Երեկ Երևանում մեկ երեխայի և երկու չափահասի են վրաերթի ենթարկել

վրաերթՄայիսի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21063»   մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 12-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երեք դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Նախկինում 5 անգամ դատապարտված կինը բերման է ենթարկվել գողության մեղադրանքով

կալանքՄայիսի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1970 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված  Հերմինե Զ.-ն Սվաճյան փողոցում գործող հագուստի տոնավաճառի մի տաղավարից գողացել է աշխատակցուհու դրամապանակը, որի մեջ եղել է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և փաստաթղթեր:
Ժամը 19.30-ին Հերմինե Զ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գողացված գումարը հետ է վերադարձվել տուժողին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողացված փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Սկսվել է Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն

2993

 

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների արդյունքներով այնուհետ ստորագրվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման մասին», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրեր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև համագործակցության զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիր և «2013-2014 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարության միջև» համագործակցության ծրագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

 

2988Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

 

Հարգելի՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեր երկրում: Մենք Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կանոնավոր հանդիպումներ ենք ունենում ՀԱՊԿ, ԱՊՀ գագաթնաժողովների, անցյալում նաև՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, վերջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում դեկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստի ընթացքում, իսկ մինչ այդ՝ նաև ԱՊՀ գագաթնաժողովում, որտեղ այժմ Բելառուսը իր նախագահության շրջանում իրականացնում է Համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումներ:

Այդ կանոնավոր հանդիպումները մեզ թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել և լուծել հայ-բելառուսական օրակարգի ընթացիկ հարցերը: Այնուամենայնիվ, բարձր մակարդակի փոխայցելությունները մնում են միջպետական հարաբերությունների առաջընթացի գլխավոր խթանը: Եվ ես ցանկանում եմ կրկին ողջունել Ալեքսանդր Լուկաշենկոյին Հայաստանում, որտեղ նա միշտ ցանկալի հյուր է:

Ուղիղ մեկ ամիս հետո մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ տարեթվին մենք մոտենում ենք ունենալով ոչ միայն երկկողմ համագործակցության համապատասխան մակարդակ, այլ նաև ամուր գիտակցումով, որ այս տարիների ընթացքում կուտակված միջպետական փոխգործակցության դրական փորձը հանդիսանում է մեր ընդհանուր սեփականությունը:

Եվ մենք միասնական ենք այն հարցում, որ մեր հարաբերությունների ապագան պետք է ներդաշնակ լինի մեր պատմական անցյալի հետ: Չէ՞ որ մենք կողք-կողքի ենք անցել անցյալ հարյուրամյակի բարդություններով, ուս-ուսի մարտնչել ենք Մեծ Հայրենականում, հազարավոր հայեր են զոհվել բելառուսական ճակատներում, հարյուր հազարավորներն արիաբար փառավորել են իրենց անունը: Մեր բարեկամությունն ամրապնդված է մեր ընկած հերոսների արյամբ, և մեզ անհրաժեշտ է խնամքով պահպանել ու բազմապատկել այդ ժառանգությունը:

Մենք քննարկեցինք ամենաբազմազան հարցեր. խոսեցինք տնտեսության, աշխարհաքաղաքական հարցերի, հումանիտար կապերի մասին: Բնականաբար, խոսեցինք նաև Առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեության մասին, որի հերթական նիստը կկայանա ընթացիկ տարվա հունիսին: Ընդգծեցինք միջխորհրդարանական սերտ կապերը հատուկ ստեղծված հայ-բելառուսական հանձնաժողովի շրջանակներում:

Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերին: Մենք մտքեր փոխանակեցինք ՀԱՊԿ շրջանակում համագործակցության զարգացման շուրջ, խոսեցինք ԱՊՀ-ում գործընթացների մասին, որտեղ մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր բելառուս բարեկամներին՝ Համագործակցությունում նրանց նախագահության հաջողության ապահովման նպատակով:

Ես նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին ծանոթացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս ընթացքին: Եվս մեկ անգամ ընդգծեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն և իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն: Նրանք ցանկանում են իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասած այլ ժողովուրդների հետ հավասար հնարավորություններ: Ես հավաստիացրեցի Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք պատրաստ ենք այդ հակամարտության խաղաղ լուծմանը:

Մենք որոշակի և բազմախոստում ծրագրեր ունենք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մուտք մեր երկրների շուկաներ, փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում, համագործակցություն մշակույթի և գիտության բնագավառներում: Մեծ հնարավորություններ ենք տեսնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Կարծում եմ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կհամաձայնի ինձ հետ, որ այցին նախորդող մեծաքանակ շփումներն ամենատարբեր մակարդակներում նպաստեցին նրան, որ քիչ առաջ ստորագրվեց փաստաթղթերի ծանրակշիռ փաթեթ: Մենք ակնկալում ենք, որ դրանք սպասվող ազդակ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը: Այնպես որ, պարոն Նախագահի այցը ժամանակին էր և դատապարտված է հաջողության:

Ես ևս մեկ անգամ ողջունում եմ Բելառուսի Նախագահին Երևանում և հաճույքով խոսքը փոխանցում եմ նրան:

Գյումրիում մահացու վրաերթ կատարած վարորդը ձերբակալվել է

ձերբակալելՄայիսի 12-ին, ժամը 22.20-ի սահմաններում,  «ԳԱԶել-322132»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ  Մկրտչյանին  և 1937 թ. ծնված Ռիմա  Մկրտչյանին:
Պատահարի հետևանքով Ռիմա Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ Գագիկ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Բերման են ենթարկվել սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով. կան ձերբակալվածներ

Ոստիկանություն3Մայիսի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների և Երևան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ՝ սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 1958 թ. ծնված  Դավիթ Չ.-ն, 1970 թ. ծնված Վարուժան Ք.-ն, 1963 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1991 թ. ծնված Կարեն Դ.-ն, 1961 թ. ծնված Սարգիս Զ.-ն, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ն, 1972 թ. ծնված Արմեն Դ.-ն և 1965 թ. ծնված Վահե Թ.-ն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք նախապատրաստվել են սպանելու Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ռ. Մ.-ին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Սարգիս Զ.-ն, Արմեն Ս.-ն, Արմեն Դ.-ն, Վարուժան Ք.-ն, Վահե Թ.-ն և Դավիթ Չ.-ն ձերբակալված են:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության  վարչությունում նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 10-ին, ժամը 19.10-ին, նշված քրեական գործի շրջանակներում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումով, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների կողմից, զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 5,6 մմ տրամաչափի 21 փամփուշտ, ինքնաձիգի համար նախատեսված օպտիկական սարք, 33 սմ երկարությամբ դանակ, 41 և 98.5 սմ երկարությամբ 2 թուր` պատյաններով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության  վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար:

Գագիկ Բունիաթյանը`ՀՌԱՀ նախագահ

gagik_buniatyanՆախագահի հրամանագրով ՀՌԱՀ անդամ նշանակված Գագիկ Բունիաթյանը ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ:

ՀՌԱՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, «ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով  ս.թ. մայիսի 7-ին ՀՌԱՀ-ի թիվ 9-Ա որոշմամբ  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գագիկ Բունիաթյանը»:

Նշենք, որ Բունիաթյանը 2010-ից մինչեւ 2013թ. ապրիլի 25-ը զբաղեցրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:

Արցախի նորաստեղծ գյուղում դրվեց եւս 24 բնակելի տների կառուցման հիմքը

նոր կիլիկիաՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Արցախի կառավարության համատեղ ուժերով Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մոտ նոր գյուղ է հիմնվել` Նոր Կիլիկիա. տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը։

 

Այստեղ առաջին փուլով կառուցվել է 10 երկսենյականոց տուն, որից 2-ը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հավաստմամբ, տրամադրվել է արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, իսկ մնացածը վերաբնակիչներ են՝ նախկին ղազանչեցիներ։

 

Օրերս նոր գյուղի պաշտոնական բացման արարողության ժամանակ դրվեց նաեւ 24 բնակելի տների կառուցման հիմքը: Նոր 24 տներից 10-ը 3-սենյականոց կլինի, իսկ մնացածը՝ 2, տեղեկացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։
Հետագայում նախատեսվում է նաեւ 50 տեղանոց մանկապարտեզ կառուցել, համայնքային կենտրոն եւ եկեղեցի։

yerkir.am

Գիլյոտինի կենթարկվեն մի շարք ոլորտներ

10388_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը, Արժույթի միջազագային հիմնադրամի, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է կարգավորիչ գիլյոտինի տվյալների բազայի գույքագրման արդյունքները, համաձայն որի՝ բիզնես գործընթացների և դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանում մուտքագրվել է շուրջ 2500 իրավական ակտ՝ ստացված ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից:
Տեղեկացվել է, որ առաջիկա օրերին շտեմարանը հասանելի կլինի հանրությանը:
Խորհրդի կողմից հաստատվել է 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը: Դրա համաձայն՝ կկրճատվեն և կպարզեցվեն հարկային, մաքսային, մշակույթի, սոցիալական հարցերի, ձեռնարկատիրության, արտաքին գործերի, միջազգային հարաբերությունների և կրթության ոլորտների բիզնես գործընթացներն ու դրանք սահմանող իրավական ակտերը:
Սքոթ Յակոբսը ներկայացրել է ծախսերի ազդեցության գնահատման մեթոդը և Հայաստանում կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման ռազմավարությունը:

 

Սպառազինություն գնելը բավական չէ մարտունակ բանակ ունենալու համար

լևոն հովսեփյանԱյսօր  «Արմատ» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը և թուրքագետ Լևոն Հովսեփյանն անդրադարձան  Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցություններին:

Բանախոսները նշեցին, որ ադրբեջանական ԶԼՄ-ների` սպառազինության համալրման վերաբերյալ հրապարակումները հիմնականում քարոզչական բնույթ են կրում և չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի ներդրումները զինամթերքներ ձեռքբերելու հարցում կասկածելի են և, եթե անգամ իրական են, ապա ակնհայտ է, որ միայն զինամթերք գնելով խնդիրը չի լուծվում:

«Սպառազինություն գնելը բավական չէ մարտունակ բանակ ունենալու համար»,-ասաց Հրաչյա Պետրոսյանցը և հավելեց. «Ադրբեջանի սպաները ցածր կրթական մակարդակ ունեն և, եթե անգամ ընդունենք, որ Ռուսաստանը պատրաստ է նրանց տրամադրել Տ-90 տանկեր, ապա կառաջանա Ռուսաստանի հետ նոր պայմանագրի կարիք, որով ռուսները պետք է թույլ տան ադրբեջանական սպաներին վերապատրաստվել իրենց մոտ»:

Ինչ վերաբերում է Հայաստանում հիմնական Տ-72 տանկերին, բանախոսները ընդգծեցին, որ դրանք հիմա համալրվում են և շուտով կունենան գրեթե բոլոր հնարավորությունները, ինչ Տ-90-ը, սակայն, մեր տանկերը շատա վելի նախընտրելի են ծախստարության իմաստով:

 

Լարա Առաքելյան

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

խաչատութովՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

big_1368440296_13.05ՈՒշադրություն

Մայիսի 14-19-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, հատկապես 16-18-ին առանձին հատվածներում կտեղա կարկուտ:

ՀՀ տարածքում`

Մայիսի 14-18-ին` հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում`
Մայիսի 14-18-ին` հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Երևանի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան  30.90C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      3.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  17.20C

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու “JAPAN PRIZE 2013” մրցույթին

JAPAN PRIZE 2013ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանը հրավիրվում է մասնակցելու “JAPAN PRIZE 2013” մրցույթին:

“JAPAN PRIZE”-ը ստեղծվել է 1965թ. ճապոնական NHK հեռուստաընկերության կողմից՝ որպես ամենամյա միջազգային կրթական ծրագրի մրցույթ: Մրցույթն ընդգրկում է հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, էլեկտրոնային կայքեր, խաղեր և ցանկացած այլ տեսանյութ, որն ունի կրթական արժեք:

Մրցույթի մասին մանրամասն կարելի է տեղեկանալ www.nhk.or.jp/jp-prize/ կայքում: Հայտերի ընդունումն արդեն սկսվել է և տևելու է մինչև հունիսի 30-ը: Մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելու են այս տարվա հոկտեմբերի 17-24-ը Տոկիոյում:

Եթե միայն այդ շան բախտը բերի ու նրան նկատի «Դինգոյի» կամավորը…

շունՄասնագիտությամբ հոգեբան Օվսաննա Հովսեփյանը 2008-ից զբաղվում է կենդանիների պաշտպանության խնդիրներով:

941322_10151409266553244_1131991387_n

Օվսաննա Հովսեփյան

Հիմնել է «Կենդանիների պաշտպանության Դինգո թիմ» ՀԿ-ն, որն արդեն Ֆեյսբուքում ունի 1600 ակտիվ անդամներով խումբ և շուրջ 3000 համակիրներով էջ:

Խմբում ակտիվ լինելը պարտադիր է. եթե գործնականորեն ակտիվությունդ չես ապացուցում, ապա հեռացվում ես: Այս  խիստ կանոնները նրա համար են, որ խմբում իսկապես հավաքվեն այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են իրենց ռեսուրսները ներդնել այս կարևոր ու խիստ դժվարին գործում:

Խմբի կամավորներից յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում է մասնակցում կենդանիների պաշտպանությանը: Նրանք գտնում են փողոցային անպաշտպան կենդանիներին, ժամանակավորապես պահում իրենց մոտ, ստերջացնում, վիրավորներին ու հիվանդներին բուժում, դրամահավաք կազմակերպում, իսկ որ ամենագլխավորն է` փորձում են հոգատար ընտանիք գտնել նրանց համար:

311689_516099751788932_2011643578_nԽմբի գլխավոր կարգախոսներից մեկը հետևյալն է. «Մի՛ գնիր, որդեգրի՛ր»: Այժմ թիմը մի լուսանկարչական նախագիծ է իրականացնում`«Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների»: Ծրագրի նպատակն է հայտնիների միջոցով կոչ անել լավ վերաբերվել կենդանիներին և գնելու փոխարեն անտուն կենդանիներին «որդեգրել»։

Լիլիթ Բասենցյանը խմբին միացել է երկու ամիս առաջ: Միշտ սիրել է կենդանիներ, հատկապես` անօթևան ու անպաշտպան:  Նրան միշտ հետաքրքրել է` Հայաստանում կա՞ արդյոք անօթևան կենդանիների խնդիրներով զբաղվող որևէ կազմակերպություն: Փնտրել է ու գտել «Դինգոյի» ֆեյսբուքյան խումբը: Լիլիթը խմբի ակտիվ անդամներից է:

Այս ընթացքում նա հասցրել է փրկել Մոխի շնիկի կյանքը: «Նրան տեսա այգում` կոյուղու խողովակի մեջ, վախվորած ու սոված: Շունը չէր վստահում մարդկանց ու դուրս չէր գալիս այնտեղից»,- պատմում է նա:

Մի քանի օր շարունակ Լիլիթն այցելել է նրան, կերակրել, մինչև կենդանին ընտելացել է ու դուրս եկել: Նրան տուն է տարել, լողացրել, մի քանի օր անց տեղափոխել խմբի կացարաններից մեկը: Մեկ ամիս անց Մոխին հիվանդացել է: Լիլիթը նրան կրկին իր մոտ է տարել, բուժել, անգամ ինքնուրույն ներարկումներ կատարել: Մոխին այժմ ոտքի է կանգնել:

417928_383424538440098_621061104_n Լիլիթն ասում է, որ այս ամիսներին այնքան սարսափելի իրավիճակների է հանդիպել, որ երբևէ չէր էլ կարող պատկերացնել: «Մի օր խմբի անդամներից մեկը մի շուն էր գտել` վիզը պարանով կապած, սոված ու նիհար: Մեկ ուրիշին էլ գտել էին փողոցում պառկած, ցնցումների մեջ: Տարել էին կացարան, բայց վիճակն այնքան ծայրահեղ էր եղել, որ ստիպված քնեցրել են: Մի հիվանդ շան կյանքը փրկելու համար էլ յոթ օր պայքարեցինք, բայց ի վերջո սատկեց. կապել էին մեքենայից ու քարշ տվել փողոցով: Արնաքամ էր եղել… Մի շուն էլ կա` Ժիվկան: Վզին կացնով հարվածել էին, չէր սատկել: Այդ վիճակով երկար ժամանակ բուժում էինք, կիսամեռ էր, բայց հիմա շատ լավ է»:

Մի խոսքով՝ օր ու գիշեր «Դինգոյի» կամավորները լծված են կենդանիների կյանքը փրկելու և նրանց համար տերեր գտնելու գործին:

165397_516854145046826_2061207328_nՕրեր առաջ թիմն ահազանգ էր ստացել մեքենայի տակ ընկած մի շան մասին: Կամավորները շտապել էին դեպքի վայր և գտել մի փոքրիկ շնիկ` անօգնական պառկած: Կողքի կրպակի աշխատողը պատմել էր, որ նա քնած է եղել, երբ մի մեքենա անցել է դիմացի թաթերի վրայով: Երկու թաթերի ոսկորներն էլ կոտրվել են, և երբ շունը փորձել է այդ ոտքերով քարշ գալ, կոտրված ոսկորները խրվել են մարմնի մեջ և ավելի մեծ վերքեր առաջացրել: Մեկ շաբաթ այդ շունն այդպես անօգնական պառկած է եղել, և որևէ մեկը նրան օգնություն չի ցուցաբերել: Հիմա նա «Դինգոյի» հատուկ կացարանում ստանում է անհրաժեշտ խնամք, շուտով պիտի վիրահատվի:

936938_516854211713486_946106296_n«Դինգոյի» շների հաջողված պատմություններից մեկը բոլորովին թարմ է: Կամավորները գտել էին մի շուն, որը ժամանակին տերեր է ունեցել, սակայն երբ վերջիններս նկատել են, որ շունը ռախիտ հիվանդություն է ձեռք բերել, որի հետևանքով սկսել են կարճանալ թաթերի ջլերը, և նա  այլևս չէր կարողանում նորմալ քայլել, հրաժարվել են նրանից և փողոց նետել: Շունը դանդաղ սովամահ կլիներ, եթե նրան չգտնեին: Երբ կամավորները նրան տանում են բժշկի, վերջինս անգամ խորհուրդ է տալիս քնացնել, սակայն կամավորները որոշում են մի քանի ամիս էլ սպասել: Դա ճակատագրական է լինում շան համար: «Դինգո» թիմի անդամներից մեկը՝ Լաուրա Մանուկյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում, իր կենդանաբույժից տեղեկանում է, որ այնտեղ շների ոտքերի ջլերի վիրահատությունը շատ տարածված է: Նա որոշում է շանը «որդեգրել», տանել Ամերիկա և վիրահատել:

Շունն արդեն ստացել է բոլոր անհրաժեշտ պատվաստումները և անհամբեր սպասում է թռիչքին, որտեղ նրան բոլորովին նոր կյանք է սպասում: Ի դեպ, այդ ամենի վրա Լաուրան շուրջ հինգ հազար ԱՄՆ դոլար է ծախսել:

253210_383508551765030_1078899991_nԹիմի ծախսերի մասին: Օվսաննա Հովսեփյանի խոսքով` բոլոր ծախսերը հոգում են խմբի անդամները: Իսկ ծախսերն ամենևին էլ քիչ չեն` ամսական մոտ մեկ միլիոն դրամ` կացարանների վարձակալության, խնամքի, բուժման, ստերջացման, սննդի և այլ ծախսերի համար:

«Քաղաքապետարանը տարեկան 220 մլն դրամ է ծախսում այդ նպատակով: Բայց ստացվում է, որ տարեկան այդքան գումար ծախսելով` այդպես էլ չի նվազեցնում չստերջացված շների թիվը»:

Բանն այն է, որ քաղաքապետարանի համապատասխան կառույցը հայտարարում է, որ 30  հազար շուն է ստերջացրել, բայց միաժամանակ ամեն տարի հայտարարում է, որ Հայաստանում 46  հազար նման շուն կա: Այսինքն`  նրանց գործունեության արդյունքում ոչինչ չի փոխվում: «Վերջերս շների գերեզմանոց տեսանք Նուբարաշենի աղբանոցում: Ահավոր վիճակ էր. նախ` սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված չէին, դիակները նեխում էին, և որևէ պատնեշ չկար, բացի այդ, շների մեծ մասը հրազենով և ծակող գործիքներով էր սպանված, մինչդեռ պետք է ներարկման միջոցով նրանց քնացնեն»,-ասում է Օվսաննա Հովսեփյանը և ավելացնում, որ իրենք առաջարկել են համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի իրենց ուժերը համատեղեն այդ գործում: Անգամ առաջարկել են առավել ցածր գներով կատարել ստերջացման և վնասազերծման գործը, սակայն քաղաքապետարանից որևէ արձագանք չեն ստացել:

 

«Մեզ շատ ունե՞նք, որ ուրիշներին եք տալիս…»

ոչխարներՀետաքրքիր մի երևույթ կա Հայաստանում. իշխանությունները մեկ–մեկ այնպիսի գործողություն են անում, որ, բնականաբար, անհայտ չի մնում, ու երբ լրատվամիջոցներով սկսում են ակտիվորեն անդրադառնալ այդ գործողության մանրամասներին, համապատասխան մարմինները սկսում են հերքել, մեղադրել լրագրողներին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Բայց որպես կանոն, նման դեպքերում միշտ պարզվում է, որ մամուլի հրապարակումներն անհիմն չէին. «առանց կրակի ծուխ չի լինում»:

 Նույնը վերաբերում է Սյունիքի արոտավայրերն իրանցի խաշնարածներին տրամադրելու մասին հուշագրին, որ վերջերս մամուլում ու երկրի հասարակական, քաղաքական, քաղաքացիական ու տնտեսական կյանքում մեծ աղմուկ բարձրացրեց: Նշվում էր, որ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված հուշագրի համաձայն` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:

Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որևէ իրավական ուժ չունի: Այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ:

Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի`«ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում  նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ:  Հայկական կողմը դա ևս հերքեց:

Այժմ, երբ  «Անկախի»  տրամադրության տակ հայտնվեց ու հրապարակվեց այդ հուշագրի առկայությունը հաստատող փաստաթուղթը, որը վկայում է, որ հայկական կողմը կառավարական մակարդակով հավանություն է  տվել այդ գործընթացին, անդրադառնանք նրա որոշ հարցերին:

Մասնավորապես, «համաձայնագրի» 1.3.7 կետով երկու երկրների` ՀՀ-ի ու ԻԻՀ-ի առևտրի պալատները համաձայնել են խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաև ջրային կենդանիների բազմացման համալիր, իսկ փաստաթղթի 1.4.7 կետով  իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել է աջակցություն ցույց տալ այդ աշխատանքներին:

Կարծես հայկական արոտավայրերի մասին խոսք չկա նշված, բայց դա միայն առաջին հայացքից: Տրամաբանորեն, եթե Հայաստանում կառուցվում է ոչխարաբուծական համալիր, այսինքն` Հայաստանում պետք է պահեն ոչխարներ, որտե՞ղ պետք է արածացվեն այդ ոչխարները: Բնականաբար` Հայաստանում: Այսինքն` իրոք որոշել են Հայաստանի արոտավայրերը տրամադրել իրանցի խաշնարածներին:

Մի պահ մոռանանք, որ ոչխարները գյուղատնտեսների կողմից համարվում են արոտավայրերը փչացնող կենդանիներ, քանի որ նրանց քայլած տեղերում բուսականություն չի կանաչում, մոռանանք, որովհետև Հայաստանում նույնպես ոչխարաբուծությամբ զբաղվողներ կան: Մյուս կողմից` կարելի էր մի պահ ընդունել, որ հայ ֆերմերները բուծեին ոչխարները, հետո միսն արտահանվեր Իրան, տնտեսական առումով, գոնե հասկանալի կլիներ: Բայց երբ իրանցի խաշնարածները պետք է գան Սյունիք, այնտեղ զբաղվեն ոչխարաբուծությամբ, հետո այդ ոչխարներին տանեն հետ` իրենց երկիր` իրացման նպատակով, դա ուղղակի նշանակում է Հայաստանի գյուղատնտեսական այդ ռեսուրսնեը նվիրել Իրանին: Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, Իրանի իշխանությունները հայկական բեռնատարներին իրենց երկրում թույլատրում են հասնել առավելագույնը մինչև Թավրիզ, որպեսզի հայկական բեռնատարները չկարողանան հասնել Բանդար-Աբասի նավահանգիստ` Հայաստան եկող, նաև Հայաստանը որպես տարանցիկ ուղի օգտագործող բեռները տեղափոխելու: Սա արվում է այն պարզ պատճառով, որ իրանական բեռնատարներն այդ բեռները տեղափոխեն թե՛ մինչև Հայաստան և թե՛ Հայաստանի տարածքով դեպի դուրս:

Ու այսպիսի «բարիդրացիական» հարաբերությունների պայմաններում նման հարևանին թույլ տալ, որ իր ոչխարները արածացնի Սյունիքի լեռներում, որտեղից խաշնարածները մի կերպ քշվեցին, մեղմ ասած, անհասկանալի է:

Հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից. հայտնի է, որ Իրանի շուրջ Արևմուտքի տրամադրվածությունը թշնամական է: Նույնիսկ վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց, որ բոլոր առումներով կաջակցի Իսրայելին, եթե վերջինս որոշի հարվածել Իրանին, էլ չասենք հենց Արևմուտքի կողմից անմիջականորեն հարված հասցնելու հավանականության մասին: Իրանն էլ ակտիվորեն պատրաստվել է պատերազմի, ու այժմ հայտնի չէ, թե դեպքերն ինչպիսի զարգացում կունենան: Ու ի՞նչ կլինի Սյունիքում, երբ «հուշագիր» լինի անխափան սահմանը անցնելու մասին` Սյունիքում իրենց խաշներն արածեցնելու պատճառաբանությամբ, երբ հարևան երկրում հանկարծ պատերազմ պայթի:

Ի միջի այոց, ՀՀ  Հանրային խորհուրդը ևս, ուսումնասիրելով հեռագնա ամառային արոտավայրերի ոլորտը, փաստում է, որ համաձայն  ՀՀ  հողային ֆոնդի առկայության  և  բաշխման վերաբերյալ  2012 թ.  հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում  է  1056.3 հազ. հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա., մերձգյուղային` 369.0 հազ. հա: Այդ արոտավայրերի տարածքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.5 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն,  որոնք հիմնականում պահվում են գյուղամերձ արոտներում: Այս ամենը վկայում է տվյալ ոլորտի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին, ինչը չի նպաստում հանրապետության պարենային անվտանգության ապահովմանը և աշխատուժի ռացիոնալ օգտործմանը:

«ՀՀ Հանրային խորհուրդը ողջունում  է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիրը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության (ՀԳ Ռ.Կ.Մ.) ծրագրի» իրականացումը, ինչը լրացուցիչ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար»,- նշվում է այս առիթով Հանրային խորհրդի հրավիրած քննարկումների արդյունքում կազմված որոշման մեջ:

Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՀԽ-ն նպատակահարմար չի համարում հանրապետության հեռագնա արոտավայրերն օտարերկրյա իրավաբանական անձանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը: Եվ ՀԽ-ն որոշում է ընդունել դիմել ՀՀ կառավարությանը, առաջարկել գյուղատնտեսության նախարարության կողմից «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերի» համայնքային ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման բաղադրիչի իրականացման աշխատանքները դարձնել շարունակական` hանրապետության բոլոր մարզերում բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի զարգացման համար:

Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է Պապի նմանակին

i (4)Հռոմում ոստիկանությունը ձերբակալել է Սլովակիայից մի դերասանի, որը ներկայանում էր որպես Հռոմի պապ ու  փողով լուսանկարվում ցանկացողների հետ:

Աթոռին նստած ինքնակոչը ժպտում ու թերթում էր Աստվածաշունչը: Զբոսաշրջիկները պարզապես  իրար հերթ չէին տալիս: Սակայն, անանուն մարդու բողոքից հետո  սուտի-պոնտիֆիկոսին ձերբակալեցին:

Սլովակին 154-929 եվրո տուգանք է սպառնում` “ուրիշի տիտղոսն անօրինական յուրացնելու” համար:

Հովհաննես Պողոս II-ը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն էր 1978-2005 ժամանակահատվածում:

Անցած շաբաթ բորսայում իրականացվել է 6,7 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՄայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,432,713 ԱՄՆ դոլար 414.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 55,647,451 ԱՄՆ դոլար 415.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,632,396 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3,197,331 EUR 541.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,821,379 EUR 545.65 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 512,942,830 ՌԴ ռուբլի 13.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 102,312,759 ՌԴ ռուբլի 13.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 53.3 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

80 հազար երկրացիներ ցանկանում են հաստատվել Մարսի վրա

o_750184Մարսի վրա ընդմիշտ բնակության ցանկություն է հայտնել առնվազն 35 կանադացի: Նրանք 120 երկրի այն 80 հազար կամավորներից են, ովքեր արդեն գրանցվել են հոլանդական Mars One ընկերության կայքում: Նրանցից առաջին քառյակը Մարս կուղևորվի 2023-ին: Թռիչքը դեպի կարմիր մոլորակ կտևի 7 ամիս: Սկզբում այնտեղ կտեղափոխվեն մոդուլներ, որոնք պետք է հավաքվեն ռոբոտների միջոցով: Ապա, յուրաքանչյուր երկու տարին մեկ` այնտեղ կմեկնեն վերաբնակները: Նախագծի նախնական արժեքը 6 մլրդ դոլար է:
Նախագծի հեղինակները հույս ունեն, որ մինչև 2013-ի օգոստոս  Մարսի վրա հատատվելու համար հայտ կներկայացնի առնվազն 500 հազար մարդ:

Կանադացի կամավորականների տարիքը տատանվում է 18-47-ի սահմաններում: Նրանց մեջ նաև 4 կին կա:
Մոնրեալյան համալսարանի պրոֆեսոր Կոնկորդիա Ռաե Կասսը` Mars One նախագծի խորհրդատուն, որը նույնպես Մարսի գաղութարարների ցուցակում է գրանցվել, տվյալ գաղափարը “ինքնասպանական առաքելություն” չի համարում”: “Ինչ որ մեկը նաև Լուսնի վրա մարդ իջեցնելն էր ինքնասպանություն համարել, սակայն, մարդիկ դա արեցին: Դա կանեն նաև Մարսի վրա”:

Հայ աստղագետներն Արցախում հանդես եկան դասախոսություններով

ArASSchoolLecturesԱնցած շաբաթվա ընթացքում Արցախի դպրոցներում իրականացվեց Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելեցին Ստեփանակերտի և Շուշիի ավագ և հատուկ մասնագիտացված դպրոցները: Ծրագիրն իրականացվում էր ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի և Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Ընդամենն անցկացվեց 10 դասախոսություն: Աստղագետները  պատմեցին ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:
Դասախոսների թվում էին Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ և ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը և ԲԱ կրտսեր գիտաշխատող Գոհար Հարությունյանը:
Աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվեցին աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ, աստղագիտական օրացույցներ և քարտեզներ, «Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակները:
Այս հանդիպումների նպատակներից մեկն էր նաև դպրոցներում հայտնաբերել օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար: Հանդիպումներ տեղի ունեցան նաև Արցախի Կրթության և գիտության նախարարությունում, Արցախի պետական համալսարանում և դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների հետ:

Հայկական աստղագիտական ընկերություն

ԱՄն-ում 4-ամյա երեխան դարձել է քաղաքապետ

frid268_four_year_old_mayor.jpg2Ռոբերտ Թաֆթսը Մինեսոթա նահանգի 22-հոգանոց  Դորսեթ համայնքի առաջնորդ է ընտրվել, չնայած, նա դեռ մանկապարտեզ է հաճախում:

4-ամյա երեխան ընտրվել է “Դորսեթի համը” փառատոնի ժամանակ անցկացված ավանդական քվեարկության արդյունքում:

Փառաոտնի  ժամանակ քվերակության համար գլխարկի մեջ նետված  թղթերից որպես քաղաքապետ հանեցին փոքրիկի անունով թղթի կտորը: Իսկ քաղաքապետի թեկնածության համար հարկավոր է 1 դոլար վճարել նախընտրական կամպանիայի հաշվին:

Փոքրիկ Ռոբերտը, որին բոլորը Բոբի են անվանում “ղեկավարում է”մի  համայնք, որում ընդամենը 22 մարդ կա:

“Նա պարզապես ապշեցուցիչ երեխա է: Հիանալի արտահայտում է մտքերը ու ասես իսկական էներգիայի գունդ լինի” , – մանկահասակ քաղաքապետին այդպես է նկարագրել Դորսեթի մշտաբնակներից մեկը:

Բոբբի Թաֆթսի պարտականությունների մեջ է մտնում երգեցողությունն ու պարերն իր համաքաղաքացիների հետ: Հաճախ քաղաքապետին կարելի է տեսնել փողոցներում` լայնեզր գլխարկով ու ձեռնափայտով:

Ֆինանսական գործերով փոքրիկը ստիպված չէ զբաղվել. դա տեղի գործարարների գործն է:

Թաֆթսն իր իրավասությունները կփոխանցի հաջորդ “Դորսեթի համը” փառատոնի հաղթողին, որը տեղի կունենա օգոստոսին:

Բրիտանացի միլիարդատերը գրազի համար մեկ օր բորտուղեկցորդուհի է աշխատել

iVirgin կայսրության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը հագել է կարմիր  կարճ կիսաշրջազգեստ ու մեկ օր Air Asia ավիաընկերությունում աշխատել որպես բորտուղեկցորդուհի:

3 տարի առաջ նա ասիական ավիափոխադրումների տիրոջը ` Թոնի Ֆերնանդեսին,  պարտվեց գրազում: Նրանց գրազը  “ֆորմուլա-1” –ի կոնստրուկտորների թիմերի շուրջ էր: Պարտվողը պետք է ընկերության ինքնաթիռներից մեկում բորտուղեկցորդուհի աշխատեր: Բրենսոնին չհաջողվեց խուսափել  գրազի պայմանը կատարելուց  ու նա չվերթ կատարեց ավստրալական Պերտից դեպի  Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումուպուր:

Բրենսոնն արդեն Twitter-ում տեղադրել է իր լուսանկարները: Որպեսզի բորտուղեկցորդուհու կերպարին առավելագույնս նմանվի, նա փոխել էր սանրվածքը, մաքրել ոտքերն ու դիմահարդարվել: