ՀՌԱՀ եզրակացության ներկայացում. Արմեն Մկրտչյան

Armen-MkrtchyanՀեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից թեկնածուների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկման արդյունքները:
Հեռուստաևռադիոընկերություններով Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման ընդհանուր տևողությունն է 7353 եթերաժամ մշտադիտարկման ապրիլի 7-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում: Կուսակցություններն օգտագործել են օրենքով իրենց տրվող անվճար ժամաքանակի 80 տոկոսը և վճարովի ժամաքանակի 77 տոկոսը:
Արմեն Մկրտչյանը ներկայացրեց նաև յուրաքաչյուր կուսակցության լուսաբանանման ընդհանուր րոպեների քանակը`
Առաքելություն կուսակցություն – 1747 րոպե,
Բարգավաճ Հայաստան կուսակցություն – 5514 րոպե,
Բարև Երևան կուսակցությունների դաշինք – 5178 րոպե,
Հայ ազգային կոնգրես կուսակցություն – 4796 րոպե,
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 5029 րոպե,
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 4025 րոպե,
Օրինաց երկիր կուսակցություն – 4811 րոպե:

 

Քվեարկում են ոչ միայն քաղաքացիություն ունեցող անձինք. Հովհաննես Քոչարյան

Հովհաննես ՔոչարյանԿԸՀ տեղեկատվության կետրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը քիչ առաջ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների ընտրողների ցուցակները կազմելու առանձնահատկությունները:
«Քվեարկության իրավունք ունեն ոչ միայն քաղաքացիություն ունեցող անձինք, այլև նրանք, ովքեր չունեն քաղաքացիություն, բայց ունեն առնվազն 6 ամսվա հաշվառում:  Նրանց ընդհանուր թիվը 3000 է: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցողների ցուցակում ներառվել են 816 475 անձինք, որոնք բոլորը օրենքով սահմանված կարգով ստացել են ծանուցագրեր», -ասաց Հովհաննես Քոչարյանը և հավելեց, որ ընտրացուցակներում գրանցված խախտումների հետ կապված իրենք գրանցել են 5  դեպք, 5-ն էլ վերացվել է:

11/05-ում ընտրողը քվեթերթիկը քվեախցիկում էր պահել և ցանկանում էր աննկատ հեռանալ

քվեախցիկԸնտրությունների մեկնարկից մեկ ու կես ժամ անց 11/o5 ընտրատեղամասում  1880  ընտրողներից քվեարկել է հարյուրը:

Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Սարգսյանի խոսքով ընտրություններն ընթանում են հարթ ու դեռևս որևէ միջադեպ չի գրանցվել:

Ընտրատեղամասում ներկա են ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի մեկական և ՀՀԿ և ԲՀԿ-ի երկուական վստահված անձինք( ընտրական օրենսգրքով միաժամանակ միայն մեկ վստահված անձ կարող է ունենալ) :

ՀԱԿ-ի վստահված անձ Սուսաննա Բաբինյանը ևս ասում է, որ արտառոց ոչինչ չի նկատել· չկան կուտակումներ, խախտումներ:

կապույտ հագուստով  կանգնած անձը որևէ փաստաթուղթ չունի, բայց հետևում է ընտրությունների ընթացքին, և փաստացի գտնվում է ընտրատեղամասում

կապույտ հագուստով կանգնած անձը որևէ փաստաթուղթ չունի, բայց հետևում է ընտրությունների ընթացքին, և փաստացի գտնվում է ընտրատեղամասում

Անձնագրերում կնիք դնող հանձնաժողովի անդամը ներկայացնում է ԱԺ ՀԱԿ խմբակցությունը: Վերջինս ուշադիր կարդում է բոլոր ընտրողների հասցեները և բարձրաձայնում կասկածելի հասցեների մասինՙ խնդրելով, որ հանձնաժողովի նախագահն ստուգի դրանց իսկությունը: Իհարկե, հանձնաժողովի անդամները և ընտրություններին ընտրատեղամասից դուրս համարվող աստիճանների մոտ հետևող անձը բարկությամբ ու մունաթով են ընդունում  անդամիՙ հասցեն ճշտելու փորձերը ( ընտրատեղամասը գտնվում է դպրոցի երկրորդ հարկի միջանցքում, առանց փաստաթղթերի տղամարդը կանգնած է դեպի երրորդ հարկ տանող աստիճանների մոտ):

Ընտրատեղամասում գտնվելու ընթացքում միջադեպ գրանցվեց· մի կին քվեախցիկ մտավ, ապա դուրս եկավ առանց ծրարի ու քվեաթերթիկի և հեռացավ: Երբ հանձնաժողովի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամը բարձրաձայնեց, որ ընտրողն հեռացավ առանց անձնագիրը կնիքելու և քվեաթերթիկը տուփը գցելու, ընտրատեղամասից «դուրս»ՙ աստիճանների մոտ կանգնած անձը, որը ուշադիր հետևում է ընթացքին, սակայն չունի որևէ փաստաթուղթ, վազեց կնոջ հետևից ու նրան ներս բերեց:

Վերջինս գոռգոռալով հայտարարեց, թե ուշանում է և քվեաթերթիկը թողել է քվեախցումՙ դարակի ներքևում:

Կինը նաև չէր ուզում, որ իր անձնագիրը կնիքեն ու մունաթով տրորում էր կնիքը, թե ինչու նշում կատարեցին իր անձնագրում:

Քվեաթերթիկը տուփը գցելուց հետո նա արագ հեռացավՙ պատճառաբանելով, որ ուշանում է աշխատանքից:

 

Օդը մի տեսակ ճնշված է. թիվ 4/29 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ

SAM_1669Անահիտ Համբարձումյանը թիվ 4/29 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ է: Նա, երկար տարիների ավանդույթները չխախտելով, այս անգամ էլ այս ընտրատեղամասում ինքն առաջինը քվեարկեց:  «Ասում են` ոնց սկսես օրդ, այնպես էլ կավարտվի, ինձ համար ուրախալի էր օրն այսպես սկսելը»,-ասաց նա:

Հարցին, թե նախորդ ընտրությունների հետ համեմատ, այս անգամ ինչ տարբերություն է զգում, պատասխանեց. «Այս անգամ ինչ որ լարվածություն կա, օդը մի տեսակ ճնշված է, զգում ես, որ բոլորը լարված

Անահիտ Համբարձումյանն ասաց, որ ընտրել է ՀԱԿ կուսակցությանը:

 

Կնիքի հետ կապված խնդիր որևէ խնդիր հանձնաժողովում չկա. Տիգրան Մուկուչյան

Տիգրան ՄուկուչյանԿԸՀ-ն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ կենտրոնականընտրական հանձնաժողովի անդամ Տաթև Օհանյանը: Այնուհետև Տաթև Օհանյանը խոսքը փոխանցեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, որը ներկայացրեց տեղեկություններ ընտրությունների ընթացքի մասին: ԿԸՀ նախագահը մասնավորապես նշեց, որ  առավոտյան ժամը 8-ից մեկնարկել է Երևանի  ավագանու ընտրությունը: Նորմալ կատարվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները: Հանձնաժողովների 3712 անդամներից 12-ը չեն ներկայացել ընտրության: Քվեարկությունը նորմալ է սկսվել: Ընտրատեղամասեր են այցելել դիտորդներ, վստահված անձինք:

Տիգրան Մուկուչյանը անդրադարձավ նաև դրոշմակնիքների խնդրահարույց թեմային. «Դրոշմակնիքների թանաքանյութն անցել է հատուկ փորձարկում, հանձնաժողովի անդամների 80 տոկոսը անցել է պատրաստման կուրս: Եթե արհեստական միջամտությամբ որևէ մեկը փորձի մաքրել կնիքը անձնագրից, կփչանա անձնագիրը, ուստի հայտնում եմ, որ կնիքների հետ կապված որևէ խնդիր որևէ հանձնաժողովում չկա», – ասաց Տիգրան Մուկուչյանը:

Մայրաքաղաքում բացվել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը

isabekyan.3Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի “Հայ Արտ” մշակութային կենտրոնի “Էդուարդ Իսաբեկյան” ցուցասրահի և այնտեղ ներկայացված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի որդուն` Արամ Իսաբեկյանին:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, Էդուարդ Իսաբեկյանի արվեստի երկրպագուներ:
Ցուցասրահի հիմքը դրվել էր դեռեւս 2004թ.-ին՝ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, եւ խորհրդանշական է, որ ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր հենց երջանկահիշատակ վարչապետի եւ գեղանկարչի որդիներին՝ Տարոն Մարգարյանին ու Արամ Իսաբեկյանին: Վերջինս, ի դեպ, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը: Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ողջույնի խոսքում նշել է, որ այս ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է շփվելու իսաբեկյանական արվեստին, իսկ գեղարվեստի ակադեմիայի և մշակութային ու նաև այլ ուսումնական հաստատությունների ուսանողների համար սա կծառայի նաև որպես ուսուցողական կենտրոն: Գեղանկարչի որդին իր հերթին ընդգծել է, որ սիրով է կայացրել հոր թողած ժառանգության մի մասը Երևան քաղաքին նվիրելու որոշումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

՛՛Դիլիջան ազգային պարկ՛՛-ից 20 ծառ են ապօրինի հատել

ծառհատումՄայիսի 3-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ 1949 թ. ծնված Սարուխան Մ.-ն փետրվարին «Դիլիջան ազգային պարկի» 2-րդ պահաբաժնից ապօրինի հատել է 4 կաղնի:
                                                                             
Մայիսի 2-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ 1970 թ. ծնված Աղասար Հ.-ն ապրիլի 30-ին «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին» տեղամասի թիվ 6 պահաբաժնից ապօրինի հատել է 15 բոխի և 1 կաղնի:
Աղասար Հ.-ն ոստիկանությունում խոստովանել է կատարածը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երկու դեպքերի առնչությամբ կատարվում է հետաքննություն:

Գյումրիում շենքի մոտ հակատանկային ական է հայտնաբերվել

ականՄայիսի 2-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդ-Բաղ 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի առաջին հարկի պատշգամբի տակ հակատանկային ական կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ՏՄ-62Մ տիպի հակատանկային ական:
Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Բերման ենթարկված քաղաքացու մոտ ատրճանակ է գտնվել

ատրճանակՄայիսի 2-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տիգրան Խ.-ին, որի անձնական խուզարկությամբ, տաբատի գոտկատեղից, հայտնաբերվել է «Վալտեր» գազային ատրճանակ` անընթեռնելի համարներով, և առանց համապատասխան թույլտվության:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Ծեծ՝ ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

ծեծՄայիսի 2-ին, ժամը 17.30-ին, 1968 թ. ծնված Սարգիս Մ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 1-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին, ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված Արգամ Ս.-ն ծեծի է ենթարկել իր անչափահաս որդուն` 1996 թ. ծնված Արտյոմ Մ.-ին և աչքի մասում պատճառել վնասվածք:
Արտյոմ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Օրավարձով աշխատողը ննջասենյակից մեկ միլիոնի ոսկեղեն է գողացել

Ոստիկանություն3Մայիսի 2-ին, ժամը 21.40-ին, 1947 թ. ծնված Գեղանուշ Ս.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ 1993 թ. ծնված Գառնիկ Պ.-ն օրավարձով աշխատելով իրենց տանը՝ ապրիլի 15-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 22.00-ին, Գառնիկ Պ.-ն բերման է ենթարկել բաժին և խոստովանել կատարածը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք

փրկարարՄայիսի 4-ին, ժամը 09.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի – Քանաքեռավան ավտոճանապարհին` անասնագոմերի մոտակայքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 10.12-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Երևանի Սևանի փողոցի թոնրատանը հրդեհ է բռնկվել

հրդեհՄայիսի 4-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 28/1 շենքից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ Աի արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.27-ին, մարվել` 09.34-ին: Արայիկ Ամիրյանին պատկանող թոնրատանը այրվել է կախովի առաստաղը և գույքը (50 ք.մ):

Հրդեհ՝ Երևան – Երասխ ճանապարհին

հրդեհՄայիսի 4-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան – Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.12-ին, մարվել` 13.16-ին: Այրվել է 100 քմ խոտածածկ տարածք և գազի պլաստմասե խողովակաշարը` 4 գմ:

Հայաստանի եւ Սվազիլենդի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

315. Diplomatic Relations established between Armenia and Swasiland 03.05.2013Մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարեւորվել են երկկողմ համագործակցության խթանումը եւ երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը:

Տեղեկանք: Սվազիլենդի Թագավորությունը գտնվում է Հվ. Աֆրիկայում եւ սահմանկցում է արեւմուտքում` ՀԱՀ-ին եւ արեւելքում` Մոզամբիկին:  Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը` 1,1 մլն.։ Մայրաքաղաքը` Մբաբանե։ Պետական կարգը` 1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության ղեկավարն է թագավորը։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին եւ երկպալատ (ներքին պալատ եւ սենատ) խորհրդարանին։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։ Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։

«Ստանիսլավսկու «Սիստեմը» և խաղի պարադոքսը» գրքի մասին

գիրք2012 թ, «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակված Հ. Հովհաննիս­յանի այս գիրքն ինձ հետաքրքրեց մի քանի տեսանկյունից, որի մասին չեմ կարող թաքցնել առաջացած մտքերը: Ինչպես  վկայում է հեղինակը գիրքը վերաբերում է դերասանի արվեստի գեղագիտական համակարգը քննելու խնդրին:

Թատրոնն այն ավանդական արվեստն է, որի ձևերի ու մեթոդների, առանձնահատ­կությունների մասին շատերն են անդրադարձել ու գրել հրաշալի վերլուծություններ:

Ստանիսլավսկու «սիստեմը» թատրոնում կիրառելը հարյուրամյա պատմություն ունի: Այդ մասին հայ թատրոնի բեմադրիչները (Լևոն Քալանթար, Վավիկ Վարդանյան, Արմեն Գուլակյան և ուրիշներ) ժամանակին և՛ գրել են, և՛ կիրառել: Սակայն դարն ապրած անցյալին անդրադառնալը, որպես կիրառելի կարգ, ժամանակավրեպ է: Ստանիսլավսկու հետևորդները նրա արվեստից օգտվեցին, կիրառեցին, որից հետո գեղագիտորեն առաջ եկան ժամանակակից գաղափարներով դրամատուրգիա, բեմահոգեբանական կամ փորձարարական նոր համակարգ: Բեմարվեստը, դերասանի խաղը միշտ հակված է գեղեցիկ լինելու, բեմում ճշմարիտ հույզեր արտահայտելու, մարդուն գեղագիտական հաճույք պատճառելու համար: Ճշմարտությունն այն է, որ բեմի, դերասանի և հանդիսատեսի կապը ընդունելի լինի գեղագիտորեն:

Արդի թատերական արվեստը, մասնավորապես թատրոնները հեռացել են անցյալի դասական և գեղագիտորեն բարձրարվեստ ներկայացումներ բեմադրելուց, ոչ միայն այն պատճառով, որ չունենք ժամանակակից արժեքավոր դրամատուրգիա, ռեժիսորներ և տաղանդավոր դերասաններ, այլև զարգացնող և պահանջներ ներկայացնող թատերա­գիտություն: Թատրոնները վաղուց հեռացել են ոչ միայն Ստանիսլավսկու, այլև անցյալի ավանդական բարձրակարգ և դասական եղանակներից: Իսկ պահանջնել կամ փորձել ուսուցանել այդ «սիստեմը» ոչ միայն անիրականալի է, այլև անիմաստ: Թատրոնն իր սիստեմը ձևավորում է ռեժիսորի և դերասանի անձնավորումից: Ռեժիսորը պետք է լինի հոգեբան, բեմական արվեստի մեծ և ճանաչելի փորձարար, ոչ միայն դերասանի, այլև հանդիսատեսի համար ընդունելի անուն, որպեսզի դերասանի մոտ որոնի և արթնացնի արվեստի բարոյական և ընդունելի արժեքը: Ցավոք, այս առումով Ստանիսլավսկու «սիստեմը» անիմաստ երա­զանք է:  Թատերագետը որոնումների ընթացքում չպետք է հեռանա ժամանակակից իրական պատմությունից: Նորը չտեսնելով ու չգնահատելով, կառչել դարերի խորքերին, նշանակում է ոչինչ չանել:

Գիտությունը զարգանում է, հինը հնանում, երբեմն էլ մնում է այն կարևորն ու առաջադիմականը, քանի դեռ չի ստեղծվել նորը: Նորը ստեղծելու համար պետք է նոր մտածելակերպ ունենալ և հնի մեջբերումներով փորձել նոր խոսք ասել, նշանակում է զբաղվել կեղծարարությամբ: Գիտական դասերն անհրաժեշտ են, իսկ հնացած մտքերը նորություն չեն:

Գրքի հեղինակ Հ. Հովհաննիսյանը գիտականորեն և գիտակցորեն պետք է հասկանա, որ գրքից գիրք ռուսական մամուլից ու թատերագիտական գրքերից ծայրահեղորեն խեղդող և ձանձրացնող մեջբերումներով լցված մտքերն ոչ միայն ժամանակակից չեն, այլև ձանձրալի: 200 էջանոց գրքում կա 287 մեջբերում, որը կազմում է 70-80 էջ, անընդունելի է: Չի կարելի հիանալ հնացած մեթոդներով և փորձել ընթերցողին ու մասնագետներին համոզել, որ այդ դատողություններն օգտակար են բեմարվեստում: Յուրաքանչյուր հեղինակ պետք է ի զորու լինի և իրարից տարբերի օգտակարն ու անօգուտը: Այս ամենը կարելի էր ներկայացնել մի ընդարձակ հոդվածում և զուր ջանքեր ու միջոցներ չվատնել ասելիքը, համոզիչ դարձնելու համար: Այդ դեպքում կշահեր և՛ հեղինակը, և՛ ընթերցող-մասնագետները: Բավական է հիշենք, որ այս գիրքը հեղինակի «Դերասանի արվեստի բնույթը» (2002) գրքի շարունակվող կրկնությունն է:

Ռուս թատրոնի մեկնաբանների «սիստեմը», նրանց բեմական հոգեբանությանը վերաբերող մտքերն արդի հայ բեմի սահմաններից դուրս է և անիրականանալի: Թատրոնը կորցրեց իր տեղն ու դերը, երբ ժամանակակից թույլ դրամատուրգիան մուտք գործեց բեմ: Իդեալականացվեց դրանց հասարակական հնչեղությունը: Իսկ թատերգությունը լռեց, հրապուրվեց սերիալներով: Հարկ չեմ համարում խոսել գրքի մյուս մանրամասների մասին: Բայց կցանկանայի, որ այս գիրքը մի քանի տասնյակ մասնագետ ընթերցող ունենար:

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ

Գրականագետ, արվեստաբան,

պրոֆեսոր

Ուղևորատար ինքնաթիռի օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

KanikaՀնդկաստանի խոշորագույն Air India ընկերության ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է 2 օդաչուներին ու 2 բորտուղեկցորդների` ապրիլի 12-ին Բանգկոկից Դելի թռիչքի ժամանակ կատարվածի պատճառով:

Թռիչքից կես ժամ անց, երբ ինքնաթիռն անհրաժեշտ բարձրության վրա էր, կապիտանի օգնական  Ռավինդրա Նաթը դուրս եկավ  օդաչուների խցիկից ու իր տեղը  նստեցրեց բորտուղեկցորդ Ջեյ Բաթին:

“Կանոնների համաձայն, եթե օդաչուն հեռանում է խցիկից, պարտավոր է այնտեղ ապահովել անձնակազմի մեկ այլ անդամի ներկայությունը, որն անհրաժեշտության դեպքում կարող է կանչել օդաչուին, եթե  կառավարման հետ ինչ որ բան լինի”,մեկնաբանել է Air India  ընկերության ներկայացուցիչը:

Սակայն, օդանավի հրամնատար Բ.Կ.Սոնին նույնպես հետևեց իր գործընկերոջ օրինակին ու մի քանի րոպեից իր տեղը նստեցնելով բորտուղեկցորդուհի Կանիկա Կալին, ինքն էլ դուրս եկավ:

Ավագ բորտուղեկցորդի խոսքով, որը հետևել է իրադարձություններին, Սոնին նախապես միացրել է ավտոպիլոտն ու  իր “տեղակալներին” կարճ  բացատրել, թե ինչպես պետք է կառավարել:

Ըստ երևույթին, հոգնած օդաչուները տեղավորվել են բիզնես կլասի  սրահում ու հասցրել 40 րոպե լիարժեք քնել, մինչև Կանիկա Կալը պատահաբար անջատել է ավտոպիլոտի կոճակն ու վտանգի տակ դրել 166 ուղևորների կյանքը:

Սոննին ու Բատան վազել են իրենց աշխատախցիկ ու մնացած թռիչն քանցկացրել այնտեղ: Կատարվածի մասին Դելիի  հասնելուն պես  իսկույն  տեղեկացվել է օդանավակայանի տնօրինությանը:

“Բոլոր աշխատակիցները կոպտորեն խախտել են անվտանգության կանոնները, դրա համար էլ հեռացվել են թռիչքից: Մենք հետաքննում ենք կատարվածը”, ասել է  քաղավիացիայի գլխավոր տնօրինության ղեկավար Արուն Միշրան:

Ղրղզստանում ԱՄՆ ՌՕՈՒ-ի վթարված ինքնաթիռի բեկորները քարշ տալով տանում են որպես հուշանվեր

i (3)Ղրղզստանում տեղաբնակները սկսել են որպես հուշանվեր քարշ տալով տանել ԱՄՆ ՌՕՈՒ-ի բեկորները, որը վթարի էր ենթարկվել հինգշաբթի:

Ինչպես տեղեկացնում է ղրղզական “ԱԿԻ-պրեսս” լրատվական գործակալությունը, տեղաբնակներն արդեն սկսել են կրել  KC-135 ինքնաթիռի մանր բեկորները` չնայած իրավապահ մարմինները կոչ են անում ամեն ինչը թողնել տեղում: Ինքնաթիռի բեկորները մի տարածվել են քանի կմ շառավղով. մի մասը  հայտնվել է դաշտում ու արոտավայրում,որոնք պատկանում են տեղաբնակներին: Ղրղզստանի ԱԻՆ-ի պետ Կուբատբեկ Բորոնովը դիմել է համաքաղաքացիներին` խնդրելով ձեռք չտալ այդ բեկորները, որպեսզի համատեղ-ղրղզա-ամերիկյան հանձնաժողովը կարողանա դրանք ուսումնասիրել:

Ինքնաթիռի վթարման պատճառների հետաքննման համար Ղրղզստանի իշխանությունները հատուկ հանձնախումբ են ստեղծել` հանրապետության տրանսպորտի ու հաղորդակցության նախարար Կալիբեկ Սուլթանովի գլխավորությամբ:

Որոնողա-փրկարարական աշխատանքները տեղում շարունակվում են: Վթարի վայրն առաջվա պես գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ:

ՀՀ նախագահը Ա.Միրզոյանին ազատել է ՀՔԾ պետի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակելՎ.Շահինյանին

729f00569b1777bb157e42558ace995e-Andranik-mirzoyan12

Ա. Միրզոյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին

Հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ որոշում եմ.Անդրանիկ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից:

Վ. Շահինյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.

Վահրամ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հահաստանի նախագահությունը» թեմայով ՀՀ ԱԺ լսումներին

նալբանդյանՀարգելի Ազգային ժողովի նախագահ,

Հարգելի Սահմանադրական դատարանի նախագահ,

Հարգելի պատգամավորներ,

Տիկնայք և պարոնայք,

 

Ողջունելի է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությունը:

 

Եվրոպայի Խորհուրդը համաեվրոպական ճարտարապետության մեջ կարևոր դերակատարություն ունի: Այն առաջին հերթին քաղաքական երկխոսության հարթակ է: Եվրոպայի Խորհուրդն այն ատյանն է, որտեղ քննարկվում են համաեվրոպական արդիական հարցեր, սա կարևոր առանձնահատկություն է, քանի որ Եվրոպայի Խորհրդի աշխարհագրական տարածքում տեղի ունեցող իրադարձությունները դիտվում և համապատասխան արձագանք են ստանում հենց համաեվրոպական չափանիշների տեսանկյունից:

 

Իր փորձագիտական կարողություններով, չափորոշիչների և նորմերի տարածման և անդամ երկրներում դրանց ներդրմանը հետևող մոնիտորինգային մարմինների գործունեության միջոցով, Եվրոպայի Խորհուրդը նպաստում է կայուն և ժողովրդավար հասարակությունների զարգացման գործընթացներին: Եվրոպայի Խորհրդի այս առաքելությունը ճանաչված է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից:

 

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցել: Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում առնվազն վերջին 10-15 տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներում Եվրոպայի Խորհուրդն իր կարևոր ներդրումն է ունեցել:

 

Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում՝ իրականացնելով խորքային բարեփոխումներ: Արդյունքները տեսանելի են և անշրջելի: Գործընթացը շարունակվում է և այս առումով կցանկանայի հատուկ կարևորել Հայաստան/Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, որը մեր երկրի տարբեր գերատեսչությունների և Եվրոպայի Խորհրդի քարտուղարության համատեղ աշխատանքի արդյունք է և արտացոլում է բարեփոխումների մեր գերակայությունները:

 

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի ակտիվ անդամներից է և իր ներդրումն է բերում կազմակերպությունում բոլոր ուղղություններով օրակարգային հարցերին և գործընթացներին:

 

Հակիրճ անդրադառնամ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը, բայց նախ՝ մի քանի խոսքով Նախարարների կոմիտեի մասին:

Եվրոպայի Խորհուրդն ունի երկու կանոնադրային մարմին: Դրանցից Նախարարների կոմիտեն Եվրոպայի Խորհրդի ղեկավար և որոշումներ կայացնող մարմինն է, կազմված է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից:

 

Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան երկու անգամ: Անդամ երկրները Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնում են վեց ամիս ժամկետով:

 

Եվրոպայի Խորհրդի մյուս կանոնադրային մարմինը՝ Խորհրդարանական վեհաժողովը, խորհրդատվական մարմին է: Վեհաժողովում առաջ են քաշվում և քննարկվում են եվրոպական հասարակությունների համար մարտահրավեր հանդիսացող կարևորագույն հարցեր:

 

Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցությունից անցել է 12 տարի և, առաջին անգամ, մայիսի 16-ին Հայաստանը ստանձնելու է Նախարարների կոմիտեի նախագահությունը: Սա շատ կարևոր և պատվավոր առաքելություն է Հայաստանի համար, բայց նաև մեծ պատասխանատվություն է:

 

Ընդունված կարգի համաձայն, մայիսի 16-ին Ստրասբուրգում նախագահությունը ստանձնելիս, մենք պետք է հրապարակենք մեր նախագահության գերակայությունները, այսինքն այն ոլորտները, որոնք մենք կարևորում ենք կազմակերպության առաջիկա 6 ամսվա աշխատանքների տեսանկյունից:

 

Հայաստանի գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Դրանք քննարկվեցին Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ՝ ապրիլի 16-17-ին Հայաստան կատարած այցի ընթացքում:

 

Հայաստանի նախագահության գերակայություններով մենք շեշտել և կարևորել ենք Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք հենասյուները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն, յուրաքանչյուրից ընտրելով այն ուղղությունները, որոնք Հայաստանի կարծիքով արդի ժամանակահատվածում կարևոր են:

 

Մարդու իրավունքների ոլորտում կարևորագույն հարցերից է  անհանդուրժողականության, խտրականության և ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ պայքարը: Սա համաեվրոպական, խիստ արդիական խնդիր է, որը նոր սրությամբ է արտահայտվում ինֆորմացիոն տեխնոլոգիաների հասանելիության պայմաններում:

 

Դրա մասին են վկայում Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի (ECRI), Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցները, ինչպես նաև այս տարվա մարտին պաշտոնապես մեկնարկած «Ո՛չ համացանցում ատելություն սերմանող հրապարակային ելույթներին» համաեվրոպական երիտասարդական արշավը:

 

Այս ուղղությամբ մեր ներդրումը բերելու համար Հայաստանում կկազմակերպվի անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին նվիրված միջազգային կոնֆերանս, Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը, որը վերջին տարիներին հատուկ կարևորություն և մեծ հնչեղություն է ձեռք բերել, ինչպես նաև կմիանա և կսատարի ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ երիտասարդական արշավին:

 

Եվրոպայի Խորհրդի մյուս հենասյունը օրենքի գերակայության ոլորտն է: Այս ուղղությամբ մեր ներդրումը կլինի «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովը, որը նախաձեռնել է Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպական դատարանի հետ համագործակցաբար: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը  սիրով համաձայնել է ավելի մանրամասն ներկայացնել նախագահության այս առանցքային միջոցառումը:

 

Այս ոլորտի հետ կապված է նաև Եվրոպայի Խորհրդի օրակարգում ընդգրկված կարևոր մեկ այլ հարց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազգային մակարդակով արդյունավետ կիրառման հարցը: Այս ուղղությամբ Ստրասբուրգում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնցում Հայաստանն իր ներդրումն է բերելու:

 

Եվրոպայի Խորհրդի երրորդ հենասյունը՝ ժողովրդավարությունը, լայն ընդգրկում ունի: Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ նախատեսված են համապատասխան միջոցառումներ, որոնք կկարևորեն տեղական մակարդակով մասնակցային ժողովրդավարության խնդիրները:

Տեղական ժողովրդավարության առումով բոլոր երկրների կյանքում կենտրոնական դեր ունեն մայրաքաղաքները: Այս կոնտեքստում Հայաստանն իր նախագահության ընթացքում մտադիր է կազմակերպել Եվրոպայի Խորհրդի մայրաքաղաքների քաղաքապետերի համաժողով, որի կապակցությամբ Հայաստան կհրավիրվեն 46 երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր:

Հայաստանը պատշաճ ուշադրություն կհատկացնի մշակութային ժառանգության, բարձրագույն կրթության և երիտասարդության քաղաքականության ոլորտներին: Համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցաբար Երևանում կկազմակերպվեն Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական մեկնարկի արարողությունը, Բարձրագույն կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը և Երիտասարդական քաղաքականության եվրոպական սիմպոզիումը:

 

Նախատեսված են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցը և ամառային նստաշրջանի կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահի այցը:

 

Մշակութային միջոցառումներից առանցքայինը Ստրասբուրգում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացումն է լինելու:

 

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է կազմակերպության համար շատ կարևոր ժամանակահատվածում: Գլխավոր քարտուղարը նախաձեռնել է կազմակերպության խորքային բարեփոխումներ, որոնց նպատակը Եվրոպայի Խորհրդի արդյունավետության և դերի բարձրացումն է: Հայաստանը որպես նախագահող երկիր ակտիվորեն ներգրավվելու է այդ բարեփոխումների գործընթացում:

 

Մեր նախագահության ընթացքում քննարկվելու և համաձայնեցվելու է կազմակերպության 2014-2015թթ. բյուջեն և գործողությունների ծրագիրը:

 

Վերջին շրջանում ԵԽ-ում լուրջ քննարկումներ են ծավալվել մոնիտորինգային ընթացակարգերի, դրանց օպտիմալացման և համակարգման վերաբերյալ: ԵԽԽՎ 2013թ. ձմեռային նստաշրջանի ժամանակ Գլխավոր քարտուղարն առաջարկել է մշակել  «ժողովրդավարության մատրիքս»՝ բոլոր անդամ երկրների համար՝ բացահայտելու տվյալ երկրում առկա խնդիրները, ինչպես նաև եվրոպական մակարդակով առկա ընդհանուր և գերիշխող միտումները: Ըստ Գլխավոր քարտուղարի, նման մատրիքսը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ և նպատակաուղղված օգտագործել Եվրոպայի Խորհրդի սահմանափակ ռեսուրսները:

Գլխավոր քարտուղարի այս առաջարկությունը սկիզբ դրեց բավական լուրջ քննարկումների, որոնք շարունակվելու են մայիսի 16-ին կայանալիք նախարարական նստաշրջանին և հետագա ամիսների ընթացքում:

Արաբական երկրներում սկիզբ առած զարգացումներից հետո, Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ, Եվրոպայի Խորհուրդը սկսել է այդ տարածաշրջանի նկատմամբ այսպես կոչված «հարևանության քաղաքականության» մշակման գործընթացը, որը ևս Նախարարների կոմիտեի օրակարգային հարցերից կլինի առաջիկա ամիսներին:

 

Նախագահության ընթացքում մենք շարունակելու ենք խրախուսել և առաջ մղել Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ` մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական Միության և Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության:

 

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հետ Նախարարների կոմիտեի համագործակցության առնչությամբ հարկ է նշել, որ մայիսի 31-ին Երևանում կայանալիք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում ներկայացվելու են Հայաստանի նախագահության գերակայությունները: Խորհրդարանական Վեհաժողովի ամառային և աշնանային նստաշրջանների ընթացքում, Նախարարների կոմիտեի նախագահողը պետք է հանդես գա ելույթներով՝ ներկայացնելով  Կոմիտեի աշխատանքները:

 

Եզրափակելով, կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը՝ Արտաքին գործերի նախարարության հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար: Մենք մեծապես կարևորում ենք այդ փոխգործակցությունը և  հուսով ենք, որ այն լավագույնս կնպաստի Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի հաջող նախագահության անցկացմանը:

 

Շնորհակալություն: