Գրպանահատից տուժած կնոջը որոնում են

ՀՀ-ոստիկանություն2Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն օրերս Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արթուր Տ.-ին, 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին և 1973 թ. ծնված Արմեն Դ.-ին:
Արմեն Դ.-ի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որը, ըստ նրա հայտարարության հունիսի 3-ին, ժամը 13.00-ին, թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է անծանոթ կնոջից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

Աքցանով և պտուտակահանով զինված գողին բռնել են շքամուտքում

ձերբակալվածՀունիսի 3-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 24 շենքի 2-րդ շքամուտքում մի մարդ ինչ-որ բան է կոտրում:
Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 1953 թ. ծնված Ռաֆայել Մ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ակցան և երկու պտուտակահան:
Պարզվել է, որ նա օգտվելով շքամուտքի առաջին հարկում տեղադրված մետաղյա պահարանի դռան բաց լինելու հանգամանքից` գողացել է էլեկտրական 6 անջատիչ, ապա աքցանով բացելով երկու մետաղյա պահարանները` կրկին փորձել է էլեկտրական անջատիչներ գողանալ, սակայն` չեն եղել:
Ռաֆայել Մ.-ն խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Հայ-ադրբեջանական սահմանագոտում երկու պայմանագրային զինծառայողներ են զոհվել

պն

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ:

 

 Անկախ

21 Ինքնաբացարկ ԲՀԿ-ի ցուցակից. Տիգրան Ներսիսյանը ԱԺ պատգամավոր , իսկ ՀՀԿ-ից` Վազգեն Կարախանյանը

ԱԺ,հանրապետականներԱյսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սայեն Հայրապետյանի, Գայանե Հարությունյանի, Էդիկ  Կարախանյանի, Վահան Ղոչիկյանի, Հակոբ Նազարյանի, Գրիգորի Գրիգորյանի, Արփինե Հայրապետյանի, Հարություն Կարապողոսյանի, Էդուարդ Սահակյանի, Սմբաթ Սիմոնյանի, Նազիկ Ավդալյանի, Գեղամ Նազարյանի, Նապոլեոն Ազիզյանի, Ժորա Սահաբալյանի, Մարինա Մարգարյանի, Ռուստամ Մախմուդյանի, Օվչի Ամոյանի, Սմբատ Եղիազարյանի, Գրիգոր Առաքելյանի, Զարինե Ղազինյանի և Աշոտ Ոսկանյանի գրանցումները`  հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Գրիգորանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Ներսիսյանին տալու վերաբերյալ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է մեկ այլ արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Մարտին Սարգսյանի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վազգեն Կարախանյանին տալու վերաբերյալ:

 

ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախումբը դատապարտում է

ՀՅԴՍուրիոյ քաղաքացիական պատերազմի սկիզբէն իսկ, Հալէպի հայկական համայնքը, գտնուելով կառավարական եւ ընդիմմութեան ուժերուն ընդհարումի գօտիին միջեւ, մինչեւ այսօր կ’ապրի ծանր օրեր, տալով տասնեակներով զոհեր, հարիւրաւոր վիրաւորներ, ինչպէս նաեւ կրելով հսկայական վնասներ համայնքային եւ սեփական կառոյցներու: Վերջին շրջանին կացութիւնը վատթարացած է, քանի շրջանին մէջ, կառավարութեան դէմ հակադրուող ուժերը, Ալ Քայիտայի հետ կապակցութիւն ունեցող ուժերն են:

Կասկածէ վեր է թէ ծայրայեղական ընդիմադիր այս ուժերը, զինուած Թուրքիոյ  կողմէ եւ մուտք գործած Թուրքիայէն, իբրեւ իրենց հիմնական թիրախը ընտրած են յարձակումները անզէն ժողովուրդին վրայ, քաղաքներու եւ գիւղերու մէջ: Կարճ ժամանակ առաջ, մուտք գործելով Թուրքիայէն, յարձակեցան հայաբնակ Քեսապին վրայ, պատճառ դառնալով որ ամբողջ բնակչութիւնը տեղահանուի եւ ապաստան գտնէ Լաթաքիիոյ մէջ: Վերջին օրերուն նոյն ուժերը, մուտք գործելով նորէն Թուրքիայէն, սկսած են անդադար հրթիռակոծումը Հալէպի հայկական թաղամասերուն եւ յատկապէս Նոր Գիւղի շրջանը:

Ինչպէս կը տեղեկացնեն մամլոյ սպասարկութիւններ եւս, Նոր Գիւղի անդադար այս հրթիռակոծումը, ծայրայեղական ուժերուն կողմէ, վտանգի ենթարկած է բնակչութեան կեանքը իսկ մեծ վնասներ հասցուցած՝ հայկական եկեղեցիներու, դպրոցներու, ակումբներու, բնակարաններու եւ գործատուներու, որոնք ամբողջութեամբ կամ մասամբ քանդուած են, պատճառելով անզէն եւ խաղաղ բնակչութեան տեղահանումը եւ ապաստան գտնելը Լաթաքիա, ուր արդէն խճողուած են Քեսապի փախստականները:

Նկատի ունենալով ստեղծուած կացութիւնը, Սուրիահայութեան Շտապ Օգնութեան եւ Վերականգման Մարմինը, յայտարարած է Հալէպի հայկական թաղամաս Նոր Գիւղը իբրեւ ԱՂԷՏԵԱԼ ԳՕՏԻ:

Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը, կը դատապարտէ շարունակական այս յարձակումները Սուրիոյ հայ ազգաբնակչութեան դէմ: Անկասկած՝ ծայրայեղական այս ուժերը կը նկատեն այժմ, իբրեւ իրենց հիմնական թիրախը կը նկատեն հայաբնակ շրջանները եւ որոնք անտարակոյս կը քաջալերուին երրորդ երկիրներու կողմէ եւ յատկապէս Թուրքիայէն, ուր եւ կը զինուին այս ուժերը եւ ունին արտօնութիւնը մուտք գործելու Սուրիոյ սահմաններէն ներս, հակառակ Թուրքիոյ անհիմն պնդումներուն որ ինք ոեւէ մեղսակցութիւնը չունի:

Կոչ կ’ուղղենք Եւրոպական Միութեան, որ այլեւս ժամանակն է փոխելու իր որդեգրած կեցուածքը մինչեւ այսօր եւ դատապարտելու բուռն կերպով այս յարձակումները եւ ճնշելու Թուրքիան որ դադարեցնէ ոճրագործ այս ուժերու զինումը եւ ուղարկումը Սուրիա, յարձակումներ կատարելու համար հայաբնակ շրջաններու վրայ: Կոչ կ’ուղղենք բոլոր պետութիւններուն եւ յատկապէս անոնց որոնք կը սատարեն ընդիմութեան ուժերուն, որ միջամտեն եւ պահանջեն ծայրայեղական այդ ուժերէն, դադարեցնելու իրենց յարձակումները հայաբնակ շրջաններուն վրայ: Այն պետութիւնները, որոնք պիտի չառնեն նման նախաձեռնութիւններ պիտի կրեն բարոյական պատասխանատուութիւնը հակահայ այս գործողութիւններուն եւ բոլոր ոճիռներուն որ կը կատարուին ծայրայեղական այս ուժերուն կողմէ:

Կոչ կ’ուղղենք Սուրիոյ իշխանութիւններուն, որ դիմեն անմիջական միջոցառումներու, ապահովելու անզէն ժողովուրդին ֆիզիքական ապահովութիւնը, որուն տենչանքն է իր գիւղերուն եւ թաղամասերուն մէջ ապրելու խաղաղութեամբ եւ կեանքի ու ինչքի ապահովութեամբ:

Հայ ժողովուրդը որ ենթարկուած է ցեղասպանութեան թուրքիոյ կողմէ, դիմագրաւած է մեծ աղէտներ, սակայն այսօր ոտքի է եւ կենդանի, պիտի չ’արտօնէ ոեւէ նոր զանգուածային յարձակումներու ծրագրի իրագործումը Սուրիոյ մեր հայրենակիցներուն դէմ, եւ պիտի հակազդէ համապատասխանօրէն ամբողջ աշխարհի մէջ, ապահովելու համար Սուրիոյ հայութեան անվտանգութիւնը:

Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակ    

Մտավոր խնդիրներով երիտասարդների «Փրկությունը»

10405722_10203280968258715_588360467_nԴեռ ոչ վաղ անցյալում մտավոր խնդիր ունենալը մեր հասարակության մեջ ամոթ էր համարվում, խարան, իսկ նման երեխաներ ունեցող ծնողների մեծ մասն ամեն կերպ փորձում էր թաքցնել այդ «ամոթալի իրողությունը»՝ երեխային մեկուսացնելով արտաքին աշխարհից: Ժամանակները փոխվել են, և հավասար հնարավորություններ ու հասարակությանը լիարժեք ինտեգրվելու պահանջ է ներկայացնում նաև հասարակության այս հատվածը: Ճիշտ է, մեր իրականության մեջ դեռևս չի հաղթահարվել այդ խնդիրը, անելիքներ շատ կան, սակայն հասարակական ոլորտում աշխատող որոշ կազմակերպությունների շնորհիվ հաջողվել է գոնե կոտրել բազմաթիվ կարծրատիպեր:

10432165_10203280966178663_551705944_nՕրինակ` մեզանից քանի՞սը գիտի, որ Երևանում գործում է մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների ու երիտասարդների թատերախումբ: Նման մի զարմանալի ու նոր աշխարհ ինձ համար բացահայտվեց օրերս Երևանի Շենգավիթ համայնքում գործող «Փրկություն» հասարակական կազմակերպությունում: Սա միակ թատերախումբն է, որի բոլոր դերասանները մտավոր խնդիրներ ունեցողներ են: Պարզվեց՝ «Փրկություն» թատերախումբը ելույթներ է ունենում մանկատներում, դպրոցներում, վերջերս էլ հյուրախաղերով եղել է Արցախում: Իսկ մայիսի 30-ի ներկայացումը մի յուրօրինակ ակցիա էր ընդդեմ արտագաղթի:

10423332_10203280972058810_2044687543_nՄտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները, «Հայրենիքիս կանչը» ներկայացման միջոցով նորովի ներկայացնելով հայտնի «Գիքորը», ապացուցեցին, որ իրենք էլ, որպես հասարակության լիիրավ անդամ, անտարբեր չեն երկրի առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկի՝ արտագաղթի նկատմամբ: Իսկ ներկայացման գլխավոր հերոսը, շրջելով աշխարհեաշխարհ, ոչ միայն որոշեց վերադառնալ իր հայրենիք, այլև Գիքորին էլ հետը բերել, և թումանյանական հոգեմաշ ստեղծագործությունը երջանիկ ավարտ ունեցավ:

967775_10203280973298841_677391015_nՆերկայացման վերջում դերասանները խրախուսվեցին պատվոգրերով, իսկ նրանց դեմքերը երջանկությունից փայլում էին: Կենտրոնի ոչ այնքան մեծ դահլիճի բեմում, որտեղ հավաքված էին բազմաթիվ հյուրեր, որոշ պաշտոնյաներ, նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք էլ հասարակության մի մասնիկն են, որ կարող են խոր զգացումներ առաջացնել հանդիսատեսի սրտում և փոխադարձաբար վերցնել մարդկանց սերն ու ջերմությունը:
Պատահական չէր, որ երիտասարդներից շատերը, բեմից դուրս անկեղծանալով, ասացին, որ ուզում են դերասան դառնալ:

Գիքորի կերպարը մարմնավորող 22-ամյա Վարդուհին ասաց, որ երբ այդ ֆիլմը դիտել է, շատ է հուզվել և միշտ ցանկացել է Գիքորի դերը խաղալ: Աղջկա ցանկությունը չեն մերժել:

10446427_10203280974738877_265688792_nՆերկայացման գլխավոր կերպարին՝ Տիգրանին մարմնավորող Ապրիլիկը, որ արդեն 11 տարի է՝ հաճախում է այս կենտրոն և թատերախմբի ամենաառաջին դերասաններից է, նույնպես խոստովանում է, որ իր երազանքը թատրոնում լինելն է: Սակայն նա այլ հետաքրքրություններ էլ ունի՝ սպորտը, որտեղ լուրջ հաջողությունների է հասել: Պատմեց, որ վերջերս եղել է Կորեայում և Լեհաստանում՝ մասնակցելու վազքի մրցումների: Վերջին մրցումից ինքն ու ընկերն արծաթե մեդալով են վերադարձել Հայաստան: «Մարդիկ մեզ հետ ավելի ազատ պետք է շփվեն, մենք դրանով մեզ ավելի ապահով կզգանք»,- ասում է 30-ամյա Ապրիլիկը:

Կարինե Խաչատրյանը կազմակերպության երկարամյա աշխատողներից է: Նրա 21-ամյա որդին նույնպես մտավոր խնդիր ունի: Տիկին Կարինեն խոստովանում է, որ երբ երեք տարեկանում իր որդու՝ Արսենի մոտ հայտնաբերվում է մանկական ուղեղային կաթված, իր համար դա շոկ էր, մանավանդ որ այդ տարիներին այսօրվա պես չէր մտածում:

10423337_10203280974258865_592100157_nԱստիճանաբար շփվելով բախտակից մարդկանց հետ՝ նա հասկանում է, որ դա վերջնագիր չէ, անգամ այդ վիճակում իր երեխան կարող է հասարակության լիարժեք անդամ լինել: «Արսենը սկզբում շատ վատ վիճակում էր, հիմա, փառք Աստծո, սովորել է, ձեռք բերել խոհարարի մասնագիտություն, աշխատում է: Ծնողի ջանքերը շատ կարևոր են, ծնողը պետք է իմանա իր երեխայի հնարավորություններն ու կարողությունները և հենց այդ շրջանակներում էլ փորձի զարգացնել նրան»:
Նա խորհուրդ է տալիս բոլոր ծնողներին, որոնք նման երեխաներ ունեն, ձեռքները ծալած չնստել ու սպասել, որ պետությունն իրենց համար ինչ-որ բան անի: Իսկ ամենակարևորը՝ չփակել իրենց երեխաներին տանը՝ չորս պատի մեջ. «Պետք է նրանց ամեն տեղ տանել, ամեն բանի մասնակից դարձնել, չպետք է ամաչել ընկերներից, բարեկամներից ու հարևաններից: Պետք է հանրության աչքը սովորի այս մարդկանց ներկայությանը: Ամեն մարդ էլ մի թերություն ունի, նրանք էլ այդ կարգի թերություն ունեն, բայց շատ ավելի բարի հոգի ունեն, քան մյուսները»:

Ի դեպ, նա նշում է, որ Արսենը սովորել է ներառական ծրագրով դպրոցում, որտեղ սովորական երեխաների հետ կողք կողքի սովորում են նաև ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող աշակերտներ: Նա զգացել է, որ այդ դպրոցի բոլոր աշակերտներն ավելի բարի ու ավելի հանդուրժող են:

«Փրկություն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է մտավոր խնդիրներով երեխաներ ունեցող մի քանի ծնողների համախմբման շնորհիվ և արդեն 15 տարի է՝ ցերեկային խնամք է տրամադրում 15-35 տարեկան շուրջ 63 շահառուի: Այստեղ գտնվողներից շատերն ունեն նաև ֆիզիկական խնդիրներ:

IMG_4203Ինչպես նշում է կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանը, իրենց գլխավոր նպատակն է, որ հատուկ դպրոցներն ավարտելուց հետո այդ երեխաներն ապրեն տանը, չհայտնվեն մանկատանը կամ փողոցում և իրենց մտավոր կարողությունների սահմաններում հնարավորինս ինքնուրույն զարգանան:

«Փրկությունը» մտավոր խնդիրներ ունեցողների համար միակ խնամքի հաստատությունն է: Ժամը 10:00-17:00-ը շահառուներն այստեղ սնվում են, ստանում անհրաժեշտ ծառայություններ, իսկ օրվա վերջում ավտոմեքենաները նրանց տուն են տանում: Երբ երիտասարդն առաջին անգամ ոտք է դնում այս հաստատություն, հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպետը, սոցիալական աշխատողը, էրգոթերապևտը տալիս են համապատասխան եզրակացություն, թե ինչպես պետք է կազմվի շահառուի անհատական պլանն ու սոցիալական պատմությունը, որից հետո նա մասնակցում է տարուսուցման դասընթացներին, քանի որ նրանցից շատերն անգամ տառաճանաչ չեն, չնայած հատուկ դպրոցներից են այստեղ գալիս:

«Եթե երեխան գիտելիք ունի, փորձում ենք այն ամրապնդել, իսկ եթե ոչ` ձգտում ենք հասնել նրան, որ գոնե իր անունը մեխանիկորեն կարողանա նկարել,- ասում է Արփինե Աբրահամյանը,- նրանք արդեն մեծ են, ուսուցման պրոցեսը բաց է թողնված, և մեծ արդյունքի հասնել հնարավոր չէ»:

10388365_10203280974978883_141333003_nՃաշի ժամից հետո սկսվում են բազմամասնագիտական թիմի խմբային կամ անհատական պարապմունքներն ու խմբակների գործունեությունը՝ կավագործություն, ձեռագործություն, մաքրամե, ապլիկացիա, նկարչություն, բրնձագործություն, համակարգչային զարգացնող խաղեր, դիզայն և թատերական արվեստ:

10416971_10203280966058660_395779350_nԸնկեր Աշոտը երեխաների կավագործության ուսուցիչն է: Ոգևորությամբ ցույց է տալիս իր սաների աշխատանքները. «Աստված մի դուռը որ փակում է, մնացած դռները բացում է: Եվ եթե սովորական մարդն Աստծո դռան առաջ չոքում է, որ իրեն մի քիչ ստեղծագործելու հնարավորություն ու ձիրք տա, ապա այս երեխաներն այդ խնդիրը չունեն, իրենց առաջ այդ դռները բաց են: Մեզ մնում է միայն նրանց ներս հրել, ու նրանք այնտեղից դուրս են գալիս մեծ ինֆորմացիայով և ստեղծագործական մեծ ներուժով»:
Տարածքը մշակված ու խնամված այգի ունի, որը նույնպես երիտասարդների աշխատանքի արդյունքն է:

Կազմակերպության նախագահը խոստովանում է, որ նման մարդկանց հետ աշխատելը, այն էլ` նրանց տարիքում, հեշտ բան չէ: Երբեմն տարիներ շարունակ ջանք են գործադրում, որ երիտասարդը կարողանա, ասենք, ինքնուրույն ուտել: «Օրինակ` մի երիտասարդ ունենք, որին հայրը մոտ 14 տարի դուրս չէր հանել տնից՝ ամաչելով շրջապատից: Հոր մահից հետո նրան բերեցին մեր կենտրոն: Սկզբում ոչ ադեկվատ վարք էր դրսևորում, պատռում էր հագուստը, հայհոյում, գետնին պառկած թավալ գալիս, ամեն ինչ շպրտում փողոց, բայց արդեն 8 տարի է՝ Նորայրը մեծ հաճույքով հաճախում է մեր կենտրոն»,- ասում է կենտրոնի ղեկավարը:

Ցավոք, կազմակերպության ֆինանսական միջոցները սուղ են, պետությունը հոգում է միայն աշխատակիցների վարձատրությունը՝ գրեթե նվազագույն աշխատավարձի չափով: Սննդի հարցում Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակն ու մասնավոր մի քանի ընկերություններ են աջակցում: Կենտրոնում, օրինակ, հանգստի սենյակ չկա, որտեղ երիտասարդները կարողանան ցերեկվա ժամին մի փոքր հանգստանալ: Բանն այն է, որ նրանք ճաշից հետո ընդունում են հոգեմետ դեղեր, որից հետո գոնե կես ժամ քնի կարիք ունեն, և երիտասարդներին այդ ժամերին կարելի է տեսնել կենտրոնի բազմոցներին, բազկաթոռներին ու նստարաններին հենված-քնած:

10423381_10203280970058760_337663977_nԱյո, մեր պետությունը դեռևս այն վիճակում չէ, որ կարողանա հասարակության այս շերտի համար ապահովել արժանապատիվ կյանք, այդ է պատճառը, որ նման երեխաներ ունեցող ծնողները ձգտում են ամեն գնով հասնել Եվրոպա ու Միացյալ Նահանգներ: Կենտրոնի շահառուներից շատերը նույնպես այդ ճանապարհն են բռնել: Սակայն «Հայրենիքիս կանչը» ներկայացումը, որն ավարտվեց եռագույնների ծածանմամբ և հայրենասիրական վսեմ երգով, ցույց տվեց, որ այս մարդիկ նաև հայրենասեր են և ուզում են ապրել իրենց երկրում:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 4-ից 5-ը)

ոստիկանԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 10 դեպքից` 9-ը, խուլիգանության 1 և մաքսանենգության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 և գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: –

Չի բացառվում, որ մենք բախվենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտի. Աշոտ Եղիազարյան

աշոտ եղիազարյան«Էլեկտրաէներգիայի թանկացումները սպառողների վրա կազդեն մոտ ամիսների ընթացքում։ Շուտով մենք էներգետիկ աղքատության ենք բախվելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը, հավելելով, որ նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում սպառողների բոլոր խմբերի համար 3,8-4,3 դրամի սահմաններում։

Աշոտ Եղիազարյանը անդրադարձավ Հանրային ծառայությունների հանձնաժողովի կողմից հրապարակված հաղորդագրությանը, որը վերաբերում է սակագների բարձրացման խնդրին։ Նա մատնանշեց երկու հետաքրքիր հանգամանք. «Հանձնաժողովը փորձում է հիմնավորել դա այն բանով, որ 2014-2015 թվականներին էներգետիկ համակարգի ձեռնարկությունների գործունեության վրա կարող են ազդել որոշակի գործոններ՝ ներքին և արտաքին, և երկրորդ , որ համակարգի կայունության և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման համար անհրաժեշտ են որոշակի միջոցներ՝ մոտ 20 միլիարդ դրամի չափով։ Այսպիսով, անուղղակիորեն խոստովանվում է, որ համակարգում կան բավական լուրջ հիմնախնդիրներ. էներգետիկ համակարգը հիվանդ է և դա գաղտնիք չէ»։

Եղիազարյանն ասաց, որ հետագայում այս թանկացումների հինավորումները կտան պատկան մարմինները, սակայն նրան թվում է` դրա պատճառները մի քանիսն են, որոնցից կարևորագույնը էներգետիկ համակարգը արդիականացնելու անհրաժեշտությունն է։ Ներկայումս ընկերությունները աշխատում են Խորհրդային Միության տեխնոլոգիաներով։ «Մեր ենթակառուցվածքը շատ հին է։ Նախորդ տարիների ընթացքում լուրջ ներդրումներ չեն կատարվել գեներացնող հզորություններում։ Ոլորտը փրկելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։ Մինչև 2016 թվականը նախատեսվում է հազար մեգավատտ, իսկ դա մեր հզորությունների մոտավորապես կեսն է, շահագործման չպետք է ենթարկվի։ Ենթադրվում է, որ պլանավորման մեջ են մոտ 1400 մեգավատտ հզորություններ, որից 1100-ը ատոմակայանի նոր բլոկի  շինարարությունն է, որը այսօր կարող ենք ասել, որ չի լինելու մինչև 2016 թվականը, այսինքն՝ չի բացառվում, որ մենք բախվենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտի» , – ասաց տնտեսագետը։

Ըստ նրա՝ սակագների բարձրացման երկրորդ պատճառն այն է, որ ՀՀ էներգետիկ ընկերությունները ռուսական ընկերությունների ճյուղերն են, և սա ևս խնդրի աղբյուր է, քանի որ նրանց նկատմամբ միջազգային կառույցները պատժամիջոցներ են իրականացնում, ինչը ազդում է նրանց ֆինանսական և տնտեսական վիճակի վրա։ «Սրա հետևանքները զգացվելու են նաև Հայաստանում»,- ասաց նա։

Կա նաև 3-րդ պատճառը. Եվրասիական միության նախագծերին մասնակցելով՝ հանրապետության էներգետիկ համակարգը զրկվում է այլընտրանքային տարբերակներից. եթե նախկինում կարելի էր դիտարկել իրանական համապատասխան կառույցների հետ համագործակցությունը, այժմ Հայաստանը այդ հնարավորությունից էլ է զրկվում։

«Այս ամենը շատ մտահոգիչ է, քանի որ էներգետիկ համակարգը տնտեսության ողնաշարն է։ Էներգետիկան ապահովում է  տվյալ ազգային տնտեսության մրցունակությունը, և, բնականաբար, բարձր սակագները հարված են երկրի տնտեսությանը ամբողջությամբ վերցված»,- եզրափակեց Աշոտ Եղիազարյանը։

Անկախ

Նախագահը մասնակցել է գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը, այցելել «Գրանդ Հոլդինգի» ընկերություններ

Սերժ Սարգսյան, Իրինա Ռոդնինա

MHM88371 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կառուցվելիք գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Նոր հեծանվահրապարակի հարևանությամբ կառուցվելիք դպրոցի հիմնարկեքին մասնակցել է նաև գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով իր անմիջական մասնակցությունն է ունեցել դպրոցի ստեղծման ծրագրին և պատրաստակամություն է հայտնել այն շահագործման հանձնելուց հետո հնարավորինս աջակցել գեղասահքի զարգացմանը Հայաստանում: Դպրոցը կկառուցվի Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով և կնվիրաբերվի Երևան քաղաքին: Արարողությանը ներկա է եղել ռուսաստանյան շինարարական այդ ընկերության ղեկավար Ս. Համբարձումյանը ևս: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար: Այն կմեկնարկի ս.թ. հունիսին և պատասխանատուների հավաստմամբ, կավարտվի սեղմ ժամկետում՝ 2015թ.: Դպրոցը կունենա 500 նստատեղով սահադաշտ և օժանդակ կառույցներ:

Սերժ Սարգսյան, Գրանդ ՔենդիՀանրապետության Նախագահն այնուհետև այցելել է «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ Տոբակո» և «Գրանդ Քենդի» ընկերություններ: Նախագահը շրջել է արտադրամասերում, ծանոթացել հայրենական արտադրության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության կողմից կատարված ներդրումներին ու գործարանի արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին: Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերությունները շարունակում են հաջողությամբ իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը` hավատարիմ մնալով Հրանտ Վարդանյանի կողմից ձևավորված գործարար ավանդույթներին, ինչի մասին են վկայում 2014թ. առաջին հինգ ամիսներին գրանցված տնտեսական ցուցանիշները: Պատասխանատուների հավաստմամբ, պլանավորված է աճի նույն տեմպերը պահպանել ամբողջ տարվա ընթացքում: «Գրանդ Տոբակոյում», ըստ ընկերության ղեկավարության, 2014թ. ընթացքում պլանավորված նոր հոսքագծերի ձեռքբերման հետ կապված կստեղծվի մոտ 100-130 նոր աշխատատեղ: Հոլդինգի մյուս ընկերությունում՝ «Գրանդ Քենդիում» Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ ընկերության կողմից արտադրվող 410 ապրանքատեսականին մինչև տարեվերջ կհամալրվի առնվազն 15-ով: «Գրանդ Քենդիում» աշխատատեղերի թիվը ներկայումս 3 100 է, որն ընկերության ղեկավարությունը ծրագրում է մինչև տարեվերջ ավելացնել ևս 150-ով: Ընդհանուր առմամբ, «Գրանդ Հոլդինգում» ներկայումս աշխատում է շուրջ 6 500 մարդ:

Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Գրանդ Հոլդինգի» ղեկավար անձնակազմի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է ընկերության զարգացման ուղղությամբ շարունակաբար իրականացվող քայլերն ու հաջողություններ մաղթել «Գրանդ Հոլդինգին»:
Անկախ

Հունիսի 8-ին կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը

տոնավաճառՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 8-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների առաջին տոնավաճառը:
Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են՝
Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:
Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով և համերգային ծրագրերով:
Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:
Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները:

Անկախ

 

Էլի մեր «ոխերիմ բարեկամը»

ալիև-պուտինԱյս էլ որերորդ անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է մեր ռազմավարական դաշնակիցը զինում մեր ոխերիմ թշնամուն (չխուսափենք այդ որակավորումից):

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը մայիսի 24-ին հայտարարեց, որ ՌԴ-ն ավարտել է 100 հատ T-90C տանկերի մատակարարումը Ադրբեջանին, և հնարավոր է` նույն քանակով նոր խմբաքանակի մատակարարումը նույն երկրին:
Նշված տանկերը համարվում են հարձակողական բնույթի սպառազինություն: Եթե հաշվի առնենք, թե վերջին 20 տարում որ երկրին է Ադրբեջանն անընդհատ սպառնում պատերազմով, պարզ կդառնա, թե ում դեմ է ուղղվելու այդ զենքը…

Այո, առաջին անգամ չէ, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական «քիրվայության» ականատեսն ենք դառնում:

2012 թ. փետրվարի 10-ին տեղեկություն տարածվեց, թե 2011-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր` T90C մարտական տանկեր գնելու մասին: Դրանից հետո` 2013 թ. ամռանը, հայտնի դարձավ, որ մեր ռազմավարական դաշնակիցը 1 մլրդ դոլարի այլ հարձակողական սպառազինություն էլ էր վաճառել Ադրբեջանին. հիշում ենք 94 հատ նույն T90C տանկերի, մոտ 100 ՀՄՄ-3-ների, 18 «Սմերչ»-ների և այլ սարսափելի ու հզոր զենքերի մասին:
Ու հանկարծ, անցյալ տարվա օգոստոսին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում, ռուսական «Ведомости»-ն գրեց, թե «Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևն առաջին անգամ բարձրաձայնեց Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ծավալները: Նրա խոսքով` գործարքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար և աճի միտում ունի»:

Թվերը, մեղմ ասած, տպավորիչ են: Իսկ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ռուսական տանկերի նոր խմբաքանակը Ադրբեջանին մատակարարվելու վերաբերյալ ասում է, թե Ադրբեջանին զենք վաճառելը Ռուսաստանի համար զուտ կոմերցիոն գործարք է. «Դա կոմերցիոն հարց է, այստեղ քաղաքականություն չկա, և պետք չէ այս հարցերի վրա կանգ առնել, ես այստեղ որևէ կրիմինալ չեմ տեսնում, սարսափելի ոչինչ չկա: Հայաստանի հետ նույնպես մենք ունենք ռազմատեխնիկական հարաբերություններ, առևտուր, այստեղ առանձնահատուկ ոչինչ չկա»: Եվ հայկական կողմը հաճույքով մոռանում է, որ Ռուսաստանը, բացի կոմերցիոն շահերից, նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ու անվտանգության հարցերում որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ:
Եվ իզուր էին բոլոր նախադեպերի ժամանակ ռուս վերլուծաբանները, դիվանագետները կամ այլ տրամաչափի գործիչները փորձում համոզել ու «փաստարկել», թե դա կոմերցիոն հարց է, թե զենքի մատակարարումներն Ադրբեջանին հնարավորություն են տալիս Ռուսաստանին` պահել Ադրբեջանն իր ազդեցության ներքո և նվազեցնում են Բաքվի ռազմական գնումները միջազգային շուկաներում: Իզուր են համեմատում այն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների վարած քաղաքականության հետ, որոնք մեծաքանակ ռազմական մատակարարումներ են կատարում հակառակորդներին` Եգիպտոսին ու Իսրայելին, Հունաստանին ու Թուրքիային և այլն: Իզուր, նման ջանքերի կարիք չկա, որովհետև հայ գործիչներն ու պաշտոնյաները Ռուսաստանի նման կեցվածքն ու գործելաոճն արդարացնում են ավելի ջերմեռանդորեն:
Թերևս ամենաանկեղծն այս հարցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, որ ոչ թե շտապեց արդարացնել դաշնակցի արարքները, այլ պարզապես նշեց. «Որպես ռազմական գերատեսչության ղեկավար, իհարկե, ես չեմ կարող դրան նայել բարի աչքով, բայց ես նաև դա քննարկելու իրավունք չունեմ»:
ՀՀ պաշտպանության նախարարը նշում է, որ յուրաքանչյուր պետություն իր ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցում է իր պլանների ու քաղաքականության շրջանակներում, և «Ռուսաստանի Դաշնությունը, լինելով մեր ռազմավարական գործընկերը, անկասկած, առաջին հերթին, ուշադրություն է դարձնում մեր ռազմատեխնիկական հարցերին»: Բայց նա հավելում է, որ հայկական կողմը վերահսկում է իրավիճակը, իսկ Ռուսաստանի հետ Հայաստանը ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի քան բարձր մակարդակ ունի: Ուրիշ ի՞նչ կարող էր ասել նախարարը. հո չէ՞ր ասի, փախչենք` Ադրբեջանը, շնորհիվ մեր դաշնակցի, օրեցօր հզորանում է:

«Մանրուքներ», որոնք անչափ կարևոր են

Կարևոր է շեշտել մի քանի հանգամանք: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր ունեն, և ռուսական կողմը Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել հայկական կողմին: Բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և ՀԱՊԿ-ն էլ նույնպիսի պարտավորություններ ունի, բայց եթե ռազմական գործողություններ սկսվեն Արցախի դեմ, արդյոք ՀԱՊԿ երկրները և Ռուսաստանը մեզ օգնություն կտրամադրե՞ն…
Բացի այդ, ենթադրենք, որ Ռուսաստանը հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ եթե Ադրբեջանը ուզի էլ, չի հարձակվի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի վրա` վախենալով իրենից: Հնարավոր չէ՞, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենա Հայաստանին օգնելու, չէ՞ որ մենք ընդհանուր սահման չունենք:
Այս համատեքստում արժե դիտարկել մեկ այլ հանգամանք ևս. աշխարհի քաղաքական քարտեզին առաջին անգամ հայտնվելու` Ադրբեջանի անկախության օրվա առթիվ այդ երկրի նախագահ Ալիևն իր ելույթի գերակշիռ մասը «նվիրեց» Հայաստանին, արեց հայտարարություններ` նախազգուշացնելով «մութ ճակատագրի» մասին:

Եվ եթե ռուսական երկգլխանի արծիվը, որը նաև որոշակի ստորագրված պարտավորություներ ունի Հայաստանի նկատմամբ, հայացքը թաքցնում էր իր կողմից իր դաշնակցի թշնամուն վաճառված նորագույն տանկերի հետևում, որքան էլ որ տարօրինակ թվա, մեզ «օգնության» հասավ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, որ մայսի 30-ին իր ամենօրյա բրիֆինգի ժամանակ Ալիևի հայտարարության կապակցությամբ նշեց. «Թույլ տվեք նախ ասել, որ սադրիչ հռետորությունն ու հայտարարությունները, որոնք հակասում են մեր սկզբունքներին, լարում են իրավիճակը տարածաշրջանում և վնասում խաղաղ գործընթացը»:
Մինչդեռ Հայաստանի հետ Ռուսաստանի, ոչ թե ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակցությունն է հուշում, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պարտավոր է հրաժարվել նաև իր ֆինանսատնտեսական շահերից, եթե դրանք ուղղակիորեն սպառնում են իր դաշնակցի անվտանգությանը: Իսկ այս վերջին գործարքները հաստատ սպառնում են. ապացույցը այդ գործարքներից հետո հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի սադրանքներն ու արկածախնդրությունները:

Ուշադրություն հրավիրենք մի հետաքրքրաշարժ փաստի վրա էլ: 2009 թ. հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին, որ ՌԴ-ն Հայաստանին փոխանցել է 800 մլն դոլարի զենք, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ շատ կտրուկ հայտարարություններով: Նույնիսկ Ռուսաստանի դեսպանին կանչեցին բացատրություններ տալու:
Բայց այս էլ երրորդ անգամն է, որ Ադրբեջանին ռուսական կողմից զենքերի վաճառքի մասին է նշվում, այն էլ մեր երկրի ամբողջ պետբյուջեի չափ արժեք ունեցող գործարքների մասին, բայց ՀՀ-ից ոչ մի արձագանք չի լսվում:

Հանուն արդարության, սակայն, նշենք, որ մայիսի 29-ին ԱԺ-ում, երբ ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանին լրագրողները հարց տվեցին, թե ինչ է անում Հայաստանը, որպեսզի թույլ չտա այլևս նման մասշտաբով զենքի վաճառք, նա պատասխանեց, որ քայլեր արվում են, կան միջազգային պայմանագրեր, որոնց համաձայն` ֆիքսված է սպառազինության քանակությունը, և այդ ուղղությամբ բավական մեծ քայլեր իրականացվում և իրականացվելու են, որպեսզի բոլորը մնան պայմանագրերի շրջանակներում:

«Եթե Ռուսաստանը զենք է վաճառել երկրորդ, երրորդ երկրի, այդ թվում` ձեզ քաջ հայտնի երկրին, որի հետ մենք բարեկամ հարաբերությունների մեջ չենք, դրանից չպետք է եզրակացնել, որ մեր հարաբերությունները նվազել են, մեր ստրատեգիական գործընկերությունը չի գործում և այլն: Զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում: Պետք չի շատ հասարակ ձևով նայել էս ամենին»: Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչ պետք է եզրակացնել այդ ամենից, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ոչ մի բան: Եզրակացրեք, որ կյանքը շարունակվում է»:

Աշակերտները հետաքրքրված են ռազմական ինստիտուտում սովորելու հեռանկարով

աշակերտԳավառից և հարակից գյուղերից շուրջ 50 դպրոցականներ հունիսի 5-ին այցելել էին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Գավառի տարածաշրջանի երեխաները շրջեցին ռազմական ինստիտուտում, ծանոթացան ուսանողների ուսման ու կեցության պայմաններին, հանդիպեցին իրենց մարզից բուհում սովորող երիտասարդների հետ։

Այցելությունը կազմակերպել էր «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Գեղարքունիքի մարզի աշակերտները եղան նաև ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոնում։ Ամբիոնի պետ, փոխգնդապետ Կ. Գլուստյանը տեղեկացրեց, որ ամբիոնը կուրսանտներին սովորեցնում է տարբեր տեսակի զենքերի հետ վարվելու, օգտագործելու կանոնները։ Փոխգնդապետը պատասխանեց նաև երեխաների հարցերին։ Դրանք վերաբերում էին ռազմական ինստիտուտում աղջիկների սովորելու հնարավորություններին, ինստիտուտ ընդունվելու կարգին, զորավարժություններին, ուսումից հետո ինստիտուտի շրջանավարտների հետագա ծառայությանը, դասավանդվող առարկաներին։

Նշվեց, որ ռազմական ինստիտուտում դասավանդվում է մոտ 20 առարկա։ Ռազմական ինստիտուտի օտար լեզուների ժամանակակից լսարաններում գործող խմբակների լավագույն մասնակիցները հնարավորություն են ունենում կրթությունը շարունակել Հունաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի ռազմաուսումնական հաստատություններում: Ընդունելության քննություններն անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած` բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության միասնական քննակարգով` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից: Դիմորդները «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից քննությունը հանձնում են ռազմական ինստիտուտում։

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Դաշտոյանը նշեց, որ նման այցելությունների նպատակն է երեխաներին ծանոթացնել զինվորականի կյանքին, ծառայությանը, զինվորական մասնագիտություններին, որպեսզի ճիշտ պատկերացում կազմեն հայոց բանակի վերաբերյալ, ինչպես նաև հետագայում բանակը համալրեն և՜ որպես լավ զինվորներ, և՜, ինչու ոչ, որպես ապագա կուրսանտներ ու հրամանատարներ։

Ռազմական ինստիտուտից հետո աշակերտներն այցելեցին Արթուր Ղարիբյանի, Դուշման Վարդանի տուն-թանգարաններ, եղան «Եռաբլուր» պանթեոնում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Աշխարհի ամենասեքսուալ տղամարդիկ

b_676380Կանանց համար նախատեսված հեղինակավոր ամերիկյան  Harper’s Bazaar ամսագիրը հրապարակել է աշխարհի բոլոր ժամանակների  ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակը: հիմնականում նրանք շոու բիզնեսի ներկայացուցիչներ են` դերասաններ ու երաժիշտներ: Առաջատար դիրքերը կիսել են Բրեդ Փիթը, Ջոնի Դեպն ու Լեոնարդո դի Կապրիոն:

Harper’s Bazaar-ի ղեկավարությունը խնդրել է  մեծ մասսայականություն վայելող կանանց Porn for Women ռեսուրսի հիմնադիր Սառա Գիդիկին կազմել սեքսուալ տղամարդկանց վարկանշային ցուցակը: Այդ տիրույթի օգտատերերը հաճախ են քննարկում գեղեցիկ ու հաջողակ տղամարդկանց: Չնայած տվյալ վարկանշային ցուցակի համար գլխավոր չափորոշիչ է եղել անձնական համակրանքը, դրա համար էլ տվյա հարցումից օբյեկտիվություն ակնկալել պետք չէ: Այունամենայնիվ, դժվար է չհամաձայնել, որ ընտրված տղամարդիկ իսկապես էլ գրավիչ են:

Հիշյալ 3 դերասաններից բացի, «սեքսուալ» ցուցակում են նաև նրանց ավագ գործընկերներ Ռոբերտ Ռեդֆորդը, Մառլոն Բրանդոն, Փոլ Նյումանը, Ռիչարդ Գիրը: Այս ցուցակում են նաև ավելի երիտասարդ աստղերը. Ռայան Գոսլինգն ու Զակ Էֆրոնը:

Ի դեպ, այս ցուցակում ընդգրկված անունները կամայական են բաշխված ու, բնականաբար, նրանց մեջ ոչ մի մրցակցություն չկա, նշել է  Գիդիկը:

Անկախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին

05.06.14ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է գերմանական KfW բանկի ծրագրերի ղեկավար Սանդրա Սոարես դա Սիլվային և բանկի փորձագետ Թոմաս Վոլֆին:
KfW բանկը Հայաստանում իրականացնում է ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր, մասնավորապես ՀՀ Շիրակի մարզում: Այդ ծրագրերից հիմնականը հանդիսանում է Կապսի ջրամբարի վերակառուցումը, որը հնարավորություն կտա ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հատկապես կարևորել է գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրով ապահովվածության հարցը և բարձր է գնահատել KfW բանկի կողմից նման ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը:
Նախարարը հակիրճ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում Սերգո Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, պետական աջակցության ծրագրերի իրականացման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, վերամշակման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Նա նշել է նաև, որ Հայաստանում առկա են գյուղատնտեսության զարգացման իրատեսական հնարավորություններ գրեթե բոլոր ուղղություններով և առաջարկել է գերմանական կողմին քննարկել տեխնիկական օգնության հարցը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը որդեգրել է արտահանմանն ուղղված ճյուղերի զարգացման քաղաքականություն, ապա վերամշակող արդյունաբերությունը, ջերմոցային տնտեսությունները, օրգանական գյուղատնտեսությունը և անասնապահությունը կարող են հանդիսանալ երկկողմ համագործակցության բնագավառներ,- նշել է նախարարը:
Սանդրա Սոարես դա Սիլվան շնորհակալություն է հայտնել Սերգո Կարապետյանին հանդիպման համար և տեղեկացրել է, որ բանկը մտադիր է Կապսի ջրամբարի վերկանգնման ծրագրի ավարտից հետո իրականացնել նոր ծրագիր, որը ենթադրում է 700 հա գյուղատնտեսական հողատարածքների վրա իրականացնել ջրի խնայողաբար օգտագործման և կառավարման պիլոտային ծրագիր և այդ ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է հանդիսանալ որպես հիմնական գործընկեր:
Հանդիպման ավարտին, հյուրերը նաև նշեցին, որ բարձրացված հարցերն ու առաջարկությունները կներկայացնեն 2014թ. սեպտեմբերին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Վերին Լարսի սահմանային անցակետի բարելավման հարցը

Հովիկ ԱբրահամյանՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Վերին Լարսի սահմանային անցակետի որոշ հատվածների վերանորոգման հարցը:
Կարևորելով Վերին Լարսի սահմանային անցակետի դերը հայ-ռուսական առևտրաշրջանառության գործում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է լուծում տալ բնակլիմայական պայմանների հետևանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդրին, որոնք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա:«Խնդիրն այստեղ տեխնիկական բնույթ է կրում: Կարծում եմ՝ կարելի է իրականացնել անցակետի ենթակառուցվածքի բարելավման ծրագիր: Առաջարկում եմ ուսումնասիրել տեղանքը և ճանապարհի լայնացումն այն հատվածներում, որտեղ հաճախակի հոսքեր են լինում: Կցանկանայի տեղեկացնել նաև, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ռուսական կողմի հետ համատեղ անմիջական մասնակցություն ունենալ շինարարական աշխատանքներին», – ընդգծել է վարչապետը:
Զրուցակիցների պայմանավորվածության համաձայն, Մաքսիմ Սոկոլովի առաջարկով՝ ռուսական կողմը կստեղծի աշխատանքային խումբ: Այն մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրություն կիրականացնի Վերին Լարսի անցակետում, որից հետո էլ կհստակեցվեն հետագա անելիքները:

Հունիսի 9-ից նոր արագաչափեր կգործարկվեն

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. հունիսի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 238-րդ կմ (Գորիս քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Մ-3 «Մարգարա – Վանաձոր – Տաշիր – Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 42.3-րդ կմ (Կարբի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Կազմակերպված հանցավորության դեմ` համատեղ ուժերով (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից (Լիոն, Ֆրանսիա) մշակվել և հունիսի 5-ից շրջանառության մեջ է դրվում TURN BACK CRIME միջազգային իրազեկման ծրագիրը՝ ուղղված Ինտերպոլի 190 անդամ երկրներում հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու ոստիկանական մարմինների հետ համատեղ ջանքերի գործադրմանը՝ կազմակերպված հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարում:
Ծրագրի շրջանակներում, որպես առաջին քայլ, նախատեսվում է անդամ երկրների ոստիկանության միջոցով տրամադրել հանցավորության դեմ պայքարին ուղղված multi-media փաթեթներ՝ լրատվամիջոցներում զետեղելու և այդպիսով` ազգային մակարդակով համապատասխան տեղեկատվությունը հասարակության լայն շրջանակներին տրամադրելու և իրազեկելու նպատակով:
TURN BACK CRIME ծրագրի նպատակն է՝ հասարակության ներգրավվածության միջոցով կանխել կամ նվազեցնել կազմակերպված հանցավորության ազդեցությունը, որպեսզի մարդիկ կարողանան պաշտպանել իրենք իրենց՝ հասկանալով և գիտակցելով կազմակերպված հանցավորության ներգրավվածության աստիճանը իրենց առօրյա կյանքում:
Ծրագրի վեբ կայքն է՝ www.turnbackcrime.com, որը ներառում է տեսահոլովակների շարք, հրապարակումներ, հայտնի անձանց ներգրավում, ապրանքանիշի գովազդ (merchandizing):

«Ամառը միասին»`Հայաստանում

amarՊատանիների և երիտասարդների արտադպրոցական ու արտահամալսարանական կյանքի արդյունավետ կազմակերպման նշանակությունը կարևորվել է դեռևս խորհրդային ժամանակահատվածում: Դրա մասին էին վկայում, ուսումնական տարվա ավարտին զուգահեռ, իրենց հյուրընկալ դռները բացող պիոներական և ուսանողական ճամբարները: Երիտասարդների ամառային արձակուրդներն անմոռանալի, միաժամանակ արդյունավետ դարձնելու կարևորությունն այսօր ևս արդիական է:

Երիտասարդներին` հետաքրքիր ամառային արձակուրդներ կազմակերպելու իր տարբերակն է առաջարկում «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» ՀԿ, որը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և եվրոպական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում մայիսի 31-ից հունիսի 10-ն իրականացնում է «Ամառը միասին» (Summer together) երիտասարդական միջազգային ծրագիրը: Ծրագրին մասնակցում են ավելի քան 30 երիտասարդ Վրաստանից, Էստոնիայից և Ֆրանսիայից:

Այս յուրօրինակ նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է մասնակիցների համար` ձեռքբերելու գիտելիքներ և հմտություններ ոչ միայն երիտասարդական միջազգային ճամբարներ կազմակերպելու, այլև ոչ ֆորմալ կրթության մեթոդներին ծանոթանալու, որոնց կիրառումը կնպաստի ամառային երիտասարդական ճամբարների կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելուն:

Ծրագրի ընթացքում մասնակիցները ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք կբերեն, այլ նաև միջմշակութային շփման և Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու հնարավորություն կունենան:

Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը ՀԽ լիագումար նիստի օրակարգ չմտավ

Անաստաս ՄիկոյանԱյսօր ՀԽ լիագումար նիստի օրակարգում ևս մեկ հարց ներառելու առաջարկով հանդես եկավ ՀԽ անդամ Հայկ Դեմոյանը: Նա առաջարկեց քննարկման առարկա դարձնել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը:

Հարցը դրվեց քվեարկության, սակայն ձայների մեծամասնությամբ չընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ:

Վազգեն Մանուկյանը, որն ի դեպ, կողմ էր քվեարկել հարցը քննարկելուն, ՀԽ անդամների դիրքորոշումը բացատրեց նրանով, որ Հանրային խորհուրդը ոչ թե զգուշանում է հարցը քննարկելուց, այլ պարզապես չի ցանկանում հասարակության մեջ ավելորդ ճեղքեր առաջացնող տրամադրությունները խորացնել:

 

Անկախ