Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Ստեփանավանի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով կանխվել է Էմիլյա Ավետիսյանի (ծնվ. 1963 թ.) ինքնասպանության փորձը:
Մահացել է հայտնի ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը
Սեպտեմբերի 15-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկահայ հայտնի բարերար Ջերարդ Գաֆեսճյանը:
Անկախ-ի հետ զրույցում լուրը հաստատեցին նաև Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնից:
Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925 թ. ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում:1950-ականների սկզբին նա աշխատանքի է անցել West Publishing ընկերությունում՝ որպես խմբագիր, որտեղ աշխատել է 44 տարի: Նա հիմնել է West Art and Law ընկերությունը, որի համար ստացել է հեղինակավոր Business and Arts մրցանակը: 1996-ի հունիսին Գաֆեսճյանը վաճառել է West Publishing-ի իր բաժնետոմսերը և հեռացել ընկերությունից:
Վաճառքից ստացած գումարով նա սկսել է ներդրումներ կատարել և բարեգործական ծրագրեր իրականացնել: 1996թ-ին Գաֆեսճյանը հիմնել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը և մի շարք բարեգործություններ իրականացրել հայրենիքում:
Նրա միջոցներով է վերակառուցվել և նոր շունչ ստացել նաև «Կասկադ» համալիրը, որը համարվում է Երևանի ամենահիասքանչ վայրերից մեկը: Այնտեղ է նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որը Գաֆեսճյանի նախաձեռնությամբ բացվել է 2009 թվականի նոյեմբերին:
Այնտեղ է գտնվում նաև Գաֆեսճյանի ապակյա իրերի անձնական հավաքածուն, որն իր յուրօրինակությամբ շատ արվեստասերների է գրավում:
Ջերարդ Գաֆեսճյանն ամուսնացած էր, ուներ երկու զավակ, թոռ և երկու ծոռ:
Անկախ-ն իր ցավակցությունն է հայտնում հայ բարերարի հարազատներին:
«Ես այդքան փող չունեմ, որ Հայաստանում հանգստանամ»
Այն արտահայտությունը կամ դժգոհությունը, թե սեփական հայրենիքում հանգստանալը թանկ արժե, ամեն տարի լսվում է հայաստանաբնակներից: Առաջին հայացքից զարմանք հարուցող այս միտքը թվում է անհավանական: Որքան էլ նոր կառուցվող շքեղ ու օտարահունչ հյուրանոցների ու հանգստյան տների թիվն օրեցօր մեծանում է, միևնույն է, չի նպաստում մրցակցությանը և առաջարկվող ծառայությունների սակագների մատչելիությանը: Ընդհակառակը, յուրաքանչյուր նորակառույց համալիր փորձում է մյուսներից ավելի բարձր գնային ռեկորդ սահմանել:
Փոքրիկ ճամփորդության մեծ բացահայտումները
Ինչևէ, այս տարի դարձյալ երկմտանքի մեջ էի. որտե՞ղ անցկացնել ամառային արձակուրդս: Դարձյալ պրպտեցի համացանցը հետաքրքիր առաջարկներ փնտրելու նպատակով: Խոստովանեմ, որ վերջին երկու երեք տարում Հայաստանից դուրս չէի եկել, հանգիստս անցկացրել էի Հայաստանի տուրիստական կենտրոններում: Ուստի այս տարի որոշեցի ընտրել ծովափնյա հանգիստը, բայց այնպիսի վայրում, որտեղ համեմատաբար սակավամարդ կլիներ: Ուստի գների և համարավետության առումով գրավիչ էր հարևան երկիրը՝ Աջարիան, բայց ընտրությունից դուրս էին աղմկոտ ու հայաշատ Քոբուլեթն ու Ուրեկին: Իսկ Չակվիի մասին լսել էի բազմիցս, ասում են, որ այնտեղ կլիման բարենպաստ է և բավական առողջարար, բացի այդ՝ սակավամարդ: Եվ գնային առաջարկներն էլ գրեթե չէին տարբերվում: Մեկ անձի դիմաց յոթնօրյա հանգիստը միջին պայմաններում Քոբուլեթում սկսվում և տատանվում էր 80-110 հազարի միջև՝ ներառյալ ճանապարհածախսն ու նախաճաշը: Ուրեկիում, որտեղ համեմատաբար մերձափնյա հատվածն ավելի նպաստավոր ու առողջարար է, գները մի փոքր ավելի բարձր են, բայց ոչ այնքան, որքան մեր երկրում: Հաջորդ վայրը, ուր հայերը նախընտրում են հանգստանալ, Գոնիոն է, որը բացի ծովափնա հանգստից, լեռնային գոտում է և տուրիստներին գրավում է իր հրաշալի բնությամբ: Այստեղ ևս վերջին տարիներին նոր հյուրատներ են կառուցվել, հենց ծովի մերձակայքում և բավական մատչելի պայմաններում հազարավոր զբոսաշրջիկների են ընդունում: Այս տարի զբոսաշրջիկների համար բոլորովին նորույթ էր Անակլեան, որը տեղակայված է հարևան Վրաստանի և Աբխազիայի սահմանամերձ գոտում և բավական բարենպաստ կլիմա և մաքուր ու ավազուտ լողափ ունի: Այս վայրում միայն մեկ տարվա ընթացքում երեք հյուրանոց է կառուցվել, այստեղ, ի դեպ, գնտվում է նաև Վրաստանի նախագահի նորակառույց ամառանոցը: Տուրիստական ընկերություններից տեղեկացանք, որ ուղեգրված հայերից մի քանիսը գոհ են եղել այնտեղ անցկացրած հանգստից, և միակ դժգոհությունը կապված է եղել ծառայությունների և ապրանքների թանկ գների հետ: Լինելով նոր բացահայտված հանգստավայր` այն ամենուր գովազդվում է և ներդրումների համար բարենպաստ վայր համարվում:
Այսպիսով, ընտրությունս կանգ առավ Չակվի տանող ուղերթի վրա: Կարծում էի, որ այս վայրում իսկապես հանգիստս կվայելեմ, կկտրվեմ քոբուլեթյան հայաշատ իրարանցումից, հայկական համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներից և ամենուր հնչող հայկական ռաբիս երաժշտությունից: Համացանցից գտա մի բանուկ հատվածում տեղակայված հյուրանոցային համալիր և որոշեցի ուղևորվել այնտեղ:
Չակվին բավական փոքր ավանատիպ գյուղակ էր, Բաթումի քաղաքից մի քանի կմ հեռու: Հյուրանոցը կառուցված էր անտառի գողտրիկ անկյունում՝ շրջապատված կանաչապատ պուրակներով և ծառախիտ այգիներով: Սակայն զարմանքս հարուցեց կայանատեղիում բեռնաթափվող հայկական ավտոմեքենաներիից հնչող հայկական երաժշտությունը: Իսկ ավելի ուշ, ճաշարանում պարզ դարձավ, որ նախաճաշում եմ միայն այզգությամբ հայ զբոսաշրջիկների հետ: Քսան հյուրանոցային համար ունեցող այս հյուրանոցի գրեթե բոլոր համարները զբաղեցրել էին հենց հայ քաղաքացիներ: Ի դեպ, մի քանիսը Հայաստանի մարզերից էին. երկու ընտանիք ժամանել էր Կապանից, երեքը՝ Եղեգնաձորից: Պարզվեց, որ մեր ցանկությունները համընկել էին, և նրանք ևս այս գողտրիկ հանգստավայր էին եկել ամենօրյա աղմուկից զերծ մնալու նկատառումներով:
Մի քանի օր այստեղ հանգստանալուց հետո, զբոսնելու նպատակով մեկնեցի հայաշատ Ուրեկի: Բացահայտեցի, որ շատ հյուրանոցային համալիրներ շատ ավելի մատչելի պայմաններով են պատրաստ տուրիստների ընդունել, քան առաջարկում են հայկական տուրիստական ընկերությունները: Մի քանի հյուրատներ էլ նոր էին կառուցվել, որտեղ զբոսաշրջիկներին ժպիտով ընդունում ու ծառայությունների մասին տեղակացնում էին ազգությամբ հայ աղջիկներ: Հետաքրքիր էր նաև շրջիկ վրաց-ուկրաինական համատեղ կրկեսի առկայությունը, որը մի քանի ամսով տեղակայվել էր ավանի կենտրոնում, և ցուցադրությունները հիմնականում անցկացվում էին հայ զբոսաշրջիկների պատվերով:
Բազմամարդ Ուրեկին լի էր հայերով, իսկ հայկական երաժշտությունը հատկապես` երեկոյան ժամերին, ցնծում էր մեր հայրենակիցների գավաթների զրնգոցների և բազմատեսակ կենացների ներքո: Կենտրոնական հրապարակում` ռեստորաններից մեկում, երեկոները հայրենակիցների պատվերով հնչեցվում էին հայրենասիրական երգեր, հատկապես` Անին ու «Երևան դարձած իմ Էրեբունին»: Քայլում էի այդ բազմամարդ նեղ փողոցով ու ամենուր տեսնում հայկական համարանիշով մեքենաներ, որոնք համարձակ սուլոցներով ազդարարում էին իրենց երթը և ճանապարհ խնդրում: Նույնիսկ առևտրի կենտրոններից շատերում վաճառողուհիները ազգությամբ հայ էին, մի քանիսը ժամանակավոր աշխատանքի նպատակով այնտեղ էին տեղափոխվել Քութաիսիից և Թբիլիսիից: Որոշ հյուրանոցային համալիրների ղեկավարների հետ զրուցելով` տեղեկացա, որ հատկապես այս տարի էլ ավելի է մեծացել հայ զբոսաշրջիկների հոսքը, ինչը, ըստ նրանց, պայմանավորված է առաջարկի մեծացմամբ և նոր ծառայությունների ավելացմամբ:
Այս տարի հարևան Վրաստանում զբոսաշրջիկների 45-50 տոկոսը եղել են հայեր:
Այս թիվը իսկապես մտահոգիչ է ներքին տուրիզմի վիճակագրության նվազեցման պարագայում: Որքան էլ մեր երկրում անընդհատ խոսվում է ցուցանիշների բարելավման, հյուրատների առաջարկի մեծացման, ճանապարհների վերանորոգման, ենթակառուցվածքների զարգացման մասին, հայաստանաբնակների մեծամասնության համար դեռևս սեփական հայրենիքի զբոսաշրջային բարիքներից օգտվելը մնում է անմատչելի: Դրանք կարծես կառուցվում և գործարկվում են միայն որոշակի խավի պահանջները բավարարելու և որոշ վճարունակ օտարերկրյա հայրենակիցների համար:
Եթե պարզ հաշվարկ կատարենք, որպեսզի իմանանք, թե մեկ հայ զբոսաշրջիկը որքան գումար է ծախսում իր հանգիստը հարևան երկրում կազմակերպելու համար, ապա տվյալներն էլ ավելի մտահոգիչ կդառնան: Բացի հյուրանոցային և սննդի ծախսերից, զբոսաշրջիկը գումար է վատնում նաև երթևեկության, ժամանցային կենտրոններից օգտվելու, սրճարանների ու ռեստորանների մատուցած ծառայությունների դիմաց: Չմոռանանք նշել նաև, որ առևտրային կենտրոններից ևս զբոսաշրջիկը օգտվում է թե՛ սննդամթերք, թե՛ ծովափնա պարագաներ գնելու նպատակով: Այսինքն՝ հարևան երկրում միայն ամռան այս ամիսներին մեկ հայաստանցի զբոսաշրջիկը միջին հաշվարկով ծախսում է 110-130 հազար դրամ: Հայ զբոսաշրջիկների ծախսած գումարները ամեն տարի շրջանառվում են հարևան երկրի տնտեսության մեջ:
Եվ պատահական չէ, որ դեպի Վրաստան հայ զբոսաշրջիկների հոսքը նվազեցնելու համար այս տարի ստահոդ լուրեր էին շրջանառվում, թե այդ երկրում հանգստանալը վտանգավոր է տարատեսակ վիրուսների տարածման պատճառով: Փոքր ճշգրտում անելուց հետո հասկացա, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, այլ հերթական խայծն են ներքին տուրիզմը զարգացնելու համար: Այս երկրի հյուրատների առաջարկած մեկ օրվա միջին գինը համազոր է մեր երկրի ամենասովորական հյուրանոցային համարների առաջարկած գներին: Բայց հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք ծով չունենք, և միայն մի փոքրիկ լճով հայ զբոսաշրջիկին զարմացնելն ու սեփական ծածկի տակ պահելը խրթին գործ է:
Բացի Վրաստանից, այս տարի մեծ է եղել հոսքը նաև դեպի Արաբական Էմիրություններ: Թեպետ ամռան այս ամիսներին դեպի այդ պետություն մեկնողների հոսքը նվազում է բարձր ջերմաստիճանի պատճառով, այս տարի, զարմանալիորեն հաղթահարելով տապը, հայ զբոսաշրջիկներից շատերը ուղևորվել են նաև դեպի Դուբայ, Շարժա, Աբու Դաբի: Դեպի Անթալիա և Վառնա չվերթները նույնպես աշխույժ են եղել, մանավանդ հուլիս ամսվա վերջին: Իսկ օգոստոսի սկզբներին փոքր-ինչ աշխուժացել է դեպի Հունաստան և Շրի Լանկա մեկնողների հոսքը: Չվերթներ են եղել նաև դեպի Ֆրանսիա և Թաիլանդ:
Լ. Ն
Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.56-ին «ՍՊԾ»-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 08.09-ին Վրաստանի Հանրապետության տարածքում` Թբիլիսի քաղաքից 102 կմ դեպի արևմուտք, Բեժտայի գյուղից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Մախաչկալա քաղաքից 159 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 42.170 և արևելյան երկայնության 45.89:
ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում 3 բալուժգնությամբ:
Տեղեկատվությունը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱՃԿԿ ՕՀ-ներին, ըստ ստացված տեղեկատվության՝ զոհեր, տուժածներ և ավերվածություններ չկան:
Վանաձորում հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության պետը մասնակցեց ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը:
Բացման արարողությունը կատարեցին բաժնի վետերաններից մեկն ու պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի երիտասարդ ծառայողները:
Ի դեպ, հատուկ գումարտակի պարեկախմբերն այսուհետ ծառայություն են իրականացնելու նաև Վանաձորում:
Հանդիսավոր արարողությունից հետո, որին մասնակցում էին Լոռու մարզի մյուս իրավապահ կառույցների ղեկավարները, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, Վլադիմիր Գասպարյանը շրջեց նորոգված շենքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:
Այնուհետև ոստիկանության պետը պատասխանեց մարզային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց նաև ոստիկանության Տարոնի բաժին, զրուցեց աշխատակիցների հետ, ծանոթացավ ծառայության պայմաններին:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի ոստիկանության անձնակազմի հետ:
Արարատի մարզի Դիտակ գյուղում տուն է այրվել
Սեպտեմբերի 17-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիտակ գյուղի Բաղրամյան փողոցում գտնվող թիվ 4 տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.49-ին, մարվել՝ 03.35-ին: Այրվել են Շ. Հ.-ին պատկանող չբնակեցված տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 100 քմ:
ՃՏՊ Եղվարդ -Արագյուղ ավտոճանապարհին
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ – Արագյուղ ավտոճանապարհին` հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում “ԲՄՎ” մակնիշի 32 LO 123 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Գ. (ծնվ. 1983թ.) տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
Պատերազմն անավարտ թողեց բոլորի երազանքները
Շատ դաժան եղավ ցեղասպանությունից մազապուրծ սերնդի ճակատագիրը. անհիմն քաղաքական հալածանքներ, Հայրենական մեծ պատերազմ: Բաղձալի հաղթանակը ձեռք բերվեց բազմաթիվ շնորհալի երիտասարդների կյանքի գնով:
91-ամյա գեղանկարիչ Արմեն Աթայանը հիշում է.
– 1936 թ. ես 14 տարեկան էի, երբ ընդունվեցի Գեղարվեստի տեխնիկում: Ինձ առաջին կուրսում դասավանդում էր Կորյուն Սիմոնյանը, հետո նրան փոխարինեց Վահրամ Գայֆեճյանը: Չորրորդ կուրսում դարձյալ Կորյունն էր դասավանդում: Հիշում եմ` նա «Կոմունիստների գնդակահարումը Տաթևում» դիպլոմային աշխատանքն էր անում Կոնդում: Մենք տղաներով հաճախ էինք գնում նայելու: Կորյունին մենք կարծես ավելի լավ էինք հասկանում, քան մյուսներին: Հինգերորդ կուրսի կեսից մենք դիպլոմային աշխատանքներ էինք անում և չհասկացանք` ինչու Կորյունը չդասավանդեց: Նրան փոխարինեց Բաբկեն Քոլոզյանը: Նա ևս լավ դասատու էր, կիրթ, լավ էլ սովորեցնում էր: Մեր կուրսի տղաները չէին համակերպվում, ուզում էին, որ Կորյունը դասավանդեր: Նրանք ինձ խնդրեցին. «Դու լավ ես սովորում, խոսի’ր, մենք բոլորս կմիանանք քեզ, մենք սովորել ենք Կորյունին և դիպլոմի ժամանակ ուրիշ դասատու չենք ուզում»: Ես բացատրեցի տղաներին, որ չարժե, Քոլոզյանն էլ լավն է: Սակայն տղաներն անդրդվելի էին: Ես մեր խնդրանքը հայտնեցի Բ.Քոլոզյանին և նստեցի տեղս: Տղաները լռեցին, ոչ ոք ելույթ չունեցավ: Հետո ես բարկացա նրանց վրա, որ այդպես վարվեցին:
Կապը Կորյունի հետ պահում էինք: Մեր գործերը ցույց էինք տալիս իրեն: Նա շատ էր զբաղված և մեզ մոտ հազվադեպ էր լինում: Մենք պիտի ավարտեինք 1941 թ. հունիսի 20-ին, խնդրեցինք, որ մի 5 օր ավելացնեն, քանի որ չէինք հասցնում: Ես և՛ աշխատում էի, և՛ սովորում, որովհետև հորս` Արշակ Աթայանին գնդակահարել էին 1937-ին, չնայած հետո արդարացրեցին:
Դիպլոմի պաշտպանության ժամանակ ներս խուժեց մեր պահակը (վանեցի, բեղերով մարդ էր, «պապաշա» էինք ասում) և ասաց.
– Տղանե՛ր, գերմանացի ֆաշիստները հարձակվել են մեր երկրի վրա, պատերազմ է:
Զարմացանք, ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան: Սկսեցինք հետևել լուրերին, դրանք սովորականի նման էին, մտածեցինք, թե սխալ է հասկացել: Հետո ժամը 12-ին Լևիտանի ձայնը հայտարարեց, որ պատերազմ է: Գլուխներս կախ հավաքվեցինք տեխնիկումի ամենամեծ դասարանում և նստեցինք պատերի տակ, հենց հատակին: Մտածում էինք` կարճ կտևի, կվերջանա:
Դիպլոմները պաշտպանեցինք: Պաշտպանելու ժամանակ եկավ քիմիայի դասատուն` Սարգիս Ալիմյանը և ասաց.
– Տղանե՛ր, եթե ես որևէ մեկիդ նեղացրել եմ, ներեցե՛ք ինձ, խնդրում եմ վատ չհիշեք:
Դիպլոմի պաշտպանությունը դարձավ մի հանդիսավոր հայրենասիրական դաս: Ալիմյանին ճանապարհեցինք, իսկ ոգին մնաց: Դեռ չգիտեինք, որ առաջիկա գիշերը մեր դասատուներից շատերին տանելու էին ռազմաճակատ, իսկ մեր տղաներին էլ դիպլոմի պաշտպանությունից հետո տարան: Ինձ չէին տանում, բայց գցել էին մի զորամաս, որտեղ մորզե էինք անցնում, սովորում էինք պարաշյուտով իջնել, մեզ պիտի գցեին թշնամու թիկունքը: Ընկերներս բանակում էին, նամակագրական կապը պահում էի, շուտով ինքս էլ կամավոր գրվեցի:
Մեր տղաներից շատ-շատերը զոհվեցին, 22 հոգուց մնացել էինք 4-ը: Երբ վերադարձա, Սարգիս Առուշյանն աշխատում էր թատրոնի նկարիչ, նա վտանգավոր տեղերում էր ծառայել, հրաշքով կենդանի էր մնացել: Մինչև հիմա սիրտս մղկտում է, որ շատ տաղանդավոր տղաներ չվերադարձան` Սևաչերյան Վանիկը, Գևորգյան Համլետը, Ալթունյան Զազիկը, նա իմ ամենամոտ ընկերներից էր, Լևոն Թոթովենցը, Ավագյան Սուրենը, որ տիկնիկային թատրոնում էր աշխատում: Հիշում եմ` թատրոնը Չարենցի դպրոցի տեղում` «Անաստված» կինոթատրոնում էր տեղավորված, իսկ դրա տեղում եկեղեցի էր եղել:
Շատ եմ մտածում, տանջվում ու ափսոսում, որ լավագույն տղաները գնացին, զոհվեցին` Կորյուն Սիմոնյանը, Վանիկ Կարապետյանը, Լևոն Տոնականյանը, Սարգիս Ալեքսանյանը, Անդրանիկ Մարկոսյանը, շատ-շատերը: Հիշում եմ Լևոնին, Լենինգրադում նա ամուսնացել էր Ելենա Տաբակովայի հետ: Տաբակովան հոյակապ նկարիչ էր: Նկարել էր կոլտնտեսականներին հանգստանալիս, տարել էր ցուցահանդես: Առաջինը նայել էր Ստալինը և հարցրել աշխատողին. «Այդ ե՞րբ աշխատեցին, որ հիմա էլ հանգստանում են»: Այդքանը հերիք էր, որ նրա նկարը հանեին ցուցադրությունից:
Հետագայում ես ուսումս շարունակեցի Մոսկվայի կերպարվեստի ինստիտուտում, ինձ Ալ.Օսմյորկինն էր դասավանդում, նա աշխատում էր նաև Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում: Նա ինձ շատ բան սովորեցրեց, չտեսնված մարդ էր: Պատմեց, որ 1937-ին Թ.Չորեքչյանը Կորյունի դիպլոմը փչացրեց, պաշտպանության ժամանակ վեր կացավ և հայտարարեց, որ նա օգտագործել է դաշնակցական դրոշի գույները: Այդ պաշտպանությունը չընդունեցին, հաջորդ տարի Կորյունն աշխատում էր իր դիպլոմի վրա, դրա համար էլ մեզ դաս չէր տալիս: Օսմյորկինը շատ էր գովում Կորյունին, ասում էր. «Նա հոյակապ զգում էր լույսը, նա շատ լավ ուսանող էր, դիպլոմային աշխատանքն էլ հոյակապ էր, ափսոս, այդ տականքը փչացրեց»:
Իմ սիրելի ուսուցիչը` Կորյունը, քչախոս էր, զուսպ, շատ տպավորիչ էր բացատրում, ավելի շատ շարժումներով էր ցույց տալիս, երկու բութ մատերով, կարծես ծեփում էր նկարը: Նա գույնը չտեսնված լավ էր զգում: Նրա «Ինքնանկա՜րը» հոյակապ գործ է: Իհարկե, երիտասարդ նկարիչը դեռ պիտի հղկվեր, շատ փորձ ունենար, հետո գտներ իր սիրած ուղղությունը: Կորյունը ցավոք չհասավ դրան իր կարճ կյանքում, պատերազմն անավարտ թողեց բոլորի երազանքները:
Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Ազատություն ռադիոկայանի հարցին
Հարց. Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին։ Ո՞րն է Հայաստանի մոտեցումը այդ կապակցությամբ։
Պատասխան. Հայաստանը ողջունում է Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն։
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
Հարց. Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի արտգործնախարարը, ադրբեջանական լոբբիստական կառույցի հարցմանն ի պատասխան, իբրև թե հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որն աղավաղում է ղարաբաղյան հիմնախնդրի և դրա կարգավորման գործընթացի էությունը։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ։
Պատասխան. Դժվար է հավատալ, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության որևէ անդամ երկրի բարձրաստիճան պաշտոնյա կարող է հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությամբ, որը հակասում է թե ԵԱՀԿ-ի, թե ԵՄ-ի մոտեցումներին, նաև ակնհայտորեն հակասում է համանախագահ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահների մակարդակով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ վերջին հինգ տարիների ընթացքում արված հինգ հայտարարություններին։
Չենք կարծում, որ ինչ-որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությանը հաճոյանալու համար որևէ երկրի պատասխանատու անձ կարող է անպատասխանատու հայտարարություն անել, որը կարող է միմիայն վնաս հասցնել բանակցային գործընթացին:
Նախարար Նալբանդյանն ընդունեց բրիտանացի պատգամավորների պատվիրակությանը
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակությանը՝ հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-բրիտանական համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է և այդ գործընթացում լուրջ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանականները։ Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ, խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր լրացուցիչ խթան է հանդիսանում երկու երկրների միջև փոխըմբռնումը զարգացնելու և կապերն ամրապնդելու գործում։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մայիսին իր կատարած այցը Միացյալ Թագավորություն և դրա շրջանակներում հանդիպումները բրիտանական խորհրդարանում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ բրիտանացի խորհրդարանականները ընդգծեցին, որ շարունակելու են ջանքերը՝ երկու երկրների միջև բարեկամական փոխհարաբերությունների հետագա ամրապնդման և ընդլայնման գործում։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի։ Հյուրերի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրագործվող ջանքերը։
Քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցեր։
«Ալֆա Ռոմեո»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել
Առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սմբատ Ս.-ին, որը հուլիսի 15-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Սմբատ Ս.-ն ձերբակալված է:
Գիշերը ավտոբուս է այրվել
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 16-րդ թաղամասում ավտոբուս է այրվում:
Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 1/1 հասցեի մոտ ամբողջությամբ այրվել է «ՍԵՏՌԱ» մակնիշի ավտոբուս:
Հրդեհը մարվել է ժամը 05.30-ին՝ 2 մարտական հաշվարկով:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու բանբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն
ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում մամուլում արդեն բավական ժամանակ է հանիրավի շրջանառվում է Հատուկ Քննչական ծառայության պետ, Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի անունը:
Ճիշտ է` Վահրամ Շահինյանը երկարամյա դատախազական աշխատանք կատարել է, բայց արդեն չորս ամիս է, ինչ ղեկավարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու բանբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն:
ԱԳ նախարարը կայցելի Վարշավա, Հռոմ և Վատիկան
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։
Սեպտեմբերի 18-20 նախարար Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։
Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը։ Վատիկանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Դոմինիկ Մամբերտիի հետ։
Այրվել է ավտոտեխսպասարկման կետի նկուղային հարկը
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասում ավտոմեքենաների տեխսպասարկման կետ է այրվում:
Պարզվել է, որ այրվել է Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 46 շենքի դիմաց գտնվող ավտոտեխսպասարկման կետի նկուղային հարկը, որտեղ, ըստ նախնական տվյալների, գտնվել են հնամաշ անվադողեր:
Հրդեհը մարվել է ժամը 08.47-ին՝ 4 մարտական հաշվարկով:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Բռնվեցին՝ ջրատար խողովակներ ապամոնտաժելիս
Սեպտեմբերի 14-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները Գրիբոյեդովի փողոցի թիվ 21 շենքի մոտ նկատել են ջրատար խողովակներ ապամոնտաժող 3 քաղաքացիների, որոնք գողություն կատարելու կասկածանքով, իրենց «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկվել բաժին:
Բերման ենթարկվածները՝ 1981 թ. ծնված Վարդան Գ.-ն, 1981 թ. ծնված Տիգրան Ա.-ն և 1969 թ. ծնված Հունան Ս.-ն տվել են խոստովանական բացատրություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Պատահարից չորս ամիս անց, գիտակցության չգալով, մահացել է
Մայիսի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.40-ին 1962 թ. ծնված Արարատ Շ.-ն «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայի թիվ 68 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Աշոտ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Սեպտեմբերի 15-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Ա. Մկչտչյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է:
«Կիա» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայքի ոլորաններում «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում «Կիա» մակնիշի 111NS26 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ ՌԴ քաղաքացի` 1964թ. ծնված Ա. Բ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենայի մարտկոցը:
Դեպքի վայրում են գտնվել ՃՈ և «1-03» ծառայությունների աշխատակիցները:
