Առաջիկա օրերին նորից սառնամանիք

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` դեկտեմբերի 30-ին, հունվարի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն, դեկտեմբերի 30-31-ին և հունվարի 1-ին արևելյան շրջաներում հնարավոր է թույլ ձյուն:
Քամին հարավ-արևմտյան 1-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝
Դեկտեմբերի 30-31-ին և հունվարի 1-3-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Մարդաքանակ ունենալը դեռ չի նշանակում ունենալ բանակ. Վահագն Քեշիշյան

 բանակ, Վահագն Քեշիշյան“Զինված ուժերում ծառայությունն անցում է շատ լավ, բայց…այն բանակը չէր, որը պատկերացնում էի”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում ՀՀ բանակում կատարվող անցուդարձից  նշեց N զորամասի զինծառայող Վահագն Քեշիշյանը:

Նրա համոզմամբ ամերիկյան ֆիլմերում բոլոր զինծառայողները լուրջ են վերաբերվում հայրենիքի պաշտպանության գործին ու բոլորն էլ գիտակցում են, թե ինչին է ուղղված ծառայության յուրաքանչյուր քայլը.

“Մինչ գնալս ընկերներս ասում էին` հիմիկվա մեր բանակը մանկապարտեզ է, ես հակառակն էի համոզում, բայց գնալուս առաջին իսկ օրվանից համոզվեցի, որ ամեն ինչ հենց իրենց ասածի պես է, ես էի հեքիաթներում ապրում: Զենքեր էլ կան, զինվորներ էլ, ռազմական տեխնիկա էլ կա, բայց այդ ամենը ոչինչ է հայրենիքի պաշտպանի հոգեբանության բացակայության պայմաններում: Այսպես ավելի շուտ նմանվում ենք մեր հարևանի բանակին: Մարդաքանակ ունենալը դեռ չի նշանակում ունենալ բանակ: Բանակն առաջին հերթին հոգի է”:

Զինվորի խոսքով սպաներից մեկը մի անգամ պատմել է, որ մի հայ, իմաստուն մի մարդու հարցնում է, թե ինչ է պետք հակառակորդին պատերազմում հաղթելու համար: Պատասխանել է՝ մարդիկ, զենք, հոգի: Հայը հարցրել է, իսկ եթե այդ ցուցակը կրճատենք, ասել է` զենք, հոգի: Հայը նորից է հարցրել, իսկ եթե դա էլ կրճատենք, իմաստունը պատասխանել է` հոգի: Ըստ Վահագնի դպրոցից սկսած պետք է հետևողական աշխատանք տանել զինվորի հոգեբանություն կերտելու համար: ՊՆ նախարարի այս տարվա ուղերձի նպատակը հենց դա է` ՀՀ ԶՈՒ-ից դուրս հանել փողոցային բարքերը: Վերջիվերջո աշխարհում կան կայացած բանակներ, որտեղ և հոգեբանությունը, և կառավարման ձևը, և տեխնիկան հասցված է կատարելության, կարելի է նրանցից օրինակ վերցնել:

Ինչ վերաբերում է Ամանորի եւ Սուրբ Ծնունդի պատրաստությանը, զինվորը նշեց, որ ինչպես ամեն ինչը, այնպես էլ զորամասը զարդարելը բանակում տրվում է հրամանով: Հրամանը իրականում շատ էր սպասված, հատկապես իրենց վաշտում: Դեռ դեկտեմբերի կեսերին փորձնական զարդարում էին զորանոցը, տեսնում էին, թե եղած շղթաներով, լույսերով ու նմանատիպ բաներով ինչպիսի լուծում կարելի է տալ:

Զարդարել են ու քանդել` սպասելով հրամանին: Հրամանը չուշացավ ու լուրջ գործի անցան: Վաշտի ամբողջ անձնակազմն էր ներգրավված զարդարելու աշխատանքների մեջ: Արդյունքում ստացել են ոչ այնքան Նոր Տարվա զարդարանք, որքան գիշերային ակումբի լուսավորություն ու զարդարանք: Կարելի է ասել նույնը, ինչ նախորդները: Երևի թե միայն 1 տարբերությամբ` այս տարի մասամբ կվճարեն հայրենիքի հանդեպ պարտքը.

“Ժամանակն անցնում է ու գնալով հասկանում ես, որ արդեն հասուն ես ու շատ բաներ քեզ թույլ տալ չես կարող Ամանորի գիշերը: Դեկտեմբերի 31-ին օրն անցնելու է հանգստյան օրվա համար նախատեսված գրաֆիկով, իսկ օրակարգով նախատեսված բոլոր միջոցառումների ավարտից հետո մի փոքր կհանգստանանք, որից հետո 24:00-ին մոտ ամբողջ զորամասով կհավաքվենք զորամասի ակումբում օրվա պատասխանատու սպաների հետ: Կմիացնենք հեռուստացույցը ու շունչներս պահած կսպասենք տարվա ամենակարևոր զանգերին: 12 զանգերից հետո կբղավենք, կուրախանանք, իրար կշնորհավորենք ու կգնանք քնելու, որովհետև բանակի համար սկսվում է նոր տարի: Տարի, որի ընթացքում պետք է դիմակայենք նոր խնդիրների, տարի, որի ողջ ընթացքում պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, պետք է պաշտպանենք մեր հարազատներին ու ժողովրդին, որ նա կարողանա նմանատիպ տոները նշի հանգիստ սրտով ու խաղաղ պայմաններում”:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս

Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամասԴեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:

