքում են նորակառույցի ներքին հարդարման աշխատանքները: Կից կառուցվող կաթսայատան շնորհիվ ընդհանուրը 940քմ մակերես ունեցող հաստատությունն ամբողջությամբ կջեռուցվի: Դպրոցը կունենա նաեւ բացօթյա խաղահրապարակ:

Չափարն Արցախի հնագույն բնակավայրերից է: Գյուղի պատմամշակութային կոթողներից առավել հայտնի են Հակառակաբերդ ամրոցն ու Կարմիր եկեղեցին: Շնորհիվ Չափարում 2012թ.-ին Հիմնադրամի կառուցած ջրատարի` (շուրջ 4կմ) համայնքի 300-ց ավել բնակիչներն ապահովված են խմելու ջրով:

Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

001Տեղացած աննախադեպ առատ ձյան մաքրման աշխատանքները քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: Ձնահեռացմանը զուգահեռ՝ տեխնիկական աղի և ավազի խառնուրդով մշակվել են ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական փողոցների երթևեկելի մասերն ու մայթերը: Մաքրման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 120 միավոր հատուկ մեքենամեխանիզմ: Միայն գիշերվա ընթացքում օգտագործվել է 140 տոննա տեխնիկական աղ և 300 խ/մ ավազ: Չընդհատվող ռեժիմով աշխատանքները քաղաքապետի հանձնարարությամբ կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում՝ ընդգրկելով նաև բակային տարածքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայացել է UWC Dilijan դպրոցի եւ UWC կրթական ցանցի աշակերտների ընտրության վերջին փուլը

դիլիջանի դպրոցՄարտի 29-ին եւ 30-ին Երեւանում Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի ներկայացուցիչները եւ կրթական ոլորտի մասնագետները հարցազրույցներ են անցկացրել ընտրության նախորդ փուլերը հաղթահարած հայաստանցի երիտասարդների հետ:

Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 21 քաղաքացիներ` 10-ը UWC Dilijan միջազգային դպրոցում եւ 11-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում (Իտալիա, Ուէլս, Հոնգ Կոնգ, Հոլանդիա, Նորվեգիա, Գերմանիա, ԱՄՆ, Սինգապուր, Հնդկաստան):

Մինչեւ ս.թ. փետրվարի 17-ը UWC համակարգում սովորելու հայտ կարող էին ներկայացնել Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014թ. օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելին, քան 18 տարեկան:

UWC համակարգում ընդունելության գործընթացի գլխավոր յուրահատկությունն այն է, որ դպրոցները դրան չեն մասնակցում` ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմինների` UWC Ազգային կոմիտեների կողմից:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի UWC Ազգային կոմիտեն ստացել էր 270 հայտ:

Հայտերի նախնական ուսումնասիրությունից հետո ընտրվել էին 159 երիտասարդներ, որոնց հետ UWC համակարգի մասնագետներն անցկացրել էին հարցազրույցներ Skype-ի միջոցով: Այդ փուլը հաջողությամբ հաղթահարած 64 երիտասարդները ստացել էին մարտի 29-ին եւ 30-ին Երեւանում կայանալիք հարցազրույցներին մասնակցելու հրավեր:

Վերջին ընտրական փուլի արդյունքները հայտնի կդառնան ս.թ. ապրիլի վերջին: Դրանից հետո քոլեջները, այդ թվում նաեւ UWC Dilijan-ը, պետք է իրենց համաձայնությունը տան եւ հաստատեն աշակերտների թեկնածությունը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին կրթական ոլորտի հայաստանցի եւ արտասահմանցի մասնագետներ, մասնավորապես, «Անանիա Շիրակացի» կրթական համալիրը ներկայացնող Սաթինե Ղարաքեշիշյանը, PH International-ի հայաստանյան տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, UWC Adriatic (Իտալիա) դպրոցի ներկայացուցիչ Ռիմա Ռապոպորտեն, Հայաստանի UWC Ազգային կոմիտեի նախագահ Սիմոնե Սիգարբոսան (Իտալիա), UWC USA դպրոցի շրջանավարտ Սամիր Մաստակին, UWC Ռուսաստանի Ազգային կոմիտեի անդամ Դարյա Բրոդնիկովսկայան, UWC միջազգային գրասենյակի ներկայացուցիչ Միա Էսկելունդը (Դանիա) եւ ուրիշներ:

Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող, սոցիալապես ակտիվ եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ:

UWC Dilijan միջազգային դպրոցի հիմնադիրները որոշում են կայացրել այն մասին, որ UWC Dilijan միջազգային դպրոցի աշակերտների 90 տոկոսը կսովորեն բարերարների կողմից հատկացված կրթաթոշակներով: Սինգապուրի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հոնգ Կոնգի եւ Ուէլսի UWC դպրոցները պատրաստ են մեկական տեղ հատկացնել հայաստանցի դիմորդների համար եւ ապահովում են նրանց ուսման հետ կապված ծախսերի մինչեւ 100 տոկոսը: Մնացած դպրոցները տեղերը տրամադրում են առանց կրթաթոշակի եւ դիմորդը ինքնուրույն պետք է հոգա այդ ծախսը: Բացառիկ տաղանդավոր երեխաների դեպքում UWC Dilijan միջազգային դպրոցի հիմնադիրները կարող են միանալ հովանավորներ ներգրավելու գործին:

UWC համակարգում եւ UWC Dilijan միջազգային դպրոցում սովորելու գործընթացը մանրամասն ներկայացված է www.am.uwc.org կայքում:

Քեսաբ այցելած պատգամավորական խումբը առաքելության արդյունքները ներկայացրել է ՀՀ նախագահին

10152547_10152272697922410_608370507_nԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, Արման Սահակյանը և Սամվել Ֆարմանյանը մարտի 27-28-ը մասնավոր նախաձեռնությամբ այցելեցին Սիրիայի արաբական հանրապետություն՝ հանդիպելու Լաթակիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան գտած մեր հայրենակիցներին, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ հայկական Քեսաբից: Պատգամավորական խումբը հանդիպումներ ունեցավ նաև Սիրիայի աշխարհիկ ու հոգևոր բարձրագույն իշխանությունների հետ: Այցելությունը, ինչպես և դրան նախորդած քաղաքական հայտարարությունը, արագ արձագանք էր ստեղծված իրավիճակին՝ արձանագրելու, որ հայության որևէ հատվածի խնդիր նաև Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության խնդիրն է:
Պատգամավորական խումբը տեղում ծանոթացավ ստեղծված ցավալի իրավիճակին, քեսաբահայ մեր քույրերին ու եղբայրներին փոխանցեց Հայաստանի Հանրապետության զորակցությունն ու նրանց կողքին լինելու պատրաստակամությունը, Սիրիայի իշխանությունների հետ մտքեր փոխանակեց սիրիական ճգնաժամի և դրա արդյունքում ողբերգական իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների ապագայի վերաբերյալ: Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ են ունեցել նաև Արամ Ա Կաթողիկոսի և Լիբանանի խորհրդարանի հայազգի գործընկերների հետ՝ քննարկելու սիրիահայության վիճակը:
Պատգամավորական խումբը փաստահավաք առաքելության արդյունքները ներկայացրել է ՀՀ նախագահին, Ազգային ժողովին և կառավարությանը: Բացի փաստական, վիճակագրական և այլ տվյալներից, այն ներառում է նաև խմբի կողմից մշակված առանձին առաջարկություններ, որոնք, լրացուցիչ քննարկումներից հետո կարող են կյանքի կոչվել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, հասարակական ու համազգային խողովակներով:
Պատգամավորական խումբն արձանագրում է, որ քեսաբահայության համար ստեղծված ողբերգական այս իրավիճակում նրանց ցուցաբերված հնարավոր ցանկացած աջակցություն՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական, բարոյական, նյութական թե ոչ նյութական, այսօր պահանջված է, իսկ արագ արձագանքման կարևորությունը` շատ ավելի էական, քան քաղաքական ու արարողակարգային հնարավոր տարատեսակ ենթադրություններն ու երկրորդական մտահոգությունները:
Պատգամավորական խումբն իր երախտագիտությունն ու աջակցությունն է հայտնում Սիրիայի արաբական հանրապետությունում աշխատող մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ դեսպան Արշակ Փոլադյանի ղեկավարությամբ, ովքեր պատերազմական պայմաններում, վտանգելով սեփական կյանքը, շարունակում են իրենց ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը: Խումբն իր հատուկ երախտագիտությունն է հայտնում նաև ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին՝ Սիրիա այցելությանն առնչվող ֆինանսական բոլոր ծախսերը հոգալու համար:

Սպասվում է եղանակի պարզեցում. ձյունը կշարունակվի միայն Սյունիքում և Արցախում

եղանակ,տավուշՄարտի 26-ին Բարենցի ծովի շրջաններում ձևավորվեց  արկտիկական ճակատ, որը ըստ կանխատեսումների մարտի 30-ին պետք է ներխուժեր Փոքր Ասիա և Կովկաս, այդ թվում ՀՀ տարածք:

Մարտի 26-ին ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից տրվեց հատուկ նախազգուշացում, հանրապետության ողջ տարածքում սպասվող ձյան տեղումների, ուժեղ քամիների և հովտային գոտիներում  ցրտահարության վերաբերյալ: Նախազգուշացումը տեղեկագրով տարածվել է բոլոր նախարարություններին և մարզպետարաններին: Մարտի 28-ին Հիդրոմետ ծառայության  նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ մամուլի ասուլիս և բոլոր լրատվամիջոցները նույնպես տեղեկացված են եղել սպասվող հզոր ցիկլոնի ներխուժման մասին:

Ինչպես կանխատեսվել էր, մարտի 29-ին դիտվեց քամու ուժգնացում  20-30մ/վրկ, ինտենսիվ անձրևներ  և ամպրոպ, իսկ մարտի 30-ի գիշերվա երկրորդ կեսին  դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10-15 աստիճանով և հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Տեղումների քանակը 29-30-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ կայաններում գերազանցել է ամսական նորման: Մարտի 31-ի ժամը 07:00 դրությամբ հանրապետության ողջ  տարածքում առկա է ձյան ծածկ: Տավուշում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20-30սմ, Լոռիում 10-16սմ, Շիրակում 15-22սմ, Գեղարքունիքում 20-30սմ, Կոտայքում 30-37սմ, Արագածոտնի լեռնային գոտիներում 13-27սմ, Արագածոտնի նախալեռներում 10-15սմ, Արարատում 5-7սմ, Վայոց Ձորի նախալեռներում  5-7սմ, Վայոց Ձորի լեռնային գոտիներում  25-30սմ, Սյունիքի հովիտներում  13-32սմ, Սյունիքի նախալեռներում 20-28սմ(Սիսիանում 5սմ), Ստեփանակերտում 10սմ, Երևանում 25-30սմ, Արմավիրում եղել է 5-10սմ, որ 30-ի ցերեկը հալվել է:

Ըստ կանխատեսումների մարտի 31-ի ցերեկը ձյունը կշարունակվի միայն Սյունիքում և Արցախում, երեկոյան հանրապետության ողջ տարածքում կդիտվի եղանակի պարզեցում, ինչի հետևանքով Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի Հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև -5….-6, հողի մակերևույթին -7…-8 աստիճան ցուրտ:

Հայ թոշակառուները օվկիանոսի ափին կոկոսի կոկտեյլ խմել չե՞ն սիրում

տիգրան սարգսյան«Թոշակս 21 հազար դրամ ա, բալա՛ ջան, ստանում եմ, 6 հազարը դնում եմ մի կողմ` հացի փող, դեղերս առնում եմ, տակն էլ ինչ մնում ա, էդ հա՛մ իմ ուտելու փողն ա, հա՛մ ապրելու, հա՛մ լույսի, հա՛մ գազի, ամեն ինչի»,- հառաչելով պատմում էր ծանոթներիցս մեկը` Ազատուհի տատը, որ ընդհանրապես դժգոհելու և գանգատվելու սովորություն չունի, բայց երկար համոզելուց հետո, որոշեց իր փորձը փոխանցել, թե ինչպես կարելի է ամսական 21 հազար դրամով ողջ մնալ: Հարցրի. «Ազատուհի՛ տատ, բա հացից բացի ուրիշ բան չե՞ս ուտում, ոնց էլ հաշվում եմ, հացի ու դեղերիդ փողը հանած, հազիվ մի 5-6 հազար դրամ փող է մնում»: Ազատուհի տատն էլ թե. «Երևի պետությունը որոշել ա, որ իմ կերածը կորած ա, դե ես էլ ամբողջ կյանքում օրինապահ քաղաքացի եմ եղել, որ որոշել ա, ես ի՞նչ անեմ, հո չեմ կարա պետությանը դեմ գնամ, ստիպված յոլա եմ գնում, էսպես էլ մնա` լավ է…»,- արդեն կատակելով պատասխանեց Ազատուհի տատը, բայց տարիների բեռից հոգնած աչքերի մեջ զայրույթի կայծեր երևացին:

Ազատուհի տատի հետ զրույցից հետո մի ամբողջ շաբաթ անընդհատ մտքում փորձում էի, դպրոցում հանրահաշվի դասերից ստացած գիտելիքներս բանեցնելով, ամբողջ ամիսը 21 հազար դրամով գոյատևելու բանաձև` օրվա կարգացուցակ ու ճաշացուցակ կազմել, որ Ազատուհի տատի «կերածը կորած չլինի»: Բայց թեև հանրահաշվից միշտ էլ գերազանց թվանշաններ եմ ստացել, ինչպես էլ համադրում էի տիկին Ազատուհու օրվա կարգացուցակն ու ճաշացուցակը ստացած թոշակի հետ, մեկ է, վերջում ծեր կինը «սոված էր քնում»…

արտեմ ասատրյանԲայց Ազատուհի տատը Հայաստանում ապրող թոշակառուների մեջ եզակի բացառություններից չէ, ոչ թե տասնյակ, այլ հարյուրհազարավոր աղքատ թոշակառուներից մեկն է: Նրա հետ խոսել էի կառավարության մարտի 19-ի նիստից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե այս տարվա հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է թողնում Հայաստանում աղքատության կրճատման վրա:
«Քանի որ գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուներից 350 հազարն առնչվում են աղքատության խնդրի հետ, և մենք, այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով բարձրացնելով թոշակները, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որպեսզի առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Նախարար Ասատրյանն էլ պատասխանեց վարչապետի հարցին ու նշեց, որ 2014 թ. բյուջեում ներառվեց 29 միլիարդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով, և վերլուծությունները հիմք հանդիսացան, որպեսզի ԱԺ-ին ներկայացվի թոշակների հաշվարկման կարգի հետ կապված փոփոխություն ու հիմնական շեշտադրումը լինի առավել աղքատ կենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացումը:

Մինչև 2014 թ. հունվարի 1-ը, ըստ նախարարի, Հայաստանում կար 68 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ, և 333 հազար կենսաթոշակառու` կենսաթոշակառուների ճնշող մեծամասնությունը, որոնք ստանում էին աղքատության վերին գծից ցածր կենսաթոշակ:

Եվ նախարարը հպարտացավ. «Բարձրացման արդյունքում շուրջ 5 անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակներ ստացողների թիվը: Հունվարի 1-ի դրությամբ նրանց թվաքանակը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու: 230 հազար անձանցից, որոնք ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, ունենք 138 հազար 300 անձ, որոնք ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ: Այսինքն` շուրջ 40 տոկոսով նվազել է ստորին շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: Եվ 333 հազար անձի փոխարեն, որոնք ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ, մենք բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ»,- ասաց նախարարը` շեշտելով, որ թիրախավորված բարձրացումն էապես նվազեցրեց կենսաթոշակառուների շրջանում աղքատության մակարդակը:
թոշակՎարչապետն այս կապակցությամբ նշեց, որ հասկանալի է` կենսաթոշակների բարձրացումը դեռևս շոշափելի չէ, եթե հատկապես հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա ու գազ ծախսել, քան նախորդ տարի, և հիմնականում այս թոշակների բարձրացումներն ուղղվելու են այդ ծախսերին: Բայց դրանք, ըստ Տիգրան Սարգսյանի, շոշափելի փոփոխություններ են, և կառավարությունն այս ռազմավարությունը պետք է շարունակի` այն դիտարկելով որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք:

Դեռ մի կողմ թողնենք, որ ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ճիշտ չէին նշում Հայաստանում կենսաթոշակառուների թիվը, որովհետև պաշտոնական` ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների համաձայն` Հայաստանում ապրում է 512 հազար 505 թոշակառու: Կարևոր է մի ուրիշ հանգամանք. Հայաստանում, նույն ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 29 հազար 122 դրամ: Եթե այս մեծությունը համեմատենք աղքատության գծի հետ` դրամական այն արժեքի, որից քիչ ամսական սպառում ունեցողները համարվում են աղքատ, ապա պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է: Հայաստանում աղքատության 3 գիծ կա` ծայրահեղ աղքատություն կամ պարենային գիծ, որը 21 հազար 700 դրամ է (այսինքն` այն մարդիկ, որոնք ամսական այսքան գումարից քիչ են սպառում, համարվում են ծայրահեղ աղքատ), աղքատության ստորին ընդհանուր գիծ` 30 հազար 547 դրամ, և վերին ընդհանուր գիծ` 37 հազար 44 դրամ: Փաստորեն, Հայաստանում կենսաթոշակների միջին չափը գտնվում է ծայրահեղ աղքատության ու աղքատության ներքին շեմի միջակայքում:
Բայց դա ամենևին էլ չի շանակում, թե նրանք, ովքեր ինչ-որ հրաշքով 37 հազար դրամից ավելի բարձր թոշակ են ստանում, արդեն աղքատ չեն:
Պատճառը շատ պարզ է: Հայաստանում գոյություն ունի նաև նվազագույն սպառողական զամբյուղ հասկացությունը, այսինքն` մեկ չափահաս անձի համար, ամսվա կտրվածքով, անհրաժեշտ նվազագույն գնումների համախումբը, որի մեջ մտնում են պարենը և առաջին անհրաժեշտության ապրանքները: Եվ այդ նվազագույն սպառողական զամբյուղը, նույն ԱՎԾ-ի հաշվարկներով, 2013 թ. ամենավերջին տվյալներով կազմել է 56 հազար 200 դրամ: Անհասկանալի է ուրեմն, թե ինչու աղքատ չեն համարվում այն մարդիկ, որոնք նվազագույն սպառողական զամբյուղից պակաս գումար են ծախսում:

Այս հաշվարկների ժամանակ հիշեցի, որ երկու տարի առաջ ամառային արձակուրդն անցկացնում էի Շրի Լանկայում, 15 օրվա էկոնոմ կարգի ուղեգրերի համար ստիպված էինք եղել խնայել մի ամբողջ տարի: Իսկ մեր չորսաստղանի հյուրանոցում հանգստացողների ճնշող մեծամասնությունը` մոտ 90 տոկոսը, անգլիացի, շվեդ, նորվեգացի ու շոտլանդացի թոշակառուներ էին, որոնք ձեռք էին բերել հիմնականում 1-1.5 ամիս տևողությամբ «օլ ինքլյուզիվ» ուղեգրեր, պառկում էին կոկոսի ծառերի տակ, հիանում օվկիանոսի գեղեցկությամբ, ընդունում արևային լոգանք, իսկ հյուրանոցի աշխատակիցները նրանց էին մատուցում կոկոսի կոկտեյլներ ու էկզոտիկ մրգեր… Իսկ Հայաստանում ազատուհիները, եթե բարեկամ-հարազատի օգնություն չեն ստանում, ստիպված են թաքուն երազել կուշտ լինելու մասին: Անգամ նրանք, որոնց թոշակը բարձր է համարվում: Որովհետև, ինչպես նշում են կառավարության հարգելի անդամները, միջազգային տնտեսական ճգնաժամ կա, տնտեսական խնդիրներ կան և այլն, և այլն:
Հիմա մե՞նք են ավանդապահ, մեծին հարգող, մեծի արժեքն իմացող, թե՞ եվրոպացիները: Միգուցե հայ թոշակառուները օվկիանոսների ափերին կոկոսի կոկտեյլներ խմել չե՞ն սիրում…

 

Քաղաքապետարանը ջանք չի խնայում

ձյան մաքրումԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առանց ընդհատման շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքապետարանի համապատասխան ծառայություններից զատ աշխատանքներում ընդգրկված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: ձյան մաքրումՔաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընթացող աշխատանքներին տեղերում հետևում են վարչական շրջանների ղեկավարները: Գլխավոր փողոցների ու մայթերի մաքրմանը զուգահեռ` ձնամաքրման աշխատանքներ են կատարվել նաև երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում: Մաքրվել են նաև ստորգետնյա և վերգետնյա անցումների աստիճանահարթակներն ու անցուղիները:   Մայրաքաղաքի փողոցներում այս պահին աշխատում է շուրջ 130  միավոր հատուկ մեքենասարքավորում: Փողոցների և մայթերի մշակման համար, ժամը 21:00-ի տվյալներով, արդեն իսկ  օգտագործվել է 254 տոննա տեխնիկական աղ և 550 տոննա ավազ: Քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքները կշարունակվեն նաև ամբողջ գիշեր:

Անկախ

 

 

 

Բերդի տարածաշրջանը ձյան հետևանքով կտրված է արտաքին աշխարհից

0fcf153ba7591ddd81d54b715b841571-472x265Մարտի 30-ին առատ տեղացած ձյան պատճառով փակեն Բերդ-Ճամբարակ, Գանձաքար-Իծաքար ճանապարհները, դժվարանցանելի` հանարապետական նշանակության Երևան-Իջևան-Վազաշեն-Պառավաքար ճանապարհը:

Տավուշի մարզպետարանի Տրանսպորտի վարչության պետ Արտակ Սարգսյանը Անկախ-ի թղթակցին տեղեկացրել է, որ առավոտից ձնամաքրման աշխատանքներ են իրականացվել Վազաշեն-Պառավաքար ճանապարհին: <<Մինչև էն վտանգավոր ոլորանը, որը հակառակորդի դիրքապահների թիրախում է, մաքրել է Իջևանի ՃՇՇ-ն, իսկ Պառավաքարի հատվածը` Բերդի ՃՇՇ-ն: Որոշակի աշխատանքներ են իրականացվել նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, բայց դե գիտեք` եթե բուք եղավ, ձյուն մաքրողները կարող ա մնան ձնաբքի տակ, զանգեն, ասեն` եկեք, մեզ հանեք: Ուստի հորդորում ենք, նշված ճանապարհատվածներով այս օրերին երթևեկել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում>>,-ասաց ԱրտակՍարգսյանը:

Գանձաքար-Իծաքարը դժվարանցանելի է, գրունտային բազմաթիվ ոլորաններ ունեցող մոտ 50 կմ երկարությամբ ճանապարհին չկանե րթևեկության, զգուշացնող նշաններ, ուստի այս հատվածով ևս վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհն էլ հակառակորդի պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով է փակ և խորհուրդ չի տրվում անցնել, ապա կարելի է ասել, որ Բերդի տարածաշրջանն այս պահին կտրված է արտաքին աշխարհից: Թեպետ, Արտակ Սարգսյանը հավաստիացրեց, որ վաղվանից Գանձաքար-Իծաքար ճանապարհին կատարվելու են մաքրման աշխատանքներ:

 

Անկախ

Բերդի տարածաշրջանում ցրտահարության վտանգի տակ են միայն հոնի և դեղձի ծառերը

1959482_721444767878115_219337058_nԱյսօր տեղացած ձյունն ու ջերմաստիճանի անկումը վնասել են Բերդի տարածաշրջանի հոնի ծառերը: Մարտին, բարեբախտաբար, այստեղ միայն հոնի ծառերն են ծաղկած: Մյուս պտղատուների բողբոջները դեռևս չեն բացվել:

<<Վտանգ կա, որ ցրտահարությունը կվնասի հոնի և դեղձի ծառերին, խնձորենիները դեռևս չեն բողբոջել: Խաղողի այգիների զգալի մասում, բարեբախտաբար, հյութաշարժությունը դեռևս չի սկսվել, հետևաբար զանգվածային վնասներ չեն լինի: 40սմ ձյուն ա նստած, մինուս ա, եթե գիշերը աստղեր դուրս եկան, պարզկա եղավ, վտանգը մեծանում է>>,-նշեց Բերդի տարածաշրջանի գլխավոր գյուղատնտես Սերյոժա Խաչատրյանը:

Ըստ նրա, տարածաշրջանում կան մոտ տասը ջերմոցային տնտեսություններ, որոնք ևս հնարավոր է` ցրտահարվեն: Պաշտպանվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս վառարաններ տեղադրել:  Ագրարային տնտեսությունների բանջար-բոստանային մշակաբույսերի սածիլները ևս ջերմոցներում են, որոնք ևս ցրտի վտանգի տակ են:

 

Անկախ

Տավուշի ճնճղուկներն անհետացել են

10157077_721446167877975_282443032_nՈ՞ւր են կորել Տավուշի ճնճղուկները: Հակառակորդի կրակոցների՞ց են <<հոգնել-հեռացել>>, թե՞ կլիման այլևս իրենց <<սրտով>> չէ, դժվար է ասել:  Ծաղկունքն արդեն մեկ ամիս է` Տավուշում սկսվել է, բայց մարզում նկատել են, որ իրենց երկնքում թռչունների սիմֆոնիան պակասել է:

Շամշադինցի գյուղատնտեսների փոխանցմամբ, արդեն մի քանի ամիս է` ճնճղուկներ չեն երևում, թեպետ այս թռչունները անգամ ցրտաշունչ եղանակին չեն լքում իրենց բնավայրը:

<<Այգիներում երբեմն-երբեմն մեկ-երկու կաչաղակ կամ մշահավ է հանդիպում, բայց մեր ճնճղուկները չկան, այս տարվա հունվարից ենք նկատել, որ չկան, չեն երևում>>,-ասաց տավուշցի բնակիչներից մեկը:

Գյուղատնտեսների խոսքով, հավանաբար, այս ձմռան ցրտերին <<խեղճերը>> չեն դիմացել ու սատկել են: Ի դեպ, ճնճղուկների դերը մեծ է նաև այգիների վնասատուների դեմ պայքարում:

Անկախ

 

Փակ են Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 20.00-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն:

Փակ են Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են:

Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում :
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է  թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա  տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։

 Անկախ

Վաղը՝մարտի 31-ին Երևան քաղաքի դպրոցներում ու մանկապարտեզներում դասերը չեն կայանա

դպրոցԵրևանի քաղաքապետարանից Անկախին տեղեկացնում են Երևան քաղաքի հիմնական դպրոցների, ՆՈՒՀ- երի (մանկապարտեզներ), երաժշտական ու արվեստի դպրոցների հարգելի տնօրեններ, մանկավարժներ, դաստիարակներ, աշակերտներ և ծնողներ.

հիմք ընդունելով եղանակային անբարենպաստ պայմանները, երեխաների առողջության նկատմամբ ունեցած հոգածությամբ պայմանավորված, տեղեկացնում ենք, որ մարտի 31-ին` երկուշաբթի, վերը նշված հաստատություններում դասերը չեն կայանա, իսկ հիմնական դպրոցների մարտի 31-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ` ապրիլի 5-ին:

 Անկախ

Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով

ձյան մաքրումԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տեղացող աննախադեպ առատ ձյան հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին տեղերում անձամբ հետևում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները զեկուցել են քաղաքապետին, որ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտից և որ ձյան շերտից առաջնահերթորեն մաքրվում են գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները: Զեկուցվել է նաև, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի համապատասխան բոլոր օղակներն ու 12 վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Տեղերում աշխատանքների ընթացքը համակարգվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից:

003Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով և պարբերաբար զեկուցել իրականացված աշխատանքների մասին, անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև լրացուցիչ մեքենասարքավորումներ: Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների ընթացքը պահել անձնական հսկողության տակ և տեղերում հետևել դրանց պատշաճ կազմակերպմանը: Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է զուգահեռաբար կազմակերպել մայթերի մաքրման աշխատանքներ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է, փողոցների երթևեկելի հատվածների ձնամաքրման աշխատանքներն ավարտելուց հետո, ձեռնամուխ լինել բակային տարածքներում համանման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:

Անկախ

 

Թալին – Անի ճանապարհահատվածը երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին  տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ,  մաքրման աշխատանքների արդյունքում բացվել է Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի հատվածը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:

 

Անկախ

Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքը բաց է երթևեկության համար

Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքըՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 16.30-ի դրությամբ, կատարված մաքրման աշխատանքների արդյունքում

Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքում երթևեկությունը վերականգնվել է  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է  թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա  տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։

Անկախ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

դժվարանցանելի ավտոճանապարհներՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները,Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը,  Երևան–Սևան, Քաջարան–Մեղրի, Սևան–Վարդենիս, Աշտարակ–Ապարան, Աշտարակ–Թալին և Վայք–Սիսիան, Գորիս–Սիսիան ավտոճանապարհները:

Փակ են Բերդ–Ճամբարակ, Սոթք–Քարվաճառ, Լանջիկ–Թալին, Ապարան–Սպիտակ, Ալագյազ–Արթիկ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: 

Հանրապետության տարածքում տեղ–տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:

Վարորդներինխորհուրդէտրվումվերընշված ավտոճանապարհներով երթևեկելմիայնխիստանհրաժեշտությանդեպքում` ձմեռայինանվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 Անկախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին ահազանգում է

ցրտահարությունՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել մեր մասնագետները, ցավոք արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, նախորդ գիշեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար:

Անցած երկու օրերի ընթացքում, անսալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների հորդորներին ու խորհուրդներին և հենվելով սեփական փորձի վրա, հանրապետության ողջ տարածքում գյուղացիական տնտեսությունները հանգամանորեն նախապատրաստվում էին այգիների ծխահարման և ոռոգման, ինչպես նաև ավանդական մյուս միջոցներով, սպասվող վտանգը դիմագրավելուն: Այդ և նախարարության պատասխանատուների ու մասնագետների կողմից տեղերում անընդմեջ իրականացվող հերթապահությունը հույս էին ներշնչում, որ ձեռնարկված քայլերը հնարավորություն կտան ըստ ամենայնի խուսափել բերքի կորստից:

Ցավոք, ջերմաստիճանի կտրուկ անկումն այս անգամ անսպասելիորեն զուգորդվեց հզոր ցիկլոնի, կարկուտի, ձյան առատ տեղումների և քամու ուժեղ պոռթկումների հետ:

Այսօր և առաջիկա երկու օրերին, հատկապես գիշերային ժամերին, ցածր ջերմաստիճանային ֆոնը ըստ «Հայհիդրոմետ»-ի կպահպանվի: Առաջիկա գիշերը սպասվում է – 40C,  մայիսի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արարատյան դաշտում` օդում -50C –  -60C աստիճան ցուրտ: Ուստի հանրապետության ողջ տարածքում, հատկապես Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ծիրանենու և մյուս կորիզավոր պտղատեսակների բերքի կորուստների վտանգը դեռևս պահպանվում է:

Կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս անհնար է տրամադրել: Առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:

Այս պահին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:

Անկախ

Միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է

ավտոճանապարհներ,դժվարանցանելիՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն,    ուժեղ     քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն:

Փակ են Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի, Վանաձոր – Ալավերդի ( 59-րդ կմ-ում՝ փլվածքի պատճառով), Բերդ – Ճամբարակ, Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածները  և Թուխ Մանուկի (Քյարքի) ու Վարդենյաց լեռնանցքները:

Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է:

Խորհուրդ է տրվում  երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:

 

Անկախ