Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրի արդյունքում Երևանի քաղաքապետարանն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ

Երևանի քաղաքապետարան,Համաշխարհային բանկԵրևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի անմիջական և գործնական աջակցությամբ ու օժանդակությամբ քաղաքապետարանի  ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։ Քաղաքապետարանի հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության վերլուծությունն (PEFA)  իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատման առաջին փորձն է։

Երևանի քաղաքապետի տեղակալ  Վահե Նիկոյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփիին  համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։

«Երևանի քաղաքապետարանն այսօր արդեն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ։ Հաջողված այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի ուղղակի համագործակցության առաջին քայլն է, և մենք լիահույս ենք, որ համագործակցությունը լինելու է ավելի ընդգրկուն։ Աշխատանքների արդյունքում PEFA-ի ցուցանիշային միավորների հիման վրա մենք նախանշել ենք այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Երևանի ֆինանսական կառավարման բարեփոխումների ծրագրի լրամշակման, ինչպես նաև հաշվետվողականության կատարելագործման համար։ Այս ամենը իրականացվել է այն կարևոր նպատակով, որ քաղաքապետարանն ընդհանրապես, իսկ քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերը հատկապես, լինեն օրինակելի, շահարկումներից զերծ և համապատասխանեն այս բնագավառի միջազգային լավագույն փորձին և որպես արդյունավետ գործիք ծառայեն քաղաքի ֆինանսական կառավարման համակարգի ռազմավարական ծրագրի իրականացմանը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին ընդգծել է, որ ծրագրի արդյունավետությունը լավ գործակցության արդյունք է։

«Մայրաքաղաք Երևանն իր դերակատարմամբ բացառիկ նշանակություն ունի Հայաստանի ընդհանուր կառավարման համակարգում, քանզի այստեղ են կենտրոնացած երկրի բնակչության և տնտեսվարողների հիմնական և որոշիչ մասը: Իրականացված ծրագրի նպատակը PEFA-ի կատարողական ցուցանիշների չափման շրջանակում Երևան համայնքի ֆինանսական հաշվետվողականության գնահատումն էր, նրա ուժեղ և թույլ կողմերի վերհանումը, վերլուծությունը։ Այս գնահատականները կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան բարեփոխումների համար»,- նշել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին։

Համագործակցության արդյունքում կողմերն ակնկալում են, որ բանկը, կստանձնի Երևանի քաղաքապետարանի համար կարևոր այս բարեփոխումների աջակցության  առաջատարի դերը և բացի բանկի ուղղակի և գործնական մասնակցությունից, այս կարևոր գործընթացի շուրջ կհամախմբվեն նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ, որոնց օժանդակությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ կլինի հաջորդ՝ բարեփոխումների գործնական իրականացման  փուլին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին դժվարին օրեր է խոստանում

arm138013404843Քիչ առաջ Ժառանգություն խմբակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի նիստերի դահլիճում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, հանդես եկավ հայտարարությամբ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և նրա կուսակից ընկերներին նախազգուշական նոտա հղելով:

Նա տեղեկացրեց, որ կես ժամ առաջ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որն ուղղված է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում այլ կարծիք հնչեցնելուն դեմ. «Պարոն Աբրահամյանը ավտորիտար որոշում է կայացրել, և Ժառանգություն խմբակցությանը հանել ԵԽԽՎ ազգային պատվիրակության կազմից»,-հայտարարեց Փոստանջյանը, իսկ հանրապետականներն այս նախադասության վրա սկսեցին ծափահարել:

Փոստանջյանը շարունակեց. «Այդ ավտորիտար որոշման վերաբերյալ իհարկե կլինեն համապատասխան բողոքարկման գործընթացներ: Պարոն Աբրահամյան, Ձեզ սպասվում են շատ դժվարին օրեր, այդ թվում նաև ձեր կուսակիցներին: Բացի այն, որ դժվարին օրեր են սպասովւմ, այդ գործողությունները Ձեզ չեն ներվելու»,-ամփոփեց Փոստանջյանը:

Նախագահը ստորագրել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող կնոջը հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

ձերբակալելՀոկտեմբերի 22-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Նարինե Ն.-ին, որը 2003 թ. փետրվարի 20-ից ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:

Երեք պատահար Երևանում

վրաերթՀոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Մ. Հերացու փողոցի թունելում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե 350», «Մերսեդես Բենց Տ 430», «Միցուբիշի Պաջեռո» և երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 28/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Նիսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Սպանության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին

ձերբակալելՀոկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արայիկ Գ.-ին և 1986 թ. ծնված Արծրուն Գ.-ին, որոնք հոկտեմբերի 16-ից ՌԴ Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էին սպանության մեղադրանքով:

ԱԳ նախարարը կայցելի Բելառուսի Հանրապետություն

Էդվարդ ՆալբանդյանԲելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ:

Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մարդիկ վիճելու անընդհատ պահանջմունք ունեն.հոգեբաններ

3VFbCQ96-234Մասաչուսեթսի համալսարանի մասնագետները հանգել են այն եզրակացության, որ մարդը հոգեբանական պահանջմունք ունի դիմադրելու ինչ-որ բանի: Այդ պահանջն է պատերազմների, ինչպես նաև սպանությունների, կենցաղային վեճերի պատճառը: Չնայած ժամանակակից հոգեբանական գիտության զարգացման մակարդակին, մասնագետները դեռևս չեն կարողանում լուծել այդ խնդիրը: Սակայն հույս ունեն, որ կկարողանան մարդկանց ագրեսիվ պահվածքը “խմբագրել” և ուղղել ավելի խաղաղ ու ներդաշնակ գոյության:

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները

ՊՆ, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարՍ.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանն ընդունեց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, Ա. Նազարյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է խորացնել առկա կառուցողական երկխոսությունը ԵԽ-ի հետ` ի նպաստ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների շրջանակում զինված ուժերի կառավարման համակարգի կատարելագործման:

Հյուրերի խնդրանքով քննարկվեցին «Այընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան ելքով դեպքերի քննությանը, զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության հարցերում քաղաքացիական հասարակության և Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալը հակիրճ  անդրադարձավ նաև զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքներ» առարկայի ներդրման ուղղությամբ կատարվող քայլերին:

Հանդիպման վերջում ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերին պատշաճ արձագանքելու համար:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀանրապետության տարածքում՝
Ուշադրություն

Ս.թ. հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում սպասվում է  ջերմաստիճանի նվազում (մինչև -10C):

Հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Հոկտեմբերի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

 

Երևանի հոկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.30C (1905թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.20C (1977թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.90C


ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

ԳԱՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «Տղամարդիկ էլ են ընտանեկան բռնութունների ենթարկվում»

GARIK (1)«Անկախի» օգոստոսի 1-ի համարում (N 30 [193]) ներկայացրել էինք ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ հարցազրույցն ու խոսել հիմնականում սեռավարակների, հղիության, ծնելիության թեմաների շուրջ: Խոստացել էինք նաև ներկայացնել մեր զրույցը գենդերային ու ընտանեկան բռնությունների շրջանակում:

 – Պրն Հայրապետյան, Ձեր ուշադրության կենտրոնում է նաև ընտանեկան բռնությունների թեման: Տարիներ շարունակ ուսումնասիրություններ եք կատարում, բայց կարծես թե սայլը տեղից չի շարժվում: Ամեն օր ու ամենուր լսում ենք, որ տղամարդը ծեծում է կնոջը, իր կամքից անկախ բռնաբարում է…

– Ի՞նչ տեղաշարժի մասին է խոսքը, ի՞նչ եք ակնկալում:

– Չպե՞տք է ենթադրել գոնե բռնությունների աճի նվազում:

– Գիտեք, այսօր Հայաստանում գործող շատ հասարակական կազմակերպություններ կան, որոնք ունեն, այսպես ասած, «թեժ գծեր»: Նրանք բռնությունների ենթարկված անձանց, հիմնականում` կանանց որոշակի օգնություն են տրամադրում: Իսկ խնդիրներն այս ոլորտում շատ են. մեկին կարող է բավարարել խորհրդատվությունը,  մյուսին՝ դատարանի պաշտոնական վճիռը:

– Ասացիք՝ հիմնականում կանանց, ի՞նչ է, տղամարդի՞կ էլ են բռնության ենթարկվում:

– Անշուշտ: Տեսականորեն, իհարկե, ենթարկվում են: Գենդերային բռնությունը միմիայն կանանց չէ, որ վերաբերում է: Տղամարդկանց էլ է, չէ՞, վերաբերում:

– Հայկական ընտանիքում տղամարդը կարո՞ղ է բռնության ենթարկվել:

– Ոչ թե կարող է, այլ փաստացի օրինակներ կան: Օրինակ՝ ընդամենը մի ամիս առաջ հայկական թերթերից մեկում բավական ծավալուն հրապարակում կար այս թեմայի շուրջ: Լրագրողը  պատմում էր, որ կինը ծեծել է տղամարդուն, բռնություն է գործադրել նրա նկատմամբ ու չբավարարվելով այդքանով` անգամ դանակահարել է: Այսինքն՝ փաստացի օրինակներ ունենք: Միգուցե տղամարդկանց դեպքում պատկերը մի քիչ այլ է, դեպքերը շատ ավելի քիչ են, բայց կան: Պետք է ասեմ, որ կանանց դեմ իրականացվող բռնության դեպքերը շատ-շատ են:

 – Գիտեմ, որ ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի ուշադրության կենտրոնում ոչ միայն ընտանեկան բռնություններն են, այլև համընդհանուր գենդերային բռնությունները:

– Ցավոք, այսօր շատերն անգամ տեսականորեն չեն տարբերում, թե որն է գենդերային բռնությունը: Լավ օրինակ են մեր զինվորների հարաբերությունները բանակում, այնտեղ տեղի ունեցող որոշ գործողությունները, որոնց մասին ամեն օր լսում ենք և ավելի ու ավելի ցավում, որ պատահում են նաև մահացու դեպքեր: Այս խնդիրներն էլ են, չէ՞, մտնում գենդերային բռնությունների մեջ:

– Փորձե՞լ եք հետազոտություն անել ու պարզել, թե ինչից է սկսվում գենդերային բռնությունը:

– Հետաքրքիր հարց է: Հասարակության անդամները սովորաբար ունենում են ինչ-որ հարցերի շուրջ որոշակի պատկերացումներ, որոնք դառնում են կարծրատիպեր: Օրինակ՝ ինչպիսին պետք է լինի տղամարդը: Ասենք, եթե տղամարդը ավել է վերցնում ու ավլում է, ուրեմն ստացվում է, որ նա չի համապատասխանում այդ կարծրատիպերին, և այստեղից էլ սկսվում են կիրառվել բռնությունները, եթե չեն էլ կիրառվում, ապա այդ մարդը պարզապես ծաղրի առարկա է դառնում:

Գոյություն ունեն գենդերային կարծրատիպեր, որոնք բռնության դրդապատճառ են դառնում: Նման դեպքեր հաճախ ենք, չէ՞, նկատում, բանակում:

– Չե՞ք կարծում, որ դա ամեն դեպքում ազգային, մի քիչ տարբերվող, հային հատուկ մտածողությունից է:

– Գիտես, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ յուրահատուկ ազգեր չկան: Քանի որ բանակի մասով էին օրինակները, ասեմ, որ աշխարհի բոլոր բանակներում էլ նույն վիճակն է, նույն խնդիրներն են, և մեր բանակը շատ չի տարբերվում այլ երկրների բանակներից:

Մենք մի սովորություն ունենք, երևի դա ավելի շատ բնորոշ է փոքր ազգերին: Մենք սովոր ենք ամեն ինչը պատճառաբանել «հային հատուկ մտածողությամբ», ասել, որ հայերի մոտ սա լրիվ այլ կերպ է ընկալվում: Չեմ բացառում, գուցե մի տեղ դա ավելի շատ է, մի տեղ մի քիչ քիչ: Բայց ամենուր երևույթը նույնն է: Այսպես ասած, դեդովշչինան մնում է դեդովշչինա: Եթե տղամարդը ավել վերցրեց կամ աման լվաց, ուրեմն թույլ է:

Իսկ ինչ վերաբերում է հետազոտությանը, ապա մենք 2008-2009 թթ. արեցինք մինչև այսօր դեռ միակ համազգային հետազոտությունը մոտ 4500 ընտանիքներում՝ տնային տնտեսություններում: Ասեմ, որ տվյալները բավական հետաքրքիր էին: Գիտեք, հարցվածների մոտ 65 տոկոսը ասել էր, որ ենթարկվել է որևէ տիպի բռնության: Գենդերային բռնության տեսակներն էլ տարբեր են՝ սկսած հոգեբանականից և վերջացրած ֆիզիկականով:

– Ի՞նչ պարզեցիք, ո՞րն է իրականում ընտանեկան բռնությունների պատճառը: Միայն սոցիալակա՞ն խնդիրներն են:

– Բռնությունները երբեք միմիայն սոցիալական հողի վրա չեն եղել: Խնդիրը միգուցե սոցիալական է, դեմ չեմ, բայց աղբյուրը ամենևին էլ սոցիալական ծանր վիճակը չէ: Օրինակ՝ Շվեդիայի պես երկրում տարեկան 450 մարդ մահանում է բռնությունից: Իսկ Շվեդիան գիտեք, որ  ամենակայուն, հարուստ, սոցիալապես ապահովված երկիրն է աշխարհում:

Կարծում եմ՝ այստեղ ևս գործ ունենք կարծրատիպերի հետ, չէ՞ որ մարդկանց վերաբերմունքը կարող է որքան էլ  անհատական լինել, այնքան էլ՝ հարուստ կարծրատիպերով:  Սովորաբար երկարաժամկետ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ընտանիքներում, որտեղ բռնություն է եղել, երեխաները շատ ավելի հեշտությամբ են բռնություն կիրառում իրենց ընտանիքներում ևս:

Մենք, իհարկե, փորձում ենք հետազոտել ու հասկանալ նաև դրանց իրական աղբյուրները: Դրանք շատ տարբեր կարող են լինել՝ սկսած բարոյահոգեբանական ինչ-որ վիճակից մինչև դաստիարակությունը, և սոցիալական խնդիրներն ուղղակի կարող են նպաստել այդ վարքագծի ավելի բռնի դրսևորումներին: Հետաքրքիր է, որ մեր անցկացրած հետազոտությամբ հարցվածների 8 տոկոսը ֆիզիկական բռնության է ենթարկվել, ֆիզիկական բռնության ենթարկված յուրաքանչյուր 5 կնոջից  4-ը նաև սեռական բռնության է ենթարկվել: Ընտանիքում նրանց կամքին հակառակ սեռական հարաբերության են դրդել:

– Ընտանեկան բռնությունների խնդիրը կարծես ցանկացաք լուծել արվեստի միջոցով: Նկատի ունեմ բեմադրված ներկայացումները:  

– Մենք փորձում ենք նոր ձևերով ներկայացնել ընտանեկան բռնությունը, որպեսզի մարդկանց մեջ ավելի ճիշտ և ավելի ըմբռնող վերաբերմունք ձևավորվի: Սովորաբար բացասական գործընթացները, այդ թվում՝ ընտանեկան բռնությունները, սեռերի ընտրովի աբորտները մարդիկ դժվարությամբ են ընկալում, քանի որ դա, այնուամենայնիվ, մեղքի զգացում է առաջացնում նրանց մեջ: Թե՛ նրանց մեջ, ովքեր դա արել են կամ ենթարկվել են, թե՛ նրանց, ովքեր տեսել են և ոչինչ չեն արել:

Որպեսզի ավելի հասկանալի լինի այս խնդիրը, մենք փորձեցինք այն ներկայացնել, այո՛, արվեստի միջոցով: Համագործակցեցինք «Փոփոխությունների թատրոն» կազմակերպության հետ, որն օգտագործում է ինտերակտիվ թատրոնի բոլոր հնարավորությունները: Այսինքն՝ սկզբից դիտվում է ինչ-որ դրվագ, որից հետո մասնակից է դառնում նաև հանդիսատեսը: Վերջինս հրավիրվում է բեմ, նրան առաջարկվում է կոնկրետ անձի դերը խաղալ, և, ի վերջո, տեղի է ունենում քննարկում:

– Հասարակության ո՞ր խմբերին եք հիմնականում թիրախավորել:

– Մեր ուշադրության կենտրոնում են հիմնականում երիտասարդները: Մեր փորձը ցույց է տալիս, որ երիտասարդներն ավելի ընկալունակ են: Ասեմ, որ շատ արդյունավետ համագործակցություն եղավ, որովհետև մի քանի ներկայացում պատրաստեցինք «Փոփոխությունների թատրոնի» հետ: Առաջին ներկայացումն արդեն երեք տարուց ավելի է, ինչ ունենք, և մինչև այսօր, երբ ներկայացումները խաղում են, դահլիճներում անգամ կանգնելու տեղ չի լինում: Իսկապես շատ մարդկանց համար թեման հոգեհարազատ է, ու մարդիկ սկսում են խոսել, քննարկել:

Դա մեզ իրականում շատ օգնեց նաև հասկանալու մոտեցումները: Բնական է, որ թատրոնով բռնությունը չես կանխի, բայց դրա վերջնական նպատակը, բնականաբար, բռնությունների թվի անկումն է:

Այն երիտասարդը, որը տեսնում է, մտածում է, իր կարծիքը հայտնում է, դիմացինը հակառակ կարծիքն է արտահայտում, տեղի է ունենում մտքերի բախում, և արդեն վերաբերմունքը փոխվում է:

Նույն ծնելիության հարցը բարձրացնելու առումով, եթե նմանօրինակ բաց քննարկումներ ավելի շատ լինեն, մենք ավելի շուտ կունենանք այն մոդելը, որ գործեց Շվեդիայում:

– Պրն Հայրապետյան, ի՞նչ եք ծրագրում առաջիկայում:

– 2014-2017 թթ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նոր ռազմավարություն է որդեգրելու, կենտրոնանալու է հիմնականում մայրական, վերարտադրողական, երիտասարդների, երիտասարդ կանանց առողջության վրա, որին մենք պետք է հասնենք ժողովրդագրական հետազոտությունների, տվյալների հավաքման շնորհիվ:

Հաշվի առնելով համաշխարհային փորձը՝ պետք է տեղայնացնենք մեր քաղաքականությունը, ռազմավարությունը:

Ասեմ, որ այսօր համագործակցում ենք ՀՀ կառավարության հետ և լավ է, որ կառավարության գերակա խնդիրներից է նաև մայրական առողջությունը, ծնելիությունը: Այս առումով թե՛ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, թե՛ ՀՀ կառավարության ծրագրերը համընկնում են: Հույս կա, որ փոփոխությունները դրականորեն կանդրադառնան մեր հասարակության լայն զանգվածների վրա:

Սերժ Սամոնյանցը մեծարվել է 35-ամյա լրագրողական գործունեության համար

Samoniantz

Այս հոդվածը նվիրված է Սերժ Սամոնյանցին` Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնում 10 տարի աշխատած նախկին խմբագրին, և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում վերջին 25 տարիների ներկայիս խմբագրին:

Սերժը համեստ մարդ է, որն իր կյանքի մեծ մասն անտրտունջ աշխատել է` խուսափելով իր նկատմամբ որևէ ուշադրությունից: Երբ անցյալ կիրակի երեկոյան ես նրան հայտնեցի, որ «Ասպարեզը» պատրաստվում է մեծարել իրեն, Սերժը հեգնական պատասխանեց իրեն հատուկ ինքնաթերագնահատման ոճով. «Ի՞նչ է, մեծարելու համար այլ մարդ չի մնացե՞լ»:

Սերժը մեծարվեց աշխարհի ամենահին թերթերից մեկի` «Ասպարեզի» 105-ամյակին նվիրված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ: «Ասպարեզ» թերթն սկսել է հրատարակվել 1908 թվականին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, իսկ 1970 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես:

Մինչ իմ շաբաթական սյունակները զգալի ուշադրության են արժանանում հրապարակվելով աշխարհի մի քանի տասնյակ թերթերում և տեղադրվելով հարյուրավոր կայքերում բազմաթիվ լեզուներով, Սերժն ամեն շաբաթ աննկատ կերպով պատրաստում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթը հրատարակության համար: Նա պատասխանատու է ամեն ինչի համար`սկսած լուրերի հավաքումից մինչև  խմբագրում, ձևավորում և գովազդային աշխատանքներ:

Պետք է արժանին մատուցել «Ասպարեզ» թերթի ղեկավարությանը Սերժ Սամոնյանցին մեծարելու համար: Թեև 1988 թվականից նա այլևս չի աշխատում «Ասպարեզում», սակայն թերթի հայերեն և անգլերեն բաժինների ներկայիս խմբագիրներ Աբո Պողիկյանը և Արա Խաչատուրյանը չեն մոռացել իրենց նախկին գործընկերոջը և քառորդ դար անց ցանկացել են իրենց երախտիքի խոսքն ասել նրա գերազանց աշխատանքի համար: Հաճախ չէ, որ հայկական կազմակերպությունները հիշում են իրենց աշխատակիցներին և հանդիսավոր ճաշկերույթներ կազմակերպում նրանց պատվին:

Թեև պատշաճ է ճանաչել նրանց, որոնք զգալի գումարներ են նվիրաբերում հայկական հաստատություններին, քանզի առանց նրանց առատաձեռն նվիրատվությունների հնարավոր չէր լինի շատ բաների հասնել, սակայն նույնքան կարևոր է մեծարել ազգի համեստ ծառայողներին, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայ համայնքին, ինչպիսիք են ուսուցիչները, լրագրողները և հոգևորականները:

Տոնակատարությունն իսկապես հիշարժան դարձավ անակնկալ հայտարարությամբ, որով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան էր շնորհել պարոն Սամոնյանցին: Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարդաց Կաթողիկոսարանի պատրաստած կոնդակը` պարոն Սամոնյանցի կրծքին Պատվո շքանշանը ամրացնելու պահին:

Ինձ խնդրել էին ներկայացնել Սերժին հոկտեմբերի 20-ի հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոնտեբելոյի Բաղրամյան դահլիճում: Ստորև ներկայացնում եմ իմ բացման խոսքը, որը ներառում է պարոն Սամոնյանցի համառոտ կենսագրությունը.

Սերժը ծնվել է 1943 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որտեղ ապրել է մինչև 9 տարեկան դառնալը: 1952 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Սան Պաուլո, Բրազիլիա, իսկ 1961 թվականին` Մասաչուսեթս, ԱՄՆ: Նա ընդունվել է ՀՅԴ երիտասարդական միության, իսկ 1966 թվականին Մոնտեբելո, Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո` ՀՅԴ «Քեռի» կոմիտեի շարքերը:

1964 թվականին Սերժը ծառայության է անցել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում և 1970 թվականին պատվով զորացրվել է որպես սերժանտ: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Սերժը հաճախել է Լոս Անջելեսում Կալիֆորնիայի նահանգային համալսարան` մասնագիտանալով պատմության մեջ: Հետագայում UCLA-ի համալսարանից նա ստացել է հանրային կապերի վկայական:

1973 թվականից սկսած Սերժը յոթ տարի շարունակ ստանձնել է «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագրի պաշտոնը: Այնուհետև, 1983-84 թթ. աշխատել է որպես ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն: Հետագայում, 1985-1988 թվականներին նա կրկին վերադարձել է «Ասպարեզ»` անգլերեն բաժնի խմբագրի իր նախկին պաշտոնին:

1985 թվականին Ժնևում, Սերժը և ես, Հայ Դատի հանձնախմբի պատվիրակության կազմում էինք` հաջողությամբ լոբբինգ իրականացնելով ՄԱԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

1988 թվականին Սերժը միացավ «Կալիֆորնիա կուրիեր» թերթին որպես խմբագիր, որտեղ արդեն 25 տարի է, ինչ աշխատում է: Նա գերազանց լրագրող է և բարձրակարգ պրոֆեսիոնալ: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է քառորդ դար շարունակ աշխատել նրա հետ միասին և’ որպես մտերիմ ընկեր և’ որպես գործընկեր:

Սերժը լուռ ու մունջ մարդ է և անխոնջ աշխատող: Նա իր ողջ կյանքի ընթացքում եղել է ակտիվ գործիչ տարբեր սոցիալական և քաղաքական հարցերում և Հայ դատի աննկուն ջատագով:

Սերժի մեծարման ուրախությունը նրա հետ միասին կիսում էին նրա ընտանիքի անդամները, կինը` Մարիամը, քենին` Լաուրա Մանուկյանը, նրա որդին` Րաֆֆին ու նրա կինը` Նանոն, և նրանց երեխաները` Էմիլին ու Սեպուհը:

Շնորհավորում եմ Սերժ Սամոնյանցին` հայ լրագրությանը վերջին 35 տարիների ընթացքում իր անշեղ նվիրվածության համար և շնորհավորում եմ «Ասպարեզ» թերթի աշխատակիցներին` նրանց քրտնաջան աշխատանքի և հանձնառության համար՝ շարունակելու ժառանգությունը այն մարդկանց, որոնք 105 տարի առաջ հիմնադրել են այս թերթը:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Քաղաքագետը կանխատեսում է Յուրի Վարդանյանի հրաժարակա՞նը

 Սուրեն ՍուրենյանցՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդու` նարկոբիզնեսում ընդգրկված լինելու կասկածանքով ձերբակալվելու փաստին:
Նա մասնավորապես գրել է . «Յուրի Վարդանյանի բախտը չբերեց: Լեգենդար մարզիկ, սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին ձերբակալված է եւ կասկածվում է բառիկության մեջ: Ինչքան էլ Յուրիկը լռի, այս պատմությունը չի կարող բացասաբար չազդել նրա հեղինակության վրա: Ես նույնիսկ կանխատեսում եմ, որ հասաունանում է նոր հրաժարական»:

Շենգավիթ վարչական շրջանն ամփոփել է «էրեբունի–Երևան 2795» տոնակատարության միջոցառումները

«էրեբունի–Երևան 2795»,Շենգավիթ,Երևանի քաղաքապետարան Երևանի 2795-րդ տարեդարձին նվիրված Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում համերգային մեծ ծրագրերով ամփոփվել է «էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումները:

Շենգավիթցիների հետ Երևանի օրվա կապակցությամբ անցկացվող տոնական միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Միջոցառմանը մասնակցել են հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներ, ազգագրական երգի-պարի համույթներ:
Համերգային ծրագրի ընթացքում հնչել են ինչպես Երևանի մասին երգեր, այնպես էլ ժողովրդական ու էստրադային հիթեր:
Միջոցառումը եզրափակվել է տոնական հրավառությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին

Սերժ Սարգսյան, ՄԱԿ,Յուրի Ֆեդոտով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:

Ընդգծելով, որ հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարը արդի կարևորագույն մարտահրավերներից է և հանդիսանում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը՝ Սերժ Սարգսյանն այդ ոլորտում գոհացուցիչ արդյունքների հասնելու համար կարևորել է մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը: Նախագահն ընդգծել է նաև այդ ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցության և Հայաստանում տարբեր միջոցառումների անցկացման կարևորությունը՝ մասնավորապես նշելով վերջերս Երևանում կայացած թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը:

Յուրի Ֆեդոտովը բարձր է գնահատել Հայաստանի հետևողական աշխատանքը հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարում և ներկայացրել իր գլխավորած կառույցի աշխատանքները և ընթացիկ ծրագրերը: Յուրի Ֆեդոտովը մասնավորապես նշել է, որ իր այցը կրում է ճանաչողական բնույթ և վստահություն հայտնել, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հայաստանի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցությունը արդյունավետ համարելով՝ զրուցակիցները միաժամանակ կարևորել են Հայաստանում կազմակերպության ներկայացուցչության հիմնման հնարավորությունը, որը, նրանց համոզմամբ, նշանակալիորեն կնպաստի համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:

Հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ Ճապոնիայի Կոֆու քաղաքում

Հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ ՃապոնիաՍեպտեմբերի 17-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը հանդիպումներ ունեցավ Ճապոնիայի Յամանաշի նահանգի Կոֆուի քաղաքապետի, Յամանաշի նահանգի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի եւ նահանգի գործարարների հետ: Հանդիպումներին քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության և  գործարար ու մշակութային կապերի խթանմանը վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 20-ին Կոֆու քաղաքում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ:

Համերգն ունկնդրելու էին եկել Կոֆուի քաղաքապետը, Յամանաշի նահանգի պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ, երաժշտասերներ: Միջոցառումը մեկնարկեց դեսպան Հրանտ Պողոսյանի ողջույնի խոսքով, ով նշեց, որ հայկական եւ ճապոնական հոգեւոր մշակույթի համադրումը օգնում է հայ եւ ճապոնացի ժողովրդին միմյանց արժեհամակարգն առավել լավ ընկալելու եւ ճանաչելու միմյանց:

Համերգին ելույթ ունեցան ճապոնացի երաժիշտներ՝ ջութակահար Կարեն Իսրայելյանը, կոտոյահար Ասուկա Յոշիձակին եւ բարիտոն Յուհեի Ցուչիդան, ովքեր կատարեցին Կոմիտասի, ինչպես նաեւ ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Կոտո (ճապոնական տավիղ) նվագարանով կոմիտասյան երաժշտությունը Ճապոնիայում հնչեց առաջին անգամ:

Ցավակցում եմ շարքային Գարիկ Պողոսյանի հարազատներին. Արմեն Մարտիրոսյան

արմեն մարտիրոսյանՀայ-Ադրբեջանական սահմանին մեր թշնամի պետության կողմից հրադադարի խախտման հերթական դեպքին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա ցավակցել է զոհված հայ զինվորի հարազատներին. «Ցավակցում եմ շարքային Գարիկ Պողոսյանի հարազատներին: Մեր գործողությունները պետք է այնպիսին լինեն, որ հակառակորդը այլևս չմտածի Հայաստանի Հանրապետության սահմանի վրա սադրանքների մասին:  Ընդհանրապես մի ժամանակ իրենք էին բողոքում մեր դեմ՝ ու մեր սահմանները հանգիստ էին: Հիմա ժամանակն է նորից հիշեցնել այդ մասին և ոչ թե հույսը կապել, թե ինչ-որ մեկը մեր տունը, գյուղը, քաղաքացուն պաշտպանելու է»:

Դեսպան Սահակյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին

արա սահակյան          Հոկտեմբերի 22-ին Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Ղազախստանում հավատարմագրված մի շարք երկրների նորանշանակ դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արարողության ընթացքում ունեցած իր ելույթում նախագահ Նազարբաեւը մասնավորապես նշեց, որ Ղազախստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը՝ շահագրգռված լինելով երկկողմ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար կապերի խորացման եւ ընդլայնման մեջ: ՂՀ նախագահն ընդգծԵց, որ Հայաստանի հետաքրքրությունը Մաքսային միության շրջանակներում ինտեգրման նկատմամբ կդառնա լրացուցիչ խթան երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Արարողության ավարտին հանդես գալով ղազախստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ` դեսպան Սահակյանը վերահաստատեց Հայաստան այցելելու ՂՀ նախագահին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: ՀՀ դեսպանը կարեւորեց իր առաքելության ընթացքում հայ-ղազախական քաղաքական եւ տնտեսական կապերի աշխուժացումը: Արա Սահակյանը նկատեց, որ հոկտեմբերի 24-25-ին Հայաստանում հրավիրված Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում նախանշված որոշումների ընդունումը նոր խթան կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանը: Դեսպանը նկատեց, որ Ղազախստանի հետ Հայաստանը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ, ՀԱՊԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

 

 

Նախարար Նալբանդյանը ընդունեց Լատվիայի խորհրդարանի պատվիրակությանը

Նախարար Նալբանդյանը ընդունեց Լատվիայի խորհրդարանի պատվիրակությանըՀոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լատվիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Սեյմայի փոխխոսնակներ Անդրեյս Կլեմենտևսի և Ինեսե Լիբինա-Էգներենի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան – Լատվիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Լատվիայի միջև վերջին տարիներին հաստատվել է բավականին սերտ փոխգործակցություն, ինչի վկայություններից է քաղաքական բարձր մակարդակով իրականացվող ինտենսիվ փոխայցելությունները: Նախարարը հավելեց նաև, որ երկկողմ համագործակցության համար կարևոր է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը:

Լատվիացի խորհրդարանականները արտգործնախարարին ներկայացրեցին իրենց այցելության նպատակները՝ քննարկել երկկողմ փոխգործակցությունն առավել ամրապնդելու և զարգացնելու համատեղ քայլերը։

Զրույցի ընթացքում հանգամանալից մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ: Այս համատեքստում լատվիացի խորհրդարանականները ողջունեցին Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ԵՄ հետ համակողմանի փոխգործակցությունը և իրենց աջակցությունը հայտնեցին այդ մտադրությանը:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարին

Էդվարդ Նալբանդյան,ՄԱԿ,Յուրի ՖեդոտովՀոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար  Յուրի Ֆեդոտովին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար Թմրանյութերի դեմ պայքարի 2012-2015թթ.. ռազմավարության կենսագործմանը։ Զրուցակիցները կարևորեցին   միջազգային հանրության ջանքերի համադրումը  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Էդվարդ Նալբանդյանն ու Յուրի Ֆեդոտովը անդրադարձան ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից առաջիկայում կազմակերպվելիք համաժողովներին Հայաստանի մասնակցությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի և Վիեննայում ՀՀ ներկայացուցչության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։