 

Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականցնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։

 

Հայաստանի արտգործնախարարը մաղթեց, որ զինծառայողների ծնողները և հարազատները միշտ բարի լուրեր ստանան իրենց որդիների հաջող ծառայության մասին և առավել հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով։

 

Էդվարդ Նալբանդյանը խաղաղ ծառայություն մաղթեց՝ նշելով, որ Հայաստանի դիվանագետներն իրենց ջանքերն են ուղղում մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության ամրապնդմանը։

 

Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ  ծառայության պայմաններին:

Անկախ

Ամանոր

ԱմանորՏարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկամուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն  ու Չարի ու Վիշապի պղծությունիցազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում  նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում:

Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:

Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:

Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել:

Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:

Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար:

Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները:

Այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ: Առհասարակ որևէ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի հաջողությունը տնից անպակաս լինի: Վաղ առավոտյան նոր բերած ջուրը լցնում էին տան անկյունները` տան առատությունն ապահովելու համար: Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես` մեծերը փոքրերին: Ամանորին տան դուռը երբեք չէր փակվում, լույսերը չէին մարում:

Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:

Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են  միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ:

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ  հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը:

Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:

Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:

Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:

Տարվա առաջին օրը` լուսաբացին, տանտիկինը դուրս էր գալիս և յուղ քսում տան պատի այն հատվածին, ուր պիտի դիպչեր արևի առաջին շողը: Նա կարմիր շոր էր փռում տան շեմին, քանի որ տան շեմը համարվել է այն սահմանը, որտեղ հանդիպում են բարի ու չար ուժերը: Նաև մեղրով խաչ էին նկարում գոմի պատին` ի նշան առատության: Ծերունիները տան դրսի պատին իրենց բնորոշող առարկաներ էին նկարում, հաճախ` ալյուրով: Տան շեմի ու դրսի պատերի հետ կապված բոլոր արարողությունները կապված են նոր տարին ներս հրավիրելու, բարիքը տան մեջ առնելու հետ:

Ջավախքում տանտիկինն ու հարսները տարեհացը ձեռքներին դուրս էին գալիս և նայելով դեպի արևելք` ասում էին. «Դովլաթ, սարն ես, ձորն ես, արի տուն»: Ամանորի առաջին օրը սկզբում այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով:

Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին.

Տունը շեն լինի,

Բարաքյաթ լինի,

Միշտ ջոմարդ լինեք

Մեզ էլ միշտ հիշեք

Շնորհավոր նոր տարի:

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով  պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը:

Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է:

Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:Շարունակությունը  կարդացեք այստեղ:

Անկախ

Հայկական զինուժի ևԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները

Հայկական բանակը 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ն ունեցել է 30 զոհ։ Նախորդ տարվա համեմատ զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակը) կորուստների թիվը նվազել է մոտ 40 տոկոսով։

պնՌազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

 

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Կորուստներ

2013 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ 30 զոհից 7-ը մարտական են. 6 հոգի զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդի կրակից, մեկ զինծառայող՝ ականի պայթյունից ՀՀ հյուսիսարևելյան սահմանում մարտական խնդիր իրականացնելիս։

Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է 5 սպանություն և 6 ինքնասպանություն, ևս 5 զինծառայող զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, իսկ 3 հոգի մահացել է առողջական խնդիրների պատճառով։ Բացի այդ, հոսանքահարումից մահացել է 1 զինծառայող, զենքի և զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումների հետևանքով էլ զոհվել է 3 զինծառայող։

Վիրավորներ

2013 թվականի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 16 վիրավորի մասին, սակայն նշենք, որ վիրավորվելու ոչ բոլոր դեպքերի մասին է հայտնվում: Վիրավորներ եղել են հրադադարի խախտման, ականների պայթյունների և ավտովթարների պատճառով։

2012 թվականի կորուստները

Անցյալ տարի հայկական ԶՈւ կորուստները 52-ն էին։ Նախորդ տարի կորուստների առյուծի բաժինը գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման (14 հոգի, որից 7-ը Տավուշում և Հորադիզում հակառակորդի դիվերսիաների հետևանք) և ճանապարհատրանսպորտային միջադեպերի (14 հոգի) պատճառով: Շատ էին նաև ինքնասպանությունների (ըստ պաշտոնական վարկածի՝ 10 հոգի) ու առողջական խնդիրների (7 հոգի) պատճառով գրանցված մահերը: 2012 թվականին եղել են նաև զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ (2 հոգի) և այլ պատահարներ (3 հոգի)։ Գրանցվել է նաև 2 սպանություն։

2011–13 թվականներին կորուստների համեմատություն

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ Ընդհանուր
Հրադարի խախտում Ականներ Սպանություններ Ինքնասպանություններ Առողջական խնդիրներ Դժբախտ պատահարներ
ՃՏՊ Զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ Այլ
2011 – – – – – – – – 32
2012 14 – 2 10 7 14 2 3 52
2013 6 1 5 6 3 5 3 1 30

Այսպիսով, նախորդ տարվա համեմատ 2013-ին կորուստների թիվը նվազել է շուրջ 40 տոկոսով։

Ադրբեջան,ՊՆ,կադրային փոփոխություններԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները

Ռազմինֆոն ամփոփում է Ադրբեջանի ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի, պետական պահպանության հատուկ ծառայության, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության կորուստները այս տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 28-ը ժամանակահատվածում։

Կորուստները ներկայացնում ենք «մարտական» («հայկական գնդակից», ինչպես նաև Իրանի հետ սահմանային միջադեպի զոհեր) և «ոչ մարտական» բաժանումով։ Այս տարի Ադրբեջանում ականների պայթյուններից անվերադարձ կորուստների մասին չի հայտարարվել, բայց կան վիրավորներ, որոնց կարելի է դասել «մարտականների» շարքում, քանի որ միջադեպերն առաջնագծի մոտ են եղել։

Ոչ մարտական կորուստներ են դժբախտ պատահարների (ներառյալ ավտո- և ավիավթարների), ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով սպանությունների և ինքնասպանությունների, հիվանդությունների, արտակարգ իրավիճակների հետևանքով գրանցված զոհերը։

Աղբյուրներ

Զեկույցի աղբյուրներն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի զեկույցները, ինչպես նաև այդ թեմայով Panorama.am լրատվական կայքի նյութերը։

Հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական տվյալներին պետք է վերապահությամբ մոտենալ, քանի որ հայտնի են դեպքեր, երբ հետմահու պարգևատրել են զինծառայողների, որոնք մինչ այդ մամուլում ներկայացված են եղել որպես ոչ մարտական կորուստներ։ Այսպես, 2012-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել էր շարքային Փարվին Նաիգ օղլու Ասքերովին «Զինվորական վաստակի համար» մեդալով, թեպետ մինչ այդ մամուլում այդ դեպքը ներկայացվել էր որպես ավտովթար։ Այսինքն՝ Բաքուն կամ կոծկում է մարտական կորուստը, կամ պարգևատրում է ավտովթարից սպանվածի. առաջին վարկածն այս դեպքում, ենթադրում ենք, ավելի հավանական է։

Բացի այդ, այս կամ այն դժբախտ պատահարի պատճառով վիրավորված զինծառայողների մասին թե´ պաշտոնական աղբյուրներից, թե´ ադրբեջանական մամուլում հաճախ հայտնի է դառնում միայն, երբ տուծաժը մահանում է։ Օրինակ՝ Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ումուդով Էլշադ Մուսլիմ օղլուի մահվան մասին հաղորդվել էր միայն հոկտեմբերի 17-ին, մինչդեռ վերջինս ծանր վնասվածքներ էր ստացել դեռևս հոկտեմբերի 7-ին, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ՃՏՊ-ի հետևանքով, ինչի մասին Ադրբեջանի ՊՆ-ն լռել էր։

Ադրբեջանի ՊՆ-ի՝ զինծառայողների մահվան պատճառները կոծկելու փաստեր են վերհանվել նաև վերջին օրերին։ Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովը հաստատում է, որ ընթացիկ տարում առնվազն 5 զինծառայող մահացել է բռնության պատճառով, մինչդեռ այդ դեպքերը նախկինում պաշտոնապես նշվել ենորպես առողջական խնդիրների պատճառով կորուստներ կամ ինքնասպանություններ։

Ինչ վերաբերում է «Դոկտրինա» կենտրոնին, ապա չնայած վերջինս ադրբեջանական կորուստների վերաբերյալ ներկա դրությամբ մեզ հասանելի հիմնական աղբյուրն է, այդ կազմակերպության վերաբերյալ որոշակի հարցեր են առաջանում։ Օրինակ՝ կազմակերպության ղեկավարն է ոմն Ջասուր Սումերինլին, որի անձի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նրա խոսքերով՝ կենտրոնը կորուստների մասին զեկույցներ է կազմում 2003-ից, սակայն համացանցում մեզ չհաջողվեց կազմակերպության մասին 2011-ից վաղ որևէ հիշատակում գտնել։

Վերջին շրջանում «Դոկտրինան» կորուստների վերաբերյալ ամսական զեկույցներ է տալիս, որոնք հիմնականում հրապարակվում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության կայքերում։ Սակայն զեկույցները «Թուրանում» ներկայացվում են ամփոփ, միայն թվերով՝ առանց միջադեպերի մանրամասների, սպանվածների անունների և անձնական տվյալների։ Փոխարենն այս տարի անուններով և անձնական տվյալներով տարեկան ամփոփման տեսքով զեկույց է հրապարակվել ադրբեջանական «Զերկալո» պարբերականում:

Հաստատված և չհաստատված կորուստների խնդիրը

2013-ին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում,  համաձայն Ադրբեջանի էլեկտրոնային մամուլի մշտադիտարկման, գրանցվել է 84զոհ։ Ադրբեջանական կողմի բնորոշմամբ դրանցից 11-ը «մարտական» են, իսկ 73-ը՝ «ոչ մարտական»:

Հաստատված ենք համարում այն կորուստները, որոնց մասին հայտնվել է պաշտոնական հաղորդագրությամբ կամ էլ լրատվամիջոցների հետ ՊՆ մամուլի ծառայության զրույցներում։ Ըստ այդմ, նշված 84 կորուստներից պաշտոնապես չեն հաստատվել 32-ը։

Ուշագրավ է, որ ՊՆ-ի չհաստատած կորուստների մեծամասնությունը ժամանակահատվածով համընկնում է պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարման մեկնարկի հետ։ Հոկտեմբերի 24-ից կադրային կտրուկ փոփոխությունների արդյունքում պաշտոնից հեռացվեցին նաև մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ու վերջինիս տեղակալԹեյմուր Աբդուլաևը։ Ադրբեջանում լրագրողները սկսեցին դժգոհել, որ ՊՆ-ից բավականին հաճախ հրաժարվում են մեկնաբանություններ տալ կամ զանգերին առհասարակ չեն պատասխանում։ Իհարկե, Սաբիրօղլուին դժվար է անվանել լրագրողների հետ թափանցիկ աշխատող խոսնակ, քանի որ նրա օրոք էլ ՊՆ մամուլի ծառայության աշխատանքից դժգոհությունները քիչ չէին։

Այնուհանդերձ, ակնհայտ է՝ Զաքիր Հասանովի պաշտոնավարումից հետոԱդրբեջանի ՊՆ-ից զոհերի և միջադեպերի վերաբերյալ հայտարարությունները գրեթե դադարել են։ Օրինակ՝ նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական լրատվակայքերում կորուստների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։

2013 թվականի կորուստների վերլուծություն

Ըստ ադրբեջանական մամուլի և ՊՆ տվյալների՝ 73 ոչ մարտական զոհերից 10 զինծառայող ինքնասպանություն է գործել, 16-ը մահացել է հիվանդություններից (քաղցկեղ, լեյկոզ, ուղեղի ուռուցք, սրտի անբավարարություն և այլն), 15-ը՝ ավտովթարի, 3-ը՝ ավիավթարի (Մի-17 բեռնատար ուղղաթիռի կործանում) պատճառով:

Ոչ մարտական կորուստներից 6-ը բաժին է ընկնում զենքի հետ անզգույշ վարվելու, 6-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ծառայակցի դանակահարության, 1-ը՝ ծառայակիցների ծեծի, 1-ը՝ քաղաքացիական անձի հետ վեճի դեպքերին: 8-ը դժբախտ պատահարների զոհ են, որոնցից 1-ը՝ հրդեհի, 1-ը՝ գազից թունավորման, 2-ը՝ էլեկտրահարության, 3-ը՝ ջրահեղձության, 1-ը՝ տանկի կողաթեքվելու դեպքեր են: 6 զինծառայողների մահվան պատճառներն անհայտ են:

Ըստ զինվորական կոչումների՝ զոհված զինծառայողների շարքում 8-ը ենթասպաներ են, 4-ը՝ լեյտենանտներ, 3-ը՝ ավագ լեյտենանտներ, 1-ը՝ փոխգնդապետ, 2-ը՝ կապիտան, 2-ը՝ կուրսանտ, 1-ը՝ նավաստի, 1-ը՝ սպա, որի զինվորական կոչումը չի նշվում։ Կոչումների առումով ցանկն ամբողջական չէ, քանի որ շատ դեպքերում թե´ադրբեջանական մամուլը, թե´ ՊՆ մամուլի ծառայությունը զոհված զինծառայողի կոչումը կամ պաշտոնը չեն նշում։

Վիրավորներ/անհայտ կորածներ

Անցնող տարում Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում, համաձայն ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների հաղորդած տվյալների, գրանցվել է 87 վիրավոր, որից 9-ը, ադրբեջանական կողմի բնորոշմամբ, «հայկական գնդակից», 3-ը՝ ականների պայթյունից։ «Դոկտրինայի» հաղորդմամբ՝ վիրավորների թիվն 96 է, սակայն կենտրոնը չի ներկայացրել վիրավորների անձնական տվյալներն ու այլ մանրամասներ:

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Զեյնալով Նուրլան Վիդադի օղլուն անհայտ կորած է հայտարարվել։ Զինծառայողն արձակուրդի ընթացքում՝ սեպտեմբերի 21-ին, դուրս է եկել տանից ու չի վերադարձել։ Մինչ օրս զինծառայողի հայտնաբերման լուրեր Ադբեջանի էլեկտրոնային լրատվամիջոցներում չկան։

«Դոկտրինայի» զեկույցի հետ զուգահեռներ

Նկատենք, որ ըստ «Դոկտրինայի» 2013-ի ամսական ամփոփումներից հավաքագրված տվյալների՝ Ադրբեջանն անցնող տարում ունի 79 կորուստ, 96 վիրավոր։ Ճիշտ է, Ջասուր Սումերինլին իր ասուլիսներում պարբերաբար նշում է, որ իրենց զեկույցները կազմվում են ադրբեջանական մամուլի մշտադիտարկման արդյունքում, սակայն ենթադրում ենք, որ կենտրոնն այլ աղբյուրներ ևս ունի։

Այսպես, «Դոկտրինա»-ի 2013-ի զեկույցում նշվում է ԱԻՆ-ի զոհված 2 աշխատակիցների մասին, որոնց վերաբերյալ էլեկտրոնային մամուլում տվյալներ չկան։ Ընդ որում, կորուստներից մեկը հունվար ամսվա 6 ոչ մարտական զոհերից է եղել՝ դատելով ամսական զեկույցից, իսկ մյուսը՝ մայիս-հուլիսին, Նախիջևանի ԱԻՆ-ից:

«Դոկտրինան» արդեն իսկ տարվա ավարտին ներկայացված զեկույցում նշում է զոհված ԱԻՆ աշխատակիցներից մեկի անունը՝ Ռուսլան Գուլիև, ով հուլիսի 3-ին ավտովթարի է ենթարկվել ու զոհվել, սակայն պաշտոնական հաստատում չկա:

Նշենք, որ «Դոկտրինայի» տարեկան զեկույցը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԻՆ-ը գրանցել է ևս մեկ զոհ. ԱԻՆ մամուլի ծառայության հաստատմամբ՝ հրշեջ ծառայության աշխատակից Զաուր Էյվազովը մահացել է հրդեհը մարելիս, ուստի կորուստն ընդգրկված չէ «Դոկտրինայի» ներկայացրած 79 զոհերի ցուցակում։

Նշենք, որ Ռազմինֆոն ԱԻՆ 3 կորուստներն Ադրբեջանի այս տարվա զոհերի շարքում չի ներառել։

«Դոկտրինան» որպես մարտական կորուստ է ներկայացրել Իրանի հետ սահմանի Լերիքի շրջանում սահմանային միջադեպի հետևանքով զոհված, պետական սահմանապահ ծառայության մայոր Մաքսուդ Նագիևին, որի մահվան լուրն իրանական կողմը չի հաստատել:

Կենտրոնը ոչ մարտական կորուստների շարքում ընդգրկել է բարձրաստիճան զինվորականների մահվան 2 դեպք:

Մասնավորապես, սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի՝ զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության ղեկավարի տեղակալ Ռամիզ Մամեդովը մեկ շաբաթ առաջ ուղեղի կաթված տանելուց ու հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել էր:

Նոյեմբերի 22-ին սրտամկանի ինֆարկտից մահացել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի տեղակալը՝ ԶՈւ գեներալ-մայոր Մուհամմեդ Աբբասգուլիևը։

Բացի այդ, 2013-ի նոյեմբերի 3-ին, ներկայացնելով հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցված կորուստները, «Դոկտրինան» փաստում է՝ եղել է 76 կորուստ, 66-ը՝ ոչ մարտական, իսկ դեկտեմբերի 2-ին կենտրոնը տեղեկացնում է՝ տարվա սկզբից մինչ դեկտեմբերի սկիզբը գրանցվել է 77 կորուստ, որից 67-ը՝ մարտական։

Համեմատելով թվերը՝ տեսնում ենք, որ ոչ մարտական զոհերի ցուցակում նախորդ ամսվա «հիվանդությունից մահացած 11 հոգին» դարձել է «12 հոգի»։ Փաստորեն, նոյեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է առնվազն 1 կորուստ հիվանդության պատճառով, սակայն ադրբեջանական լրատվակայքերի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ նոյեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում կորուստներ չեն հայտարարվել, գրանցվել է 7 վիրավոր և տուժած։ Այսինքն՝ հիվանդությունից մահացած ադրբեջանցի զինծառայողի մասին ադրբեջանական ՊՆ-ն ու մամուլը չեն հաղորդել։

Հարկ է նշել, որ մայիսի 3-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության այդ ժամանակվա ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել էր՝ մինչ այդ պահն Ադրբեջանում «հայկական գնդակից» զոհվել է 7 զինծառայող, մինչդեռ նույն ժամանակահատվածում ադրբեջանական մամուլի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ «թշնամու գնդակից» զոհվել են միայն 5 զինծառայող: «Դոկտրինան» հայտարարել է, որ իրեն ևս հայտնի չեն մնացյալ 2-ի անունները, ուստի զեկույցում դրանք ընդգրկված չեն։

Այնուամենայնիվ, որոշ վերապահությամբ ներառել ենք Սաբիրօղլուի հայտարարած 7 կորուստներն էլ՝ դիտարկելով որպես պաշտոնական հայտարարություն։ Բայց հարկ ենք համարում շեշտել, որ չի բացառվում՝ այդ 2 անհայտ զոհերն իրականում լինեն գրանցված ոչ մարտական կորուստների շարքում։

Կասկածելի մահեր

• 2013-ի սկզբին՝ հունվարի 7-ին, 1994-ին ծնված զինծառայող Ջեյհուն Զաման օղլու Գուբադովը, որը զորակոչվել էր 2012-ի հոկտեմբերին, պաշտոնական վարկածով մահացել է սրտի կաթվածից, սակայն ադրբեջանական մամուլում հայտնվել էին զինծառայողի դիի լուսանկարները՝ կապտուկների և վնասվածքերի հետքերով։ Զինծառայողի մահվան դեպքը քննարկումների առիթ էր տվել սոցցանցերում, որոնք հունվարի 12-ին վերաճել էին ոչ մարտական կորուստների մեծ թվի դեմ ուղղված բողոքի ցույցի։

• Փետրվարի 11-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի ՌՕՈւ Մի-17 բեռնատար ուղղաթիռն ընկել է Կասպից ծովը, որի հետևանքով օդաչուն և 2 մեխանիկները զոհված են համարվում: Հայտնաբերել են միայն մեխանիկներից մեկի դին: Մինչ օրս ուղղաթիռի վթարի պատճառի մասին հայտարարություն չի եղել:

• Նախիջևանում փետրվարի 15-ին զորավարժության ժամանակ տանկն ընկել է կիրճը։ Տանկը կառավարող պայմանագրային զինծառայող Մուշվիգ Հազանֆար օղլու Բեյլյարովը չի կարողացել դուրս գալ տանկից ու մահացել է։ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել իրավիճակը, անհայտ են տանկի վթարի պատճառները։

• Մարտի 2-ին Ադրբեջանի գլխավոր կլինիկական հոսպիտալում ադրբեջանական լրատվակայքերի հայտնած նախնական տեղեկություններով հեպատիտից մահացել է Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտ Ռահիլ Ամիքիշիևը։ ՊՆ-ն մինչ օրս մահվան պաշտոնական վարկած չի ներկայացրել։

• Մարտի 24-ին պետական պահպանության հատուկ ծառայության զինծառայող, 19-ամյա Մամեդով Մամեդաղա Նովրուզ օղլուին կախված են գտել ուղղաթիռների օդանավակայանի տարածքում: Ադրբեջանի ՊՆ-ն չի արձագանքել միջադեպին: Պատճառներն անհայտ են:

• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկի` 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուի մահվան փաստը՝ որպես պատճառ նշելով զենքի հետ անզգույշ վարմունքը: Ադրբեջանական մումուլում տարածվել էր զինծառայողի վերջին սոցցանցային գրառումը, որտեղ նա դժգոհել էր պետությունից:

• Սեպտեմբերի 24-ին հայտնի է դարձել, որ հոսպիտալի բժիշկ, ՆԶ կապիտան Ադիլ Գուլիևը մահացել է «ինչ-որ հիվանդությունից»: Միջադեպի մանրամասներն անհայտ են, ՆԶ-ից չեն մեկնաբանել։

Նախորդ տարիների հետ համեմատություն

2010-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություններում գրանցվել էր 71զոհ, 2011-ին՝ 95, որից մարտականը՝ 19, 2012-ին՝ 97  (ըստ «Դոկտրինայի»), 99-ը (ըստ Panorama.am-ի), որից մարտականը՝ 16 (13-ը՝ հրադադարի խախտում, 3-ը՝ ականի պայթյուն): 2012-ի ոչ մարտական կորուստների շարքում 22-ը ծառայակիցների արձակած կրակի ու դանակահարության, 19-ը՝ ինքնասպանության, 16-ը՝ ավտովթարների, 14-ը՝ հիվանդության, 5-ը՝ տարբեր արտակարգ իրավիճակների զոհեր են, 5-ը՝ անհայտ:

Ստացվում է՝ 2012-ի համեմատ Ադրբեջանում կորուստների ընդհանուր քանակը նվազել է 13.4 %-ով, մարտական կորուստները՝ 31.3 %-ով, ինքնասպանություններինը՝ 47.4%-ով, սպանություններինը՝ 59.1 %-ով, ավտովթարներինը՝ 6.4%-ով, հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թիվն աճել է 14.3 %-ով:

Անկախ

«Մի շատ կարևոր գույն, տեսակ խորհրդարանում այլևս չի լինի». Սամվել Ֆարմանյանը` Վահան Հովհաննիսյանի մասին

WIlEVh9urPlZ3ZXQcYLTcJsD0IԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր ընդդիմադիր գործընկերոջը` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին Նախագահի հրամանագրին: Նա մասնավորապես գրել է.

“Այսօր հրապարակվեց Նախագահի հրամանագիրը Վահան Հովհաննեսյանին ԳԴՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

Առանց չափազանցության, պարոն Հովհաննեսյանը իր պատկառելի գիտելիքներով, միջազգային հարաբերությունների փայլուն իմացությամբ, քաղաքական խարիզմայով, կապերով ու հարուստ կենսափորձով պատիվ կբերեր աշխարհի ցանկացած երկրի դիվանագիտական կորպուսի: Կասկած չկա, հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր երկրի շահերը ԵՄ-ի սրտում կհետապնդվեն առավելագույնս: Ես ամենայն բարիք եմ մաղթում դեսպան Հովհաննեսյանին:

Մյուս կողմից, այս նշանակմամբ խորհրդարանն աղքատացավ, մի շատ կարևոր գույն, տեսակ խորհրդարանում այլևս չի լինի, վախենամ՝ ընդմիշտ”,-գրել է :

«2014 թվականը թող լինի հայի առողջացման տարի». Հովհաննես Ազոյան

999912_350002905142065_347458376_n

Դերասան, շոումեն Հովհաննես Ազոյանը` Հովոն, իր ֆեյսբուքյան էջի միջոցով ամանորյա շնորհավորանք է հղել իր ընկերներին` գրելով.

“Ուզում եմ շնորհավորել իմ ընկերներին Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Հատկապես այն մարդկանց, ով մտահոգ է Հայաստանի ներկայով և ապագայով, ով իր ժամանակն ու առողջությունը չի խնայում և ամռան տապին կամ ձմռան բքին, դուրս է գալիս փողոց ու պայքարում է հանուն մեզ, հանուն մեր երեխաների անհոգ ապագայի։ Սիրում եմ ձեզ , շնորհակալ եմ ձեզ։ Դուք եք ոգեշնչում ինձ ապրել Հայաստանում։ Թող Աստված ձեզ ուժ տա, որ չկորցնեք ձեր հավատն ու իմաստությունը։ Ու թող, որ դուք տեսնեք պայքարի ավարտը և ձեր կյանքի մնացած տարիները վայելեք ձեր պայքարի պտուղները։ Սիրում եմ ձեզ։ Շնորհավորում եմ, մեր բոլորիս շահերը վերջին ճիգերով պահող մեր ընդիմությանը։ Սիրում եմ ձեզ։ Իսկ մեր ժողովրդի մյուս մասին և իշխանության մի զգալի հատվածին էլ ցանկանում եմ, որ ձերբազատվի ստրուկի ու անճարի հոգեբանությունից և գտնի իրեն։ Ու այդ ժամ ես ձեզ էլ կսիրեմ։ 2014 թվականը թող լինի հայի առողջացման տարի”։

ԱՄԱՆՈՐ

597b81c30a4614bd1a0957a424058cf1_fullՏարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն  ու Չարի ու Վիշապի պղծությունիցազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում  նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում:

Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:

Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:

Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել:

Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:

Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար:

Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները:

Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:

Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են  միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ:

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ  հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը:

Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:

Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:

Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:

Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին.

Տունը շեն լինի,

Բարաքյաթ լինի,

Միշտ ջոմարդ լինեք

Մեզ էլ միշտ հիշեք

Շնորհավոր նոր տարի:

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով  պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը:

Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է:

Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:

Ամանորյա նախապատրաստությունների առանցքը խմորեղեններն են: Կարևոր արարողություն էր հաց թխելը: Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով: Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում:

Թոնիրը հայոց մեջ պաշտամունքային նշանակություն ուներ: Թոնիր ունեն շատ ազգեր, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել: Այն արևն է` գետնի մեջ: Եվ հայ կինը խոնարհվում է արև-աստծուն, որ վերջինս հաց պարգևի: Հնում, երբ մոտակայքում տաճար չի եղել, քրմերը թոնրի մոտ են կատարել պսակի արարողությունը: Ամանորի գիշերը թոնրատան սևացած առաստաղը ալյուրով սպիտակեցնում էին` վրան պատկերելով երկնային լուսատուներին: Երկնային լուսատուներին պատկերում էին նաև տարեհացի վրա:

Հետաքրքիր սովորություն կար հաց թխելու արարողակարգում: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ փոքրիկ աղջնակը շաղախում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնեին, որ ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:

Հացից հետո թխվում էին գաթաները, նազուկը, «Փուռնիկ», «Կրկենի», «Տարեհաց» կոչված ծիսական հացերը: Այս հացերը տարբեր ձևեր ունեին: Գաթաների ու ծիսական հացերի մեջ ձու, կարագ, կաթնեղեն չի օգտագործվում:

Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ: Այս վիճակի համար գաթաներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով:

Ծիսական հացերն ու խմորեղենն ունեին հմայող, գուշակող, չարը խափանող «հատկություններ»: Ամանորյա հացերի երեսին հաճախ էին նախշերի մեջ տասներկու գիծ անում, որոնք խորհրդանշում էին տարվա ամիսները:

Երբեմն խմորեղենները թխում էին աշխատանքային գործիքների տեսքով ու ձևով և նրանց միջոցով գուշակություններ անում: Օրինակ, եթե թխելու ընթացքում ուռչում էր «Հացի հոր» կոչվող խմորեղենը, ուրեմն տարին հացառատ էր լինելու: Եթե լավ էր թխվում «եզան պտուկներ» կոչվող խմորը, տարին կաթնառատ կլիներ…

Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Վասիլ»: Սրանք թխվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան: Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում էր կինը կհղիանա: Եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում` կամուսնանա:

Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալ տվյալ տղայի հետ: Ի պատասխան` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը: Այս սովորույթը պահպանվել է Լոռիում հարսանիքների ժամանակ, երբ ազաբները զարդարված խնձորներ են ուղարկում աղջիկներին:

Այն տանը, որտեղ ամուսնացնելու աղջիկ ունեին, դռնից կամ տան կտուրից կարմիր կտոր կամ ավել էին կախում:

Ամանորյա սեղաններին կարևոր տեղ ունեին մրգերը: Նրանց մեջ առանձնահատուկ էին խնձորը, նուռը, խաղողը:

Առհասարակ, յուրաքանչյուր տոն, մանավանդ Ամանորը, հարուստ կերակրացանկ ունի: Սակայն կան կերակրատեսակներ, որոնք պարտադիր են տվյալ տոնի համար: Ամանորյա կերակրատեսակներն են տարեհացը, մարդակերպ գաթաները, լոբով աղցանը, մայրամապուրը, «Կաղանդ» անուշը, խոշաբը, սիսեռից գնդիկները:

Բաղադրատոնսերի համար հետևեք հղմանը`

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում ՀՀ դեսպան է նշանակվել

imagesՆախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշում է կայացել Վահան Հովհաննեսյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին): Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանն ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Անկախ

Թուրքական բանակը չի պատրաստվում միջամտել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին

Թուրքական բանակ, քաղաքական ճգնաժամԹուրքական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում միջամտել Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամին, որն առաջացավ կոռուպցիոն սկանդալի հետ: «Թուրքիայի զինված ուժերը չեն պատրաստվում մասնակցություն ունենալ քաղաքական վեճերին»,-հայտնել էր Թուրքիայի Գլխավոր շտաբը: Թուրքիայում վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում մասնակցություն ունեցած անձինք, մասնավորապես Յալչըն Աքդողանը, կարծիք էր հայտնել, որ զանգվածային սկանդալը կարող է ռազմական հեղաշրջման պատճառ հանդիսանալ:
Նշենք, որ անցյալում Թուրքիայում մի քանի անգամ ռազմական հեղաշրջումներ են տեղի ունեցել: 1960, 1971 և 1980 թվականների ռազմական հեղաշրջումների ժամանակ թուրքական բանակը հենց քաղաքական ճգնաժամների ժամանակ էր, որ կարողացավ իշխանությունն իր ձեռքը վերցնել: Իսկ ահա 1997 թվականին թուրք գեներալները Թուրքիայի իսլամիստական կառավարությանը (ինչպես և հիմա է) ստիպեցին հրաժարական տալ: Սակայն պետք է արձանագրել, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ` Թայիփ Էրդողանը իր կառավարման ժամանակաշրջանում կարողացավ զգալիորեն թուլացնել բանակի դերը Թուրքիայի քաղաքական կյանքում: Դրան էին ուղղված նախորդ ռազմական հեղաշրջումներին մասնակցություն ունեցած թուրք մի շարք սպաների ձերբակալությունները: Այսօր թուրքական բանակը անհամեմատ ավելի թույլ դերակատարություն ունի քաղաքական գործընթացներում:

Անկախ

Ադրբեջանական մամուլում հայտնվել է ֆոտոշարք Ստեփանակերտից,լուսանկարներ

ստեփանակերտԱդրբեջանական «Oxu.az» կայքում հայտնվել է մի ֆոտոշարք, որտեղ պատկերված են տարբեր տեսարաններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից: Կայքը Ստեփանակերտն անվանել է ադրբեջանական տարբերակով՝ «Խանքենդի»: Ահա թե ինչ են գրում ադրբեջանցիները. «Եվ մենք դեռ ստիպված ենք նայել մեր հողերին լուսանկարներով: Ցավալի է, բայց հայերի օկուպացիայից արդեն 22 տարի անց, մենք դեռ հարկադրված ենք մեր հողերը տեսնել հայերի արած լուսանկարներով: Հիշեցնենք, որ Խանքենդիի օկուպացիան ավարտվեց 1991 թվականի դեկտեմբերի 28-ին Քերքիջախան գյուղի գրավմամբ»:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին

SIP_0121 copy2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին:

Հանդիպումը կայացել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդների հերթափոխի կապակցությամբ` ավագ գնդապետ ՈՒ Ցզինցիի ռազմադիվանագիռազմական առաքելության ավարտի և գնդապետ Լի Գուանիայի` ՀՀ-ում հավատարմագրման առիթով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին հետագա զարգացման ուղիները:

 

 Անկախ

 

 

 

 

 

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ

ՊԲ,պնՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անկախ

Ոստիկանությունն այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները

ՀՀ-ոստիկանություն2ՀՀ ոստիկանությունը հայտարարում է.

“Հարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ  ու մեծ ակնկալիքներով: Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:

Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսևորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթևեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթևեկելիս:

Հարգելի քաղաքացինե՛ր, երթևեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն իրականացրեք:  Ոստիկանությունը հատկապես այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները, սակայն ակնկալում ենք երթևեկության բոլոր մասնակիցների բարձր իրավագիտակցություն՝ հիշեցնելով, որ կանոնները խախտելով՝ նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը: Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաև տոնական հրավառություններ կազմակերպելիս: Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նպատակով՝  քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1.00-ն: Ոստիկանությունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության: Հարգելի բարեկամնե՛ր, կրկին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն. հնարավոր պատահարներն ու դժբախտ դեպքերը բացառելով՝ իսկապես տոն դարձնենք նոր տարվա գալուստը:

Ոստիկանությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարօրություն ու երջանկություն”:

Անկախ

Թունավորում`գազի արտահոսքի հետևանքով

gaz-shmolԴեկտեմբերի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնից Մասիսի բաժին նյութեր են ստացվել, որ շմոլ գազի թունավորումով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Մարիամ Ա.-ն և 2000 թ. ծնված Նադիա Ա.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մարիամ և Նադիա Ա.-երը շմոլ գազի թունավորումը ստացել են տան վառարանից գազի արտահոսքի հետևանքով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունք:

Անկախ

 

Վիճաբանության ժամանակ որդին անզգուշաբար դանակը մոր փորն է մտցրել

դանակԴեկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի թափանցող ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Ռիտա Գ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը, 18.30-ի սահմաններում, Ռիտա Գ.-ի որդու` 1991 թ. ծնված Գառնիկ Գ.-ի և ամուսնու` 1967 թ. ծնված Գագիկ Գ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գագիկ Գ.-ն, շրջվելիս, ձեռքին եղած դանակով անզգուշաբար Ռիտա Գ.-ին պատճառել է նշված մարմնական վնասվածքը:

Ռիտա Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

231703301387539090Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.05-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ին,  հիվանդանոց  բուժօգնության է դիմել 20-ամյա երիտասարդ` հայտնելով, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենան Ալավերդյան փողոցում իրեն վրաերթի է ենթարկել:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում  «Բիայդի»   մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 24 հասցեի դիմաց «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ԳԱԶ-2752» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խուդյակովի փողոցում բախվել է «ԲՄՎ-X 5» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2752»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենան Բագրևանդ թաղամասի և Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում բախվել   է «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.30-ին,  «ՎԱԶ-21015»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տափերական-Նոր Կյանք ճանապարհին, Գինեվետ գյուղի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Տոյոտա-Պռադո»   մակնիշի ավտոմեքենայի  վարորդը Սպիտակի Ավետիսյան և Թորոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Անի Դ.-ին և նրա քրոջը` 2008 թ. ծնված Մարիետա Դ.-ին,  և նրանց հիվանդանոց տեղափոխելուց հետո` ներկայացել բաժին:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Լոռու մարզում` Գյուլագարակ-Ամրակից ճանապարհի 1-ին կմ-ին, իրար են բախվել «ՎԱԶ-21063»  և   «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջերո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Շիրակի մարզի Ազատան գյուղի 1-ին փողոցի թիվ 51 տան դիմաց «Սուբառո»  մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել էլեկտրասյանը:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին  «ԳԱԶ-24»   մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Անկախ

Թևան Պողոսյանը մանդատը վայր է դնում

arm13824549797ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: Նա մասնավորապես գրել է. «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում:

Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,-գրել է նա:

Անկախ

Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրել2

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ավտոճանապարհՀՀ ԱԻ նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում առկա է մառախուղ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 Անկախ