«Օգնեք ինձ տեսնել որդուս….»

KuyrԱրման Հարությունյանը 32 տարեկան է և կյանքի ուղիղ կեսն անց է կացրել առանց արևի լույսի:

Ընդամենը 6 տարեկան էր, երբ մանկապարտեզի ուսուցչուհին ձեռքով հարվածեց ծոծրակին, որի հետևանքով կամաց-կամաց մի աչքը կուրացավ: Երկու անգամ վիրահատվեց, սակայն ապարդյուն: Իսկ երբ 16 տարեկան էր, երկրորդ աչքն էլ կուրացավ, ու նա լրիվ զրկվեց տեսողությունից:

Սակայն բարձրահասակ, հաղթանդամ, կյանքով ու էներգիայով լի երիտասարդը չհուսահատվեց ու չկորցրեց ինքնավստահությունը: Նա կարողացավ գերել անգամ սիրած աղջկա սիրտը:

«Ես օծանելիքների խանութում էի աշխատում,- պատմում է Մարգարիտան,- Արմանը հաճախակի էր գալիս այնտեղ: Զուտ գործնական հարաբերություններ էին: Մի օր էլ ինձ համար Ռաֆաելլո ուղարկեց, հետո` ռոմանտիկ երգերի դիսկ, մի օր էլ` մի մեծ ծաղկեփունջ, բայց չէր խոստովանում…»:

Անգամ այն օրը, երբ Արմանը եղբոր ու նրա կնոջ հետ Մարգարիտային սրճարան է հրավիրում և անակնկալ ձևով ծաղկեփունջ նվիրում, կրկին չի խոստովանում, որ սիրահարված է: Բայց ի վերջո համարձակվում է:

«Երբ խոստովանեց, ինձ համար շատ դժվար էր, ճիշտն ասած` բացարձակապես մտքովս չէր անցնի, որ ինձ նման բան կպատահի: Իսկ երբ ծնողներս իմացան, կտրականապես դեմ եղան: Ստիպում էին, որ հարաբերությունները չշարունակեմ, չխորացնեմ: Երբ հասկացան, որ ուզում եմ ամուսնանալ նրա հետ, ուղղակի չէին ուզում հավատալ, ասում էին` ո՞նց կարող է նման բան լինել, ի՞նչ կմտածեն հարևանները, բարեկամները, կմտածեն` ուրեմն դու էլ որևէ թերություն ունես…»:

Բայց Մարգարիտան նրան սիրում էր ոչ գեղեցիկ աչքերի համար: Նա Արմանի մեջ էր գտել մարդկային այն բոլոր արժանիքները, որոնց համար պատրաստ էր անգամ նրա հետ կապել իր ողջ կյանքը: Բայց այդ ամենը միայն ինքն էր զգում, որովհետև ճանաչում էր Արմանին, իսկ շրջապատի համար դա ուղղակի զարմանալի էր ու անհեթեթություն:

Մարգարիտան ծնողներին խնդրում է հնարավորություն տալ գոնե ծանոթացնելու սիրած տղայի հետ: Համոզված էր, որ եթե տեսնեն, մի քիչ կփափկեն: Հանդիպումը տեղի է ունենում, սակայն ծնողները մնում են անդրդվելի և ստիպում մոռանալ Արմանին: Անցնում է որոշ ժամանակ, և աղջկա ծնողները կամաց-կամաց համակերպվում են այն մտքի հետ, որ նրա որոշումը վերջնական է: Նրանք տեղի են տալիս: «Երևի թե Աստված նրանց սրտի հետ խոսեց, և ճանապարհը հարթվեց»,- ասում է Մարգարիտան:

Ի վերջո, մեկուկես տարի պայքարից հետո` 2011 թ. մարտի 26-ին` Արմանի ծննդյան օրը, նրանք ամուսնանում են ավանդական հայկական հարսանիքով: Մարգարիտան խոստովանում է, որ բարեկամներից շատերն այդպես էլ չեն իմանում, որ փեսացուն կույր է: «Ես էլ էնքան հուզված էի, ոնց որ հարսը ես լինեի»,- կատակում է Արմանը և հպարտորեն ավելացնում,- բայց հիմա ամենասիրված փեսան եմ»:

Ծնվում է նրանց որդին` Ռաֆայելը: Նրա ծնունդից հետո Արմանը հասկանում է, որ լիարժեք երջանկության համար իրեն մի բան է պակասում` տեսնել որդուն և ոչ միայն զգալով, այլև տեսնելով վայելել իր երջանկությունն ու իր սիրո պտուղը: Սկսում է հետաքրքրվել տեսողության վերականգնման հնարավորություններով: Դիմում է Գերմանիայի բժիշկներին, որոնք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո հայտնում են, որ կարող են վերականգնել նրա տեսողությունը: Դա իսկական հրաշք էր, բայց ոչ հասանելի: Վիրահատությունն արժե 50-70 հազար եվրո, 10 հազար եվրո էլ` ճանապարհածախսն ու հիվանդանոցային ծախսերը: Ընդամենը 18.000 դրամով և մի փոքրիկ առևտրային բիզնեսով ապրող առաջին կարգի հաշմանդամն արդյոք կարո՞ղ է գնալ իր երազանքի հետևից: Բայց Արմանը հավատում է, որ եթե Աստված ցանկանա, ապա իր երազանքն անպայման իրականություն կդառնա:

Հարազատները դժվարությամբ են նրան համոզում, որ համապատասխան գումարը հայթայթելու համար դիմի նաև մարդկանց: «Դա ինձ համար շատ դժվար քայլ է եղել, ճիշտն ասած` դա արել եմ կնոջս և որդուս համար, թե չէ չէի անի: Ինձ համար ընդունելի չէ խնդրել, որ ինձ օգնեն, չեմ ուզում, որ ինձ խղճան, համ էլ մարդիկ պարտավոր չեն, բայց հիմա ես պատրաստ եմ նաև այդ քայլին գնալ, դիմել բոլորին և խնդրել` օգնեք ինձ տեսնել որդուս….»:

Հ.Գ.

Եթե կլինեն մարդիկ, որոնք կցանկանան օգնել Արմանին, կարող են գումար փոխանցել Ինեկոբանկի Երևանի մասնաճյուղի հետևյալ հաշվեհամարներին.

2051252553771020 USD

2051252553771001 AMD

2051252553771040 EUR

Կարող են նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` /094/ 00 44 05

 

Աշխարհի մարդիկ. Ռուսաստանի հայտնի հայերը` մեկ տանիքի տակ

DSC05242 (1) Աշխարհի հայերին շատերն են անդրադարձել, պատրաստել հաղորդումներ, հրապարակումներ, սակայն այսօր արդեն կա գիրք` “Աշխարհի մարդիկ. Ռուսաստանի հայտնի հայերը”, որը նպատակ ունի դառնալու մնայուն արժեք: Գրքի հեղինակ, “Աշխարհի մարդիկ” հիմնադրամի նախագահ Ստեփան Հեքիմյանի խոսքերով` աշխատելով Սիբիրի ամսագրերից մեկում և բազմիցս շփվելով երկրի առաջադեմ անձանց հետ մտածեց անել մի բան, որը կունենա մնայուն արժեք, որը կպատմի այն հայերի մասին, որոնք կայացած են, հայտնի և ապրում են մեր օրերում:

 Լույս է տեսել գրքի դեռևս առաջին հատորը, որին կհաջորդեն ևս 9-ը: Գիրքը թարգմանված է երեք լեզվով` ռուսերեն, անգլերեն և հայերեն: 300 էջ պարունակող գրքում ներկայացված են 50 հայտնի հայեր, որոնց թվում են Արմեն Ջիգարխանյանը, Լևոն Օգանեզովը, Գարիկ Մարտիրոսյանը, Տիգրան Քյոսայանը, Ռուբեն Ահարոնյանը, Սամվել Կարապետյանը և այլք:

Հեքիմյանը մեծ ուրախությամբ նշեց, որի առաջին հերոսը, որի հետ ունեցել է հարցազրույցը եղել է լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը, որին էլ և համարում է իր գրքի հաջողության բանալին:

-Ես չեմ ուզում, որ գիքը կարդան միայն տեղի հայերը, այն նպատակ ունի աշխարհին ներկայանալու, պատմելու այն հայտնի հայերի մասին, որոնք մեծ դեր ունեն աշխարհում, որոնցով մենք հպարտանում ենք, մեր հերոսը համարում,-հավելեց հեղինակը:

Գրքի պատրաստման աշխատանքները տևել են 3 տարի, որի արդյունքում կազմվել է այն 500 հայերի ցանկը, որոնք պետք է տեղ գտնեն գալիք հատորներում: Առաջին հատորը նվիրված է ռուսաստանաբնակ հայտնի հայերին, որոնք տարբեր բնագավառներից են` թատրոնից մինչև գիտություն, իսկ հաջորդ հատորներում արդեն կլինեն աշխարհի տարբեր երկրների հայտնի հայեր: Գրքի կազմը բնական կաշվից է պատրաստած և այն գրքերը, որոնք ևս լույս կտեսնեն` կդառնան հանրագիտարան աշխարհի հայերի մասին:

 

Լուսինե Ասատրյան

ԱԳ նախարարը հանդիպեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

579. Minister Nalbandian met with Secretary-General of World Meteorological Organization 18.10.2013Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարրոյի հետ։

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Հայաստանի ԱԻՆ Հայպետհիդրոմետի տնօրեն Լևոն Վարդանյանը, նախարար Նալբանդյանը կարևորեց Հայաստանի փոխգործակցությունը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հետ:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ՀՕԿ մշտական աջակցության` մասնավորապես Կամավոր համագործակցության ծրագրի շրջանակում ստացված տարատեսակ տեխնիկական օժանդակության համար: Նա հավելեց, որ Հայաստանը հետաքրքրված է օդերևութաբանության ոլորտում առաջավոր փորձի և գիտելիքների ներդրմամբ և այդ ուղղությամբ ակնկալում է ՀՕԿ-ի շարունակական օժանդակությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՕԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանը հանդիսանում է կազմակերպության ակտիվ անդամներից մեկը և մասնակցում է դրա շրջանակներում բոլոր ութ ուղղություններով իրականացվող համագործակցությանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը հաջողությամբ համատեղել է օդերևութաբանության և հիդրոլոգիայի ոլորտները, ինչպես նաև կարևորեց, որ Հայաստանում բուհական մակարդակով դասավանդում է հիդրոօդերևութաբանություն առարկան:

 

Գյումրիում գրանցված երկրաշարժն ու դրա հետցնցումները մեկնաբանում է ՍՊՀԾ տնօրենը

երկրաշարժԵրեկ երեկոյան և այսօր կեսգիշերին Շիրակի մարզում գրանցված երկրաշարժին մասին պաշտոնական մեկնաբանություններ է տալիս ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն Կարեն Մխիթարյանը:

“Հոկտեմբերի 17-ին տեղական ժամանակով 19:04 րոպեին տեղի է ունեցել երկրաշարժ 3 մագնիտուտով: Երկրաշարժի օջախային գոտին գտնվում է Ձորեշենում, անհանգստանալու կարիք չկա: Ասեմ ավելին, որ գլխավոր` 3 մագնիտուտ հզորությամբ երկրաշաժին հաջորդել է նաև երկու հետցնցում, որոնք տեղի են ունեցել 00.21-ին, իրար հաջորդել են կես րոպեի ընթացքում”:
archive2.ankakh.com-ի դիտարկմանը, թե նման թույլ երկրաշարժը խուճապ էր առաջացրել հիմնականում շենքերում բնակվողների մոտ, Կարեն Մխիթարյանը նշեց. “Բնական է, որպես երկրաշարժի ինտենսիվություն զգացվել է հիմնականում Գյումրի քաղաքի արևելյան հատվածում, Բասեն, Ախուրյան, հասել է մինչև անգամ Արթիկ, Մարալիկ համանքներ: Ցնցումներն հիմնականում զգացել են բազմաբնակարան շենքերի բնակիչները: Ցնցումների ինտենսիվությունն օջախային գոտում եղել է 4 բալ, իսկ մյուս բնակավայրերում զգացվել է 2-3 բալ: Դա համարվում է թույլ ցնցում, իսկ Հայաստանի տարածքում և սեյսմիկ պաշտպանության մասին օրենքի համաձայն ընդունված է ուժեղ երկրաշարժ համարել 5.5 մագնիտուտից բարձր երկրաշարժերը”:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ այս երկրաշարժի թույլ ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Երևանում` մասնագետը հերքեց. “Դա հնարավոր չէ: Երևանում սեյսմիկ սարքերը երկրաշարժ չեն գրանցել: Երևանում չէր կարող նման թույլ երկրաշարժն ինչ-որ ազդեցություն ունենար”:

ԱԳ նախարարն ընդունեց Կարմիր Խաչի Միաջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

578. Minister Nalbandian recieved recieved Head of ICRC delegation 18.10.2013Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարմիր Խաչի Միաջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար:

Շնորհավորելով Սարա Էպրեխտին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան նոր պաշտոնում:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի մարդասիրական գործունեությունը և Հայաստանի հետ համագործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԿԽՄԿ գործունեության բարձր գնահատականի համար Սարա Էպրեխտին վստահեցրեց, որ կազմակերպությունը շարունակելու է իր չեզոք մարդասիրական գործունեությունը։

Արտգործնախարարի խոսքերով դրվատանքի է արժանի կազմակերպության Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական օժանդակությունը, մասնավորապես՝ անհետ կորածների որոնման և ռազմագերիների վերադարձի հարցերում։ Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը հատուկ նշեց Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը:

Արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց շարունակել Հայաաստանի ակտիվ փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ:

 

 

Հայաստանում Եվգենի Կասպերսկին ստացավ պատվավոր դոկտորի կոչում և պատմեց վիրուսների և կիբերվտանգների մասին

Եվգենի ԿասպերսկիՀայաստան իր այցի շրջանակներում «Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին ստացավ Հայաստանի առաջատար տեխնիկական կրթական հաստատություններից մեկի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվավոր դոկտորի կոչում:  Եվգենի Կասպերսկին և ընկերության տեղեկատվական անվտանգության ոլորտի առաջատար փորձագետները հանդիպեցին կրթական, գործարար հանրույթի, տեխնիկական բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և ներկայացրեցին աշխարհում ու Հայաստանում արդիական կիբերսպառնալիքները, ինչպես նաև դրանց հետ պայքարի միջոցները:

 «Կիբեռսպառնալիքների քանակը անընդհատ աճում է, ուստի առավել կարևոր է դառնում դրանցից պաշտպանվելու գործընթացն ապահովող մասնագետներ պատրաստելը: Աշխարհի ապագա «փրկիչները» պետք է ոչ միայն խորը գիտելիքներ և գործնական ունակություններ ունենան, այլ, առաջին հերթին, պետք է մի քայլ առաջ մտածեն` ստեղծելով նորարար գաղափարներ:

Ուրախ եմ, որ Հայաստանում ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կիբերանվտանգության թեմայի հանդեպ և պատրաստ են կատարելագործվել ու զարգանալ այդ ոլորտում: Ես կրկնակի ուրախ կլինեմ եթե «Կասպերսկի Լաբորատորիան» կարողանա օգնել նրանց այդ հարցում» ,- ասաց Եվգենի Կասպերսկին:

Եվգենի Կասպերսկիի այցի առանցքային իրադարձություններից մեկը, նրան գիտության մեջ նշանակալի ներդրման համար պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունն էր:

«Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրենը նաև մասնակցեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Կասպերսկի Լաբորատորիայի» Ուսումնական և Որակավորման կենտրոնների բացմանը, որոնք ուսանողների կրթությունը կդարձնեն ավելի կիրառական և կիբեռանվտանգության ոլորտի ապագա մասնագետներին թույլ կտան դեռևս ուսումնառության ընթացքում ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ ու «Կասպերսկի Լաբորատորիայի»  ծրագրին համապատասխան որակավորում ստանալ:

 

«Մենք բարձր ենք գնահատում տեղեկատվական անվտանգության ոլորտում ընկերության և անձամբ Եվգենի Կասպերսկիի, որպես տեղեկատվության անվտանգության ոլորտի ճանաչված փորձագետի ներդրումը: Վստահ ենք, որ «Կասպերսկի Լաբորատորիայի» փորձը կօգնի ուսանողներին ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ դառնալ»,- նշեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը:

Կրթական հանրույթի հետ ընկերության համագործակցությունը սկսվել է դեռևս չորս տարի առաջ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հետ «Անվտանգ Հայաստան» հուշագրի ստորագրման պահից:

Տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակներում կողմերը մի շարք կրթական ծրագրեր են իրագործել երկրի կրթական հաստատությունների համար:  Գործընկերների հետ համատեղ իրականացվել են հատուկ սեմինարներ պետական և կոմերցիոն կառույցների ՏՏ-մասնագետների համար, զեղչեր են տրամադրվել պետական կառույցներին «Կասպերսկի Լաբորատորիայի» արտոնագրերի գնման համար:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ ընկերության համագործակցությունը սկսվել է 2009 թվականին, «Կասպերսկի Լաբորատորիայի» կողմից արդեն 7րդ տարին կազմակերպվող CyberSecurity For the Next Generation միջազգային կոնֆերանսում ՀՊՃՀ-ի ուսանողուհու հաղթանակից:

2009 թվականից սկսած ճարտարագիտական համալսարանը գրանցվեց, որպես «Կասպերսկի Լաբորատորիայի» կրթական ծրագրի մասնակից և «Կասպերսկի Ակադեմիայի» հետ կնքեց համագործակցության համաձայնագիր, որը գործում է մինչ օրս:  2013 թվականի փետրվարին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կայացավ CyberSecurity For the Next Generation գիտաժողովի Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների տարածաշրջանային փուլը:

«Կասպերսկի լաբորատորիան» տեղեկատվական անվտանգության ոլորտում ամենադինամիկ զարգացող ընկերություններից մեկն է, որը մտնում է վերջնակետային սարքերի պաշտպանության (Endpoint Protection) ծրագրային լուծումներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերությունների քառյակի մեջ:

Արդեն 16 տարի է, ինչ «Կասպերսկի լաբորատորիան» առաջարկում է արդյունավետ պաշտպանության լուծումներ խոշոր կորպորացիաների, միջին և փոքր բիզնեսի, տնային օգտատերերի համար:  Ընկերության հաջողության հիմնական գործոններից է նորարարական մոտեցումը տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում: «Կասպերսկի լաբորատորիայի» տեխնոլոգիաները և առաջարկները պաշտպանում են 300 միլիոնից ավելի օգտատերերի աշխարհի գրեթե 200 երկրներում: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ընկերության պաշտոնական էլ.կայքում www.kaspersky.ru.

Միջադեպ գիշերային ակումբում

134412Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Նոր Նորքի բաժին են հրավիրել Երևանի գիշերային ակումբներից մեկի պարուհիներ` 1992 թ. ծնված Սուսաննա Հ.-ին, 1993 թ. ծնված Անժելա Ժ.-ին, 1993 թ. ծնված Իրինա Կ.-ին և 1987 թ. ծնված Օլգա Ֆ.-ին:
Պարզվել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, գիշերային ակումբում, 1975 թ. ծնված Արմեն Հ.-ն և նրա ընկերը վիճաբանել են Օլգա Ֆ.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ, այնուհետև նույն օրը, ժամը 04.30-ին, վերջիններս վիճաբանել են Իրինա Կ.-ի և Անժելա Ժ.-ի հետ, որի ժամանակ Արմեն Հ.-ն ապտակել է Անժելա Ժ.-ին, իսկ նրա ընկերը` բռունցքով հարվածել է Իրինա Կ.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին ու նրանց պատճառել մարմնական վնասվածքներ:
Հոկտեմբերի 17-ին, ժամը11.30-ին, Անժելա Ժ.-ից, Իրինա Կ.-ից և Օլգա Ֆ.-ից ընդունվել են հաղորդումներ։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Հ.-ի ընկերոջ անձը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն:

Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ` Կառավարության աշխատակազմում

կառավարությունՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գագիկ Գագյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

Կայացել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի խորհրդի նիստը

կառավարությունԿառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հերթական խորհրդի նիստը:
Օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարի հիմնադրամի կողմից շուրջ 10 ձեռնարկություններում իրականացվել է 1 մլրդ 314 մլն դրամի ներդրում, կատարվել` 328 մլն դրամի ստորադաս փոխառություններ: Տեղեկացվել է, որ առաջիկայում նախատեսվում է հիմնադրամի կողմից միջոցներ ներդնել ևս երեք ձեռնարկություններում:
Այնուհետև անդրադարձ է կատարվել հիմնադրամի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությանը:
Քննարկվել և հաստատվել են նաև հիմնադրամի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագիծը, հիմնադրամի ինքնածախսածածկման մեխանիզմով իրականցվող առաջիկա 3 տարվա ծրագիրը:

Արտգործնախարարն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

577. Minister Nalbandian visited UN House 18.10.2013 (2)Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոյի հետ բացեց գրասենյակի համաժողովների վերանորոգված դահլիճը։

Դահլիճի բացման արարողությունից հետո ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մշտական համակարգողի. ՄԱԿ-ի գործակալությունների և ծրագրերի հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որոնք անդրադարձան անցած քսան տարիների ընթացքում Հայաստանում իրենց կառույցների կողմից իրականացրած ծրագրերին,  ներկայացրեցին իրագործվող նախագծերը։

Նախարար Նալբանդյանը նշելով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի ակտիվ անդամներից մեկը՝ տարեցտարի ընդլայնելով իր ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին և համագործակցությանը՝ բարձր գնահատեց Հայաստանում անկախությունից ի վեր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աջակցությունը մեր երկրի զարգացմանը։

Հանդիպմանը մասնակիցների խնդրանքով ԱԳ նախարար Նալբանդյանը ներկայացրեց վերջերս Նյու-Յորք կատարած այցելության շրջանակներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ ունեցած հանդիպման արդյունքները։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը ՄԱԿ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Արտգործնախարարը պատասխանեց նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Վարչապետը հանդիպել է ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

10775_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է հոկտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին:
Վարչապետը, ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների համատեքստում, անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրին և քաղաքականությանը, հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկին՝ սփյուռքին, նրա դերին, Հայկական աշխարհի տեսլականին:
«Այսօր առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում աշխարհում և մեր ծրագրերը կառուցենք դրանց համապատասխան` հաշվի առնելով նաև գլոբալ գործընթացների ազդեցությունը մեր երկրի ու տարածաշրջանի վրա: Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական ռեսուրսն ինտելեկտն է, այսինքն` մարդը: Եթե ցանկանում ենք ունենալ զարգացում, ապա առաջին հերթին պետք է հասարակության համար ստեղծենք ինքնադրսևորման հնարավորություններ: Դա նշանակում է, որ առաջնահերթ պետք է բարեփոխումներ իրականացնել կրթական ոլորտում, մարդկանց պատրաստել ապրելու արագ փոփոխվող աշխարհում»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումների արդյունքում ստեղծված իրավիճակին և դրան զուգահեռ Հայաստանի քայլերին: Վարչապետի խոսքով՝ մեր երկրի համար այսօր մեծ նշանակություն ունի անվտանգության ապահովումը, քանի որ, ի տարբերություն հարևան երկրների, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում՝ սահմանների փակ լինելու պատճառով:
«Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս:
Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, և եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է: Դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ այդ ընտրությունը դիտարկվում է նաև աշխարհաքաղաքական, մշակութային, ազգային անվտանգության համատեքստում, քանի որ Հայաստանը խորը և դարավոր արմատներ ունի Ռուսաստանի հետ:
Մեդիաֆորումի շրջանակներում Հայաստան են ժամանել մեծ հեղինակություն վայերող ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների 36 ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները կայցելեն Հայաստանի տարբեր քաղաքներ և Արցախ, կպատրաստեն հեղինակային հաղորդումներ մեր երկրի մասին:

«Կավե մարդը» արժանացել է ոսկե մեդալի

defaultԵրիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի “Կավե մարդը” 20 րոպեանոց ֆիլմը վերջերս “Նո Ֆի” միջազգային կինոփառատոնին մասնակցած հայկական թիմին ոսկե մեդալ է բերել: Սա ֆիլմի միակ հոջողությունը չի. հայկական թիմը հայտնվել է երրորդ տեղում, ստացել պատվոգրեր: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի առաջին ֆիլմն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Համահայկական Ոչ կոմերցիոն Կինոյի Կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել էր 7 հայկական ֆիլմ    “Նո Ֆի” -ի /UNICA/ 75 համաշխարհային կինոփառատոնին, Ավստրիայում : Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն  է արձանագրվել.  ոսկե մեդալ և լավագույն տղամարդ դերակատար ռեժ. Արեն Վաթյանի “Կավե մարդ” ֆիլմին, բրոնզե մեդալ Ալիկ Սարգսյանի “Ավլոս” ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի ՛՛ Իլ Սետտիմո՛՛, Լևոն Պետրոսյանի ՛՛ Միևնույն է կուտեն՛՛ և Մարտին Ուլիխանյանի ՛՛Դուռ՛՛ ֆիլմերին: Որպես արդյունք՝ թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է  3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ UNICA-իի համաշխարհային հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:

“Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն” արդեն երեք տարի մասնակցում է միջազգային “Նո Ֆի” կինոփառատոնին, եւ մշտապես վերադանում մրցանակներով:

 

 Հայաստանի ազգային կինոկենտրոն

Մարտավարական դաշտում դժբախտ պատահարից ժամկետային զինծառայող է մահացել

պնՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 18.10.2013թ., ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Փաստի առթիվ  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայկական ջազի երեկո Բուխարեստում

576.The concert of Armenian Jazz in Bucharest 18.10.2013Հոկտեմբերի 17-ին Բուխարեստի Ռադիոյի սրահում ջազային կատարումներով հանդես եկավ տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը: Ջազային երեկոն կազմակերպել էր TwinArts պրոդյուսերական կենտրոնը` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Համերգի ընթացքում հնչած կատարումների թվում էին Կոմիտասի ստեղծագործությունների յուրօրինակ ջազային մեկնաբանությունները, ինչպես նաև Տիգրան Համասյանի՝ հայրենի Գյումրիին նվիրված հեղինակային ստեղծագործությունը:

Ի դեպ, նախորդ օրը Բուխարեստի ջազային ակումբներից մեկում հանդես էր եկել եւս մեկ հայազգի վարպետ` հանրահայտ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը, որը նույնպես իր ստեղծագործությունների մեջ լայնորեն օգտագործում է հայկական մոտիվները:

 

Նախագահն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության և ՍԾՏՀԿ երկրների կրթության նախարարների համաժողովի մասնակիցներին

4343Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:

Համաժողովը, որը նվիրված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին, անցկացվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանում:

Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս տարբեր ոլորտների, տվյալ դեպքում՝ կրթության և գիտության բնագավառի խնդիրները համակողմանիորեն քննարկելու և համակարգված քաղաքականություն մշակելու:

Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և համաժողովի մասնակից երկրները, նպատակ ունի ձևավորելու եվրոպական չափանիշներին համապատասխան կրթական տարածք, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս խթանելու գիտելիքահենք հասարակության ձևավորումը, առանց որի, ըստ Նախագահի, դժվար է պատկերացնել տնտեսական և սոցիալական զարգացում: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ այդ առումով համաժողովը եղել է արդյունավետ: Սերժ Սարգսյանը ցանկացած պետության համար առաջնահերթ և կարևոր խնդիր է համարել կրթված ու լավ հասարակություն ունենալը, որը, նրա խոսքով, կարևոր գրավական և ամուր հիմք է այդ հասարակության բարեկեցության ու պետության զարգացման համար:

Հանդիպման մասնակիցները ՀՀ Նախագահին ներկայացրել են իրենց երկրներում կրթության և գիտության ոլորտում առկա վիճակը, իրականացված բարեփոխումները, խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ իրենց պատկերացումները: Նրանք բարձր են գնահատել Հայաստանում անցկացվող համաժողովը՝ ընդգծելով, որ մասնակիցների համար այն օգտակար է եղել կրթության և գիտության ոլորտի արդի խնդիրները քննարկելու, դրանց լուծման նկատմամբ համատեղ մոտեցումներ ձևավորելու և փորձի փոխանակման տեսանկյունից:

Նախագահը հաջողություններ է մաղթել համաժողովի մասնակից կրթության և գիտության նախարարներին, ինչպես նաև նրանց ղեկավարած գերատեսչություններին՝ իրենց բարդ ու պատասխանատու, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր գործում:

Համատեղ գիտական ծրագրեր՝ Ռումինիայի հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով. Ա. Աշոտյան

arm-6328-SAM_3968ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հադիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռումինիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման նախարար Մինեհա Կոսմին Կոշտոյուի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ռումինիան կրթության բարեփոխումների իրականացման ասպարազում կարևոր գործընկերներ են: Բոլոնիայի քարտուղարությունը 2012 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել է Ռումինիայից. “Բոլոնիայի քարտուղարության Ռումինիայի փորձը մեզ համար շատ օգտակար է եղել, մենք հույս ունենք, որ քարտուղարությունում մեր աշխատանքի երեք տարիների փորձն էլ կարևոր կլինի այն երկրի համար, որը 2015 թվականին կստանձնի քարտուղարությունը”,- հանդիպման ընթացքում, ներկայացնելով քարտուղարություն շրջանակում ՀՀ կողմից իրականացված և նախատեսված աշխատանքները, նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Կողմերն ադրադարձել են հայ-ռումինական կրթական համակագործակցությանը՝ կարևորելով միջբուհական հարաբերություններրի զարգացումը: Նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է ռումինական կողմի հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնել՝ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով:
Անդրադարձ է եղել նաև ԵՊՀ-ի և Բուխարեստի համալսարանների միջբուհական ծրագրերի խորացմանը, երկկողմ ուսանողական ծրագրերին ու կրթական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցերի:

Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը՝ Երևանում

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հադիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բուհերի եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ փոխնախագահ Անդրեաս Օրֆանիդեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողական կառույցների ներգրավվածության խնդիրը Բուհերի եվրոպական ասոցիացիային ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերին: Անդրեաս Օրֆանիդեսը, ներկայացնելով կառույցի գործունեությունը, նշել է, որ արդյունավետ է գնահատում Հայաստանի ուսանողական միավորումների գործունեությունն ասոցիացիայի շրջանակում՝ միաժամանակ շեշտելով, որ իրենց համար խրախուսելի է ակտիվ համագործակցությունը նոր ծրագրերում: ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ևս ներգրավել Բուհերի եվրոպական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվող ուսանողական սիմֆոնիկ նվագախմբերի համերգային ծրագրերում:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է նաև Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը հաջորդ տարի անցկացնել Երևանում:

Կանցկացվեն վավերագրական ֆիլմերի մարզային փառատոններ

կինոփառատոնՍ/թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 5 մարզերում կկազմակերպվեն վավերագրական ֆիլմերի մարզային փառատոններ: 

Փառատոնների ընթացքում կցուցադրվեն միջազգային և տեղական վավերագրական ֆիլմեր ընտրված «Մեկ աշխարհ» և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոններ ֆիլմացանկից: Բոլոր ֆիլմերը հայերեն կրկնօրինակմաբ են և անդրադառնում են միգրացիայի, մարդու իրավունքների, քաղաքական վարչակարգերի և հարակից այլ թեմաների: 3-4 օր տևողությամբ փառատոնների ընթացքում ցուցադրված յուրաքանչյուր ֆիլմին կհաջորդի ֆիլմում արծարծված թեմայի շուրջ քննարկում՝ հրավիրված փորձագետների և մասնագետների ներկայացությամբ:

«Մարզային փառատոններն արդեն երկրորդ անգամ են կազմակերպվում: Գարնանն անցացված փառատոնների փորձից հասկացանք, թե որքան արդյունավետ է հեռավոր մարզերում վավերագրական ֆիլմերի ցուցադրումը, և ֆիլմին հաջորդող քննարկումների անցկացումը» – նշեց CAUCADOC ծրագրի պատասխանատու՝ Շարկա Զահրադնիկովան:

Հայաստանում մարզային փառատոնները կանցկացվեն հինգ մարզերում: Մասնավորապես Վայոց Ձորի մարզում՝ հոկտեմբերի 20-23-ը, Սյունիքում՝ հոկտեմբերի 22-24-ը, Շիրակում՝ նոյեմբերի 8-10-ը, Լոռիում՝ նոյեմբերի 12-14-ը, Տավուշում՝ նոյեմբերի 15-17-ը:

Փառատոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել www.caucadoc.com վեբ կայքը:

Վավերագրական ֆիլմերի մարզային փառատոնները նախաձեռնել է  չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տարածաշրջանային «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և «Սակդոկ» գործընկերներ կազմակերպությունների հետ համատեղ:   Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության,  Չեխական զարգացման գործակալության, Հենրիխ Բելի հիմնադրամի և Սևծովյան համագործակցության հիմնադրամի կողմից:

Դոլարը սկսեց բարձրանալ

դոլարՀոկտեմբերի 18-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 620,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:

Կասպերսկուն շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում

Е. Касперский - руководитель антивирусных исследований компании "Лаборатория Касперского"Հայաստանում է «Կասպերսկի լաբորատորիայի»  հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին, ով այսօր հանդիպեց լրագրողների հետ՝ ներկայացնելով կիբեր սպառնալիքների յոթ մակարդակները,  էվոլյուցիան, դրանց հետ պայքարի միջոցների զարգացումները, սկսած ֆլոպի սկավառակների ֆորմատավորումից, խոցելի ենթակառուցվածքների պաշտպանության ժամանակակից միջոցներից մինչև կիբերզենքի կիրառման հանդեպ միջազգային
վերահսկողության վերաբերյալ բացահայտումները: Այցի շրջանակներում Կասպերսկուն շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Հիշեցնենք, որ 1989-ից սկսած Կասպերսկին ուսումնասիրել է համակարգչային վիրուսների ֆենոմենը: Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ նա իր համակարգչում հայտնաբերել է «Cascade» վիրուսը։ Մի քանի տարի հետո Կասպերսկին մի խումբ համախոհների հետ «ԿԱՄԻ» գիտահետազոտական կենտրոնում զբաղվել է «AVP» անտիվիրուսային ծրագրի արտադրությամբ, որ ներկայումս հայտնի է որպես «Կասպերսկի անտիվիրուս»։