Սեյրան Օհանյանի այցը հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

3ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հուլիսի 23-ից 24-ը այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հյուսալիությունը:

7Նախարարն այցելել է  նորակառույց պաշտպանական շինություններ, ծանոթացել զորամասերի շինարարական ու կառուցապատման աշխատանքներին: Ս.Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ, տվել է հանձնարարականներ և ճշգրտել դրանց իրականացման ժամանակացույցը: Նա  նաև առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպաների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները: Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են նաև զորանոցների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավարի հետ

001Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատայի հանդիպման ժամանակ:

Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարևորել է Երևանի և ֆրանսիական մի շարք քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց և պատրաստ է քննարկել ու կյանքի կոչել բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք կամրապնդեն երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում:

Կողմերն առանձնակի կարևորել են նաև Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի  իրականացումը:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այսօր կան բոլոր նախադրյալները Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ընդգրկելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Տարոն Մարգարյանը Կառավարության նիստի օրակարգում գաղտնի հարց է ընդգրկել

կառավարությունԿառավարության վաղվա նիստում  գաղտնի հարց կա ընդգրկված: Նիստի հրապարակված օրակարգում  21-րդ հարցը նշված է որպես գաղտնի, այն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Թե ինչ կքննարկվի գաղտնի հարցի ներքո, որը փակ է լինելու լրագրողների համար, կարելի է միայն ենթադրել:

Հանդիպում Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանի հետ

10572_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին:

Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:
Բարձր գնահատելով Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցության ներկայիս մակարդակը` զրուցակիցները նշել են, որ առկա է հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք իրացման համար անհրաժեշտ է ձեռնարկել համատեղ ծրագրեր:
Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպություններում հայ-բրազիլական արդյունավետ համագործակցության ընթացքից: Երկուստեք կարևորվել է Բրազիլիայի հայ համայնքի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի իշխանությունների կողմից տեղի հայ համայնքի նկատմամբ տեղի ցուցաբերվող բարիդրացիական վերաբերմունքի համար:
Բրազիլիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել իր երկիրը բարեկամ Հայաստանում և պատրաստ է շարունակել աշխատանքը` երկու երկրների միջև առկա ձեռքբերումները պահպանելու և հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:

ՀԽ նախագահը տրանսպորտի գնի մասին. գցել-բռնելով որոշում կայացնելը գյուղին բնորոշ մտածելակերպ է

Վազգեն-ՄանուկյանԵրևանում հասարակական տրանսպորտի համար 150 դրամ սակագին հայտարարելուց հետո արդեն 5-րդ օրն է, ինչ Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ: Քաղաքացիները հրաժարվում են ընդունել նոր սակագինը` պահանջելով վերականգնել նախկին` 100 դրամը: Ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, Երևանի քաղաքապետարանի և գծատերերի հիմնավորումներով մեկ ուղևորի փոխադրման արժեքը 144 դրամ է: Արժանահավա՞տ եք համարում այդ փաստարկները:

– Նրանց պնդումը ստուգել հնարավոր չէ: Առհասարակ Երևանի նման քաղաք աշխարհում չկա, որ տրանսպորտ նստես ու ոչ մագնիսական քարտ լինի, ո՜չ տոմս քեզ տան, ո՜չ կտրոն լինի: Այդպիսի վիճակ գուցե աֆրիկյան երկրների մի երկու-երեք գյուղում է մնացել: Իսկ եթե չկա տոմս տալու գաղափարը, վերահսկել ֆինանսական հոսքերն անհնար է: Այդ պայմաններում ուղղակի անիմաստ է խոսել եկամտաբերության կամ վնասի մասին:

Կառաջարկեի, որ քաղաքապետարանը նախ և առաջ պարտադրեր տոմսի գաղափարը, նոր կտեսներ, թե որն է եկամտաբեր, որը՝ ոչ:

Երկրորդը  կառուցվածքի հարցն է: Ցանկացած բիզնեսի համար, եթե ճշտում ես ֆինանսական հոսքերը, առաջանում է այն հարցը, թե ինչպես օպտիմալացնել եկամուտները, ինչպես պակասեցնել ծախսերը: Այս ժամանակ արդեն սկսում ես կառուցվածքային փոփոխություններ կատարել: Իսկ քաղաքային տրանսպորտի համար կառուցվածքային փոփոխությունը ֆունդամենտալ է, քանի որ գծեր կան, որոնք եկամտաբեր են որոշակի ճանապարհավճարի դեպքում, գծեր կան, որոնք պետք է սպասարկել, բայց մեծ եկամտաբերություն չունեն, ուստի ողջ կառուցվածքը պետք է լինի միասնական: Այսինքն՝ Երևանի ողջ տրանսպորտը պետք է վերահսկի  միասնական ընկերություն, դա կարող է լինել ԲԲԸ, որի մեջ պետությունը կամ քաղաքապետարանը մաս ունենան կամ չունենան (դա քննարկելու հարց է), կարող է լինել կոոպերացիայի հիմքի վրա ստեղծված. տարբեր գծատերերը միավորվեն և ստեղծեն կոոպերացիա: Բայց քաղաքապետարանը պետք է գործ ունենա մեկ կառույցի հետ:

Այս ամենից հետո նոր միայն կարող են առաջանալ գնի մասին խոսակցություններ` բարձրացնել, իջեցնել կամ ինչ անել:

– Քաղաքապետարանը գինը բարձրացրել է` հայտարարելով, որ բարեփոխումները հետագայում կլինեն: Դա իրատեսական ե՞ք համարում:

– Երբ ֆինանսական հոսքերը չեն վերահսկվում, անիմաստ է խոսել որևէ բանի մասին: Հիմա, երբ սակագինը դարձրեցին 150 դրամ, եթե մինչ այդ գծատերերը իրենց մի քիչ լավ չէին զգում, կսկսեն լավ զգալ, հավանական է` վիճակն այդպես կոնսերվացված էլ կմնա: Եթե բոլորը` քաղաքապետարանը, գծատերերը  գոհ մնան, ժողովուրդը համակերպվի, ինչ-որ բան փոխելու էլ  ի՞նչ  դրդապատճառներ կլինեն:

Քաղաքապետարանը նախ և առաջ պիտի ֆինանսական հոսքերը վերահսկեր, առաջարկեր քաղաքացիներին, թե ինչպիսի  կառուցվածք է ունենալու հասարակական տրանսպորտը, հարցը քննարկեր հանրության հետ, ապա սկսեր իրականացնել դա: Այ,  այդ դեպքում կառաջանար իրական վճարը, թե ինչքան պետք է լինի: Իսկ ներկա պահին օդից վերցրած գին է`  գյուղին բնորոշ մտածելակերպ, որոշել են  գցել-բռնելով, ոչ մի լուրջ հաշվարկ չկա:

– Շատ է խոսվում, որ այլ երկրներում հասարակական տրանսպորտը սուբսիդավորվում է, մինչդեռ մեզ մոտ շահույթի և անգամ գերշահույթի մասին են խոսում: Ծանո՞թ եք այլ երկրների փորձին:

– Երբ արդեն մտցված լինի տոմսի գաղափարը, վերահսկվեն և հավաստի լինեն ֆինանսական հոսքերը, որոշված լինի քաղաքային տրանսպորտի կառուցվածքը, հնարավոր կլինի հաշվել եկամուտ ապահովող ճանապարհավճարը: Կառաջանա հարց` արդյոք քաղաքացիներն ի վիճակի են վճարել այդ գինը: Առաջ է գալիս քաղաքական հարց` արդյոք իշխանությունը որոշ ծախսեր վերցնում է իր վրա` սուբսիդավորելով քաղաքային տրանսպորտը: Այս հարցին  պետք է պատասխանի քաղաքային իշխանությունը:

Տարբեր քաղաքաներում այս հարցը տարբեր կերպ են լուծում: Քաղաքներ կան, որտեղ չի սուբսիդավորվում, քանի որ գինը համապատասխանում է քաղաքացիների հնարավորություններին, կան քաղաքներ, որտեղ զեղչի մշտական տոմս ունեն երիտասարդները և թոշակառուները, կան նաև քաղաքներ, որտեղ սուբսիդավորում են ամբողջ տրանսպորտի աշխատանքը:  Այ,  այդտեղ են  սկսվում գնի մասին իրական խոսակցությունները:

– Իսկ տրանսպորտի հարցը ՀԽ-ում քննարկվե՞լ է:

– ՀԽ-ն տրանսպորտի հարցն առաջին անգամ քննարկեց տարիներ առաջ, երբ քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր: Բավականին կոնստրուկտիվ խոսակցություն եղավ տրանսպորտի բարեկարգման վերաբերյալ, բայց, ցավոք սրտի, ոչ մի բան էլ չի փոխվել: Գնի փոփոխությունից  մեկ շաբաթ առաջ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկում եղավ գնի վերաբերյալ, քաղաքապետարանից, տրանսպորտի և կապի նախարարությունից ներկայացուցիչներ կային և մի քանի գծատերեր: Գծատերերի մի մասը կարծում էր, որ  պետությունը պետք է սուբսիդավորի և քաղաքացիների համար գինը մնա 100 դրամ: Որոշ գծատերեր էլ հայտարարեցին, որ եթե 200 դրամ չլինի, իրենք չեն աշխատի, կսնանկանան և այլն: Ասացի, որ  խոսակցություններն առանց թվերի անիմաստ է: Գոնե պաշտոնական թվերով պետք է ուսումնասիրել, հասկանալ, եթե ուղևորափոխադրումն   իսկապես 100 դրամից թանկ է արժենում, պետք է քաղաքական հարց դնել` իշխանությունը վերցնո՞ւմ է տարբերության սուբսիդավորումն իր վրա, թե՞ ոչ: Ցավոք սրտի, մեր խոսակցությունն էլ չշարունակվեց: Մինչ հաջորդ հանդիպումը կգար, այդ ընթացքում գները բարձրացվեցին, բայց խնդիրներն էլի մնացին:

– Այսինքն , ըստ ձեզ, թե  պաշտոնական հաշվարկը, ըստ որի մեկ ուղևորի փոխադրման արժեքը  144 դրամ է, թե՜ մասնավոր հաշվարկները, ըստ որոնց իրական արժեքը 77 դրամ է,  արժանահավատ չե՞ն:

– Կարծում եմ, որ դրանք շատ մոտավոր են և հավաստի չեն,  բացի այդ, տարբեր ուղևորափոխադրումների գծեր տարբեր եկամուտներ են բերում: Ինչո՞ւ եմ ասում, որ պետք է միասնական լինի: Որպեսզի, եթե մի գիծը եկամուտով է աշխատում, մյուսը վնասով, այդ եկամուտը ծածկի մյուս գծի վնասը: Ամբողջ քաղաքով ես եկամտաբերությունը հաշվում, ոչ թե գիծ առ գիծ:

– Իսկ քաղաքացիների բողոքն արդարացի՞ եք համարում:

– Եթե Հանրային խորհրդից կարծիք հարցնեին, մենք կբացատրեինք, որ տրանսպորտի գնի բարձրացման նկատմամբ բնակչությունն ավելի զգայուն է, քան, օրինակ, մսի, հացի կամ ծխախոտի գնի բարձրացման նկատմամբ: Եթե մսի գինը բարձրանա, ես կբողոքեմ, կդժգոհեմ, բայց նաև ինձ համար որոշում կկայացնեմ, որ պետք է միս քիչ ուտեմ, եթե ծխախոտի գինը բարձրանա, էլի կբողոքեմ, բայց կսկսեմ քիչ ծխել: Բայց տրանսպորտի դեպքում տնտեսել չես կարող: Եթե քաղաքացին  պիտի գնա  համալսարան կամ աշխատանքի և վերադառնա, ուզի-չուզի, երկու անգամ պիտի օգտվի  տրանսպորտից: Այսինքն՝ անտնտեսելի է: Եվ երկրորդ՝ որոշումը  դիպչում է ամենախոցելի խավերին` երիտասարդներին, որոնք նոր են կյանք մտնում և մեծ գումար չեն կարող աշխատել, և տարեցներին, որոնք արդեն գումար չեն վաստակում:

Որոշմամբ ամենացավոտ տեղին կպան: Պետք է ասեմ, որ զարմացած եմ, ինչ-որ իմաստով նաև հիացած եմ: Ինձ թվում էր, որ ժողովրդի մեջ մահացել է իրար սիրելու, իրար կարեկցելու կարողությունը, պայքարելու ջիղը կորել է: Բայց  տեսնում եմ , որ չէ, մարդիկ կարեկցանքով են վերաբերվում նրանց, ովքեր տուժում են դրանից և ոչ միայն նրանց հետ բողոքում են, այլև օգնում են իրենց մեքենաներով: Մյուս կողմից էլ ընդդիմությունը հիմա այնպիսի վիճակում է, որ պարզ երևում է` հետևում որևէ քաղաքական ուժ չկա, որն ուզում է քաղաքական շահարկումներ անել: Քաղաքացիների բնական ինքնակազմակերպում է գնում, և դա ցույց է տալիս, որ ունենք երիտասարդություն, որի հետ կարող ենք հույսեր կապել ապագայում:

– Շարժումը շատ են նմանեցնում 88-ի շարժմանը: Դուք նմանություններ տեսնո՞ւմ եք:

– Բոլոր շարժումներն էլ իրար նման են, բայց նաև բոլորը միմյանցից տարբերվում են, որովհետև և՜ անձերն են փոխվում, և՜ նպատակները, և՜ միջավայրը, որում կատարվում է:

– Իսկ ստեղծված վիճակն արդյոք ապացուցո՞ւմ է խոսքի ճշմարտացիությունը, թե 25 տարի է հարկավոր նոր քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար:

– Ես կարծում եմ՝ այո: Ես այս ընտրություններից առաջ ասել եմ, որ այս ընտրությունները լինելու են հանդարտ, բայց հաջորդ ընտրությունների ժամանակ պետք է սպասել բավական լուրջ փոփոխությունների Հայաստանում:

– Պարոն Մանուկյան, իսկ ստեղծված իրավիճակում քաղաքապետարանը և տրանսպորտի նախարարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որ ճիշտ լինի:

– Կարծում եմ, որ կառավարությունը պետք է քաղաքապետարանին հրավիրի և միասին քննարկեն անելիքները, չնայած միմյանցից  բավական անկախ կառույցներ են: Կարծում եմ` ճիշտ կլիներ՝ որոշում ընդուներ  150-ի չանցնել և կատարել այն քայլերը, որոնք արդեն թվարկեցի` անհրաժեշտության դեպքում ապահովելով որոշակի սուբսիդիա:

 

 

 

Քաղաքապետարանը հրապարակել է տրանսպորտի սակագների վերանայման մասին քաղաքապետի որոշումը

Տարոն ՄարգարյանՔաղաքապետարանն այսօր վերջապես  հրապարակել է տրանսպորտի սակագների վերանայման մասին քաղաքապետի որոշումը, որը ներկայացնում ենք ստորև.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
3661-Ա, 19 հուլիսի 2013թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ
ՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության 17.07.2013թ. հ.263 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 17.07.2013թ. հ.14/42444Հ զեկուցագիրը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության օրենքի «Բաժնետիրական ընկերությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Երևան քաղաքում Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրոլեյբուսներով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը 1 ուղևորի համար 2013 թվականի հուլիսի 20-ից սահմանել   100 (հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3661-Ա, 19 հուլիսի 2013թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ  (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՁԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևան քաղաքի թվով 48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների գրությունները, Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 17.07.2013թ. նիստի արձանագրության եզրակացությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով.
1.Վերանայել Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող՝ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների  կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը (երթուղու փոխադրավարձ), այն 2013 թվականի հուլիսի 20-ից 1 ուղևորի համար սահմանելով 150 (հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ սույն որոշմանհավելվածում նշված երթուղիների համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

3Հուլիսի 24-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը այցելեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ: Դեսպանին ընդունեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտնական-վերլուծաբաններ, ինչպես նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը: Դոկտոր Քոթանջյանը դեսպանին ներկայացրեց Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջնահերթությունները, ինչպես նաև ինստիտուտի` Պաշտպանական ազգային (հետազոտական) համալսարանի կերպափոխման գործընթացը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը համառոտ ներկայացրեց ասոցիացիայի ծրագրերը` Հայաստանում քաղաքական գիտության զարգացմանն աջակցելու համատեքստում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բրիտանական դեսպանությունը Քեմբրիջի Իշխանի ծննդյան կապակցությամբ հայտարարել է նվերների ընդունման շաբաթի մասին, Հայկ Քոթանջյանը Պաշտպանության նախարարության անունից Քեմբրիջի նորածին իշխանին նվիրեց Հայաստանի էսթետիկական դաստիարակության մանկական կենտրոնի երեխաների կողմից նկարազարդված Մանկական Աստվածաշունչ հետևյալ մակագրությամբ.

«Նորին գերազանցություն Քեմբրիջի Դքսին և Դքսուհուն: Խնդրում եմ ընդունել մեր սրտագին շնորհավորանքները, լավագույն ցանկությունները և այս եզակի Մանկական Աստվածաշունչը Քեմբրիջի արքայազնի ծննդյան կապակցությամբ: Աստվածաշնչի նկարազարդումները կատարվել են Երևանի էսթետիկ կրթության կենտրոնի հայ երեխաների կողմից, կենտրոն, որը տարիներ առաջ հիմնադրվել էր իմ ընկեր և արվեստի հայտնի գործիչ Հենրիկ Իգիթյանի կողմից: Աստվածաշունչն իր մեջ կրում է սիրո և խաղաղության բացառիկ ուղերձ:

Թող այս սուրբ Աստվածաշունչը` պատրաստված տաղանդավոր հայ երեխաների կողմից, երջանիկ և առողջ երկար տարիների կյանք պարգևի նորածին Քեմբրիջի արքայազնին ի փառս Մեծ Բրիտանիայի թագի և բրիտանական ժողովրդի»:

ՀՀ Պաշտպանության նախարարության անունից` գեներալ-մայոր, դոկտոր Հայկ Քոթանջյան, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ:

 

 

 

Վարչապետն ընդունել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին

10571_am_1 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներին և շրջանավարտներին:
«Պետությունը ձեզ աջակցում է սովորելու աշխարհի լավագույն տասը համալսարաններում, որպեսզի այնտեղ առկա լավագույն փորձը և գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը», – ողջույնի խոսքում ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման միտումներին ու հեռանկարներին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում կարևորագույն ռեսուրսը գիտելիքն է, ինչը հնարավորություն է տալիս արագ փոփոխվող և փոքրացող աշխարհում ձեռք բերել մրցակցային առավելություններ և զարգանալ:
Հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հարցուպատասխանի միջոցով վարչապետը և «Լույս»-ի ուսանողները քննարկել են Հայաստանի զարգացման տեսլականը և մարտահրավերները: Մասնավորապես, արծարծվել են տնտեսության զարգացմանը, կրթության և գիտության ոլորտի բարեփոխմանը, տարածքային համաչափ զարգացման ապահովմանը, մտածելակերպի փոփոխությանը, ինչպես նաև ուսանողներին հուզող մի շարք այլ հարցեր:
Տիգրան Սարգսյանը նաև ողջունել է «Լույս»-ի ուսանողների կողմից «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում մեր երկրի տարբեր համայնքներում հաջողված նախաձեռնությունների իրականացումը և հորդորել շարունակել այդ աշխատանքը:

 

Բորսայում դոլարի գինը` 410,55 դրամ

դոլարՀուլիսի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.55 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ամառային հանգիստը՝ Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում

chambar 2Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան շուրջ 850 երեխա հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 8-ը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության  աջակցությամբ իրենց հանգիստն են անցկացնում Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: Երեխաների ճամբարային առօրյան հագեցած է մարզամշակութային միջոցառումներով և  ճանաչողական ու հայրենասիրական դաս-խաղերով:

Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է  տարվել ծնողների  հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու և, ըստ այդմ, նրանց առօրյան առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար:  Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաև ճամբարականներին մարզական հագուստներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը:

Իսկ երևանաբնակ ևս 25 երեխա  Երևանի քաղաքապետարանի և  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի համագործակցությամբ հունիսի 10-ից 25-ն իրենց ամառային հանգիստն են անցկացրել «Գուգարք» ճամբարում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաց նամակ ՀՀ վարչապետին

ՀՀ Վարչապետ 
պրն. Տ.Սարգսյանին

Տիգրան ՍարգսյանՄեծարգո Վարչապետ,

Ինչպես հայտնի է, 2013 թվականի հուլիսի 20-ին տրանսպորտի գների թանկացումից հետո Հայաստանի Հանրապետությունում անցավ դժգոհությունների ու բողոքների մի ալիք, որը տեղի ունեցավ ցույցերի և դժգոհությունների տեսքով: Մենք չէինք կարող անտեսել այդ գործընթացները, քանի որ մեր կարծիքով նրանք ժողովրդի տրամաբանական արձագանքն են մի որոշման, որը հակասում է ՀՀ քաղաքացիների շահերին: Այս պահի դրությամբ հայկական ԶԼՄ-ներում տարածվում է միտք, որի համաձայն այդ քաղաքացիական դժգոհությունը անհիմն և անտրամաբանական քաղաքական վարքագիծ է:

Սակայն մենք կարծում ենք, որ եթե նայել ճշմարտությանը, պետք է ընդունել այդ գործողությունների օրինաչափությունը: Այն փաստը, որ մեր պետության բնակչության մեծ մասը ստանում է շատ ցածր աշխատավարձ, հայտնի է բոլորին: Պետք չէ նաև մոռանալ մի ուրիշ փաստ, որի համաձայն Հայաստանի քաղաքացիների մեծ տոկոսը գործազուրկ են: Քանի որ տրանսպորտը ամենակարևոր ծառայություններից մեկն է, ստացվում է, որ այն ժամանակ, երբ քաղաքացիների ծախսերը աճում են, եկամուտը մնում է նույնը: Այդ գնային քաղաքականությունը բացասական ձևով կազդի աղքատ խավի սոցիալական վիճակին:

Բացի այդ, մեզ անհանգստացնում է այն փաստը, որ պետության և քաղաքացիական հասարակության միջև այս պահին տեղի է ունենում կոնֆլիկտ: Լինելով հասարակական և քաղաքական կայունության կողմնակից` մենք խնդրում ենք Ձեզ մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք դուրս կբերեն մեր երկիրը առկա իրավիճակից: Մեր կարծիքով հարցի լավագույն լուծումը կայանում է  պետության քաղաքացիների հետ համաձայնության մթնոլորտի ստեղծման մեջ: Քանի որ ակնհայտ է, որ մարդիկ պատրաստ չեն գնալու զիջումների այս հարցի շուրջ, մեր կարծիքով տրանսպորտի թանկացման որոշման չեղյալ համարումը այս հարցի լավագույն լուծման տարբերակն է:

Հուսով ենք, որ Դուք կլսեք մեր առաջարկությունը` հանուն սոցիալական կայունության և ի շահ ՀՀ քաղաքացուն:

Հարգանքով`
ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի
Երիտասարդության ենթահանձնաժողով

Նկատվել են օձեր

օձեր են հայտնաբերվելՀուլիսի 24-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են   ստացվել նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` օձեր են նկատվել Սյունիքի մարզի Բաղաբուրջ գյուղում, Երևանի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցքում՝ «Ֆիշեր» ՍՊԸ-ին պատկանող պատուհանների արտադրամասում, Ալիխանյան եղբայրների թիվ 3 շենքում՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 47 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, Սյունիքի մարզի Կապանի Շահումյան 3 շենքում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ։

Ուսումնասիրությունների արդյունքում` նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերվել:

 

Օձը վնասազերծված է

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգով փրկարարներն օձ են հայտնաբերել Դավթաշեն գյուղի 10-րդ փողոցի թիվ 1/5 տանը:

Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:

 

Օձը խայթել է

Հուլիսի 23-ին, ժամը 13.30-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963 թ. ծնված Գոռ Տոնոյանը:

Ըստ բժիշկների` վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է:

 

Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության հետ կապված

օսկանյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ այսօր տարածած հաղորդագրության հետ կապված ցանկանում եմ ասել հետևյալը:

Այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» և «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել և ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել:

Ասեմ, որ ես որևէ խոստովանություն չեմ արել: Կից ներկայացնում եմ ԱԱԾ-ին ուղարկած իմ նամակի բովանդակությունը՝ առանց ԱԱԾ-ի մեկնաբանությունների:

Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, և քրեական գործը կարճվի:

Իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու առաջին օրվանից ես ասել եմ, որ Ջոն Հանթսմանի կողմից ինձ վստահված Սիվիլիթաս հիմնադրամի օգտագործման համար նախատեսված գումարից ոչ միայն ոչ մի լումա չի չարաշահվել, այլև իմ կողմից այդ գումարի կառավարման արդյունքում դրան ավելացել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար:

Իմ և Սիվիլիթաս հիմնադրամի դեմ սկսված և ավելի քան մեկ տարի տևած գործընթացի հետ կապված դատողությունները թողնում եմ հանրությանը:

Նախաքննության մարմինը որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Վարդան ՕսկանյանՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58204212 քրեական գործով մեղադրյալ՝ Վարդան Մինասի Օսկանյանը նախաքննական մարմնին 19.07.2013թ. դիմում է ներկայացրել, ապա այդ կապակցությամբ ցուցմունք տվել՝ խոստովանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։

Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել վճարել դրանից առաջացող, հարկային մարմնի կողմից հաշվարկված, հարկային պարտավորության գումարը, մասնավորապես նշել է՝ «Ծանոթացել եմ ինձ տրամադրված մեղադրյալ ներգրավելու որոշման հետ և այդ կապակցությամբ հայտնում եմ.

1. Իմ ամենամեծ թերացումն այն է, որ Սիվիլիթասի համար նախատեսված և ինձ մոտ պահ տրված գումարն ու այդ ժամանակ իմ ունեցած անձնական գումարները համարել եմ մի ամբողջություն։ Իրոք եղել են պահեր, որ Սիվիլիթասի գումարն անգիտակցաբար օգտագործվել է իմ անձնականի համար։ Եղել է նաև պահ, որ իմ անձնական գումարից փոխանցվել է Սիվիլիթաս Հիմնադրամին։ Ուստի, եթե Հայաստանի օրենսդրությամբ՝ գումարը Սիվիլիթասի հաշվեկշռում առանձին չհաշվառելը, իմ հաշվեհամարի վրա պահելը, անհրաժեշտ պահին լրացնելու և Հիմնադրամին վերադարձնելու նպատակով դրանից ինչ-որ մաս օգտագործելը խախտում է համարվում, ես պատրաստ եմ՝ ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի մասնագետների հետ հաշվարկ կատարել, և քննությամբ ֆիքսված 250.795,26 ԱՄՆ դոլարը համարել ինձ եկամուտ և կատարել դրանից բխող համապատասխան հարկային պարտավորություններ։
2. Բնականաբար, ինձ հաճելի չի եղել ներքաշվել քննության այս գործընթացին, բայց ես, այնուամենայնիվ, կուզեի նշել, որ իմ հանդեպ քննիչների վերաբերմունքը եղել է հարգալից և օրենքի շրջանակներում։
3. Ես բնականաբար ոչ հաշվապահ եմ, ոչ իրավաբան և նախաքննության այս փուլում չեմ բացառում, որ եղել են հաշվապահական գործառնավարական թերացումներ, որոնք չեն հետապնդել իմ կողմից գումարի հափշտակության և դրա օրինականացման միտումնավոր բնույթ։ Արձանագրված խախտումների պայմաններում ես պատրաստ եմ ՀՀ օրենքներին համապատասխան փոխհատուցել որպես վնաս հաշվարկված 250.795,26 ԱՄՆ դոլարից գոյացող հարկերը։

Իմ կողմից հարկային գումարի փոխհատուցման դեպքում խնդրում եմ՝ օրենքով սահմանված կարգով քրեական գործի վարույթը կարճել և իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել»։

Վարդան Օսկանյանի դիմումի և ցուցմունքի հիման վրա, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պահանջով, հարկային մարմինը հաշվարկել է գործարքից նրա ստացած՝ 250.795,26 ԱՄՆ դոլարից առաջացող հարկային պարտավորության գումարը, որը կազմել է՝ 20.140.324 դրամ և այն Վարդան Օսկանյանը 23.07.2013թ.-ին ամբողջությամբ հատուցել է պետությանը, բացի այդ, քրեական գործի հարուցումից հետո, Վարդան Օսկանյանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամ է մուտքագրվել Ջոն Հանթսմանի նվիրաբերած գումարի և դրա ավանդի տոկոսագումարի մնացորդը կազմող՝ 1.086.826 ԱՄՆ դոլար գումար։

Հաշվի առնելով, որ Վարդան Օսկանյանը խոստովանել է, որ նշված գումարը գործարքից իր մասնաբաժինն է՝ եկամուտը, որը ծախսվել է անձնական նպատակներով, այդ գումարը չի հափշտակվել և օրինականացվել, իսկ չվճարված եկամտահարկը հատուցվել է պետությանը, ուստի նախաքննություն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի արարքը վերաորակվել, որպես առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նկատի ունենալով, որ նա կամովին վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած գումարը՝ 20.140.324 դրամը և տվել է իր համաձայնությունը՝ նախաքննության մարմինը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով 24.07.2013թ. որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

ՄԻՊ-ը քաղաքապետին հասարակական տրանսպորտի սակագնի վերաբերյալ 3 հարց է ուղղել

միպՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր Պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

1. Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում և եթե ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի:

2. Առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ են պատասխանատվության:

3. Եթե գործող ուղևորափոխադրող ընկերությունները դիմել են տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրանքով, ապա անհրաժեշտ չէ՞ արդյոք հայտարարել նոր մրցույթ, որին հնարավոր է մասնակցեն նոր ընկերություններ՝ 100 ՀՀ դրամ սակագնի առաջարկով:

Կարեն Անդրեասյանը նաև նշել է. « Տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով: Վստահ ենք, որ եթե սակագների բարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլև հուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում»:

Այսօր. հինգ ավտոպատահար, 8վիրավոր և 1զոհ

ավտոպատահարԲախվել են ավտոմեքենաներ
Հուլիսի 24-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Ոստիկանության մշակույթի կենտրոնի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Չարենց փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են “Ֆոլկսվագեն” մակնիշի 20ՕՏ417 պետհամարանիշով (վարորդ՝ Բ. Լ., ծնվ. 1983 թ.) և “ՎԱԶ 21-07” մակնիշի 25ՏՕ247 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները Բ.Լ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով Ա. Ս.-ի (ծնվ. 1982թ.) և Ա. Մ.-ի հետ (ծնվ. 1983 թ.) հոսպիտալացվել է “Սրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

***

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Հուլիսի 24-ին, ժամը 07.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ “ՎԱԶ21214” մակնիշի 15ՍՍ994 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնվ. 1938թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից Է.Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

 

ՃՏՊ Դաշտ-Սասունիկ ավտոճանապարհին

Հուլիսի 24-ին, ժամը 01.15-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դաշտ-Սասունիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում “Տոյոտա Քեմրի” մակնիշի 34OP489 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., 1986թ. ծնվ.) բախվել է “ՎԱԶ 21015” մակնիշի 12NT777 պետհամարով ավտոմեքենային (վարորդ՝ Ն. Մ., 1987թ. ծնվ.) և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ա.Ս.-ին տեղի ուժերով տեղափոխել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետև՝ “Էրեբունո” ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և տեղափոխել ավտոքարշակի վրա:

***

ՃՏՊ Մեղրի- Կապան ավտոճանապարհին

Հուլիսի 24-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի- Կապան ավտոճանապարհին՝ Շիշկերտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրակարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Կամազ» մակնիշի 24 ԼՕ 159 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (70 մ խորությամբ), ինչից վարորդ 1959թ. ծնված Մանվել Մխիթարյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածին և հոսանքազրկել ավտոմեքենան:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

 

ՃՏՊ Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանահարհին

Հուլիսի 24-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանահարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում շրջվել է «Հոնդա» մակնիշի 27ՍՕ648 պ/հ ավտոմեքենան վարորդ Գ.Հ. (ծնվ. 1987թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Տ.Հ-ը (ծնվ. 1995թ.) և Դ. Մ-ը (ծնվ. 1988թ.) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Հ. Մ-ը (ծնվ. 2011թ.) հոսպիտալացվել է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոց:

Բժիշկները Տ.Մարտիրոսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Դ.Մարկոսյանի և Հ.Մարտիրոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի փականը:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը

բաբաջանյան«Երբ մի հետադարձ հայացք եմ գցում իմ անցած մանկության օրերին, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում, և նրա կարոտը հաճախակի է ձգում ինձ դեպի այն, դեպի իմ օրրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ, նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»:

Հայոց ռազմարվեստի պատմության և հայ ռազմական ոգու կերտման գործում անուրանալի ավանդ ունի ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:

Ապագա մարշալը և «Ոսկե աստղի» ասպետը ծնվել է 1906 թ. փետրվարի 18-ին, Ելիզավետպոլի նահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու գյուղում` Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում:

Խաչատուր Բաբաջանյանն իր բազմանդամ ընտանիքը կերակրում էր հովվությամբ: Նա գյուղի հովիվն էր և հաճախ էր Համազասպին, որ իր երրորդ զավակն էր, հետը սարեր տանում: Այստեղից է ծնվել ապագա զորահրամանատարի ու մարշալի մեծ սերը դեպի հայրենի բնությունը, դեպի իր գյուղը:

Շուտով պատանի Համազասպը ընդունվում է գյուղի ծխական դպրոցը: Սակայն ուսումը կիսատ է թողնում, քանզի 1915 թ. հայրը լավ ապրուստի ակնկալիքով ընտանիքով տեղափոխվում է Թիֆլիս: Այստեղ Համազասպն ընդունվում է հայկական դպրոց, սակայն դարձյալ չի ավարտում այն, քանզի մի քանի տարի անց ընտանիքը դարձյալ տեղափոխվում է հայրենի գյուղ, ուր նա զբաղվում է հողագործությամբ:

Սակայն ուսման և ռազմական գործի տենչը չի մարում Համազասպի սրտում: Շուտով նրա առջև մեծ հեռանկարներ են բացվում, երբ զորակոչվում է: Տեսնելով երիտասարդի ձգտումը` նրան գործուղում են Երևան, և 1925 թ. ապագա մարշալն ընդունվում է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը, որը չորս տարի անց ավարտում է գերազանցությամբ: Ապա տեղափոխվում է Թբիլիսի և ուսումը շարունակում Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոցում: Ավարտելուց հետո նա ծառայության անցավ Կովկասյան չորրորդ հետևակային գնդում որպես դասակի հրամանատար: Արագ բարձրանալով ծառայողական սանդուղքով` շուտով դառնում է վաշտապետ, ապա` գումարտակի հրամանատար: Այնուհետև նա նոր նշանակում է ստանում և տեղափոխվելով Լենինգրադ` ծառայության է անցնում որպես հետևակային գնդի հրամանատարի տեղակալ:

1939-1940 թթ. Համազասպ Բաբաջանյանը ստացավ իր մարտական մկրտությունը` մասնակցելով խորհրդա-ֆիննական ծանր պատերազմին: Այստեղ ցուցաբերած անձնական քաջության և խիզախության համար Բաբաջանյանն արժանացավ խրախուսանքի:

Հայրենական պատերազմը Բաբաջանյանը դիմավորեց որպես 19-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի տեղակալ` մայորի զինվորական կոչումով: Շուտով նա նշանակվեց 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Որպես հրաձգային գնդի հրամանատար մասնակցեց Սմոլենսկի և Օրյոլի պաշտպանության մարտերին: Այս մարտերում նա աչքի ընկավ համառությամբ, անձնազոհությամբ: Գունդը` Բաբաջանյանի հրամանատարությամբ, առաջինը ԽՍՀՄ-ում ստացավ գվարդիական կոչում:

Պատերազմին զուգահեռ Բաբաջանյանը ուսում էր ստանում: Նա 1942 թ. ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները: Պատերազմի ավարտից հետո Բաբաջանյանը շարունակեց ուսումը և 1948 թ. ավարտեց ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Պատերազմը տաղանդաշատ  զինվորականի համար լավ հարթակ էր, և նա արագ առաջխաղացում ապահովեց իր համար: 1942 թ. Համազասպ Բաբաջանյանն արդեն մեքենայացված բրիգադի հրամանատար էր և այդ պաշտոնում մասնակցեց Կուրսկի ճակատամարտին: Հետագայում այդ ճակատամարտում իրեն լավագույն կողմերով դրսևորած զորահրամանատարը կգրի. «… Հառաչում էր հողը, ճակատամարտի մասշտաբը գերազանցում էր մարդկանց երևակայությունը: Հարյուրավոր տանկեր, թնդանոթներ վերածվում էին մետաղյա ջարդոնի լեռնակույտերի: Խավարել էր արևը, նրա սկավառակը հազիվ էր երևում արկերի ու ռումբերի պայթյունից առաջացած ծխի ու փոշու միջից»:

1943 թ. Բաբաջանյանը կարևորագույն դերակատարություն ունեցավ Կիևի ազատագրման և Դեսնայի գետանցման մարտերում: 1944-ից Համազասպ Բաբաջանյանն Առաջին տանկային բանակի 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատարն էր և կռվում էր Բելառուսական ռազմաճակատում:

Նա խորամանկությամբ և հմուտ ռազմավարությամբ աչքի ընկավ Կազատին քաղաքի ազատագրման մարտերում: Ֆաշիստները «Վագր» և «Հովազ» տանկերից բաղկացած 19 դիվիզիա էին կուտակել Կուրսկ-Բելգորոդի ուղղությամբ: Բաբաջանյանի առաջադրանքն էր ճեղքել այդ պաշտպանությունը և գրավել Կազատին քաղաքը: Համազասպը որոշեց քաղաքը գրավել գիշերով և հրամայեց հանկարծակիի բերել թշնամուն` վառել բոլոր տանկերի, զրահապատ ինքնագնացների լույսերը, միացնել բոլոր շչակներն ու ազդանշանները: Հոգեբանական գրոհը տվեց իր ազդեցությունը և այդպիսի շլացուցիչ լույսերի ու ահարկու շաչյունի ազդեցությամբ էլ խորհրդային զորքերը մտան քաղաք ու գրավեցին այն:  Հետագա մի քանի օրում Բաբաջանյանն ազատագրեց բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր:

Երրորդ մեքենայացված կորպուսի հրամանատար գեներալ Ի. Դրեմովը Հ. Բաբաջանյանի պարգևատրման թերթիկում գրել է. «1944 թ. մարտի 21-ից մինչև ապրիլի 1-ը Ստանիսլավի ուղղությամբ ֆաշիստական զավթիչների դեմ մղված կռիվներում Հ. Բաբաջանյանը որպես բրիգադի հրամանատար, աչքի ընկավ իր համարձակությամբ, վճռականությամբ, հմտությամբ: Բրիգադը, դրսևորելով սրընթաց շարժունակություն, շրջանցեց հակառակորդի թիկունքը և կտրեց նրա նահանջի ուղին…»:

Գերագույն գլխավոր հրամանատարությունը գնահատեց Բաբաջանյանի ծառայությունները և նա 1944 թվականի ապրիլի 26-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման: Իսկ նա իսկապես խիզախ էր մարտում: 1944 թ. ամռանը մարտերից մեկի ժամանակ նա ծանր վիրավորվեց կոկորդից: Սակայն փոքր ինչ ապաքինվելով` դարձյալ մեկնեց ճակատային գիծ:

1945 թ. Գերագույն գլխավոր հրամանատարությունը գվարդիայի գնդապետ Համազասպ Բաբաջանյանին շնորհեց զրահատանկային զորքերի գեներալ-մայորի զինվորական կոչում, որով էլ նա մասնակցեց Բեռլինի գրավման մարտերին: ԽՍՀՄ ԳԽ նախագահության շրջաբերականում Բեռլինի գրավման մարտերում աչքի ընկած զորամասերի թվում հիշատակվում է նաև Համազասպ Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասը և դրա խիզախ հրամանատարի անունը: Հետագայում նրա մասին ակնածանքով է արտահայտվել ԽՍՀՄ մարշալ Գ.Կ.Ժուկովը. «Չափազանց խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան լավ եմ ճանաչում ու հարգում»:

Հայրենական պատերազմի ավարտից հետո գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյանը Գերմանիայում ծառայեց որպես բանակի շտաբի պետ, ապա` բանակի հրամանատար:

1956 թ. հենց Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան ներխուժեց Հունգարիա և ճնշեց տեղի ապստամբությունը խորհրդային ռեժիմի դեմ:

1959-1967 թթ. Համազասպ Բաբաջանյանը Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատարն էր: Ապա դարձավ մարշալ Ռ. Մալինովսկու անվան Զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, 1969-ից` ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի հրամանատար:

1967 թ. հոկտեմբերին Համազասպ Բաբաջանյանին շնորհվեց ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի մարշալի կոչում:

Համազասպ Բաբաջանյանը նաև ակտիվ հասարակական կյանքով էր ապրում.  1962-1970 թթ. նա ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՌԽՖՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր էր:

Նա նաև Զալեշչիկի, Գդինյա, Ելնյա քաղաքների պատվավոր քաղաքացի էր:

Բաբաջանյանը նաև գրում էր: 1981 թ. ԽՍՀՄ Պետհրատը հրատարակեց նրա «Ծառայությունն այսպիսին է` հաղթել» հուշագրությունը, որը մի քանի տարի անց լույս տեսավ նաև հայերեն:

Խորհրդային հայրենիքը ըստ արժանվույն գնահատեց հայազգի զորահրամանատարի վաստակը: Նա արժանացել է Լենինի անվան 4, Կարմիր դրոշի` 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Սուվորովի առաջին և երկրորդ, Կուտուզովի առաջին, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈՒ հայրենիքին ծառայելու համար» երրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշանների: Մեծ հայորդին մահկանացուն կնքեց 1977 թ. նոյեմբերի 1-ին` 71 տարեկան հասակում, Մոսկվայում:

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Մահվան ելքով վթար Սարավան գյուղի մոտակայքում

big_1374626683_7Հուլիսի 23-ին, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարարավան ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնի են ավտոմեքենայի (“Հունդայի” մակնիշի 35 UT 009 պետհամարանիշի) ուղևորների և վարորդի տվյալները մասամբ. ուղևորներ` Դմիտրի Եգորով, Ալինա Ֆիլատովա, Եկատերինա Ուս., Օլգա Զավետսկայա, Մարինա Կրեմլովա, Եկատերինա, Տալման Պատրիկ, վարորդ` Վ. Թ, ով զոհվել է :

Երևանի քաղաքապետարանում բողոքներ լսելու ժամանակ չունեն, բողոքավոր քաղաքացիներից էլ ցնցուղներով են պաշտպանվում

ոչ 150 դրամին

Այսօր Հայազն կուսակցության ներկայացուցիչները և մոտ 100 քաղաքացիներ քաղաքապետարանի մոտ իրենց դժգոհությունն արտահայտեցին Երևանում հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ: Բողոքի ակցիայի մասին հայտարարվել էր նախապես: Երբ ժամը 16-ին բողոքավոր քաղաքացիները հավաքվեցին քաղաքապետարանի մոտ, քաղաքապետարանի դիմացն արդեն լեցուն էր ոստիկաններով: Նրանք թույլ չտվեցին, որ հավաքված մարդիկ մոտենան քաղաքապետարանի մուտքին`շենքի անկյունից առաջ անցնել արգելվեց: Պատճառաբանությունն այն էր, որ ցուցարարները խանգարում են քաղաքապետարանի աշխատանքային առօրյան: Կանաչ տարածքների վրա էլ ոռոգման ջուրն էին միացրել, բայց այնքան ուժեղ, որ ցնցուղի տակ էր նաև մայթը: Ցուցարարները ստիպված մոտ 30 րոպե կանգնած էին մայթին առաջացած  ՛՛լճակի՛՛ մեջ`արհեստական անձրևի տակ:

Ապա  բարձրաձայն հնչեցվեց պահանջագիր-նամակը, որը հետագայում պետք է հանձնվեր քաղաքապետարանին: Սակայն որևէ մեկը այդպես էլ դուրս չեկավ`նամակը վերցնելու: Նամակը հանձնեվց ոստիկաններին, որոնք վստահեցրեցին, որ նամակը չի կորչի և տեղ կհասնի:

Պահանջագիրը հետևյալն է.

՛՛Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է` մասնավորապես, հաշվարկված է ուղևորների` իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում, վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:

Վստահ ենք, որ Երևանի բնակիչները դեմ չէին լինի ուղեվարձի որոշ թանկացմանը, եթե այն իրոք համապատասխաներ մատուցվող ծառայության որակին: Իսկ երբ սակագնի թանկացման միակ իմաստը առանձին արտոնյալ անձանց համար գերշահույթ ապահովելն է, ապա հանրային բողոքն անխուսափելի է: «Հայազն» կուսակցությունը վճռականորեն միանում է այդ բողոքին:
Պահանջում ենք.
1. Անմիջապես չեղյալ հայտարարել սակագնի թանկացման որոշումը:
2. Վերացնել երթուղիների անհատ սեփականատերերի ավելորդ ինստիտուտը: Ամբողջությամբ հանրայնացնել մայրաքաղաքային ուղևորափոխադրումը` շահույթն ու պատասխանատվությունը թողնելով քաղաքապետարանին:
3. Ապահովել երթուղիներում, ըստ ժամերի, բավարար քանակի մեքենաների առկայությունը` այդ թվում ուշ և պիկ ժամերին: Բացառել սահմանվածից ավել թվով ուղևորների նստեցումը:
4. Կատարելագործել վճարման համակարգը: Խրախուսել ոչ կանխիկ` քարտային վճարումը` կիրառելով ավելի ճկուն սակագներ` ըստ հեռավորության, օգտվելու ժամի, արտոնություններ հաճախ օգտվողների, կարիքավոր խմբերի համար: Վարորդներին աստիճանաբար ազատել կանխիկ մանրադրամով գործառույթից:
5. Երաշխավորել վարորդների ծանրաբեռնվածության համապատասխանեցումը աշխատանքային օրենսդրությանը` միաժամանակ սահմանելով ավելի հաստատուն և արժանապատիվ վարձատրություն` աշխատավարձ: Բացառել նրանց եկամուտների կախվածությունը ուղևորների քանակից, ինչը հաճախ հանգեցնում է ուղևորների որսի, խախտումների և կոնֆլիկտների:
6. Ապահովել մեքենաների սրահների, նստատեղերի քանակի և դիրքի համապատասխանությունը սահմանված նորմերին: Վարորդներին ազատել մեքենաների նորոգման ծախսերի բեռից: Մեքենաների տեխնիկական վիճակի պատասխանատվությունը դնել գերազանցապես ընկերության վրա:
7. Հստակեցնել քաղաքավարի սպասարկման կանոնները և խստությամբ հետևել դրանց կիրառմանը:
8. Սակագնի հարցին անդրադառնալ վերոնշյալ բարեփոխումներից հետո` ներկայացնելով առարկայական, ճշգրիտ հիմնավորում՛՛:

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Տարածքային կառավարության նախարարություն, ապա Կառավարության շենք, քանի որ առանց այս երկու կառույցների համաձայնության և իմացության տրանսպորտի սակագինը 50 տոկոսով թանկացնելու որոշում չէր  կարող ընդունվել:

Ակտիվիստները  ճանապարհին հանդիպած քաղաքացիներին կոչ էին անում իրենց միանալ և  տրանսպորտով երթևեկության համար վճարել 100 դրամ:

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ին կբարձրանա 2-3, 25-28-ը կնվազի 6-7 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Հուլիսի 27-28-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Երևան քաղաքի հուլիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.30C (1966թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.80C (1911թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.60C