Նախագահն ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին

 

3925Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող «Իրավական կարգավորման կատարելագործման արդի հիմնախնդիրները. ազգային և միջազգային իրավական ասպեկտները» միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Գիտագործնական այդ միջոցառմանը մասնակցում են «Իրավաբանների միջազգային միության» և «Գերմանիայի դաշնային գերագույն դատարանի դատավորների և դատախազների ընկերակցության» պատվիրակությունները, որոնց կազմում ընդգրկված են վաստակավոր իրավաբաններ, ակադեմիկոսներ, դատավորներ և դատախազներ:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և հանդիպման սկզբում նախ շնորհավորել ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ ֆակուլտետի 80-ամյակի առթիվ, մաղթել հաջողություն և արդյունավետ աշխատանք: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բազմամյա հարուստ ավանդույթներ ունեցող իրավագիտության ֆակուլտետի գործունեությունը մեր պետության զարգացման և կայացման գործում, նշելով, որ անցած տասնամյակների ընթացքում ֆակուլտետը հաջողությամբ իրականացրել է իր առաքելությունը՝ պատրաստել որակյալ մասնագետներ հանրապետության իրավապահպան մարմինների և տարբեր պետական կառույցների համար:

Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է մասնագիտական որակյալ կրթությունը, որը, նրա համոզմամբ, կարող է ապահովել բարձր իրավագիտակցություն, ինչի հետ անմիջականորեն կապված է պետական կառավարման արդյունավետությունն ու զարգացումը:

ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը Նախագահին ներկայացրել է ֆակուլտետի 80-ամյակի միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում անցկացվող գիտաժողովի աշխատանքների ընթացքը, այլ երկրների գործընկերների հետ ֆակուլտետի համագործակցության արդյունքները, իսկ հանդիպմանը մասնակցող պատվիրակության անդամները Հանրապետության Նախագահին ներկայացրել են դատաիրավական համակարգի գործունեության իրենց երկրների փորձը, ընդհանրական խնդիրներն ու ձեռքբերումները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում տեղի ունեցող Սահմանադրական զարգացումներին, դատական բարեփոխումներին, իրավական դաստիարակության և կրթության հիմնախնդիրներին:

Արկադի Վարդանյանի գործով դատաքննությունը սկսվեց

DSC02661Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր սկսվեց քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի և ևս երկու անձի դեմ քրեական գործով դատաքննությունը:

Ըստ դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության, Արսեն Ավետյանը՝ իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը իր առանձնատան հաշվառումից հանել է իրեն ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը: Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու Արսեն Ավետյանի  առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով: Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն  Ավետյանը ձեռք է  բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան: Ավելի ուշ  Ա.Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցվել ամբաստանյալներից անկախ պատճառներով՝ Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը:

Ըստ Արկադի Վարդանյանին առաջադրված մեղադրանքի, նա իր գործողություններով օժանդակել է  շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը, իսկ Վարուժան Սաֆտալյանը 500 հազար դրամ պարտք լինելով Արսեն Ավետյանին՝  պարտավորված է եղել  ինչ-որ կերպ օգտակար լինել վերջինիս և իր ուղևորի միջոցով ձեռք բերել երեք հաբ հոգեմետ դեղ: Սակայն ավելի ուշ՝ տեսնելով Արսեն Ավետյանի վճռականությունը և սթափվելով, որևէ այլ գործողություն  չի արել, սակայն նաև չի հայտնել իրավապահ մարմիններին նախապատրաստվող ծանր հանցագործության մասին:

Նկարագրված արարքների համար Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը օժանդակելը, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի, Արկադի Վարդանյանին 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, Վարուժան Սաֆտալյանին՝  266-րդ հոդվածի   1-ին մասով` Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը և 335-րդ հոդվածի  1-ին մասով՝  Հանցագործության մասին չհայտնելը:

Ամբաստանյալներ Արսեն Ավետյանն ու Արկադի Վարդանյանն իրենց մեղավոր չճանաչեցին առաջադրված մեղադրանքում, իսկ Վարուժան Սաֆտալյանը իրեն մեղավոր ճանաչեց՝ հայտարարելով, որ թեթևամտորեն է վերաբերվել, չի գիտակցել ու համապատասխան քայլեր չի ձեռնարկել:

Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժող Ռոբերտ Ավետյանը իր առանձնատան միակ սեփականատերը չէ, կա նաև համասեփականատեր, այսինքն՝ նա չէր կարող միանձնյա վաճառել ու տնօրինել գումարը:  Դատարանը հետաձգեց   իր և Արսեն Ավետյանի զրույցի գաղտնալսման ամբողջական տեքստը պահանջելու մասին Արկադի Վարդանյանի միջնորդության քննարկումը՝  մինչև գործով ապացույցների հետազոտման ավարտը: Ըստ ամբաստանյալի, գաղտնալսման նյութերն ամբողջական չեն՝ միտումնավոր կամ տեխնիկական պատճառներով:

Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, դատարանում նախ սկսեցին հարցաքննվել գործով վկաները: Այսօրվա 3 վկաները բժիշկներ էին: Անահիտ Այվազյանն ասաց, որ  վերոհիշյալ դեղահաբերը հատուկ դեղատոմսերով են տրվում, դրանք նշանակվում են հիմնականում շիզոֆրենիայից տառապող հիվանդներին, և տարեց մարդկանց  դրանք «մեծ զգուշությամբ» են տրվում: Նա հաստատեց, որ հոգեմետ այդ դեղամիջոցի գերդեղաչափը կարող է նաև մահվան հանգեցնել: Սրտաբան բժիշկ Սուրեն Ներսիսյանը հայտնեց, որ իր մոտ բուժում ստացած Արկադի Վարդանյանը զանգահարել է իրեն և հետաքրքվել ազալեպտինի մասին, ինքը Ինտերնետից տեղեկացել է ու  Արկադի Վարդանյանին հայտնել է, որ  դա հոգեմետ դեղ է, սովորական դեղ չէ և տրվում է հիվանդին բժշկի հսկողությամբ: Իրեն հայտնի չէ Ա.Վարդանյանի հետաքրքրության պատճառը: Դատարանում նա չնշեց, սակայն նախաքննության ընթացքում ասել էր, որ Ա.Վարդանյանը հետաքրքրվել է դեղի ընդունման դոզաներով:

Բժշկուհի Նարինե Ստեփանյանի հսկողության ներքո է գտնվել  վերոհիշյալ Էդուարդ Ասատրյանը: Ամեն անգամ նրան տրվում էր 50 դեղահաբ, որոնցից յուրաքանչյուրը բաժանելով 4  մասի ընդունում էր 200 օրվա ընթացքում:

Հոկտեմբերի 8-ի դատական նիստում ցուցմունք տալու համար կծանուցվեն ևս երեք վկաներ, այդ թվում՝  Էդուարդ Ասատրյանը:

 

 

Հեղինակ:
«Փաստինֆո»

Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանը որոշում է ընդունել Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հարցը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին

Տարոն ՄարգարյանՂեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու նպատակով.

  1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
  2. Հանձնաժողովի նախագահին` ապահովել.

1)      Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը.

2)      խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը.

3)      քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Երևանի քաղաքապետին:

  1. Սահմանել, որ.

1)      հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության.

2)      հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են անդամների առնվազն կեսը.

3)      քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի  որոշումներն  ընդունվում են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

  1. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել հանձնաժողովի նախագահի վրա:
  2. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի 2013 թվականի

սեպտեմբերի  24-ի N 4721-Ա որոշման

Հանձնաժողովի կազմը

                                        Հանձնաժողովի նախագահ
Վահե Նիկոյան Երևանի քաղաքապետի տեղակալ
                             Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ալբերտ Գևորգյան Երևանի քաղաքապետի խորհրդական
                                      Հանձնաժողովի անդամներ
Նաիրա Նահապետյան Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական  կուսակցություն» խմբակցության անդամ, ֆինանսավարկային և տնտեսական, հարցերի

մշտական հանձնաժողովի նախագահ

Զավեն Առաքելյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Հենրիկ Նավասարդյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ
Ռուդիկ Թադևոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ
Համազասպ Գալստյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ
Էլբակ Թառփոշյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն
Հարություն Երեմյան «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն
Դավիթ Մելքոնյան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի

պետ–վարչության պետի տեղակալ

Աննա Սաֆարյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, խորհրդական
Վազգեն Սաֆարյան ՀՀ հանրային խորհրդի անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ
Արման Չիլինգարյան ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Կորյուն Աթոյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր
Դավիթ Հախվերդյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալ-սարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու
Վալերի Հարությունյան Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, շինարարական մեքենա-ների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու
 Գագիկ Երիցյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու
Սուրեն Չիբուխչյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վերգետնյա տրանսպորտային միջոցների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու  դոցենտ
Կարապետ Մոսիկյան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ավտոմոբիլներ և տրակտորներ ամբիոնի դոցենտ
Րաֆֆի Քարամյան ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ
Արամ Նավասարդյան «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
Բաբկեն Պիպոյան «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ
Շուշանիկ Նախապետյան «Ունիսոն» ՀԿ–ի գործադիր տնօրենի տեղակալ
Արմինե Մկրտչյան «Աքիլես» ՀԿ –ի իրավաբան
Արմեն Պողոսյան «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ
Գևորգ Մելքոնյան «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ
Ալեքսանդր  Տեր–Հովակիմյան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն
Գևորգ Պողոսյան Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության նախագահ
Տիգրան Հովհաննիսյան «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ
Անահիտ Ասատրյան Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնա-կառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ճյուղային արհմիության նախագահ
Հրանտ Եղիազարյան ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ
Հարություն Առաքելյան ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ
Աշոտ Արշակյան ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ
Հայկ Մկրտչյան  
Ալբերտ Հովհաննիսյան  
Նարեկ Վարդանյան  

 

 

Երևանի քաղաքապետարանի

 աշխատակազմի քարտուղար                                                  Ս.Մակարյան

 

Կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՍեպտեմբերի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

 

Մեր մեջքին ոչ ոք կանգնած չէ. Քանդակագործ

DIGITAL IMAGE«Հայ ժողովուրդը լրիվ ազատ չէ, փխրուն է, կարեւորը, որ նրա դիվանագիտությունն ու քաղաքականությունը ճկուն լինի, որ հնարավոր լինի ամեն ինչից օգտվել: Անկախությունն Աստծու կողմից մարդուն տրված ամենաբարձրագույն ցանկությունն ու իղձն է: Մեր պապերն ու հայրերը պայքարել են նրա համար, որ իրենց երեխաներն ու ծոռները լինեն ազատ, անկախ եւ ուրախ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անկախության 22 տարիներին մեր երկրի քարե պատկերի ու դեմքի մասին նշեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

Նրա խոսքով՝ անկախությունը հոգեբանական մտքի եւ բարոյականության բարձրագույն կատեգորիան է, սակայն անկախությունն ու ազատությունը պետք է ճիշտ օգտագործել: Նրանք նույնպես ունեն իրենց սահմանափակումները: Հայաստանում երջանիկ լինելու համար շատ պատճառներ կան, մեզանից յուրաքանչյուրը իրենից ինչ որ բան ներկայացնում է:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա քանդակագործի համոզմամբ աշխարհի բոլոր երկրներում արտագաղթ կա, այդ փաստը ցավագին չպետք է ընդունենք: Մարդ ծնվում եւ ապրում է մեկ անգամ, հետեւաբար իրավունք ունի աշխարհը շրջելու ու իր ցանկություններն իրականացնելու, դա չի նշանակում, որ հայը երկրից, աշխարհից վերանում է.

«Այսօր ուսանողությունը մեկնում է արտասահման ուսումը շարունակելու, եթե ուզենանք հայաստանյան իրավիճակում լավ բան փնտրել, ապա հաստատ կգտնենք: Մեր մեջքին ոչ ոք կանգնած չէ, մենք դեռ հզոր չենք: Հազար երանի նրանց, ովքեր ականատես կլինեն իմ երազած անկախ Հայաստանին»:

Քանդակագործի պնդմամբ մենք անկախության համար չպայքարեցինք, մեզ տվեցին անկախություն: Մենք պետք է կարողանանք մեզ տված անկախությունն ու ազատությունը ճիշտ օգտագործել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Այվազյանական փառատոնը ֆինանսական խնդիրներ ունի

Փառատոնը հետաձգվում է արդեն 2-րդ անգամ, պատճառը աջակիցների ու ֆինանսների բացակայությունն է: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց թատերագետ Լևոն Մութաֆյանը:

-Մի քանի տարի առաջ` մեծ գրողի մահվանից հետո, արվեստագետի այրին` Գրետա Վերդյանը, նախաձեռնեց այվազյանական փառատոների մի շարք, որի նպատակն էր` ձևավորել որոշակի դաշտ`  Այվազյանի դրամատուրգիան ապրեցնելու համար և մեր ժամանակակից թատրոնում ձևավորել Աղասի Այվազյանի թատերական խորան: Նախորդ մեր փառատոնը, որը տեղի ունեցավ երկու տարի առաջ, իր շուրջ համախմբեց ոչ միայն պրոֆեսիոնալ թատրոնները, այլև  երիտասարդական, սիրողական թատրոնները,-ասաց Մութաֆյանը` նշելով, որ սա այն եզակի փառատոներից է, որի, ցավոք սրտի, պետական աջակցությունը չափազանց քիչ է և դեռ չի հասել այն մակարդակի, որ հնարավոր լինի իրականացնել բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները:

MHM81574 copy-Գրողի կինը ՝ Գրետա Վերդիյանը, հովանավոր գտնելու համար դիմել է բազմաթիվ տեղեր, բայց պատասխան չի ստացել,սակայն հույսով սպասում է ,որ մի օր փառատոնը կանցկացվի:
Ըստ թատերագետի ՝ Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությամբ գրված «Երազ իմ երկիր հայրենի» երգի բառերի հեղինակը Աղասի Այվազյանն է. -Ռոբերտ Ամիրխանյանին պատիվ չի բերում գրագողությունը:
Գրետա Վերդիյանը ասաց.-Դա ինտելեկտուալ գողություն է, և ես  դատի կտամ Ռոբերտ Ամիրխանյանին:
Տիկին Վերդիյանը հիշեց մի միջադեպ.
– Ռոբերտ Ամիրխանյանը ինձ փողոցում կանգնեցրեց, ես ուրախ բարևեցի, ինքը զայրացած ասաց՝ ի՞նչ է, ուզում եք դատի տալ: Հետո ասաց, որ ես տղամարդ լինեի, իմ մռութը կջարդեր:
Աղասի Այվազյանի այրին փաստում է.
-Աղասի Այվազյանի բոլոր պիեսներում բանաստեղծություններ կան, իսկ Ամիրխանյանը երբեք չի գրել բանաստեղծություն:
Փառատոնի կազմակերպիչ Անի Փաշայանն էլ ասաց, որ փառատոնը ֆինանսական խնդիրների պատճառով այս էլ երրորդ անգամ հետաձգվում է:
-Մենք նախատեսել էինք հոկտեմբերի 3-ին անցկացնել, սակայն հետաձգվել է մինչև նոյեմբերի 11-ը,-ասաց Անի Փաշայանը` նշելով, որ սա ստեղծագործական աշխատանք է և հնարավոր է, որ դերասանական կոլեկտիվը նաև հիասթափության շրջան ապրի:
Մարիամ Հովաննիսյան

 

Հակահետևակային ական և տարբեր տրամաչափի 199 փամփուշտ

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված   Արման Մ.-ն և կամավոր հանձնել հակահետևակային ական` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի 199 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են 1992 թ. Արծվաշենի մարտերի ժամանակ զոհված եղբորը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Դեսպան Սհոյանը հանդիպեց Բուլղարիայի Էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարի հետ

524. Ambassador Shoyan met with the minister of Economy and Energy of Bulgaria  24.09.2013Սեպտեմբերի 23-ին Սոֆիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնեւի հետ: Քննարկվեցին համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Նախարար Ստոյնեւն ընդգծեց առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ապրանքաշրջանառության ծավալները: Իբրեւ նախընտրելի ոլորտներ` նախարարը առաջարկեց համագործակցել ռազմաարդյունաբերական, դեղագործության, գյուղատնտեսական մթերքների, սննդաարդյունաբերության սարքավորումների արտադրության  բնագավառներում:

Դեսպան Սհոյանը կարեւորեց Սոֆիայում միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքների անցկացումը, կլոր սեղանների եւ համաժողովների կազմակերպումը` գործարարների եւ ձեռներեցների լայն շրջանակի մասնակցությամբ:

Կողմերը կարեւորեցին զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությունը` հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը: Քննարկվեց նաեւ Երեւան-Սոֆիա ավիաչվերթի շահագործմամբ  պարբերական ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը:

Ոստիկանության Հրազդանի բաժին ներկայացած քաղաքացին զենք-զինամթերք է հանձնել

զինամթերքՍեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Հրազդանի  բաժին է դիմել 1957 թ. ծնված Վաչագան Հ.-ն և կամավոր հանձնել «Ֆ1» տիպի նռնակ`  պայթուցիչով,   12.7 մմ տրամաչափի` 7 և խոշոր տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 129 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 7 փամփուշտ ու 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի ձգան` մեխանիզմով՝ հայտնելով, որ  զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ եղբորը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» հայկական հինգերորդ փառատոն-տոնավաճառը

002Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը: Ավանդական դարձած տոնավաճառի անցկացումն այս անգամ նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին: Տոնավաճառի անցկացմանն աջակից Մոսկվայի կառավարության անունից Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետի տեղակալ Անդրեյ Չիժովը, ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին, մասնավորապես նշել է, որ «Ոսկե նուռ» տոնավաճառը Ռուսաստանի մայրաքաղաքում հայկական նմանատիպ միջոցառումների անցկացման ավանդույթի վերածնունդն է. «Այն Մոսկվայի և Երևանի միջև ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունների, այլ նաև մեր ժողովուրդների մտերմացման, գործարար և մշակութային երկկողմ կապերի ամրապնդման զարգացմանն է ուղղված»,- նշել է Անդրեյ Չիժովը։

Տոնավաճառին մասնակցել են ավելի քան 100 հայաստանյան արտադրողներ, ընկերություններ, որոնք ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, ինչպես նաև գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ այլ աշխատանքներ և այլն։

«Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի բացմանը ելույթ են ունեցել հայկական ազգագրական ժողգործիքների, երգ ու պարի Երևանից ժամանած և մոսկովյան համույթներ։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նաև հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետ Սերգեյ Չերյոմինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված, մասնավորապես 2014-16թթ. Երևանի և Մոսկվայի համագործակցության ծրագրին առնչվող հարցեր, ինչպես նաև նոյեմբերի 29-30-ին Մոսկվայում անցկացվելիք Երևանի օրերի միջոցառումների կազմակերպչական հարցեր։

«Մոսկվայի հետ համագործակցությունը համարում ենք կարևոր ուղղություն։ Մեր հարաբերությունները զարգանում են, և այդ գործընթացը, մեր համոզմամբ, շարունակական  է լինելու։ Երկկողմ համագործակցության լավագույն օրինակներից է ավանդական դարձած «Ոսկե նուռ» տոնավաճառ-փառատոնը։ Մեզ համար կարևոր է ծրագրերի և նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում, գործակցությունը տարբեր ձևաչափերով՝ ինչպես Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության, այնպես էլ երկու քաղաքների վարչական միավորների միջև»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Սերգեյ Չերյոմինն իր հերթին նշել է, որ փոխշահավետ համագործակցության զարգացման համար առկա են բոլոր հնարավորությունները, հատկանշել է, որ Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում կստորագրվի 2014-16թթ. համագործակցության  նոր ծրագիր։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Զինանոց-2013» հատուկ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում. ևս մեկ հիշեցում ապօրինի զենք-զինամթերք պահող քաղաքացիներին

ոստիկանություն3Ոստիկանությունը կրկին հիշեցնում է.
ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 18.35-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալիբու» այգում` շինհրապարակի մոտ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Արամի փողոցի թիվ 107 հասցեի մոտ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «Մոսին» հրացան, ազդահրթիռանետ, ծխագլանակ և  տարբեր տրամաչափի 207  փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.20-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք ունի և թողնում է Խանջյան փողոցի թիվ 49 շենքի բակում տեղակայված աղբարկղերի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր կտրված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, 14.5 մմ տրամաչափի  գնդացրի 45 փամփուշտ և 5.45 մմ տրամաչափի  «ԱԿՍ» ինքնաձիգի 25 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Հետախուզվում էր գողության մեղադրանքով

ձերբակալվել էՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 09.30-ին, Երևանի  Պոպովի փողոցի թիվ 98 տնից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Դիաննա Ղ.-ն, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 11 դեպքից` 6-ը, խարդախության 7  դեպքից` 5-ը, իսկ շորթման 1  դեպքը բացահայտվել է:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման  և  գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

21-ամյա աղջկա վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

Վրաերթ (1)Սեպտեմբերի 23-ին, ժամը 02.40-ին,  անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:

Խուզարկություններ՝ քրեական գործի շրջանակներում

ոստիկանությունՍեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները  մի քրեական գործի  շրջանակներում խուզարկություն են կատարել 1986 թ. ծնված Լեռնիկ Գ.-ի տանը և օժանդակ կառույցներում, որի ժամանակ տանը կից օժանդակ կառույցում` մուտքից դեպի աջ տեղադրված չգործող գազօջախի ջեռոցում` պոլիէթիլենային փաթեթի մեջ, հայտնաբերվել և առգրավվել է մոտ 15 մ երկարության կրակատար քուղի փաթեթ և  5 սմ երկարությամբ, դեռևս չպարզված տիպի  3 պայթուցիչ:

Լեռնիկ Գ.-ի հայրը` 1961 թ. ծնված Պետրոս Գ.-ն, հայտնել է, որ նշված իրերը պատկանում են իրեն, որոնք ինքը ձեռք է բերել 2012 թ.` հետագայում օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
***
Նույն քրեական գործի  շրջանակներում խուզարկություն է կատարվել 1969 թ. ծնված Արթուր Վ.-ի բնակարանում, որի ժամանակ ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՕԶ» տիպի, ողորկափող հրացան, 3 հատ ինքնաշեն և 2 հատ գործարանային արտադրության որսորդական հրացանի փամփուշտներ, որսորդական դանակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 8 փամփուշտ և   փամփուշտի նմանվող առարկա:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
***
Նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանները խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Գառնիկ Ե.-ի տանը և օժանդակ շինություններում, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է  7.62 մմ տրամաչափի «ՍԿՍ» տիպի հրացան, 12 տրամաչափի օդամղիչ հրացան,   4.5 մմ տրամաչափի  օդամղիչ հրացան, «ՊՊ» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի 9  փամփուշտ, 1 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի  ինքնաձիգի 2 պարկուճ, պլաստմասե գլան` լիցքավորված վիճակում,   12 մմ տրամաչափի հրացանի 7 փամփուշտ, որսորդական դանակ,   7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտ` փամփշտակալով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 12   պարկուճ և թղթապանակ` փաստաթղթերով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

20-ամյա Վահեն ավերված տան փլատակների տակից զենք ու զինամթերք է գտել

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գորիսի  բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Վահե Ա.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 35, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի`  7, 7.62 մմ տրամաչափի  «Կարաբին» տիպի հրացանի 47 փամփուշտ և 14 տրամաչափի դեռևս չպարզված տիպի գնդացրի 17 փամփուշտ:

Վերջինս հայտնել է, որ ռազմամթերքը գտել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Սեյթազ կոչվող գյուղի ավերված տան փլատակների տակից:
Ներկայացված ռազմամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Չորս ավտոպատահար`ութ վիրավոր

ավտոպատահարՊատահար Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում

Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար  են բախվել  «Օպել»  և   «Նիսան»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «Օպել»-ի 2 ուղևորները և «Նիսան»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են «Ֆոլքսվագեն Վենտո» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո»   և   «ՎԱԶ-21061»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21061»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին «Լենդ Ռովեր»-ը բախվել է «Օպել Վեկտրա»-ի

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.00-ի սահմաններում,  «Լենդ Ռովեր»  մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Օպել»-ը բախվել է ճամփեզրի սյանը, ապա՝ ծառին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 138-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի սյանը, ապա՝ ծառին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Երևանի քաղաքապետի շնորhակալագրեր՝ «Ավելի մաքուր Երևան» ծրագրին ակտիվ մասնակցության համար

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված «Ավելի մաքուր Երևան» խորագրով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը, պետական որոշ կառույցներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ուսանողներ և  տնտեսվարողներ:

Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միացած և աշխատանքների մասնակից բոլոր կառույցներին և կամավորներին, ապա՝ շնորհավորել պարգևատրվածներին:

«Ծրագրի հիմնական նպատակն էր համատեղ ուժերով ապահովել ընդհանուր օգտագործման տարածքների խնամքն ու պահպանումը՝ այդպիսով նպաստելով ավելի մաքուր ու ավելի բարեկարգ Երևան ունենալուն: Իրենց հոգատարությունն ու սերն արտահայտելով գործնական քայլերով՝ մասնակիցներն ապացուցեցին, որ լավագույն օրինակ են ծառայում գալիք սերնդի համար»,- ընդգծել է Կամո Արեյանը:

Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետի ուշադրության և գնահատանքի համար՝ պարգևատրվածներն ընդգծել են ծրագրի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքային այն բոլոր ծրագրերում, որոնք իրականացվում են Երևանի և երևանցիների համար:

Նշենք, որ «Ավելի մաքուր Երևան» ծրագրով մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման հանգստի մի շարք կանաչապատ գոտիներ ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր: Աշխատանքներին մասնակցել է 32 հասարակական կազմակերպություն: «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում իրականացված սանմաքրման աշխատանքներին ընդհանուր առմամբ  մասնակցել են 10 հազար կամավորներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռում այցելել է Ռուբեն Սևակի անվան թանգարան

3898Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը մասնակցելուց հետո այցելել է Մայր Աթոռում բացված Մեծ եղեռնի նահատակ, հայ անվանի մտավորական Ռուբեն Սևակի անվան թանգարան: Հանրապետության Նախագահը շրջել է թանգարանում, ծանոթացել ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանի ջանքերով ստեղծված թանգարանի բացառիկ և արժեքավոր հավաքածուին, որը ներառում է Ռուբեն Սևակին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր բազմաթիվ գործեր:

 

Ներկայացվեցին “Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում” ուսումնասիրության միջանկյալ արդյունքները

3599_b“Արմենիա Մարիոթ” հյուրանոցում այսօր շահագրգիռ մարմինների քննարկմանը ներկայացվեցին “Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում” ուսումնասիրության միջանկյալ արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է “Հայջրնախագիծ ինստիտուտ” ՓԲԸ եւ “Մել- Հով” ՍՊԸ փորձագիտական խմբի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար` ընդգծելով, որ ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը մշտապես ՀՀ կառավարության օրակարգում է, եւ նշված ուսումնասիրությունը օգտակար կլինի ջրային ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացման համար:

Ըստ նրա`մասնավորապես Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների ճշգրիտ գնահատականը կարեւոր նշանակություն ունի դաշտավայրի գյուղացիական եւ արտադրական տնտեսությունների, ինչպես նաեւ բնակչության խմելու եւ կենցաղային ջրի պահանջարկն ապահովելու տեսանկյունից:

Հեղինակները տեղեկացրեցին, որ վերջնական հաշվետվությունը, որը նաեւ եզրահանգումներ ու կոնկրետ առաջարկություններ կպարունակի, պատրաստ կլինի 2014թ. տարեսկզբին եւ կներկայացվի ինչպես կառավարությանը, այնպես էլ շահագրգիռ այլ մարմինների եւ կազմակերպությունների:

Հասարակայնության հետ կապերի բաժին