Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

սերժ սարգսյան

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ԳԴՀ Բունդեսթագի ընտրություններում նրա ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:

«Քրիստոնեադեմոկրատների՝ թվով երրորդ անընդմեջ հաղթանակը միանգամայն սպասելի էր. Ձեր իմաստուն ղեկավարությամբ Գերմանիան համաշխարհային մարտահրավերների այս դժվարին շրջափուլում ոչ միայն չընկրկեց ու շարունակեց վերելք ապրել, այլև օգնության ձեռք մեկնեց հարևան և բարեկամ մի շարք պետությունների՝ առավել բարձրացնելով իր հեղինակությունն ու վարկը միջազգային ասպարեզում:

Միաժամանակ, այս ընտրությունների արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը փաստեց, որ Դուք` Ձեր մասնագիտական բարձր կարողությունների, երկարամյա համառ ու նպատակասլաց աշխատանքի և մարդկային բարձր որակների շնորհիվ, շարունակում եք վայելել գերմանացի ժողովրդի վստահությունը:

Համոզված եմ, որ Դաշնային կառավարությունը Ձեր գլխավորությամբ կշարունակի հանձնառու լինել փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-գերմանական հարաբերությունների շարունակական զարգացմանը, ինչում Հայաստանը խորապես շահագրգիռ է:

Որպես Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար` մեծապես արժևորում եմ նաև մեր ղեկավարած կուսակցությունների միջև առկա համագործակցությունը և կապերի հետագա խորացումը` հատկապես ԵԺԿ շրջանակներում:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` կայուն առաջընթաց և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո տիկին Մերկել, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանը ներկայումս հեռու է երկրաշարժի վտանգից

երկրաշարժՏարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում: Վերջին 9 ամիսների  ընթացքում տարածաշրջանում գրանցվել է շուրջ 3000 երկրաշարժ, որոնցից 12-ը՝ Հայաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը:

-Երկրաշարժները մեր տարածաշրջանի համար զարմանալի չեն: Չեմ ցանկանում ավելորդ խուճապ առաջացնել, սակայն Հայաստանում նոր ուժգին երկրաշարժը սարերի հետևում չէ: Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Անցել է 25 տարի և ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական ուժգին երկրաշարժի։ Այսօր, վաղը, երկու շաբաթ հետո, մենք այդպիսի վտանգ չունեք, նայել եմ վերջին տեղեկությունը։ Չեմ ուզում խուճապի առիթ դառնալ, մենք ունեցել ենք 88 -ի երկրաշարժ, դա ցույց է տալիս, որ էլի ենք ունենալու, ոչինչ չի փոխվել, բայց պետք չէ վախենալ, պետք է ամբողջ ներուժը դնել պաշտպանվելու համար,- ասաց նա։
Տիկին Թովմասյանի խոսքով՝ երկրաշարժի դեպքում, ցավոք, մեր բնակֆոնդը 80% -ով կորուստ կունենա, շենքերի ամրացման ուղղությամբ գործնական քայլեր չեն արվում գումարների բացակության պատճառով, թեև այդ խնդրի հետ կապված կա մշակված ծրագիր:
-Չի կարելի շենքերում կատարել կամայական փոփոխություններ:
Եթե մարդը գտնվում է բարձրահարկ շենքում, ապա երկրաշարժի ժամանակ անհրաժեշտ է պատսպարվել շենքի ապահով տեղում՝ դռան բացվածքների, պատի անկյունների մոտ,- ասաց սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետի տեղակալը:

Մարիամ Հովհաննիսյան

Պայթուցիկ սարքերը գործել և վնասել են միայն ավտոմեքենայի անիվը

Պայթուցիկ սարքերՍեպտեմբերի 22-ին, ժամը 09։30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, պայթյունի հետևանքով, մի ավտոմեքենայի առջևի աջ անիվը վնասվել Է։
Մեկնած  օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ պարզել է, որ անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանություն կատարելու դիտավորությամբ, դեռևս չճշտված և ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքեր է նախապես տեղադրել Աչաջուր գյուղի բնակիչ Կամո  Ղ.-ի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի տակ, և երբ վերջինս ու իր ընկեր Հայկ Վ.-ն ժամը 09:10 սահմաններում ավտոմեքենայով երթևեկել են Աչաջուրի գյուղամեջ, տնից անցնելով շուրջ 150 մ ճանապարհ՝ պայթուցիկ սարքերը գործել են, սակայն հանցավորի կամքից անկախ պատճառներով Կամո  Ղ.-ն և Հայկ Վ.-ն կյանքից չեն զրկվել, իսկ պայթյունի հետևանքով վնասվել է մեքենայի աջ անիվը  և շրջակա հատվածը:
Անհայտ անձի կողմից Կամո  Ղ.-ին և Հայկ Վ.-ին սպանելու փորձի և ապօրինի կերպով պայթուցիկ սարք պահելու փաստի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի  34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցվել է  քրեական գործ, կատարվել է դեպքի վայրի զննություն, և որոշում է կայացվել դատահետքաբանական, դատաձգաբանական, պայթյունատեխնիկական, դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնարկեց CSIT-2013 9-րդ գիտաժողովը

DIGITAL IMAGE«Հայ մասնագետները ներկայացնելու են հարցեր էկոլոգիայի, կլիմայի, հայոց լեզվի եւ այլնի վերաբերյալ»,-այսօր Անկախի հետ զրույցում «Կոմպյուտերային գիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների /CSIT-2013/  9-րդ գիտաժողովի» մասին նշեց Գիտությունների Ազգային Ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:

CSIT-2013 գիտաժողովի նպատակն է նպաստել գիտական գաղափարների փոխանակմանը միջազգային հետազոտողների միջեւ լայն մասշտաբով, մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու, ներկայացնելու իրենց վերջին հետազոտությունների արդյունքները եւ կիսվելու իրենց բազմաբնույթ փորձը կոմպյուտերային գիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում:

Գիտաժողովին հայ մասնակիցներից բացի, մասնակցեցին 60-ից ավելի գիտնականների՝ աշխարհի տարբեր երկրներից:

Յուրի Շուքուրյանի խոսքով Հայաստանում որոշակի արդյունքներ են ստեղծված, որոնք հետաքրքիր են հասարակությանը եւ գիտական հասարակությանը:

Ինֆորմատիկայի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Մարանջյանի համոզմամբ նմանատիպ միջոցառումները շատ կարեւոր են: Այսօր չկա մի բնագավառ, որտեղ կոմպյուտեր չօգտագործվի եւ անհրաժեշտ չլինի: Կոմպյուտերային գործը Հայաստանում դրվել է շատ վաղուց, հիմնարարներից մեկը եղել է ակադեմիկոս Մերգելյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնի այցը Արցախ եւ Հայաստանի Հանրապետություն

Stéphane DionՍտեֆան Դիոն՝ (Stéphane Dion, ծն. 1955թ. սեպտեմբերի 28) կանադացի քաղաքական գործիչ: 1996 թվականից ի վեր Կանադայի խորհրդարանի անդամ է՝ ընտրված Մոնթրեալի Սեն-Լորան-Կարտիեվիլ հայաշատ ընտրատարածքից։
2006-2008-ին Դիոնը եղել է Լիբերալ կուսակցության, ինչպես նաեւ պաշտոնական ընդդիմության ղեկավար՝ խորհրդարանում։
Մինչեւ պատգամավոր ընտրվելը, որպես քաղաքական գիտությունների մասնագետ եւ սոցիոլոգ, Ստեֆան Դիոնը եղել է ակադեմիական բնագավառի ճանաչված դեմք՝ Քվեբեկի անկախական շարժման վերաբերյալ արտահայտած իր տեսակետներով։ Սկզբում եղել է Քվեբեկի անկախական շարժման կողմնակից, իսկ հետագայում՝ կանադական ֆեդերալիզմի ջատագով։
1996-2003 թվականներին, Ստեֆան Դիոնը եղել է Կանադայի Միջկառավարական հարցերի նախարար, 2004-2006 թվականներին՝ բնապահպանության:
Ստեֆան Դիոնը Կանադայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ջատագովն է: Նա մշտապես օգնել է հայ համայնքին, ինչի համար էլ համայնքը նրան շնորհել է «Պատվավոր Հայ» կոչումը։ Դիոնը աջակցել է 2002թ. հունիսի 13-ին Կանադայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի որդեգրմանը եւ կողմ քվեարկել 2004թ. ապրիլի 21-ին, խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։
Ստեֆան Դիոնը կողմնակից է Հայաստանի Հանրապետությունում կանադական դեսպանատուն բացելու հայ համայնքի տեսակետին։
Ստեֆան Դիոնի Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ այցելությունը կազմակերպել է Հայ Դատի Կանադայի հանձնախումբը, Կանադայում ՀՀ դեսպանատան եւ ԼՂՀ ներկայացուցչության հետ միասին։ Այցի նպատակն է.
ա) Տեղում ծանոթանալ Արցախի իրականությանը.
բ) Աջակցել հայ-կանադական հարաբերությունների սերտացմանը.
գ) Ծանոթանալ ՀՀ-ում եւ Արցախում գտնվող սիրիահայերի խնդիրներին, դրանց լուծմանը Կանադայի աջակցությունն ապահովելու նպատակով։
Դիոնը Երեւան է ժամանել սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Սեպտեմբերի 22-ին, Հայ Դատի Կանադայի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանի ընկերակցությամբ՝ մեկնել Արցախ։ Սեպտեմբերի 22-ին Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, սեպտեմբերի 23-ին ՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Ստեֆան Դիոնը Հայաստանում կմնա մինչեւ սեպտեմբերի 27-ը եւ կունենա մի շարք հանդիպումներ։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի
Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակ

Դոլարը արագ իջնում է

դոլարՍեպտեմբերի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.8 դրամ:

 

Ամասիայում շահագործման հանձնվեց արվեստի դպրոցի շենքը

239ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզի Ամասիա համայնքում ներկա գտնվեց արվեստի դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այլ հյուրեր:

Համայնքում գտնվող նախկին կիսակառույց շենքը հիմնանորոգվել է “Յուքոմ” ընկերության միջոցներով եւ Ամասիայի վերականգնման հիմնադրամի աջակցությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 130 մլն դրամ: Շենքում կգործի ինչպես երաժշտական դպրոցը, այնպես էլ արվեստի տարբեր խմբակներ: Կրթօջախն ապահովվել է նաեւ անհրաժեշտ գույքով:

Փոխվարչապետը շնորհավորեց բնակիչներին, ուսուցիչներին եւ սաներին` հարմարավետ ու բարեկարգ դպրոցի բացման կապակցությամբ, որտեղ արդեն ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ուսումնական գործընթացը կազմակերպելու համար: Նա գոհունակություն հայտնեց, որ պետական-մասնավոր համագործակցությամբ համայնքային նշանակության կարեւոր ծրագրեր են իրականացվում եւ հույս հայտնեց, որ այդ միտումները կպահպանվեն:

Փոխվարչապետը մարզպետի եւ համայքնապետի ուղեկցությամբ շրջայց կատարեց նորոգված շենքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ այցելեց համայնքի մանկապարտեզի շենք, որը հիմնանորոգվել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ծրագրով եւ արդեն մեկ տարուց ավելի գործում է:

Համայնքապետը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց նախատեսվող ծրագրերի մասին: Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով եւ համայնքի համաֆինանսավորմամբ կինոթատրոնի շենքը կվերակառուցվի որպես մարզամշակութային կենտրոն, իսկ “Յուքոմ” ընկերության եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով կվերականգնվի մարզադաշտը:

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց նաեւ Ամասիայի վերականգնման հիմնադրամում: Քննարկվեցին իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ գյուղացիական կոոպերատիվների ստեղծման եւ անհրաժեշտ աջակցության ցուցաբերման հետ կապված հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Էթիկայի հանձաժողովը մերժել է Հերմինե Նաղդալյանի հարցի քննարկումը

imagesԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը տարածել է հաղորդագրո՜թյո՜ն, ըստ որի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման և ուսումնասիրության նպատակով վարույթ հարուցելու մասին ԹԻՀԿ դիմումը՝ այն պատճառաբանությամբ, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, Հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն չունի (հոդված 43):

Սակայն Հանձնաժողովի կողմից վկայակոչված օրենքի համապատասխան հոդվածը վերաբերում է շահերի բախման բացահայտման նպատակով վարույթի հարուցմանը, մինչդեռ ԹԻՀԿ-ն հայցել էր ոչ թե շահերի բախման բացահայտում, այլ հայտարարագրերի վերլուծություն և համադրում և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

ԹԻՀԿ-ն հայցել էր նաև ստանալ Հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցությանվերաբերյալ, ինչին հանձնաժողովը տվել է խուսանավող պատասխան՝ վկայակոչելով օրենսդրական կարգավորման «բավարար հստակությունը»:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Հերմինե Նաղդալյանի կողմից օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելը որպես ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնների խախտում ճանաչելու համար ԹԻՀԿ դիմել է ԱԺ Էթիկայիհանձնաժողով:

«Շիրակ կենտրոնը» կոչ է անում գյումրեցի անօթևան ընտանիքներին ապահովել ձմռան վառելիքով

New PictureԳյումրիում արդեն աշնանային պաղ եղանակ է, տնակային ավանների բնակիչները սկսել են վառարաններ տեղադրել, բայց նրանցից շատ քչերին է հաջողվել ձեռք բերել վառելափայտ: Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար կրկին ձմռան վառելիքի հայթայթման վայրեր են դարձել աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Տասնյակ ընտանիքներ թեև ամբողջ ամառ հավաքել են ձեռքներն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, սակայն այդ ամենով կկարողանան ընդամենը հաշված օրեր մի կերպ տաքացնել իրենց խոնավ ու վաղուց շարքից դուրս եկած վագոն – տնակները: Թեև «Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի օժանդակությամբ կուտակել է և բաժանելու է որոշակի քանակությամբ վառելափայտ, սակայն ընդամենը մեկ հովանավորի օժանդակությունը բավարար չէ՝ ապահովելու գոնե առավել անմխիթար վիճակում գտնվող կարիքավոր անօթևան ընտանիքների վագոն-տնակները ջեռուցելու համար անհրաժեշտ վառելափայտի նվազագույն չափաբաժին: Շիրակի առանձնապես ցրտաշունչ ձմռան նախաշեմին մեր հայրենակիցներին կոչ ենք անում աջակցել Գյումրու տնակային ավաններում բնակվող առավել անապահով ընտանիքներին՝ նրանց կացարաններում գոնե նվազագույն ջերմություն ապահովելու համար:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

 

Զինակից ընկերոջ կրակոցից մահացած զինվորի գործով մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի

15.09.8_1Մարտական դիրքում զինծառայող Խաչատուր Կորյունի Խաչատրյանի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել 3 զինծառայողի՝ Տիգրան Հակոբյանին, Արթուր Զոհրաբյանին և Արթուր Մարտիրոսյանին: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Տիգրան Հակոբյանին, ում կողմից արձակված կրակոցի հետեւանքով, ըստ նախաքննական մարմնի,  մահացել է Խաչատուր Խաչատրյանը, մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ  հոդվածի 3-րդ մասով «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանք է առաջադրվել նաև  ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»: Իսկ սերժանտ Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է  առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ  հոդվածի 2-րդ մասով «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս»:

Արթուր Զոհրաբյանի և  Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հսկողությանը հանձնելը:

Հիշեցնենք, որ 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը` ժամը 03:10-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում:

 

Հեղինակ:
«Փաստինֆո»
 – See more at: http://www.pastinfo.am/hy/node/23410#sthash.mFBclc5E.dpuf

Բնակարան գնելը դարձել է պատուհաս՝ խարդախության մեղադրանքի տեսքով

f9-main_0Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա  Արփինե Մայսուրյանը  2010թ. սեպտեմբերի 11-ին Երևանի Խանջյանի փողոցում բնակարան  է գնել:Վաճառողի հետ ծանոթացել է անշարժ գույքի  շուկայում և համաձայնության եկել  բնակարանը 28 հազար դոլարով  գնելու շուրջ: Գնորդը վաճառողին՝ Զարուհի Պողոսյանին, նախապես 500 դոլար է վճարել, իսկ ավելի ուշ  հայրը Ռուսաստանից վարորդի միջոցով  գումար է ուղարկել, և ինքը վաճառողին տվել է նաև մնացած 27  500 դոլարը: 500 դոլարի ստացականը Զարուհին իր ձեռքով է գրել, իսկ երկրորդ ստացականը և հայտարարությունը Արփինեն գրել է, Զարուհին՝ տորագրել: Երեք փաստաթղթերն էլ  ներկայացվել  են դատաձեռագրաբանական փորձաքննության:

Բնակարանի դիմաց փողը ստանալուց հետո նախկին տանտիրուհին  10 180 000 դրամ վաճառքի գումարի  որոշ մասը՝ 8 մլն-ը փոխառության պայմանագրով  տվել է իր տան վարպետին՝  ոմն Արմենակ Հովհաննիսյանին:

Զարուհի Պողոսյանը երեխաների մոտ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց ու վերադառնալուց հետո պահանջում է, որպեսզի գնորդը ևս 7000  դոլար տա՝ որպեսզի իրենք հաշտ ու համերաշխ բաժանվեն, պահանջներին հաջորդում են սպառնալիքները, որոնց դատական բաղադրիչը գործի է դրվում, սակայն դատական երեք ատյանները մերժում են առուծախի պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին Զ.Պողոսյանի հայցը:Քաղաքացիական գործով արդյունքի չհասնելով՝ նորից պահանջում են հավելյալ  7000 դոլարը՝ հակառակ դեպքում սպառնալով  «գնալ  քաղմաս և ասել, որ դու ընդհանրապես գումար չես տվել»: Այդպես էլ անում են, հայտարարություն են տալիս, որ Արփինեն ոչ մի կոպեկ չի տվել բնակարանի համար: Այդ հիմքով Արփինե Մայսուրյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի   178-րդ հոդվածի  3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արփինե Մայսուրյանի պաշտպան Ամալյա Ավագյանը,բացարձակապես անհամոզիչ է ու անտրամաբանական հակառակ կողմի և նախաքննական մարմնի պնդումը, թե Արփինեն խաբեությամբ է այդ տունը ձեռք բերել,Զարուհու «խելքը կերել են», որ առանց փողի տունը ձևակերպվի, և որպես երաշխիք կնքել են փոխառության պայմանագիր  8 մլն-ի չափով, եթե տունը 28 հազար կամ 7 հազարով ավելին արժե,ինչպես վաճառող կողմն է պնդում, այդ դեպքում ինչու  փոխառության  պայմանագրում չի արտացոլված ողջ գումարը:

Հիշյալ  քաղաքացիական գործի շրջանակում վկա Արմենակը  դատարանում  ասել է, որ «Զարուհին ինձ տվեց այդ գումարը, պետք է վերադարձնեի ավելի շատ գումար, փոխառության պայմանագրում այլ կերպ ենք գրել, որովհետև չի կարելի տոկոսով գումար տալ»:

Ըստ պաշտպանի, նախաքննական  մարմինը միակողմանի քննություն է վարում բացառապես շահագրգիռ կողմի՝ Զարուհի Պողոսյանի, նրա հարազատների ու տնվորների ցուցմունքների հիման վրա Արփինեն գործում ներգրավվել է որպես  մեղադրյալ:

Պաշտպանական կողմն էլ իր հերթին  մասնավոր հարցումներ է  կատարել: Ըստ Արփինեի  հարևան, նախկին դասախոս Աիդա Հարությունյանի, ինքը եղել է Արփինեենց տանը, երբ  Զարուհու եղբորորդին եկել  ու դուռը թակելով՝ ասել է, «բաց,  մենք կհաշտվենք, եթե դու 7000 դոլարը վճարես»,Արփինեենք  դուռը չեն բացել, որովհետև իրենց շատ էին անհանգստացնում: Հարևանուհին  հարցրել է, թե ինչ խնդիր կա, Արփինեն ասել է` «դե, ասում են 28 հազարով էժան ենք վաճառել, տվեք, կհաշտվենք»:

Արփինեի  քեռու  դուստրը  մասնավոր հարցման արդյունքում հայտնել է, որ ինքը տեսել է Արփինեի հոր ուղարկած գումարը, միասին հաշվել են այն, նա զգուշացրել է իր զարմուհուն՝ «երբ գումարը տաս,  հայտարարություն ու ստացական կվերցնես»:

Ըստ Ամալյա Ավագյանի, իր պաշտպանյալի վիճակը բարդացել է նաև նրա նախկին պաշտպան Մակբեթ Կարապետյանի կողմից իր պարտականություններն ոչ պատշաճ կատարելու պատճառով: Նա, մասնավորապես, Արփինեին ու մորը չի բացատրել քննության մարմին  չներկայանալու հետևանքները, բազմաթիվ անգամ ծանուցագրեր են ուղարկվել Արփինեին, սակայն  Մ.Կարապետյանը հայտարարել է, որ  պարտադիր չէ գնալ, «դու քաղաքացիական գործով շահել ես»: Ինչի հետևանքով դատարանը որպես խափանման միջոց է ընտրել «կալանավորումը», ավելի ուշ, սակայն,նույն դատարանը բավարարել է գրավ կիրառելու միջնորդությունը և ըստ ամենայնի շուտով Ա.Մայսուրյանը կազատվի կալանքից և լիարժեք կկարողանա պաշտպանի հետ միասին զբաղվել իր պաշտպանությամբ:

Հեղինակ:
Սոնա Մաշուրյան

 

2013 թվականի հունվար-օգոստոսին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 2050,0 հազ. տոննա բեռ

ЮКЖД призывает граждан соблюдать правила безопасности на железной дороге2013 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2050,0 հազ. տոննա բեռ, ինչը 9,5%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

            Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 311,0 հազար տոննա` 1,9%-ով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 714,7 հազար տոննա բեռ՝ 19,2%-ով նվազելով 2012 թվականի հունվար-օգոստոսի հետ համեմատ:

Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1024,3 հազար տոննա՝ նվազելով 4,8%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծեց Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագորրծակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:

 

 

 

ՀԿԵ–ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

 

2013 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արագացել է մոտ 0,4 օրով կամ 13,3%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-օգոստոսին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3 օր:

Մեկ վագոնի միջին օրեկան արտադրողականությունը 2013 թվականի ութ ամիսների ընթացքում կազմել է 5083 տկմ նետտո/վագոն, ինչը 20%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 385,6 լոկ-կմ, ինչը 7,6%-ով գերազանցում է  2012-ի ցուցանիշը:

Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

 

Կապամոնտաժվեն փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակները

001Աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով 2012 թվականի կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման  ուղղությամբ ձեռնարկված քայլերին, հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու համար:

Զեկուցվել է, որ, համաձայն սահմանված ժամանակացուցի, մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի 2013 թվականի տարեկան ծրագրով իրականացվող հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել որակի ապահովման ուղղությամբ հսկողությունը և գործընթացը պահել մշտադիտարկման ներքո: Հանձնարարվել է ակտիվացնել գլխավոր և երկրորդական փողոցներում ընթացող փոսալցման և ճաքալցման աշխատանքները:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինհրապարակների կազմակերպման և շինարարության իրականացման ընթացքում էկոլոգիական պահանջների պահպանման նպատակով մշակվել են նոր մոտեցումներ: Քաղաքապետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել շինհրապարակների կազմակերպման բաժանարար հարակից տարածքների սահմանված կարգով պաստառապատմանը:

«Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են անձրևատար համակարգերի մաքրման աշխատանքները: Շուրջ 1100 կետերում դրանք արդեն ավարտված են: Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո և պարբերաբար զեկուցել ընթացքի վերաբերյալ:

Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների հետ կապված՝ զեկուցվել է, որ զանգվածային լրատվության և հնարավոր այլ միջոցներով շարունակաբար իրազեկվում է մրցույթի և անցկացման պայմանների մասին, սակայն  մինչ օրս 23 երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մասնակցության հայտեր չեն ստացվել:

Էլեկտրոնային չվացուցակների համակարգի գործարկման աշխատանքների մասով «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ տեղադրված 21 սարքավորումներից 19-ը գործարկված են: Առաջիկայում սպասվում է սարքավորումների հաջորդ խմբաքանակի ներկրումը:

Քաղաքապետը հանձնարարել է նախապես իրականացված ծանուցումներից հետո համապատասխան քայլեր ձեռնարկել փոքր կենտրոնում առկա գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման ուղղությամբ:

«Կազմված ժամանակացույցով պետք է սկսենք փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Դրանցում պետք է ներգրավել պատկան բոլոր մարմիններին: Ապամոնտաժումներից հետո կարճ ժամկետում պետք է կազմակերպել նաև տարածքի բարեկարգումն ու պատշաճ տեսքի ապահովումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջաններում տեղադրվող առաջարկությունների արկղերի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է քաղաքացիների կողմից մայրաքաղաքի զարգացմանն ուղղված առաջարկները քննարկել ու ներկայացնել դրանց կյանքի կոչման համապարփակ նախաձեռնություններ: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ դրանցից լավագույնները կարող են ընդգրկվել նաև 2014 թվականի տարեկան ծրագրում:

Անդրադառանլով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում համապատասխանաբար ստացվել են 203 և 102 հեռախոսազանգ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի  մեծ մասն արդեն իսկ ստացել է դրական լուծում, 82 հարց ընթացքի մեջ է:

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, մայրաքաղաքում նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում: Զեկուցվել է, որ տոնական միջոցառումներ են նախատեսված վարչական շրջանների տարբեր հարթակներում, նաև՝ կրթական ու մշակութային օջախներում: Երևանը կապահովվի նաև համապատասխան արտաքին ձևավորմամբ:

Նոր սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքներին անդրադառանալով՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների հիմնական մասն ավարտված է: Նշվել է, որ շարունակվում են ծաղիկների, անհրաժեշտության դեպքում, համալրման, ինչպես նաև ծաղկային կոմպոզիցիաների տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ այս տարի ծաղկային տարածքներն ավելացել են մեկուկես, իսկ սիզամարգերի ծավալները՝  13 հեկտարով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել աշնանային ծառատունկի կազմակերպման ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

ձերբակալվածՍեպտեմբերի 22-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1947 թ. ծնված Գագիկ Թ.-ն, որը 1999 թ. մարտի 15-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Վարդան Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման

MHM81539 copyԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 23-ին 14 տարվա ազատազրկման է դատապարտել նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին:

Դատարանի վճռով Սամվել Հարությունյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, իսկ Խաչատուր Պողոսյանը՝ 14 տարվա:

Նշենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը հուլիսի 29-ին պահանջել էր 12 տարվա ազատազրկման դատապարտել Վարդան Սեդրակյանին, ով մեղադրվում է սպանությունը պատվիրելու մեջ: Մեղադրողը նաեւ պահանջել էր 13 տարվա ազատազրկման դատապարտել մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանին, եւ 14 տարվա ազատազրկման՝ մահափորձի անմիջական կատարման մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել էր Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն էր կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

 

NEWS.am

Կարենը մեղրի փողը չէր տվել

ձերբակալվածՍեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Վայքի բաժին դիմած Մխիթար Ա.-ն հայտնել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրենց տուն է եկել ոմն Կարեն, ներկայացել որպես  մի ընկերության աշխատակից և չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ իրենից վերցրել է 300 կգ մեղր` պարտավորվելով մինչև սեպտեմբերի 5-ը փոխանցման միջոցով վճարել 1.218.000 դրամ, սակայն մինչ օրս չի վճարել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1976 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Կարեն  Հ.-ն է, որը նույն օրը, ժամը 17.50-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցից բերման են ենթարկել ոստիկանության Վայքի բաժին:
Կարեն  Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 27-ը, գողության 44 դեպքից` 24-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության 16 դեպքից` 15-ը, իսկ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3 և գողության 6 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

LinkedIn-ը գողանում է օգտատերերի անձնական տվյալները

b_515902Օգտատերերը մեղադրել են LinkedIn-ի ղեկավարությանը`  իրենց էլեկտրոնային փոստից ու կոնտակտների ցուցակով  հրավերքների ցրման տարբերակից անձնական տվյալներ գողանալու մեջ:  Համապատասխան հայց է համացանցին ներկայացվել սեպտեմբերի 17-ին:

Պատասխանող կողմից պահանջվում է դադարեցնել հաճախորդների կյանք ներխուժումն ու վերադարձնել նման կերպով ստացած շահույթը: Սպասվում է , որ գործը կքննվի կալիֆոռնիական Սան-Խոսեի ատենակալների դատարանում:

LinkedIn-ի ադմինիստրացիան օգտատերերին պարատավորեցել է իրենց անվան փոխարեն նշել արտաքին փոստարկղը ու այդպիսով հնարավորություն ունեցել անձնական կոնտակտներ մուտք գործել ու  հետագայում դրանք օգտագործվել են սերվիսից օգտվելու առաջարկություն անելու համար:

Մեղադրանքը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը

ձերբակալվածՍեպտեմբերի 22-ին, ժամը 23.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Նարինե Օ.-ն, որը ապրիլի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի /առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի մեղադրանքով: