Լարիսա Ալավերդյանը, ժողովրդի կողքին լինելով հանդերձ, դեմ է ծայրահեղական, ֆաշիստական դրսևորումներին
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այս օրերին հայ և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ուկրաինական դեպքերից, նկատեց, որ բռնությունների այն աստիճանը, որ կա Ուկրաինայում, ընդունելի չէ, քանի որ բռնությունը ծնում է բռնություն:
«Մարտի 1-ին մենք սա էլ պետք է հիշենք: Մայդանից են բոլորը սպասելու այն, ինչը մեզ մոտ մինչ այսօր չի ստացվել: Երեք միլիոն բնակչության համար տասը զոհը շատ մեծ թիվ է, և պատասխանատուներին չգտնելն ու չպատժելը մեր հասարակության վրա շատ ծանր կանդրադառնա` ազդելով մեր առաջընթացի վրա»,-ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ Ուկրաինայի ընդդիմությունն այսօր էյֆորիայի մեջ է, և դեռ պարզ չէ` ի՞նչ է անելու այդ ծայրահեղական և սեպարատիզմի տանող ուժը:
Չնայած նրան, որ ուկրաինացիների բողոքը հիմնավորված էր, Լարիսա Ալավերդյանը, ժողովրդի կողքին լինելով հանդերձ, դեմ է ծայրահեղական, ֆաշիստական դրսևորումներին: Ամեն դեպքում, Լարիսա Ալավերդյանը փաստում է, որ ուկրաինացիների հետևողականությունը նախանձելի է:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով` Եվրոպան նրբանկատություն չի ցուցաբերում, և այդ հակառուսական մեղեդին նրա սրտով է: Ըստ նրա` Ռուսաստանը զարմանալիորեն ավելի զուսպ է: Մյուս կողմից էլ ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի` սխալ է ուկրաինական նոր իշխանությունների խիստ եվրոպամետությունը:
«Ինչպես որ մեզ համար շատ վատ է ռուսական իշխանություններից ամբողջովին կախվածությունը, այնպես էլ շատ վատ է ուկրաինական ընդդիմության` եվրոպական ազդեցությունից կախվածությունը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
ԱԺ-ում քննարկվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը
ԱԺ-ում այս պահին արտահերթ ռեժիմով քննարկվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը: Ընդդիմությունը պնդում է, որ ԱԺ-ից դուրս հնարավոր չէ պարզել,թե ինչ է արվել Նաիրիտ ընկերության դեմ, քանի որ դրա փակման տանելու հարցով անգամ քրեկան գործ չի հարուցվել: «ՙՆաիրիտը կանխամտածված տարվում էր սնանկացման: Այն չի կարող գործել, քանի որ դրա ակտիվները 200 միլիոն դրամի կարգի են, իսկ պարտքերը՝ կրկնակի՚»- իր խոսքում ասաց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ Նաիրիտը կարևոր է հայկական արդյունաբերության համար, ուստի գործողությունները Նաիրիտի դեմ, ուղղված են նաև Հայաստանի Հանրապետության դեմ:
Իշխող կոալիցիան անհողդող է և չի պատրաստվում ստեղծել Նաիրիտի գործը քննող հանձնաժողով: Պատճառաբանությունը մեկն է՝ զերծ մնալ քաղաքական շահարկումներից:
Նշենք նաև, որ այս հարցը քննարկվել էր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, որը ներկայացրել էր պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն չէր ստացել դրական եզրակացություն, ինչից հետո Արծվիկ Մինասյանը նշել էր, որ հարցը կներկայացնի ԱԺ առաջիկա նիստերից որևէ մեկին՝ արտահերթ ռեժիմով:
Պետք է ձեռքերը լվանալ ուտելուց առաջ. Սննդաբան
Սննդային թունավորումներից խուսափելու համար պետք է ուշադրություն դարձնել մակնշմանը և չօգտագործել ժամկենտն անց սննդամթերք:
archive2.ankakh.com-ի հետ զրուցում սննդաբան Կարինե Նազարյանը նշեց, որ չմշակված հում ջուրը, սառույցը, մսամթերքը և այլ սննդամթերքը սովորաբար պարունակում են առողջության համար վտանգավոր մանրէներ և քիմիական տարրեր: Փչացած, փառապատ, վատ մշակված, վատ պաստերացված կամ լվացված սննդամթերքը կարող է հանգեցնել թույների առաջացմանը: Սննդային ծագման հիվանդությունների աղբյուր հանդիսացող մանրէները կարող են գոյատևել տարբեր տեղերում, այդ թվում՝ մարդկանց ձեռքերին, խոհանոցային տարբեր պարագաների վրա (կտրատման տախտակներին, խոհանոցային սեղանին, լվացարանում և այլն): Այդ ամենը ճիշտ չլվանալու և չմաքրելու դեպքում հնարավոր է մանրէներ տարածել պատրաստվող ուտելիքի մեջ և ընտանիքին մատուցվող սննդում.
“Այս ամենից խուսափելո համար պետք է ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, ուտեստ պատրաստելուց առաջ, հետո և պարբերաբար պատրաստման ընթացքում, վերք մշակելուց ու վիրակապելուց առաջ և հետո, հում ձվի, մսի, թռչնամսի, ձկնամթերքի և դրանց հյութերի հետ գործ ունենալուց հետո, քիթը մաքրելուց, փռշտալուց կամ հազալուց հետո, կենդանիներին կամ դրանց արտազատումներին դիպչելուց հետո, աղբին դիպչելուց հետո, զուգարանից օգտվելուց հետո”:
Սննդաբանի պնդմամբ անգամ եթե լավ լվացել եք ձեռքերը, սպասքը և մակերևույթները, այնուամենայնիվ հում մսամթերքից, թռչնամսից, ձկնամթերքից և հում ձվից ախտածին մանրէները կարող են տարածվել արդեն պատրաստի ուտելիքի մեջ: Սառնարանում հում մսամթերքը, ձկնամթերքը, ձուն ու թռչնամիսը պետք է պահել անջատ ամբողջ սննդամթերքից: Դրանցից կարող է հեղուկ հոսել և մանրէներ տարածել պատրաստի սննդամթերքի վրա:
Թարմ և լավ մշակված սննդամթեքի օգտագործումը նվազեցնում է սննդային թունավորումների և աղիքային խանգարումների հավանականությունը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
«Մարտի 1-ի մեր հավաքը Հայաստանի գարուն է բերելու, որը 2008-ին կորցրեցինք». ազատամարտիկներ
Ռազմադաշտային հրամանատարների ընդլայնված խորհրդի աշխատանքային խմբի անունից նախկին ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանը, ՀԱԲ -ի «Ղարս» գնդի հրամանատար Ասլան Գրիգորյանը, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը և Վարդան Մալխասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարություն տարածեցին այն մասին, որ ազատամարտիկները պատրաստվում են հայ ժողովրդին վերադարձնել իշխանությունը, երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ինչի համար ՀՀ քաղաքացիներից, իրենց նախկին մարտական ընկերներից և ընդդիմադիր քաղաքական ուժերից պահանջում են մարտի 1-ին գալ նախ Սարյանի պուրակ, ապա Ազատության հրապարակ:
«Բոլոր թալանչիները պատասխան են տալու, Ռոբերտ Քոչարյանի և մնացած բոլոր հանցագործների ունեցվածքը փակելու է Հայաստանի արտաքին պարտքը: Իմացե՛ք, ոչինչ այլևս Հայաստանում նախկին ռեժիմով չի լինելու»,-ասաց Սուրեն Սարգսյանը:
Ազատամարտիկ Վարդան Մալխասյանի խոսքով`իրենք ամեն ինչ անելու են Սահմանադրության, օրենքով վերապահվածի շրջանակներում:
«Մարդը իրավունք ունի պաշտպանվելու, իրավունք ունի ազատ խոսելու: Մենք որևէ հակասահմանադրական գործողության չենք դիմելու, հնարավոր է՝ երթ էլ լինի, հնարավոր է՝ միտինգին էլ միանանք, բայց միանշանակ է, որ Ուկրաինայի նման բռնություններ, զենքի կիրառում, կոշտ գործողություններ մեզ մոտ չեն լինելու»,-ասաց Վարդան Մալխասյանը:
Ազատամարտիկների խոսքով` իրենց հավաքը Հայաստանի գարունն է բերելու, որը 2008-ին կորցրեցինք:
Սուրեն Սարգսյանը նշեց, որ իրենք ևս մասնակցելու են ՀԱԿ-ի կազմակերպած մարտի 1-ի հանրահավաքին, որովհետև այնտեղ ժողովուրդն է լինելու:
«Այդ օրվա արդյունքները կերևան հենց նույն օրը ՝ պայմանավորված նրանով, թե երկրի քաղաքական ուժերը ինչպե՞ս կարձագանքեն երկրի առջև ծառացած մարտահրավերներին»,- ասաց Սուրեն Սարգսյանը` հավելելով, որ որևէ սխալ քայլի դեպքում իրենք իշխանություններին մեկին տասնապատիկ պատասխան կստանան:
Հիշեցնենք, որ ազատամարտիկները, իրենց տարածած հայտարարության մեջ ուղերձ էին հղել նաև քաղաքական ուժերին: Հայտարարության մեջ ասվում է, որ վերջապես ժամանակն է խոսքից անցնել գործի, ցուցադրել համաժողովրդական միասնություն և դուրս գալ հրապարակ:
Օպերատիվ իրավիճակը Հայաստանում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության 15 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի նորանշանակ դեսպանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների, այդ թվում՝ Օմանի Սուլթանության հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման համար ՀՀ Նախագահը և Օմանի դեսպանը կարևորել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում՝ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթերի նախագծեր: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ու Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին անհրաժեշտ են համարել նաև Հայաստանի և Օմանի միջև բազմակողմ՝ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում, փոխշահավետ և արդյունավետ համագործակցության զարգացումը: |
Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 24-ին, ժամը 20.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 38 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 24-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26/3 շենքի մոտից, վրաերթ կատարելու կասկածանքով, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արսեն Ս.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 22-ին, ժամը 02.00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով Վրացական փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Մարիամ Հ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 24-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կանազի գործարանի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 23-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայից Սեբաստիայի փողոց տանող ճանապարհահատվածում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 25-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Հացաշեն-Թաթուլ գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 24-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան-Չարենց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Վազգեն Առաջինի փողոցի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե հենասյանը, այնուհետև` գազատար խողովակին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Արմանին փնտրում էր «Ինտերպոլը»
Փետրվարի 24-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Հ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 2-ից Լեհաստանի Հանրապետության «Ինտերպոլի» կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Խարդախության մեղադրանքով հետախուզվող Դավիթը բերման է ենթարկվել
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 23-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Դավիթ Ս.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ուշադրություն է հրավիրում դեպի հաշմանդամություն ունեցող շնորհալի երիտասարդները
ԱՄՆ դեսպանատունը փետրվար ամսվա ընթացքում իրականացնում է մի շարք միջոցառումներ ԱՄՆ պետքարտուղարության «Կյանք առանց սահմանների» արշավի շրջանակում՝ շեշտադրելով բազմազանության ու ներառական հասարակության հիմնարար ամերիկյան արժեքները:
Փետրվարի 24-26-ը ԱՄՆ դեսպանատունը կhյուրընկալի ինը պարաօլիմպիական խաղերի մասնակից, այդ խաղերում ութ ոսկե մեդալների արժանացած և Բոստոնի վեց մարաթոնների հաղթող Քենդըս Քեյբլին: 21 տարեկան հասակում ողնաշարի վնասվածք ստանալուց հետո տ-ն Քեյբլը ստիպված էր սպորտում ինքնադրսևորման նոր ուղիներ գտնել: Նա դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի եռանդուն պաշտպան: Հայաստանում գտնվելու ընթացքում նա հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, համայնքային առաջնորդների, մանկավարժների և հաշմանդամություն ունեցողների հարցերով զբաղվող ակտիվիստների հետ:
Փետրվարի 25-ին դեսպանը կբացի «Կյանք առանց սահմանների» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ նկարիչների, այդ թվում հաշմանդամություն ունեցող նկարիչների ստեղծագործություններ: Բացման միջոցառման ժամանակ հանդես կգա «Փարոս» երգչախումբը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՆՓԱԿ նորարար փորձառական արվեստի կենտրոնի հետ համատեղ, որը քաջալերում է կյանքն առանց սահմանների ու սահմանափակումների, որը հաղթանակ է հասարակության կողմից պարտադրված ընկալումների նկատմամբ: Ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լիարժեք կերպով ինտեգրվել առօրյա տարբեր զբաղմունքներում, որոնք շատերիս համար սովորական բան են համարվում: Ցուցահանդեսը բաց կլինի բոլորի համար և կտևի երկու շաբաթ:
Փետրվարի 26-ին դեսպանը բացման խոսքով հանդես կգա «Աղջիկը լուսնի վրա» ինքնատիպ պարային ներկայացման պրեմիերայի ժամանակ. ներկայացում, որտեղ կրկին ի ցույց է դրվում, թե ինչպես հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լիարժեք ինտեգրվել առօրյա կյանքում: Տաղանդաշատ պարուսույց Արինա Արարատյանի այս բեմականացման մեջ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում պրոֆեսիոնալ պարողների կողքին հանդես են գալիս սիրողական պարի հաշմանդամ վարպետները: «Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը կցուցադրվի նաև փետրվարի 27-ին, մուտքը՝ անվճար տոմսերով:
Փետրվարի 12-ին դեսպան Հեֆերնը եղավ Գավառի երեխաների վերականգնողական և ռեսուրս կենտրոններում: ԱՄՆ ՄԶԳ-ի ու Խաղաղության կորպուսի աջակցությամբ այս կենտրոնները ուսուցումներ են անցկացնում ֆիզիկական ու մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների ծնողների համար և օժանդակում են նրանց: «Այս կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունների շնորհիվ երեխաները մնում են ընտանիքում, ծնողների հետ և չեն հայտնվում խնամատար հաստատություններում», – ասաց դեսպան Հեֆերնը:
Վերոհիշյալ միջոցառումներն անցկացվում են այն ակնկալիքով, որ դրանց կհաջորդեն քննարկումներ ու խորհրդածություններ, որոնք կտանեն դեպի առավել ներառական, բազմազան, հետևաբար, նաև ամուր հասարակություն, որտեղ ոչ միայն գնահատում են հաշմանդամություն ունեցող անձանց ներդրումները, այլ նաև օգտագործում են նրանց եզակի ձիրքերը:
Անօթևան, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկը 25 տարի է՝ սպասում է բնակարանային փոխհատուցման
Գյումրու վագոն-տնակներից մեկում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկ Խաչիկ Նանիջանյանի ընտանիքը 1988 թ.-ի երկրաշարժից մինչև օրս սպասում է բնակարանային փոխհատուցման:
Ավելին, վիրավոր ազատամարտիկի տնակի տարածքը դեռ վեց տարի առաջ, առանց իր գիտության օտարվել է Գյումրու նախկին քաղաքապետի կողմից: Տնակը և հատկապես կտուրի մասը շարքից դուրս են եկել: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը զինվորական հաշմանդամության թոշակն է, որը բավարարում է միայն դեղորայք ձեռք բերելուն: Գյումրեցի անօթևան ազատամարտիկի բնակարանային խնդիրների մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:
Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամների հետ:
Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը եւ պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ԱԺ նիստը` ուղիղ հեռարձակմամբ
Հինգերորդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի քառօրյայի 2-րդ օրն է ընթանում: ԱԺ-ում ընթացող քննարկումնեին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
Ապամոնտաժվում են 4-րդ կարգի վթարայնության շենքերը
4-րդ կարգի վթարայնության, նախկինում բնակելի 2 շինությունների քանդման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մասնավորապես, Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքը, որը նախկինում բնակեցված հանրակացարանային շենք էր, ամբողջությամբ կապամոնտաժվի 2 շաբաթում, հավաստիացրել է քանդումն իրականացնող ընկերության տնօրեն Էդիկ Վարդանյանը։
«Վտանգ ներկայացնող հնարավոր ինքնափլուզումը կանխելու նպատակով այս շինության ապամոնտաժումն առաջնային դիտվեց։ Հաշվի առնելով շենքի վթարայնության կարգն ու ապամոնտաժելիս վտանգի աստիճանը՝ մեր աշխատակիցներն այն քանդում են զգուշավորության կաննոները խստագույնս պահպանելով. հետևաբար, չնայած շինության ոչ մեծ ծավալներին, դեռևս երկու շաբաթ կտևեն աշխատանքները»,- նշել է Էդիկ Վարդանյանը։
Նշենք, որ Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքի՝ նախկինում հանրակացարանային շենքի՝ փաստաթղթային հիմնավորում ունեցող բոլոր փաստացի բնակիչներին Երևանի քաղաքապետարանը վերաբնակեցրել է 2013 թվականին, իսկ այն բնակիչների հարցը, ովքեր շենքի վթարայնությանից ելնելով մինչ վերաբնակեցումը ժամանակավոր բնակություն էին հաստատել այլ հասցեներում, քաղաքապետարանը կլուծի 2015 թվականին։
Ապամոնտաժվում է նաև Մարգարյան 45 հասցեում գտնվող վթարային շենքը, որի տեղում նոր բազմաբնակարան շենք է կառուցվելու՝ շուրջ 120 բնակարաններով, և տրամադրվելու է Երևանում գտնվող բարձր վթարայնության այլ շենքերի բնակիչներին որպես փոխհատուցում՝ ըստ հերթագրման ցուցակի։ Մարգարյան 45 շենքի բնակիչներին ևս քաղաքապետարանը որպես փոխհատուցում տրամադրել է բնակարաններ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ վթարային բազմաբնակարանն ապամոնտաժելուց անմիջապես հետո շենքի տարածքում սկսվելու են նոր շենքի շինմոնտաժային աշխատանքները։
Գնդացիր և գնդացրի 2 փող` հյուրանոցի մուտքի մոտ
Փետրվարի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում գտնվող նախկին հյուրանոցի մուտքի մոտ պարկով զենք է դրված: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 01.50-ին նշված վայրում հայտնաբերել է «ՊԿ» տիպի գնդացիր և գնդացրի 2 փող:Նշանակվել է փորձաքննություն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Անի Գևորգյանի հաղորդման` 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են իր` լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը և բռնություն գործադրել իր նկատմամբ:
ՀՔԾ-ից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
«ԵՄ-ը Հայաստանում» ակումբի առաջին դասընթացն ավարտվեց հաջողությամբ
«ԵՄ-ը Հայաստանում» ակումբի առաջին դասընթացը տեղի ունեցավ Աղվերանում` փետրվարի 21-23-ին:
Բացման խոսքով հանդես եկան ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Դեսպան Հրիսթեան նշեց, որ Վիլնյուսի գագաթաժողովի համատեղ հայտարարությամբ ուշադրության կենտրոնում կլինեն քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների շարունակությունն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բարելավումը: «ԵՄ-ը և Հայաստանը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների հիմքերը վերանայելու, ինչպես նաև Հայաստանի հետ Հարևանության քաղաքականության գործողությունների պլանը թարմացնելու անհրաժեշտությունը` համապատասխանեցնելու ապագա համագործակցության բովանդակությանն ու նկրտումներին», ասաց դեսպանը: Նա ավելացրեց, որ երկու կողմերն էլ վճռական են ապագա համագործակցության հարցում` ժողովրդավարական ինստիտուտների և դատական համակարգի, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանման, լավ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական հասարակության հզորացման շարունակական բարելավմամբ:
ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը խոսեց ԵՄ-Հայաստան զարգացման համագործակցության բովանդակության ու ընդգրկման մասին:
Հիմնական բանախոսը Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի ԵՄ արտաքին քաղաքականության փորձագետ Հրանտ Կոստանյանն էր, որ ներկայացրեց իր դատողությունները «Հայաստան-ԵՄ հարաբերությունները. որքա՞ն ենք իրարից հեռացել» թեմայի շուրջը, որին հաջորդեց մասնակիցների ակտիվ քննարկումը:
Դասընթացի հատուկ թեման միգրացիան էր: ԵՄ կենտրոնի ղեկավար Էհթել Հալլիստեն ներկայացրեց ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրման դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, որոնք ուժի մեջ են 2014թ.-ի հունվարի 1-ից: «Թիրախավորված նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրժինի Արտոն էլ ներկայացրեց ԵՄ կողմից ֆինանսավորվող իր ծրագիրը:
Բոլոր մասնակիցները կստանան «Հայաստանում ԵՄ ակումբի շրջանավարտ»-ի հավաստագիր, որոնք կհանձնի ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան չորեքշաբթի` փետրվարի 26-ին, ԵՄ կենտրոնում:
«ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հիմնվել է ազդեցիկ և բանիմաց շրջանավարտների ցանց ստեղծելու նպատակով: Ակումբի գործունեությունը ներառում է գրավիչ դասընթաց ու օգտակար ցանցային միջոցառում ավագ պաշտոնյաների և հայաստանյան հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ վստահելի տեղեկատվության տարածումն է:
Մասնակիցներն էին Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, առաջատար լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, գործարար և կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:
ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։
Ովքե՞ր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների տերերը
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տարածել է խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրությունը, որտեղ նա անդրադառնում է Երևանի մանկապարտեզներում սննդի որակին: Բախշյանը գրում է.
«Վերջերս շատ խոսեցինք այն մասին, որ 2014թ. հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակը ստուգելու և ժամկետանց սննդամթերքի օգտագործումը բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարականով ստուգայցեր են իրականացվել Երևանի 5 վարչական շրջանների 21 մանկապարտեզներում, և տարբեր պատճառներով 38 անգամ մանկապարտեզներից սնունդը ետ է վերադարձվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժնի պետը հրապարակավ հայտարարեց, որ մթերքների՝ մանկապարտեզներից ետ վերադարձնելու պատճառը նրանց ժամկետանց կամ անորակ լինելը չէ: Քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ պարոն Սիմոնյանն իմ երկրորդ հարցմանն այն մասին, թե որոնք են եղել սննդամթերքը ետ վերադարձնելու պատճառները, տրամադրեց երկրորդ տեղեկանքը: Միևնույն հարցի մասին առաջին և երկրորոդ տեղեկանքներում ներկայացված տեղեկատվությունները տարբեր են: Առաջինում գրված է, որ վերոնշյալ նպատակով ստուգայցեր են կատարվել Երևանի 5 շրջանների 21 մանկապարտեզներում, իսկ երկրորդի մեջ նշված են 3 վարչական շրջանների 22 մանկապարտեզներ, որտեղից 38 անգամ տարբեր պատճառներով սննդամթերքը վերադարձվել է: Երկրորդ տեղեկանքից պարզ դարձավ, թե ովքեր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունները: Տավարի միս մատակարարում են «Հալալ միս» ՍՊԸ, «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները, որոնք միսը մատակարարել են պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված վիճակում և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել, ու այդ պատճառով միսը ետ է վերադարձվել: Հիշենք, որ «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ մանկապարտեզներից մեկի խոհարարն ասաց, որ միսը վերադարձրել է, որովհետև տեսքը լավ չի եղել: Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում մսի տեսքի լավ չլինելը: Մանկապարտեզներին կարագ ու կաթնամթերք են մատակարարում հետևյալ ընկերությունները` «Հայկազունք» ՍՊԸ-ն, «Անանո» ՍՊԸ-ն, «Տիսա» ՓԲԸ-ն, որոնց մատակարարած կարագը 20-25 կգ տարայով չի եղել և չի համապատասխանել տեխբնութագրով սահմանված պայմանին, մածունը 500 գրամ տարայի փոխարեն մատակարարվել է 1լ տարայով, կաթնաշոռը նույնպես հերմետիկ փաթեթավորված չի եղել: Բանջարեղեն, մրգահյութ, ձավարեղեն, ջեմ մատակարարող ընկերություններն են` «Անանո» ՍՊԸ-ն և «Հայկազունք» ՍՊԸ-ն, որոնց մատակարարած խառը կանաչու կապի պարունակությունը փոքր է եղել նախատեսվածից, ոսպը մաքուր չի եղել, հնդկաձավարի հատիկները 97 տոկոսից պակաս է եղել, կարտոֆիլը տեխբնութագրով նախատեսված չափերին չի համապատասխանել, բազուկի տրամագիծը նախատեսված 5-14 սմ-ից փոքր է եղել, ջեմի պիտանելիության ժամկետը հստակ չի երևացել, մրգահյութը ապակե տարաների փոխարեն մատակարարվել է ստվարաթղթե տուփերով: Վերոնշյալ վարչական շրջանների ստուգայցի ենթարկված մանկապարտեզներում հավի կրծքամսի մատակարարը «Անանո» ՍՊԸ-ն է, և ապրանքը մատակարարել է խորը սառեցված վիճակում` նախատեսված պաղեցրածի փոխարեն: Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում հացամթերքի մատակարարը Ա/Ձ Հրայր Հարությունյանն է, իսկ Դավթաշենում «Հեփի ֆուդ» ՍՊԸ-ն: Նույն «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ կշռվեց հացը, որի քաշը շատ պակաս էր: Այսպիսով՝ այս տեղեկանքի համաձայն՝ իսկապես կասկածի տակ է դրվում Երևանի 22 մանկապարտեզներից 38 անգամ վերադարձված սննդամթերքի որակն ու ժամկետանց չլինելը: Նշեմ, որ Երևանի քաղաքապետի՝ հունվարի 20-ին հաջորդող աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ վերահսկողության պետի տեղակալը զեկուցեց, որ շարունակվող ստուգայցերի ժամանակ մանկապարտեզներից սնունդ չի վերադարձվել: Իհարկե լավ է, որ ստուգայցը տվեց իր ցանկալի արդյունքը և քաղաքապետը խստորեն դատապարտեց երեխաների սննդի որակին պատշաճ չհետևողներին, բայց վախենում եմ, որ նրանց լռեցրեցին մատակարարող կազմակերպությունների տանիք հանդիսացող պաշտոնյաները: Տա Աստված` սխալվեմ»:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

