Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տան մոտ կրակոցներն արձակել է նույն տան բնակիչ, 1955 թ. ծնված Աղվան Գ.-ն` իրեն պատկանող «Սայգա ՄԿ-03» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական հրացանից:
Հրացանն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Գ.-ին վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանները բռնեցին փախուստի դիմած կողոպտչին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայի տարածքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված, նախկինում դատված Սերյոժա Ա.-ին:
Պարզվել է, որ նա կեսօրին մոտ նշված շուկայում առևտրով զբաղվող մի կնոջից բացահայտ հափշտակել է կանխիկ գումար և դիմել փախուստի:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Երկու կանանց վրաերթի ենթարկած «Շկոդա»-ի վարորդը դիմել է փախուստի
Հուլիսի 10-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի անձը չպարզված վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց, այնուհետև «Շկոդա»-ն բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդը թողնելով դեպքի վայրը` հեռացել է:
Վրաերթի հետևանքով արմնական վնասվածքներ ստացած կանայք տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 9 դեպքից բացահայտվել է 7-ը, մարմնական վնասվածք հասցնելու 10 և յուրացման կամ վատնման 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բրյուսովականները հրաժեշտ տվեցին բուհին
«Երդվում եմ՝ ձեռք բերված գիտելիքները ծառայեցնել պետության զարգացմանն ու հզորացմանը, լինել հայրենիքի և ազգի արժանի զավակ, ջանք չխնայել պետության բարգավաճման և աշխարհում ուրույն տեղն ունենալու գործում։ Երդվում եմ՝ իմ գիտելիքները, կամքը, ձգտումներն ու հոգու կրակը փոխանցել հաջորդ սերնդին»,- այսպիսի երդմամբ հարյուրավոր շրջանավարտներ հրաժեշտ տվեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին (ԵՊԼՀ)։
Հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպել էին ԵՊԼՀ 2012-2013 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։
ԵՊԼՀ շրջանավարտներից 159-ն այս տարի արժանացել են կարմիր դիպլոմի։ Ողջունելով բոլոր շրջանավարտներին՝ բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը բարի երթ և հաջողություններ մաղթեց վերջիններիս։ Ռեկտորի խոսքով՝ լեզվաբանական համալսարանը Հայաստանում այսօր դասվում է ամենաորակյալ կրթություն մատուցող, ամենամրցունակ համալսարանների, աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկ ունեցող բուհերի թվին։ Նա պատգամեց շրջանավարտներին միշտ և ամենուր բարձր պահել բրյուսովականի անունը։
Ավարտական միջոցառմանն ուղեկցվում էր համերգային ծրագրով։ Ելույթ ունեցան Էրիկը, Սոֆի Մխեյանը, Արմինկան, Անդրեն և Արամ MP3-ն, «Վիտամին» ակումբը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Ավտոպատահարներ
Հուլիսի 10-ին, ժամը 06.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 52ՏՏ714 պետհամարանիշի և «ՀԻՆՈ 700» մակնիշի բեռնատար ՊՆ3330Տ պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդ` 1959թ. ծնված Ռոբերտ Արզումանյանը, ուղևորներ` 1959թ. ծնված Մարգարիտա Արզումանյանը, 2009թ. ծնված Տիգրան Օհանյանը և Անուշ Արզումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Արգել գյուղում
Հուլիսի 10-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արգել գյուղի 1-ին փողոցի թիվ 22 տան մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 22ՏՕ975 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1981թ. ծնված Գևորգ Հարությունյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, որը շրջվել է գազատար խողովակի վրա: Տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Բուսաբանական այգու տարածքում այրվել է 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Արարատի մարզիՈսկետափ գյուղում` 160 հակպահեստավորված անասնակեր, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 123/1 տան մոտակայքում` 50 քմ խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից դեպի Թանահատ վանական համալիր տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 4000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 2-րդ դպրոցի խաղադաշտում` 2քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 4 նյութ ուղարկվել է ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:
2013թ. հուլիսի 10-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 4 նյութեր եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Լոռի. Հարուցվել է քրեական գործ` ծեծի ենթարկելու փաստի առթիվ
Քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցել է քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
Մասնավորապես` Սպիտակի քաղաքացի Լ.Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ 2013թ. հուլիսի 9-ին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գ.Սահակյանը ծեծել է իրեն:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:
Որո՞նք են հողամասի նկատմամբ իրավունքների ծագման հիմքերը
Յուրաքանչյուրս մեր կյանքի ընթացքում ուղղակի, թե անուղղակի առնչություն ենք ունենում ձեռքբերած կամ մեզ նվիրած հողամասի օրինականացման գործընթացի հետ ու այս պարագայում անհրաժեշտ է իմանալ ոչ միայն այդ հիմքերը, այլև դրա հետ կապված մյուս կարևոր փուլերը, մասնավորապես` պետական գրանցումը: Այսպես, հողամասերի նկատմամբ իրավունքների ծագման հիմքերը թվարկված են ՀՀ հողային օրենսգրքի 51 հոդվածում, ըստ որի` հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները, ինչպես նաև հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունքների սահմանափակումները ծագում են`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներից և նրանց հետ կնքած պայմանագրերից,
2) քաղաքացիների ու իրավաբանական անձանց միջև հողամասի հետ կապված պայմանագրերից և այլ գործարքներից,
3) ձեռքբերման վաղեմության ուժով,
4) հողամասի նկատմամբ իրավունք սահմանող դատական ակտերով` բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք առաջացնող դեպքերի,
5) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողություններից, ինչպես նաև իրադարձություններից, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է հողամասերի նկատմամբ իրավունքների ծագումը և դրանց օգտագործման պարտադիր պայմանները:
Ինչ վերաբերում է հողամասի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերին, ապա որպես այդպիսիք են համարվում Քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ հողային օրենսգրքով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերը: Հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ նախկինում տրված փաստաթղթերն անշարժ գույքի օտարման գործարքներ կատարելու դեպքում հանձնվում են անշարժ գույքի միասնական կադաստր վարող պետական մարմին: Հողամասերի նկատմամբ իրավունքների մասին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տված փաստաթղթերից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:
Հողամասերի հետ կապված գործարքներն ունեն մեկ առանձնահատկություն. դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ստանան պետական գրանցում: Այսպես, հողամասերի նկատմամբ պետության, համայնքների, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքները` սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ գույքային իրավունքները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը ենթակա են պետական գրանցման: Պետությունը չի երաշխավորում հողամասի նկատմամբ չգրանցված իրավունքների պաշտպանությունը և անձեռնմխելիությունը: Հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և դրա մերժման կարգը սահմանվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ գույքային իրավունքները ծագում են պետական գրանցման պահից:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դոլարը տատանվում է
«Արտագաղթի պատճառ է նաև բարոյահոգեբանական մթնոլորտը». Վազգեն Մանուկյանը` ՀՀ նախագահի հետ հանդիպմանը բարձրացված հարցերի մասին
Ինչպես գիտենք, հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի հերթական հանդիպումը Հանրապետության ղեկավարի հետ: ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ քննարկման է ներկայացվել ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչև Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրները և հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկությունները:
Հանրային խորհրդի կայքէջում տեղադրված օրակարգից, սակայն, տեղեկանում ենք, որ քննարկվել են նաև արտագաղթի, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպական գրասենյակի և այլ տարածաշրջանային գրասենյակների Ստամբուլ տեղափոխման, Ծածկած շուկայի, Հանրապետության հրապարակի վերակառուցման, ՀՀ Սահմանադրության մեջ և ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ հարցեր:
«Անկախը» Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ զրույցում որոշ մանրամասներ պարզեց այդ հարցերի վերաբերյալ:
ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` նշելով, որ այն բազմաթիվ գործոնների հանրագումարի հետևանք է: «Ընդ որում, այդ գործոններից պետք է անջատել բնական գործոնը, որը բնորոշ է բոլոր երկրներին,- ասաց Մանուկյանը,- ես օրինակ բերեցի, որ Ֆրանսիայից վերջին 5 տարվա ընթացքում տասնյակհազարավոր բարձր որակի մասնագետներ են գնացել ԱՄՆ: Այսինքն` գլոբալացման պայմաններում ողջ աշխարհում արտագաղթի մի ընդհանուր ֆոն կա, բայց եթե մի երկրում արտագաղթն այդ ֆոնից ավելին է, նշանակում է` այդ երկրի ներսում կան խնդիրներ, որոնց մասին պետք է խոսել»:
Մանուկյանը որպես արտագաղթը խթանող ներքին խնդիր նշել է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլև բարոյահոգեբանական մթնոլորտը` վաղվա օրվա անորոշությունը, թվացյալ կամ իրական հեռանկարի բացակայությունը, այն, որ չեն ներկայացվում հստակ տեսլականներ և չի ապացուցվում դրանց կենսունակությունը:
Արտագաղթը կանխելու գործում նա կարևորում է նաև հայրենասիրությունը` նշելով, որ այն չի քարոզվում, ավելին` հակաքարոզչության դեմ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում: Իսկ հայրենասիրություն սերմանելու գործը նախ և առաջ դպրոցինն է, ապա հեռուստատեսությանն ու մամուլինը: «Օրինակ` հեռուստատեսությամբ շատ եմ նկատել, որ ցուցադրում ենք, ասենք, հայ արվեստագետներին, որոնք Հայաստանից ԱՄՆ են տեղափոխվել և մեծ հաջողությունների են հասել: Բայց չենք ցուցադրում այն հարյուրհազարավոր մարդկանց, որոնք գնացել են նույն Միացյալ Նահանգներ և ճիշտ է` սննդի հարցը լուծել են, բայց նրանց կյանքի որակը հավասարվել է զրոյի: Ամբողջ օրը անգործ նստած` նարդի են խաղում, բամբասում են և Հայաստանից, և Ամերիկայից: Ես խիստ կասկածում եմ, որ նրանք երջանկություն են գտել»:
Ինչ վերաբերում է հեռուստաեթերի խնդրին, որը բազմիցս քննարկվել է Հանրային խորհրդում և բարձրացվել նաև նախագահի մոտ, այդ հարցի քննարկումները շարունակվելու են Հանրային խորհրդում: «Հ1-ի ղեկավարությունը փոխվել է, և դա ենթադրել է տալիս, որ քաղաքականությունը նույնպես պետք է փոխվի: Տեսնենք, որոշ ժամանակ կսպասենք»,- ասաց նա:
Հանրային խորհուրդն առաջարկել է, որ կառավարությունն իր գործունեության տարեկան հաշվետվության մեջ, որը ներկայացնում է Ազգային ժողով, հատուկ անդրադառնա այն հարցին, թե տարվա ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել արտագաղթը կանխելու ուղղությամբ և ինչ արդյունքներ են գրանցել:
Երկրի ղեկավարը կիսել է արտագաղթի վերաբերյալ մտահոգությունները` ընդունելով, որ այն միայն սոցիալական խնդիրների հետևանք չէ, և արտագաղթի պատճառները հատուկ ուսումնասիրության կարիք ունեն:
Ծածկած շուկայի և Հանրապետության հրապարակի վերաբերյալ Հանրային խորհուրդը ներկայացրել է իր հստակ մոտեցումները. շուկան պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար, իսկ Հրապարակը վերակառուցման անհրաժեշտություն չունի: Այդ հարցի առնչությամբ հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը Հրապարակի վերաբերյալ հայտարարված մրցույթի առնչությամբ նշել է, որ դա ընդամնեը մրցույթ է, հնարավորություն է տալիս ճարտարապետներին մտածելու և ամենևին էլ չի նշանակում, որ այդ մտահղացումները պետք է իրականանան:
Նախագահի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհուրդը մտահոգություն է հայտնել նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի վերաբերյալ և անընդունելի համարել որոշ շրջանակների կողմից տարածված այն պնդումները, թե իբր դրանով հավասարակշռությունը չի խախտվում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև: Նշվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ հավասարակշռություն այդ առումով երբեք էլ չի եղել. պատերազմի սկզբում ադրբեջանցիները մոտ քսան անգամ ավել զենք ու զինամթերք են ունեցել, և անհավասարակշռությունը պահպանվում է մինչ օրս: Վերջին վաճառքն այն էլ ավելի է խախտել:
Բարձրացվել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպական գրասենյակի և այլ տարածաշրջանային գրասենյակների Ստամբուլ տեղափոխման հարցը: Նշվել է, որ դա չի համապատասխանում ՄԱԿ-ի սկզբունքներին և բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ դա մեր երկրի համար կառաջացնի մի շարք խնդիրներ: Նախ` հոգեբանական` կապված Ցեղասպանության հետ, նաև գործնական, քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:
Սահմանադրության մեջ և ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցը բարձրացվել է` հաշվի առնելով վերջին տարիներին հանրության շրջանում ակտիվորեն քննարկվող տեսակետները` կապված կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցնելու հետ, ինչպես դա տեղի է ունեցավ եվրոպական պետությունների գերակշռող մասում, մարզպետներին ընտրելու համակարգին անցնելու հետ և այլն:
Հանրային խորհուրդը կարծում է, որ այդ հարցերի քննարկմանը պետք է ներգրավել հանրության լայն շերտերի ներկայացուցիչների, քանի որ այդ հարցը նախ և առաջ կարևոր է երկրի ապագայի տեսիլքի ձևակերպման տեսանկյունից: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ըստ ՀԽ նախագահի, նույնպես շատ կարևոր են. «Պետք է հնարավորինս բացառել կեղծիքներ անելու, ինչպես նաև հարցը շահարկելու հավանականությունը: Պետք է փակել օրենսդրության բոլոր բացերը, ինչը կապահովի ոչ միայն ընտրությունների մաքրությունը, այլև հասարակության վստահությունն ընտրությունների արդյունքների նկատմամբ: Եթե ընտրությունները մաքուր են եղել, բայց մարդիկ վստահություն չունեն արդյունքների նկատմամբ, դա գրեթե համարժեք է նրան, որ ընտրությունները կեղծված են»,-ասում է նա:
Հանրային խորհուրդն առաջարկել է չեզոք հարթակ ծառայել հարցը քննարկելու համար, որի շուրջ կարող են հավաքվել և իշխանական ուժերը, և ընդդիմությունը, և անկախ փորձագետները:
Անդրադառնալով նախագահի հետ հանդիպումներին և դրանց արդյունավետությանը` Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախագահի հետ քննարկվում են առավել ռազմավարական ու մասշտաբային հարցեր, որոնք չեն կարող միանգամից լուծում ստանալ: Իսկ Հանրային խորհրդում բարձրացվող հարցերի մի մասը հասցեագրված է ոչ թե նախագահին, այլ կառավարությանն ու տարբեր գերատեսչությունների, և Մանուկյանը համարում է, որ այս տարիների ընթացքում իրենց կողմից բարձրացված հարցերի մի զգալի մասն այս կամ այն ձևով լուծվել է: «Երբ որևէ բան ես ասում, չի նշանակում, որ հենց այդ պահին դիմացինը պետք է կատարի: Նախ սկսվում են քննարկումներ, որոնք կարող են մի քանի օր տևել, կարող են ամիսներ տևել: Մի բան է ճիշտ հարց բարձրացնելը, լրիվ այլ բան` դա իրականացնելը: Իրականացումը միշտ շատ ավելի բարդ է, և պարտադիր չէ, որ արձագանքը միանգամից լինի»:
Նշենք նաև, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել էր, որ աշնանը, ավարտելով աշխատանքը, Հանրային խորհուրդը հասարակությանը և նախագահին կներկայացնի չորս տարվա գործունեության արդյունքները: Նա հույս էր հայտնել, որ այդ ժամանակ Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծն էլ արդեն կներկայացվի Ազգային ժողով:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հայտնել էր, որ Հանրային խորհուրդը բավականաչափ դժվարին ճանապարհ է անցել՝ ստեղծման պահից սկսած սուր քննադատության ենթարկվել. «Սակայն, ինչպես ասում են, որևէ լավ գործ առանց պարսավանքի չի մնում,- ասել էր երկրի ղեկավարը,- մենք պետք է սովորենք այս պայմաններում աշխատել: Ես կարծում եմ, որ մենք անցել ենք ճանապարհի այն հատվածը, որ պետք է անցնեինք միասին, և իրոք աշնանը ես արդեն պատրաստ եմ լինելու Ձեր նշած օրենքի նախագիծը քննարկելու»:
Հարություն Խաչատրյանը ժողովրդական արտիստի կոչում ստացավ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ինչպես նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
Ժողովրդական արտիստի`
Հարություն Ռուբենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ կինոռեժիսոր, «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ տնօրեն
Մշակույթի վաստակավոր գործչի՝
Սուսաննա Գեորգիի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ կինոգետ, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն:
Վարչապետը կմեկնի կարճաժամկետ արձակուրդ
Հանդիպում իտալական ընկերության ներկայացուցիչների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո» հոլդինգի և «Սուարդի Իտալիա» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:
«Տոտո» հոլդինգի փոխնախագահ Պաոլո Դոիսինին վարչապետին է ներկայացրել իր ղեկավարած ընկերության գործունեության ուղղությունները: Նա, մասնավորապես, նշել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է ճանապարհաշինության, էներգետիկայի, ավիացիայի և երկաթգծի ոլորտներում ու հետաքրքրված է հիշյալ ուղղություններով Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում:
Կառավարության ղեկավարը ողջունել է «Տոտո» հոլդինգի` մեր երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարարին մանրամասն տեղեկատվություն տրամադրել վերոնշյալ բնագավառներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև հանդիպումներ կազմակերպել այդ ոլորտների ներկայացուցիչների հե
Ամենաերկար տոլման յոթ մետր ութ սանտիմետր է. կայացավ տոլմայի ամենամյա փառատոնը
Ոսկե Ծիրանի և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում Սարդարապատում իրականացավ տոլմայի ամենամյա փառատոնը: Լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն երիտասարդ խոհարար ավանդույթ դարձած անվանակարգերի կողքին այս տարի մրցանակ շնորհվեց նաև ամենաերկար փաթաթված տոլման ներկայացրած տաղավարին: Տաղավարների մեծ մասը ուրույն տեղ էր հատկացրել հատկապես այս անվանակարգին: Կարին թոնրատան տաղավարի խոհարարը նախքան ժյուրիի ժամանումը մեզ հայտնեց, որ իրենց թփով տոլմայի երկարությունը յոթ մետր է, և այն չի վաճառվի, քանի դեռ ժյուրին չի գնահատել այն: Ինչպես վերջում պարզվեց, հենց այս տաղավարի տոլման էլ ճանաչվեց ամենաերկարը:
Տոլամայի համար այս տարի սահմանված էր սինվոլիկ գին: Որպես կանոն այդ թիվը չէր գերազանցում հարյուր դրամը: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը մեզ հայտնեց, որ այսուհետ բոլոր փառատոնները վճարովի կլինեն, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ այն, ինչն անվճար է, ցավոք, չի գնահատվում: Վաճառքից կուտակված գումարը կտրամադրվի Արմավիրի մարզի որևէ դպրոցի:
Փառատոնը ուղեկցվեց համերգային ծրագրով, իսկ ոսկե ծիրանի մասնակիցները և փառատոնի հյուրերը համտեսեցին բազմատեսակ տոլմաները: Տոլմայով հյուրասիրվեց նաև մի շնիկ, որ երկար շրջում էր տաղավարների մոտ:
Լարա Առաքելյան
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հուլիսի 11-ից 15-ը հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 15-ին` նույնքանով կբարձրանա:
Երևանում`
Հուլիսի 11-ից 15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.40C (1983 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.80C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.60C
Հայ-իտալական գործարար համաժողով Հռոմում
Հուլիսի 9-ին Հռոմում Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Իտալական ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողով:
Համաժողովին, որի կազմակերպիչներն էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, «Global Business Services»
Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում առկա բիզնես միջավայրը, Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները եւ հիմնական ոլորտները, ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային եւ մաքսային քաղաքականությունը, բիզնեսի զարգացման եւ ներդրումների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով կատարելագործվող իրավական դաշտը, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծված ազատ առեւտրի գոտիների համատեքստում բիզնեսի զարգացման հնարավորությունները:
Համաժողովի ընթացքում մասնակիցները տեղեկացվեցին հայաստանցի գործարարների հետ անմիջական կապեր հաստատելու նպատակով «Global Business Services»կազմակերպության նախաձեռնությամբ անցած տարվա սեպտեմբերից մեկնարկած իտալացի գործարարների` Հայաստան կազմակերպվող պարբերական բիզնես-առաքելությունների մասին:
Իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը անդրադարձավ հայ-իտալական տնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումներին` ընդգծելով միջազգային տնտեսական եւ վարկանիշային հեղինակավոր հաստատությունների ու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրվող գնահատականների դրական դինամիկան:
ՀՀ դեսպանը նաեւ կարեւորեց ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացումը, անդրադարձավ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ վարվող բանակցային գործընթացի ավարտական փուլին, ընդգծեց, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի նաեւ հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:
Փորձի փոխանակում՝ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների սոցիալական բաժինների միջև
Երևանի և Ստեփանակերտի միջև 2012-2014 թվականների համագործակցության ծրագրով հուլիսի 9-11-ը փորձի փոխանակման նպատակով Երևան են այցելել Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակիցները:
Վերապատրաստման եռօրյա դասընթացների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու սոցիալական աշխատանքի ժամանակակից մեթոդներին: Նախատեսվում են նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի մասնագետների այցելություններ Երևանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ, նոր ներդրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ, սոցիալական սպասարկման այլ կառույցներ։
Ծրագիրն իրականացվել է «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության աջակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի և եվրոպական երկրների առաջավոր փորձն ուսումնասիրած ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Դասընթացների ավարտին մասնակիցները մասնակցության հավաստագրեր կստանան։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի համար մշակվել է համակարգչային ծրագիր, որը թույլ կտա ծրագրային մոտեցմամբ ժամանակակից սոցիալական սպասարկում իրականացնել: Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետներն այդ նպատակով տեխնիկական և մասնագիտական աջակցություն կցուցաբերեն։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ավանդների փոխհատուցումը կիրականացվի շարունակական ծրագրերով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը ներկայումս բացակայում է: Առաջարկվող կատեգորիայի անձանց փոխհատուցում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախկինում ընդունված որոշումներով, իսկ 2013թ. մայիսի 23-ին ՀՀ ԱԺ-ի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության ծրագրի` սոցիալական քաղաքականության ոլորտի նախատեսումներով իրականացվում են ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրեր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրել է, որ սոցիալական բոլոր թիրախավորված խմբերը, այդ թվում` ազատամարտիկները, 2006թ. սահմանված առաջնահերթություններով, ստացել են իրենց ավանդների փոխհատուցումները: Այդ ընթացքում ավելի քան 60 հազար քաղաքացու վճարվել է շուրջ 10 մլրդ դրամի փոխհատուցում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առաջիկա երեք տարիների համար հստակեցնել խնայբանկի ավանդների փոխհատուցումների տրամադրման թիրախային խմբերը, կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրային առաջարկություններ, առաջնահերթ ուշադրություն դարձնելով Հայրենական պատերազմի դեռևս փոխհատուցում չստացած մասնակիցներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ազատամարտիկներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին:
Մեկ այլ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որ ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը, կառավարությունը նույնպես տվել է բացասական եզրակացություն` հիմնավորելով իր տեսակետը: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարել է նախատեսված ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Մեկ ուրիշ որոշմամբ գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նախկինում գործող հայեցակարգը:
Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքի սողանքային գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով որպես անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվել է 49 մլն 840 հազար դրամ:
Պահանջները խստացվում են
Փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել 2013թ. ապրիլի 18-ի թիվ 372-Ն որոշման 2-րդ կետը, որ վերաբերում է ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այդ ձեռնարկությունների կողմից օրենքի պահանջը կատարելու, բացթողումները շտկելու անհրաժեշտությունը, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել հրապարակային դարձնել գործառույթները: «Եկել է պահը, որ մենք պետք է կիրառենք այդ ձեռնարկությունների նկատմամբ օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Առաջին հերթին, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ ձեռնարկությունները չեն կատարում օրենքի պահանջը և իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ, և հանրությունն էլ պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները պրոբլեմներ ունեն ֆինանսական հաշվետվությունների հետ կապված», -ասել է վարչապետը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը լրացումներ է կատարել պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների բնութագիրը և առավելագույն գները հաստատող որոշման մեջ, նորացնելով որոշ ապրանքատեսակների ցանկը և սահմանելով լայնամասշտաբ կիրառվող ապրանքատեսակների առավելագույն գները:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործառույթները կատարելու, մասնավորապես դիտարկման ընթացքում մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով հսկիչ գնումներ կատարելու հնարավորություն ունենալու համար կառավարությունը որոշել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ընդգրկել նման լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկում:
ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել «Հայասի Գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ավարտել վերամշակման աշխատանքները, կայունացնել ընկերության ֆինանսական վիճակը և պահպանել ստեղծված աշխատատեղերը:
Կառավարությունը սահմանել է ՀՀ պետական մարմինների կողմից ՀՀ մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը, ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 2001 թ.հունվարի 13-ի թիվ 20 որոշումը: Փոփոխություն կատարելով 2013թ. փետրվարի 7-ի թիվ 84 որոշման մեջ, մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռք բերման աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված վարկի վերադարձման ժամկետը երկարաձգվել է մինչև 2013թ. հուլիսի 30-ը:
Ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության հետևանքները գնահատելու և պետական լիազոր մարմնի իրավասությունները ամրագրելու նպատակով գործադիրը համապատասխան փոփոխություններ է կատարել «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» 2003թ. օգոստոսի 14-ի թիվ 1110-Ն որոշման մեջ: Բնապահպանության նախարարության ուշադրությունը հրավիրելով տնտեսվարող սուբյեկտների հանդեպ խստագույն վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության վրա` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Հիմա մենք նաև մի մեծ գործընթաց ենք սկսել Արարատյան դաշտավայրում ջրերի արդյունավետ օգտագործումն ապահովելու առումով և ստանում ենք ահազանգեր բնապահպանական տարբեր կազմակերպություններից, որ Արարատյան դաշտավայրում ստեղծվել է շատ լարված իրավիճակ: Եվ համայնքները դիմում են մեզ` նկարագրելով, որ իրենք զրկվում են և խմելու ջրից և ոռոգման ջրից այն պատճառով, որ խորքային ջրերի մակարդակը նվազում է: Մենք այստեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն ունենք: Ես ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, հարգելի գործընկերներ, որ երկու խորհրդակցություն է տեղի ունեցել ինձ մոտ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մենք ստեղծել ենք միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետի գլխավորությամբ: Հանձնաժողովը մեզ պետք է ներկայացնի երկարաժամկետ, կարճաժամկետ, միջնաժամկետ միջոցառումների ծրագիր, որպեսզի մենք անհապաղ այս բնագավառում կարգուկանոն հաստատենք: Մասնավորապես խոսքը գնում է խորքային հորերի մասին, որոնք անօրինական ձևով են իրականացվել, և այսօր մենք ունենք ջրի մեծ գերածախս, և դա կարող է Արարատյան դաշտավայրում ուղղղակի աղետալի իրավիճակ ստեղծել, որովհետև մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որոնք վաղը նույնպես կանգնելու են պրոբլեմի առջև, ջրային ռեսուրսներ չեն լինելու, որպեսզի նրանք իրենց տնտեսությունները կարողանան զարգացնել: Միևնույն ժամանակ մենք ունենք շուրջ 700 անօրինական հորեր, որոնք այսօր գործում են, և այս խնդիրը պետք է հրատապ լուծենք և այս բնագավառում կարգուկանոն հաստատենք»:
«Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ֆինանսական կենսունակության ապահովման նպատակով կառավարությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ազատել է վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից:
Նկատի ունենալով, որ կրթական, գիտական և գիտատեխնիկական ոլորտների համար ՀՀ գործող հարկային օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված է հարկային արտոնությունների բավական լայն շրջանակ, կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությամբ նախատեսված` նոր հարկային արտոնությունների տրամադրում նախատեսող դրույթները:
Սոցիալական փաթեթի հանգստի գումարը կփոխանցվի միանվագ
Կառավարությունը փոփոխություններ է կատարել Սոցիալական փաթեթի հատկացման կարգի վերաբերյալ 2012թ. դեկտեմբերի 27-ի որոշման մեջ, ինչը պայմանավորված է սոցիալական փաթեթի գումարների միանվագ փոխանցման անհրաժեշտությամբ` աշխատողի հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում: Այսպիսով հանգստի ծառայությունների համար միանվագ փոխանցում իրականացնելու հնարավորությամբ կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ: Կարևորելով պետական ծառայողների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կազմակերպելու հնարավորությունը, վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնել տուրիստական փաթեթի գների նկատմամբ, որպեսզի տուրօպերատորները չխախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները և չներկայացնեն առողջապահական և տուրիստական համալիրների գները գերազանցող առաջարկներ:«Եթե այս սկզբունքը մենք ապահովենք, ապա ես համոզված եմ, որ տարեցտարի մեր հանրապետական տուրիզմն ավելի մեծ թափով կզարգանա»,-ասել է վարչապետը:
ՀՀ կառավարությունը, փոփոխություններ կատարելով իր նախկինում ընդունած երեք որոշումներում, «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» հաստատություններին թույլատրել է գործել որպես ինքնուրույն պետական ոչ առևտրային կազմակերպություններ, աննպատակահարմար համարելով նրանց վերակազմավորումը, համապատասխանաբար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կազմում:
Հաշվի առնելով, որ Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծին համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքները դեռևս չեն ավարտվել, կառավարությունն իր 2012թ. մայիսի 31-ի արձանագրային որոշմամբ սահմանված ժամկետն ավելացրել է վեց ամսով, նախատեսված աշխատանքները լիարժեք և պատշաճ իրականացնելու համար, ինչը զբոսաշրջային այցելությունների թվի աճի, եկամտի ավելացման և աշխատատեղերի ստեղծման հավելյալ հնարավորություն կստեղծի:
Կառավարության համապատասխան որոշմամբ «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել, միացվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին:
Հիմք ընդունելով «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, կառավարությունը սահմանել է կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության և հետազոտության իրականացման կարգը:
Այլ հարցեր
Գործադիրը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության շենքերից զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող, այդ թվում ազգային փոքրամասնություններին ներկայացնող մի շարք կազմակերպությունների, հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է համապատասխան տարածքներ:
Կառավարությունը հաստատել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին ՀՀ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը նվիրաբերելու կարգը:
Կառավարությունը թույլատրել է պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 6/2 հասցեում և Ալավերդի քաղաքի Ջրավազանի 60 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել մրցույթով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով կայացրած վճռի պահանջները բավարարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է երեք հազար վեց հարյուր եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ ընտրական օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների համաձայն վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Կարմրաքարի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները և անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի ընտրություն:
«Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառավարությունը թույլատրել է մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ սահմանված անվանումներով և քանակով:
ՀՀ կառավարության որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ:




