20 տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն ՀովհաննիսյանՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկվա իմ գրառումը բուռն քննարկումների ու տեսակետների հիմք է դարձել: Իհարկե, ոգևորիչ է, որ մեր հասարակությունը այսքան ուշադիր է ու ակտիվ հայրենիքի պաշտպանության գործին: Սակայն մի քանի նկատառում երեկվա հետգրության ընկալման առումով.

1. Դա ընկավել է որպես  հրավեր, մինչդեռ դա հրավերի հետ ոչ մի կապ չունի. խոսքն այն մասին է, որ մարդիկ, ովքեր ցանկացած այսպիսի դեպքից հետո աղմուկ են բարձրացնում, քննադատություններ անում, այդ հոխորտացողներից գրեթե ոչ ոք իրական պատրաստակամություն չի հայտնում:
2. Իրականում մենք որևէ մեկի կարիքը չունենք: Ոչ մեկ անգամ է ասվել եւ ավելորդ չեմ համարում նորից ասել. ՊՆ են դիմում հազարավոր նվիրյալներ, իրական նվիրյալներ ` անկախ այդ դիվերսիաներից ու զոհերից: Սակայն մենք նրանց մերժում ենք, քանի որ դրա կարիքը չկա, և բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարում է:
3. Ավելորդ չեմ համարում նշել, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Կասպրչիկին հորդորել է իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձեւավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետեւանքներ ունենալու հավանականությամբ:
4. Պարզ է, որ դուք ավելին եք պահանջելու և դա շատ լավ է, սակայն պետք չէ մոռանալ, որ մեզ մոտ պատերազմը չի դադարել: Եվ այս քսան տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում: Բանակի կատարած քայլերը ամեն անգամ չէ, որ հեշտությամբ նկատելի ու ընկալելի են:
5. Դարձյալ շնորհակալություն անհանգստության ու պահանջկոտության համար: Վստահ եղեք, որ պաշտպանության գործն իրականում կատարողը հաստատ կրկնակի է զգում պաշտպանությունն ավելի լավը դարձնելու կարևորությունը:
6. Մեր անվտանգության ապահովողը մնում ենք մենք և մեր ԶՈւ-երը, բոլոր տեսանելի քայլերը, որոնք երբեմն դուք քննադատում եք անհրաժեշտություն են, սակայն դրանք չեն փոխարինում զենքին ու զորքին, միայն լրացնում են:

Զվարթնոցի շենքը կպաշտպանեն լեհ կինեմատոգրաֆիստները և ռոբոտները (տեսանյութ)․ Մենք ենք այս քաղաքի տերը

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրել է լեհ կինեմատոգրաֆիստներին՝ աջակցել Զվարթնոց օդանավակայանի արժեքավոր շենքի պահմանման գործում։ Հայտնի է, որ 80-ականներին Զվարթնոցի եզակի ֆուտուրիստական շենքում է նկարահանվել լեհական «Պան Կլյաքսայի արկածները» ֆանտաստիկ կինոնկարը (ռեժիսոր Քշիշտոֆ Գրադովսկի)։ Կից տեսանյութում ներկայացված է մասնավորապես ռոբոտների մարշը Զվարթնոցի տարածքում։

Այն ժամանակ Զվարթնոցի շենքն ընտրվել է նկարահանումների համար՝ որպես նմանը չունեցող և առանձնահատուկ տիեզերական հմայք ունեցող կառույց։

Եվրոպացի մասնագետները զարմանքով են իմացել շենքը քանդելու ծրագրերի մասին և դիմելու են եվրոպական մշակութային ժառանգության պահպանման մարմիններին՝ Զվարթնոցի քանդումը թույլ չտալու համար։

Զվարթնոց օդանավակայանի հին շենքը Հայաստանի նորագույն պատմության եզակի ճարտարապետական նմուշներից է և մասնագետները բազմիցս խոսել են դրա նշանակության մասին։ Բացի այդ, շենքի քանդման համար բացի ֆինանսական արդարացումներից չկա որևէ օրինական հիմք։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կտրականապես դեմ է Զվարթնոցի աշտարակի քանդմանը և ամեն ջանք կգործադրի, որպեսզի հայ մշակութային ժառանգության այս անգնահատելի օրինակը պահպանվի։

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն

Լոռիում երկու բնակարան են խուզարկել

ոստիկանությունԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Արեն Մ.-ի տանը. հեռուստացույցի տակդիրում հայտնաբերվել են 2 դանակ, տան մոտ գտնվող փայտյա պահարանից` 1 դանակ, «Ֆ-1» տիպի 7 նռնակ, «ՏՆՏ-11-49» տիպի նռնակ, «Ֆ-1» տիպի նռնակի 4 պայթուցիչ, «48-80-676» տիպի պայթուցիչ և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Արեն Մ.-ն հայտարարել է, որ վերը նշվածը 1990 թ. իրեն է տվել համադասարանցի Իգոր Բ.-ն:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Իգոր Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Նույն օրը նույն դատարանի որոշումով` ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները 1971 թ. ծնված Վահե Մ.-ի բնակարանի խուզարկության ժամանակ ննջասենյակի զգեստապահարանում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան` առանց համապատասխան փաստաթղթի:
Վահե Մ.-ն հայտարարել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

 

Սեյրան Օհանյանը դեսպան Կասպրչիկին կոչ է արել քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ

սեյրան ՕհանյանԱյսօր` հունիս 6-ին,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ: Դեսպան Կասպրչիկը հայտնեց իր մտահոգությունը և խոստացավ քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:

 

Վարչապետը Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

11361_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին: Ողջունելով դեսպանին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Որպես վարչապետ պատրաստ եմ անել հնարավորը՝ Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերություններն ակտիվացնելու համար»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետը դեսպանին է փոխանցել Քուվեյթի վարչապետ, Նորին Վսեմություն շեյխ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ Ալ Սաբահին Հայաստան այցելելու հրավերը և համոզմունք հայտնել, որ նման մակարդակի փոխայցելությունները կնպաստեն երկկողմ կապերի զարգացմանը: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-քուվեյթյան գործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ քուվեյթցի ներդրողների ներգրավումը մեր երկիր նրանց առջև կբացի նաև Եվրասիական միության՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի շուկաները:
Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին, շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները: Դեսպանը ևս կարևորել է երկկողմ փոխգործակցության զարգացումը և վարչապետին ներկայացրել երկու երկրների միջև ուղիղ չվերթերի կազմակերպման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դա իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, տնտեսական տարբեր ծրագրերի իրականացմանն ու երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը:
Միաժամանակ, Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին խոստացել է Քուվեյթի ներդրումային հիմնադրամին մանրամասն ներկայացնել ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելու գործընթացը և ներդրողների համար բացվող հեռանկարները:
Իր հերթին, դեսպանը ևս Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Քուվեյթ:

Ջրանցքում դի է հայտնաբերվել

դիակՀունիսի 5-ին, ժամը 19.30-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի ջրանցքում տղամարդու դի է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարաները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված (մոտ 76 տարեկան) քաղաքացու դի:

«Գրքարվեստ 2014»-ում Հայաստանը վաստակել է 5 առաջին մրցանակ. նախկինում որևէ երկիր նման ցուցանիշ չի ունեցել

միլիտոնյան1Մինսկում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունում Հայաստանը 5 առաջին մրցանակ է շահել: Մրցույթին Հայաստանը ներկայացրել է 9 գիրք և արժանացել ընդհանուր 8 մրցանակի, որոնցից 5-ն առաջին մրցանակներ են, մեկ գիրք արժանացել է երկրորդ մրցանակի («Համագործակցություն» անվանակարգ, «Հայոց Երևելիներ», հեղինակ` Ալբերտ Միքայելյան), մեկ գիրք` նոմինանտի դիպլոմի ( «Գրան պրի» անվանակարգ, «Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ», կազմող` Յ. Պետրոսյան ) և մեկ գիրք էլ` ժյուրիի հատուկ մրցանակի («Իմ երկիրը» անվանակարգ, «10 հայ ականավոր թագուհիներ», հեղ. ` Արտակ Մովսիսյան):
Առաջին մրցանակի են արժանացել Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը ռուսերեն հրատարակությամբ («Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգ), Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» գիրքը («Մշակույթների երկխոսություն» անվանակարգ), Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը («Գիտություն և կրթություն» անվանակարգ), Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը» («Արվեստի գիրք» անվանակարգ), Շմավոն Շմավոնյանի «Արարատ» հրատարակությունը («Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգ) :
«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը մրցանակակիր գրքերից հատկապես կարևորում է Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց»-ը` որպես մեծն հայագետի աշխատանքի գնահատանք, և Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը», որը, նրա խոսքով, առաջին ամբողջական աշխատությունն է հայ գորգի մասին:
Մրցույթի արդյունքների և նշանակության մասին «Անկախը» զրուցել է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
պատկերազարդ-պատմություն-հայոց– Պարոն Միլիտոնյան, մրցույթին ինը գիրք ենք ներկայացրել և վաստակել ութ մրցանակ: Ինչո՞վ է պայմանավորված նման բարձր ցուցանիշը:
– Իհարկե, մեր գրահրատարակչական ասպարեզի զարգացման, տպագրական տեխնոլոգիաների նորացման միտումներով եմ դա պայմանավորում: Վերջին տարիներին մեզանում իսկապես որակով ու բազմազան գրքեր են հրատարակվում: Գրքի միջազգային ցուցահանդեսներում մեր գրքերն անպայման ապահովում են բարձր մակարդակ: Եվ դա այն հրատարակիչներն են ապահովում, որոնք ամեն տարի նման ցուցահանդեսների են մասնակցում:
Սա նշանակում է մի բան, որ այսօր ունենք գրահրատարակչական շատ լավ հնարավորություններ, ունենք կայացման փուլում գտնվող հրատարակիչներ: Եթե Սովետական Միության տարիներին հիմնականում մեկ-երկու հրատարակչություն կար, որոնք կենտրոնացված էին պետության ձեռքին, ապա այսօր 40-ից ավելի հրատարակչություն կա, որոնք գործում են ասպարեզում, գրքեր են հրատարակում և ջանք են ներդնում նոր, հետաքրքիր գրքերի լույսընծայման համար:
Եթե մեզանում կարողանանք նկատել և գնահատել կատարված աշխատանքները, դրանով իսկ կնպաստենք ոլորտի հետագա զարգացմանը:
ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ցուցահանդեսն էլ մի խթան է, որպեսզի ամեն տարի ավելի հետաքրքիր գրքեր տպագրվեն ու ներկայացվեն:
Մրցույթին ներկայացված գրքերը նախ «Հայաստանի գրքարվեստ» մրցույթում են հաղթող ճանաչվել, ապա միայն միջազգային մրցույթին ներկայացվել: Այդ գրքերը միջազգային մրցույթում ներկայացնելով` վստահ էի, որ մրցանակներ կունենանք, բայց որ այդքան շատ` ինձ համար էլ անակնկալ էր:

– Նախորդ տարիներին «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունում Հայաստանն ի՞նչ ցուցանիշներ է ունեցել:

– Մենք մասնակցել ենք 11 տարի և տարբեր ցուցանիշներ ենք ունեցել. ամեն կարգի մրցանակներ էլ ունեցել ենք, բայց որ այս տարվա պես 5 առաջին մրցանակ լինի… Ոչ միայն մենք, որևէ այլ երկիր նախկինում նման ցուցանիշ չի ունեցել:

– Ձեր կարծիքով` մասնակցությունը միջազգային մրցույթներին մեզ ի՞նչ է տալիս: Ո՞րն է մասնակցության բուն նպատակը:

– Նպատակն է խթանել գրքի քարոզչությունը: Սեպտեմբերին մրցանակները կհանձնվեն Մոսկվայի Գրքի ցուցահանդեսի շրջանակներում: ԱՊՀ և այլ երկրների լրատվական խողովակներով լուրը կտարածվի: Սա արդեն մեծ հնարավորություն է հայ գիրքը աշխարհին ներկայացնելու, քարոզելու համար: Բացի այդ, մրցանակ ստանալուց հետո հրատարակիչն ինքն էլ է պարտավորված զգում և փորձում ավելի լավ, որակյալ գրքեր հրատարակել:

– Ամփոփելով վերջին տարիների ցուցանիշները` գրահրատարակչության ոլորտում ի՞նչ առաջընթաց ունենք, և ո՞րն է առաջխաղացման հիմնական գործոնը:
գրքարվեստ– Մեր գրահրատարակչական դաշտն անկախության 23 տարիների ընթացքում ամենակայացած ոլորտներից է: Նախ` հիմնականում պահպանվեցին ավանդական տպարանները և հրատարակչությունները, որոնք ավանդաբար ուժեղ էին: Նաև նորերն ի հայտ եկան` նոր մտահղացումներով ու գործունեությամբ, և, փաստորեն, դաշտում առողջ մրցակցություն եղավ: Այդ առողջ մրցակցության շնորհիվ Հայաստանում ներկայումս տարեկան 2200 անուն գիրք է հրատարակվում` մանկականից մինչև հանրագիտարանային: Դրան շատ է նպաստում նաև պետական աջակցության հնարավորությունը: Այդ ներդրումը զգալի է: Լավագույն գրքերի մի մասն այդ աջակցությամբ է հրատարակվում:

– Շատ է խոսվում է, որ պետպատվերի շրջանակներում տպագրված գրքերը հաճախ զիջում են որակային առումով: Համամի՞տ եք այս կարծիքին:

– Բնականաբար, չեմ կարող համամիտ լինել, որովհետև, նախ, ասողը պիտի մանրամասնի, թե ինչով է զիջում` թղթի որակո՞վ, բովանդակությա՞մբ: Այն գրքերը, որոնք ընդգրկվում են պետական պատվերի և աջակցության ծրագրերում, բնականաբար, և՛ իրենց որակով, և՛ բովանդակությամբ աչքի ընկնող գրքեր են այդ բնագավառներում:
Անհատ հեղինակը կարող է մեծ գումարներ ներդնել իր գրքի հրատարակության համար, ուստի պարտադիր չէ, որ պետական պատվերով գիրքը տպագրական որակով ավելի բարձր լինի, որովհետև այդ գրքերի վրա այնքան էլ մեծ գումարներ չեն ծախսվում, և հիմնականում ինքնարժեքից ցածր են վաճառվում, հատկապես` մանկական գրքերը:
Նշեմ, որ մրցանակակիր գրքերից 3-ը պետական միջոցներով են հրատարակվել:

– Վերջին տարիներին Երևանում գրախանութների թիվն ավելանում է: Ի՞նչ է սա, գրքի պահանջարկը մեծանո՞ւմ է:

– Սովետմիության ժամանակ երևանում մոտավորապես 80 գրախանութ կար, անկախացման ժամանակ և հետո մեծ մասը փակվեց, դարձան այլ տիպի խանութներ: Հիմա որոշ չափով վերադարձ է նկատվում: Տարբեր տեղերում փոքրիկ գրախանութներ են բացվում, տարբեր սուպերմարկետներում են վաճառում, փոստատներում են գրքերի անկյուններ բացվում: Եթե առաջ կար գիրք վաճառելու մի հնարավորություն` գրախանութը, ապա այսօր ընգրկվել է ցանցի ըմբռնումը. գիրքը կարող է վաճառվել սրճարան-գրախանութներում, տարբեր հաստատություններում: Գրքի նկատմամբ պահանջարկի աճ հիմնականում կա: Բայց նաև նկատելի է, որ դա մեծ որակ չի կազմում:
Խոստովանենք, որ այս ամենը պատճառաբանվում է նաև նրանով, որ մեր զանգվածային լրատվամիջոցները շատ քիչ են տեղ հատկացնում գրքին, հրատարակչին, ստեղծագործողին, գրախանութին:

– Ունենք լավ որակով գրքեր, որոնք դրսում գնահատվում են, իսկ ներսում դրանք գնահատվա՞ծ են պատշաճ կերպով:

– Հիմա ով սիրում է գիրք կարդալ, կարդում է: Պահանջել բոլորից միատեսակ բան` անցած ժամանակներին էր հատուկ, երբ բոլորը ցուցադրության համար գրքեր էին բաժանորդագրվում, տանը մեծ գրադարաններ ունեին: Սովետական Միության տարիներին գիրքը հրատարակվելուց մի քանի օր անց սպառվում էր: Հիմա նույն հեղինակի գիրքը տարիներով չի սպառվում, ուրեմն մենք կայուն ընթերցողական դաշտ չենք ունեցել: Այնպես որ, այսօր գիրք կարդում են նրանք, ովքեր ուզում են կարդալ և պահանջ ունեն կարդալու:
Եվ մյուս կողմից, եթե ընթերցողը ծանոթ չէ ժամանակակից հեղինակներին ու հրատարակիչներին, այդ մարդը ո՞նց պիտի գնահատի գրողին, նրա աշխատանքը:

– Գրադարանների համալրվածության մասին. Հայաստանում տարեկան 2200-ից ավելի գիրք է հրատարակվում, բայց մեր գրադարանները համալրվածության խնդիր ունեն, չեն կարող ընթերցողին մատուցել նրա պահանջած ժամանակակից հրատարակությունները, ինչո՞ւ, և այս հարցի ի՞նչ լուծում եք տեսնում:

– Նայած թե ում են պատկանում գրադարանները: Մշակույթի նախարարությանը պատկանող գրադարանները տարեվերջին համալրվում են վերջին երեք տարում պետպատվերով և աջակցությամբ հրատարակված ու վաճառքում մնացած գրքերով: Դրանք բաշխվում են գրադարաններին: Պետականորեն այս գործն արվում է, բայց Հայաստանում շատ գրադարաններ կան: Ինչո՞ւ համայնքներում որևէ մեկը չի մտածում որոշակի գումար հատկացնել գիրք ձեռք բերելու համար: Եթե ամեն ինչ թողնել, թե վերևից մեկը պետք է գա ու մեզ գիրք նվիրի` չի լինի: Պետությունն իր կողմից հնարավորինս ամեն ինչ անում է: Բայց մենք էլ մի քիչ պիտի մտածենք, հնարավորություններ գտնենք:

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Հալեպում իրավիճակի վերաբերյալ

տիգրան բալայանԽստորեն դատապարտում ենք վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։

Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն է:

«Երևանյան ամառ 2014»-ի` Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումը

003 (1)Երևանի կենդանաբանական այգում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի հերթական միջոցառումն է անցկացվել, որը  նվիրված էր Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան։ Միջոցառման բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ողջունելով նրանց նախաձեռնությունը։

Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական և առևտրային կազմակերպություններ, որոնք անվճար տրամադրված տաղավարներում ներկայացրել են իրենց բնապահպանական գործունեությունը, ցուցադրել արտադրանքը։

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը նաև քարոզչական առաքելություն ունի և բնության հանդեպ պատասխանատու ապրելակերպի կոչ է։

Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է երեխաների ակտիվ մասնակցությամբ։ Խաղային տաղավարում երեխաները համակարգչային թեմատիկ խաղ-մրցույթի են մասնակցել՝ հեծանիվ մրցանակի համար, իսկ ցուցահանդեսում էլ ներկայացրել են իրենց բնանկար ստեղծագործությունները, ինչպես նաև միջացառման ընթացքում նկարազարդել են տրամադրված նկարակալ-տուփերը։

Երևանի կենդանաբանական այգում Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Հունիսի 5-ին ժամը 9:30-ից մինչև 17:00-ն Երևանի կենդանաբանական այգու այցելուների համար մուտքն անվճար էր։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Երևանի քաղաքապետի տեղակալները շարունակում են մասնակցել վարչական շրջաններում անցկացվող քաղաքացիների ընդունելություններին

1Սահմանված ժամանակացույցով շարունակվում են վարչական շրջանների ղեկավարների կողմից յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընդունելություններին պարբերաբար մասնակցում են նաև քաղաքապետի տեղակալները:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպված բնակիչների ընդունելությանը: Զրուցելով ընդունելության եկած բոլոր բնակիչների հետ և լսելով նրանց կողմից բարձրացվող խնդիրները՝ Կամո Արեյանը  բարձրացված հարցերին տեղում տվել է համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ: Անարձագանք չեն մնացել նաև քաղաքապետարանի լիազորություններից դուրս գտնվող հարցերը, որոնց մասով քաղաքացիներն ուղղորդվել են  համապատասխան կառույց:

Քաղաքային իշխանություն-բնակիչ կապն առավել ամրապնդելու և բնակիչներին հուզող հարցերին տեղում ծանոթանալու նպատակով քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությանը և քաղաքապետարանի լիազորության շրջանակում ներկայացված բոլոր հարցերին համապատասխան ընթացք տվել:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ դրանց անցկացումն ու հատկապես քաղաքապետի տեղակալների մասնակցությունն իրենց  դրական արդյունքն են տալիս և շատ հարցեր լուծում են ստանում հենց ընդունելության ժամանակ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայ խորհրդարանականները Ճապոնիայում

Meeting with Mr. SuzukiՀունիսի 2-4-ը «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը աշխատանքային այցով մեկնել էին Ճապոնիա:

Տոկիոյում հայ խորհրդարանականները հանդիպում են ունեցել <Ճապոնիա-Հայաստան> պատգամավորական բարեկամության ասոցիացիայի նախագահ, Ճապոնիայի նախկին արտգործնախարար Տակեակի Մացումոտոյի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության բացման առիթով բարեկամության խմբերի առաջին համատեղ նիստի հնարավոր անցկացումը Երևանում:

ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Սամվել Ֆարմանյանը հանդիպում են ունեցել Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Շունիչի Սուզուկիի հետ: Ողջունելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը, Շունիչի Սուզուկին կարևորել է հայ խորհրդարանականների այցը Ճապոնիա՝ վստահություն հայտնելով, որ նման այցելությունները, ինչպես նաև Ճապոնիայի դիվանագիտական մշտական ներկայացուցչության հիմնումը Երևանում նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերություններին: Հայ խորհրդարանականները Շունիչի Սուզուկիին են ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Սամվել Ֆարմանյանին և Ալեքսանդր Արզումանյանին Տոկիոյում ընդունել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նոբուո Կիշին: Զրուցակիցները քննարկել են հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև միջազգային կառույցներում համագործակցության հեռանկարները: Հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել անկախությունից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված շուրջ 0.5 մլրդ ԱՄՆ դոլարի օժանդակության համար և կարևորել սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտում Ճապոնիայի կառավարության հետ արդյունավետ համագործակցության հետագա շարունակությունը:

Տեղեկատվական անվտանգության լուծումներից մինչև ինժեներական ծրագրային ապահովում` ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում

Forum _ Phot 3Հունիսի 20-21-ը ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին կմասնակցեն և տեխնոլոգիական լուծումներ կներկայացնեն ռուսական խոշորագույն  կազմակերպություններ:

Գործարար համայնքը, տեխնոլոգիական նորություններով հետաքրքրվողները կծանոթանան «ԱՌինտեգ» ընկերության ծառայություններին, որը համակարգերի ինտեգրմամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից է Ռուսաստանում, ինչպես նաև հանդիսանում է ֆորումի հովանավորներից: Ընկերությունը տրամադրում է տեղեկատվության անվտանգության ապահովման արտադրանք և աջակցում է իր հաճախորդներին ձևավորելու ժամանակակից ՏՏ – ենթակառուցվածք նորագույն տեխնոլոգիաների, հուսալի ծրագրային և ապարատային ապահովման միջոցով:

Բիզնես ֆորումին իր ծառայությունները կներկայացնի նաև «Ասկոն» ընկերությունը, որը զբաղվում է ինժեներական ծրագրային ապահովման մշակմամբ և արտադրական ոլորտի ինտեգրատոր է: Ընկերությունը կոմպլեքսային ավտոմատացման ծառայություններ է մատուցում, որոնք ուղղված են լուծելու հետևյալ խնդիրները` ինժեներական նախագծերի փաստաթղթերի նախապատրաստում և թողարկում, բիզնես գործընթացների զարգացում և ինժեներական տվյալների կառավարում:

Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ»  ընկերությունը: 

Ֆորումի մուտքն ազատ է:

Մասնագետների պնդմամբ՝ Գյուլագարակ – Կուրթան ճանապարհին միջամտելը խիստ վտանգավոր է

05062014Հունիսի 4-ին տեղի ունեցած սողանքն ամբողջությամբ փակել էր հանրապետական նշանակության Գյուլագարակ – Կուրթան ճանապարհը, որը Ձորագյուղը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6  միջպետական ճանապարհին կապող ամենակարճ ուղին է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից, երկրաբաններից և ճարտարագետներից ձևավորված մասնագիտական խումբն այցելեց սողանքի վայր՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:

Մասնագետները միաբերան նշում են. այստեղ խիստ վտանգավոր է  որևէ տեսակի մեխանիզմի կամ տեխնիկայի միջամտությունը, քանզի ցանկացած պահի սարը կարող է փլուզվել՝ փակելով  ոչ միայն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը, այլև ճանապարհով անցնող երկաթգիծն ու թունելները:

Տեղանքում երկրաբանների ակնադիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սողանքը գնալով ակտիվանում է:  Ըստ նրանց՝ նույնիսկ մարդկանց շարժն այդ տարածքում պետք է արգելել:

Որպես խնդրի լուծում՝  մասնագետներն առաջարկում են վերականգնել սողանքային հատվածը շրջանցող 4.2 կմ երկարությամբ այլընտրանքային  ճանապարհը, որը Լոռու և Ալավերդու ճանշինների կողմից հարթեցման աշխատանքներ կատարելուց հետո կդառնա երթևեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ներկայում Ձորագյուղ համայնքի բնակիչները երթևեկում են վթարված ճանապարհահատվածի շարունակությունը կազմող հանրապետական նշանակության ճանապարհով, որը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6  միջպետական ճանապարհին կապող ամենաերկար ուղին է:

Պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

վրաերթՀունիսի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևանի Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 4-ին, ժամը 10.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 80 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 91-ամյա կնոջ և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո` ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

Հունիսի 4-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 5-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Իջևան-Երևան ավտոճանապարհի 89.5 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 4-ին, ժամը 23.00-ին, Ստեփանավանի Վիրահայոց փողոցի թիվ 4 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 4-ին, ժամը 12.50-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 4-ին, ժամը 10.00-ին, «Մերսեդես E 240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը ձախ ոտնաթաթի սալջարդ վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

 

 

Զենք-զինամթերք` խուզարկությամբ

զենքՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` մի քրեական գործի շրջանակներում, 1987 թ. ծնված Մհեր Մ.-ին պատկանող տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության «Իժ-40» տիպի օդաճնշիչ ատրճանակ, «Վոստոկ» տիպի հրացան, երկփողանի հրացան, հրացանի փող և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 17 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք:

Դպրոցի տարածքից 20 բարդի է հատվել

ծառհատումԿոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել է Կոտայքի մարզի մի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի դիմումը, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում դպրոցի տարածքում եղել է շուրջ 50 ծառատեսակ, որոնցից միայն երկուսն են ունեցել փթածություն: Վերջերս նկատել է, որ այդ ծառերը վերացել են և լինելով մտահոգված այդ ծառերի ոչնչացման փաստով` խնդրել է ստուգել դրանց հատման օրինականությունը:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տարածքից բարդի տեսակի 20 ծառերի հատումը 2013 թ. մայիսին կատարել է 1948 թ. ծնված Գեղամ Ա.-ն:
Հունիսի 3-ին, ժամը 19.10-ին, Գեղամ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ինքնաշեն ատրճանակ` գերեզմանոցում

ատրճանակի բռնակով հարվածել էՈստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարան քաղաքի գերեզմանոցի տարածքում զենք է թողել ու հեռացել:
Մեկնած օպերատիվ խումբը գերեզմանոցի տարածքից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակի մեջ փաթաթված ինքնաշեն ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

հրամանագիր

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները: