51-ամյա տղամարդը ամավոր հանձնել է 418 փամփուշտ, 2 նռնակ` պայթուցիչներով և հրթիռանման 7 պայթուցիչ

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, 1962 թ. ծնված Մանվել Ս.-ն ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 418 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, և հրթիռանման 7  պայթուցիչ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Ավտոպատահարներ սեպտեմբերի 22-ին` հինգ վիրավոր

Ավտոմեքենան կորցրել է կառավարումը և բախվել ծառի

ավտոպատահարՍեպտեմբերի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան  կորցրել է   կառավարումը և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում  է քննություն:

Մոսկվիչ»-ը հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.40-ի սահմաններում,  «Մոսկվիչ-412»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Շիրակի մարզի Փանիկ գյուղում հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում  է քննություն:

«Մերսեդես»-ը Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց

Սեպտեմբերի 22-ին, ժամը  16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում  է քննություն:

Նուբարաշենի խճուղում մոտոցիկլետ է շրջվել

Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.30-ին,  Երևանի  Նուբարաշենի խճուղու թիվ 105 հասցեի մոտ անհայտ մակնիշի մոտոցիկլետ է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում  է  քննություն:

Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ

10713_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ բացվել է Օշական համայնքի վերակառուցված կամուրջը, որը Քասախ գետի վրայով ճանապարհ է բացում դեպի հանդիպակաց ափում գտնվող հողատարածքներ: Բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ նախկինում իրենց կողմից բարձրացված այդ խնդրին հետամուտ լինելու համար: Բնակիչները նշել են, որ կամուրջի գործարկման արդյունքում հնարավորություն են ստացել մշակել գետի այն ափում գտնվող շուրջ 300 հեկտար հողատարածքներ, որոնք ճանապարհի բացակայության պատճառով մինչ այժմ չէին օգտագործվել:

2011 թվականին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Օշական կատարած այցելության ժամանակ բնակիչները բարձրացրել էին կամուրջի հարցը: Վարչապետը խոստացել էր կամուրջի վերակառուցման նախագիծն ընդգրկել ՀՀ կառավարության հրատապ ծրագրում: Կամուրջի կառուցման համար հատկացվել է 20 մլն դրամ:
Այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը զրուցել է օշականցիների հետ՝ լսել նրանց խնդիրներն ու պատասխանել վերջիններիս հետաքրքրող մի շարք հարցերի: Համայնքի բնակիչները գոհունակություն են հայտնել Օշականում հիմնված ամբուլատորիայի աշխատանքներից և շնորհակալություն հայտնել կառավարությանը՝ իրենց համայնքի համար խմելու ջրի նոր ջրագիծ կառուցելու համար:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն Աշտարակի մարզադաշտում մասնակցել է ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին:

«Ֆրանսիացին հայից ավելի լավ չի ապրում, բայց դու էդ ամեն ինչի մասին իմանում ես տարիներ հետո, երբ արդեն …»

ՖրանսահայՄութ ու ցուրտ տարիներն էին: Ավարտելով դպրոցը` Սյուզանն ընդունվում է Բրյուսովի համալսարանի ֆրանսերենի բաժին: Ինստիտուտն ավարտելուց հետո, ինչպես շատերը, կանգնում է  մասնագիտությամբ աշխատանք  գտնելու խնդրի առջև: Համապատասխան աշխատանք չկար, բայց գտավ մեկ այլ բնագավառում` հեռուստատեսությունում: Սակայն 3 տարի անց`  2001 թ., հնարավորություն է ստեղծվում ուսումնական ծրագրով Ֆրանսիա մեկնելու, և քանի որ հեռուստատեսությունում ապագա չէր տեսնում, որոշում է գնալ և վերականգնել ֆրանսերենի գիտելիքները: Մեկնում է արցունքն աչքերին, չնայած մտքում որոշել էր մեկ տարվա դասընթացին ամբողջությամբ չմասնակցել, ու 3-4 ամիս անց վերադառնալ:

«Երբ վիզա ստանալու համար հյուպատոսի մոտ հարցազրույց էի, այդ մարդը նայեց ինձ և վստահ ասաց, որ ես հետ չեմ գալու: Զարմացա, ինչպե՞ս թե հետ չեմ գալու, ես անկեղծ համոզված էի, որ վերադառնալու եմ, ասացի` ինձ պետք չի ձեր երկիրը, ես հետ եմ գալու, և այլն: Հյուպատոսն ասաց. «Դուք հիմա էդպես եք ասում, որովհետև չգիտեք Ֆրանսիան: Դա այն երկիրն է, որը մեծ հնարավորություններ է տալիս, իսկ ես, տեսնելով Ձեզ, համոզված եմ, որ Դուք այդ հնարավորությունները բաց չեք թողնի»: Փաստորեն հյուպատոսը, համոզված լինելով, որ հետ չեմ գա, ինձ թույլ տվեց գնալ: Ես էլ մտածեցի` էս խենթին ինչպե՞ս են  հյուպատոս նշանակել: Բայց 5 տարի Ֆրանսիայում ապրելուց հետո հասկացա, թե այդ մարդն ինչ իմաստուն էր…»:

25-ամյա Սյուզանի համար Ֆրանսիան միանգամայն նոր իրողություն էր, իսկ Փարիզում միայնակ ապրելը` բավականին դժվար: Գիտեր միայն լեզուն, մնացած ամեն ինչ նոր էր ու անսովոր: Դժվարամատչելի մի քանի ամիսը հաղթահարելուց հետո, գալիս է Հայաստան վերադառնալու ժամանակը, բայց նա որոշում է մնալ մեկ տարի, քանի որ 4 ամիսը բավական չէր թե՛ լեզվի, թե՛ Եվրոպան ճանաչելու առումով: Իսկ մեկ տարի անց վերադառնալով Հայաստան` հասկանում է, որ Փարիզը կրկին ձգում է իրեն: Երկու ամիս անց վերադառնում է Ֆրանսիա: Հյուպատոսի խոսքերն իրականություն էին դառնում…

6 տարի հետո Սյուզանն արդեն Ֆրանսիայի լիիրավ քաղաքացի էր, որին հասել էր իր ջանքերի շնորհիվ: Այսօր նա վարձով ապրում է Փարիզի կենտրոնում, աշխատում ֆրանսիական ընկերությունում, կարգին վարձատրվում:

Սակայն երիտասարդ աղջկա հաջողությունը միայն կողքից դիտողին կարող է դրախտային թվալ: Իրականում նա դրան հասել է մեծ դժվարությունների գնով, որոնց շատերն այսօր ի վիճակի չեն դիմանալ: «Հիմա շատ ուսանողներ են գնում, բայց հետ են գալիս, չեն դիմանում դժվարություններին,- ասում է նա,- դա նրանից է, որ հիմա Ֆրանսիայում կյանքն այն չէ, ինչ 13 տարի առաջ, շատ ավելի բարդ է, փոխարենը Հայաստանում կյանքն այնքան վատ չէ, որքան 13 տարի առաջ»:

Սակայն զգալով հաջողության բերկրանքը` Սյուզանը միաժամանակ խորը հիասթափություն է ապրում. ի վերջո ինչի՞ համար էր այդ պայքարը, և ինչո՞ւ են բոլորը ձգտում դրան. «Ֆրանսիայի քաղաքացի դառնալուց հետո մեծ հաշվով իմ կյանքում էական փոփոխություն չեղավ: Փոխվեց այն, որ ամեն տարի մի մեծ թղթապանակ չեմ հավաքում այդ հարցով դիմելու համար: Նյութական բարեկեցությունս էլ չփոխվեց, ընդհակառակը, սկսեցի շատ ավելի հարկեր վճարել: Այնտեղ ամեն ինչի համար հարկ ես վճարում, անգամ աշխատավարձիցդ են եկամտահարկ պահում: Ճիշտ է, տարին մեկ անգամ կարող ես քեզ թույլ տալ հանգստանալու մեկնել, բայց ոչ եվրոպական երկրներ, որովհետև դա շատ թանկ է, այլ Թունիս, Մարոկկո և այլ երկրներ, որոնք էժան տուրեր են առաջարկում: Ինչ վերաբերում է մարդկային հարաբերություններին, մտածելակերպին, ապա միևնույն է, քեզ համար շատ բաներ խորթ են մնում, որովհետև դու հայ ես»:

Հայի համար, ըստ Սյուզանի, ֆրանսիացին  մարդու անհեթեթ տեսակ է` հաշվարկող, ոչ էմոցիոնալ, ոչ մարդկային, անխիղճ, անհատապաշտ, միայն իր ես-ն առաջ տանող: Որպես օրինակ բերում է ընկերությունը. «Մեզ համար լավ ընկերը նա է, որի վրա դու միշտ հույս ես դնում, որը քո դժվար պահին միշտ քո կողքին է: Ֆրանսիացու համար լավ ընկերը նա է, ով երբեք իր խնդիրներով քեզ չի անհանգստացնում: Երկուսն էլ յուրովի լավն են, բայց արմատապես տարբեր են: Դրա համար էլ ես ունեմ ֆրանսիացի լավ ծանոթներ, բայց չունեմ ֆրանսիացի ընկերներ: Իմ ընկերները Ֆրանսիայում ապրող հայերն են, որոնք, իհարկե, մի քիչ տարբերվում են հայաստանցի հայերից»:

Սյուզանի խոսքով` Ֆրանսիայում մարդկային մոտեցում ասվածը գոյություն չունի, բայց օրենքն էլ կատարյալ չէ, կան բազմաթիվ անօրեն երևույթներ: «Օրինակ` ջրի ծորակը փչացել է, զանգում ես մի մասնավոր ընկերություն, որ գա նորոգի: Եթե այդ ընկերությունը նկատում է, որ գործից բան չես հասկանում, լավ գումարներ է աշխատում, այսինքն` քեզ գցում է: Իսկ դատի տալը հեշտ բան չէ, դրա համար փող և մեծ ջանքեր են պետք»:

Նման հարցերում, ասում է, անգամ ֆրանսիացիները չեն պայքարում իրենց իրավունքների համար և իրեն էլ հաճախ խորհուրդ են տալիս չխորանալ և չբարդացնել կյանքը: «Օրինակ` տան համար պարտադիր ապահովագրություն են պահանջում, որի դիմաց ամեն ամիս վճարում ես, բայց որ մի բան է լինում, ամեն կերպ փորձում են փոխհատուցումից խուսափել: Եթե մինչև վերջ չգնաս, չպայքարես` ոչնչի չես հասնի: Նման դեպք ինձ հետ պատահել է, մեկ տարի պայքարելուց հետո, երբ ի վերջո ասացի, որ դատարան եմ դիմելու` փոխհատուցեցին»:

Սյուզանը պատմում է, որ եթե Ֆրանսիայի քաղաքացի չես, ապա որոշակի չափորոշիչներ պետք է  հաղթահարես, որպեսզի ֆրանսիացին քեզ վերցնի աշխատանքի: Գործատուն պետք  է պետությանն ապացուցի, որ հենց քո կարիքն ունի, և ֆրանսիացին այդ գործն անել չի կարող: Ի դեպ, ֆրանսիացու փոխարեն արտասահմանցու աշխատանքի ընդունելու համար գործատուն պետությանը տույժ է վճարում:

Անհեթեթ օրենք կա ժառանգության մասին: Ասում է, որ Ֆրանսիայում երիտասարդները հիմնականում 30 տարեկանում են կարողանում բնակարան գնել, այն էլ` հիփոթեքով: Փարիզում մեկսենյականոց բնակարանը մոտ կես միլիոն եվրո արժի: Սովորական բնակարանի մեկ քմ-ի արժեքը 13-15 հազար եվրո է: Մարդը բնակարան է գնում, 20 տարի վարկով գումարը փակում, իսկ իր մահից հետո իր երեխաներն այն ժառանգելու համար պետք է բնակարանի 40 տոկոսը պետությանը վճարեն, հակառակ դեպքում ժառանգությունից կզրկվեն: Բայց քանի որ շատերն այդ 40 տոկոս գումարը կանխիկ չունեն, ստիպված բնակարանը վաճառում են, պետության հարկը վճարում, իրենց մնացած գումարից մի որոշ մաս էլ եկամտահարկ տալիս և տակը մնացածը պահում իրենց: Արդյունքում ծնողներից ժառանգություն ստացած բնակարանն իրենց չի հասնում:

Օրենքի գերակայության մասին խոսակցությունը լեգենդ է: Սյուզանը պատմում է, որ ժամանակին աշխատում էր մի մասնավոր ընկերությունում, որը համագործակցում էր առողջապահության նախարարության հետ: Ականատես է եղել, թե ինչպես են պետության գումարներն անխնա և անարդյունավետ մսխվում, ինչի հետևանքով ընդամենը որոշ մարդիկ մեծ գումարներ են իրենց գրպանը դնում, և այդ ամենը քողարկվում է պետական կառույցի մակարդակով:

Կա նաև կոռուպցիա, կաշառակերություն, կան նաև օլիգարխներ.  «Պարզապես սովորական ֆրանսիացին իր երկրի օլիգարխներին չի տեսնում, չի առնչվում, իսկ մեր օլիգարխները մեր աչքի առջև պտտվում են»:

Սյուզանը, իր կյանքի փորձից ելնելով, խորհուրդ է տալիս չհրապուրվել Եվրոպայով, քանի որ կյանքն այնտեղ այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում են դրսից. «Այնտեղ նվազագույն աշխատավարձը 1000 եվրո է, որը մեզ համար զարմանալի թիվ է, բայց եթե հաշվի առնենք ֆրանսիացու ծախսերն ու հարկերը, համարյա նույն բանն է ստացվում: Ֆրանսիացին հայից ավելի լավ չի ապրում, բայց դու էդ ամեն ինչի մասին իմանում ես տարիներ հետո, երբ արդեն գնացել ես,  հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և Հայաստան վերադառնալ չես կարող, որովհետև քեզ համար արդեն Հայաստանն է օտար, որտեղ ամեն ինչ պիտի զրոյից սկսես»:

Կարճ ասած` Եվրոպան դրախտ չէ, պարզապես մարդիկ գնում են, որովհետև  ամեն մի նոր բանում հույս են փնտրում, իսկ Հայաստանում հույս արդեն չկա:

 

Արտգործնախարարը կմեկնի Սոչի

Էդվարդ ՆալբանդյանՍեպտեմբերի 23-ին Սոչիում կայանալիք  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների արտաքին գործերի և պաշտպանության  նախարարների, Ազգային անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառում Նորվեգիայի Կրագերո քաղաքում

512. Independence day ceremony in the city of Cragero in Norway  22.09.2013Սեպտեմբերի 21-ին Նորվեգիայի Կրագերո քաղաքում անցկացվեց միջոցառում, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության եւ Կրագերոյի քաղաքապետարանի կողմից` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակին:

 

Միջոցառումը սկսվեց Կրագերոյի եկեղեցում, ուր տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ` հանրահայտ երաժիշտներ Կոպենհագենի Ռադիոյի եւ հեռուստատեսության P2 երաժշտական մրցանակի մրցանակակիր, հայազգի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի եւ «Ստատ Օյլ» մրցանակի մրցանակակիր, Ստավանգերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, նորվեգացի դաշնակահար Քրիստիան Իհլե Հադլանդի մասնակցությամբ: Նրանք կատարեցին Էդվարդ Գրիգի, Գաբրիել Ֆորեի, Ֆրեդերիկ Շոպենի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Ռախմանինովի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:

 

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան  Կրագերոյի քաղաքապետ Կյարե Պրեբեն Հեդլանդը եւ ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը: Դեսպանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Կրագերոն հատուկ մի վայր է, որը խորհրդանշում է հայ-նորվեգական հարաբերությունները եւ նոր հնարավորություններ է խոստանում ապագայի համար: Մենք այստեղ ենք նաեւ մեր երախտիքի խոսքը հղելու Կրագերոյի ձեր հայրենակից եւ հայազգի նվիրյալ Բյոդիլ Բյորնին: Կարծում եմ, որ նրա երազանքը կլիներ տեսնել այս ուրախությունը: Նա փառաբանված է երկնքում` տեսնելով, որ իր սիրած երկու ժողովուրդները` նորվեգացիներն ու հայերը, միասին նշում են Հայաստանի անկախության տոնը»:

 

Համերգից հետո միջոցառումը շարունակվեց Կրագերոյի Գեղարվեստի դպրոցում, որտեղ ցուցադրվեց դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի «Հայկական եկեղեցին Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում» խորագրով լուսանկարների հարուստ հավաքածուն` ներկայացնելով հայկական եկեղեցիների ճարտարապետությունը:

 

Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ տոնական ընդունելություն բազմաթիվ նորվեգացի եւ հայ հրավիրյալների մասնակցությամբ:

 

Հարկ է նշել, որ այս տարի մեր երկրի անկախության տարեդարձը Կրագերոյում տոնելը պատահականորեն չէր ընտրված. այստեղ է ծնվել նորվեգացի մեծ մարդասեր եւ միսիոներուհի Բոդիլ Բյորնը, ով Հայոց ցեղասպանությունից հետո փրկել ու խնամել է հայրուրավոր անօթեւան մնացած երեխաների ու կանանց եւ արժեքավոր վկայություններ թողել այդ մասին: 2006թ. Կրագերոյի քաղաքային խորհուրդն առաջինն է Նորվեգիայում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

 

Նախքան միջոցառումը սկսելը, ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը ծաղկեպսակ դրեց Բոդիլ Բյորնի հուշաքարին, որին ներկա էին Կրագերոյի քաղաքապետ Կյարե Պրեբեն Հեդլանդը, Վերգոշայի քաղաքապետ Շեթիլ Տյորփը, Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Մաադս Հենրիկ Լանգաարդ Լյունդը, Բոդիլ Բյորնի թոռը` Յուսի Բյորնը, Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ նորվեգացիներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգին

3869Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգին:

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման

 

Բարաք Օբամա

 «Հարգելի պարոն Նախագահ,

Բոլոր ամերիկացիների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ:

Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարատև հարաբերությունները և դարձել է ավելի հզոր երկիր շնորհիվ միլիոնավոր ամերիկացների, ովքեր հպարտությամբ են հիշում, որ ձեր երկիրն իրենց նախնիների երկիրն է: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ սիրո և հարգանքի կապերն ինչպես միշտ հզոր են, և մենք հետամուտ ենք լինելու գալիք տարիների ընթացքում էլ ավելի զարգացնելու մեր համագործակցությունը»,- ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի

 

սերժ սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին:

Նստաշրջանի նախատեսվում է քննարկել oրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունների և ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման մեխանիզմների վերաբերյալ:

Քաղաքապետն էլ է անկախ լինում

IMG_1132“Ուզում եմ շնորհավորել բոլորիս. արդեն 22 տարի մենք անկախ ենք: Երևի ես այնքան ուրախություն, երջանկություն չեմ ունեցել, ինչպես Անկախության օրը: Անկախությունն ամենավեհ գաղափարն է, երբ մարդն անկախ է, կարող է անել ամեն ինչ, ինչ ուզում է: Երբ մենք խորհրդային միության մեջ էինք, մեզ չէին ճանաչում որպես Հայաստան պետություն, ճանաչում էին միայն Ռուսաստան, CCP, իսկ այսօր ճանաչում են Հայաստանի Հանրապետությունը: Եվ Հայաստանն արդեն 22 տարի անկախ է: Այն պետք է կարողանանք պահել, զարգացնել, հզորացնել և ունենալ հզոր հայրենիք”, – ասում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ապա հավելում. – “Ունենք խնդիրներ, պրոբլեմներ քաղաքում, պետության մեջ. ամեն ինչ լուծվող է, եթե կա կամք, աշխատասիրություն: Եթե աշխատենք, կփոխվի ամեն ինչ: Դա բոլորից է կախված: Եվ այն էստաֆետը, որ հանձնելու ենք մեր երեխաներին, այնպես հանձնենք, որ մեզ չմեղադրեն”:

Իսկ որքանո՞վ է անկախ քաղաքապետ ու քաղաքական գործիչ Սամվել Բալասանյանը. “Ես անկախ եմ: Երբ ես ԱԺ պատգամավոր եմ եղել՝ մենակ եմ եղել, չեմ ունեցել կուսակցություն. դա ասում եմ 2000 թվականի հետ կապված, երբ մենակով կարողացա բոլորին համոզել, որ անհրաժեշտ է “Գյումրու մասին օրենքը”, որը մինչև 2014 թվականը գործելու և երկարացնելու ենք: Դա անկախություն չէ՞”:

Գյումրեցի ազատամարտիկները դարձյալ նստացույց են անում

IMG_1139Գյումրիում այսօր՝ Անկախության 22-րդ տարեդարձի օրը, նստացույց են հրավիրել գյումրեցի ազատամարտիկները: Մեկօրյա նստացույցում այս մարտիկները ևս մեկ անգամ վեր են բարձրացնում իրենց խնդիրները: Գյումրու թատերական հրապարակում մոտ 30 ազատամարտիկներ դժգոհության այս քաղաքակիրթ եղանակով փորձում են բարձրաձայնել սոցիալական ու համակարգային խնդիրների մասին:

“Մենք առաջարիկներ ենք ներկայացրել, որոնց հիմքում ընկած է ազատամարտի արժևորում, ազատամարտիկի խնդիրներ, բարոյահոգեբանական խնդիրներ: Այդ հարցերի շուրջ քննարկումներ գնացել են, սպասում էինք արձագանքի: Բայց արձագանքը շատ անտրամաբանական եղավ, երեկ ձերբակալեցին մեր ընկերոջը՝ Վոլոդյա Ավետիսյանին: Նախորդ նստացույցով հասանք նրան, որ կարողացանք մեր խնդիրը հասցնել պետական ու բարձրաստիճան ատյաններին: Մենք ուզում ենք ուղղում մտցնել օրենքի մեջ, մեկ բառի ուղղում, որը հարիր կլինի ազատամարտիկ անունը կրող մարդուն: Եթե մենք ազատամարտիկի տեղը ուրիշ բան ենք ասում, դա չի նշանակում, որ արժևորում ենք նրան, սովորական հայ մարդը մեզ ճանաչում է, որ ազատամարտիկ”, – ասում է ազատամարտիկ Մնացական Մուրադյանը:
Ազատամարտիկները չեն ուզում նախագահին կամ վարչապետին հիշեցնել, որ իրենք կան, այլ` ր պետությունը պարտավոր է արժևորել իր ազատամարտիկին: “Եթե չի անում՝ մենք սերունդներին սխալ բան ենք թողնում: Այսինքն, այսօր ազատամարտիկին մեր պետությունը չի արժևորում: Եթե վիրավոր ազատամարտիկը մի քանի կոպեկ թոշակ են ստանում, դա ամբողջությամբ գնում է դեղերին, դեռ մի բան էլ պարտք են մնում հիվանդանոցներին: Չկա օրենք, որով ազատամարտիկի բուժումն անվճար լինի: Եվ միայն բուժումը չէ, գոնե թաղումը կազմակերպեն: Ազատամարտիկը մահանում է՝ չեն կարողանում թաղել. մի կերպ սրա-նրա ձեռքը խնդրելով, պարտքով-տալիքով են անում, որը շատ նվաստացուցիչ է: Գոնե պետությունը թող դա իր վրա վերցնի”:

Եգիպտոսի Նախագահի շնորհավորանքը ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ

511. Chamberlain of the presidency  21.09.2013Հայաստանի Հանրապետության Անկախության 22-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Կահիրեում ՀՀ դեսպանություն է այցելել ԵԱՀ անցումային շրջանի Նախագահ Ադլի Մանսուրի անձնական ներկայացուցիչ Ահմադ Մենիսին, ով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին է փոխանցել երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքները եւ բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են արտահայտել հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակից` նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը:

Քանդակագործության միջազգային սիմպոզիումը Գյումրիում

IMG_1121ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում այսօր Գյումրիում մեկնարկեց քանդակագործության միջազգային սիմպոզիումը: Այն կրում է “Կենարար աղբյուր” խորագիրը և բաց է գաղափարների առումով:

Սիմպոզիումին մասնակցում է տասը քանդակագործ ԱՊՀ հինգ պետություններից` Հայաստան Ռուսաստան, Բելառուս, Ուրակինա, Իտալիա:
“Հայաստանը ներկայացնում են 6 քանդակագործներ, որոնցից 4-ը գյումրեցի են, մյուս երկուսը հայկական երկու մայրաքաղաքներից` Երևանից և Ստեփանակերտից: Սիմոպիզումին պրոֆեսիոնալ քանդակագործներ են մասնակցում, որոնք մեկ ամիս շարունակ կստեղծագործեն Գյումրիում”, – archive2.ankakh.com-ին հայտնեց Գյումրու քանդակագործության միջազգային սիմպոզիումի ղեկավար Արթուր Գևորգյանը:
Քանդակագործները կաշխատեն Խաղաղության օղակում գտնվող այգում, իսկ սիմպոզիումի ավարտից հետո քարե ստեղծագործությունները կտեղափոխվեն Գյումրիի Հաղթանակի պուրակի սկզբնամաս, որտեղ կստեղծվի քանդակների բացօթյա թանգարան:
“Այսօր ամենագեղեցիկ տոներից մեկն է՝ քարերի սիմպոզիումը: Արդյունքում ուեննալու ենք լուրջ քանդակներ, որոնք տեղադրվելու են Հաղթանակի պողոտայի պուրակում: Այս միջոցառումը պիտի դառնա ավանդույթ, լինի ամենամյա: Ողջունում եմ բոլորին և մաղթում, որ հաջորդ տարի մասնակցեն 20 և ավել քանդակագործներ: Գյումրին այն քաղաքն է, որն ունի դարերի խորքից եկող պատմություն և պատահական չէ, որ դարձել է մշակութային մայրաքաղաք”, – սիմպոզիումի բացման արարողության ժամանակ նշեց Գյոմրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հենց քաղաքապետին էլ շնորհվեց միջոցառման մեկնարկն ազդարարելու պատիվը: Թեև քանդակներն ավարտելու համար ծրագրած է մեկ ամիս ժամանակ հատկացնել, սակայն քաղաքապետը փոխանցեց, որ քարերի թանգարանի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին “Գյումրու օր” ամենամյա միջոցառման շրջանակներում:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

 

Սերժ Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

 


***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Վեհափա՛ռ Տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յ ք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ:

Արդեն քսաներկու տարի մենք շարժվում ենք մի նոր ճանապարհով, որը հաճախ նեղ է ու քարքարոտ մեր լեռնային կածանների պես: Մենք քայլում ենք զգույշ ու շրջահայաց, որովհետև մեծ պատասխանատվություն ունենք մեր ուսերին: Սա Երվանդունիների ու Արտաշեսյանների Հայաստանն է, սա Արշակունիների և Բագրատունիների Հայաստանն է, սա նախորդ դարասկզբի Հայաստանի Հանրապետությունն է, որ արդեն մտել է Քրիստոսից հետո երրորդ հազարամյակ:

Վերելքներով ու վայրէջքներով լի է մեր ուղին, բայց դա մե՛ր ուղին է: Աջից ու, ձախից պաշարված ենք. երբեմն՝ խրոխտ, երբեմն՝ նեղսրտած, բայց հաստատ դեպի լույսն ենք գնում: Եվ հետ ենք բերելու բոլոր նրանց, ում չկարողացանք այս ընթացքում պահել մեր կողքին: Վերականգնելու ենք բոլոր կորուստներն ու անցյալում ենք թողնելու բոլոր զրկանքները: Հետ ենք նայելու և հպարտորեն արձանագրելու ենք, որ միասին նրբորեն անցանք միակ հնարավոր նեղ կածանով: Անկասկած:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ժողովուրդը շատ երկար է ստիպված եղել լուծել ոչ թե զարգացման, այլ առաջին հերթին՝ գոյատևման խնդիրներ: Այսօր առաջադրանքը փոխված է. այժմ մենք կյանքի ենք կոչում Հայոց պետության ամրապնդման ու զարգացման ծրագրեր: Անշուշտ, անվտանգությունը թիվ մեկ առաջնահերթությունն է աշխարհում բոլորի համար, և մենք բացառություն չենք: Անվտանգության հարցերը միշտ լինելու են մեր առաջնային ուշադրության կենտրոնում, ինչպես որ այսօր են: Մենք անընդհատ ուղիներ ենք փնտրում վերելքի նոր լիցք հաղորդելու մեր տնտեսությանը: Արդյունքներ էլ ունենք: Հնարավորինի սահմանը ընդլայնելու նպատակներ ենք դնում, որպեսզի հստակ պարբերականությամբ ամեն տարի աշխատավարձ ու կենսաթոշակ կարողանանք բարձրացնել: Սրան զուգահեռ իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք հետևողականորեն զարգացում են ապահովում ժողովրդավարության խորացման, արդյունավետ կառավարման, իրավունքի գերակայության ապահովման և մնացած բոլոր ուղղություններով: Մեր քաղաքականությունը այս նպատակներին է միտված:

Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև հասարակության կեցվածքը շատ հստակ է: Մենք կուշտ ենք պատերազմներից, ցնցումներից, կտրուկ շրջադարձերից և արկածախնդրություններից: Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանություն, խաղաղ աշխատանք և կայուն զարգացում: Մենք հենց դա ենք անում: Գուցե դանդաղում ենք, գուցե սխալներ ենք անում, բայց հաստատ՝ ոչ ամենակարևորում և հաստատ ոչ ճակատագրական:
Հայոց պետություն նշանակում է հայոց երազանքի իրականացում: Ահա այսօրվա տոնի մեծագույն խորհուրդը: 1991 թվականին անկախության վերականգնմամբ իրողություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքը: Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները, և առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիներն են սնուցիչն ու բաղկացուցիչը իրականություն դարձած սեփական երազանքի: Արդյո՞ք ներկա աշխարհում մենք ի զորու ենք նոր բարձունքների հասցնել ի կատար ածված մեր երազանքը: Այո՛, եթե չգերագնահատենք և չթերագնահատենք մեր ուժերը: Լեռնային արահետով անցնողի համար պարտադիր է ճանապարհի բոլոր հատվածների կանխավ ճիշտ գնահատելը:

Երվանդունիների Հայաստանը և Արտաշեսյանների Հայաստանը հայոց երազանք էին: Այսօր բոլորովին այլ է վիճակը, և մենք այլ երկիր ունենք: Սա նոր իրողություն է, որը մեր ժողովուրդը սկսել է կառուցել պատերազմելով ու պաշտպանվելով, բայց և հենվելով Խորհրդային Հայաստանից ստացած ծանրակշիռ ժառանգության վրա: Հետադարձ հայացքը հստակ ցույց է տալիս, թե ինչ հսկա ճանապարհ ենք անցել և ինչ հսկա վտանգներ ենք շրջանցել: Նաև համոզմունք է ներշնչում, որ մենք կարող ենք ավելի արագ շարունակել մեր ընթացքը: Հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ իր դերակատարությունն ունի այս գործում: Եթե դեռ որևէ մեկը չգիտի այդ մասին, ապա ժամանակն է, որ իմանա:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախությունը միաժամանակ նպատակ է և կենսակերպ: Այն պիտի նվաճել ամեն օր` յուրաքանչյուր րոպե ապրելով, որոշումներ ընդունելով ու կատարելով դրանք որպես անկախ Հայաստանի ազատ քաղաքացի: Մենք ապրում ենք ազատ երկրում, և ամեն ինչ կարող ենք քննարկման առարկա դարձնել: Մի բան, սակայն, կա և անփոփոխ է ցանկացած իրավիճակում. դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է: Իրականացված երազ և պարտավորություն, որ միշտ մեզ հետ է: Տոն, որ ժառանգել ենք մեր հերոսների արյան գնով, և պարտավորություն, որ պիտի փոխանցենք մեր թոռներին:

Կրկին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը: Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք՝ ի բարօրություն մեր ընտանիքների և մեր երկրի: Մաղթում եմ, որ մեր ուժերը ճիշտ բաշխենք մեր ճանապարհի տարբեր ոլորաններում և հաջողությամբ պսակենք մեր իղձերն ու ծրագրերը: Դրանց բոլորի հանրագումարն է հենց, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՛ռք հայ ժողովրդին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ՀՀ Անկախության տոնի առթիվ

անկախության  տարեդարձՀայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:
Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային զարգացման արդիական հարցերի լուծման գործում: Աճում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Պատմական խորը արմատներ ունեցող ռուս-հայկական հարաբերություններն այսօր հասել են դաշնակցային գործընկերության մակարդակին և շարունակում են ակտիվորեն զարգանալ: Դա, մասնավորապես, հաստատեցին Մոսկվա Ձեր վերջերս կատարած այցի արդյունքները:

Վստահ եմ, որ մենք համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, կառուցողական փոխգործակցության ընդլայնումը տարբեր բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և նոր հաջողություններ, իսկ Ձեր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»:

 

Հանրապետության Նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ Ձեզ և ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության և հաջողության բարեմաղթանքներս:

Անկախությունից ի վեր Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել բարգավաճման և ժողովրդավարության ուղիով, շնորհիվ, մասնավորապես, Եվրամիության հետ իր վարած երկխոսության շրջանակներում իրականացված խիզախ բարեփոխումների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը:

Ինչպես գիտեք, ես անձնապես մեծ կարևորություն եմ տալիս Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը: Ցանկանում եմ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեզ հետ միասին շարունակել աշխատանքն առավել որոշակի կերպով, հատկապես տնտեսական ոլորտում:

Թույլ տվեք ընդգծել նաև այն կարևորությունը, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին:

Ուրախ եմ առաջիկայում Փարիզում Ձեզ հյուրընկալելու` այս թեմաները համատեղ քննարկելու նպատակով:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս գերագույն հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ Հայաստանի ժողովրդին Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից սրտանց շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ է հղել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը:

«Որպես Հայաստանի մեծ բարեկամ և գործընկեր, չինական կողմն ուրախ է, որ այսօր Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդն իր ջանքերով մեծ հաջողությունների է հասել պետականաշինության մեծ գործում: Մենք անկեղծորեն Ձեր երկրի ժողովրդին մաղթում ենք ավելի մեծ հաջողություններ պետության զարգացման ճանապարհին:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 տարիների ընթացքում Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցել և փոխադարձ հարգանք են տածել միմյանց նկատմամբ, համատեղ հաղթահարել են դժվարությունները և անկեղծորեն համագործակցել: Կողմերի միջև քաղաքական փոխգործակցությունն անընդհատ ամրապնդվում է, ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը հասել է մեծ արդյունքների: Ես մեծ ուշադրություն եմ հատկացնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, պատրաստ եմ Ձերդ Գերազանցության հետ ամբողջ ջանքերը ներդնել հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:

Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում և հզորություն, ժողովրդին՝ երջանկություն: Ցանկանում եմ քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ»,-ասված է Չինաստանի Նախագահի ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը

 

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և համայն հայությանը՝ Անկախության տոնի առթիվ:

22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապես փոխեց նրա հետագա զարգացման ընթացքը: Վերջապես վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը դարեր շարունակ թվում էր անիրականանալի, վերականգնվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրավունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիությունն ու անխուսափելիությունն ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունն այսօր առաջ է ընթանում հաստատուն քայլերով՝ իրականացնելով տարբեր ծրագրեր՝ ուղղված ժողովրդի անվտանգության ապահովմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մարդկանց սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմանների բարելավմանը: Ես ավելի քան վստահ եմ, որ համատեղ ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ հայ ժողովուրդը կարձանագրի նոր ձեռքբերումներ ու կհասնի ազգային նպատակների իրագործմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք՝ ի փառս Մայր Հայաստանի զորացման ու բարգավաճման»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարներն ընդունեցին Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին

510. Ministers of Foreign Affairs and Diaspora received Representatives of Organizations Raising Awareness about Armenian Issues 21.09.2013Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեցին Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին։

Շնորհավորելով ներկաներին Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդանշական է, որ հանդիպումը կայանում է Ազգային տոնի օրը, քանի որ մեր ընդհանուր նպատակն է համադրել ջանքերը՝ ի նպաստ համահայական խնդիրների լուծման, Հայաստանի պետականության առավել ամրապնդման։

Պատասխանելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայկական հիմնախնդիրներով զբաղվող շուրջ 50 գործիչների հարցերին՝ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման համար Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը,  սիրիական ճգնաժամին և սիրիահայության անվտանգության ապահովմանն առնչվող հարցերը։

ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

3840Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:

Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած այդ անձանց Հանրապետության Նախագահն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ
Սիրելի՛ բարեկամներ,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Մեզնից յուրաքանչյուրը անհատապես և մենք հավաքականորեն ուժեղ ենք մեր անկախ պետականությամբ: Իսկ պետությունը ուժեղ է ձեզ նման մարդկանցով, ովքեր իրենց աշխատանքով ու ծառայությամբ լիարժեք շունչ են հաղորդում պետական կառույցներին և հասարակությանը: Ավելին՝ պետությունը հենց մարդիկ են, և առաջին հերթին կարող մարդիկ: Որքան շատ բան դուք կարողանաք անել ձեր ոլորտներում, այնքան ավելի հզոր կլինենք մենք որպես հավաքականություն և որպես երկիր:

Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Իհարկե, սա հաճելի փաստ է, բայց այս իրողությամբ ձեր գործը չի թեթևանում: Ընդհակառակը՝ դուք ձեր ուսերին եք առնում ավելի մեծ պատասխանատվություն: Ձեզ ի ցույց են դնելու, որպես արժանավորի, որ մեծ ծառայություններ ունի հայրենի երկրի և ժողովրդի առաջ:

Իմ տպավորությամբ այս սրահում, ի դեմս պարգևատրվածների, ներկա¬յացված են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերը: Սա ևս մեկ վկայություն է այն փաստի, որ բոլոր բնագավառներում մենք ունենք իրենց գործի իսկական նվիրյալներ, քաղաքացիական հստակ դիրքորոշում և մասնագիտական բարձր կարողություններ ունեցող մարդիկ:

Սիրելի՛ բարեկամներ,

Ինձ համար հաճելի է նման պարտականություն կատարել, որովհետև սա նաև առիթ է հանդիպելու և Հայաստանի ժողովրդի անունից մեծարելու նրանց, ովքեր դրան արժանի են: Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը և լուրջ ձեռքբերումները տեսնվեն ու գնահատվեն, չմնան ստվերում:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:
Շնորհակալություն:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ

պբօպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և մարտագծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

Անկախության տոնի առթիվ միջոցառումներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում

005ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:

Նոր Նորք վարչական շրջանում Անկախության օրը նշվել է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցել են երաժշտական դպրոցների և մշակույթի կենտրոնի սաները:
Գայի արձանի հարակից հատվածում կազմակերպվել է նաև ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն:

Արաբկիր վարչական շրջանի  Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տոնական միջոցառումանը ներկայացվել է հայկական ազգային  երգ ու պար: Զուգահեռ միջոցառումներ են անցկացվել նաև վարչական շրջանի պուրակներում և բակերում:

Տոնական միոցառումները վարչական շրջաններում շարունակվել են մինչև ուշ երեկո և եզրափակվել հրավառությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

«ՈւԱԶ»-ը շրջվել է. վարորդը և 6 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

ավտոպատահար

Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհին՝ Սադունց գյուղի հատվածում, շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: