Նշվում են Ռոմանոս Մելիքյանի և նրա հիմնած կոնսերվատորիայի հոբելյանները

համերգԴեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված էր Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին: Ծրագրում հնչեցին Ռոմանոս Մելիքյանի «Օրոր», «Վայրի ծաղիկ», «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլ ա», «Ես բլբուլ եմ», «Աշնան երգ», «Պսակ-պսակ», «Կլոր պար», «Սիրուն գիշեր», «Դափ դափի դափ», «Շափաղ կուտաս», «Մի լար», «Արտուտիկ», «Զընկլիկ», «Վարդը», «Սիրուն ուռենի» վոկալ ստեղծագործությունները: Մենակատարները Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն էին՝ Արմինե Խաչատրյան, Արմինե Վարդանյան, Փիրուզա Արզումանյան, Անուշ Մելքումյան, Լուիզա Երեմյան, Կիմ Սարգսյան:

Երգչուհի Աննա Մայիլյանը նշեց, որ Ռոմանոս Մելիքյանը հայ կոմպոզիտորական արվեստի մեջ մի յուրահատուկ տեղ է գրավում։ «Ամեն անգամ նրա երգերը կատարելիս զարմանում ենք բազմաժանրությամբ, մի երգն աշուղականի տպավորություն է թողնում, մյուսը ժողովրդական է։ Զարմանալի կոմպոզիտոր է, որին պետք է բազմիցս անդրադառնանք»,- նշեց Աննա Մայիլյանը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ համերգը նվիրված էր նաև Երևանի կոնսերվատորիայի 90-ամյա հոբելյանին, որը հիմնադրվել է հենց Ռոմանոս Մելիքյանի կողմից։ 1921-ին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրում է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու: 1923 թվականին Ռոմանոս Մելիքյանի ջանքերով ստուդիան վերածվեց կոնսերվատորիայի:

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անուններն, ում հոբելյանը նշվում է տվյալ տարի: Փառատոնի նպատակն է սերունդների միջև ամուր կապի ստեղծումը, հայ կոմպոզիտորական դպրոցի` ապագա սերունդների համար ստեղծած ժառանգության արժևորումը և այդ գործընթացի շարունակականության ապահովումը: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24– ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Արթիկի, Կոտայքի, Դիլիջանի,Գորիսի, Կապանի  տարածաշրջանների և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ   առկա է  մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00  – ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Մետաղագործության զարգացումը Հայաստանում

downloadՍարգոն թագավորը մ.թ.ա. 714 թ. միայն Մուսասիրի տաճարից թալանեց ավելի քան 2 տ ոսկի, 10 տ արծաթ,100 տ երկաթ:

Հայաստանը մետաղագործության հայրենիքն է:
Առհասարակ Հայկական լեռնաշխարհը հարուստ է մետաղով, ինչը նպաստել է մետաղագործության մշակույթի սկզբնավորմանն ու ձևավորմանը:
Հնագիտական պեղումները փաստում են, որ մետաղագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի: Առաջին մետաղը, որին տիրապետել է մարդը, պղինձն է: Դա պայմանավորված է պղնձի հալման համեմատաբար ցածր ջերմաստիճանով և այն հանգամանքով, որ պղնձի հանքանյութը երկրի վերին մակերեսում է: Պղնձեդարյան մշակույթի բնակավայրերը Հայաստանի տարածքում գրեթե ամենուր են:
Պատահական չէ, որ աշխարհի հնագույն մետաղաձուլարանը, որ հայտնի է, դարձյալ գտնվում է Հայաստանում` Մեծամորում:
Հենց մետաղագործության շնորհիվ հին հայկական ցեղախմբերից մեկը` հյուքսոսները, կարողացան հեշտությամբ նվաճել Եգիպտոսը, քանզի հայկական բանակը եգիպտական բանակի զինվորների փայտյա սրերի դեմ կռվում էր երկաթյա սրերով:

Արարատյան թագավորության ժամանակ երկրում մետաղագործությունը մեծ թափով զարգացավ: Դեռ նախնադարից հայոց երկրում զարգացած էր բրոնզի կիրառումը, իսկ երկաթը տարածաշրջանում առաջինը երևան եկավ հենց Հայաստանում: Ուրարտական զարգացած մշակույթը հենց կապված էր մետաղագործության բարձր զարգացման հետ: Դեռևս երեք հազարամյակ առաջ ուրարտական մետաղներն արտահանվել են արտերկիր` Հյուսիսային Կովկաս (Մայկոպ, Կելերմես), ինչպես նաև Ասորիք և Միջագետք (Կարքեմիշ, Բաբելոն), ինչպես նաև Մարաստան, Իրան, Առաջավոր Ասիայի երկրներ, անգամ Էգեյան ծովի ավազան: Այս փաստը վկայում են հնագիտական պեղումները. ուրարտական քաղաքների պեղումներից ավելի շատ մետաղական իրեր են հայտնաբերվել, քան նույն ժամանակահատվածում այլ երկրներում: Այս մետաղական իրերը բազմաբնույթ են. զենքեր, աշխատանքային գործիքներ, զարդեր, կենցաղային զանազան իրեր: Ուրարտական մետաղագործությունն ապահովված էր տեղական հումքով, և հայերն այդ ժամանակներից արտահանում էին մետաղ: Ասվածի վկայությունն է նաև այն, որ ասորական Սարգոն Բ արքան իր արշավանքի ժամանակ բացառապես մետաղական իրեր էր ռազմավար տանում: Մասնավորապես, մ.թ.ա. 714 թ. նա միայն Մուսասիրի տաճարից թալանեց ավելի քան 2 տ ոսկի, 10 տ արծաթ,100 տ երկաթ, ինչպես նաև որպես ռազմավար ձեռք բերեց բրոնզ ու թանկագին քարեր, գավազաններ, փղոսկրի և եբենոսի փայտից, ոսկի պատյաններով արքայական իշխանության նշաններ, զանազան անոթներ, զենքեր թանկագին նյութերից, 13 բրոնզե ավազան, 130 բրոնզե առարկա, 130 գունագեղ զգեստներ և վուշե շապիկներ, 6 ոսկե վահան, 12 արծաթե վահան` վիշապի գլուխներով, ոսկե կողպեքներ, բանալիներ, սրեր, 96 նիզակ, 33 արծաթե կառք, 394 արծաթե անոթ, 25212 բրոնզե վահան, 1514 բրոնզե նիզակ, 305412 բրոնզե սուր, 607 բրոնզե ավազան, աստվածների բրոնզե 4 արձան: Այս ավարը անգամ մեր ժամանակներում հսկայական արժեք ունի:
Մետաղական հանքավայրերի առկայությունն էլ միշտ գրգռում էր օտար նվաճողների ախորժակը, և նրանք արշավում էին Հայաստան:
Դեկորատիվ կիրառմամբ զարգացած էր հատկապես բրոնզագործությունը: Էրեբունի թանգարանում պահպանվող Արգիշտի Ա և Սարդուրի Բ արքաների բրոնզաձույլ վահաններն ու սաղավարտներն այդ մասին են վկայում: Դրանք աչքի են ընկնում ոչ միայն իրենց որակով ու ճաշակով, այլև պատրաստման տեխնիկայով: Դրանք ձուլվել են մոմե կաղապարների և մոդելների միջոցով:
Հատուկ գեղագիտական արժեք են ներկայացնում մեծ կաթսաների բրոնզե բռնակները, որոնք մարդկանց, մեծ մասամբ` կանանց պատկերներ են ներկայացնում: Նրանց թևերի միջև պատկերված սկավառակը արևն է և վկայում է, որ դրանց մեծ մասը ծիսական նշանակություն են ունեցել:
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բրոնզե ձիասարքերը, որ բաղկացած են ճակատի թիթեղներից, այտի վահանակներից, զանգակներից:
Ուրարտական բրոնզագործությունն ու պղնձագործությունը շատ զարգացած են եղել: Առկա նյութերը վկայում են, որ երկրում մետաղագործությունը եղել է պետական հոգածության առարկա, այդ իրերը ձուլվել են հատուկ արհեստանոցներում ու ձուլարաններում:
Զարգացած էր նաև ոսկերչությունը: Նույն Մուսասիրի տաճարի պատերը ծածկված էին ոսկե վահաններով ու զարդերով: Պեղումներից հայտնի է, որ ուրարտացիները ոսկին ավելի հաճախ են կիրառել ծիսական նպատակներով, և շատ են գտնված ապարանջանները, կախազարդերը` աստվածների պատկերով: Մուսասիրի տաճարից թալանվել են նաև ոսկե և արծաթե բազկաթոռներ, զենքեր…
Ուրարտական հնավայր Թոփրակ-Կալայի պեղումների ժամանակ հայտնաբերվել է ոսկե կլոր մեդալ վզից կախելու համար: Նրանում պատկերված է երկու կին. մեկը նստած է բարձր թիկնակով աթոռի վրա և անշուշտ մարմնավորում է աստվածուհու, մյուսը բազկատարած կանգնած է նրա առջև: Կանգնած կինը հագին երկար զարդարուն զգեստ ունի:
Մետաղյա իրերի չափման միավորը մինան էր, որ հավասար էր 505 գրամի: Ապրանքափոխանակությունն ու առևտուրը կատարվում էր մետաղներով: Ուրարտական թագավորները հպատակ երկրներից տուրքերը հավաքում էին մետաղի ձևով:
Մետաղական հանքավայրերը համաշխարհային ողջ պատմության ընթացքում պատերազմների պատճառ են եղել: Հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին, ցանկանալով գրավել Սպեր գավառի ոսկու հանքերը, մեծ բանակով Հայաստան է ուղարկում Մենոն զորավարին: Սակայն հայոց բանակը ծանր պարտության է մատնում մակեդոնացիներին:
Հետագայում ֆրանսիացիները և գերմանացիները շարունակաբար պատերազմում էին Ռուրի ավազանի մետաղական հանքավայրերի համար:
Մետաղագործությունը նպաստեց դրամական շրջանառությանը Հայաստանում: Դեռևս Երվանդունի թագավորները ոսկուց, արծաթից և պղնձից մետաղներ ձուլեցին:
Հայաստանում հայտնի դրամահատարանները Արտաշատում, Դվինում, Պարտավում, Ախթալայի պղնձահանքում էին: Վերջինս միջնադարում դարձավ նաև վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը:
Հայտնի է, որ Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի ճակատային մասի հայտնի չորս պղնձաձույլ ձիերը հայկական ծագում ունեն. դրանք I դարում հայոց Տրդատ Ա Արշակունի թագավորն է նվիրել Հռոմի Ներոն կայսրին:
IX-XI դարերում Հայաստանում մեծացավ մետաղի արդյունահանումը: Հայաստանից արտահանվում էր երկաթ, պղինձ, կապար, ոսկի, արծաթ, ծծումբ, մկնդեղ, բորակ… Արաբ պատմիչ Յակուտի հավաստմամբ` հարուստ հանքավայրեր կային Վասպուրականում, Լոռիում, Տարոնում, Բարձր Հայքում: Հայտնի էին մանավանդ Աղձնիքի ու Տուրուբերանի երկաթե հանքերը:
Նույն Յակուտ պատմիչի հավաստմամբ` արաբական երկրներում շրջանառվող երկաթի ամենալավ որակի բորակը ներմուծվում էր Հայաստանից: Բորակը հենց արաբերեն հայտնի է «պուրե արմանի» անունով: Արաբական ալքիմիական ձեռագրերում էլ նշվում է, որ բորակը ներմուծվում է բացառապես Հայաստանից:
Պղինձ արդյունահանում էին Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Կապան), Վասպուրականում:
Ոսկու հարուստ հանքավայրեր կային Սպերում, Տայքում, Աղիովիտում, Սոթքում:
Մետաղագործության շնորհիվ զարգացան նաև նրա հետ կապված արհեստները` դարբնությունը, զինագործությունը, պայտագործությունը:
Մխիթար Գոշի առակներում պահպանվել է հետաքրքիր պատմություն: Երկաթագործն ու պղնձագործը վիճում են, թե ում արհեստն է ավելի օգտակար մարդկանց համար, ու վեճը լուծելու համար գնում են ծերերի խորհրդի մոտ: Խորհուրդը որոշում է, որ ամենաօգտակար արհեստը մարդկության համար երկաթագործությունն է:
Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորի Աղթամարի պալատի շինարարության վրա ծախսվել է շուրջ 200000 լիտր (80 տոննա) երկաթ:
Հին հայերը նաև պողպատ ստանալու յուրահատուկ եղանակ էին մշակել. նրանք կաղնու ածուխի միջոցով երկաթը եռացրել են. ածուխից երկաթը ստանում էր ածխածնի որոշ քանակ, և առաջանում էր պողպատը:
Հայ վարպետների պատրաստած երկաթյա առարկաները մինչ օրս հիացմունք են առաջացնում:
Երկաթից հետո ամենակիրառականը պղինձն էր: Պղնձից ստանում էին նաև բրոնզ: Պղնձե և բրոնզե իրերը հիմնականում կենցաղային նշանակության էին:
Ոսկերչությունը Հայաստանում զարգացած էր հնագույն ժամանակներից: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազում գեղեցիկ առարկաներ ու զարդեր, որոնք մինչ օրս գեղագիտական մեծ արժեք են ներկայացնում:
Նորագույն ժամանակներում մետաղագործության դերը Հայաստանում շատ ավելի մեծացավ: Հայաստանում մետաղի արդյունահանման և մետաղաձուլական գործարանների սկզբնավորումը կապված է Լոռիի` Ախթալայի հետ, որտեղ 1763 թ. հիմնվեց Կովկասի առաջին գործարանը` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: Դրանից յոթ տարի անց գործարան բացվեց Ալավերդիում:
Հենց Ախթալայի պղնձի արդյունահանման հեռանկարը վճռական եղավ, որ հետագայում հայկական երկաթուղին անցավ Լոռու ձորով, չնայած կային նվազ ծախսատար նախագծեր:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

Ամփոփվել են Մանկավարժական համալսարանի 2013 թ. գործունեության արդյունքները

10932_am_3 (1)ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրել է բուհի 2013 թ. գործունեության հաշվետվությունը և 2014 թ. բյուջեի նախահաշիվը, զեկուցել կատարված աշխատանքների և առաջիկա քայլերի մասին: Նա տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականով 2013 թ. հունվարի 1-ից 40 տոկոսով բարձրացվել է դասախոսների աշխատավարձը, ստեղծվել են համակարգչային լսարաններ, ընթերցասրահներ, գրադարանի հումանիտար գիտությունների ընթերցասրահը հագեցվել է նոր տեխնոլոգիաներով և հնարավորություն է տալիս օգտվել էլեկտրոնային գրականությունից: Վերանայվել և որակապես բարելավվել են մի շարք ամբիոնների ուսումնական ծրագրերը, ինչի արդյունքում դասավանդումն իրականացվում է նոր սկզբունքով: Միջազգային համագործակցության շրջանակում նա, մասնավորապես, անդրադարձել է Ֆինլանդիայի Օուլու համալսարանի հետ իրականացվող ծրագրի արդյունքներին, որը հնարավորություն է ընձեռել նոր մոտեցում որդեգրել մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացում: Համալսարանի ռեկտորի տեղեկացմամբ՝ 2013 թ. ուսանողների ուսման վարձավճարը չի բարձրացել, և 2014թ. ևս ուսման վճարի ավելացում չի նախատեսվում: Պարոն Միրզախանյանը նշել է, որ համալսարանի 2013 թ. բյուջեից կատարված 350 մլն դրամ խնայողության հաշվին հնարավորություն է ընձեռվել բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը:
Խորհրդի անդամներն իրենց ելույթներում գոհունակությամբ են խոսել համալսարանում հաշվետու տարում իրականացված բարեփոխումների մասին՝ կարևորելով, մասնավորապես, ամբիոնների կողմից էլեկտրոնային հաշվետվությունների տրամադրման համակարգի ներդրումը, օտար լեզուների դասավանդման ծավալի ավելացումը, ամբիոնների տեխնիկական վերազինումն ու հագեցվածությունը և այլն:
Խորհուրդը բավարար է գնահատել համալսարանում 2013 թ. կատարված աշխատանքները և հաստատել 2014 թ. բյուջեի նախահաշիվը:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին ծննդյան առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք:

 Անկախ

Մենք մեծ թակարդի մեջ ենք ընկել. թուրք նախարար

 Զաֆեր ՉաղլայանՎերջին օրերին Թուրքիայում ծավալված կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված են մի շարք նախարարների որդիներ, որոնց թվում է նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդին: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ նախարար Չաղլայանը մեկնաբանություն է արել տեղի ունեցածի վերաբերյալ: «Մենք մեծ թակարդի մեջ ենք ընկել, որը բոլորովին այլ նպատակներ և խնդիրներ է հետապնդում: Այն որ ես կամ իմ որդին կամ էլ թե իմ գործընկերները ներգրավված են այս ամենի մեջ, բացարձակ սուտ է: Մոտ օրերս ամեն ինչ կբացահայտվի»,-ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակից իրենց արժանի կերպով դուրս կգան:

 

Անկախ

Ֆեյսբուքի արգելափակման առեղծվածը

facebookԵրբ դեկտեմբերի 22-ին հայկական կայքերում, մասնավորապես finance.am-ում, լուր տարածվեց, թե ՀՀ իշխանությունների հրահանգով ԱԱԾ-ն (ազգային անվտանգության ծառայությունը) ամանորի տոներից հետո պատրաստվում է արգելափակել Facebook սոցիալական կայքը Հայաստանում, անհանգստության և մի տեսակ տագնապի ալիք բարձրացավ հատկապես լրագրողների շարքում: Նրանցից շատերը մի պահ պատկերացրեցին, թե ինչ կլինի, եթե արգելափակվի այդ կայքը. կդանդաղի լուրերի շրջանառությունը, կազդի համացանցի միջոցով վաճառող կազմակերպությունների բյուջեին և այլն, և այլն: Բայց, իհարկե, աշխարհի վերջը չի լինի, քանի որ հայերս տարիներ շարունակ ապացուցել ենք հնարամտության գաղտնիքները:

Ըստ նույն կայքի՝ արգելակման պատճառը մեր երկրում Facebook-ի միջոցով անընդհատ աճող բողոքի ակցիաներն են, իսկ այն չեզոքացնելու դեպքում, իշխանության համոզմամբ, կվերանան նաև օրեցօր աճող հեղափոխական շարժման հնարավորությունները:

Տեղեկության հավաստիությունը ճշտելու համար՝ զանգահարեցինք ԱԱԾ և հեռախոսափողից լսվեց. «..Տարածված լուրը չի՛ համապատասխանում իրականությանը: Իմ վերջին խոսքն եմ ասում, այն ուղղակի հերյուրյանք է..», – ասաց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը և թեման եզրափակվեց:

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 406 դրամ

դոլարԴեկտեմբերի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

NASDAQ OMX Armenia

«Հանցավոր ի՞նչ արարք կատարելու համար է մեղադրվում իմ ամուսինը». բաց նամակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

ՀՀ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

ՍՈՒՍԱՆՆԱ  ԲԱՐԴԻԿԻ ԱՍՏԱՐՅԱՆԻՑ

  Ք. ԵՐԵՎԱՆ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱ 17  ՇԵՆՔ,  ԲՆԱԿԱՐԱՆ  6-7

ԲԱՑ ՆԱՄԱԿ

բաց նամակՄեծարգո պետական այրեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ ամիսներ շարունակ դիմում եմ Ձեր օգնությանը` ակնկալելով պատասխան առաջին հայացքից պարզունակ թվացող հարցին` հանցավոր ինչ արարք կատարելու համար է մեղադրվում իմ ամուսին Մարտին Ծերունյանը, ինչի համար է ՀՀ Ոստիկանության  գլխավոր քննչական վարչության ՀԿԳ քննիչ Մկրտչյանը նրան մեղադրանք առաջադրել, որոնք են նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցները, որոնց համակցությունը հիմք է հանդիսացել նրան գործով մեղադրյալ ներգրավելու համար, դատական ատյաններում փաստական ինչ հանգամանքներ են հետազոտվում, որոնք հիմնավորում են Մ. Ծերունյանի առնչակցությունը որևէ հանցագործության հետ և ինչով է պատճառաբանվում նրան կալանքի տակ պահելու հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը:

Այս հարցերի պատասխանները չգիտեմ ոչ միայն ես այլ նաև իմ ամուսինը` գործով մեղադրյալ Մ Ծերունյանը և նրա պաշտպան Սամվել Ջաղինյանը:

Խնդրում են գոնե մի անգամ կարդացեք Մ. Ծերունյանի վերաբերյալ դատավարական փաստաթղթերը որոնցում այլ անձանց կողմից կատարված գործողությունների շարադրանքից հետո պատճառաբանվում է, որ Մ Ծերունյանին պետք է մեղադրանք առաջադրել, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը և արդեն յոթ ամսից ավել պահել անազատության մեջ:

Մեծարգո պարոն նախագահ ևս մեկ անգամ դիմելով Ձեզ` հայցում եմ Ձեր  հանձնարարականը համապատասխան կառույցներին` ՀՀ Ոստիկանության  գլխավոր քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով Մ. Ծերունյանի նկատմամբ                    անօրինություններին վերջ տալու ուղությամբ:

Հարգելի ՀՀ գլխավոր դատախազ և ՀՀ ոստիկանապետ, խնդրում եմ անձամբ ծանոթանալ Մ. Ծերունյանին առաջադրված մեղադրանքին և դրա հիմնավորվածությանը, ձեր լիազորությունների ուժով հանձնարարել ապահովել նախաքննության օրինականության պահպանումը և դադարեցնել Մ. Ծերունյանի  նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը:

Մարդու իրավունքների պաշտպանին խնդրում եմ ձեռնարկել միջոցներ ՀՀ քաղաքացի Մ. Ծերունյանի խաթարված իրավուքների վերակագնման և իմ դիմումների գրավոր պատասխանների ստացման ուղությամբ:

Իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին խնդրում եմ իմ ամուսնու` Մարտին Ծերունյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները դարձնել քննարկման առարկա և ապահովել դրա մատչելիությունը հասարակության համար, քանի որ նույն հաջողությամբ այդ ամենի զոհ կարող է դառնալ ցանկացած անձ: Հավաստիացնում եմ, որ իմ ամուսնու վերաբերյալ կազմված դատաիրավական փաստաթղթերում նրա անձնական տվյալների փոխարեն ցանկացած այլ անձի տվյալներ զետեղելու դեպքում դրանք նույնքան պատճառաբանված և հիմնավորված կլինեն, որքան որ Մ. Ծերունյանի դեպքում է:

Դիմող`                 Սուսանն Ասատրայն

Անկախ

Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 2-3 աստիճանով:

Երևանում՝
 Դեկտեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
Երևանի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան     11.50C (1937 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         -16.00C (2006 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    -2.20C

 

Հինգ հետախուզվող հայտնաբերվել են

ձերբակալվելԴեկտեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արամ Մ.-ին, որը մայիսի 15-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը /1-ի մասի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, Խարկով-Երևան միկրոավտոբուսային երթուղով «Բագրատաշենի» սահմանային անցակետով ՀՀ ժամանելուց հետո ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 1985 թ. ծնված Պարգև Թ.-ն, որը հուլիսի 9-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, Բավրա սահմանային անցակետից ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Գարիկ Կ.-ն, որ նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.50-ին, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1986 թ. ծնված Հադի Ջ.-ն, որը սեպտեմբերի 19-ից Ինտերպոլի ԱԿԲ և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 02.35-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արայիկ Խ.-ն, որը նոյեմբերի 29-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 268 հոդ. 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:

 Անկախ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ճանապարհՀՀ ԱԻ նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Աշտարակ, Աբովյան, Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 Անկախ

«Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնում բժշկական սարքավորումներ են այրվել

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումԴեկտեմբերի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Մարգարյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող դիագնոստիկ կենտրոնի 3-րդ հարկի սենյակներից մեկում այրվում են բժշկական սարքավորումներ: Տուժածներ չկան:

Հրդեհը  մեկուսացվել է ժամը 11.57-ին, մարվել` 13.10-ին:

Անկախ

Ավտոմեքենա փախցնողներն ու ավտոմեքենան հայտնաբերվել են

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 23-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել 1972 թ. ծնված Համլետ Խ.-ն` հայտնելով, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Բլբուլյան փողոցի թիվ 105 շենքի մոտից փախցրել են իր «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել են 1983 թ. ծնված Վարսամ Օ.-ն և 1994 թ. ծնված Արմեն Խ.-ն:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Վարսամ Օ.-ի տան բակում:
Կատարվում է հետաքննություն:

 

Անկախ

 

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարԴեկտեմբերի 22-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Էջմիածին-Գեղակերտ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21015»-ի վարորդը և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 12.05-ի սահմաններում, Տաշիրի Ջահուկյան փողոցի սկզբնամասում իրար են բախվել «Ֆորդ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 24-ին Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ

imagesԱԺ 4 խմբակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշված է.

1.2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասինե համաձայնագրի քվեարկությունը:

2. Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

3. ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից՝ որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով:

4. ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված են Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ), Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ) Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Թեւան Պողոսյանը («Ժառանգություն»):

5. 2013 թվականին դեկտեմբերի 23-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, որեւէ որոշում չի կայացրել և քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թեւան Պողոսյանը (ժառանգություն) չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ գործընթացի:

6. Այսպիսով` 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասինե համաձայնագրի վավերացման մասին որոշում չի ընդունվել:

7. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ:

ՀՅԴ – Արմեն Ռուստամյան (խմբակցության ղեկավար)

ԲՀԿ – Նաիրա Զոհրաբյան (խմբակցության քարտուղար)

ՀԱԿ – Լևոն Զուրաբյան (խմբակցության ղեկավար)

«Ժառանգություն» – Զարուհի Փոստանջյան (խմբակցության ղեկավար)

 

 

Հանրային խորհրդում կրկին քննարկելու են «Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցը

загруженноеՎաղը՝ դեկտեմբերի 24-ին (երեքշաբթի), ժամը 12:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (հասցեն` Աբովյան 2) տեղի կունենա ՀԽ չորս ենթահանձնաժողովների (Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման) համատեղ նիստ, որի օրակարգում «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցն է:Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հարցը քննարկման էր դրվել նախ ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում, ինչպես նաև ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Հոկտեմբերի 31-ին օրակարգային նույն հարցով Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ,  որին մասնակցել էին նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից, և մշակվել էր որոշման նախագիծ, որն ընդունվել էր ՀԽ նոյեմբերի 11-ի լիագումար նիստում:

Որոշման նախագծի հիման վրա Հանրային խորհուրդը դիմել էր կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ, որին մասնակցել են նաև ՀԽ ներկայացուցիչները՝ ներկայացնելով ՀԽ դիրքորոշումը: Այնուհետև դեկտեմբերի 18-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստի ընթացքում դրական եզրակացություն է տրվել կոնցեսիոների ներկայացրած մաստեր պլանին, որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը, և եզրակացությունն ուղարկվել է ՀՀ կառավարություն:

Մաստեր պլանը դեռևս պետք է հաստատվի կառավարության կողմից, իսկ մինչ այդ Հանրային խորհուրդը կրկին կազմակերպում է հանրային քննարկում, որպեսզի հանրության կարծիքը կառույցը քանդելու վերաբերյալ ևս մեկ անգամ բարձրաձայնվի:

Հանրային խորհրդի մամուլի ծառայություն

Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

001 (1)Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը խստորեն հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել մայթերի և բակային տարածքների, ինչպես նաև աստիճանահարթակների մաքրման աշխատանքների ընթացքը: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:

«Կատարված աշխատանքները դեռևս բավարար չեն: Դեռ բավական անելիքներ կան հատկապես բակային տարածքների, մայթերի և աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Անշուշտ, խիստ ցածր ջերմաստիճանի պայմաններում ստեղծվում են լրացուցիչ դժվարություններ և խոչընդներ, սակայն պետք է շարունակել ամենօրյա աշխատանքն ու մեր քաղաքացիների համար ապահովել համապատասխան պայմաններ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հանձնարարել է տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում, ձնամաքրման համապատասխան աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով, նախապատարաստել անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ և համայնքային ենթակայության ձեռնարկությունների մեքենասարքավորումներին զուգահեռ, այդ աշխատանքներում ներգրավել նաև շինարարական կազմակերպությունների համապատասխան տեխնիկան:

Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ավտոճանապարհների շինարարության երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրել և դրանից հետո միայն վերջնականապես ներկայացնել փաթեթը:

Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից 2013 թվականի ընթացքում սիրիահայ հարյուրավոր ընտանիքների, ըստ անհրաժեշտության, ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ սոցիալական և առողջապահական: Սիրիահայերն ակտիվորեն ներգրաված են եղել նաև կրթական-մշակութային տարբեր ծրագրերում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել են սահմանամերձ գյուղերի բազմաթիվ երեխաներ

5014Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը:

5016Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց. «Ցանկանում ենք ձեզ երջանկություն, հաջողություն, ցանկանում ենք, որպեսզի դուք, լինելով ձեր ծնողների սիրելի բալիկները, կարողանաք ձեր լավ ուսմամբ, օրինակելի վարքով, ձեր ծնողների նկատմամբ մեծագույն հարգանքով մշտապես ուրախացնել նրանց:

5021Ցանկանում եմ, որպեսզի դուք ունենաք երջանիկ մանկություն, որպեսզի դուք դառնաք մեր երկրի լավ քաղաքացի, ակտիվ քաղաքացի, որպեսզի դուք կյանքում հաջողված մարդիկ լինեք, իսկ դրա առաջին գրավականը, սիրելի՛ երեխաներ, լավ ուսումն է, աշխատասիրությունն է ու, իհարկե, հարգանքը ծնողների, մեծերի և երկրի նկատմամբ»,-ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ միշտ ցանկացել է, որպեսզի բոլոր երեխաներն ու երիտասարդներն ունենան իրենց դրսևորելու անհրաժեշտ հնարավորությունները և հավաստիացրել է, որ պետության կողմից ամեն ինչ արվում և արվելու է այդ հնարավորություններն ստեղծելու համար:

5022Տոնական միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև հետագա երկու օրերին՝ դեկտեմբերի 24-25-ին: Վաղը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն սիրիահայ երեխաները, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, իսկ դեկտեմբերի 25-ին՝ հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաները՝ ընդհանուր առմամբ շուրջ 1000 երեխա:

Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 22-ին և մինչև Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելը նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր. երեխաներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դիտել են ներկայացում, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում դիտել են Ամանորի կապակցությամբ անցկացված տոնական միջոցառումը:

ՀՀ Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող տոնական միջոցառումներն ավանդույթ են դառնում: Անցյալ տարի ևս նստավայրում հյուրընկալվել են 6-12 տարեկան երեխաներ` խնամքի ու պաշտպանության հաստատությունների (գիշերօթիկ դպրոցների, մանկատների) սաներ և սիրիահայ երեխաներ, հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաներ, զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներ և թոռնիկներ:

Անկախ