Ճանապարհատրանսպորտային պատահարներ

download (3)Վրաերթ խաչմերուկում

Հունվարի 10-ին, ժամը 08.10-ին, թիվ 39 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուսաննա Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Պատահար Երևանի Տերյան փողոցում

Հունվարի 10-ին, ժամը 00.40-ին, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցի թիվ 71 շենքի դիմաց բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիլիջանում տեղի ունեցած սպանության հետքերով. ատրճանակը հայտնաբերվել է

download (2)Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:
Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել էր:
Առավոտյան, ժամը 07.50-ին, հիվանդանոցում մահացել է նաև Արտավազդ Թամրազյանը:
Ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հունվարի 9-ին, ժամը 11.10-ին, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ նշված օրը, փոխհրաձգության ժամանակ, Նավասարդ Աբգարյանի կողմից օգտագործված «Նագան» տիպի ատրճանակը վերջինս թողել է իր «Պորշ» մակնիշի  ավտոմեքենայի սրահում, իսկ ինքն էլ` Մյասնիկյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նշված ատրճանակը:
Հայտնաբերվածն ուղարկվել է  փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանություն

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

download (1)ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:

Գորիսի Մ-2 (Շուռնուխի) և Թումանյանի Մ-6  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է  մերկասառույց:Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական  ծառայություն

Հրաժեշտ Արմեն Մազմանյանին

Վիոլետ ԳրիգորյանԱնկախը ընթերցողին է ներկայացնում գրող հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանի հոդվածը , որը հրապարակվել է Թերթ.ամ- ի` հեղինակի բլոգում:

Հունվարի 8-ին վախճանվեցին երկու հայ արվեստագետներ` գրող Լևոն Խեչոյանն ու ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Ուզում եմ երկուսին էլ հրաժեշտ տալ` հիշելով այնպիսի բաներ, որ միայն ես կարող եմ:

Արմեն Մազմանյանի թատերական գործունեության մասին ես միայն լսելով գիտեմ, ափսոսում եմ, որ չեմ տեսել նրա հայտնի բեմադրությունը (Պիրանդելոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս»), հիշում եմ, թե ինչպես իր ռեժիսոր ընկերների հետ թատերական շարժում էր սկսել, ու առաջին անգամ սովետահայկական թատրոնում բեմադրեցին աբսուրդիստ-էկզիստենցիալիստներին: Բայց Մազի էդ գործունեության մասին ինձանից ավելի տեղյակ ականատեսներ կան, որ կպատմեն:

Վերջին տարիներին շատերի պես ես էլ քննադատում էի նրա քաղաքական կեցվածքը, ու ինձ համար հարցը միայն իշխանություններին պաշտպանելը չէր, այլ կոնկրետ արտահայտած իր հայացքները: Բայց դրա մասին էլ շատ խոսող կա:

Ուրեմն պատմեմ էն, ինչ արդեն միայն ես կարող եմ:

88-ին Մազը շարժման էն մասնակիցներից էր, ում էսօր ասում են` ակտիվիստ, ու ինչպես էսօրվա որոշ ջահելներ` խմբակային լիդերներից էր, հետո դարձավ նաև կռված տղերքից, Երասխավանում վիրավորվեց: Սումգայիթյան դեպքերից հետո որ դերասանուհի Վիոլետ Գևորգյանը համաձայնվել ու գնացել էր Բաքվի կինոփառատոն, Հայաստանում նրա դեմ մեծ արշավ սկսվեց: Էն ժամանակ իշխանությո՛ւնն էր ասում` բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ նախ և առաջ մարդ են, դրա համար էլ հանցագործներին սփռեց Սովետի դատարաններով մեկ ու առանձին-առանձին դատեց` որպես անհատ մարդկանց, ոչ թե ազգային ատելության հողի վրա կազմակերպված խմբի: Եվ որպես բողոքի ակցիա` որոշվել էր բոյկոտել Բաքվի կինոփառատոնը, իսկ Վիոլետը ելել ու գնացել էր:

Մի օր, Մազի ու իր խմբի կազմակերպելով, ես ու մի քանի հոգի որոշեցինք գնալ Դրամատիկական թատրոն, որպեսզի Բաքվից վերադարձած ու էդ օրվա ներկայացման մեջ խաղացող Վիոլետ Գևորգյանի վրա ձվեր գցենք ու սուլենք: Պապլավոկում հավաքվեցինք` լիդերների ցուցումները լսելու: Ես մեջների ամենափոքրն էի ու ձայն չունեի, չնայած էդ ժամանակ բոլոր ձայներն էլ նույնն էին ասում: Լիդերները ցուցումները տվեցին-պրծան, հետո սկսեցին գցել-բռնել, թե ում տանը գինի կա, որտեղից ուտելիք առնեն ու գնան խմելու: Մենք մտանք թատրոն:

Ես էի ու… բայց մյուսների մասին արժե պատմել. մեկը Գրողների միության Դոնարան էր, որ հետո, էդ նույն տարվա ամառը, Պապլավոկում Սումգայիթի մասին իր բանաստեղծությունը արտասանելով` լճակն էր նետվել. «Ինձ բռնաբարել են հազար անգամ Սումգայիթում»… Ոստիկաններն եկել բռնել, տարել էին, սրճարանի ականատեսներից մեկն էլ ոստիկաններին բացատրել էր, թե` ոնց որ աղջկան բռնաբարել էին, գոռգոռաց ու ջուրը գցվեց:

88-ին Դոնարան էն ակտիվիստներից էր, որ Օպերայում էր ապրում, նստացույցի տարածք հարթակն ու աստիճաններն իր հարազատ տունն էին դարձել, էնքան, որ մի օր ես ամոթու ձեռքից ավելն առա, որ մի քիչ էլ ես մաքրեմ: Ղարաբաղ կոմիտեին ձերբակալելուց հետո Դոնարային էլ նստեցրին Սովետաշենի բանտում, որտեղ, ինչպես պատմում էր հետո, կից պատը թխկթխկացնելով, ծանոթացել էր կողքի խցում նստած մի քրեականի հետ: Դուրս գալուց հետո ամուսնացան, ու մի քանի ամիս անց բնակարանում գտան Դոնարայի` ծեծամահ արված դիակը: Պարզվեց, որ հղի էր եղել: Էդպես էլ սպանողները չբացահայտվեցին, չնայած խոսք կար, որ ամուսնու տղեն ընկերների հետ է արել: Լուրը լսելուց հետո հիշեցի, թե ոնց ամուսնանալուց հետո մի օր որ հանդիպեցինք ՀՀՇ-ի շտաբում, տեսա թևերի կապտուկները: Էն ժամանակ ծեծված կանանց պաշտպաններ չկային: Ինքն էլ խեղճուկրակ չէր, խոշոր էր ու թափով. մի օր, որ գրողների հետ խմելուց հետո արձակագիրներից մեկը տարել-ճամփու էր դրել ու մուտքում փորձել էր համբուրել, էնպես էր պոետուհին արձակագրին զարկել, որ նա մի քանի օր Միություն չէր գալիս, որ ուռած-կապտած աչքը չտեսնենք:

Մյուսը ձիով Հասմիկն էր. մականունը ստացել էր, քանի որ գրազ էր եկել, թե ձիով կմտնի Ռադիոտուն, որտեղ աշխատում էր, ու էդպես էլ արել էր: Ալվարդ Պետրոսյանը Հասմիկի ու նրա գրազի մասին պատմվածք էր գրել: Հասմիկը նիհար, բոյով, տղայական հագուկապով աղջիկ էր, գրաբար էր ուսումնասիրում ու աշխատում էր Ռադիոյի թատերական բաժնում: Հաճախ էինք հանդիպում Ռադիոտան մոտի «Եթեր» սրճարանում, ու մի օր էլ ցույց տվեց հրացանը, որ արդեն ՆԳՆ նախարար դարձած Վանոն էր նվիրել: Հիմա չգիտեմ` ուր է Հասմիկը, երևի Հայաստանում չի, եթե լիներ, աննկատ չէր մնա:

Մյուսը` Գոհար Մարտիրոսյանը, գրական աշխատող էր ու բանաստեղծություններ էր գրում: Գոհարը կաղում էր երկու ոտքերից ու հենակներով ցույցերի էր գալիս: Նրա տունը գրողների բոհեմական հավաքատեղիներից էր: Գոհարն էլ արդեն մահացել է:

Էսքանովս մտանք Դրամատիկական ու տեղավորվեցինք դահլիճում: Մեր հետևի շարքում միանգամից հայտնվեցին կգբշչիկներ, անհավատալի էր, թե ոնց էին անմիջապես տեղեկացել, ու սկսեցին մեզ զգուշացնել, որ եթե չհեռանանք, վատ կլինի: Չհեռացանք:

Ներկայացումն սկսվեց, Հասմիկը ձեռքս խոթեց իր բերած ձվերից մեկը, ես ձուն պինդ բռնեցի, բայց ամբողջովին կաթվածահար էի լարումից: Չէ, կգբշչնիկներից չէի վախենում, էսօր արդեն շատերը գիտեն, թե հեղափոխական իրավիճակ ասածը ոնց է պահի տակ մարդու վախերը հանում: Բայց էնպես դժվար էր ինձ համար մութ դահլիճից ձու նետել լուսարձակների տակ մենակ կանգնած մարդու վրա: Վիոլետը բեմ մտավ ներկայացման կեսից հետո` արդեն լարված, ողջ բեմն ու դահլիճն էր լարված: Մի քանի րոպե կարկամած էինք, հետո Հասմիկը գոռաց` թո՛ւրք, դահլիճը թեթև բզզաց, հետևի կգբշչնիկները սկսեցին մեզ լուռ քաշքշել, հետո Հասմիկը մի երկու անգամ էլ թո՛ւրք ու դրա նման բառեր գոռաց, ու… ներկայացումն ափալ-թափալ փակվեց: Վիոլետը դուրս չեկավ խոնարհվելու, մենք էդպես էլ ձվեր չնետեցինք նրա վրա, ու ես ներքուստ ուրախ էի` չնայած թաքուն մտահոգությանս, թե երևի թուլամորթ եմ:

Երբ դահլիճից դուրս էինք գալիս, կգբշչնիկներն սկսեցին բարձրաձայն կռվել մեզ հետ ու ամոթանք տալ: Լեզվակռվով իջանք աստիճաններով, արդեն փողոցում դրանցից մեկն սկսեց ինձ քաշքշել ու հայհոյել, դե ամենափոքրն ու անպաշտպանն էի երևում, ու մեկ էլ… հայտնվեց Մազը: Կգբշչնիկներն աքլորացան` դու ով ես, ինչ ես խառնվում, ասեց` իմ կինն ա, բա դուք ով եք, ու էնպես վրա տվեց, որ դրանք փասա-փուսաներն հավաքեցին գնացին: Թշնամիների հեռանալուց հետո հեղափոխական քաջությունս միանգամից տեղի տվեց, ու ես սկսեցի լացել, ուրեմն իսկապես անպաշտպան էի ինձ զգացել: Մեկ էլ զգացի` ձեռքս թաց ա, նայեմ տեսնեմ` ձեռքիս ձուն եմ սեղմելով ջարդել: Էդպես կամավորներիս հեղափոխական գործի ղրկած լիդերներից մենակ Մազը չէր գնացել գինի խմելու, մնացել-սպասել էր, մինչև դուրս գանք:

Իսկ դա դեռ Սովետն էր, որի իշխանությունը ոչ թե ողորմելի էր էսօրվա պես, այլ իսկապես վախենալու, դեռ առաջին ցույցերն ու բողոքի ակցիաները մի երկրում, որտեղ մարդկային բազմությունը միայն պետական հրահանգով էր տոների առիթով փողոց դուրս գալիս, իսկ հզոր կայսրության փլուզվելու մասին ամենահամարձակ երևակայությունն էլ չէր պատկերացնի:

Հիմա երբ տեսնում եմ երիտասարդ ակտիվիստներին, որ շոգին ու ցրտին, արևին ու անձրևին փողոց են դուրս գալիս, տարբեր ակցիաներ անում, պայքարում ու կռիվ տալիս, ոստիկանների բռնություններին ենթարկվում, երբ նայում եմ նրանց ջահել, ինքնավստահ, հուզավառ դեմքերին…. հիշում եմ Մազին, երբ ինքն էլ երիտասարդ էր ու իր կռիվն էր տալիս:

Ու չեմ ուզում պատկերացնել, թե կյանքը մի տասը-քսան տարի հետո ուր կարող է նետել էսօրվա ջահելներին, որ այնքան լավն են հիմա: Որովհետև կյանքը հերոսական պայքարի բեմ չի մենակ, այլ` ծանր առօրյա կենցաղային բեռնակրություն, երեխաների ապագայի ու ծնողների ներկայի մտահոգություն, էդ հարցերի լուծման գայթակղիչ առաջարկների ու կոմպրոմիսներն արդարացնող ալիբիների առատություն, ստորացուցիչ հաշվարկ` էս մե՛կ, լավ, էս մեկն էլ, էս մեկը ուրիշ ա, էս հաշիվ չի, էս մեկն էլ ու պրծ…. միանգամից չես հանձնվում, որ նկատելի լինի, այլ` մաս-մաս, քայլ առ քայլ, օրեցօր, տարուց տարի… Ավելին` երբեմն նույնիսկ կարող ես չհասցնել հասկանալ արարքի իմաստը, ինչպես որ Վիոլետ Գևորգյանը էդ հալածանքներից Ամերիկա տեղափոխվելուց հետո, տարիներ անց պատմեց, թե ոնց են իրեն համոզել, որ Բաքու գնա` իբր կինոփառատոնի հարթակը կարող է օգտագործել Սումգայիթի մասին խոսելու: Ու էս ամենը մարդուն կարող են ջորի դարձնել… կամ աղվես. մեկը բացահայտ է հարմարվում ու հիմնավորվում իշխանության դիրքերում, մյուսը` թաքուն: Մեկը մի իշխանության օրոք է հանձնվում նրա բարեհաճությանը, հաջորդ իշխանության ժամանակ դառնում ընդդիմադիր, մյուսը` հակառակ հերթականությամբ, մեկը մի ընտրության կեղծիքներն է արդարացնում, մյուսը` մյուս: Ո՞վ է նայում, թե բանակի երկու հակադիր կողմերում հայտնվածները նույն խաղի կանոններին են ենթարկվում, նույն աշխարհայացքն ու գաղափարները ներկայացնում:

Բայց անարդար կլինի էս պատճառաբանությամբ լղոզել ամեն ինչ ու աստվածային բարձունքից հավասար նայել բոլորին` անգամ մահն ի մտի ունենալով: Դա մահվան տրամաբանությունն է, ոչ թե կյանքի: Իսկ մահվան դաժանությունը միայն էն չի, որ խլում է կյանքը, այլ նաև էն, որ խլում է էսօրվա շանսը` սրբագրելու երեկը: Մազն այլևս էդ շանսը չունի, ու ես իր համար չեմ գրում էս ամենը, այլ` դեռ շանս ունեցողների: Ու մաղթում եմ, որ էսօրվա ակտիվիստներից ոչ մեկը տարիներ հետո իր երբեմնի հեղափոխական ընկերներին հրաժեշտ տալու համար ստիպված չլինի կյանքի փորձությունները հիշելու, ինչպես որ ես հիշեցի, չնայած Մազի ընկերը չեմ եղել:

Ու չնայած ընկերը չեմ եղել, ուզում եմ հրաժեշտ տալ Մազին` հիշելով նրան, «երբ դեռ վեց տարեկան էր», հիշելով նրա` է՛ն օրվա դեմքը, որ լուսավոր հայտնվեց մութ փողոցում ինձ քաշքշող կգբշչնիկների դեմ ու կուրծքը աքլորավարի առաջ տալով` ասաց` էդ ո՞ւմ կնոջ վրա եք ձեռք բարձրացնում:

 

Վիոլետ Գրիգորյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

շավարշ քոչարյան Հարց.

– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հունվարի 9-ի ելույթում Ադրբեջանի նախագահի այն պնդումները, թե համաձայն թվերի` Հայաստանը զիջում է Ադրբեջանին բոլոր բնագավառներում, ինչը վճռական դեր կկատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում:

 

Պատասխան.

– Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի կողմից խնդրի էության նենգափոխմամբ ինքնորոշման իրավունքի ժխտումը, հայատյաց քարոզչությունը և պատերազմի վերսկսման սպառնալիքները: Սա հերթական անգամ արտահայտվեց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում: Նա կարող էր էլ ավելի տպավորիչ թվեր հնչեցնել` համեմատվելով Արցախի Հանրապետության հետ: Սակայն նա խուսափում է դրանից, քանի որ չի մոռացել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում, ի հեճուկս թվերի, հենց Արցախից կրած պարտության մասին, և քաջ գիտակցում է, որ նոր արկածախնդրությունը կհանգեցնի նոր պարտությունների:

 

Փրկարարները գերեզմանատան մոտ հայտնաբերել են քաղաքացուն

աինՀունվարի 10-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի բնակիչ Ք. Մ.-ն (ծնվ.1930 թ.) հունվարի 9-ին ժամը 10.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել. քաղաքացու որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ- փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հունվարի 10-ին, ժամը 10.06-ին փրկարարները Կողբ գյուղի գերեզմանատան մոտ հայտնաբերել են Ք. Մ.-ին:

 Անկախ

Քարաթափում Հաղպատ-Ծաղկաշատ 3-րդ կմ-ում

ՔարաթափումՀունվարի 10-ին, ժամը 10.57-ին միջհամայնքային Հ-25 ավտոճանապահի Հաղպատ – Ծաղկաշատ հատված (3-րդ կմ) է մեկնել  հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ժայռի վտանգավոր հատվածի արհեստական քարաթափման և ավտոճանապարհի մաքրման աշխատանքեր` ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի անցանելի:
Աշխատանքներին մասնակցել են Ծաղկաշատ գյուղի բնակիչները` գյուղապետի գլխավորությամբ:

***

Հունվարի 9-ին, ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել , որ «Հ-25» միջհամանայքնային ավտոճանապահին՝ Լոռու մարզի Հաղպատ-Ծաղկաշատ 3-րդ կմ-ում, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչից փակվել է ավտոճանապարհը, առկա է կրկին քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքեր, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի:

Անկախ

Ամենաբարդ մարզն ամեն ինչում առաջինն է

Գյումրի,քաղաքապետարան2013-ը Շիրակի մարզում բավականին նշանակալի իրադարձություններ բերեց, շարունակվեցին մարզական նվաճումները, մշակութային կյանքը ևս հագեցած էր: Գյումրին մեկ անգամ ևս ապացուցեց, որ և մշակութային, և սպորտային առումով մայրաքաղաք է: Բայց Գյումրին և ամբողջ Շիրակի մարզը հանրապետությունում առաջին ցուցանշն ունի նաև աղքատության ու գործազրկության առումով:

Սպորտից առաջինն ենք, մշակույթից առաջինն ենք, աղքատությամբ էլ ենք առաջինը, հո վերջինը չենք լինի: Այսօր այսպիսի հումոր արեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը` խոսելով մարզի սոցիալական վիճակի մասին:
Պաշտոնավարման ութ ամիսների գնահատականով Ցոլակյանը Շիրակը համարում է բարդագույն մարզ. “Եթե աշխատեցիր, ցանկացած գործի մեջ էլ դժվարություններ կհանդիպես, եթե չես աշխատում` ինչ դժվարություն: Շիրակը բարդագույն մարզ է, մարդիկ բարդ են: Իհարկե, բարդ է այստեղ աշխատելը, բայց կարող էր շատ հեշտ լիներ, եթե չլիներ երկրաշարժը: Լենինականցիներն ուզում են Գյումրին տեսնել այնպես, ինչպես եղել է մինչև երկրաշարժը, ցավոք, այդպես չի կարող լինել: Պետք է միջներիցս հանել, դա կրկնվել հնարավոր չէ, նույն քաղաքն էլ չենք տեսնի, դա երազանք էր: Ես մտածում եմ, որ պետք է առաջ գնալ` առանց հետ նայելու, մենք շատ ենք հնի մասին երազում:
Եվ հետո, երկրաշարժը ոչ միայն Գյումրիին վնասեց, այլև ամբողջ հայ ժողովրդին: եթե Գյումրին այսօր լիներ այն քաղաքը, ինչ մինչև երկրաշարժն էր, հանրապետությունում իրավիճակն այլ կլիներ` սկսած սոցիալ-տնտեսականից: Այս քաղաքն ինչ օգուտ կտար հանրապետությանը, ինչ մրցակցություն կլիներ Երևանի հետ”:
Սակայն, Գյումրու նման հզորությունն ու նշանակություննայսօր վերադարձնել հնարավոր չէ: Արտադրական-արդյունաբերական ոլորտում կաղում է ամբողջ Շիրակի մարզը, եթե Գյումրիում մի քանի փոքր ձեռնարկություններ կան, ապա գյուղական համայնքներում վիճակն ավելի ծանր է:

Անկախ

Գարնանը կսկսեն Գյումրին մաքրել տնակներից

Գյումրի,տնակներՇիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վերջին շրջանում մարզում գրանցված դրական երևույթների հետ անհամատեղելի է համարում տնակային ավանների գոյությունը:

“Այս պայմաններում` այս ցրտին, տնակներում ապրել… անմարդկային պայմաններ են: Մենք գիտենք, որ տնակային ավաններում բավական շատ մարդիկ են ապրում, այսօր հաշվարկ ենք անում, թե քանի տնակ կարող ենք ազատել: Շատ կարևոր խնդիր է: Այս տարի, գարունը բացվեց, զբաղվելու ենք դրանով. Մոտ 1000 տնակներ ազատելու հնարավորություն ունենք, մարդիկ բնակարան են ստացել, արդեն տուն ունեն, բայց շարունակում են ապրել տնակում: Այս հարցը պետք է լուծվի: Թող բոլորն իմանան, որ դրանով զբաղվելու ենք խիստ”, – ասում է մարզպետը:
Հավելենք, որ հարյուրավոր ընտանիքներ, որոնք բնակարաններ են ստացել նորակառույց “Մուշ 2” թաղամասում, մինչ օրս չեն շտապում տեղափոխվել նոր բնակարաններ, պատճառաբանելով, թե գազաֆիկացումը դեռ ապահովված չէ: Սակայն այս նոյեմբերին լուծում է տրվել նաև այդ հարցին:
Ի դեպ, դեռ կան ընտանիքներ, որոնք ապրում են տնակում, բայց բնակարան են ստացել դեռ բնակարանաշինության առաջին փուլում:

Անկախ

Ցոլակյանը տեր է շիրակցիներին

ֆելիքս ցոլակյանԱյսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում էր կազմակերպել լրագրողների հետ, մի փոքր կատարվածն ամփոփելու և առկա խնդիրների շուրջ զրուցել: Մարզպետը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին իրենց աշխատանքով օգնության համար, և ցանկացավ, որ այն այս տարի ևս շարունակվի: Նաև պարգևատրեց հանդիմանը ներկա բոլոր լրագրողներին ու օպերատորներին:

Խոսելով մարզի խնդիրների ու կատարված աշխատանքների բացթողումների մասին նշեց. “Բավական բնագավառներ կան, որտեղ հաջողություններ ունեցանք, իհարկե, դրանք այն չեն, որով պետք է պածենալ: Ես կուզենայի որ այս տարի մեր հնարավորությունները մի քիչ ավելի շատ լինեին և կարողանանք ավելի շատ բան անել, քան անցած տարի: Բավական շատ բաներ գյուղերում չենք արել, այն գումարները, որ մեզ հատկացրեցին, մեծ մասն ուղղեցինք քաղաքին: Եթե այս տարի լրացուցիչ գումարներ ունենանք` կարողանանք մարզի մյուս համայնքներին էլ անդրադառնալ”:
Մարզպետը գյուղատնտեսական տարին շատ լավ է գնահատում, բայց դրա հետ մեկտեղ մարզի գյուղերում այսօր շատ դժվարությունների առաջ են կանգնած. “Խիստ ձմեռ է, ցուրտ է, հակառակի նման` ձյուն քիչ է եկել: Այս պայմաններում, հին ջրագծեր են, մի տեղ սառում է, մի տեղ` պայթում: Ձյունը շատ չէ, լավ է, ճանապարհները բաց են, անցանելիության հարցը լուծված է: Դրա փոխարեն` գյուղկա, որ մի կեսը ջուր ունի, մյուսը` սառել է:”, – ասում է Ֆելիքս Ցոլակյանը:
Մարզպետը վստահորեն ասում է` մենք մեր խնդիրները գիտենք, ցավոք ամեն ինչ չէ, որ կարող ենք, հնարավորություն կա և հասցնում ենք անել:
“Այնպես չէ, որ տեր չկա, անտեր է, այդպես չէ: Այս մարզում անտեր բան չկա: Եթե որևէ մեկը կգա կասի ես անտեր եմ, նրան կասեմ` ես քո տերն եմ”, – նշեց Ֆ.Ցոլակյանը:

Անկախ

Այս շաբաթ բորսայում կայացել է 10,53 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՀունվարի 8-10-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58,597,935 ԱՄՆ դոլար 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95,318,869 ԱՄՆ դոլար 406.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,530,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3,973,685 EUR 552.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,803,285 EUR 556.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 671,826,416 ՌԴ ռուբլի 12.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 60,160,473 ՌԴ ռուբլի 12.38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

2013 թ. դեկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 71.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 129.8 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ոստիկանություն. լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հանգամանքը չի հիմնավորվել

ՀՀ-ոստիկանություն2Ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել, որում մասնավորապես ասված է.
«Զանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 26.12.2013 թ. «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանի ազազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում  նախապատրաստվել են նյութեր: Լրագրողը բացատրությամբ հայտնել է, որ նույն օրը, ժամը 13:30-ին, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությանը: Այնտեղ մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են իր և ներկա գտնվող այլ լրագրողների մասնագիտական գործունեությանը, ինչպես և իրենց հասցեին արել են վիրավորական բնույթի արտահայտություններ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հանգամանքը չի հիմնավորվել և նյութերը եզրակացությամբ կցվել են քարտուղարության կարգագրին: Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություններ անելուն, ապա այդ դեպքում նրանց միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք ենթակա են լուծման դատական կարգով:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա` պաշտպանելով մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը երբևէ  կաշկանդված չի եղել հակաիրավական արարք կատարած այս կամ այն անձին իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցում և իրականացրել է միմիայն արդարացի քննություն»:

Սպանված մատուցողուհին և վկան ամբաստանյալի հետ ինտիմ կապի մեջ են եղել

սպանություն22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով  այսօր հարցաքննվեց դատակոչված վկա՝ Միլենա Միրիջանյանը, ով ամբաստանյալի ընկերուհին է եղել, ով  խոստացել էր ամուսնանալ վերջինիս հետ: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանում՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, վկան հայտնեց, որ ամբաստանյալի և տուժող Մարիամ Հունանյանի հետ աշխատել է միևնույն հյուրանոցում: Ինքը և Մարիամը եղել են մատուցողուհիներ, իսկ Դավիթը՝ խոհարար:
Վկայի խոսքով՝ Մարիամ Հունանյանն ընդամենը 3 օր է աշխատել իրենց հետ, սակայն ոչինչ չի խոչընդոտել Մարիամի և Դավիթի հետագա շփմանը: Ըստ վկայի՝ Դավիթը և Մարիամը ինտիմ կապի մեջ են եղել, ինչի մասին, ինչպես նշեց վկան,  Դավիթն է իրեն պատմել. «Իհարկե առանց մանրամասների»: Վկան նաև ասաց,  որ իր և Դավիթի միջև ևս ինտիմ կապ է եղել:
Հյուրանոցում աշխատելուց հետո որոշ ժամանակ անց, վկան խորտկարան է վարձակալել և այնտեղ  աշխատել, և հենց այդ խորտկարանում էլ տեղի է ունեցել  իր և Մարիամի միջև վիճաբանություն և ծեծկռտուք, որին, ի դեպ, մասնակից է եղել նաև Դավիթը:
Ամբաստանյալը պարզաբանեց, որ այդ խորտկարանը, որը վարձակալական  հիմունքներով աշխատացրել է Միլենան, պատկանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի նախկին պետի աներոջը, իսկ այդ մարդը Միլենայի մոր ընկերն է: Ի դեպ, ամբաստանյալի հարցին, թե ինչ կապ կա Միլենայի և վարձակալած տարածքի տիրոջ հետ, վկան սկզբում հրաժարվեց պատասխանել, հետո ավելացրեց. «Իսկ եթե սուտ ասեմ»:
Նախկին գործընկերների միջև ծագած վիճաբանության պատճառն էլ, ըստ վկայի, խանդն է եղել: Քանի որ սպանված աղջիկն իրեն ասել է, որ ամուսնանալու է Դավիթի հետ: Ամբաստանյալն էլ պնդեց, որ վկան է խանդել, քանի որ Մարիամն անընդհատ զանգահարել է իրեն:
Ըստ վկայի՝ 2013թ. մայիս 7-ի երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, Դավիթը զանգահարել է իրեն ու ասել, որ տաքսի նստի, իսկ ճանապարհին ինքը ևս կմիանա նրան: Վկան նշեց, որ երբ Դավիթը մեքենա է նստել իրեն տարօրինակ է պահել, իսկ հարցին պատասխանել է, որ սպանել է Մարիամին և ցույց տվել 2 լուսանկար, որը կատարել է հեռախոսով՝ սպանությունից հետո, ու անմիջապես ջնջել: Իսկ դեպքի մանրամասները և սպանության գործիք համարվող դանակը Դավիթն իրեն արդեն ցույց է տվել, երբ սրճարանում նստած են եղել:
Դատարանը նկատեց, որ վկան դեպքի մանրամասներն այնպես է պատմում,  որ կարծես, թե ինքն այնտեղ է եղել: Վկան ասաց, որ Դավիթն է իրեն այդպես պատմել և սկսել է պատմել նույնը՝ այս անգամ երրորդ դեմքով:
Վկան պնդեց նաև, որ դեպքի օրը՝ երեկոյան, երբ  հանդիպել են, ինքը և Դավիթը պայմանավորվել են, թե վերջինիս ձերբակալվելուց հետո ինչ են խոսելու, որպեսզի իրենց խոսքերը համընկնեն:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Արմեն Մազմանյանի և Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ. «Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում` իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ղեկավարելիս: Իր հախուռն բնավորությամբ նա անմասն չմնաց ո՛չ հայրենիքի պաշտպանության գործին, ո՛չ էլ Հայաստանում տեղի ունեցող հասարակական գործընթացներին:

Անժամանակ կորստի այս ծանր պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և մերձավորներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Նախագահ Սերժ Սարգսյանն  ցավակցական հեռագիր է հղել  նաև արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը:

Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ինչպես նաև նրա ստեղծած գրական երկերի բազմահազար ընթերցողներին»:

 

Արյունալի գիշերային դրամայի գործով նախաքննությունն ավարտվել է

կացինԼոռու մարզում ավարտվել է հերթական  ընտանեկան արյունալի  դրամայի գործով նախաքննությունը, և գործն ուղարկվել  է դատարան:  Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Վանաձորի 74-ամյա բնակիչ, իսկ ներկայումս «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում գտնվող Յուրիկ Թամազյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի  2-րդ մասի առաջին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեջ: Իսկ երկու անձինք իր ընտանիքի անդամներն են՝ կինն ու հարսը:
Այս դեպքն  արձանագրվել էր  2013 թվականի սեպտեմբերի լույս 3-ի գիշերը. ամբաստանյալը  հակագազով ու կացնով հարձակվել էր  կնոջ ու հարսի վրա:
Ըստ մեղադրական եզրակացության՝ անցյալ տարվա սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Յուրիկ Թամազյանը Վանաձոր քաղաքի իրենց բնակարանում կնոջն ու հարսին՝ Զեմֆիրա Մացակյանին ու Վարդուշ Ղարախանյանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող կացնով բազմաթիվ հարվածներ է հացրել վերջիններիս գլխի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում:
Հարսին՝ Վարդուշ Ղարախանյանին հաջողվել է դուրս գալ բնակարանից և օգնություն կանչել, որին արձագանքել են հարևանները, և Յուրիկ Թամազյանը, իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը,  դիմել էր փախուստի:
Նույն օրը  Յուրիկ Թամազյանը հայտնաբերվել էր Վանաձոր քաղաքի Աղայան 1/96 շենքի հարակից տարածքում՝ աջ և ձախ ձեռքերի կտրվածքներով, որովայնի շրջանում գծային վնասվածքներով: Նա հայտարարել էր, որ հիշյալ վնասվածքները կյանքին վերջ տալու նպատակով ինքն է իրեն կացնով պատճառել:
Ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի Աղայան 83 շենքի հարակից տարածքում գտնվող կանաչապատ տարածքից գտնվել է նաև հանցագործության գործիք կացինը:
Նախաքննության շրջանակում տուժողներ Վարդուշ Ղարախանյանը և Զեմֆիրա Մացակյանը նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել: Մասնավորապես, ըստ վերջինիս ցուցմունքի՝ 2013 թվականի լույս սեպտեմբերի 3-ի գիշերը, իրենք քնած են եղել Վանաձոր քաղաքի իրենց բնակարանի ննջասենյակում, երբ Յուրիկ Թամազյանը հակագազ հագած՝ նախապես իր կողմից տուն բերված կացնով հարձակվել է իր վրա և դրանով բազմաթիվ հարվածներ հասցրել իրենց մարմնի, մասնավորապես՝ կրծքավանդակի, ոտքերի, ուսերի, պարանոցի և գլխի շրջաններում:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

«Բենզին Ռուբո»-ի վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել

բենզին ռուբոՈստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ գործարար Ռուբեն Մասումյանի վրա կատարված հարձակման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:   Հիշյալ հոդվածը նախատեսում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:   Հիշեցնենք՝ Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մակնավամբ, դեկտեմբերի 15-ին գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:   Գործարարի վրա հարձակում  տեղի է ունեցել Գումի շուկայի հարակից տարածքում: Այստեղ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի:  Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 408,88 դրամ

դոլարՀունվարի 10-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 9,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.88 դրամ:

NASDAQ OMX Armenia

Վթարի է ենթարկվել ճանաչված ու սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը

վթարԱյսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած KIA մակնիշի 30 ՏՕ 504 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Չոբանյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 16 73 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Շարունակությունը այստեղ:

Անկախ

Դեկտեմբերի 31-հունվարի 1-ը Հայաստանում ուղարկվել է 7,5 մլն SMS և 40 մլն զանգ կատարվել

CommunicatorԱմանորի նախաշեմին` 2013թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,205,447 կարճ հաղորդագրություն, իսկ 2014 թ. հունվարի 1-ին` 3,336,833-ը: ՎիվաՍել-ՄՏՍ-ից Անկախին  տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 19,552,223, իսկ 2014-ի հունվարի 1-ին ևս 20,594,997 զանգ:

Ընդհանուր առմամբ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,542,280 կարճ հաղորդագրություն և 40,147,220 զանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 3.3 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 18 տոկոսով:

Ըստ հաղորդման` Ոստիկանության բաժնի նախկին պետը կատարել է պաշտոնեական լիազորությունների չարաշահում

ոստիկանՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննության նյութերի, ինչպես նաև Ոստիկանության աշխատակիցներ Ք. Բ.-ի ու Վ. Ղ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` 2013թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ Ք. Բ.-ին ու Վ. Ղ.-ին է դիմել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Մ. Ս.-ն և բանավոր հայտնել այն մասին, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա, հրազենի գնդակն, ապակին կոտրելով, մտել է ներս և մխրճվել ննջարանի պատի մեջ: Ք. Բ.-ն ու Վ. Ղ.-ն ոստիկանության բաժնի պետին անմիջապես զեկուցել են դեպքի մասին, վերջինս էլ հանձնարարել է առանց Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու` մեկնել դեպքի վայր, ճշտել մանրամասները:
Այնուհետև Ք. Բ.-ն, Վ. Ղ.-ն, ինչպես նաև քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը գնացել են դեպքի վայր, անձամբ տեսել պատուհանի և տան 2-րդ հարկի ննջարանի պատի վրա առկա հրազենային վնասվածքը, որից Մ. Ս.-ն հանել և ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հրազենային գնդակը, որը վերցնելով` առանց կատարված հանցագործության մասին Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու կամ որևէ այլ փաստաթուղթ կազմելու վերադարձել են ոստիկանության բաժին և բաժնի պետին զեկուցել իրենց պարզած հանգամանքները:
Բաժնի պետը, վերցնելով և իր մոտ պահելով հրազենային գնդակը, դիտավորությամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի ցուցում է տվել` Մ. Ս.-ից հաղորդում չընդունել:
ՀՔԾ-ից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն: