Պետական բյուջեի հաշվին 2013-ին իրականացվել են շուրջ 6 մլն 800 հազար դրամի շինարարական և նախագծման աշխատանքներ: Ավարտին են հասցվել շուրջ 14 կրթական, մշակութային և մարզական օբյեկտներ, իրականացվել և ավարտին է հասցվել 19-ը օբյեկտների ընթացիկ շինարարական աշխատանքները: Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը` ամփոփելով քաղաքաշինության ոլորտում 2013-ին իրականացված բարեփոխումները: Նրա խոսքով՝ նախորդ տարի նախարարության գերակա խնդիրների շարքում եղել է քաղաքաշինական նորմերին առաջնահերթություն տալը. «Մասնավորապես ՀՀ կառավարության 2013-ի ապրիլի 4-ի որոշմամբ մեկնարկել է շինարարական առաջնահերթ նորմերի մշակումը: Ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում ցանկում ընդգրկված շուրջ 80 շինարարական նորմերից առավել առաջնահերթ է համարել 8 շինարարական նորմերի մշակումը», – ասաց քաղաքաշինության նախարարն ու հավելեց. «2013-ին կառավարություն է ներկայացվել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է Երևանի փոքր կենտրոնը դիտարկել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ: Կառավարությունը հավանության է արժանացրել նաև Քաղաքաշինության նախարարության կողմից լրամշակված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն միտված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության և գյուղատնտեսական արտադրության, հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը»:
Պոլիտեխնիկի Ռեկտորատի, Արհմիության և ՈւԽ համատեղ հայտարարությունը` ուղղված «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությանը
Էլեկտրոնային լրատվական միջոցներից տեղեկացանք «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությանը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) բակում փետրվարի 20-ին, ժամը 12.30-ին (երկար դասամիջոցի սկիզբ) ուսանողների և դասախոսական կազմի հետ բաց հանդիպում հրավիրելու մասին:
Առհասարակ, ճարտարագիտական համալսարանը ողջունում է ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, որի իրականացումն առաջնորդվում է ՀՀ օրենքներով, և չի խաթարում որևէ հաստատության բնականոն աշխատանքային գործունեությունը:
Առաջնորդվելով ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) առաքելության մի շարք դրույթներով, դրանք են` նպաստավոր գիտակրթական միջավայրի ստեղծումը, կրթական և գիտական ծրագրերի իրականացումը, կրթական հաստատությունում ուսումնական գործընթացի անձեռնամխելիության սկզբունքը, ՀՊՃՀ Ռեկտորատը, Արհմիութենական կազմակերպության կոմիտեն և Ուսանողական խորհուրդը կոչ են անում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը և այլ հասարակական, քաղաքական կազմակերպություններին ու շարժումներին ձեռնպահ մնալ նմանատիպ զանգվածային հանդիպում-հանրահավաքներ կազմակերպելու գաղափարից ուսումնական կազմակերպությունների` տվյալ դեպքում ՀՊՃՀ տարածքում, և չխանգարել ուսանողությանը` կրթվելու, գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու, իսկ աշխատակիցներին` աշխատելու և իրենց պարտականությունները պատշաճ կատարելու հարցում:
Անկախ այն փաստից, թե Պոլիտեխնիկի կոլեկտիվի և ուսանողության որ մասն է սատարում նախաձեռնությանը, համոզված ենք, որ մեծ դասամիջոցի ընթացքում ՀՊՃՀ տարածքում ցանկացած նմանատիպ միջոցառում անխուսափելիորեն կխաթարի ուսումնական գործընթացը:
Քննարկվող խնդիրը կարևոր համարելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում և տեղյակ լինելով հասարակական վերաբերմունքում տեղ գտած բազմակարծությանը` այդուհանդերձ, կարծում ենք, որ համալսարանական միջավայրը այդօրինակ ակցիաների համար նպատակահարմար հարթակ չէ:
Բարի լինենք ուժեղ տնտեսության հիմքեր ստեղծել և այն սպասարկելու գործը խղճով կատարել, և ոչ թե երթերի և հանրահավաքների միջոցով կորցնել առանց այդ էլ խիստ սահմանափակ միջոցներն ու ժամանակը:
Կոչ ենք անում հարգել մեր պետական ինստիտուտները` սպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը և տուրք չտալ առանձին անհատների վերլուծություններին:
ՀՊՃՀ Ռեկտորատ
ՀՊՃՀ Արհմիութենական կազմակերպության կոմիտե
ՀՊՃՀ Ուսանողական խորհուրդ
ԴԵՄ ԵՄ ակցիան՝ Գյումրիում
Այսօր Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրեցի երիտասարդները: Նրանք առավոտյան հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց, որտեղ պատրաստվեցին, հանդես եկան հայտարարությամբ ու երթով շարժվեցին դեպի ՀՀԿ Շիրակի մարզային կազմակերպություն:
– Այսօր որոշել ենք գիրք նվիրելու օրն օգտագործել ՀՀԿ և քույր կուսակցության՝ ՕԵԿ-ին տրամադրելու 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ մեզ տված այն խոստումներն ու
կետերը, որոնք հրամցրել են մեզ: Եվ շեշտելու ենք, որ կուտակայինը ևս մաս է կազմելու իրենց տված խոստումների, – հայտարարության մեջ նշեց «Քաղաքը մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստ Արսեն Վարդանյանը:
««Բարեփոխումների» անվան տակ ցանկանում են քաղաքացիների վերջին կոպեկները հավաքել ու գրպանել: Չգիտենք, 40 տարի հետո կտան, չեն տա, ով կլինի», – նշեց ակցիայի մասնակից Գոռ Թորոսյանը:
«Ես աշխատող չեմ, թող նախ ինձ համար աշխատատեղ ստեղծեն, ունենամ բարեկեցիկ կյանք, որ կարողանամ հիմա ապրել, այդ ժամանակ արդեն մտածենք՝ կուտակային վճարելու մասին: Եթե մարդը չի կարող հիմա ապրել, ինչպես մտածի 30 տարի հետո ապրելու մասին», – իր հերթին նշեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Երիտասարդները «ԴԵՄ ԵՄ պարտադիր կուտակայինին» գրությամբ թռուցիկները փակցնելով ճանապարհի սյուներին՝ շարժվեցին դեպի ՀՀԿ մարզային գրասենյակ: Այստեղ ակցիայի մասնակիցներին դիմավորեց գրասենյակի կազմակերպիչ Համազասպ Խաչատրյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ըստ ՀՀԿ կանոնակարգի մարզային կառույցի ղեկավարը չի կարող աշխատանքային ժամին լինել գրասենյակում՝ քանի որ աշխատում է պետական պաշտոնում:
«Այսօր գիրք նվիրելու օրն է, և մենք բերել ենք ձեզ վերադարձնելու 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ Ձեր կուսակցության տված նախընտրական խոստումները, որոնք այդպես էլ չեն իրականացել, դրանք կարմիր գրիչով մեկ առ մեկ նշել ենք, և կխնդրենք 3 միլիոն անգամ կարդալ», – ՀՀԿ նախընտրական ծրագիրը հանձնելով կուսակցության ներկայացուցչին՝ նշեցին երիտասարդները:
Նրանց փոխադարձաբար գրքեր նվիրեց Համազասպ Խաչատրյանը, նշեց, որ ինքն իրավասու չէ այդ հարցերի շուրջ մեկնաբանություններ տալու, իսկ մարզային գրասենյակի պատասխանատուն էլ՝ Սահակ Մինասյանը, ով Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է, այդ պահին տեղում չէր:
«Մենք ունենք մարզային խորհուրդ, մարզային խորհրդի նախագահ, տեղակալներ, որոնք զբաղվում են այդ հարցերով»,- ասաց Խաչատրյանը, ապա հետաքրքրվեց՝ ակցիայի մասնակիցների մեջ կա՞ն ուսանողներ: Իմանալով, որ բոլորն էլ ուսանողներ են, հարցրեց՝ հասկանում եք, չէ՞, ինչի համար եմ հարցնում. «Այո, նրա համար, որ միշտ թանկացնում եք վարձավճարները, մենք էլ ի վիճակի չենք վճարել», – հետևեց պատասխանը: Մինչդեռ, Հ.Խաչատրյանն ուզում էր ասել, թե ինչու ուսանողներն առավոտյան 12-ին լսարանում նստած չեն:
Նա երիտասարդներին խոստացավ, որ իրենց «նվիրած գիրքն» անպայման կընթերցվի, հաշվի կառնվեն դիտողությունները:
Դիպուկահարների ակտիվության պատճառներն ակնհայտ են. քաղաքական մեկնաբան
Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքում գրել է.
“ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ վերջին շրջանում սահմանագծին դիպուկահարների ակտիվություն է նկատվում: Ընդգծելով դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու անհրաժեշտության մասին՝ դիվանագետը նշել է, որ երկու կողմն էլ պատասխանատվություն են կրում մահվան ելքով պատահարների համար:
«Դիպուկահարների դուրս բերումը կյանքեր կփրկի և էականորեն կնվազեցնի լարվածության մակարդակը: Համաձայնելով դուրս բերել դիպուկահարներին՝ կողմերը կնպաստեն միմյանց միջև վստահության ստեղծմանը` բարենպաստ պայմաններ ստեղծելով արդյունավետ բանակցությունների համար»,-ասել է Կասպրշիկը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, խոսելով դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու անհրաժեշտության և կարևորության մասին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրել է Ադրբեջանին` լարվածության լիցքաթափմանն ուղղված քայլեր չձեռնարկելու, դրանով իսկ մահվան ելքով պատահարների պատճառ հանդիսանալու համար:
Չնայած այն հանգամանքին, որ դիվանագետը խոսում է «կողմերի» պատասխանատվության մասին, այդուհանդերձ, նկատի ունենալով հանգամանքը, որ հայկական կողմը, ամենաբարձր մակարդակով, պաշտոնապես համաձայնություն է հայտնել դիպուկահարներին դուրս բերելու առաջարկի վերաբերյալ, հասկանալի է, որ Կասպրշիկն անուղղակի ձևով քննադատության սլաքն ուղղում է Ադրբեջանի ուղղությամբ: Հակառակ դեպքում դիվանագետի` «կողմերին» ուղղված կոչ-մեղադրանքն անհեթեթ կդիտվի:
Մի քանի խոսք դիպուկահարների` առաջնային գծում ներկայության և ակտիվության մասին:
«Դիպուկահարների ակտիվություն» ասվածը բավականին լայն հասկացություն է: Ու այս դեպքում դեռ պետք է սահմանել, թե դիպուկահարների ակտիվությունն ինչպես է դրսևորվում: Հասկանալի է, որ դիպուկահարները և՛ պաշտպանական (նաև պահպանություն իրականացնելու դեպքում), և՛ հարձակվողական գործողություններում կարևոր դերակատարություն ունեցող ուժեր են, և հայկական կողմը չի կարող միակողմանի ընդունել առաջարկը` դուրս բերելով առաջնագծից:
Մյուս կողմից պետք է հաշվի առնել հետևյալը. եթե Ադրբեջանը դիպուկահարներին օգտագործում է ագրեսիա սանձազերծելու ու հայկական կողմին վնասներ հասցնելու համար` նպատակ ունենալով առավել թեժացնել իրավիճակը առաջին գծում, ապա հայկական կողմը դիպուկահարաներին հիմնականում «մարտի է նետում» հակադիպուկահար քայլերի ու պատժիչ գործողությունների իրականացման համար:
Դիպուկահարներին առաջնագծից դուրս բերելու առաջարկը հստակ է, և Ադրբեջանը մանևրելու առանձնապես մեծ դաշտ չունի: Այս խնդիրն առաջնային է, և միջնորդները բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու որպես առաջին նախապայման պետք է հասնեն այս առաջարկի երկկողմ ընդունմանը”,-գրել է նա:
Մաքսային միություն մտնելուց հետո խոշոր ավտոներկրողները մենաշնորհ կստեղծեն, իսկ մանր և միջին ավտոներկրողները կկորչեն
«Ավտոներկրողների միության» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ Մաքսային միություն մտնելուց հետո խոշոր ավտոներկրողները մենաշնորհ կստեղծեն, իսկ մանր և միջին ավտոներկրողները կկորչեն: Ապա տեղեկացրեց, որ ավտոներկրողները ցանկանում են հանդես գալ օրենքի նախագծով, համաձայն որի` իրենց բիզնեսին կարգավիճակ կտրվի: Ավտոներկրողները լուրջ խնդրի առաջ են կանգնած, նրանք մեքենաներ են ներկրում և երկրորդ մեքենայից սկսած ավելացված արժեքի հարկ պետք է վճարեն:
«Բավական չէ, որ մաքսային վճարներն ենք տալիս, հիմա էլ ավելացված արժեքի հարկ պետք է վճարենք երկրորդ մեքենա բերելու համար: Մենք այդքան շահույթ չենք ստանում: Երկրորդ մեքենա ներմուծելու համար ստիպված ենք լինում մեկ ուրիշի անունով ձևակերպել մեքենան, որպեսզի ավելացված արժեքի հարկ վճարենք: Մենք դիմելու են Կառավարությանը` մեզ հարկային դաշտ մտցնելու համար, որպեսզի կարողանանք այնքան մեքենա ներկրել Հայաստան, որքան կկամենանք»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:
Հարցին` ինչո՞ւ ավտոներկրողները չեն դիմում Պետեկամուտների կոմիտե և պահանջում գրանցել իրենց, Ավտոներկրողների միության նախագահը պատասանեց. «Պետեկամուտների կոմիտեն ավտոներկրողների նկատմամբ ռեկետ է իրականացնում: Եվ առհասարակ մեր հարկային մարմիններում ավտոներկրողների նկատմամբ ռեկետ են իրականացնում: Երկրորդ մեքենայի ներկրումը որակում են որպես ապօրինի և պահանջում վճարել մեքենայի 20 %-ը: Սպառնում են քննչական ուղարկել և այլն: Արդեն հոգնել ենք այս ամենից»:
Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչու են գործատուներից պահանջում կուտակային վճարները` չնայած ՍԴ որոշմանը
ՀՀ ֆինանսների նախարարի պատասխանը լրագողների՝ կուտակային վճարները մինչև փետրվարի 20-ը գանձելու պարտավորության և այդ մասին նախարարության ու ՊԵԿ-ի երեկ տարածած հայտարարության մասին հարցին:
-Եթե Դուք ծանոթացել եք ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի համատեղ հայտարարությանը, հղում է արված համապատասխան՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածի վրա. այդ հոդվածը, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներ, կասեցված չեն և գործում են: Կոնկրետ այդ հոդվածը սահմանում է գործատուների պարտավորությունը՝ վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Այսօրվա դրույթամբ՝ գործատուների ճնշող մեծամասնությունը, գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները և արդեն պահումներ կատարել իրենց աշխատակիցներից: Համաձայն օրենսդրության՝ դրանից հետո նրանք պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին: Հակառակ պարագայում հետևյալ հարցն է ծագելու, եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարել կամ վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործատուն պահել է աշխատակցից գումար, և, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս է աշխատել: Այն դեպքում, որ եթե փոխանցած լիներ, այդ նույն եկամուտներն ու տոկոսները կստանային արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության: Մի կողմից աշխատակիցներն են կարող համապատասխան պահանջ ներկայացնել կորցրած տոկոսները, կորցրած եկամուտները ստանալու մասին: Մյուս կողմից՝ պետությունը նույնպես լծակներ ունի, և այն դեպքերում, երբ աշխատակիցների գումարներն արդեն պահվել են, և գործատուն, չնայած պահել է, չի վճարել դրանք աշխատակցի հաշվին, ապա համապատասխան պատասխանատվության միջոց կա օրենքում: Եվ այդ պատասխանատվության միջոցը կիրառելուց հետո նշված գումարները ոչ թե մուտք են լինում պետական բյուջե, այլ կոնկրետ աշխատակիցների հաշիվներին, որովհետեւ դա իրենց կորցրած գումարներն են:
-Պարոն նախարար, Սահմանադրական դատարանն ազատել է պատասխանատվությունից վճարումներ չկատարելու դեպքում, մինչև մարտի 28-ի որոշումը…եթե ազատված են այդ պատասխանատվությունից, ինչո՞վ եք պարտավորեցնում:
– Ես չեմ մեկնաբանում: Չեմ ուզում և իրավունք էլ չունեմ մեկնաբանելու ՍԴ որոշումները, բայց իմ տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում: Այն պատասխանատվությունը, որը գործատուն կրում է պետության առջև, ինչի մասին նաև դուք եք խոսում, բայց կա հետևյալ հարցը. եթե գործատուն գանձել է, ըստ էության, ձեզնից, ինձնից, այլ աշխատողից գումարը և պահել է իր հաշվին, իրավունք ու՞նի աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե ոչ: Եվ արդյո՞ք կրում է պատասխանատվություն գործատուն իր աշխատակիցների առջև: Պատասխանն այստեղ միանշանակ է՝ այո, կրում է նա պատասխանատվություն, և պետությունը, նաև որպես աշխատողների իրավունքները պաշտպանող, հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները, և իրենք չստանան դրանց տոկոսներն ու եկամուտները:
Լուսավորման երթ` փետրվարի 21-ին
«Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` իրազեկելով առաջիկա երթի մասին: Հայտարարությունում ասվում է.
«Այս ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:30, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, մեզ հետ բերելով լուսավորման սարքեր, լապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով), և 19:00-ից սկսում ենք մեր Լուսավորման Երթը:
Երթուղին՝ Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության Հրապարակ:
Երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը ընդդեմ կուտակային թալանին և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,
2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար:
Ցույց տանք լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած մեր համաքաղաքացիներին»:
«Կուտակայինը հարկի նման մի բան է դարձել». Գագիկ Մակարյան
Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կուտակումները, չվճարման համար կիրառվող սանկցիաները համարժեք են հարկերը չվճարելու տուգանքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Ըստ նրա` եթե գործատուն չի կատարում պարտադիր վճարները, կուտակային թոշակի չվճարելու խստությունը համարժեք է հարկերը չվճարելուն, այսինքն՝ կուտակայինը հարկի նման մի բան է դարձել:
«Արդեն որոշ հիմնարկներում մարդիկ չեն ձևակերպվում որպես փաստացի աշխատող: Բացի այդ, եթե աշխատողը չհամաձայնի վճարել այդ 5 տոկոսը, գործատուն ստիպված կլինի վճարել, ինչը հարկային հարկադրանքին հավասար հարկադրանք է: Արդեն աշխատանքից ազատելու տենդենց է նկատվում և, եթե այդ տենդենցը շարունակվի, գուցե նախարարները հրաժարակա՞ն տան: Որոշ գործատուներ հիմա վճարում են, մի մասն այն պատճառով, որ ընդգրկված են պետական համակարգում, մի մասն էլ պատգամավորական մանդատից դրդված, ինչը ճիշտ չէ»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Բանախոսի խոսքով՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի օրենքը սահմանադրական ճանաչել, ապա լուրջ վտանգ կառաջանա: Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար փոքր ու միջին բիզնեսը ճկունություն կդրսևորի և այլ մեխանիզմներ կմտածի: Արդյունքում գործազրկությունը կավելանա, ստվերը կմեծանա: Իսկ դրանից հետո Կառավարությունը հետ քայլ կանի, թե՝ ոչ, ոչ ոք չգիտի:
Արմեն Պողոսյանը գրեթե համոզված է, որ սպառողների դժգոհությունները գազի որակի վերաբերյալ, անտեղի են
Սպառողների միության նախագահ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց գազին վերաբերող տվյալներ, որոնք ստացվել են «ՀայՌուսգազարդ» ընկերության և Սպառողների միության նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը վստահեցնում է, որ սպառողներին մատակարարվող գազի ճնշումն ու կալորիականությունը սահմանված նորմայի սահմաններում է:
«Արդեն երկար ժամանակ է՝ մենք պարբերաբար լսում ենք դժգոհություններ գազի որակից: Ահա թե ինչու, մենք հանդիպեցինք «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչների հետ և որոշեցինք չափումներ և ստուգումներ կատարել: Ես ընկերությանն առաջարկել եմ պատահականության սկզբունքով ստուգումներ ու չափումներ անցկացնել, ապա գազի նույն փորձանմուշն ուղարկել մեկ այլ երկիր՝ փորձաքննության: «ՀայՌուսգազարդը» առաջին առաջարկն ընդունել է, կատարել չափումները, իսկ երկրորդ առաջարկը մերժել՝ պատճառաբանելով, որ դա կապված է մեծ ծախսերի հետ: «ՀայՌուսգազարդին» պատկանող լաբորատորիայում կատարվել են չափումներ և ստացված եզրակացության համաձայն՝ գազի և՛ ճնշումը, և՛ կալորիականությունը նորմայի սահմաններում են եղել»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Բանախոսը նշեց, որ իր կասկածները գրեթե փարատված են, նա գրեթե համոզված է, որ սպառողների դժգոհություններն անտեղի են, այնուամենայնիվ ցանկանում է գազի նույն մեկ այլ երկիր՝ փորձաքննության, սակայն չի ցանկանում դա անել Սպառողների միության միջոցներով:
Իսկ թե ի՞նչ տվյալների հիման վրա է Արմեն Պողոսյանը եկել այն եզրահանգման, որ «ՀայռուսԳազարդին» պատկանող լաբորատորիան ճիշտ եզրակացություններ է տվել Հայաստանում մատակարարվող գազի որակի և ճնշման վերաբերյալ, պարզ չէ:
Թումանյանները հոբելյաններում
Թումանյանով` մենք կանք: Առանց Թումանյանի` մենք չկանք: Տարազգի-տարալեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով` և այս աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է:
Հրանտ Մաթևոսյան
1939 թ. Դսեղում հիմնադրվել է ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը: Այսպիսի երախտագիտություն գրողի մահից 16 տարի անց, այսպիսի նվեր նրա ծննդյան 70-ամյակին ու այդ ամենն այն աղետալի վերաբերմունքից հետո, որ ցուցաբերվել էր նրա երեք որդիների նկատմամբ` ընդամենը մեկ-երկու տարի առաջ:
Համլիկը Թումանյանի հինգերորդ զավակն էր` գրականագետ, լրագրող, թարգմանիչ, կուսակցական աշխատող: Ահաբեկչական գործունեություն ծավալելու և խորհրդային կարգերը տապալելու կոչեր անելու կեղծ մեղադրանքով առաջին անգամ բանտարկվել է 1935 թ. նոյեմբերի 4-ին: Մեղադրանքը չի հաստատվել, ազատվել է 1936 թ. հունիսի 10-ին: 1937 թ. հունիսի 11-ին կրկին բանտարկվել է լրտեսության և հանցագործության նախապատրաստման անհեթեթ մեղադրանքով: Գնդակահարվել է նույն տարվա սեպտեմբերի 13-ին:
Ի դեպ, դեռ այն ժամանակ, ճիշտ գնահատելով Լոռվա ձորի հեռանկարը, Թումանյանը ցանկանում էր, որ իր որդիներից մեկը դառնար երկրաբան, և ավագ որդուն` Մուշեղին, խորհուրդ է տալիս. ՙԼոռին մեծ ապագա ունի, հանքերով հարուստ երկիր է, երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, այ, ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքերի տերն են դարձել…՚: Մուշեղ Թումանյանը երկրաբան չդարձավ: Նա կենսաբան էր, մանկավարժ: Ենթադրվում է, որ 1938 թ. Ռուսաստանի արևելասիբիրյան երկրամասի բանտերից մեկում ինքնասպան է եղել, վերջին նամակը եղել է այդ թվականի փետրվարի 18-ի թվագրումով: Մուշեղ Թումանյանը ոչ ավելի, ոչ պակաս աշակերտների և բնակչության շրջանում խորհրդային կարգերը տապալելու փորձ անելու մտացածին մեղադրանքով ձերբակալվել է 1937 թ. նոյեմբերի 5-ից:
Գրողի ութերորդ զավակը` պետական, կուսակցական գործիչ Արեգ Թումանյանը, 1937 թ. բանտարկվել և 1938 թ. հունիսի 14-ին գնդակահարվել է որպես ժողովրդի թշնամի և արտասահմանյան լրտես:
Գրողի երեք որդիներն էլ 1955 թ. հետմահու արդարացվել են: Արդարացումը իրականում ոչինչ չտվեց, իսկ թե ինչ կորցրեցին հայ մշակույթը և գրականությունը, մեջբերում եմ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի այն տարիների նախագահ Մկրտիչ Ասլանյանի խոսքերը. ՙԵթե 1937 թ. մոլի ստալինականները և բերիականները չգնդակահարեին Համլիկ Թումանյանին, մենք Թիֆլիսում կունենայինք մեր նորօրյա վերնատունը` Համլիկ Թումանյանի նախագահությամբ՚:
Իհարկե, պատմությունը և ժամանակը հետընթաց չունեն: Մեզ մնում է դասեր առնել պատմությունից և արժևորել այդ պատմությունը կերտողների վաստակը: Ընթացիկ տարին հոբելյանական է ոչ միայն ամենայն հայոց բանաստեղծի, այլև նրա հոր` Տեր-Թադևոսի (1839 -1898 թթ., ծննդյան 175-ամյակը) և գրողի երեք զավակների համար: Տարվա ընթացքում լրանում է Մուշեղ Թումանյանի (1889-1938 թթ.) ծննդյան 125-ամյակը, արվեստաբան, դրամատուրգ, կովկասյան ճակատում զոհված Արտավազդ (Արտիկ) Թումանյանի (1894-1918 թթ.) ծննդյան 120-ամյակը և դուստրերից գրականագետ, մատենագետ Արփիկ Թումանյանի (1899-1981թթ.) ծննդյան 125-ամյակը: ՙՄեծ մարդ էր, զարմանալի մեծ մարդ, անդունդի խորություն ուներ, լայն հոգի, մեծ սիրտ, մեղմ բնավորություն, ժպիտը միշտ դեմքին՚,- Հովհ. Թումանյանի այս գնահատականը հոր մասին գալիս էր համոզելու, որ ուշադրության արժանի են նաև այս հոբելյանները: Կարծում եմ` գրողի տուն-թանգարանի 75-ամյակի տարին սովորական չի լինի ոչ միայն Դսեղում:
Արդեն տասնամյակներ են անցել այն օրից, երբ Երևանի Աբովյան փողոցի թիվ 1 շենքի պատին կարդացել եմ ամենայն հայոց բանաստեղծի` 1921 թ. այստեղ իջևանելու մասին հուշատախտակը: Այժմ, երբ այն կրկին աչքովս է ընկնում, թվում է, թե կարդում եմ առաջին անգամ: Վերջերս էլ մամուլից տեղեկացա, որ Հովհաննես Թումանյանը Երևանում եղել է ընդամենը հինգ անգամ, այն էլ` կարճատև այցերով: Ու ամենևին պատահական չէ, որ 1953 թ. Երևանում բացված Թումանյանի թանգարանի (մինչև 1979 թ. կոչվում էր տուն-թանգարան) ուղիղ 45 տարի առաջ կառուցված ներկայիս շենքի երկրորդ հարկում ընդօրինակվել է Թումանյանի Թիֆլիսի բնակարանը, որտեղ գրողը ապրել է կյանքի վերջին 14 տարիներին: Ես` որպես լրագրող, ընթերցող և լոռեցի, մտահոգվելով վերջերս հայկական կողմից գնված Թբիլիսիի տան ճակատագրով, կարծում եմ, որ ուշադրության արժանի է թումանյանագիտությանը վերաբերող երկու հիմնարար աշխատությունների (ՙՀովհաննես Թումանյան.հայրենագիտական համանվագներ՚, 2005. և ՙԹումանյանի ընտանեկան աշխարհը՚, 2011) հեղինակ, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի առաջարկությունը թանգարանը դարձնելու թանգարան-ինստիտուտ` թումանյանական արժեքների պահպանման, հետազոտման, հայտնաբերման և արժևորման կենտրոն: Նպատակահարմար ենք գտնում նաև 1980 թ. սահմանված Հայաստանի գրողների միության ՙԹումանյան՚ մրցանակի վերականգնումը` այն դարձնելով միջազգային գրական մրցանակ:
Հովհաննես Թումանյանի 150-ամյակը սարերի ետևում չէ: Հինգ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէ: Մեծ ու փոքր միջոցառումներ նվիրենք 2014 թ. Թումանյանների հոբելյաններին և այդ ջերմությունը պահենք մինչև 2019 թ., փորձենք ունենալ ու գերազանցել այն ոգևորությունը, որ ապրեց Լոռին և ողջ ազգը գրողի 100-ամյակի օրերին: Չմոռանանք նաև տարիներ առաջ բանաստեղծի ծննդյան օրվա առիթով ծնված միմյանց գիրք նվիրելու մասին նախաձեռնությունը: Կարծում եմ` գրքի նկատմամբ սերը կաճի, եթե կատարենք գրքի նվիրատվություններ, նաև գրքափոխանակություն:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
«Եթե անգամ ՌԴ-ից 100 000 հայ միգրանտ վերադառնա Հայաստան, դա կազդի գործազրկության վրա, կբարձրանա աղքատության մակարդակը». Գագիկ Մակարյան
Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրներից է ՌԴ-ում միգրանտների մասին օրենքի փոփոխությամբ Ռուսաստանից Հայաստան վերադարձող պոտենցիալ հայ միգրանտների հարցը: Այդ օրենքով Հայաստանում մարդկանց եկամուտները կնվազեն, իսկ աղքատների և գործազուրկների թիվը կմեծանա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ եթե անգամ հայ միգրանտերի 100 000-ը Հայաստան վերադառնա, այդ զանգվածը զգալիորեն կազդի գործազրկության վրա, կնվազեն ընտանիքների եկամուտները, կբարձրանա աղքատության մակարդակը:
«Այդուհանդերձ Կառավարության կողմից ճկուն մոտեցում այս հարցում ես չեմ տեսնում, տպավորություն է ստեղծվել, թե Կառավարությունը տիրապետում է իրավիճակին», – ասաց Գագիկ Մակարյանը:
Անդրադառնալով ՀՀ Մաքսային Միությանն անդամակցությանը՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ ինքը դեմ է բանակցությունների այդ ձևին: «Ստացվում է, որ Ռուսաստանը մեզ տվել է կոնսպեկտ, և այդ կոնսպեկտի վրա մենք աշխատում ենք: Գոյություն ունի բանակցությունների մշակույթ, այդպես բանակցություններ չեն վարում, դա հարկադրանք է»,- ասաց Գործատուների միության նախագահը:
Ինչ վերաբերում է ՄՄ շրջանակներում ապրանքների մաքսատուրքերին, ըստ Գագիկ Մակարյանի, ոչ թե ռուսական կողմը պետք է մեզ ցուցակ տա, այլ Հայաստանը իր հերթին պետք է ցուցակ ներկայացնի, որով կսահմանվի Հայաստանից արտահանվող ապրանքների գինը:
«Ռուսական կողմը վարպետորեն մշակել է ապրանքների ցուցակ, որն ակամայից առաջացնում է հարկադրական վիճակ: Ընդ որում, խոսակցություն չի գնում ապրանքների մրցունակության մասին: Իսկ մեզ պետք է տնտեսության մեջ զարգացնել մրցունակ ապրանքներ, բայց ստացվում է, որ Հայաստանը հարկադրված է վերցնել այն, ինչ տալիս են»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ նախորդ տնտեսական տարին անորոշության տարի էր, այդ անորոշությունը կշարունակվի մինչև 2014-ի առաջին կեսը:
Պատուհանի փեղկը բացելով` մտել է բնակարան և ոսկյա զարդեր ու գումար գողացել. հիմա նա ոստիկանությունում է
Փետրվարի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները 3-րդ Միկրոշրջանի թիվ 2 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարուժան Հ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, նա տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի փեղկը բացելով` մտել է 1974 թ. ծնված Իսահակ Մ.-ի բնակարան և գողացել ոսկյա զարդեր ու գումար:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Միայնակ մայրն ու մեկամյա փոքրիկը ձմեռվա ցրտին` առանց ջերմության
Ներս եմ մտնում Գոհարի մեկսենյականոց բնակարան: Այնքան ցուրտ է, որ վերարկու հանելն անիմաստ է: Ինքը` տանտիրուհին, տնային հագուստով է, հավանաբար, հարմարվել է «կլիմային»:
Հյուրասենյակից անցնում ենք փոքրիկ ննջասենյակ, որտեղ նրա մեկ տարեկան դուստրն է քնած` համարյա դրսի հագուստով: Ասում է, որ այսօր տանը դեռ տաք է, որովհետև հոսանք ունի և կարողացել է գոնե երեխայի սենյակում էլեկտրական վառարան միացնել: Իսկ մի քանի օր առաջ երեխային վերարկուով քնեցնում էր, վերարկուով արթնացնում, քանի որ հոսանքն անջատված էր:
Գոհարը միայնակ մայր է: 37-ամյա կնոջ պատմությունը տխուր է, զայրացնող ու անհեթեթ:
Հայրական ջերմ ու ապահով ընտանիքում մեծացած աղջիկը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կհայտնվի այս վիճակում: Իսկ ամեն ինչ սկսվեց նախ ծնողների վաղաժամ մահից: 2002 թ. մահացավ մայրը, նրանից մի քանի օր անց` հայրը: Երկուսն էլ` մոտ 50 տարեկան:
Այդ օրվանից Գոհարն ու եղբայրն ապրում էին միայնակ: Եղբայրն աշխատում էր էլեկտրացանցում, և վաստակած գումարով կարողանում են քիչ թե շատ նորմալ ապրել: Գոհարը մասնագիտությամբ բուժքույր էր, բայց եղբայրը չէր թողնում, որ աշխատի, ասում էր` ի՞նչդ է պակաս, ես աշխատում եմ` հերիք է:
2010 թ. եղբայրն ամուսնանում է: Նրա ընտրությունը Գոհարի սրտով չէր, բայց դե ոչինչ անել չէր կարող: Իսկ երբ մեկ-երկու ամիս անց նորահարսը տանը գրանցվելու խոսակցություններ է բացում, դա արդեն Գոհարին հունից հանում է. «Իմ ստորագրությունն էր պետք, բայց ես համաձայն չէի: Գիտե՞ք ինչ, եթե դեռ եկած-չեկած էդ հարցը չբարձրացներ, դեմ չէի լինի: Բայց եթե ինքը եղբորս սիրող էր, էդ խոսակցությունը չպիտի բացեր: Ես զգացի, որ ինքն իմ եղբորը չի սիրում, տան համար է եկել, ու պրինցիպի ընկա: Էդպես հարաբերությունները լարվեցին: Եղբորս հետ էլ արդեն լավ չէինք»:
Երբ քրոջ ու եղբոր միջև հարսի պատճառով սև կատու է անցնում, հարցը լուծելու միակ ճանապարհը մնում է տունը վաճառելը, գումարը կիսելն ու առանձնանալը: Հենց այդ ժամանակ էլ Գոհարը պարզում է, որ ծնողների տան ժառանգորդը միայն եղբայրն է, ինքը ոչինչ չունի: Ծնողների մահից հետո եղբայրը գնացել էր նոտարական գրասենյակ և որպես միակ ժառանգորդ ներկայացել, բայց Գոհարը չի կարծում, թե եղբայրն այդ քայլը դիտավորյալ է արել:
Ինչևէ: Իր իրավունքները վերականգնելու համար նա դիմում է դատարան, դատարանը բավարարում է պահանջը:

Երբեմնի ընտանեկան ջերմ բնակարանը, որտեղ ընտանիքը հաշտ ու համերաշխ ապրում էր, վաճառում են, բաժանում երկու հավասար մասի: Գոհարն իրեն բաժին հասած գումարով կարողանում է մեկսենյականոց բնակարան գնել Զեյթունում և եղբոր ընտանիքին հրաժեշտ տալ` այլևս նրանց հետ չշփվելու որոշմամբ:
Դժվար էր համակերպվել միայնությանը: Բայց պետք էր կյանքը շարունակել, անձնական կյանք կառուցել, արդեն 30-ն անց էր: Ցավոք, այդ հարցում էլ բախտը չի բերում. պարզում է, որ տղամարդը, որի հետ ոչ օրինական ձևով ամուսնացել էր, հարբեցող է, թմրամոլ, անգամ հոգեկան խնդիրներ ունի: Այդ ամենն իմանալուն պես` Գոհարը հեռանում է նրանից, բայց արդեն հղի էր:
Երբ փոքրիկ Ռոզին ծնվում է, Գոհարի միակ ուրախությունն ու սփոփանքն է դառնում այս կյանքում: Բայց ուրախության հետ մեկտեղ առաջ են գալիս սոցիալական ծանր խնդիրներ, որոնք լուծելու համար ո՛չ աշխատանք ուներ, ո՛չ հարազատ, ո՛չ օգնող: Դա դեռ քիչ է, ծննդաբերությունից հետո էլ պարզում է, որ առողջական խնդիրներ ունի (արգանդի միոմա) և պետք է վիրահատվի: Նորածին երեխան ձեռքին կրկին հիվանդանոց է ընկնում: Մի կերպ այդ դժվարությունն էլ է հաղթահարում:
Գոհարի միակ նեցուկը մի հասարակական կազմակերպություն էր, որը մեծ միջոցներ չունենալով` կարողացել էր 37 000 դրամ տրամադրել նրա հոսանքի պարտքի մի մասը վճարելու համար, որպեսզի մինչ մայրն ու երեխան հիվանդանոցից վերադառնան` հոսանքը միացված լինի: Գոհարի խոսքով` կազմակերպության նախագահն անձամբ է գումարը տվել տեսուչին, որը, սակայն, վճարում չէր կատարել, այլ գումարը յուրացրել էր: Կազմակերպության նախագահն անգամ ոստիկանություն էր դիմել, բայց քանի որ գումարը տրվել էր առձեռն` առանց որևէ փաստաթղթային հավաստագրի, գործ չէր հարուցվել:
Այդպես Գոհարն ու նորածինը շուրջ վեց ամիս անց են կացնում առանց էլեկտրականության: Ասում է, որ երեխային լողացնում էր գազի վրա ջուրը տաքացնելով: Բայց եթե գարնանն ու ամռանը կարելի է փոքրիկ գազօջախով մի կերպ կենցաղային հարցերը լուծել, աշնանն ու ձմռանը վրա է հասնում ցուրտը: Այս ցրտաշունչ ձմռանը բնակարանում հոսանք չմիացնել, նշանակում էր մահվան դատապարտվել:
Գոհարի ողջ եկամուտը 21 000 դրամ նպաստն է, որից մի կերպ խնայողություն է անում, մաս-մաս հոսանքի պարտքը մարում: Բայց հունվարի վերջին տեսուչը կրկին հոսանքն անջատում է` ասելով, թե իբր կրկին մեծ պարտք է գոյացել: Գոհարը կասկածներ ունի, որ տեսուչն իր հոսանքի գումարն ավելի է գրում, որպեսզի վրեժխնդիր լինի իր դեմ ոստիկանություն բողոք ներկայացնելու համար: «Ախր ես ո՛չ սառնարան եմ միացնում, ո՛չ հեռուստացույց, միայն մի թույլ պլիտա է, որտեղի՞ց է էդքան գումար հավաքվում»:
Նրա էլեկտրաէներգիայի հարցն անգամ Հանրային խորհուրդ է հասնում: Նման հարցերով, իհարկե, խորհուրդը չի զբաղվում, բայց ՀԽ համապատասխան հանձնաժողովները կամ ՀԽ աշխատակազմը փորձում են հնարավորության սահմաններում պետական կառույցներին դիմել ու խնդիրներին լուծում տալ: Հենց նույն օրը ՀԽ աշխատակազմի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը փորձում է պարզել էլեկտրաէներգիայի անջատման իրական պատճառն ու էլեկտրիկի հետ կապված պատմությունը: «Բայց այստեղ հարցն ավելի խորքային է,- ասում է Բարխուդարյանը,- եթե մի բնակարանում կա նորածին երեխա ու անօգնական միայնակ մայր, ապա նրանց թողնել առանց գազի ու էլեկտրաէներգիայի, պարզապես չի կարելի, ինչքան էլ որ պարտքի խնդիր լինի: Պարտքը մարելու տարբեր եղանակներ կան, որոնք վաղուց նորմալ երկրներում կիրառվում են սոցիալապես ծանր վիճակում գտնվողների համար: Պետք է դրանք սովորել, ոչ թե միայնակ կնոջը փոքր երեխայի հետ ձմեռվա կեսին թողնել առանց ջերմության»:
Սակայն այս պատմության մեջ Հանրային խորհրդի աշխատակցին ամենաշատը զայրացրել է Զեյթունի էլեկտրացանցի մի աշխատակցուհու լկտի պահվածքը: «Երբ զանգեցի էլեկտրացանց և աշխատակցուհուն հարցը ներկայացնելուց հետո խնդրեցի միացնել իր ղեկավարի հետ, նա միանգամից հարձակվեց ինձ վրա մոտավորապես հետևյալ տոնով. «Լավ ենք արել` անջատել ենք, որտեղից ուզում եք զանգեք, մենք ոչ մեկից չենք վախենում»: Հավանաբար գործավարուհի էր, անգամ չներկայացավ ու այդպես էլ հեռախոսը վայր դրեց` առանց իր վերադասին միացնելու: Ես չգիտեմ, այդ կառույցում նմա՞ն որակի մարդիկ են աշխատում»:
ՀԽ աշխատակազմի ղեկավարն ավելի ուշ կապվում է հայէլեկտրացանցերի հյուսիսային մասնաճյուղի փոխտնօրենի հետ, որը խնդիրը լսելուց հետո հրահանգում է Գոհարի բնակարանի հոսանքը միացնել` խոստանալով պարզել նաև տեսուչի հետ կապված պատմությունը, սակայն հաջորդ օրը զանգահարում և ասում է, որ չի կարծում, թե դա նրա ձեքի գործն է, քանի որ «տեսուչը շատ լավ տղա է»: Այնուամենայնիվ նշում է, որ եթե մի տոկոս էլ կասկած ունենա, ապա «կաշին կքերթի»:
Գոհարի բնակարանի հոսանքն այս պահին անորոշ ժամկետով ու անորոշ կարգավիճակով միացված է: Հայտնի չէ, թե ինչպես է նա կարողանալու այդ 21 000 դրամ նպաստից և՛ իր ու երեխայի ծախսերը հոգալ, և՛ 60 000 դրամ հոսանքի պարտքը մարել:
Հանրային խորհուրդը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան` խնդրելով որևէ կերպ աջակցել միայնակ կնոջը: Ի՞նչ օգնություն կտրամադրվի կամ կտրամադրվի՞ արդյոք` դեռևս հայտնի չէ: Բայց որ նրանց այդ վիճակում թողնել չի կարելի, ակնհայտ է:
Գոհարն այսօր ի վիճակի չէ աշխատելու: Նախ` երեխային խնամող չկա, մանկապարտեզ տանելու համար էլ դեռ շատ շուտ է, բացի այդ, կեսարյան հատումով ծննդաբերությունը լուրջ հետևանքներ է թողել նրա առողջության վրա: Ասում է, որ մեջքի ցավից չի կարողանում կռանալ, գործ անել և ժամանակ առ ժամանակ այնպիսի ցավեր է ունենում, որ հազիվ է դիմանում: Ենթադրում է, որ դա կեսարյան հատման ժամանակ ողնաշարի սխալ ներարկման հետևանք է:
Փետրվարի 13-ին Ռոզին դարձել է մեկ տարեկան: Մորից բարեհամբույր բնավորություն ժառանգած մարդամոտ փոքրիկը հյուրերին ընդունում է ժպիտով: Նրա ժպիտը մոր միակ ուրախությունն է ճակատագրի այս դառը փորձությունների հերթագայության մեջ: Գոհարն ասում է, որ եղբայրը եկել է իր տուն, տեսել երեխային, շատ է սիրել, փոշմանել է ամեն ինչի համար, փորձել է հաշտվել, բայց իր սիրտը կոտրված է, չի կարողանում մոռանալ տեղի ունեցածը, ասում է` արդեն ուշ է…
Հ.Գ.
Նյութի տպագրման հաջորդ օրը “Հայաստանի էլեկտրական ցանցերի” լրատվական բաժնից զանգահարեցին Անկախի խմբագրություն և հայտնեցին, որ ուզում են Գոհարի հետ զրուցել և նրանից պարզել հոդվածում բարձրացված խնդիրները: Այնուհետև Գոհարի հետ կապ հաստատելով` “Հայաստանի էլեկտրական ցանցերի” աշխատակիցները նրան խոստացել են աջակցել, բացի այդ` պարզել, թե իրականում տեսուչը նման քայլեր կատարել է թե ոչ: Անկախ-ը հույս ունի, որ ընկերությունը կաջակցի միայնակ կնոջը և հետամուտ կլինի այդ հարցի լուծմանը:
Անի Գասպարյան
8 ՃՏՊ, 3 զոհ, 1 վիրավոր` մեկ օրում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 4 դեպքից` 3-ը, խուլիգանության` 3, յուրացման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Չորս միլիոնի ոսկեղեն գողացողը` խոստովանությամբ
Փետրվարի 17-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ընկերուհու եղբայր Ղուկասը 10-15 օր առաջ Ստեփանավանի ոսկու խանութից ոսկի է գողացել, որի կեսը վաճառել է, և հիմա նա գտնվում է Էրեբունի զանգվածի հանրակացարանում:
Ոստիկանության Էրեբունու և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ղուկասը 1993 թ. ծնված Ղուկաս Ա.-ն է, որը փետրվարի 17-ին, ժամը 16.40-ին, Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 127/2 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ փետրվարի 10-ին, ժամը 05.30-ի սահմաններում, պատուհանի ապակին կոտրելով` մտել է Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող խանութ և գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Փետրվարի 17-ին խանութի սեփականատերը հրավիրվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հաղորդում տվել, որ պատճառված վնասի չափը կազմում է 4.000.000 դրամ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Վարորդը և 2 ուղևորները մահացել են
Ոչինչ չգողանալով` դիմել են փախուստի
Փետրվարի 17-ին, ժամը 19.40-ին, 1956 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Աբովյանի քաղաքի Էլեկտրոտեխնիկումի հանրակացարանում նկատել է 3 անծանոթների, ովքեր ապօրինի մտել են իր սենյակ և ոչինչ չգողանալով` դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.00-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Արտաշես Ա.-ն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Փետրվարի 17-ին, ժամը 15.15-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի օղակաձև շրջադարձի մոտակայքում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով և խզակոթով երկփողանի հրացան, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 200 գ տրոտիլ, 5.45 մմ տրամաչափի 40 և 5.6 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Կինը բանկից բջջային հեռախոս է գողացել
Փետրվարի 17-ին, ժամը 21.40-ին, մի տղամարդ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.45-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի բանկերից մեկի դրամարկղի վրայից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Իջևանի ՊՊԳՎ բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1961 թ. ծնված Սուսաննա Ս.-ն:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Սեյրան Օհանյանը նախաճաշել է զինվորների հետ
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը: Այս մասին Անկախը տեղեկանում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
Այցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզությունը: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է:


