Նպատակ ունենք դարձնել այդ հանրահավաքը ծավալուն շարժում, և հույս ունեմ, որ այն կվերածվի Մայդանի. Հրանտ Բագրատյան

Հրանտ ԲագրատյանՔիչ առաջ ԱԺ հայտարարությունների ժամին Հրանտ Բագրատյանն անդրադարձավ մարտի քսաներկուսին կայանալիք հանրահավաքին ու կուտակային բաղադրիչին առհասարակ: Նրա խոսքում մասնավորապես ասված էր. “Իմ գործընկերները մարտի քսաներկուսին հանրահավաք են հրավիրում Ազատության հրապարակում: Ես միանում եմ նրանց: Նպատակ ունենք դարձնել այդ հանրահավաքը ծավալուն շարժում, և հույս ունեմ, որ այն կվերածվի Մայդանի: Քաղաքական մեծամասնություն, հարյուր անգամ ձեզ բացատրեցինք, բայց չեք հասկանում: Մենք միջինում ապրում ենք 74 տարի: Ստացվում է մեր կուտակած գումարները վերադարձվելու են մեզ ընդամնեը չորս տարի: Ձեր լեզվով ասած՝ սա գինեսի ռեկորդների մակարդակի ախմախություն է: Այսպես չեն կուտակում: Սա ավարտվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականով և նոր պառլամենտական ընտրություններով: Մենք ձեզ խնդրել ենք աղաչել ենք, և հիմա ես վերջին անգամ կոչ եմ անում սթափ նայել այս ամբողջին: Քառասուն տարի փող վերցնել, վեց տարի հետ տալ. այսպես չեն անում”, – եզրափակեց պատգամավորը:

—
Լարա Առաքելյան

Անկախ

Կառավարությունում քննարկվել է 2013 թ. Doing Business-ի իրականացման ընթացքը

Կառավարություն,Doing BusinessՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ 2013 թ. գործարար միջավայրի (Doing Business) բարելավման միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Հարցի առնչությամբ մանրամասներ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ապա պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները: Նրանք, մասնավորապես, զեկուցել են ըստ հաստատված ժամանակացույցի միջոցառումների կատարման ժամկետների երկարաձգման պատճառների մասին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել կլոր-սեղան քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և հանրության լայն շերտերին իրազեկել Doing Business-ի ցուցանիշների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ:
Անկախ

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում մեկնարկած ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում  գրական, երաժշտական  միջոցառում էր կազմակերպվել Երևանի քաղաքապետարանի  ենթակայության Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական  դպրոցում: Հանդիսությանը ներկա է գտնվել նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով, ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով  ներկաներին, նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու է դպրոցներին ու մանկապարտեզներին:  Կրթօջախի սաների ուժերով ֆրանսերեն և հայերեն կազմակերպված  ցերեկույթի ընթացքում անդրադարձ է եղել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, անդամ և համագործակցող երկրներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին ու մշակութային կապերին: Դպրոցի երգչախմբի անդամները կատարել են նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երևանի քաղաքապտարանի ենթակայության ավելի քան 40 դպրոցներում:

Անկախ

«Ղրիմի կոնֆլիկտն անուղղակի ազդեցություն կարող է ունենալ Արցախի հարցի վրա». Արա Պապյան

Արա Պապյան«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով` Հայաստանի վրա կլինեն ճնշումներ Ղրիմը ճանաչելու հորդորով: Ղրիմի կոնֆլիկտը անուղղակի ազդեցություն կարող է ունենալ Արցախի հարցի վրա:

Ինքնորոշման և տարածքային ամբողջականության հակասություն, ըստ Արա Պապյանի, Արցախի հարցում չկա, որովհետև Ղարաբաղը օրինապես չի եղել Ադրբեջանի կազմում: Ղրիմի փոխացումը մի վարչական մասից մյուսին եղել է օրինական ճանապարհով, իսկ Ղարաբաղը կուսակցական որոշմամբ է տրվել մեկից մյուսին:

Անդրադառնալով Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը` քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը կհայտնվի մեկուսացման մեջ, իսկ Հայաստանը, որպես ռազմական գործընկեր կհայտնվի նույն իրավիճակում:

«Ռուսաստանի մեկուսացումն արդեն սկսված է: Ռուսաստանն արդեն դուրս է թողնված շատ կարևոր միություներից: Մեծ ութնյակն արդեն Ռուսաստանին դուրս թողնելու հայտարարություն է արել: Եթե նավթի ու գազի գները միջազգային շուկայում ընկնեն, հայտնի չէ, թե ինչ վիճակում կհայտնվի Ռուսաստանը»,- ասաց Արա Պապյանը:

Անդրադառնալով Արցախի հարցին` քաղաքագետը նկատեց, որ արցախյան հարցի լուծման համար Ադրբեջանը միայն ռազմական ճանապարհ չէ, որ ունի: Նա նպատակ ունի տնտեսական ճնշմամբ  ու արտագաղթի տեմպերի մեծացմամբ հասնել իր ուզածին: «Հիմա մեր առաջնային խնդիրը տնտեսության զարգացումն է, որովհետև մենք պաշտպանության խնդիր չունենք»,-ասաց Արա Պապյանը:

 

Սպասվում են տեղումներ

տեղումներՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից անկախին հայտնում են , որ Հանրապետության տարածքում`Մարտի 12-ին օրվա երկրորդ կեսին, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

14-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 12-14-ը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում՝
Մարտի 12-ին օրվա երկրորդ կեսին, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի մարտի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան    18.10C (1998 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան        -16.30C (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան     4.80C

Անկախ

“Ղրիմում հանրաքվեն կկայանա և, դժվար թե, ինչ-որ բան խանգարի դրա իրականացմանը”. Գագիկ Հարությունյան

Գագիկ Հարությունյան“Նորավանք” գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ղրիմում հանրաքվե անցկացնելու հարցին` նշեց, որ կարծում եմ՝ Ղրիմում հանրաքվեն կկայանա և, դժվար թե, ինչ-որ բան խանգարի դրա իրականացմանը:

Անդրադառնալով Արցախի և Ղրիմի միջև անցկացվող համեմատություններին` Գագիկ Հարությունյանը նշեց, որ, թեև աշխարհի բոլոր տաք կետերը ընդհանրություներ ունեն, բայց նրանց մեջ կան նաև կարևոր տարբերություններ:

“Ղարաբաղի խնդիրն էապես տարբերվում է Ղրիմի խնդրից: Հիշում եմ, թե մեզ մոտ ինչ ոգևորություն կար Կոսովոյի դեպքի հետ կապված, բայց տեսանք` ինչ եղավ”,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Ղրիմում կատարվող իրադարձությունների ֆոնին Մաքսային միությանն անդամակցությանը, օգուտներին ու վնասներին անդրադառնալով`Գագիկ Հարությունյանը նշեց, որ իր կարծիքով` Մաքսային Միությանն անդամակցության հարցում Հայաստանն ամենևին էլ շտապողականություն չի դրսևորել, ամեն ինչ գնում է ըստ պլանի:

“Մաքսային Միությունը մեզ շատ ձեռնտու միություն է, որովհետև դժվար է պատկերացնել տնտեսական և ռազմական ոլորտներն իրարից անջատ: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն էլ մեզ համար կարևոր գործընկեր են և, կարծես թե, մեր իշխանությունները կարողանում են դեռ համատեղման քաղաքականություն վարել: Միևնույն ժամանակ, ադրբեջանական և թուրքական փորձագետներն են ասում, որ Մաքսային Միություն մտնելով` Հայաստանը անհնար դարձրեց ռազմական ճանապարհով Արցախի հարցի լուծումը”,-ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանը պետք է անի այն, ինչ հիմա անում է` լինի բավական զգուշավոր:

Անկախ

 

ԳԵՈՐԳԻ ԳՅՈՒՐՋԻԵՎ

գյուրջիևՀետագայում, գուցե հենց այդ միստիկայով շարժվելով, Գերմանիան ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը սկսեց հունիսի 22-ին, երբ արի հայերը տոնում էին ռազմի աստված Վահագնի փառաբանության տոնը:

Գեորգի Գյուրջիևը ծնվել է Ալեքսանդրապոլում, Տիխայա փողոցի թիվ 35 տանը: Ականատեսները վկայում են, որ նա ծնվել է լայն բացած աչքերով, անձայն, անճիչ:
Ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ. ոմանք ասում են 1866 թ., ոմանք` 1872 թ. կամ 1877 թ.:
Տարիներ անց, երբ նա ԱՄՆ էր մեկնում, սահմանապահ ծառայությունը նրա անձնագրում սխալ հայտնաբերեց. այնտեղ գրված էր հեռավոր ապագայի մի թվական…19… «Միևնույն է, այդպես էլ կա»,- անվրդով ասել է Գյուրջիևը սահմանապահին: Ամեն դեպքում, նրա ծննդյան թվականը ընդունված է համարել 1866 թ. հունվարի 13-ը:
Նրա հայրը Գյումրիում հայտնի գուսան ուստա Ադաշն էր, որ Վրաստանից Գյումրի տեղափոխված քաղկեդոնիկ հայերից էր և գնդակահարվեց թուրքերի կողմից 1918 թ., մայրը` Եվան, գյումրեցի էր:
Ապագա միստիկ փիլիսոփան նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի ծխական եկեղեցուն կից դպրոցում, սովորել է Ավետիք Իսահակյանի հետ: Ապա նրա ուսուցիչը` Գյումրիի ուղղափառ եկեղեցու Բորշ քահանան, նրան ուղարկում է Կարս` ուսումը շարունակելու:
Գյուրջիևը մանկուց ընկերություն էր անում Ավետիք Իսահակյանի հետ և Փարիզում հաճախ էր հյուրընկալում բանաստեղծին:
Գեորգի Գյուրջիևը անբաժան ընկերոջ` Սարգիս Պողոսյանի հետ երկար ժամանակ էր անցկացնում Անիում` ուսումնասիրելով հայկական տաճարների կառուցվածքն ու նրանց խորհրդանշանները:
Դրանից հետո սկսվեց հայոց հին մատյանների ուսումնասիրությունը:
Նա հայոց մատյաններում միստիկ երևույթներ էր որոնում: Եվ ահա մի օր նրա ձեռքն է ընկնում գրաբար հայերենով մի մատյան, որը պատմում է հազարամյակներ առաջ Բաբելոնում գործած մի ընկերակցության մասին: Դա կլանում է Գյուրջիևին: Այլևս նրա կյանքի ուղին նախանշված էր:
Գյուրջիևը սկսեց հին հայկական փիլիսոփայությունից, ապա անցավ Գիլգամեշին, միջագետքյան քաղաքակրթությանը, ապա եվրոպական միստիկ փիլիսոփայությանը:
22 տարեկանում նա ճամփորդեց ողջ Ասիայում` Չինաստան, Տիբեթ, Հնդկաստան, Աֆղանստան, Միջին Ասիա, եղավ բազում խորհրդավոր վայրերում, ուսումնասիրեց շատ կրոններ և ուսմունքներ, այցելեց գաղտնի միաբանություններ, ընկերակցություններ:
Տեղափոխվելով Թիֆլիս` նա ուսումնասիրեց նաև արևելյան փիլիսոփայություն: Աշխատում էր երկաթուղային կայարանում: Սակայն գումարը, միևնույն է, չէր բավականացնում, քանզի ամբողջը տալիս էր գրքերի և փաստաթղթերի ձեռքբերմանը, ճամփորդելուն:
Նա մի քանի գաղտնի ընկերությունների և միաբանությունների անդամ էր: Այնտեղ հանդիպեց նաև իշխան Նիժարաձեին` Իոսիֆ Ստալինին…
Նա Ստալինին սովորեցրեց իր մոգական պարերը, հաղորդակից դարձրեց մոգական երաժշտությանը:

Առաջին դասախոսությունը Գյուրջիևը կարդաց 1912 թ. Պետերբուրգում և Մոսկվայում: Նրա մոտ անսպասելիորեն մեծ լսարան հավաքվեց: Գեորգի Գյուրջիևն արագ ճանաչում և համբավ ստացավ:
1919 թ. Գյուրջիևը Թիֆլիսում հիմնեց Մարդու հարմոնիկ զարգացման ինստիտուտը: Այն կարճ ժամանակում ճանաչում ստացավ, սակայն նույնքան կարճ ժամանակ անց էլ փակվեց: Գյուրջիևը աշակերտների հետ տեղափոխվեց Ֆրանսիա, ուր Ֆոնտենբլոյի մոտակայքում գնեց Ավոն ամրոցը և հաստատվեց այնտեղ: Շատ չանցած` նա աներևակայելի ճանաչում ստացավ: Թեպետ շատերը նրան շառլատան, սուտասան ու խաբեբա էին անվանում, նրա մոտ ողջ Եվրոպայից և ԱՄՆ-ից մարդկանց մեծ հերթեր էին գոյանում:
Նրա ինստիտուտում պարապմունքները մեծ մասամբ բաղկացած էին աշխատանքից և պարերից:
Նրա հյուրերը աշխատում էին. կերակրում խոզերին, մաքրություն պահպանում, հող էին մշակում: Ապա զբաղվում էին միստիկ, մոգական պարերով և բալետով: Գյուրջիևը բալետի համար հատուկ պարային վարժաձևեր մշակեց, որոնց շնորհիվ կատարողները միստիկ շարժումներով հատուկ հոգեվիճակի էին հասնում:
Բնականաբար, հոգևորականները և ոչ միայն նրանք, Գյուրջիևին մեղադրեցին սատանիզմի և կախարդության մեջ: Ոմանք նրան համարում էին սև, ոմանք` սպիտակ մոգության վարպետ: Սակայն, որքան հալածում էին նրան, այնքան ավելի էր աճում նրա` որպես միստիկ փիլիսոփայի հեղինակությունը:
1923 թ. Փարիզի Ելիսեյան դաշտերում տված ներկայացումը իսկական փառք բերեց Գյուրջիևին: Բազմահազար հանդիսատեսներ ժամերով ականատես եղան նրա հիմնադրած արվեստին: Արվեստ, որի ակունքները մարդու հոգեկանից, ներաշխարհից ու նրա տիեզերական կապից էին առաջացել: Գյուրջիևը համաշխարհային ճանաչում ստացավ: Դրան հետևեցին հյուրախաղերը ԱՄՆ-ում:
1949 թ. դեկտեմբերի 29-ին Գյուրջիևը զոհվեց ավտովթարից: Նա շատ արագ էր վարում մեքենան, սակայն շատերը համոզված էին, որ դա պատահական վթար չէր, այլ կանխամտածված սպանություն: Ականատեսները պատմում են, որ թաղման արարողապետը, որ կենդանության օրոք չի ճանաչել Գյուրջիևին, հուզված նրա վեհ և պատկառելի տեսքից, ակամա սկսել է բարձրաձայն հեկեկալ:
Մինչ այդ` 1924 թ., նա դարձյալ վթարի էր ենթարկվել: Սակայն կանխազգացել էր վտանգը: Պատմում են, որ Գյուրջիևն իրեն տարօրինակ էր պահում: Մասնավորապես, մեխանիկներին կարգադրել էր լավ ստուգել մեքենայի սարքինությունը: Բայց և այնպես, հրաժարվել է իր հետ Փարիզից Ֆոնտենբլո հասցնել մադամ դը Գարտմանին, չնայած ինքն էր նրան Փարիզ բերել: Գյուրջիևը պնդեց, որ մադամը գնացքով վերադառնա, իսկ ինքը ճանապարհ ընկավ մեքենայով: Ճակատագրից չես փախչի: Չնայած կանխազգացել է վտանգը, սովորականի պես արագ է վարել մեքենան և կորցնելով կառավարումը` բախվել է ծառին: Վթարի ականատեսները ոստիկանություն և բժիշկ են կանչում: Բոլորը կարծում են, թե Գյուրջիևը մահացել է: Միայն դիահերձարանում է պարզվում, որ նա ողջ է: Մեկ ամիս անց նա ոտքի է կանգնում` տեսողությունը և հիշողությունը կորցրած: Սակայն Գյուրջիևն արագ է ապաքինվում:

1912 թ. Գյուրջիևը այցելել է Մոսկվա, իր ազգականին` Սերգեյ Մերկուրովին: Նա Գյուրջիևին ծանոթացրել է Դավիթ Բեհբութովի հետ, որը տեղական մասոնական օթյակներից մեկի հիմնադիրն էր: Գյուրջիևն ու Բեհբութովն արագ ընկերացան: Նրանք նաև միասին ճամփորդության մեկնեցին Պոլիս, ուր հանդիպումներ ունեցան երիտթուրքերի ղեկավարության հետ:
Պոլսում Գյուրջիևն ու Բեհբութովը ծանոթացան Ռուդոլֆ ֆոն Զեբոտենդորֆի հետ, որը «Տուլեի հանրություն» գաղտնի կազմակերպության հիմնադիրներից էր, որտեղ էլ մշակում էին ապագա գերմանական երրորդ ռեյխի աշխարհայացքը և մտորում իդեալական մարդու կերպար ստեղծելու մասին: Կան վկայություններ անգամ, որ Գյուրջիևը 1920-ական թթ. հիպնոսի մի քանի դասեր է տվել Ադոլֆ Շիկելգլիկեր-Հիտլերին:
Հենց Գյուրջիևի խորհրդով հայկական հավերժախաչը դարձավ գերմանական ռեյխի խորհրդանիշը:
Հետագայում, գուցե հենց այդ միստիկայով շարժվելով, Գերմանիան ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը սկսեց հունիսի 22-ին, երբ արի հայերը տոնում էին ռազմի աստված Վահագնի փառաբանության տոնը:
Ինչևէ, Գեորգի Գյուրջիևն այլևս պատմություն է դարձել, բայց նրա հիմնած դպրոցը կա, կան նաև Գյուրջիևյան սկզբունքները.
ա. Փորձի՛ր հասկանալ երևույթների արմատն այն խորությամբ, ինչը մյուսները համարում են գաղտնի և հանելուկային:
բ. Երբեք մի՛ արա մի գործ միայն նրա համար, որ այն անում են նաև ուրիշները:
գ. Երբեք մի՛ մտածիր և վարվիր այլոց պես:
դ. Վստահի՛ր միայն քո աշխարհայացքին:

Իսկ հիմնական սկզբունքը հետևյալն էր. իմացյալ հավատն ազատություն է,
զգացմունքային հավատը` ստրկություն, մեթոդիկ հավատը` հիմարություն։

 

 

ՄԱԿ-ն աջակցում է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

մակԱյսօր ՄԱԿ-ի գրասենյակում մեկնարկեց Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:  Ցուցադրվել են նկարչուհի՝ Հասմիկ Ավետիսյանի և քանդակագործ՝ Նունե Թումանյանի աշխատանքները:

Արվեստի այս գործերը գրավեցին լրագրողների, արվեստագետների և լայն հանրության ուշադրությունը: Միջոցառման նպատակն է խթանել «Կանանց հավասարությունը բոլորի առաջընթացն է» գաղափարը և շեշտել, թե որքան կարևոր է գենդերային հավասարությունը, կանանց լիազորությունների  ընդլայնումը, մարդու իրավունքներից կանանց լիակատար օգտվելը տնտեսական և սոցիալական զարգացման համար:

Կանանց միջազգային օրը տոնվում  է աշխարհի տարբեր երկրներում: Սա մի հնարավորություն է ճանաչելու նրանց ձեռքբերումները առանց որևէ խտրականության՝ լինի դա ազգային, էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական թե քաղաքական: 1975թ. Կանանց միջազգային տարվա շրջանակներում ՄԱԿ-ը սկսեց նշել Կանանց միջազգային օրը մարտի 8-ին:

Կանանց միջազգային օրվան նվիրված իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար՝ Բան Կի – մունը շեշտեց կանանց հիմնարար դերը. «Այն երկրները, որտեղ գենդերային հավասարությունն ավելի շատ է, գրանցում են առավել մեծ տնտեսական աճ: Այն ընկերությունները, որտեղ կանայք շատ են, ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս: Խաղաղության այն համաձայնագրերը, որոնք ներառում են կանանց, առավել ամուր են: Այն խորհրդարանները, որտեղ կանայք շատ են, առավել շատ օրենսդրական ակտեր են կիրառում այնպիսի հիմնարար սոցիալական հարցերում, ինչպիսիք են՝ առողջությունը, կրթությունը, հակախտրականությունը և աջակցությունը երեխային»:

Մարիա Դոցենկոն` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց. «Ուրախ ենք աջակցել պետության ջանքերին՝ Հաուղղված Հայաստանում գենդերային հավասարության ու կանանց հնարավորությունների ընդլայնման մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելուն: ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից է բոլորի համար հավասար իրավունքների և արժանապատվության ձեռքբերումը: Գենդերային հավասարության խթանումը և կանանց հնարավորությունների ընդլայնումը Հազարամյակի զարգացման նպատակներից երրորդն է, և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուրախ է աջակցել դրանց հասնելու պետության ջանքերին»:
Նկարիչներից մեկը՝ Նունե Թումանյանը հավելեց. «Իմ գործընկերը և ես գնահատում ենք հանրության հետ մեր աշխատանքները կիսելու և հասարակության զարգացման գործում մեր հայ կանանց կարևոր դերը ընդգծելու այս հնարավորությունը: Սա մի առիթ է, երբ կարող ենք բացահայտել կանանց ապագա սերունդների չբացահայտված ներուժն ու հնարավորությունները»:
Նունե Թումանյանը Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի դասախոս է:Նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանի, Ռուսաստանի և Իտալիայի տարբեր քաղաքներում: Այս տարվա հունվարի 27-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքի Արվեստների թանգարանում Women and Art Biennial 2014-ում Հայաստանը ներկայացնող քանդակագործուհին արժանացել է բիենալեի «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն  գործ» միակ մրցանակին: Հասմիկ Ավետիսյանի գործերը  ցուցադրվել են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում: Նրանք երկուսն էլ ճանաչված արվեստագետներ ու ՀՀ Նկարիչների միության անդամ են:

Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի հանրության համար  մինչև 2014թ. ապրիլի 1–ը, երկուշաբթի – ուրբաթ օրերին, ժամը՝ 15:00 -17:00:

2014 թվականի «Արի տուն» ծրագրի շրջանակներում շուրջ 1000 երիտասարդներ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում

արի տունԿառավարության առաջիկա նիստում հավանություն կտրվի Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2014 թվականի «Արի տուն» ծրագրին և միջոցառումների ցանկին:
Ծրագիրը մեկնարկում է 2014 թվականի հունիսին և շարունակվելու է մինչև սեպտեմբեր ամիսը, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջանների 13-18 տարեկան մինչև 1000 երիտասարդներ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում:
Ծրագրի յուրաքանչյուր փուլի տևողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: 2014 թվականի ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-15 և 16-18 տարեկանների համար, բացառությամբ ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով սահմանված դեպքերի:
Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերը ձևավորվելու և Հայաստան են տեղափոխվելու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, համահայկական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների աջակցությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդներն իրենց ճանապարհածախսերը հոգում են սեփական կամ համայնքային կազմակերպությունների և այլ հովանավորների միջոցներով:
Ծրագրի շրջանակներում Սփյուռքի նախարարությանը հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցներով կմշակվի և կիրականացվի միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են երիտասարդների հայաստանյան հասակակիցների հետ շփումներ և հաղորդակցություն, կապերի ստեղծում, էքսկուրսիաներ` պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների դիտումներ, այցելություններ ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ, ուսուցողական դասընթացներ` տարբեր թեմաներով:
Ծրագրի շրջանակներում կապահովվեն նաև միջոցառումների մասնակցության համար անհրաժեշտ փոխադրամիջոցները, մասնակիցների սնունդը, ծրագրային միջոցառումների լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, մասնակիցներին տրամադրվելիք` ծրագրի տարբերանշանով պարագաները, ծրագրին առնչվող անհրաժեշտ տպագիր և էլեկտրոնային նյութերը, ինչպես նաև մասնակիցների սնունդն ու գիշերումը «Արի տուն» ամառային ճամբարում` ծրագրի ճամբարային փուլի իրականացման ընթացքում:
Հյուրընկալող ընտանիքների ընտրությունն իրականացվում է Երևան քաղաքի և երևանամերձ քաղաքային ու գյուղական համայնքների, նրանց կողմից երաշխավորված կրթական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության բարձրագույն և այլ ուսումնական հաստատությունների, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների միջոցով: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց:

Ինքնասպանության փորձը կանխվել է

ինքնասպանությունՄարտի 11-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անհավասարակշիռ վիճակում գտնվող երիտասարդը փորձում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

ՃԿԿ օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցները կանխել են Ղ. Գ.-ի ինքնասպանության փորձը:

Իսակովի պողոտայում 3 մեքենաներ են բախվել

ավտովթարՄարտի 11-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն վենտո» մակնիշի 34 SQ 353 (վարորդ` Ա. Խ.), «Միտցուբիշի պաջերո» մակնիշի 29 US 138 (վարորդ` Մ. Պ.), «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 PF 958 (վարորդ` Հ. Ա.) և «Գրանդ չերոկի» մակնիշի 34 UO 180 (վարորդ` Վ. Ծ.) պետհամարանիշների ավտոմեքենաները:

«Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1949 թ. ծնված  Մ. Տ.-ը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել «Մալաթիա» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

“Եթե նախագահը խնդրին լուծում չտա, անհնազանդություն կսկսվի”. վարորդներ

Տիգրան Հովհաննիսյան“Ավտովարորդների պաշտպանության լիգայի” նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ տեսախցիկներից և արագաչափերից դժգոհ վարորդներն այսօր ՀՀ նախագահին նամակ կուղարկեն՝ խնդրելով ներել մինչ օրս արձանագրված եռապատիկ ու հնգապատիկ տուգանքները: Նրա խոսքով՝ կբողոքեն այնքան, մինչև հարցը լուծում ստանա:

“Խնդրի լուծման կապակցությամբ հանդիպել եմ Ճանապարհային Ոստիկանության պետի, նրա տեղակալների հետ: Բոլորը թեև սրտացավ են մոտենում խնդրին, բայց հարցը լուծում չի ստանում: Այսօր ավտովարորդները հայտնվել են սնանկ վիճակում, կոմունալ վճարները չեն կարողանում անել: Ոստիկանությունը խնդիրն ուղարկում է Ազգային Ժողով, որտեղ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ”,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը ևս խնդրով մտահոգ է, և քաղաքապետի հանձնարարականով լրջորեն աշխատում են Երևան քաղաքի կայանատեղիների ավելացման ուղղությամբ: Անձամբ ինքը Նոր Նորքի և Արաբկիր համայնքներում շուրջ 50 կայանատեղ է նշել:
Տիգրան Հովհաննիսյանը կոչ արեց քաղաքապետարանին շտապողականություն չցուցաբերել խնդրի կապակցությամբ:
“Ոստիկանությունը չի կարող օգնել, դրա համար դիմում ենք ՀՀ նախագահին, որ նա ուղերձով դիմի Ազգային Ժողով` ներելու արձանագրված եռապատիկ և հնգապատիկ տուգանքները: Լուրջ քաղաքականություն պետք է իրականացնել, որ այս ամենը դիտարկվի որպես կարգապահություն, այլ ոչ թե կողոպուտ»,- ասաց բանախոսը:
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` մեծ է նաև խախտումների համար սահմանված գումարը, անգամ ԱՄՆ-ում այնքան չէ, որքան Հայաստանում:
Վարորդները ներկայացրին իրենց խնդիրները, որոնք հիմնականում առնչվում էին կայանատեղիների խնդրին: Նրանք նշեցին, որ 200-300 հազար դրամի ակտեր ունեն, որոնք չեն մուծելու, քանի որ ի վիճակի չեն: Եթե նախագահը խնդրին լուծում չտա, անհնազանդություն կսկսվի: Ժողովրդի գրպանն են թալանում, հերի՛ք է:

Անկախ

“Մաուզեր”` եկեղեցու մոտ

ատրճանակՄարտի 10-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում` եկեղեցու մոտ, մի քաղաքացի զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է “Մաուզեր”տիպի ատրճանակ` փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Երևանյան լճի մոտ մի մարմնավաճառի ծեծի են ենթարկել և գումար պահանջել

մարմնավաճառՄարտի 10-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի մոտ, մի մարմնավաճառի ծեծի են ենթարկել և գումար պահանջել:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 00.25-ին մարմնավաճառին ներկայացրել է բաժին, որտեղ նա հաղորդում է տվել, որ 4 ամիս առաջ ծանոթացել է 4 տղայի ու նրանց հետ շփվող 2 մարմնավաճառների հետ, որոնք առաջարկել են աշխատել իրենց հետ և որոշակի գումար տալ աշխատանքի դիմաց` սպառնալով հրաժարվելու դեպքում դանակով վնասել և թույլ չտալ, որ ինքը Շենգավիթի վարչական տարածքում մարմնավաճառությամբ զբաղվի:
Նախորդ երեկոյան աղջկան էր զանգահարել տղաներից մեկը և պահանջել 40.000 դրամ, սակայն մերժում ստանալով` սպառնացել դանակով խփել, իսկ ժամը 23.00-ին Երևանյան լճի մոտ նրա վրա են հարձակվել հիշյալ տղաներն ու 2 մարմնավաճառները և ծեծի ենթարկել: Ժամը 02.25-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ “գանգուղեղային տրավմա” ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիշյալ աղջիկը և հայտնել, որ Երևանյան լճի մոտ իրեն ծեծի են ենթարկել:
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժին:

 Անկախ

Ավազակային հարձակում հյուրանոցում

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՎՇԱՐ ԳՅՈՒՂՈՒՄՄարտի 10-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Տ.-ին:
Պարզվել է, որ նա մարտի 6-ին, ժամը 01.30-ին, Աբելյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի առանձնասենյակներից մեկում, դանակի սպառնալիքով, 1987 թ. ծնված Ազգանուշ Ղ.-ի դրամապանակից հափշտակել է գումար և բջջային հեռախոսի քարտ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին

ԱվտովթարՄարտի 10-ին, ժամը 09.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Թամանյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 10-ին, ժամը 12.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 18 շենքի մոտ իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Հունդա Սոնատա» և «Հոնդա Ֆիթ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և «Հոնդա Ֆիթ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 10-ին, ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի և Հ. Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 10-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այնթափ գյուղի` Երևան-Արտաշատ խճուղու 1-ին շարքի մոտ, վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 74-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Մերսեդես Ց-240» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Կաշվի պահեստից գողություն կատարողները հայտնաբերվեցին

ոստիկանություն,գողությունՄարտի 9-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ժորա Բ.-ին և 1985 թ. ծնված Նարեկ Կ.-ին` վերջինիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է անասունի 150 կգ չմշակված կաշի:
Նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ճաղավանդակից մտնելով` Արզնիի գյուղի մոտ գտնվող կաշվի պահեստից գողացել են 350 կգ չմշակված կաշի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Մարգարիտան իր մահճակալի տակից պայթուցիկ է գտել

պայթուցիկՄարտի 8-ին, ժամը 14.10-ին, 1969 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն իրենց տան ննջասենյակի մահճակալի տակից ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին է ներկայացրել “Տրոտիլովայա շաշկա” տեսակի պայթուցիկ նյութ` ճայթիչ-պայթիչով, և հայտարարել, որ այն պատկանում է ամուսնուն` 1964 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին:
Անդրանիկ Ս.-ն բերման է ենթարկվել:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հարութին դանակով սպառնացել են և 10000դրամ հափշտակել

ՀՀ-ոստիկանություն2Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր էին ստացվել, որ մարտի 2-ին անհայտ անձը Մերձավան գյուղի բնակիչ Հարութի գույքը հափշտակելու նպատակով նստել է նրա տաքսի ավտոմեքենան և 16-րդ թաղամասում, դանակի սպառնալիքով 10.000 դրամ հափշտակելուց հետո, դանակի բռնակով հարվածել է նրա պարանոցին ու դիմել փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարութը 1972 թ. ծնված Հարություն Ս.-ն է, որը մարտի 8-ին, ժամը 15.35-ին, հրավիրվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հաղորդում տվել, որ անհայտ անձը մարտի 2-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում նստել է իր «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենան և ուղևորվել 16-րդ թաղամաս, որտեղ դանակի սպառնալիքով ստանալով 10.000 դրամ ու բջջային հեռախոս` դիմել է փախուստի:
Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին:

Անկախ

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբ է ստեղծվել

արդարադատության նախարարությունՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատ­րաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել:

Վերջինը կմշակի և մինչև 2014 թվականի ապրիլի 10-ը ՀՀ  արդարադատության նախարարին կներկայացնի ՀՀ քրեական    նոր օրենսգրքի հայեցակարգը, իսկ մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը՝ նոր օրենսգրքի նախագիծը:

Աշխատանքային խումբը կմասնակցի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ մասնագիտական և հանրային քննարկումներին, կուսումնասիրի շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի վերաբերյալ, կքննարկի այդ առաջարկությունները նշված փաստաթղթերում ներառելու նպատակահարմարությունը:

Նախագիծը Կառավարության կողմից Ազգային Ժողով ուղարկելուց հետո աշխատանքային խումբը կմասնակցի նաև ԱԺ-ում կազմակերպվող քննարկումներին, այդ թվում՝ ներկայացնելով նախագծի դրույթները և դրանց հիմնավորումները:

Աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ մարմիններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին կտրամադրի մասնագիտական բնույթի վերլուծություններ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարի հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրության 4.1-րդ կետը: