Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.35-ի սահմաններում, «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի սկզբնամասում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:Վրաերթ կատարած վարորդը հեծանվորդին տեղափոխել է հիվանդանոց
Վստահությունը չարաշահելով գումար է կորզել
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսին, 1981 թ. ծնված Արեն Ղ.-ն, վստահությունը չարաշահելով, 1959 թ. ծնված Աշոտ Մ.-ից խաբեությամբ վերցրել է 100.000 դրամ, որի դիմաց պարտավորվել է տալ 500 լ դիզվառելիք, սակայն մինչ օրս չի վերադարձրել:Հարձակվել ու ծեծել են 6-7 հոգով
Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1976 թ. ծնված Սուրեն Ս.-ն և հայտնել, որ Երևանի Տեր-Գաբրիելյան և Ե. Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել և ծեծի են ենթարկել իրենց:Տղամարդիկ բարձրահասակ են դարձել
Հարյուր տարի առաջ եվրոպացի տղամարդու հասակը 167 սմ է եղել, XX դարավերջին` 177,5: Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի գիտնականները վերլուծել են Եվրոպացի 21 տարեկան տղամարդկանց մադաչափական տվյալները և արձանագրել տղամարդկանց հասակի աճ: Նման միտման հիմնական պատճառը, բժիշկների կարծիքով, բնակչության կենսամակարդակի բարելավումն է ու երեխաների շրջանում վաղ մահացության նվազումը:
ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատարին
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։
Զրուցակիցներն անդրադարձան Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Հանդիպմանը քննարկվեցին Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Զուգահեռ Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս միջոցառումներին կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի, կրթության նախարարները, ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը։
Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև։
Գիրք, որ ամեն հայ գոնե մեկ անգամ պետք է կարդա
Լույս է տեսել Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքի նոր հրատարակությունը: Մինչև սեպտեմբերի կեսը գիրքն արդեն գրախանութներում կլինի:
«Անտարես» հրատարակչությունը եռահատոր աշխատությունն ամփոփել է մեկ գրքում: Գրավիչ արտաքին, որակյալ թուղթ, ընթերցելու համար հարմար տառաչափ և հնագիտական գտածոների ու պատմական դրվագների բազմաթիվ նկարներ: Գիրքն առաջին անգամ ձեռքը վերցնելիս այս հատկանիշներն են աչքի զարնում:
Իսկ մի քանի էջ կարդալուց հետո ընթերցողը կհասկանա, որ հենց այս գրքով է պետք կրթել աճող սերնդին: Սա գիրք է, որից կարող են օրինակ վերցնել ժամանակակից դասագիրք գրողները, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում լուծել գիտականության և մատչելիության համատեղելիության խնդիրը:
Երեք մասից կազմված գրքում մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը` սկսած հին ժամանակներից մինչև Բագրատունիների թագավորության անկումը:
Գրքի առաջին մասում ներկայացված են հայ ժողովրդի ծագումը, հայոց հնագույն պատմությունն ըստ այլալեզու վկայությունների, Վանի Արարատյան թագավորության, Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների արքայատոհմերի պատմությունը:
Երկրորդ գրքում հեղինակը ներկայացնում է քրիստոնեության ընդունումը, Արշակունիների հարստության անկումը, հայ դպրության սկզբնավորումը և հայոց պետականության անկումը:
Երրորդ գրքում արդեն ներկայացված են Պարսկաստանին ենթակա Մարզպանական Հայաստանի պատմությունն ու ազատագրական պայքարները, արաբական տիրապետությունը Հայաստանում և Բագրատունիների կողմից հայոց պետականության վերականգնումը, ապա դինաստիայի անկումը:
Ցավոք սրտի, հեղինակը չի հասցրել գրել գրքի չորրորդ հատորը, որում պետք է ներկայացներ Կիլիկյան Հայաստանի պատմությունը: 90-ականների դժվարին օրերին հեղինակն ասում էր, որ գրքի 4-րդ մասը մտքում պատրաստի ունի, մնում է միայն շարադրել: Բայց չէր շտապում, քանի որ նրա գրքերը սովորաբար երկարատև պայքարի արդյունքում էին հրատարակվում, իսկ գրքի 2-րդ և 3-րդ հատորները դեռևս տպագրված չէին: Մինչդեռ, ըստ նախնական գաղափարի, գիրքը պետք է վեցհատորյակ լիներ:
Հետաքրքիր զուգադիպությամբ գիրքն առաջին անգամ հրատարակվել է Արցախյան շարժման տարիներին և կոչված էր հայ մանուկին ու երիտասարդին ոչ միայն սովորեցնել իր պատմությունը, օգնել խուսափելու պատմական սխալների կրկնությունից:
Այսօր ևս Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարդ ժամանակներ են, երբ անընդմեջ երկընտրանքի առջև ենք: Եվ մեծից փոքր հասկանում ենք, որ հարկ է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի դարերի խորքից մինչև XXI դարը հասած հայությունը կարողանա պահպանել պետականությունը: Վերահրատարակված գիրքը ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորին, որ արևմտամետ կամ ռուսամետ լինելուց առաջ` նախ պետք է լինել հայամետ: Եվ սա արվում է ոչ թե քարոզով, այլ պատմական փաստերը կողք կողքի դնելով:
Իշխանյանը պատմական օրինակներով ընթերցողի մեջ սերմանում է այն միտքը, որ պետք է հավասարակշռված անկախ քաղաքականություն վարել հարևանների հետ` հօգուտ հայրենիքի և պետականության: Նա հիշեցնում է, որ «քաղաքականության մեջ միևնույն կրոնը դավանելը նշանակություն չունի, որ ամեն պետություն իր շահն ունի, և հայերի գեղեցիկ աչքերի համար ոչ ոք նրանց չի օգնել և չի օգնի»:
Ասվածի ապացույցը Արշակունիների հարստությունից Արշակ Երկրորդի և նրա որդու` Պապի վախճանն է: «Հայրը զոհ գնաց մի հակառակորդի` պարսիկների, իսկ որդին մյուսի` Հռոմի դավերին: Հայքը թուլանում էր»,- գրում է հեղինակը:
Գրքի ամենակարևոր յուրահատկությունն այն է, որ հեղինակը կարողացել է հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները ներկայացնել մատչելի լեզվով: Գիրքը հավասարապես ըմբռնելի ու գրավիչ է թե՛ դպրոցահասակ փոքրիկի համար, որը նոր-նոր է սկսում պատմության ուսումնասիրությունը, թե՛ գիտակ մեծահասակի համար:
Հեղինակը աշխատության սկզբում բացատրում է ընթերցողին պատմական տերմինները և մի շարք բառեր, որոնք ներկայիս դասագրքերը չեն բացատրում, և բեռը մնում է ծնողի ուսերին, մինչդեռ ամեն ծնող չէ, որ ունի բավարար գիտելիք կամ ժամանակ այդ ամենը երեխային բացատրելու համար: Օրինակ` սովորեցնում է, թե ինչ է «մ.թ.ա»-ն և «մ.թ.»-ն, ինչպես հաշվել, թե օրինակ` մ.թ.ա. 95 թվականը մեզանից քանի տարի առաջ է եղել, ինչպես որոշել, թե տվյալ թվականը որ դարն է: Նա անհրաժեշտ է համարել նաև տեղեկացնել ընթերցողին, թե ինչ են պապիրուսը, մագաղաթը, ինչպես են պատրաստվել և կիրառվել: Ավելին, ընթերցողը գիտելիք է ստանում նաև, թե մեր պատմության մասին տեղեկություններն ինչ աղբյուրներից ենք ստանում, ինչպես է պատմությունը գրվում:
Այս ամենը ժամանակին տողերիս հեղինակին բացատրել են ծնողները, քանի որ դասագիրքը նման գիտելիքներ չէր տալիս: Այս աշխատությունը, փաստորեն, լուծում է երեխայի` դասն ինքնուրույն սովորելու խնդիրը, թեպետ այն դպրոցական դասագիրք չէ:
Աշխատության մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ մշտապես կարևորվում է լեզվի` որպես ազգ կերտող և պահող գործոնի դերը: «Զուտ հայկական ամեն առանձնահատկություն իր հիմքում ունի հայոց լեզուն,- բացատրում է Իշխանյանն իր ընթերցողին:- Իրոք, դարերի ընթացքում հայերի գլխավոր ու վճռական առանձնահատկությունը, որը միայն հայերինն է եղել, և որը չի ունեցել ու չունի ուրիշ որևէ ժողովուրդ, լեզուն է` հայոց լեզուն»:
Իշխանյանը հմտորեն կապակցում է հայոց լեզուն և հայոց պատմությունը, ընթերցողին բացատրում, որ չկա հայ առանց հայոց լեզվի, և չկա հայոց լեզու առանց հայի, քանի որ այն լեզուն, որով չեն խոսում, մեռած է:
Ցավոք, այսօր դպրոցում միջառարկայական կապն այնքան էլ հստակ չէ: Մինդեռ ներկայիս դասագրքերի հեղինակները կարող են Իշխանյանից օրինակ վերցնել, թե ինչպես է պետք մատուցել միջառարկայական կապը:
Կասկած չկա, որ «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը կարդացած աշակերտն իր գիտելիքներով կփայլի ոչ միայն պատմության, այլև մայրենիի դասաժամին:
«Պատկերազարդ պատմություն հայոց»-ը գիրք է, որ ամեն հայ գեթ մեկ անգամ պետք է կարդա, որպեսզի ներսում խլրտա ազգասիրության ոգին, հպարտությունը, որպեսզի երբևէ հանկարծ չարտաբերի օտարների կողմից հայերի մեջ սերմանված այն միտքը, թե հայոց պատմությունը պարտությունների շարան է, թե հայերը եկվոր են կամ իրենց մեջ ամփոփում են ամենայն վատը: Սա գիրք է, որ ամեն օր պետք է աչքի առաջ ունենալ, իսկ կարդացած ամեն մի տողն էլ ականջին օղ անել:
Քո լեգենդը, մա’յր. քառասուն տարի անց
Դու չկաս արդեն աշխարհում այս մեծ,
Բայց զուր է մահը քեզ ինձնից խլում,
Մայր, ես կրում եմ քեզ հիմա իմ մեջ,
Ինչպես դու էիր ինձ քո մեջ կրում…
Մորիս Քարեմ
Քառասուն տարի է արդեն, ինչ մայրս` Քնարիկ Վախթանգի Մելիքսեթյանը, որ հպարտությամբ էր կրում հորս ազգանունը, չկա այս մեծ աշխարհում: Իսկ ապրածը բազում հոգսերով ու դառնություներով լի 43 տարիներ էին ընդամենը, նաև համառության, կամքի դռսևորման, ծնողական սիրո ու մայրական հոգածության, նվիրումի օրինակելի տարիներ:
Շատ անգամ եմ հիշել կորստի առիթով հորեղբորս խոսքը մորս մասին. «Նա էլ մի ղուշ էր, որ իջավ մեր օջախին ու թռավ գնաց»:
Բոլորի պես մայրս էլ ուներ իր համոզմունքները: Ընդգծված առաքելությունը, որ մնացել է մերձավորների ու ճանաչողների հուշերում, նվիրումն էր օջախին, աշխատանքին ու ինքնամոռաց ծառայելը շրջապատին:
Մայրս հարգում էր ուսումը, գիրը, գրականությունը: Չգիտես ինչու, որոշել էր, որ ես ինժեներ եմ դառնալու: Սովորաբար չէր երգում (բնատուր շատ շնորհքներ ուներ, բայց այդ մեկը չուներ, կամ էլ գուցե ճակատագիրը երգելու տրամադրություն չէր թողնում), բայց այդ ժամանակ շատ տարածված «Ինժեներ բալա» երգի տողերը հաճախ էր արտասանում: Մորս այս ցանկությունը ես չկատարեցի, բայց ոչ նրա համար, որ դա չէր իմ ճանապարհը, այլ ուզեցի գնալ հենց նրա կիսատ թողած ճանապարհով: Նա ժամանակին ընդունվել էր մանկավարժական ինստիտուտ ու կիսատ թողել ընտանիքի ու նաև առողջական խնդիրների պատճառով:
Մանկավարժության մեջ իմ վարած նաև ունկնդրած ամեն մի դաս մորս տված «դասերն» էր հիշեցնում: Գերիշխում էր համոզման ու նվիրումի մեթոդը:
Հավերժ պարտք մնալով քեզ, մայր, շնորհակալ եմ իմ կյանքն իմաստավորելու, դասեր տալու համար: «Ուրիշի գործ չկա»,- սիրում էիր կրկնել: Հավատա մայր, որ դա ինձ համար ևս համոզմունք է:
Շատ բան տվեց աշխարհին մայրս, վայելքներ գրեթե չտեսավ: Հայրս դեռ կենդանի էր, երբ կիսակառույց մեր գյուղական տանը Վարդավառի առիթով մորթված ուլի մսին մորաքույրս աղի փոխարեն շաքարավազ էր խառնել, ծիծաղը չէր դադարում: Մորս շատ ուրախ այդ օրն եմ տեսել ու մեկ էլ իմ և քրոջս օրագրերը թերթելիս, նաև ծնողական ժողովների օրերին:
Ինը տարի խնամել է հիվանդ հորս, հետո առանց նրա տասը տարի միայնակ իր հոգնած ուսերին առել մեր հոգսը: Երբ նայում էր հորս լուսանկարին, ու աչքերը սկսում էին թրջվել, մի պատրվակով առանձնանում էր մեզնից:
Հիմա ներողություն եմ ուզում խնդրել մորս, թող լինի ուշացած, թող լինի հիշատակի խոսք ու զղջում, բայց կոկորդս կչորանա, եթե չասեմ: Մորս միշտ ասում էի, որ հորս եմ շատ սիրում: Այդ անիմաստ հարցի իմ հստակ ու նույնքան անիմաստ պատասխանը այսօր էլ ճնշում է հոգիս: Ես կրկնակի եմ շնորհակալ ճարտարապետության դոկտոր, իմ համագյուղացի Գառնիկ Շախկյանին, որ շնողեցիներին նվիրված կենսագրական հանրագիտարանում հայրիկիս հետ նաև մորս նկարն է ներկայացրել ու նրան, որպես հարգանքի տուրք, պարուրել իր չտեսած թոռնիկներով: Իմ Աղասին այնպես լիաթոք է ասում` «Քնարիկ տատիս արևը», որ ինձ թվում է, ահա դուռը կբացվի և տատ ու թոռ կգրկախառնվեն:
Ինչո՞ւ քեզ չխնայեցիր, մայր, նաև դրա համար: Առավոտյան դաշտ էիր գնում աշխատանքի, երեկոյան գալիս, ուսից գցում խոտի խուրձն ու տարվում ընտանեկան հոգսերով` այգի, բակ, անասուն… Ծխախոտագործ էր մայրս, այգեգործ, խոհարար, մի բառով` հրաշագործ: Ավարտել էր Օձունի գյուղատնտեսական տեխնիկումը, բայց չինովնիկ չէր ու չէր էլ ուզում դառնալ: Նրան նկատում էին, գնահատում: Գյուղական խորհրդի, շրջխորհրդի պատգամավոր էր, օղակավար…
Դեպքից դեպք ասում էր` հոգնել եմ: Ուզում էին օգնել, գյուղխորհրդի նախագահ էր լինելու: Տրտնջում էր, հրաժարվում, բայց համոզել էին կարծես:
Ես չեմ սիրում ոչ մի ընտրություն, քանզի մորիցս հավերժ բաժանումը ընտրական օրվա հետ է կապված: Նախախնամությունը մորս մեզնից խլեց Պարույր Սևակի մահվան օրը: 1971-ի այդ օրը նրա այգում տապալվեց հսկա ծիրանենին, իսկ 1973-ին երկփեղկվեց իմ սիրտը: Ու այդ օրից հոգիս շշնջում, մեկ-մեկ էլ հրաբխի նման ժաթքում է:
…Աստվածային էր օրհնանքը նրա,
Որ զգացել եմ ես ինձ վրա,
Իմ ամեն գործում, իմ ամեն քայլում
Մորս ուղեկից հայացքն է փայլում:
…Դու նախանձ չունեիր մայր ու դրա սաղմն անգամ իմ մեջ չկա, բայց բարի նախանձով եմ նայում նրանց, ովքեր հարազատ գյուղ ու հայրական տուն են գնում` մոր մերած մածունը կտրելու կամ տնական հավի ձվածեղը համտեսելու, կամ էլ պարզապես բարի լույս ասելու նրան, ով արդեն արժանացել է հարևանների աչքալուսանքին:
Տոն չէր քեզ համար մարտի 8-ը, մայր, կապված հորս կորստյան սև օրվա հետ, իսկ ապրիլի 7-ն այն ժամանակ չէր նշվում: Հիմա թույլ տուր շնորհավորել բոլոր մայրերին ու նաև այդպես փարատել կարոտս…
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
Նախարար Նալբանդյանը կհանդիպի հանձնակատար Ֆյուլեին
Վ. Արամյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին
|
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հա¬յաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Վարդան ԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: |
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի
Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի, առաջնագծում հանդիպել դիրքապահ զինծառայողների հետ, ստուգել մարտական պատրաստությունը, զորքերի ծառայության իրականացման խնդիրները և զորվարժությունների անցկացման գործընթացը:
Նախարարը լսել է հրամանատարների զեկույցները, տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ գործընթացը ավելի խորքային և արդյունավետ իրականացնելու համար:
Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանագծի երկայնքով տեղակայված ՀՀ ԶՈւ զորամիավորման զորամասերը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացնում են լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են նաև կենտրոնական ենթակայության զորամասեր և ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից: Զորավարժության տևողությունը յոթ օր է, ներգրավված մեծաքանակ ուժերը և միջոցները զորավարժության ընթացքում հիմնականում խաղարկում են հակահարձակողական գործողություններ, որոնց շրջանակներում իրականացնում են նաև կրակային խնդիրներ:
Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվեց լուրջ թերացումներով. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է Երևանում մեքենաների վճարովի կայանատեղերի համակարգին:
ՄԻՊ տարածած հաղորդագրությունում ասվում է. ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2011 թվականին, իսկ կոնկրետ համայնքում տուրքի դրույքաչափերը, դրանց վճարման ձևերը և այլ հարցերի կարգավորման իրավասությունը թողնվել է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, տվյալ դեպքում՝ Երևան քաղաքի ավագանուն:
Երևան քաղաքի ավագանու որոշումները տուրքի վճարման ընթացքում վարորդի համար առաջացրել են ավելորդ, չհիմնավորված դժվարություններ և անհարմարություններ:
Մասնավորապես, օրենքը նախատեսում է, որ տուրքի վճարման պարտավորությունը ծագում է ավտոմեքենան կայանելու պահից, սակայն Երևանի ավագանու որոշմամբ տուրքի վճարման հստակ վերջնաժամկետ սահմանված չէ: Առկա պայմաններում մնում է կռահել, որ եթե անվճար կայանել կարելի է միայն 5 րոպե, ապա անձը պարտավոր է կատարել տուրքի վճարումը հենց 5 րոպեի ընթացքում: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, երբ, օրինակ, մայրաքաղաքին անծանոթ մարդը մեքենան կայանելուց հետո 5 րոպեի ընթացքում պետք է տեղեկատվական վահանակի միջոցով տեղեկանա տուրք վճարելու իր պարտականության մասին, նույն այդ ժամանակահատվածում կարողանա մոտակայքում գտնել վճարային որևէ կազմակերպություն կամ սարքավորում և կատարել տուրքի վճարումը, իսկ 5 րոպեն թեկուզ մեկ րոպեով գերազանցվելու դեպքում կտուգանվի 5.000 ՀՀ դրամի չափով: Հետևաբար, այսպիսի իրավիճակից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր վարորդին տալ ավելի երկար ժամանակով անվճար կայանելու հնարավորություն:
Կազմակերպական առումով լուրջ բացթողում էր նաև տուրքի համակարգի մասին անբավարար հանրային իրազեկումը, ինչի ապացույց էին վարորդների բազմաթիվ անպատասխան հարցերը տուրքի վճարման, անդորրագրերի ստացման կարգի վերաբերյալ, ինչպես նաև այն փաստը, որ բազմաթիվ քաղաքացիներ վճարեցին ամբողջ տարվա համար սահմանված տուրքը, որից հետո միայն կատարվեց վերահաշվարկ, և նրանց վերադարձվեց այդ գումարի մի մասը:
Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որ տուրքի սահմանումը սոցիալական առումով որևէ կերպ հիմնավոր ու նպատակահար չէ, ապա այդ խնդիրն անհրաժեշտ էր բարձրացնել դեռևս վերը նշված օրենքի ընդունման ժամանակ: Այնուամենայնիվ, կառուցողական առաջարկությունների առկայության դեպքում կարելի է նաև հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ:
Բազմիցս նշել ենք յուրաքանչյուր այսպիսի դեպքում հանրային քննարկումների կարևորության մասին: Դրանք չպետք է լինեն ձևական և ինքնանպատակ, քանի որ դրանց բացակայությունը իրավական ակտերը դարձնում է գործնականում անկիրառելի կամ հանգեցնում անձանց իրավունքների և օրինական շահերի խախտմանը»:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է Գրագիտության համաշխարհային օրը
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշեց Գրագիտության միջազգային օրը՝ շեշտելով գրագիտության կարևորությունը ժամանակակից աշխարհում և կոչ անելով ավելի շատ ջանք ներդնել երեխաներին, երիտասարդությանն ու մեծահասակներին կարդալու, գրելու և իրենց կյանքը վերափոխելու հնարավորություն տալու գործում`ընդգծելով գրագիտության համընդհանուր իրավունք լինելու փաստը:
Մոտ տասնհինգ դպրոցական երեխաներ, այդ թվում նաև, հաշմանդամություն ունեցող երեխաներ, հյուրընկալվեցին ՄԱԿ-ի գրասենյակում՝ քննարկելու գրագիտության դերը և մասնակցելու հայտնի հայ նկարիչ Պետո Պողոսյանի կողմից իրականացվող վարպետության դասին:
Ամեն տարի սեպտեմբերի 8-ին նշվող Գրագիտության միջազգային օրվա այս տարվա թեման է « 21-րդ դարի գրագիտությունը», որը կարևորում է գրագիտության տարրական և առաջավոր հմտություններն իրականացնելու կարիքը՝ որպես ցկյանս ուսումնառության մի մաս:
Գրագիտության միջազգային օրը նշելու նպատակն է բարձրացնել իրազեկումը գրագիտության դերի մասին՝ որպես մարդու իրավունք և ցկյանս ուսումնառության, բարեկեցության, կայուն և ներառական զարգացման հիմք:
«Գրագիտությունը շատ ավելին է, քան պարզապես կրթական առաջնահերթություն: Այն ներդրում է ապագայի մեջ , ինչպես նաև քայլ դեպի նոր ձևերի գրագիտություն, որ պահանջվում է 21-րդ դարում: Մենք ցանկանում ենք ականատեսը լինել մի դարաշրջանի, որտեղ ամեն երեխա կարող է կարդալ և օգտագործել այդ հմտությունը ինքնուրույնություն ձեռք բերելու համար», ասաց Իրինա Բոկովան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը:
Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչը Հայաստանում, ասաց․«Մեր երիտասարդ հյուրերը սովորեցին, որ գրագիտությունը մարդու իրավունք է, անձնական զարգացման գործիք, հասարակական և մարդկային զարգացման միջոց: Ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումից հետո նրանք իրենց հասակակիցների հետ կկիսեն այն գաղափարը, որը գրագիտությունը համընդհանուր տարրական կրթության հիմքն է և էական դեր ունի աղքատությունից ազատվելու, մանկական մահացությունը կրճատելու, , գենդերային հավասարության հասնելու, կայուն զարգացում, խաղաղություն և ժողովրդավարություն ապահովելու հարցում:»:
«Շնորհիվ Հայաստանի իշխանության ջանքերի Հայաստանում մեծահասաների շրջանում գրագիտության մակարդակը 99.6 տոկոս է, համաձայն Մարդկային զարգացման 2013 թվականի հաշվետվության: ՄԱԿ-ն աջակցում է ներառական կրթությունն առավել խթանելունն ուղղված նրանց ջանքերը: Չնայած Հայաստանում առկա կրթության բարձր ներգրավվածության և գրագիտության մակարդակի, և ներառական կրթության որորտում գրանցած առաջընթացի՝ որոշ սոցիալական խմբեր դժվարության են հանդիպում կրթական համակարգում: ՅՈւՆԻՍԵՖ-ի հետազոտությունը ցույց տվեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 18%-ը չի հաճախում դպրոց: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ հաղթահարելու խոչընդոտներն ու ամրապնդել ներառական կրթության համակարգը», ավելացրեց նա:
Վարպետության դասից հետո, տասնչորսամյա Հասմիկն ասաց. «Վաղը ես կպատմեմ դպրոցական իմ ընկերներին, թե որքան կարևոր է գրագիտությունը: Ես ցանկանում եմ դառնալ լավ մասնագետ և նպաստել իմ համայնքի զարգացմանը»:
Միջացառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Այժմ ավելի քան 40 տարի է, ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոնում է Գրագիտության միջազգային օրը՝ հիշեցնելով միջազգային հանրությանը, որ գրագիտությունը մարդու իրավունք է և բոլոր գիտելիքների հիմքը:
ՀՀ 5 առավելություններն ու թերություններն ըստ վարչապետի
Հրապարակվել է համաշխարհային մրցունակության զեկույցը, ըստ որի Հայաստանն ավելի նպաստավոր դիրք է գրավել. վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում .
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, բայց մեզ համար չափազանց կարևոր է, թե ինչ չափանիշներով ենք մենք կարողացել բարելավել մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում և ինչ չափանիշներով են մեր դիրքերը թուլացել: Դրա համար պետք է խորամուխ լինենք, թե ինչ չափանիշներով է գնահատվում ազգային մրցունակության զեկույցը, որովհետև կան բազմաթիվ չափանիշներ, որտեղ ակնհայտ է, որ մենք դեռևս անելիքներ ունենք:
Այժմ խոսքն ուզում եմ տրամադրել Արտակ Շաբոյանին, որպեսզի նա ներկայացնի, թե որ բարեփոխումներն են տվել արդյունքներ մրցունակության բնագավառում և ինչի հաշվին է Հայաստանի Հանրապետության դիրքն ամրապնդվել:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան- Շնորհակալություն, պարոն վարչապետ: Երեկ հրապարակվեց համաշխարհային մրցունակության զեկույցը, որը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների մրցունակության ցուցանիշները: Հրապարակված զեկույցով մենք ներկայումս զբաղեցնում ենք 79-րդ տեղը նախորդ տարվա 82-ի համեմատ: Այսինքն` երեք կետով մենք առաջընթաց ենք արձանագրել: Սակայն մրցունակության ցուցանիշն ագրեգացված ցուցանիշ է և ներկայացնում է երկրի տարբեր ոլորտները բնութագրող իրավիճակները: Եվ երեք ցուցանիշներ պատկանում են մրցակցության ոլորտին: Մրցակցության ոլորտի առաջին ցուցանիշը տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշն է, որի գծով մեր առաջընթացը կազմել է 28 կետ: Անցած տարի ևս այս ցուցանիշով մենք մեծ առաջընթաց էինք արձանագրել, սակայն անցած տարի մեզ նաև որոշ մարդիկ քննադատում էին՝ ասելով, որ ճիշտ է, առաջընթացը, աճի տեմպը մեծ է, սակայն մեր զբաղեցրած դիրքը դեռևս ցածր է: Ասեմ, որ այժմ այդ ցուցանիշով մենք ԱՊՀ երկրների շարքում առաջատարն ենք:
Հաջորդ ցուցանիշը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշն է, որի գծով առաջընթացը կազմել է 19 կետ: Այս ցուցանիշով ևս ԱՊՀ երկրների շարքում առաջատար ենք մեր զբաղեցրած դիրքով: Օրինակ` Վրաստանից առաջ ենք 41 կետով, Ադրբեջանից` 30 կետով, Ուկրաինայից` 40 կետով և այդպես շարունակ:
Եվ երրորդ ցուցանիշը, որը բնութագրում է մրցակցային միջավայրը, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ազդեցությունն է մրցակցության վրա, որը ցույց է տալիս , թե գերիշխող դիրք ունեցողները որքանով են խոչընդոտում մրցակցությունը, որքանով են սահմանափակում: Այս ցուցանիշի գծով նույնպես բարելավում է արձանագրվել. առաջընթացը կազմել է 15 կետ: Եվ զբաղեցնում ենք աշխարհի երկրների շարքում 75-րդ տեղը, այն դեպքում երբ Ուկրաինան 132-րդ տեղում է, Մոլդովան`133, Վրաստանը` 119 և այդպես շարունակ: Ասեմ նաև, որ այս ցուցանիշով մենք նաև մեր զբաղեցրած դիրքով առաջ ենք անցել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից` Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա և այլն:
Եվ մի քանի խոսք ուզում եմ ասել նաև մեթոդաբանության վերաբերյալ: Համաշխարհային այս միջազգային կազմակերպությունը փակ գաղտնի հարցում է անցկացնում տնտեսվարողների շրջանում, եթե չեմ սխալվում մոտ 200-ից ավելի տնտեսվարողներ են ընտրվում տարբեր ոլորտներից: Այդ հարցման տվյալների ամփոփման արդյունքում հաշվարկվում են այս ցուցանիշները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ թվարկել Հայաստանի Հանրապետության հինգ ուշագրավ առավելությունները և հինգ ուշագրավ թերությունները: Առաջին մեր առավելությունը, որը համահունչ է Doing Business-ի մեր բարձր վարկանիշին, նոր բզինես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է: Այս ցուցանիշով մենք աշխարհում զբաղեցնում ենք 10-րդ տեղը: Աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու գործելակերպով՝ 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ` 24-րդ տեղը, ներդրողների պաշտպանության ուժգնությամբ՝ 25-րդ տեղը և պետական կառավարման բեռի ուղղությամբ՝ 34-րդ տեղը: Սրանք մեր հարաբերական առավելություններն են:
Ուշագրավ թերություններից առաջինը կառավարման դպրոցների որակն է՝ 120-րդ տեղը, երկրում տաղանդների պահպանման ունակությունը՝ 121-րդ տեղը, մաքսային գործընթացների բեռը՝ 123-րդ տեղը, արտաքին շուկայի չափի համաթիվը՝ 127-րդ տեղը և համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժինը՝ 139-րդ տեղը: Այս հարաբերական ուժեղ և թույլ կողմերը մեզ հուշում են, թե մենք ինչ անելիքներ ունենք: Այս հաշվետվության մեջ մանրակրկիտ ներկայացված են նաև այլ գերատեսչություններին վերաբերող խնդիրները` կրթական, առողջապահական համակարգ, որտեղ մեր դիրքերը վատացրել ենք: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այստեղ կարողանանք վերականգնել մեր դիրքերը: Հանձնարարություն է տրվում բոլոր նախարարություններին, որպեսզի այս հաշվետվությունն ուսումնասիրեն և իրենց որորտների վերաբերյալ վարչապետին մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնեն առաջարկություններ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի բարելավենք միջավայրը:
Բարելավվել է Հայաստանի մրցունակության ցուցանիշը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, վարչապետը տեղեկացրել է, որ մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանի դիրքը բարելավվել է: Կատարված ուսումնասիրության և զեկույցի այլ ցուցանիշների մասին հանգամանալից տեղեկություն է տվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը, որից հետո Տիգրան Սարգսյանը մատնանշել է մեր երկրի այդ ոլորտի առավելություններն ու թերությունները:
Նպատակը սեյսմիկ ռիսկի նվազեցումն է
ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2016թ. հոկտեմբերի 12-ը: Ինստիտուտը և Թայվանի Սինիկա ակադեմիան 2011թ. հուշագիր են ստորագրել Կովկասի տարածաշրջանում երկրաբանության, սեյսմոլոգիայի, ակտիվ տեկտոնիկայի և հրաբխայնության բնագավառում հետազոտություններ իրականացնելու նպատակով: ՀՀ տարածք է ներմուծվել տեղորոշման 8 հավաքածու: Նշված սարքերն այժմ օգտագործվում են երկրադինամիկական երկարաժամկետ մոնիթորինգ իրականացնելու համար, աշխատանք, որը թույլ կտա առավել համապարփակ տեղեկություն ստանալ երկրակեղևի հատվածների բախման ընթացքում ձևավորվող լեռնագոյացման, մագմատիզմի, երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների վերաբերյալ: Որոշումը համահունչ է տվյալ բնագավառում կառավարության վարած քաղաքականությանը` նվազեցնել և բացառել աղետների հետևանքներից մարդու կյանքին, առողջությանը և ունեցվածքին հասցվող վնասը, նվազեցնել սեյսմիկ ռիսկը:
Հաջորդ որոշմամբ գործադիրը երեք տարով երկարաձգել է «Ախթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Ընկերությունը զբոսաշրջության զարգացմանն ուղղված իր ներդրումային ծրագիրը սկսել է 2009 թվականին` ներմուծելով Սևանի թերակզում ճոպանուղի կառուցելու և շահագործելու տեխնիկական միջոցներ: Այժմ ծրագիրը շարունակվում է, ընկերությունը բացի հյուրանոցային բարձրակարգ ծառայություններից մտադիր է բավարարել նաև լեռնադահուկային սպորտի սիրահարների հետաքրքրությունը:
Հիմնադրվում է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ
Կառավարությունն իր որոշմամբ հիմնադրել է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ, հաստատել դրա կանոնադրությունը: Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնական նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիություն երաշխավորող ֆոնդի կառավարումն է:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջից, ինչպես նաև անձնավորված հաշվառման ավտոմատացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
Գնումների մասին ՀՀ օրենսդրությունում առկա խնդիրների լուծման նպատակով կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից երեքը: Դրա շնորհիվ հստակեցվել են առկա ռիսկային և երկակի մեկնաբանության տեղիք տվող դրույթներն ու նորմերը, արվել խմբագրական շտկումներ:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի միջև լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի («IWRM/Ախուրյան գետ» ծրագրով մատուցվելիք փորձագիտական ծառայություններ իրականացնելու նպատակով 550 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ») նախագծին:
Նկատի առնելով, որ «Երևանջուր» ՓԲԸ-ն չի օգտագործում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին սեփականության իրավունքով պատկանող 3 հազար 863 գծամետր երկարությամբ Արարատյան առաջին հերթի խողովակաշարի մի մասը, գործադիրը որոշել է այն օտարել մրցութային կարգով:
Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած մի քանի որոշումներում, կառավարությունը մարզերում իրագործված ծրագրերից տնտեսված միջոցներն ուղղել է համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացմանը:
ՀՀ կառավարությունը համաձայնել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող «Ռադիո» ՓԲԸ բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում Նորատուսի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված մոտ 31 մլն դրամն ուղղել Նորատուսի Վ. Մամիկոնյան փողոցի հիմնանորոգմանը:
Սյունիքի մարզի Շաքի գյուղի վարչական տարածքում նոր մաքսատուն կառուցելու նպատակով կառավարության որոշմամբ համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 7.1 հա և համայնքի սեփականությունը հանդիսացող 0.56 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա շահ:
Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Շիրակի 2ա, Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 և Մոլդովական 70 թիվ 1 հասցեներում գտնվող հանրակացարաններում, ինչպես նաև Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող՝ 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած բնակիչներին սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները :
Ջրի որակի վերահսկումը առողջության գրավականն է
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը քաղցրահամ ջրի մոնիթորինգի և պահպանման գործում» ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող ծրագրով պետական տարբեր մարմիններ և ակադեմիական շրջանակներ ներկայացնող շուրջ 50 մասնակիցներ կծանոթանան ջրային էկոհամակարգերում քաղցրահամ ջրի վերահսկման և պահպանման ժամանակակից տեխնոլոգիաներին և բիոգնահատման տարբեր եղանակներին,
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը,
-ՀՀ ֆինանսների նախարարության «Կարողությունների զարգացում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը,
-«Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների` որոնց բաժնետոմսերի 50 կամ ավելի տոկոսը պատկանում է պետությանը (բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձև չունեցող առևտրային կազմակերպությունների)» լուծարման կարգը,
-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու փոփոխություններն ու լրացումը, որոնք միտված են նախարարության առջև դրված խնդիրների ու նպատակների լիարժեք իրականացմանը :
Գործադիրը սահմանել է ՀԴՄ միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները:
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որը միտված է ոլորտում ընթացող բարեփոխման և իրավական դաշտի ներդաշնակեցմանը և կարող է նպաստել նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակում սահմանված ուսումնառության արդյունքի նպատակային օգտագործմանը, աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը:
Կառավարության հավանությունն է ստացել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որի նպատակն է Արարատյան դաշտում ստեղծել ջրային պաշարի օգտագործման բնապահպանական տեսանկյունից ավելի կանոնակարգված և հավասարակշռված իրավիճակ, երբ տնտեսական օգուտը կգնահատվի բնապահպանական իրական վնասի համադրմամբ: Արարատյան ջրավազանի ջրօգտագործման ծավալի նվազեցման կամ աճի դադարեցման շնորհիվ բնապահպանական բարդ իրավիճակը կբարելավվի, կապահովվի ջրային պաշարի կայուն օգտագործումը :
Գործադիրը հավանության է արժանացրել «Ոստիկանությունում ծառայության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց ընդունման դեպքում կբարձրանա ոստիկանության մարդկային ռեսուրսի կառավարման արդյունավետությունը:
Նիստում հավանություն է ստացել ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի «Սփայս» անվամբ դիզայներական թմրամիջոցները և համանման նյութերը ներառել ՀՀ տարածքում արգելված թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ցուցակ:
Գործադիրը քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրինագիծը միտված է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքում առկա իրավակարգավորիչ անհամաչափ միջոցները` բացառելով դատապարտյալ անձի վիճակի անհիմն վատթարացումը: Նախագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Քննության է առնվել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Սարգսյանը: Նա առաջարկում է ձեռնարկատիրական գործունեության իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունները ևս համարել ԱԱՀ վճարող: Ըստ կառավարության եզրակացության օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի. գործադիրը պատրաստ է մասնակցելու նախագծի լրամշակմանը` արծարծված խնդիրը կարգավորելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը յոթ միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված «Անտոն Քոչինյան. կյանքը և գործունեությունը» և «Անտոն Քոչինյանը ժամանակակիցների հուշերում» գրքերը տպագրելու համար:
Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել Արտաշատի «Օրիենտ ֆարմ» ՍՊԸ-ին 2011թ. տրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կամ դրանց պրոկուրսորների ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիրը:
Կառավարության որոշմամբ ԱՄՆ Մասաչուսեթսի Բրանդիսի համալսարանի բակալավրիատի սան (կենսաբանություն մասնագիտությամբ) Վարդգես Ծերունյանին տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը` 2017 թ. գարնանային զորակոչը:
Գործադիրը որոշել է Կարեն Թամազյանին նշանակել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար:
Քեմբրիջի շրջանավարտը Նուբարաշենի ՔԿՀ-ում հացադուլի միջոցով ուզում է հասնել արդարության
Քեմբրիջի համալսարանի մագիստրոս Արամ Մուղալյանը ս.թ. սեպտեմբերի 2-ից անժամկետ հացադուլ է սկսել: Դրանով նա իր բողոքն է արտահայտում Արմավիրի մարզի դատախազության և ոստիկանության քննչական բաժնի կամայականությունների դեմ:
Խնդիրը հետևյալն է. Արմավիրի մարզի քննչական բաժինը 17.04.2013թ. ձերբակալել, ապա կալանավորել է Արամ Մուղալյանին ու նրա 3 ընկերներին՝ ցանկանալով նրանց վերագրել Նորապատ գյուղում 1 տարի առաջ անհայտ անձանց կողմից վառված դեզի չբացահայտված գործը: Նախաքննությամբ դա չի ստացվել (ի դեպ, իրական դեզ վառողները մինչ այսօր էլ չեն գտնվել և ազատության մեջ են): Տղաներին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելն արդարացնելու նպատակով կազմվել է մի այլ սցենար: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբրև գյուղից դուրս` ամայի վայրում, այրել են գետնին թափված ոչ պիտանի հարդը (ոչ թե դեզը), որի հետևանքով տեղ-տեղ խանձվել է շան մազը և ծխահարվել մոտ 30 կապ խոտ` 36.000 (երեսունվեց հազար) դրամ արժողությամբ:
Բայց իրականում գյուղացին ու նրա ընտանիքի անդամները ամիսներ շարունակ բազմաթիվ հարցաքննություններում պնդել են, որ իրենց նյութական վնաս չի պատճառվել և իրենք բողոք չունեն: Բայց քրեական գործի հարուցումից 3 ամիս անց նրանց գրել են տվել, որ ծխահարվել է մոտ 30 կապ խոտ, որի վերաբերյալ գործում հասկանալի պատճառով որևէ ապացույց չկա:
Այս կեղծիքներով Արմավիրի մարզի դատախազությունը և քննչական բաժինը ձգտում են հիմնավորել իրենց մեղադրանքը և կալանքի անտրամաբանական որոշումը:
Բանն այն է, որ նախաքննության սկզբում` 18 օր շարունակ, Արամն ու իր ընկերները` բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, գտնվել են ազատության մեջ և որևէ ձևով չեն խոչընդոտել քննչական աշխատանքներին, սակայն դրանից հետո, առանց որևէ պատճառաբանության, ինչ-ինչ խնդիրներից ելնելով, նրանց նկատմամբ կիրառվել է կալանք:
Այդ որոշումն անօրինական է, քանի որ քննչական մարմինը չուներ և չի արձանագրել որևէ փաստ, տղաների վարքագծի որևէ սխալ դրսևորում, որը պատճառ դառնար 18 օր անց նման որոշում կայացնելուն:
Հակառակը. Արամ Մուղալյանը պատրաստ էր անելու ամեն ինչ, որպեսզի պահպանի տարիների ընթացքում ստեղծած բարի համբավը:
Դեռ մանկության տարիներից նա աչքի է ընկել բազմակողմանի ընդունակություններով. 6 տարեկանում իր գեղանկարներով մասնակցել է Փարիզում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին, պատանեկան տարիքում ֆիլատելիստական հավաքածուով բազմաթիվ մեդալներ է շահել միջազգային և համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսներում, բարձր դասարաններում ստացել է տարբեր դիպլոմներ ֆիզիկայից և ինֆորմատիկայից:
Արամը Քվանտ վարժարանից հետո հարցազրույցով ընդունվել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը և գերազանցությամբ ավարտել այն:
2010 թվականին «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ ընդունվել է Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրան, դարձել մեկն այն եզակի հայ ուսանողներից, որոնք արժանացել են համալսարանի կրթաթոշակին:
Քեմբրիջի համալսարանը հաջողությամբ ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հայաստանում գործող առաջատար ընկերություններից մեկում որպես փոխտնօրեն:
Արամ Մուղալյանը իր անժամկետ հացադուլով ուզում է հասնել արդարության, որպեսզի վերջ դրվեն Արմավիրի մարզի դատախազության կամայականություններին, դատավարության ընթացքում փոխվի իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը և իր վրայից հանվեն կեղծ մեղադրանքները:
Վարդուհի Շափաղաթյան
Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

ՆԱՏՕ-ի երկրներում, դաշինքի բանակներում զինծառայողների թիվը վերջին հինգ տարում ավելացել է 10 անգամ և ներկայումս հասել ավելի քան 300 հազար մարդու, որոնցից 40 հազարը սպաներ են։

ԱՄՆ-ում բանակի և նավատորմի շուրջ 20 տոկոսը կանայք են։ Ավելի քան 11,2 հազար ամերիկացի զինծառայող կանայք մասնակցել են ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին, 37 հազարը՝ 1991 թ. «Փոթորիկ անապատում» գործողությանը։ Ամերիկյան բանակում կան նաև գեներալի պաշտոնում ծառայող կանայք՝ 11 գեներալ և 1 կին-ադմիրալ:
Ամերիկացի կանայք ծառայության ոչ մի սահմանափակում չունեն. նրանք ծառայում են նավերում, ծովային հետևակազորում, սակայն սուզանավերը մինչև վերջին ժամանակներս համարվում էին բացառապես «տղամարդկանց տարածք»։ 2011-ին այդ արգելքը հանվեց, և ամերիկյան ատոմային սուզանավերում ծառայության են պատրաստվում 18 կին սպաներ։ ԱՄՆ-ն ամենևին էլ առաջին երկիրը չէ, որը կանանց թույլ է տալիս ծառայել սուզանավերում։ Այդ նույն մոտեցումը ավելի վաղ գործում էր Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում, Իսպանիայում, Շվեդիայում և բոլորովին վերջերս Մեծ Բրիտանիայում։
Ֆրանսիայի բանակի կանանց զորախումբը կազմում է մոտ 15 տոկոս։ Դրանք ուսադիրներով 23 հազար կանայք են՝ շարքայինից մինչև գնդապետ, փաստորեն բոլոր զորքերում, բացի արտասահմանյան լեգեոնից, ծովային հետևակազորից և սուզանավերի անձնակազմից։ 1995 թվականից նրանց թույլատրվել է վարել ամեն կարգի օդանավեր, այդ թվում նաև ՝ մարտական։ Այսօր կանայք կազմում են թռիչքային-օդաչուական անձնակազմի 1,5 տոկոսը։ «Ֆիգարո» թերթի անցկացրած հետազոտության արդյունքներով՝ կանանց զինվորական ծառայության մեջ հրապուրում են ռոմանտիկան, մշտական, լավ վարձատրվող աշխատանք ունենալու ձգտումը, ընտանեկան կյանքի համար զուգընկեր գտնելու հնարավորությունը, ինչպես նաև ցանկությունը ապացուցելու, որ կանայք ի զորու են գլուխ հանել «տղամարդկանց» խնդիրներից։

Բանակում ծառայող կանանց ամենամեծ թիվը Իսրայելում է։ 18 –ից մինչև 24 տարեկան բնիկ իսրայելցի կանայք պարտադիր զորակոչվում են բանակ։ Նրանք ծառայությունն անցնում են առանձին զորամասերում, որոնք միավորվում են հատուկ կանանց կորպուսում։ Դրանուն կա 36 հազար կին, բայց մարտական պայմաններում այդ ստորաբաժանումները չպետք է գտնվեն հակառակորդի հետ անմիջական շփման մեջ։ Կանանց հիմնական գործառույթները վարչական են, սպասարկող և սանիտարաբժշկական։
Իսպանիայի զինված ուժերում կանայք կազմում են անձնակազմի մոտ 18 տոկոսը, ընդ որում, նրանք ծառայում են ոչ միայն բժշկական հաստատություններում կամ շտաբներում, այլև առանց բացառության բոլոր ստորաբաժանումներում և պաշտոններում՝ ներառյալ հրաձգային և օդադեսանտային ստորաբաժանումները, ծովային հետևակազոր, հրետանային անձնակազմ, զրահամեքենաներ, անգամ տանկեր։
Եվրամիության երկրների մեծամասնությունում 2009-2010-ի տվյալներով կանանց թիվը բանակում տատանվում է 6-9 տոկոսի սահմաններում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում և Նորվեգիայում կանանց թիվը բանակում համապատասխանաբար 9,5 % և 8,6% է, Դանիայում 5,2% է, Բելգիայում՝ 8,02%, Գերմանիայում՝ 8,9%:

Եվրամիության նոր անդամ-երկրների բանակներում կանայք ավելի շատ են: Լատվիայի բանակում կանայք 17,4% են կազմում , Լիտվայում՝ 11%, Էստոնայում ՝14 %, Բուլղարիայում՝ 13%, Չեխիայում՝ 13,6%, Սլովենիայում՝ 15,4%, Հունգարիայում՝ 20%:
Ուկրաինայի բանակի 13 տոկոսն է կին: Ավելի մեծ է կանանց թիվը Ռուսաստանի բանակում, սակայն ռազմական ռեֆորմի վերջին երեք տարվա ընթացքում այն գրեթե երկու անգամ կրճատվել է՝ 90 հազարից հասնելով 45 հազարի: Գեներալի պաշտոնի հասած կանայք չկան, սակայն 2 հազար կանայք սպայական կոչումներ ունեն:

Հայկական բանակում ներկայումս ծառայում են շուրջ 1500 կանայք, նրանց մեծ մասը զբաղեցնում են պաշտոններ պաշտպանության նախարարության աշխատակազմում և բժշկական ծառայության ոլորտում։ Անկախության 20-ամյակի առթիվ տեղի ունեցած զորահանդեսում առաջին անգամ մասնակցեցին հայոց բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման կին-զինծառայողները:
Կանայք մարտի դաշտում
Արդեն Ք.ա. 4-րդ դարում Աթենքում և Սպարտայում հունական զորքերում կռվում էին կանայք։ Ավելի ուշ նրանք մասնակցեցին Ալեքսանդր Մակեդոնացու արշավներին։
Սլավոնացի կանայք երբեմն պատերազմ էին գնում հայրերի ու ամուսինների հետ՝ չվախենալով մահից. այս մասին հիշատակում է Կարամզինը։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կանանց արդեն վերցնում էին Թագավորական ռազմաօդային ուժերում: Ձևավորեց Թագավորական օժանդակ կորպուս և ավտոտրանսպորտի կանանց լեգեոնը՝ մոտ 100 հազար հոգով։

Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում բազմաթիվ կանայք նույնպես սկսեցին ծառայել զինվորական հոսպիտալներում ու սանիտարական գնացքներում։ 1917-ին ժամանակավոր կառավարության օրոք Ռուսաստանում ձևավորվեցին կանանց գումարտակներ։
Երկրորդ
համաշխարհային պատերազմի ժամանակ կանայք ծառայում էին աշխարհի բազմաթիվ երկրների տարբեր զորքերում. անգլիական բանակում՝ 225 հազար, ամերիկյանում՝ 450-500 հազար, գերմանականում՝ 500 հազար։ Խորհրդային բանականում մարտնչում էին շուրջ 1 միլիոն կանայք, այդ թվում 10 հազար հայուհիներ։
Հայ պատմիչների վկայությամբ՝ մեր պատմության ողջ ընթացքում հայուհիները որպես կամավորներ մասնակցել են ազգային-ազատագրական մարտերին։ Հայ կնոջ անձնվեր հայրենասիրության և մարտի դաշտում խիզախության խորհրդանիշն է Սոսե Մայրիկի կերպարը:

Արցախյան պատերազմին մասնակցել են շուրջ 600 կանայք, որոնցից 18-ը զոհվել են մարտի ժամանակ, 87-ը՝ դարձել հաշմանդամ։
Լուսանկարը՝
Արցախյան պատերազմի մասնակից՝ Ալլա Բարխուդարյանի արխիվից
Նյութի աղբյուրը՝ http://womennet.am
Կացնի հարվածներ՝ վիճաբանության ժամանակ
Սեպտեմբերի 3-ին, ժամը 05.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Վարդուշ Ղ.-ն և 1943 թ. ծնված Զեմֆիրա Մ.-ն:




