Ա. Աշոտյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Արմեն-ԱշոտյանՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 3-ին երկօրյա աշխատանքային այցով  մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ, կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին,  կայցելի Արցախի պետական համալսարան և հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Նախարար Ա. Աշոտյանը կայցելի նաև ԼՂՀ հարավային շրջաններ:
Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստրագրում ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև:

“Օսկար” -2014-ի դափնեկիրները

օսկարԱվարտվեց “Օսկար”-2014-ի մրցանակաբաշխությունը:

բրեդ պիտ,անժելինա ջոլիԼավագույն ֆիլմ է ճանաչվել Սթիվ Մաքկուինի “Ստրկության 12 տարի”կենսագրական դրաման: “2013-ի լավագույն” ֆիլմն “  “Օսկարի” (3 մրցանակ) է արժանացել  նաև “Լավագույն ադապտացված սցենար” և “Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի” անվանակարգերում, սակայն ամենաշատ արձանիկներ է ստացել Ալֆոնսո Կուարոնի “Գրավիտացիա” ֆիլմը, գլխավոր դերակատարն ` Սանդրա Բալլոքը: Ֆիլմը 7 “Օսկարի” է արժանացել  “Լավագույն ձայն”, “Ձայնի լավագույն մոնտաժ”, “Օպերատորական լավագույն աշխատանք”, “Վիզուալ լավագույն էֆեկտներ”,”Լավագույն մոնտաժ”,”Լավագույն ռեժիսոր”, “Օրիգինալ լավագույն սաունդթրեք” անվանակարգերում :

“Գնորդների դալլասյան ակումբը” ֆիլմը օսկարնույնպես արժանացել է 3 “Օսկարի”: Դերասանական խաղի համար “Օսկարի” է արժանացել Մեթյու Մաքկոնահին.սա նրա առաջին արձանիկն է:

Անկախ

Հայերը քեֆ անող ժողովուրդ են

բարեկենդանՙՙԲարեկենդան՚՚ բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:

Այսօր Կոմիտասի այգում կազմակերպված տոնական միջոցառման մասնակից Լիանա Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հին, ազգային, ավանդական տոների կարեւորության մասին չպետք է մոռանալ.

ՙՙՀայերը քեֆ անող ժողովուրդ են, ուրախություն, երջանիկ ժպիտներ ու գույներ է այսօր մեր երկրին պակասում: Պետք է լինել ավելի ակտիվ, լուսավոր, պայծառ, դրական, կյանքն այդ կերպ ավելի հետաքրքիր ու թեթեւ է դառնում՚՚:

Հնում տոնից երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշվում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։

Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Առաջիկա հինգ օրերին սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`Մարտի 3-ին, 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, մարտի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝
Մարտի 3-ին, 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-ի գիշերը հնարավոր է անձրև:

Ավտովթար Դիլիջան քաղաքում

ավտոպատահարՄարտի 1-ին, ժամը 23.09-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 06 LO 282 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածելով մոտակա տան պարսպին՝ շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

Անկախ

Ավտովթար «Մ-1» միջպետական ավտոճանապարհին

ԱվտովթարՄարտի 2-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին` Դավթաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 45 LL 547 պետհամարանիշի (վարորդ` Վ.Մ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 24 MR 064 պետհամարանիշի (վարորդ` Ա.Ս.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդը` Ա.Ս.-ն, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Ջերմուկի դեսպանների ակումբի հանդիպումը

 Ջերմուկի դեսպանների ակումբՋերմուկում մարտի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ տեղի ունեցավ Ջերմուկի դեսպանների ակումբի հանդիպումը։

 

Դեսպանների ակումբը հիմնադրվել է անցյալ տարի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախաձեռնությամբ։ Ակումբի նախագահն է ի պաշտոնե Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն (ավագ) Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը։

 

Ավանդույթի համաձայն` ակումբի ամենամյա հանդիպումները հյուրընկալվում են Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կողմից։

 

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ արտգործնախարարի տեղակալները, Հայաստանում հավատարմագրված դեսպանները։

 

Էդվարդ Նալբանդյանն ակումբի անդամների հետ քննարկեց 2013 թ. Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած զարգացումները, միջազգային կազմակերպություններում ներգրավվածության խորացման  և համագործակցության սերտացման ուղղությամբ իրականավող աշխատանքները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող քայլերը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

 

Էդվարդ Նալբանդյանը և դեսպանները մտքեր փոխանակեցին Հայաստանի և ներկայացված երկրների միջև հարաբերությունների զարգացման նպատակով իրականացված ծրագրերի և ընթացիկ տարվա անելիքների վերաբերյալ։

Անկախ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ

 Էդվարդ Նալբանդյան Արդեն երկրորդ տարին է, որ մենք նշում ենք դիվանագետի օրը։ 22 տարի առաջ՝ 1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը համալրեց Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ երկրների շարքերը, դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ:

 

Մեր երկրում նշվող տոների շարքում դիվանագետի օրվա ընդգրկումը վկայում է, որ դիվանագիտական ծառայությունը մեր անկախ պետականության կարևոր բաղադրիչներից է։ Դիվանագետի մասնագիտական տոնը ոչ միայն նրա գործունեության գնահատական է, այլ նաև պետության կողմից դիվանագետի աշխատանքի  արդյունավետության հանդեպ ակնկալիքների ու սպասելիքների արտահայտություն։

 

Անկախությանը հաջորդած տարիները մեր դիվանագիտության համար կայացման տարիներ էին՝ լի բազմաթիվ մարտահրավերներով և խնդիրների լուծմանն ուղղված ջանքերով:

 

Այն, որ այս տարիների ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ,  հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել շուրջ 1800 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, խոսուն ցուցանիշ է ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում վեց տասնյակից ավելի մեր ներկայացուցչություններում աշխատող հայ դիվանագետների  ծավալուն աշխատանքի:

 

Հաջողության գնահատումը հնարավոր է քանակական և  որակական ցուցանիշների համադրմամբ։ Վերը նշված թվերի հետ միասին իրողությունն այն է, որ Հայաստանն այսօր կարողանում է իր համար կարևորություն ունեցող տարբեր հարցերի, հաճախ նաև միջազգային օրակարգի մաս կազմող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ իր ձայնը լսելի դարձնել միջազգային ամենատարբեր հարթակներում: Ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում Հայաստանը դիտվում է որպես վստահելի գործընկեր, որի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ընկալելի է տարբեր մայրաքաղաքներում:

 

Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանը,  ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, միջազգային իրավունքի այլ սկզբունքների հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման,  վեճերի խաղաղ կարգավորման, տնտեսական, սոցիալական, մշակութային և մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։

 

Հանրապետության Նախագահի արտաքին քաղաքականության սահմանած ուղենիշների և հանձնարարականների հիման վրա մեր դիվանագիտության ջանքերն ուղղված են երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, միջազգային բեմահարթակում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաև հարաբերությունների բարելավմանը այն հարևանների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ:

 

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը

Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքեր է գործադրում՝

հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների ու

նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հինգ համատեղ հայտարարությունները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վկայում են, որ Հայաստանի մոտեցումները ոչ միայն ըմբռնելի են, այլ  նաև վայելում են միջազգային հանրության աջակցությունը։

 

Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մեր դիվանագիտությունը հետամուտ է դրա՝ որպես մարդկության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը։ Հայաստանը միջազգային բեմահարթակում հետևողականորեն բարձրաձայնում է մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխարգելման անհրաժեշտությունը,  հանդես գալիս համապատսխան նախաձեռնություններով, ինչպես դա եղավ անցյալ տարի Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով մեր նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունումը:

 

Նախորդ տարի Հայաստանը հաջողությամբ նախագահեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, որոնք էլ ավելի բարձրացրին մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ ևս մեկ անգամ ընդգծեեցին մեր դիվանագիտական համակարգի պատրաստականությունը՝ ստանձնելու և հաջողությամբ իրականացնելու միջազգային կարևորություն ունեցող առաքելություններ:

 

2013 թվականը նշանավորվեց  Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից։

 

Հայաստանը և Եվրոպական միությունը երկուստեք վերահաստատեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ

համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը։

 

Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում սերտացնելու իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, խորացնելու փոխգործակցությունը եվրոպական, ասիական երկրների հետ, ընդլայնելու փոխհարաբերությունների աշխարհագրությունը։

 

Մեր դիվանագիտության ուշադրության կենտրոնում է գտնվում տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտությանն օժանդակումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը։ Այսօր Սիրիայում պատերազմի պայմաններում աշխատող կամ տարբեր հարթակներում մեր երկրի շահերին վնասող տարաբնույթ փորձերին հակազդող, մեր Հայրենիքի դրոշը բարձր պահող հայ դիվանագետները դիվանագիտական ծառայության համակարգի այն դերակատարներն են, առանց որոնց այս համակարգը չի լինի կուռ և կանգուն:

 

Այս երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն բարձրացնել հայ դիվանագետի համար սահմանված գիտելիքների նվազագույն շեմը՝ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության պատմության, միջազգային իրավունքի, միջազգային տնտեսական հարաբերությունների վերաբերյալ տեսական և գործնական խորը գիտելիքներ, լայն աշխարհահայացք, առնվազն երկու օտար լեզուների տիրապետում: Հենց նման ունակություններով օժտված կադրերով դիվանագիտական ծառայությունը համալրելու նպատակով ՀՀ Նախագահի անմիջական աջակցությամբ չորս տարի առաջ ստեղծվեց և այսօր հաջողությամբ գործում է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը՝ որի շուրջ 40 շրջանավարտ այսօր աշխատում է արտգործնախարարության համակարգում, նրանցից կեսն արդեն գործուղվել են արտասահմանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններ։

 

Սիրելի գործընկերներ,

 

Այս հիշարժան օրը ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մաղթում մշտանորոգ հաջողություններ Ձեր գործունեության մեջ, քանզի մեր բոլորի ջանքերի համադրմամբ, մեզնից յուրաքանչյուրի նվիրումի և անձնուրաց աշխատանքի շնորհիվ է կառուցվում մեր հայրենիքի կենսական շահերի ապահովմանը, մեր ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը կոչված մեր երկրի արտաքին քաղաքականությունը:

 

Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր, ինչպես ԱԳՆ կենտրոնական աշխատակազմում, այնպես էլ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններում օժանդակում են մեզ, մեր կողքին են մեր ամենօրյա աշխատանքում, մեզ հետ կիսում են մեր ուրախությունն ու սատարում մեզ դժվարին պահերին:

 

Առիթից օգտվելով` իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և երբեմն` անհուն համբերությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցն են:

 

Շնորհավոր:

 Անկախ

Հայաստանում գործող մասնավոր պահնորդական կազմակերպությունների ղեկավարները` ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

պահնորդներ


պահնորդներ

պահնորդ
Անկախ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. Վանաձորում որոշ փողոցներ փակ կլինեն

ճոՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ միջպետական Մ-6 ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով մարտի 2-ի ժամը 09.00-ից մինչև մարտի 4-ի ժամը 14.00-ն փակ է լինելու Վանաձոր քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցը:
Վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցում կատարել Վանաձոր քաղաքի Դեմիրճյան-Մոսկովյան-Խորենացի-Թումանյան փողոցներով դեպի Ալավերդի ուղղությամբ:

Անկախ

Երկրի երեսից իսպառ վերացան ազնիվ եղջերուն, քարայծյամը

imagesՈրսորդությունը մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է: Հնում որսորդությունը (նաև որսի սպառումը) կոլեկտիվ բնույթի էր և սովորաբար զուգակցվում էր հավաքչության, ձկնորսության, ավելի ուշ՝ երկրագործության ու անասնապահության հետ: Որսորդության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել նետ ու աղեղի գյուտը. մինչև հրազենի երևան գալը այն եղել է որսորդության հիմնական զենքը: Նոր քարի դարաշրջանից որսորդության համար օգտագործել են շներ, հետագայում՝ նաև ձիեր, որսկան թռչուններ, խայծեր և այլն:

Հայաստանում որսորդության լայն տարածման մասին վկայում են նոր քարի և բրոնզի դարաշրջանների` որսի տեսարաններով ժայռապատկերներ, հազարամյակների առարկաներն ու որմնանկարները: Հին Հայաստանում, բնական որսատեղերից բացի, ստեղծվել են որսի կենդանիներով ու թռչուններով հարուստ արքունի և իշխանական որսատեղեր:

ՙՙԱրդյունագործական որսորդությունը մարդու արտադրական գործունեությունն է, որի նպատակը բնակչության համար միս, մորթի, փետուր, աղվափետուր ստանալն է: Սիրողական կամ սպորտային որսորդությունը ունի գեղագիտական և մարզական նշանակություն: Գիտական որսորդությամբ զբաղվում են գիտական աշխատողները, որսագետները և որսորդները՝  նպատակ ունենալով ուսումնասիրել որսարդյունագործական կենդանիներին ու թռչուններին, վայրի կենդանիների հիվանդությունները, կենսաբանությունը, էկոլոգիան և այլն՚՚,-այսօր archive2.ankakh.com -ի հետ զրույցում նշեց որսորդ Ռազմիկ Շահինյանը:

Նրա խոսքով ՀՀ-ում թույլատրված որսի կենդանատեսակներից են եվրոպական այծյամը, վայրի խոզը, լուսանը, գորշուկը, շնագայլը, նապաստակը, մոխրագույն կաքավը, լորը, անդրկովկասյան փասիանը և այլն:  Այս ամենի հետ մեկտեղ ցավալի իրողությունն այն է, որ որսի կենդանիների եւ թռչունների քանակով արդեն իսկ չափազանց աղքատացած մեր հանրապետությունում թեպետեւ կան որսի ժամկետների, քանակի վերաբերյալ օրենքներ ու կանոններ, սակայն դրանց պահանջները գործնականում անբավարար են իրականացվում:
Որսում են նաեւ Կարմիր գրքի մեջ մտած, այսինքն՝ պետականորեն պահպանության տակ վերցված վայրի շնչավորների: 20-րդ դարի կեսերին մեր երկրի երեսից իսպառ վերացան ազնիվ եղջերուն, քարայծյամը, ներմուծված բծավոր եղջերուն:

Որսորդի համոզմամբ այս ամենը կարելի է կանխարգելել միայն /Կենդանական աշխարհի մասին/ ՀՀ օրենքի լրիվ և անկողմնակալ կենսագործվելու պարագայում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ճապոնական մթնոլորտը հիացրեց ներկաներին

իկեբանաՄարտի 1-ին, գարնան առաջին օրը Նկարիչների միությունում տիրում էր ճապոնական մթնոլորտ: Նախաձեռնողը Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն է, իսկ իրականացնողները` հայ-ճապոնական ՙՙՀիկարի՚՚ մշակութային կենտրոնն ու Գեղագիտության ազգային կենտրոնը: Միջոցառումը կազմակերպվում է 4-րդ անգամ, այն դարձել է ավանդական:

ՙՙՀանա՚՚ երգչախումբը հյուրերի համար կատարեց ճապոնական 2 երգ, որոնք նվիրված էին գարնանը: Ի դեպ, աղջիկների խմբին էին միացել նաեւ ժամանակավորապես Հայաստանում գտնվող 3 ճապոնացի երիտասարդները, ովքեր միմյանց հետ ծանոթացել են այստեղ ճանապարհորդելիս: Ճապոնական մշակույթի մի կարեւոր հատվածը` իկեբանայի արվեստը, հայերի համար բացահայտում էր ճապոնուհի Միդորի Յամադան: Սենսեյը նախ խոսեց դրա նշանակության մասին, այնուհետեւ սկսեց կազմել ծաղկային կոմպոզիցիաներ` բացատրելով, թե ինչի համար է պետք այս կամ այն գույնը, այս կամ այն բույսն իրար հետ համադրելը: Այս անգամ ընտրել էին ՙՙԻկենոբո՚՚ ուղղությունը:

Իկեբանայի արվեստը հին ժամանակներում հիմնականում կենտրոնացած էր տաճարներում եւ մենաստաններում: Դրանով զբաղվում էին վանահայրերը, իսկ պալատներում` ֆեոդալների ծառաները: Վարպետների հայտնի դինաստիայի հիմքը դրել է հոգեւորական Իկենոբո Սենկեյը: Մի անգամ կառավարչի խնդրանքով նա ոսկե ծաղկամանի մեջ պատրաստում է բույսերի կոմպոզիցիա: Նրա վարպետությունը սենսացիա է առաջացնում:
Մարտի 2-ին Նկարիչների միությունում տեղի կունենա թեյախմության արարողությունը. Սենսեյ Միդորին Ճապոնիայից հատուկ բերված բույսերով տեղում կպատրաստի թեյ, իսկ օգնականը, միաժամանակ բացատրելով արարողակարգի խորհուրդը, կհյուրասիրի ներկաներին: Միջոցառման 3-րդ օրը հարթակը կտրամադրվի ճապոնական սումի-է ոճի գեղանկարչությանը: Դրա առանձնահատկությունն այն է, որ օգտագործվում են միայն սեւ գույնը եւ դրա` ջրով բացված որոշ երանգներ: Այստեղ կարեւորը փիլիսոփայական մոտեցումն է: Սպիտակ թղթի վրա արված մի քանի գծերը կարող են ունենալ երկար մեդիտացիայից հետո արտաբերված մի քանի բառի արդյունք: Նկարչի առաջադրանքը ոչ թե իրականությունը նույնությամբ պատկերելն է, այլ այն, թե տվյալ իրականությունն ինչպես է արտացոլվում նրա երեւակայության մեջ:
Ցուցասրահի պատերը զարդարված են ճապոնացի լուսանկարիչների եւ ՙՙՀիկարի՚՚ կենտրոնի սաների աշխատանքներով, որոնք ամբողջացնում են ճապոնականի մասին պատկերացումները:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հացահատիկի միջազգային գները կրկին բարձրանալու են

ցորենՀայաստանում աճեցվող հիմնական հացահատիկային մշակաբույսերն են ցորենը և գարին: Ոչ մեծ քանակով աճեցվում են նաև եգիպտացորեն, հաճար և վարսակ: Ցորենը համարվում է Հայաստանի ամենակարևոր մշակաբույսը: Սննդի ինքնաբավության տեսանկյունից այն նաև ռազմավարական նշանակության  մշակաբույս է:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում գյուղատնտես Գարեգին Սիմոնյանի խոսքով ներկայումս ցորենի գծով ինքնաբավությունը խիստ կարևորվում է Հայաստանում: Չնայած ֆերմերների և կառավարության ջանքերին` հացահատիկային հիմնական մշակաբույսերի բերքատվության մեջ դեռևս էական բարելավում չի նկատվում: Այդ մշակաբույսերը մեծապես կախված են եղանակային պայմաններից և անբարենպաստ պայմանների հետևանքով մեծապես տուժում են: Օրինակ, նույն կարկուտը հացահատիկի դաշտերին ավելի մեծ վնաս է հասցնում, քան` մրգատու այգիներին և բանջարեղենի ցանքատարածություններին: Եղանակային պայմանների անբարենպաստ ազդեցության հետևանքով հեկտարի հաշվարկով բերքատվության ցուցանիշը նվազում է, և գյուղացին, ստանալով ավելի քիչ բերք, ի վերջո ավելի մեծ կորուստներ է ունենում, քան` եկամուտ:
Հացահատիկ արտադրող հայ ֆերմերների մեծ մասը հիմնականում արտադրում է սեփական սպառման նպատակով: Հետևաբար, նրանք շահագրգռված չեն կենտրոնանալու արտադրանքի որակի վրա: Մյուս կողմից, պատշաճ որակի արտադրանք տալու համար վերամշակողին անհրաժեշտ է որակյալ հատիկ: Հացահատիկը օգտակար է մաշկի համար: Այն հարուստ է ստելենով, որը կենսականորեն կարևոր դեր է կատարում մաշկի բջիջների առողջության հարցում: Սելենն օգնում է վերականգնել վնասված բջիջները, կանխում է բշտիկների առաջացումը:

Գյուղատնտեսի համոզմամբ հացահատիկի միջազգային գները կրկին բարձրանալու  են և դժվար չէ կռահել, որ առաջիկայում Հայաստանում եւս հացը եւ այլ մթերքները թանկանալու են:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Դիպուկահարի գնդակից անվասայլակին գամված սպան իր ուսերին է վերցրել հաշմանդամներին «տներից հանելու» գործը

Արտյոմ (800x600)Արդեն երեք տարի է` Արտյոմ Սահակյանն անվասայլակին է: Հայոց բանակի սպան 2010 թ. մարտի 1-ին ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախի սահմանը պաշտպանելիս հրաշքով փրկվել է: Մենք անդրադարձել ենք այդ պատմությանը և ներկայացրել, թե ինչպես էր նա Նոր կտակարանը դրել ծոցագրպանն ու գնացել մարտական հերթապահության, ու թե ինչպես էր այդ կտակարանը պաշտպանել նրա սիրտը մահացու գնդակից: Արտյոմն Աստծո կամքով փրկվել է, սակայն գամվել անվասայլակին. գնդակը վնասել է ողնաշարը:
Արտյոմին այն ժամանակ հանդիպել էինք Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Ասում էր, որ չի պատկերացնում իր կյանքն անվասայլակին գամված և անգամ եղել է պահ, որ ինքնասպանության մասին է մտածել: Նա հույս ուներ, որ քայլելու է և այդ հույսով էր ապրում:
Այսօր, սակայն, Արտյոմը լիովին այլ հոգեվիճակում է. ոչ թե փորձում է կյանքին վերջ տալ, այլ ինքն է փորձում կյանքով լցնել մյուս հաշմանդամներին: «Պետք է մարդկանց հանեմ տներից»,- օրեր առաջ ասում էր նա` պատմելով, որ հասարակական կազմակերպություն են հիմնել և զբաղվելու են հաշմանդամների խնդիրներով:
Փետրվարի 25-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցավ այդ կարևոր իրադարձությունը. արմավիրցիների առջև պաշտոնապես իր դռները բացեց «Արևի շող» հասարակական կազմակերպությունը, որի փոխնախագահն է Արտյոմ Սահակյանը: Կազմակերպության նպատակն է պաշտպանել Արմավիր մարզում բնակվող հաշմանդամների շահերը, նպաստել նրանց ներգրավմանը հասարակական, մշակութային, սպորտային կյանքին, աջակցել մասնագիտական կրթության զարգացմանը, ցուցաբերել բարոյահոգեբանական աջակցություն և այլն:
«Երբ նոր էր իմ դեպքը պատահել, հաստատ համոզված էի, որ պիտի քայլեմ ու դրանով էի ապրում, հիմա հաստատ համոզված եմ, որ չեմ քայլելու, բայց չեմ տխրում»,- ծիծաղում է Արտյոմը:

Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ հոգեբանական հեղաշրջումը: Արտյոմի խոսքով` մեկ այլ հաշմանդամի հետ շփվելով. «Երբ առաջին անգամ այդ հաշմանդամի հետ հանդիպեցի, որը հետագայում ընկերս դարձավ, Կարմիր խաչի հիվանդանոցում էի: Նա էլ էր այնտեղ: Դուրս էի եկել բալկոն, որ ինձ վնասելու ելքեր փնտրեմ: Հարցրեցի` քանի՞ ամսվա հիվանդ ես, ասաց` ի՜նչ ամիս, 20 տարի է` սայլակին եմ: Զարմացա` քսան տարի մարդ սայլակի վրա կապրի՞: Դրանից հետո երկար զրուցեցինք, իմ մեջ ինչ-որ բան փոխվեց, համենայն դեպս` հաջորդ օրն արդեն չէի մտածում ո՛չ սայլակի մասին, ո՛չ ինքնասպանության»:

Անցնում է որոշ ժամանակ, Արտյոմը փորձում է ինտեգրվել ակտիվ կյանքին, աշխատանք գտնել, սակայն չէր հավատում, որ Հայաստանում հաշմանդամին կարող են աշխատանք առաջարկել, և երբ մի օր լսում է, որ հաշմանդամների աշխատատեղերի մրցույթ է հայտարարված, հանդիպում է անցկացվում, չի էլ գնում մասնակցելու: Այնուամենայնիվ, ռեզյումեն ուղարկում է: Անսպասելի էր, բայց նրան աշխատանքի են հրավիրում, իսկ գործատուն Արտակարգ իրավիճակների նախարարությունն էր: Արտյոմին մի քանի նախապատրաստական դասընթացներից հետո վերցնում են աշխատանքի: «Դա միակ միջավայրն է, որտեղ ես ինձ չեմ զգացել որպես հաշմանդամ»,- խոստովանում է նա:
Մի քանի ամիս անց, սակայն, Արտյոմը ստիպված էր դուրս գալ աշխատանքից` մեկնելով Ուկրաինա երկարատև բուժման: Երբ վերադառնում է, նրան արդեն առաջարկում են միանալ ստեղծվելիք հասարակական կազմակերպությանը, ու նա սիրով լծվում է աշխատանքի:
«Հաշմանդամները, որպեսզի աշխատանք ունենան, նախ պետք է նորմալ կրթություն ստանան, բայց մեզ մոտ հաշմանդամների ծնողները խուսափում կամ ամաչում են իրենց երեխաներին դուրս հանելուց: Էդ երեխաներն էլ զրկվում են կրթվելու հնարավորությունից, հետագայում չեն կարողանում շփվել, հասարակության լիարժեք անդամ դառնալ: Մեր հասարակության աչքն էլ հաշմանդամի սովոր չի տեսնել, որովհետև տներում փակված են, դուրս չեն գալիս»,- ասում է նա:

Կարծում է, որ նաև դա է պատճառը, որ հասարակությունն էլ չի կարողանում ճիշտ շփվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Պատմում է, որ մի օր հաշմանդամ ընկերոջ հետ անվասայլակներով գնացել էին սուպերմարկետ գնումների, երբ հանկարծ երկուսն էլ հասկացան, որ չեն կարողանում իրենց անհրաժեշտ ապրանքը վերցնել, քանի որ պահարանի վերնամասում է դրված: «Թախծոտ հայացքով նայում ենք կետչուպին, բայց երկուսիս ձեռքն էլ չի հասնում: Կողքիս հսկիչ վաճառողուհին էր կանգնած, նայում էր, բայց չէր մոտենում, որ օգնի: Էդ ժամանակ ընկերոջս բարձր ձայնով ասացի` դու գնա պահարանի հետևամասում կանգնիր: Ընկերս գնաց-կանգնեց ու զարմացած սպասում է, թե ինչ եմ ասելու: Ասացի` ես հիմա իմ ձեռքի կոտլետը կշպրտեմ, կդիպչի կետչուպին, կետչուպը հետևի կողմից հենց ընկնի, վերցրու: Նոր էդ աղջիկը վազելով մոտեցավ…»:

artyom 001Բայց ամենալուրջ կարծրատիպը, որ Արտյոմն ուզում է մեկընդմիշտ արմատախիլ անել հասարակության մեջ, հաշմանդամին խղճալու մոտեցումն է: «Ինձ խղճալ պետք չի, ես շատ ակտիվ կյանքով եմ ապրում, ինչ-որ անհասանելի իրավիճակներ լինում են, բայց դրանք հաղթահարվում են: Ինձ համար խղճալը խորթ բան է, խղճում են թշնամուն»:
«Արևի շողի» բացմանը մասնակցելու նպատակով Երևանից ժամանել էին նաև «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որոնց աջակցությամբ ու ֆինանսավորմամբ էլ կառույցը կյանքի է կոչվել: Ցավոք, ո՛չ Արմավիրի մարզպետը, ո՛չ էլ Արմավիրի քաղաքապետը, որոնք հրավիրված էին միջոցառմանը, ներկա չէին, մինչդեռ նրանց ներկայությունը կոգևորեր նորաստեղծ կազմակերպության երիտասարդ ղեկավարներին և հույս կներշնչեր, որ իրենք նաև պետության կողմից են աջակցված: Փոխարենը նրանց իրենց ջերմ խոսքերով, նվերներով, պատվոգրերով շնորհավորեցին ու բարեմաղթանքներ հղեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Արտյոմն ու կազմակերպության նախագահ Գարիկ Մագթաղյանն էլ, որը նույնպես տարիներ ի վեր անվասայլակին է, խոստացան անել անգամ անհնարինը, որպեսզի մարզի հաշմանդամների խնդիրները բարձրաձայնվեն ու լուծումներ ստանան:

IMG_3269Ի դեպ, այդ ողջ ընթացքում Արտյոմից անբաժան էր նրա 3-ամյա որդին` Արամեն, որը լույս աշխարհ է եկել հոր հետ կատարված ցավալի դեպքից մի քանի ամիս անց: Իսկ մինչ դեպքը Արտյոմն արդեն երկու աղջիկ ուներ: Հետաքրքիր է, որ իր հետ կատարվածից հետո Արտյոմը ոչ մի վայրկյան չի մտածել որդուն ապագայում զինվորական ծառայությունից ազատելու կամ նման բաների մասին: Հայ սպայի մոտեցումներն ու սկզբունքները հայրենիքի, բանակի և իր պարտավորությունների վերաբերյալ չեն փոխվել:

Նրա դեպքում երևի այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ հայրենիքի հանդեպ պարտքի զգացողությունը Արտյոմի մեջ սերմանվել է գենետիկորեն և ամրապնդվել հորից ստացած դաստիարակությամբ:

Արտյոմի հայրն էլ, հորեղբայրն էլ ազատամարտիկներ են եղել, վիրավորվել են արցախյան պատերազմի ժամանակ, և այսօր հայրը հպարտորեն ասում է, որ արժանի զավակ է տվել մայր հայրենիքին:

artyom 003«Դա օրինաչափություն է, մեր գենը դա է,- ասում է հայրը` Արամ Սահակյանը,- երբ որդուս հետ տեղի ունեցածի լուրն իմացա, առաջին հերթին աչքիս առաջ եկան էն ընկերներս, որոնց մարտադաշտում կորցրել էի: Աստծուն խնդրեցի, որ տղաս ողջ մնա… Ինչ վերաբերում է նրան, որ նա էսօր հաշմանդամ է, ես ֆիզիկական հաշմանդամությունը հաշմանդամություն չեմ համարում, մարդ պիտի հոգեպես հաշմանդամ չլինի: Իսկ եթե պատերազմ լինի, կրկին մենք ենք պաշտպանելու մեր հողը, ես իմ թոռանն էլ եմ ծնված օրվանից էդ ոգով դաստիարակում»:

Անի Գասպարյան

 

Անկախ

Հանրապետության բոլոր ճանապարհները բաց են. ՀՀ ոստիկանություն

ոստիկանություն3Ոստիկանությունն արձագանքել է Ազատության հրապարակում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե իշխանությունները փակել են Երևան եկող ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան ներկա լինել ՀԱԿ-ի հանրահավաքին:

Արամ Մանուկյանն ասել էր, որ ճանապարհները փակում են, բայց մեկ է՝ այս հոսանքի դեմը առնել չի լինի, գողերը պետք է գնան, հանցագործները պետք է պատժվեն, ինչքան էլ փակեն ճանապարհները՝ գալու են ու գալիս են արդեն ու հրապարակն այսօր ծով է տալու:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«Որոշ անձինք և լրատվամիջոցներ այսօր հայտարարություն են տարածել, թե իբր հանրապետության մարզերից մայրաքաղաք եկող որոշ ճանապարհներ փակ են:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում, հանրապետության բոլոր ճանապարհները բաց են, իսկ նման ապատեղեկատվություն տարածողներին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը ոչ հավաստի և չստուգված լուրեր հրամցնելուց»:

 

Անկախ

Այսօր Պոլիտեխնիկի ծննդյան օրն է

պոլիտեխնիկ1933թ. փետրվարի 27-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ Ժողկոմխորհի համատեղ նիստի որոշմամբ ՀԽՍՀ շինարարական ինստիտուտի և ՀԽՍՀ քիմիատեխնոլոգիական ինստիտուտի միավորմամբ 1933թ. մարտի 1-ին կազմավորվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

Պոլիտեխնիկական ինստիտուտն աճեց ու հզորացավ Հայաստանի արդյունաբերության զարգացմանը համընթաց: 1980-1985 թվականներին ինստիտուտը երկրի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, որտեղ ավելի քան 65 մասնագիտությունների գծով սովորում էր երկրի ուսանողության 40%-ը:

Տարիներ անց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան դարձած Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը կարողացավ ոչ միայն դիմակայել երկրին բաժին ընկած փոթորիկներին, այլև յուօրինակ կերպով իր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության նորացման ու զարգացման գործում:

1990-ականներին ՀՊՃՀ-ն ոչ միայն հաջողությամբ դիմակայեց անցումային փուլի դժվարություններին, այլև Հայաստանում առաջին անգամ ներդրեց ու հաջողությամբ իրագործեց կրթության եռաստիճան համակարգը և պատվով ստանձնեց “կրթական բարեփոխումների դրոշակակիր” տիտղոսը:

Ներկայումս Պոլիտեխնիկը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համալսարանն է, որի ուսերին է դրված մեր նորանկախ պետության տնտեսության զարգացման հիմքն ու գրավականը լինելու և հայ ճարտարագիտական միտքն առաջ մղելու բարձր պարտականությունը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իր գործունեության 8 տասնամյակների ընթացքում երկրին տվել է ավելի քան 120 000 շրջանավարտ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:

 

Անկախ

Վարչապետն այցելել է ոսկեգործական բնագավառի ազատ տնտեսական գոտու տարածք

1393676560_11099_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանում «Էյ ջեյ էյ հոլդինգ» ընկերության տարածք, որտեղ ստեղծվում է մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է տարածքով՝ ծանոթացել առաջիկայում իրականացվելիք շինաշխատանքների ծրագրերին: Այնուհետև խորհրդակցության ընթացքում վարչապետին է ներկայացվել ազատ տնտեսական գոտու նախագիծը:
Նախատեսվում է ԱՏԳ-ում առաջին երեք տարիների ընթացքում ներգրավել 120-150 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 2 հազար նոր աշխատատեղեր և կապահովեն տարեկան շուրջ 200-250 մլն դոլարի արտադրանքի արտահանում: Մինչ 2015 թվականը տարածքի ձեռքբերման, հիմնանորոգման և գործարկման համար պահանջվող ներդրումները գնահատվել են 10.72 մլն դոլար: Նախատեսվում է, որ ԱՏԳ-ն կսկսի փուլային գործունեություն իրականացնել 2014 թվականից և լիովին կգործարկվի մինչև 2015 թ. վերջ:
ԱՏԳ հիմնանորոգված տարածքը կհասնի 32 հազար 400 քմ-ի, որից 12 հազար 750 քմ-ն կլինի արտադրական տարածք:
2013 թ. դրությամբ մոտ 10 հազար քմ տարածքն արդեն նախապես արմագրվել է ավելի քան 15 ոսկերչական ընկերությունների կողմից, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Լիբանանը, ԱՄԷ-ն և այլն:
Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիան և նրա նախագահ Գայետանո Կավալիերին անձամբ մեծ հետաքրքրվածություն և պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՈԿ ընկերություններ հայաստանյան ԱՏԳ ներգրավելու և արտադրություններ հիմնելու հարցում:
Ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով խթանել արտահանման ծավալների աճը, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը:
«Էյ ջեյ էյ» ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստում:

 

Անկախ

«Ինչ միամիտն էի ես…». Արմեն Աշոտյան

Ashotyan_3

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Վեց տարի առաջ այս օրը հրավիրվեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Այս նիստում ես էլ եմ ելույթ ունեցել:

Վերընթերցում եմ հիմա ասածներս և հասկանում, թե ինչ միամիտն էի ես:

Ում էի դիմում… ինչ էի խնդրում…

Կարդացեք ինքներդ:

“Շատ վատ եմ զգում ինձ այս բեմում։ Ոչ միայն նրա համար, որ հայտնվել եմ այստեղ ԱԺ ոչ վայել զգեստով, ոչ վայել տեսքով՝ արտակարգ իրավիճակ է, այլ նրա համար, որ կատարվեց այն, ինչի մասին խոսում էին բոլորը, ինչի մասին կանխատեսում, զգուշացնում էին բոլորը։ Բայց դա, այնուամենայնիվ, կատարվեց։ Դժվար է խոսել այն դեպքում, երբ ստիպված ես ընտրել չարյաց փոքրագույնը։ Իրականում այս ամենին օրինաչափորեն տանում էին համապատասխան ուժերը։ Ես լսում եմ ամբիոնից իմ գործընկերներից ոմանց, որոնք հիմա կոչ են անում հանդուրժողականության, սիրո։

Հարգելի պարոնայք, դուք՝ ի տարբերություն մեզ, հնարավորություն ունեիք այդ ոճով խոսել օպերայի հարթակից։ Բայց ես հիշում եմ ձեր ելույթը, անուն չեմ տալիս, հիշում եմ ձեր ելույթը, որը բացարձակապես կապ չուներ անհանդուրժողականության, սիրո, քաղաքական երկխոսության հետ։ Ինչո՞ւ այդ ժամանակ չէիք խոսում այդ ամենի մասին այնտեղ, ինչո՞ւ չէիք խոսում այդ ժամանակ, ինչո՞ւ ձեր ասուլիսների եւ հարցազրույցների մեջ բացարձակ այլ գաղափարներ էիք քարոզում։ Ինչո՛ւ, ինչո՛ւ…

Ի սեր Աստծո, չեմ փնտրում մեղավորներ, մանավանդ լուրջ մեղավորները, կարծում եմ, դեռ բացահայտումներն առջեւում են, բայց խնդիրներ կան, որոնք մակերեսին են։ Հանկարծ թյուր տպավորություն չստեղծվի, որ այս արտակարգ դրությունը մտցվում է կոնկրետ ինչ-որ մարդու եւ իր թիմակիցների դեմ։ Եկեք բարձրաձայնենք այն, ինչ բոլորս գոնե հոգում, սրտում գիտենք։ Սա այդ մարդու սրտով է։ Սա ա՛յն է, ինչին այդ մարդը գնում էր, սա ա՛յն է, ինչ ծրագրավորված էր, սա ա՛յն է, ինչ ակնհայտ էր հոկտեմբերի 16-ից։ Սա ա՛յդ է, սա նորություն չէ։ Դա ա՛յդ մարդու սրտով է։ Սա ա՛յդ մարդու սրտով է տեսնել, ի դեպ՝ եւ իր պատվիրատուների, ապակայունացված Հայաստան, իրար հոշոտող ՀՀ քաղաքացիներ, այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք։ Դա ա՛յդ մարդու սրտով է, ցավոք։ Բայց ես պատրաստ եմ կողմ դնել իմ սուբյեկտիվ վերաբերմունքն իր եւ իր թիմի նկատմամբ։ Եվ գուցե խնդրենք իրեն, չէ՞ որ այդ մարդիկ, որոնք հիմա Երեւանի կենտրոնում անում են այն, ինչ բոլորս ընդմիջմանն ասեկոսեներով եւ հեռախոսազանգերով փորձում էինք պարզել, կներեք բառիս համար, եւ այդ մարդիկ թող ներեն, աճեցրած եւ վարժված մարդիկ են։ Գուցե ի՞նքը կարողանա վերջապես սթափվել եւ հասկանալ, որ ինքը պատասխանատու է, նախեւառաջ, այդ մարդկանց առջեւ, որոնց ամիսներ շարունակ ներմուծել է լեղի, թույն, ատելություն եւ, ցավոք սրտի, որեւէ մեկը չկարողացավ այդ ամենի դեմն առնել։

Ես կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, համենայնդեպս, հայերի սրտով չէ, ՀՀ քաղաքացիների սրտով չէ։ Չեք գտնի մեկ մարդ այս կամ այն ճամբարից, որն ասի, որ լա՛վ է, որ այդպես է։ Սակայն խնդիրը գնաց, գնացքը շարժվել է, եւ մենք ստիպված ենք ոչ թե ընդառաջ գնալ այդ գնացքին, այլ վազել այդ գնացքի հետեւից։ Այլընտրանք, ցավոք սրտի, ես ինքս՝ որպես քաղաքացի, չեմ տեսնում։

Ինչո՞ւ չենք բարձրաձայնում։ Ես, ճիշտն ասած, մտածում էի խոսել այդ խնդրի մասին, թե՝ չխոսել, բայց, կարծում եմ, ճիշտը խոսելն է։ Ինչո՞ւ չենք ասում, որ ակնհայտ հայաստանյան իրադարձության մեջ կան որոշակի արտաքին ուժերի հետք։ Ինչո՞ւ չենք դրա մասին խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում, որ այդ ուժերը պատռել են վերջին մի շաբաթվա մեջ իրենց դիմակները։ Ինչո՞ւ դրա մասին չենք խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում, որ համապատասխան պետական կառույցից ֆինանսավորվող մի շարք, այսպես կոչված, հասարակական, այսպես կոչված, հայաստանյան կազմակերպություններ ինչ-որ անհասկանալի քաղաքական շեշտադրումներով նամակ են անում միջազգային տրանսնացիոնալ հասարակական կազմակերպություններ։ Որտեղի՞ց է գալիս «Սորոեսի», «Տրանսպերենս» ինթերնեյշնելի, իրենց կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ՀԿ-ների, այսպես ասած, պոչը, ականջները ո՞ւմ են երեւում։ Ինչո՞ւ դրա մասին չենք խոսել այսքան ժամանակ։ Ինչո՞ւ չենք խոսում այն մասին, որ գաղտնիք չէ որեւէ մեկիդ համար, որ այն թիմում աշխատում են արտասահմանյան քաղաքական տեխնոլոգներ։ Ինչո՞ւ չենք խոսում, որ մեր ժողովուրդը դարձել է ինչ-որ մեկի համար փորձադաշտ քաղաքական տեխնոլոգիաների կիրառման, կներեք բառիս համար, զոմբիացման ինֆորմացիոն եւ այլ տեսակի տոտալիտար վերահսկման։ Ինչո՞ւ չի խոսվում դրա մասին։ Ինչո՞ւ չենք փորձել ժամանակին կանխել այդ մարդկանց մուտքը, ինչո՞ւ չենք փորձել հետո, երբ իրենք եկել են, փորձել բացահայտել այդ ապօրինությունները եւ վտարել Հայաստանից։ Ես կարծում եմ, որ կարելի էր անգամ մտածել որոշ DIP միսիաների ներկայացուցիչներին պերսոնալ նոնգրատակարգավիճակը տալու համար։ Դա ակնհայտ է։ Դա ակնհայտ է, որ Հայաստանում մեծերը խաղ են խաղում մեր հաշվին, մեր ժողովրդի հաշվին, մեր արյան հաշվին, մեր բարեկամների, ընկերների, հարազատների եւ ուղղակի պատահական անցորդների կյանքի հաշվին։ Խաղ են խաղում։ Արդյո՞ք սա՛ չէ սթափեցման ժամանակը, որը բոլորս փորձել ենք որսալ ու այդ պահը բաց չթողնել։

Ասում են՝ հին հռոմեացիները ցանկացած դատավարություն, թեպետ այսօրվանից դա այդպիսին չէ, սկսում էին՝ ո՞ւմ է դա ձեռնտու։ Վստահ եմ, որ որեւէ մեկին մեր երկրում դա ձեռնտու չէ։ Ում դա ձեռնտու է, ես դասում եմ երկրից դուրս։

Ես նորից եմ կրկնում այն, ինչ ասացի այս 7 րոպեների ընթացքում։ Ես ինքս եմ խնդրում այդ մարդուն, ով հրահրել է այս ամենը, ելույթ ունենալ եւ հետ քաշել իր մարդկանց, ովքեր, ցավոք, միայն իրեն են այլեւս լսում։ Դա միակ տարբերակն է խուսափել բոլոր այն զավեշտալի սցենարներից, այն արյունախում, արյունալի սցենարներից, որ յուրաքանչյուրս մեր երեւակայության մեջ գծում եւ փորձում ենք հասկանալ։ Շնորհակալություն։”

 

Անկախ

Քաղաքական պատասխանատվության հարցը` օդում կախված

135848Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում, ի թիվս մի շարք հարցերի, քննարկվեց 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը: Քննարկումները հնարավոր եղավ ավարտել անցնող քառօրյայի ընթացքում, սակայն հանձնաժողովի ստեղծման քվեարկությունը տեղափոխվեց հաջորդ քառօրյա:


«Իմ կուսակցության ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումը շատ հստակ արտահայտել են և արտահայտում են, ես կարծում եմ, թե ավելին, որ նախաքննության մարմինն է արել և ժամանակավոր հանձնաժողովը, ես չեմ կարող ասել և անել»,- քննարկման օրերին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Իր հերթին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ անցնող շաբաթվա ընթացքում հայտարարել է, թե «2008-ի Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության վերաբերյալ Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել-չստեղծելը չի կարող ազդել իմ գործողությունների վրա և քիչ առնչություն ունի իմ լիազորությունների իրականացման հետ:

Ինչ վերաբերում է բացահայտելուն, բնականաբար, մենք ամեն ինչ կանենք: Մենք խոսում ենք արդյունավետ քննության ապահովման ու երաշխավորման մասին, ես վստահեցնում եմ, որ կանեմ առավելագույնը այդ արդյունավետ քննությունը երաշխավորելու համար, ոչ միայն այդ, այլև ցանկացած այլ գործով»:

Մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների շատ դրվագներ մինչև այժմ մնում են անհայտ` չբացահայտված, սակայն ստեղծված իրավիճակում ու առկա իրողությունների պայմաններում պետք է հասկանալ, թե ինչպես և որ մարմնի միջոցով պետք է աշխատել` գտնելու այդ իրադարձության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները:

Մի կողմից, դժվար է չհամաձայնվել այն տեսակետին, որ իշխանական տարբեր գործիչներ, մարտի մեկի դեպքերի (և ոչ միայն) ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցում շատ են գործածում «քաղաքական շահարկում» հասկացությունը, մյուս կողմից, այդքան էլ պարզ չէ, թե ինչ բացահայտումներ կարող է անել կամ լուծումներ առաջադրել խորհրդարանում ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովը:

Որքան էլ պնդեն, որ ժամակավոր հանձնաժողովում ընդգրկված պատգամավորների մասնագիտական գիտելիքները հնարավորություն են տալու աշխատել եղած փաստերի հետ, ամեն դեպքում, քաղաքական ուժերի ու գործիչների քաղաքական կողմորոշումները հանձնաժողովի աշխատանքներում առանցքային դերակատարություն են ունենալու և դժվար է այդ հանձնաժողովից զուտ մասնագիտական արդյունք ակնկալել:

Քաղաքական առումով միակ գնահատականը, որն օբյեկտիվորեն կարող է տալ այդ հանձնաժողովը, այն է, որ տեղի ունեցածի համար պատասխանատու է և իշխանությունը` որպես երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձության պատասխանատու, և այն ընդդիմադիր ուժերն ու գործիչները, ովքեր ղեկավարում էին հանրահավաքների անցկացման ու հատկապես այդ օրը հանրահավաքի մասնակիցներին ճիշտ սիգնալներով ու գործընթացը:

Եթե նույնիսկ դիտարկենք հանրահավաքի` վերահսկողությունից դուրս գալու հանգամանքը, ապա դա ոչ մի կերպ չի փրկում իշխանությանն ու ընդդիմությանը, քանզի իրադարձությունների նման ընթացքը ևս նրանց պատասխանատվության տիրույթում է:

Մարտի մեկի ողբերգական իրադարձությունների լիարժեք բացահայտման համար նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական գործիչները` իշխանական, այլընտրանքային, թե ընդդիմադիր, քաղաքական գնահատականներ հնչեցնեն ոչ թե իրենց «կաշին փրկելու» կամ հասարակության համապատասխան զանգվածին «դուր գալու», այլ իրերն իրենց անուններով անվանելու նպատակով, ինչն, ի դեպ, վերջիններիս բուն առաքելությունն է”:

 

Անկախ