Պետք է մեծացնել պետբյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը

10529_am_8Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը, խնդիր, որի վերաբերյալ 2012 թ. սեպտեմբերի 15-ի խորհրդակցության ժամանակ ելույթ էր ունեցել ՀՀ նախագահը։
Այնուհետև կառավարությունում քննության է առնվել գյուղատնտեսական մթերքների մթերման ընթացքը։
Հաստատելով նիստի օրակարգը` կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է։ Ծրագիրը կծառայի ՀՀ 2014 թ. պետբյուջեի նախագծի մշակման հիմք, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և հանրության համար ընկալելի կդարձնի կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը։

 Սահմանվում է «Պալիատիվ բժշկական օգնություն» հասկացությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հստակ կսահմանվի «Պալիատիվ բժշկական օգնություն» հասկացությունը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարին լիազորություն կվերապահվի սահմանելու պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչները։
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հուլիսի 5-ը` ՀՀ սահմանադրության օրը, նշել նաև որպես պետական խորհրդանիշների` զինանշանի, դրոշի, օրհներգի օր։
Նիստում քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը։ Նրանք առաջարկում են, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգքրի 242-րդ հոդվածում որպես ծանրացնող հանգամանք նախատեսել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելն ալկոհոլի, թմրամիջոցի կամ թմրեցնող այլ նյութի ազդեցությամբ։ Կառավարությունն առաջարկել է խմբագրական մի շարք փոփոխություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
Օրենսդրական երկու նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, երկուսում էլ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխություններից մեկը վերաբերում է ԱԱՀ գանձումը ՀՀ մաքսային սահմանին 90 օրով հետաձգելուն, մյուսով առաջարկվում է ԱԱՀ վճարումը երեք տարով հետաձգել ոչ թե 300, այլ 200 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի դեպքում։ Կառավարությունը երկու նախագծերի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն` հանգամանորեն հիմնավորելով իր տեսակետը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության պատկերացումներին` ավելացված արժեքի հարկը սահմանից տեղափոխել ներքին տնտեսություն։ «Մենք պետք է տեղյակ պահենք մեր տնտեսվարող սուբյեկտներին, որ այս հարցը գտնվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունների օրակարգում, – հավելել է վարչապետը։ -Հարցի լուծման գաղտնիքն այն է, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ, որովհետև այն պահից, երբ մենք սահմանին չենք գանձում ԱԱՀ-ն, մինչև այն պահը, երբ կարող ենք տնտեսությունից այդ հարկը հավաքել, կարող է անցնել 1-3 տարի։ Բայց միանգամից մենք 90 մլրդ եկամուտ չենք կարող հավաքել։ Դրա համար քաղաքական առումով առաջարկը ճիշտ է, և դա բխում է նաև կառավարության ռազմավարությունից, և մենք պետք է տարիների ընթացքում քայլ առ քայլ այս խնդիրը լուծենք։ Այս պահին մենք առաջարկը մերժում ենք, որովհետև ակնհայտ է, որ ֆինանսական ճեղքվածք է առաջանում, և մենք ծածկելու աղբյուրը դեռևս չունենք, բայց ապագայում նաև պատգամավորի հետ միասին կաշխատենք, որպեսզի մեր հայեցակարգը ներդնենք»։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

 Կայանում է ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի և պետական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգման մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրերը, ստուգման ստուգաթերթերի լրացումները, որոնք հնարավորություն կտան վերլուծել և գնահատել վերահսկման ենթակա կազմակերպությունները, ձևավորել տվյալների բազա, մշակել և ներդնել ստուգման առավել արդյունավետ մեխանիզմներ. ՀՀ էկոնոմիկայի նախարարը վարչապետ Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ մինչև սեպտեմբեր բոլոր գերատեսչությունները հնարավորություն կունենան տեսչական ստուգումներն անցկացնել արդեն ռիսկի վրա հիմնված սկզբունքով և կունենան կառավարության կողմից հաստատված ստուգաթերթիկները, որոնք հասանելի կլինեն նաև ստուգողներին,
– պատրաստի արտադրանքի, ապրանքի մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը. մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում ԱԱՀ վճարողից տուգանք է գանձվում պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով,
– պիտանելիության ժամկետում չիրացված` դրոշմավորված ապրանքի դուրսգրման կարգը,
– դեղ ներմուծող, արտահանող և դեղագործական գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր պահանջների և պայմանների ապահովման` ռիսկի վրա հիմնված ստուգման ստուգաթերթերը։
Գործադիրը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը։

 Առաջնայինը ներդրումների ներգրավումն է

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ «Այլընտրանքային էներգիա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013 թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. հուլիսի 20-ը։ Կոտայքի մարզում կառուցվող 5 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը նախատեսում է իրականացնել ավելի քան 2 մլրդ դրամի ներդրում։ Դրա շնորհիվ կգործարկվեն հոլանդական արտադրության ժամանակակից սարքավորումներ, որոնցով նախատեսվում է տարեկան թողարկել շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք. դրա գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան։ Ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 100 աշխատատեղ` 80-90 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Հաջորդ որոշմամբ գործադիրը «Արմենիա թի վի» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել է մինչև 2015 թ. օգոստոսի 2-ը` ընկերությանը հնարավորություն տալով ներմուծված երեք թվային ընդունիչի միջոցով իրականացնել բարձրորակ հեռարձակում։
Իր նիստում կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 հազար 200 մետր երկարությամբ խողովակաշարով վճարել պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Այսպիսով, համակարգում չգործող գույքը կվաճառվի` նպաստելով առկա գույքային միավորների առավել արդյունավետ օգտագործմանը, այլ ոլորտների գործունեության ակտիվության բարձրացմանը։ Նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում», «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն», «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» և «Ատոմսերվիս» ՓԲԸ-ներին թույլատրվել է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ընդունել անգլերեն և ռուսերեն ներքին իրավական ակտեր, որոնցով կապահովվեն ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ու անվտանգության բարձրացումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) հրապարակի անվտանգության պահանջները` անգլերեն։

Շինարարության ժամկետները կպահպանվեն

Գործադիրը նախկինում ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ ապահովել է Վայոց ձորի մարզի Ելփին, Արարատի մարզի Վարդաշեն գյուղերի դպրոցների հիմնանորոգման և կառուցման, Շիրակի մարզի Մարալիկի 9 բազմաբնակարան կիսակառույց շենքի շինարարության ավարտի աշխատանքների կատարումը։ Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Գեղարքունիքի մարզպետին հանձնարարել սույն որոշման համաձայն նախատեսված 59.5 մլն դրամով ավարտել մարզի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունը։ Նույն ընթացակարգով Կոտայքի մարզպետին թույլատրվել է Չարենցավանի N5 դպրոցի շենքի հիմնանորոգման ժամանակ տնտեսված ավելի քան 30 մլն դրամն իրացնել Պռոշյան համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգման նպատակով։ Կառավարությունն ընդունել է գնման գործընթացի կազմակերպման որոշում, որը վերաբերում է Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի մասնաշենքերի վերակառուցման հրատապ խնդրին և ենթադրում է դպրոցի հիմնանորոգման աշխատանքի կատարման պետգնման ծավալաթերթի փոփոխություն։ Մեկ այլ որոշմամբ վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունն ավելի քան 93 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով նախատեսված օբյեկտների վերակառուցման մրցունակ շինարարական արտադրանքի ձեռքբերման, նորակառույց օբյեկտների շահագործման նպատակով։
ՀՀ 2013 թ. պետբյուջեի ևս մեկ վերաբաշխմամբ և իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ և լրացմամբ գործադիրը նախատեսել է ապահովել հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների անցանելիությունը և երթևեկության անվտանգությունը։ Խոսքը վերաբերում է 2012 թ. դեկտեմբերի վերջից երկրի նախալեռնային և լեռնային շրջաններում տեղացած ձյան և ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով առաջացած ճանապարհածածկի քայքայմանը և փոսայնության շեշտակի մեծացմանը։ Հիմնանորոգման համար տրամադրվել է մոտ 1 մլրդ դրամ, որից ավելի քան 230 միլիոնն առաջացած տնտեսման հաշվին է։

Այլ որոշումներ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երրորդ փուլի իրականացման համար գործադիրը ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ հատկացրել է 1 մլն դրամ։
Գործադիրն իր որոշմամբ ճանաչել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները։
Կառավարությունը Երևանում բնակվող անհատ ձեռնարկատեր Ռասթքար Էբրահիմխալիլին երեք տարի գործողության ժամկետով տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր։
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2014 թ. աշնանային զորակոչը տարկետում է տրվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Նարեկ Թովմասյանին։ Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձել է նրա հաջողությանը. «Նարեկ Արամի Թովմասյանն ընդունվել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը` Սթենֆորդի համալսարան։ Ավարտել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի դպրոցը։ Ես կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք շատ լավ ենք զգում, երբ մեր համայնքային դպրոցն ավարտած տաղանդաշատ երիտասարդն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը` համակարգչային տեխնիկայի մասնագիտությամբ։ Ընդհանրապես մեր դպրոցների տնօրենները մրցակցում են իրար հետ, թե շրջանավարտների քանի տոկոսն է ընդունվում բուհեր»։ Դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարարին` վարչապետն անհրաժեշտ է համարել պարզել, թե այն 170 ուսանողները, որ այսօր սովորում են աշխարհի լավագույն 10 համալսարաններում, որ դպրոցներն են ավարտել, որովհետև նրանց ուսուցիչները խրախուսման արժանի են։ «Դա, ինձ թվում է, դրական երևույթ է, երբ դպրոցներն իրար հետ մրցակցում են, թե իրենց երեխաներից քանիսն են ընդունվում բուհեր, և որ բուհերն են ընդունվում։ Ես շատ լավ եմ ինձ զգում, երբ Գեղարքունիքի մարզի փոքրիկ համայնքային դպրոցի շրջանավարտն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարան։ Շնորհակալություն», – եզրափակել է Տիգրան Սարգսյանը։

 

Աշոտյանը հեռացրեց ԲՈՀ-ի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից

Ղուկասյան, ԱշոտյանՔիչ առաջ «Անկախ»-ին հայտնի դարձավ, որ Քաղծառայության խորհուրդը որոշել է համաձայնություն տալ ԿԳՆ աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ ծառայողական պարտականությունն անհարգելի պատճառով չկատարելու համար կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու վերաբերյալ:

Արտուշ Ղուկասյանն  «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ դրանից րոպեներ անց նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրվել է երկրորդ խիստ նկատողությունը, ինչը հիմք կհանդիսանա իրեն աշխատանքից ազատելու: Իսկ ավելի ուշ արդեն հայտնեց, որ Աշոտյանն ազատման հրաման է տվել:

Ղուկասյանը Քաղծառայության խորհրդի կողմից քննությունն օբյեկտիվ չի համարում: «Ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու պատճառով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի հանձնարարականը չկատարելու համար իմ նկատմամբ կիրառվեց «խիստ նկատողություն» կարգապահական տույժ,-հիշեցնում է նա նախարարի մայիսի 24-ի հրամանը` նշելով, սակայն, որ այդ հանձնարարականի պահանջները կատարվել են դեռևս ապրիլի 29-ին,-այսինքն` մայիսի 7-ի հետ կապված որևէ խնդիր չկա և սրա համար 2 անգամ նկատողություն տալ` այն էլ ետին թվով, սա արդեն ուրիշ բան է նշանակում»:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը Ղուկասյանին երկրորդ նկատողություն հայտնելու վերաբերյալ Քաղծառայության խորհրդի համաձայնությունը ստանալու համար խորհուրդ էր դիմել մեկ այլ հանձնարարական չկատարելու համար, ինչի առթիվ էլ քաղծառայության խորհուրդը ծառայողական վարույթ էր իրականացրել, սակայն նախարարի այսօրվա հրամանի հիմքը վերաբերում է առաջին նկատողությանը: «Հրամանի մեջ երկրորդի մասին որևէ խոսք չկա: Ստացվում է, որ մեկ հանձնարարականի վերաբերյալ երկու խիստ նկատողություն է տրվել, ինչը քաղծառայության մասին օրենքի խախտում է: Սա Էլեմենտար ժուլիկություն է»,-ասաց Ղուկասյանը:

Նա հայտնեց, որ կփորձի իր իրավունքները պաշտպանել դատական կարգով:

Քաղծառայության խորհրդի նախագահի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ խորհուրդը խիստ նկատողության վերաբերյալ իր համաձայնությունը տվել է, քանի որ ծառայողական քննության արդյունքները ցույց են տվել , որ նման տույժ կիրառելու համար առկա են բավարար հիմքեր: Նա նաև ընգծեց, որ ծառայողական քննությունը իրականացել է միայն երկրորդ նկատողության մասով: «Համակողմանի, լուրջ ծառայողական քննություն է անցկացվել և Ղուկասյանին սահմանված կարգով ներկայացվել են քննության ընթացքում առկա բոլոր նյութերը»,-ասաց նա:

Երբ զանգահարեցինք Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանին, որպեսզի վերջինս պաշտոնապես հաստատի նախարարի այօսրվա հրամանը, նա զարմացավ. «Քաղծառայության խորհրդում ծառայողական քննությունն ավարտվե՞լ է»:

Նա ոչ տեղյակ էր Քաղծառայության խորհրդի որոշումից, ոչ էլ նախարարի այսօրվա հրամանից…

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին` հանձնարարականները թերի կատարելու համար,  ապա դիմել էր Քաղծառայության խորհուրդ՝ Ղուկասյանին 2-րդ նկատողություն հայտարարելու համաձայնություն ստանալու համար, ինչը հիմք կդառնա նրան աշխատանքից ազատելու: Իր հերթին Քաղծառայության խորհուրդ էր դիմել նաեւ ԲՈՀ-ի նախագահը` նախարարի նկատողության իրավաչափությունը պարզելու խնդրանքով:

Մենիշխանության հետևանքներն արդեն ի հայտ են գալիս

Երվանդ ԲոզոյանՀետաքրքիր երևույթներ են դիտարկվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, եթե նայում ենք վերջին շրջանում ծայր առած ներիշխանական «ինտրիգներին»: Մասնավորապես` կառավարություն –Վերահսկիչ պալատ «փոխհրաձգությունը» իշխանության ներսում` ամենավերին օղակներում առկա հակասությունների մասին  է վկայում:

 Իշխանական մոնոլիտի առաջին ճաքերը երևացին 

Ըստ էության, քաղաքական տեսանկյունից Վերահսկիչ պալատի (ՎՊ) հաշվետվությունը շատ չէր տարբերվում նախագահի` մոտ 9 ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթից: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ խոշոր չափերի են հասնում ատկատները, օրինակ բերեց Վազգեն Խաչիկյանի ոլորտը և նշեց, որ այդ ամենը պետք է փոխել: Այլ կերպ ասած` Իշխան  Զաքարյանի հաշվետվությունն «ուրվագծվել» է դեռ 2012 թվականին: Իշխան Զաքարյանը ներկայացրեց  բյուջեի ծախսային մասը` բոլոր ուղղություններով, ինչն աղմուկ բարձրացրեց միայն այն ժամանակ, երբ  նա իր ելույթում որոշ կարծիք-գնահատականներ հնչեցրեց ու ասաց, որ բյուջեի մոտ 70 տոկոսը ռիսկային տիրույթում է: Սա, բնականաբար, չէր կարող դուր գալ գործադիր իշխանության ներկայացուցիչներին, ուստի դրանից հետո` կառավարության նիստի ժամանակ, համապատասխան քաղաքական հայտարարություններով հանդես եկավ նաև Վարչապետ Տիգրան Սարգսյանը

«Ամեն անգամ, երբ քննարկվում է, թե բյուջեն ինչքան պետք է լինի, վեճ է առաջանում. դա հավերժ վեճ է գործարար շրջանակների ու պաշտոնյաների միջև: …Այդ վեճն այսօր արտահայտվում է այն լուռ հակամարտությամբ, որ ներկայացնում են Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, ներկայացնում է այն շրջանակների շահերը, որոնք այսօր դժգոհ են տնտեսական քաղաքականությունից: Փոխարենը կառավարությունն արդյունավետ չի աշխատում, և իր ծախսերն այդ իմաստով, նպատակային չեն: Ու Իշխան Զաքարյանի հաշվետվությունը հենց առիթ դարձավ, որ այդ վեճը դառնա հրապարակային: Այդ հրապարակային վեճը շոկ առաջացրեց հասարակության մեջ, և նախագահն իր վերջին խորհրդակցության ժամանակ հնչեցրած խոսքում դե ֆակտո մեղադրեց այն շրջանակներին, որոնք այդ վեճը հրապարակայնացրեցին»,- ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Ներիշխանական հակասությունների պրոցեսը շատ ավելի շուտվանից կար, ես ուղղակի նշեցի, որ քանի որ այն ժամանակ կար քաղաքական իշխանություն, ընդդիմություն` այլընտրանք, ներիշխանական այդ պայքարը թաքնված էր: Այսինքն` նրանք  ամեն կերպ փորձում էին այդ հակասությունը հրապարակային չդարձնել: Այսինքն` ներկուլիսային` կաբինետային պայքար էր ընթանում: Բայց քանի որ ընտրություններն անցան, քաղաքական ուժերին  չհաջողվեց հաջողության հասնել, այդ  քաղաքական` ներիշխանական պայքարն արդեն բացահայտ է դառնում»,- նշեց Երվանդ Բոզոյանը:

Քանի որ նախկինում կար քաղաքական ակտիվ պայքար` արտաքին ճնշում, այդ պայքարի պայմաններում իշխանության ներսում կար ներքին պայմանավորվածություն, որ իրենք իրենց շահերի բախումը փակ են պահում, հրապարակային չեն դարձնում: Հիմա, երբ այդ արտաքին ճնշումը` իշխանության համար մրցակցությունը չկա, ինչպես ներկայացրել ու նշել ենք բազմիցս, իշխանության լծակների` քաղաքական որոշումների կայացման համար պայքարը, բնականաբար, պետք է տեղափոխվեր ներիշխանական մակարդակ:

 Գիտության փորձն անտեսել  չի կարելի

Լեւոն ՇիրինյանԵրբ վերջին մեկ տարվա ընտրությունների արդյունքում, հետևելով իշխող քաղաքական ուժի վարքագծին, բոլորը նշում էին, որ դա լավ տեղ չի տանում, որ անընդդիմադիր քաղաքական գործընթացները հանգեցնում են սեփական քաղաքական մոնոլիտ կառույցի քանդման, հենց այսօրվա կառավարություն-ՎՊ-ԱԺ մակարդակում  ընթացող «փոխհրաձգության» մասին էին ասում:

«Այս ամենը տեղափոխվեց իշխանական վերին օղակներ` պալատներ, որ անթույլատրելի է, նույնիսկ իշխող կուսակցության հեռուն գնացող շահերի տեսանկյունից: Բայց քանի որ գիտենք` իշխող կուսակցություններն ավելի շատ շահերի խմբեր են, քան քաղաքական կառույցներ, առաջացավ մի վիճակ, երբ այն հակասությունները, որոնք պետք է լուծվեին և՛ խորհրդարանում, և՛ հրապարակում, և՛ իրար նկատմամբ կոնսենսուսով, տեղի չունեցավ, և ամբողջ  ինտրիգը տեղափոխվեց պալատներ: Երբ տապալվեց քաղաքական գործընթացը, երբ հետևողականորեն տապալվեց ընդդիմության չկազմակերպվածության պարագայում, և իշխանությունը չունեցավ ռեալ հակառակորդ, իր պատկերացմամբ «տիրեց», այդ խոցը տեղափոխվեց վերին` օլիգարխիկ շրջանակներ: Անթույլատրելի է մասնավոր սեփականության, մանավանդ մեզ մոտ առաջացած վիճակներում միակուսակցական մենատիրությունը, ինչը, ըստ էության, հաստատեց ՀՀԿ-ն: Սա ՀՀԿ-ի պյուռոսյան հաղթանակի արդյունքն է: Եվ նաև Հայաստանի տնտեսական, քաղաքական վիճակի արդյունքն է»,- ասաց քաղաքական գիտություների դոկտոր Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը խոսեց նաև Հայաստանում ձևավորված  ուրույն քաղաքական մշակույթի մասին, որը նա ինտրիգ է անվանում:: Ինտրիգ` ոչ թե օտարի դեմ, այլ սեփական շարքերում, սեփական խմբավորումների միջև: Եվ կարծում է, որ այս իրավիճակում նախագահը պետք է ռեֆորմների լայն ծրագիր հռչակի ու փորձի իրականացնել:

Այսուհանդերձ նշենք, որ եթե  նախագահը  դեռ կարողանում է գործընթացները, թեկուզ ներքին ինտրիգները վերահսկողության տակ պահել, ապա դա անում է արտաքին վտանգի սպառնալիքի ազդեցության տակ:

«Պետք է հաշվի առնել, որ քաղաքականության մեջ միշտ կան իռացիոնալն ու անհայտը… Իսկ ո՞վ ասաց, որ թվացյալ գերհզոր իշխանությունը վաղը չի կարող լինել անկայուն ու ոչ հզոր: Այնպես որ, սրանից իշխանությունը պետք է զգուշանա: Լավ կլինի, որ օգնեն կազմակերպել բազմակուսակցական համակարգ. սա է բնական մեխանիզմը»,- պարզաբանեց  Լևոն Շիրինյանը:

Աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում է արագ փոփոխության պայմաններում որոշում կայացնել, Հայաստանը կազմակերպված ձևով տանել դեպի արդիականացում: Որովհետև, քանի որ ներքևում շարժում չկա, ինտրիգն անընդհատ թափառելու է վերևում:

 

Վերահսկիչ պալատն անդրադարձել է նախարարների ասուլիսներին

իշխան-զաքարյան1ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերին, 2012 թվականի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկված կառույցի ղեկավարների, ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության կապակցությամբ արված մամուլի ասուլիսների արդյունքների վերաբերյալ, որոշ լրատվամիջոցներով կարծիք է հնչել, որ վերահսկվող օբյեկտների մոտ առկա են բազմաթիվ առարկություններ և անհամաձայնություններ:
Այդ կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը տեղեկացնում է.
2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանում իրականացված վերահսկողության արդյունքների հաստատումից մեկ ամսվա ընթացքում վերահսկվող օբյեկտների, /բացառությամբ` Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի/, բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես ՀՀ վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց (տե՛ս www.e-gov.am):
Իսկ ինչ վերաբերվում է մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` “բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թալանվում և լափվում է” հայտարարությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ո՛չ արձանագրություններում, ո՛չ ընթացիկ հաշվետվություններում, և ո՛չ էլ տարեկան հաշվետվությունում այդպիսի արտահայտություն, պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում (տե՛ս www.parliament.am)»:

Վայոց ձորի մարզում անձրևաջրերից վնասվել են շինություններ

անձրևՀուլիսի 4-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ  հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Մոզրովի գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են 4-րդ փողոցի թիվ 3 տան նկուղը և տանը կից օժանդակ շինությունները (պատկանում է Ա. Հարությունյանին), 5-րդ փողոցի թիվ 8 տան ննջասենյակը, ինչի հետևանքով վնասվել է առաստաղի երեսպատումը՝  6 քմ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար:

Ֆրանսիայի արևմուտքում բացվել է Լուի դը Ֆյունեսի թանգարանը

bb_horizontal_bigger19934714Ֆյունեսի հարազատ Սելյե գյուղում տեղաբնակների խնդրանքով վերջերս բացվել է հայտնի կատակերգակ դերասանի թանգարանը: Սելյեում է նա ապրել մինչև կյանքի վերջ` պաշտելի Կլերմոն տանը, դրա համար էլ  ցուցանմուշները նվիրված են ոչ միայն դերասանի կինեմատոգրաֆիական գործունեությանը, այլև` առօրյա կյանքին: Թանգարանում կներկայացվեն նաև Ֆյունեսի ծանոթների ու հարևանների հետ հարցազրույցների տեսագրույունները: Բոլորը կարող են տեսնել, թե որտեղ էր սիրում զբոսնել դերասանը: Այդ երթուղին ստացել է “Լուիի հետքերով” անունը: Թանգարանում  նախատեսում են նաև նրա մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրություն կազմակերպել:

Սիրելի դերասանը խաղացել է ավելի քան 130 ֆիլմում:

Դերասանը կինոյից հեռացել է 2 սրտի կաթվածից հետո: Կլերմոյում զբաղվել է վարդերի աճեցմամբ: Ծաղկի մի տարատեսակը նրա անունով է կոչվել: Ֆյունեսը մահացավ սրտի 3-րդ կաթվածից` 1983-ի հունվարի 28-ին:

Ինքնասպանության փորձը կանխվել է

փրկարարԱվելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 4-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Եղեգնաձոր-Վայք ճանապարհի 8-րդ կմ-ում ոստիկանության աշխատակիցների բանակցությունների արդյունքում կանխել է 1976 թ. ծնված Ա. Մանուկյանի ինքնասպանության փորձը:

Կայացավ Գրեմիի մրցանակակիր Հայկ Բոյաջյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը

հայկ բոյաջյանՀուլիսի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում կայացավ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը:

Համերգին իր ներկայությամբ պատվել էր կոմպոզիտորը:

Համերգի ընթացքում հնչեցին կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի ստեղծագործություններ`  «Կանտիկլ N2» թավջութակի և դաշնամուրի համար (պրեմիերա), նվիրված «Արս լունգա» դուետին, կատարեց «Արս լունգա» դուետը (Ջուլիետա Վարդանյան-դաշնամուր, Արամ Թալալյան-թավջութակ), «32 վարիացիա Բախի թեմայով» դաշնամուրի համար (պրեմիերա), կատարեց Ջուլիետա Վարդանյանը, «Քաղաքավարության կանոններ» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Լեոն Դամասի), կատարեցին` Գայանե Գեղամյանը (սոպրանո), Աննա Ճուղուրյանը (դաշնամուր), «Հայկական կանտիկլ» դաշնամուրի համար (հայաստանյան պրեմիերա), կատարեց Արմեն-Լևոն Մանասերյանը (դաշնամուր), լարային կվարտետ N2 «Ազատ» (հայաստանյան պրեմիերա), կատարեց «Թալալյան» կվարտետը, Թերեզա Նաչարյան (1 ջութակ), Ռիմա Միրզոյան, (2 ջութակ), Յանա Դարյան (ալտ),Արամ Թալալյան, (թավջութակ):

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում հունիսի 26-հուլիսի 23-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք (փառատոնի ծրագիրը կցված է մամուլի հաղորդագրությանը, 2-րդ էջում):

Հայկ Բոյաջյանը Գրեմիիի մրցանակակիր  մրցանակակիր կոմպոզիտոր է: Ծնվել է 1938 թվականին, Փարիզում: Փոքր տարիքում գաղթել է Բուենոս Այրես, Արգենտինա, որտեղ սովորել է Լիստի կոնսերվատորիայում: 1958 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: Ներկայում ապրում է Լեքսինգթոնում, Մասաչուսեթս: ԱՄՆ-ում երաժշտական ուսումը շարունակել է որպես հատուկ ուսանող` Նոր Անգլիայի կոնսերվատորիայում, ապա` Բրանդեյս համալսարանում: Ուսուցիչներից են` Բ. Բալցին, Ս.Շիֆրինը, Ա.Լուսիերը և  Է.Քոհենը:

Բոյաջյանը Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է, ASCAP միության անդամ, Մաք Դոուել Քոլոնիի անդամ և այլն: Գրեմիի մրցանակի է արժանացել Դաշնամուրային երրորդ սոնատի համար: մրցանակներ է ստացել ASCAP-ից, Լեքսինգթոնի արվեստի խորհրդից և այլն:

Գրել է տարբեր ժանրերում` կամերայինից մինչև սիմֆոնիկ: Ստեղծագործություններից շատերը կատարվել են աշխարհի բազմաթիվ երկրներում և ձայնագրվել են հայտնի ստուդիաներում: Երաժշտական ստեղծագործությունների  և բանաստեղծությունների մի մասը հրատարակվել են:Ստեղծագործություններն ընդգրկում են դաշնամուրային, երգեհոնային պիեսներ, ձայնի և դաշնամուրի համար, երգչախմբի  համար գրված գործեր, կամերային գործեր` փայտյա փողային, պղնձյա փողային, լարային գործիքների տարբեր համակցություններով, սիմֆոնիկ ստեղծագործություններ` սիմֆոնիաներ, նախերգանք, օրատորիա և այլն:

Արհեստավորը չվերջացնելով աշխատանքը՝ տնից գողություն է կատարել

ձերբակալելՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մ. Խորենացու փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ արհեստավոր է հրավիրել իր տուն, որը չվերջացնելով աշխատանքը՝ տնից գողացել է իր պայուսակը:
 Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ իր տան սանհանգույցը վերանորոգող ոմն Վարդան կեսօրին մոտ իր բնակարանի խոհանոցից գողացել է պայուսակ, որի մեջ եղել է իր անձնագիրը, բնակարանի բանալիները, հարդարանքի պարագաներ, փաստաթղթեր և 2 դրամապանակ՝ կանխիկ գումարով` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
 Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 1961 թ. ծնված Վարդան Ա.-ն է, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:

 

Պատահար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. «Լենդ Ռովեր»-ը շրջվել է

ապակիՀուլիսի 3-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սպիտակի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երկաթգծի Հրազդան-Չարենցավան հատվածում էլեկտրաքարշը հարվածել է 73-ամյա կնոջ

երկաթգիծ-վթարՀուլիսի 3-ին, ժամը 11.20-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Չարենցավան» կայարանի մեքենավար Վարդան Ե.-ի վարած էլեկտրաքարշը Հրազդան-Չարենցավան հատվածում հարվածել է 73-ամյա Ջուլիետա Բ.-ին, որն այդ պահին փորձում էր անցնել երկաթգիծը:
Կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

«Օպել Աստրա»-ն Կարբի գյուղում բախվել է «ԳԱԶԵԼ»-ի

ավտովթարՀուլիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Կարբի գյուղում բախվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Բակ մտնելիս վարորդը մահացու վրաերթի է ենթարկել մորը

վրաերթՀուլիսի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում, իր առանձնատան բակ մտնելիս, 1957 թ. ծնված Սամվել Բ.-ն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մորը` 1928 թ. ծնված Զարուհի Բաբաջանյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Լիտվայի դեսպանին

Sharmazanovi handipumԱզգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի հետագա զարգացմանն ու խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով  ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի  հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահը  հավաստիացրեց, որ եվրաինտեգրումը եղել և մնում է մեր երկրի  առաջնահերթություններից մեկը: Նա հույս հայտնեց, որ Լիտվան՝ որպես ԵՄ անդամ, իսկ վերջերս նաև այդ կառույցում նախագահությունն ստանձնած երկիր, կաջակցի Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: Էդուարդ Շարմազանովը դեսպանին ծանոթացրեց նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված Հայաստանի վարած քաղաքականությանը. մասնավորապես նա խոսեց ԼՂ հիմնախնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերի և Հայաստանը շրջափակելու թուրքական  քաղաքականության անթույլատրելիության մասին:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը, բարձր գնահատելով Հայաստանի վարած տարածաշրջանային կայունության ու հարևանների հետ խաղաղ գոյակցության քաղաքականությունը, նշեց, որ Լիտվայի իշխանությունները աջակցում են հիմնախնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերին: Նա ողջունեց նաև եվրաինտեգրման ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի հետևողականությունը և հավաստիացրեց, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու Հայաստանին այդ ճանապարհին հանդիպող դժվարությունները հաղթահարելու հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բրիտանական խորհուրդը սահմանել է հատուկ մրցանակ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում

Nick James«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված համագործակցության 10-րդ հոբելյանական տարվա շրջանակում Բրիտանական խորհուրդը սահմանել է «Փառատոնի նոր անուն» հատուկ մրցանակը:  «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհրդի կողմից ընտրված ֆիլմի ռեժիսորը կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 21-րդ փառատոնին:

Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:

Հատուկ մրցանակից զատ Բրիտանական խորհրդի աջակցությամբ Երևան է ժամանելու Միացյալ Թագավորությունում լույս տեսնող հեղինակավոր «Sight & Sound» heghinakavor կինոհանդեսի խմբագիր Նիք Ջեյմսը: Նա կինոյի, գրականության և արվեստի մասին գրել է Guardian, The Observer, The Independent, The London Review of Books և The Literary Review պարբերականներում: Նիք Ջեյմսը եղել է Սան Սեբաստիանի, Թորոնթոյի, Ստամբուլի, Սան Ֆրանցիսկոյի, Մորելիայի կինոփառատոների և Կանն-2011-ի «Քննադատների շաբաթ» ծրագրի ժյուրիի անդամ: Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրը կնախագահի կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրին և կանցկացնի մի շարք հանդիպումներ:

Բրիտանական խորհուրդն ու «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության  տարիներին հայ ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվել են Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին, Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիրները մասնակցել են  Sheffield Doc/Fest փառատոնին, երևանյան էկրաններին ցուցադրվել են բրիտանական ֆիլմեր, իսկ Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետներն անցկացրել են վարպետության դասընթացներ:

Հրդեհ Փարաքար գյուղում

հրդեհՀուլիսի 4-ին, ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Փարաքար – Մերձավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում այրվում են չբնակեցված վագոն տնակի փայտյա կառուցատարրերը՝ 24 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.36-ին, մարվել՝ 05.42-ին:

Մալիշկայում քաղաքացին փորձում է ցած նետվել ծառից

Փրկարարները   օգնել  ենՀուլիսի 4-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայացել է Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալա համերգը

001 (18)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի «Օկտյաբրսկի» համերգասրահում կազմակերպված գալա համերգին:

Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են Հայաստանի լավագույն խմբերը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ջազմեններ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները, Լեյլա Սարիբեկյանն ու սիրված այլ կատարողներ:

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական երգչախումբը:

Պարային գեղեցիկ բեմադրություններով ելույթ են ունեցել նաև «Բարեկամություն» պետական համույթի սաները:

Կազմակերպված համերգը բուռն ընդունելություն է գտել ռուս հանդիսատեսի կողմից, ինչի մասին վերջինները սիրով  արտահայտվել են համերգի ավարտից հետո:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայակական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է կարկուտից տուժածներին

կարմիր խաչՀուլիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկուտից առավել  տուժած 14 համայնքներում: 4000 մարդու կտրամադրվեն սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:

Հուլիսի 4-ին, ժամը 12:30-ին  մարդասիրական օգնության բաշխումն իրականացվելու է  Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ  համայնքներում: Բաշխմանը ներկա կլինեն նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:

Մայիսի 12 -17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները,  տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հետևելով իր մարդասիրական առաքելությանը և ելնելով Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի հիմնարար սկզբունքներից, ակտիվ գործունեություն սկսեց աղետից տուժած համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Արմավիրի մարզային մասնաճյուղի հետ միասին ստեղծված Աղետներին արձագանքման թիմն իրականացրեց արագ գնահատում, որի արդյունքում հստակեցվեցին վնասների մոտավոր չափերը, անհրաժեշտ օգնության տեսակը և առավել խոցելի խմբերը: Այդ ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներ Արմավիրի մարզային իշխանությունների, համայնքապետերի, բնակչության, ինչպես նաև` այլ միջազգային կառույցների հետ:

Արդյունքում, ՀԿԽԸ-ն որոշում կայացրեց դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % և բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացավ դրական արձագանք և հատկացվեց մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ:

ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվեցին բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը և շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար:

 

ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ փոխնախագահին` ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին` Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, որում ասված է.
«Հարգելի պարոն փոխնախագահ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Զեզ և Ամերիկայի ողջ ժողովրդին խաղաղություն և բարօրություն:
Օգտվելով պատեհ առիթից՝ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում՝ նպաստելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսության զարգացմանն ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի գործադրել ամեն ջանք մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա կատարելագործման համար»: