Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՕգոստոսի 25-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 9-րդ փողոցում գտնվող թիվ 37 դպրոցի մոտակայքում այրվել է 300 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 0.5 հա, Կոտայքի մարզի Առինջ գյուղի գերեզմանատանը՝ 1500 քմ, Հրազդան քաղաքում՝ «Ծովինար» լճի մոտակայքում` 400 քմ, Մայակովսկի գյուղի «Գարնանային հույս» ՍՊԸ քարե հանքի մոտակայքում` 1000 քմ, Երևանի Մոլդովական փողոցում` 300 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ավտոպատահարՕգոստոսի 26-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Տոյոտա ՌԱՎ4» մակնիշի 24 ԼՍ 173 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին և ցած ընկել կամրջից:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և մեկ ուղևոր շտապօգնության աշխատակիցների ուժերով տեղափոխվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ընկերության մեջ Ազատի չափն անչափելին էր

AZAT SILVA 2Օգոստոսի 2-ին հայ թատերարվեստը ծանր կորուստ ունեցավ, վախճանվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:

«Անկախը» Ազատ Գասպարյանի մասին զրուցել է  նրա լավ բարեկամի՝ Սիլվա Յուզբաշյանի հետ:

– Մեծ արտիստի հետ մեր ծանոթությունը 30 երկար ու ձիգ տարիների պատմություն ունի: Առաջին անգամ նրան տեսա Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում. բուլղար դրամատուրգ Պանչո Պանչևի «Չորս նմանակ եղբայրները» պիեսում մարմնավորում էր չորս եղբայրներին: Ցնցվել էի… Այդ օրվանից ուղղակի փնտրում էի այդ դերասանին, դա 1975 թվականն էր. հետո «Երջանկության մեխանիկան» ֆիլմի Ռուբենը, որ յուրաքանչյուր հայի սիրելին դարձավ, այնքան հմայիչ էր, էլ չեմ ասում հեռուստաթատրոնում նրա անձնավորած բազմաթիվ դերերը` Շոշիան, հատկապես Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» պիեսում, որ նրա դերասանական տաղանդի մասին շատ բան էր ասում: Չգիտեմ` որ մեկը թվեմ…

Ազատ Գասպարյանը պոեզիայի գիտակ էր և բեմից հրաշալի էր ներկայացնում Չարենցի, Սևակի պոեզիան: Հատկապես երբ բեմադրիչները նրան չէին ուզում նկատել, այդ պարապը նա լցնում էր չափածո տողով, էստրադան նրան հնարավորություն էր տալիս շփվելու հանդիսատեսի հետ:

Ինքս էլ սկսել էի բեմերից արտասանել և պատճառը հենց դա էր, որ իմ սիրած արտիստի հետ միևնույն բեմերում հայտնվելու բարեբախտություն ունեցա` թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում: Անշուշտ, բեմադրիչները մեղքի իրենց բաժինն ունեն, այդպիսի հզոր դերասանին պարապ թողնելը, իհարկե, մեղք էր, նրա համար պիտի ռեպերտուարային պիեսներ բեմադրեին, որ տոմս գնեինք և գնայինք հատուկ վայելելու նրան… Բարեբախտաբար, կինոն շռայլ եղավ, հրաշալի կերպարներ արձանագրեց Ազատ Գասպարյանը հայ կինոյի պատմության էջերում, փայլուն դերակատարումներ: Նա հազար մարդ էր, կարող էր հանճարեղ կերպով ամենատարբեր բնավորությամբ մարդկանց կաշվի ու էության մեջ մտնել ու անճանաչելի վերափոխվել: Դրա համար, իհարկե, բնածին տաղանդ է պետք: Ես խենթանում եմ Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի գյումրեցի միլիցիոներ Մեսրոպի համար, նա գլխավոր դերակատար Մհեր Մկրտչյանին այդ դերում չի զիջում, նույնքան սիրելի է, միայն քայլվածքը բավական է: Էլ չեմ խոսում հանճարեղ Չարենցի` վերամարմնավորման մասին, որ դարձավ նրա ոգու և տարերքի կրողը: Ավելի լավ ասել է մեծն Հրանտ Մաթևոսյանը.«Չարենցիանան գտել է իր պատվախնդիր ու քանքարավոր տիրոջը` Ազատ Գասպարյանին, ում հայացքով ենք տեսնելու Չարենցի աշխարհը, ինքը մեր նոր ու նորոգ վերաբերմունքի, հիացումի ստեղծիչը եղավ և լինելու է…»:

– Փաստորեն Ազատ Գասպարյանը Չարենցի լավագույն մեկնաբաններից էր:   

– Այո:  Նա պատմում էր, որ 10-րդ դասարանում է իմացել, թե ով է Չարենցը: Ասում էր՝ այդքան ուշացումով: Պատմում էր, որ 1963-ին ձեռքն էր ընկել Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին», այն էլ առաջին հրատարակությունը:

Ինստիտուտում՝ սովորելու տարիներին նրա երազանքն էր Չարենց խաղալ, և այդ մասին գիտեին բոլորը. դա գիտեր նաև իր կուրսի ղեկավարը՝ Վարդան Աճեմյանը: Ազատն ասում էր. «Ես այն ժամանակ չգիտեի էլ, թե ինչ-որ նմանություն ունեմ նրա հետ: 1967-ին Չարենցի 70- ամյակի տոնակատարության ժամանակ Վարդան Աճեմյանը ծիծաղելով ինձ ներկայացրեց Նորենցին ու ասաց. «Սրան տես, ուզում է Չարենց խաղալ»: Նորենցը բաց արեց ծոցատետրը ու կարդաց. «Հասակը 1 մ 64 սմ»: Ես էլ գոռալով ցատկոտեցի՝ համընկնում էր, հետո էլի ինչ-որ բաներ ճշտեց, ասաց, որ արտասանեմ: Իմ արտասանությունն էլ նրան դուր եկավ, ասաց. «Կարող ես խաղալ»: Դրանից բավական անց ինձ կանչեցին «Հայֆիլմ»՝ «Երկունք» ֆիլմի փորձնական նկարահանումներին»:

Ազատն այն ժամանակ չգիտեր էլ, թե ինչ է վերցնում ուսերին: Առաջին անգամ ամբողջ ուժգնությամբ զգաց, երբ արդեն ընտրված էր Չարենցի դերակատար և նստած էր գրիմանոցում: Ասում էր. «Նայեցի հայելու մեջ, ու սարսուռ անցավ մարմնովս, առաջին անգամ նա երևաց ինձ իր ողջ խորությամբ, կարծես հոգուս աչքերով տեսա»:

Մահից մի քանի օր առաջ ասաց, որ ուզում է գալ և ֆոնդի համար ձայնագրվել, ասացի` եթե հրաշքով բարձրանա 2-րդ հարկ, որտեղ ստուդիաներն են, ռադիոյի ղեկավարությունն իր ոտքերի տակ գորգ կփռի: Բարեբախտաբար, ռադիոյի ոսկե ֆոնդում ունի բավական կտորներ պահված… Եթե պոեզիայի երեկո էր լինում, ինչքան էլ ցանկությունդ մեծ լիներ Չարենց հնչեցնելու, Ազատի ներկայությամբ քաշվում էիր, ինձ երբեմն ինքն էր առաջարկում, միևնույն է, Չարենցը իր տարածքն էր…

– Կա՞յին դերեր, որոնք նա կցանկանար մարմնավորել, բայց...

ազատ գասպարյան– Իհարկե, կային: Երազում էր Սարոյանի Վեսլի Ջեքսոնը խաղալ, բայց չի իրականացել, տարիքն անցել էր, ինքը շատ նման էր մարդկային նկարագրով Վեսլիին, Վեսլիի նման ինքն էլ մարդկային զգացումների շռայլություն էր` խիղճ ու բարություն, ուրախություն ու ցավ: Թվում էր` Ազատը արտաքուստ ամենաուրախ մարդն է, բայց տխուր լինելու բազմաթիվ պատճառներ ուներ հոգու խորքում… Մի առիթով գրել է. «Ոզում էի Վեսլի Ջեքսոն խաղալ, չեղավ, Սիրանո դը Բերժերակ խաղալ` չեղավ»:

– Ինչպիսի՞ ընկեր էր Ազատը:

– Հայ մարդու, երկրի, ընկերոջ, ընտանիքի բախտով հրճվող ու տառապող էր, միաժամանակ անսպառ հումորի տեր, կատակող, իմաստուն սեղանակից էր: Կարծես ազգային մշակութային արժեքները պահող շտեմարան էր, ե՞րբ էր հասցրել այդքան կարդալ, հրաշալի գրում էր, նկարում, նստում դաշնամուրի առջև, քայլող բանահյուսություն էր: Վստահ եմ ասում` որտեղ հայտնվեր, տոն էր, շենացնող, հավերժ երիտասարդ, միշտ մանուկ… Ես նրա հետ շփվելիս միշտ Համո Սահյանի տողերն էի հիշում. «Երանի նրան, ով մեծացել է ու երեխա է մնացել դեռ…»:

Իր մեջ ամբարված  սիրո հսկայական պաշարից լիուլի հասցնում էր բոլորին և ամեն մեկը մտածում էր, թե ինքն է նրա ամենասիրելին: Ընկերության մեջ նրա չափն անչափելին էր: Ե՛վ նվիրումն էր շատ մեծ, և՛ հավատարմությունը, դա մի քիչ դժվար է, գիտե՞ք, երկուսը միասին հազվագյուտ մարդիկ ունեն, ավաղ՜…

 

– Հիվանդության մասին գիտե՞ր:

– Մեջքը ցավում էր: Կես տարի առաջ գնացել էինք Լատինական Ամերիկա, հայ համայնքին հյուր, այնքան առույգ էր, կենսախինդ, դե, հանդիպումներ, ելույթներ, հյուրասիրություններ, պտույտներ, ես տրտնջում էի և այդ ռիթմին չէի դիմանում, ինքը հանդիմանում էր, չնայած իր թևը ցավում էր: Ասում էր, որ թատրոնի բեմում ներկայացման ժամանակ վայր է ընկել փոսի մեջ և ժամանակ առ ժամանակ ցավը զգացնել է տալիս: Այս ձմռանը մեկ ամիս չէի տեսել, հեռախոսով ասաց, որ այդ թևի պատճառով գնում է մերսումների, բայց վիճակը նույնն է, հիմա էլ մեջքն է ցավում: Մայիսի 31-ին միասին Կամերայինի դահլիճում ելույթ ունեինք, ասաց, որ հաջորդ օրը բժշկական զննության է գնալու…

Հունիսի 1-ին իմացանք իր անբուժելի հիվանդության մասին: Ինքը չգիտեր, որ թոքի քաղցկեղ ունի և տարածված է, նույնիսկ խորհուրդ չտվեցին տեղափոխել արտասահման: Հիմա ես կարծում եմ, որ ինքը գիտեր, գլխի էր ընկել, մենք իր կողքին, կարելի է ասել, կապիկություն էինք անում, բայց ավելի շատ ինքն էր զվարճացնում ընտանիքին, ընկերներին:

Ի դեպ, վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց առաջ, որտեղ օրուկես մնաց, ես և նկարիչ Հաղթանակ Շահումյանը իր տանն էինք, 100 տարվա կոնյակ մեզ հետ խմեց, կատակեց, երգեց, ոտքի վրա, երբեք անկողնում չպառկեց, ես հրաժեշտ տալիս շատ ուրախ փաթաթվեցի և ասացի Վեսլիի խոսքերը. «Ապրի՛ր Ազատ ջան, քանի դեռ չի ընդհատվել շնչառությունը, մտիր վարդերի պարտեզը, շնչիր բույրը….»:

Շատ էր սիրում այդ խոսքերը: Հիվանդանոց երկու օրն էլ գնացի, ներս չմտա, պատմեցին, որ վարչապետ Սարգսյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այցելել են, այդ պահին արթուն է եղել,  երգել  ու արտասանել է: Նա երգելով գնաց այս աշխարհից, համոզված եմ` հիմա դրախտում է… 

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943-ին, Երևանում:

1970 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը:

1969-ից սկսած`  խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի, Երևանի դրամատիկական թատրոններում, Հայկական հեռուստաթատրոնում, «Մետրո» թատրոնում, Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

1984 թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976 թ.), «Մեր մանկության տանգոն», (1984 թ.), «Կարոտ» (1990 թ.) «Հեղնար աղբյուր» (1970 թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում:

1999 թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն:

2000-2004 թթ. եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1965-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1980-ից` վարչության անդամ: 2005 թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:

2006 թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008 թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009 թ.` «Մովսես Խորենացի» շքանշանների:

2003 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ.` ժողովրդական արտիստի կոչման:

Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Չարենցի, Սիամանթոյի, Տերյանի, Սևակի և այլոց երկերը:

2011 թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել է Չարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել տարբեր երկրներում: Մահացել է Երևանում:

Եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, դրա պատասխանատուն է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը. Եղիա Ներսիսյան

եղիա ներսիսյանԱրաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց այսօր Կոմիտասի  5-ի դեպքերի հետ կապված հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:

Նա ԶԼՄ ներկայացուցիչների մոտ հայտարարեց, որ սույն ամսի 23-ին, երբ իրեն բերման ենթարկեցին  Կոմիտասի 5  հասցեից, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանը իրեն ընդունեց սեփական գրասենյակում, վիրավորեց և սպառնաց:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ, եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, դրա պատասխանատուն է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը, ով սպառնացել է, որ եթե չդադարեցնեմ ակտիվիստական գործունեությունս,  կվնասեն նախ ինձ, ապա  ակտիվիստ ընկերներիս», – հայտարարեց Եղիա Ներսիսյանը:

Հետախուզվողը բացահայտվել է Հունաստանում և տեղափոխպվել Հայաստան

ինտերպոլԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով 2012 թ. ապրիլի 13-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հետախուզում էր հայտարարվել 1964թ. ծնված Սուսաննա Պապոյանի նկատմամբ: Մի քանի ամիս անց, նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում:

Ինչպես հաղորդում են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից, հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում, կարճ ժամանակ անց, հետախուզվողը ձերբակալվեց Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում և 2013 թ. օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի և ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խմբի կողմից Հունաստանի Հանրապետությունից Աթենք-Մոսկվա-Երևան թիվ 1866 չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն:

Այսօրվանից 3 նոր արագաչափեր կգործարկվեն

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից, այսօրվանից`  օգոստոսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երևան քաղաքի Չարենցի փողոց 8՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Չարենցի փողոց 25՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.5-րդ կմ (Քուչակ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 

Անահիտ Բախշյանի նամակը Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ

Անահիտ-ԲախշյանԱյսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանին՝ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի ապրիլի 21-ին Արմավիրում ձերբակալվել են 4 երիտասարդներ, ովքեր մեղադրվում են Նորապատ գյուղում դեզ այրելու փորձ անելու համար, և ահա 4 ամսից ավելի է՝ Նուբարաշենի կալանավայրում են պահվում: Երիտասարդներից մեկին անձամբ եմ ճանաչում՝ որպես «Լույս» հիմնադրամի շահառու, ով ավարտել է Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրան  ու մագիստրոսի աստիճանով վերադառնալով Հայաստան՝ մինչ կալանավորվելն աշխատել է: Մեղադրանքը համոզիչ չէ, տուժող գյուղացին սկզբից չի բողոքել, որովհետև, ինչպես երևում է մեղադրականից, դեզն ընդամենը ծխահարվել է: Հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որոնք մեզանում շատ տարածված են, մտափոխվել է:

Այս մեղադրականն անտրամաբանական է և վստահություն չի ներշնչում հասարակությանը: Մի պահ եթե անգամ ընդունենք, որ դեզն այրելու փորձ արվել է երիտասարդների կողմից, մի՞թե իրավապահներն իրավունք ունեին  չապացուցված մեղադրանքի համար նրանց կալանավորել: Մի՞թե նրանք այնքան մեծ վտանգ էին իրենցից  ներկայացնում հասարակության համար, որ դատարանը որոշել է կալանավորել այն դեպքում, երբ, կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը թույլ էր տալիս այլընտրանքային մոտեցում ցուցաբերել, օրինակ՝ ավելի ճիշտ քայլ չէ՞ր լինի նրանցից պահանջել դեզին պատճառած վնասը հատուցելը, քան ազատազրկելը: Մի՞թե համաչափ պատիժ է կիրառվել այս պարագայում, ինչի՞ համար են կալանավորվել երիտասարդները, ո՞ւմ են նրանք վնասել, ո՞վ է պատասխան տալու նրանց հասցված բարոյական և նյութական վնասի համար: Մի՞թե սա արդարադատություն է: Վերջապես պետությունը 4 ամսից ավելի անտեղի գումար է ծախսում այդ երիտասարդներին կալանավայրում պահելու համար այն դեպքում, երբ կարելի էր չծախսել:

Խնդրում եմ պատասխանել հասարակությանը անչափ հուզող վերոնշյալ հարցերին, որոնց առկայությունը մեկ անգամ ևս  վկայում է մեր երկրում արդարադատության մահամերձ վիճակի  մասին, որի համար պատասխանատու է նաև Ձեր ղեկավարած կառույցը:

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

ՄԻՊ-ը` ոստիկանության գործողությունների և ակտիվիստների ծեծի մասին

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է Կոմիտասի պողոտայում կատարված միջադեպին:

Հայտարարությունում ասվում է . «Կոմիտաս փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է և այսօր կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերի մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը:

Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ: Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության և ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից անթույլատրելի ու դատապարտելի է:

Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական և բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության»:

«էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել»

1185932_620966181267896_482957924_nԳիշերը ժամը 01:30-ի հատվածում «Արարատ»հյուրանոցի մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Գրիգորյանին: Ծեծելու ժամանակ սպառնացել են՝ ասելով, որ «էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել», գողացել են Բաբկենի iPhone հեռախոսն ու անձնագիրը։ Տղաները եղել են ոստիկանությունում, հաղորդում են տվել։

Լուսանկարը՝ Dvin Isanians-ի

Նախագահը ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին

3611

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին:

3614«Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթն անցկացվել է երեք փուլերով չորս տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում: Տասներորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին մասնակցել է 2041 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ նախորդ տարվա 1475 ընտանիքի փոխարեն: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և Արցախի 144 ընտանիք:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից ստացել են նաև մարզահագուստներ և հուշանվերներ:

«Շնորհավորում եմ մարզական ընտանիք մրցույթի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, ցանկանում, որ բոլորդ միշտ լինեք այդքան հաջողակ, ուժեղ և առույգ: Շնորհավորում եմ, իհարկե, բոլոր մասնակիցներին: Այստեղ տիրող տրամադրությունն ինձ հուշում է, որ Ծաղկաձորում հիմա օլիմպիական մթնոլորտ է: Ինչպես գիտեք, օլիմպիական կարգախոսն ասում է, որ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ուրախությամբ փաստելով այն հանգամանքը, որ մեր հանրապետությունում կան հազարավոր ընտանիքներ, որոնց անդամները կարևորում են առողջ ապրելակերպը, սիրում են մրցակցել, և որտեղ աճում է առողջ սերունդ: Հանրապետության Նախագահի խոսքով, մարդը չի կարող առանց ամուր և համերաշխ ընտանիքի լիարժեքորեն դրսևորվել, հետևաբար հասարակությունը, որի հիմքն առողջ և ամուր ընտանիքը չէ, ըստ Նախագահի, չի կարող լավ ապագա ունենալ:

Գոհունակությամբ ընդգծելով այն փաստը, որ տարեցտարի մեծանում է մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը՝ 54 ընտանիքից հասնելով 2041-ի, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ թիվն էլ է պետք մեծացնել. «Մենք պետք է ունենանք տասնյակ հազարավոր ընտանիքներ, բայց պետք է այդ շրջանակը ևս ընդլայնենք և հնարավորություն տանք, որպեսզի այս մրցույթին մասնակցեն նաև հաշմանդամ ունեցող ընտանիքները: Սա չափազանց կարևոր է, որովհետև այդ մարդիկ էլ են մեր հասարակության լիարժեք անդամները, և նրանց էլ է պետք հնարավորություն տալ իրենց կարողությունները ցուցաբերելու, իրենց մասնակցությունն ունենալու այս կարևոր միջոցառմանը»:

Հոբելյանական տասներորդ անգամ անցկացվող ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի կազմակերպիչների կողմից  Նախագահ Սերժ Սարգսյանին հանձնվել է գավաթ՝ ի նշան երախտագիտության:

Ոստիկանությունը հայտարարություն է տարածելԿոմիտաս 5 հասցեում անցկացվող ակցիայի կապակցությամբ

ոստիկանությունԱրդեն տևական ժամանակ է` ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ իրականացնողներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, պահպանել հանրային նորմերը, հարգել այլոց իրավունքները:
Այսօր ստիպված ենք փաստել, որ ոստիկանության հանդուրժողականության և օրինահարգության հորդորը ոմանց կողմից ընկալվում է որպես ամենաթողության հնարավորություն: Որոշ ակտիվիստ-ցուցարարների օրինազանց գործողությունները խոսում են այն մասին, որ վերոհիշյալ մեթոդները սպառել են իրենց:
Արդեն մի քանի օր մայրաքաղաքի Կոմիտաս 5 հասցեում անցկացվող ակցիայի մասնակիցներն այսօր խախտել են թույլատրելիի բոլոր սահմանները` փակել են Կոմիտասի պողոտան, չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին, դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին, ինչի հետևանքով կան վնասվածքներ ստացած ոստիկաններ:
Իրավախախտում կատարելու համար ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 26 անձինք:
Նրանց գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական:
Քաղաքացիական ակտիվիստների գործողությունները, մասնավորապես, խոչընդոտում են ճանապարհի երթևեկելի հատվածներում տրանսպորտի բնականոն երթևեկը, սահմանափակում մայթերից, պուրակներից, զբոսայգիներից և հանրային ժամանցի համար նախատեսված այլ վայրերից օգտվելու` քաղաքացիների իրավունքները, խաթարում են պետական հաստատությունների բնականոն աշխատանքը և այլն: Նմանատիպ գործողություններն իրենց ամբողջության մեջ խախտում են  հասարակական կարգը, ստորադասում հասարակական համակեցության կանոնները և սահմանափակում այլոց սահմանադրական իրավունքները:
ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է` զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց, կատարել հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված  ոստիկանության  ծառայողների օրինական պահանջները և տեղիք չտալ ավելորդ լարվածության:
 Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երկու տարի ոստիկանության ծառայողները դրսևորել են հանդուրժողականություն և չեն տրվել սադրանքների, այնուամենայնիվ կրկին անգամ հիշեցնում ենք, որ կատարվող իրավախախտումները նախականխելու և խափանելու նպատակով, որպես ծայրահեղ միջոց, ՀՀ ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի` օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով  կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:
ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեսակները և դրանց գործադրման իրավաչափության պայմաններն ու մարտավարական կարգը սահմանված են ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանով:
Մասնավորապես` ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել`ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետ մեքենաներ և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ:
Հայտարարում ենք. հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ:
ՀՀ ոստիկանություն

Շիրակը թրաֆիքինգի թիրախային մարզ

IMG_0871“Աուդիո Վիզուալ լրագրողների ասոցացիայի ”Գյումրիում հրավիրված թրաֆիքինգը լուսաբանելու հմտությունների մասին սեմինարի ժամանակ փորձագետը ներկայացրեց մի շարք վիճակագրական տվյալներ:

Մարդկանց թրաֆիքինգի լուրջ ուսումնասիրությունները սկսվել են 2000 թվականից` երբ ՄԱԿ-ն ընդունել է անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվեցիան և նրան կից արձանագրությունները:
Մարդկանց թրաֆիքինգի հարցերով փորձագետ, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ավագ իրավախորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը թրաֆիքինգը համարում է մարդու բոլոր իրավունքների խախտում:
“Եվրոպայի խորհրդի կոնվեցիան նախատեսեց ներքին թրաֆիքինգ եզրույթը, որի պարագայում այդ պետության քաղաքացին կարող է դառնալ թրաֆիքինգի զոհ անգամ պետության սահմանների ներսում: Այդպիսի դեպքեր մենք սկսեցինք ունենալ 2008 թվականից: Ընդ որում, ցավոք, երեխաների հետ կապված. երբ մարզերից երեխաները բերվում էին Երևան քաղաք և ենթարկվում էին սեռական շահագործման: Նույնը մուրացկանության շահագործման պարագայում: Ներկա դրությամբ մենք ունենք նաև մեծահասակների ներքին թրաֆիքինգի դեպքեր, երբ անձիք, ովքեր գտնվում են ծանր սոցիալական վիճակում, կամ ինչ-որ այլ խոցելիություն ունեն, նրանք դառնում են թրաֆիքինգի զոհ Հայաստանի Հանրապետության ներսում”, – նշում է փորձագետը:
Իսկ արտաքին առումով Հայաստանը համարվում է ելքի երկիր, որտեղից հավաքագրում են անձանց և տեղափոխում այլ երկրներ` շահագործման նպատակով: Որպես նպատակակետ երկիր Հայաստանի համար հանդես են գալիս` սեռական շահագործման տեսանկյունից Արաբական Միացյալ Էմիրությունները և Թուրքիան, իսկ աշխատանքային շահագործման տեսանկյունից ՌԴ-ն և Թուրքիան, օրգան-հյուսվածքներ վերցնելու տեսանկյունից` Շրի-Լանկան: Որպես կանոն հայերի մոտ սեռական շահագործման են ենթարկվում կանայք, աշխատանքային` տղամարդիկ, մեծամասամբ:
“Ընդամենը երեք դեպք է եղել, երբ դրսից են մարդիկ բերվել այստեղ`շահագործման նպատակով: Դրանք են. 2005-2006թթ. Ուկրաինայի քաղաքացիների շահագործում է եղել, երբ այստեղ կանանց են բերել իբրև մերկապարուհի աշխատելու համար, բայց ներգրավվել էին պոռնկական ծառայություն մատուցելու մեջ, Ուզբեկստանի քաղաքացիներ էին բերվել, և 2008-10թթ. ՌԴ երկու քաղաքացի այստեղ բերել էին 24 կին` իբրև պարուհի աշխատելու, այնուհետև այդ պարը վերածվել էր մերկապարի և սեռական շահագործման այլ ձևերի ու աշխատանքային շահագործման մեջ էին ներգրավվել”- մանրամասնում է Դավիթ Թովմասյանը:
Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների, 2009 թվականին Հայաստանում հարուցվել է 9 քրեական գործ` թրաֆիքինգի առումով. 2010թ.` 13, 2011թ.` 16, 2012թ.` 19 քրեական գործ: Բայց սա չի նշանակում, թե նույնքան էլ դեպք է գրանցվել. կարող է մեկ քրեական գործի շրջանակներում լինել մի քանի դեպք:
Բանախոսը թրաֆիքինգի մարզային տարաբաժանում կատարել դժվարացավ, քանի որ դեպքերի մեծ մասում մարդկանց մարզերից տեղափոխում են Երևան, այնտեղից` արտերկիր: “Մարզերում այդքան շատ դեպքեր չեն իրականացվում, որքան այդ մարզերի բնակիչներին տարբեր պատրվակներով բերում են Երևան և Երևանում է իրականցվում դեպքը: Օրինակ, Շիրակի մարզը բավականին թիրախային է ինչպես սեռական շահագործման տեսանկյունից, այնպես էլ` աշխատանքային: Սեռական շահագործման պայմանում նպատակակետ երկրներ հանդիսացել են և Թուրքիան, և ԱՄԷ-ն, և նաև դեպքեր են եղել, երբ ներքին թրաֆիքինգ են իրականցրել, այսինքն, այդ կինը շահագործվել է Երևան քաղաքում”, – ասում է բանախոս Դավիթ Թովմասյանը:
“Հայաստանում երեխաների թրաֆիքինգը հիմականում ներքին է իրականացվում, ունենք ընդամենը երեք դեպք, երբ երեխաներին դուրս են հանել. մեկը ՌԴ, մեկը Թուրքիա, մեկ էլ ԱՄԷ` սեռական շահագործման նպատակով”, – շարունակում է ԵԱՀԿ ավագ իրավախորհրդատուն:
Մարդու օրգանների թրաֆիքինգի առումով Հայաստանում գրանցվել է 1 դեպք, որից եղել է 6 զոհ:

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գումարած արտահերթ նիստում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովԱյսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն

«Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով  իրականացրել է թիվ 38 ընտրատարածքում 2013թ.  սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների թվով 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 34-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)`  24-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 6-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 4-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 4-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 4-ական:

 

Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 4-ը:

 

 

Լեհ հիպոթերապիստները Հայաստանում

jaksice 3Լեհական ‹‹Արի Արի›› հիմնադրամի կողմից անցկացվող ‹‹Անկախություն IV՝ չտեսնողների օգնության համակարգի զարգացում›› ծրագրի շրջանակներում սույն թվականի օգոստոսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կգտնվեն լեհ հիպոթերապիստները:
Երեք մասնագետներ այց կկատարեն Ուշիում գտնվող Կենտավր հիպոթերապիայի կենտրոն, որտեղ աշխատում են հայ հիպոթերապիստներ: Արդեն չորս տարի է, ինչ Հասմիկ Հովհաննիսյանը, Բորիս և Անդրեյ Պոդորովսկիները զբաղվում են հիպոթերապիայի ժամանակակից կենտրոնի ստեղծմամբ և համագործակցում են լեհ մասնագետների հետ՝ սովորելով սահմանափակ կարողություններով մարդկանց օգնելու տարբեր մեթոդներ:
Լեհ հիպոթերապիստները՝ Մալգոժատա Գուրնևիչը Լեհաստանի Հիպոթերապիայի միությունից, Բիդգոշչից, և Մագդալենա ու Դարիուշ Մացերը Յակշիցեի ‹‹Tęcza›› հիպոթերապիայի կենտրոնից Ուշիի Կենտավր կենտրոնում կանցկացնեն մի շարք դասախոսություններ և ցուցադրումներ, ինչպես նաև կստուգեն հայ հրահանգիչների աշխատանքը Լեհաստանում այս տարի անցկացված թրեյնինգներից հետո, որոնց իրենց մասնակցությունն են ցուցաբերել երկու հայ հրահանգիչներ:
Այս տարվա աշխատանքը նվիրված կլինի հատկապես չտեսնողների թերապիային «Արի Արի» հիմնադրամի ընդլայնված ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում 2009 թվականից ի վեր: Ուշիում հիպոթերապիստների և տիֆլոթերապիստների համագործակցությունը գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հիանալի հնարավորություններ կընձեռի 10 հայ հրահանգիչների, ովքեր Լեհաստանում և Հայաստանում վերապատրաստվել են տարածական կողմնորոշման և սպիտակ փայտիկի օգնությամբ տեղաշարժվելու ոլորտում:
Ողջ նախագիծը ֆինանսավորվում է Լեհաստանի արտգործնախարարության ‹‹Լեհական զարգացման համագործակցություն›› և ‹‹Միջազգային համերաշխություն›› հիմնադրամի ‹‹Ժողովրդավարության օժանդակություն 2013›› ծրագրերի շրջանակներում:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց

պբՀամաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

Տեղեկատվություն` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2013թ. 1-ին կիսամյակում կատարած աշխատանքների մասին

դատախազություն2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով, ինչպես նաև պետական շահերի խախտման վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով վարչությունում հարուցվել է 31 քրեական գործ, որոնցից 13-ը` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 188-րդ, 291-րդ, 345-րդ, 353-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Հարուցված քրեական գործերով արձանագրված գույքային վնասը կազմել է 1մլրդ 967 մլն դրամ, վարչության դատախազների անմիջական դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 121,5 մլն դրամ, դատաքննության ընթացքում` 62,6 մլն դրամ:

Մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 123,7 մլն. դրամ, իսկ դատաքննության ընթացքում` 62,6 մլն. դրամ, որն էլ ամբողջությամբ վերականգնվել է վարչության դատախազների դատավարական ղեկավարման տակ գտնվող գործերով:

Քրեական գործերով վարչության դատախազների կողմից տրվել է 4 գրավոր ցուցում, որոնք չեն բողոքարկվել:

2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում դատարան է հարուցվել 954 մլն. 169 հազար դրամ հայցապահանջով 43 հայց, որոնցից 40-ը հարուցվել է քաղաքացիական դատավարության, իսկ 3-ը` քրեական դատավարության կարգով:

Դատարանները քննել և դատական ակտեր են կայացրել 1 մլրդ. 990 մլն. 158 հազար դրամի 49 հայցով, որոնցից բավարարվել է 1 մլրդ. 914 մլն. 732 հազար դրամի 32 հայց, մերժվել է 68 մլն. 508 հազար դրամի 15 հայց, իսկ 99 հայցի դատաքննություն ընթացքի մեջ է:

2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում դատախազության մարմինները` ներառյալ վարչությունը, դատարան են հարուցել 2 մլրդ. 136 մլն. 330 հազար դրամ հայցապահանջով 142 հայց:

Դատարաններում քննվել է 130 հայց, որոնցից բավարարվել է 2 մլրդ. 760 մլն. 519 հազար դրամ /նշված գումարի չափը պայմանավորված է նախորդ տարվանից փոխանցված և քննության առնված հայցերով/ հայցապահանջով 89 հայց, մերժվել է 28, կարճվել` 13 գործի վարույթ: Դատաքննության ընթացքում փաստացի վերականգնվել է 21 մլն. 127 հազար դրամ:

«Այսօր մոդա է՝բոլորը պրոֆեսորներ են».Փարավոն Միրզոյան

Paravon-Mirsoyan-1024x682«Նկարիչների միության կեսից ավելին Բեքարյանի ձեռքի տակով է անցել: Ստեղծագործությունները բանաստեղծություններ են, նա գեղանկարչության Վահան Տերյանն է: Նա մշակույթի գիտակ էր, հանրագիտարանային գիտելիքներով լցված մարդ: Նկարները լավատեսական են, գեղեցիկ, բարի, ազնիվ: Նա սիրահարված էր իր աշխատանքներին, իր փոքրիկ Հայաստանն անհամեմատելի էր»,- այսօր ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի ժամանակ նշեց գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանը:
Նրա խոսքով Բեքարյանը ազգային հարստություն էր՝ ազգային արժեք: Այսօր խոնարհման օր է:
Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի պնդմամբ բազմաթիվ ուսանողներ ցանկանում էին սովորել միայն Բեքարյանի արվեստանոցում: Հայ գեղանկարչության մեջ նա ինքնատիպ էր:
«Այսօր մոդա է՝բոլորը պրոֆեսորներ են, բայց այն ժամանակ նկարչության մեջ կային մի քանի պրոֆեսորներ, որոնցից մեկը Արա Բեքարյանն էր»:
Ազգագրագետ Քնարիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նկարիչը քնարական պատումի նուրբ բանաստեղծական աշխարհում է ապրել: Նա ներկայանում է բնության ներդաշնակության մեջ: Արա Բեքարյանը բանաստեղծական նրբանկատ խառնվածքի եւ խոր աշխարհայացքի տեր անձնավորություն էր, խստապահանջ եւ բարի: Արա Բեքարյանի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցասրահներում՝ Լիբանան, Ֆրանսիա, Կանադա, Բելգիա: Պահպանվում են հայաստանյան եւ մի շարք երկրների թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Կոմիտաս 5-ում ծեծել ու բերման են ենթարկել ակտիվիստներին

168955Քիչ առաջ լարված իրավիճակ էր Կոմիտաս 5 հասցեում: Շենքերի մի խումբ բնակիչներ և ակտիվիստներ փակել էին փողոցը, ինչի հետևանքով երթևեկությունն այդ հատվածում կանգ էր առել:

Բազմաթիվ ոստիկաններ պատ շարած թույլ չէին տալիս ակտիվիստներին շարժվել դեպի փողոցի կենտրոն, որտեղ վերջիններս մտադիր էին պառկած ակցիա անցկացնել: Ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին ակտիվիստներին, որոնց խմբում էր նաև «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը:

Իրավիճակը գնալով թեժանում էր, իսկ ոստիկանական ավտոմեքենաներն ավելանում էին:

Ոստիկանները ծեծելով և քարշ տալով հեռացնում էին ակտիվիստներին փողոցի կենտրոնից: Նրանցից ոմանց բերման ենթարկեցին::

Այս պահին իրավիճակը համեմատաբար հանդարտ է, տարածքում միայն ոստիկաններ են:

Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.
“Մի քանի ժամ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը դեռևս Ոստիկանության Արաբկիրի բաժնում է: Քիչ առաջ բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների:
Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խումբը և բնակիչները շարունակում են պայքարը մի քանի անգամ իրենց թվապես գերազանցող ոստիկանական ուժերի դեմ և փակել են Կոմիտաս փողոցը:Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ոստիկանությունը բացահայտ ու կոպիտ կերպով բռնություն է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5ա, 7 և 9 շենքերի հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն բարձրահարկ շենք կառուցում, որի դեմ էլ տեղի է ունենում բնակիչների և ակտիբիստների բողոքը:

Չնայած պայմանավորվածությանը, որ այդ հասցեում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվելու է, մինչև բարձրացված հարցերին պարզաբանում տրվի, այսօր կրկին շինարարությունը շարունակվում էր:

 

Հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից

պնՕգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից:

Այս ցավալի միջադեպով Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմը փորձ է անում ապակայունացնել ՀՀ պետական սահմանի` նախկինում համեմատաբար խաղաղ համարվող նախիջևանյան հատվածը և «հիշեցնել» նախիջևանցի ընտրողներին, թե «ում են պարտական իրենց կյանքի ու բարեկեցության համար»: Կրկին հիշեցնում ենք, որ այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը և նրա ռազմաքաղաքական վարչակազմը: Զարգացումների այս սցենարում հատուկ կարևորում ենք սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերջնական համաձայնեցումը և կիրառումը, և կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին` օգտագործել բոլոր հնարավոր լծակները` այս մեխանիզմի հաստատման դեմ Ադրբեջանի իշխող ռեժիմի խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով /սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնելիս զոհված Նորայր Արարատի Պետրոսյանի ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ Արթուր Ասոյանին մաղթում շուտափույթ ապաքինում:

«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 22-ի դրությամբ

g_imageԹմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականցմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն է՝ հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացնել վայրի աճած, կամ ապօրինի աճեցված կանեփի ու կակաչի բույսերը, ինչպես և հայտնաբերել, բացահայտել և կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը պատշաճ ձևով կազմակերպելու և իրականացնելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններում ստեղծվել են օպերատիվ շտաբներ,  որոնց պատասխանատուներ են նշանակվել ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության ծառայողները և ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի հուլիսի 30-ի հրամանով գործուղվել մարզեր:
Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների, կազմակերպված ծավալուն գործողությունների և ստացված տեղեկությունների արագ իրացման շնորհիվ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները կարողացան կարճ ժամանակում ցանկալի արդյունքներ արձանագրել:
«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 22-ի դրությամբ հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի ավելի քան 75 տոննա կանաչ զանգված: Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 71 դեպք, առգրավվել են մոտ 3 կգ  «մարիխուանա», ավելի քան 1,5 մլ «սուբոտեքս»  և նույնքան էլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցի զանգվածներ, 43.5 գրամ «ափիոն» և հոգեմետ 24 դեղամիջոց:
Տնամերձ 140 հողամասից հայտնաբերվել և առգրավվել են նաև ապօրինի աճեցված ու մշակված մոտ երեք տոննա կանեփի թփեր:
Բացի ապօրինի թմրամիջոցներից, խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 ակոսավոր հրացան, տարբեր տրամաչափի 415 փամփուշտ, 4 նռնակ և 5 միավոր սառը զենք:
Նշված փաստերով հարուցվել է 35 քրեական գործ, 5 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, 175 դեպքով նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքը կլուծվի փորձաքննության արդյունքներով: