Մոսկվա-Երևան և Եկատերինբուրգ-Երևան չվերթերի ինքնաթիռների ժամանումից հետո հետախուզվողներ են հայտնաբերվել

ձերբակալելՀոկտեմբերի 31-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ժամանման սրահից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արման Գ.-ին, որը հոկտեմբերի 1-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:                                                         

Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայնի ժամանման սրահից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Նորիկ Մ.-ին, որը 2012 թ. ապրիլի 20-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:

 

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, 1 մարդ մահացել է

ավտովթար2Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 85,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը` 1990 թ. ծնված Հարություն Ս.-ն, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ «Մերսեդես»-ի վարորդը, 2 ուղևորները և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երևանում վրաերթի երեք դեպք է գրանցվել

վրաերթՀոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոսկովյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
                                                          
Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Տիգրանյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
                                                        
Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու և նրան տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենա է ընկել ձորը, 4 մարդ հիվանդանոցում է

ավտովթարՆոյեմբերի 1-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ՛՛Ֆոլկսվագեն-Ջետա՛՛ մակնիշի 18US412 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը մեկ տուժած տեղափոխվել է Սպիտակ քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և երկու ուղևորներին, ովքեր տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ խոտածածկ տարածքումՀոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՚ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Ղափլանցյան փողոցում՝ գազատար խողովակների մոտակայքում, 200 քմ, Երևան-Վարդենիս ավտոճանապարհին՚ 1 հա բուսածածկ տարածք, Սևանալճի թերակղզում՚ 1 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արզական գյուղի անտառային հատվածում՚ 17հա, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի պանրի նախկին գործարանի մոտակայքում՚ 150 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:

Հրդեհ՝ Այգեստան 11 հասցեում

հրդեհՆոյեմբերի 1-ին,ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 7-րդ տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են “1-03″,”1-04” ծառայությունների, էլ. ցանցի հերթապահները:
Կանչը բարձրացվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.20-ին, մարվել 04.36-ին: Ամբողջությամբ այրվել է տան 3-րդ հարկն իր գույքով (250 քմ)՝ բացառությամբ 2 ննջասենյակի, որտեղ այրվել են միայն առաստաղները:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Էդվարդ Նալբանդյանը այցելեց Բեռլին

ԱԳՆ,Էդվարդ Նալբանդյան,ԳերմանիաՀոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կատարեց Բեռլին։

Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գերմանացի գործընկերոջ՝ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդո Վեստերվելեի հետ։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Գիդո Վեստերվելեն ասաց, որ Հայաստանը և Գերմանիան գերազանց փոխհարաբերություններ ունեն և ընդգծեց, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. «Գերմանիան որպես իրական բարեկամ շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացմանը»,– ընդգծեց նախարար Վեստերվելեն։

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկների միջև հաստատված է ակտիվ քաղաքական երկխոսություն, որը վերջին տարիներին նոր թափ է ստացել, ամրապնդվել ու խորացել է տարբեր բնագավառներում փոխգործակցությունը։

Նախարարները վստահություն հայտնեցին, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան և կընդլայնվեն։

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, քննարկեցին Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջնային հարցերի շուրջ։

Ինչո՞ւ բիզնեսը լավ չի զարգանում

HDMՆոյեմբերի 1-ից Հայաստանի հարկատուների մի մեծ խումբ ստիպված է լինելու ներդնել նոր ՀԴՄ–ներ:  Խոսքը 369 600 դրամով վաճառվող ՀԴՄ–ների մասին է, որ կառավարությունը , նոր բեռի տեսքով, դրեց հայաստանյան տնտեսվարողների ուսերին:

Այս տարվա սեպտեմբերի 5-ին կառավարության կայացրած 968-Ն որոշման համաձայն` նոյեմբերի 1-ից նոր ՀԴՄ–ով պետք է աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատող, ըստ էության, բոլոր տնտեսվարողները, ինչպես նաև այն ներկրողները, որոնց շրջանառությունն ամսական միջինը 10 մլն դրամ է: Հուլիսի 1-ից, երբ այդ ՀԴՄ–ները նոր էին ներդրվում, կառավարությունը խոստանում էր, որ խոշոր տնտեսվարողները դրանք կգնեն 369 600 դրամով, փոքրերը` ավելի Էժան: Բայց կա՛մ փոքր տնտեսվարող «չկա» Հայաստանում, կա՛մ կառավարությունը նրանց վրա «թքած ունի» , քանի որ փոքր տնտեսվարողները, որոնց թիվը հասնում Է 4000-ի, ՀԴՄ–ն ձեռք են բերում նույն 369 600 դրամով:

 «Որովհետև սև ոչխարներն իմն են»: «Իսկ սպիտակնե՞րը»: «Սպիտակներն էլ են իմը»

Դեռևս անցյալ տարի ընդունված օրենքի համաձայն` հայաստանցի տնտեսվարողների վրա պարտավորություն էր դրվել մինչև 2014-ի հունիսի 1-ը ձեռք բերել նոր տիպի բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենաներ: Դրանք ապահովված են ինտերնետ կապով և տնտեսվարողի գործունեության մասին տեղեկատվություն են փոխանցելու ՊԵԿ տեղեկատվական կենտրոն:  Նոր ՀԴՄ-ներ պետք է  տեղադրեին նախ` խոշոր հարկատուները, ապա` միջին (500 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ստացող) և մանր:

Արդեն այս տարվա հունիսի 27-ին ընդունած որոշմամբ  կառավարությունը սահմանել է 500 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ստացող ընկերությունների համար բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառքի առավելագույն գինը` 369 600 դրամ:

Ընդ որում, կառավարության որոշման համաձայն, 500 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների ձեռք բերած ՀԴՄ-ներից ստացված շահույթը պետք է ուղղվեր այլ հարկ վճարողների (500 միլիոնից ցածր իրացում ունեցող տնտեսվարողների) կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ների արժեքի մասնակի փոխհատուցմանը:

Պարզ ասած` ավելի խոշոր հարկատուները պետք է օգնեին ավելի փոքր հարկատուներին ավելի էժան գնով ձեռք բերելու նոր ՀԴՄ-ները:

ՀԴՄ-ների վաճառքն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր «Հսկիչ դրամարկղային մեքենենաների ներդրման գրասենյակ»  ՊՈԱԿ-ը:

ՀԴՄ-ների ձեռքբերման համար մրցույթ չի հայտարարվել, ու ոչ ոք չի կարող վստահ ասել, որ գնման համար առաջարկվել է նվազագույն գին: Այս առումով «Հետք» պարբերականին տված պարզաբանման մեջ ՊԵԿ-ը նշել է. «Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2005 թ. հունիսի 1-ի «Հuկիչ դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար oգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաuտատելու մաuին» N 946-Ն որոշմամբ սահմանված ծրագրային ապահովվածության բարձր պահանջները և այն, որ նման պահանջներին բավարարող հսկիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերումը հնարավոր չէր օրենքով սահմանված ժամկետում իրականացնել մրցութային կարգով, այդ մեքենաների գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Բանակցային ընթացակարգ` առանց հայտարարության» գնման ձևով, որի դեպքում մրցույթի հայտարարում օրենքը չի նախատեսում»:

Այդ պատասխանի մեջ  նշում կա նաև, որ նոր ՀԴՄ-ների ինքնարժեքը, որը ներառում է ՀԴՄ-ի ձեռքբերման, ծրագրային ապահովման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի պահպանման տարեկան ծախսերը, կազմում է 203 հազար դրամ: Սակայն ներկայումս խոշոր բիզնեսին այն  վաճառվում է ավելի բարձր գնով, որպեսզի հասույթի մի մասն ուղղվի մինչև 2015 թ. հունվարի 1-ը ՓՄՁ սուբյեկտների կողմից ձեռքբերվելիք ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցմանը:

Նոր ՀԴՄ-ների կիրառման հետ կապված ծրագրային ապահովման մշակումն իրականացվում է «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջոցով, սպասարկումը պետք է իրականացնեն  նույն «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ընտրված  4 կազմակերպություններ:

«Առաջին անգամ ներդրվող» ծանր բեռ` տնտեսվարողների համար

Սեպտեմբերի 23-ին` ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց տվեց, թե ինչով է պայմանավորված Հայաստանում շրջանառության մեջ դրված նոր հսկիչ դրամարկղային մեքենաների բարձր արժեքը, մեքենաներ ներմուծող ՊՈԱԿ-ը որտեղի՞ց է դրանք ներմուծում, և ինչո՞ւ թույլ չի տրվում ներկրել նաև սովորական քաղաքացիներին:

«Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է ներդրվում մեկ միասնական համակարգ: Հսկիչ դրամարկղերի միջոցով միասնական բազա է ստեղծվում, և առաջին փուլում մեքենաների համար ավելի բարձր գին է սահմանված, քան նախկինների համար, քանի որ սրանք բազմաֆունկցիոնալ են, իսկ նախկինները նման հնարավորություն չունեին»,- պատասխանեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշեց, որ այդ հսկիչ մեքենաներով հնարավոր է կապ հաստատել կենտրոնական սերվերի հետ, բացի այդ, դա նաև տնտեսվարող սուբյեկտի համար նոր լրացուցիչ ծառայություններ է նշանակում: Նրանք կարողանում են հաշվարկները ծրագրային ձևով իրականացնել, սարքերը նաև հզոր հիշողություն ունեն: Մի խոսքով, ինչպես բառացի նշեց վարչապետը` «սա շատ առաջադիմական համակարգ է»:

Իսկ թե ինչու է առաջին փուլում այսքան թանկ, վարչապետն ասաց, որ այդ փուլում հիմնական սպառողը խոշոր ձեռնարկություններն են: Վարչապետը նաև նշեց, որ հաշվիչ մեքենաներ ներկրել կարող են նաև այլ ընկերություններ, սակայն իրենց կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում:

Զրուցեցինք մի քանի տնտեսվարողների հետ, որոնք չեն ցանկանում` իրենց անունները նշվեն ՊԵԿ-ի հետ խնդիրներից խուսափելու համար: Բոլորի մտահոգությունները գրեթե նույնն են, իսկ առաջինը հենց այն է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը բոլոր տնտեսվարողներին, անկախ շրջանառության ծավալներից, պարտադրում է ՀԴՄ-ներ ձեռք բերել միևնույն` 369 հազար դրամով: Բացի այդ, ինչպես նշում էին բոլոր զրուցակիցները, իրենց պարտադրվում է, որ նոր ՀԴՄ-ները ձեռք բերվեն անպայման ՊՈԱԿ-ից: Իհարկե, ոչ ուղղակիորեն: Բայց երևույթը նույնն է, քանի որ կառավարության որոշումը թույլ չի տալիս առանձին տնտեսվարողների ՀԴՄ-ները այլընտրանքային գներով ձեռք բերել, քանի որ, եթե համապատասխան օրենքում նշված են բազմաֆունկցիոնալ սարքերի  չափորոշիչները, ապա կառավարության հիշյալ որոշումն արդեն սահմանել է դրանց մոդելը`«ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության արտադրած` MS-2351 մակնիշի:

Տնտեսվարողներից Վ.Գ-ն պատմեց, որ դեռևս անցյալ տարի էր ձեռք բերել 100 հազար դրամ արժողությամբ 4 ՀԴՄ, ու այս տարի իրեն պարտադրում են նոր` 4 անգամ ավելի թանկ ՀԴՄ-ներ գնել:

«Ուզենք-չուզենք` պիտի գնենք, բայց մենակ արժեքը չի: Դրան գումարվում են նաև սպասարկման ծախսերը, ինտերնետի գինը և այլն: Ու այնպես է ստացվել, որ սպասարկումն էլ են իրենք անում, ասում են, թե ով պետք է սպասարկումն իրականացնի, թե եղած ամենանորմալ ինտերնետ կապն էլ, գիտենք, թե ումն է: Ու եթե սպասարկման գումարն էլ չմուծենք, ուղղակի չեն թողնի, որ ՀԴՄ-ն օգտագործենք, այսինքն` առևտուր էլ չենք կարող անել»,- նշեց Վ.Գ.-ն:

Մեկ այլ տնտեսվարողի` Ա.Ա-ի ներկայացմամբ էլ, ընդամենը նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի իր միջին բիզնեսի ընդհանուր շրջանառությունը նվազել է մոտ 2.5-3 անգամ: Բնականաբար` նաև եկամուտները. «Անցյալ տարի այս սեզոնին արդեն մոտ 240-250 տոննա թիթեղ էի իրացրել: Երեկ հաշվեցինք ու տեսանք, որ այս տարի ընդամենը մոտ 105 տոննա ենք կարողացել իրացնել: Եկամուտները, բնականաբար, պակասում են, ու ես արդեն ֆինանսական խնդիրներ ունեմ նոր ՀԴՄ-ների ձեռքբերման հարցում»,- նշեց նա:

Ստացվում է, որ այսպիսով կառավարության հերթական մենաշնորհն է սահմանվել, այս անգամ` պետական ոչ առևտրային կազմակերպության համար, որը պարտադրելու է շուրջ 60 հազար տնտեսվարողների` միևնույն տեղից ու նույն 369 600 դրամ գնով ձեռք բերել միևնույն ապրանքը: Իսկ այդ բացը բիզնեսի ներկայացուցիչները ծածկելու են, բնականաբար, սպառողների հաշվին` գների բարձրացմամբ:

Հ.Գ. 

Նյութը պատրաստ էր տպագրության, երբ խմբագրությունը կառավարությունից տեղեկացավ, որ վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառել ,նոր սերնդիե ՀԴՄ-ների ներդրման ժամկետի երկարաձգման հարցը

Երկարաձգվում է սիրիահայերին տրված արտոնության ժամկետը

կառավարության նիստՀՀ կառավարությունը թույլատրել է Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների կողմից 2012թ. հուլիսի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը: Մաքսային մարմիններ դիմելիս սիրիահայերը պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարության գրությունը:

Հաջորդ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է նաև սիրիահայերի` առանց որակավորման քննություն հանձնելու վարորդական վկայականները փոխանակելու ժամկետը:
Կառավարությունն իր նիստում փոփոխություն է կատարել ՀՀ 2013թ. պետբյուջեում և ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների փաստացի գոյացող մուտքերի հաշվին և դրա սահմանում ստանձնած պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու, այդ մուտքերի ստացմանն առնչվող, ինչպես նաև ոստիկանության գործունեությանն անհրաժեշտ առանձին, այդ թվում` անհետաձգելի համարվող ծախսերի ֆինանսավորումն ապահովելու հանգամանքով:
Կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ լուծարելու որոշում. դրա նպատակը կարի արտադրության շուկայում հեռանկար չունեցող, վնասով աշխատող առևտրային կազմակերպության հետագա գործունեության դադարեցումն է:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը բխում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջից: Որոշման 2-րդ հավելվածում սահմանվել են հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցի որակավորման կարգի նվազագույն պահանջները: Դրանց ներդրումը և դրանք գերազանցող շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստեն առավել բարձր պահանջ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:
Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե և հաստատվել դրա կազմը: Կազմկոմիտեն գլխավորելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

 

ՀԴՄ-ները ձեռք կբերվեն առավել բարենպաստ պայմաններով

 Տիգրան Սարգսյան,ՊԵԿ Հսկիչ-դրամարկղային մեքենաներՀՀ կառավարությունը ՊԵԿ Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին թույլատրել է 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 280 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 150 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Գրասենյակին հանձնարարվել է հարկ վճարողների կողմից ձեռք բերված ՀԴՄ-ների արժեքի գների տարբերությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին: Այսպիսով, 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և մինչև 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարող համարվողների համար սահմանվում են ՀԴՄ-ների ձեռքբերման ավելի ցածր գներ: Բացի այդ, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ գործարարներին մեկ ամիս ժամանակ պետք է տալ, որպեսզի նրանք հասցնեն ՀԴՄ-ներ ձեռք բերել նոր գներով: «Այս որոշմամբ մենք փաստորեն կատարում ենք մեր խոստումը, – հավելել է վարչապետը: – Մենք խոստացել էինք, որ փոքր և միջին ձեռնարկություններին ավելի էժան ենք տրամադրելու իրենց ՀԴՄ-ները: Այսօր մենք մեր խոստումը կատարում ենք` ասելով, որ ինքնարժեքից 30 տոկոս ավելի էժան ենք տալիս ի հաշիվ այն բանի, որ խոշորների համար ավելի բարձր գին ենք սահմանել: Հիմա այդ մարդկանց պետք է մեկ ամիս ժամանակ տանք, որ կարողանան ձեռք բերել այդ մեքենաները: Հաջորդ խնդիրը, որ մշտապես բարձրացնում են և իմ կարծիքով արդարացիորեն, այն է, որ մեզ մեղադրում են, որ Հայաստանում կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կարող են այս ՀԴՄ-ները ավելի էժան ներմուծել: Մենք հայտարարել ենք, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է այս սարքավորումներից ավելի էժան բերել և այդ սարքավորումները կհամապատասխանեն մեր կողմից սահմանված չափանիշներին, ապա նրանք կարող են դրանով զբաղվել և որևիցե մեկը չկա, որ կարող է դիմել ու մերժվել: Դրա համար ՊԵԿ-ին հանձնարարվում է, որ բոլոր այդպիսի դիմողներին ընդունի և նրանցից պահանջի, որ ներկայացնեն իրենց առաջարկները: Մենք, բնականաբար, ՀԴՄ-ները սիրով ձեռք կբերենք նրանցից, ովքեր ավելի էժան կբերեն»:

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

 ավագանու  նիստԵրևանի ավագանին հոկտեմբերի 31-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է տվել քաղաքական, հասարակական գործիչ Ֆրունզե Խառատյանի, արձակագիր Զորայր Խալափյանի և Հայաստանի առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու որոշումների մասին առաջարկներին:
Ավագանին հավանություն է տվել նաև Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հ. Թոքմաջյանի ` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ տեղակայված զբոսայգու 5.637 հա մակերեսով մասը բարեկարգելու, կանաչապատելու և հանգստի գոտու վերածելու վերաբերյալ առաջարկությանը։ Հ. Թոքմաջյանի առաջարկության համաձայն՝ մշակվող բարեկարգման և կանաչապատման նախագծա-նախահաշվային փաստաթղթերն ավագանու որոշմամբ ընդունվել է որպես նվեր:
Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, ինչպես նաև «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով գույքեր ամրացնելու մասին որոշումների նախագծերը:
Ավագանու որոշմամբ՝ Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 25-ին:
Հայտարարված ընդմիջմանը հաջորդել է հարցուպատասխանը, որի ժամանակ ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանի՝ մայրաքաղաքում իրականացվող առողջապահական ծրագրերի մասով բարձրացված հարցին ի պատասխան ՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը նշել է, որ անցած ամիսների ընթացքում քաղաքապետարանի կողմից իրականացված բարեգործական երկու միջոցառումների ընթացքում բժշկական տարատեսակ անվճար ծառայություններից օգտվել է ավելի քան 8 հազար մարդ: Բացի այդ, այս տարի առաջին անգամ Երևան քաղաքի բյուջետային միջոցներով անհրաժեշտ նոր բուժսարքավորումներ են ձեռքբերվել: Ինչ վերաբերում է թ.7 և թ.8 համաբուժարանների միավորման ծրագրին, ապա այս ուղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
ԲՀԿ խմբակցության անդամ Թամար Պողոսյանի՝ այս կամ այն շինարարության մասին օրենքով սահմանված կարգով հանրությանն իրազեկելու հարցին ի պատասխան նշվել է, որ բարձրացված հարցի վերաբերյալ ապահովվում է գործող օրենսդրության պահանջը, և գործընթացներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում:
Երևանի արտաքին լուսավորության և ընդհանրապես վերգետնյա մալուխային ցանցի վերաբերյալ «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանի հարցի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հարցը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են: Ներկայում, մասնավորապես, ստորգետնյա ցանցի անցկացման պիլոտային ծրագիր է իրականացվում: Բավական ծավալուն այս ծրագրի իրականացման համար զուգահեռաբար բանակցություններ են ընթանում մասնավոր, այդ թվում նաև միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների հետ: Բացի այդ, նոր կառուցվող բոլոր փողոցներում լուսավորության ցանցը ստորգետնյա է:
Մայրաքաղաքի աղբավայրերի ճակատագրի վերաբերյալ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանի կողմից բարձրացված հարցը պարզաբանելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթը կայացել է, և միջազգային 2 կազմակերպություններ արդեն հաղթող են ճանաչվել ու, համաձայն պայմանագրի, 2014 թվականի ապրիլի 1-ից կսկսեն իրականացնել մայրաքաղաքի սանմաքրման ու աղբահանության աշխատանքները: Ավելին, արդեն եկող գարնանը կհայտարարվի նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման և շահագործման միջազգային մրցույթ:
Երևանի և Ստեփանակերտի միջև գործակցության պայմանագրի ընթացքի վերաբերյալ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հարցին ի պատասխան նշվել է, որ նախանշված բոլոր ուղղություններով կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել և հաջողությամբ իրականացվում են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, ի թիվ այլ հարցերի, գործակցության մասով առանձնացվել է Ստեփանակերտում Ազատամարտիկների այգի հիմնելու համատեղ ծրագիրը՝ հատկանշելով, որ այն լինելու է Երևան քաղաքի նվերը Ստեփանակերտին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բարելավվել է Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը

ՀՀ կառավարության նիստ,Գեղարքունիքի մարզԱյսօր Գեղարքունիքի Գավառ մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստի սկզբում մարզպետի 2013թ. ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է անհրաժեշտ քանակությամբ սուբսիդավորված դիզվառելիք, ազոտական պարարտանյութ, առաջին վերարտադրության և էլիտային աշնանացան ցորենի, գարնանացան գարու, կորնգանի և առվույտի բարձրորակ սերմեր: Կառավարության իրականացրած աջակցության ծրագրերի շնորհիվ վերջին երկու տարում համայնքներում յուրացվել և ցանքաշրջանառության մեջ է մտցվել ավելի քան 2 հազար հեկտար անմշակ վարելահող, զգալիորեն ավելացել է պարենային և սերմացու հացահատիկի համախառն արտադրությունը:
Մարզի բնապահպանության ոլորտի գերակա ուղղություն է մնում Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի ջրային, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության ու վերարտադրության ապահովման խնդիրը: Վերջին տարիներին կառավարության նախաձեռնած ծրագրերով իրականացված միջոցառումները թեև տվել են տեսանելի արդյունք, սակայն բոլոր հիմնահարցերի արմատական լուծման համար դեռևս որոշակի ժամանակ ու նոր ներդրումներ են հարկավոր:
Մարզպետի հաշվետվությունն ընդգրկում էր քաղաքաշինության, կապիտալ շինարարության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, հողաշինարարության և հողօգտագործման և այլ ոլորտներում առկա ձեռքբերումներն ու խնդիրները:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը: Այնուհետև նիստի մասնակիցներին է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հարգելի գործընկերներ, մենք երեք տարի առաջ այստեղ արտագնա նիստ արեցինք և արձանագրեցինք որոշակի խնդիրներ: Տեղյակ եք, որ մարզային այցելություններից առաջ մենք կատարում ենք սոցիոլոգիական հետազոտություններ, որպեսզի մեզ համար պարզ լինի, թե որոնք են այն հիմնարար խնդիրները, որ մարզի բնակիչները դնում են մեր առջև:
Առաջինը արձանագրում ենք, որ այս երեք տարվա ընթացքում մարզի բնակիչները տեսնում են, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզում բարելավվել է, ինչը մեզ համար չափազանց կարևոր է: Որոշակի շեշտադրումներ այս երեք տարվա ընթացքում, իհարկե, փոփոխվել են: Մարզի առաջին և ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ արտագնա աշխատանքները մարզում ավանդական բնույթ են կրում: Հստակ կան Ռուսաստանի Դաշնությունում մարզեր, քաղաքներ, որտեղ կազմակերպված ձևով ամեն տարի մարզի բնակիչները մեկնում են սեզոնային աշխատանքի և վերադառնում: Այս երեք տարվա առանձնահատկությունն այն է, որ հետճգնաժամային տարիներին Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական վիճակը բարելավվել է, և բնականաբար, արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտներն ավելացել են այդ տարիների ընթացքում: Հիշում եք, որ 2008-2009 թթ. մարզում արձանագրվել էր եկամուտների կտրուկ անկում, ավելին, շատ արտագնա աշխատանքի մեկնողներ այդ տարիներին չէին մեկնել աշխատանքի, և դա իր ազդեցությունն էր թողել մարզի վրա: Այս երեք տարվա ընթացքում սա մարզային զարգացումների առանձնահատկություններից էր:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ եթե երեք տարի առաջ մեր առջև խնդիր էր դրվում ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակութային միջոցառումներին, որպեսզի դրանք հասանելի լինեն, ապա այս տարի առաջնահերթությունները փոխվել են: Կարևորագույն խնդիր են խմելու ջուրը, մանկապարտեզները և առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Այս երեք կարևորագույն խնդիրներն են, որոնք մարզի բնակիչները համարում են առաջնահերթ իրենց համար: Միևնույն ժամանակ աշխատատեղերի առումով գոյություն ունի կառուցվածքային խնդիր. այն թափուր աշխատատեղերը, որ մենք ունենք մարզում, չեն համալրվում, աշխատատեղերի հիմնական պահանջարկը բանվորական աշխատանքն է: Շուրջ 1400 այդպիսի հայտ ունի մեր սոցիալական ծառայությունը, որ մարդիկ ուղղակի պատրաստ են բանվորական աշխատանքով զբաղվել: Այդ առումով ես այսօր արդեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել եմ, որպեսզի մենք ըստ մարզերի քննարկենք կառուցվածքային այս խնդիրները, որովհետև տեղյակ եք, որ նույն Դիլիջանում մենք ունենք բանվորական աշխատուժի պահանջարկ և նույնիսկ այս տարի արձանագրել ենք, որ Տաջիկստանից աշխատողներ են եկել Հայաստան, որպեսզի շինարարական աշխատանք իրականացնեն այն պարագայում, երբ Մարտունիում, Գավառում, Վարդենիսում ունենք աշխատուժի ավելցուկ և պետք է կարողանանք այդ թափուր աշխատատեղերը ժամանակին բացահայտել և ներհանրապետական աշխատուժի հոսք կազմակերպել: Այստեղ խնդիրը նույնպես վերաբերում է մեր նոր ակտիվ սոցիալական ծառայությունների մատուցման ծրագրին. մասնավորապես, եթե մենք ապահովեինք այդ աշխատողներին կեցավայրով, սնունդով, ապա նրանք կհամաձայնեին տեղափոխվել Գեղարքունիքի մարզից Տավուշի մարզ և այդ սեզոնային աշխատանքներն իրականացնել: Դա նշանակում է, որ այդ սոցիալական ակտիվ ծրագրերն այսօր պահանջված են և կարող ենք այդտեղ բավական լուրջ արդյունքներ ստանալ»: 

Վարչապետը նշել է, որ կառավարության առջև մի շարք խնդիրներ են դրել մարզի, մասնավորապես` Վարդենիս քաղաքի և այլ համայնքների բնակիչները: Կա որակյալ մասնագետների, այդ թվում` բժիշկների կարիք: ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության նախարարները հանձնարարություն են ստացել մեկ ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել, թե ինչ որոշումներ է պետք ընդունել, որպեսզի մարզերում լուծվի մասնագետների պակասի հարցը: 
Գեղարքունիքի մարզում կատարած աշխատանքի մասին տեղեկություն են տվել ՀՀ նախարարները և պետական մյուս մարմինների ղեկավարները: Նրանց ելույթները, ինչպես նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքի մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաղորդումն ընդունվել են ի գիտություն:
Վարդենիսի բնակիչներն այսօր վարչապետին են դիմել նաև 2011թ. սերմերի մատակարարման ծրագրի առնչությամբ: Նրանք մինչև այժմ չեն հատուցել այն ծախսը, որ պետությունն իրականացրել է` սերմեր տրամադրելով: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ իրենց ոչ թե սերմ են տրամադրել, այլ ցորեն: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ծառայողական քննություն կատարել և պարզել խնդիրը:
«Հիմնական խնդիրները, որոնցով մեզ դիմում են, սոցիալական խնդիրներ են, – շարունակել է վարչապետը: – Պետք է խնդրենք մարզպետին, որպեսզի այսուհետև մեր քաղաքացիներին ուղղորդեն ինտեգրված սոցիալական ծառայության գրասենյակ, որտեղ նրանք կարող են ստանալ իրենց մտահոգող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները: Մասնավորապես, մարդիկ դիմում են թոշակի, սոցիալական նպաստի հարցերով, ֆինանսական օգնություն իրենց հասնում է, թե ոչ: Ինտեգրված սոցիալական ծառայության գրասենյակը, որն այսօր մենք բացեցինք Վարդենիսում, հենց այդ նպատակն է հետապնդում՝ սպառիչ պատասխան տալ քաղաքացիներին: Այդ գրասենյակի աշխատանքի արդյունավետությունը հենց այն է լինելու, որ մարդուն չեն ուղարկելու գրասենյակից գրասենյակ, այլ իր ընտանիքին վերաբերող սոցիալական բոլոր խնդիրները համալիր ձևով պետք է քննարկեն և սպառիչ պատասխան տան: Այսօր ինձ մոտեցել էր մի քաղաքացի և ասում էր, որ իր թոշակը, իր կնոջ թոշակը չեն բավարարում նվազագույն սպառողական զամբյուղի պահանջները: Դա նշանակում է, որ նա պետք է հայտնվի սոցիալական օժանդակություն ստացող ընտանիքների ցուցակում, բայց նա այնտեղ չի հայտնվել, որովհետև իր հետ գրանցված են իր երեխաները, որոնք աշխատանք ունեն և այլն: Հիմա արդեն ինտեգրված սոցիալական ծառայությունը կարող է բոլոր հարցերը միասնական դիտարկել, քննարկել այդ մարդու ռեալ իրավիճակը, ռեալ պրոբլեմները, առանց տարբեր գերատեսչություններից տեղեկանքներ պահանջելու ցույց տալ՝ արդյոք այդ ընտանիքը մեր կողմից սահմանված սոցիալական բալերի առումով հայտնվու՞մ է սոցիալական խոցելի խավերի մեջ և ստանալո՞ւ է օժանդակություն: Նման օրինակները, նման դիմումները շատ են»:

 

ՀԴՄ-ները ձեռք կբերվեն առավել բարենպաստ պայմաններով

ՀՀ կառավարությունը ՊԵԿ Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին թույլատրել է 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 280 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 150 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Գրասենյակին հանձնարարվել է հարկ վճարողների կողմից ձեռք բերված ՀԴՄ-ների արժեքի գների տարբերությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին: Այսպիսով, 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և մինչև 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարող համարվողների համար սահմանվում են ՀԴՄ-ների ձեռքբերման ավելի ցածր գներ: Բացի այդ, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ գործարարներին մեկ ամիս ժամանակ պետք է տալ, որպեսզի նրանք հասցնեն ՀԴՄ-ներ ձեռք բերել նոր գներով: «Այս որոշմամբ մենք փաստորեն կատարում ենք մեր խոստումը, – հավելել է վարչապետը: – Մենք խոստացել էինք, որ փոքր և միջին ձեռնարկություններին ավելի էժան ենք տրամադրելու իրենց ՀԴՄ-ները: Այսօր մենք մեր խոստումը կատարում ենք` ասելով, որ ինքնարժեքից 30 տոկոս ավելի էժան ենք տալիս ի հաշիվ այն բանի, որ խոշորների համար ավելի բարձր գին ենք սահմանել: Հիմա այդ մարդկանց պետք է մեկ ամիս ժամանակ տանք, որ կարողանան ձեռք բերել այդ մեքենաները: Հաջորդ խնդիրը, որ մշտապես բարձրացնում են և իմ կարծիքով արդարացիորեն, այն է, որ մեզ մեղադրում են, որ Հայաստանում կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կարող են այս ՀԴՄ-ները ավելի էժան ներմուծել: Մենք հայտարարել ենք, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է այս սարքավորումներից ավելի էժան բերել և այդ սարքավորումները կհամապատասխանեն մեր կողմից սահմանված չափանիշներին, ապա նրանք կարող են դրանով զբաղվել և որևիցե մեկը չկա, որ կարող է դիմել ու մերժվել: Դրա համար ՊԵԿ-ին հանձնարարվում է, որ բոլոր այդպիսի դիմողներին ընդունի և նրանցից պահանջի, որ ներկայացնեն իրենց առաջարկները: Մենք, բնականաբար, ՀԴՄ-ները սիրով ձեռք կբերենք նրանցից, ովքեր ավելի էժան կբերեն»:
Երկարաձգվում է սիրիահայերին տրված արտոնության ժամկետը

ՀՀ կառավարությունը թույլատրել է Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների կողմից 2012թ. հուլիսի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը: Մաքսային մարմիններ դիմելիս սիրիահայերը պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարության գրությունը:
Հաջորդ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է նաև սիրիահայերի` առանց որակավորման քննություն հանձնելու վարորդական վկայականները փոխանակելու ժամկետը:
Կառավարությունն իր նիստում փոփոխություն է կատարել ՀՀ 2013թ. պետբյուջեում և ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների փաստացի գոյացող մուտքերի հաշվին և դրա սահմանում ստանձնած պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու, այդ մուտքերի ստացմանն առնչվող, ինչպես նաև ոստիկանության գործունեությանն անհրաժեշտ առանձին, այդ թվում` անհետաձգելի համարվող ծախսերի ֆինանսավորումն ապահովելու հանգամանքով:
Կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ լուծարելու որոշում. դրա նպատակը կարի արտադրության շուկայում հեռանկար չունեցող, վնասով աշխատող առևտրային կազմակերպության հետագա գործունեության դադարեցումն է:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը բխում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջից: Որոշման 2-րդ հավելվածում սահմանվել են հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցի որակավորման կարգի նվազագույն պահանջները: Դրանց ներդրումը և դրանք գերազանցող շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստեն առավել բարձր պահանջ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:
Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե և հաստատվել դրա կազմը: Կազմկոմիտեն գլխավորելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Կբարելավվի ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական վիճակը

Կառավարությունն իր նիստում վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրել 228 մլն դրամ: Նշված գումարը որպես ֆինանսական աջակցություն տրամադրվելու է «Վեդի», «Մասիս», «Խոյ», «Ջրվեժ-Ձորաղբյուր» և «Թալին» ընկերություններին:
Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ: Միջոցառման արդյունքում կբարելավվի Արարատյան ջրավազանի բնապահպանական վիճակը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը նպատակ ունի անտառները զերծ պահել հրդեհի վտանգից, ապահովել անտառային տարածքներով ու անտառուղիներով անցնող էլեկտրական ցանցերի անխափան աշխատանքը` կրճատելով բազմաթիվ սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումները:
Տեսչական բարեփոխման ծրագրով իրականացվող գործընթացների համատեքստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր մի շարք որոշումներում: Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է գնահատել նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների ռիսկայնությունը, հնարավորինս կրճատել դրանց գործարկման եզրակացության տրման ժամկետն ու ներկայացվող փաստաթղթերի թվաքանակը:
Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը և ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի սպառազինման պետական, ռազմատեխնիկական ծրագրերի իրականացումը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների համախմբված ֆինանսական հաշվետվողականության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթուղթը միտված է հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ ֆինանսական տեղեկատվության համադրելիության և թափանցիկության ապահովմանը:
Պաշտոնական պարբերականների հրատարակումն ապահովելու, անհրաժեշտ վկայականներ և ձևաթղթեր ձեռք բերելու համար գործադիրը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է շուրջ 34 մլն դրամ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի պատվիրակությանը

Սերժ Սարգսյան,Եվրոպական խորհրդարանՉարլզ Թանոք, Ռիշարդ Չարնեցկի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Նախագահի հյուրընկալած պատվիրակության կազմում եղել են նաև խմբի մի շարք այլ անդամներ:

Ընդգծելով, որ եվրոպական մերձեցումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն բաղկացուցիչը, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Նախագահի խոսքով, եվրոպական արժեհամակարգին դավանող Հայաստանը պետության կառուցման և զարգացման ճանապարհին առաջնորդվում է հենց այդ չափանիշներով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Եվրամիության հետ Հայաստանի անցած տարիների ձեռքբերված համագործակցության մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում (լրացված)

ավտոպատահարՀոկտեմբերի 31-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենան բախվել է ջրատարին, ինչի հետևանքով “Ֆորդ”-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Սոնագրո» ՍՊԸ-ին պատկանող “Ֆորդ Տրանզիտ”մակնիշի 207 ՍԼ 64 պետհամարանիշով ավտոմեքենան վարորդ՝ Գ. Ա.-ն, (ծնվ. 1984 թ.) և «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ին պատկանող “Գազ 53” մակնիշի 570ԼՕ64 պետհամարանիշով ջրատար ավտոմեքենան վարորդ՝ Խ. Ա., (ծնվ. 1958 թ.):
Փրկարարներն ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ. 1984 թ.):
Շտապօգնության աշխատակիցները, տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվել է բավարար:

Դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Աշոտ ԵսայանԳլխավոր դատախազի հրամանով աշխատանքից ազատվել է դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը: Նա նշանակվել է դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը հաստատեց Իրավաբան.net-ի տեղեկությունը:    Իրավաբան.net 

«Պարոն Կոստանյան, դատախազներ կան որ դե՞մ են Ձեր բարեփոխումներին» Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը դիմել է նորանշանակ գլխավոր դատախազ Կոստանյանին

Էդմոնդ ԽուդյանԱմերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հայաստանյան ներդրումների հետ կապված 2 քրեական գործերի մանրամասները ներկայացնելու կարիքը թեև չկա, քանի որ շուրջ 3 տարի է ինչ լրատվական կայքերով պարբերաբար հրապարակումներ են լինում այդ գործերի ընթացքի վերաբերյալ, ու թեև նշված գործերի հետ կապված գործարարի և նրա փաստաբանների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն բազմաթիվ դիմումներ են ներկայացվել, որոնց մի մասին համապատասխան ընթացք չի տրվել,   գործարարը ևս մեկ անգամ դրանց մասով դիմել է դատախազություն՝ այս անգամ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

 

Իր դիմումով գործարար Էդմոնդ Խուդյանը նորանշանակ դատախազի ուշադրությունն է հրավիրել ներկայումս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում գտնվող գործի վրա, որով առ այսօր դատախազների կողմից հովանավորչություն է իրականացվում Ղևոնդ Ղալումյանի նկատմամբ:  Խոսքը վերաբերում է ինչպես այս գործով ի սկզբանե հսկող դատախազ հանդիսացած Արման Հակոբյանին, այնպես էլ՝ դատական փուլում վերջինիս փոխարինած դատախազ Լևոն Չարխիֆալակյանին: Նրանց գործողությունների արդյունքում, ճիշտ այնպես, ինչպես շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հանցանք կատարած մի քանի անձինք մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում մնացին, իսկ գործարար Էդմոնդ Խուդյանի /վկա/ անունը անհիմն դրվեց կեղծ մեղադրանքի կողքին, թեև  նրան մեղադրանք չի առաջադրվել: Գործարարը բազմիցս նշել է, որ այս շինծու մեղադրանքի տեքստում ի սկզբանե մի միտում կա. դատախազությունն ամեն գնով հովանավորում է խարդախ գործարքի իրական հասցեատերերին և «Էդուարդ Եսայանը գործել է Էդմոնդ Խուդյանի օգտին» զրպարտիչ փաստի արձանագրմամբ դատավճիռ կկայացվի, իսկ այնուհետև այն կօգտագործվի Գյուլխասյանին և Մաշտոցի 33-ի այլ խաբված գնորդներին իր դեմ ուղղելու համար:

«2013թ. սեպտեմբերի 30-ին ուշադրությամբ հետևում եմ ՀՀ ազգային ժողովում Ձեր համոզիչ ելույթին և հայտարությանը որ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՉՈՒՆԵՆԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԱՅՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է», այնուհետև տեղեկանում եմ ՀՀ ազգային ժողովի կողմից Ձեզ տրված բարձր վստահության քվեի մասին, Ձեր հետագա համարձակ կադրային քաղաքականության մասին: Այդ ամենն ինձ վստահություն է ներշնչում, որ դատախազական համակարգը վերածնունդ է ապրում և նշածս քրեական գործով մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի վարքագծում և դիրքորոշման մեջ դրական փոփոխություն կլինի ու գործին օրինական ընթացք կտրվի: Սակայն քրեական գործով 21.10.2013թ.-ի դատական նիստի ժամանակ, դատախազ Արման Հակոբյանի ցուցումի հիման վրա կազմած, դատախազ Լևոն Չարխիֆալակյանի ճառը փաստեց այն մասին, որ այդ դատախազը կամ` դեմ է Ձեր բարեփոխումներին և չի ցանկանում իր պարտականությունները պատշաճ իրականացնել կամ` շարունակում է իր նախորդ դատախազ Արման Հակոբյանին հանձնարարված պատվերը կատարելը կամ` էլ դատախազական համակարգ համար այս անցումային շրջանում փորձում է կոծկել եղելությունը, այն հաշվով, որ` դատախազ Արման Հակոբյանի 21.11.2012թ.-ի ցուցումը «ջրի երես դուրս չգա»: Ստացվում է, որ դատարանում իրական մեղադրանք պաշտանելու փոխարեն դատախազ Լևոն Չարխիֆալակյանը «դատախազ Արման Հակոբյանի 21.11.2012թ.-ի ցուցում»-ն է պաշտպանում»,-դատախազին ուղարկված դիմումում նշում է գործարար Էդմոնդ Խուդյանը:

Գործարարն իր դիմումում նշում է, որ քրեական գործով դատաքննության ժամանակ, ինչպես նաև իր փաստաբանների և լրատվամիջոցների ջանքերով, նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս, նոր վկաներ են հարցաքննվում և պարզվում է, որ Լուսինե Գյուլխասյանին հանձնման ենթակա բնակարանը թվով 3 շինծու գործարքներով, կեղծ գնորդների միջոցով տնօրինել են Վլադիսլավ Մանգասարյանը, այնուհետև Սևակ Արզարունին, որից հետո` Արմեն Գալստյանը: Նրանցից առաջինն, ըստ էության ընդունեց այդ բնակարանին տիրելու փաստը, երկրորդն այդպես էլ դատարան չներկայացավ և դատարանը միջոցներ չձեռնարկեց բերման ենթարկելու համար, քանի որ իր ընկերությունից ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար արժեքով գույքեր հափշտակած այդ անձը հովանավորչություն է վայելում և անգամ գործարարի մյուս քրեական գործով չի հարցաքննվել, իսկ Արմեն Գալստյանը հակասական ցուցմունքներ է տվել դատարանում: Մինչդեռ այս ամենից հետո մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի մոտ անգամ տարական հետաքրքրություն չի առաջանում դատաքննությամբ պարզված նոր հանգամանքներն ի մի բերելու, գնահատելու հարցում:

 

«Պարոն Կոստանյան, Դուք 2004թ.-ից ի վեր ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն եք հանդիսանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և վստահ եմ, որ Ձեզ համար սկզբունք է այն, որ` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները, ազատությունները բարձրագույն արժեքներ են և պետությունը պարտավոր է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան ապահովել այդ իրավունքների պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Ստեղծված իրավիճակում, դատախազ Արման Հակոբյանի ապօրինի ցուցումի արդյունքում` այլոց ապօրինությունները կոծկող և ինձ զրպատող մեղադրանք է շարադրվել, ինչը հանրության, մասնավորապես տվյալ գործով տուժող Գյուլխասյանի մոտ տպավորություն է ստեղծում, թե իբր ես հանցակից եմ այդ հանցագործությանը և պարտավոր եմ հատուցել տուժողի կրած վնասները և դա այն դեպքում, երբ` սույն դիմումում հիմնավորումներ ներկայացրի, որ ես և իմ ընկերությունը նույնպես տուժել ենք այդ խարդախության արդյունքում: Իմ իրավունքների պաշտպանության այլ միջոց չունեմ, քան դիմել Ձեզ, որպեսզի գոնե դատախազության կողմից հստակեցում մտցվի տեղի ունեցածի գնահատման հարցում: Ի դեպ, 21.10.2013թ.-ի դատական նիստի ժամանակ տուժող կողմը նույնպես միջնորդեց` դատախազ Լևոն Չարխիֆալակյանին հորդորեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 309.1-ի 1-ին մասով սահմանված համապատասխան միջնորդությամբ հանդես գա»,- դիմումը եզրափակում է ամերիկահայ գործարարը:

 

Հարգանքներով՝ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ամուսինները բեզոարյան այծի ապօրինի որս են կատարել,հարուցվել է քրեական գործ

092838064112Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում 08.09.2013թ. տեղադրված «Օտարերկրացիները Հայաստանում  որսի են գնացել և կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն են սպանել» վերտառությամբ տեսագրության կապակցությամբ նույն օրը ոստիկանության  Եղեգնաձորի  բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2013 թ. սեպտեմբերի 24-ին ենթակայության կարգով ուղարկվել են  ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժին:
Նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ 2009 թ. դեկտեմբերի  9-18-ն ընկած ժամանակահատվածում, ստույգ չպարզված օրը, Վայոց ձորի մարզի «Եղեգիսի կիրճ» կոչվող տարածքում ապօրինի ձեռք բերած հրազենով   կազմակերպվել է կենդանու ամբողջովին արգելված որս` բեզոարյան այծի ապօրինի որս, որը կատարվել է ՀՀ ժամանած ԱՄՆ քաղաքացիներ, ամուսիններ Բ. Կ.-ի և Շ. Բ.-ի կողմից:
Փաստի առթիվ 2013 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-294 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կայացել է 3 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՀոկտեմբերի 31-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,060,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.35 դրամ:

NASDAQ OMX Armenia

Արտեմ Ասատրյան. քաղաքացիները նպաստ ստանալու հույսով աշխատանք չեն փնտրում

աշխատանքԱնցած շաբաթ կառավարությունն ԱԺ-ին ներկայացրեց օրենքի նոր նախագիծ, որով, մասնավորապես, նախատեսվում է վերացնել գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները: «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքին փոխարինելու է գալիս «Զբաղվածության մասին» նոր օրենքը, ըստ որի` երկրում հաշվառված գործազուրկներին պետությունն այլևս նպաստ չի տրամադրելու:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնավորում է, թե քաղաքացիները նպաստ ստանալու հույսով աշխատանք չեն փնտրում: Մարդիկ թաքնված զբաղված են և նրանց չի հետաքրքրում աշխատանքը. գրանցվել են 18 հազար դրամ կորզելու համար: Իհարկե, չի բացառվում, որ կլինեն նման մարդիկ, սակայն տասնյակհազարավոր են այն մարդիկ, որոնք իսկապես աշխատանք չունեն, իսկ գործակալությունը նրանց առաջարկում է հիմնականում մինչև 60 հազար դրամ աշխատավարձով աշխատանք:

Հայաստանում,  2013 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը կազմում է 67.7 հազար մարդ, աշխատանք փնտրողներից  48.5 հազարը կանայք են, 18  հազարը` երիտասարդ: Օգոստոս ամսվա ընթացքում զբաղվածության պետական գործակալություն է ներկայացվել 2458 թափուր աշխատատեղի հայտ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.4 տոկոսով: Փաստորեն, 68 հազար գործազուրկին առաջարկում են ընդամենը 2400 աշխատատեղ ու եզրակացնում, որ աշխատանք կա, բայց մարդիկ չեն գնում աշխատելու, որովհետև գերադասում են ստանալ 18 հազար դրամ նպաստ:

Առհասարակ միջազգային մի հետաքրքիր պրակտիկա կա այս առումով: Մարդը, իր մասնակցության արդյունավետությունից ելնելով, գնահատական է տալիս, թե որ ծրագիրն է առավել արդյունավետ գործում: Այսինքն` եթե քաղաքացին նախընտրում է 18 հազար դրամ գործազրկության նպաստը և դրա դիմաց չի մտնում ակտիվ ծրագիր` ստանալու 150 հազար դրամ աշխատավարձ, նշանակում է, որ 150 հազար դրամանոց ծրագիրն արդյունավետ չէ: Եվ քաղաքացին իր մասնակցությամբ, փաստորեն, պետք է հուշի կառավարությանը, թե որ ծրագիրն է առավել արդյունավետ:

Բայց արի ու տես, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ. նպաստների 94 տոկոսն էր հասնում այն մարդկանց, որոնք աշխատանք էին փնտրում և միայն 6 տոկոսն էր հասնում շահառուներին: Սա մեր երկրի համար արդյունավետ համակարգ չէ: Մենք ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը, շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն, աղքատ երկրների համար այս համակագը չի կարող արդյունավետ լինել»:

Իհարկե, կան դեպքեր, որ թաքուն աշխատող է գրանցվել զբաղվածության գործակալությունում, կան դեպքեր, որ մարդը հրաժարվել է կատարել 60 հազար դրամ աշխատավարձով աշխատանք, բայց այդ փոքրաթիվ դեպքերի պատճառով 70 հազար մարդու զրկել նպաստից նույնն է, թե մեկ պաշտոնյայի կաշառք վերցնելու դեպքում, կաշառակերության համար դատես ամբողջ կառավարությանը:

Միջազգային պրակտիկան այլ փորձեր էլ ունի

«Խնդիրն այն է, որ զբաղվածության քաղաքականությունը, ինչպես շատ երկրներում է կիրառվում, նպատակ ունի տվյալ երկրի քաղաքացիներին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ, ոչ թե զուտ ձևական զբաղվածության ծրագրեր իրականացնել: Մինչդեռ ներկայացված օրինագիծն անդրադառնում  է զբաղվածության քաղաքականությանը ոչ թե իբրև եկամտաստեղծ գործունեության մեջ մարդկանց ներգրավելու գործիքի, այլ իբրև պետության` նվազագույն պարտավորություններից խուսափելու միջոցի: Անգամ գործող, բայց թերի օրենքի պայմաններում կան զբաղվածության պասիվ ծրագրեր, որոնց մի զգալի հատվածը պարզապես վերացվում է այս նոր նախագծով»,- նոր օրենքի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնում ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Փաստորեն այսօրվա դրությամբ գործազրկության խնդրին ուղղված երկու տիպի պասիվ ծրագիր կա: Առաջինը գործազրկության նպաստի ծրագիրն է, երբ մարդուն շնորհվում է գործազուրկի կարգավիճակ և տրվում է գործազուրկի նպաստ` 18 հազար դրամ, որ մինչև աշխատանք գտնելը կարողանա գոնե ընտանիքի նվազագույն կարիքները հոգալ: Երկրորդը հասարակական վարձատրվող աշխատանքներն են:

Մի խոսքով, պարզվում է` սրանից հետո կառավարությունն այդ գործազուրկներին տրվող նպաստներն ուղղելու է դարձյալ գործազուրկներին, բայց արդեն աշխատատեղեր ստեղծելու գործին, ոչ թե «մուրացկանություն զարգացնող» նպաստներին, ինչպես ԱԺ-ում այս թեմայով քննարկումների ժամանակ նշեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:

Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ սոցիալական աջակցությունը ոչ թե նպաստի կամ թոշակի ձևով են հասցնում կարիքավորներին, այլ անուղղակի, օրինակ` աշխատատեղեր ստեղծելով գործազուրկների համար, տնտեսական ակտիվությունը բարձրացնելով, ինչ-ինչ ինքնագործունեության հնարավորություններ ստեղծելով, որպեսզի կարիքավորները նպաստ ստանալու փոխարեն իրենց հնարավորությունները, ունակությունները, կարողությունները ներդնեն ու իրենց համար ավելի արժանապատիվ կյանք ապահովեն:

Ինչպես ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ նշում էր օրինագիծը ներկայացնողը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  Վաչե Գաբրիելյանը, հենց ՓՄՁ ֆինանսավորմանն ու տարատեսակ ներդրումային ծրագրերին են ֆինանսավորելու գործազուրկներից կտրվող նպաստի փողերով, որպեսզի այդ ձևով, իբր, աշխատատեղեր ստեղծվեն և այլն:

Մի պահ մի կողմ թողնենք այն մտահոգությունը, թե կառավարությանը  չի հաջողվի իր  մատնանշած քաղաքականությունը կյանքի կոչել, և ընդունենք, որ այս անգամ, իրոք, կստացվի, օրինակ` 20 հազար նոր աշխատատեղ  ստեղծել այն գործազուրկների համար, որոնց նպաստը կտրեցին: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործազուրկին նպաստից զրկում են միայն այն դեպքում, երբ նրա համար աշխատանքի հնարավորություն են ստեղծում կամ մի քանի անգամ նրան առաջարկում են աշխատանք, ու նա հրաժարվում է:

«Իրենք ասում են` զբաղվածության պասիվ ծրագրերը, ինչպիսիք են գործազրկության նպաստի ծրագիրը, ամսական վարձատրվող աշխատանքները, պետք է նվազեցնեն կամ վերացնեն’ փոխարինելով դրանք ակտիվ զբաղվածության ծրագրերով: Մենք ասում ենք` ոչ թե սրանք վերացրեք, այլ ակտիվ ծրագրեր առաջարկեք, սահմանենք, որ քաղաքացիները կարողանան կա՛մ ակտիվ, կա՛մ պասիվ ծրագրերում ընդգրկվել զուգահեռաբար»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Այսինքն` առանց կոնկրետ այլընտրանքային ծրագիր իրականացնելու, առանց իրական աշխատատեղ ստեղծելու` մարդկանց վերջին հույս 18 հազար դրամը չեն կտրում: Իսկ եթե անգամ կարծիք կա, թե առկա 18 հազար դրամն առանձնապես էական գումար չէր, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղից մոտ 3.5 անգամ քիչ է, դրանով նույնիսկ աղքատության գիծը չի հաղթահարվում, նույնպես սխալ է: Որովհետև եթե մարդը որևէ տեղ չի աշխատում, 18 հազար դրամն էլ է էական գումար:

Ի դեպ` Արծվիկ Մինասյանը նաև հիշեցրեց, որ երեք տարի առաջ կառավարությունը սկսեց գործազուրկներին 18 հազար դրամ վճարել: Իսկ մինչ այդ, ինչպես Աշխատանքի միջազգային կազմակերպության և Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայով էր ամրագրված,  դա պետք է կազմեր նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը:  30 հազար դրամի պայմաններում դա կազմում էր 18 հազար դրամ: Հետո, երբ նվազագույն աշխատավարձը մի քանի տարի առաջ որոշվեց բարձրացնել, 60 տոկոսը փոխարինեցին 18 հազար դրամով, որպեսզի պահպանեն եղած չափը: Սա, անշուշտ, հակասում է ստանձնած միջազգային պարտավորություններին, քանի որ դրանցով ամրագրված է, որ պետությունը պետք է  կատարի քաղաքացիներին աշխատատեղերով ապահովելու, նրանց սոցիալական վիճակը բարելավելու կամ ծանր սոցիալական վիճակը մեղմելու պարտականությունը: Իսկ մեր պետությունը, ինչպես արդեն նշվեց, փորձում է  խուսափել իր պարտավորություններից: