«ԵՐԱԶ» ավտոմեքենան ընկել է ջրատարը

«ԵՐԱԶ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՋՐԱՏԱՐԸՀունիսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԵրԱԶ-654» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաշատ-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս  է եկել երթևեկելի մասից և ընկել  ջրատարը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջը ու դանակահարել երեխաներին

arm137085825983Հունիսի 9-ին, ժամը 21.45-ին,  ոստիկանության Կոտայքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, 1976 թ. ծնված Աշոտ  Գևորգյանը տանը  դանակահարել և սպանել է կնոջը` 1982 թ. ծնված Անուշ  Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դստրերին` 2001 թ. ծնված Շողակաթ  և 2007 թ. ծնված Մարիամ  Գասպարյաններին, որից հետո՝ դանակով հարվածել է իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք:
Աշոտ  Գևորգյանը, Շողակաթ և Մարիամ  Գասպարյանները տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրից առգրավվել է 6 խոհանոցային դանակ:
Աշոտ  Գևորգյանը ձերբակալված է և գտնվում է հիվանդանոցում:
Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:

Կարապետյաններն օգնեցին կարկուտից տուժած գյուղացիներին

սամվել, կարեն«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ամբողջությամբ բավարարել է Լոռու մարզի` կարկուտից առավել տուժած Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների կողմից ներկայացված առաջարկները` հողատերերին աջակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը` վերոնշյալ համայնքներ այցելության ժամանակ: Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը և «Տաշիրի» ներկայացուցիչը նշյալ համայնքների բնակչության հետ հանդիպումների ժամանակ համոզվեցին, որ առաջարկները ներկայացվել են հենց համայնքների կողմից` տուժած բնակիչների անմիջական մասնակցությամբ: Հիշեցնենք, որ երեք համայնքերում ստեղծված հանձնաժողովները հաշվարկել էին վնասի չափերը և տուժած հողատերերին աջակցելու առաջարկ ներկայացրել Լոռու մարզպետարան: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դիմել էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին՝ համայնքների բնակիչներին հնարավորության սահմաններում օգնելու նպատակով:
Ա.Ճաղարյանը տեղեկացրեց, որ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է համայքների կողմից ներկայացված պահանջարկը բավարարել ամբողջությամբ, այն է` կարտոֆիլի ցանքատարածությունների համար (դրանք վերականգնելի են) տրամադրել ազոտական պարարտանյութ, իսկ ցորենի ցանքատարածությունների համար վճարել գյուղացիների հողի հարկը` ըստ ներկայացված ցուցակների: Պարարտանյութի գնման գումարն արդեն իսկ փոխանցված է, իսկ հողի հարկի վճարումները կկատարվեն առաջիկա օրերի ընթացքում:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Բորիս Մակիչյան. «Կամ մենք ենք Եվրոպայում, կամ Եվրոպան է մեզ մոտ»

մակիչյան Հայաստանում տարեցտարի նոր` միջազգային չափանիշներին համապատասխան քայլեր են արվում կրթության որակը բարձրացնելու նպատակով:

Հայաստանյան ուսումնական հաստատություններում արտասահմանյան փորձի ներդրման, ուսումնական հաստատությունների փորձնական հավատարմագրման գործընթացի և կրթության որակի բարելավմանն ուղղված աշխատանքների մասին են այսօր խոսել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի  ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, գլխավոր մասնագետ Անուշավան Մակարյանը և Հյուսիսային համալսարանի ռեկտոր, հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահ  Բորիս Մակիչյանը:

Ըստ Մակիչյանի` վերջին քսան տարում բուհական համակարգում բարեփոխումների գործընթաց է իրականացվում և բոլոր բուհերը անկախ իրենց կարգավիճակից գնում են պետական հավատարմագրման.   «Փորձի փոխանակում կա`  կամ մենք ենք Եվրոպայում, կամ Եվրոպան է մեզ մոտ, մեր նպատակն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային գիտական կենտրոն»:

Ինչ վերաբերվում է ուսումնական հաստատությունների փորձնական հավատարմագրման գործընթացին, ապա Անուշավան Մակարյանը նշեց, որ այս նոր կարգը դեռևս ոչ մի բուհում չի կիրառվել, սակայն այդ ուղղությամբ փորձնական աշխատանքներ իրականացվում են: Ըստ նրա` գործընթացի նպատակն է, որպեսզի մասնագիտական փորձագիտական խումբը գնահատի բուհի մատուցած ծառայություններն ամբողջությամբ:

Հավատարամագրման նախկին կարգը միայն արդյունքն էր գնահատում, իսկ նոր կարգով ամբողջ ուսուցման մեխանիզմների, դասախոսական կազմի, բուհի հնարավորություններն են գնահատվելու:

Նոր պետական հավատարմագրման չափանիշները կառավարության որոշմամբ են հաստատվել, որոնք նույնն են և´ պետական, և´ ոչ պետական ուսումնական բոլոր հաստատությունների համար:

 Լուսինե Ասատրյան

 

«Մենք լուրջ հետևություններ պետք է անենք». Հովիկ Աբրահամյան

Hovik-AbrahamyanԱզգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2013 թ. ծրագրի քննարկման ավարտին, կարևորելով հարցը, հանդես եկավ ելույթով: «Բոլորս հասկանում ենք, որ եթե մենք ֆինասավորում ենք էժան ու երկար վարկեր, ապա դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացումը, իսկ եթե դրանք կարճ են և բարձր տոկոսներով, ապա խաթարում են  տնտեսության զարգացումը»:

Նա հորդորեց ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկին մտահոգ լինել և ամեն ինչ անել, որպեսզի տնտեսավարող սուբյեկտներին և վարկառուներին հասնեն երկարաժամկետ և ցածր տոկոսով վարկեր. «Այն ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են բանկերի կողմից, պետք է իրականանան, հակառակ դեպքում ձախողված է նաև բանկերի աշխատանքը»,-ընդգծեց նա:

Ըստ խորհրդարանի ղեկավարի` այն բոլոր հարցերը, որ այսօր բարձրացվեցին պատգամավորների կողմից, պետք է ճիշտ ընկալվեն. «Մեկ-մեկ մեր գործընկերները մի քիչ խախտում են սահմանները, բայց դուք մի վիրավորվեք, նրանք ուղղակի իրենց մտահոգությունն այդ ձևով են ներկայացնում: Ես համոզված եմ, որ մենք լուրջ հետևություններ պետք է անենք և ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը զարգանա, որից էլ ածանցվում են նույն այսօրվա արտագաղթը, նույն գործազրկությունը, որ 16 տոկոսից ավելի է, նույն աղքատությունը, որ 36-37 տոկոս է:  Դրանք բոլորն ուղղակիորեն կապված են տնտեսության զարգացման հետ»:

Դոլարը իջնում է

դոլարՀունիսի 10-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի  դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ:

Հրանտ Բագրատյանը` բուրժուաֆինանսական պետության, գյուղատնտեսության հեքիաթային աճի և հանրապետության ամորձիների մասին

arm135305742678ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2013 թ. ծրագրի քննարկման ժամանակ մի շարք հարցեր բարձրացրեց. «Դուք մեզ այդպես էլ չեք ասում բանկային համակարգին սպասվող ռիսկերի մասին: Ոչ մի խոսք չեք ասում Արմավիայի, Տոնուսի մասին, Սթարի մասին: Ո՞ւմ հաշվին եք փակելու այդ պարտքերը: Խոսք չեք ասում նաև ներդրումային քաղաքականության մասին: Բանկերը շուրջ 2 միլիարդ դոլար պարտք ունեն դրսից վերցրած: 24 միլիարդի վրա ավելացրեք: Երկրի արտաքին պարտքը յոթուկես միլիարդ է, և այն, որ դա մասնավոր սեկտորինն է, ավելի վատ` ավելի թանկ է: Դա փրկելու համար միևնույնն է` պետության փողերն ենք տալու: Վերլուծությունը չենք տեսնում, ումի՞ց ենք տալու»:

Անցնելով դեպոզիտներին ու ավանդներին` պատգամավորը նշեց, որ դեպոզիտների մեծ մասը հավաքվում է գյուղացուց, հասարակ մարդուց, և բանկերը կենտրոնացնում են հարստությունը. «Փողը վերցնում են աղքատից, տալիս են հարուստին»:

Ֆինանսական համակարգի կառուցվածքի մասին խոսելիս Բագրատյանը հարցրեց. «Ո՞ւր են բորսաները: Դուք չեք թողնում, որ էս երկրում բորսա լինի, որովհետև բորսայում այն նույն մարդիկ` մեծահարուստները, օլիգարխները, ստիպված կլինեն փողով արտահայտել իրենց վստահությունը տնտեսության համար: Դուք վախենում եք էդ ցուցանիշից»:

Անդրադառնալով ֆինանսական համակարգի ակտիվներին` պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանում ներդրումային ինստիտուտ չկա, ինչը կանխամտածված ձևով ռմբակոծվում և ոչնչանում է բանկային համակարգի և կառավարության գործունեության հետևանքով: «Ինչպես ամեն տեղ` այս ոլորտում էլ մտածող մարդն ընդունված չի, մեզ հետաքրքրում է միայն խոշորը: Պետությունը դարձել է բուրժուաֆինանսական պետություն»:

Խոշորի մասին խոսելիս`Բագրատյանը հիշեց կառավարության կողմից ներկայացված նախագիծը` «Դիլիջան միջազգային դպրոցին» հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ. «Խոշորը գալիս է, անմիջապես տալիս են: Բա ո~նց…չորս-հինգ հարյուր միլիոն փող ա բերելու: Էդ հլը հարց ա, կբերի, թե չէ: Թող բերի, քավ լիցի: Էդ խոշորի ձեռը մենք կրակն ենք ընկել»:

Քննադատություններին զուգահեռ` Բագրատյանն ուրախ է, որ օրինակ, մակրոտնտեսական ցուցանիշներում Կենտրոնական բանկն ավելի կոնսերվատիվ է: «Ռացիոնալ միտքը ոնց որ թե ավելի սթափ է Կենտրոնական բանկում»,-նկատեց նա:

Բայց…«Էդ աճը չկա, եղբայրներ, գյուղատնտեսության աճը չափազանցված է: Չի կարող լինել 645 000 տոննա կարտոֆիլ, չկա 240 000 տոննա խաղող, չկան էդ այգիները…Էդ բոլորը հեքիաթներ են»:

Եվ վերջում Բագրատյանն ասաց ամենակարևորը. «Մենք ինչո՞ւ քննարկման չենք դնում, թե ինչքան փող պետք է տա Կենտրոնական բանկը բյուջե: ԿԲ շահույթը բյուջեի  լուրջ եկամուտներից մեկը պետք է լինի: Ֆինանսների նախարարությանն էս հարցը չի՞ հուզում»:

Ամփոփելով ելույթը` ՀԱԿ պատգամավորը պատկերավոր ձևով ասաց. «Կենտրոնական բանկը, ֆինանսական համակարգը ամորձիներից բռնել, չեն թողնում հանրապետությունը զարգանա: Սա լրջագույն խնդիր է…:

Մահացել է Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Վահագնի Մուշեղյանը

Obituary - Arthur MusheghyanՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 8-ին Վիեննայում 53 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացավ Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Վահագնի Մուշեղյանը:

Արթուր Մուշեղյանը ծնվել է 1960 թ.-ին: 1982թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, 1996-ին՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան:

Արթուր Մուշեղյանը 1992 թ. դիվանագիտական ծառայության է անցել ԱԳՆ համակարգում, տարբեր պաշտոններ զբաղեցնելով ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և ԵԱՀԿ դաշտային առաքելություններում։
1996-1997թթ. աշխատել  է Տաջիկստանի ԵԱՀԿ գրասենյակում, 1997-2002թթ.՝ ԵԱՀԿ առաքելություններում Խորվաթիայում և Էստոնիայում: 2004-2007թթ. Արթուր Մուշեղյանը եղել է Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդական: 2007-2011թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջուկային անվտանգության վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչի պաշտոնը: 2011-ից՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական:

Արթուր Մուշեղյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր և մեկ որդի։ Նա տիրապետում էր ռուսերեն, անգլերեն և սերբա-խորվաթերեն լեզուներին։

Ուներ երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան:

Արթուր Մուշեղյանի որպես լավ ընկերոջ, նվիրված և օրինակելի մարդու և
մարդկային մեծագույն արժեքներով օժտված մարդու հիշատակը միշտ վառ կմնա
նրան ճանաչողների սրտերում:

 

Զինդատախազություն.Հանձնարարվել է պարզել տեսագրությունը ԶԼՄ-ներում հայտնվելու հանգամանքները

դատ06.06.2013թ. Սյունիքի մարզպետարանի կողմից 2013թ. հունիսի 1-ին ժամը 23-ի սահմնաններում Գորիս քաղաքի Դավիթ Բեկ 1 հասցեում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած հանցագործությունը պատկերող տեսագրության վերաբերյալ կատարած մեկնաբանությունները չեն կարող դիտվել, որպես նախաքննության կամ հետաքննության տվյալների հրապարակում, քանի որ տեսագրությունը մինչև քննիչների կողմից առգրավվումը գտնվել է բնակարանատիրոջ և նրա հարազատների տրամադրության տակ և մինչև տեսագրող սարքի առգրավվումը անցել է որոշակի ժամանակահատված, ինչը հնարավորություն է ստեղծել հիշյալ անձանց համար մինչև տեսագրության նախաքննության տվյալ դառնալը ստանալ այդ տեսագրության պատճեները:

Անընդունելի է ոչ թե տեսագրության մասին մեկնաբանությունների հրապարկման փաստը, այլ այն, որ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը տարածել է հայտարարություն մի հարցի կապակցությամբ, որը չի մտնում նրանց լիազորությունների մեջ, և ոչ էլ բխում է նրանց գործառույթներից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարույթն իրականացնող մարմնին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` պարզելու հիշատակված տեսագրության զանգվածային լրատվության միջոցներում հայտնվելու հանգամանքները

Հրանտ Բագրատյանի «օֆշորային նախագիծը» մերժվեց

Hrant-Bagratyan456-e1348763474804ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած` «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» և «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» նախագծերը չմտան ԱԺ օրակարգ: Դրանց դեմ քվեարկեցին Հանրաետականն ու ՕԵԿ-ը:  Պատգամավորի հեղինակած` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հետաձգվեց։

Նշենք, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել էր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» նախագիծը, և հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:

Նախագծով առաջարկվում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում, այդ ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին, արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:

Հրանտ Բագրատյանի կարծիքով` օրինագծի ընդունումը շեշտակիորեն կնվազեցնի հանքարդյունաբերության ոլորտում առկա ստվերայնությունը:

Կառավարությունը նույնպես ոչ դրական տեսակետ էր ներկայացրել նախագծի վերաբերյալ` հայտնելով, որ կառավարությունում մշակում է մի նախագիծ, որում կկարգավորվեն նաեւ օֆշորի հետ կապված խնդիրները:

 

Լոռի, մեղադրանք է առաջադրվել`երեխային վաճառելու համար

դատախազությունԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է այլ անձի խնամքին հանձնելու նպատակով Լոռու մարզի բնակչուհու կողմից իր երեխային վաճառելու  փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Լոռու մարզի բնակչուհի Ռիման  2011 թվականի մարտի 13-ին  համաձայնության է եկել Ախթալա  քաղաքի բնակիչ Ա.Կ.-ի հետ՝ իր` 2010 թվականի հունվարի 26-ին ծնված երեխային նրա խնամքին հանձնելու հարցում՝ 3500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարձատրության դիմաց։  Քրեական գործի նյութերի համաձայն` երեխայի մայրը նախ ստացել է  367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած գումարը վերցրել է երեխային հանձնելուց հետո`  2012 թվականի մարտի  մարտի 22-ին, Վանաձոր քաղաքում:

Ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով։ Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

 

Սևանի հողահատկացումներում արձանագրված չարաշահումների գործով դատապարտվել է 4 անձ

7840_b«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման նպատակով տրամադրված հողահատկացումների ընթացքում արձանագրված չարաշահումների վերաբերյալ դատարան է ուղարկվել 4 քրեական գործ` 4 անձի վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ և նշված անձինք դատապարտվել են:

Այսպես` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքային ստորաբաժանման նախկին պետը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի Սևանի տարածքային ստորաբաժանման նախկին երկու պետերը, ովքեր նշված պաշտոնում աշխատել են 1999-2010 և 2010-2011թթ., մեղավոր են ճանաչվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ձեռնարկում է միջոցներ` ապօրինի հողահատկացումների վերաբերյալ պայմանագրերն անվավեր ճանաչելու ուղղությամբ: Դատարան է ներկայացրել 53 հայց` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի եւ /կամ/ կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու և չվճարված վարձավճարների գումարները բռնագանձելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:

 

Սպասվում են տեղումներ

big_1370859134_rainy-wallpaper7Հանրապետության տարածքում`

Հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-15-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 12-15-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 7-10 աստիճանով:

 

 Երևանում`

Հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 12-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևանի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան    35.00C (1969 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան       7.60C   (1930 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան   21.10C

 

Հայոց բանակի զինվորի առօրյան (լուսանկարներ)

Snapshot - 27 copy«Անկախ»-ը ներկայացնում է Հայոց բանակի զինվորի առօրյան լուսանկարների միջոցով. հերթապահություն, տեսական դասեր, գործնական պարապմունքներ  և զորավարժություններ:

Կայծակնահարությունից քաղաքացի է մահացել

ԿայծակնահարությունՀունիսի 10-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում ս.թ հունիսի 9-ին կայծակնահարվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Միրաք գյուղի բնակիչ՝ 1925 թ. ծնված Ջ. Հաջոյանը մահացել է բնական մահով, իսկ 1971 թ. ծնված Ա. Նամոյանը վախեցել է կայծակի որոտից և տեղափոխվել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն`դուրս է գրվել:

Կարկտահարություն Շիրակի մարզում

Կարկտահարություն ՍտեփանավանումՀունիսի 10-ին, ժամը 11.57-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ հունիսի 9-ին Շիրակի մարզի Ազատավան գյուղում կարկուտ է տեղացել:

Տեղացած կարկուտի հետևանքով Ազատավան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ:

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:
Վերոհիշյալ գյուղերը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

 

Մայրաքաղաքում անցկացվել է “Երևան. բիզնես-վազք 2013”-ը

002Երևանի քաղաքապետարանը “Ավստրիական ավիաուղիներ”, «SmartRunning» և AIMS–ի (Մարաթոնների և վազքի միջազգային միություն) ընկերությունների հետ հունիսի 9-ին արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացրել է “Երևան. բիզնես-վազք 2013” (Yerevan Business Run-2013) մրցավազքը: Միջոցառման գլխավոր նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն ու մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրերին մասնավոր հատվածի ներգրավումն է:

Մրցավազքի երթուղին մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածից և շարունակվել Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով մինչև սկզբնակետ և այսպես՝ երեք անգամ. մրցուղին կազմել է 10 կիլոմետր:

Բարեգործական վազքին մասնակցել են շուրջ 30 երևանյան և արտասահմանյան ընկերություններ: Ընդհանուր առմամբ այս տարի “Երևան. բիզնես-վազք 2013”-ին մասնակցել է ավելի քան 200 մարդ: Մրցավազքին երկու տարբեր տարիքային խմբերով մասնակցել են նաև երեխաներ` 500 և 1000 մետր վազքուղով:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևանից ու նաև մարզերից ժամանած և մրցավազքին մասնակից փոքրիկները հնարավորություն են ստացել “Երևան Սիթի Տուր” ծրագրի ավտոբուսներով անվճար շրջելու մայրաքաղաքով և ծանոթանալու պատմամշակութային վայրերին:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ կանանց և տղամարդկանց տարիքային տարբեր խմբերի անհատական պայքարում երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրած վազորդներն ստացել են մեդալներ, իսկ պատվավոր առաջին հորիզոնականում գտնվողներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանձնվել են ժամացույցներ:

Թիմային փոխանցավազքի արդյունքներով առաջին ու գլխավոր մրցանակակիր “Ռեսո” ապահովագրական ընկերության վազորդները հնարավորություն են ստացել նաև մասնակցելու “Վիեննա. բիզնես-վազք” ամենամյա մարաթոնին: Ի դեպ, մեդալներ են ստացել մրցավազքի բոլոր մասնակիցները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին` մասնակիցները կարևորել են մասնավոր ընկերությունների մասնակցությունը մայրաքաղաքի բնապահպանական ծրագրերին  և հույս հայտնել, որ հաջորդ տարի ևս հնարավորություն կունենան կրկին մասնակցելու և իրենց փոքրիկ ներդրումը բերելու Երևանի զարգացման գործում: Նշենք, որ մրցավազքից հավաքված  գումարը տրամադրվելու է մայրաքաղաքի այգիներից մեկի վերականգնմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց կրկին հայ-թուրքական արձանագրությունների վեճով

tKQTAnBBJ41SiDu3JlBH_tnԱզգային ժողովը սկսեց հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Գրանցվել է 109 պատգամավոր:

Ավանդույթի համաձայն՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը բարձրացրեց հայ-թուրքական արձանագրությունները կամ ինչպես ինքն է կոչում՝ այդ խարանը ԱԺ մեծ օրակարգից հանելու հարցը:

Նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հանրապետական կուսակցությունը ՀՀԿ խորհրդի նիստում քննարկել է հայ-թուրքակամ արձանագրություններն ԱԺ օրակարգից հանելու հարցը, և թե նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցի վերաբերյալ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ նման քննարկում չի եղել, և կրկնեց ավանդական պատասխանը, որ հարցը գտնվում է ՀՀ նախագահի լիազորությունենի շրջանակում, որն էլ առայժմ նման որոշում չի կայացրել:

Զարուհի Փոստանջյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, թե այսօր Թուրքիան ինչպես է վարվում սիրիահայերի հետ, կարծում է, որ այս խայտառակ արձանագրությունները պետք է դուրս գան ԱԺ օրակարգից, և դրա նախաձեռնողը պետք է լինի Հանրապետական կուսակցությունը: «Սա ոտնձգություն է մեր անկախության նկատմամբ»,-ամփոփեց նա՝ հորդորելով ՀՀԿ-ին քննարկում իրականացնել այս հարցի վերաբերյալ:

«Շնորհակալություն հորդորների համար, մենք ինքներս կորոշենք»,-արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը շտապեց պաշտպանել հանրապետականին՝ հայտարարելով, որ ինքը «Ռեգնումին» հարցազրույց է տվել հատուկ այդ թեմայով և ասել, որ դա հանրապետության նախագահի հաղթարշավի դրսևորումն է: «Ընդհակառակը, այդ արձանագրությունները հաղթախաղ են Ազգային ժողովում,-ասաց Գեղամյանը,-միայն այն փաստը, որ Հայաստանի հանրապետությունը, չնայած Թուրքայի վարգածին, այնուամենայնիվ, դեռ պահպանում է այդ արձանագրություններն ԱԺ մեծ օրակարգում, համաշխարհային ուժի կենտրոններին հուշում է մի բան, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության, մենք տարածաշրջանում ունենք շատ կոնստրուկտիվ պետություն՝ հակառակ Թուրքիայի»:

Նա գտնում է, որ օրակարգից այդ արձանագրությունների հանումը մեծագույն նվեր կլինի Թուրքիային ու Ադրբեջանին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, անդրադառնալով արծարծված հարցին, ասաց, որ արձանագրությունների ստորագրման պահից մինչ այսօր բավականին երկար ժամանակ է անցել, և այդ թաստաթղթի վերաբերյալ միջազգային հանրութան կարծիքը փոխփոխվել է:

Նա առաջարկեց Ազգային ժողովում կազմակերպել քննարկում, որպեսզի յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնի դրա վերաբերյալ և ոչ թե հոդվածներ գրի և նիստերից առաջ խոսի:

Սեյրան Օհանյանը ՊՆ ոլորտի առաջիկա անելիքների մասին

Սեյրան-ՕհանյանՀունիսի 7-8-ը երեք տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ Տավուշի մարզ էին մեկնել, որտեղ այցելեցին զորամասերից մեկը, հետևեցին զինծառայողների պարապմունքներին ու զորավարժությանը, ինչպես նաև այցելեցին մարտական դիրքեր:  Լրագրողները հանդիպում ունեցան նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով մեկ ու կես ժամ լրագրողներին ներկայացրեց ՊՆ ոլորտում բարեփոխումներն ու անելիքները, պատասխանեց հարցերին:

Ասուլիսը համընկել էր Սեյրան Օհանյանի վերանշանակման 50-րդ օրվա հետ, ինչի առթիվ նախարարը նշեց. «Երկրորդ անգամ նշանակումը պարտավորեցնող է ՊՆ անձնակազմի և անձամբ ինձ համար:  Նշանակում է, որ կրկնակի եռանդով իմ աշխատանքը պետք է շարունակեմ.  Հայաստանի շուրջ գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրավիճակը  և սպառնալիքներն ստիպում են ունենալ մարտունակ և մշտապես կատարելագործվող բանակ»:

Օհանյանը, խոսելով իր պաշտոնավարման հինգ տարիների մասին, ասում է, որ դրանք եղել են  ռազմավարական նոր մշակույթի ձևավորման տարիներ. «Պաշտպանական ռազմավարության վերանայումն ամենակարևոր միջոցառումն էր այս ժամանակահատվածի համար: Այս տարիների ընթացքում գնահատեցինք միջավայրը, սպառնալիքները, որ գոյություն ունեն մեր երկրի շուրջը և դրա ավարտին ունեցանք զինված ուժերի զարգացման պլան, որը որ միջնաժամկետ հեռանկարում ապահովելու է ՀՀ ԶՈՒ զարգացումը»:

Նախարարն ասում է, որ կարողացել են իրականացնել իրենց առջև դրված գլխավոր խնդիրը` ինքնիշխանության,  տարածքային ամբողջականության , պաշտպանության խնդիրները,  ՀՀ և ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովումը:

2008-ից շեշտադրվում են ոչ թե քանակային տվյալները, այլ նաև որակական աշխատանքը   զինված ուժերի մարտունակության առումով` սկսած պատրաստությունից մինչև ստորաբաժանումների ներդաշնակում. «Այդ տարեթվից ի վեր մեր բոլոր կարգախոսները եղել են` ԶՈՒ պատրաստությանը նոր որակ»:

Մշակվել է  նաև ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի  զարգացման ծրագիրը և ռազմական արդյունաբերական համակարգի հայեցակարգը, որն ազգային անվտանգության խորհրդում հավանության է արժանացել: Ըստ այդմ` ընթացք կտրվի  հայրենական ռազմական արտադրությանը:

Օհանյանը նշեց, որ 2014-ից ունենալու ենք մեր ակադեմիան, որն օպերատիվ մարտավարական օղակի  զինծառայողների պատրաստությունն է իրականացնելու: Ակադեմիայի տված կրթությունը  համապատասխանելու է մագիստրոսի աստիճանին:

«Լուրջ ուշադրություն ենք դարձնում նաև պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համալրման խնդիրներին:   Հատկապես  առաջին գծի զորամասերում դասակի հրամանատարի տեղակալները և  ջոկի հրամանատարները  պրոֆեսիոնալ սերժանտներ են, ինչը թույլ է տալիս հրամանատարների աջակցության շնորհիվ ավելի վերահսկելի և հետևողական դարձնել մարտական հերթապահության իրականացման ողջ խնդիրները»,- ասում է Օհանյանը:

Շարունակվելու է նաև զինված ուժերի համալրման խառը սկզբունքը` պայմանագրային զինծառայողներով և զորակոչիկներով: Պայմանագրային ծառայողների կազմը համալրվում է հատկապես սահմանամերձ բնակավայրերում` դրանով իսկ տեղացիներին դարձնելով սեփական բնակավայրի պաշտպանության մասնակիցը, ինչպես նաև որոշակի սոցիալական խնդիրներ լուծելով:

Նախարարը նշեց նաև, որ 2014-ից նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների վարձատրությունը:

Այսօրվանից` հունիսի 10-ից մեկնարկում է 2013-ի գարնանային զորակոչը:

Օհանյանն ասում է, որ վերջին մի քանի  տարիներին լուրջ հիմքերի վրա դրված  զորակոչի անցկացումը` սկսած  նախազորակոչային տարիքում կցագրային խնդիրներից, բուժհետազոտման խնդիրներից մինչև  անմիջապես զորակոչից առաջ բուժհետազոտման խնդիրները,  նորակոչիկների ընդգրկումը ԶՈւ ծառայությանը` հաշվի առնելով ադապտացիոն պրոցեսը:

«Հրամանատարների խնդիրեն է, որ ադապտացիայի ընթացքում ավելի ուշադիր լինեն սկսած անհատական դաստիարակչական պատրաստությունից:,- ասում է նախարարը:- Հայրենիքի պաշտպանը ձևավորվում է ոչ միայն բանակում, այլ սկսած ընտանիքից: Հայրենիքի պաշտպանի հատկանիշների կատարելագործումը իրականացնում ենք հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկի միջոցով`  զինկոմիսարիատից և դպրոցից տրամադրում են նորակոչիկների հատկանիշների մասին ինֆորմացիա: Դրա վրա հենվելով փորձում ենք նրանց մոտ ձևավորել զինվորներին  համապատասխան հատկանիշներ»:

Իսկ ՊՆ կառուցվածքի բարեփոխումների շրջանակում ստեղծվել է  նյութատեխնիկական դեպարտամենտ, որը իրականացնում է գնումների ողջ գործընթացը ի տարբերություն նախորդ տարիների, երբ համապատասխան վարչություններն իրականացնում էին և գնումը և ապահովումը:

Օհանյանն ասում է, որ կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում կարողացել են  գնումների գործընթացն ավելի բարձր հիմքերի վրա դնել. « Բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ նյութական միջոցները միշտ էլ որոշակի պաշտոնատար անձանց շահագրգռում են: Որքան լինելու են ֆինանսներ և նյութատեխնիկական միջոցներ, այնքան էլ մարդիկ այս կամ այն ժամանակամիջոցում հնարամտություններ են փորձելու գտնել` պետական շահերն օգտագործելու նաև սեփական շահերի համար: Մեր վերահսկողական մեխանիզմներով աշխատանքը դրա վրա ենք ուղղում, որպեսզի կարողանանք բացահայտել այդ կոռուպցիոն ռիսկերը, ժամանակին կանգնեցնենք մարդկանց,  ժամանակին հեռացնենք նրանց այդ գործընթացներից»:

 

Կարդացեք նաև`

Հայաստանը կշարունակի իր միջազգային խաղաղապահ առաքելությունը

Աղջիկները ևս կկարողանան յուրացնել սպայի մասնագիտությունը

ՊՆ· բանակում միջադեպերի յուրաքանչյուր մեղավոր պատժվում

Սեյրան Օհանյանը Գորիսի միջադեպի մասին

 

Հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը 13,25 է, 80 դիմորդ էլ 20 է ստացել

հայոց լեզուՀրապարակվել են Հայոց լեզվի և գրականության միասնական քննության գնահատականները: Քննությանը մասնակցել է հայտագրված 8975 դիմորդներից  8648-ը, 327-ը չեն ներկայացել քննության:

Հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների   5,6 տոկոսը:

7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:

Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:

Այսօր ժամը 9-18-ը դիմորդները կարող են բողոքարկել իրենց գնահատականները քննակենտրոններում: