Նոյեմբերի 25-ից նոր արագաչափ սարքեր կգործարկվեն Երևանի մի շարք փողոցներում

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Սեբաստիա (2 արագաչափ` երկու ուղղություններով), Րաֆֆու (2 արագաչափ` երկու ուղղություններով) և Խանջյան (1 արագաչափ՝ Խանջյան-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկից դեպի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ) փողոցներում նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն

Փրկարարներն օգնության են հասել տանը մնացած քաղաքացիներին

փրկարարՆոյեմբերի 15-ին, ժամը 07.54-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Լ. Թ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Նոր փոփոխություններ դատախազությունում. Գագիկ Հարությունյանի որդին՝ վարչության պետ

դատախազությունՀայաստանի գլխավոր դատախազությունում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամաններով` ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել Արտակ Գագիկի Հարությունյանը (Սահմանադրական դատարանի նախագահի որդին-խմբ.),հաղորդում է news.am-ը:

Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Վարդան Ավետիսյանը նշանակվել է վարչության պետի տեղակալ`ազատվելով վարչության պետի պաշտոնից:

Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պարտականությունները դրվել են զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Հրաչյա Այվազյանի վրա:

Սարդարապատ գյուղում քրեական հեղինակությանը սպանել են կնոջ աչքի առջեւ

Արմեն Եփրեմյան41-ամյա Արմեն Եփրեմյանը (մականունը՝ «Թեփ Արմեն») սպանվելուց առաջ պատրաստվել էր գնալ հայրական տուն եւ իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են նրա ազգականները:

Իսկ սպանվելուց առաջ կնոջ հայրական տանից դուրս գալիս նրա հետ նաեւ իր կինն է եղել: Ավելին` կնոջը մինչեւ հիմա չեն ասել, որ Արմենը մահացել է, այլ փորձում են հանգստացնել, թե վիրահատության միջոցով փորձում են փրկել կյանքը: Ազգականները պատմեցին, որ Արմենը կնոջ հետ 12 տարի է՝ ինչ Հայաստանում  չեն եղել: Բայց Արմենը ընդհանուր առմամբ 20 տարի է, ինչ Ռուսաստանում է գործունեություն ծավալում:

«Անսպասելիորեն աները վատացել էր: Լեղապարկը հեռացրեցին, չկարողացան կյանքը փրկել, իրենք էլ եկան հասան այդ արարողությանը, ու այսպիսի փորձանք  տեղի ունեցավ»,- նշեցին ազգականները: Տեղեկացանք նաեւ, որ Արմենը 12 տարի առաջ կնոջն առեւանգել եւ մեկնել է Մոսկվա: Այդ տարիների ընթացքում առաջին անգամ էր վերադառնում Հայաստան:

Նա ունի երկու որդի՝ 12 եւ 4 տարեկան: Սպանվածի եղբայրը, ծնողները Մոսկվայում են: Նրանք արդեն տեղյակ են կատարվածի մասին: Արմենը  ՌԴ-ում դատապարտված է եղել եւ  բացատրություն էլ է տվել ոստիկանական բաժանմունքում, ինչի համար նրան «Ստուկաչ»-ով են սկսել դիմել:

Հանցաշխարհում նա հաճախ մարդ առեւանգելու պատվերներ է ստացել: Հարկ է նկատել, որ նրան դեռ մանկուց են  «Թեփ Արմեն» ասել: Ազգականներից մեկը պատմեց, որ երեկ, երբ Արմենին հանդիպել է ու «Թեփ»-ով դիմել,  Արմենին դա դուր չի եկել: «Ես իրան ասացի Թեփ: Ասաց ինձ Թեփ մի ասա, ես չգիտեմ, թե ինչի են ինձ Թեփ ասում»,- անկեղծացավ ազգականը:

Իսկ ոստիկանությունից տեղեկացանք, որ  փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ  235 հոդվածի հատկանիշներով`ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Սույն հոդվածն էլ պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հայտնի է դարձել այսօր՝ նոյեմբերի 14-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում քրեական հեղինակություն համարվող 41-ամյա Արմեն Եփրեմյանի («Թեփ Արմեն») սպանության մեջ կասկածվողը:

NEWS.am-ի տեղեկություններով, Արմեն Եփրեմյանի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել նրա հորեղբոր տղան՝  21-ամյա  Նժդեհ Եփրեմյանը: Կատարվածը վենդետա է, որը հին պատմություն ունի: Դեռ շատ տարիներ առաջ Գոռ անունով «օրենքով գողի» սպանության (նա մինչ օրս անհայտ կորած է, դիակը չի հայտնաբերվել) մեջ կասկածել են «Թեփ Արմենին»: Վերջինս այդ դեպքից հետո Հայաստանից հեռացել է: Երբ նա վերադարձել է Հայաստան, տնից դուրս գալիս հետո կրակել են ու սպանել: Փաստորեն Ն. Եփրեմյանը վրեժխնդիր է եղել «Թեփ Արմենից» Գոռի սպանության համար:

Ավելի վաղ  էլԱնկախը հայտնել էր, որ Սարդարապատ գյուղում այսօր սպանվել է 41-ամյա Արմեն Եփրեմյանը: Նա երկու օր առաջ եկել էր Մոսկվայից՝ ազգականի հուղարկավորությանը մասնակցելու համար: Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Հայաստանն Ավստրիային փոխանցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

ԱԳՆ,Էդվարդ Նալբանդյան,Եվրոպայի խորհուրդՆոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփեց Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայկական նախագահության գերակայությունները ինչպես նաև նպատակները սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության  ամրապնդման և իրավունքի գերակայության հաստատման առումով։ Նախարարի բնորոշմամբ հենց այդ նպատակով նախագահության գերակայություններ էին սահմանվել  ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը,  մարդու իրավունքների և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը, եվրոպական ճարտարապետությունում ԵԽ դերի ամրապնդումը:

«Մեր նախագահության ընթացքում սերտորեն համագործակցել ենք Եվրոպայի խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների հետ, ակտիվ փոխգործակցություն ենք ունեցել Գլխավոր քարտուղարի և քարտուղարության,  Խորհրդարանական վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ»,- ասաց նախարար Նալբանդյանը։

«Հայաստանը մեծ կարևորություն է տվել Եվրոպայի խորհրդում իր նախագահությանը։ Հոկտեմբերի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ ու հանդիպեց կազմակերպության ղեկավարության հետ, ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

 

Մեր նախագահության նախաձեռնությամբ բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան, որոնցից ամենանշանակալիներն էին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը, «Կրոնի ազատությունն աշխարհում այսօր. մարտահրավերներ և երաշխիքներ» համաժողովը, «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով գիտաժողովը, «Դարձնելով մայրաքաղաքները քաղաքացիներին մոտ. մարտահրավեր հանրային պաշտոնյաների համար»  համաժողովը, «Եվրոպական ժառանգության օրեր» 2013 ծրագիրը և շատ այլ միջոցառումներ:

Մեր նախագահության ընթացքում նախաձեռնվել է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 15 –րդ և 16-րդ  արձանագրությունների համաձայնեցումը և ստորագրման գործընթացի մեկնարկը։

Հայկական նախագահությունն աջակցեց Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված կազմակերպության բարեփոխման գործընթացին, օժանդակեց բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են ԵԽ-ի գործունեությունն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն:

Մենք մեր նպաստը բերեցինք տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության խորացմանն ու զարգացմանը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի պարբերական հանդիպումներն ու խորհրդակցությունները:

Նախարարների կոմիտեն  մեծ ուշադրությամբ հետևել է Եվրոպական միության` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամակցության գործընթացին: Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության բանակցողները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերը` ճանապարհ հարթելով կոնվենցիային ԵՄ միանալու համար»,- նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Նախարարական հանդիպման ավարտին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության փոխանցումը Ավստրիային։ Այս կապակցությամբ շնորհավորելով Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի  նախարար Միքայել Շպինդելեգերին՝ նախարար Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանն իր աջակցությունը կբերի ավստրիական նախագահությանը:

Հայաստանի նախագահության արդյունավետ և ակտիվ գործունեությունն իրենց ելույթներում ընգծեցին Ավստրիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Սլովակիայի, Շվեդիայի պատվիրակությունների ղեկավարները, ԵԽ հասարակական կազմակերպությունների համաժողովի ղեկավարը։

Նախարարական հանդիպումից առաջ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։

Հանդիպմանը ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանը կարող է հպարտ լինել նման նախագահությամբ և ակտիվ գործունեությամբ ու շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար։

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին ԵԽ օրակարգային խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի շուրջ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի և Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի  նախարար Միքայել Շպինդելեգերի հետ միասին, մասնակցեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև վեց ամիս շարունակ ծածանվող ՀՀ պետական դրոշի Ավստրիայի պետական դրոշով փոխարինման արարողությանը։

Ապօրինի գործունեություն ծավալելու փորձը կանխվել է

002 (1)Աբովյան փողոցում գտնվող ստորգետնյա շինության առնչությամբ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հետ կապված հայտնում ենք, որ Աբովյան 21 շենքին հարակից հատվածում գտնվող վերգետնյա շինություններն ապամոնտաժելուց հետո տվյալ տարածքում առկա ստորգետնյա հատվածը նախատեսվել էր վերակառուցել և շահագործել որպես ստորգետնյա հասարակական զուգարան: Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տվյալ ստորգետնյա կառույցը հասարակական այլ գործունեության նպատակով օգտագործելու համար չի տրվել որևէ թույլտվություն, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, որի արդյունքում ապօրինի գովազդ տեղադրելու և ոչ նպատակային նշանակության գործնեություն ծավալելու փորձի համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, իսկ տեղադրված գովազդային վահանակն ապամոնտաժվել է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կառավարության թիրախը միջին խավի ձևավորումն է

EE58F6C3-73EC-4D0D-868F-6FA611D86A54_mw1024_n_sԱԺ արտահերթ նիստում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումն ավարտվեց` ընդմիջվելով չորս օրով: Պատգամավորները հնարավորություն ունեն 24 ժամվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները:

Արտահերթ նիստի քննարկումն ամփոփվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթով:

Ինչպես նշեց վարչապետը, քննարկումները հնարավորություն են տալիս կառավարությանը բացահայտել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը,  իսկ ներկայացվող առաջարկությունները` ավելի հստակ պատկերացնել, թե ինչ խնդիրներ են այսօր կարևորում պատգամավորները, որոնք են նրանց համար առաջնահերթ, և այս ամենը հնարավորություն է տալիս կառավարությանը ճշգրտել և ուղղումներ մտցնել իրականացվող ծրագրի մեջ:

Տիգրան Սարգսյանն, անդրադառնալով Հայաստանի հիմնական խնդիրներին` գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում երկրի համար և խոչընդոտում բնականոն զարգացումը, ասաց. «Այն, որ մեր քաղաքական թիմն արձանագրում է այս խնդիրները, դժվարություններ է ստեղծում մեր ընդդիմախոսների համար, որովհետև նրանք փորձում են բացահայտել այլ լրջագույն երևույթներ, որոնք շատ հաճախ լինում են անհիմն և չեն նպաստում երկխոսությանը»:

Նա հավաստիացրեց, որ կառավարությունը պատրաստ է մասնագիտական քննարկումների, պատրաստ է մասնակցել լսումների, ցանկացած հարցի տալ գնահատական` մանրակրկիտ ներկայացնելով տվյալներ, մոտեցումներ: Միաժամանակ կառավարությունը պատրաստ է ընդդիմախոսների հետ բանավիճել, թե արդյոք այն ճանապարհները, որ նրանք են առաջարկում, արդյունավետ են: Կառավարության ղեկավարի համոզմամբ` այդ ձևաչափի մեջ երկխոսությունը օգտակար կլինի նաև հասարակության համար, որովհետև հանրությունը կներքաշվի պոզիտիվ դաշտ: «Իսկ այստեղ անել ամպագոռգոռ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ և անհիմն մեղադրանքներ կառավարության հասցեին, ոչ մի լավ բանի չեն բերի: Դա ճիշտ ճանապարհ չէ: Ավելին, մեր երիտասարդ պետության փորձը ցույց է տվել, որ այդպիսի ռազմավարություն ընտրող ընդիդմախոսները ձախողվում են, իսկ հաջողության հասնում են նրանք, ովքեր ասելիք ունեն, հանդես են գալիս առաջարկներով: Սա այն դասն է, որ մենք բոլորս պետք է քաղենք»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանն ընդունում է քննադատությունները, սակայն գտնում է, որ դրանց լուծման ճանապարհների վերաբերյալ կառավարության և ընդդիմախոսների պատկերացումները տարբեր են: «Մեր թիրախը հետևյալն է` միջին խավի ձևավորում, որի հիմքի վրա միայն  կարող է ձևավորվել քաղաքացիական հասարակություն, ինչը, ցավոք, ես չնկատեցի ձեր քննադատություններում»:

Վարչապետը կարծում է, որ վերջին տարիներին այս բնագավառում հաջողություն կա: «Հենց մեր ընդիմախոսներն են փաստում, որ մասնավորապես քաղաքացիական հասարակության ձևավորման առումով ունենք լուրջ ձեռքբերումներ: Առաց միջին խավի, առանց քաղաքացիական հասարակության հնարավոր չէ բացահայտել մեր երկրի տնտեսական պոտենցիալը»:

Այդ առումով վարչապետը Ազգային ժողովին առաջարկում է կազմակերպել լսումներ փոքր և միջին բիզնեսի խնդիրների վերաբերյալ, քանի որ համոզված է, որ պետության ապագան պայմանավորված է հենց այս բնագավառում ունեցած հաջողություններով:

Անդրադառնալով 2014 թվականի պետական բյուջեի առանձնահատկություններին` նա նշեց այն լրջագույն փոփոխությունները, որ տեղի են ունեցել այս բյուջեում. Ներկայացվել է արտահանմանը միտված քաղաքականության համալիր ծրագիր, ինչն արմատական փոփոխություն է մեր երկրի տնտեսական քաղաքականության մեջ: Երկրորդ  լրջագույն փոփոխությունը վարչապետը համարում է սոցիալական քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունները: «Սոցիալական պաշտպանվածության ռազմավարությունը, որ իրականացվում էր, արդյունավետ չէր, և մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ փոփոխությունները: Արդեն մի քանի անգամ բոլոր պաշտոնատար անձիք հնարավորություն ունեցան ներկայացնելու դա, բայց հեշտ պոպուլիստական ընկալում կա, թե զբաղվածության նպաստները վերացնում են, որով մեր հանրությունը թյուրիմացության մեջ է ընկնում: Չկա նման բան: Մեք ասում ենք` անարդյունավետ ծրագրերից անցնում ենք արդյունավետ ծրագրերի, շատ ավելի բարդ քաղաքականության, որի նպատակը սոցիալապես անմրցունակ խավերին աշխատատեղով ապահովելն է»,-ասաց Սարգսյանը:

Նա հարցրեց` արդյոք ճի՞շտ է 32,5  տոկոս աղքատություն ունեցող երկրում գործազրկության նպաստ ստանա, ասենք, բանկի կառավարիչը, որը ազատվել է աշխատանքից: «Այժմ մենք անցնում ենք սոցիալապես անմրցունակ խավերին ավելի շատ միջոցներ տրամադրելուն: Այս մոտեցումն ավելի ճիշտ է»,-պարզաբանեց նա:

Բյուջեի հաջորդ առանձնահատկությունը նա համարում է աշխատավարձերի միասնական համակարգի ներդրումը` հիշեցնելով, որ ամեն անգամ ընդդիմությունը կառավարությանը քննադատում էր, որ այդ հարցն ուշացնում է. «238 հազար մարդու աշխատավարձ ենք մենք բարձրացնելու այս ռեֆորմի շնորհիվ»,-նշեց նա:

Բյուջեի մեկ այլ առանձնահատկություն էլ վարչապետը համարում է այն, որ ավելանալու են ծախսերը կրթության և առողջապահության ոլորտում, որտեղ կոռուպցիայի մակարդակը բարձր է:

Սոցիական փաթեթի ներդրումը վարչապետը համարում է հաջողված ծրագիր և նշում, որ դա ընդլայնվելու է:

Ինչ վերաբերում է ապահովագրական փաթեթին, ապա այն արդյունավետ չի եղել, որի պատճառով էլ հրաժարվելու են մասնավոր ընկերությունների ծառայություննրեից, փոխարենը այդ գործառույթն իրականացվելու է պետական գործակալության միջոցով, որի շնորհիվ տնտեսվելու են բավականին լուրջ ֆինանսական միջոցներ:

«Այս տարվա պետբյուջեն լինելու է բավականին ծանր, որովհետև այն ցուցանիշները, որ մենք դրել ենք, շատ համարձակ են, բայց մենք գիտակցաբար գնում ենք դրան: Եվ հաջողություն կունենանք այն դեպքում, եթե լինի համագործակցություն»,-ամփոփեց Տիգրան Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով խորհրդարանին շահարգիռ քննարկումների համար:

Քրեական հեղինակության սպանություն Սարդարապատ գյուղում

սպանությունՆոյեմբերի 14-ին, ժամը 14.45-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա և դիմել փախուստի:
Ա. Եփրեմյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվել են դեպքի վայրի զննություն և այլ  անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ:
Ոստիկանության տարբեր  ստորաբաժանումների  համակարգված աշխատանքի շնորհիվ հանցագործություն կատարելու  մեջ կասկածվող անձը կարճ ժամանակում հայտնաբերվել և  ձերբակալվել է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

 

«Հասկացե՛ք, ձեր հեռանալու օրերը եկել են». Զարուհի Փոստանջյանը` կառավարությանը

images«Այս կառավարությունը պետք է հեռանա Հայաստանի Հանրապետության իշխանությունից և այլևս որպես գործադիր իշխանություն չպետք է ներկայացնի  Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,-այսօր խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Զարուհի Փոստանջյանը` ասելով, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու:

Նրա խոսքով` ներկայացված նախագիծը ոչ թե պետական բյուջ է, այլ որոշ անձանց շահերի բաշխում: «Հարյուր հազարը հատած արտագաղթի պայմաններում ումի՞ց պետք է հավաքագրեք այդ եկամուտները, որ ծախսեք: Ակնհայտ է, որ ձեզ չի հաջողվելու, հետևաբար ինչքան շուտ հեռանաք, այնքան կօգնեք մեր ժողովրդին»,-ասաց նա:

Մաքսային միությանը միանալու հետևանքով մաքսային դրույքաչափերի բարձրացումը, ըստ պատգամավորի, հաշվարկված չէ բյուջեի նախագծում: Բացի ֆինանսական տեսանկյունից, սակայն Փոստանջյանը հիշեցրեց, որ Մաքսային Միությանն անդամակցելը նշանակում է անդամակցել որոշակի արժեհամակարգի` Ռուսաստանին, Բելառուսիային, Ղազախստանին, որոնց հասարակությունները խեղդվում են կոռուպցիայի մեջ: «Ավտորիտար ռեժիմի խորհրդանիշ Լուկաշենկոյի հետ ցանկանանում եք ավելի խեղդել մեր երկրի որոշ ժողովրդական պրոցեսներ: Եվ եթե մենք ձեզ չհեռացնենք, դեռ մեզ ինչե˜ր են սպասվում, շատ հետաքրքի օրեր»:

Փոստանջյանը այս բյուջեն համարում է աղքատների բյուջե, քանի որ թոշակն ու աշխատավարձը շարունակելու են մնալ նվաստացուցիչ, իսկ չնչին բարձրացումների հետ արձանագրված գնաճը, նրա կարծիքով, ավելի է խորանալու Մաքսային Միությանն անդամակցելու դեպքում: «Այս բյուջեով ՀՀ բազմաթիվ համայնքերի ֆինանսավորումը կրճատվելու է, ավելանալու է նոր հարկատեսակ` կուտակային հիմնադրամների փոխանցումով: Տնտեսության ստվերային մասը շարունակելուէ մնալ նույն չափաբաժնով: Իսկ Ձեր կողմից սպասված դոնորների կոնֆերանսը, որ պետք է հրավիրվեր, դա էլ ձախողեցիք, հետևաբար այդ գումարները նույնպես չեն մուտքագրվելու մեր բյուջե»:

Վերջում Փոստանջյանը հորդորեց. «Հասկացե՛ք, ձեր հեռանալու օրերը եկել են»:

 

Խոսրով Հարությունյանը հավատում է կառավարության պրոֆեսիոնալիզմին

arm1326796386712014 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումներն այսօր խորհրդարանում կշարունակվեն նաև արտահերթ նիստում: Իսկ մինչ այդ 2014-ի պետբյուջեի քննարկումն ավարտվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի` կառավարության, ՀՀԿ-ի և նախագծի  վերաբերյալ բավականին ջերմ ելույթով:

Թվարկելով երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները` գործազրկություն, աղքատություն և արտագաղթ,  պատգամավորը նշեց, որ սրանք այն հիմնական թիրախներն ու գերակայություններն են, որոնց պետք է միտված լինի ցանկացած կառավարության ուղղությունը: «Արդյոք այս փաստաթուղթն իր առջև դրե՞լ է այդ հիմնական թիրախները, արդյոք այս փաստաթութղը հնարավորություն տալիս՞ է այդ թիրախների նկատմամբ նպատակադրված քաղաքականություն իրականացնել,-հարց բարձրացրեց Խոսրով Հարությունյանը` ինքն էլ իր հարցին պատասխանելով,-աներկբա` այո»:

Նրա խոսքով` բյուջեում ամրագրված աշխատավարձերի բարձրացումը սպառնալիքները մեղմելու երաշխիքներից մեկն է: Ինչ վերաբերում է իշխանությունների նկատմամբ քննադատություններին, ապա հանրապետական պատգամավորը դրական օրինակներ է առաջ բերում. արդեն երրորդ տարին է` ունենք արտահանման դինամիկա ներմուծման նկատմամբ, ունենք արդյունաբերության ոլորտում լուրջ տեղաշարժ: «Դրական է, բայց անկասկած` ոչ բավարար,-ասաց Խոսրով Հարությունյանը` միաժամանակ նշելով, որ անիմաստ է և ոչ կոռեկտ քննադատել կառավարությանը, թե այդ ուղղությամբ սխալ է եղել»:

Պատգամավորը վստահ է, որ այն կուրսը, որ որդեգրել է կառավարությունը, արդարացված է, ակայն կառավարության գործունեությունն անշուշտ անթերի չէ: Թերություններ կան, օրինակ` ներդրումների նվազումը: Հարությունյանը կարծում է, որ մեր տնտեսկան միջավայրն ավելի գրավիչ դարձնելու գործիքներ կան, որ պետք է կիրառվեն, այդ առումով ռեսուրսները բավարար չեն օգտագործվում, և կառավարությունը բավականին պատասխանատու պետք է վերաբերի այս ամբիոնից հնճող բոլոր քաղաքական հարցադրումներին:

Այնուամենայնիվ, նա կարող է վստահ հայտարարել, որ կառավարության պրոֆեսիոնալիզմը բավարար է, իսկ քաղաքական մեծամասնությունը` պատրաստակամ ստանձնելու պատասխանատվություն և դա առաջ տանելու:

Կայացել է 2,13 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՆոյեմբերի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,130,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ջրափրկարարները հայտնաբերել են ջրահեղձվածների դիերը (լրացված)

IMG_2778-5329-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՆոյեմբերի 13-ին, ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1971 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:

Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Ժամը 14.45-ից 17.45-ը ջրափրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն անարդյունք:

Ժամը 18.00-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ժամը 01.20-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատի «ԶԻԼ-131» ամենագնացը (3 ջրափրկարար):

Ժամը 02.40-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ՀՋՋ-ի նավը և 2 մոտորանավակ (4 ջրափրկարար):

Ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ՀՋՋ-ի 13 ջրափրկարար («Իվեկո», «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներով):

Որոնողական աշխատանքներին մասնակցում է մոտ 60 բնակիչ՝ 25 նավակով:

Առավոտյան դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարար Ա. Երիցյանը և մասնակցել որոնողական աշխատանքներին:

Ժամը 10.42-ին ափից 3.5կմ հեռավորության վրա ջրափրկարարների և տեղի բնակիչների հետ համատեղ ուժերով հայտնաբերվել է Ն. Հարությունյանի դին:

Ժամը 11.02-ին ջրափրկարարները հայտնաբերել են Ա. Վարդանյանի դին:

Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 15-ին, 17-19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը  կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով:

Երևանում`
Նոյեմբերի 15-ին, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևանի  նոյեմբերի  15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
·         Օդի առավելագույն ջերմաստիճան    19.00C (1980թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան        -6.90C (1993թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան     6.10C:

Արամ Մանուկյանը` իշխանության կոռումպացված և փողասեր բնույթի մասին

g_image10ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ գործող իշխանությունն այս փաստաթղթով հերթական անգամ հաստատում է իր անկարողությունը երկրում աղքատությունը վերացնելու, տնտեսությունը կարգավորելու հարցում: Պատգամավորը կարծում է, որ բյուջեն իր մեջ մեծ ռիսկեր է և հարցեր է պարունակում, որոնց պատասխանները չկան: «Օրինակ, նախագծում նշված է, որ հարկային մուտքերը կախված են տնտեսական աճից: Բայց ի՞նչ հիմքեր կան տնտեսական աճի համար, հայտնի չէ»:

Նա համոզված է, որ անգամ այս համեստ բյուջեն չի կատարվելու, քանի որ առկա են մի շարք մարտահրավերներ` արտագաղթ, կոռուպցիա, ներդրումների խիստ նվազում, ներկրումների բարձր, արտահանման ցածր տոկոսներ, էլեկտրաէներգիայի և գազի գնի բարձրացում և այլն:

Խոսելով արտագաղթի մասին` պատգամավորը մեջբերեց 125 000 արտագաղթյալների պաշտոնական թիվը: Նաև ներկայացրեց ԱՄՆ դեսպանատան կողմից ստացված տվյալները, ըստ որի տարեցտարի Գրին քարտի դիմումատուների թիվն ավելանում է, և որ անցյալ տարվա տվյալներով դիմումատուների թիվը եղել է հարյուր հազար, մինչդեռ յուրաքանչյուր գնացող մարդկային ռեսուրս է, որի կորուստը տնտեսության համար լրջագույն մարտահրավեր է:

Խոսելով ներդրումների մասին` պատգամավորը հիշեցրեց, որ կառավարությունը ժամանակին տարեկան տվազագույնը տասը տոկոս ներդրումների աճ էր խոստացել, իսկ այսօր արձանագրում է, որ 60 տոկոսով նվազել են ներդրումները: “Այս թիվը դուք եք ասում, ոչ թե ընդդիմությունը: Սա վկայում է, որ Հայաստանը որպես վստահելի գործընկեր չի դիտարկում: Անգամ ներքին ներդրողը չի վստահում”:

Մանուկյանը մեջբերեց նաև միջազգային տվյալներ ՀԱյաստանի մասին` նշելով, որ դրանցից մեկի համաձայն, Հայաստանի տնտեսությունը վատագույն տասնյակի մեջ է, իսկ ներքին մրցակցության բացակայության առումով 133-րդը` 155-ի մեջ, ինչը վկայում է մենաշնորհի բարձր մակարդակի մասին:

Նա բաց չթողեց նաև հարկերի հավաքագրման գործընթացը` դա էլ որակելով անարդյունավետ և նշելով, որ այս մեթոդներով և իրավիճակում հնարավոր չէ բյուջե լցնել:

“Ձեզ փրկում են տրանսֆերները: Բոլոր ձեր փող հավաքելու միջոցներն անարդարացի են, ձեր կոռումպացված և փողասեր բնույթը չի կարող առաջընթաց ապահովել էս երկրում”,-ամփոփեց Արամ Մանուկյանը:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`  նոյեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության` 10,  յուրացման կամ վատնման և ապօրինի ծառահատման  1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 1,  գողության և մարմնական վնասվածք հասցնելու 2-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Շինարարությունը իրականացվում է տարբեր խախտումներով

Սայաթ-Նովա փողոցի 10-րդ և 12-րդ շենքերԵրևանի Սայաթ-Նովա փողոցի 10-րդ և 12-րդ շենքերի բնակիչները դիմել են ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հետևյալ խնդրով. վերոնշյալ շենքերի դիմաց կառուցապատում իրականացնելու թույլտվություն է տրվել առանց հանրային լսումներ և քննարկումներ կազմակերպելու ու անցկացնելու ՀՀ օրեսդրության պահաջները հաշվի առնելու: Բացի այդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ խախտված է «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմի հավելված 1-ի «Հակահրդեհային պահաջներ» բաժնի 2-րդ կետի պահանջը:

 

Տվյալ տարածքի բնակիչները դեմ են արտահայտվում այդ կառուցապատմանը և պահանջում անհապաղ ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ նշված տարածքում կառուցապատումն արգելելու և տրված թույլտվությունը չեղյալ համարելու համար:

 

Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկելով քննարկումներ կազմակերպել բնակիչների հետ և չեղյալ հայտարարել շինարարություն իրականացնելու թույլտվությունը: Նամակին կից ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրված եզրակացության պատճենը:

Բողոքի երթ դեպի կառավարություն,լուսանկարներ, տեսանյութ

MHM83251 copyՈւսանողի օրվան` նոյեմբերի 17-ին ընդառաջ`  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան»ուսանողական միությունն այսօր երթ էր կազմակերպել դեպի կառավարություն` բողոքելով ուսման բարձր վարձերի, ցածր կրթաթոշակի, արտագաղթի, կոռուպցիայի, մոնոպոլիայի, անարդյունավետ կառավարման եւ այլնի դեմ, այս մասին հաղորդում է  yerkir.am-ը :

Այս երթով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը stop էր ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է ծանր կացության առջև: Միության 50-ից ավելի ուսանողներ ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից երթով շարժվեցին Երևանի մի շարք բուհերի մոտով` ուսանողներին հորդորելով միանալ իրենց: Հատկանշական է, որ գրեթե բոլոր բուհերի դիմաց կազմ-պատրաստ կանգնած էին ուսխորհրդի նախագահները եւ փակում էին բուհի դռները` երևի մտահոգվելով, որ ուսանողները կմիանան ակցիայի մասնակիցներին:

 

Նշենք, որ ՆԱՈՒՄ-ի ուսանողները գավաթ էին բերել` հանձնելու կառավարությանը` որպես «պարգեւ» վատագույն կառավարման համար: Գավաթը ստանալու համար ակցիայի մասնակիցներին ժպիտով մոտեցավ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն, երբ տեղեկացավ, թե ինչի համար է նախատեսված գավաթը, հրաժարվեց վերցնել` խորհուրդ տալով այն թողնել ընդունարանում: Ուսանողներն, ի նշան բողոքի, բացականչեցին` «հեռացեք»,  ապա կոչ արեցին գավաթն անպայման փոխանցել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

Սկսվել են մայրաքաղաքի ծաղկապատման աշնանային աշխատանքները

Երևանի քաղաքապետարան, ծաղկապատումԵրևանի սիզամարգերի ծաղկման շրջանը երկարացնելու նպատակով պուրակներում ու սիզամարգերում հողաշերտի տակ դրվում են բազմերանգ կակաչների սոխուկներ։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի խոսքով՝  2013 թվականին կատարված, վերջին տարիներին առաջին անգամ կիրառված ծաղկապատման այս եղանակը հաջողվել է։

«Վարդակակաչների սոխուկները վերաճ են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում տարեցտարի ավելացնել Երևանում վաղ գարնանը ծաղկող այս ծաղկատեսակների քանակը»,- նշել է Սուրեն Մաքսապետյանը։

Մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի սիզամարգերի հողում դրվելու են վարդկակաչի 500.000 սոխուկներ, որոնցից մարտի վերջերից սկսած ծաղկասածիլներ դուրս կգան։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կառուցվում են կրթական և մշակութային օբյեկտներ, ճանապարհներ

հհ կառավարության նիստՀՀ կառավարությունը 2013թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներում: Նոր որոշումը միտված է պահպանման և շահագործման արդի պահանջները բավարարող կրթական և մշակութային օբյեկտների ձեռքբերմանը և ՀՀ պետգնումների գործընթացին միջին և փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ակտիվ մասնակցության ապահովմանը: Հատկացված ֆինանսական միջոցներով կբարեկարգվի Գեղարքունիքի մարզի Վաղաշենի նորակառույց դպրոցի տարածքը, կավարտվեն շենքի կահավորման մնացորդային աշխատանքները, կվերակառուցվի Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տանիքը, կշարունակվի Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցի վերակառուցումը, կնորոգվի Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչպես նաև ձեռք կբերվի քաղաքաշինական ծախսային ծրագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման էլեկտրոնային համակարգի արդյունավետության վերաբերյալ հանրամատչելի տեսահոլովակ:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի առաջին տրանշով նախատեսվում է իրականացնել Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող մայրուղու շինարարությունը: Կառավարության նիստում հաստատվել է նշված առաջին ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման N 1 ծրագիրը: Առաջիկայում կսկսվի իրացման աշխատանքը: Հաջորդ որոշմամբ գործող որոշման հավելվածում ընդգրկված ցանկից հանվել են այն հասցեները, որոնք ըստ ավտոճանապարհի նոր նախագծի այլևս չեն համարվում բացառիկ` գերակա հանրային շահ, ինչպես նաև այդպիսիք են ճանաչվել նոր տարածքներ: Օտարման ենթակա տարածքների ճշտումից հետո Երևանի քաղաքապետարանը` որպես ձեռքբերող, կիրականացնի իր պատվիրակված լիազորությունները:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրում քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2016թ. դեկտեմբերի 30-ը սահմանելու վերաբերյալ փոփոխություն կատարելու համաձայնագիր:

Նիկոլայը բերման է ենթարկվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

ձերբակալվածՆոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի  Կնունյանց փողոցի  տներից մեկից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Նիկոլայ Գ.-ին, որը մարտի 14-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: