Վարչապետն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր

10703_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը և, այդ համատեքստում, քննարկել երկկողմ նոր ծրագրին առնչվող հարցեր:
Անդրադառնալով նախորդ ծրագրի արդյունքներին՝ Մարկ Հորթոնն ընդգծել է դրա շրջանակներում Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացված մի շարք բարեփոխումների փաստը:
Իր հերթին, վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են շարունակելու տարբեր ինստիտուտների զարգացման ծրագրերը:
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Սպասվում են տեղումներ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 19-ից 21-ը հյուսիսային շրջաններում, 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում՝
Սեպտեմբերի 19-ից 21-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 22-23-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
                                 

Փոխվարչապետն ընդունեց Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը

3590_bՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է` Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, եւ անցած օրերին հանդիպումներ է ունեցել մարզային իշխանությունների հետ, ծանոթացել գործակցության ներուժին:

Ա. Գեւորգյանը ողջունեց համագործակցության նախաձեռնությունը` նշելով, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների խորացումը եւ գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի հետ ավանդական բարեկամական կապեր ունեցող Բելառուսի մարզերի հետ համագործակցությունը զարգանում է:
Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ներուժի, տեղերում իրականացվող մեծածավալ ծրագրերի մասին` նկատելով, որ երկու մարզերը հարուստ են նաեւ պատմամշակութային ժառանգությամբ եւ զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունեն:

Հյուրերը տեղեկացրեցին, որ արդեն նախանշվել են համագործակցության որոշ նախագծեր, որոնք կարող են հաջողությամբ կյանքի կոչվել: Նրանք իրենց հայ գործընկերներին նույնպես հրավիրել են Բելառուս`համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու համար: Կողմերը հեռանկարային են համարում գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությունը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

 

 

Серж Саргсян

Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց` նրանց հարազատների, մերձավորների և ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։

Վարչապետի մոտ ընթանում են ՀՀ 2014 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները

10702_am_1ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում վերջնականացվելու է բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ին կայացած նիստում ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը:

Արմեն Գևորգյան. Պետք է ստեղծել պայմաններ, որ ՏԻՄ-երը կարողանան բավարարել քաղաքացիների ակնկալիքները

արմեն գևորգյանPanorama.am-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում սպասվելիք տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին, դրանց նպատակին ու մեթոդաբանությանը:

– Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը տեղական ինքնակառավարման համակարգում: Առհասարակ, համակարգի կենսունակությունն ինչպիսի՞ն է:

– Համակարգն արդեն 17 տարի է, ինչ գործում է, ընդամենը երկու տարի առաջ նշեցինք 15-ամյակը, և մեծ հաշվով կարելի է ասել, որ ՀՀ-ում ՏԻՄ համակարգը կայացել է, ունի բավականին լուրջ ավանդույթներ, գործում է օրենսդրության շրջանակներում և պաշտպանված է Հայաստանի Սահմանադրությամբ: Այն, ինչ թվարկեցի, պատահական չէ, որովհետև, ըստ էության, բավականին ամուր օրենսդրական հիմքեր կան գործունեության համար: Բայց դա դեռ չի նշանակում, որ մենք կարող ենք ասել, որ ունենք լիարժեք տեղական ինքնակառավարման համակարգ: Մեր զարգացումն ուղղված է այդ լիարժեքությունն ամբողջությամբ ունենալուն, ստանալուն, և այդ իմաստով մենք դեռ շատ անելիքներ ունենք:

– 1995 թվականից հետո, երբ հիմք դրվեց ներկայումս գործող համակարգին, բազմաթիվ քայլեր են կատարվել համակարգն ավելի բարելավելու և արդիականացնելու ուղղությամբ: Այդ թվում նաև 2005-ի սահմանադրական բարեփոխումները: Այսօր, ըստ Ձեզ, կա՞ փոփոխությունների կարիք, և դրանք կոնցեպտուալ, փաթեթային բնույթ են կրո՞ւմ, թե՞ էլի փոքր քայլերով առաջ ընթանալու փիլիսոփայությամբ են:

– Ես կարծում եմ` ժամանակակից աշխարհն ու հասարակությունը զարգացման այն աստիճանի են, որ փոքր քայլերով շատ դժվար է մեծ նպատակների հասնելը և այդ իմաստով բացառություն չի մեր տեղական ինքնակառավարման համակարգը: Ես համոզված եմ, որ մենք, ըստ էության, արդեն հասել ենք համակարգի զարգացման այնպիսի հանգրվանի, որ պետք են արդեն էական քայլեր` առաջընթաց ունենալու համար: Խնդիրն ինչո՞ւմն է կայանում, ըստ էության. մենք այսօր ինչ-որ մի մակարդակում կարողացել ենք ապահովել տեղական ինքնակառավարման համակարգի մարմինների պարտականությունների և լիազորությունների կատարման համապատասխանեցումն իրենց հնարավորություններին, բայց,  զարգացող հասարակությունը, նոր ձևավորվող պահանջները և այլն, ավելի մեծ ակնկալիքներ են ձևավորում: Այսօր մեր խնդիրն է` կարողանալ ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդ ավելի մեծ ակնկալիքները բավարարվեն: Ուստի, կարող ենք արձանագրել, որ մեր տեղական ինքնակառավարման համակարգի այսօրվա զարգացման աստիճանը դեռ հնարավորություններ չի ստեղծում, որպեսզի այդ նոր ձևավորված պահանջմունքները բավարարենք և նոր որակի ծառայություններ մատուցենք մեր բնակչությանը: Այսինքն` առաջիկայում մեր բարեփոխումների նպատակը գլոբալ իմաստով դա է լինելու` ստեղծել նոր պայմաններ և հնարավորություններ, որպեսզի մեր տեղական ինքնակառավարման համակարգը կարողանա նոր և ավելի որակյալ ծառայություններ մատուցել մեր բնակչությանը:

– Կմանրամասնեք` կոնկրետ ի՞նչ պայմանների անհրաժեշտությունն է այսօր զգում համակարգը զարգացման, առաջընթացի համար, և ի՞նչն է այսօր խոչընդոտում, որ, ենթադրենք, այն համայնքներ, որոնք իսկապես տիրապետում են ունակությունների, հասնեն այդ նպատակներին` առանց փոփոխությունների:

– Երբ խոսում եմ կարողությունների մասին, առաջին հերթին կոնկրետ այս պարագայում խոսքը նյութատեխնիկական, ֆինանսական ռեսուրսների և համապատասխան մարդկային ռեսուրսների առկայության մասին է: Մենք այսօր հասել ենք մի մակարդակի, երբ տեղական ինքնակառավարման համակարգը իր սեփական եկամուտների հաշվին կարողանում է քիչ թե շատ ինչ-որ ծառայություններ մատուցել բնակչությանը, բայց այդ ծառայությունների մատուցման ծավալը և որակն այնպիսին չեն, որ բնակչությունն իր հիմնական, կենցաղային պահանջմունքների բավարարումը կապի և տեսնի տեղական ինքնակառավարման համակարգի մեջ: Դրա հետևանքով ուշադրությունը միշտ սևեռվում է դեպի պետություն, դեպի կառավարություն: Մյուս կողմից էլ այսօրվա մեր օբյեկտիվ հնարավորություններն այպիսին չեն, որպեսզի համայնքները կարողանան ավելի շատ գումար հավաքագրել իրենց բյուջեներում, որպեսզի այդ խնդիրները լուծեն: Այդ իսկ պատճառով պետությունն է տարիներ շարունակ իր համապատասխան օժանդակությունը ցույց տալիս` դոտացիաների ձևով կամ այլ նպատակային ծրագրերով: Հիմա այդ խնդիրն է, որպեսզի կարողանանք այդ կարողությունները բարձրացնել, մեծացնել, որ իրենք կարողանան նաև տեղերում ավելի շատ հարցեր լուծել: Մյուս կողմից էլ խնդիր է առաջանում` արդյո՞ք մենք տեղական ինքնակառավարման համակարգում այսօր այդ մակարդակում ունենք անհրաժեշտ մարդկային պոտենցիալ, որն ի վիճակի է լուծել համայնքի առջև առաջացող խնդիրները: Խոսքը ոչ միայն գյուղապետերի մասին է, այլև ավագանիների մասին է, խոսքը համայնքային ծառայողների մասին է, որովհետև միայն համայնքի ղեկավարով շատ հարցեր համայնքում չես կարող լուծել: Եվ այդ իմաստով կարող եմ ասել, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք այդ ուղղությամբ: Եվ հուսով եմ, որ այդ խնդիրները ևս կկարողանանք լուծել:

Շարունակությունը կարդացեք Panorama.am-ում

Դոլարը իջնում է

դոլարՍեպտեմբերի 18-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.77 դրամ մեկԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.75 դրամ:

 

Քաղաքապետը հանդիպել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի հետ

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել նրան գործնական հաջողություններ: Ներկայացնելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակները՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը մայրաքաղաքում կյանքի կոչված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հաջողված նախագծեր ունի, որոնք իրականացվել են հենց մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում. «Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացումը։ Այսօր լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ, որոնք նպատակ ունեն ապահովել բոլոր ոլորտների համաչափ զարգացումն ու բարելավել ներդրումային միջավայրը: Եվ այս համատեքստում մենք պատրաստ ենք համագործակցել նաև «ԱրմենՏել» ընկերության հետ ինչպես քաղաքային կառավարման, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նկատել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետի մոտեցումներն իսկապես ողջունելի են, և իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրերի իրականացման գործում. «Մենք ևս ուրախ կլինենք ի դեմս Երևանի քաղաքապետարանի ունենալ վստահելի գործընկեր ու մեր լուման ներդնել Երևանի զարգացման գործում: Հուսով եմ, որ առաջիկայում մեր համագործակցությունն առավել գործնական դաշտ կթևակոխի»,- նշել է  Անդրեյ Պյատախինը:  

Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանի հետ համագործակցելու պատրաստակամության համար` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ համագործակցությունը կլինի երկուստեք փոխշահավետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Մարզպետները քննարկել են 2014 թ. մարզպետարանների բյուջետային հայտերը

տկնՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2014թ. մարզպետարանների բյուջետային հայտերի, ինչպես նաեւ 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց ներկայացնել համապատասխան հաշվարկները, ինչպես նաեւ հնարավոր խնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունները:

Քննարկվեց նաեւ 2014թ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հարցը: Տեղեկացվեց, որ 2014թ-ին դոտացիաներն առաջին անգամ հաշվարկվելու են` հիմնվելով Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:

Փոխվարչապետը կարեւորեց համայնքների ղեկավարների եւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը` ռեգիստրի տվյալների ճշգրտման ուղղությամբ, որից հետո միայն կկատարվի դոտացիաների հաշվարկը: 2014թ. համար համայնքներին տրամադրվող դոտացիաների ընդհանուր ծավալը նախատեսվում է շուրջ 39 մլրդ դրամ, ինչը 2,7 մլրդ դրամով գերազանցում է 2013թ. ցուցանիշը:

Քննարկվեցին նաեւ դպրոցներում ուսումնաօժանդակ հաստիքների թվաքանակի հաշվարկների, աշխատավարձերի ֆոնդերի, պահպանման ծախսերի հետ կապված հարցեր:

Անդրադարձ եղավ նաեւ հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի, դիզվառելիքի եւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ծրագրերի ընթացքին: Փոխվարչապետը կարեւորեց նաեւ աշնանացանի ընթացքում ոռոգման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը եւ ջրօգտագործողների ընկերությունների հետ համագործակցությունը` ձեւավորված հասույթների դիմաց վարձավճարների ամբողջական հավաքագրման հարցում:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ առաջիկայում իրականացվելիք մի շարք միջոցառումների կազմակերպչական հարցեր: Մասնավորապես սեպտեմբերի 20-ին “Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագրի շրջանակներում Գյումրիում կկայանա ԱՊՀ երկրների “Art EXPO” I միջազգային ցուցահանդեսը: Փոխվարչապետը հորդորեց մարզպետներին ապահովել մարզերի պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվելիք միջոցառումներին:

Հոկտեմբերի 3-5-ը Ջերմուկում կանցկացվի գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որը կրկին կհամախմբի գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարներին ` փորձի, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով: Փոխվարչապետը կարեւորեց համայնքապետերի եւ ավագանու անդամների ակտիվ մասնակցությունը թեմատիկ կլոր սեղաններին, որոնց ընթացքում քննարկվելու են ՏԻՄ-երին վերաբերող ամենահրատապ հարցերը:

Քննարկվեցին նաեւ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի կապակցությամբ մարզերում կազմակերպվող միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր:

Հհասարակայնության հետ կապերի բաժին

Արդիականացվում են Երևանի փոքր կենտրոնի մեծ և միջին գովազդային վահանակները

002Մայրաքաղաքի արտաքին տեսքի բաղկացուցիչ մաս կազմող արտաքին գովազդի արդիականացման և քաղաքի ընդհանուր ձևավորմանն առավել համահունչ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ գովազդային ոլորտի կազմակերպություններին առաջարկ է ներկայացվել փուլային տարբերակով՝ մինչև 2013թ. տարեվերջ, ապամոնտաժել մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակները, որոնց գովազդային մակերեսը ձգվում է փողոցների երթևեկելի մաս՝ խոչընդոտելով փողոցների ամբողջական տեսողական ընկալմանը։

Երևանի քաղաքապետանի արտաքին ձևավորման և գովազդի վորչության պետ  Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությանը հավանություն տված ընկերությունները սեպտեմբերի 23-ից կսկսեն վերոնշյալ գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը։ Փոխարենը Երևանի քաղաքապետարանն այդ կազմակերպություններին կտրամադրի քաղաքային համապատասխան չափերի (1.2×18) ժամանակակից, եվրոպական չափանիշերին համապատասխան գովազդային կրիչներ տեղադրելու հնարավորություն:

«Մի կողմից ապահովելով վահանակների և դրանց քանակի ներդաշնակությունը քաղաքի ճարտարապետական տեսքին, մյուս կողմից, չվնասելով փողոցներում առկա վահանակների սեփականատեր հանդիսացող ընկերությունների մասնավոր շահերը,  մենք կկարողանանք Երևանն ավելի հարմարավետ դարձնել»,-նշել է Արազ Բաղդասարյանը:

Մինչև հոկտեմբերի 5-ը կապամոնտաժվեն մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի (մինչև Խանջյան փողոց), Թումանյան, Տերյան, Աբովյան, Կորյուն, Ամիրյան փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի (մինչև Խանջյան փողոց) գովազդային մեծ և միջին չափի վահանակները, իսկ մինչև տարեվերջ ամբողջ փոքր կենտրոնի՝ ընդհանուր հաշվարկով 106 գովազդային վահանակները։

Ի դեպ, նկատի առնելով փողոցների երթևեկի ծանրաբեռնվածությունը, ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն հիմնականում գիշերային ժամերին, ինչի համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայրաքաղաքի ոռոգման համակարգն ընդլայնվել է ևս 21 կմ-ով

004Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսն ընդհանուր առմամբ կհասնի 850.0 հա-ի: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման  ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է նաև Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ.-ի ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ.-ի ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ մակերես  արդեն լիովին ոռոգելի է դարձել:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած  աշխատանքների արդյունքում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել՝ 16 հազար տարբեր տեսակի ծառեր:  Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այդ թվում, տնկվել է շուրջ 300 հազար վարդակակաչ և 12 հազար վարդի թուփ: Արդյունքում մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքն այս տարի կազմել է 6.8 հա, որը 1.1 հա-ով ավելի է  2012թ.-ի ցուցանիշից:

Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի ծավալը:  Անցած ժամանակահատվածում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, թարմացվել են գոյություն ունեցող ևս 16 հա սիզամարգերը:  Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 70 գեղարվեստական կոմպոզիցիաներ,  դեռևս ընթացքի մեջ են ևս 20-ի տեղադրման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Փոխվարչապետն ընդունեց գերմանական պատվիրակությանը

արմեն գևորգյանՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության, Գերմանական զարգացման բանկի (KfW) եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` գնահատելու գերմանական կողմի աջակցությամբ իրականացված ծրագրերի ընթացքը, շահագրգիռ կառույցների հետ քննարկելու համագործակցության նոր ծրագրի առաջնահերթությունները:

Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության հեռանկարային ուղղություններին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսվելիք հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

“Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվում են մի շարք հաջողված ծրագրեր: Կառանձնացնեի մարզերում ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման ծրագրերը, որոնք միտված են նոր որակի համայնքների ձեւավորմանը”,-նշեց Ա. Գեւորգյանը` բարձր գնահատելով Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Ա. Գեւորգյանը գոհունակություն հայտնեց, որ KfW-ն պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել կոշտ կենցաղային աղբի վերամշակման, կառավարման համակարգում իրականացված աշխատանքների եւ ջրօպերատոր ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող ավելի քան 500 համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառավարման բարելավման հարցերում: Նա նաեւ արդյունավետ համարեց GIZ-ի աջակցությամբ իրականացվող “Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում” եւ “Հողերի էրոզիայի վերահսկողության ինտեգրացված միջոցառումներ Հարավային Կովկասում” ծրագրերը:

Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարության համար շարունակում են առաջնահերթ մնալ համագործակցության նախանշված ուղղությունները:

Գերմանական պատվիրակության ներկայացուցիչները եւս գոհունակություն հայտնեցին ծրագրերի ընթացքից եւ շնորհակալություն հայտնեցին ծրագրերի իրականացման նկատմամբ հետեւողականություն ցուցաբերելու համար:

ՏԿՆ հասարակայնություն հետ կապերի բաժին

Պաշտոնական այց` Բելառուսի Հանրապետություն

կգն2Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի նախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լ. Թավադյանը, ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետ Տ. Սահակյանը:
Այցի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Բելառուսի ԿԳ նախարար Սերգեյ Մասկևիչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների բուհերի համագործակցության, հանրակրթական փոխանակման ծրագրերի և դրանց իրականացման, ինչպես նաև կրթության միջազգայնացման, համատեղ գիտական գործունեության հարցեր:
Արմեն Աշոտյանը, մատնանշելով տարբեր օլիմպիադաներում բելառուս աշակերտների ցուցաբերած բարձր արդյունքները, նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է Բելառուսում իրականացվող ուսուցման մեթոդիկան, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրումը: “Նախատեսվում է, որ մի քանի տարի հետո Հայաստանի ԿԳ նախարարությունը կառաջարկի հանրակրթության նոր հայեցակարգ և այդ ոլորտում Բելառուսի փորձը չափազանց օգտակար է մեզ համար”,-ասել է Ա. Աշոտյանը: Սերգեյ Մասկևիչն իր հերթին նշել է, որ երկու երկրների համագործակցությունն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերջինիս խոսքով` այս պահին գործում է 16 միջբուհական համաձայնագիր: Մասկևիչը նշել է նաև, որ Բոլոնիայի գործընթացի մասնակից Հայաստանի փորձը օգտակար կլինի ոչ միայն գերատեսչության ղեկավարության, այլև բուհերի ղեկավարության համար:
Նախարարների հանդիպումից հետո կայացել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածություններին, մասնավորապես, նշվել է, որ երկու երկրները հայտարարում են մրցույթ` բուհական լավագույն նախագծի համար, որին մասնակցելու համար բուհերը պետք է համապատասխան հայտ ներկայացնեն մինչև հոկտեմբերի 25-ը: Նախարարները տեղեկացրել են նաև, որ հանդիպման ընթացքում քննարվել է նաև կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությունը: Ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանը լրագրողներին է ներկայացրել Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի վերջին զարգացումները և գերակայությունները
Այցի ընթացքում Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի պետական համալսարան և դասախոսություն կարդացել բուհի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների համար:
Պատվիրակությունն այցելել է նաև Նեսվիժ քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն, ինչպես նաև ծանոթացել Նեսվիժի գիմնազիայի աշխատանքներին:

Վրաերթ Բաբաջանյան փողոցում

վրաերթՍեպտեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան և աստղագիտության օրն է

Վիկտոր Համբարձումյան20-րդ դարի մեծագույն գիտնական, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում, մտավորականների ընտանիքում: 1924թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը և մեկ տարի անց տեղափոխվել տեղի պետական համալսարանը:

Դեռ ուսանելու տարիներին հրատարակել է արեգակնային ճառագայթներին վերաբերող իր տեսությունը: Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պուլկովոյի աստղադիտարանին կից ասպիրանտուրայում: Այնուհետեւ աշխատել է Սանկտ -Պետերբուրգի համալսարանում, որտեղ էլ ասղաֆիզիկայի ամբիոն է հիմնել: 1930թ ամուսնացել է Վերա Կլոչիխինայի հետ:

Դառնալով Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր 1934-41թթ հայ գիտնականը ղեկավարել է համալսարանի աստղադիտարանը: 1943թ. Համբարձումյանը վերադարձել հայրենիք և անմիջապես նշանակվել է ԳԱ փոխնախագահ: 1947թ-ից զբաղեցրել է նախագահի պաշտոնը, որում երկրորդ անգամ վերընտրվելով’ նախագահել մինչև 1993թ: 1946թ. Բյուրականում հիմնել է Հայաստանում առաջին աստղադիտարանը և տնօրինել այն մինչեւ 1988թ: 1961-64թթ նախագահել է Միջազգային աստղագիտական միությունը: Երկու անգամ ընտրվել է Գիտական միջազգային միությունների խորհրդի նախագահի պաշտոնում: 1947թ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Համբարձումյանը պարգեւատրվել է Ստալինի 2 մրցանակներով, ՌԴ պետական մրցանակով,

Պարգևատրվել է Լոմոնոսովի, Վավիլովի, Հելմհոլցի (ԳԴՀ), Ժանսենի (Ֆրանսիա), Բրյուսի (ԱՄՆ), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի (ԳԴՀ) անվան, Ալովակիայի ԳԱ և Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության մեդալներով։

Ավստրալիայի ազգային (Կանբերա, 1963), Լիեժի (Բելգիա, 1967), Կարլովի (Պրագա, 1967), Լա Պլատայի (Արգենտինա, 1974), Սորբոնի (Փարիզ, 1965), Տորունի Կոպեռնիկոսի անվան (Լեհաստան, 1973) համալսարանների պատվավոր դոկտոր։ Պարգևատրվել է Լենինի հինգ, Աշխատանքային կարմիր դրոշի երկու և այւ շքանշաններով  ու  մեդալներով։

 

Մահացել է 1996թ օգոստոսի 12-ին և թաղվել Բյուրականի աստղադիտարանին հարող գերեզմանատանը:Վիկտոր Համբարձումյանի անունն է կրում 1972թ հայտնաբերված 1905 փոքրիկ մոլորակը: Աշխարհահռչակ գիտնական-աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանի ծննդյան օրը Հայաստանում հռչակվել է աստղագիտության օր:

 

Կադրերը կարևոր են առողջապահության ոլորտում

դումանյանՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների ծրագրի ղեկավար Գալինա Պերֆիլիևան ներկայացրեց, թե ինչու է առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսներով ապահովումն ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի գերակա ուղղություններից մեկը և ինչպիսի խնդիրների հետ են առընչվում ԱՀԿ անդամ պետություններն այս ոլորտում: Նա նշեց, որ բոլոր երկրներում առողջապահության ոլորտում կադրերի պատրաստումը կարևորագույն ներդրում և գործոն է։ Միաժամանակ մարդկային ռեսուրսներն այս ոլորտում լուրջ դերակատարություն ունեն։ Բանախոսն ընդգծեց, որ տնտեսական համաշխարհային ճգնաժամի ընթացքում ավելի մեծ ծավալներով աշխատել է միայն առողջապահական համակարգը։ Ռազմավարական այս կապիտալը` բուժաշխատողները կազմում են ընդհանուր աշխատուժի շուրջ 10%-ը: Միաժամանակ առողջապահական բյուջեի 62-80%-ը որպես աշխատավարձ տրամադրվում է հենց մարդկային ռեսուրսներին: Նշվեց նաև, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունն և արդյունավետությունը, ինչպես նաև առողջապահական համակարգի զարգացումն անմիջականորեն պայմանավորված են մարդկային ռեսուրսների առկայությամբ և արդյունավետ աշխատանքով:

Գալինա Պերֆիլիևան փաստեց, որ առողջապահության ոլորտի կադրերն աշխարհագրորեն խիստ անհամաչափ են բաշխված։ Ուսումնասիրությունները վկայում են, որ բուժաշխատողների պակասն ուղղակիորեն անդրադառնում է մարդկանց կյանքի որակի և առողջական վիճակի վրա։ Որպես դրա վկայություն բանախոսը հիշատակեց այն փաստը, որ մայրական մահացության ցուցանիշներն անմիջականորեն կապված են մարդկային ռեսուրսների կրիտիկական պակասի հետ։ Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհի համար լրջագույն այս խնդիրը խոչընդոտում է հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշներին հասնելու գործին։

Եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի համար ընդհանուր խնդիր է առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների վերաբերյալ պատշաճ վիճակագրության բացակայությունը և անհրաժեշտ կադրերով ոչ լիարժեք ապահովվածությունը: Այս ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միջին տեղերում հետևյալ ցուցանիշներով` 100,000 բնակչի հաշվով 251,1 բժիշկ, 48,5 առաջնային օղակի բժիշկ, 463,0 բուժքույր։ Այս առումով ամենաբարձր ցուցանիշները Հունաստանում են` 612,6 բժիշկ, 159,4 առաջնային օղակի բժիշկ, իսկ ամենացածրը` Ալբանիայում` 113,6 բժիշկ, 20,6 առաջնային օղակի բժիշկ:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԱՀԿ կողմից վերջին տարիներին ընդունված մի շարք ռազմավարական կարևոր փաստաթղթեր` ուղղված առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների բազմազան խնդիրների լուծմանը։ Միաժամանակ ներկայացվեցին մարդկային ռեսուրսների գնահատման, մշտադիտարկման պլանավորման և իրականացման, ինչպես նաև կանխատեսման ԱՀԿ տարբեր գործիքներ:

Նախարար Դումանյանը, կարևորելով ԱՀԿ-ի փորձագետի հետ հանդիպումը, նշեց, որ չափազանց ակտուալ հարցերի քննարկումն օգտակար կլինի նախարարության մասնագետների համար։

Մոր ներկայությամբ սպանել է եղբորը և դիակը թաղել այգում

ոստիկանությունՍեպտեմբերի 17-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները,  սպանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գառնիկ  Խոջայանին:
Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը, մոր` 1938 թ. ծնված Փառանձեմ  Խոջայանի  ներկայությամբ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է եղբոր` 1970 թ. Հարություն  Խոջայանի   հետ, որի ընթացքում  աթոռի կոտրված մասով հարվածներ է հասցրել նրա գլխին, որը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքը թաքցնելու նպատակով, նույն օրը, ժամը 22.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, Գ. Խոջայանը եղբոր դիակը թաղել է իրենց տանը կից այգում:
Հարություն Խոջայանի դիակը այգու վերջնամասից հայտնաբերվել և տեղափոխվել է  դիահերձարան:
Հանգամանքները պարզվում են:
Գառնիկ  Խոջայանը ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանություն3Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 48-ը, գողության 83 դեպքից` 50-ը, խարդախության 18 դեպքից` 17-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը, իսկ  կողոպուտի 1   դեպքը  բացահայտվել է:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 9,  խարդախության` 2, սպանության փորձի և կողոպուտի  1-ական դեպք:
Անցած 5 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 1 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայտնաբերվել է նռնակ` առանց պայթուցիչի

նռնակՍեպտեմբերի 17-ին, ժամը 10.45-ին,  ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ 1979 թ. ծնված Երջանիկ Ա.-ն Աղավնատուն գյուղի սկզբնամասի հողատարածքում նռնակ է գտել:
Էջմիածին-Աղավնատուն ճանապարհի 1-ին կմ-ին հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է «ՌԿԳ-3 Ե-Մ ՏԳ-45» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն

ոստիկանությունՍեպտեմբերի 16-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի  բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով   բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Դ. Մալյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռոբերտ Մ.-ն բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:
Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Դ. Մալյան փողոցի 22/6 շենքի   բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Նոռա Ա.-ն խոհանոցային դանակով  հարվածել է ամուսնուն` Ռոբերտ Մ.-ին`  պատճառելով  վնասվածք:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, Նոռա Ա.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Վերջինս հաղորդում է տվել նաև, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր բնակարանում, վիճաբանության ժամանակ,  Ռոբերտ Մ.-ն ձեռքերով սեղմել է իր պարանոցը, քաշել մազերը և  հարվածելով թիկունքին` պատճառել վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 13.50-ին, Ռոբերտ Մ.-ն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, հիշյալ բնակարանում, վիճաբանության ժամանակ, ցանկացել է խոհանոցային դանակը վերցնել կնոջ` Նոռա Ա.-ի ձեռքից, սակայն վերջինս անզգուշությամբ դանակով վնասել է իր որովայնի ձախ հատվածը և պատճառել նշված վնասվածքը:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն: