Կացության ինչպիսի՞ կարգավիճակներ կարող են տրվել օտարերկրացիներին

օտարերկրացի «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 25-ին) 3-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է ՀՀ-ում օտարերկրացիների կացության կարգավիճակներին: Նույն Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետևյալ կարգավիճակները`

ա) ժամանակավոր,

բ) մշտական,

գ) հատուկ:

Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են, համապատասխանաբար, ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով:

Այսպես, ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝ ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը:

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ

բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

Հատուկ կացության կարգավիճակ տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին: Հատուկ կացության կարգավիճակ կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:

Հատուկ կացության կարգավիճակ տրվում է 10 տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:

 

 Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումներ Հալեպում և Նիդերլանդներում

անկախության  տարեդարձՍեպտեմբերի 24-ին Հալեպի «Արամ Մանուկյան» Կենտրոնի «Անի» սրահում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-րդ տալեդարձին նվիրված ընդունելությունը, որը կազմակերպել էր Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Ընդունելությանը մասնակցեցին Հալեպի հայ երեք համայնքապետերը, մշակութային, բարեսիրական միությունների ներկայացուցիչները եւ բազմաթիվ հալեպահայեր:

         Ընդունելության ընթացքում ներկաների առջեւ ելույթ ունեցավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ անցած 22 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին, սոցիալ-տնտեսական ծրագրերին, ինչպես նաեւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության 20-ամյա գործունեությանը եւ հալեպահայ համայնքի հետ ունեցած սերտ գործակցությանը:

 

Սեպտեմբերի 24-ին Նիդերլանդների Ռայսվայկ քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ Հայաստանից ժամանած «Կարին» ազգագրական երգի եւ պարի խմբի կատարմամբ՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, արվեստի գործիչներ, գործարարներ եւ հայ համայնքի անդամներ:

Տոնական միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում խոսեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակության մասին` շեշտելով, որ «հայ ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց իր արարելու հաստատակամությունը` չնայած ամենածանր տնտեսական ու աշխարհաքաղաքական պայմաններին, իրականության վերածելու վեցդարյա երազանքը եւ կերտելու ապահով ու բարեկեցիկ երկիր»:

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ «Կարին» ազգագրական երգի եւ պարի խմբի համերգաշարը Նիդերլանդներում կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության, Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու եւ Մաստրիխտի «Անի» համայնքի կողմից:

Համերգներ տեղի ունեցան նաև Ալմելոյում՝ սեպտեմբերի 19-ին, և Մաստրիխտում՝ սեպտեմբերի 21-ին:

 

«Երկրի ընթացքը փոխող քաղաքական կամք է պետք». Լիլիթ Գալստյան

images

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վերջին երկու՝ նախագահական ու Երևանի ավագանու ընտրություններում հանրապետականի <<ջախջախիչ>> հաղթանակի, մյուս կողմից ընդդիմության չմիավորվելու` իսկ ավելի շուտ քաղաքական ամուլ սպեկուլյացիաների, ինքնաոչնչացնող ու շարունակական գզվռտուքների արդյունքում կանխատեսելի ու սպասելի էր հանրային հուսահատության ու հոռետեսության ալիքը։ Արտագաղթհի ձնագունդը հիմնականում սնվում է հենց այս հուսահատությունից, արժեքների համատերած ոչնչացումից, լեգենդների փոշիացմից, <<ինչ անել>> հարցին պատասխաններ ու միջոցներ գտնելու նվաստացնող անկարողությունից, և անշուշտ՝ քաղաքական կամքի բացակայությունից։

Բայց քաղաքական մեծամասնության <<ջախջախիչ>> հաղթանակը դեռ խնդիրների լուծում չէ, ոչ էլ` խաղաղ ու երջանիկ հասարակության գրավական։ Հայաստանը նմանվել է արագ արձագանքման կարոտ մի պոլիգոնի, ուր ամեն օրը լի է քաղաքական, տնտեսական ու բարոյական անակնկալներով, շոկերով ու թեժ կետերով։ Իսկ անակնկալներն, արդեն հաստատված ավանդույթի համաձայն գիշերային են և հեշտորեն տեղավորվում են <<մածունը սև է>> կամ <<ձեր փոխարեն որոշել ենք>> անխմբագրելի համոզումի մեջ։
Քաղաքացիական հասարակության փոքրիկ օազիսները, որոնց ոչ անհայտ ուղղորդումով <<գրանտակեր>> (կարծեմ արդեն անջնջելի) պիտակն են կպցրել, ավելի շուտ շրջիկ հրշեջների են նման, որոնք փորձում են մեկ մշակութային ժառանգություն պաշտպանել, մեկ պայքարել տրանսպորտի չհիմնավորված թանկացման դեմ, մեկ հայրենի բնությունը պաշտպանել օլիգարխների թալանից, մեկ Սահմանադրություն պաշտպանել, մեկ…, մեկ … Ու հասարակական հանդուրժողության, հուսահատության ու պետության ինքնահոսի ներկա մակարդակում այս փոքրիկ խմբերը նմանվում են պտտանիվի մեջ հայտնված սկյուռի, որն ինքն իրեն գերազանցել չի կարող, իսկ առջևում նույն ու միևնույն պատն է։
Իսկ մինչ այդ Ազատության հրապարակում ազատամարտիկները տևականորեն շարունակում են արժանապատվություն պահանջել ու ազատ ապրելու իրավունք, այդ նույն հրապարակում 50-60 հոգու ներկայությամբ ընդդիմադիրները դեռ շարունակում են միտինգ անել ու էլի ազատություն ու իրավունք պահանջել, այդ նույն հրապարակում մի բուռ հայ ժողովուրդ տոնի զգացողությունը կորցրած հայ ժողովրդի մնացած՝ հիմնական հատվածին Արցախի անկախության արժեքն է համոզում ու դարձյալ ու էլի խոսում ազատությունից ու իրավունքից։ Այնինչ, մեծամասնության համար ազատության հրապարակն այլևս դեպի համազգային ճեմուղի՝ Հյուսիսային պողոտա տանող կարճ ճանապարհ է, երեխաների համար հեծանվահրապարակ, անբանների համար չրթելու տարածք, տարեցների համար՝ լավ ժամանակների մասին հուշ, ճարպիկների համար շրջիկ կրկեսի հարթակ, ուր կարելի է վատուտ ու տիր տեղադրել։ Եվ այդ նույն Ազատության հրապարակից արձագանքող, արդեն 22 և ավելի տարիներ հնչող քաղաքական մեղեդին այլևս նյարդայնացնող է, չսպասված և միայն մեր հուսահատությունը, անկարողությունն ու ինքնամաշումն է սնում… և ուրիշ ոչինչ։
Իսկ Հայաստանն իրականում շիջելի փոքրիկ բռնկում- հրդեհների աշխարհագրություն չէ և կոսմետիկ լուծումներով անկարելի է կասեցնել վայրէջքներն ու մայրամուտները։
Ահա այս համապատկերին (Մաքսային միության մասին այլ առիթով) զանգվածային լրատվամիջոցներում ու քաղաքական միջավայրում շրջանառվում է Սահմանադրական հնարավոր փոփոխությունների և վերջինիս ուղղված հանրաքվեի խնդիրը։ Բնականաբար, բովանդակային կամ ձևաչափային հարցերի շուրջ տեսակետ արտահայտելն անլուրջ պիտի լինի այս պահին։ Բայց խնդիրն այս հանգրվանում բոլորովին այլ է։ Իշխող կուսակցության համար Սահմանադրությամբ սահմանափակված մի փուլ է ավարտվում, և հականալի է, որ, հաջորդ շրջանի, կամ ավելի ճիշտ՝ իշխանությունը պահելու սցենարներ են մշակվում, ուրվագծվում։

Մեր իրականության մեջ բոլոր <<բարեփոխումներն>> ըստ էության կատարվել են ոչ թե ներքևի՝ հանրային պահանջի թելադրանքով կամ ազգային-պետության շահի գիտակցումով, այլ օրվա իշխանության ու նրա <<էլիտայի>> գրգիռներով։ Մեր պարագայում, երկրի կառավարման մոդելը նախագահական կլինի, թե՝ խորհրդարանական, մեծ հաշվով էական չէ։ Էականը երկրի քաղաքական մշակույթի որակներն են, քաղաքական ավանդույթները, հասարակության իրավական ու քաղաքացիական գիտակցության մակարդակը։ Մենք հաճախ գիտակցաբար կամ՝ ոչ, համարձակություն չունենք իրերն իրենց անունով կոչելու, բովանդակային ու արմատական լուծումներ գտնելու, և մեզ համոզում ենք կամ հասարակությանը ներշնչում, ապակողմնորոշում, թե ձևաչափի փոփոխությունները կարող են էական լինել։ Եթե ընտրակեղծիքներն արդեն այնքան են կատարելագործվել, իրենց անբարոյականության ու հակապետականության մեջ այնքան <<լեգիտիմ>> դարձել, ինչ տարբերություն՝ երկիրը Սահմանադրությամբ նախագահական է, կիսանախագահական, թե՝ պառլամենտական։ Հայտնվել ենք մի ընթացքում, որի արժեքային համակարգն ու նրա վերնախավի (էլիտայի) մոտիվացիաները ժամանակակից, մրցունակ պետության հետ նվազագույն առնչություններ ունեն։

Արդյոք սահմանադրական փոփոխություններն ու պառլամենտական կառավարման համակարգին անցումը խորքային, բովանդակային փոփոխություններ կապեհովեն, ժամանակը ցույց կտա։ Սակայն մի բան անվերապահորեն հստակ է՝ Երկրի ընթացքը փոխող քաղաքական կամք է պետք, խորը քաղաքական, մշակութային ու հասարակական բովանդակությամբ, որն հնարավոր է միայն համազգային ներուժի համախմբումով։ Կարծում եմ այս է ներկա պահի հանրային պահանջը։
Հ. Գ.

Մեր անորոշ ու անստույգ ընթացքն արձանագրելուց կարելի է շնչահեղձ լինել, գուցեև ճամպրուկ հավաքելու մասին մտածել, եթե չլինի մեր մյուս՝ փոքր, բայց ընտիր, փոքր` բայց արժանապատիվ, փոքր` բայց ապրեցող, փոքր՝ բայց իմաստուն, փոքր՝ բայց հավերժական տեսակը։ Օրերս հաջորդաբար Արամ Խաչատրյանի փառատոնին ելույթ ունեցան երկու հայ տաղանդներ, երկու համեստ ու մեծ հայ՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Նաև Տիգրան Համասյանին լսելու առիթն ունեցա։ Վստահ եմ, որ ինձ պես հարյուրներ ներքին խոստումի ու ուխտի ծես ապրեցին՝
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՄ ԻՄ ԵՐԿԻՐԸ
24. 09. 2013»

Տեղեկատվություն՝ դատական կարգադրիչների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ներգրավված մեղադրյալների մասին

դատախազությունՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է նախաքննությունը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ, որպես մեղադրյալ է ներգարվվել 19 անձ, եւս 2 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ստորև ներկայացնում ենք գործով ներգրավված անձանց տվյալներն ու առաջադրված մեղադրանքները՝

1. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

3. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:

4. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

5. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

6. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

8. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Ազատի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ:

9. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

10. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայությունում որպես անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

11. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

12. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

13. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ, ապա 2012թ. նոյեմբերից ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանին մեղադարանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

14.  ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատ և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արմեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

15. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Մհեր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

16. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Հայկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

17. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

18. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Նորայր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

19. 15.08.2013թ. որոշում է կայացվել դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Բաղդասարի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Կասկածյալներ Արտյոմ Ֆելիքսի Մամյանի և Մերուժան Մերուժանի Կյուրեղյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նոր համակարգ՝ կրթական կարիքների գնահատման

Արմեն-ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Ահրենսին և ԱՄՆ զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ-ի ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև նախատեսվող ծրագրերը: Ողջունելով հյուրերին և ընդգծելով համատեղ ծրագրերի արդյունավետությունը՝ նախարարը նշել է, որ ՀՀ ԿԳՆ-ն միջազգային կազմակերպություններին դիտարկում է որպես կարևոր գործընկեր և ակնկալում, որ համատեղ ծրագրերն ավելի կընդլայնվեն՝ դառնալով թիրախային: Կողմերն անդրադարձել են կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` կրթական կարիքների գնահատման և գիշերօթիկ խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու գործընթացին առնչվող խնդիրներին: Ծրագիրը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական ծառայությունների հետ, նախատեսվում է փորձարկել Լոռու և Տավուշի մարզերում: Այս համատեքստում կրթությունից դուրս մնացած երեխաների աջակցության համար կարևորվել է սոցիալական գործոնն ու ներառական կրթության կազմակերպումը: Նշվել է, որ ՀՀ ԿԳՆ-ի և UNICEF-ի կողմից մշակվում է երեխաների կրթական կարիքների գնահատման նոր համակարգ՝ հիմնված ֆունկցիաների միջազգային դասակարգման ժամանակակից մեթոդաբանության վրա: Նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը, որը նախատեսում է, ներառական կրթության կազմակերպման ավելի լայն հնարավորություն: Ներկայացնելով նախատեսվող ծրագրերը՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը կարևորել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ դպրոցական շենքերի սեյսմակայունության գնահատման ծրագիրը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համագործակցության ու համատեղ ծրագրերին առնչվող մի շարք աշխատանքային հարցերի:

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Զ. Նախշքարյանին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին

հրամանագիրՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի եզրակացությունը` որոշում եմ.

Զարուհի ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արարատի և Վայոց ձորի մարզեր

3928Հանրապետության Նախագահը Արարատի մարզում այցելել է Այնթափ համայնքի նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, ծանոթացել 144 երեխայի համար նախատեսված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին, կատարված շինարարական աշխատանքներին: Արարատի մարզի 8700 բնակչություն ունեցող ամենամեծ գյուղական համայնքը երբևիցե չի ունեցել մանկապարտեզ և տարիներ շարունակ Այնթափից երեխաները ստիպված հաճախել են Երևանի Նորագավիթի, ինչպես նաև Մասիս քաղաքի նախադպրոցական հաստատությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ 2011թ. մեկնարկած աշխատանքների արդյունքում համայնքն այժմ ունի նորակառույց մանկապարտեզ, որտեղ ներկայումս ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքներ:

3936Նախագահն այնուհետև այցելել է Վեդի քաղաքի մշակույթի տուն, որտեղ ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մշակույթի տան բացմանը: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ դեռևս 1937-1938թթ. կառուցված և 1988թ. մաշվածության պատճառով գործունեությունը դադարեցրած մշակույթի տան հիմնանորոգման արդյունքում, որն իրականացվել է Նախագահի հանձնարարությամբ, երկհարկանի շինությունն այժմ ունի 280 տեղանոց հարմարավետ դահլիճ, որտեղ կարող են գործել տասնյակից ավելի տարբեր խմբակներ: Մշակույթի տանը շրջայցի ընթացքում Նախագահը դիտել է նաև Վեդիի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:

3938Արարատի մարզից Սերժ Սարգսյանը մեկնել է Վայոց Ձորի մարզ, որտեղ ծանոթացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Քորքի համալսարանի (Իռլանդիա) և Կալիֆորնիայի համալսարանի Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի և ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից «Արենի 1» քարանձավում կատարված պեղման աշխատանքների ընթացքին ու մինչ այժմ արձանագրված արդյունքներին: Մասնագետների կողմից ընդգծվել է, որ Արփա գետի հովտում տեղակայված «Արենի 1» քարայրի պեղումների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի, այնպես էլ Առաջավոր Ասիայի սահմաններում ձևավորված քաղաքակրթությունների ելակետային փուլի ուսումնասիրության և արժևորման առումով:

Ապամոնտաժվել են Թումանյան փողոցի գովազդային մեծ վահանակները

003Մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափի վահանակների սեպտեմբերի 23-ից մեկնարկած ապամոնտաժման աշխատանքների շրջանակում Թումանյան փողոցում ապամոնտաժվել է գովազդային 11 մեծ վահանակ:

Նախապես սահմանված կարգով աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո:

Ապամոնտաժված վահանակների հենասյուների հատվածներում առաջիկայում համապատասխան բարեկարգման աշխատանքներ կկատարվեն:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ :

Մինչև տարեվերջ փոքր կենտրոնի գովազդային բոլոր մեծ և միջին վահանակները կապամոնտաժվեն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Քաղաքապետը մասնակցել է «Երևան Ջուր» ընկերության մասնաճյուղային նոր վարչական շենքի բացմանը

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի ջրամատակարարման օրվա կարգավորիչ «Կովկասյան» ջրամբարի տարածքում կառուցված վարչական շենքի հանդիսավոր բացմանը: Նորակառույցի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին: Վարչական շենքում այսուհետ գործելու են «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր», «Պոմպեր» տեղամասերը, ինչպես նաև Առևտրային տնօրինության տարածքային տեղամասը, որոնք նախկինում տեղակայված են եղել վարձակալած տարածքներում:
Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է շենքում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Երկհարկանի շենքի առաջին հարկում գտնվում է ավտովերանորոգման բազան, ինժեներական մյուս կառույցները, պահեստը և այլն: Երկրորդ հարկում տեղակայված են ծառայողական տարածքները: Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական: Երևանի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ու զարգացման ծրագրերի շրջանակում, արդեն իսկ, մայրաքաղաքում ավելացվել է ջրամատակարարման տևողությունը, նվազել է աղբյուրներից ջրառի ծավալները, ինչպես նաև իջեցվել մատուցվող ծառայությունների սակագինը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով առաջիկա անելիքները, Գոռ Գրիգորյանը նշել է, որ որպես համակարգի կայացման ծրագրի բաղկացուցիչ մաս, «Երևան Ջուր» ընկերությունը շարունակելու է տարածքային իր ստորաբաժանումները սեփական հարկի տակ հավաքելու գործընթացը: Առաջիկայում նոր տարածքով կապահովվի նաև «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասը, որը սպասարկում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները:
Մայրաքաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքը ևս քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, Տարոն Մարգարյանը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ, որպեսզի արդեն առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի ողջ Երևանում:
Պատասխանելով լրագրողների հարցերին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է. «Այս շենքը և անձնակազմը ծառայում են մեկ հիմնական նպատակի՝ բավարարելու մայրաքաղաքի բնակչության պահանջարկը որակյալ ջրամատակարարման հարցում: Այն է՝ սահմանված ժամանակացույց, որակյալ ջուր, վթարների թվի կրճատում, հոսակորուստների կրճատում, շահագործման ծախսերի տնտեսում: Եվ Երևանի քաղաքապետը, որպես կառավարման լիազորված անձ, ամեն ինչ անելու է «Երևան Ջուր» ընկերության զարգացման հետագա ծրագրերին ևս աջակցելու համար»,- ընդգծել է Կամո Արեյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վանա կատուն մեր ազգային հարստությունն է

«Վանա կատու» հիմնադրամի տնօրեն Իրինա Թադևոսյանը օրերս «Շիրակ կենտրոնի» գրասենյակ այցելեց` բերելով իր տասնյակ Վանա կատուներից երեքին: Ներկայացվող տեսանյութում Իրինա Թադևոսյանը խոսում է Վանա կատվի առանձնահատկությունների ու ցեղատեսակի ծագման մասին. «Անհրաժեշտ է իրականացնել քայլեր, որպեսզի բոլորը ճիշտ ճանաչեն և գնահատեն Վանա կատվին, չպետք է թույլ տալ, որ այս` զուտ հայկական կատվատեսակը կորչի, ինչպես կորան ղարաբաղյան ձին ու Վանա մրոտ հավը», զրույցի ընթացքում նշեց «Վանա կատու» հիմնադրամի տնօրենը:

«Դու, ամբարտաւան լածիրակ». Հայրիկյանը՝ իր մասին հոդվածագրին

mhm65420-copy-7_1371754588ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է լրատվական կայքերից մեկում «Պարույր Հայրիկյանը հայական Ջեյմս Բո՞նդ» վերնագրով նյութին.

«Ոմն Արսեն Լեւոնեան (եթէ իրականում ինքն է) «nrnak.com»-ում գրում է, թէ ես ինձ «անկախուեան սիմվոլ» եմ յայտարարել։ Անկախութեան պայքարի միջազգայնօրէն ճանաչուած առաջնորդը չի կարող մանրացնել իր դերակատարութիւնը եւ իրեն «սիմվոլ» համարել առաւել եւս՝ հայտարարել։ Սա հասկանալու համար մեծ խելք պէտք չէ։ Ես էս, ամենայն հաւանականութեամբ, դեղնակտուց փսլնքոտի բարբաջանքներին չէի անդրադառնայ, եթէ իրեն այնուամենայնիւ օգնել՝ սթափեցնել չկամենայի։ Բարդոյթաւորուածի ծնունդ ջահել, դու ո՞վ ես, որ Սախառովի անուն տաս, այն էլ հակադրես ինձ։ Այ «մեծ կայսրութեան» փնթի սիրահար, երբ ես բանտարկւում էի երկրորդ անգամ, այլախոհութեան դաշտում առաջին քայլերն անող Սախառովը դիմում էր աշխարհին 1974թ. իմ պաշտպանութեամբ յանդէս գալու կոչով։ Թշուառական, ես «Կռունկ» էլ էի երգում, բայց եւ գրում էի մեր ազատութեան երգերը, որոնք քո բոլշեւիկ տատ ու պապի համար այդպէս էլ հոգեհարազատ չդարձան։

Ուրեմն այսպէս․ դու, ամբարտաւան լածիրակ, կամ ցոյց ես տալիս, թէ երբ եւ որտեղ եմ ինձ էժանացրել ու կոչել «անկախութեան սիմվոլ» կամ էլ այստեղ քեզ շնորհուած իմ բնութագրիչներին աւելանալու է բոլոր ճշմարտասէր հայերի ջերմագին օրհնութիւնը (ոչ իմը) ծնողներիդ։ Ուրեմն, ցոյց ես տալիս ու ես եմ ներողութիւն խնդրում կամ՝ դու ես ներողութիւն խնդրում ու ծնողներիդ ազատում իրենց հասցեին քո շնորհիւ ստացուծ անուշ խօսքերի համար քեզ շնորհակալութիւն յայտնելու բերկրանքից»,-գրել է Հայրիկյանը:

Տարոն Մարգարյանը միացել է «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությանը

Taron-MargaryanԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ միանում է «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությանը. «Ուրախությամբ հետևում եմ, թե ինչպես են մի խումբ եռանդուն երիտասարդներ ձեռնարկել և պատվով իրականացնում «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունը, որը շատ պարզ, բայց միաժամանակ վեհ նպատակ ունի՝ օգնել կարիքավորներին:

«Դու միայնակ չես»….Կարծում եմ, այսքանով ամեն ինչ ասված է։ Իսկապես հրաշալի է հետևել, թե ինչպես է հայը անշահախնդրորեն նեցուկ կանգնում հային: Իմ խորին համոզմամբ, բարությունը և կողքինի հոգսի հանդեպ ոչ անտարբեր վերաբերմունքն են հային իսկապես բնորոշող գծերը, որոնցով պետք է հպարտանալ:

Ես ևս չէի կարող անմասն մնալ մարդասիրական այս նախաձեռնությունից ու իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու կազմակերպիչներին:
Անկեղծ համոզված եմ, որ այս նախաձեռնության շուրջ հավաքված մարդկանց թիվն օրեցօր բազմապատկվելու է, և նաև կոչ կանեմ քաղաքապետարանի աշխատակազմին ևս միանալ մարդասիրական այս նախաձեռնությանն ու հնարավորությունների սահմաններում աջակցել»,-գրել է քաղաքապետը:

Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետին

3926_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վստահություն հայտնել, որ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի այցը նոր լիցք կհաղորդի ամուր պատմամշակութային բարեկամական կապերի վրա հիմնված հայ-հունական երկկողմ հարաբերություններին: Ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից հետո հայ-հունական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջև անցած տարիներին ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական ակտիվ երկխոսություն և սերտ փոխգործակցություն ռազմական ու կրթամշակութային ոլորտներում: Նախագահի համոզմամբ, նմանատիպ այցելությունները լավագույնս վկայում են երկկողմ հարաբերությունների շարունակականության և դրանց նոր որակ հաղորդելու կողմերի պատրաստակամության մասին։

Հանդիպմանը հայ-հունական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է նաև միջխորհրդարանական դիվանագիտության դերը, երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ամենով հանդերձ հայ-հունական համագործակցության ներուժը շատ ավելին է և անհրաժեշտ է այն լիարժեքորեն իրացնել:

Ականի պայթյունի հետևանքով մահացել է Այգեձոր գյուղի 26-ամյա բնակիչը

24347Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տավուշի բաժին է ահազանգել Այգեձոր գյուղի բժիշկն ու հայտնել, որ նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում, ականի վրա պայթելու հետևանքով, ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք և մահացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, երբ Է. Դալլաքյանը խոզերին արոտավայրից տուն բերելու ժամանակ գտնվել է նշված հանդամասի հայ-ադրբեջանական հենակետերի միջնամասում գտնվող ականապատված տարածքում, ական է պայթել, ինչի հետևանքով գյուղ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Հայը, որին մեղադրում էին Ստալինի դեմ մահափորձի մեջ

Stalin3ԼՕԺ. այսպես է 1937-ին «ինքնախոստովանական» ցուցմունքի տակ ստորագրել Վահագն Ազատյանը, որին մեղադրում էին ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի դեմ մահափորձ իրականացնելու մեջ:

Ազատյանը ծագումով մեղրեցի է, ծնվել է 1901-ին: Հայրը, որ Լայպցիգում էր տնտեսագիտություն ուսումնասիրել, քաջ գիտակցում էր կրթության կարևորությունը: Ուստի երբ հիմնվում է Երևանի պետական համալսարանը, ավագ որդուն՝ Վահագնին Երևան է ուղարկում՝ տնտեսագիտություն ուսանելու: Հետո Վահագնը կրթությունը շարունակում է Մոսկվայում:

Խորհրդային Միության կազմավորման տարիներին որակյալ կրթությամբ կադրերի պահանջարկ կար: Այնպես որ Վահագնը նախ Երևանում ռայկոմի քարտուղար է նշանակվում, ապա Մոսկվա մեկնում՝ նշանակվելով ԽՍՀՄ վիճակագրական ծառայության պետ:

Խորհրդային Միության բոլոր ծայրերից տնտեսական ցուցանիշներն Ազատյանի ղեկավարած կառույցում էին կուտակվում ու ամփոփվում, ուստի նա պարբերաբար Ստալինին զեկույց էր ներկայացնում:

«Ստալինի բոլոր ելույթները տնտեսական թեմաներով գրում էր իմ քեռին, հետո Ստալինը կարդում էր, իր շտկումներն անում, ու ելույթը պատրաստ էր»,- ասում է Լյուսյա Միխայելյանցը՝ Վահագն Ազատյանի քրոջ դուստրը:

Ստալինի հետ հաճախակի հանդիպումները նաև որոշ մտերմիկ, ընկերական կապ էին ստեղծել երկուսի միջև: Հետագայում Ազատյանն իր հարազատների հետ զրույցում կհիշի, որ չնայած մտերմությանը` իրենց մեջ միշտ որոշ պատնեշ է եղել. Ստալինը խիստ մարդ էր ու չէր սիրում խառնել անձնական և գործնական հարաբերությունները:

1937-ին, երբ սկսվում են ռեպրեսիաները, ձերբակալվում է նաև Ազատյանը: Գրեթե ամեն օր Ստալինի հետ ժամերով մեկուսի աշխատող Ազատյանին մեղադրում են ԽՍՀՄ առաջնորդին սպանելու փորձի մեջ: Կարճ ժամանակ անց Մեղրիում ձերբակալում են նաև Ազատյանի հորը՝ 67-ամյա Ավետիս Ազատյանին և գնդակահարում նրան որպես ժողովրդի թշնամի, որը հակառակվում է կոմունիստական կուսակցության որոշումներին: Ավետիսը դեմ էր, որ շերամի որդերին նաև ամռանը թթի ճյուղերով կերակրեն երկրորդ  բերք ստանալու համար: Ասում էր, որ այդպիսի շահը կարճաժամկետ է, թթենիները չեն հասցնի վերականգնվել և  կչորանան նման պայմաններում:

Որդուն, սակայն, հորից տարբեր ճակատագիր էր սպասում: Նրան զանազան խոշտանգումներով ու կտտանքներով փորձում էին ստիպել, որ ընդունի մեղքը:

Լյուսյա Միխայելյանց

Լյուսյա Միխայելյանցը

«Քեռուս խոշտանգումների միջոցով  ստիպել են, որ խոստովանի իր մեղքը: Ծեծ ու ջարդից բացի, նաև հատուկ խոշտանգման միջոցներ են ունեցել: Օրերով չեն  թողել, որ քնի, սոված են  պահել: Օրերով անշարժ վիճակում ջրի կաթոցի տակ են թողել, եղունգների տակ ասեղներ են մտցրել: Այդ ամենը մենք իմացանք, երբ նա ազատվեց ու վերադարձավ: Մինչ այդ ոչինչ չգիտեինք,- ասում է Լյուսյա Միխայելյանցը հավելելով,- քեռուս ձեռքերի ու ոտքերի եղունգները մեծ էին: Որ ասում էինք՝ քեռի, թող կտրենք, չէր համաձայնում, թե մի արեք, ինձ թվում է, որ էլի նույն ցավը կլինի»:

Եվ ահա, Ազատյանը ելք է գտնում, թե ինչպես և՛ ազատվի խոշտանգումներից, և՛ իր վրա չվերցնի մեղքը մի արարքի համար, որը չի  արել: Նա ռուսերեն «սուտ» բառը գրում է հայերեն տառերով՝ ասելով, թե դա իր ստորագրությունն է:

Մեղքն ընդունելուց հետո Ազատյանին 25 տարվա ազատազրկման են դատապարտում:

1954-ին, երբ Ստալինի մահից հետո դատապարտվածների գործերն էին վերանայվում, Խրուշչովը Ազատյանին իր մոտ է կանչում (Խրուշչովի հետ ևս վաղեմի ծանոթներ էին):

Երբ Մուրմանսկում բանտապետը հրամայել է Ազատյանին լողանալ, վարսավիրը մազերն է կտրել և կոստյում են հագցրել, վախեցած հարցրել է, թե ինչ են ուզում իրեն անել: Պարզվում է, որ պետք է Մոսկվա ուղարկեն՝ Խրուշչովի հետ հանդիպման:

Նիկիտա Խրուշչովին Ազատյանը ասել է, որ իրեն զուր տեղն են դատապարտել, ինքն անգամ չարածի համար մեղքը չի ընդունել: Որպես ապացույց պահանջել է, որ գործերից հանեն իր մեղայականը և հայերենի թարգմանիչ կանչեն:

Այսպես իրողությունը բացահայտվել է, և Ազատյանին 17 տարվա ազատազրկումից հետո արդարացրել ու ազատ են արձակել:

Նրան նորից Վիճակագրական ծառայությունում են աշխատանքի նշանակում, բայց այժմ որպես տնտեսության զարգացման բաժնի պետ:

Այս ամենից տուժում է նաև Ազատյանի ընտանիքը: Նրա երկու դուստրերն ու որդին այդպես էլ չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ: Համարվում էր, որ ազգի թշնամու երեխաներին միջնակարգ կրթությունն էլ բավարար է:

Ազատվելուց հետո` 1956-ին, Ազատյանը Հայաստան է գալիս՝ այստեղի իր հարազատներին տեսակցելու: Հենց նման այցելությունների ըթնացքում էլ նա հարազատներին պատմել է իր գլխին եկած ողջ եղելությունը:

Նրա քրոջ դուստրը՝ Լյուսյա Միխայելյանցը, ասում է, որ քեռին մինչև կյանքի վերջը՝ 1973-ը,  վստահ էր, որ լավագույն և ամենակատարյալ  հասարակարգը սոցիալիզմն է, կուսակցական էր   և Ստալինին էլ չէր մեղադրում իրեն պատահածի համար: «Ասում էր, որ դա արել են իր շրջապատի մարդիկ, որ նրա աչքը մտնեն: Ասում էր՝ Ստալինը չի մեղավոր, ոչ էլ պարտիան, ժամանակն է մեղավոր»,- հիշում է տիկին Լյուսյան:

Ներկայացումը սիրո մասին էր. Սուրեն Սաֆարյան

1264812_605174429525116_406420892_o«Ողջ ընթացքում շունչ պահել էի, աչքերիս առաջ սեւանում էր, սիրտս ցավում: Միաժամանակ շատ ուրախ էի, անչափ ուրախ: Հուզական աշխարհ, զգացմունքներ, կյանքի փորձ, գիտակցություն էր դրված ներկայացման մեջ, այն սիրո մասին էր»,-վերջերս archive2.ankakh.com-ի հետ զրույցում «Տատյանա» մոնոներկայացման մասին նշեց բեմադրող ռեժիսոր Սուրեն Սաֆարյանը:

Սեպտեմբերի 12-ին Համազգային թատրոնում կայացավ ներկայացման պրեմիերան: Մոնոներկայացումը Ա. Ս Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա էր, ռեժիսորի խոսքով սովորելու, զարգանալու եւ նոր բարձունքներ նվաճելու տեղ միշտ էլ կա, սակայն նա դերասանուհուց գոհ է.

«Հերոսուհին առաջին անգամ բարձրացավ բեմ՝ հանդես գալով ամենաբարդ ժանրում, դասական գործ, չափածո եւ մեկ ժամ տեւողությամբ»:

Ռեժիսորի համոզմամբ թատրոնը մի վայր է, որտեղ նա իրեն լավ է զգում, կտրվելով ամենքից ու ամեն ինչից: Իրականությունն այստեղ ուրիշ դեմք ունի, այստեղ հանրային մենությամբ ես ապրում: Թատրոնն ու սերն անվերջանալի թեմաներ են, որոնց մասին կարելի է խոսել: «Տատյանա» մոնոներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռեւս մարտ ամսից, որոշակի ընդմիջումներից հետո այսօր, վերջապես, այն ցուցադրվեց:

Դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացումը բարդ էր, կատարել է ահռելի աշխատանք, նա երբեւէ չէր եղել բեմում, իր կյանքի պրեմիերան էր, որը համարում է հերոսություն.

«Ես հիվանդացա «Եվգենի Օնեգին» գործով, Տատյանան ամբողջ օրն ինձ էր հետապնդում: Ըստ վեպի Տատյանան գյուղում ապրող երազկոտ, զուսպ, միայնակ եւ տխուր աղջիկ էր, սակայն ռեժիսորը մի փոքր փոխեց նրա կերպարը, դարձնելով ավելի համարձակ եւ ուժեղ: Նա այնքան համարձակ էր, որ սեփական զգացմունքների մասին առաջինը խոստովանեց տղամարդուն, իսկ վերջինս պարզապես իրեն մերժեց»:

«Նապաստակը աշնանն արտում ցնցվում է ահից, երբ հեռվից հանկարծ որսորդ է տեսնում թփերում պառկած»՝ ահա սա էր զգում դերասանուհին, երբ առաջին անգամ բարձրանում էր բեմ.

«Սուրեն Սաֆարյանն ինձ ասաց, որ բեմը ոչ մեկին չի ներում, ես այսօր դա հասկացա, եթե մեկ քայլ անգամ սխալ անես, բեմը քեզ կհրի ու կգցի ներքեւ: Թատրոնը դաժան է: Դահլիճից բեմ հեռավորությունն ահռելի է՝ հազարավոր քայլեր, որ պետք է անցնես»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Արծրունյանի որմնանկարն անվնաս վիճակում է

vormnankar«Մեկ շաբաթ առաջ ինձ է զանգահարում գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը և ասում, որ ծանոթ է եղել Էդուարդ Արծրունյանի հետ և կուզենար ինձ հուշեր պատմել նրա մասին: Ես սիրով համաձայնեցի: Ամեն ինչ եղավ շատ պատահական»,-վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է լրագրող, արվեստաբան Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի հիմնադիր և համակարգող Անահիտ Կորյունը:

Հանդիպման ժամանակ նա ասել է, որ տարիներ առաջ Էդուարդ Արծրունյանի գլխավորությամբ Իջևանում` «Գազպրոմի» հանգստյան տանը, որմնանկարն են ստեղծել: Երբ իրեն ասացի, բայց չէ՞ որ շինությունը քանդվել է, նա զարմանքով հարցրեց. «Քանդվե՞լ է»: Անահիտ Կորյունի համար այդ զարմանքը կասկած առաջացրեց, նա հիշեց, որ 4 տարի առաջ Արծրունյանի հետ այս թեմայով խոսել է, որի ժամանակ Արծրունյանը հուզմունքով ասել էր, որ իր միակ որմնանկարն այլևս չկա, քանի որ շենքը քանդել են.

«Հետագայում նկարիչ Կամսարի օգնությամբ իմացանք, որ որմնանկարը գտնվում է նախկին հանգստյան տանը, որն այսօր զորամասի է վերածվել: Որքան էլ զարմանալի թվա, որմնանկարն անվնաս վիճակում է: Այն ստեղծվել է 1989 թ-ին, կոչվում է «Հայաստան»: Մեծ նկարչի գործերը հիմնականում ազգային ու գեղջկական թեմաներով են, որոնցից մեկն էլ այս արժեքավոր որմնանկարն է»: Արծրունյանի որմնանկարը հնարավոր է երկու կերպ պահպանել` այն կամ պետք է տեղափոխվի նկարչի տուն-թանգարան, կամ սեփականատերը պետք է հանձն առնի այն պահպանել: Ի դեպ, լրագրողը որմնանկարի հայտնաբերման մասին տեղեկացրել է նաև նկարչի հարազատներին: Նրա համոզմամբ, մշակույթի նախարարությունը պետք է արվեստի այս եզակի նմուշն աչքի լույսի պես պահպանի: Զորամասի հրամանատարը իրենց ասել է, որ այս շենքը նախկինում եղել է հանգստյան գոտի, ավելին` շենքի սեփականատերը տեղեկացրել է, որ շուտով շենքը նորից կլինի զբոսաշրջիկների համար հանգստավայր՝ կատարվելիք որոշակի շինաշխատանքներից հետո: Այս ասուլիսն առաջին հերթին ուղղված է հենց շենքի սեփականատիրոջը` տեղեկացնելու նրան, որ իր տարածքում կա արվեստի այդպիսի եզակի գործ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Բաց նամակ ԵՊԲՀ թվով 220 ուսանողների կողմից

bjshkakanՍտորև Ձեզ ենք ներկայացնում ԵՊԲՀ մի խումբ ուսանողների բաց նամակ-դիմումը.

Մենք՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի թվով 220 ուսանողներ, այսօր կանգնած ենք բարդագույն խնդրի առջև, որն իրականում ճակատագրական նշանակություն ունի մեզանից յուրաքանչյուրի համար: Խնդիրը կայանում է նրանում, որ այս ընթացիկ ուսումնական տարում մեզ հատկացված ժամանակամիջոցը, որի ընթացքում պետք է հանձնվեր սահմանված քննությունները, իրականում բավական չի եղել թվով հինգ-վեց առարկայից բարդագույն քննություններ հանձնելու համար: Արդյունքում` քննություն հանձնող ուսանողների գերակշիռ մեծամասնությունը կուտակել է քննական պարտքեր, որոնք հանձնելու համար ունեցել է երկու հնարավորություն: Այդ երկու հնարավորությունները ի օգուտ մեզ օգտագործելու համար քննություն հանձնող ուսանողները փորձել են հնարավորինս պատշաճ նախապատրաստվել քննություններին, սակայն այդ քննությունները հանձնելու համար սահմանված ժամանակային միջակայքը ևս խիստ սահմանափակ էր, իսկ մյուս կողմից էլ մեզ համար անհասկանալի պատճառով յուրաքանչյուր հաջորդ լուծարքի մարման ժամանակ քննական տոմսերի գերակշիռ մասը փոփոխության էր ենթարկվում՝ ըստ էության ավելի բարդանալով: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ լուծարքի մարման յուրաքանչյուր հաջորդ շրջանը ըստ էության պետք է ավելի հեշտ հաղթահարելի լինի:
Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ԵՊԲՀ-ում ևս նման իրավիճակ էր ստեղծվել: Հարյուրավոր ուսանողների խնդրանքին ընդառաջ գնալով՝ Կրթության և գիտության նախարարությունը ընձեռեց ևս մեկ հնարավորություն՝ կուտակված պարտքերը մարելու համար՝ սահմանելով լուծարքային քննությունները հանձնելու մեկից ավելի մուտքի հնարավորություն: Ըստ էության այդ պահից մինչ այսօր բուհում ոչ մի էական փոփոխություն չի եղել, որն անհնար կդարձնի վերը նշված նախադեպի ևս մեկ անգամ կիրառումը, սակայն պատասխանատուները թե բուհում և թե նախարարությունում դեռևս լռում են: Մենք ընդունում ենք այն հանգամանքը, որ որպես ուսանողներ ունեցել ենք նաև որոշակի թերացումներ, սակայն հետայսու վճռական ենք և պատրաստակամ՝ այլևս նման իրավիճակում չհայտնվելու, քանզի այս խնդրի լուծումից է կախված յուրաքանչյուրիս կյանքի հետագա ընթացքը: Հետևաբար խնդրում ենք պատասխանատու մարմիններին՝ ի դեմս Կրթության և Գիտության նախարարության, հետամուտ լինել այս խնդրի լուծմանը՝ ընձեռելով մեզ պարտքերը մարելու ևս մեկ լրացուցիչ հնարավորություն:
Կանխավ շնորհակալ ենք,
Կից ներկայացնում ենք ուսանողների ստորագրությունները`

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնը հյուրընկալվել էր ՀՀ ոստիկանությունում

1380028300,9562Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնին:
Անդրադառնալով վերջին շրջանի քաղաքացիական ակցիաներին՝ Ջոն Հեֆեռնը կարևորեց, որ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսևորել են հանդուրժողականություն և զերծ մնացել ուժային մեթոդներից: Միևնույն ժամանակ, դեսպանը հետաքրքրվեց որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաև, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության դիրքորոշումն այդ դեպքերի վերաբերյալ, տեղեկացրեց միջադեպերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի, նման դեպքերը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին:
Ջոն Հեֆեռնը հույս հայտնեց, որ որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ ոստիկանությունը կիրագործի մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր առաքելությունը:
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանությունը շարունակում է աշխատել բաց ու թափանցիկ, իրականացնում է հրապարակային գործունեություն և վճռական է հանրային վստահություն վայելող ոստիկանության ձևավորմանն ուղղված բարեփոխումներն ավարտին հասցնելու իր հանձնառության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 27-28-ին` նույնքանով կբարձրանա:
Երևանում՝
Սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.00C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 4.90C (1933 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 18.60C