Հալիձորի գյուղապետի արտահերթ ընտրություն է նշանակվել

կառավարությունԱյսօր տեղի ունեցած նիստում Գործադիրի  որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը, նշանակվել արտահերթ ընտրություն։

 

“Ազատ դեմոկրատներն” իր մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի սպառազինություն մատակարարելու կապակցությամբ

AD LogoԱզատ դեմոկրատներ կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին, դրանով իսկ, ըստ էության, նպաստելով Ադրբեջանի ռազմատենչ եւ պատերազմական գործողությունների միտված քաղաքականությանը:

Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու` բազմիցս հայտարարված պատրաստակամությունը եւ ավելի հավանական դարձնում ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի հանդեպ ռազմական ագրեսիան` ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ Ռուսաստանի տրամադրած զինտեխնիկայի հնարավոր կիրառման հաշվին: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար:

Բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ համանախագահող երկրների նախագահները կոչ են արել Ադրբեջանին եւ Հայաստանին դադարեցնել սպառազինությունը եւ ջանքերն ուղղել բանակցային սեղանի շուրջ լուծում գտնելու ուղղությամբ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հենց ինքն է նաեւ նպաստում Ադրբեջանի ռազմականացմանը: Ի վերջո, այդ ծավալի սպառազինությունների մուտքը կոնֆլիկտային տարածաշրջան խորացնում է լարվածությունը եւ միաժամանակ խոչընդոտում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Ելնելով նշվածից` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ՌԴ սույն քայլը դիտարկում է որպես նահանջ ռազմավարական գործընկերության հարաբերություններից եւ կոչ է անում ՀՀ  իշխանություններին համապատասխան դիրքորոշում ցուցաբերել եւ դիտարկել Ադրբեջանին ցամաքային հարձակողական զինատեսակների մատակարարման ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեղելիության հարցը:

Միաժամանակ միջազգային հանրության, եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վրա եւ ակնկալում պատշաճ արձագանք:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

26, հունիսի 2013թ.

ք. Երեւան

«Պաշտոնանկություններ չեն լինի». Գալուստ Սահակյան

DSCN4224ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս «ներքաղաքական զարգացումներ և առաջիկայում սպասվող պաշտոնանկություններ» թեմայով: Որքան էլ թեմային հակասելու պատճառով զարմանալի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասուլիսի հենց սկսզբում հայտնեց, որ առաջիկայում պաշտոնանկություններ չեն սպասվում. «Դեռևս չկա պաշտոնանկությունների հետ կապված քննարկում»: Հարցին, թե օֆշորային սկանդալից հետո չի դիտարկվում արդյոք վարչապետի հրաժարականը, Գալուստ Սահակյանը բացասական պատասխան տվեց «Կարծում եք, թե ցանկացած բացասական երևույթի կանխարգելումը պաշտոնանկությու՞նն է: Պետք է երևույթը վերացնել»:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքները

 

 ՀՀ Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ու «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

«Ռուսաստանը իրավունք չուներ զենք մատակարարել Ադրբեջանին». Արա Պապյան

DSCN4207Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը, խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի վերջին աղմկոտ ռազմական համագործակցության, Հայաստանին սպառնացող վտանգների ու Ռուսաստանի դիրքորոշման մասին, այսօր լրագորղներին հայտնեց հարցի շուրջ իր կարծիքը. «Ռուսաստանը իրավունք չուներ զենք մատակարարել Ադրբեջանին, և սխալ են այն քաղաքագետները, ովքեր հայտարարում են, թե նա ազատ էր տնօրինելու իր ռազմական ռեսուրսը: Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է: Քաղաքագիտական այդ տերմինը մատնանշում է, որ ստրատեգիական դաշնակիցը պատրաստ է իր տնտեսական, երբեմն անգամ  քաղաքական շահը զոհել հանուն դաշնակցի: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ Հայաստանը հավատարիմ դաշնակից է եղել Ռուսաստանի համար»:

Չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանին թվա, թե մենք իրենից «փախչելու տեղ չունենք». Արա Պապյան

DSCN4207«Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունից արյան հոտ է գալիս», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետին չի բավարարում Հայաստանի միակ պաշտոնական այն հայտարարությունը, թե Բաքվի գնած զենքերը չեն խախտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական  հավասարակշռությունը: «Պաշտոնական Երևանը պետք է բողոքի: Հասկացեք` զենքի մեջ արյուն կա: Սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, բայց այս անգամ խմբաքանակը շատ մեծ է, իսկ զենքերը` հարձակվողական տիպի: Ռուսաստանի նման քայլը չի կարելի մեկնաբանել նրանով, թե նա վախեցնում է Հայաստանին՝ կասեցնելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի  ստորագրումը և հարկադրելով  ավելի ակտիվ մասնակցության եվրասիական ինտեգրացիոն  նախագծում, քանի որ Ադրբեջանին նման կարգի զինամթերք տրամադրելը շատ լուրջ քայլ է, որը ցույց է տալիս, որ մեր «դաշնակիցը» մեզ արդեն իր գրպանում է համարում և ուզում է գործերը հարթել հիմա էլ Ադրբեջանի հետ: Չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանին թվա, թե մենք իրենից «փախչելու տեղ չունենք»», – ասաց Արա Պապյանը և մեր հարցին, թե հատկապես ինչ քաղաքականություն պետք է այս պահին որդեգրել` նկատի ունենալով, որ Հայաստանն արդեն ինչ-ինչ հանգամանքների բերումով տնտեսապես կախված է Ռուսաստանից, պատասխանեց. « Հստակ քաղաքական դիրքորոշում է պետք: Իսկ այս պահին  Պետք էակտիվորեն զարգացնենք մեր այլըտրանքները: Օրինակ` մի երկրի Էներգամատակարարումը չի կարող ամբողջությամբ պատկանել մեկ այլ երկրի, թող Ռուսաստանը հասկանա, որ ինքը կարող է ունենալ դրա, օրինակ, երեսուն տոկոսը և ոչ ավել: Մեզ հակակշիռներ են պետք, քանի որ հիմա ավելի վատ վիճակում ենք, քան եթե լինեինք Ռուսաստանի իշխանության տակ, ով իբր մեր դաշնակիցն է, բայց, փաստորեն, չունի պարտավորություններ»:

Ռուբեն Հակոբյանի նամակը Իշխան Զաքարյանին

briefings.-Ruben-Hakobyan0-e1347627553316Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակ է ուղարկել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի պարոն Զաքարյան, հաշվի առնելով Ձեր կողմից Ազգային ժողովի նիստում սույն թվականի հունիսի 13-18-ը ներկայացված Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած մեծաքանակ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ հիշատակումները, մասնավորապես՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում, գնումների գործընթացում արձանագրված խախտումներն ու թերությունները, որոնց վերաբերյալ իրենց ելույթներում անդրադարձան ինչպես «Ժառանգություն» խմբակցության, այնպես էլ Աժ այլ պատգամավորներ, խնդրում եմ, ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, քրեաիրավական բնույթի կասկածներ հարուցող համապատասխան դրվագները ընդգծելով, ուղարկել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազություն:

Միաժամանակ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետով՝ ակնկալում եմ 10-օրյա ժամկետում ստանալ գրավոր պատասխան:»

 

«Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն

 

«Թող Ռուսաստանը հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում, մենք էլ իմանանաք, որ ունենք այդ տեսակ «դաշնակից»», – Արա Պապյան

DSCN4207Ռուսաստանի և Ադրբեջանի վերջին աղմկոտ ռազմական համագործակցության, Հայաստանին սպառնացող վտանգների ու Ռուսաստանի դիրքորոշման մասին այսօր լրագրողների հետ խոսեց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Մասնագետը նախ շեշտեց, որ Մոսկվայի` Բաքվին տրամադրած զենքերը ունեն հարձակողական բնույթ, նորագույնն են իրենց տեսակում, իսկ հետխորհրդային  պետություններից այդ կարգի զենք ունեն միայն Ռուսաստանը  և Ուկրաինան:

Արա Պապյանը  հայտնեց, որ վերջին իրադարձությունների ֆոնին իր համար ամենացավալին հայկական քաղաքագիտական մտքի անկումն է. «Շատ հայ քաղաքագետներ ասես  արդարացնում են Ռուսաստանի  քայլը, մինչդեռ պետք է թողնել, որ իրենք մեկնաբանեն, հիմնավորեն ու արդարանան: Հարցը այն չէ` կխախտվի արդյոք ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև անգամ հավասարակշռության պահպանումը այս պարագայում կստեղծի վտանգավոր վիճակ: Հնարավոր պատերազմի դեպքում կրկնակի շատ զոհեր կլինեն: Թող Ռուսաստանը հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում, մենք էլ իմանանաք, որ ունենք այդ տեսակ «դաշնակից»:  Ի վերջո, չգիտենք` Ռուսաստանն  ինչ դիրք կունենա հնարավոր պատերազմի ժամանակ: Մենք դառը փորձ ունենք: Ռուսատանը մեզ մեկ անգամ չէ, որ մեզ մենակ է  թողել: Ի՞նչ երաշխիք կա, որ հիմա այդպես չի վարվի», – ասաց քաղաքագետը:

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարցին

Shavarsh-QocharyanՀարց.

Օրերս «Известия в Украине» թերթում հրապարակվել էր Բելառուսի Նախագահի հարցազրույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անընդունելի ձեւակերպումներ էին արվել։ Մասնավորապես, ըստ հրապարակման, Բելառուսի Նախագահն իբր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա»։

 

Պատասխան.

Համաձայն Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության` Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպիսի ձեւակերպումներով հայտարարություն չի կատարել: Ավելին, Ուկրաինայում կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի Նախագահը «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել:

 

 

Վարչապետը միայն ասել է, որ բոլոր մեղավորները պատասխան կտան, բայց դեռ չի արել

DSCN4189Այսօր «Հայելի» մամուլի ակումբում Վարդան Բոստանջյանն ու Լարիսա Ալավերդյանը միմյանց և լրագրողների հետ կիսվեցին Հայաստանի ներքաղաքական կարևորագույն հարցերի շուրջ ունեցած կարծիքներով: Ըստ  Լարիսա Ալավերդյանի`իշխող քաղաքական ուժը  չի կարողանում բռնել այն մարդկանց ձեռքից, ովքեր թալանում են մեր քաղաքացիներին:  Խոսելով իրենց իսկ թերությունների մասին` իշխանությունները միայն գլուխ են գովում:

Վարդան Բոստանջյանի այն դիտարկմանը, թե վարչապետն արդեն հայտարարել է, որ բոլորը պետք է  պատասխան տան, Լարիսա Ալավերդյանը հակազդեց. «Տեսեք, դուք ուրախանում եք, բայց վարչապետը միայն ասել է, ոչ թե արել: Սա PR է: Մեզ մոտ մեկ կուսակցության համակարգ է, որը չի կարող երկար գոյատևել: Մեզ հակակշիռներ են պետք: Ընդդիմության ձեռքին  պետք է լծակներ լինեն, որ նա կարողանա վերահսկողական գործառույթ իրականացնել»:

 

Բացահայտումները պետք է իրավական գնահատական ստանան

10487_am_1 (1)ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի ձևավորումից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքական երեք հայտարարություն է արել, որոնք վերաբերում են Վերահսկիչ պալատի հաշվետվությանը։
«Առաջին քաղաքական հայտարարությունը.
Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, և տրվեն պատասխաններ։ Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան։
Ես ամբողջությամբ կիսում եմ Ազգային Ժողովի նախագահի այն տեսակետը, որ պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ։ Սա առաջինը։
Երկրորդ. Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետին, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն կանոնակարգը, թե ինչպես է ներկայացվում Վերահսկիչ պալատի հաշվետվությունն Ազգային Ժողովում։ Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով։ Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալն Ազգային Ժողովի և գործադիր իշխանության գործառույթն են։
Մենք այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեցինք Վերահսկիչ պալատին` համատեղ աշխատանքի համար։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ազգային Ժողովում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում։ Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է և կոռումպցված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին։ Պետական բյուջեի 70 տոկոսը` 700 մլրդը. դա նշանակում է, որ ասվածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը։
Եվ երրորդ քաղաքական հայտարարությունը. հանձնարարում եմ բոլորիդ և պահանջում ձեզնից, որ ձեր հասցեին հնչած որևիցե մեղադրանք անպատասխան չմնա։ Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել կամ պատրաստել նյութեր և այդ նյութերը ներկայացնել դատախազություն, կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են և դուք դրա համար պետք է պատասխանատվություն կրեք»։

Խորհրդարանն ամփոփեց արտահերթ նստաշրջանը

imagesԱզգային ժողովի արտահերթ նստաշրջանն ավարտվեց: Վերջին աշխատանքային նիստին մասնակցում էր 91 պատգամավոր: Քննարկման դրվեց, ապա վավերացվեց նստաշրջանի տասը հարց` այդ թվում ութ միջազգային համաձայնագիր:

Օրակարգի հինգերորդ հարցի քվեարկության ժամանակ (կառավարության ներկայացրած  Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին) վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդիրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` բարձրացնելով Հայռուսգազարդ ընկերության հայկական 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին տալու հարցը: Նա ասաց, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պատասխանը, թե դա արվում է ապահովության համար, իրենց չի բավարարում և նրանք ցանկանում են հասկանալ ապահովություն ասվածի ողջ իմաստը: Պատգամավորն առաջարկեց խորհրդարանին մինչև այդ հարցի վերաբերյալ հայկական և ռուսական կողմերի բանակցությունների ավարտը կազմակերպել քննարկում և հասկանալ խբնրի էությունը, որպեսզի հետո չկանգնենք փաստի առաջ:

Քեարկությամբ հաստատվեց նաև օրակարգի վերջին հարցը, այնուհետև խորհրդարանի ղեկավարը հայտարարեց նստաշրջանի ավարտի մասին` շնորհակալությւն հայտնելով պատգամավորներին արդյունավետ աշխատանքի համար:

Ի՞նչն է «անընդունելին»

շահանԵռանախագահների հայտարարությունը` արցախյան հակամարտության ներկա իրավիճակը բնութագրող եւ ակնկալիքները սկզբունքների տեսքով վերահաստատող, բովանդակային առումով որեւէ հիմնական հավելում չի պարփակում: Շեշտադրումների խնդիր է, որ հայտարարությանը ծանոթացողը կնկատի: Ոճի խստացումը, համեմատաբար նախորդ հայտարարություններին, ակներեւ է:

Այսպես . եռանախագահողները խոր ափսոսանք  են հայտնում, որ բանակցային գործընթացում կողմերը փոխանակ փորձելու լուծում գտնել, հիմնված փոխադարձ շահերի հիման վրա, շարունակում են ձգտել միակողմանի ելքերի:

Նույն հայտարարության մեջ ասվում է, որ այս ձգձգումը անընդունելի է: մնացյալը, կոչի դասական մոտեցում է եւ բազմիցս ամրագրված սկզբունքների կիրառման անհրաժեշտության վերհիշեցում:

Ոճի համեմատական խստացման շարժառիթները կարող են իրենց քաղաքական բացատրություններն ունենալ: Այդ ուղղությամբ քաղաքական հարակից գործընթացները դեռեվս լույս կսփռեն  շեշտադրումային որոշակի փոփոխություններով փոխանցվող ուղերձի բուն դրդապատճառների վրա:

Այժմ նկատենք անմիջապես, որ ներկա գոյավիճակը եւ նրա լուծման համար տարվող բանակցությունների ձգձգումը ուղղակի անընդունելի կհամարվեն եռանախագահողների կողմից։ Բայց հակամարտության լուծման անտեսանելիության չափ անորոշ է նաեւ այս իրավիճակի անընդունելիության գաղափարը: Այստեղ անշուշտ ասված չէ, թե անընդունելիությունը ինչպե՞ս են ուզում գործնապես թարգմանել միջնորդ պետությունների ղեկավարները: Պաշտոնական Բաքուն իր պահանջների հետեւողականությունը պահելու համար իրավիճակի անընդունելիությունը կարող է  մեկնաբանել իբրեւ նախաբան բանակցային ձեւաչափի փոփոխության գործողության:

Պաշտոնական Երեւանի մեկնաբանությունը դիտարկելուց առաջ նկատենք, որ եռանախագահողների կողմից հայտարարված գոյավիճակի անընդունելիության պատասխանատվությունը հավասարապես բաժանվել է հակամարտող կողմերին: Իբրեւ պատասխանատու չի առանձնացվել  ռազմատենչ հայտարարություն կատարողը, հրադադար խախտողը, դիպուկահարներ գործի լծողը, դիվերսիոն գործողություններ կազմակերպողը, Սաֆարովին հերոսացնողը եւ հայատյացություն տարածողը: Շփման գծում կատարվող մշտադիտարկումների արդյունքները հավանաբար բավարար նկատվեին միակողմանի պատասխանատվություններ ճշտելու համար:

Այս առումով էլ արդարացված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունն այս ամբողջ գործընթացի սառեցման պատասխանատվությունը Բաքվի ուսերին տեսնելու առումով: Դիվանագիտական մարտավարությունը եւս, որ որոշ ժամանակից ի վեր կիրառվում է, պարզ է: Միջազգային ընտանիքին ցույց տալ, որ միջնորդների եւ միջազգային օրենքի ճշտած սկզբունքներն ու օրինաչափությունները ընդունելի են Երեւանի համար եւ Բաքուն է, որ մերժում է դրանք։

Փաստ է նաեւ այն, որ հայկական դիվանագիտության այս վարքագիծը իր անմիջական արդյունքները չի տալիս: Եւ հակառակ դրան, որ սկզբունքների նշման ընթացքում Երեւանը ուժի կիրառման բացառումից հետո իբրեւ երկրորդ սկզբունք է արծարծում ազգերի ինքնորոշման իրավունքը եւ ապա տարածքային ամբողջականության սկզբունքը, միջազգային հայտարարությունները ընդհանրապես եւ այս դեպքում եռանախագահները իրարահաջորդականության մեջ երկրորդ տեղն են տվել տարածքային ամբողջականությանը եւ ապա միայն իբրեւ երրորդ սկզբունք ինքնորոշման իրավունքին:

Այս նրբերանգները անպայման նկատի կառնվեն հայտարարության ուղերձները մեկնաբանողների կողմից: Միջազգային ընտանիքի, եռանախագահողների եւ Մինսկի խմբի հայտարարություններին ընդառաջ գնալը եւ Բաքուն իբրեւ պատասխանատու ներկայացնելու հայկական դիվանագիտության մոտեցումները բավարար չեն: Այդ բոլորը արդյունք կտան, երբ պատասխանատվության նժարը հայտարարություններում եւ հատկապես բանակցային սեղանների վրա սկսեն թեքվել դեպի ադրբեջանական կողմը:

Այսօր դեռեւս գործում է պատասխանատվության համահավասարեցման միջազգային սկզբունքը: Այս անգամ՝ համեմատաբար խիստ ոճով եւ իրավիճակը անընդունելի նկատելով: Երեւանը այս համահավասարեցումն անընդունելի պետք է նկատի եւ աշխատի որ նույն կեցվածքը որդեգրեն նաեւ միջազգային այլ կազմակերպություններ:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակի»  գլխավոր խմբագիր

 

 

«Սաղ դասարանների զամոկները չոփ կոխեցի, որ դաս չանենք…». Սամվել Ալեքսանյանն իր դպրոցական տարիների «քաջագործության» մասին

SAM_1848Այսօր Ազգային ժողովում նախագծերի քննարկման թեժ պահին նիստերի դահլիճից դուրս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և մոտենալով ճեմասրահին, որտեղ աշխատում էին մի խումբ լրագրողներ, տեղավորվեց բազմոցի վրա` լրագրողների կողքին:

Մեր հարցին, թե արդյո՞ք նրա այս քայլը պայմանավորված է լրագրողների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ցանկությամբ, նա զարմացած պատասխանեց. «Բայց ես լրագրողների հետ ե՞րբ եմ վատ եղել, որ…»:

Երբ լրագրողները Սամվել Ալեքսանյանին սկսեցին հարցեր տալ ամենատարբեր թեմաների` Ծածկած շուկայից մինչև իր քրոջ որդի Արթուրին պատգամավոր դարձնելու մասին, նա նեղսրտած ասաց. «Այ ախպեր, հելնեմ, գնամ, իզուր էլ էկա…»:

Լրագրողներն էլ հարցրեցին, թե էդ դեպքում ինչու է եկել, որ հարցերին չպիտի պատասխանի. «Հերիք չի՞, որ եկել, ձեր կողքը նստել եմ…»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, փորձեցինք հետաքրքրվել, թե ճի՞շտ է, որ «Դալմա գարդեն մոլում» Երևան սիթի է բացվելու` Կարֆուրի փոխարեն: Գործարար պատգամավորը զարմացավ. «Ինձ խի՞ես հարցնում, ես դրա հետ կապ չունեմ, ես բիզնեսով չեմ զբաղվում: Շողիկին հարցրու` կնոջս»:

Չնայած բոլոր փորձերին` շրջանցել Ծածկած շուկային վերաբերող հարցերը, Սամվել Ալեքսանյանը մի պահ չդիմացավ ու ասաց. «Եդ շուկան, որ զուգարան չուներ, կռիսանոց էր, կռիշը չռում էր, խի՞ մի օր չէիք էթում էդ շուկայի դեմը կանգնում, շուկայից խոսում…»:

Երբ հակադարձեցինք` ասելով, որ դա նրան թույլ չի տալիս ապօրինի շինարարություն անել, նա թեման արագ փոխեց:

Ի վերջո հասկանալով, որ Սամվել Ալեքսանյանը մտադիր չէ պատասխանել որևէ լուրջ հարցի, հետաքրքրվեցինք, թե օրինակ, նա դպրոցական տարիներին ինչպիսի աշակերտ է եղել` խելո՞ք, թե չար. «Իմ դեմքից չի երևո՞ւմ, որ չար եմ եղել»,-ասաց նա` պատմելով Երևանի 112 դպրոցում իր կատարած «քաջագործություններից» մեկի մասին,-մի օր սաղ դասարանների զամոկները չոփ կոխեցի, որ դասարանները չբացվեն, դաս չանենք: Հաջորդ օրը մինչև մորս մի սումկա զամոկ առնել չտվեցին, դպրոց չթողեցին…»:

Ի դեպ նա ասաց, որ իր սովորելու տարիներին իրենց դպրոցի տնօրենը Գալուստ Սահակյանի աներն էր:

Մեր հարցին, թե արդյոք հիմա, երբ միլիոնատեր է դարձել, փոխհատուցում է դպրոցին իր պատճառած վնասները, նա ինքնագոհ պատասխանեց. «Հիմա դու զանգի մեր դպրոցի դիրեկտորին, ինքը թող ասի…»:

Այդ ընթացքում Սամվել Ալեքսանյանի բջջայինին զանգեցին, և պարզվեց, որ նրա հեռախոսը տասը տարվա Մոտորոլա է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է գործարար-պատգամավորն այդ հին հեռախոսն օգտագործում: «Պտի հնարավորություն ունենամ, որ փոխեմ, որ չունեմ, ո՞նց փոխեմ»,-ծիծաղելով պատասխանեց նա:

Սամվել Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ ամռանը հանգստանալու է Սևանում`  «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը չի ազդի մյուս աշխատավարձերի բարձրացման վրա

arm137164398173Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը` 94 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Օրենքով նախատեսվում է հուլիսի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը` 35 000-ի փոխարեն սահմանելով 45 000 դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարզաբանեց, որ այս բարձրացումը չի ազդելու մյուս աշխատավարձերի վրա, այլ միայն վերաբերում է մինչև 45 հազար դրամ ստացողների աշխատավարձերին:

Նախարարը, սակայն, հավաստիացրեց, որ աշխատավարձերի համակարգային բարձրացումներ տեղի կունենան 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

Խարդախությունների շղթայի միակ լուծումն այն է, որ նախագահը վերջապես որոշումներ կայացնի

Արամ  ՍարգսյանըՀՀԿ-ից Սուքիաս Ավետիսյանը և Դեմկուսից Արամ  Սարգսյանը այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսեցին «վարչապետի օֆշորային սկանդալի» մասին:

«Վարչապետը պետական այն անձն է, ում անվան ցանկացած շրջանառության պետք է հետևի առնվազն մեկ պատասխանատու: Այս կոնտեքստում ծիծաղելի է, որ նման սկանդալը պայթել է առանց վարչապետի իմացության: Ինչ վերաբերում է Կճոյանին, ես հրաժարվում եմ խոսել հոգևորականի մասին, որ հարցին, թե որտեղից է իրեն “Բենթլին”, պատասխանել է, թե իրեն նվիրել են: Վազգեն Առաջինի օրոք  չեմ պատկերացնում, թե  նման բան կարող էր լինել, որ հոգևոր սպասավորը իրեն թույլ տար  “Բենթլի” նվեր ստանալ: Իհարկե, հիանալի կլիներ, եթե մենք հնարավորություն ունենայինք չլսել նման խարդախությունների մասին, բայց, քանի որ դեպքերը արդեն փաստ են, միակ լուծումն այն է, որ նախագահը վերջապես որոշումներ կայացնի, ոչ թե Սուրիկ Խաչատրյանի դեպքի նման ամեն ինչ  հասնի այն աստիճանի, որ մարդը ինքը հրաժարական տա», – ասաց Արամ  Սարգսյանը:

ՀՀԿ-ի ներկայացուցիչը, բնականաբար, չհամաձայնեց սկանդալի նման քննարկման հետ.  «Նախ պետք է սպասենք պատկան մարմինների որոշումներին և միայն իրավական գնահատականից հետո քննարկենք հարցը», – կարծիք հայտնեց Սուքիաս Ավետիսյանը:

Անգամ եթե լրագրողը միջամտեց, պատգամավորին վայել չէ յուղ լցնել կրակի վրա

Արամ  ՍարգսյանըԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դեմկուսից Արամ  Սարգսյանը, անդրադառնալով Ազգային ժողովում լրագրող Գոհար Վեզիրյանի և պատգամավոր Վարդան Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Նախ, կարծում եմ, որ եթե պատգամավորները քննարկելու բան ունեին, պետք է առանձնանային և զրուցեին: Մյուս կողմից, իհարկե, լրագրողը պետք է չմիջամտեր: Սակայն անգամ եթե լրագրողը միջամտեց, պատգամավորին վայել չէ յուղ լցնել կրակի վրա: Գոնե այդ ժամանակ Մհեր Սեդրակյանը պետք է իր խոսակցությունը ընդհատեր և չխախտեր էթիկայի կանոնները»:

Ազգային ժողովն արտահերթ նիստում 3 նախագիծ ընդունեց

701420Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց  պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի կողմից ներկայացված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Այնուհետև պատգամավորներն ընդունեցին Կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 74 կողմ, 9 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

67 կողմ, 5 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային-մաքսային արտոնություններ տալու մասին» կառավարության ներկայացրած նախագիծը:

Գեներալ Մանվելի ցնցող ելույթն Աժ ամբիոնից

d6dd0__106838խորհրդարանում այսօր քննարկվում էր «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակներն են գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, ինչպես նաև ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Մինչ իր համահեղինակած օրինագիծը քվերակության դնելը, ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ Մանվել Գրիգորյանը` հիմնավորելով օրենքի ընդունման ահնրաժեշտությունը: Նրա խոսքով` խնդիրը զուտ բարոյական է: Ավելի պարզ ասած` այս օրինագծով ինքն իր դիրքից իջնում, հավասարվում է շարքային ազատամարտիկներին. «Ես չեմ ուզում որևէ մեկից բարձր լինեմ»,-հայտարարեց նա:

Նա վատ է զգում, որ այսօր շատ կռված տղերքի չեն ճանաչում, նրանց արածը չեն գնահատում, ինչն այս օրենքի շրջանակներում կլուծվի:

«Ինչքան կարենանք անենք ազատամարտիկների համար, քիչ ա, միլիարդ տարի էլ, էսօր աշխարհն ինչ անում ա` քիչ ա…»,-ասաց նա:

Այնուհետև Մանվել Գրիգորյանը, ոգևորվելով իր ելույթից, անցավ երկրի մյուս խնդիրներին` արտագաղթ, կարկուտ, ներքաղաքական վեճեր. «Էսօր մենք իրարից սկսել ենք նեղանալ, վիրավորվել, խնդիրը էն չի, որ մեկը նախագահ ա, մեկը վարչապետ, փոխվելու ա մի ամիս հետո…թշնամություն մի արեք, տղա, աղջիկ ունեք, էգուց իրար հետ պսակելու եք, բարեկամանալու եք…»:

Հովիկ Աբրահանյանն արձագանքեց Մանվել Գրիգորյանին. «Գեներալ, ասեցիք` մի ամիս հետո փոխվելու են, մարդկանց մոտ ուրախություն առաջացավ: Գոնե ասեք` ժամանակի ընթացքում են փոխվելու»:

Գեներալ Մանվելն իրեն չկորցրեց. «Ասում եմ` մի ամիս հետո, բայց ո˜ր տարվա, ո˜ր դարի….»: Նիստերի դահլիճը ծիծաղից պայթեց, ոմանք անգամ ծափահարեցին:

Ավելի ոգևորվելով` Մանվել Գրիգորյանն անցավ օրինագծի ինչ որ խնդրահարույց կետի` ասելով. «Հիմա մենք գրել, ձևակերպում ենք տվել, ախպեր ջան, ձեր դուրը չի գալիս, ասեք գրենք…»:

Հովիկ Աբրահամյանը ազդանշանով հիշեցրեց, որ ելույթի ժամանակը սպառվել է, սակայն Մանվել Գրիգորյանը շարունակում էր ոգեշունչ ճառ ասել հայրենասիրության ու կամավորների մասին: «Բոլորը կողմ են, մի համոզեք»,-փորձեց նրան այդկերպ ընդհատել Աժ նախագահը:

«Չէ, կողմ չեն,-շարունակեց Մանվել Գրիգորյանը,-Լսեք: Ես ուզում եմ իջնեմ, հավասարվեմ իմ ընկերներին: Եթե կարում ենք, մի լավ բան անենք, օգնենք իրանցը…»:

Հովիկ Աբրահամյանը հորդորեց չխախտել ԱԺ կանոնակարգ օրենքը` կրկին հիշեցնելով, որ ժամանակը սպառվել է, ինչից հետո գեներալ Մանվելն ի վերջո ավարտեց ելույթը և Հովիկ Աբրահամյանին ասաց. «Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, քու խաթր եմ գնում…»:

Դահլիճում կրկին ծիծաղի բարձրացավ:

Այնուհետև «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց` չնայած ընդդիմադիր պատգամավորներից շատերը հայտարարեցին, որ այն զուտ բարոյական հարթության մեջ է և որևէ նյութական աջակցություն չի ցուցաբերի ազատամարտիկներին:

Պատգամավորները օրինագծի միաձայն ընդունմանը ծափողջույններով արձագանքեցին, իսկ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց.«Այս քվեարկությունը ցույց տվեց, թե մենք որքան ենք հարգում մեր ազատամարտիկներին»։