Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները

մեդալՀուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել “Ֆիզիկա” առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում  հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել “Ինֆորմատիկա” առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ ևս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ:
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել. Ալեքսանդր Պետրոսյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/, Վարդգես Մամբրեյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/, Գևորգ Մարտիրոսյանը  /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/,  Ալեքսանդր Վասիլյան /ՀՊՃՀ-ի քոլեջ, 11-րդ դասարան/, իսկ Ռազմիկ Հովհաննիսյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/՝  գովասանագրի: Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի  բրոնզե մեդալի է արժանացել Ալբերտ Սահակյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/:

 

Մեկնարկել է”Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք” փառատոնի համաքաղաքային փուլը

001Երևանի քաղաքապետի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն` հուլիսի 10 -ից մեկնարկել է “Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք” համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերից. շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ, ֆուտբոլ: Մինչ համաքաղաքային փուլը, մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Միջոցառման գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական ունակություններով առանձնահատուկ աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Գավաթներով կպարգևատրվեն նաև առանձին մարզաձևերում հաղթած թիմերը: Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը նաև մեդալներով ու պատվոգրերով կպարգևատրվեն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհալի աշակերտներ է ուղարկել Բուխարեստ հանգստանալու

961169_540914149291577_341206239_nԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ից Ռումինիայի ծովափնյա ճամբար հանգստի մեկնած երևանցի 46 շնորհալի աշակերտների առօրյան հագեցած է տարատեսակ ծրագրերով: Ռումինական կողմի կազմակերպած համերգին հայ աշակերտները ելույթ են ունեցել բովանդակալից համերգային ծրագրով: Երևանցի շնորհալի դպրոցականները՝ երգիչները, պարողները և երաժիշտները, ռումինացի հանդիսատեսին են ներկայացրել Սայաթ-Նովայի  ստեղծագործություններից, հատվածներ «Անուշ» օպերայից, հայկական պարեր: Երեխաները ելույթն սկսել են ՀՀ օրհներգով և ամփոփել Երևանի օրհներգի կատարումով ՝  ռումինացի հասակակիցների երգակցմամբ:

Հայ երեխաները ռումինական ծովափում հանդես են եկել նաև հանպատրաստից ֆլեշ–մոբով. ծածանելով Հայաստանի դրոշը՝ հայկական ազգային երաժշտական նվագարանների ուղեկցությամբ հայ աշակերտները երգել են ժողովրդական երգեր, նաև շուրջպար են բռնել՝ արժանանալով բազմաթիվ անցորդների հիացմունքին՝ գրավելով բոլորի հետաքրքությունը դեպի հայկական մշակույթը։

Ամառային արձակուրդների օրերին աշակերտական արտերկրյա ճամբարի այս ծրագիրը վերջին տարիների ամենամեծամասշտաբն է։ Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարի անցկացման համաձայնությունը ձեռք է բերվել Երևանի և Բուխարեստի քաղաքապետերի հանդիպման ժամանակ և իրականացվում է երկու քաղաքների քաղաքապետարանների ֆինանսական հոգածությամբ։ Ռումինական կողմը  նմանատիպ ծրագրերը շարունակական դարձնելու ցանկություն է հայտնել։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

2ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 15-ին ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պաշտոնի ստանձման կապակցությամբ ողջունեց և շնորհավորեց դեսպանին: Բարձր գնահատելով երկու երկրների միջև երկկողմ պաշտպանական բնագավառում համագործակցության ներկայիս մակարդակը` Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ 11 տարվա պատմություն ունեցող համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել:

Դեսպան Է.Պետրիկասը հաստատեց համագործակցությունը զարգացնելու լիտվական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ այն կզարգանա ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև բազմակողմ՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

Minister Nalbandian's meeting with the OSCE Chairperson-in-Office.(2)Հուլիսի 15-ին կայացավ Հայաստանի արտգործնախարարի և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Հայաստանը և Ուկրաինան բարեկամության դարավոր ավանդույթներ ունեն և այսօր էլ հենց այդ հիմքի վրա կառուցում են միջպետական հարաբերությունները։ Կան բոլոր նախադրյալները նոր որակ հաղորդելու տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը»:

«Հայաստանը  աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Ուկրաինայի նախագահությանը և պատրաստ ենք մեր նպաստը բերելու ուկրաինական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, կնպաստենք ուկրաինական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության և կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին»,- հավելեց նախարար Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ, մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերի, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրվող բարեփոխումների շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

«Հայաստանը մշտապես հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին և մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտացոլված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ղեկավարների հայտարարություններում 2009 թ.՝ լ՛Աքվիլայում, 2010 թ.՝ Մուսկոկայում և 2011թ.՝ Դովիլում, 2012թ.՝ Լոս Կաբոսում, 2013թ.՝ Էնիսկիլենում»,- ընդգծեց նախարար Նալբանդյանը:

Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ ուկրաինական նախագահությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։

Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում՝ բանակցությունների ընթացքում, քննարկվեցին ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցությանն առնչվող հարցեր։

Էդվարդ Նալբանդյանի և Լեոնիդ Կոժարայի հանդիպմանը հետևեց համատեղ մամլո ասուլիսը։

Հրապարակվել են բուհ ընդունվածների ցուցակները. դուրս է մնացել մոտ 700 դիմորդ (լրացված)

գթկՀրապարակվել են բուհեր ընդունված դիմորդների ցուցակները և անցողիկ միավորները:

ԳԹԿ արտաքին համագործակցության  բաժնի պետ Արա Իսպիրյանը «Անկախ»-ի հետ զրույցում  ասաց, որ  առաջին փուլով պետական բուհեր են ընդունվել 10 500 դիմորդներ:  Դրական միավորներով դուրս են մնացել շուրջ 600-700 դիմորդներ:

Նշենք, որ այս տարի բուհերի թիմորդների թիվը մոտ 15 000  էր, որոնցից 13000-ը պետական բուհերի դիմորդներ էին: Բուհերին հատկացվել էր շուրջ 17 հազար ընդունելության տեղ:

ԳԹԿ-ն արդեն հրապարակել է  բուհերի ու ֆակուլտետների ցանկը, որտեղ թափուր տեղեր կան: Հուլիսի 15-20-ը կանցկացվի  բուհական ընդունելության երկրորդ փուլը` քննություններից դրական գնահատականներ ստացած, բայց որևէ տեղ չընունված դիմորդները կկարողանան երկրորդ անգամ բուհ դիմել` եթե իրենց հանձնած քննություններին համապատասխան մասնագիտություններով թափուր տեղեր լինեն:

Թափուր տեղեր ունեցող մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ` հետևելով հղմանը:

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ին, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 19-ին նույնքան կնվազի:

Երևանում՝

Հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:

Երևանի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալները՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան  40.40C (  1965 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան     13.20C  ( 1926 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  26.20C

Դոլարի գինը բորսայում` 410,5 դրամ

դոլարՀուլիսի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,520,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Երրորդ ամենամյա հայկական փառատոնը Լոնդոնում

437. Third annual Armenian festival in London - 15.07.2013Հուլիսի 14-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ երրորդ ամենամյա հայկական փառատոնը: Փառատոնը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Փառատոնի բացմանը ելույթ ունեցան Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանաքը ու Լոնդոնի Քենսինգթոն եւ Չելսի թաղամասի փոխքաղաքապետ Սեմ Մքովերը։

Փառատոնի հարյուրավոր մասնակիցները վայելեցին հայկական երաժշտություն ու պարեր, համտեսեցին հայկական ճաշատեսակներ, ինչպես նաեւ մասնակցեցին տարբեր միջոցառումների։ Առանձին տաղավարներով ներկայացված էին մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ՝ այցելուներին տրամադրելով տեղակատվություն իրենց աշխատանքի, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ։

Մայրաքաղաքում շարունակվում են 2013թ. ծրագրով նախատեսված կանաչապատման աշխատանքները

002Երևանի համաչափ զարգացման համատեքստում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ-ի զարգացման ծրագրերով նույնպես ծավալային առումով զգալի աշխատանքներ են իրականացվում:

Կանաչապատման ոլորտում 2013թ. առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր: Այս տարի մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ, որից 1 մլն 800 հազարն արդեն տնկվել է:

Ավարտվել է նաև 2013 թ-ի զարգացման ծրագրով նախատեսված 21 կմ ոռոգման նոր համակարգի կառուցումը, ինչի արդյունքում այսօր արդեն շուրջ 70 հա կանաչ տարածք լիովի ոռոգելի է:

Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի մակերեսը:  Անցած վեց ամիսների ընթացքում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, ևս 10 հա գոյություն ունեցող սիզամարգեր էլ թարմացվել են:  Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ:

2013 թվականի Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Վարդան Պետրոսյան. ինչ-որ նոր բան սկսելու օրն է երկուշաբթին

Վարդան ՊետրոսյանՎարդան Պետրոսյանը ունի նոր ներկայացում: «Ամեն երկուշաբթի»-ն ոչ միայն հանդիպման օրն է հանդիսատեսի հետ, այլև ներկայացման անվանումը:

Վարդան Պետրոսյանի բնորոշմամբ`վերնագիրը փնտրված և հանկարծակի գտնված է. «Ախր երկուշաբթին չի համարվում թատրոնի օր, բայց ես գրեթե միշտ այդ օրն եմ ելույթ ունենում: Եվ բացի դա, երկուշաբթին լավ օր է, ինչ-որ բան սկսելու օրն է երկուշաբթին»։

Նոր ներկայացումը զրույց է մեր կյանքի հուզող հարցերի շուրջ, ինչն էլ  Վարդան Պետրոսյանը համարում է հանդիսատեսին գրավելու գրավականը։ Ինչպես միշտ, այս անգամ ևս կլինի անդրադարձ ներքաղաքական պրոբլեմներին, սակայն՝ «քաղաքականություն առանց քաղաքականության» սկզբունքով։

«Մարդիկ այնքան են հոգնել քաղաքական գործիչների անուններից, որ էլ լսել չեն ուզում: Դրա համար ես կխոսեմ քաղաքականությունից բոլորովին այլ կերպ։ Կլինեն անակնկալներ, բայց այս տարիների ընթացքում առաջին անգամ չեմ ուզում խոսել դրանց մասին։ Կգաք և ինքներդ կտեսնեք», – ասաց ՎԱրդան Պետրոսյանը։

Այսօր կկայանա իսրայելցի ժամանակակից պատմաբան Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գրքի շնորհանդեսը

Auron2ԳՄ նախագահ Լևոն Անանյանը այսօր լրագրողներին ներկայացրեցին իսրայելցի Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գիրքը, որ նվիրված է հայոց ցեղասպանությանը: Ըստ Լևոն Անանյանի` իսրայելցի ժամանակակից պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնը աննախադեպ և խիզախ քայլ է ձեռնարկել` Իսրայել պետության պատմության մեջ առաջին անգամ ճշմարտությունն ասելով Մեծ եղեռնի մասին: Եբրայերեն գրված նրա «Անընդունելի անտարբերություն» գիրքը ծավալուն արխիվային հետազոտությունների վրա է հիմնված: Գիտնականը վերլուծում է անցյալ դարասկզբին պաղեստինյան հրեական համայնքի և սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ`քաղաքական ուժերի դիրքորոշումների, ինչպես նաև զուտ բարոյականության տեսանկյունից:
Յաիր Աուրոնը լրագրողներին տեղեկացրեց, որ իր գիրքը եզակի է, որտեղ տեղ են գտել ողջակիզման ու ցեղասպանության փաստերը: Հեղինակը իր գրքով ուզում է պայքարել ցեղասպանության ընդունման հետ կապված Իսրայելի պաշտոնական դիրքորոշման դեմ: « Եթե առաջ քննարկումը հայոց ցեղասպանության մասին Իսրայելում մերժվում էր չսկսված, ապա հիմա քննարկմանը ոչ ոք դեմ չի քվեարկում: Ճիտ է` դեռ շատ հեռու ենք ցեղասպանության ճանաչումից, բայց նշածս արդեն իսկ ձեռքբերում է, որին հասել ենք մեծ ջանքերի գնով», – ասաց Յաիր Աուրոնը:
Գիրքը թարգմանվել է հայերեն: Շնորհանդեսը կկայանա այսօր` 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Մեղրի-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Մեղրի-Կապան ավտոճանապարհՀուլիսի 15-ին, ժամը 11.27-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում, կամրջի վերանորոգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը: Գործում է Մեղրի-Շվանիձոր-Կապան շրջանցիկ ավտոճանապարհը:

Փլուզվել է թիվ 1316 էլ. ենթակայանի արտաքին պատը

big_1373821026_1Հուլիսի 14-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող թիվ 1316 էլեկտրական ենթակայանի պատը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը:

Պարզվել է, որ փլուզվել են տանիքի երկաթբետոնե կառուցատարրերը (20 խմ) և ենթակայանի արտաքին պատը (30-40 քմ). տուժածներ չկան:

Փարաքար գյուղում փլուզվել է ոռոգման ջրանցքի պատնեշը

big_1373820040_3Հուլիսի 14-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվում է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Նաիրի փողոցի տները:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է ոռոգման ջրանցքի պատնեշը (5 մ երկարությամբ):

Ջրահեռացման աշխատանքներ իրականացնելու նպատակով` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ավարտել են Նաիրի փողոցի թիվ 2, 2/1 և Ռ.Գասպարյան փողոցի թիվ 8 տան նկուղներից ջրահեռացման աշխատանքները:

Վաչե Գաբրիելյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Վաչե ԳաբրիելյանՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  այսօր հրամանագիր է ստորագրել՝ Վաչե Գաբրիելյանին Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելու մասին:

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշում եմ.

Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:

Նախագահը ստորագրել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Փոքր ՀԷԿ-ի հերթական զոհը. Մեղրաձորի ջրվեժը ցամաքել է

3 (5)Նորից ահազանգ ենք ստացել փոքր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով գետերի ամբողջովին չորացման վերաբերյալ: Մեր հեծանվորդ ընկերները տեղեկացնում են, որ 2013 թ. հունիսի 23-ին գնացել էին հիանալու Կոտայքի մարզի Մեղրաձորի երբեմնի ջրառատ ջրվեժով: Սակայն, հասնելով տեղ, նրանք ականատես են լինում, որ ջրվեժի փոխարեն մնացել է մի բարակ առու: Պատճառը պարզելու համար բարձրանում են գետի վերին հոսանքները և տեսնում, որ այնտեղ կառուցված է փոքր ՀԷԿ: Հասնելով ՀԷԿ-ի ջրառի կետը` նրանք ականատես են լինում, որ այն կուլ է տալիս գետի ամբողջ ջուրը և մտցնում խողովակի մեջ այնքան ագահորեն, որ մի գրամ ջուր անգամ չի թողնում գետին և բնությանը: Դիտելով սիրողական տեսանյութը` կհամոզվեք, որ իսկապես էկոլոգիական թողք ու ձկնուղի ընդհանրապես չկա, իսկ գետն ամբողջովին չորացրած է:

Հերթական անգամ ականատես ենք լինում այսպիսի աղետալի վիճակի, ինչը շահագործողների անկշտության և բնապահպանական վերահսկողության բացակայության արդյունք է: Հասկանում ենք նաև, որ ՓՀԷԿ-երի առաջ բերած բնապահպանական խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում, և անհրաժեշտ է անհապաղ մշակել այդ ոլորտը կարգավորող գիտականորեն հիմնավորված էկոհամակարգային և սոցիալ-տնտեսական չափորոշիչներ: Մեկ անգամ ևս կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռք առնել այդ չափորոշիչները մշակելու ուղղությամբ, իսկ մինչ այդ դադարացնել նոր ՓՀԷԿ-երի շինարարությունը:

Կոնկրետ այս ահազանգը փոխանցում ենք բնապահպանության նախարարությանը` հորդորելով ձեռք առնելու համապատասխան միջոցառումներ:

Տեսանյութը և լուսանկարները` Սամվել Հովհաննիսյանի:

 Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Միջնաժամկետ հիմնական ծախսերն ուղղվելու են թոշակներին ու աշխատավարձերին

ծախսԱռհասարակ, յուրաքանչյուր երկրում կարևոր տեղ է հատկացվում տվյալ երկրի միջնաժամկետ ծախսային ծրագրերին: Դա կարևոր է այնքանով, որ ցանկացած բյուջետային ծրագիր հետապնդում է 1 տարվա նպատակների իրականացում: Սակայն կան բազմաթիվ, հատկապես կապիտալ բնույթի միջոցառումներ` ծախսեր, որոնք ոչ թե 1 տարվա պլանավորում են պահանջում, այլ շարունակական բնույթ ունեն: Այդ առումով չափազանց կարևոր է միջնաժամկետ ծախսային ծրագրերի ինստիտուտը, և հասկանալի է, որ դա պետք է երկրում իրականացվող շարունակական ծրագրերի իրականացման ժամանակ  ծառայի ծրագրերի կայունությունը, ռիթմիկությունը, շարունակականությունն ապահովելուն: Այսինքն`  միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ըստ էության, կարևոր է աշխարհի ցանկացած երկրում բյուջետային համակարգի արդյունավետությունը բարձր պահելու համար:

Այդպես է նաև Հայաստանի Հանրապետությունում, համենայն դեպս` «բյուջետային համակարգի մասին» օրենքով: Ու հենց օրենքին համապատասխան էլ կառավարությունը ներկայացնում է միջնաժամկետ ծախսային ծրագիր: Այդպիսի մի ծրագիր էլ` «2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», կառավարությունը հաստատեց իր  անցյալ նիստի ժամանակ: Հայաստանում այն խնդիրներն ու նպատակները, որոնք անհետաձգելի են եղել, գերխնդիրներ ու գերնպատակներ են հետապնդել և պահանջել են շարունակական բնույթ, ծախսային ծրագրում ունեցել են իրենց արտացոլումը և հնարավոր այն ֆինանսական մակարդակները, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծրագրերն իրականացնելու համար: Այդպես է ներկայացրել գործադիրը:

Հայաստանում այնքան ծրագրեր են տապալվել կամ այլ ուղիով ընթացել, որ ակամա հարց է առաջանում` արդյոք այս անգամ ներկայացված ծրագիրը համապատասխանո՞ւմ է մեր երկրի համար գերակա համարվող խնդիրների լուծման անհրաժեշտությանը. «Որպես կանոն, փոքր-ինչ շեղումներով, տարբեր տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրերը համապատասխանել են այն բոլոր խնդիրներին, ինչը որ դրված է եղել: Այս ծրագիրը ևս իրատեսական է: Իրատեսականության հարցում կարող եք չկասկածել, այստեղ միակ խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, կարող է պատահել, չկարողանա այդքան ծավալի հատկացումներ ապահովել»,- ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բոլոր դեպքերում, միջնաժամկետ ծախսային ծրագրերի ներկայացման մեխանիզմն այնպես է նախատեսված, որ գործում է հանձնաժողով, որտեղ կոլեգիալության սկզբունքով նշվում են գերակա խնդիրները, հիմնական ուղղությունները, և հնարավոր հատկացումների ծավալը գնահատելով, ինչպես նաև գնահատելով տվյալ տարվա համար պետական բյուջեի հնարավոր մուտքերը` կազմվում է միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

«2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, իհարկե, համապատասխանում է այն խնդիրների ու հարցերի լուծման տրամաբանությանը, որոնք այսօր լուծում են պահանջում: Այլ բան է` դրանք արդյունավե՞տ կիրականացվեն, թե՞ ոչ, բայց համապատասխանության հարցում կասկածել պետք չէ: Իհարկե, ՀՀ միջոցները ամենազանազան ծրագրերի նախագծերի համար միշտ էլ բավարար չեն, մենք չունենք մեծ հնարավորություններ, բայց ինչ վերաբերում է չափաքանականերին, ուղղորդումներին` տարիների կտրվածքով, բնականաբար, դրանք հետապնդում են ավելի գերակա խնդիրների իրականացում և հատկապես ուղղվում են նման լուծումներ պահանջող  տեղամասեր»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Կառավարությանը ներկայացնելով ծրագրի հիմնական թվերն ու ուղղությունները` ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ մասնավորապես 2014 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ի նոմինալ 6.9 տոկոս աճ, շուրջ 10 տոկոս նոմինալ աճ` 2015 թվականին և շուրջ 11 տոկոս` 2016 թվականին: Այս աճերի պարագայում ենթադրվում է, որ պետական բյուջեի եկամուտների գումարը 2014 թ. կկազմի 1 տրիլիոն 146 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 23.63 տոկոսը: Ընդ որում`113 միլիարդ դրամով ավելացման մեծ մասը (շուրջ 110 միլիարդ դրամի չափով` 2013 թվականի համեմատ) տեղի է ունենալու հարկային եկամուտների հաշվին:

«Նմանատիպ աճեր 2015 և 2016 թ2. նույնպես նախատեսված են. 116 միլիարդ հարկային եկամուտների աճ 2015 թ. և նմանատիպ սկզբունքով հաշվարկ` նաև 2016 թ. համար: Հիմնական սցենարով հարկերի հավաքագրման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կաճի միջինը 0.3 տոկոսի չափով: Ըստ այդմ` նաև ծրագրված են պետական բյուջեի ծախսերը, որոնք 2014 թ. համար կկազմեն 1 տրիլիոն 258 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 25,93 տոկոսը,  այլ կերպ ասած` 2013 թ. համեմատ աճը կկազմի շուրջ 105 միլիարդ դրամ: Նմանատիպ ծախսերի նախատեսում արված է նաև 2015 և 2016 թթ. համար»,- ներկայացրեց Դավիթ Սարգսյանը:

Առաջիկա երեք տարիների համար միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմնական շեշտադրումները վերաբերում են երկու խոշոր ծախսային հոդվածներին: Առաջինը աշխատավարձերի բարձրացումն է, քանի որ ենթադրվում է, որ 2014 թ. հունվարի 1-ից հանրային բոլոր բնագավառներում տեղի կունենան աշխատավարձերի բարձրացումներ` տարբեր չափերով,  դա կկազմի շուրջ 51 միլիարդ դրամի ծախս: Դրանից բացի, քանի որ հունվարի 1-ից սպասվում է նաև նվազագույն աշխատավարձերի բարձրացում մինչև 50 հազար դրամ, ապա ևս 10 միլիարդ դրամ կուղղվի աշխատավարձերի այդ բարձրացմանը:

«Ընդհանուր առմամբ` մենք ունենք 240 միլիարդից ավելի աշխատավարձի ֆոնդ, որը վճարվում է պետության կողմից: Աճը հաջորդ տարի կկազմի 60 միլիարդ կամ շուրջ 40 տոկոս: Բայց դա միջինացված է, քանի որ տարբեր սանդղակներով, տարբեր աշխատատեղերի համար ու տարբեր սկզբունքներով է կատարվելու»,- նշեց ֆինանսների նախարարը:

Ծախսերի ավելացման հաջորդ խոշոր ուղղությունը կենսաթոշակներն են: Մի կողմից` շուրջ 20 միլիարդ դրամ լրացուցիչ ծախսեր են նախատեսվում` պայմանավորված այն հանգամանքով, որ 2014 թ. ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշումը, որով քաղաքացիները պարտավոր են իրենց եկամտի 5 տոկոսի չափով գումար փոխանցել իրենց անձնական հաշիվներին որպես ապագա կենսաթոշակ, իսկ պետությունը ևս 5 տոկոսի չափով մասնակցելու է այդ կուտակմանը: Ուստի այդ ծրագիրը շուրջ 20 միլիարդ դրամ է պահանջելու: Դրանից բացի, ծախսեր են լինելու սոցիալական ոլորտում, իսկ ընդհանուր առմամբ կենսաթոշակային ծախսերը, բացի կուտակային համակարգի ծրագրից, կազմելու են շուրջ 37.7 միլիարդ դրամ: Կան այլ ուղղություններ ևս: «Օրինակ` պաշտպանության, գիտության ֆինանսավորման ավելացումը և մնացած բոլոր հոդվածները, որոնք, որպես սկզբունք, վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես ավելացվել են պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով»,- նշեց Դավիթ Սարգսյանը:

Այս ծրագրին չի հավատում տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը: Նա նույնիսկ չուզեց խոսել կառավարության որևէ ծրագրի մասին. «Ի՞նչ կարելի է սպասել այս կառավարությունից, թող նրանք օֆշորներում իրենց փողերը լվան»,- ասաց նա:

 

Ջոան Ռոուլինգը դետեկտիվ է գրել է մեծահասակների համար

o_570278Հարրի Փոթերի մասին գրքի հեղինակը խոստովանել է, որ ապրիլին մեծահասակների համար լույս տեսած “Կկվի կանչը” դետեկտիվն իր ստեղծագործությունն է:

Գիրքը ներկայացվել էր որպես պաշտոնաթող սպա Ռոբերտ Հելբրեյթի ստեղծագործություն: Հրապարակումից հետո այն արժանացավ  քննադատների բարձր գնահատանքին:  Ընթերցողները նույնպես հիացած էին: Բոլորին ապշեցրել էր այն փաստը, թե ինչպես էր տղամարդ հեղինակը ճշգրտորեն նկարագրում կանացի զգեստապահարանը:

Իրական հեղինակին հաջողվեց գտնել The Sunday Times-ի լրագրողների ջանքերով: Զինվորականի գրական դեբյուտն անքան տարօրինակ էր, որ նրանք անկախ հետաքննություն սկսեցին:

Ինչպես հետագայում Ռոուլինգը խոստովանեց, կեղծանունը նրան “ազատության”հնարավորություն տվեց: Նա “գերագույն հաճույք”ստացավ մամուլում աղմուկի բացակայությունից: