Ավտոպատահարներ Ծաղկաձոր քաղաքում և Խարբերդի ամառանոցների մոտ

ավտոպատահարՀունիսի 26-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-66» մակնիշի 31 ՍՏ 335 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1990 թ. ծնված Ս. Սարգսյանին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են քարշակի վրա:

 

Հունիսի 27-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի ամառանոցներին հարակից գերեզմանատան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Գազի արտահոսք Արշակունյաց պողոտայում

Գազի արտահոսքՀունիսի 26-ին, ժամը 09.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 7 շենքի մոտ գազատար խողովակից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 9 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում իրականացրել են սառնարանների լիցքավորում, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: ՍՊԸ-ի աշխատակիցները դադարեցրել են լիցքավորումը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Հրդեհ Չարենցի փողոցում

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՀունիսի 26-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 52 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է պատշգամբի ծածկը (մոտ 25 քմ):

Փլուզում Լոռու մարզում

ՓլուզումՀունիսի 26-ին, ժամը 17.43-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում փլուզվել է ջրահեռացման համար նախատեսված բետոնե թունելը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղանքն ուսումնասիրվել է և պարզվել է, որ 2,5 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգի մեջտեղի հատվածից թունելի պատը մոտ 0,5 մ թեքվել է դեպի ներս և վտանգ չի ներկայացնում: Ջրի արտահոսք չի նկատվել. թունել մտնող և դուրս եկող ջրի քանակը նույնն է:

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջՀունիսի 26-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մոտ 20 ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, ինչի հետևանքով մոտ 20 ավտոմեքենա ևս արգելափակվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`«Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերվել 10 ավտոմեքենա:

Ինչպե՞ս է կնքվում մանրածախ առուվաճառքի պայմանագիրը

BՄանրածախ  առուվաճառքի պայմանագիրն առօրյա կյանքում առավել հաճախ հանդիպող ու կիրառվող պայմանագրերից մեկն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 508-րդ հոդվածի համաձայն` մանրածախ առուվաճառքի պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանք: Այն իրենից ներկայացնում է հրապարակային պայմանագիր:

Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է պատշաճ ձևով կնքված վաճառողի կողմից գնորդին դրամարկղային, ապրանքային չեկ կամ ապրանքի վճարված լինելը հավաստող այլ փաստաթուղթ հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մանրածախ առուվաճառքի պայմանագրով, ներառյալ ստանդարտ ձևերի պայմաններով, որոնց միանում է գնորդը:

Վաճառողը պարտավոր է առաջարկվող ապրանքի մասին գնորդին տրամադրել անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն, որը տրամադրելու եղանակներն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն օրենքով, այլ իրավական ակտերով և մանրածախ առուվաճառքում սովորաբար ներկայացվող պահանջներին: Գնորդն իրավունք ունի մինչև մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելը զննել ապրանքը, պահանջել իր ներկայությամբ ստուգել ապրանքի հատկությունները կամ ցուցադրել դրա օգտագործումը, եթե դա չի բացառվում ապրանքի բնույթով և չի հակասում մանրածախ առուվաճառքում ընդունված կանոններին:

Ընդ որում, գնորդին ապրանքի մասին համապատասխան տեղեկատվություն չտրամադրած վաճառողը պատասխանատվություն է կրում նաև գնորդին հանձնելուց հետո ծագած ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ դրանք առաջացել են այդպիսի տեղեկատվության բացակայության հետևանքով:

Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին վաճառողի հայտարարած գինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում պարտավորության էությունից: Այն դեպքում, երբ մանրածախ առուվաճառքի պայմանագրով նախատեսվել է ապրանքի համար վճարել նախապես, ապա պայմանագրով նախատեսված ժամկետում ապրանքի համար նախապես չվճարելը համարվում է գնորդի կողմից հրաժարում պայմանագիրը կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Գնորդը, որին վաճառվել է անպատշաճ որակի ապրանք, եթե դրա թերությունների մասին վաճառողը նախապայման չի սահմանել, իր ընտրությամբ իրավունք ունի պահանջելու`

1) անորակ ապրանքը փոխարինել պատշաճ որակի ապրանքով,

2) համաչափորեն իջեցնել ապրանքի գինը,

3) անհապաղ և անհատույց վերացնել ապրանքի թերությունները,

4) հատուցել ապրանքի թերությունները վերացնելու ծախսերը:

Գնորդն իրավունք ունի պահանջելու փոխարինել տեխնիկապես բարդ կամ թանկարժեք ապրանքը միայն դրա որակին առաջադրվող պահանջների էական խախտման դեպքում:

Այն ապրանքի թերությունները հայտնաբերելու դեպքում, որի հատկությունները հնարավորություն չեն տալիս վերացնելու դրանք (պարենային ապրանք, կենցաղային քիմիայի ապրանք և այլն), գնորդը, իր ընտրությամբ, իրավունք ունի պահանջելու փոխարինել նման ապրանքը պատշաճ որակի ապրանքով կամ համաչափ իջեցնել գինը:

Ապրանքի համար վճարված գումարը գնորդին վերադարձնելիս վաճառողն իրավունք չունի դրանից պահելու այն գումարը, որի չափով նվազել է ապրանքի արժեքը դրա լրիվ կամ մասնակի օգտագործման, ապրանքային տեսքի կորստի կամ այլ համանման հանգամանքների հետևանքով:

Վաճառողի կողմից մանրածախ առուվաճառքի պայմանագրով պարտավորությունը չկատարելու դեպքում վնասներ հատուցելը և տուժանք վճարելը վաճառողին չեն ազատում պարտավորությունը բնեղենով կատարելու պարտականությունից:

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել գետում հայտնված շանը

22895181350991634Հունիսի 26-ին, ժամը 19.37-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքով հոսող Աղստև գետում՝ քարին, մոտ 15 օր է՝ շուն է կանգնած, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ և նրան օգնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Իջևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել շանը և տեղափոխել ապահով տարածք:

Հայտնաբերվել է օրեր առաջ կորած քաղաքացու դին

ՓլուզումներՀունիսի 26-ին, ժամը 15.56-ին Եղեգնաձոր քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ Եղեգիս գետում, հայտնաբերվել է 1933 թ. ծնված Թամարա Արմենակյանի դին, և այն գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել դին:

—

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի մոտ:

Օձերը արդեն տան լողարան են ներխուժում

օձերՓրկարարները Սիլիկյան թաղամասում օձ են հայտնաբերել

Հունիսի 26-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 13 տան հյուրասենյակի բազմոցի տակ օձ է նկատվում, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարներն օձը հայտնաբերել են և տեղափոխել անվտանգ տարածք:

«Ավտոմատիկա» ՍՊԸ-ի տարածքում օձ է նկատվել

Հունիսի 26-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Ավտոմատիկա» ՍՊԸ-ի տարածքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Տան լոգարանում օձ է հայտնաբերվել

Հունիսի 26-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 8 տան լոգարանում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Փրկարարներն օձը տեղափոխել են անվտանգ տարածք

 

Հունիսի 26-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 23 հասցեում գտնվող «Մարմարի աշխարհ» խանութ-սրահի նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Գյումրեցի թմրամոլները նախընտրում են բենզինը

imagesՀունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանում պաշտոնապես գրանցված թմրամոլների մի ստվար հատված էլ ապրում է Գյումրիում:

“Թմրամոլների տարիքային սահմանը հիմնականում 25-35 տարեկանն է”, – ասում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտապի պետ, ոստիկանության գնդապետ Վալիկ Իվանյանը:
Շիրակի մարզում թմրամոլների մեջ հաշվառված կանայք չկան, իսկ թմրամիջոցի իրացմամբ զբաղվել է մեկ կին, ով նախկինում նաև դատապարտված է եղել:
2013 թվականի առաջին չորս ամիսներին մարզում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված 25 հանցագործություն` անցած տարվա 33 դեպքի դիմաց:
“25-ից 4 դեպքը թմրանյութ իրացնելու մասով է, որից 3-ը Գյումրիում է եղել, 1-ը Արթիկում: Դրանք եղել են “Մարիխուանա” տեսակի թմրամիջոցի վաճառքի դեպքեր”, – archive2.ankakh.com-ին փոխանցեց Վ.Իվանյանը:
Վերջինս ևս չժխտեց, որ գյումրեցի թմրամոլները հիմնականում օգտագործում են բենզինից ստացված միջոցներ: Դրանք ֆինանսապես առավել մատչելի են և հեշտ ճարվող:
Հավելենք, որ այսպես կոչված “բենզամոլները” ոչ բոլորն են սոցիալապես անապահով խավից:

Հայաստանում Ուսման վարձերի բարձրացումը ընդհանրապես չի համապատասխանում տնտեսական իրականությանը


ANSAՀայաստանում ուսման վարձերի մինչև 30% բարձրացումը ծանր հետևանքներ և ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա, քանի որ մարդկանց համար կստեղծվեն սահմանափակումներ բարձրագույն կրթություն ձեռք բերելու ճանապարհին:

Մի շարք պետական ու մասնավոր բուհերում ուսման վարձերն արդեն բարձրացրել են 15%-ով, ինչը խիստ անհամապատասխան է երկրի հասարակության սոցիալ-տնտեսական վիճակին, քանի որ ուսանողները ստիպված են վճարել տարեկան միջինում 1048 ամերիկյան դոլլար ուսման վարձ այն դեպքում, երբ անվանական աշխատավարձերի չափը կազմում է 260 ամերիկյան դոլլար: Հայաստանյան բուհերի շրջանավարտներն արդեն իսկ մեծ հարված են ստացել տնտեսական ճգնաժամի ու համատարած գործազրկության պատճառով, ինչը խոսում է նրանց անմխիթար ու մռայլ ապագայի մասին:

Նամակ` ուղղված հիմնական շահառուներին:

 

Եվրոպացի ուսանողները խիստ մտահոգված են Հայաստանում վերջին իրադարձություններով և իրենց օժանդակությունն են ցույց տվել Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի (ՀՈւԱԱ) այս քաղաքականության դեմ պայքարում: 2013 թվականի հունիսի 21-ին, ուրբաթ օրը Եվրոպական Ուսանողական Միությունը (European Students’ Union- ESU) ՀՈւԱԱ-ի (ANSA) համար սոլիդարության նամակ է ուղարկել Հայաստանի բարձրագույն կրթության հիմնական շահառուներին:

Եվրոպական Ուսանողական Միությունը (ESU) հավատում է, որ կրթությունը կարևոր նախադրյալ է կիրթված ու գիտելիքներով զինված հասարակություն ունենալու համար, որտեղ բարձրագույն կրթության դերը շատ կարևոր է քաղաքակիրթ հասարակություն, ավելի ուժեղ տնտեսություն զարգացնելու և բոլորին հավասար հնարավորություններով ապահովելու համար: Կրթության բարձր մակարդակը նպաստում է գործազրկության նվազմանը, առողջապահության ավելի բարձր որակին, հանցագործությունների թվի անկմանը, հասարակության ավելի ակտիվ ներգրավվածությանն ու վճարների ավելի ճկուն ու բարձր շարժունությանը:

«Ուսման վճարների բարձրացումը խանգարում է անհատներին ձգտել բարձրագույն կրթության, այսպիսով դարձնելով կրթությունը հասանելի միայն էլիտար մասսաների և նրանց համար, ովքեր ի վիճակի են վճարել: Հայաստանյան սոցիալ-տնտեսական վիճակում, որտեղ ուսման վարձավճարները ավելի բարձր են, քան միջին աշխատավարձերը, վճարների բարձրացումը սարսափելի հետևանքներ կարող է թողնել թե՛ անհատների, և թե՛ հասարակության վրա»,- ասվում է ESU փոխնախագահ Ռոք Փրիմոժիչի ստորագրությամբ նամակում:

Եվրոպայի ուսանողները կանգնում են հանուն սոլիդարության

Եվրոպայում ավելի քան 10 ազգային ուսանողական միություններ ՀՈւԱԱ-ին աջակցելու համար իրենց նամակներն են հղել հայաստանյան բուհեր, բարձրագույն կրթության այլ շահառուների, որպեսզի ցույց տան իրենց համախմբվածությունը Հայաստանում ուսման վարձավճարների բարձրացման դեմ: Վերջին 4 շաբաթների ընթացքում ՀՈւԱԱ-Ն ակտիվորեն կազմակերպել է տարբեր հասարակական լսումներ ու հանդիպումներ:

Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան (ANSA) այս հարցի շուրջ պաշտոնական նամակ է պատրաստել և այն ուղղել Հայաստանում բարձրագույն կրթության հիմնական շահառուներին` Եվրոպայի Խորհրդին և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակին, ԵԽ Գրասենյակին և ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանին: Այդ գրառումը նաև ուղարկվել է հայաստանյան շատ բուհերի ռեկտորներին, ովքեր կայացրել են ուսման վարձավճարների բարձրացման որոշումը, ինչպես նաև այլ բուհերի ռեկտորներին:

Եվրոպական Ուսանողական Միությունն (ESU) իր ամբողջական օժանդակությունն է ցույց տալիս Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի (ANSA) ջանքերին և արդեն դիմել է համապատասխան ատյաններ, որոնք պատասխանատու են վճարների փոփոխությունների համար՝ խնդրելով, որ անվավեր համարեն այդ որոշումը՝ կասեցնելու համար այն հարվածը, որը սպասվում է:

“Երիտասարդները հասարակության ապագան են, և բոլորն էլ արժանի են ունենալ բարձրագույն կրթություն ստանալու իրավունք՝ անկախ իրենց հասարակական-տնտեսական վիճակից և վճարողականությունից”-ասվում է Եվրոպական Ուսանողական Միության նամակում:

 

«Նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են». Վազգեն Մանուկյանը` ԲՈՀ-ի նախագահին հայտարարաված խիստ նկատողության մասին

Վազգեն-ՄանուկյանՀունիսի 20-ին Հանրային խորհրդում  տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել էր նաև ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից խիստ նկատողություն հայտնելու հարցը:  ՀԽ անդամները համարել էին, որ նախարարի խիստ նկատողությունը հիմնավորված չէ: Մեզ հայտնի դարձավ, որ Հանրային խորհուրդը պատրաստվում է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները նամակով հայտնել հանրապետության նախագահին և առաջարկել քննարկման դնել հարցը՝ ներգրավելով նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀԽ դիրքորոշմանը, “Առավոտ”-ին հայտնել էր, թե որքանո՞վ է այս խնդիրը Հանրային խորհրդի քննարկման առարկա:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են,  մանավանդ որ խորհրդում ներգրավված են բարձր որակավորում ունեցող գիտնականներ, և հարցը հանրային հնչեղություն ունի:

Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև այն տարածված տեսակետին, թե ԲՈՀ-ն արհեստածին մարմին է, որն ավելորդ խոչընդոտներ է ստեղծում հայցորդների համար և առավել նպատակահարմար կլինի այն լուծարել: «Խորհրդային տարիներին այդ կառույցն ի վերջո իրեն արդարացրել է: Խորհրդային Միության դոկտորները` հատկապես բնական գիտությունների ոլորտում, շատ բարձր մակարդակի գիտնականներ էին և բարձր էին գնահատվում ողջ աշխարհում: Այժմ ընդունված է համալսարանների կողմից կոչումներ տալը: Ընդ որում, էական նշանակություն ունի, թե որ  համալսարանում ես պաշտպանել: Արժե՞, որ Հայաստանն անցնի այդ համակարգին, թե ոչ, դժվարանում եմ ասել: Չեմ բացառում նաև, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն,  որտեղ չկա բուհերի բազմազանություն և մրցակցություն, ԲՈՀ-ի անհրաժեշտությունն առայժմ հիմնավորված է: Բայց եթե անգամ մենք մյուս ճանապարհով գնանք, դա պետք է լինի դանդաղ՝ ոչ այս տարի, ոչ էլ չորս տարի հետո, քանի որ մեր համալսարանները դեռևս պատրաստ չեն այդ փոփոխությանը»:

Նա հիշեց, որ երբ հետխորհրդային որոշ երկրներ անցան նոր համակարգին, այդ երկրներում դոկտորների թիվը տասն անգամ աճեց, սկսվեցին չհիմնավորված դիսերտացիաների պաշտպանություններ, և պետությունը կրկին վերադարձավ հին համակարգին: «Այնպես որ, եթե անգամ գնանք նոր ճանապարհով, ապա դրա համար պետք է ժամանակ, զարգացման որոշակի աստիճան, ազնվության և վստահության որոշ չափանիշների փոփոխություն, որոնք առայժմ մեր պետության մեջ չկան»,-ասում է Մանուկյանը:

Միաժամանակ Մանուկյանը կարծում է, որ ԲՈՀ-ը չպետք է ենթակա լինի որևէ նախարարության, այլ պետք է ավելի բարձր կարգավիճակ ունենա և ինչ-որ իմաստով անկախ լինի կամ կից լինի կառավարությունը, ինչպես ժամանակին է եղել:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ

3365

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Զամոսչի քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով:

Երեկոյան ավարտելով պաշտոնական այցը Լեհաստան՝ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

 

Ողջունում եմ բոլորիդ: Անչափ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին: Ուրախ եմ նաև, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ անմիջականորեն վերագնահատելու դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, ինչպես նաև մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի և ազգի համար օրակարգային հարցերի վերաբերյալ:

Հայ-լեհական միջպետական հարաբերությունները հատկապես վերջին տարիներին շոշափելի զարգացում են ապրել և այժմ գտնվում են բարձր մակարդակի վրա, որում կարևոր դեր է վերապահված նաև լեհահայերին: Լեհաստանում հայ համայնքի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 11-րդ դարից, երբ Անիի անկումից հետո տարագիր հայերը բնակություն հաստատեցին Լեհական թագավորության արևելյան հատվածներում` այստեղ հիմնադրելով առաջին գյուղերը:

12-րդ դարում բազմաթիվ քաղաքներում արդեն ձևավորվել էին հայկական թաղամասերը, իսկ 14-րդ դարից սկսած` Կազիմիր Մեծի օրոք, ապա նաև Յագելլոնների գահակալության շրջանում, Լեհաստանի բարգավաճման հետ սկսեցին ծաղկել նաև հայկական համայնքները: Լեհերի` հայության նկատմամբ ի սկզբանե ունեցած ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը պահպանվեց նաև հետագայում, երբ Զիգմունդ Ավագի շնորհիվ Պյոտրկովի Սեյմում հաստատվեց թագավորության արևելյան շրջաններում ապրող հայերի օրենսդրությունը, երբ թագավորական Մեծ կանցլեր Յան Զամոյսկին հայերին հրավիրեց իր հայրենի Զամոշչ քաղաքը և ազատեց հարկերից, շնորհեց ինքնավարության իրավունք և այլ արտոնություններ:

Լեհաստանում հայ ժողովրդին ընձեռնված հնարավորությունների շնորհիվ դուք ձեր գիտելիքներն ու աշխատասիրությունն ի սպաս դրեցիք Լեհաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման ու բարգավաճման գործին` զբաղվեցիք արհեստով, առևտրով, ծառայեցիք գիտությանը, ներգրավվեցիք պետական և դիվանագիտական ծառայությունում, տեղ գտաք զինվորական համակարգում, ինչպես նաև ձեր հաստատուն տեղը զբաղեցրիք լեհական մշակույթում: Կան անուններ, որոնք հպարտությամբ են լցնում բոլորիս սրտերը` բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչ և նկարիչ Թեոդոր Աքցենտովիչ, կինոռեժիսոր Եժի Կավալերովիչ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմության անիվը շարունակում է իր ընթացքը, և ես ուրախ եմ, որ հայ-լեհական պատմական հարաբերություններին` խարսխված բարիդրացիության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա, նոր շունչ ու միջպետական բնույթ հաղորդվեց Հայաստանի անկախության վերահաստատումից հետո: Զարգացավ Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական երկխոսությունը, ընդլայնվեց երկկողմ համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթությունում:

Հավատացած եմ` մեր բարեկամությունը հարատև է, քանզի այն հիմնված է համանման արժեքներին ու սկզբունքներին մեր ժողովուրդների հավատարմության վրա. ասածիս վկայությունն է 2005 թվականի ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման որոշումը: Հայ ժողովուրդը խորը երախտիքի զգացումով է լցված Լեհաստանի ժողովրդի հանդեպ, որն օրինակելի վարքագիծ ցուցաբերեց այս խնդրում:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ճակատագրի պարտադրանքով այսօր հայ ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ: Սակայն որտեղ էլ որ ապրի հայը, հավատացած եմ` մտահոգվում է Հայրենիքի խնդիրներով և ոգևորվում յուրաքանչյուր հաջողությամբ: Հայրենասիրությունը սոսկ զգացմունք չէ. այն ամենից առաջ արարք է, և սա պետք է գիտակցի ամեն մի հայ:

Աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր ներկայացուցիչ մեր ազգային միասնության առհավատչյան է, իսկ դրա հիմքը Հայրենիքի հանդեպ սերը: Դիպուկ են Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Ուստի, մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծման մեր հաստատակամությամբ:

Հայաստանը և Սփյուռքը ուժեղ են միասնաբար` ուս ուսի տված: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ մեր մեջքին ունենալով Սփյուռքի ուժը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի Հանրապետության ներկայությունը, ձեր անկախ ու ազատ Հայաստանի գոյությունը: Ուստի ցանկանում եմ հորդորել ձեզ` որպես Սփյուռքում ապրող հայության մի հատված` առավել ակտիվ ներգրավվելու համազգային խնդիրների լուծման գործում:

Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Առջևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և յուրաքանչյուր կառույց ու հատկապես աշխարհասփյուռ հայ համայնքներն ու եկեղեցին ասելիք և անելիք ունեն: Սակայն մեր նահատակների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր հայրենիքը հզորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդը, հնարավորություններն ու կապերը ճիշտ օգտագործելով:

Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է տիրապետի հայերեն լեզվին, քանզի, եթե մարդը չի տիրապետում իր մայրենի լեզվին, նա ոչ միայն վտանգում է իր ինքնությունը, այլև թուլանում որպես անհատ: Կուզենայի, որ յուրաքանչյուրդ լինեիք գրագետ և մրցունակ: Դրանով իսկ դուք կունենաք լուրջ ներդրում Հայոց պետությունը զորացնելու, այն առաջ տանելու գործում:

Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին պետք է սատարի ձեզնից յուրաքանչյուրին` աշխարհի ցանկացած երկրում ապրելու` որպես հպարտ հայ: Օրինակ` նշեմ «Լույս» հիմնադրամի գործունեությունը, որը կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` սովորելու աշխարհի լավագույն բուհերում, ապահովում Հայաստանի և հայության համաքայլ ընթացքն առաջատար երկրների և ժողովուրդների կողքին:

Այսօր, ավելի քան երբևէ, հրամայական է աշխարհում հայկական ծագմամբ մշակութային արժեքների պահպանման, ներկայացման և տարածման հարցը: Փառք ու պատիվ այն ընտանիքներին, որոնց հաջողվում է խուսափել ուծացման վտանգից և հայ մեծացնել իրենց զավակներին: Հայ ինքնությունը կպահպանվի, քանի կա մեր մայրենին, մեր հավատքը, մեր մշակույթը:

Հայաստանն առանց Սփյուռքի և Սփյուռքն առանց Հայաստանի հնարավոր չէ պատկերացնել: Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում կարևորում եմ ՀՀ սփյուռքի նախարարության դերակատարությունը, որը նախաձեռնում է կրթական, մշակութային և այլ ծրագրեր, որոնք ոչ միայն պատանիներին ու երիտասարդներին, այլև համեմատաբար ավագ սերնդին մայր հողը սեփական ոտքերի տակ զգալու հնարավորություն են ընձեռում, ապահովում նրանց մասնակցությունը Հայաստանի զարգացման գործին: Սա նշանակում է, որ պետությունը նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուզում եմ բոլորիդ հորդորել՝ հաճախ գալ Հայաստան, ականատեսը լինել առկա առաջընթացի, ծանոթանալ դեռևս լուծում չստացած խնդիրներին և կիսվել սեփական մոտեցումներով: Պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրին, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որևէ գործ է կատարում Հայաստանում, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որևէ գործ է կատարում արտերկրում: Վստահեցնում եմ` նաև Հայաստան ձեր այցելություններով են դրական փոփոխություններ ու զարգացումներ տեղի ունենում: Այսօր մեր երկրում բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվել նոր գործ հիմնելու և եկամուտ ստանալու համար: Օր օրի վստահության այս շրջանակը լայնանում է:

Հավատացած եղեք, Հայրենիքն է այն առանցքը, որի շուրջ համախմբվում է ողջ ժողովուրդը ուրախության թե ցավի, ողբերգության թե հաղթանակների պահին: Վստահ եմ` դուք` լեհահայերդ, շարունակելու եք նվաճումներ ու հաղթանակներ արձանագրել՝ ի փառս հայ ժողովրդի և Հայրենիքի:

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:

 

Արմեն Աշոտյանի հերթական զոհը…

Արտուշ ՂուկասյանՀունիսի 17-ին ՀՀ ԲՈՀ-ի (Բարձրագույն որակավորման հանձնաժողով) նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արտուշ Ղուկասյանը նամակով դիմել էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` խնդրելով Հանրային խորհրդում քննարկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն տրված խիստ նկատողությունը: Ղուկասյանը նախարարի հրամանը մի շարք պատճառներով անհիմն է համարում` նշելով, որ դա ավելի շատ անձնական բնույթ է կրում: «Նախարարի հրամանի հիմքում սուբյեկտիվ պատճառներ են, որոնք հասունացել են ժամանակի ընթացքում և ի վերջո արտահայտվեցին այդ ձևով,-«Անկախի» հետ զրույցում ասաց ԲՈՀ-ի նախագահը,-պատճառ կարող են լինել, օրինակ, ատենախոսությունների նկատմամբ մեր կողմից դրված խիստ պահանջները, որոշ մասնագետների նկատմամբ մեր մոտեցումները, ինչն իրենց համար անհասկանալի է և այլն»:

Արմեն ԱշոտյանՆախարարի նման վերաբերմունքը, սակայն, նրան չի զարմացրել, քանի որ առաջին անգամ չէ. ԲՈՀ-ի նախագահ նշանակվելուց հետո որոշակի խմորումներ եղել են, օրինակ, ԲՈՀ-ի լիազորությունների, կանոնակարգային խնդիրների հետ կապված, սակայն հանգուցալուծումը եղել է վարչապետի մոտ կայացած քննարկումը, որին մասնակցել են նաև նախարարը և ԲՈՀ-ի նախագահը: Վերջինս, համենայն դեպս, այդ քննարկման արդյունքներից գոհ է մնացել, քանի որ վարչապետը լիովին հասկացել է իր կողմից բարձրացրած հարցերը և ընթացք տվել դրանց:

Այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանը նախարարության իրավաբաններից մեկի ջանքերով տարբերակ է գտել Ղուկասյանից ազատվելու համար: Իրավաբանը բացահայտել է, որ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի հավելվածում և  իրավական ակտերում ամրագրված կետերը չեն համապատասխանում իրար:

Դրա մասին տեղյակ է պահվել Արտուշ Ղուկասյանին և ասվել, որ այսուհետ պետք է կիրառել իրավական ակտերում ամրագրվածը, այսինքն` 1997 թվականի պահանջները: ԲՈՀ-ի ղեկավարը նախ զարմացել է, ապա կատարել նախարարի պահանջը:

Զարմանքի պատճառն այն է, որ նա ընդհանրապես տեղյակ չի եղել այդ անհամապատասխանության մասին. «Ես եկել եմ 2010 թ., ընդունել եմ փաստաթղթերն այնպես, ինչես կան և ինչպես տարիներ ի վեր ընդունված է եղել»,- ասում է Արտուշ Ղուկասյանը:

Բանն այն է, որ 2001 թ., երբ ԲՈՀ-ն ունեցել է այլ կարգավիճակ` լինելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման հանրապետական մարմին և որոշակի ինքնուրույնություն է ունեցել, կառույցի ղեկավարն էլ եղել է ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի հավելվածներում կատարվել են որոշ փոփոխություններ, ավելի ճիշտ` լրացումներ, ճշգրտումներ, որոնք կրել են բացատրական բնույթ, ապահովել են աշխատությունների հրապարակայնությունը, լրացումներից մեկն էլ կատարվել է միջազգային պայմանավորվածությունների արդյունքում: Սակայն պարզվել է, որ դրանք իրավական ակտերում ինչ-ինչ պատճառներով չեն ամրագրվել:

2001-ից ի վեր այդ լրացումներով է առաջնորդվել ոչ միայն այդ ժամանակվա նախագահը, այլև նրա հաջորդը` Արմեն Թռչունյանը, որը պաշտոնավարել է 2002-ից մինչև 2010 թվականը: Հատկանշական է, որ 2002-ից ԲՈՀ-ը մտել է ԿԳ նախարարության աշխատակազմի կառույցի մեջ՝ որպես գործակալություն, և Ղուկասյանը կարծում է, որ այդ ժամանակ նախարարությունը պարտավոր էր իրավական ակտերում ամրագրել գործող փաստաթղթերը: Իսկ Արմեն Աշոտյանը կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից, երբ իր իսկ նշած «խախտումով» ԲՈՀ-ն աշխատում էր արդեն ութ տարի: «Եթե դրանք պետք չէին, ժամանակին թող նախարարության կողմից համարվեին անվավեր, ոչ թե տասը տարի հետո նոր ասեին` սխալ է: Նշանակում է` կամ իմացել են և նորմալ են ընդունել, կամ նախարարության աշխատակազմը թերացել է իր պարտականությունների մեջ»,-ասում է Ղուկասյանը` մնալով, սակայն, այն կարծիքին, որ կատարված փոփոխությունները միայն դրական ազդեցություն են գործել և ընդունելի են եղել գիտական հանրության կողմից:

Այս ամենը վկայում է, որ ԲՈՀ-ի նախագահի «թերացումն» ընդամենը առիթ է եղել խիստ նկատողության համար: «Մինչդեռ, եթե լիներ առողջ աշխատանքային մթնոլորտ, նախարարության կողմից համակարգը բարելավելու բարի ցանկություն, ապա առանց աղմուկ-աղաղակի այդ փոփոխություններն այսօր կամրագրվեին նաև իրավական ակտերում, և ամեն ինչ նորմալ հունով կընթանար: Բայց, փաստորեն, դրանք ոչ միայն չամրագրվեցին, այլև ընդհակառակը` հանվեցին, և Աշոտյանն այժմ կարգադրել է առաջնորդվել 1997 թ. փաստաթղթերով, ինչը, կարծում եմ, հետընթաց է»,- ասում է նա:

Ղուկասյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն նամակ է պատրաստել նախարարին, որպեսզի այդ փոփոխությունները և նաև այլ փոփոխություններ ամրագրվեն իրավական ակտերում, որոնք խիստ անհրաժեշտ են ԲՈՀ-ի գործունեությունը բարելավելու համար:

Ըստ Ղուկասյանի՝ այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԲՈՀ-ը պետք է հնարավորինս անկախ մարմին լինի և ունենա որոշակի լիազորություններ. «Այն երկրներում, որտեղ որակավորման պետական մարմիններն ունեն ցածր կարգավիճակ, այնտեղ շատ խախտումներ են գրանցվում, և գիտության մակարդակն էլ ցածր է»:

Ինչով կավարտվի այս պատմությունը` առայժմ անորոշ է:  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին դիմել է Քաղծառայության խորհուրդ՝ ԲՈՀ-ի նախագահին  երկրորդ ան•ամ խիստ նկատողություն հայտարարելու համաձայնություն ստանալու համար, և եթե խորհուրդը տա համաձայնությունը, դա հիմք կհանդիսանա Ղուկասյանին ազատելու զբաղեցրած պաշտոնից: Քաղծառայության խորհուրդ է դիմել նաև Ղուկասյանը` նախարարի առաջին  նկատողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և բեկանելու համար: Երկու դիմումների հիման վրա մեկ ընդհանուր ծառայողական քննություն է սկսվել, որի արդյունքները պարզ կլինեն մեկ ամսվա ընթացքում:

ԲՈՀ-ի նախագահը տրամադրված է գնալ մինչև վերջ: Նրա խոսքով՝ սա իր համար ոչ թե պաշտոնից զրկվելու հարց է, այլ արժանապատվության. «Փաստորեն, իմ երկար տարիների փորձը, աշխատանքը, պետությանը մատուցած ծառայությունները, որի համար բազմաթիվ պարգևներ եմ ստացել, այս հրամանով վարկաբեկվում են, ինչն  անընդունելի է: Կարծում եմ` Աշոտյանը պետք է մտածի իր այս քայլի մասին…»

Հանրային խորհրդի դիրքորոշումը

Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է նաև վերոնշյալ հարցը: ՀԽ անդամները համարել են, որ նախարարի խիստ նկատողությունը հիմնավորված չէ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հանրային խորհուրդն այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները նամակով հայտնել է հանրապետության նախագահին՝ առաջարկելով քննարկել հարցը՝ ներգրավելով նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչներին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀԽ դիրքորոշմանը, կասկած էր հայտնել, թե որքանո՞վ է այս խնդիրը Հանրային խորհրդի քննարկման առարկա:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն, կարծում է, որ ընդհակառակը, նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են,  մանավանդ որ խորհրդում ներգրավված են բարձր որակավորում ունեցող գիտնականներ, և հարցը հանրային հնչեղություն ունի:

Ի դեպ, Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև այն տարածված տեսակետին, թե ԲՈՀ-ն արհեստածին մարմին է, որն ավելորդ խոչընդոտներ է ստեղծում հայցորդների համար և առավել նպատակահարմար կլինի այն լուծարել: «Խորհրդային տարիներին այդ կառույցն ի վերջո իրեն արդարացրել է: Խորհրդային Միության դոկտորները` հատկապես բնական գիտությունների ոլորտում, շատ բարձր մակարդակի գիտնականներ էին և բարձր էին գնահատվում ողջ աշխարհում: Այժմ ընդունված է համալսարանների կողմից կոչումներ տալը: Ընդ որում, էական նշանակություն ունի, թե որ  համալսարանում ես պաշտպանել: Արժե՞, որ Հայաստանն անցնի այդ համակարգին, թե ոչ, դժվարանում եմ ասել: Չեմ բացառում նաև, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն,  որտեղ չկա բուհերի բազմազանություն և մրցակցություն, ԲՈՀ-ի անհրաժեշտությունն առայժմ հիմնավորված է: Բայց եթե անգամ մենք մյուս ճանապարհով գնանք, դա պետք է լինի դանդաղ՝ ոչ այս տարի, ոչ էլ չորս տարի հետո, քանի որ մեր համալսարանները դեռևս պատրաստ չեն այդ փոփոխությանը»:

Նա հիշեց, որ երբ հետխորհրդային որոշ երկրներ անցան նոր համակարգին, այդ երկրներում դոկտորների թիվը տասն անգամ աճեց, սկսվեցին չհիմնավորված դիսերտացիաների պաշտպանություններ, և պետությունը կրկին վերադարձավ հին համակարգին: «Այնպես որ, եթե անգամ գնանք նոր ճանապարհով, ապա դրա համար պետք է ժամանակ, զարգացման որոշակի աստիճան, ազնվության և վստահության որոշ չափանիշների փոփոխություն, որոնք առայժմ մեր պետության մեջ չկան»,-ասում է Մանուկյանը:

Միաժամանակ նա կարծում է, որ ԲՈՀ-ը չպետք է ենթակա լինի որևէ նախարարության, այլ պետք է ավելի բարձր կարգավիճակ ունենա և ինչ-որ իմաստով անկախ լինի կամ կից լինի կառավարությունը, ինչպես ժամանակին է եղել:

 

Վարուժան Ոսկանյանի հանդիպումները ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

415. Varujan Vosganian's meetings in Vienna 26.06.2013Հունիսի 24-ին Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինիայի Էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը Վիեննայում Հայաստանի եւ Ռումինիայի դեսպանությունների փոխկազմակերպմամբ այցելեց Վիեննայում տեղակայված սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի, ծանոթացավ եկեղեցուն կից գործող շաբաթօրյա դպրոցի ու մանկապարտեզի գործունեության պայմաններին եւ 415.Varujan Vosganian's meetings in Vienna 26.06.2013հանդիպեց Ավստրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարության հետ: Վարուժան Ոսկանյանին ողջունեցին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան աբեղա Պետրոսյանը, Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի նորընտիր ատենապետուհի Ռուբինա Ղազարյանը:

Վարուժան Ոսկանյանը՝ Եվրոպայի տարբեր երկրների սփյուռքահայ կառույցների առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ ավստրիահայության առջեւ  եւ պատասխանեց ներկաների հարցերին: Վարուժան Ոսկանյանը կոչ արեց Եվրոպայի հայ համայնքերին սերտորեն համագործակցել իրար հետ՝ ի շահ հայապահպանության եւ ընդդեմ ուծացման սպառնալիքի: Բանախոսն անդրադարձավ նաեւ առաջիկայում գերմաներեն լեզվով հրատարակվելիք իր հեղինակած, մի քանի լեզուներով թարգմանված եւ գրական շրջանների կողմից բարձր գնահատանքի արժանացած «Շշուկների մատյան» վեպին, ներկայացրեց իր այս ստեղծագործության համառոտ պատմությունը:

 

Դանիացի հայագետ Հենինգ Լեհմանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը

414.Henning Lehman has been awarded the Movses Khorentsi Medal 26.06.2013Հունիսի 25-ին Արհուսի համալսարանում նշվեց համալսարանի նախկին ռեկտոր, փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանի ծննդյան 80-ամյակը:  Հանդիսությունը բացեց համալսարանի մշակույթի եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան Բյարկ Պաարուպը: Նա շնորհավորեց Հենինգ Լեհմանին հոբելյանի առթիվ եւ ներկայացրեց  նրա գիտական ու կրթական գործունեությունը:

Այնուհետեւ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը պրոֆեսոր Հենինգ Լեհմանին հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված պետական պարգեւը` Մովսես Խորենացու մեդալը` հայագիտության զարգացման  գործում նրա ունեցած նշանակալի ավանդի եւ հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության  համար:  Դեսպան Աղաջանյանը, իր ելույթում շնորհավորելով Հենինգ Լեհմանին, նշեց, որ «նրա հայագիտական հետազոտություններն անգնահատելի են եւ նոր էջ են բաց արել  Արեւմուտքի եւ Արեւելքի եկեղեցիների հայտնի ու անհայտ պատմական փոխազդեցությունների մեջ»:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական պարգեւին արժանանալու կապակցությամբ`  Հենինգ Լեհմանը հանդես եկավ «Մի կաթիլ ջրի մեջ երեւացող աշխարհ» դասախոսությամբ եւ ներկայացրեց Բարոկոյից մինչեւ Լուսավորչություն ընկած ժամանակահատվածում Արեւելյան եւ Արեւմտյան եկեղեցիների միջեւ հարաբերությունների պատմությունը: Նա նշեց, որ «Հայկական եկեղեցին բավական վաղ հասկացավ տպագիր գրքի` որպես գիտության եւ քարոզի միջոցի կարեւորությունը եւ նախաձեռնեց հայկական գրքի  տպագրությունը»: Հենինգ Լեհմանը մատնանշեց 1565-ից մինչեւ 1745 թվականների այն հնատիպ 19 հայկական գրքերը, որոնք պահվում են Դանիայի թագավորական գրադարանում եւ ցուցադրվել են Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ցուցահանդեսում:

Հանդիսությանը ներկա էին համալսարանի դասախոսական կազմը,  գիտնականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ:

Լեհաստանում Նախագահը ելույթ է ունեցել Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի համաժողովների կենտրոնում

Լեհաստանում Նախագահը ելույթ է ունեցել Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի համաժողովների կենտրոնում

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարևանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի: Պատվո պահակախմբի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր զոհերի հիշատակին և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում: Համալիրի համաժողովների կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել:

Նախագահն այնուհետև մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան և Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը: Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա լեհահայ համայնքի պատվիրակների հետ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի թանգարանային համալիրում

 

Հարգելի՛ բարեկամներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

 

Մայդանեկի հուշահամալիրում այսօր մենք գլուխ ենք խոնարհում տասնյակ հազարավոր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծամասնությունը նույնիսկ շիրիմ չունեցավ:

Այցելելով Մայդանեկ, դժվար է անվրդով մնալ` խեղդելով փոթորկված զգացմունքներն ու հույզերը: Սակայն, Մայդանեկի և մարդկային տանջանք պարփակող նմանօրինակ վայրերի յուրահատկությունը, հավանաբար, հենց նրանում է, որ առաջին հայացքից համր ու անխոս այս կոթողները աշխարհասփյուռ ճիչ են` դժոխային անողոքություններ ծնած մարդկային խեղված բանականության մասին:

Համոզված եմ, որ ինչպես ինձ, այնպես էլ յուրաքանչյուրի մոտ Մայդանեկ այցելելիս առաջանում է պարզագույն մի հարց. այն է` «ինչպե՞ս»: Ինչպե՞ս կարող է մարդ արարածն իր տեսակի նկատմամբ նման դաժանություն իրագործել` իրեն համարելով վերադաս դիմացինի և ամենակարող` մարդկության հանդեպ:

Միգուցե սրանք պարզամիտ հարցեր են` իրենցից բխող պարզունակ պատասխաններով, թեև, հավատացած եմ՝ նման սոսկալի ոճիրի կանխարգելման լավագույն ձևերից մեկն էլ ժամանակ առ ժամանակ այդ հարցն ինքներս մեզ ուղղելն է: Սա կարևոր քայլ է ոչ միայն հետադարձ հայացք դարձնելու և պատմական փաստերին հերթական անգամ գնահատական տալու տեսանկյունից, այլև այս կերպ կարելի է գտնել նմանօրինակ ոճրագործության սանձազերծումը մեկընդմիշտ կանխող և դատապարտող համընդհանուր բանաձևը:

Իրողության կոծկումից ու ժխտումից մինչև հանցավոր լռություն և անտարբեր հանդուրժողականություն` ահա այսպիսի պայմաններում են տեղի ունենում մարդկության պատմության ծանրագույն ոճիրները: Մայդանեկը կարող էր և գոյություն չունենալ, եթե ժամանակին հայերի դեմ իրականացված XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց հասանելիք պատիժը:
Ինչպես կարող եմ չհիշել համամարդկային արժեքների և ժողովուրդների միջև համերաշխության անմնացորդ նվիրյալ, լեհ ժողովրդի մեծագույն զավակներից Հովհաննես Պողոս II Պապի խոսքերը` «Հայոց ցեղասպանությունը հանդիսացավ այն սարսափի նախերգանքը, որ պիտի տեղի ունենար երկու աշխարհամարտերի, բնաջնջման կազմակերպված ճամբարներում և անհամար տարածաշրջանային հակամարտություններում` խլելով միլիոնավոր կյանքեր»:

Չկա դատապարտում առանց կանխարգելման և չկա կանխարգելում առանց դատապարտման: Ես հավատում եմ, որ ճակատագիրը ցեղասպանության վերապրածներին և նրանց սերունդներին ստիպելով հանդերձ անցնել եղեռնի բովով` մարդկությանը պատգամ է թողել դասեր քաղել անցյալից և հետևողականորեն պայքարել` Ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորելու և հետագա սերունդներին նմանօրինակ խեղումներից պաշտպանելու համար:

Այսօր ինձ հետ այստեղ է Մայդանեկի բազմաթիվ հայազգի գերիներից և զոհերից մեկի` Լևոն Մադոյանի որդին: Նա բնակվում է Հայաստանում, Վանաձորում: Մենք առաջարկեցինք նրան ընկերակցել մեր պատվիրակությանն այս այցելության ընթացքում, քանզի ամենակենդանի պատմությունը սերունդների մեջ ապրող պատմությունն է:

Իրոք, հիշատակի վայրերի վերածված նախկին համակենտրոնացման ճամբարներ Մայդանեկը, Օսվենցիմը, Տրեբլինկան, ինչպես նաև Յադ Վաշեմը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու թանգարանը լոկ պատմական փաստերը վավերագրող կոթողներ չեն, դրանք մարդկությանն ուղղված հզոր և ազդեցիկ ուղերձ են` ժողովուրդների միջև հանդուրժողականության խրախուսման, այլատյացության դատապարտման և կանխարգելման համար: Ազդեցիկ ուղերձ են հարյուր հազարավոր փշրված մանկությունների հուշարձան հանդիսացող հետպատերազմյան մանկատները, ինչպես Հայոց Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ կառուցված հայկական որբանոցներն էին: Մենք, որպես այդ ամենը վերապրած ժողովուրդներ պարտավոր ենք անել նույնիսկ անհնարինը` այդ ողբերգությունների կրկնությունը բացառելու համար:

Բարեկամնե՛ր,

Անկախությունը վերստին նվաճած Հայաստանն այսօր հանձնառու է միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել ցեղասպանություն հանցագործությունները կանխարգելելու և պատժելու համար պետությունների համատեղ ջանքեր կիրառելու անհրաժեշտությունը: Այս տարվա մայիսից Հայաստանի կողմից առաջին անգամ ստանձնած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության գերակայություններից է անհանդուրժողականության, խտրականության և ատելություն սերմանող քարոզչության դեմ պայքարը: Հենց դա է պատճառը, որ Լեհաստան իմ այցի շրջանակներում ցանկացա այցելել հրեշավոր հանցագործության այս լուռ և տխուր հուշարձանը:

Նույն համատեքստում Երևանում պատրաստվում ենք անցկացնել անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին նվիրված միջազգային գիտաժողով: Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպայի խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013 թվականի հանդիպումը, որը վերջին տարիներին մեծ հնչեղություն է ձեռք բերել` հաշվի առնելով այդ նախաձեռնության նպատակների կարևորությունը: Հայաստանը Եվրոպայի խորհրդում իր նախագահության շրջանակում աջակցելու է նաև «Ո՛չ ատելության խոսքին» շարժմանը` կարևորելով առցանց երիտասարդական արշավը` ուղղված ատելության հռետորաբանության դեմ պայքարին:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ևս մեկ անգամ խոնարհվել անմեղ զոհերի հիշատակի առջև և վերահաստատել Հայաստանի Հանրապետության վճռական հանձնառությունը` պայքարելու, դատապարտելու և չհանդուրժելու այլատյացության, ռասիզմի և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում: Մենք պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ:

2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ողջակիզման ավարտի 70-ամյակը: Համոզված եմ, որ այս կարևոր տարելիցները համամարդկային ջանքերը կրկնապատկելու պատգամ են հանդիսանում` ցեղասպանությունների կանխարգելմանն ի նպաստ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այլևս երբեք ցեղասպանության որևէ արարք կամ դրսևորում չպետք է դառնա սպառնալիք և կործանարար գործիք՝ ընդդեմ մարդու գոյության և արժանապատվության գերակայության:

Շնորհակալություն:

Սարհատ Պետրոսյանը կբողոքարկի դատավճիռը. «Իգիթյանի հետևում հանրային ունեցվածքի շնորհիվ հարստացած Նարեկ Սարգսյանն է»

Լևոն Իգիթյան-Նարեկ ՍարգսյանԱվան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի: Անկախ նրանից` ներկայացված փաստերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դատարանը գտնում է, որ դրանցում բացակայում են վիրավորանքն ու զրպարտությունը։

ՍարհատՀայցվոր կողմն իրավունք ունի մեկամսյա ժամկետում վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում, ինչն էլ պատրաստվում են անել Սարհատ Պետրոսյանն ու իր փաստաբան Վարուժան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հայցվորը պահանջել էր հրապարակայնորեն հերքել 12.10.2012թ. «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում և 31.10.2012թ. «Առավոտ» օրաթերթում հրապարակված հարցազրույցում իր հասցեին հնչեցրած հայտարարությունները` դրանք որակելով զրպարտություն և վիրավորանք և  դատարանին խնդրելով պարտավորեցնել Լևոն Իգիթյանին ներողություն խնդրել իրենից: Նման վիրավորական արտահայտություն էր դիտվել, օրինակ այն, որ Իգիթյանը նրան անվանել էր «անշնորհք» կամ ասել. «Սարհատ Պետրոսյանը, ճարտարապետ լինելով, ճարտարապետական ոչ մի պրակտիկա չունենալով ո՞նց է այսօր ինստիտուտում դաս տալիս, այն էլ քաղաքաշինության ամբիոնում: Ինքը ճարտարապետության դիպլոմը գրպանում այգեպան է աշխատում սիրահարների այգում: Ես հարց եմ տալիս՝ ո՞ր իրավունքով, ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն է, որ ինքը ճարտարապետությունից է խոսում…»:

Սարհատ Պետրոսյանն «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումն օբյեկտիվ չի համարում. «Մեր ներկայացրած բոլոր փաստերը մերժելու համար մի տրամաբանական հիմնավորում կարող է լինել` ճնշում դատարանի վրա կամ  կողմնորոշված մոտեցում: Մենք գիտենք, որ Իգիթյան Լևոնն իրենից ոչինչ չի ներկայացնում, նրա հետևում կա հանրային ունեցվածքի շնորհիվ հարստացած Նարեկ Սարգսյանի աջակցությունը, իսկ Իգիթյանը երևի փաստաբանական ծախսերն էլ չէր կարողանա փակել: Կարծում եմ` այստեղ կա նաև Նարեկ Սարգսյանի Արդարադատության փոխնախարար զարմիկի ազդեցությունը: Չեմ ուզում ասել, որ այս ամենը քաղաքական պատվեր է, որովհետև փաստեր չունեմ, բայց զգում եմ, որ կա ճնշում: Կարող էի հասկանալ, եթե 6 կետերից մեկը մերժվեր, երկուսը մերժվեր, բայց դրանցից որևէ մեկում չտեսնել զրպարտություն և սուտ, ուղղակի զարմանալի է: Պետք է հետամուտ լինել և այնպես անել, որ Նարեկ Սարգսյանը, նրա զարմիկը կամ որևէ մեկը ազդեցություն չունենան դատական գործընթացների վրա»:

Սարհատ Պետրոսյանի փաստաբանի խոսքով` իրենք համաձայն չեն վճռի հետ, քանի որ դատավարության ընթացքում մի շարք հանգամանքներ են ներկայացվել, որոնք պատասխանող կողմն այդպես էլ չի կարողացել ապացուցել. «Օրինակ, վկայակոչվել էր, որ Սարհատ Պետրոսյանը ճարտարապետական պրակտիկա չունի, կամ իբր ԲՈւՀ-ից դուրս մնալուց է եղել և նրան փրկել է Նարեկ Սարգսյանը և այլն: Դատարանն ապացուցող պարտականություն էր դրել պատասխանող կողմի վրա, ինչը չի արվել: Նման պայմաններում, կարծում եմ, դատարանը գոնե մասնակիորեն պետք է բավարարեր հայցը»:

Փաստաբանը հիշեցրեց նաև, որ պատասխանող կողմը ԲՈւՀ-ից ձեռք էր բերել Սարհատ Պետրոսյանի ստուգարքների գրքույկի պատճեն, ինչը սահմանադրական իրավունքների խախտում է: «Չնայած ստուգարքների գրքույկի պատճեն ներկայացնելով էլ պատասխանող կողմը որևէ բան չապացուցեց, դրանում ընդամենը ներկայացված էին ուսանողի գնահատականներն ու ստացման ամսաթվերը: Փոխարենը մենք ներկայացրել ենք Սարհատ Պետրոսյանի դիպլոմի պատճեն, թեկնածուական վկայականը, Հայաստանի ճարտարապետների միության անդամ լինելը, իր կատարած աշխատանքների ցանկը, քաղաքաշինական փաստաթղթեր մշակելու արտոնագիրը, նաև այն, որ  Սարհատ Պետրոսյանը Ամերիկայի քաղաքաշինարարների միության անդամ է և ի դեպ, միակն է Հայաստանից»,-ասաց փաստաբանը:

«Ինչպես գիտեք, Լևոն Իգիթյանն իր խոսնակային պարտականությունների կատարման ժամանակ աչքի է ընկել “կոմպրոմատներ բացահայտելով” և վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով ոչ միայն իմ, այլև այլ շատ ավելի վաստակավոր ճարտարապետների մասին,-ասում է Սարհատ Պետրոսյանը,-դրանք բազմաթիվ են, որոնց շրջանակից է այն փաստը, որ նա գրեթե միշտ ներկա է եղել վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ճարտարապետական կարևոր քննարկումներին` սկսած 14 տարեկանից. մեկ Պողոս Պետրոս եկեղեցին է դառնում «սառայ», մեկ Ազգային պատկերասրահը` «յաշիկ», մեկ ասում է, որ ինձ դասավանդել է, հետո պարզվում է, որ չի դասավանդել ու այդպես շարունակ»։

Սակայն նա կարծում է, որ ճարտարապետական հանրույթն ու մեր քաղաքացիներից շատերը դադարել են այս անձնավորությանը լուրջ ընդունել. «Սակայն քանի որ արդեն բազմաթիվ անգամներ շահարկվում է իմ ուսումնառության տարիներին հորս համալսարան գալու փաստը՝ իբրև թե իմ համար բարեխոսելու, որը դատարանում այդպես էլ չապացուցվեց  և բարդ իրավիճակում դրեց Իգիթյանի շահերը ներկայացնող փաստաբանին, ցանկանում եմ  մեկ նկատառում անել. հայրս իմ ողջ ուսումնառության ընթացքում միայն մեկ անգամ է այցելել համալսարան։ Դա եղել է Նարեկ Սարգսյանի հրավերով՝ այլ ոչ թե հորս խնդրանքով։ Բանն այն է, որ Նարեկ Սարգսյանը ճարտարապետության ֆակուլտետի դեկան եղած ժամանակ էլ ճիշտ այնպիսին էր, ինչպիսին է հիմա` որպես գլխավոր ճարտարապետ` անպատասխանատու և խնամի-ծանոթ-բարեկամ աշխատելաոճով առաջնորդվող: Այդ մասին այն ժամանակ թերթերից մեկում (եթե չեմ սխալվում Երկիր թերթում) հոդված էի գրել` քննադատելով նրա աշխատելաոճը։ Այն ժամանակ նրա ինքնասիրությունը դեռ չէր «կոփվել» և չուներ խոսնակներ ու հանրային կապերի գծով օգնականներ, և նա այդ փաստի կապակցությամբ շատ էր վիրավորվել։ Հորս կանչել էր ասելու, որ ինձ դատի կտա և այլ հաթաթաներ էր արել։ Հայրս էլ պատասխանել էր, որ Սարհատը ազատ մարդ է և կարող է անել այն, ինչ ճիշտ է համարում: Ահա ողջ պատմությունը»։

«Ֆիզիկայի» քննության արդյունքները բողոքարկել է դիմորդների 1,7 տոկոսը

քննություն«Ֆիզիկայի» միասնական քննության արդյունքները բողոքարկել է 41 դիմորդ` քննություն հանձնածների 1,7 տոկոսը: Նշենք, որ «ֆիզիկայից» քննություն էր հանձնել 2377 դիմորդ:

Այս տարի «ֆիզիկայի» միջին գնահատականը 11,64 է 2012-ի 12,1-ի փոխարեն: Այս տարի աճել է նաև կտրվողների թիվը` 19 տոկոսից հասնելով 22 տոկոսի և նվազել 20 ստացողների թիվը`  35 դիմորդ նախորդ տարվա 52-ի փոխարեն:

Ֆիզիկայի մասնագետ, կրկնուսույց Մանվել Հովսեփյանն ասում է, որ չնայած ընդհանուր գնահատականներին` թեստերը բարդ չեն եղել, իր դիմորդներն էլ ստացել են բարձր գնահատականներ: Նրա խոսքով` իր դիմորդները  վերջին տարիներին նման բարձր ցուցանիշ դեռ չէին արձանագրել:

Հովսեփյանի կարծիքով` միջին գիտելիք ունեցող դիմորդը կկարողանար դրական միավորի շեմը հաղթահարել: Իսկ անբավարարների թվի աճը և միջին գնահատականի նվազումը նա պայմանավորում է դիմորդների պատրաստվածության մակարդակով` պարզապես լավ պարապած չեն եղել:

Նշենք, որ ֆիզիկայից քննություն հանձնում են հիմնականում ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետների դիմորդները և  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմորդները: Այս առարկայի քննական գնահատականների տատանումները պարբերական բնույթ են կրում`2011-ին, օրինակ, «ֆիզիկայի» միջինը 6,2 էր, իսկ 2010-ին`10,5:

Դոլարը շարունակում է իջնել

դոլարՀունիսի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,770,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ: