Սյունիք. Սնդիկի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

sndikՔրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վ.Գրիգորյանը, ձեռք բերելով և իրացնելու նպատակով իր մոտ պահելով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ, 2013թ. փետրվարի 9-ին նախնական համաձայնության է եկել իր հորեղբոր որդու` Մ.Գրիգորյանի, ապա նաև` վերջինիս ընկերոջ` Գ.Հակոբյանի հետ, և որոշել են այն փոխադրել Երևան քաղաք և իրացնել:  Այդ նպատակով 2013թ. փետրվարի 10-ին` ժամը 20:00-ի սահմաններում, թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկը Կապանից փոխադրել են Երևան:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մ.Գրիգորյանին, Գ.Հակոբյանին և Վ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի Մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ավտոմեքենան ընկել է գետը

arm136588009859Նույն օրը, ժամը 12.01-ին, ահազանգ է ստացվել, որ որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի մոտակայքում ավտոմեքենան մասամբ հայտնվել  է Արփա–Սևան ջրա­­­տարում:

Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել  Ս. Մկրտչյանին պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի 35 ՏT 899 պ/հ ավտոմեքենան, տուժածներ չկան:

 

Հրշեջ-մեքենան վթարի է ենթարկվել

imagesՄայիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.42-ին  հրշեջ-մեքենան ուսումնավարժության մեկնելիս ենթարկվել է վթարի, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Նուբարաշենի գերեզմանատան մոտակայ­ք­ում, «Իսուզու» մակնիշի 339 VV 01 հրշեջ-ավտոմեքենան բախվել է 1972 թ. ծնված Ռ. Աբրահամյանի վարած «Ֆիատ» մակնիշի 03 LS 096 պ/հ ավտո­­­մեքենային, վերջինս էլ բախվել է 1984 թ. ծնված  Մ. Մանուկյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 PU 631 պ/հ ավտոմեքենային:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1970 թ. ծնված Տարիել Քիշմիրյանը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Աբրահամյանին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները։ Տուժածը նույնպես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները Ռ. Աբրահամ­յանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Տ. Քիշմիրյանինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:

Ժամը 14.00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Ջաղացպանյանից տեղե­կություն է ստացվել, որ Ռ. Աբրահամյանը մահացել է:

Ամստերդամցի տարեց մարմնավաճառները` թոշակային տարիքում

o_632011Գերմանական Die Welt-ը հարցազրույց է ունեցել ամստերդամցի 70-ամյա մարմնավաճառ զույգի` Լուիզ և Մարտինա Ֆոկենսների հետ, որոնք գրեթե կես դար զբաղվել են մարմնավաճառությամբ  Ամստերդամի “կարմիր լապտերների” թաղամասում: Մարտին նրանք թոշակի անցան, սակայն ասում են, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց սիրած գործից:

Քույրերն ասում են, որ շարունակում են հանդիպել տղամարդկանց հետ ու հայտարարել են, որ դեռևս կարող են երիտասարդներին  օրինակ ծառայել: Նրանք խոստովանում են, իհարկե, որ տարիքն իրենն անում է.Մարտինան 2009-ից հետո “աշխատանքի” է ներկայացել շաբաթական  ընդամենը երկու անգամ` արթրիտի պատճառով: Նրանք նոր սերնդին հարգանքով են վերաբերվում, սակայն կարծում  են , որ XXI դարի աղջիկներն   իրենց այնքան էլ   խելացի չեն պահում:

“Առաջ ինտիմ սպասարկման ոլորտի ներկայացուցիչները միմյանց նկատմամբ հարգալից էին, ասես հարազատներ լինեին, ինչն այսօր հազվադեպ է պատահում: Բացի այդ,  շատ  հաճախորդ գրավելու նպատակով գին են իջեցնում, ինչը լրջորեն ազդել է շուկայի վրա: Նախկինում աղջիկների վրա ավելի շատ հագուստ կար, քան հիմա: Դա յուրօրինակ խաղ էր. հաճախորդը յուրաքանչյուր  հանված կտորի համար վճարում էր,  արդյունքում մի կլորիկ գումար էր ստացվում: Իսկ այսօր աղջիկները փողոցում կիսամերկ են կանգնում, ինչը ազդում է և գրավչության , և այն գումարի վրա, որ նա ստանում է աշխատանքի ավարտին”:

Քույրերը փողոց են ելել 20 տարեկանում` ֆինանսական ծանր դրության պատճառով: Լուիզա Ֆոկենսը խոստովանել է, որ մարմնավաճառությամբ զբաղվել ստիպել է ամուսինը, հաճախ` ուժի սպառնալիքով: Սեքսով զբաղվելու արդյունքում Լուիզան ամուսնուն  Alfa Romeo ավտոմեքենա է գնել, ինչի համար բոլորովին չի զղջում: Ավտոմեքենայով ամուսինը նրան “աշխատանքի” էր տանում. դա էականորեն ազդել էր իր “գնի “ վրա:

Ֆոկենս քույրերն  Ամստերդամի լեգենդ են: Նրանք “Տիկիններն Ամստերդամից” գիրք են հրատարակել ու դոկումենտալ “Հանդիպում Ֆոկենս քույրերի հետ” ֆիլմի հերոսն են:

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ստրասբուրգ

Էդվարդ ՆալբանդյանՄայիսի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամներին

Minister Nalbandian meets Parliamentary friendship group members 15.05.2013Մայիսի 14-ին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարևորվեց այդ գործընթացում Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը:

Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի  մոտեցումները:

Նույն օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամության խմբերի անդմաների հետ  ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների նախաձեռնությունները և ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Տարբեր կուսակցություններ ներկայացնող Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, որին ներկա էին Փարիզում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի արտգործնախարարության և այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու լրագրողներ, ֆրանսիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Նալբանդյանը իր ելույթում ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, հեղինակավոր քաղաքագետների և վերլուծաբանների հետ։ Հանդիպմանը տեղի ունեցավ շահագրգիռ և հանգամանալից քննարկում միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

Ընթերցող երեխան՝ միջավայրի հերոս

arm-6021-SAM_3222Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել “Ընթերցման” օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով “Ընթերցման” օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: “Ապագան կառուցվում է գիտելիքի արժևորմամբ. ոչ ընթերցասեր մարդը հուսալի ապագա չունի: Ամիսներ տևած օլիմպիադան գրանցեց իր հաջողությունը: Սա գրքին մերձենալու հաջողված առիթ էր: Մեր աշակերտներն ապացուցեցին, որ ժամանակակից հայ երեխան գիրքը համակարգչով չի փոխարինում և, բացի հեռակառավարման վահանակից և համակարգչից, սիրով նաև գիրք է բացում ու կարդում: Վերջին շրջանում հաճախակի են դարձել հոռետեսական կանխատեսումները՝ “գրքի մահանալու” մասին, մինչդեռ ես վստահ եմ, որ դա այդպես չէ, քանի որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր գիրքը մշտապես իրենց ձեռքում են պահում,- նշել է նախարարը և հավելել,- չեմ թերագնահատում տեխնոլոգիական առաջընթացը: Ինքս լինելով տեղեկատվական միջոցների ակտիվ օգտատեր՝ մշտապես ունեմ գիրք կարդալու մեծ ցանկություն, քանի որ վստահ եմ՝ գրքով կարդացածն ուրիշ է”:
“Ընթերցման” օլիմպիադայի առաջին փուլը կայացել է նոյեմբերին, որին մասնակցել են շուրջ 10 հազար աշակերտներ հանրապետության տարբեր դպրոցներից: Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ, որոնցից էլ մասնագիտական մրցատյանի կողմից ընտրվել են հաղթողները: “Ընթերցման” օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ և շեշտադրմամբ կարդալու կարողությունը: Ժյուրիի անդամ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ եզրափակիչ փուլում երեխաները նախ ընթերցել են իրենց նախընտրած ստեղծագործությունը, այնուհետև արդեն՝ ժյուրիի կողմից առաջարկված ստեղծագործությունը:
Հաղթող է ճանաչվել Մարիա Նավասարդյանը: Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Սաթենիկ Միրաքյանն ու Ալեն Սարգսյանը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Հաղթողը ստացել է Հռոմ մեկնելու ուղեգիր՝ ծնողներից մեկի ուղեկցությամբ:
Մրցույթը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունների և “Անտարես” հրատարակչության կողմից: Նախաձեռնությանը աջակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև մի շարք մասնավոր կազմակերպություններ: Մրցանակներ են ստացել նաև եզրափակիչ փուլին մասնակցող երեխաների դպրոցները: Կազմապերպիչների խոսքով՝ “Ընթերցման” օլիմպիադայի հիմնական գաղափարը ընթերցող երեխային շրջապատի, միջավայրի, համայնքի հերոս դարձնելն է եղել:

Ինքնասպանության փորձ Վանաձոր քաղաքում

imagesՄայիսի 15-ին, ժամը 07.07-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 37 ՀՓՋ առ այն, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակի սեփականատեր` 1959 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ. հայ վրիժառու բազուկը…

Arshavir_ShirakyanՀայոց «Նեմեսիսի» ականավոր գործիչներից է Արշավիր Շիրակյանը:

Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թ. Կոստանդնուպոլսում: Նրա կյանքի մասին շատ հետաքրքիր մանրամասներ են հայտնի` շնորհիվ իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վեպի:

Դեռ պատանության տարիներին Արշավիրն անդամագրվեց հայ ազատագրական պայքարի առաջամարտիկը համարվող Հայ հեղափոխական դաշնակցությանը: Դաշնակցությունը լավ դպրոց և դարբնոց եղավ հերոսի համար: Դաշնակցական էր Արշավիրի ողջ ընտանիքը: Պոլսի իրենց տունը հայ գործիչների հավաքատեղի էր: Այնտեղ հաճախ էին հավաքվում հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ` քննարկելու ստեղծված բարդ իրավիճակը: Այս քննարկումներին մասնակցում էր նաև պատանի Արշավիրը: Առաջին աշխարհամարտի սկզբից ևեթ Պոլսում ծանր ու լարված իրավիճակ էր: Չնայած երիտթուրքերի հավաստիացումներին` հայ գործիչները նոր կոտորածների կասկածանքով զգուշորեն էին գործում: Վիճակն ավելի ծանրացավ, երբ սկսված պատերազմի ժամանակ ՀՅԴ-ն հրաժարվեց ընդդեմ Ռուսաստանի համագործակցել թուրքական իշխանությունների հետ:

Այս պարագայում պատանի Արշավիրը իրենց տանը կատարվող գաղտնի հավաքների և քննարկումների ժամանակ հետախույզի դեր էր ստանձնում և ներկաներին փոխանցում իր հավաքած տեղեկությունները թուրքերի ծրագրերի մասին:

Շուտով համարձակ երիտասարդը կուսակցության առաջադրանքով լծվում է այլ պատասխանատու գործի. նա զենք-զինամթերք է հայթայթում և տեղավորում պահեստներում:

Սակայն, ցավոք, ՀՅԴ նախապատրաստական միջոցառումներն այլևս ժամանակավրեպ էին, և երիտթուրքերը կարողացան ի կատար ածել մեծ ոճիրը:

Փրկվելով թուրքական յաթաղանից` Արշավիր Շիրակյանը գործի անցավ: Նա անդամագրվեց ՀՅԴ-ի ստեղծած «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին, որի նպատակը հայոց ցեղասպանություն իրականացնող դահիճների և հայ դավաճանների ահաբեկումն էր:

Եվ ահա Արշավիրը 1920 թ. ստանձնում է իր առաջին պարտավորությունը` շանսատակ անել Պոլսի հայերի մատնիչ` հայ մտավորականների ցուցակը կազմող Վահե Իհսանին: Մինչ այդ նա Պոլսում արդեն իսկ ահաբեկել էր մի քանի թուրք ոստիկանների և ձեռք բերել մարտական մկրտություն: Եվ ահա «Նեմեսիսի» պատասխանատու մարմնի որոշումով 1920 թ. մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը սպանում է Վահե Իհսանին:

Վրիժառուն դավաճանին հանդիպում է Թալաբաշ փողոցում: Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է ստահակին, ով փորձում է փախչել: Սակայն հասնելով նրան` Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին: Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում:

Դավաճանի ահաբեկումից հետո Արշավիր Շիրակյանը հեռանում է Պոլսից և 1920 թ. ամռանը հայտնվում Երևանում: Այստեղ նա մտերմանում է հայ ազատամարտի ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ, որի հանձնարարականով ծառայության է անցնում ՀՀ ոստիկանությունում: Հենց Ռուբեն Տեր-Մինասյանն էլ կազմակերպում է երկու արժանավոր հայորդիների` Արշավիր Շիրակյանի և Արամ Երկանյանի բախտորոշ հանդիպումը իր բնակարանում:

Նրանց հանդիպումը պատահական չէր: Ռուբեն Տեր-Մինասյանն իր բնակարան էր հրավիրել վրիժառու երիտասարդներին` կարևոր առաջադրանքով: Նրանք պետք է Բաքու ուղևորվեին և այնտեղ ի կատար ածեին Էնվեր և Խալիլ փաշաների գնդակահարությունը: Սակայն նրանց վիճակված չէր ի կատար ածել Ռուբենի հրահանգները: Վրիժառուները, բնականաբար, Բաքու կարող էին հասնել միայն Վրաստանով: Այդպես էլ անում են, սակայն Թիֆլիսում ձերբակալվում են վրացական ոստիկանության կողմից և բանտ նետվում: Բարեբախտաբար` կուսակցական ընկերներին հաջողվում է կազմակերպել նրանց փախուստը, որից հետո երկու վրիժառուները Պատասխանատու մարմնից հանձնարարություն են ստանում անցնել Պոլիս և այնտեղ սպասել նոր առաջադրանքի:

Պոլսում Շիրակյանը երկար չմնաց: Նա շուտով ուղևորվեց Հռոմ` ի կատար ածելու հայոց «Նեմեսիսի» մյուս առաջադրանքը` գնդակահարել երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշային, որը փախել և ապաստանել էր Հռոմում:

Երկար ժամանակ չպահանջվեց Շիրակյանից Հռոմում հայտնաբերելու երիտթուրք պարագլուխներին: Նա այնտեղ հանդիպեց անգամ Էնվեր փաշային, բայց հանգամանքները բարենպաստ չէին` ի կատար ածելու ոսոխի մահապատիժը:

Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը Սայիդ Հալիմն էր: Նա որոշ ժամանակ զննեց Հալիմի կենցաղը և 1921 թ. դեկտեմբերի 5-ին պատուհասեց նրան: Երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում վախից անշարժացած Սայիդ Հալիմի քունքին, ապա սառնասրտորեն գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում: Սայիդ Հալիմի թիկնապահը վախեցած անգամ փորձ չի անում հակառակվել հերոսին: Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս` սպասելով հետագա ցուցումների:

Շահան Նաթալու կողմից նոր կարգադրությունը չի ուշանում. 1922 թ. փետրվարին Արշավիր Շիրակյանը Շահան Նաթալու, Արամ Երկանյանի և մի քանի այլ ընկերների հետ ժամանում է Բեռլին` պատուհասելու երիտթուրք պարագլուխ, «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության ստեղծող, «Թուրքիան` թուրքերին» կարգախոսի հեղինակ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի ջարդերի կազմակերպիչ Ջեմալ Ազմիին:

Շատ չանցած` խումբը հայտնաբերում է Ջեմալ Ազմիի բնակարանը և հետախուզում նրան: Այս գործում «Նեմեսիսին» մեծ ծառայություն է մատուցում Մեհմեդ Ալի կեղծանունով թուրքերի շրջապատ սողոսկած վրիժառու հայորդին` Հրաչ Փափազյանը: Նա հայտնում է «Նեմեսիսի» պարագլուխներին, որ թուրքերի հավաքատեղին հենց Ազմիի խանութն է: Վրիժառուները որոշում են հավաքի ժամանակ ներխուժել խանութ և բոլորին շանսատակ անել այնտեղ: Սակայն այս պլանը ձախողվում է: Բայց դա չի հուսահատեցնում Շիրակյանին ու իր ընկերներին, որոնք մշակում են վրիժառության երկրորդ պլանը: Վրիժառուները որոշում են գործողությունն ի կատար ածել մարտի 15-ին, երբ թուրքերը հավաքվելու էին Թալեաթի տանը` նշելու նրա սպանության տարելիցը: Պլանի համաձայն` այդ օրը պիտի իսկական «տոն» դառնար թուրք ոճրագործների համար: Սակայն այս պլանը նույնպես ձախողվում է:

Սա հուսահատեցնում է Շահան Նաթալիին, որը ցանկանում է անգամ չեղյալ համարել գործողությունն այդ փուլում: Այնուամենայնիվ, վճռականությունը հաղթեց: 1922 թ. ապրիլի 17-ին թուրք հասարակության սերուցքը խնջույքի էր հավաքվել Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի բեյի տանը: Կեսգիշերից առաջ ավարտվեց խնջույքը, և թուրքերը խմբերով հեռացան հյուրընկալի տնից:  Նրանց մեջ էին Թալեաթի կինը` Հայրիե Թալեաթը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին` իրենց կանանցով և երեխաներով, մի խումբ թիկնապահներ:

Հետևի կողմից մոտենալով խմբին` Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը հարձակվեցին նրանց վրա: Արշավիրը, հայտնվելով Ջեմալի կողքին, մի կրակոցով գետին տապալեց նրան: Մյուս կրակոցն ուղղված էր Բեհաէդդին Շաքիրին, սակայն այս անգամ Արշավիրը վրիպեց: Գնդակը մտավ այտի մեջ, դուրս եկավ մյուս այտից: Այդ պահին չուշացավ Արամ Երկանյանի կրակոցը, որը գլխի թափանցիկ կրակոցով վերջ տվեց ճիվաղի կյանքին:

Երբ իրենց առաքելությունը ավարտած հայորդիները սկսեցին նահանջել, Թալեաթի այրին փորձեց խանգարել Արշավիրին: Վերջինս ատրճանակը պահեց նրա կրծքին, սակայն վեհանձնաբար չկրակեց: Վախեցած այրին հետ քաշվեց, և Արշավիրը հեռացավ դեպքի վայրից: Սակայն չդիմանալով գայթակղությանը` նա քիչ անց հետ վերադարձավ` հիանալու իր և Արամի աշխատանքի արդյունքով. երկու հայասպանները և մեկ թիկնապահ թավալգլոր սատակած էին Ուհլանդ փողոցի մեջտեղում, իսկ նրանց ուղեկցող կանայք և տղամարդիկ խելակորույս վայնասուն էին բարձրացրել:

Իմանալով, որ թուրք պարագլուխներին հանդիսավոր ու պատվավոր թաղում են նախապատրաստում, Շահան Նաթալին միտք հղացավ հենց թաղման օրը սպանդ սարքել և միանգամից լուծել հայության վրեժը երիտթուրքերից: Սակայն հետախուզությունը հաղորդեց, որ Գերմանիայի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել և տասնյակ հայեր են արդեն ձերբակալվել: Իրենց գործը փառահեղ ավարտած` հայ վրիժառուները հեռացան Բեռլինից:

Թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, սակայն Բուլղարիայում նրան փորձություն էր սպասում: Վառնայի «Բալկան» հյուրանոցի սրճարանում թուրքերը ծուղակ են պատրաստում Արշավիրի համար և մի քանի հոգով շրջապատում են նրան առևանգելու և հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ: Այս ծանր պահին քաջ հայորդին չի կորցնում իրեն: Ուղղակի գրպանից հանում է ատրճանակը, պահում թուրքերի վրա և սպառնում գնդակահարել ավելորդ շարժում անողին: Ապահովելով իր կյանքը` նա սրճարանի աշխատակիցներից պահանջում է ոստիկանություն կանչել:

Մոտեցած ոստիկանը պարզաբանում է, որ Արշավիրի պատանդները թուրք գաղտնի ոստիկաններ են, որոնք ուզում են վրիժառուին ձերբակալել և Պոլիս տանել հաշեհարդարի: Արշավիր Շիրակյանը ստիպված խոստովանում է բուլղարացի ոստիկանին իր ով լինելը. նա ասում է, որ ինքն է Հռոմի և Բեռլինի սպանությունների հեղինակը, ՀՅԴ անդամ է և բուլղարների պես պայքարում է թուրքական բռնապետության դեմ: Ոստիկանը Արշավիրին ոչ միայն չի հանձնում թուրքերին, այլև իր պաշտպանության տակ է առնում:

Նույն 1922 թ. Արշավիր Շիրակյանը ընտանիք է կազմում` ամուսնանալով  վաղուց սիրած աղջկա` Գայանեի հետ: Շուտով ՀՅԴ-ն փոխում է իր մարտավարությունը Թուրքիայի նկատմամբ, «Նեմեսիս» ծրագիրը կասեցվում է: Այլևս անելիք չունենալով Եվրոպայում` Արշավիր Շիրակյանը 1923 թ. ընտանիքով հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ գործում է մինչև կյանքի վերջը: Նա հաստատվեց Նյու-Յորքում, որտեղ զբաղվեց արևելյան գորգերի առևտրով:

Մեծ հայորդին ու վրիժառուն վախճանվեց 1973 թ. ապրիլի 12-ին:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

ԱԻ նախարարության համակարգած հակակարկտային կայանները գործել են անխափան

IMG_6953Մայիսի 12-ին ՀՀ տարածքում տեղացած ուժեղ կարկուտը աննկարագրելի վնաս հասցրեց գյուղատնտեսությանը: Հակակարկտային կայանների աշխատանքը բնավ չզգացվեց, ուստի առաջացավ պարզաբանման կարիք: Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում իրավիճակը փոձեցին պարզաբանել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը և «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը: Պարզվում է` «նախարարության համակարգած հակակարկտային կայանները գործել են անխափան»:
«Չորս մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 հազար հեկտար տարածքից 13 հազարը: Մեկ կայանը պաշտպանում է միայն 500 քմ մակերեսով տարածք: Կայանները ավտոմատացված են, և դեպի կարկտաբեր ամպը մոտ 50 հազար կրակոց է արձակվել մեր վերահսկողության տակ գտնվող բոլոր կայաններից միասին վերցված: Սակայն, քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չեղավ խուսափել աղետալի հետեւանքներից: Այժմ աշխատանքներ են տարվում հանրապետության տարածքում գտնվող բոլոր հակակարկտային կայանները, որոնք տեղադրվել են անհատ ձեռներեցների եւ գյուղապետերի կողմից, վերցնել մեր վերահսկողության տակ, որպեսզի դրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Նման կայանների գործարկման եւ սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա պետությունը: Նախատեսվում է ապագայում ևս 1200 հակակարկտային եւ նոր ռադիոլոկացիոն կայաններ տեղադրել Հայաստանի տարածքում: Ներկայումս Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ». – ասաց Հովսեփյանը:

 

Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա են գտնվել Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը

3006Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա են գտնվել Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Մինչ այդ, Բելառուսի Նախագահը, այցի շրջանակներում, առավոտյան այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան:

 

Մենք ոչ թե լքեցինք մեր տունը, այլ չուզեցինք խժդժություններ առաջացնել նրա ներսում, իսկ այժմ կրկին միավորվում ենք. ՀՀՇ վերագրանցման նախաձեռնողներ

Նոր-ՀՀՇ-4Հայոց Համազգային Շարժումը վերածնվել է: Վերագրանցման նախաձեռնողներն են Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը և Կարապետ Ռուբինյանը, ովքեր այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Գործիչները նշեցին, որ իրենք հպարտանում են կուսակցության 25 տարվա քաղաքական գործունեությամբ և ցավ զգում ձախողումների ու սխալների համար, հանդիսանալով ՀՀՇ Ղարաբաղյան շարժման տարիներից եկող ողջ գաղափարախոսության կրողները, գտնում են, որ ինչ-որ մեկի կամ մի քանիսի որոշմամբ չի կարող վերանալ նման պատմություն ունեցող կուսակցությունը, ուստի իրենք որոշել և իրականացնում են ՀՀՇ վերագրանցումը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ պետք է արվի այն հարցի հետ, որ մարդիկ կապում են ՀՀՇ անունը Լևոն տեր-Պետրոսյան անվան հետ և դժվար է առանց մեկ մեկու պատկերացնել երկուսը, բանախոսները պնդեցին, որ միանշանակ սխալ է կուսակցությունը կապել անձերի ու լիդերների հետ, և իրենք շատ շուտով իրենց գործունեությամբ կապացուցեն, որ հնարավոր է կառավարել կուսակցությունը համատեղ ուժերով` չունենալով լիդերներ և բացի սա ընդգծեցին այն փաստը, որ ՀՀՇ-ն չի կարող կապվել միայն Լևոն տեր-Պետրոսյանի անվան հետ հենց թեկուզ այն պատճառով, որ շարժումը սկիզբ է առել մի ողջ խմբի նախաձեռնությամբ, որոնցից մեկն է եղել Լևոն տեր-Պետրոսյանը, բայց նա բնավ էլ հիմնադիրը ու միակ առաջնորդը չի եղել կուսակցության պատմության մեջ, կուսակցություն, որն իրենց ու հազարավոր այլ մարդկանց տունն է եղել և մնում է: Այս պնդումը լրագրողներից մեկի մոտ հարց առաջացրեց` իսկ ինչու՞այդ դեպքում իրենք ժամանակին լքեցին այդ տունը: Հարցին ի պատասխան Հովհաննես Իգիթյանն ասաց. «Մենք ոչ թե լքեցինք մեր տունը, այլ չուզեցինք խժդժություններ առաջացնել նրա ներսում, քանի որ համաձայն չէինք այնտեղ տեղի ունեցող որոշ գործընթացների հետ, իսկ այժմ կրկին միավորվում ենք»:

Հրդեհ բենզալցակայանում

big_1368458636_DSC_6395Մայիսի 13-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.15-ին, մարվել՝ 18.25-ին: Գ. Մոսյանին պատկանող բենզալցակայանում այրվել են 200 լ տարողությամբ 4 և 20 լ տարողությամբ 20 հատ վառելիքի տարրաներ:

Հրդեհի հետևանքով 1972 թ. ծնված Գ. Մոսյանը և 1996 թ. ծնված Է. Սահակյանը 2-3-րդ աստիճանի այրվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Ո՞վքեր են մեր ավագանիները

կըհԱյսօր կայացած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները, ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 21 և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 113 թեկնածուների գրանցումները:

ԿԸՀ որոշմամբ` «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Լևոնի Մովսեսյանի գրանցումը ևս ուժը կորցրած է ճանաչվել:

 

Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է Երևանի ավագանու անդամներ ընտրվելու վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի, ավագանու անդամներ են ընտրվել.

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից`

  1. Մարգարյան Տարոն Անդրանիկի
  2. Լպուտյան Սմբատ Գարեգինի
  3. Թոքմաջյան Հովհաննես Վաչեի
  4. Մուսայելյան Հովիկ Զավենի
  5. Գևորգյան Աստղիկ Արսենի
  6. Երնջակյան Արա Հարությունի
  7. Վարդազարյան Մարտին Ցոլակի
  8. Ազարյան Ենոք Ռուբենի
  9. Իգիթյան Լևոն Սուրենի
  10. Ասատրյան Աննա Գրիգորի
  11. Հովհաննիսյան Կամո Գեդեոնի
  12. Մինասյան Գրիգոր Արայի
  13. Թոխատյան Հրանտ Արամի
  14. Դովլաթյան Միքայել Ֆրունզեի
  15. Նահապետյան Նաիրա Միհրանի
  16. Դեմոյան Հայկ Անուշավանի
  17. Արեյան Կամո Առաքելի
  18. Լափաուրի Նատալյա Էլվանի
  19. Սեդրակյան Դավիթ Մհերի
  20. Շահինյան Համբարձում Արամայիսի
  21. Երեմյան Արմեն Լևոնի
  22. Մարության Հովհաննես Ռոբերտի
  23. Մանուկյան Վաչագան Վոլոդյայի
  24. Սիրունյան Ռոզա Վանյայի
  25. Մադաթյան Արման Էդուարդի
  26. Ներսիսյան Սուրեն Սաղաթելի
  27. Պետրոսյան Արթուր Պարույրի
  28. Գրիգորյան Կարեն Համիկի
  29.  Մկրտչյան Սերգեյ Բորյայի
  30. Հայրապետյան Հայրապետ Արտավազդի
  31. Էքիզլարյան Հակոբ Միհրանի
  32. Թադևոսյան Մանասե Աշիկի
  33. Կետիկյան Արա Ժիրայրի
  34. Խաչատրյան Հակոբ Գրիգորի
  35. Սարգսյան Գրիգոր Մարտինի
  36. Աղաբաբյան Արամ Աշոտի
  37. Խաչատրյան Գևորգ Նորիկի
  38. Ասատրյան Սերգեյ Անդրանիկի
  39. Պապայան Աշոտ Հայկի
  40. Այվազյան Հրաչյա Աշոտի
  41. Ավետիսյան Մանվել Հովհաննեսի
  42. Ամոյան Արմեն Օվչիի

 

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից՝

  1. Պողոսյան Թամարա Հարությունի
  2. Պողոսյան Ջիվան Կրմիանի
  3. Սահակյան Արմեն Սերյոժայի
  4. Գրիգորյան Գրիգորի Գագիկի
  5. Եսայան Գուրգեն Մնացականի
  6. Միրզոյան Վահան Ալբերտի
  7. Մարտիրոսյան Ռադիկ Գարուշի
  8. Կճոյան Ռուբեն Նշանի
  9. Քոչարյան Իրինա Վալերիի
  10. Վարդանյան Հայկ Լևոնի
  11. Իոսիֆյան Դավիթ Արամի
  12. Բեգոյան Տիգրան Վարուժանի
  13. Իսախանյան Մարտիկ Բագրատի
  14. Գյոզալյան Ռաֆֆի Վրեժի
  15. Գյուլազյան Արմինե Գուրգենի
  16. Խաչատրյան Էվելինա Հարությունի
  17. Շառոյան Սամվել Խաչիկի

 

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝

  1. Մարտիրոսյան Արմեն Պավլիկի
  2. Բախշյան Անահիտ Ներսեսի
  3. Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի
  4. Բաղդասարյան Գագիկ Գուրգենի
  5. Գասպարյան Արթուր Մանուկի
  6. Սանասարյան Դավիթ Տարոնի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դոլարը բարձրանում է

դոլարՄայիսի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 8,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 416.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.5 դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում

10392_am_3Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը՝ հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում: «Այս տարիների ընթացքում ստեղծվել է լավ հիմք՝ երկկողմ հարաբերությունների ընլայնման և խորացման համար: Մեզ համար օրինակելի է Շվեյցարիայի փորձը տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ, ուստի մեծապես կարևորում ենք երկկողմ փոխգործակցության ամրապնդումը»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Զրուցակիցները կարևորել են Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների և անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է:
Դեսպանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի կառավարությունն այս ծրագրի իրականացման նպատակով 2013 թվականին հատկացրել է 8 մլն դոլար՝ նախորդ տարվա 4 մլն-ի փոխարեն:
Կոնստանտին Օբոլենսկին կարևորել է հատկապես երկկողմ տնտեսական կապերի սերտացումը և հույս հայտնել, որ նորաստեղծ հայ-շվեյցարական առևտրային պալատն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ:

 

Ո՞ւմ ջաղացին են ջուր լցնում ավեդիկյանականները

AnoushԵթե թերթատենք  անգամ 100 տարի առաջվա մեր արևելահայ ու արևմտահայ պարբերական մամուլը, ապա օրաթերթերի յուրաքանչյուր համարում անպայման կգտնենք  մշակույթի, մասնավորապես թատերական աշխարհում   տեղի ունեցող երևույթների մասին առնվազն մի քանի թերթերում հոդվածներ, գրված թատերագիտական, երաժշտագիտական և  մշակութաբանական տարբեր մոտեցումներով։ Քննադատական  միտքը համաչափ ընթացել ու ուղեկցել է  արվեստների զարգացմանը։ Իսկ այսպիսի ավանդույթը միտված է եղել միայն հօգուտ  մեր ժողովրդի բազմակողմանի  տաղանդի զարգացման։ Բնականաբար որևէ ներկայացման մասին  մանրամասն  հոդվածներն արտահայտել են  և դրական, և մերժողական, ինչպես նաև խորհրդատվական  վերաբերմունք։ Նման վերաբերմունքն իրական արվեստի ու նրա  գործիչների համար  զարգացման կարևոր  խթան է հանդիսացել ու այսօր էլ շարունակում է հանդիսանալ քաղաքակիրթ հասարակություններում։ Ինչպե՞ս  եղավ, որ  ավելի քան երկու տասնամյակ է, այս ձայնը լռել է։ Կորա՞ն մեր արվեստաբանները, երաժշտագետները, գրականագետները, սրտացավ հանդիսականը… Կարծես թե անապատում ենք հայտնվել։ Ո՛չ  հրաշալի, և ո՛չ էլ  ներկայացում հիշեցնող միրաժների մասին ոչ մի տող  չենք գրում, չենք խոսում, չենք հիանում ու  կարեկցում։ Իսկ եթե հանկարծ ժամանակ առ ժամանակ ազնիվ   մտահոգության արդյունք բռնկումներ են լինում մամուլում, ապա  այն «մաքառող միջակության» կողմից ինքնապաշտպանական մի այնպիսի  սվինների ես հանդիպում, որ   միայն ապշել կարելի է, թե ու՞ր  և ի՞նչ մակարդակի է հասել մեր «արվեստը»։          Պաշտպանվելու միակ ճանապարհ են ընտրել հարգարժան  մարդկանց  պիտակավորելու, իրենց կարգին սպառնալու տակտիկան, ստալինյան ժամանակները մտաբերելով ու զուգահեռներ անցկացնելով։  Անգամ ներկայացումը չնայած հաղորդավարներն ու հաղորդման մասնակիցներից ոմանք  հեռուստաէկրանից «խորհուրդ են տալիս» չգրել, չգրել, չգրել…, մանավանդ ղեկավարությանը։ Չէ ՞ որ մենք գերմանացիներ չենք, որոնք օրերս  հանդիսականի, քաղաքապետի և կառավարության մակարդակով արգելեցին  և խաղացանկից դուրս շպրտեցին Վագների «Տանհոյզեր»ի դյուսելդորֆյան մոդեռն ներկայացումը։ Այն ևս ավեդիկյանական  «Անուշ»ի նման փորձարարական անհաջող մոդերնիզմի զոհերից էր դաձրել։ Ավելին, «հանցավոր բեմադրիչը», Բուրկհարդ Կոսմինսկին   որ «արդեն ժողովրդին էր թողել» իր  բեմադրությունը, ստիպված է վերադարձնել ծախսված միջոցները։ Այ ժողովուրդ…,  որն իր ղեկավարության  մակարդակով տեր է կանգնում  և չի թույլատրում պղծել  իր ազգային մշակութային արժեքները։ Սա՞  էլ կապ ունի ստալինյան  ժամանակների նրանց մտաբերման հետ։

Չմոռանանք ռուս մտավորականության ընդվզումը վերջերս Մեծ թատրոնում  Չայկովսկու հայտնի օպերայի մոդերն բեմադրության առիթով։

Տեղին  հիշվեց նաև  Կարեն Դեմիրճյանի կողմից «Պեպո»ի բեմադրության  արգելելը։ Աճեմյանական բեմադրության մեջ գլխավոր հերոսի կերպարը  հանճարեղ մարմնավորած ականավոր դերասանը ցանկացել էր սեփական  մոտեցումներն արտահայտել  իր բեմադրած պիեսը նոր ժամանակներում տեսնելով։  Այս անգամ բեմադրիչը զիջել էր  աճեմյանական  Պեպոյին։ Այո, արվեստների հովանավոր ու գիտակ երկրի առաջին քաղաքական այրի մակարդակով այս սխալը կյանք չունեցավ (ԱՌԱՎՈՏ, 1.05.2013, էջ 6, Սամվել Դանիելյան, Ավեդիկյանը խմբագրել է 100-ամյա «Անուշը»)։

Սա  հիշեցնում է նաև այն, որ երբեմն տաղանդավոր կոմպոզիտորներ,  երգիչներ, արվեստագետներ փորձում են   դիրիժորական փայտիկը վերցնել ու կանգնել նվագախմբի առջև։ Որպես կանոն,  շատ քչերին է հաջողվում  չպսակազերծել  հայտնի ու բարի համբավը։ Լավագույն փիլիսոփայությունն այս առթիվ՝ «ամեն մեկն իր իմացած գործով պիտի զբաղվի» նշանաբանն է։

Միթե խղճի խայթ  չեն ունենալու, որ մի հյուրախաղի պատճառով պիտի խայտառակեն և իրենց, և  մեր մշակույթը, էլ չեմ ասում    Տիգրանյանի ու Թումանյանի ժառանգությունը։ Ֆրանսիան չի փախչի, գուցե  այնտեղ գնալու ավելի բարոյական ուղի ընտրվեր։ Միևնույնն է, հյուրախաղերի մասին  վարձու հոդվածները (այստեղի օրինակով), հնարովի պատմությունները «մեծ հաջողության» մասին ի վերջո հօդս են ցնդում մեր հայրենակից հանդիսականների առաջին իսկ Երևան զանգահարությունների հետ՝  «ամոթ չի՞ գաք մեզ խայտառակեք…»։

Մի քանի տարի առաջ թատրոնների  գեղարվեստական խորհուրդների  հանցավոր ոչնչացումն այսօր մեզ այս տխուր փաստի առաջ է կանգնեցրել։  Արվեստի  ոչ մի քննադատ ոչ միայն չի ուզում խոսել, գրել, այլև փիլիսոփայաբար որոշում է ընդունել չայցելել  թատրոններ, ցուցասրահներ  ու չնյարդայնանալ։ Միևնույնն է՝ գերիշխում է  հովանավորյալ տգիտությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, «մաքառող միջակությունը» ։

Ադրբեջանցի մեր հարևանները «Հայկական օպերան և պատմության  զեղծարարության փաստերը» վերնագրով ինտերնետային կայքում գրում են, որ «XX դ. սկզբին հայ երաժշտաբեմական ստեղծագործություն չի եղել։ Եթե իհարկե նկատի չունենանք Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը ներկայացվեց Ալեքսանդրապոլում  1912թ. սիրողական ուժերով, 12 երաժիշտներից բաղկացած նվագախմբով։ Ահա թե ինչու։

1959թ. հրատարակված «Երաժշտական հանրագիտարանում» առաջին հայկական օպերան համարվում է «ժողովրդա–կենցաղային», ավելի ստույգ՝  «իր սկզբնական վիճակում այն ոչ թե  ավանդական հասկացությամբ օպերա է եղել, այլ՝ թատերական ներկայացում, զարդարված մի քանի ժողովրդական երգերով։  «Օպերային լիբրետոներ» (1962թ., ռուս.) գրքում նշվում է, որ «Անուշ» օպերայի ստեղծումը եղել է Ա.Տիգրանյանի վաղեմի երազանքը։ Սակայն  չի կարելի չնշել այն փաստը, որ այս սյուժեի հիման վրա երկար աշխատել է հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը։ Սպենդիարյանը ևս մերժել է Թումանյանի  կողմից   իր պոեմի հիման վրա օպերա գրելու առաջարկը։ Այսպիսով «Անուշ»ի սյուժեի հիման վրա եղած երաժշտական ձևավորման բազմակի անդրադարձները ակնհայտորեն փաստում են Արմեն Տիգրանյանի «Անուշ»օպերայի   նախնական վիճակում եղած մակարդակը»։

            Մենք բոլորովին էլ չենք պատրաստվում մեկնաբանել հայ երաժշտական մշակույթի ձևավորման ավանդույթները, ինչպես նաև հայ եկեղեցական գործիչների կողմից այս ավանդույթը լոկ հայ մոնոդիկ երաժշտության ուղով զարգացնելուն միտված ջանքերը։ Բնականաբար նաև այն շրջանցողների նկատմամբ դրսևորած դիմադրությունը։

Մենք ստիպված ենք նշելու,  որ իսկապես այդ տարիներին Կոմիտասի, Նիկողայոս Տիգրանյանի, Մակար Եկմալյանի, Քրիստափոր Կարա–Մուրզայի և հայ  մյուս կոմպոզիտորների  մեծ ֆորմատի ստեղծագործություններ ստեղծելու  փորձերն ավաղ մնացել են որպես լոկ բարի ցանկություններ։

1912թ. Ալեքսանդրապոլում սիրողական ուժերով ներկայացված «Անուշ»ի բեմելը  բաղկացած է եղել  4 գործողությունից և 7 պատկերներից։ Լիբրետոյի հեղինակը եղել է Արմեն Տիգրանյանը, իսկ գործիքավորումը կատարել է 12 երաժիշտներից բաղկացած նվագախմբի ղեկավար Բուրկովիչը։

Արմեն Տիգրանյանի և  Ս.Շաթիրյանի կողմից վերախմբագրված 5 գործողությամբ և 7 պատկերներից և վերջերգից (էպիլոգ) բաղկացած օպերան դիրիժոր Գ.Բուդաղյանի մեծ ջանքերի շնորհիվ   վերագործիքավորվել է, հարմարեցվել սիմֆոնիկ մեծ նվագախմբի հնարավորություններին համապատասխան։ Հենց Գ.Բուդաղյանն էլ 1935թ. մարտի 27-ին ղեկավարել է «Անուշ»ի պրեմիերան։ Նույն խմբագրման վերջնական տարբերակը կոմպոզիտոր Անուշավան Տեր Ղևոնդյանի կողմից հարստացվել է և 1939թ. հոկտեմբերի 22-ին ներկայացվելով Հայ մշակույթի տասնօրյակի օրերին Մոսկվայի Մեծ թատրոնում՝ բուռն ու խանդավառ ընդունելության է արժանացել։

1950թ. ապրիլին, Արմեն Տիգրանյանի մահվանից մեկ ամիս անց կայացել է օպերայի նոր բեմադրությունը մեծահամբավ Արմեն Գուլակյանի  կողմից։ Դիրիժորական վահանակի մոտ է եղել  ականավոր մասետրո Միքայել Թավրիզյանը։

1956թ. ևս մեկ նոր, առավելագույնս հղկված բեմադրություն Արմեն Գուլակյանի կողմից։ Նույն թվականին այն Հայ մշակույթի տասնօրյակի օրերին դիրիժոր Ռուբեն Ստեփանյանի ղեկավարությամբ Մոսկվայի Մեծ թատրոնում անասելի մեծ հաջողություն է ունեցել, ցնցելով խորհրդային երկրի մայրաքաղաքի  արվեստասեր հասարակայնությանը։ Հետագայում, նվագախմբի գործիքավորման հարստացման մեջ իր ավանդն է ունեցել նաև Բորիս Սակիլլարին։

«Անուշ» օպերան իր վերելքի հաղթարշավը շարունակել է  Թումանյանի 100-ամյակի առթիվ կատարված աճեմյանական հրաշալի ներկայացմամբ, որը 1969թ.  Օհան Դուրյանի ղեկավարությամբ Մոսկվայի Համագումարների պալատի դահլիճում  բուռն հաջողություն է արձանագրել։

1994 թ. օպերայի զարգացման ճանապարհը շարունակում է Տիգրան Լևոնյանի բեմադրությունը։ Այն հաջողությամբ ցուցադրվում է  ԱՄՆ-ում և Մոսկվայում։

Հետագայում ներկայացումը 2004թ. բեմադրվել է երգիչ Գեղամ Գրիգորյանի կողմից։

Այսպիսով, նման փառավոր զարգացման ուղի անցած «Անուշ» օպերայի ներկայացումը, որի պատմությունը միահյուսված է մեր բեմարվեստի  պայծառ  անունների, երաժշտական մշակույթի աստղերի հետ՝ այսօր վերադառնում է   «Ոսկե ձկնիկի» պառավի հին տաշտակին, ապացուցելու ոչ թե մեր ժողովրդի հանճարեղ ոգու գոյատևումն ու զարգացումը, այլ՝ ադրբեջանական հանրագիտարանային բարբաջանքները։

Օպերային մշակույթի ավանդույթներին անտեղյակ վավերագրող Սերժ Ավետիքյանը արդյոք ի՞նչ նպատակ է հետապնդում սևագրությունների մեջ իր պեղումներով։ Սևագրություններին կարելի է անդրադառնալ, եթե տվյալ գործի  արդեն մշակված տարբերակները ոչնչացել են, կորել և մնում է միայն այս ճանապարհով այն վերականգնել։ Ու՞մ ջրաղացին են ջուր լցնում Ավետիքյանն ու նրա համախոհները։

Ավեդիկյանական ջատագովների կեցվածքը փաստում է, որ նրանց չի հուզում ազգային մշակութային արժեքների խնդիրը։  Նրանք ոչ թե փորձում են  փրկել, շտկել իրավիճակը, այլ ամբողջ ուժով աշխատում են  իրենց անորակ ներկայացման համար մեղադրել  դիմացինին, շրջել հարցի էությունը, խնդիրը  անձնական վիրավորանքների դաշտ տեղափոխելով։ Սա չափազանց ցավալի փաստ է։

Ամենաթողության, անարխիայի այս մթնոլորտը  ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։  Հարկ է, որ տեր կանգնենք մեր ժողովրդի ստեղծած  գոհարներին՝ Նախագահից մինչև  պարզ հանդիսատես։

 

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիրիժոր

 

Եղանակը ՀՀ տարածքում

big_1368523759_1366297792-73ՈՒշադրություն

Մայիսի 16-ին, 17-ին, 19-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ՀՀ տարածքում՝

Մայիսի 15-ին և 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 16-ին, 17-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին, 17-ին, 19-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 18-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում՝

Մայիսի 15-ին, 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է, 16-ին, 17-ին, 19-ին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Երևանի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան   32.20C (1958 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      5.60C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  17.10C

«Անուշը պարտադիր պետք է լինի տրեխներո՞վ ու վրայից թրիքի հո՞տ պետք է գա, չէ՞ որ ուրիշ մոտեցումներ էլ կան». Սերգեյ Դանիելյան

Սերգեյ ԴանիելյանՍերժ Ավետիքյանի «Անուշ» մյուզիքլի պրեմիերայից հետո քննադատության մեծ ալիք բարձրացավ: Բազմաթիվ մտավորականներ միացան և  անգամ նամակ գրեցին Սերժ Սարգսյանին՝ խնդրելով, որ նախագահը թույլ չտա խայտառակ գործը դուրս բերել միջազգային ասպարեզ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս թեմային, դերասան Սերգեյ Դանիելյանը հայտնեց, որ, թեև մյուզիքլը չի տեսել, սակայն գտնում է, որ եթե անգամ այն աշխարհի ամենաապաշնորհ ներկայացումն է, միևնույն է՝ անընդունելի է նամակ գրելու և նախագահին դիմելու երևույթը:

«Հասկանում եմ, որ ՀՀ նախագահը մտավորականների արվեստի ընկալման չափանիշն է, նա մաեստրոն է, բայց արդյոք նրան պե՞տք է անընդհատ անհանգստացնել: Վերջապես պետք է հասկանալ, որ նամակներ գրելու ժամանակներն անցել են: Տեղն եկած ժամանակ արվեստագետները սկսում են նախագահի լեգիտիմության հարցը որոշել, բայց նեղն ընկած տեղը նամակ են գրում նախագահին:  Հայաստանը պետք է ներկայանա: Ասում են՝ չի կարելի, որ Հայաստանի մշակույթը այդ բեմադրությամբ ներկայանա, բայց ո՞վ է այդ ասողներին արգելել անել ավելի լավը:  Եվ ի վերջու` մի՞թե Անուշը պարտադիր պետք է լինի տրեխներով, վրայից թրիքի հո՞տ պետք է գա, չէ՞ որ ուրիշ մոտեցումներ էլ կան». – ասաց Սերգեյ Դանիելյանը:
 

ՄԱՀԱՑՈՒ ՎՐԱԵՐԹ ՓԱՐԱՔԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ

vraertՄայիսի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Էջմիածին-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին` Փարաքար գյուղում, վրաերթի  է  ենթարկել  1966 թ. ծնված Մաքրուհի Մուսոյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: