Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.15-ին, 1990 թ. ծնված Վարդան Մ.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում իր կողմից վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Այգավան գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Ոսկետափ գյուղի բնակչուհի, 1942 թ. ծնված Անյուտա Երեմյանին: Վերջինիս տեղափոխել Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
«Նիսան-Սանի»-ի վրա կրակոցներ արձակողը հայտնաբերվել և ձերբակալվել է
Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ոստիկանությունը, սեպտեմբերի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանից ուղևորվել է Մասիս և «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իր վրա կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել էր «Նիսան-Սանի» ավտոմեքենա, որի ձախ կողմում առկա էին հրազենային կրակոցի նմանվող 12 հետքեր, իսկ նույն կողմի հետևի անվադողն ամբողջությամբ վնասված էր:
Սեպտեմբերի 13-ին պարզվել է, որ ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել 1991 թ. ծնված Կառլեն Բ.-ն, որը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Վթարի է ենթարկվել ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին. կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 և Գազել մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Lexus-ի վարորդը՝ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին է՝ Նորայր Վարդանյանը, իսկ վիրավորների մեջ վերջինս կա, թե ոչ, այս պահին պարզվում է: ©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-09-14-accident.html
Գյումրու քաղաքապետարանը պատասխանում է Անկախ-ին
Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը archive2.ankakh.com-ին մեկնաբանել է. ՙՍև բերդ՚ ամրոցի շուրջ ծավալված աղմուկը: Հիշեցնենք, որ Անկախ-ն անդրադարձել էր մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանի բարձրացրած այն խնդրին, թե պատմական ՙՍև բերդ՚ ամրոցում Սամվել Բալասանյանն անօրինական շինարարություն է սկսել՝ չունենալով դրա պետական թույլտվությունը:
“Այս պահին չի արվում այնպիսի բան, որը կխաթարի կառույցի տեսքը: Այն ինչ մինչ այս պահը ընթացել է կոմունիկացոն բնույթի աշխատանքներ են եղել՝ ճանապարհներն են սարքվում, գիտեք, տարիներ շարունակ աղբի մեծ կուտակումներ են եղել, աղբը չի մաքրվել”, – ասում է Զոհրապ Եգանյանը:
Իսկ ինչ վերաբերում է մետաղական տանիքին, նշել է. “Երկաթյա կոնստրուկցիա կա, որը ցանկացած պահի կարող է տեղափոխվել, հանվել, շարժվել, ինքը հիմնական կառույց չէ: Այսինքն, բերդի արտաքին տեսքի հետ կապված որևէ խնդիր չի եղել և չկա: Մինչև որ վերջնական նախագիծը պատրաստ կլինի, հաստատված համապատասխան մարմինների կողմից: Կա նման համաշխարհային փորձ, օրինակ Ֆրանսիայում, երբ ամրոցները, բերդերը ժամանակի ընթացքում որպեսզի կարողանան պահպանել, տուրիստներին ներգրավել՝ և՜ ճարտարապետական կառույց են մնում, և՜ բիզնես տեսակետից գործունեություն են ծավալում: Դա ներմալ երևույթ է”:
Նախարարության թույլտվությունն էլ դեռ չկա, քանի որ նախագիծն էլ վերջնական չէ, մեզ փոխանցեց Գյումրու քաղաքապետի մամուլի պատասխանատուն: “Նախարարության թույլտվության համար դեռ վերջնական նախագիծ պատրաստ չէ. շատ ճարտարապետներ տարակարծիք են՝ մի մասը գտնում է, որ տանիքը պետք է ամբողջովին ծածկվի, մի մասը՝ մասնակի: Սակայն բոլորը միակարծիք են այն հարցում, որ Գյումրուն ՙՍև բերդ՚ պետք է, պետք է տուրիստական կենտրոն, միջոցառումների գեղեցիկ վայր: Երբ արդեն հստակ կլինի նախագիծը, կներկայացվի նախարարությանը”:
Իսկ հստակ ժամկետներ նշել Զոհրապ Եգանյանը չցանկացավ. “Կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող, ուզում էինք, որ նոյեմբերին կայանալիք Սպիվակովի համերգն այնտեղ լիներ, բայց երևի չենք հասցնի”:
Վարդանիկի վերջը եկե՞լ է
Ֆեյսբուքի օգտատեր Արսեն Լևոնյանն այսօր իր էջին գրառում է կատարել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատին ոստիկանություն հրավիրելու, հարցաքննելու և մեկի դեպքում նաև կալանավորելու վերաբերյալ:
«Արդեն երկրորդ կամ երրորդ օրն է` Համացանցում լուրեր են պտտվում, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակն այնքան էլ լավ չէ: Արդեն այսօր հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետի կառավարման տարիներին քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել և կալանավորել: Արդեն օրվա վերջին հայտնի դարձավ, որ շարունկակվում են հարցաքննությունները Գյումրիում:
Չնայած օրվա տարաժամությանը, շարունակում են ոստիկանություն հրավիրել ու հարցաքննել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ շրջապատին, քաղաքապետարանի բոլոր նախկին աշխատակիցներին ու առհասարակ նրանց հետ առնչություն ունեցող մարդկանց: Այժմ ոստիկանություն են հրավիրվել «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության պատասխանատուներն ու աշխատակիցները: Այս կազմակերպության վերադասին կասկածում են փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրված 250 միլիոն դրամ գումարը յուրացնելու մեջ :
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, այն պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին ու նրա ամենամոտ ընկերոջը` Արման Բադալյանին:Ի դեպ, սա հենց այն շինկազմակերպությունն է, որը Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ զբաղվում էր քաղաքի փոսալցմամբ ու ասֆալտապատմամբ, և որը ոչ այնքան հայտնի դարձավ իր կատարած աշխատանքով, որքան մարզպետարանի ու քաղաքապետարանի դիմաց անցկացրած բողոքի ակցիաներով:
Գյումրիում քաղաքապետի փոփոխությունից հետո շինկազմակերպության բանվորները իրենց պարտքերը պահանջում էին Գյումրու նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանից: Բանը հասավ նրան, որ այս կազմակերպությունը դատի տվեց Գյումրու քաղաքապետարանին` պահանջելով վճարել 427 միլիոն դրամի պարտքը: Թե ինչ է նշանակում այս ամենը, դժվար չի կռահելը: Հանրապետությունում ընդունված պրակտիկայի համաձայն, հավանաբար ամենամոտ ապագայում ականտես կլինենք հերթական աղմկահարույց գործի բացահայտմանը, որը կփաստի հայրենական մեր ոստիկանության և իրավապահ ու դատախազական մարմինների անխոնջ ու անաչառ օբյեկտիվ աշխատանքը: Ի դեպ այս սցենարի հավանականության օգտին խոսում է այն, որ երեկ ԱԺ եկած նախկին քաղաքապետը եղել է բավականին ընկճված ու ըստ ամենայնի չի հասել որևէ դրական տեղաշարժի իր թիմակցին կալանքից ազատման գործում: Ասում են, որ Վարդան Ղուկայսանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ, սակայն ապարդյուն: Ըստ ամենայնի Բաղրամյան քսանվեցն արդեն դատավճիռ կայացրել է «հավատացյալ» էքս քաղաքապետի համար: Թերևս Վարդանիկը «կզոհաբերվի» – թերևս ժամանակավոր, ֆինանսական ամենածանր կորուստներով- առավել օգտավետ մեկի` Լիսկայի գործի պատճառով ստեղծված ֆոնը փոխելու համար»,-գրել է օգտատերը:
Վանաձորում հանդիսավորությամբ բացվեց ոստիկանության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքը
Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության պետը մասնակցեց ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի հիմնանորոգված վարչական շենքի բացմանը:
Բացման արարողությունը կատարեցին բաժնի վետերաններից մեկն ու պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի երիտասարդ ծառայողները:
Ի դեպ, հատուկ գումարտակի պարեկախմբերն այսուհետ ծառայություն են իրականացնելու նաև Վանաձորում:
Հանդիսավոր արարողությունից հետո, որին մասնակցում էին Լոռու մարզի մյուս իրավապահ կառույցների ղեկավարները, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, Վլադիմիր Գասպարյանը շրջեց նորոգված շենքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը:
Այնուհետև ոստիկանության պետը պատասխանեց մարզային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց նաև ոստիկանության Տարոնի բաժին, զրուցեց աշխատակիցների հետ, ծանոթացավ ծառայության պայմաններին:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի ոստիկանության անձնակազմի հետ:
Մի դարձրեք Ղարաբաղը մանրադրամ Ադրբեջանին Մաքսային միություն բերելու պուտինյան քաղաքականության համար. Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը կրկին անդրադարձել է Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի հայտարարության առաջացրած վիճակին: «Ակնհայտ է, որ Պուտինը ՀՀ Մաքսային միության մեջ խցկելուց հետո պիտի փորձի նորանոր երկրների արժանացնել նույն ճակատագրի, քանի որՌուսաստանի տնտեսական վիճակը ծանրանում է, իսկ նրան գոնե «մանր հաջողություններ» են պետք: Ադրբեջանի պարագային նա ոչ մի լծակ չունի վերջինիս շահագրգռելու կամ ստիպելու՝ Ադրբեջանը ոչ փողի կարիք ունի և ոչ էլ գազի: Ուստի, միակ շահագրգռումը, միակ վճարման միջոցը՝ Ադրբեջանին ՄՄ մտնելու
համար լինելու է Ղարաբաղը:
Մի դարձրեք Ղարաբաղը մանրադրամ Ադրբեջանին Մաքսային միություն բերելու
պուտինյան քաղաքականության համար», -ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը:
Արտգործնախարարները բարձր են գնահատել հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները
ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 13-ին Երևանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպման վերաբերյալ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ս.թ. հունիսի 11-12 ՀՀ Նախագահի Մոլդովայի Հանրապետություն կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և այդ ուղղությամբ Երևանի և Քիշնևի կողմից ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին:
Երկուստեք բարձր են գնահատվել վերջին շրջանի հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ համագործակցությանը։
Ինչու հայրենիք վերադառնալուց հետո ֆուտբոլի հայ մրցավարները կալանավորվեցին (մանրամասները՝ տեսանյութում)
ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Ա. Թամազյանի վրա
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի հրամանով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունները ավարտվելու պատճառով և ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա:
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին
Սեպտեմբերի 12-ին Փարիզում տեղակայված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ նորանշանակ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր նշանակման հայտագիրը հանձնեց կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:
Պարոն Դիուֆը, բարձր գնահատելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, շնորհավորեց դեսպան Ստեփանյանին նշանակման կապակցությամբ եւ հույս հատնեց, որ նրա նշանակումը կնպաստի կազմակերպության հետ ՀՀ հարաբերությունների էլ ավելի սերտացմանը:
Զրույցի ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը եւ ՖՄԿ գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ ՖՄԿ հետագա ծրագրերի վերաբերյալ` գոհունակությամբ արձանագրելով Ֆրանկոֆոն երկրների ընտանիքի լիիրավ անդամ դառնալուն հաջորդած ՀՀ-ՖՄԿ հարաբերությունների զարգացումը: Կողմերը հատուկ ընդգծեցին Հայաստանի եւ ՖՄԿ միջեւ ստորագրված լեզվական ծրագրի իրականացման ապահովման, ինչպես նաեւ Հայաստանյան բուհերի եւ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջեւ հաստատված հարաբերությունների սերտացմանն ուղղված քայլերի հաջողությունը եւ դրանք շարունակաբար ամրապնդելու կարեւորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ֆրանսիայի Նիս քաղաքում այս պահին ընթացող Ֆրանկոֆոնիայի խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցությանն ու արդեն արձանագրած հաջողություններին:
«Ձեզ կզրկեն Ձեր իսկ սեփական կյանքը տնօրինելու իրավունքից: Առնվազն». Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի գլխավոր մասնագետ, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ինչ-ոչ լավ բան կա, որ մենք մեր կյանքում օգտագործում ենք արևմտյան է՝ սկսած ինտերնետից մինչև ֆեյսբուք, չհաշված դեղերն ու բժշկական սարքավորումները, որոնք օրական հազարավոր մարդկանց կյանք են փրկում: Արևմուտքը կարողացել է նման տեխնիկական առաջընթաց արձանագրել միմիայն այն բանի շնորհիվ, որ մարդուն տվել է լիակատար ազատության և ընտրության իրավունք: Դա ի դեպ նաև աստծո պատվիրանն է: Մենք հայերս դարեր շարունակ եղել ենք արևմտամետներ: Պատահական չէ, որ դեռևս հինգերորդ դարում Եզնիկ Կողբացին որպես բարձրագույն արժեք առանձնանշում է ազատակամությունը: Կոնստանտին պետք չէ այդքան ուրախանալ նամշահոտ սովետի գիրկը վերադառնալու համար: Շուտով Ձեր իսկ անձնական կյանքում կհամոզվեք սովետի «առավելությունների» մասով, երբ Ջեզ կպարտադրեն ապրել այնպես ինչպես իրենք են ուզում, այլ ոչ թե Դուք եք ուզում: Ձեզ կզրկեն Ձեր իսկ սեփական կյանքը տնօրինելու իրավունքից: Առնվազն»:
«Աղվան Հովսեփյանին մենք կտեսնենք շատ շուտով` կարևոր դերակատարումով. Աստղիկ Ավետիսյան
PR մասնագետ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղվան Հովսեփյանի հրաժեշտը հետաքրքիր մշակված տեխնոլոգիա էր. հավասարակշռված, դրական ժպիտով մարդը հենց այդպես էլ պետք է հրաժեշտ տար իր աշխատակազմին: Հանրային կապերի մասնագետի համար շատ կարևոր է, որ բարձրատիճան պաշտոնյան ազատվում կամ հրաժարվում է պաշտոնից, այնպես հեռանա, որ դրական էմոցիաներ առաջանան: Սա, մեծ հաշվով, նշանակում է, որ Աղվան Հովսեփյանին մենք կտեսնենք շատ շուտով` կարևոր դերակատարումով»:
Նախարար Նալբանդյանի ելույթն Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած մամլո ասուլիսին
Ուրախ եմ այսօր ողջունել հանձնակատար Ֆյուլեին, տիկին Հելգա Շմիդտին, Արևելյան գործընկերության անդամ երկրների նախարարներին և նախարարների տեղակալներին Հայաստանում: Այս ոչ պաշտոնական նախարարական երրորդ հանդիպումը լավ հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը և քննարկելու ձեռնարկվելիք քայլերը՝ Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ։
Արդեն ավելի քան 4 տարի է անցել Արևելյան գործընկերության մեկնարկից և կարող ենք ասել, որ Արևելյան գործընկերությունը դարձել է մեր երկրների արդիականացման նպատակով իրականացվող բարեփոխումների արդյունավետ գործիքներից մեկը, մի ձևաչափ, որի միջոցով առավել զարգացել և ամրապնդվել են մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ:
Այսօր մենք հնարավորություն ենք ունենալու շարունակել մեր քննարկումները՝ նվիրված միջազգային օրակարգի ակտուալ խնդիրներին։
Եվրոպացի գործընկների հետ համագործակցաբար և անմիջական աջակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված, մասնավորապես, ժողովրդավարական հաստատությունների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների և օրենսդրության բարելավմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և այլն։ Մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար և ակնկալում ենք ապագայում ևս շարունակել մեր բարեփոխումները:
Տիկնայք և պարոնայք:
Հայաստանը հաստատակամ է առաջ տանել ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը։
Հայաստանը առաջ է նայում, և վճռական է մեր եվրոպական գործընկերների հետ միասին պահպանել և զարգացնել այն ձեռքբերումները և առաջընթացը, որը մենք գրանցել ենք վերջին տարիների ընթացքում Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում:
Դեբորա Ուայլդ, ազատ լրագրող. Պարոն Նալբանդյան, Դուք որոշում կայացրեցիք հօգուտ Մաքսային միության: Որքան ես հասկանում եմ, Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրին, հնարավոր է, հետևեր ԵՄ-ի կողմից կազմակերպված Դոնորների համաժողովը, որը կարող էր խոստանալ հսկայական ներդրումներ և մեծ ֆինանսական ներհոսք։ Դուք հրաժարվեցիք դրանից՝ չընտրելով Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը: Ձեռ կառավարությունը հերքում է Ռուսաստանի կողմից որևէ ճնշում գործադրելը` համաձայնագրի ստորագրելուց հրաժարվելու նպատակով: Իմ հարցը հետևյալն է. ի՞նչ է առաջարկել ձեզ Ռուսաստանը՝ Մաքսային միությանն անդամակցելու դիմաց:
Էդվարդ Նալբանդյան. Խոսքը գնում է ոչ թե` ինչ է տվել Ռուսաստանը Մաքսային միությանը միանալու դիմաց։ Խոսքը գնում է այն մասին, որ Հայաստանը ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, և այդ հարաբերությունների ծավալի մասին է խոսում նաև սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների արած հայտարարությունը, որտեղ խոսքը գնում է բոլոր հնարավոր բնագավառներում բավական խորը, լայն և սերտ համագործակցության մասին:
Մենք, Արևելյան գործընկերության նախաձեռնության, այս բանակցային գործընթացի, անգամ դրանից առաջ ասել ենք և ասում ենք, որ մենք պատրաստ ենք հնարավորինս սերտ, հնարավորինս խոր, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների:
Ինչ վերաբերում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցություններին և Դոնորների կոնֆերանսին։ Դրա կազմակերպման վերաբերյալ մենք խոսում ենք արդեն մոտ 4 տարի, իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները սկսվել են մեկ տարի առաջ: Այսինքն` դրանք կապված չեն եղել, եթե հիմա, միգուցե, ինչ-որ առումով կապում են… ամեն դեպքում դրանք կապված չեն եղել:
Ինչպես ես արդեն ասացի, մենք մեր եվրոպացի գործընկերների հետ խոսում ենք այն եղանակների, ֆորմատների, հնարավորությունների մասին, որպեսզի հիմնվելով այն առաջընթացի, ձեռքբերումների վրա, որոնք գրանցվել են վերջին տարիներին՝ հնարավորինս առաջ շարժենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները: Հենց դրա մասին է ասում նաև պարոն Ֆյուլեն։
Երևանում կայացավ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Սեպտեմբերի 13-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նատալյա Գերմանը, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, Վրաստանի Եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքս Պետրիաշվիլի, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովի գլխավորությամբ։
Հանդիպմանը, որը վարում էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցան պատվիրակությունների ղեկավարները, քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականցմանը և մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Ելույթ ունենալով հանդիպմանը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել Արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզի բոլոր հիմնական ուղղություններով։
«Եվրոպացի գործընկների հետ համագործակցաբար և անմիջական աջակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված, մասնավորապես, ժողովրդավարական հաստատությունների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների և օրենսդրության բարելավելմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և այլն։ Մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար և ակնկալում ենք ապագայում ևս շարունակել մեր բարեփոխումները:
Հայաստանը հաստատակամ է առաջ տանել ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը», ասաց արտգործնախարար Նալբանդյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և հետագա համագործակցության, մինչև այժմ երկկողմ ջանքերի արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա այդ հարաբերությունները կառուցելու և հետագա համագործակցությունը զարգացնելու հեռանկարների, ինչպես նաև Վիլնյուսում Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ օրակարգային ու նախապատրաստական աշխատանքների շուրջ:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի վճռականությունը շարունակելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ բարեփոխումները և ԵՄ-ի հետ հարաբերությունները այսուհետ ևս զարգացնելու կառուցողական ու դինամիկ ոգով:
Սերժ Սարգսյանն ընդգծել է իր համոզմունքն առ այն, որ Հայաստանը պետք է զարգանա ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության տեսլականի հիման վրա:
Հանձնակատար Ֆյուլեն նշել է, որ ԵՄ հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը և ակնկալում է այս հանդիպման ընթացքում լսել այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք միտված են առկա լավ ձեռքբերումների վրա շարունակելու կառուցել հարաբերությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանը Գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյուղատնտեսության նախարարություն: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նախարարությունում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների շուրջ, լսել նաև դրանց լուծման ուղիների և ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ աշխատողների մասնագիտական տեսակետներն ու պատկերացումները:
Հանրապետության Նախագահն այնուհետև նախարարության խորհրդակցությունների սրահում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը և «Հայկական միրգ» ԲԲԸ տնօրեն Ալվինա Ավագյանը զեկուցել են առանձին ուղղություններով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքի մասին, ներկայացրել ոլորտի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև զարգացման հեռանկարները:
Նախագահը ներկայացված աշխատանքների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, նախարարության առանձնացված ստորաբաժանումների և վարչությունների ղեկավարներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում դեռևս չօգտագործված ներուժ, զարգացման բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան, ուստի նախարարությունը հսկայածավալ աշխատանք ունի իրականացնելու: Քննարկվել են նաև բերքահավաքի այս ժամանակաշրջանում մթերումների կազմակերպման աշխատանքների, ներկայիս դրությամբ մթերման ցուցանիշների, վերամշակող ընկերությունների հետ համագործակցության, գյուղմթերքի արտահանման հետ կապված և մի շարք այլ հարցեր:
Սերժ Սարգսյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն գյուղատնտեսության ոլորտին, այլ նաև մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալական ու տնտեսական խնդիրներին:
Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության այգեգործության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Կարինե Եսայանին, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության գյուղատնտեսության ծրագրավորման բաժնի պետ Հերիքնազ Լեմբերյանին, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանին, անձնակազմի կառավարման բաժնի պետ Դոնարա Սիմոնյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:
«Ճիշտ կլիներ, որ քո չար լեզուն կտրեին». Գալուստ Սահակյանը` լրագրողին
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի հումորային դիտարկմանը, որ եթե Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակեցին, ապա ճիշտ չէ՞ր լինի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ցմահ ազատազրկման ենթարկեին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հավատարիմ մնալով իր ոճին, արձագանքեց. «Ճիշտ կլիներ, որ քո չար լեզուն կտրեին»:
Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանին, ապա Սահակյանն ասաց, որ ոչինչ չունի այդ երիտասարդի նկատմամբ և որպես քաղաքացի` կուզենար, որ նա ժամ առաջ ազատվեր:
Սուրեն Խաչատրյանի տանը կատարված դեպքերի վերաբերյալ էլ նշեց, որ գործը դատաիրավական համակարգում է, որտեղից համոզիչ պատասխաններ են տալիս հանրությանը: «Էնպես չի, որ Գալուստ Սահակյանը կամ կուսակցությունը դատախազություն կամ դատավոր է և պիտի կարողանա մեկնաբանել ամեն ինչ: Նրանք, ովքեր բացասական վերաբերմունք ունեն Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի նկատմամբ, բողոքում են, որ անարդար է եղել, իսկ նրանք, ովքեր բարեկամական, ասում են` արդար է եղել: Դրա համար, դա ոչ թե ցանկությունների հետևանք է, այլ օրենքի»:
Սահակյանը խուսափեց պատասխանել կոնկրետ հարցին, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանին և նրա ազգականին ազատ արձակելը ճիշտ որոշում է համարում. «Եթե սովորական քաղաքացի լինեի և պատասխանատվություն չունենայի ընդհանուր երևույթների նկատմամբ, իմ անձնական կարծիքը կասեի, բայց հիմա չեմ ասի, որովհետև դա կլինի կամ խիստ քաղաքական, կամ թույլ քաղաքական»:
«Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ն և բազմաթիվ տաքսիստներ պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:
Եթե մի քանի ամիս առաջ հայ տաքսիստները բողոքում էին հիմնականում տրանսպորտի և կապի նախարարության տարբեր ծրագրերից` կապված տաքսիների լիցենզավորման, դեղին պետհամարանիշների ներմուծման, այնուհետև նաև դրանց անհրաժեշտությունը վերացնելու, հաշվիչների ձեռքբերման ու դրանց ստուգաչափման հարցերի հետ, ապա այժմ դժգոհությունների սահմաններն ընդլայնվել են: Այժմ հայ տաքսիստները բողոքում են նաև կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից և այլն:
Տաքսու վարորդ Սարգիս Մաչկալյանը, օրինակ, նշում է, որ իրեն չեն թույլատրում ստուգաչափված բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող հաշվիչը հին մեքենայից հանել ու տեղադրել նոր մեքենայի մեջ և պարտադրում են նոր հաշվիչ գնել: Իսկ Մաչկալյանն ընդամենը 1 տարի առաջ է 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով գնել հաշվիչը:
Տաքսիստ Լևոն Մարկոսյանն էլ հայտարարելով, թե արդեն զզվել է իրենց հանդեպ անհասկանալի ու անտրամաբանական վերաբերմունքից, բողոքում է, որ լինում են դեպքեր, երբ մի քանի վայրկյանով կանգառ են անում ուղևորին իջեցնելու համար, ու մեկ էլ իմանում են, որ տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ իրենք արգելված վայրում կանգառ են արել, ու տուգանում են. «Ի՞նչ ա, գնամ բարձրանամ էդտեղ կանգնած ավտոների վրա՞, թե՞ ուղևորին ասեմ` կներես, բայց պիտի մի 2 հարյուր մետր ներքև կանգնեմ, ու դու ստիպված ես էդքան տեղը հետ վազել: Կամ ինչի՞ց է, որ մեզ պարտադրում են, թե վճարովի ավտոկայանատեղում կանգնելիս հեռախոսով հաղորդագրություն ուղարկիր, որ կանգնել ես, որպեսզի փող գանձեն, իսկ երբ արգելված տեղում ենք կանգնում, իրենք Էսեմես չեն ուղարկում, թե խախտում ես անում, իմացիր, որ էլ չանես: Ու մինչև տուգանքի մասին փոստով իմանում ենք երկու ամիս տևում ա, բայց էդ ընթացքում մենք արդեն մի հարյուր անգամ նույն տեղը կանգնած ենք լինում ու չենք իմանում, որ խախտում ենք անում»,- բորբոքված իր դժգոհություններն է թվարկում Լևոն Մարկոսյանը:
Մեկ այլ տաքսու վարորդ բողոքում է կարմիր գծանշմամբ վճարովի ավտոկայանատեղերից, թե երբ 5-6 կիլոմետրից մարդ են տեղափոխում, և ուղևորը պահանջում է մի քանի րոպե սպասել, պետք է ընտրեն` կա՛մ վճարովի կայանատեղում են կանգնելու և դրա համար 200 դրամ վճարեն, կա՛մ պետք է դրանից դուրս կայանեն, ու դրա համար տուգանվեն 5000 դրամով: Իսկ այդ 5-6 կիլոմետրն անցնելու համար իրենց վճարում են 600 դրամ: Ու տաքսիստները չեն հասկանում, թե որն է այստեղ տրամաբանությունը, որ հասարակական տրանսպորտը մնացած բոլորի հետ դիտարկվում է միևնույն շարքում:
Մի խոսքով` դժգոհություները շատ են: Ուստի մասնավոր տաքսի ավտոմեքենաների վարորդները բողոքում են, ցույցեր ու հավաքներ իրականացնում` վերջերս էլ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը պահանջել:
«Ես դիմել եմ նախարարին, առաջարկել եմ, որ բոլոր վարորդներին չպարտադրեն դեղին համարանիշեր, հաշվիչներ և այլն, այդ պահանջները հանեն ու բոլորին սկսեն արտոնագրել. յուրաքանչյուրը մուծի 5000 դրամ ու ստանա տաքսի վարելու արտոնագիր: Դրա վերահսկողությունն էլ թող վերապահվի հարկային ծառայություններին, ոստիկաններն էլ տաքսիստներին ստուգեն ըստ այդ արտոնագրի առկայության»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:
Լիգայի նախագահն ու տաքսիստները նաև պահանջում են, որ իրենց համար կայանելու, կայանատեղերի ծախսերի և այլ հարցերում բացառություն անեն, որպեսզի իրենք իրենց օրվա հացի խնդիրը կարողանան լուծել: Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ինքը հայեցակարգ է ներկայացրել Գագիկ Բեգլարյանին` համապատասխան բոլոր առաջարկություններով, որում, բացի տաքսիստների հարցերից, ներառված են նաև գծատերերի խնդիրները, սակայն արձագանք չկա:
Արձագանք չի էլ լինելու, քանի որ հայեցակարգերն ընդունվում ու իրականացվում են այն դեպքում, երբ դրա կարգավորման ոլորտում համապատասխան օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտ չի լինում: Իսկ այս ոլորտում, ինչպես մեզ բացատրեց տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներից մեկը, 2007 թվականից Հայաստանում գործում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքները և կարգավորման այլ իրավական ու ենթաօրենսդրական ակտեր: Այսինքն` այստեղ հայեցակարգի անհրաժեշտություն չի կարող լինել, եթե, իհարկե, առկա օրենսդրությունը վերացնելու և միայն հայեցակարգերով առաջնորդվելու որոշում չկայացվի:
Ինչևիցե, տաքսիստներն ու «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ն հանդես են գալիս Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջով, քանի որ կարծում են, որ ոլորտում քաոսային վիճակ է, հարցերը չեն լուծվում, մարդկանցից միայն «գումար են պլոկում», իսկ նախարարը կարող է այս իրավիճակը փոխել, բայց չի փոխում. «Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը:
Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այս որակումները աբսուրդ է համարում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ոլորտում չի կարող քաոսային վիճակ լինել, քանի որ բոլոր հարցերը կանոնակարգվում են համապատասխան օրենքներով ու իրավական ակտերով: Իսկ տաքսիստների բարձրացրած հարցերի մասին էլ նշեց. «Նրանք տարբեր ժամանակներում տարբեր դժգոհություններ են արտահայտում ու բողոքներ ներկայացնում, մենք ծանոթանում ենք նրանց բարձրացրած հարցերին ու խնդիրներին, որոնք մեկնաբանություն ու պարզաբանում են պահանջում, ներկայացնում ենք անհրաժեշտ մեկնաբանությունները, իսկ այն խնդիրները, որոնք լուծման ենթակա են լինում, անպայման լուծում ենք»:
Հեղինե Բիշարյանը, ոչ ավել ոչ պակաս, խոսեց ողջ հայության անունից
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ սենսացիոն հայտարարություն արեց. հանդես գալով ՀՀ բոլոր քաղաքացիների անունից` նա ասաց, որ չկա գեթ մեկը, որը հոգու խորքում համաձայն չէ Մաքսային միությանն անդամակցելուն, եթե անգամ դրա մասին բարձրաձայն չի արտահայտվում կամ հակառակն է ասում:
Թե ինչի հիման վրա է Բիշարյանն այդ համոզմանը հանգել, նա բացատրությունն էլ տվեց. «Կարծում եմ` չեք կասկածում, որ մենք շատ ենք հանդիպում հասարակության հետ և այդ հարցերը քննարկում: Դեռ չեմ հանդիպել մի մարդու, որին մտահոգում է հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելը»:
Ավելի հեռուն գնալով` Բիշարյանն ասաց, որ անձամբ իր ռուսաստանաբնակ հայ բարեկամ-ծանոթներից է տեսակետ հարցրել, և հասկացել է, որ նրանք ոգևորված են այդ լուրից և իրենց շատ լավ են զգում:
«Մեր քաղաքական ուժն էլ է արդեն հայտարարել, որ այս համագործակցությունը բխում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերից, իսկ դրան զուգահեռ պետք է շարունակվեն Եվրամիության հետ հարաբերությունները»:
Ինչ վերաբերում է Մաքսային միության և Ազատ առևտրի գոտու միջև հակասությանը, ապա Բիշարյանը հավատում է երկրի քաղաքական ղեկավարների ճկունությանը և համոզված է, որ նրանք կանեն այնպես, որ Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերությունները մեկը մյուսին չխանգարեն, այլ ընդհակառակը` օգնեն:



