Քարաթափում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

ՔարաթափումՄարտի 29-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, մոտակա ժայռից քարեր են պոկվել և թափվել ցած` ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սպիտակ – Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով փակվել էր ճանապարհից մոտ 10 մ հատված:

Հրշեջ-փրկարարների և «Սպիտակի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ճանապարհահատվածը մաքրվել է:

 Անկախ

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից դեպի արևելք

երկրաշարժՄարտի 28-ին, ժամը 18.55-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 18.42-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սևան քաղաքից 18 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2,6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.52օ և արևելյան երկայնության 45.16օ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Անկախ

Ծագող արևի երկրի հայ դեսպանը մեկնեց, բայց «չհեռացավ» Հայաստանից ու հայերից

ճապոնացի«Ինչո՞ւ այս մարդիկ իրենց հայրենիքում չեն ապրում»,- աշխարհասփյուռ հայության մասին ճապոնացի Դայսակու Վատանաբեի այս հռետորական հարցը դարձավ հայագիտությանը նվիրվելու, հայերենն ուսումնասիրելու գլխավոր պատճառը: Տոկիոյի համալսարանի ուսանողը հաճախ է շրջագայությունների մեկնում:
– Ուր գնացել եմ, հայերի եմ հանդիպել, մշտապես զարմացել, թե ինչու են նրանք ապրում այլ երկրներում: Նրանք ինձ պատմել են 1915-ի դեպքերի մասին, ցեղասպանության պատմությունները պարզապես ցնցել են: Ես հասկացա հայկական սփյուռքի առաջացման պատճառը: Առաջին անգամ Հայաստան այցելեցի 2002-ին, այն ժամանակ` որպես զբոսաշրջիկ, երբ վերադարձա, զգացի, որ մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու այս փոքրիկ երկիրը կարոտում եմ: Եվ ահա եկա հստակ նպատակով` սովորել աշխարհի հնագույն լեզուներից մեկը` ոսկեղենիկ հայերենը: Ես գիտեմ մի քանի լեզուներ` դե իհարկե իմ մայրենին` ճապոներեն, անգլերեն, թուրքերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, մի քիչ ֆրանսերեն, ըստ էության բոլոր լեզուներն եմ սիրում, բայց հայերենը հարազատ է, հասկանո՞ւմ եք: Տառերը շատ գեղեցիկ են, մաշտոցյան այբուբենը ինքնատիպ է, հնչյունական համակարգի մասին էլ խոսք չկա, քիչ լեզուներ կան, որտեղ ամեն մի տառ իր հնչյունն ունի, սա մեծ հարստություն է»,- խոստովանում է Դայսակուն:

10153342_719339191422006_1418604541_n2011-ին, երբ Վենետիկում հանդիպեցի Դայսակուին, ապշել էի նրա` հայերի ու հայերենի մասին գիտելիքի պաշարից: Նա մասնակցում էր հայագետ, Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Լևոն Զեքիյանի հայոց լեզվի և մշակույթի ամառային խտացյալ դասընթացին` սովորելով արևմտահայերեն և ուսումնասիրելով համահայկական պատմությունն ու մշակույթը: Սուրբ Ղազար կղզում` Մխիթար Սեբաստացու արձանի մոտ Դայսակու Վատանաբեի լուսանկարը հայկականության հանդեպ Դայսակու սիրո խտացումն է: Գիտելիքները խորացնելու նպատակով նա 2011-ի հոկտեմբերին երկու տարի ժամկետով եկավ Երևան, ընդունվեց ԵՊՀ նախապատրաստական բաժին` առաջին հերթին կատարելագործելու լեզուն, ապա նոր նյութեր հավաքելու գիտական թեզ պաշտպանելու համար:
– Եղել եմ Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում, Ֆրանսիայում… Սփյուռք երևույթն ինձ համար անչափ հետաքրքիր է: Դիսերտացիայիս նյութերը հավաքելու նպատակով ես Հայաստանից մեկնեցի նաև Իրան` ուսումնասիրելու տեղի պարբերականները, մամուլը, որտեղ արտացոլված է իրանահայերի պատմությունը,-ասում է Դայսակուն:
Իրանցիների և իրանահայերի հարաբերությունները նրա դիսերտացիայի թեման են: Որոշակի առումով նաև քաղաքական հարցեր է շոշափում:

– Չգիտեմ, դեռևս շատ գործ կա կատարելու, պատասխանատու աշխատանք է, կա՛մ Եվրոպայի երկրներից մեկում, կա՛մ Ճապոնիայում պետք է պաշտպանեմ ավարտական թեզս:
Ճապոնացի երիտասարդի Հայաստանում անցկացրած օրերը չափազանց հագեցած էին, լեցուն ոչ միայն համալսարանական ու կրթական ծրագրերի մասնակցությամբ:
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենում կատարողական բարձր արվեստով, երաժշտությունը մոտեցնելով հանդիսատեսից յուրաքանչյուրի սրտին ու հոգուն. սա Դայսակուի գնահատականն է: Նա բաց չի թողել երևանյան որևէ դասական համերգ ու մշակութային իրադարձություն, լսում է Բաբաջանյան, Խաչատրյան, Հախվերդյան… Երևանի ճապոնացի բնակիչը հայաստանյան մշակութային օջախների սպասված հյուրն է, գրավաճառների ամենահետաքրքիր հաճախորդը, տաքսու վարորդների բարեկիրթ ուղևորը:

10151562_720131744676084_1963056756_n– Առաջին հայերեն գիրքը, որ կարդացի, Րաֆֆու «Խենթն» էր, շատ դժվարությամբ հաղթահարեցի, քանի որ հայերենս այնքան էլ լավ չէր: Երբ ավելի խորությամբ կարդացի Րաֆֆի, ինձ դուր եկավ «Պարույր Հայկազնը»: Հիմա ժամանակս ավելի շատ տրամադրում եմ մասնագիտական գրականության ընթերցանությանը:
Դայսակուն Հայաստանից երկու հարյուրից ավելի կտոր գիրք է իր հետ տանում` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Լեոյի «Հայոց պատմությունը», Իսահակյան, Թումանյան, Դեմիրճյան, Շիրազ, Չարենց, Վարուժան, Րաֆֆի, Ռոմանոս Մելիքյան, Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ռաֆայել Իշխանյան…
– Տեղ չկա, մի մասը փոստով եմ ուղարկել, մի մասն ինձ հետ վերցրել, մի մասն էլ թողնում եմ, որ երբ էլի գամ, տանեմ Տոկիո:
ԴայսակուՎատանաբեն ուսումնասիրում է ոչ միայն արևելահայերենն ու արևմտահայերենը, այլև գրաբարը, և ամենաուշագրավն այն է, որ հայերենի բոլոր դրսևորումներն ու նաև բարբառները սովորում է ոչ թե մեխանիկորեն, այլ զգալով հայերենի հմայքը, Նարեկը թերթելիս չթաքցնելով հիացմուքը`ի՜նչ ճոխ է, չէ՞:
Այս երկուսուկես տարում Դայսակուն հաճախեց դաշնամուրի, ռուսերենի մասնավոր պարապմունքների, հայ հնագետների հետ մասնակցեց պեղումների, այցելեց Հայաստանի պատմամշակութային վայրեր, Արցախ:
– Ճապոնիայում, ցավոք, հայերի մասին շատ բան չգիտեն, բայց գիտեն Անաստաս Միկոյանին, Արամ Խաչատրյանին, Փարաջանովին, Այվազովսկուն և իհարկե Լևոն Արոնյանին: Հայաստանում սովորելու գումարը ճապոնացի երիտասարդին փոխանցել է Տոկիոյի մասնավոր հիմնադրամներից մեկը: Երևանյան օրերին Դայսակուն նաև զբաղվել է թարգմանությամբ` անգլերենից ճապոներեն թարգմանելով Ջորջ Բուռնությանի «Concise history of Armenian people» գիրքը: Ճապոնացի երիտասարդը նշում է, որ հայագետի բարձր տիտղոսին հասնելու համար դեռ ճանապարհ ունի անցնելու: Նրա ցանկությունն է, որ իրանահայերի վերաբերյալ գիտական հետազոտությունն ավարտելուց հետո կզբաղվի այլ երկրներում հայկական սփյուռքի ուսումնասիրությամբ: Նպատակներից մեկն էլ Տոկիոյի պետական համալսարանում հայագիտության ամբիոնի հիմնումն է: Ճապոնական հիերոգլիֆներից հետո մեծ խանդավառությամբ հայերենը սերտած ճապոնացի Դայսակուն ընդգծում է, որ հայերի ու ճապոնացիների գլխավոր ընդհանրությունը ամաչելու հատկությունն է:
– Չեմ կարող ասել` ինչից ենք ամաչում, բայց այդ առանձնահատկությունը նկատել եմ: Հայերը շատ բարի են, հյուրընկալ: Ինչ վերաբերում է կարոտի զգացումին, ապա մենք ևս կարոտում ենք, պարզապես կարողանում ենք զգացմունքները թաքցնել, ավելի սառը վերաբերմունք ցուցաբերել:

Հիմա արդեն Դայսակուն կես կատակ խոստովանում է` կիմանոյով ճապոնահայ եմ: Մոլորակի գերզարգացած երկրներից մեկի` Ճապոնիայի բնակիչը նախընտրում է Հայաստանի նման փոքրիկ երկիրը, որտեղ հանգիստ է, չկա մեգապոլիսին բնորոշ աղմուկն ու կյանքի ռիթմը: Նա մեկնեց` խոստանալով վերադառնալ հունիսին:

10153619_719984091357516_1110262873_nՄինչ այդ մեկ հարցոմ ակնկալելով ընթերցողների օգնությունը` փնտրել ու գտնել Երևանից գնած ժամացույցի հասցեատիրոջը: Դայսակու Վատանաբեն շատ է սիրում հնագույն, հատկապես խորհրդային ժամանակների իրեր: Վերնիսաժից գնած ձեռքի ժամացույցը նրա ամենասիրելի իրն էր, բայց հիմա նա փնտրում է ժամացույցի տիրոջը: Ժամացույցի վրա գրված է` «Լուսիկից` Գուրգենին, ծննդյան 40-ամյակի առիթով»:
– Եթե նրանք ողջ են, ես կցանկանամ վերադարձնել ժամացույցը, առանց որևէ գումարի, երևի կարիքից դրդված են վաճառել: Չէ՞ որ դա նրանց համար թանկ ու հիշարժան իր է…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ճգնաժամային տեղեկատվություն

Շահան ԳանտահարյանՀալեպից  ու Դամասկոսից մինչեւ Ղրիմ, անցնելով Իրաքից եւ Եգիպտոսից վերադառնալու համար Քեսապ, ապահովական ցնցումներն ու նրանց զուգակցված քաղաքական իրադարձությունները մեկնաբանելը հայկական լրատվական ոսպնյակների համար հավելյալ ճիգ, կենտրոնացում, մաքրազտման մեքենականություն եւ արհեստավարժ համապատասխան աշխատանք է պահանջում:

Ոչ միայն այն պարզ պատճառով, որ այս թեժ կետերը առնչված են նաեւ հայկական գործոնի հետ. կամ էլ այն բնական մղման բացատրությամբ, որ այնտեղ կան հայկական համայնքներ:

Քաղաքագիտական  անառարկելի տեսություն է, որ պատերազմներին ընկերակցում է  տեղեկատվականը եւ հատուկ ծառայությունները լրատվականների հետևում կանգնած ղեկավարում են այդ ոլորտի պատերազմը:  Այս տեսությունը միայն պատերազմների դեպքում չէ, ընդհանուր հասկացություն է. պարզապես թեժացումը բնականաբար արձանագրվում է լարված իրավիճակների կամ ռազմական ընդհարումների ընթացքում:

Հայկական կողմի համար ճգնաժամային տեղեկատվությունը անպայման նկատի պիտի ունենա բազմագործոնային հանգամանքներ: Նախ այն իհարկե, որ պիտի սահմանազատի քարոզչականը լրատվականից: Անկախ մամուլ հասկացությունը այսօր հեքիաթային բնութագիր ունի, եւ որեւէ լրատվամիջոց իր առջեւ գերխնդիր չի դրել միայն ճշմարիտը, զուտ առարկայականը ընթերցող լսարանին հասանելի դարձնելու հրամայականը: Սա բացառապես տեսություն է, որը որեւէ առարկայացում չի գտնում որեւէ միջավայրում: Խնդիրը ուրեմն հնարավոր առարկայականությունը պահելու հմտությունում է կայանում: Քարոզչական հզոր մեքենաների արտադրանքների ուղղվածությունը հասկանալու, քարոզչական թիրախն ըմբռնելու եւ ըստ այդմ լուրի վերարտադրման չափը ճշտելու եւ տալու: Հաճախ այնքան համատարած տարողություն է ստանում այդ արտադրանքի լրագրական շուկայացումը, որ դժվար է թվում շուկայի ճշտած օրինաչափությունից հեռու մնալու փորձությունը հաղթահարելը: Այսպես է, որ Սիրիայի դեպքերի լուսաբանման խաղի կանոնները, հաճախ ճշտված Արեւմուտքից, երբեմն Ռուսաստանից, գրավում են տեղեկատվական տարածքները:

Այս թոհուբոհում պատահում է, որ լրատվական կողմնակի թիրախի է վերածվում հայությունը: Ընդհանրապես խուճապային իրավիճակների մատնելու նպատակ հետապնդող ապատեղեկատվությունները տարբեր աղբյուրներ ունեն: Երբեմն անորոշ կայքեր  են մեջբերվում, այլ դեպքերում հղում է կատարվում տվյալ լրատվամիջոցին, որի սկզբնաղբյուրն ու պատկանելիությունը անհստակ լինելով ոլորապտույտի մեջ են թողնում լուրի վավերականությունը ստուգել փորձող մամուլի որեւէ ներկայացուցչին: Մինչ այդ, սակայն, լուրը կրկնօրինակվում է, պատճենահանվում է, երբեմն  համեմվում ցանկալի մեկնաբանություններով եւ  շրջանառությունը բազմապատկվում: Բացառված չէ այս դեպքերում, որ շրջանառության մեջ դնող ու անմիջապես անհայտացող լրատվամիջոցը մեր հակառակորդների ուղղակի կամ անուղղակի ներշնչումը ունեցած լինի:

Նման օրինակները բազմաթիվ են: Ճգնաժամային տեղեկատվությունը հատկապես հայկական լրատվամիջոցների համար արագ ու զգայացունց լինելու մղումներով պետք չէ հատկանշվի: Այստեղ կա իրավիճակին տեր կանգնելու, խուճապային տրամադրությունների ստեղծման առաջն առնելու, զուսպ ու հավասարակշիռ մոտեցման վարքագիծը որդեգրելու եւ մանավանդ արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին անվտանգությունը գերադասելու անհրաժեշտությունը:

Հայկական ճգնաժամային տեղեկատվությունը ինքնակազմակերպվելու, աշխատակարգ ճշտելու անմիջական անհրաժեշտության առջեւ է: Աշխարհաքաղաքական իրադարձությունները հուշում են, որ Ղրիմից մինչեւ Քեսապ եւ դեռեվս այլ հայաշատ միջավայրեր հայկական գործոնի հետ առնչված լրատվություններ ներկայացնելու եւ մեկնաբանելու նուրբ խնդիր ունի հայ տեղեկատվադաշտը  երկար ժամանակ: Մինչ այդ հայության հետ կապված որեւէ լուրի վավերականությունն ու ճշմարտացիությունը ստուգելու համար բացառապես պետք է հենվել տեղի հայկական պաշտոնական լրահոսի փոխանցած տեղեկատվության վրա` այնտեղ նկատելու համար ճշտված շեշտադրումները, տարողություններն ու չափերը: Ամպագոռգոռությունից, զգացականությունից եւ մանավանդ քարոզչական առավելություններ շահելու փորձություններից հեռու մնալը այս դեպքում ոչ միայն լրագրական օրինաչափություն է, այլ նաեւ անվտանգության հետ կապված լրջագույն խնդիր:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Այս պահին լարված իրավիճակ է հյուսիսարևելյան սահմանին

չինարիԱյս պահին լարված իրավիճակ է հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամից ավելի է, հակառակորդը դարձյալ սկսել է գնդակոծել Տավուշի մարզի Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը: Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին տեղեկացրել է, որ գյուղում լարված իրավիճակ է: Կրակահերթը հասել է դպրոցի թաղամաս: Գնդակներից մեկը ներխուժել է տներից մեկը, որտեղ գտնվել են երկու անչափահաս երեխաներ և նրանց հղի մայրը: ՙՙՉգիտեմ` ինչ անեմ, էնպիսի իրավիճակ ա, չեմ կարողանում դուրս գամ, մեքենայով գնամ, հանկարծ վախից էդ հարսին բան չպատահի՚՚,-ասել է Չինարիի գյուղապետը: Մովսես գյուղի բնակիչ Անուշ Անտոնյանն էլ Անկախին ասել է, որ գյուղի ուղղությամբ ուժեղ կրակոցներ են, գնդակները կոտրել են տան պատուհաններ, վնասել տանքիները, պատերը, անգամ դռներն ու մտել տներից ներս: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, կորուստները միայն նյութական են:

Անկախ

Վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին

 բնապահպանական ոլորտի մասնագետներինՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանին, «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի և «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնի նախագահ Ալեն Ամիրխանյանին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու ս.թ. մարտի 25-26-ը Երևանում կայացած պատասխանատու հանքարդյունաբերության համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները:

Տեղի է ունեցել կառուցողական և արդյունավետ երկխոսություն, որի շրջանակում արծարծվել են կոնֆերանսում հնչեցված հրատապ հարցերը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է և պատրաստ համատեղ քննարկել ոլորտին վերաբերող բոլոր հարցերը: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը նվիրված համաժողովը հաջողվել է, և ողջունելի համարվել երկխոսության նման ձևաչափի ձևավորումը:
Բնապահպանական ոլորտի մասնագետները վարչապետին ներկայացրել են բնապահպան ակտիվիստների հարցադրումները և առաջարկությունները: Լսելով դրանք՝ ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկել է ձևավորել ըստ առաջնահերթության հարցերի օրակարգ և քննարկել դրանք ՀՀ կառավարություն-հասարակական կազմակերպություններ ձևաչափով: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ բնապահպանները կներկայացնեն բարձրացվող հարցերի օրակարգը և կառաջարկեն քննարկման՝ իրենց համար ընդունելի ձևաչափ:

 

Հունվարյան գիշերվա գողությունը բացահայտվեց

ձերբակալությունՄարտի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1995 թ. ծնված Արթուր Դ.-ն հունվարի 31-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ գտնվող ցանկապատի վրայով ցատկելով` մտել է թիվ 57 երթուղային ավտոբուսի վերջնակետի կայանատեղի ու այնտեղ կայանված «Բոգդան» մակնիշի ավտոբուսի բաց պատուհանից մտնելով սրահ, գողացել գումար և վարորդի բջջային հեռախոսը:
Մարտի 27-ին, ժամը 21.00-ին, Արթուր Դ.-ն հրավիրվել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Օրը ցերեկով բնակարանից սառնարան է գողացել

սառնարանՄարտի 27-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրիի Սպարտակի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ին:
Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, հյուրասենյակի պատուհանի երկաթյա ճաղավանդակը պոկելով` Ժորա Կ.-ի տնից գողացել է սառնարան:
Գողոնը հայտնաբերվել է:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

դանակՄարտի 26-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Սևակ Մ.-ն` հայտնելով, որ վայր է ընկել:
Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է մարտի 25-ի գիշերը, Կոշ գյուղի տարածքում, մի խումբ անծանոթ անձանց հետ վիճաբանության ժամանակ` վերջիններիս կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Զորիկ Ղ.-ն` հայտնելով, որ Սևակ Մ.-ին ծալովի դանակով ինքն է հարվածել, որից հետո դանակը նետել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Անկախ

Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում և տեղումեր

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնում են, որ մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -4 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:
Հանրապետության տարածքում՝Մարտի 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան 5-10մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-ին կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝
Մարտի 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ:Մարտի 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առաց տեղումների եղանակ:

Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ արագությամբ:

Երևանի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան 22.60C (1991 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -6.70C (2003 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 9.60C

 Անկախ

Ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը

001Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել օրակարգային 3 հարց:

Մասնավորապես ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը: Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ տեղեկագիրը կազմվել է միջազգային  նմանօրինակ տեղեկագրերի հիման վրա, և նյութը մատուցվում է հնավորին մատչելի ձևով: Վերջնական տեսքով բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը  հասանելի կլինի յուրաքանչյուր բնակչի:

Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անրաժեշտությունը՝  ՀՀ պետական բյուջեից  կատարվող մասնհանումների մասով:

Քննարկվել է նաև  Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի եռամսակային հաշվետվության վերաբերյալ առաջարկների ներկայացման ձևաչափը:

Նիստի շրջանակում խորհրդի անդամները յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արցախում անցկացվեց ՙԿենգուրու՚-2014-ը

ՙԿենգուրու՚-2014Մարտի 27-ը ՙԿենգուրու՚-2014-ի օրն էր: Դպրոցական  մաթեմատիկական  այս մրցույթն  ամբողջ աշխարհում անցկացվում է  մարտի  վերջին հինգշաբթի օրը: Արդեն 6-րդ տարին Հայաստանում և 5-րդ տարին Արցախում ՙԱյբ՚ կրթական հիմնադրամը  կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական մրցույթը: Շուրջ 44200 աշակերտ է մասնակցել ՙԿենգուրու՚-2014-ին, որոնցից 1980-ը` Արցախից:

ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանի տեղեկատվությամբ՝ այս տարի շուրջ 200-ով ավելացել է արցախցի մասնակիցների թիվը, նաև աշխարհագրությունն է ընդլայնվել: Մասնակիցների կեսը մայրաքաղաքի դպրոցականներ են, մյուս մասը` շրջաններից:

Մասնակցել են 3-12-րդ դասարանների երեխաները` հինգ տարիքային խմբերում: Մասնակիցների մեծ խտությունը 3-րդ-6-րդ դասարաններում էր: Ինչպես նախատեսված է մրցույթի կանոնակարգով, բոլորին բաժանվել են փոքրիկ հուշանվերներ:

Մասնակիցների լրացրած պատասխանի թերթիկները ստուգվելու են ՙԱյբ՚ հիմնադրամում` համակարգչային հատուկ ծրագրի  օգնությամբ: Մեկ ամսից մրցույթի խնդիրներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն համապատասխան կայքերում:  Յուրաքանչյուր դպրոց մայիսի առաջին կեսին կստանա հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին: Իսկ նույն ամսվա վերջն Ստեփանակերտում տեղի կունենա արդյունքների ամփոփում և մրցանակաբաշխություն:

Լավագույն արդյունքներ ցույց տվածները կարժանան պատվոգրի և մրցանակների: Իսկ հաղթողները ստանում են գլխավոր մրցանակը` արժեքավոր նվեր կամ ՙԿենգուրու առանց սահմանների՚ միջազգային ասոցիացիայի անդամ որևէ եվրոպական  երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր: Նշենք, որ անցած տարիներին հաղթողները եղել են ՀՀ-ից:

Ավելացնենք, որ երեխաները կարող են ինքնուրույն պարապել և զարգացնել իրենց մաթեմատիկական ունակությունները` ձեռքի տակ ունենալով ՙԿենգուրուի՚ խնդրագրքերը, որոնք ներառում են 2008-2012թթ. խնդիրներն իրենց լուծումներով:

 

Լաուրա Գրիգորյան

Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է հաղթողներին

002Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Օլիմպիադայի երևանյան մասնակիցներին շնորհավորել և պարգևներ է հանձնել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի համար 2 ավագ դպրոցի թիմը, ում և հանդիսավորությամբ ոսկե մեդալներն ու հաղթական գավաթը հանձնել է անձամբ քաղաքապետը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրած  Երևանի 119 ավագ և 187 հիմնական դպրոցների թիմերին էլ պարգևներ են հանձնել ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ Սմբատ Լպուտյանն ու ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը: Շախմատի 8-րդ օլիմպիադայի ներդպրոցական փուլին ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 6000, իսկ համայնքային փուլին՝ 204 կրթական հաստատությունների 816 դպրոցականներ: Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն ավանդույթի համաձայն այս տարի ևս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում: Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթող թիմն առաջիկայում կմրցի Հայաստանի մարզերի լավագույն թիմերի հետ՝ հաղթողի կոչմանն արժանանալու համար: Հանդիսավոր արարողությունից հետո Երևանի քաղաքապետը մտերմիկ մթնոլորտում շփվել է աշակերտների և մարզիչների հետ, մաղթել նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ Երևանի շախմատի ֆեդերացիան, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը միշտ նրանց կողքին են լինելու և պատրաստ են անել հնարավորը՝ երևանյան մարզիկների հաջողություններն ամրապնդելու և նորանոր բարձունքների հասնելուն աջակցելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները

9ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` մարտի 24-ից 27-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

Ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում օպերատիվ շտաբների սպաների գիտելիքների և ունակությունների բարձրացմանն ու կատարելագործմանը միտված հավաքին ներգրավված էին ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների և զորամասերի հրամանատարներ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ և ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարական կազմը:

Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը և Ալիկ Միրզաբեկյանը:

Դասախոսությունները վերաբերել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանը, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին, ռազմավարական զարգացման խնդիրներին, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներին ու պաշտպանական բարեփոխումների ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացմանը, ԶՈւ հրամանատարական կազմի և զինվորական իրավապահ մարմինների համագործակցությանը, այլ թեմաների:

Օպերատիվ հավաքն ուղեկցվել է կլոր սեղան-քննարկումներով, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Հավաքի շրջանակում ձևավորվել են նաև միասնական տեսակետներ, պատկերացումներ ու մոտեցումներ զորքերը մարտական պատրաստության բարձր աստիճանի բերելու, ծավալելու, հիմնավորված որոշումներ ընդունելու, մարտական գործողություններ պլանավորելու, ուսուցումն ու դաստիարակչական աշխատանքները կազմակերպելու գործում:

Մարտի 25-ին օպերատիվ հավաքին ներգրավված անձնակազմը եղել է ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում: Օպերատիվ հավաքի անցկացման պլանի համաձայն, հավաքի մասնակիցների հետ, ըստ մասնագիտական խմբերի և ենթախմբերի, անցկացվել են գործնական և ցուցադրական  պարապմունքներ, կրակային պատրաստության վարժանքներ: Ցուցադրական պարապմունքների շրջանակում հավաքի մասնակիցները  ծանոթացել են հատուկ սպառազինության,  ռազմական տեխնիկայի, կապի ժամանակակից միջոցների մի շարք նմուշների, դրանց կիրառման և գործարկման ձևերին ու հնարավորություններին:

Զորավարժարանում տեղի է ունեցել նաև «Ականանետային մարտկոցով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակի գործողությունները  մոտոհրաձգային գնդի պաշտպանական մարտում» թեմայով վարժանք` մարտական հրաձգությամբ:

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքներն ամփոփվել են մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում:

Իր զեկույցում ներկայացնելով արձանագրված արդյունքներն ու մատնանշելով հավաքի առավել ակտիվ մասնակիցներին` ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կատարված աշխատանքը:

Ամփոփիչ խոսքում, կարևորելով օպերատիվ հավաքի ընթացքում անցկացված բազմաբովանդակ և պատշաճ կազմակերպված միջոցառումները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ ամենամյա հավաքներին ներգրավվող անձնակազմը տարեցտարի առավել ակտիվ մասնակցություն և պատրաստվածություն է ցուցաբերում:

Ամփոփման ավարտին հավաքի ընթացքում առավել աչքի ընկած մասնակիցներն արժանացել են խրախուսական  պարգևների:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 50 հազար եվրո է ուղղել Քեսաբի հայության կարիքներին

ՙ"Հայաստան"հիմնադրամՍիրիահայության աջակցության շրջանակներում Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով 50 000 եվրո է ուղղել Սիրիայի Քեսաբի հայության հրատապ խնդիրների լուծմանը:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու համար պետք է անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին». պատասխանող կողմի հայտարարությունը

հակոբ հակոբյանԱյսօր սահմանադրական դատարանում սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա:

Պատասխանող կողմը կուտակային համակարգի ներդրման օգտին նշեց ծնելիության նվազման հանգամանքը: Պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի խոսքով` մեր երկրում ծնելիությունը պակասել է, արտագաղթն ավելացել է,  տնտեսությունը գտնվում է ոչ բարձր զարգացման մակարդակի վրա:

«Առկա միտումները շարունակելու պարագայում` 2025 թվականին մեզ մոտ գրանցվելու է 20 000 ծնունդ: 2050-ին մեզ մոտ տեսականորեն ստացվում է երկու թոշակառու մեկ աշխատող»,- ասաց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ բաշխողական համակարգը չի կարող համեմատության մեջ մտնել կուտակային համակարգի հետ և ապահովել արժանապատիվ կենսաթոշակի վճարում:

Ըստ Հակոբ Հակոբյանի` արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու համար պետք է անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելով` մենք լուծում ենք երկու խնդիր, նախ ուղիղ կապ ենք ստեղծում կենսաթոշակի և աշխատանքային տարիներին վաստակածի միջև, ապա բարձրացնում կենսաթոշակի փոխհատուցման գործակիցը: Մեր հաշվարկներով` վերջում մենք կկարողանանք ապահովել 40-50 տոկոս փոխհատուցման գործակից»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

 

Տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը

դատարան«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահն ու որոշ անդամներ հարցեր ուղղեցին դիմող կողմին:

ՍԴ նախագահն առաջին հարցով շոշափեց սեփականության իրավունքի խնդիրը, որտեղ դիմող կողմը շեշտադրել է Սահմանադրության 31-43 հոդվածները: «Հիմնականում շեշտադրում կատարվեց օրենքի 5, 7, 13 հոդվածների վրա: Օրենքի 76-րդ հոդվածում այս իրավահարաբերությունների շրջանակներում սեփականության տիրապետման, տնօրինման օգտագործման իրավունքի սահմանափակում է նախատեսվում, ընդ որում դա նախատեսվում է իրականացնել վարչական ակտի միջոցով: Դուք այս նյութին չանդրադարձաք: Պարզապես չցանկացա՞ք դա շոշափել, թե այնքան ակնհայտ էր, որ ավելորդ համարեցիք դրան անդրադառնալ»,- հարցրեց ՍԴ Նախագահը:

Հարցին ի պատասխան, դիմող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ հոդվածը փոխկապակցված է, և հանգամանքը շատ ակնհայտ է: «Վարչական ակտով միջամտություն չի կարող լինել սեփականության իրավունքի նկատմամբ, դա կարող է արվել բացառապես դատական կարգով, որպեսզի համապատասխանի Սահմանադրությանը: Այն ձևակերպումը, որն առկա է 76-րդ հոդվածում, հակասում է Սահմանադրության հոդվածներին, հակասում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Հաջորդ հարցով Գագիկ Հարությունյանը նկատեց, որ դիմող կողմն ուսումնասիրել է միջազգային փորձը:

Ձեր ուսումնասիրման ընթացքում հանդիպե՞լ եք որևէ երկրի փորձի, որտեղ սոցիալական ապահովության վճարները և հարկերը միավորված լինեն և դրանք դիտարկվեն որպես հարկ հարցին ի պատասխան դիմող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք իսկապես ուսումնասիրել են մեծաթիվ երկրների փորձեր:

«Երկրներ, որտեղ իրավակարգավորման տեսակետից նախատեսված լինի պարտադիր կեսաթոշակային վճար, որը հետո վերածված լինի հարկի, զուտ այն պատճառով, որն այն համապարտադիր բնույթ է կրում, մենք չենք հանդիպել, բայց արձանագրել ենք մեկ կարևոր հանգամանք, որ ի սկզբանե, որպես կենսաթոշակային ապահովության միջոց, գերակշիռ ուղղություն տրված է եղել կամավոր հատկացումներին»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ սոցիալական վճարները, դիտարկված երկրներում ի սկզբանե եղել են օրենքի մակարդակով:

Դիմող կողմին հարցեր հղեցին նաև Սահմանադրական դատարանի այլ անդամներ: Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց, թե որն է հայցի առարկան. նախապես Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի մեջ քննության առարկա է դարձված վիճահարույց օրենքի 8 հոդված, մինչդեռ դատարանում քննության ժամանակ դիմող կողմը կենտրոնացել է պարտադիր բաղադրիչի երեք հոդվածների վրա:  Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հայցի առարկան չի փոխվել, ավելին, դրանում ավելացել են օրենքի որոշ դրույթներ:

ՍԴ մյուս անդամ Կիմ Բալայանը պատգամավորից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է իրենք կողմ լինեն այլ մեխանիզմների կիրառմանը, որը պարտադիր լինի, բայց ասենք եկամտային հաշվից կատարվի գանձումը: Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ ցանկացած մեխանիզմ ներդնելիս պետք է հաշվի առնել հանրության կարծիքը, ինչը պարտադիր կուտակային բաղադրիչի պարագայում հաշվի չի առնվել: Կիմ Բալայանը փորձեց ճշտել`համակարգի ներդրմանը կողմ է, բայց այս կարգով ներդրմանը դե՞մ է: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ պարտադրման այս ձևն ու չափն իրենց համար անընդունելի է:

«Միջազգային հանրության նկատմամբ ծաղր է Թուրքայի ԱԳՆ-ի ցինիկ հայտարարությունը, թե Քեսաբի հայերը կարող են գալ և ապաստանել Թուրքիայի ճամբարներում». թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

80717Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ միջազգային հանրության նկատմամբ ծաղր համարեց Թուրքայի ԱԳՆ-ի ցինիկ հայտարարությունը, թե Քեսաբի հայերը կարող են գալ և ապաստան գտնել Թուրքիայի ճամբարներում:

Թուրքագեն ուրախությամբ փաստեց, որ ի տերբերություն Հալեպում տեղի ունեցած հայաթափման և այդ համայնքի հանդեպ կատարվածի լուսաբանմանը, այս անգամ մեր մամուլը բավականին արագ ու ազդեցիկ արձագանքեց, ինչը տվեց իր արդյունքները: «Թուրքական մամուլի և Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը մեր լրատվամիջոցների աշխատանքի արդյունքում եղավ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բավական ազդեցիկ ելույթ ունեցավ Հաագայում: Քեսաբահայության համար բարոյական մեծ օգնություն էր նաև մեր պատգամավորների այցը, իհարկե, նրանք նաև ֆինանսական ու այլ օգնությունների կարիք ունեն այսօր»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը:

Թուրքագետը փաստեց, որ հայկական մամուլն առաջին աղմուկ բարձրացնողը եղավ Քեսաբի դեպքերի վերբերյալ:

«Տեղի հայերը բարձրաձայնում էին, բայց նրանց ձայնը լսելի չէր: Թուրքիան ցանկանում էր գործել այնպես, ինչպես հարյուր տարի առաջ, ուղղակի հիմա տեխնոլոգիաների զարգացումը, լրատվության արագ և հասու լինելն օգնեց կանխելու անցանկալի հետևանքները»,- ասաց թուրքագետը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների ընթացքին

29.07.2013-bigԱյսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը  սկսվել է մարզերում,ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին:

Արմավիրի մարզում նախարարը  մարզպետ Աշոտ Ղահրամանյանի  հետ մարզպետարանում հանդիպել է  մարզի համայնքապետերին, ներկայացրել իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել  գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները: «Այսօր, ինչքան հնարավոր է, մեր հանդիպումը կարճ կտևի,որովհետև այգիներում,ջերմոցներում և դաշտերում ձեզ ավելի կարևոր և հրատապ աշխատանք է սպասում: Պետք է օգտագործել յուրաքանչյուր պահն ու հնարավորությունը բերքի կորուստներ թույլ չտալու համար: Եվ ինչպես նախորդ տարիներին,այս անգամ նույնպես,մինչև վերջ մենք ձեզ հետ ենք լինելու»,-ասել է նախարարը:

Ճանապարհին նախարարը մտել է Մրգաշատ գյուղի ծիրանի այգիներից մեկը, ծանոթացել ցրտահարության դեմ տարվող միջոցառումներին , որոնցից գոհ է մնացել, և խորհուրդ տվել  այգում գտնվող գյուղացիներին շարունակել աշխատանքը հնարավոր վնասներից խուսափելու համար: «Մեկ-երկու օրվա անքուն գիշերներն անպայման կտան իրենց արդյունքները: Հավատացեք, որ թե’  ես,  թե’ նախարարության ողջ  կազմը, թե՛ մարզպետարանն այդ մի քանի գիշերների ընթացքում ձեզ հետ ենք լինելու»,- նշել է նա:

Այնուհետև նախարարն այցելել է Արարատի մարզ,  մարզպետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ հանդիպել է մարզի համայնքապետերին. հորդորել արդյունավետորեն և  նպատակային օգտագործել վտանգը չեզոքացնելու բոլոր հնարավորությունները: Հիշեցնելով  նախորդ տարիների,մասնավորապես անցյալ տարվա փորձը, երբ մասնագետների խորհուրդներին ժամանակին  և ճիշտ արձագանքելու շնորհիվ, գյուղացիները կարողացան  ոչ միայն հաղթահարել վտանգը,այլև ապահովել վերամշակման և արտահանման աննախադեպ ծավալներ, նախարարը մասնավորապես ասել է. «Երեկ մեր մասնագետների կողմից տարածված հրատապ հաղորդագրությամբ գյուղացիներին առաջարկվող պայքարի միջոցները ավանդական են : Իսկ գյուղացիները մեզանից ավելի  լավ գիտեն, թե ինչը  ինչպես պետք է անել: Մենք միայն պետք է ժամանակին հիշեցնենք այդ մասին, համակարգենք այդ աշխատանքները և հարկ եղած դեպքում ձեռք մեկնենք գյուղացուն»:

Նախարարից բացի, այսօր մարզեր  են այցելել նաև  գյուղատնտեսության նախարարության այլ պատասխանատուներ ու մասնագետներ: Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եղել է Վայոց Ձորում, մյուս տեղակալ Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի մարզում: Մարզպետարաններում  համայնքապետերի հետ կայացած հանդիպումների ընթացքում, նրանք ներկայացրել են իրավիճակը, ծանոթացրել մասնագիտական խորհրդատվությանը:

Մոբիլիզացիոն վիճակը շարունակվել է նաև մյուս մարզերում, ուր ԳԱՄԿ-երի ներկայացուցիչներն ու մասնագետներն  ակտիվորեն տեղեկացրել են սպասվող ցրտահարությունների մասին, տվել մասնագիտական  խորհրդատվություն:

Հանցագործություն օրը ցերեկով՝ Գյումրու կենտրոնում

26 036Մեկ ամսից ավել է, ինչ Գյումրու կենտրոնական հատվածներում՝ տարբեր փողոցներում, կարելի է տեսնել  աղանդավորական այս խմբին՝ ցուցանակի վրա ինչ-որ «սուրբ գրքեր» դրած, որտեղ գրված է՝ վերցրեք անվճար: Մարդիկ գործում են ազատ ու անկաշկանդ, քաղաքի անցուդարձի պիկ ժամերին, ամենամարդաշատ վայրերում՝ բոլորի աչքի առաջ:
Սա կոչվում է հոգեորսություն, որը քրեորեն պատժելի արարք է, սակայն, ինչպես երևում է, ոչ Գյումրու, ոչ էլ Շիրակի մարզի ոստիկանները, չեն նկատում երևույթը:
Խումբը շաբաթներ առաջ հանգրվանել էր ոչ ավել, ոչ պակաս՝ Ռիժկովի ճեմափողոցում, հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա: Տեղի վաճառականներն ասում են՝ նրանց այստեղից պարզապես վռնդեցին: Հիմա հավատքի ջատագովները բնադրել են Սայաթ-Նովա փողոցում՝ մանկական զբոսայգու մուտքի մոտ:
Դժվար է ասել, գյումրեցիները մոտենու՞մ են նրանց «սեղանիկին», օգտվու՞մ՝ հրամցվող տեսականուց, սակայն մի բան պարզ է. աղանդավորները մարդկային որս են սկսել, օգտագործելով ամենախոցող զենքը՝ սոցիալական վիճակը: Այն, ինչ անվճար է, հազարների ուշադրությունն է գրավում ու ակամայից ձգում մարդկանց, մինչդեռ, շատերը մտածում են՝ իսկ հայ եկեղեցում սուրբ գրքերն ու աղոթարանները վաճառվում են:
Հարգելի պատկան մարմիններ՝ ոստիկանություն, դատախազություն, քաղաքապետարան, մարզպետարան, եկեղեցի և մյուսներ, զբաղվեք այս խնդրով, եղեք հետևողական, որ նրանք այդքան ազատություններ չունենան մեր քաղաքում, չտարածվեն ու չայլասերեն գյումրեցիներին, հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերին: