Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողով

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնեական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու  նպատակով  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել է վարույթ:

Նույն որոշմամբ Հանձնաժողովն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները և բացատրությունները:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն, հղում կատարելով hetq.am և ilur.am կայքերի հրապարակումներին՝ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և պարզել հրապարակումներում  շրջանառվող տեղեկությունների իսկությունը՝ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների, ձեռնարկատիրական՝ մասնավորապես, տրանսպորտի որոլոտում որոշակի  բիզնես շահերի առկայության հետ:

 

Ավարտին է մոտենում Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը

003Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը  շուրջ 90 տոկոսով ավարտված է: Հիմնանորոգման համար նախատեսված 30 փողոցներից մի քանիսում  դեռ շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Ըստ անհրաժեշտության, խնդրահարույց բոլոր փողոցներում  «Երևան Ջուր» ընկերության հետ համատեղ տեղադրվել են նոր անձրևորսիչներ, ընդլայնվել կամ ներկառուցվել են ջրահեռացման, որոշ դեպքերում էլ` ոռոգման նոր համակարգեր: Հալաբյան փողոցում ջրակուտակումներից խուսափելու համար հատվածաբար նաև գետնի նիշերը կբարձրացվեն: Միջնաշերտի և մայթերի եզրաքարերի  փոխարինումից հետո մոտ օրերս կսկսվի ասֆալտապատումը: Ասֆալտապատվում է նաև  <<Էրեբունի >> պատմահնագիտական թանգարանին կից հրապարակը, որը նաև տոնական միջոցառումների անցկացման վայրերից մեկն է լինելու: Զուգահեռաբար բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ճանապարհների փոսային նորոգումների և ճաքալցման աշխատանքները: Խիստ ուշադրություն է դարձվում որակին: Կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հնարավոր թերությունները կապալառու կազմակերպությունները վերացնում են սեփական միջոցներով: Հիշեցնենք, որ 2013 թվականին նախատեսված է շինբարեկարգել 2.5 միլիոն քառակուսի մետր տարածք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Ո՞վ է նշանակվելու գլխավոր դատախազ

1Սեպտեմբերի 13-ին հանդիսավորությամբ իր պաշտոնին հրաժեշտ տվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` համբուրելով դատախազության դուռն ու խաչակնքվելով դրա առաջ: Չէ՞ որ Աղվան Գառնիկովիչն իր կյանքի մոտ 45 տարին նվիրել է դատախազությանը, երկար տարիներ գլխավորել այս կառույցը:

Մինչ «պատմական» օրը` մամուլում շշուկով խոսում էին, թե ով է գլխավորելու այս համակարգի աշխատանքները:

3Առաջին հորիզոնականում, բնականաբար, շրջանառության մեջ դրվեցին այնպիսի անուններ, որոնք մեզ քաջ հայտնի են: Բայց ասում են` գլխավոր դատախազի պաշտոնի համար պայքարողներն ավելի շատ են, քան շրջանառվող անունները: Ինչևէ, առաջին հորիզոնականում է ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Բայց իր իմիջի  համար անխոնջ աշխատող երիտասարդ դատախազը հասցրել է կորցնել իր հեղինակությունը: Պատճառը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության  առնչությամբ նրա աղմկոտ տեսակետն է:

Երկրորդ հավանական թեկնածուն Երևան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանն է: Նա դատախազության հնաբնակներից է: Բայց ասում են` միայնակ ապրող դատախազը տանը շուն է ունեցել: Այդ շունը ծառայել է  նրան չափազանց հավատարիմ և  չի թողել մարդկանց` տուն մտնեն: Բայց շան բախտը մի անգամ չի բերել: Երբ Բադալյանի մտերիմ քննիչներից մեկը եկել-մտել է տուն, շունը հանգիստ ներս է թողել: Բադալյանը քնած է եղել: Քննիչն արթնացրել է Բադալյանին, նա էլ զարմացած հարցրել է, թե ինչպե՞ս ներս մտավ, բա շո՞ւնը: Քննիչն ասել է` շունն ինձ ճանաչում է: Բադալյանը տարել-բերել, վերցրել է հրացանը ու դաժանաբար սպանել շանը:

Բադալյանը նաև սիրում է քրեական գործերի մեղադրական եզրակացությունները հիմնավորել օրենսգրքերի սահմանած պատժաչափերի ամենաբարձր աստիճանով ու առանձնապես աչքի է ընկել ակնհայտ գործերի ծածկադմփոցներով: Բավական է հիշեցնել «Տեցի կրուգի» հայտնի արյունալի հաշվեհարդարը: Հանրության աչքի առաջ տեղի ունեցած կրակոցների գործով հիմնական դերակատարներն ազատ արձակվեցին: Ասում են` հենց այդ օրերին էլ «բացահայտվեցին» նրա ու Հովիկ Աբրահամյանի ջերմ հարաբերությունները:

Երրորդ հավանական թեկնածուն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն է: Նրան էլ դատախազությունում չեն ցանկանում գրկաբաց ընդունել: Հիշեցնենք, որ նա բավական կարճ ժամանակ զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, բայց, ինչպես երևում է, գերադասել է լինել ոստիկանությունում: Եվ հերքում է իր գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրերը:

Հաջորդ հավանականը կամ ամենահավանականը հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Վահրամ Շահինյանն է, որ նույնպես դատախազության հնաբնակներից է:  Դատախազության ներսում  չեն դադարում նրա գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրերը: Շահինյանն իր կյանքի մեծ մասը նվիրել է դատախազական աշխատանքին, եղել է մարզի, ապա Երևանի գլխավոր դատախազ: Մինչև ՀՔԾ պետ նշանակվելը ղեկավարել է գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչությունը: 55-ամյա պաշտոնյան դեռ հասարակության լայն զանգվածների շրջանում հայտնի չէ. նրա մասին չեն շտապում ո՛չ վատը խոսել, ո՛չ էլ լավը:  Իսկ օրեր առաջ ՀՔԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, թե «այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու, բամբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն»:

Շրջանառվող վերջին անունը գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն է` «Քեթրինի Միհրանը»: Վերջերս հաճախ  է նրա անունը  հնչում տարբեր պետական պաշտոնների առնչությամբ: Նախ` ասում էին, թե նշանակվելու է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն` փոխարինելով ներկայիս տնօրեն Գորիկ Հակոբյանին, այնուհետև նրան տեսնում  էին արդարադատության նախարարի պաշտոնում:

Այս օրերին Բաղրամյան 26-ում քննարկում են նաև նրա հնարավոր նշանակումը գլխավոր դատախազի պաշտոնում` անգամ աչք փակելով նրա բիզնեսների և պաշտոնեական դիրքն ու լիազորությունները բազմիցս չարաշահելու, խախտելու դեպքերի վրա:

Այս քննարկումներում նշվում են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի անունները:

Այս օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է դժվարին ընտրություն կատարի վատի ու վատթարագույնի միջև: Ժողովուրդն ասում է` միայն թե առաջվանից էլ ավելի վատը չլինի:

Գևորգ Կիրակոսյան

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում և տեղեկացնում է

ճոՃանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը տարեկան տեխնիկական զննություն են անցել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսինքն, մոտենում է հերթական տեխնիկական զննության ժամանակը, վարորդներին կրկին հորդորում ենք տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում վարելու իրավախախտումների նկատմամբ, և իրականացվելու են համապատասխան միջոցառումներ:
                                                                               Ճանապարհային ոստիկանություն

Կառավարությունը մշակում է շինարարության ոլորտը խթանելու ծրագիր

կառավարությունԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով բավարար հիմք է ստեղծվում օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու, նրանց կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար: Նշելով, որ սա շինարարության ոլորտը խթանելու ծրագրի բաղկացուցիչ մասն է, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «2013 թ. ցուցանիշները, որոնք հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, վկայում են, որ շինարարության ոլորտում դեռևս մտահոգիչ գործընթացներ կան: Մասնավորապես, այս պահին արձանագրել ենք ոլորտի 8.5 տոկոսանոց անկում, և տնտեսական աճի հիմնական շարժիչները գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են, որտեղ աճի տեմպերը մեզ բավարարում են: Բայց շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկման միտումը, և դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ պահանջարկ կա էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ: Մենք ձեռնամուխ ենք եղել մի ծրագրի մշակման, որի նպատակն է խթանել շինարարության ոլորտի ակտիվացումը: Բազմաթիվ առաջարկություններ ենք ստացել, դրանց մի մասն արդեն օրենսդրական իրացում է ստանում, մի մասը դեռևս պետք է իրականացնենք: Օրենսդրական սույն նախաձեռնությունն այս համալիր ծրագրի տարրերից է: Եթե օտարերկրացիները Հայաստանում բնակարան են ձեռք բերում, մենք նրանց համար կարճ ժամկետում ստեղծում ենք հարմարավետ միջավայր, որպեսզի այդ մարդիկ վստահ լինեն, որ արագորեն կստանան կացության վկայական և երկիր մուտք գործելու որևէ խնդիր չեն ունենա: Միջազգային փորձն էլ վկայում է, որ անշարժ գույքի ձեռքբերումը և կացության վկայականը միասին տալու դեպքում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվում համանման գործարքներին մասնակցելու համար: Բայց, իհարկե, մեր հիմնական թիրախը լինելու է այն, որպեսզի կարողանանք խթանել ՀՀ քաղաքացիների կողմից բնակարանների ձեռքբերումը:
Մենք սկսել ենք մի աշխատանք, որի մասին ցանկանում եմ տեղյակ պահել, քանի որ դուք բոլորդ պետք է լինեք այդ աշխատանքի մասնակիցը: 2014 թվականին մենք ուզում ենք պետական ծառայողների համար հասանելի դարձնել բնակարանները, որպեսզի նրանք ի վիճակի լինեն հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել: Այսօր թիվ մեկ խոչընդոտն այն է, որ հիփոթեքային ցանկացած սխեմայով կանխավճար է պահանջվում: Շատ հաճախ պետական ծառայողները չունեն կանխավճարի գումարը և չեն կարողանում բնակարան ձեռք բերել, որի արժեքը մինչև 25 մլն դրամ է: Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք այդ 30 տոկոսի չափով, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30 տոկոսանոց կանխավճար: Ուսումնասիրությունը, ինչպես նաև կառուցապատողների առաջարկությունները ցույց են տալիս, որ դա էապես կարող է ավելացնել պահանջարկը:
Երկրորդը, մենք պետք է կազմենք ցուցակը պետական այն ծառայողների, ովքեր ցանկություն ունեն մասնակցել այսպիսի հիփոթեքային վարկ ստանալուն: Մասնավորապես, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի գլխավորությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը ձեզ կներկայացնի համապատասխան տեղեկատվություն և տեղեկանքներ, թե ինչ հարցերի պատասխան պետք է դուք ունենաք: Ձևաթղթերը կուղարկվեն ձեզ, կլրացնեք կուղարկեք կառավարության աշխատակազմ, թե առաջարկվող պայմանների համաձայն պետական ծառայողներն ինչ պահանջարկ կներկայացնեն՝ հիփոթեքային վարկերից օգտվելու համար, հաշվի առնելով, որ պետծառայողները կարող են օգտվել այդ պետական սխեմայից:
Երրորդը, մենք դիմում ենք քաղաքապետարան` խնդրելով, որպեսզի Երևանում հարմար տարածքներ փորձենք գտնել` նպատակ ունենալով դրանք տրամադրել կառուցապատողներին, որպեսզի ավելի ցածր գներով հնարավոր լինի Երևանում կառուցապատում իրականացնել: Դա նշանակում է, որ մենք որակապես փոխելու ենք շինարարական տեխնոլոգիաները: Եթե մինչև հիմա այն շինարարական տեխնոլոգիաներով, որոնք կիրառվում են, ենթադրվում է, որ 1 քմ-ի արժեքը տատանվում է 800 դոլարի շրջանակում, մենք նպատակ ունենք մոտակա տարիներին առաջարկել կառուցապատողներին՝ կիրառել էկոնոմ դասի տեխնոլոգիաներ, որոնք էապես պետք է նվազեցնեն ինքնարժեքը: Դա նշանակում է, որ նաև հողի արժեքի առումով պետությունը պետք է օժանդակի, որպեսզի էապես նվազեն գները, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան բնակարան ձեռք բերելու: Այս աշխատանքները մենք պետք է ավարտենք մեկ ամսվա ընթացքում, որպեսզի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովում կարողանանք այս ծրագիրը ներկայացնել ավելի մանրամասն, գնահատականներ ունենալով և՛ հիփոթեքային միջոցների ծավալների վերաբերյալ, և՛ պետական ծառայողների թվաքանակի, որոնք կցանկանան մասնակցել նման ծրագրերին:
Հարգելի գործընկերներ, եթե դուք կունենաք այլ առաջարկություններ, որոնք կարող են դառնալ այդ համալիր ծրագրի բաղկացուցիչ մասերը, ինչպես մենք կարող ենք խթանել, որպեսզի շինարարության ոլորտում 2013-2014 թվականների ընթացքում կարողանանք ապահովել որոշակի աշխուժություն, մենք, բնականաբար, նախարարական կոմիտեներում կքննարկենք»:

***

Նիստում հավանության է արժանացել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով ուժը կորցրած է ճանաչվում այդ օրենքի 35-րդ հոդվածի մասերից երկուսը: Անդրադառնալով քննարկվող հարցին` վարչապետը մի լուրջ խնդիր է մատնանշել: Այս շաբաթ տեղի ունեցած խորհրդակցություններից մեկում քննարկվել է պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններում տիրող վիճակը: «Պարզվում է, որ կան դեռևս ձեռնարկություններ, որոնք աշխատում են վնասով, և մեր ներկայացուցիչները կամ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում, – շեշտել է Տիգրան Սարգսյանը: – Մենք պետք է էապես խստացնենք մեր պահանջները նման ձեռնարկությունների նկատմամբ. եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Եթե չկա հիմնավոր բացատրություն` ինչ պատճառով է պետական ձեռնարկությունը կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունն աշխատում վնասով, դա անհապաղ պետք է դառնա մեր քննարկման առարկան: Մենք մեր պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարենք: Համապատասխան հանձնարարականները խորհրդակցության արդյունքում ձեզ կներկայացվեն, և համապատասխան վերահսկողական մեխանիզմներ ենք սահմանելու, որ ավտոմատ դա լինի. պետական ձեռնարկության տնօրենը պետք է իմանա` եթե ինքը վնաս է ցույց տալիս, պետք է դիմում գրի և ազատվի աշխատանքից, ուրեմն չի կարողանում պետական ունեցվածքն արդյունավետ կառավարել: Կան դեպքեր, երբ 100 տոկոս պետական ֆինանսավորում ստացող ձեռնարկություններն են վնասով աշխատում: Սա նույնպես պրոբլեմ է, որը պետք է քննարկենք, որովհետև մենք ֆինանսավորումը 100 տոկոս ապահովում ենք, և հասկանալի չէ, թե ինչու պետք է դրանք վնասով աշխատեն: Անհապաղ դա պետք է դառնա քննարկման առարկա: Կամ բյուջետային պլանավորումն է սխալ եղել, կամ սխալ կառավարում է տեղի ունենում, և բացատրություն պետք է տրվի: Մենք հիմա ունենք ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, որոնք անցնում են համայնքային ենթակայության, և մեկ էլ տեսնում ենք, որ սկսում են աշխատել վնասով: Մենք պետք է խնդրենք համայնքի ղեկավարներին, որպեսզի դա դարձնեն քննարկման առարկա, և եթե նրանք ի վիճակի չեն պատվիրակված ֆունկցիաներն իրականացնել, ապա ավագանիները որոշում ընդունեն և այդ սեփականությունը հանձնեն պետությանը: Հակառակ դեպքում անթույլատրելի է պարտքի կուտակումն այն ձեռնարկություններում, որոնք ստանում են 100 տոկոս պետական ֆինանսավորում, ուղղակի անթույլատրելի է, և այս որոշումն այդ շարքից է»:

***

Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Արձանագրելով, որ ավանդների փոխհատուցման շարունակականությունը համահունչ է կառավարության` սոցիալական ոլորտում որդեգրած քաղաքականությանը, ինչն ամրագրված է ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրում, գործադիրը նպատակահարմար չի համարել ներկայացված նախագծի ընդունումը և հիմնավորել է իր առարկությունները: Այս առնչությամբ վարչապետը նշել է. «Ամեն տարի մենք սահմանում ենք, թե Խնայբանկի ավանդների սոցիալական օժանդակության ծրագրում ինչ թիրախային խմբեր ենք ընդգրկելու: Ժամանակին մենք Հայրենական երկրորդ պատերազմի մասնակիցներին դիտարկեցինք առաձին խումբ և նրանց հատուցումը տվեցինք, սոցիալապես առավել խոցելի խմբերին ենք առաջին հերթին հատուցումը տալիս: Այս տարի ևս Ազգային ժողով պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս մենք ներկայացնելու ենք այդ ծրագիրը: Եթե մենք ամեն տարի հանդես ենք գալիս այդ նախաձեռնությամբ, որովհետև մենք այդպիսի պարտավորություն ենք ստանձնել, բյուջեում էլ այդ գումարը դրել ենք, ապա անհրաժեշտություն չկա առաջ ընկնել և ներկայացնել օրենսդրական կարգավորման մոտեցումներ: Ինչ վերաբերում է առաջարկության բուն էությանը, բնականաբար, մենք հաշվի ենք առնում, թե որոնք են այն սոցիալական խմբերը, որոնց նպատակահարմար է ընթացիկ տարվա պետական բյուջեով ցուցաբերել սոցիալական օժանդակությունը: Դրա համար մենք պետական բյուջեի հետ զուգահեռ այդ ծրագիրը կներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը»: 
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Հանրային հեռուստատեսության վերազինման համար կծախսվի ավելի քան 1 մլրդ դրամ

ՀՀ կառավարությունը որոշել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. սեպտեմբերի 15-ը: Ընկերությունը նախատեսում է իրականացնել վերազինման մեծ աշխատանք, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի թվային հեռարձակմանը, ինչպես նաև սեփական հաղորդումները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Այդ նպատակով կատարվելու է ավելի քան 1 մլրդ դրամի ներդրում:
Գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպության կողմից «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի` առաքման պատրաստ լինելու նկատառումով գնման բաց ընթացակարգը փոխարինել բանակցային ընթացակարգով: Ակնկալվում է, որ դրա շնորհիվ ավելի արդյունավետ կիրականացվի Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի հիմնման ծրագիրը: Մեկ այլ որոշման փոփոխությամբ կկարգավորվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ծառայողների, հաշմանդամների, նրանց ընտանիքի անդամների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրելուն ուղղված հարաբերությունները: Վերաբաշխելով 2013 թ. պետբյուջեն և փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը` կառավարությունն ավելի քան 21.5 մլն դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` «Անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի տրամադրման փորձնական ծրագրի» իրականացման և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից 40 անօթևան մարդու ժամանակավոր կացարանով, տաք սննդով և հագուստով ապահովելու հետևանքով գոյացած պարտքի մարման նպատակով:
Ֆինանսական միջոցներ են ուղղվում հրատապ խնդիրների լուծմանը

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը թելադրված է Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի հատվածներից մեկի փլուզված հենապատի կառուցման, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ: Այդ նպատակին է ուղղվելու տնտեսված շուրջ 45 մլն դրամը:
Հաշվի առնելով ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքի ընթացքը, կազմակերպված մրցույթների արդյունքում և շինարարության ընթացքում առաջացած տնտեսումը, ինչպես նաև հիմք ընդունելով ոռոգման ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից շահագործվող ջրային համակարգերի մշտական նորոգման և ոռոգման սեզոնի ընթացքում առաջացած լրացուցիչ նորոգման անհրաժեշտությունը, կառավարությունը Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013 թ. ծրագրում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք կնպաստեն ջրամատակարարման արդյունավետության ապահովմանը:
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը` կառավարությունը հաշվի է առել, որ Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերից ստացվել է աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի լրացուցիչ 326 տոննայի պահանջարկ, նախատեսել է նշված քանակը տրամադրել մինչև 3 հա ցանք կատարել ցանկացող տնտեսվարողներին: Մինչ այդ մարզպետարանները ներկայացրել էին 3 հազար 779 տոննա սերմացուի պահանջարկ: «Փաստորեն մենք 100 տոկոսով բավարարում ենք մարզերի ներկայացրած հայտերը, այսինքն` չկա որևիցե մի մարզ, որը մեզ ներկայացնի սերմացու ստանալու հայտ, որը մենք չբավարարենք: Մեր հիմնական խնդիրն է կրճատել չմշակվող հողերի ծավալները: Այս քաղաքականությունն արդեն դրական արդյունք տալիս է, բայց դեռևս չմշակվող հողերի մեծ ծավալ կա, և պետք է հետևողական լինենք, որպեսզի ամբողջությամբ այդ հողերը մշակվեն», – հարցի վերաբերյալ ասել է վարչապետը:
Կառավարության որոշմամբ մեկ ամսով հետաձգվել է ս.թ. հոկտեմբերին անցկացվելիք փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման ժամկետը:
Դեղերի արտադրության օղակում դրանց որակի ապահովման խնդիրները կարգավորելու, տեղական արտադրության դեղերի արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը հաստատել է դեղերի և դեղանյութերի արտադրության` պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման, հավաստագրի տրամադրման կարգերը և այլ փաստաթղթեր:
Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է Վերականգնման վարկերի բանկի (KfW, Մայնի Ֆրանկֆուրտ) և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված Հայաստանի Վերականգնվող էներգիայի աջակցության ծրագրով 40 մլն եվրոյին համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու պայմանագրով նախատեսված վարկային պարտավորության ապահովման նպատակով բյուջետային երաշխիք տրամադրել ՀՀ կենտրոնական բանկին:
Գործադիրն ընդունել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով ՀՀ վարչական սահմանում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու որոշում, որի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված ֆինանսավորման և վարկային համաձայնագրերի պահանջներից:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի միջև համաֆինանսավորման ծրագրի նախագծին, որը միտված է երիտասարդների շրջանում բարեհաջող ձեռնարկատիրական գործունեություն ձևավորելուն և այն տարածելուն: Ծրագիրը նպատակ ունի ցույց տալու, որ երիտասարդները կարող են լինել վստահելի վարկառուներ և ունակ են վարկը վերածելու շահավետ բիզնեսի:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեռնոգորիայի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Այլ որոշումներ

ՀՀ կառավարության որոշմամբ երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր է տրվել Երևանի «Դարմանթեստ լաբորատորիա» և «Քիմռեագենտ» առևտրաարտադրական կենտրոն» ՍՊԸ-ներին:
Նիստի ավարտին հայտարարվել է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ին ժամը 14:00-ին հրավիրվելու է կառավարության արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու է ՀՀ 2014 թ. պետբյուջեի նախագիծը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Ոստիկանները կանխեցին վրաերթ կատարած վարորդի փախուստը

ոստիկանությունՍեպտեմբերի 25-ին, ժամը  22.30-ի սահմաններում,  «ԲՄՎ-320»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու և դիմել փախուստի, որը կանխվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցների կողմից:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երթուղայինում կնոջ դրամապանակը գողացողները կարճ ժամկետում հայտնաբերվեցին

գողությունՍեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին, 52-ամյա մի կին ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, «Հեռուստաաշտարակի» հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ երթուղային տաքսուց իջել են երկու անծանոթ տղամարդիկ, իսկ ինքը նույն երթուղայինով երթևեկելիս՝ քիչ անց հայտնաբերել է, որ իր պայուսակից բացակայում է դրամապանակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար, 44.000 դրամ, 5 եվրո և 10 լարի:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում՝ գողություն կատարելու կասկածանքով, ժամը 11.30-ին նշված վայրից  ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել 1963 թ. ծնված Ռուբեն Բ.-ն՝  «Գազան»  մականունով, և նույն թվականին ծնված Սամվել Մ.-ն: Նրանք խոստովանել են, որ կնոջ պայուսակից իրենք են գողացել դրամապանակը:
 Սամվել Մ.-ի մոտից հայտնաբերվել է դրամապանակը՝ գումարներով:
 Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 19  դեպքից բացահայտվել է 9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու` 6 և  խարդախության 8  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3 , ավազակային հարձակման և գողության 1-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեց ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի իրականացման գործողությունների ազգային ծրագրի մշակմանը նվիրված աշխատաժողովը

534. Conference in the MFA on the US Security Council 1540 resolution 26.09.20132013թ. սեպտեմբերի 24-25-ը ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեց ՀՀ Վարչապետի 2013թ. հուլիսի 15-ի թիվ 562-Ա որոշմամբ ստեղծված Աշխատանքային խմբի եւ Միջազգային փորձագետների առաջին աշխատաժողովը:

ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձեւը, որն ընդունվել է 2004թ., հանդիսանում է զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի առանցքային միջազգային գործիքներից մեկը: Բանաձեւի իրականացմանը համալիր աջակցություն տրամադրելու նպատակով հիմնվել է ԱԽ 1540 կոմիտեն:

Աշխատանքային խումբը ստեղծվել է ՄԱԿ ԱԽ 1540 բանաձեւի իրականացման գործողությունների ազգային ծրագիր մշակելու եւ ԵԱՀԿ ու այլ միջազգային գործընկերների հետ այդ ոլորտում համագործակցության գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով: Այն ներառում է ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների, Էկոնոմիկայի, Բնապահպանության, Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունները, ինչպես նաեւ` ՀՀ ԱԱԾ, Պետական եկամուտների եւ Միջուկային անվտանգության պետական կոմիտեները:

Միջազգային փորձագետները ներկայացնում են ԵԱՀԿ-ն, ԵՄ Քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական եւ միջուկային հարցերով Թբիլիսիի Գերազանցության տարածաշրջանային կենտրոնը, ՄԱԿ-ի Միջտարածաշրջանային հանցագործությունների եւ արդարադատության հարցերով հետազոտական ինստիտուտը, ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեն:

Զանգվածային ոչնչացման զենքերի եւ դրանց փոխադրման միջոցների տարածման դեմ պայքարի խնդիրներն առավել քան արդիական են եւ հանդիսանում են միջազգային հանրության օրակարգի կարեւոր բաղկացուցիչ: ՀՀ Գործողությունների ծրագրի մշակումը եւ արդյունավետ իրականացումը կարեւորվում է գործուն ազգային մեխանիզմներ ստեղծելու եւ միջազգային փոխգործակցության տեսանկյունից:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

3952Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում ծանոթացել է Սյունիքի հանքարդյունաբերական և էներգետիկ խոշոր արտադրական ընկերությունների կողքին իրենց զարգացման ծրագրերն իրագործող փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին, ներդրումային ծրագրերին և հեռանկարին: Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի արտադրություն: Նախագահին ներկայացվել է, որ չորս ամսվա ընթացքում ընկերությունը կատարել է 30.0 մլն դրամի ներդրում, ներառյալ՝ ժամանակակից մեքենասարքավորումների ներմուծումը: Ընկերությունում աշխատում է 90 մարդ` 70-80 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: 2013թ. ապրիլ-օգոստոս ամիսների դրությամբ, ըստ ընկերության պատասխանատուների, թողարկվել է մոտ 70.7 մլն դրամի արտադրանք, որն ամբողջությամբ արտահանվել է ՌԴ: Ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել արտահանման շուկան՝ ավելացնելով արտադրական հզորությունները, որը հնարավորություն կտա աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 120-ի:

Գորիս քաղաքում Նախագահն այցելել է «Գորիս Գամմա» ընկերություն, որն այժմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության հետ համատեղ իրականացնում է միջազգային պահանջներին համապատասխան ժամանակակից հաստոցների արտադրության նոր ծրագիր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ արդեն ավարտվել են բանակցությունները գերմանական մատակարար կազմակերպության հետ, այժմ բանակցություններ են ընթանում հնարավոր պատվիրատու կազմակերպությունների հետ` պահանջարկի և տեսականու ճշտման նպատակով: Նշվել է, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում Հայաստանում կարտադրվեն թվածրագրային ղեկավարման գերճշգրիտ խառատային և ֆրեզերային հաստոցներ, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Ծրագրի 1-ին փուլի ներդրումները կազմել են 1.0 մլն ԱՄՆ դոլար: Համապատասխան պահանջարկի դեպքում, արտադրական ծավալների ընդլայնմանը զու¬գահեռ, աշխատատեղերի քանակը հնարավոր է հասցնել մինչև 130-ի:

«Գորիսի Գամմա» ձեռնարկությունը հիմնադրվել է դեռևս 1979թ. և մասնագիտացված էր նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական համալիրի համար հատուկ տեխնիկայի արտադրության բնագավառում։ 1996թ. ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի 20% պետական բաժնեմասը անհատույց սեփականաշնորհվել է աշխատավորական կոլեկտիվին, իսկ 80%-ը՝ 2001թ. մասնավորեցվել է: Ներկայում ընկերությունում գործում են մեխանիկական, հատուկ տեխնիկայի հավաքման, էլեկտրաշարժիչների հավաքման, օպտիկական արտադրամասերը և փոր¬ձարկումների լաբորատորիան։ Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, պատասխանատուների հավաստմամբ, պատվերներ կան նաև Կանադայից: 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին ընկերությունը թողարկել է 238.0 մլն դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 23%-ի աճ: Նշվել է, որ բացի սերիական արտադրանքից, ընկերությունը կատարում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատվերները` վերջինիս համար պատրաստելով գործիք¬ներ և սարքավորումներ:

Աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաև Քաջարան քաղաքում: Նա նախ այցելել է զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:

Այնուհետև Հանրապետության Նախագահը Քաջարանի կենտրոնական հրապարակում մասնակցել է քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին, որի շրջանակներում պետական պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել տարբեր ոլորտներում իրենց հայրենանվեր գործունեությամբ աչքի ընկած մի խումբ անձանց. «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի բաժնի վարիչ Հրաչյա Թադևոսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Ռիվս» գիտաարտադրական միավորման գործադիր տնօրեն Միխաիլ Առուստամյանը (ՌԴ)՝ Անանիա Շիրակացու մեդալով: Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով են պարգևատրվել «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Սարո Հայրապետյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հանքաքարի ջարդման տեղափոխման արտադրամասի էլեկտրագազաեռակցող Զախար Միրզոյանը: Քաջարանում Հանրապետության Նախագահին հանձնել են համայնքի ավագանու որոշմամբ սահմանված «Արցախյան ազատամարտ» առաջին հուշամեդալը:

Նախագահը շնորհավորել է քաղաքի տոնի, ինչպես նաև պարգևատրման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել քաջարանցիներին՝ քաղաքի զարգացման գործում իրենց ամենօրյա ջանքերի ու նվիրումի համար, մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ տարեցտարի ինչպես Քաջարանը, այնպես էլ մեր հանրապետության այլ բնակավայրերն ավելի բարեկեցիկ և զարգացած են լինելու: Հանրապետության Նախագահը կոչ է արել տոնակատարության մասնակիցներին ինչպես իրենց քաղաքի, այնպես էլ մեր հանրապետության ապագային նայել լավատեսությամբ ու հավատով:

Տոնակատարության ավարտին Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա նախկին տնօրեն, լեռնահանքային արդյունաբերության հմուտ կազմակերպիչ Ֆրունզե Պետրոսյանի հուշարձանի բացմանը:

Նախագահի աշխատանքային այցը Սյունիքի մարզում շարունակվում է: Այսօր Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում կայցելի Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ կծանոթանա հրապարակի արդիականացման ծրագրի իրագործման, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում՝ ուսումնական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի Սյունիք համայնքում Հանրապետության ղեկավարը կայցելի մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս ևս:

Նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները

թամազյանՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի` սեպտեմբերի 25-ի հրամանով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի երեք անդամները։

Հիմք ընդունելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 33-րդ հոդվածի 2-րդ մասը եւ ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով խորհրդի անդամ են նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը՝ 4 տարի ժամկետով, Արագածոտն մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ 3 տարի ժամկետով եւ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը՝ 2 տարի ժամկետով։

Փամբակ գյուղի անտառից 3 բոխի էր հատել

Փամբակ գյուղի անտառից 3 բոխի էր հատելՍեպտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սերգեյ Ս.-ին` իր վարած «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված փայտանյութով, որի համար վերջինս չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ:
Սերգեյ Ս.-ն  բացատրություն է տվել, որ փայտանյութը պատրաստել է ինքը՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում գտնվող անտառից 3 բոխի  ապօրինի հատելու միջոցով:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնեցին ահազանգի հետքերով

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 25-ին, ժամը 12.30-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ ինքը զենք-զինամթերք է թողել օդանավակայանի հանրակացարանի մոտ գտնվող աղբամանի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է առանց գործարանային համարի երկփողանի կարճեցված փողով որսորդական հրացան, անհայտ տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 80, 5.45 մմ տրամաչափի՝ 61 և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Ավտոպատահարներ Հայաստանի հանրապետությունում, յոթ հոգի վիրավոր են

ավտոպատահար«Միցուբիշի»-ն դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և կողաշրջվել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 75-րդ կմ-ին` Արուճ գյուղի մոտ, «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել հանդիպակաց ուղեմաս և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ծովակալ Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում  «Հոնդա»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «Օպել Օմեգա»  մակնիշի ավտոմեքենայի:
«Հոնդա»-ի վարորդը,  ուղևորը և «Օպել Օմեգա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

«Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում,  Երևանի  Հաղթանակ թաղամասի 1-ին և 4-րդ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ-X5»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը և  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Սեբաստիայի փողոցում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 87 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հասկացողին մին ասա, ղազախին` հազար ու մին

3877Սեպտեմբերի 23-ին, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որը բավականին սպասված և երկու կարևոր ու շատ հետաքրքիր  շեշտադրումներ ուներ մեր երկրի համար:

 Նախագահի կոշտ հայտարարությունը վաղուց էր անհրաժեշտ

Դրանցից առաջինը կարևոր է Հայաստանի դեմ այլ երկրների կողմից ձեռնարկվող կամ կիրառվող քայլերի ու հայտարարությունների համատեքստում, հատկապես` ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ու նրանց ղեկավարների կողմից: Օրինակ` ՀԱՊԿ անդամ Ղազախստանը մեկ անգամ չէ, որ միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել Հայաստանի դեմ, իսկ ավելի ճիշտ` ադրբեջանամետ դիրքորոշումներով ու հայտարարություններով: Վերջինը, թերևս, թուրքալեզու երկրների կազմակերպությունում ստորագրված փաստաթուղթն էր, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, Ադրբեջանի անմիջական նախաձեռնությամբ, տարածքային ամբողջականության սկզբունքի գերադասումն էր, իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև ՀԱՊԿ շրջանակներում մեր «դաշնակից» Ղազախստանը:

Այսպիսով` Սերժ Սարգսյանն իր ելույթում, անդրադառնալով միջազգային ասպարեզներում ՀԱՊԿ անդամների փոխհստակեցված գործելաոճի անհրաժեշտությանը, ընդգծեց.

«Մեր կարծիքով, այստեղ պահանջվում են մի ամբողջ շարք համաձայնեցված ջանքեր ինչպես փոխգործակցության արդյունավետության բարձրացման, այնպես էլ, ցավոք, եղած թերությունների բացառման մասով: Կբերեմ ընդամենը մեկ օրինակ. մեր փաստաթղթերում, այդ թվում` անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշմանը և տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաև համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում` նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը:

Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, կազմակերպության հեղինակության դեմ: Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին»:

Հայ հասարակությունը, իհարկե, ավելի վաղ էր նման հայտարարություն սպասում: Որովհետև Հայաստանը, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ հետագա զարգացման հարցին` որպես նրա անդամների անվտանգության երաշխիքի, մոտենում է երկրների ինքնիշխանության և անկախության ապահովման, պաշտպանունակության բարձրացման և արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության համապատասխան մեխանիզմների ստեղծման դիրքերից: Ու ստացվում էր այնպես, որ Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում էր այդ համատեքստում իր ստանձնած պարտականությունները, քանի որ միշտ ելնում էր դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունից և հավաքական անվտանգության համակարգին չվնասելու սկզբունքից: Սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ այդպես էլ այս սկզբունքը չորդեգրեցին, եթե չասենք ընդհակառակը` բազմիցս դրա էությանը բոլորովին հակասող քայլեր ձեռնարկեցին:

«Այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա. ընդհանուր առմամբ, Ղազախստանի դիրքորոշումը, քանի որ այն երկփեղկված վիճակում է` ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ է, այլև թուրքալեզու երկրների կազմակերպությանն է անդամակցում, ըստ էության փորձում է որոշակի բալանսավորված դիրքորոշում ունենալ, ինչքանով որ դա հնարավոր է: Սակայն վերջին հանդիպման ժամանակ այդ բալանսը, կարելի է ասել, խախտվեց: Եվ ես կարծում եմ, որ նախկին բալանսավորված քաղաքականության մեջ իր ազդեցությունն ուներ նաև Մոսկվան: Այսինքն` Ղազախստանն այդպիսի հանդիպումների ժամանակ միշտ իր հետևից զգում է Ռուսաստանի շունչը: եվ այս վերջին հանդիպման ժամանակ այդ շունչը չնկատվեց, և այդ հանգամանքը զգալով` ղազախները գնացին ավելի ռադիկալ որոշման, ինչին չէր կարող չարձագանքել նաև Հայաստանը, քանի որ, ըստ էության, շատ ծիծաղելի վիճակում ենք հայտնվում: Լինելով ՀԱՊԿ-ի անդամ` փաստացի Ղազախստանը ստորագրում է այնպիսի փաստաթղթի տակ, որը հակասում է մեր, այսինքն` իր դաշնակցի ազգային-պետական շահերին: Կարծում եմ, որ այդ հայտարարությունը ճիշտ էր, բայց ուշացած էր»,- այս առումով նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նախագահի ելույթը, այո,  վաղուց էր սպասվում, որովհետև արդեն ակնհայտ երևում ու աչք էին ծակում այն դիրքորոշումները, որ կայացնում էին ՀԱՊԿ-ի որոշ անդամներ: Տվյալ դեպքում, ճիշտ է, կոնկրետ երկրի անուն չնշվեց, բայց խոսքը մասնավորապես վերաբերում էր Ղազախստանին: Այդ երկրի ներկայացուցիչները, այդ թվում նաև նախագահը, տարբեր քաղաքական հարթակներում, հատկապես թուրքալեզու պետությունների կազմակերպությունում, իրեն թույլ է տալիս ելույթներ ունենալ, որոնցում քննադատական կամ ուղղակի մեղադրական շեշտադրումներ է հնչեցնում Հայաստանի վերաբերյալ: Օրինակ` վերջին անգամ լինելով Ադրբեջանում` Ղազախստանի նախագահը նույնիսկ չթաքցրեց, որ իր ցանկությունն է տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում: Այսինքն` ՀՀ նախագահի այս հայտարարությունն ուղղակի անխուսափելի էր:

«Ես, անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ դա ասվեց հրապարակային, ոչ թե առանձնազրույցի` տետատետ հանդիպման ժամանակ: Իհարկե, Սերժ Սարգսյանը կարող էր օգտագործել նաև այդ հնարավորությունը և զուտ անձնապես, մարդկայնորեն առաջարկել նման ելույթներ չունենալ հրապարակներում, որովհետև Հայաստանի բնակչությունն իր վստահությունն է կորցնում ՀԱՊԿ-ի նկատմամբ: Սակայն ոչ, Սերժ Սարգսյանն արեց բոլորի ներկայությամբ և մենք պետք է հասկանանք, որ այդ խոսքերը զուտ խոսքեր չեն»,- նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Հայտարարությունը` հայտարարություն, բայց կարևոր է ոչ միայն հայտարարություն հնչեցնելու հանգամանքը, այլև այն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ: Այս առումով ևս Լևոն Մելիք-Շահնազարյանը լավատես է ու համոզված, որ այդ հայտարարությունը կարող է ունենալ կոնկրետ քաղաքական հետևանքներ:

«Օրինակ` Հայաստանը կարող է պահանջել, և ինձ թվում է, որ հենց այդպես էլ լինելու է, որ բոլոր հարցերը ՀԱՊԿ-ի մասնակիցները տարբեր քաղաքական հրապարակներում մեկնաբանեն միևնույն կերպ, ինչպես ընդունված է ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ: Երկրորդ, որ ոչ միայն ՀԱՊԿ կանոնադրությանը, այլև միջազգային փաստաթղթերին, այսինքն` ՄԱԿ-ի ընդունած և այլ որոշումներին համապատասխան լինեն դիրքորոշումները: Ինձ թվում է, որ նման խախտումները կրկնվելու դեպքում Հայաստանը կարող է նաև պահանջել, որ պատիժ կիրառվի ՀԱՊԿ-ի այն անդամի նկատմամբ, որը կխախտի այդ պայմանավորվածությունները»,- ասաց քաղաքագետը:

Թե ինչ պատիժ, ըստ մեր զրուցակցի, ընտրության գամման բազմազան է: Օրինակ` կարող է ՀԱՊԿ-ի կողմից զգուշացում լինել այդ նորմերը խախտողներին, կարող է պատիժը դրսևորվել ՀԱՊԿ-ից ժամանակավոր կամ ընդհանրապես հեռացման տեսքով և այլն: ճիշտ է, այսօր այդ պատժաձևը կանխատեսելը դժվար է, քանի որ անգամ դրա պահանջը չկա, բայց որ Հայաստանը չի էլ կարող հետամուտ չլինել նախագահի ասածին, և այս պրոցեսը շարունակական է լինելու, արդեն ակնհայտ է:

 Եվս մեկ անսպասելի քայլ ՀՀ նախագահի կողմից

Ի տարբերություն առաջին շեշտադրման, որը խիստ սպասված ու անհրաժեշտ էր, երկրորդը, թեև շատ կարևոր, բայց և անսպասելի էր: Որովհետև ՀՀ նախագահը, դիմելով իր ՀԱՊԿ գործընկերներին, խնդրեց. «Որպես ամփոփում, ցանկանում եմ հաստատել Հայաստանի` տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության աջակցման գործում մեծ ներդրում ունեցող Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հետաքրքրվածությունը: Այս հարցում ակնկալում եմ ձեր աջակցությունը»:

Ինչպես և սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին հայտարարությունը, այս մեկ հայտարարությունը նույնպես անսպասելի էր, գոնե Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության համար: Թե դա ինչ էր նշանակում, կպարզվի մոտ օրերս, երբ քննարկումներ ծավալվեն:

 

 

Զբոսաշրջային էքսպո՝ Հյուսիսային պողոտայում

35819663Սեպտեմբերի 27-ին՝ Զբոսաշրջության համաշխարհային օրը, ժամը 16.00, Հյուսիսային պողոտայում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ներկայացված կլինեն հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը (Երևանի քաղաքապետարանի կողմից), ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։

Ցուցահանդեսը կուղեկցվի մշակութային տարբեր ծրագրերով։ Կներկայացվեն ազգային երգն ու պարը, էքսպոյի մասնակիցները Հյուսիսային պողոտայում հաց կթխեն, բրուտագործները հենց տեղում կթրծեն կավե իրեր, իրենց արհեստը կցուցադրեն գորգագործները, կցուցադրվեն տիկնիկային ներկայացումներ։

Տուրիստական էքսպոն նպատակ ունի վեր հանել ներգնա զբոսաշրջային ներուժը Հայաստանում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է ակնկալում օտարերկրյա հատուկ ծառայության տարբերանշաններով անձանց վերաբերյալ

նիկոլ-փաշինյան1ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլկ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ Սյունիքում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչների կողմից «Ժառանգության» քարոզչական խմբի գործունեության խոչընդոտելու վերաբերյալ «Ժառանգության» տարածած հաղորդագրությանը.

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Խստորեն դատապարտում եմ ՌԴ հատուկ ծառայությունների տարբերանշաններ ունեցող համազգեստներով անձանց գործողությունները Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի անդամի նկատմամբ: Ակնկալում եմ պատկան մարմիններից մանրամասն պարզաբանումներ ստանալ ՀՀ տարածքում օտարերկրյա հատուկ ծառայության տարբերանշաններով անձանց գործողությունների վերաբերյալ, եւ առաջիկայում այս ուղղությամբ կձեռնարկեմ ԱԺ պատգամավորի իմ լիազորություններից բխող գործողություններ»,-գրել է Փաշինյանը:

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին

images«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ/ФСБ) խոչընդոտել է «Ժառանգության» քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, որի կազմում եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ՀՀ այլ քաղաքացիներ:

Առավոտյան Կապանից Մեղրի ճանապարհին ԱԴԾ աշխատակիցները կանգնեցրել եւ խուզարկել են «Ժառանգության» քարոզչախմբի երկու մեքենաները՝ առանց որեւէ հիմնավորման: Ընդ որում` մեքենաներին չեն թույլատրել շարունակել իրենց երթը մինչեւ որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել իր պատգամավորական վկայականը, խմբի առաքելությունը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզչության շրջանակներում, եւ բացատրություններ պահանջել կատարվող գործողությունների համար, որից հետո ԱԴԾ-ականը ինչ-որ հեռախոսազանգ է արել եւ ապա թույլ տվել քարոզչախմբին շարունակել իր ճանապարհը: Ընդ որում` ռուս ԱԴԾ-ականները գործել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ ՀՀ ՊՆ զինվորների ուղեկցությամբ:

Սակայն երեկոյան՝ ետդարձի ճանապարհին, «Ժառանգության» ավտոշարասյունը նորից կանգնեցվել է ՌԴ ԱԴԾ-ի ներկայացուցիչների կողմից՝ ստուգման եւ խուզարկության նպատակով: Նրանք վերստին մերժել են Զարուհի Փոստանջյանի պահանջը՝ հիմնավորելու իրենց գործողությունները: Ռուս ԱԴԾ-ականները գործել են կոպիտ եւ անհարգալից պահվածք դրսեւորել թե ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ թե խմբի մյուս անդամների՝ ՀՀ քաղաքացիներ հանդեպ: Միջադեպի ամբողջ ընթացքը նկարահանել է Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը: Սակայն ԱԴԾ-ականը փորձել է խլել նրա տեսախցիկը եւ կոտրել այն: Հետագայում դեպքի վայր ժամանած մի բարձրաստիճան ԱԴԾ-ական՝ ոմն գնդապետ Միրզոեւ, Զարուհի Փոստանջյանից ներողություն է խնդրել իր ստորադասի կատարած արարքի համար, հիմնավորել ՌԴ ԱԴԾ-ի գործողությունները ինչ-որ իրանցի թմրագործակալի փնտրման աշխատանքներով  եւ առաջարկել ներքին կարգով փոխհատուցել կոտրված տեսախցիկի արժեքը: Սակայն  Զարուհի Փոստանջյանը հրաժարվել է առաջարկվող գումարից եւ պնդել, որ այն պետք է վճարվի դատական կարգով՝ ՀՀ օրենքներով նման հանցագործության համար նախատեսված պատժին զուգահեռ:

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին:

«Ժառանգություն»-ը Հայաստանում Ռուսաստանի իշխանություններից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել եւ բացատրություններ տալ այս անընդունելի միջադեպի կապակցությամբ, իսկ ՀՀ իրավապահ եւ դատական մարմիններից՝ համապատասխանաբար հետաքննել այս միջադեպը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթության առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, «Պեպանյան» ուսումնախորհրդատվական կենտրոն ՍՊԸ:

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Հարվարդի համալսարանում

533. Minister Nalbandian hands over award to Ernest Barsamian 26.09.2013Սեպետմբերի 25-ին աշխատանքային այցելությամբ Միացյալ Նահանգներում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբադնյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում։

Նախարարի ելույթին ներկա էին Հարվարդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ,  հետազոտողներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, սիրիական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

533. Minister Nalbandian meets Harvard University Marshall 26.09.2013Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ’Նիլի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին հեղինակավոր կրթօջախում հայազգի ուսանողների առավել ներգրավման հնարավորությունները։

Հարվարդում նախարար Նալբանդյանը նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր, բժշկական ֆակուլտետի բազմամյա դեկան Էրնեստ Բարսամյանին հանձնեց ՀՀ նախագահի կողմից շնորհված  «Մխիթար Հերացի» մեդալը։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին։

Հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետևյալ կայքէջից` http://www.mfa.am/video/video.html: